23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Զինծառայող Մհեր Խլղաթյանի ծեծի գործով նշանակված ծառայողական քննությունը ավարտվել է։ Ըստ մեր տեղեկությունների, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով քննության արդյունքներով նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, խիստ նկատողություն՝ զորամասի մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալին։
ՀՀ պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով էլ պաշտոնից ազատվել է զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը, ով, ի դեպ, սույն գործով կալանավորված է և մեղադրվում է Մհեր Խլղաթյանին ծեծելու մեջ։
Հունվարի 20-ին հիվանդությունից մահացած Էդիկ Շահնազարյանի մահվան փաստով նշանակված ծառայողական քննությունը ևս ավարտվել է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալին։ Ըստ այդմ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով հայտարարվել է խիստ նկատողություն զորամասի շտաբի պետին, հրամանատարի սոցիալ-իրավական գծով օգնականին, գումարտակի հրամանատարին։ Մեր տեղեկությունների համաձայն՝ սույն գործով բուժծառայության պետի պաշտոնն իջեցվել է, իսկ զորամասին բուժկետի պետը ազատվել է պաշտոնից։
Կրկին հիվանդության պատճառով մահացած զինծառայող Հայկ Մակարյանի մահվան փաստով նշանակված ծառայողական քննության արդյունքներով էլ նկատողություն է հայտարարվել զորամասի բժշկական ծառայության պետին:
Հայկական ժամանակ
« Ձեր ունեցվածքը հանո՞ւմ եք Հայաստանից»՝ հարցրինք ԵԿՄ համագումարին մասնակցող ԵԿՄ վարչության «պատվավոր» անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին: «Սյունեցի մարդ ես, համոթ չի՞ տի հարցեր ես տալիս»: Բա դե մամուլը գրեց, սյունեցիք էլ ասում են` առանց կրակ ծուխ «չիլում». գրեցին, որ գնում եք Ֆրանսիա: «Ի՜, դե մի ապուշ մի բան ասել ա, դու էլ, սյունեցի լինելով հանդերձ, դա կրկնում ես, քեզ սազական ա՞. մարդիկ պտի սյունցոց ասածները կրկնեն, ոչ թե սյունեցիք՝ ուրիշների»:
Հրապարակ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Ավան և Դավթաշեն վարչական շրջանները:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Արաբկիր, իսկ երրորդը՝ Էրեբունի վարչական շրջանը: 2013թ. ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:
Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների կատարած աշխատանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհունակություն հայտնելով հետևողական աշխատանքի համար, այդուամենայնիվ հորդորել է չբավարարվել ձեռքբերածով՝ հատկապես հաշվի առնելով, որ անելիքներ դեռ շատ կան, և պետք է առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշներն էլ ավելի բարելավելու ուղղությամբ: Իսկ ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները։
«Մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով՝ մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք երևանցիներին»,– ասել է Տարոն Մարգարյանը:
«Մեր համաքաղաքացիների սպասելիքներն, անշուշտ, ավելի մեծ են, և մենք իրավունք չունենք նրանց հուսախաբ անելու: Իսկ համեմատաբար վատ ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին կհորդորեմ վերանայել իրենց աշխատակազմերի աշխատանքն ու խստորեն հետևել ըստ ոլորտների իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:
Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ վերոնշյալ գնահատումից բացի, վարչական շրջաններ կատարած պարբերական աշխատանքային այցերի շրջանակում է անձամբ հնարավորություն ունենում հենց տեղում տեսնելու և գնահատելու արվածն ու, ըստ այդմ, հանձնարարել է առավել հետևողական լինել տարեկան ծրագրերով նախանշված աշխատանքների սահմանված ժամանակացույցով և որակով կատարման ապահովմանը։
«Բազմիցս նշել եմ, որ մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների ամենաարդարացի գնահատականը մեր բնակիչներն են տալիս: Բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են, ու նաև նրանց աշխատանքով է պայմանավորված երևանցիների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Եվ ուրեմն եղեք հետևողական ու աշխատեք այնպես, որ մեր համաքաղաքացիները չդժգոհեն կատարված աշխատանքի արդյունքից», — շեշտել է Տարոն Մարգարյանը:
ԲՀԿ-կայծակ համագումարի նման կայծակ ռեժիմով է աշխատել ԲՀԿ նոր վարչության նիստը, որը տևել է մոտ կես ժամ: Մասնակցողները սպասել են «ա լա ՀՀԿ» ստեղծվելիք գործադիր մարմնի կազմի հրապարակմանը, սակայն Ծառուկյանն ասել է, որ նման մարմին չեն ստեղծելու` շուտ է, կանդրադառնան մի քանի ամսից:
Ըստ ԲՀԿ մեր զրուցակցի, համագումարը շատ ավելի հարցեր, քան պատասխաններ է ծնել. առաջվա պես չգիտեն իրենց անելիքը, իրենց տեղը: Տպավորություն է եղել, որ Ծառուկյանը չի ցանկանում լարել վիճակը, ասել է` տաք սենյակներում մի նստեք, գնացեք- հանդիպեք ժողովրդին, տեսեք, թե ինչ խնդիրներ ունեն՝ լուծենք, հեռուստաընկերությունն օգտագործեք, առաջիկայում կվերաբացենք Երևանում գործող մեր գրասենյակները:
Հրապարակ
Այս տարվա ընթացքում կառավարությունը նախատեսել է բավական ուշագրավ գնումներ անել. օրինակ՝ նրանք ծրագրել են գնել փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք, երկու հատ հեռուստացույց, սառնարան, 3 հատ սեդան թափքով մեքենա։ Կառավարությունը ծրագրել է գնել նաև 1,6 մլն. դրամ արժողությամբ կահույք, նաև՝ ղեկավարի բազկաթոռ՝ 10 հատ, փոքր բազմոց՝ 2 հատ, կահույքի լրակազմ։
Ի դեպ, գործադիրի ծախսերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավել արարողակարգային ծառայությունները. այս նպատակով նրանք ծրագրել են ծախսել 103 մլն 500 հազար դրամ կամ ավելի քան 250 հազար դոլար։
Այսքանի մեջ, թերևս, ամենաանհասկանալին փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք գնելու անհրաժեշտությունն է:
Ժողովուրդ
ԵԿՄ համագումարն այս անգամ առանձնացավ ոչ միայն Քոչարյանին ուղղված Սերժ Սարգսյանի պատասխաններով, այլև՝ որ առաջին անգամ համագումարին չէր մասնակցում Գրետա մայրիկը։ Ինչու՝ հարցրինք Արմեն Սարգսյանին։ Պարզվեց՝ Գրետա մայրիկը դեկտեմբերին վայր է ընկել, ջարդել ոտքը։
Համագումարի հաջորդ առանձնահատկությունն էլ այն էր, որ մի շարք կարկառուն ԲՀԿ-ականներ՝ Բազմասեր Առաքելյանը, Լյովա Խաչատրյանը, ԲՀԿ համագումարը թողել՝ եկել էին ԵԿՄ համագումարին մասնակցելու։ «Ստախանովյան» քայլերով համագումարին մասնակցելու եկող Էդուարդ Շարմազանովին այսինք՝ բա դու էլ նրանց փոխարեն գնայիր ԲՀԿ-ի համագումարին մասնակցելու։ «Ինչքան պետք է ԲՀԿ-ի տեղը նեղ ըլնի, որ ես գնայի»։
Այս համագումարում առաջին անգամ ֆուրշեթով ծանրաբեռնված սեղաններ հյուրասիրություն չկար, կռված տղերքը նախորդ տարիներին, մինչ դահլիճ մտնելը, մի հատ «բարով տեսանք» էին խմում, հետո էլ չէին ուզում դահլիճ մտնել, ուզում էին «շարունակել», կազմկոմիտեն չէր թողնում։ Այս անգամ «կոմիտեն» պատվիրակների հյուրասիրությունը կազմակերպել էր մարզերի ռեստորաններում, որ «տղերքը հանգիստ նստեն, սրտների ուզած չափ խմեն ու ուղիղ տուն գնան»։ Ինչ վերաբերում է ԵԿՄ վերնախավին, ապա Եռաբլուր այցելելուց հետո նրանք հավաքվել են «Իգդիրում», նշել համագումարի հաջող ավարտը:
Հրապարակ
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, անդրադառնալով ս. թ. փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ նախագահի ելույթին և արտահայտած դիրքորոշմանը, այն որակում է որպես բացահայտ ճնշում ՀՀ սահմանադրական դատարանի վրա:
Այն փաստը, որ նախագահի համար Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող օրենքը, որի որոշ հոդվածներ նույնիսկ կասեցված են, ընդամենը պարունակում է անհաջող ձևակերպումներ եվ դրանց փոփոխումը իմաստի փոփոխման չի բերելու, մենք գնահատում ենք որպես անարգանք Սահմանադրական դատարանի ինստիտուտի հանդեպ և ակնհայտ ճնշում Բարձրագույն դատարանի վրա:
Ժողովրդավար երկրներում երբեք չեն իրականացվում փոփոխություններ, այն էլ բարեփոխում անվան ներքո, որոնց դեմ է արտահայտվում բնակչության 80% -ը: Նախագահի խոսքից ակնհայտ է, որ մենք, փաստորեն, ժողովրդավար երկրում չենք ապրում:
ՀՀ կառավարությունն ու նախագահը, մեղմ ասած, արհամարհում են ժողովրդի մեծամասնության կարծիքն ու պարտադրում իշխող նեղ խմբակի որոշումները՝ մոռանալով, որ իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին: Կոչ ենք անում ՍԴ-ին չենթարկվել ճնշումներին և իր վերջնական ու պարտադրող որոշմամբ, անդավաճան մնալով իր կոչմանն ու առաքելությանը, վերահասատատել ժողովրդի իրական կամքը՝ ստիպելով կառավարությանը հարգել Սահմանադրությունը, ենթարկվել ժողովրդի կամքին ու չփորձել յուրացնել իշխանությունը:
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր ականատեսն եղանք Ս.Սարգսյանի հարց ու պատասխանին ԵԿՄ համագումարի ժամանակ։ 45 րոպեանոց այդ տեսանյութը տեղադրված էր կայքերից մեկում։ Չգիտեմ, բացի այդ ՀՀ Նախագահն այլ ելույթ ունեցել է,թե՝ ոչ։ Այնուամենայնիվ այս հարց ու պատասխանը հետաքրքիր էր։ Անկեղծ ասեմ, Ս.Սարգսյանը առաջին ատիճանի տրամաբանությամբ հստակ էր պատասխանում։ Բայց միայն առաջին աստիճանի տրամաբանությամբ, չարաշահելով թվերն ու փաստերը, կապակցելով մակերեսային, փաստերի առաջին կարգի առնչություննները։ Հաճախ նա, թվում էր, գետնին էր գամոււմ իր ընդդիմախոսներին։ Բայց այստեղ նա օգտագործում էր տիգրանսարգսյանական մի հնարք. նա փոքր-ինչ խեղաթյուրում էր այն, ինչ ասում են ընդդիմախոսները (մեջբերում անելով վերջիններիս կողմից չասված կամ էլ լավագույն դեպքում մի ծայրահեղականի կողմից ասված կարծիք) և հետո այդ չասված միտքը մի լավ քլնգում էր։ Մեծ հաշվով Նախագահը, չնայած առաջին հայացքից թվացող անկեղծությանը, խորամանկում էր։ Այն տեսանյութում, որ ես եմ դիտել, նրան 4 տնտեսական հարց են տվել։ Անդրադառնամ դրանց էպիզոդ առ էպիզոդ։
1.Հարց տրվեց 2013թ. խոստացած տնտեսական աճը (7%) չպահպանելու պատճառների, կենսամակարդակի մասին։ Նախագահի պատասխանն այսպիսին էր. այս տարվա (2013թ) երկրորդ կիսամյակին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը դանդաղել են։ Իբրև փաստ նա մեջբերեց ՌԴ տնտեսական աճի տեմպի դանդաղումը տարվա կտրվածքով (1.4%), երբ տարեսկզբին կանխատեսվում էր 4, ավելի ուշ 3.4% աճ։
Նշեց նաև, որ ԵՄ տնտեսական աճն էլ վատն էր տարեվերջին (0-ին մոտ)։ Եվ ասաց, որ մեր 3.5% աճ ը (ի դեպ, առաջին անգամ է, որ բարձրաստիճան պաշտոնյան փաստեց 3.5% թիվը, քանզի մինչ այդ այն հիշատակվել էր ՏԱՑ համար) այնքան էլ վատ չէ։ Ի՞նչ ենք սրան պարտավոր ասել։ Նախ, սա Տիգրան Սարգսյանի միտքն է, որ իբր թե համաշխարհային տնտեսության դանդաղեցման պատճառով մեր աճն էլ է դանդաղում։ Եվ սա սուտ է։ 2013-ին աշխարհի տնտեսական աճը կազմել է 3 տոկոս (վերջնական թիվը չկա, բայց պարզ է, որ այն 2.9-3.1%-ի արանքում է)։ Պ-ն Նախագահ, սա վերջին 15 տարիներին (1998-2013) 7-8-րդ ցուցանիշն է։ Այն պարզապես պատմության մեջ կմնա լավ տարիներից մեկը։ Ի՞նչու եք հատկապես հիշում ՌԴ-ին։ ԱՄՆ տնտեսությունը կանխատեսված 2 տոկոսի փոխարեն աճել է 2.9%, Չինաստանինը՝7.4-ի փոխարեն 7.7%։ ԵՄ տնտեսությունն էլ, ի դեպ, 2013-ի 4-րդ եռամսյակին դուրս է եկել ռեցեսիայից (անկումից)։ Ադրբեջանի տնտեսութույնն աճել է 5.5% (առանց նավթի՝ 10 տոկոս, իսկ 2012-ին՝ 9.7%)։ Վրաստանի թվերը դեռ չկան։ Դուք հասկանում եք, որ մեր ախոյանն Ադբեջանն է։ Այդ 3.5% էլ բլեֆ է։ Նայեք, այն ստացվել 2013-ի դեկտեմբերին ֆանտաստիկ աճեր նկարելով գյուղատնտեսության ու ծառայությունների ոլորտներում։ 2013 դեկտ 2012-ի համեմատ գյուղատնտեսության աճ են ցույց տվել 16.4%. Էտ ցրտին։ Տարվա ընթացքում արտադրվել է 660.5 հազ տ կարտոֆիլ (մեկ շնչին`228 կգ), 875.9 հազ տ բանջարեղեն (1 շնչին 302 կգ), 548.8 հազ տ հացահատիկ և հատիկաընդեղեն, 338 հազ տ պտուղ, 241 հազ տ խաղող, 208 հազ տ բոստան։ Խիղճն էլ լավ բան է չ՞է։ Եթե գումարում ենք, ստացվում է, որ Հայաստանում 2013թ բնակչության մեկ շնչի հաշվով համարյա թե արտադրվել է 1000 կգ (1տ) բուսաբուծական արտադրանք։ 2013-ի ապրիլին, դրանից 1 տարի առաջ, դիմեցի Ձեզ, ասացի եկեք ստուգենք։ Անցյալ տարի խնդրեցի, որ ինձ տրամադրեն 2012թ ՀՆԱ դեֆլյատորի հաշվարկման դետալները։ Նույնիսկ Ձեր միջնորդությունից հետո այդ թվերը չստացա։ ԱՎԾ-ն, ֆինանսների նախարարը, գյուղնախարարությունը և կառավարության աշխատակազմը 48 էջանոց մի թուղթ ուղարկեցին, որոնք արտագրել էին մեթոդաբանական գրքերից։ Մյուս ճյուղերի վիճակագրությունը (ծառայություններ, հանքարդյունաբերություն) գյուղատնտեսությունից էլ վատ է։ Երկրորդ, դուք Ձեր առաջին ժամկետում (2008-2012թթ) խոստացել էիք կրկնապատկել ՀՆԱ-ն։ 100% աճելու փոխարեն այն աճել է 5.1%։ Խոսք էիք տվել ապահովել ՀՆԱ տարեկան աճ 7%։ Դուք 6 տարում (2008-2013թթ) տնտեսությունն աճեցրել եք 8.8%-ով։ Այսինքն 6 տարում եք արել այն, ինչ պիտի անեիք 1 տարում։ Երրորդ, խոսք էիք տվել 5 տարում կրկնապատկել մարդկանց եկամուտները։ Մինչդեռ 6 տարում աղքատությունը 23%-ից հասավ 35%-ի, գործազրկությունը 16.4%-ից՝ 18.5%-ի։
Պատասխանելով հարցին նշում եք, որ 2008-2013թթ գներն աճել են 40%-ով, իսկ աշխատավարձը 60%-ով։ Վա՞տ է հարցնում եք։ Հա վատ է, շատ վատ։ Նախևառաջ, 2008-2013թթ գներն աճել են 42.6%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը (ՄԱԱԱ)՝ 60.4%-ով։ Աճը 17.8% է խոստացված 100-ի փոխարեն։ Չխոստանայիք։ Այդպես եք չէ՞ ընտրվել։ Եվ ապա, ՄԱԱԱ-ն հաշվարկվում է աշխատողների համար։ Չէ՞ որ այդ ընթացքում պակասել է զբաղվածների թիվը։ 2007-ին ունեցել ենք 1188.5 հազ զբաղված, իսկ 2013-ին՝ 1129 հազ 1-ին եռամսյակում, 1179հազ 2-րդում և 1182 հազ 3րդում։ Տարեկան միջինը դեռ չկա։ Բայց պարզ է, ինչքան էլ ԱՎԾ կեղծի մի 40-50 հազ-ով պակաս կլինի 2007-ից։ Սա էլ ի դեպ Ձեր աշխատատեղեր ստեղծելու խոստման արդյունքն է։ Հիմա, գները պետք է համեմատել բնակչության եկամուտների թվի հետ, այլ ոչ թե ՄԱԱԱ-ի հետ։
2. Կուտակայինի մասով։ Հռետորական հարց եք դնում. 80 տոկոսը դեմ է։ Բայց այդ 80 տոկոսը չի գիտակցում իր շահը։ Իսկ ահա դուք և կառավարությունը գիտակցում եք։ Մի 20 տարով մի 5% փող է թող տան էլի, ասում եք, կբազմապատկենք։ Դուք տեղյակ եք ի՞նչ է ասում ընդդիմությունն այս կապակցությամբ։ Ծանոթ եք 2009-2010թթ ընդդիմության հրապարակած ծրագրերին։ Ոչ, իհարկե ծանոթ չեք։ Նայեք ասում եք երկրին երկար փող է պետք։ Նշում եք 20 տարի թիվը։ Բայց մեր դեպքում 45 տարի է։ Հասկան՞ում եք։ Այդ կառավարիչները , նախ, մեր երկար փողի կեսը դուրս են տանելու և ապա անելու են լավագույն դեպքում 10 տարվա ներդնում։ Տեսեք փողի կեսն այստեղ է մնալու չ՞է։ Իսկ մեզ մոտ 45 տարվա ներդրման գործիք կ՞ա։ Չկա։ 10 և ոչ ավել։ Հիմա, բա ի՞նչու ենք 45 տարով տալիս։ Արտասահմանում էլ 45 տարվա ներդրման գործիք չկա։ Հիմա հասկանում եք վեճի էությունը։ Եթե ներդրման գործիքները 10 տարեկան են, ապա ի՞նչու 10 տարին մեկ մարդկանց փողը չվերադարձնենք։ Մի հատ խորացեք էլի ընդդիմության ասածի մեջ։ Կամ ինչո՞ւ եք փողը հանրապետությունից դուրս հանում։ Ինքներդ եք ասում չէ՞ մեր պետությունից դենը բան չկա։
3. Արտագաղթ, թվեր եք ասում. 200 հազ մարդ 1992-ին և 60 հազ 2001-ին և 31 հազ 2013-ին։ Բա եղա՞վ։ Ահա ձեզ թվերը. 1992թ. -228 հազ. մարդ, 1993թ՝ -141 հազ մարդ, 1994թ՝ -120 հազ մարդ, 1995թ՝ -37 հազ մարդ, 1996թ՝ -20 հազ մարդ և 1997թ՝ 31 հազ մարդ։ Լսեք, բայց 1992-1997թթ այդ 577 հազ մարդուց 330 հազարը եղել են Ադրբեջանից եկածները։ Այսինքն դուրս է եկել ՀՀ 247 հազ քաղաքացի 6 տարում։ Բայց այդ 6 տարուց 3-ը պատերազմ է եղել։ Այո դժբախտաբար ձեզ հետ միասին (այն ժամանակ դուք էլ էիք կառավարության անդամ) մենք չկարողացանք նրանց պահել։ Բա պատերազմը։ Հաղթանակների 90 տոկոսը եղել է, երբ կառավարությունում էիք իմ վարչապետության օրոք։ Այդ ի՞նչն է ձեզ այդքան վրդովեցնում։ Այն ժամանակ ասեիք, որ եկեք հաշտություն կնքենք Ադրբեջանի հետ ցանկացած գնով։ Բաքվից ու Կիրովաբադից եկած ժողովուրդն էլ երևի մնար երկրում։ Բա ի՞նչու չէիք առաջարկում։ Բացի դա, հենց հայտնվում է առաջին տնտեսական աճը (1994-1996թթ), արտագաղթը տասնապատիկ անկում է ապրում։ Ի դեպ, 2001-ին -60 հազ թիվ չկա։ Կա -22 հազար։ Հիմա 6 տարի է ղեկավարում եք երկիրը. թվերն են՝ 2008 (-23.1 հազ), 2009 (-25 հազ), 2010 (-46.7 հազ), 2011 (-43.8 հազ), 2012 (-49 հազ) և 2013թ՝ -42 հազար։ 230 հազ մարդ 6 տարում։ Պատերազմի 6 տարիները 247 հազար, ձեր 6 տարիները 230 հազար։ Բա ամոթ չ՞ի։ 1995-ն ավելի լավ է եղել, քան 2013-ը։ Բացի այդ. ասում եք արտագաղթի տեմպը նվազում է։ Դուք չգիտեք, որ փոքր թվից փոքր էլ արտագաղթ կլինի։
4. Հայռուսգազարդի մասով։ Ասում եք, ի՞նչ կարիք կար 20%-ը պահելու։ Ի՞նչ էր դա տալու։ Է որ ադպես եք մտածում, ժամանակին 80%-ը չտայիք։ Վերջին 15 տարիներին դուք կամ հայ-ռուսական հանձնաժողովի անդամ եք եղել, կամ վարչապետ, կամ նախագահ։ Այնուհետև, ասում եք 189 դոլարով գազ ենք առնում, ամենաէժանը։ Մի հատ կարո՞ղ եք նշել, այդ 189-ը ինչ գործնական նանակություն ունի Հայաստանի համար։ Ոչ մի։ Միևնույնն է, մեզ այն վաճառվում է 393 դոլարով։ Հիմա 189 + 204 է, թե 100 + 293 ի՞նչ տարբերություն։ Բացի դա դուք Նախագահ եք և ձեր ասած փաստերն անաչառ պետք է լինեն։ Ուրեմն իմացեք, Բելառուսը գազը ստանում է 166 դոլարով։ Այ այնտեղ 166-ը թիվ է։ Քանզի մանրածախն էլ 155 է։ Այնուհետև, ասում եք ընդդիմությունը պիտի հակառակն ասեր. ոչ 30 տարով, այլ 60 տարով կնքեիք պայմանագիրը։ Բա ե՞ղավ։ Ո՞վ է ձեզ տվյալ տվել 30-ամյա ներդրումների մասով։ Ներդրումների բաղադրիչը այդ պայմանագրում 11 տարի է։ Կա 9 տոկոսի շահութաբերության պահանջը։ Իսկ դա նշանակում է 11 տարի։ Իսկ վատ է ընդդիմությունը, որ հայտնաբերում է, որ փոքր և խոշոր սպառողների միջև ճիշտ բալանսի, աշխատավարձի մակարդակի ճիշտ հաշվառման և ներդրումների ռացիոնալացման հաշվին կարելի է բնակչության համար գազի գինը կրճատել 60 դոլարով։ Գիտենք չ՞է որ ասում ենք։ Ձեր կառավարությունում քանի հոգի է միջազգային կազմակերպությունում գրքեր գրել նույն Գազպրոմի մասին։ Բացեք կարդացեք էլի։ Հերիք է։ Մի անգամ ՀՀԿ-ականները ԱԺ-ում ասացին մեզ. մենք շախմատ ենք խաղում, դուք շաշկի։ Իրականում մենք շախմատ ենք խաղում, իսկ դուք շաշկի էլ չեք խաղում, այլ «չապաև» եք խաղում»։
Փետրվարի 15-16-ը Աղվերանում կայացավ «Դատական գործերի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինար:
Սեմինարին, որն ի դեպ, իրականացվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, ներկա էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների գծով պատասխանատու Ռադկա Բզոնկովան:
Սեմինարի ժամանակ արծարծվեցին կարևոր թեմաներ, որոնք ուղենիշ կհանդիսանան լրագրողների համար՝ իրենց հետագա գործունեության ընթացքում:
Սեմենիարի առաջին օրը դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը նախ լրագրողներին ներկայացրեց դատական համակարգի կառուցվածքը, ապա թե ինչպես պետք է լրատվամիջոցները շփվեն դատավորների հետ, որոնք են դատավորի վարքագծի սահմանումները և հատկապես՝ ինչն է կարևոր դատական գործերը լուսաբանելիս:
Լրագրողներին պարզ դարձավ, որ «Դատավորների վարքագծի կանոններով» դատավորներին արգելվում է լրատվամիջոցներին տեղեկություններ հաղորդել գործի վերաբերյալ, իսկ դատավորների նկատմամբ ճնշումներն արգելվում են և նախատեսում են պատասխանատվության միջոցները: Դատավորներն անկախ են, ենթարկվում են բացառապես օրենքներին, նրանք չունեն ղեկավարներ, այդ թվում ՀՀ նախագահը, ով նշանակում կամ ազատում է դատավորներին, չի հանդիսանում դատավորների ղեկավար: Միաժամանակ դատավորները հաշվետու չեն որևէ մեկին: Հաշվետու լինելու լայն իմաստով, դատավորներն իրենց գործառույթներն իրականացնելով հաշվետու են միայն հանրությանը:
Հաճախ, դատական գործերը լուսաբանելիս, առաջանում են տարաձայնություններ՝ դատավորի և օպերատորի միջև, ի պատասխան «Հայկական Վարկած» այն հարցին, թե օրենքով թույլատրվո՞ւմ է նկարահանել, որովհետև երբեմն դատավորներն արգելում են՝ նշելով, թե տեսախցիկի լույսն ազդում է իրենց վրա և թույլ են տալիս միայն 15 րոպե նկարահանել, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Տեսանկարահանումը օրենքով կարող է արգելվել, պետք է նախապես թույլատվություն հարցնել: Դատավորը նաև պետք է լսի կողմերի կարծիքները՝ նոր որոշի, թույլատրել, թե ոչ. հնարավոր է նաև, որ, իրոք, խանգարի դատավորին, քանի որ չպետք է մոռանանք, որ դատավորն այդ ընթացքում աշխատում է, իսկ նիստերի դահլիճում տեղի ունեցող շարժերը, ֆոտոապարատների պարբերական ուժեղ լույսը կարող է խանգարել դատավորին և կողմերին»:
Արսեն Բաբայանը, ներկայացնելով Դատական վիճակագրությունը, նշեց, որ 2012 թվականին 22 դատավոր ենթարկվել են կարգապահական տույժի, ինչ վերաբերում է արդարացումներին՝ նա՝ համեմատով 2008-ից մինչ 2013 թվականը, նկատեց, որ արդարացումները թիվը զգալիորեն աճել է.
Այսպես՝ 2008-ին վիճակագրություն չի անցկացվել, սակայն ինչպես հիշում են մի քանի դատավորներ, եղել են 3-5 արդարացում,
2009-ին կազմել է 25,
2010-ին` 56,
2011-ին՝ 77
2012-ին ՝ 84
2013-ին` 104 անձի նկատմամբ. 2014 թվականի ընթացքում քննելով բողոքարկված արդարացումների գործերը, այդ բողոքարկումները Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններում փոփոխման ենթարկվեցին և վերջնական թիվը դարձավ՝ 96:
Արսեն Բաբայանը միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ եթե 5 տարի առաջ դատական գործերի թիվը կազմում էր մոտ 50000, ապա 2013-ին հասել և անցել է 90.000-ը: Ըստ հետազոտությունների՝ դատարան դիմողների 59 %-ը բավարարված է եղել դատարանների կողմից կայացված որոշումներով:
Միաժամանակ խոսելով դատական վերադասությամբ բողոքարկումների մասին, Արսեն Բաբայանը հայտնեց, որ առաջին ատյաններում կայացված դատական ակտերի դեմ 2013թ.-ին վերաքննիչ բողոք է բերվել ընդամենը 12 տոկոսի մասով, որից վերաքննիչ դատարանները բավարարել են շուրջ 40 տոկոսը: Բարձրագույն ատյան՝ Վճռաբեկ դատարան, բողոքարկվել է ընդհանուր գործերի միայն 4.5 տոկոսը:
Իսկ 2013 թվականի ամբողջական հաշվետվությունն ու վիճակագրությունը Արսեն Բաբայանը խոստացավ ներկայացնել մոտ օրերս՝ ասուլիսի միջոցով:
Սեմինարին խոսեց նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը: Նա ներկայացրեց, թե ինչ գործառույթ են կատարում Արդարադատության խորհուրդը, Խորհրդի կարգապահական հանձնաժողովը,Դատարանների նախագահների խուրհուրդը և ՀՀ դատավորների միությունը, ինչպես նաև դատավորների կարգապահական պատասխանատվության առիթները, տույժերն ու կիրառման կանոնները:
Իսկ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության ավագ մասնագետ Արման Խաչատրյանը խոսեց դատական գործերի լուսաբանման լրագրողական վարպետության, ինչպես նաև լրատվական միջոցների աշխատելաոճի և լրատվական դաշտում տիրող վիճակի մասին:
Նշենք, որ թեմաներն այնքան հետաքրքիր էին ու բովանդակալից, որ կարիք զգացվեց փոփոխություններ անել օրակարգում, սակայն մասնակիցները հասցրեցին նաև օգտվել ժամանցային վայրերից՝ խաղալով բոուլինգ, թենիս, ինչպես նաև «Կարմիր, թե սև» խաղը, որը ենթարկվեց փոքր-ինչ փոփոխության՝ այն անցկացվեց դատական պրոցեսին համապատասխան, ինչն էլ հնարավորություն տվեց մասնակիցներին ավելի լավ պատկերացնել դատարանի կառուցվածքն ու լիազորությունները:
[nggallery id=133]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) 10-րդ հոբելյանական համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԿՄ 10-րդ համագումարում
Սրբազա՛ն հայրեր,
Սիրելի՛ մարտական ընկերներ,
Հարգելի՛ զինակիցներ,
Սիրով ողջունում եմ համագումարի մասնակիցներին և ի դեմս ձեզ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց հոգով և գործով երկրապահ են:
Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Իրական պատերազմում պարտված և այդ պարտության դառը պտուղները քաղող հակառակորդը, իսկ եթե ավելի որոշակի խոսենք, Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդի աչքում փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է: Հակառակորդի կրակոցներից մեր սահմանների մոտ զոհվում են զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Նման արարքը պատերազմի հետ կապ չունեցող սովորական մարդասպանություն է: Լայնածավալ պատերազմ սկսելու համար նրանք չունեն ո՛չ կարողություն և ո՛չ էլ հնարավորություն: Ահա այս մարդասպանություններն են, որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է իր ժողովրդին իբրև պայքար հանուն Ղարաբաղի:
Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ. պարբերաբար թեժացնել իրավիճակը և բորբոք պահել յուրաքանչյուր հայի ու ողջ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության կրակը: Հակահայկականությունը այն առանցքային գաղափարն է, որի շուրջ փորձում են համախմբել նոր ադրբեջանական ազգը և որի շուրջը փորձում են ձևավորել նրա այսպես կոչված «ազգային գաղափարախոսությունը»: Հայատյացությունը Ադրբեջանում դարձրել են հայրենասիրության հոմանիշ: Սա մեզ համար դժվար հասկանալի իրողություն է, որովհետև «հայրենասիրություն» ասելով հայերը հասկանում են բոլորովին այլ բան:
Սահմանի վրա կատարվող մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Մենք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի պաշտոնական օրացույցում հունվար և փետրվար ամիսները գերծանրաբեռնված են «սև» օրերով: Թե ինչու է այդպես ստացվել, այլ հարց է, բայց նրանք դրա համար մեղադրում են հայերին և աշխարհում բոլորին, բայց ոչ իրենց: Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիոն գործողության փորձը, որ անփառունակ վախճան ունեցավ, հենց հունվարի 20-ին էր: Հունվարի 20-ի մասին ես միայն մի բան կասեմ. Ադրբեջանի իշխանություններին դեռևս հաջողվում է իր ժողովրդի համար կեղծել անգամ հունվարի 20-ի դասերը: Մինչդեռ իրականությունը միշտ էլ ջրի երես դուրս գալու հատկություն ունի, իսկ մեղքն ուրիշների վրա բարդելը երկար կյանք չի ունենում սովորաբար: Բաքվի հայերի ջարդերի գագաթնակետը Բաքվի հայկական եկեղեցու հրկիզումն էր ամբոխի կողմից: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դեռ խորհրդային զորքը Բաքու չէր մտել: Սա է իրականությունը, և բաքվեցիներն այդ մասին շատ լավ գիտեն:
Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Այրել խաղաղության կամուրջները: Բացառել հայ և ադրբեջանցի ժողովուրդների փոխըմբռնման և փոխհասկացողության հնարավորությունները: Թույլ չտալ, որ հայ և ադրբեջանցի պարզ մարդիկ կարողանան գոնե լիասիրտ բարևել միմյանց: Թույլ չտալ, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները պատրաստ լինեն միմյանց ներելու, միմյանց ձեռք սեղմելու, պատրաստ լինեն խաղաղության: Ես սա համարում եմ ամենավտանգավորը մեր երկու ժողովուրդների համար:
Ինչո՞ւ դիպուկահարները դուրս չեն բերվում սահմանային գծից: Որովհետև մարդասպանությունը բանավեճի մեջ վերջին փաստարկն է: Փող և մարդասպանություն. ահա այս երկու փաստարկներն են, որ բերում է հակառակորդը մեզ և աշխարհի հետ հարաբերվելիս:
Հարգելի՛ երկրապահներ,
Իմ փաստարկը սեփական հողում սեփական քրտինքով արարելու իրավունքն է, իմ փաստարկը Հայոց բանակն է, իմ փաստարկը դուք եք և բոլոր այն հայորդիները, ովքեր հենց այսօր պատրաստ են զենք բռնել: Միանգամից ասեմ՝ համոզված եմ, որ դրա կարիքը չի լինելու: Չի լինելու հենց այդ պատրաստակամ կեցվածքի պատճառով, չի լինելու հենց այդ փաստարկի հզորության շնորհիվ: Չի լինելու, որովհետև 20 տարեկանը չբոլորած մեր երիտասարդները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել, իսկ երբեմն (չնեղանաք) ավելի լավ, քան մենք:
Բոլոր այն մտահոգ խոսակցությունները, թե իբր մեր նոր սերունդը այլասերվում է, պակաս հայրենասեր է, պակաս պատրաստված և այլն, մնում են լոկ խոսակցություններ: Գրեթե ամեն օր կյանքը մեզ տալիս է հակառակը ապացուցող օրինակներ՝ ի դեմս մեր փայլուն երիտասարդների:
Տղե՛րք,
Ոչ ոք ձեզնից ավելի խորը չի պատկերացնում պատերազմ կոչվող չարիքը: Ուրեմն՝ դուք առաջինը պիտի լինեք սառնասրտություն և խաղաղություն քարոզելու գործում:
Մենք ուզում ենք ապրել, աշխատել և արարել: Մենք ուզում ենք, որ մեզ հանգիստ թողնեն, բայց նաև ակնհայտ է, որ տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնելու: Արդեն անցել է գրեթե քսան տարի այն օրվանից, երբ զինադադար հայտարարվեց Այս ընթացքում Արցախը բուժել է իր վերքերի մի էական մասը, ապրում է ու զարգանում, իսկ ներքին ազատության առումով ստանում է ավելի բարձր միջազգային գնահատականներ, քան Ադրբեջանը: Այստեղ Ադրբեջանի իշխանությունները խրոխտ զեկույցների համար նյութ չունեն: Եվ տեսանելի ապագայում չեն ունենալու: Սա է իրականությունը:
Բաքվի ռեժիմին թվում է, եթե մենք չենք թաքցնում մեր կորուստները, մենք թույլ ենք: Նրանց թվում է, եթե մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, մենք թույլ ենք: Նրանց թվում է, եթե մենք բաց հրապարակավ քննարկում ենք մեր երկրում եղած բոլոր դժվար խնդիրները, մենք թույլ ենք:
Նրանք չեն հասկանում, որ հենց դրանում է մեր ուժը: Չեն էլ կարող հասկանալ, քանի որ այդ արժեքներն իրենց հասու չեն:
Հենց դրա համար էլ մենք նրանց պես ողորմելի քարոզչություն վարելու կարիքը չունենք:
Հենց դրա համար էլ մենք հաղթել ենք:
Հենց դրա համար էլ մեր հաղթանակն անշրջելի իրողություն է:
Հարգելի՛ երկրապահներ,
Դուք ինքներդ վկան եք եղել, թե ինչպես Ադրբեջանը ժամանակին ընկավ իր իսկ քարոզչական ծուղակը՝ գերագնահատելով իր ուժը: Այստեղ նստածներից շատ-շատերը հիշում են, թե ինչպես 90-ական թվականների սկզբներին ով դառնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, իսկ դրանց թիվը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 5-ից ավելին էր, իր պարտքն էր համարում հաջորդ իսկ օրը հայտարարել, որ ինքն անպայման մեկ շաբաթ հետո Ստեփանակերտում թեյ է խմելու: Բայց ի ուրախություն մեզ և ի ափսոսանք իրենց, ակնհայտ էր, որ Ստեփանակերտում նրանց որևէ մեկը չէր պատրաստվում թեյ հյուրասիրել: Որքան էլ զարմանալի է, այսօր մենք վկան ենք նույն ճոռոմախոս քարոզչությանը: Թող շարունակեն, դա, միևնույն է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Իրականության ոչ օբյեկտիվ գնահատականը որևէ մեկին լավ բանի չի հասցրել:
Մենք ունենք ծանր փորձություններով անցած հասուն այրեր և փայլուն երիտասարդություն: Մենք ունենք ազատ Հայաստան և ազատ Արցախ, որ պիտի դառնան ավելի ազատ: Մենք սիրում ենք կյանքը: Մենք ունենք ապրելու, մանավանդ լավ ապրելու մեծ ցանկություն: Եվ իրականություն ենք դարձնելու մեր ցանկությունը և հեռուներից հետ ենք բերելու մեր հարազատներին: Ոչ մի մարդասպան չի կարող կասեցնել հայ ժողովրդի հազարամյա երթը: Եղել են կասկածողներ, բայց նրանց նետերն ու նիզակները, փամփուշտներն ու ռումբերը, փողերն ու խարդավանքները բավարար չեն եղել: Վաղն էլ չեն բավականացնելու, որովհետև մենք սիրում ենք կյանքը, մենք սիրում ենք ազատություն:
Հարգելի՛ երկրապահներ,
Ձեզնից յուրաքանչյուրը շատ բան է տվել մեր երկրի, մեր հաղթանակի ու մեր խաղաղության համար, ձեզնից շատերն իրենց կյանքի փորձն են ներդրել բոլորիս հպարտություն Հայոց բանակի կայացման գործում: Փառք ու պատիվ ձեզ դրա համար:
Այսօր մենք այլ բան ունենք անելու: Այսօրվա մեր կռիվը մեր երկրի վերելքի համար է, հուսահատության ցանկացած դրսևորման դեմ է, հավատի համար է, աղքատության ճիրաններում հայտնված յուրաքանչյուր մեր հայրենակցի համար է, զարգացման նոր հնարավորությունների ու արդիական պետություն կայացնելու համար: Իհարկե, այս ամենը նախ և առաջ պետության պարտականությունն է: Բայց ակնհայտ է, որ միասնականությունը և համախմբումն է հաջողության հասնելու առաջին նախապայմանը:
Համարձակ գաղափարներ և հեռահար նպատակներ: Դրանք իրականացնելու համար անհրաժեշտ եռանդ, հետևողականություն ու նվիրվածություն: Գիտելիք ու ողջ կյանքում սովորելու պատրաստակամություն: Սեփական կարողությունների հանդեպ վստահություն: Ակնածանք՝ ժառանգած ու պատգամելիք արժեքների հանդեպ: Հարգանք ու հանդուրժողականություն յուրաքանչյուր հայրենակցի նկատմամբ: Համբերություն ու հաստատակամություն՝ դժվարությունները հաղթահարելու համար: Իմաստություն և խոհեմություն՝ հաղթանակների պտուղները ճաշակելիս: Այս ամենի ձևավորմանն ու կենսագործմանը նպաստող միջավայր: Եվ իհարկե՝ միասնություն ու սեր:
Մարտահրավերների ու վտանգների մեր օրերում, կայունության ու խաղաղության ծարավ մեր տարածաշրջանում երկրի վերելքը հնարավոր է հենց նման հատկանիշներով օժտված հայաստանցիների միասնական ջանքի շնորհիվ: Հենց այս հատկանիշների շնորհիվ դուք՝ ձեր սերնդի ողնաշարը, կարողացաք պահել-պահպանել երկիրը արհավիրքի ժամին: Հենց այս հատկանիշների շնորհիվ հայաստանցին կարողացավ ուղղել Խորհրդային միության փլատակների տակ կքած իր մեջքը: Որակապես նոր հասարակություն, նոր տնտեսական ու քաղաքական հարաբերություններ ստեղծեց: Որոշեց ապրել ազատ ու ինքնուրույն: Կարողացավ դժվար որոշումներ կայացնել ու վճարել դրանց գինը:
Մեր ժողովրդին հաջողվեց պատերազմի ամենակուլ ճահճից երկիրը հանել և ուղղել դեպի մեծ աշխարհի անծայրածիր հնարավորություններով լի ջրերը: Շուրջ երկու տասնամյակ տևած այդ ուղին բարդ էր ու ծանր: Դեպի հնարավորությունների օվկիանոս տանող հորդառատ գետը մեզ սեղմում էր շրջափակման ափեզրին, սուզում էր աշխարհաքաղաքական գալարապտույտներում, զարկում հակամարտության խութերին ու քաշում ճգնաժամերի սահանքներն ի վար: Իսկ դժվարությունները ժամանակի ընթացքում միայն ավելանում էին: Անցումային փոխակերպումների հորձանքը լցվող վտակները բազմացնում էին վտանգներն ու բերում նորերը: Սակայն տարիների հետ մեծանում էր նաև այդ դժվարությունները հաղթահարելու մեր ունակությունը: Մենք ամրացանք ու նավարկել սովորեցինք հենց այդ հորձանուտներում:
Անցումային տարիների դժվարությունների հաղթահարումը ծանրացավ հենց ձեր սերնդի, մեր սերնդի ուսերին: Սակայն հիշենք նաև, որ երիտասարդ սերունդն այսօր կարող էր և ճաշակել միայն ու միայն հայրերի կորուստների ու դժվարությունների դառնությունը՝ առանց լուսավոր ժառանգության: Կարող էր ժառանգել բացարձակապես այլ՝ տկար ու խոնարհված երկիր: Եվ հաղթանակներն ու ձեռքբերումները կարող էին չլինել, եթե չլիներ ձեր մեծագույն հավատն ապագայի հանդեպ: Ձեր ու բոլոր տղերքի անմնացորդ նվիրվածությունն ու անձնուրաց պայքարը: Մինչև վերջին շունչը կանգնելու պատրաստակամությունն ու անկոտրում հաստատակամությունը: Եթե չլիներ վստահությունը վաղվա օրվա հանդեպ:
Եվ այսօր, նոր հնարավորությունների ու աննախադեպ հեռանկարների օվկիանոսին ընդառաջ մեր երկրի, մեր պետության, մեր հասարակության, հայաստանցու առջև ծառացել է մեր սերնդին քաջ ծանոթ մարտահրավերը: Հնարավորությունների օվկիանոսը թափվող հորձանքի գետաբերանում կրկին ապագան շղարշող անորոշությունների մշուշն է:
Մեր առջև հին հակառակորդն է: Վհատվածությունն ու հուսահատությունը: Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը: Հասարակության մյուս անդամների հանդեպ վստահության պակասը: Մշուշի մեջ և մշուշից անդին տեսնելու անկարողությունը: Հոգնածությունն ու անվճռականությունը: Սրանք են եղել մեր իրական թշնամին նախորդ տասնամյակներում: Սրանք են դարանել գալիքի ճանապարհին: Սրանց ենք հաղթելու մենք ու մերօրյա երիտասարդները:
Այո՛, մեծանում են անորոշությունները: Լայնանում է հնարավոր զարգացումների շրջանակը: Մեծանում են մեր քայլերի համար պատասխանատվության աստիճանն ու մեր որոշումների արժեքը: Մեր երկիրն ու հասարակությունը մտել են հասունության փուլ: Հարթակ է բարձրանում նոր սերունդ, որը չի տեսել ձեր պայքարի դժվարություններն ու չունի ձեր փորձը:
Սակայն հրապարակ մտնող այս սերունդը ծնվել է պատրանքների ճահճից դուրս: Ձևավորվել ու կայացել է հորձանքների մեջ: Նոր սերունդն ունի հին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ ուժ և եռանդ: Նոր հնարավորություններ: Հնարավորություններ, որոնցից զուրկ ենք եղել մենք: Եվ առավել քան երբեք, այս սերունդն այսօր ունի ձեր փորձի և իմաստնության կարիքը: Ունի վաղվա օրվա հանդեպ այն անխախտ վստահության կարիքը, որը ձեզ մտցրեց մեր պատմության դասագիրք: Վստահություն, որը ձեզնով լցրեց մեր նորօրյա էպոսի էջերը, ձեզ դարձրեց մեր թոռների հեքիաթների և պատմությունների հերոսն ու սերունդների պարծանքը:
Պետությունն այսօր նախաձեռնել ու իրականացնում է մեր երկրի ու հասարակության համար կենսական մի շարք կարևորագույն բարեփոխումներ: Դրանք կոչված են էականորեն կրճատելու մեզ բաժին ընկած ռազմավարական անորոշությունները:
Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն այս առումով կարևորագույն նշանակություն ունեն: Դրանք ուղղված են հենց նոր սերնդի բարեկեցությանը: Եվ հավատացեք, հենց նման բարեփոխումներն են կոչված սեփական երկրին ամուր կապելու մարդուն: Հենց նման բարեփոխումներով է միահյուսվում հայաստանցու ապագան իր հողին:
Սակայն այս բարեփոխումների իրականացումը պահանջում է հավատ՝ երկրի վաղվա օրվա հանդեպ, պետության նկատմամբ վստահության պաշար և ապագան այստեղ` հայրենակիցների կողքին կառուցելու հաստատակամություն:
Երիտասարդ սերնդի հավատի, վստահության ու հաստատակամության պաշարը հարստացնելու գործում մեր սերնդի դերն անգնահատելի է: Սերունդների համերաշխությամբ ու փոխգործակցությամբ է հնարավոր միայն իրականացնել երկրի համար ճակատագրական այս բարեփոխումները: Միայն այս կերպ է հնարավոր հաղթահարել մեզ լավ ծանոթ մարտահրավերները, հաղթել մեր կողքին, մեզ հետ, երբեմն մեր մտքում ու հոգում ծվարած թշնամուն:
Հենց այս թշնամուն հաղթելու գործում հայրենիքը կրկին ունի ձեր կարիքը: Ձեր ուժը, ձեր իմաստնությունը, մարտական ուղով սրբագործված ձեր եղբայրության ոգին այսօր ավելի քան երբեք հարկավոր է երիտասարդ սերնդի ուժն ու հավատը, հույսն ու վստահությունը, սերն ու նվիրումը բազմապատկելու համար: Այսօր պիտի հնչի երկրապահի ձայնը՝ խրոխտ, վստահ, չնայած, ցավոք, ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե՝ մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կա՛մ շատ բարձրացրեք մեր թոշակները, կա՛մ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով, որտեղ և ինչքան արյուն է թափել: Մենք նաև շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը:
Մեզնից հետո երկրին տեր լինելու կոչված սերնդի կողքին պիտի կանգնի Երկրապահը իր խորհրդով ու պատգամով: Պիտի ուժ տանք վհատվածին ու հուսալքվածին՝ հույս: Պիտի կանգնենք դժվարության մեջ հայտնվածի կողքին, անգամ եթե դիմացինի ցավը տանելու պատրաստակամությունից բացի այլ բան առաջարկել չենք կարող: Ինչ դժվար իրավիճակում էլ հայտնված լինի հայաստանցին: Ուր էլ լինի: Նրա թիկունքը դատարկ չպիտի մնա: Դուք, մենք, պիտի զորավիգ լինենք նրան այն պահին, երբ անգամ ծնողը, զավակն ու ամուսինը հուսահատ լքեն նրան: Սա է մեր մարտի դաշտի օրենքը, և սա է մեր մարտի դաշտն այսօր: Պետությունը պիտի օգնի նրանց, ովքեր իրենք իրենց օգնել չեն կարող: Պիտի օգնի ու հնարավորություն տա օգնել: Պիտի օգնի երիտասարդին՝ տարիներ անց օգնություն հասցնել ինքն իրեն: Պետությունը պիտի, եթե կուզեք, մի յուրօրինակ «ժամանակի մեքենա» տրամադրի յուրաքանչյուրին՝ տասնամյակների միջով ինքն իրեն ձեռք մեկնելու համար: Հենց այդպիսի ժամանակի մեքենա է կենսաթոշակային նոր համակարգը, որ պիտի կայացնենք այսօր:
Մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու մեր զինանոցը հարստացել է: Տարիների հետ մենք սովորել ենք խնդիրների լուծման ավելի արդյունավետ ու գործուն լուծումներ առաջադրել: Սակայն, որ ավելի կարևոր է, մենք սովորել ենք լսել միմյանց: Սովորել ենք երկխոսել: Փոխադարձաբար հարգել միմյանց շահերն ու հաշվի նստել յուրաքանչյուրի հետ: Գիտակցել ենք, որ հասարակության զարգացմանն ու մարդկանց ճակատագրերին առնչվող խնդիրների լուծման որևէ տարբերակ ընդունելուց և խաղաղ պայմաններում յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ անհրաժեշտ է դրանք քննարկել ու համաձայնեցնել տարբեր, երբեմն՝ հակասական շահեր ներկայացնողների, գործարարների, կառույցների, հայաստանցու հետ: Հատկապես վերջին տարիներին մենք փորձել ենք հնարավորինս ընդլայնել տնտեսության զարգացմանն ու հասարակության առաջընթացին առնչվող որոշումների քննարկման շրջանակը: Փորձել ենք բացել ու ընկալելի դարձնել երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերն ու ընդունվող որոշումները: Ոչ մի հայաստանցի չպիտի օտարված զգա իր երկրում: Ոչ ոք չպետք է խռով ու նեղացած մնա իր երկրից: Ոչ մեկը չպիտի նզովի իր ու իր երկրի ճակատագիրը: Հայաստանցին պիտի ընկալի ու ընդունի հավաքական որոշումներն ու մասնակից լինի դրանց կայացմանը: Մենք մեր ընտրած ուղուց չենք շեղվելու և շարունակելու ենք ընդլայնել հարգանքի, վստահության ու հավատի սահմանները: Միայն նման ընդարձակ սահմաններում երկրի քաղաքացին իրեն կզգա ավելի լավ, քան անհամեմատ բարեկեցիկ որևէ այլ երկրում: Միայն նման երկիրն է ի զորու իր քաղաքացուն կապել իր ճակատագրին ու պահել իր հողի վրա:
Վստահ եմ, որ միայն այս կերպ կարող ենք ձյան մեջ արև փնտրող ու իր երկրում օրհնություն գտնող հայաստանցիների երկիր կերտել: Սա է արդիական, մրցունակ, անվտանգ և հպարտ Հայաստանի երաշխիքը: Ու մենք պարտադրված ենք հենց այս ճանապարհով գնալու:
Հարգելի՛ երկրապահներ,
Դուք ուժի, արիության ու հավատի հաղթանակի մարմնավորումն եք: Շնորհակալ ենք ձեզ ձեր փառահեղ անցյալի համար, այն հայրենանպաստ կեցվածքի համար, որ ունեք այսօր և այն ամենի համար, որ դեռ անելու եք մեր ու մեր սերունդների հայրենիք Հայաստանի համար:
Ինչպես ասում են՝ պի՛նդ եղեք, տղե՛րք:
Շնորհակալ եմ ուշադրության համար: Հասկանալով, որ կարող են լինել բազմաթիվ հարցեր, եթե ձեր ժամանակը ների, և եթե վարչության անդամները դեմ չլինեն, ես պատրաստ կլինեմ ելույթներից հետո պատասխանելու ձեր հարցերին՝ ցանկացած հարցի:
Շնորհակալ եմ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.