29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 23-ի հանրահավաքի ժամանակ։
«Սիրելի հայրենակիցներ,
Թվում էր, թե Հայաստանի իշխանությունների անօրինակարգ, հանցավոր ու ավազակաբարո բնույթի մասին ասված է ամեն ինչ, և դժվար կամ գրեթե անհնար է դրան որևէ բան ավելացնել։ Սակայն մի ցնցող նորություն ցրում է այս տպավորությունը և հնարավորություն տալիս խնդիրը դիտարկել բոլորովին մի այլ տեսանկյունից, լիարժեք դարձնելով իրականության մինչ այժմ ձևավորված հասարակական ընկալումը։ Ես նկատի ունեմ Wikileaks-ի աղմկահարույց հրապարակումները, որոնցից պարզվում է, որ Հայաստանի իշխանական համակարգի էությունը մեզանից շատ ավելի լավ հայտնի է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այսինքն՝ Երևանում հավատարմագրված ամերիկյան դիվանագետների կանոնավոր, բարեխիղճ ու մանրակրկիտ զեկուցագրերի շնորհիվ ԱՄՆ կառավարությունը կատարելապես տեղյակ է եղել, որ.
1. 2008թ. նախագահական ընտրությունները ոչ միայն բացարձակապես չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, այլև ընդհակառակը, ուղեկցվել են լայնածավալ ընտրախախտումներով, լցոնումներով, ընտրակաշառքով, բռնություններով, վարչական ռեսուրսների օգտագործմամբ, քվեարկության մասնակիցների թվի ահռելի ուռճացմամբ, թեկնածուների համար անհավասար քարոզչական հնարավորությունների ստեղծմամբ, որոնք էականորեն ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Մասնավորապես, ամերիկյան դեսպանատան գնահատականներով՝ ես ստացել եմ ոչ թե 21.5, այլ 30–35 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ առաջին փուլում հաղթելու համար Սերժ Սարգսյանին չի բավարարել առնվազն 6–11 տոկոս ձայն, հետևաբար նա չի ընտրվել և օրինակարգ նախագահ չէ (Wikileaks. 08YEREVAN204)։
2. ԵԱՀԿ «Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի» (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին գնահատական է տվել ԵԱՀԿ և ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ճնշման տակ և ԵԱՀԿ անդամ որոշ երկրների միջև ձեռքբերված կոնսենսուսի արդյունքում։ Ըստ այդմ, ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը փաստորեն չի կատարել իր բուն պարտականությունը և, ընտրություններն անկախաբար գնահատելու փոխարեն, ենթարկվել է ԵԱՀԿ անդամ երկրների կառավարությունների կայացրած քաղաքական որոշմանը, ինչի հետևանքով էլ այդ առաքելության զեկույցում հայտնվել է «ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին» չարաբաստիկ ձևակերպումը՝ չարաբաստիկ այն իմաստով, որ այդ ձևակերպումն էր, որ Հայաստանի իշխանություններին հիմք տվեց բողոքի խաղաղ ցույցերը իշխանության յուրացման փորձ որակելու և մարտի 1-ի սպանդն արդարացնելու համար (Wikileaks. 08YEREVAN160, 197)։
3. 2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ որոշում կայացնելիս ակնհայտ ճնշման ու ապօրինի թելադրանքի է ենթարկվել նաև ՀՀ Սահմանադրական դատարանը, բայց այս անգամ արդեն ոչ թե արտաքին ուժերի, այլ Հայաստանի գործադիր իշխանության կողմից։ Ըստ ամերիկյան դիվանագետների հայթայթած տեղեկությունների և սեփական դիտարկումների՝ դատարանը հակված է եղել բավարարել ընտրությունների արդյունքների բողոքարկմանը վերաբերող իմ դիմումը, բայց իր անդամների նկատմամբ կիրառված ահաբեկումների պատճառով և անձամբ Ռոբերտ Քոչարյանի պահանջով հարկադրված է եղել կայացնել հակառակ որոշումը (Wikileaks. 08YEREVAN199, 226)։
4. Բացի նախագահական ընտրություններից, զանգվածաբար ու սիստեմատիկորեն կեղծվել են նաև Երևանի Կենտրոն համայնքի թաղապետի 2008թ. և Երևանի ավագանու 2009թ. ընտրությունները։ Ավագանու ընտրությունները, մասնավորաբար, ավանդական ընտրախախտումներին զուգահեռ, ուղեկցվել են ընտրական հանձնաժողովների անդամների, լրագրողների, վստահված անձանց ու դիտորդների նկատմամբ կիրառված աննախադեպ չափերի հասնող բռնություններով, և այդ ամենի արդյունքում Հանրապետական կուսակցության հավաքած ձայներն ապօրինաբար ավելացվել են շուրջ 15–25 տոկոսով (Wikileaks. 08YEREVAN794. 09YEREVAN372)։
5. Հայաստանում հաստատված իշխանական համակարգն իր բնույթով դասական ավազակապետություն (կլեպտոկրատիա) է, որի գլխին կանգնած են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Նրանցից յուրաքանչյուրն ստեղծել է քրեաօլիգարխիկ տարրերից կազմված իր սեփական բուրգը, ինչի շնորհիվ մի քանի տասնյակ ընտանիքներ տնօրինում են երկրի համարյա ողջ տնտեսական կարողությունները, դրանք անսահմանափակորեն ծառայեցնելով իրենց անձնական հարստացման գործին և տնտեսական ասպարեզից դուրս մղելով մրցակից տարրերին ու մանավանդ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարներին (Wikileaks. 09YEREVAN798)։
6. Իշխանությունների հետ լիակատար սերտաճման շնորհիվ օլիգարխիան ձեռք է բերել նաև հսկայական քաղաքական կշիռ, դառնալով ավազակապետության գլխավոր հենարաններից ու ընտրությունների կեղծման ամենահիմնական գործիքներից մեկը։ Օլիգարխների դերը մեծ է հատկապես Ազգային Ժողովում, որում նրանք ապօրինաբար տիրապետող դիրք են զբաղեցնում՝ ի վիճակի լինելով ազդել երկրի գերագույն օրենսդիր մարմնի կողմից ընդունված բոլոր օրենքների ու որոշումների վրա (Wikileaks. 08YEREVAN144, 864)։
7. Լիովին խախտված ու աղավաղված է դատական իշխանության անկախության սկզբունքը։ Ըստ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2009 և 2010 թվականների տարեկան զեկույցների, որոնք կազմված են Երևանի ամերիկյան դեսպանատնից ստացված տեղեկությունների հիման վրա, «Դատարանները շարունակում են ենթարկվել գործադիր իշխանության ճնշումներին։ …Կա ինքնապարտադրված ակնկալիք, որ դատարանները մեղավոր են ճանաչելու բոլորին, ում մեղադրանք է առաջադրված» կամ «Շատ դատավորներ վախենում են հաշվեհարդարից, եթե արդարացման վճիռ կայացնեն իշխանությունների համար կարևոր, զգայուն գործերով»։
8. Տեղեկատվության էլեկտրոնային միջոցները, այսինքն՝ ռադիո-հեռուստատեսության բոլոր կայանները գտնվում են գործադիր իշխանության լիակատար վերահսկողության տակ։ Այդ պատճառով ընդդիմությունը հարկադրված է իր քարոզչությունն իրականացնել միայն փոքր տպաքանակով հրատարակվող թերթերի, տեսասկավառակների և հանրահավաքների միջոցով, ինչը զգալիորեն սահմանափակում է նրա հնարավորությունները հասարակական կարծիքի ձևավորման և իշխանությունների քաղաքական որոշումների վրա որևէ կերպ ազդելու գործում (Wikileaks. 08YEREVAN240)։
9. Իշխանությունները ապօրինի խոչընդոտներ են ստեղծում անգամ ընդդիմության սահմանափակ քարոզչական հնարավորությունների իրականացման համար, անհիմն պատճառաբանություններով սիստեմատիկաբար մերժելով հանրահավաքների անցկացման վերաբերյալ ներկայացված դիմումները, հանրահավաքների օրերին ոստիկանական ուժերի միջոցով փակելով Երևան մտնող մայրուղիները (Wikileaks. 08YEREVAN204), ինչպես նաև հյուրանոցատերերին արգելելով քաղաքական միջոցառումների կամ նույնիսկ մամլո ասուլիսների համար դահլիճներ տրամադրել ընդդիմադիր կուսակցություններին և անկախ հասարակական կազմակերպություններին։ Ամերիկյան դիվանագիտական զեկուցագրերից մեկի համաձայն՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները տասնյակ անգամներ սպառնալիքներով արգելել են ընդդիմությանը դահլիճներ տրամադրել նույնիսկ «Արմենիա-Մարիոթ» և «Կոնգրես» հյուրանոցների օտարերկրացի տնօրեններին (Wikileaks. 08YEREVAN1034)։
10. 2008թ. նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ իրենց քաղաքական գործունեության համար ենթարկվել են քրեական հետապնդումների, և շինծու գործերով ու անհիմն մեղադրանքներով դատապարտվել տարբեր ժամկետների ազատազրկման։ Նրանց դատավարություններն ընթացել են օրենքի կոպտագույն խախտումներով, դատավորներն ակնհայտորեն կաշկանդված են եղել դատախազների կանխակալ դիրքորոշմամբ, որպես կանոն, անտեսելով պաշտպանական կողմի օրինական պահանջներն ու իրավական փաստարկները։ Դատավարությունների գլխավոր նպատակը եղել է ոչ թե արդարադատության կայացումը, այլ ընդդիմության կողմից իշխանության բռնի յուրացման վերաբերյալ պաշտոնական վարկածի հաստատումը (Wikileaks. 08YEREVAN473. 09YEREVAN26, 59)։
11. Նախորդ կետի լույսի ներքո խիստ հատկանշական է, որ թեև ԱՄՆ-ի ու Եվրոմիության երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչները Հայաստանի նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների գործերով ազատազրկված քաղաքացիներին երբևէ հրապարակորեն չտվեցին «քաղբանտարկյալ» որակումը, այդ բառը, սակայն, political prisoners (քաղաքական բանտարկյալներ) և political detainees (քաղաքական կալանավորներ) տարբերակներով, նշված անձանց վերաբերյալ, շուրջ վաթսուն անգամ գործածված է ամերիկյան դիվանագետների խնդրո առարկա զեկուցագրերում (Wikileaks. 08YEREVAN473, 490, 511, 515, 553, 564, 580, 745, 829, 844, 854, 862, 864, 906, 951, 979, 994, 1020. 09YEREVAN71, 137, 145, 201, 299, 441, 580)։ Այսինքն՝ թե՛ այդ դիվանագետները, թե՛ ԱՄՆ կառավարությունը, անկախ իրենց պաշտոնական հայտարարություններից, Հայաստանի ազատազրկված ընդդիմադիր գործիչներին անվերապահորեն «քաղբանտարկյալ» են համարել։ Ի դեպ, մի զեկուցագրից տեղեկանում ենք, որ ԱՄՆ դեսպանի հետ կայացած հանդիպումներից մեկի ժամանակ նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների գործերով ազատազրկված անձանց «քաղբանտարկյալ» է համարել նաև ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, որը նույնպես երբևէ այդ բառը հրապարակորեն չի արտասանել (Wikileaks. 08YEREVAN862)։
12. Նախագահական ընտրությունների ընթացքում և մանավանդ մարտի 1-ի սպանդից ու արտակարգ դրության հայտարարումից հետո զանգվածային քաղաքական հալածանքները, բացի ընդդիմադիր գործիչներից, տարածվել են նաև ընդդիմության համակիրների և անգամ հանրահավաքների սովորական մասնակիցների վրա։ Բազմաթիվ մարդիկ քաղաքական դրդապատճառներով հեռացվել են աշխատանքից՝ սկսած ինը դիվանագետներից ու գլխավոր դատախազի տեղակալից, ավարտած բուհերի դասախոսներով, ուսուցիչներով և բյուջետային հիմնարկների ու մասնավոր ընկերությունների շարքային աշխատակիցներով։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող տասնյակ գործարարներ ենթարկվել են հարկային կամայականությունների ու նույնիսկ քրեական հետապնդումների, որոնց հետևանքով նրանցից շատերը կրել են ծանր նյութական վնասներ կամ ընդհանրապես կորցրել իրենց բիզնեսը (Wikileaks. 08YEREVAN160, 249, 297, 369, 1018. 09YEREVAN69)։
* * *
Հաստատաբար, ձեզանից շատերի համար այս տեղեկություններն ու գնահատականները, բացառությամբ որոշ մանրամասների, առանձնակի նորություն չեն պարունակում, քանի որ Հայաստանի իրականության ամերիկյան պատկերացումը գրեթե լիովին համընկնում է Հայ Ազգային Կոնգրեսի պատկերացմանը, որը վաղուց ձեզ հայտնի է։ Վստահ կարող եք լինել, որ նույն բովանդակությունն ունեն նաև Եվրոմիության երկրների երևանյան դեսպանատներից ուղարկված գաղտնի զեկուցագրերը, ինչը նշանակում է, որ ողջ Արևմուտքը ամենայն մանրամասնությամբ տեղյակ է եղել մեր երկրի ներքին կյանքի բոլոր արատավոր երևույթներին՝ սկսած ընտրությունների սիստեմատիկ կեղծումից ու ահավոր չափերի հասնող կոռուպցիայից, ավարտած ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների համատարած ոտնահարմամբ։ Արևմուտքը քաջ տեղյակ է եղել մանավանդ, որ 2008թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը չի հաղթել և իշխանությունը զավթել է բռնությամբ, բայց դա իմանալով հանդերձ, որոշել է աչք փակել այդ հանգամանքի վրա և ամեն կերպ օրինականացնել ու ամրապնդել նրա իշխանությունը։ Այս դիրքորոշումը հստակորեն ձևակերպել է ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Դանիել Ֆրիդը, 2008թ. հոկտեմբերին Երևանում հայտարարելով հետևյալը. «Հայաստանին Սերժ Սարգսյանի պես նախագահ է պետք», ինչը թարգմանաբար նշանակում է, որ Արևմուտքին Հայաստանում Սերժ Սարգսյանի պես չընտրված, կոռումպացված և հանցագործ նախագահ է պետք։ Հարց է ծագում, թե ինչո՞ւ, Հայաստանի ու հայ ժողովրդի ո՞ր մեղքի համար։
Մի կողմ դնելով բարոյական կամ արժեքային ասպեկտները, կարծում եմ, այս հարցի պատասխանը պետք է փնտրել բացառապես ռեալ քաղաքականության ոլորտում։ Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի կառավարության համար Հայաստանին վերաբերող ամենագլխավոր, եթե ոչ միակ, խնդիրը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Այդ թեման կարմիր թելի պես անցնում է ինչպես Երևանի, այնպես էլ Անկարայի և Բաքվի ամերիկյան դեսպանատներից պետքարտուղարությանն ուղարկված բազմաթիվ զեկուցագրերով։ Ուստի ակնհայտ է դառնում, որ Ամերիկան Հայաստանում որևէ այլ ռազմավարական հետաքրքրություն չունի, բացի, թերևս, Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, որը, սակայն, նույնպես նրա կողմից հիմնականում արժևորվում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման դիտանկյունից։ Կարելի է, ըստ այդմ, վստահաբար պնդել, որ ԱՄՆ-ը և ընդհանրապես Արևմուտքը Հայաստանին վերաբերող որևէ այլ քաղաքական կնճռի լուծման ոլորտում այնքան ջանք ու եռանդ չեն ներդրել, որքան հայ–թուրքական հաշտեցման գործընթացում։
Նշելով այս ամենը, ես չեմ կասկածում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Եվրոմիության առաջատար երկրների հետապնդած նպատակի ազնվությանը և, ի տարբերություն շատերի, ամենևին հակված չեմ դրա ետևում դավադիր մտադրություններ, էգոիստական շահագրգռություններ կամ երկակի ստանդարտներ փնտրելու։ Որովհետև լիովին համոզված եմ, որ հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է ոչ միայն միջազգային անվտանգության ու համագործակցության, այլև, առաջին հերթին, տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների, այդ թվում առանձնապես Հայաստանի և հայ ժողովրդի շահերից։ Թեև ակնհայտ է, որ այդ հիմնական խնդիրների կարգավորմամբ Արևմուտքը միաժամանակ փորձում է լուծել նաև որոշ այլ հարցեր, ինչպես, օրինակ, Այսրկովկասում ռուսական և իրանական ազդեցության թուլացումը, Միջին Ասիայից դեպի ևրոպա էներգակիրների անխափան փոխադրման ապահովումը կամ թեկուզ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սփյուռքի ճնշման չեզոքացումը, սակայն միևնույն է, այդ նկատառումները որևէ չափով չեն կարող նսեմացնել հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը։
Հայաստանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Եվրոմիության երկրների վարած քաղաքականության սխալը, հետևաբար, ոչ թե նրանց հետապնդած նպատակի, այլ այդ նպատակին հասնելու ճանապարհի մեջ է։ Հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նրանք բացառիկ խաղադրույք են կատարել իրենց իսկ կողմից ոչ օրինակարգ, կոռումպացված և հանցագործ համարված Սերժ Սարգսյանի վրա, հաշվի չառնելով հասարակական կարծիքի կարևորությունը և այդ գերզգայուն խնդիրների լուծման գործում ժողովրդի բավարար աջակցության անհրաժեշտությունը։ Արևմտյան քարոզչությունը, գովեստներ ու հաճոյախոսություններ շռայլելով, ամեն ինչ արել է Սերժ Սարգսյանի հեղինակությունն ու դիրքերը թե՛ արտաքին աշխարհում, թե՛ երկրի ներսում ամրապնդելու համար, նրան ներկայացնելով որպես քաջ, նախաձեռնող ու լայնախոհ պետական այր։ Ավելին, քարոզչականից բացի, ամերիկյան կառավարությունն այդ ուղղությամբ կատարել է նաև գործնական քայլեր, ինչի մասին, մասնավորապես, վկայում է պետքարտուղարությունից ուղարկված մի ուշագրավ նամակ, որում Երևանի դեսպանատան աշխատակիցներին հանձնարարվում է տեղեկություններ հավաքել այն անհատների ու խմբերի մասին, որոնք քաղաքական վտանգ կարող են ներկայացնել Սերժ Սարգսյանի համար, ակներևաբար, այդ անհատների ու խմբերի վրա որևէ կերպ ազդելու կամ նրանցից սպասվող վտանգը չեզոքացնելու նպատակով (Wikileaks. 09STATE88237)։ Կարծում եմ, ավելորդ չէ նշել նաև, որ Արևմուտքը երբեք այդպիսի անվերապահ աջակցություն չէր ցուցաբերի Սերժ Սարգսյանի նկատմամբ, եթե չունենար հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում որոշակի զիջումների գնալու վերջինիս հավաստիացումները։
Ժողովրդավարության և մարդու իրավունքների հաշվին կայացած ցանկացած գործարք, եթե ոչ կարճաժամկետ, ապա երկարաժամկետ կտրվածքով, հաստատաբար դատապարտված է ձախողման։ ԱՄՆ-ի և Եվրոմիության կողմից Սերժ Սարգսյանի նկատմամբ ցուցաբերված անվերապահ ու անհաշվենկատ աջակցությունը ոչ թե հեշտացրել, այլ, ընդհակառակը, անհուսալիորեն բարդացրել է նրանց հետապնդած գլխավոր նպատակի իրականացումը, ինչի վկայությունն է թե՛ հայ–թուրքական հարաբերությունների, թե՛ Ղարաբաղյան կարգավորման գործընթացներում ներկայումս տիրող գրեթե փակուղային վիճակը։ Այդ աջակցությունը նաև, սխալ հասկացվելով Հայաստանի ավազակաբարո իշխանությունների կողմից, նրանց շատ ավելի սանձարձակ ու հակաժողովրդական է դարձրել՝ հաղթահարելու փոխարեն ավելի ևս խորացնելով ժողովրդավարության և օրինականության ճգնաժամը, ինչպես նաև բազմապատկելով ժողովրդի տառապանքները։
Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոմիության երկրները պետք է հասկանան վերջապես, որ թե՛ հայ–թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, և թե՛ Հայաստանի մնացյալ կենսական խնդիրների լուծումը՝ կոռուպցիայի հաղթահարումը, օրինականության վերականգնումը, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը և այլն, հնարավոր է միայն հիրավի ընտրյալ, օրինապահ և ժողովրդի լիակատար վստահությունը վայելող իշխանությունների ձևավորման պարագայում։ Պետք է հասկանան նաև, որ ժողովրդավարությունը, օրինականությունը և մարդու իրավունքները որևէ պատճառաբանությամբ չի կարելի ստորադասել թեկուզ ամենավեհ նպատակներին, թեև մենք չէ, իհարկե, որ նրանց պետք է քաղաքականություն սովորեցնենք ու բացատրենք իրենց ազգային շահերը, ինչը պարզապես ծիծաղելի կլինի։ Կարծում եմ, սակայն, որ մենք գոնե իրավունք ունենք ակնկալելու, որ Wikileaks-ի բացահայտումները նրանց վրա լուրջ բարոյական պարտավորություն են դնում այլևս Հայաստանի իշխանություններին թույլ չտալ ցինիկաբար սահմանափակելու ժողովրդավարական ազատությունները, ոտնահարելու մարդու իրավունքները, անպատիժ կերպով կողոպտելու ազգային հարստությունը, առավել ևս բռնություններ գործադրելու սեփական ժողովրդի նկատմամբ։
* * *
Անկախ Արևմուտքի վերաբերմունքից, հայ ժողովուրդը որևէ կերպ մտադիր չէ հաշտվել սեփական երկրում ոչ օրինակարգ, հանցագործ, անբարեկիրթ ու ամբարտավան իշխանություն ունենալու մտքի հետ։ Wikileaks-ի հրապարակումները նրան ավելի մեծ համոզվածություն ու վճռականություն են ներշնչում՝ ավազակապետությունը հնարավորինս արագ թոթափելու և երկրի սահմանադրական կարգը վերականգնելու հարցում։ Ամենայն պատասխանատվությամբ ղեկավարելով համաժողովրդական շարժումը, Հայ Ազգային Կոնգրեսը մինչ այժմ ձգտել է այդ նպատակին հասնել բացառապես խաղաղ, օրինական ճանապարհով, և երկխոսության մեջ մտնելով իշխանությունների հետ, փորձել է քաղաքական ճգնաժամը հաղթահարել քաղաքակիրթ միջոցներով։ Բայց «կիրթ» արմատից կազմված բառերը, կարծես թե, խորթ են հնչում իշխանությունների համար, և նրանք հասկանում են միայն ճնշումների լեզուն, ինչն, ի դեպ, նույնպես արձանագրված է ամերիկյան դիվանագետների զեկուցագրերում (Wikileaks. 09YEREVAN137)։ Հետևաբար, այսօրվանից մենք պետք է ավելացնենք մեր ճնշումները և առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաև զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպենք իշխանություններին՝ կատարելու մեր պահանջները, որոնք են.
1. Մինչև տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։
2. Ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի առաջարկները։
3. Առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008թ. մարտի 1-ի տասը սպանությունները և քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ։
4. Ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին և կարճել Կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը։
5. Վերացնել Երևան քաղաքում փողոցային առևտրի վրա դրված անօրինական արգելքը։
6. Չեղյալ հայտարարել Երևանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը։
7. Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը և արգելել Երևանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը։
8. Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների և լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան։
Հասկանալի է, որ առավել դժվարինը առաջին երկու պահանջների կատարումն է, ուստի հարկ ենք համարում հայտարարել, որ մենք մաքսիմալիստ չենք, և պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման։ Ինչպես նշել եմ իմ նախորդ ելույթում, սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու։ Այս պնդման հավաստիացումը դուք կստանաք հաջորդ հանրահավաքում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին։
Երեւանի Ազատության հրապարակում սկսվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Հանրահավաքում սպասվում է ՀԱԿ-ին մաս կազմող քաղաքական ուժերի ելույթները:
Ավանդույթի համաձայն հանրահավաքը վարում է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Անցած հանարահավքների ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարել են հանրահավաքային շարժման ակտիվացման մասին:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ շատ է հանդիպում քաղաքացիների հետ: «Նրանք վիրավորված են զգում իրենց` նվաստացած եւ անպաշտպան, որովհետեւ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց եւ իրենց հայրենիքի հետ: Ես նրանց ասում եմ` քաջալերվեք, որովհետեւ դուք եւ ձեր զավակներն ապրելու եք ազատ եւ անկախ Հայաստանում:
Մենք որոշել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրանց սպասարկու տգետ օլիգարխները ժողովրդից թալանածը մինչեւ վերջին կոպեկը վերադարձնելու են ժողովրդին, ինչ էլ լինի նրանց անունը` «Նեմեց», «ույղուր», թե «ալբանացի»:
Ռումինիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Բուխարեստի Հայոց կենտրոն: Կառավարության ղեկավարին դիմավորել են Ռումանահայոց թեմի առաջնորդ Տաթև վրդ. Հակոբյանը, Ռումանահայոց միության փոխնախագահ, Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, համայնքային հոգևոր և աշխարհիկ կառույցների այլ ղեկավարներ, գործարարներ, մտավորականներ, համայնքի անդամներ:
Ողջույնի խոսքերից հետո վարչապետը շրջել է կենտրոնում. եղել Սբ. Հրեշտակապետաց Հայոց Մայր եկեղեցում, Դուդյան Մշակույթի տանը, Հայոց թանգարանում: Նա այցելել է Ռոմանահայոց միության կառույցներ` «Արարատ» և «Նոր Կյանք» հանդեսներ, «Արարատ» հրատարակչություն, միօրյա դպրոց:որից հետո մշակույթի տանը վարչապետը ելույթ է ունեցել ներկաների առջև`շնորհավորելով նրանց Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ. «Անկախ պետականության կայացման մեջ իր նշանակալի ավանդն է ներդրել նաև Սփյուռքը»:
Անդրադառնալով անկախության 20-րդ տարդարձի խորհրդին՝Սարգսյանն ասել է. «20 տարի է, ինչ հայ ժողովուրդն ունի անկախ պետություն և ինքնուրույն է տնօրինում իր ներկան ու կերտում ապագան: Ասուհետև մենք ենք պատասխանատու մեր ազգի ճակատագրի համար, մեր գործողություններով, մեր որոշումներով, այլ ազգերի պես ունենք անկախ պետություն, որն այլ պետությունների հետ միասին համաշխարհային պատմության մեջ պետք է թողնի իր հետքը»:
Վարչապետը Ռումինիայում էր մեկնել Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի ընդլայնված նիստին և Եվրոպական գաղափարների ցանցի ամառային համալսարանի աշխատանքներին մասնակցելու համար:
Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և պաշտոնատար այլ անձինք:
Այսօր` սեպտեմբերի 23-ին ՀՖՖ-ում հրավիրված ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խնդիրը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելն է. «Հիմա մենք ունենք այնպիսի հավաքական, որը մտնում է խաղադաշտ միայն հաղթելու համար: Նրանք այն տղաներն են, որոնք մի րոպե գլուխ չեն պահում: Խաղում են իրենց ուժերի առավելագույն հնարավորություններով: Խնդիր է դրված առաջիկա երկու խաղերում հաղթանակ տանել: Իմ երազանքն է հավաքականին տեսնել Ուկրաինայում եւ Լեհաստանում: Անելու ենք ամեն ինչ, որ ունենանք հաջողություն: Բայց ֆուտբոլը խաղ է, կարող է ինչ-որ բան եւ չստացվի»:
Հաղթանակների համար հավաքականի ֆուտբոլիստներին պարգևատրելու մասին խոսելիս Հայրապետյանը նշեց, որ մեր տղաներին պարգևատրումները չեն հետաքրքրում.« Այս տղաները խաղում են երկրպագուների և երկրի համար: Այս ֆուտբոլիստները ծնվել եւ մեծացել են ակախ պետությունում, նոր մտածելակերպով տաղանդավոր երիտասարդներ են: Մեր հավաքականը առաջիկա վեց տարիներին կայուն ֆուտբոլ կխաղա: Պետքէ պահել հաղթողի հոգեբանությունը: Իհարկե հաճելի է երբ գնահատվում ես: Ես ասել եմ, որ ստանալու են իրենց արժանի պարգեւը: Իմ կարծիքով, ամենամեծ պարգեւը ժողովրդի գնահատականն է»,-ավելացրեց Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահը նախկինում հայտարարել էր, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար դուրս գալու դեպքում հավաքականը կստանա երեք միլիոն եվրո պարգևավճար: Գումարի աղբյուրի վերաբերյալ Հայրապետյանը նշեց. «Մենք ունենք հայրենասերներ ու ֆուտբոլասերներ, որոնք զանգում են և ասում են, որ պատրաստ են պարգևատրել»:
Բացի ֆուտբոլային թեմայից` ասուլիսի ժամանակ Հայրապետյանն անդրադարձավ վերջերս մամուլում հրապարակված նյութերին, թե իբր ինքն զբաղվում է թմրաբիզնեսով ու զենքի վաճառքով. «Զենքի վաճառքով զբաղվել են Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա ոհմակը։ Բոլորդ էլ գիտեք, և միջազգային կազմակերպություններն էլ ասացին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանը նարկոթրաֆիքինգի տեղ էր դարձել։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էր, որ մեր ազգի մեծ մասը գնաց և մարմնավաճառությամբ զբաղվեց։ Այդ ո՞նց եղավ, որ դա բոլորդ մոռացաք, բոլորիդ հիշողությունը խամրեց, և վերցրիք ու որոշեցիք, որ այդ բանով մե՞նք ենք զբաղվում։ Ինչո՞ւ եք այդքան շուտ մոռանում: Բոլորդ գիտեք՝ ովքեր են զբաղվել զինամթերքով. Լևոն Տեր-Պետրոսյանը և իր ոհմակը: Գնացեք Ավան, հարցրեք, թե ոնց եմ վարվում թմրադեղերով զբաղվողների հետ»: Եվ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նորից գա իշխանության, ապա ինքը ներողություն կխնդրի ֆուտբոլային հասարակությունից, հրաժարական կտա ու կհեռանա:Եվ իր շնորհակալություն հայտնեց Ս.Սարգսյանին, որ իրեն փրկեց Տեր-Պետրոսյանի ճիրաններից. «Ես երբեք չեմ մոռանա, թե ոնց ինձ Լևոն Տեր-Պետրոսյանի ճիրաններից փրկեց Սերժ Սարգսյանը: Բա ես էդ բանը ո՞նց կմոռանամ, բա ես կարա՞մ ուրանամ Սերժ Սարգսյանի արածը»:
Իսկ ահա լրագրողների այն հարցին` արդյոք նա կմասնակցի 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, Հայրապետյանն պարզապես պատասխանեց. «Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ պատգամավորական աթոռն իմ տեղը չէ։ Ես պատրաստվում եմ հեռանալ քաղաքականությունից եւ կենտրոնանալ իմ բիզնեսի ու ֆուտբոլի վրա»: Հավելենք, որ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր է։ Նա մեծամասնական կարգով պատգամավոր է ընտրվել երկու անգամ՝ 2003 եւ 2007 թվականներին։
Սեպտեմբերի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին:
ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ Օհանյանը իր գոհունակությունն է հայտնել Բռունո Պաուլուսին պաշտոնավարման ընթացքում հայ-գերմանական հարաբերություններում ունեցած մեծ ավանդի համար` նրան պարգևատրելով «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Բռունո Պաուլուսի պաշտոնավարման ժամանակը ավարտել է և այսօր, ռազմական կցորդի նոր պաշտոնում նշանակվեց գնդապետ Յոախիմ Յոզեֆ Վիլհելմ Բռունսը:
Այս կապակցությամբ նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-գերմանական ռազմական համագործակցությունն առավել կընդլայնվի եւ կամրապնդվի: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-գերմանական ռազմական համագործակցությունը տարեցտարի զարգանում է` ընդգրկելով նոր ոլորտներ:
Այսօր` Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը մամուլի ասուլիս էր հրավիրել տեղեկացնելու, որ «Կինոաշուն-2011»-ի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, ուսանողական հաստատություններում, սահմանամերձ շրջաններում, Երեւանի բոլոր համայնքներում, կինոդահլիճներում ու զբոսայգիներում ցուցադրվելու են հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ մանկական մի քանի հարյուր ֆիլմեր:
Նա ասաց որ «Կինոաշուն-2011»-ն այս տարի կներառի նաև մարզերը:
«Կինոաշուն-2011»-ի բացումը տեղի կունենա Սյունիքի մարզի Գորիս քաղաքում` սեպտեմբերի 24-ին, իսկ փակումը` Երեւանում հոկտեմբերի 28-ին: Ըստ Գևորգյանի այսուհետ ամեն տարի ծրագիրը կմեկնարկի մարզերում եւ կեզրափակվի Երեւանում:
«Հիմնականում ընտրվել են անկախության շրջանում արտադրված ֆիլմերը, հարազատ դարձած հին եւ սիրված ֆիլմերը, ինչպես նաեւ պրեմիերաներ: Ցուցադրությունների ընթացքում տեղի կունենան հանդիպումներ ֆիլմերի ստեղծագործական խմբերի հետ, կհայտարարվի գրախոսականների մրցույթ, կլինեն 3 գրքերի շնորհանդեսներ», տեղեկացրեց Գևորգյանը:
Անկախության 20-ամյակի միջոցառումների ցանկում ընդգկված «Առողջ երևանցի» բժշկական ակցիայի շրջանակում երեկ Անգլիական այգում մի քանի ժամ շարունակ քաղաքացիները բժշկական անվճար խորհրդատվություն է տրվել:
Մայրաքաղաքի թվով երկուսուկես տասնյակ բուժ հաստատություններ, որոնք գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամ, երևանցիներին և Անկախության 20-րդ տարեդաձի առթիվ մայրաքաղաք ժամանած մարզերի բնակիչներին տրամադրում էին բժշկական անվճար խորհրդատվություն: Այգում կողք կողքի տեղադրված տաղավարներում ամենաբազմազան մասնագիտացված խմբեր են. մանկաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, սրտաբան, ակնաբույժ և այլն:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի խոսքով, Հայաստանի անկախության 20 և Երևանի ծննդյան 2793 ամյակը ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք մեր քաղաքացիների շրջանում տարածենք առողջության նկատմամբ հետևողական լինելու անհրաժեշտությունը: Ըստ Արմեն Ուլիխանյանի, բժիշկներին դիմող քաղաքացիների հոսքը նախորդ տարվա համեմատ բավականին ավելացել է, այնուամենայնից բժիշկները բարյացկամ սպասարկում են բոլորին:
Նոր սերնդի համար անկախությունն իրոք տոն էր : Եռագույնով ներկված դեմքեր, փուչիկներով ու մազերին կապված ժապավեններով Երևանի փողոցներով շրջող պատանիներ, ովքեր չգիտես գիտակցաբար, թե ակամայից գոռում էին`Հայաստանը ես եմ:
Սակայն ինչպես շատ ու շատ հարցերում , այնպես էլ անկախության բերած լավ ու վատի մասին յուրաքանչյուրն ուներ իր կարծիքն ու նույնիսկ համոզմունքները. մեկն ուրախ էր, մեկը դժգոհ դեմքով, բայց ինչպես քաղաքացիներից մեկը նշեց «ինչ էլ լինի`լավ թե վատ, մեկ է, մեր ազգը մի բան կգտնի դժգոհելու համար»:
Արդյոք տո՞ն է մեր համաքաղաքացիների հոգում. 53 ամյա մեխանիկ Սամվելը դասական կարծիքի էր .«Դե, ընդհանուր առմամբ տոն է, ուրախ ենք, որ անկախացանք, որ էսպես բաներ են կազմակերպում, մարդիկ ուրախանում են, բայց վաղը էլի նույն տխուր ու մտահոգ դեմքերն են լինելու: Ժողովուրդն էնքան դարդ ու ցավ ունի, որ չի էլ հիշի, որ էսօր անկախության օրն ա եղել: Էս պետք էր մեր ժողովրդին, չենք դժգոհում, որ հանրաքվեով որոշվեց էս հարցը, մենակ մի քիչ մտածեն ժողորդի մասին, գործի տեղ լինի ու ազատ թողեն մարդ իրա գործն սկսի, ոչ թե տան գլխներին ու նստացնեն իրենց տեղը, որ էսքան բան լինի, էլ չենք դժգոհի»:
17-ամյա Նարեկի համար շատ լավ է, որ ինքն ու իր հասակակից ընկերները անկախության սերունդ են կոչվում, հպարտ են, որ ծնվել են արդեն ազատ Հայաստանում, ու ամեն ինչ պիտի անեն , որ թուրքը անկախությունը չխլի. «Հայրենասեր պիտի լինենք ու կարգին նայենք մեր երկրին: Հիմա էլ գնում ենք լավ քեֆ անելու, կարգին կտոնենք մեր պետության ծնունդը»,- ոգևորվեց նա:
Մի կին, որ բավական ներկայանալի տեսք ուներ, ներկայացավ որպես տնտեսագետ և նշեց, որ հրաշալի է այսօրվա խորհուրդը. «Մի նայեք ձեր շուրջը, հրաշք, ուր էր մեզ խորհրդային ժամանակներում այսքան ազատություն, բայց դուք տեսեք, թե երեխաներն ի~նչ ուրախ են: Շատ լավ է, երբ ապրում ես ազատ, բայց դեռ երիտասարդ տարիքում գտնվող երկրում: Ծաղկուն շրջան ապրող մեր երիտասարդ Հայաստանից շատ սպասելիքներ պիտի ունենանք, նրա առաջ նաև պիտի դնենք որոշակի պահանջներ: Մի խոսքով շատ ուրախ եմ, որ տեսա էս ամենը»:
Իսկ ահա մի թոշակառու 73ամյա տատիկ, չարացած չէր, բայց և բողոքավոր էր. «Այ բալամ, ի՞նչ անկախություն, ի՞նչ բան, թող էթամ գործիս: Էս է անկախությունը, առավոտ գայիք տենայիք իրար ոնց էին ուտում միլիցեքը, դրանց թողես մենակ փետերն առնեն ձեռներին ու ընկնեն ժողովրդի մեջ: Բան չունեմ ասելու, որ առանձնացանք, բայց Սովետի ժամանակ ուրիշ էր. անշառ ապրում էինք, սրան նրան չէինք նայում, գործ ունեինք, ոչ թե հիմիկվա նման անգործությունից բամբասում: Թող սենց ճոխ չնշեին , էդ փողերը բաժանեին թոշակառուներին, աղքատներին, լիքը սոված երեխեք կան, դրանց տային: Թող իրեքն (ի նկատի ուներ երեք նախագահներին) էլ թասիբ ունենային, գային ու իրանց էս պատվանդանից պատասխան տային, թե ինչի մեզ էս օրվան հասցրին: Հա տոն ա, երեխեքն են ուրախ, տես ինչ ներկված հելել են փողոց, Աստված տա սենց ուրախ էլ լինեն»:
Աննա Ալեքսանյան
Անկախության քսանամյակին
Ճիշտն ասած, ես չէի ուզում ելույթներ ունենալ, որովհետեւ նախ ես չորս տարի է՝ ելույթներ եմ ունենում, եւ երկրորդ՝ ես չեմ սիրում հանդիսավոր արարողություններ, այն էլ այս հանդիսատեսի առջեւ, որովհետեւ դուք այն մարդիկ չեք, որոնց պետք է բացատրել անկախության արժեքը: Այն մարդիկ, ում պետք է բացատրել անկախության արժեքը, իրենց ընդունելության վայրում են, նրանքառավոտյան գտնվում էին կենտրոնական հրապարակում:Մարդիկ, որոնք ոչ միայն կապ չեն ունեցել անկախության ձեռքբերման հետ, այլեւ նրանցից շատ-շատերը ամեն ինչով պայքարել են այդ անկախության դեմ, այսօր հեռուստատեսությունից, բեմերից այնպիսի ճառեր են ասում, կարծես իրենք են կերտել անկախությունը: Այդ մարդիկ պղծում են անկախություն հասկացությունը:
Մեր պատմության մեջ անկախություն վերականգնել հաջողվել է չորս անգամ: Անկախությունը հաջողվել է վերականգնել իններորդ դարում Բագրատունիներին, տասներորդ դարում՝ Ռուբինյաններին, 1918թ. Արարատյան Հայաստանի ժողովրդին, եւ չորրորդը՝ մենք ենք, դուք եք եւ հազար տարի հետո ասելու են, որ չորրորդ անկախությունը վերականգնել է այս սերունդը:
Անկախության վերականգնումից քսան տարի հետո մենք գրեթե կանգնած ենք նույն խնդրի առաջ, մենք այսօր պետք է վերանվաճենք մեր անկախությունը: Այսօրվա ղեկավարները հոգու խորքում իրենց անկախ չեն համարում, իրենց համարում են օտարների ճորտ: Եվ մինչեւ նրանցից Հայաստանը չազատվի, մենք անկախություն չենք ունենա: Ուստի ձեզ բախտ է վիճակվել կրկին վերանվաճել մեր անկախությունը»:
Առավոտյան ճանապարհվեցինք Արմավիր, հանդիպելու սպանված զինծառայող Վալերի Մուրադյանի մորը` Նանային։ Երթուղայինում հարցնում էինք այն դպրոցը, որի մոտ էր գտնվում Մուրադյանների տունը։ Երբ հեռախոսը տվեցինք վարորդին, որպեսզի Նանան բացատրի տան տեղը` նրա դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց. «Բա միանգամից ասեիք ուր եք գնում, էստեղ բոլորը գիտեն էդ պատմությունը, ջահել-ջիվան տարան կորցրին էրեխուն»…
Մեզ դիմավորեց փոքրիկ սևազգեստ մի կին` Նանան և ուղեկցեց տուն` որտեղ ամենուր Վալերիի շունչն էր…
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տեղեկանքից քաղվածք` «Զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին» .
«2010 թվականի մարտի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հայկազովի զորամասում մարզաձողից կախված վիճակում հայտնաբերվել է 3 ամսվա շարքային զինծառայող, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից բանակ զորակոչված Վալերի Մուրադյանի դին: Մարզաձողը, որից կախված է եղել Վ. Մուրադյանի դին, ունի 149 սմ բարձրություն, իսկ Վալերիի հասակը եղել է 180 սմ: Ըստ պաշտոնական վարկածի՝ զինծառայողը «ինքնասպան» է եղել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով»:
Ըստ նախաքննական մարմնի` վեճի շարժառիթը Nokia հեռախոսի արժեքի վճարման շուրջ անհամաձայնությունն է եղել: Վ.Մուրադյանին 4 հոգի սպառնացել են նվաստացնել, վարկաբեկել, սեռական բռնության ենթարկել, եթե 2000 դրամը չբերի: Հետո այդ 4 հոգին նրան իբր արդեն կախված վիճակում են գտել:
«Երեխուս մի բանով խեղդել են, հետո թոկը գցել վիզն ու կախել, ինչի՞ պիտի քիթը տուռնիկից կախվելուց ճզմվի, կարաք՞ ասեք, կամ` թևերի, վզի վրա որտեղի՞ց են կապտուկներ մատնահետքերի տեսքով։ Վալերին փողի կարիք չի ունեցել, մոտը միշտ էլ փող եղել ա, հնարավոր չի էդ 2000 դրամի պատմություն եղած լինի։ Նույնիսկ դատաբժշկական եզրակացության մեջ էդ ամենը նշված չի եղել, հենց ամենասկզբից էլ ուզել են կոծկել», — ծնկներին խփելով, լացակումած պատմում է Նանան` ավելացնելով, որ Ս. Օհանյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ, նախարարն ասել է, որ զորամասից այնպիսի լավ բնութագիր է ստացել Վալերիի մասին, որ չի հավատում նրա «ինքնասպանությանը»:
«Մեր տունը չի, վարձով ենք մնում, — ասես արդարանալով ասաց Նանան, — քանի երեխեքը փոքր էին` գյուղում էինք ապրում, հետո մեծացան` ուսումի հարց առաջացավ ու տեղափոխվեցինք Հոկտեմբերյան։ Ձմեռը ջրերը սառել էին, տրուբեքը ճաքել են, ամուսինս էլ ոչ հավես ունի, ոչ սիրտ որ սարքի, մենք բոլորս խելագարված ենք, էն ա` որ իրար համար ապրում ենք, ու մեկ էլ` հույսով, որ իմ երեխուս սպանողներին գտնեն ու պատժեն»։
Անժելան` Վալերիի քույրը, սովորում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում` վճարովի։ Իր «օդնո»-յի նկարը մարտի 14-ից իր ու եղբոր նկարն է դրել, ասում է.
«Մեր կյանքն ու ուրախությունը եղբայրս էր։ Վալերին շատ ուրախ տղա էր` ընկերասեր, վերջին շապիկը կտար ընկերոջը, ընկերներն էլ սիրում էին մեր տուն գալ` տորթ էի թխում, գալիս ուտում էին, ասում—խոսում… Հետո տարան բանակ։ Ուզում էինք միջամտենք, որ մոտիկ տեղ գցեն, էն էլ ինքը չթողեց, ասում էր` «Կփախնեմ, կգնամ Ղարաբաղ»։ Գնացել էինք «պրիսյագին», լավ տեսանք Վալերիին, հենա` նկարներում երևում ա, ինչ երջանիկ ենք բոլորս։ Ո՞վ իմանար, որ սենց բան կանեն եղբորս հետ։ Բա մաման, տեսել ե՞ք ինչքան ա մաման փոխվել, էն մաման էլ չկա…»
Նայում ենք ընտանեկան ալբոմը, հատ-հատ ընտրված ու մեծացված հաջող նկարները, որտեղից ժպտում են սովորական հայկական ընտանիքի անդամները` թող, որ գոյատևելու ողջ դժվարությունը ուսերին են տանում, թող` ուր ինչ պետք ա` կտան, բայց երջանիկ` իրարով, իրար լավով` միասին։ Նանան այդ նկարներում նման է ջահել անհոգ աղջկա, բոլորովին չես ասի, որ այդ խնամված, տարիքից բավականին երիտասարդ թվացող կինը` կամակոր խոպոպներն աչքերին, որ ասես իր երեխաների ընկերուհին լինի, այս նույն բաց ճակատով սևազգեստ սգացող կինն է, որ չնայած իր դարդին, իր մեծ դժբախտությանը, այդքան ուժ ու եռանդ ունի պայքարելու, այնքանով, որ արդարացի է նրա պահանջը` սպանված որդու մեղավորներին գտնել ու պատժել…
Վալերին զորամասի հրամանատարության կողմից Հատուկ շնորհակալություն է ստացել լավ ծառայության համար, նաև ստացել է երկու շնորհակալագիր այդ կարճ ժամանակահատվածում` այսինքն` Վալերի Մուրադյանը «պորճ» չի եղել, բայց ոչ էլ «դոդիկ» ա եղել, նրան սիրել ու հարգել են զորամասում։ Մորը երբեք չի բողոքել ծառայությունից, հակառակը` մտադրություն է ունեցել պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո մնալ բանակում։
«Հեռախոսով որ խոսում էինք`չէր բողոքում, ասում էր ամեն ինչ լավ ա մամ ջան, դե ես էլ հարմար տարիֆ էի ընտրել, որ հետը էժան խոսամ, ու խոսում էինք. ինձ թվում էր` ես ամեն ինչից տեղյակ եմ, երեխես լավ ա… Մենակ էդ դեպքից մի չորս օր առաջ Վալերս ասեց. «Մամ, վաշտում սալյարկա էին գողանում, ես պատահաբար տեսա, ու որ տեսա ասեցին ձեն չհանես քեզ էլ փող կտանք »: Հարցրեցի` տղա ջան, հո անտերություն չի, օֆիցեր չկա՞: Ասեց «Մամա, հենց օֆիցերն ա գալիս մեքենան հետևանց կանգնեցնում, տղերքը լցնում են»: Ասեցի գնա տղերքին ասա` ոչ տեսել ես, ոչ լսել ես», — պատմում է Նանան։
Վալերիին ծնողներին են հանձնել մերկ վիճակով: 4 ամիս անց`բազմաթիվ բողոքներից հետո, երբ գործը տեղափոխեցին Երևան և շորերը ուղարկվեցին փորձաքննության, պարզ դարձավ, որ շորերը ամբողջությամբ բորբոսնած վիճակում էին։ Մայրը պնդում է, որ դա Վալերիինը չէր կարող լինել, նրա շորերը երևի այնպիսի վիճակում են եղել, որ ստիպված են եղել էդ կեղտոտ շորերը «սաղացնել»…
Հազիվ են թաղել Վալերիին, հարազատների ու համագյուղացիների բողոքն այնքան մեծ է եղել, որ սկզբում չէին թողնում իրենց որդու անկենդան մարմինը դիահերձարանից տուն բերեն: Գյուղացիներն ասում էին, որ դիակը կտանեն հրապարակ ու էնքան կնստեն, մինչև մեղավորներին բերեն ու պատժեն:
Բայց «Զինվոր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ում զոհվածների հարազատներից շատերը համարում են «ծախված», ծնողներին համոզել է հրաժարվել այդ մտքից և հուղարկավորությունը կատարել, նաև երդում է տվել, որ մեղավորները կպատժվեն. «Ես ի՞նչ իմանայի նա ով ա, հետո իմացա։ Ձեռքն էլ դրեց էրեխուս վրա, ասեց` երդվում եմ իմ սև շորերով ու, իմ էրեխուս շիրիմով», — պատմում է մայրը:
«Երեխուս սպանել են, որ իրանց գողությունը չբացահայտվի, ես էդքան բան գիտեմ։ Եթե էդպես չի` ուրեմն պետք ա բացահայտեն, այնինչ ամեն կերպ փորձում են կոծկել։ Երբ ես մասնակցում եմ բողոք-ակցիաներին, ես տեսնում եմ ծնողների, ովքեր տարիներով չեն կարողանում հասնել արդարության, ինձ էլ ա՞ նույնը սպասվում, ինչքա՞ն պիտի մենք լռենք, ինչքա՞ն պիտի մեր երեխեքին տանեն գլուխներն ուտեն…Հիմա ես էլ տղա չունեմ, ոչ էլ կարամ ունենամ, ուրեմն վերջ` էս մի ճրագը մարեց, — ասում է Նանան, — Էրեխես դոշ տված ուզում էր զինվոր լինել, հայրենիքին ծառայել, բայց հայրենիքն իմ անմեղ տղու գլուխը կերավ ու իրա համար ոչ մի բան չի ուզում անել:18 տարի պահել եմ, որ տանեն գլուխն ուտե՞ն: Մեր ցեղը շարունակող միակ արու զավակին տարան սպանեցին, մեր կյանքն էլ պրծած ա»։
Անցյալ տարի Սեյրան Օհանյանը ընդունել է Նանային, ու խոստացել պատժել մեղավորներին, նույնիսկ ժամկետն է նշել` մինչև սեպտեմբերի վերջը` անցյալ սեպտեմբերի։
Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ու այսօր` դեպքից մեկ տարի յոթ ամիս ու յոթ օր անց` մեր երկրի Անկախության 20-րդ տարեդարձի օրը, անկախություն, որ Վալերիի տարիքին է, Վալերիի գործով մեղադրյալներ չկան։ Զինվորական զորամասում, բոլորի աչքի առաջ մարդը «կախվել» է, ու ոչ ոք ոչինչ չի տեսել։ Միայն այն, որ երիտասարդի վրայի հագուստը իրենը չի եղել և պարանոցի վրայի 2 պարանների հետքերը, արդեն իսկ արտառոց է և խոսում է զեղծարարության մասին, ու արդեն` սպանությունը կոծկելու ու որպես ինքասպանություն հրամցնելու սցենարով։ Հետագայում ձերբակալել են Արմեն Գրիգորյանին` սպային, ով ընդունել է, որ ապտակել է Վալերիին, ապա` համաներումով բաց է թողնվել, քանի որ ունի մինչև երեք տարեկան երեխա։
Զինդատախազ Գևորգ Կոստանյանը Նանային ասել է. «Տիկին Նանա, եթե երեք տարեկանից մեկ օր էլ անցած լիներ` բաց չէինք թողնելու, հավատացած եղեք», բայց Նանան չի հավատում. «Մեզ 8-րդ օրն են տեղ հասցրել համաներման մասին դատարանի որոշումը, այնինչ` բողոքարկել կարող էինք 7 օրվա ընթացքում, ու մենք չենք կարողացել բողոքարկել։ Հիմա պետք է գործն ունենանք, որ տեսնենք ինչ ենք անում»,— ասում է նա։
Վալերիի հոր ընկերը, ում որդին նույն զորմասում Վալերի Մուրադյանի հետ էր ծառայել, ու հաստատ տեղյակ է եղել անցուդարձից, զորացրվելուց հետո հանել է տղային երկրից… Ինչո՞ւ…
Նանան ասում է, որ անցյալ չորեքշաբթի` Կոնգրես հյուրանոցում կլոր սեղանի շուրջ տեղի ունեցած քննարկումներից հետո, ռազմական ոստիկանությունից զանգել և իրենց մոտ էին հրավիրել սպանված զինվորների ծնողներին: Նրանց նպատակը ոչ թե գործերից խոսելն էր, այլ Կառավարության շենքի դիմացից բողոքողներին ցրելը` «որ մազոլ չանեն աչքները»։
«Մեզ ասում էին` «Ինչի՞ եք կանգնում էդտեղ, ինչի՞ եք հասել ձեր կանգնելով, եկեք նորմալ համագործակցենք»։ Մենք էլ ասեցինք, որ մենք շարունակելու ենք կանգնել, մինչև հարցը չլուծվի, իսկ համագործակցել` խնդրեմ, հինգշաբթի, մեր բողոքի ակցիայից հետո։ Կլոր սեղանի ժամանակ նոր պետի տեղակալ` Ղազարյանը, իբրև տեղյակ չի գործերից, ստիպեց զինվորների ծնողներին պատմել: Ինչի՞, Մանուկյան Աշոտը չի պատմե՞լ, որ մենք պիտի պատմենք, ինչքա՞ն կարելի ա ձեռ առնել մարդկանց, հո էշ չենք, մեկը մեկի վրա ա գցում, հինը գնում ա` նորը գալիս, ու ամեն ինչ նորից ա սկսվում` նորից խոստումներ են տալիս, ու նորից` չեն կատարում։ Մենք ըսկի չէինք էլ հավատում, որ մի բան կփոխվի, նորից նույն հեքիաթներն էինք լսելու, գիտեինք, ուղղակի գնացինք, որ չասեն` չեք ուզում։
Սեյրան Օհանյանը մեր երեսով էր տալիս իր տրամադրած երթուղայինը, որով մենք` սպանված զինվորների ծնողներս,Արտակ Նազարյանի գործով Շամշադին դատի էինք գնացել, էլ չի ասում, թե` «գազել» են տալիս` գնում հասնում ենք Բերդ ընդեղ ենք իմանում, որ դատախազը արձակուրդ ա, էդքան հարգանք չունեն, որ էդ աստիճանի չարհամարհեն, տեղյակ պահեն, որ չգնանք հասնենք, քիչ ա Երևան չեն տեղափոխում, հետն էլ ձեռ են առնո՞ւմ մեզ, իբր` նոր ցուցմունքներ են հավաքում, նոր բաներ են պարզում, որ ի վերջո բերեն հասցնեն իրանց պաշտոնական` «ինքնասպանության» վարկածին»։
Մեկ տարի յոթ ամիս, յոթ օր է` Նանայի տան ճրագը մարել է։ Մեկ տարի յոթ ամիս, յոթ օր է` Նանան դադար չունի։ Մեկ տարի յոթ ամիս, յոթ օր է` Նանան պայքարում է։ Ու նորից զարմանում եմ` որտեղի՞ց այդքան ուժ։ Ինչո՞ւ պայքարել, եթե ամեն ինչ խոսում է այն մասին, որ անուժ ես քո երկրում, որ քո երեխան` պահած, պաշտած, էլ չկա` սպանել են, ու սպանել են քիչ է, դեռ ասում են` ինքնասպանվել է։ Խելագարվել կարելի է… Այս փոքրիկ կինն ասում է` «Եթե տանը նստեմ` աղջիկս ինձ նայելով կգժվի, սենց` գնում եմ, դեռ հույս ունեմ, որ մեղավորները կպատժվեն։ Բայց դե դատախազ Հարություն Հարությունյանը, երբ ես հերթական անգամ կասկած հայտնեցի գործի «սարքելու» մասին, ինձ սպառնաց, թե` մի հատ էլ երեխա ունես, տես հա, նրա մասին մտածի… Ես չեմ վախենում, ես պիտի պայքարեմ, պիտի հասնեմ արդարության, որ էլ ոչ մի մայր իմ օրը չընկնի…»
Ֆոտոպատմությունը` Սվետլանա Աnտոյանի(Ocean)
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.