23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Տոնակատարության շրջանակներում Նախագահն ընդունել է Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը, հանդիսության մասնակիցների հետ դիտել տոնի առթիվ մշակութային կատարումը: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից:
Տոնակատարությունից հետո, Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման արարողությունը:
Նախագահ հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, Սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:
«Այն փաստը, որ այս արարողությունը տեղի է ունենում Սարդարապատում, առանձնահատուկ խորհուրդ ունի: Սրանով մենք ընդգծում ենք մեր ժողովրդի տարբեր սերունդների կապն ու ժառանգականությունը: Սրանով մենք շեշտում ենք, որ մեծ հաշվով բոլորի արած գործը նույն ուղեծրում է: Դա հայոց պետականությունն է, նրա պատմությունն ու ներկան: Զինվորականը, ուսուցիչը, գիտնականը, արվեստագետը, բժիշկը մենք բոլորս մեկ ուղեծրում ենք, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն:
Սիրելի՛ պարգևատրվածներ, մաղթում եմ ձեզ, որ ձեր գործով և վարքով արժանի լինեք այն սխրանքին, որ մեր նախնիները գործել են այս սրբազան դարձած վայրում: Շնորհակալ եմ ձեր համբերատարության համար և ուզում եմ ասել, որ մենք, իհարկե, գիտակցաբար ավելի շատ մարդկանց հրավիրեցինք այստեղ պարգևատրվելու, որովհետև, իրոք, ես համարում եմ՝ սա առանձնահատուկ տեղ է, և առանձնահատուկ շնորհ է այստեղ պարգև ստանալը: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ պարգևատրվելու առթիվ»,-ասել է Հանրապետության Նախագահը:
Սերժ Սարգսյանը Սարդարապատում նաև շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության
տոնի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
1918 թվականի մայիսի 28-ին ճակատագիրը մեզ պատմական հնարավորություն ընձեռեց վերականգնելու Հայաստանի անկախությունը: Ռուսաստանի հեղափոխական ցնցումները, առաջին աշխարհամարտի իրադարձությունները և անպատեհ այլ հանգամանքներ ստեղծել էին մի իրավիճակ, երբ մենք մնացել էինք մենակ բազում մարտահրավերների առջև: Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում շարունակվում էր, ռուս-թուրքական ռազմաճակատը վերածվել էր հայ-թուրքական ճակատի:
Ահա այդ պահին և այդ պայմաններում տեղի ունեցավ հրաշքը, որ ավելի աշխարհական բառով կոչվում է սխրանք: Այդ սխրանքը գործեցին հայ ռազմիկները, քաղաքական գործիչները, շինականները, հոգևորականները, մտավորականները, հայության ամբողջ մի սերունդ: Չսպասված, չծրագրված, չնախապատրաստված և խորքում՝ ողբերգական մայիսի 28-ը նրանք վերածեցին ազգային զարթոնքի: Այն կոչված էր պատերազմի ու ցեղասպանության, սովի ու համաճարակների, գաղթականության և հուսահատության հովիտը՝ Հայաստանը, դարձնելու ազատ, անկախ, բարեշեն և ժողովրդավար երկիր:
Այսօր մենք կանգնած ենք Սարդարապատում և գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը պաշտպանած և հայության վերջին բեկորներին փրկած նահատակների հիշատակի առաջ: Եթե մայիսյան հերոսամարտերում և մանավանդ Սարդարապատում հայերը պարտվեին, ապա թուրքական զորքերն անարգել մտնում էին Էջմիածին և Երևան: Եթե այդքանից հետո աշխարհի երեսին մնար հայ պատմաբան, ապա նա առանց մեծ դժվարության կարող էր հիմնավորել, որ հայերի հաղթանակը օբյեկտիվորեն անհնար էր: Բոլոր փաստերը և ողջ իրականությունը կարծես մեր դեմ էին, բայց մենք փրկվեցինք այստեղ: Ինքներս վաստակեցինք ապրելու և միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու իրավունքը: Եվ դա արել է հայության բոլոր ժամանակների ամենաողբերգական, բայց միաժամանակ ամենահերոսական սերունդը: Հավերժ փա՛ռք և խոնարհու՛մ բոլոր անվանի և անանուն հերոսների պայծառ հիշատակին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների և Հանրապետության տոնի կապակցությամբ: Սա մեծ օր է՝ հարության և վերածննդի օր: Մաղթում եմ բոլորիս տոնական բարձր տրամադրություն և խաղաղ երկինք:
Ադրբեջանական կողմն արժանի հակահարված է ստացել՝ տալով զոհեր և վիրավորներ. այս մասին այսօր, Սարդարապատում, նշել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով նախօրեին հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձին:
«Ցավոք, մենք էլ ունենք մեկ զոհ և վիրավորներ: Իսկ վիրավորների վիճակը բավարար է: Փառք ու պատիվ բոլոր տղաներին, որ պատրաստ են զոհել իրենց երիտասարդ կյանքը’ հանուն մեր երկրի անվտանգության»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Ըստ նախարարի, հակառակորդը նման դեպքերում միշտ փորձում է ներկայացնել, որ խախտումը եղել է հայկական կողմից:
Նրա փոխանցմամբ, վերջին շրջանում որոշակի լարվածություն կա շփման գծում:
«Դրա պատճառն այն է, որ Ադրբեջանը չի հասկանում՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ապահովել հրադադարի պայմանների պահպանում, վստահության եզրերի ամրապնդում»,-նկատել է Պաշտպանության նախարարը:
Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ եթե ինքը լիներ Յուվեցի Կարոյի փեսայի՝ Գոռ Առաքելյանի փոխարեն, կփորձեր վեճը խաղաղ հարթել։
Լրագրողները մեջբերել են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հատարարությունն այն մասին, որ ինքը Գոռ Առաքելյանի փոխարեն կկրակեր, եթե իր կնոջ ու երեխայի ներկայությամն ստորացնեին իրեն։
Ի պատասխան, Վովա Գասպարյանն ասել է.
«Չգիտեմ՝ Ալիկ Սարգսյանն ինչ է ասել, ես ամեն ինչ խաղաղությամբ կհարթեի։ Գործը սրան չէր հասնի: Ոստիկանությունն այժմ ուսումնասիրում է գործը, և մեղավորները կպատժվեն»։
ՀՀ ոստիկանապետը հաստատել է Արագածոտնի մարզի ոստիկանության քննչականի պետ Մարատ Դուրյանի՝ դեպքի վայրում գտնվելու մասին լուրը:
«Ճիշտ է, այնտեղ քննիչ եղել է: Բայց դա արդեն դատախազության գործն է, ոչ ոստիկանությանը։ Ես չեմ ցանկանում խառնվել այլ գերատեսչության աշխատանքներին»,-ընդգծել է Վովա Գասպարյանը։
Ինչպես հայտնի է, մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներին ականատես է եղել նաև ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ Մարատ Դուրյանը: Վերջինս իր մեքենայով կնոջ և երեխայի հետ փորձել է դուրս գալ ավտոտնակից, սակայն ջավախքահայերի սխալ տեղում կայանած մեքենայի պատճառով չի կարողացել։ Ու երբ Կարո Կարապետյանի փեսան դուրս է եկել մեքենայից գոռգոռացել հաղթանդամ ջավախքահայերի վրա ու արդյունքում ծեծի ենթարկվել, այդ ողջ ընթացքում քննչականի պետ Դուրյանը մեքենայից չի իջել: Նա բարեհաճել է դուրս գալ միայն այն ժամանակ, երբ երկրորդ անգամ են հենց իր մեքենայից իջեցրել ու ծեծի ենթարկել Գոռ Առաքելյանին:
Նշենք, որ ջավախքահայերը քաշքշել են նաև քննչականի պետին, որը որպես ոստիկանության աշխատակից ներկայանալու և իրավիճակը հարթելու փոխարեն, փախուստի է դիմել դեպքի վայրից՝ իր հետ տանելով իր և Գոռի կնոջն ու երեխաներին:
Այս դեպքից հետո, «ՉԻ» տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախատել է Դուրյանին և ակնարկել խիստ պատժի հնարավորության մասին: Սակայն քննչականի պետը, զգալով աղետը, դիմել է մայրիկին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանին, որպեսզի իրեն օգնի:
Ինչպես հայտնի է, Նելլի Դուրյանը համարվում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մտերիմներից և հենց նրա խնդրանքով էլ քննչականի պետի՝ ոստիկանին անհարիր պահվածքը առայժմ ներվել է, և Դուրյանը շարունակում է աշխատել:
Չորրորդ ինքնիշխանություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աստանայում մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին՝ ինչ գնահատական է տալիս վերջինս Գորիսում «անպատժելիության մթնոլորտի» արդյունքում տեղի ունեցած միջադեպին։
«Իհարկե, ծեծկռտուք է եղել և դանակահարություն, այսինքն՝ քրեական էլեմենտներ կան, բնականաբար, դա ողջունելի չէ և չի ողջունվում ոչ մի կերպ։ Վերջին տարում Գորիսի հայտնի դեպքերից հետո որոշակի լարվածության և ուշադրության կենտրոնում էր քաղաքը: Մի քիչ ավելի գերուշադիր եք այդ ռեգիոնի նկատմամբ, բոլոր դեպքերում այն երևույթները, որոնք որ քրեական էլեմենտներ են պարունակում իրենց մեջ, անթույլատրելի են, դա լինի իմ պարագայում, իմ եղբոր պարագայում, թե իմ հորեղբոր տղայի»,-պատասխանեց Վահե Հակոբյանը:
Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ իրավական գնահատական չի տրվի, քանի որ մարզում բազմաթիվ են նման դեպքերը:
«Այս դեպքում ևս Սուրիկ Խաչատրյանի անունն է հնչում, իսկ նրանք, ովքեր դանակահարության հեղինակներն են, տարիներ առաջ դատապարտված են եղել այլ հանցագործությունների համար»,-ընդգծեց նա:
Վահե Հակոբյանը չի կարծում, որ Սուրիկ Խաչատրյանը խրախուսում է դա և ողջունում. «Ինքն էլ է երևի մտահոգ։ Բոլոր դեպքերում քննությունը կընթանա, ես համոզված եմ, որ ինչ-որ գնահատականներ իրավական դաշտում կլինեն»,-նշեց Սյունիքի մարզպետը:
Ըստ նրա, որևէ ինֆորմացիա չկա այն մասին, որ այդ դեպքն ընտրությունների հետ կապ ունի:
Վահե Հակոբյանը հերքեց այն լուրը, թե Գորիսի քաղաքապետի թեկնածուների վրա ճնշումներ են գործադրվել:
«Ճնշումներ չեն կարող լինել: Եթե ուշադիր եք եղել’ ինքնաբացարկ հայտարարած թեկնածու Տիգրան Կարապետյանն ասել է, որ հանում է իր թեկնածությունը հանուն Գորիսի, որպեսզի հասարակության մեջ ավելորդ պառակտումներ չառաջանան»,- ասաց նա:
Կենսաթոշակային ռեֆորմի ճակատագիրն անորոշ է, նախագահը փաստաթուղթ է ստորագրում կուտակայինի մասին հակասահմանադրական օրենքը փոփոխելու վերաբերյալ, բայց դրա հետ կապված գործընթացները շարունակվում են: Անցյալ շաբաթ Կենտրոնական դեպոզիտարիան կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ է շնորհել նաև «Կոնվերսբանկ»-ին: Սա վճարահաշվարկային ծառայություններ մատուցող 7-րդ ընկերությունն է, որն ստացավ կուտակային համակարգի մասնակիցներին սպասարկելու, նրանց միջնորդի ծառայություններ մատուցելու իրավունք:
Դրանց թվում են նաև «Հայփոստ»-ը, ևս 5 բանկ՝ «Արարատբանկ»-ը, «Արդշինինվեստբանկ»-ը, «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»-ը, «Հայբիզնեսբանկ»-ը, «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը: Նկատելի է, որ այս ցանկի մեծ մասը Ռոբերտ Քոչարյանի հետ առնչվող կազմակերպություններ են, նրա աջակցությամբ, նրա պաշտոնավարման տարիներին ոտքի կանգնած: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը կուտակային համակարգի ամենասուր քննադատներից էր, որը հրապարակավ կասկածի տակ էր դնում քաղաքացիների միջոցների արդյունավետ կառավարումը ֆոնդերի կողմից: «Վերջին ճգնաժամի հետևանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրին, և չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Նման կորուստները փոխհատուցելու բավարար միջոցներ ՀՀ կառավարությունը չունի: Երաշխավորումը բյուջեով՝ փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թե որքան արդյունավետ կկառավարվեն քաղաքացիների կուտակած միջոցները՝ մեծ հարց է»,- ասում էր Քոչարյանը, բայց արի ու տես, որ հենց քոչարյանական «կազմակերպություններն» առաջինը ցանկություն հայտնեցին մասնակցել կուտակայինի հետ կապված ծառայությունների մատուցմանը: Ըստ մամուլի նյութերի՝ երկրորդ նախագահը համասեփականատեր էր «Հայբիզնեսբանկ»-ում, «Կոնվերսբանկ»-ում, տարբեր տվյալներով՝ 30-50 տոկոս բաժնեմաս ուներ, և այստեղ էր աշխատել երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Ղարաբաղյան ծագում ունի նաև «Արարատբանկ»-ը, որը կապում են Ֆլեշի Բարսեղի հետ, իսկ թե ինչ լայն հնարավորություններ, արտոնություններ և զարգացման հեռանկարներ է ստացել «Հայփոստ»-ի կառավարիչ Էռնեկյանը Քոչարյանի իշխանության օրոք, թվարկելն ավելորդ է: Հաշվի օպերատորների ընտրությունն սկսվել էր դեռևս նախորդ կառավարության օրոք: Որևէ քանակական սահմանափակում այս գործընթացում չկա, և ցանկացած բանկ, որը ձգտում է նման կարգավիճակ ստանալ, կարող է դիմել դեպոզիտարիա: Դրա համար կազմակերպությունը պետք է համապատասխանի ԿԲ կայքում նշված չափանիշներին: Որոշակի պահանջներ կան ծառայության որակի վերաբերյալ կամ սպասարկման պայմանների՝ որ հերթեր չգոյանան, կամ կազմակերպության տարածվածության: Օրինակ, «Հայփոստ»-ը բաժանմունքներ ունի ամբողջ Հայաստանում: Ներկայում վստահությունն այս գործընթացի նկատմամբ ընդլայնվում է: Ըստ Կենտրոնական դեպոզիտարիայի մարկետինգի և արտաքին կապերի դեպարտամենտի պատասխանատու Եվգենյա Էվոյանի՝ ընթացքում է ևս երկու կազմակերպության կարգավիճակ շնորհելու գործընթացը:
Նա մեզ պարզաբանեց. «Եթե դուք մասնակցում եք կուտակային համակարգին, պետք է, ասենք, կարողանաք կառավարել ձեր միջոցները, ֆոնդ ընտրել, ֆոնդի կառավարիչ ընտրել, քաղվածքներ ստանալ և այլն: Այս ամենը կատարում է հաշվի օպերատորը: Նա միջնորդ է ձեր և կենտրոնական դեպոզիտարիայի միջև, որը վարում է ցանկերը, պահպանում է ողջ տեղեկատվությունը»: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հաշվի օպերատորի կարգավիճակ ստանալու դիմում կներկայացնի նաև «Հայէկոնոմբանկ»-ը: «Այո, մենք չէինք մասնակցում գործընթացին, բայց հիմա մենք էլ ենք սկսել մտածել մեր հաճախորդներին հաշվի օպերատորի ծառայություն մատուցելու մասին»,- ասաց «Հայէկոնոմբանկ»-ի փոխտնօրեն Ռուբեն Բադալյանը:
Սյուզան Սիմոնյան
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այսօրվա նիստը հրավիրվել է ընդլայնված կազմով և նպատակ ունի 100-ամյակի միջոցառումերի պաշտոնական մեկնարկին ընդառաջ ևս մեկ անգամ ամփոփիչ կերպով հստակեցնել հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և ռազմավարությունը: Պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարբեր համայնքների հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ երեկ կայացել է նաև տարածքային հանձնախմբերի ներկայացուցիչների համաժողով, որի ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
Հանրապետության Նախագահն իր բացման խոսքում նշել է, որ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո անցած երեք տարիների ընթացքում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպչական և նախապատրաստական մեծ աշխատանք է իրականացվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում և Արցախում: ՀՀ արտաքին գործերի և Սփյուռքի նախարարություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ տարբեր երկրներում տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանն աջակցելու և համադրված ջանքերով տեղերում միջոցառումներ կազմակերպելու համար:
«Ողջունելի է, որ հանձնախմբերը տարածքներում համախմբել են տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև այդ աշխատանքներում ներգրավել են օտարազգի գիտնականների, պետական-քաղաքական գործիչների: Նպատակաուղղված աշխատանքներ են կատարում հոգևոր կառույցները, ավանդական կուսակցությունները, համահայկական և հասարակական կազմակերպությունները: Այս գործում մեծ ներդրում ունեն զանգվածային լրատվության միջոցները՝ հանրությանն իրազեկելու առումով:
Խիստ կարևորում եմ լոբբիստական և իրազեկման կառույցների դերը, ինչպես նաև տեղական վարչակարգերի հետ բազմաբնույթ աշխատանքների իրականացման նպատակով համագործակցության սերտացումը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող իրավական թղթածրարի մշակման աշխատանքներ են իրականացվում հայ իրավաբանների կողմից՝ անդրադառնալով անհատական, համայնքային և համազգային խնդիրներին:
Այս տարի իր դռները կբացի Կոմիտասի թանգարանը, իսկ հաջորդ տարի ապրիլին կավարտվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման և Հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակման ու նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները: Սրանք ընդամենը օրինակներ են հարյուրամյակի բազմաթիվ միջոցառումների շարքից:
Հարգելի՛ գործընկերներ,
Ավելորդ եմ համարում մանրամասնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խորհուրդը յուրաքանչյուր հայի համար: Մեծ եղեռնը և՛ հավաքական, և՛ անհատական ողբերգություն է. չէ որ գրեթե յուրաքանչյուրը հայ սեփական ընտանիքի ողբերգությամբ է ծանոթ ցեղասպանությանը: Հարյուրամյակի խորհուրդն ու դրա բարոյական, հոգեբանական և քաղաքական իմաստն ու նշանակությունը ներկայիս սերունդների համար չափազանց կարևոր է: Ահա թե, ինչու եմ համարում, որ յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր պատասխանատվության զգացումն ու չափաբաժինը հարյուրամյակի առիթով կազմակերպվելիք միջոցառումների հաջող անցկացման և միջազգային իրազեկման նոր մակարդակ ապահովելու գործում:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցը մեծ խորհուրդ ունի, և՛ համայն հայության, և՛ համայն մարդկության համար: 1915թ. ապրիլի 24-ը ոչ միայն մինչ այդ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացման և հայրենազրկման սկիզբն է, իհարկե, հաշվի առնելով, որ այս ամսաթիվը և տարեթիվը խորհրդանշական է, այլև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, 20-րդ դարի այլ ցեղասպանությունների նախատիպը:
Մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ: Ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք յուրահատուկ առաքելություն ունենք նման արհավիրքների կրկնությունը բացառելու գործում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մենք ևս մեկ անգամ հստակ կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել այս աննախադեպ ոճիրը:
Մենք, որպես պետություն և որպես ժողովուրդ, շարունակելու ենք մեր պայքարը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, այնպես էլ աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված այս ամենասարսափելի հանցագործության դեմ:
Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տասնամյակներ շարունակ պարզ, հասկանալի ու ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունների դեմ թուրքական պետության պաշտոնական դիրքորոշումը վերջնականապես ձախողվել է՝ առաջացնելով բազում հարցեր պաշտոնական դիրքորոշման նկատմամբ թերահավատ թուրք երիտասարդության շրջանում, և այդ շարքերն օրեցօր ստվարանում են. հազարավոր թուրքեր պահանջում են սեփական կառավարությունից ճշմարտության բացահայտում և արդարություն: Աշխարհի տարբեր անկյուններում բազմաթիվ են կոչերն ուղղված ժամանակակից Թուրքիայի ղեկավարությանը՝ վերջ դնելու անհեռանկարային ժխտողական քաղաքականությանը: Թուրքիան պետք է գիտակցի, որ Օսմանյան կայսրության հանցակիցը չդառնալու համար պատմության հետ առերեսումը և Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն:
Այս հանգամանքը և փաստերի անառարկելիությունը ստիպում են Թուրքիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել: Պաշտոնական Անկարան նոր քայլեր է անում, որոնք երբեմն աննախադեպ են իրենց ձևի մեջ, սակայն, ցավոք, բովանդակությամբ արտացոլում են Թուրքիայի հարյուրամյա՝ նույն ժխտողական քաղաքականությունը: Դրանք կրկնում են թուրքական հայտնի դիրքորոշումները՝ փորձելով խեղաթյուրել պատմությունը, նույն հարթության մեջ դնելով զոհին ու դահճին, համեմատելով անհամեմատելին: Անցյալի ծանր բեռից ազատվելու միակ հնարավոր քայլը, որ պետք է կատարի Թուրքիայի իշխանությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Կիսաքայլերով լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ:
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հրավերներ եմ ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին 2015թ. ընթացքում և հատկապես ապրիլի 24-ին այցելելու Հայաստան` մեզ հետ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անմեղ նահատակների հիշատակին, ձայն բարձրացնելու Ցեղասպանության հանցագործության դեմ առհասարակ և արձանագրելու, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց իրեն բաժին հասած այս փորձությունը, այլև վերածննդի ճանապարհը բռնեց: Մենք ոչ միայն վերապրեցինք, այլև կարողացանք համախմբվել և ուղի հարթել դեպի անկախ պետականություն` ազատ Հայաստան:
Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին:
Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Ավելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ և թուրք ժողովուրդները կկարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին: Հենց այդ նպատակով էինք փորձում և հիմա էլ հավատարիմ ենք մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, թեև նման ցանկության մասին միայն հայտարարություններ ենք լսում թուրքական կողմից: Եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին:
Հարգելի՛ գործընկերներ,
Թող որևէ մեկը հույս չտածի, թե Մեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծն է: Այն սոսկ մեր վիշտը սգալու, հոգեպես ամրապնդվելու և արդարությանը հասնելու յուրատեսակ հանգրվան է: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք ներկայանալու ենք նորացված նպատակադրումներով և մեր առջև դրված համահայկական նոր օրակարգով, առավել հզոր պետականություն և առավել համախմբված Սփյուռք ունենալու մեր ծրագրերով: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի շրջան և ազդարարելու ենք հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ:
Մենք կարևոր ուղերձ ունենք համայն աշխարհին. մենք նոր թափով, եռանդով ու վճռականությամբ ենք շարունակելու մարդկության դեմ ուղղված հանցագործության` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող մեր պայքարը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ընդգծելով, որ հաշված ամիսներ են մնացել մինչև 2015թ., Նախագահն առաջարկել է այս ներկայացուցչական հանդիպումն առավելագույնս արդյունավետ օգտագործել կառուցողական մտքերի փոխանակման և օգտակար առաջարկությունների ներկայացման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Ամենայն Հայոց Հայրապետի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ Նախագահը քննարկել է պետության և հայոց եկեղեցիների միջև հաստատված սերտ համագործակցությանը, ինչպես նաև Հայրենիքին և Սփյուռքին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայոց ազգային կյանքում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հայապահպան կարևոր դերակատարությանն ու համահայկական խնդիրների լուծման գործում բոլոր Նվիրապետական Աթոռների, թեմերի և կառույցների ամենօրյա ջանքերին: Կարևորվել է նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների մասնակցությունը ՀՀ Նախագահի գլխավորությամբ գործող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, այդ ուղղությամբ և ընդհանրապես՝ համազգային կարևորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից Սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքը:
Հանրապետության Նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ վերոնշյալից բացի քննարկել է սիրիական ճգնաժամի պատճառով այդ երկրում ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցների ներկա վիճակի և նրանց ցուցաբերվող աջակցության հետ կապված հարցեր:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ ժողովրդի միասնականությունը աշխարհասփյուռ հայության բարօրության, ինչպես նաև հայության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու կարևոր գրավական է, և այսուհետ ևս պետք է շարունակել ու առավել արդյունավետ դարձնել ջանքերի համադրումը ազգային խնդիրների լուծման ուղղությամբ:
Թերթը ՀՀ բոլոր նախարարություններին գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե որքան գումար են վերջիններս ծախսել 2013թ. ընթացքում հեռախոսային խոսակցությունների վրա:
Թվով 18 նախարարությունից առայժմ ստացել ենք յոթի պատասխանները, որը ներկայացնում ենք ստորև:
Նշենք, ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, Տարածքային կառավարման, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված պատասխաններից պարզ դարձավ, որ ամենաշատ գումար ծախսել են Արտակարգ իրավիճակների նախարարությունը 52 մլն 505.74 դրամ (այն ներառում է հեռախոս, ինտերնետ, բջջային և կապի այլ միջոցների գումարը) և Առողջապահության նախարարությունը 21 մլն 040.615 դրամ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի նամակում ասված է. «ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը հեռախոսային խոսակցությունների վրա 2013 թ. մեկ ամսում միջինը ծախսել է 311,4 հազար դրամ գումար, իսկ 2014 թ. առաջին եռամսյակում՝ միջինը 279,2 հազար ՀՀ դրամ»: Պատասխանում չի նշվել որքան գումար է ընդհանուր առմամբ ծախսվել հեռախոսային խոսակցությունների վրա:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը չի պատասխանել մեր կողմից ուղարկված գրավոր հարցմանը: «Ի պատասխան Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հեռախոսային խոսակցությունների համար ծախսված գումարների վերաբերյալ Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ նշված ծախսերը չեն գերազանցել ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարները, որոնց հաշվարկման հիմքը ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի 1956-Ն որոշմամբ հաստատված նորմաներն են»,- թերթի փոխանցմամբ նշված է աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Անանյանի պատասխանում:
168 ժամ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.