23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը:
Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Տարեսկիզբը հայության համար հատկանշվում է քաղաքական բավական ուշագրավ և կարևոր մի իրադարձությամբ: Ձայնը հնչեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետության կողմից: Պաշտոնական Մոնտեվիդեոն հանդես է գալիս նման հայտարարությամբ, հայության ամենահրատապ խնդրի շուրջ շատ կարևոր նախանշում կատարելով:
2015 թ. հունվարի 4-ի ստորագրությունը կրող Մոնտեվիդեոյի հայտարարությունը բառացիորեն ասում է «Արտգործնախարարն այսօր հանդիպում է ունեցել Հայ Դատի Հանձնախմբի միջազգային և Ուրուգվայի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Հարավային Կովկասի վերաբերյալ հարցեր, և արտգործնախարարը բուռն կերպով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները, որոնք հետզհետե շարունակվում են: Նույնպես, նկատի ունենալով Մինսկի խմբի արած աշխատանքը, որի եզրափակմանը պիտի սպասի Ուրուգվայը ճանաչման առընչությամբ իր որոշումը որդեգրելու համար, շեշտել է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հատկապես նկատի ունենալով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Հայաստանի Հանրապետության հողային ամբողջականության սկզբունքը` 1918 թ. մայիսից մինչև 1920 թ. դեկտեմբերն անկախացած Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ:
2011-ից ի վեր Արցախի ճանաչման միտող Ուրուգվայի հայտարարությունները` Ստեփանակերտ-Մոնտեվիդեո փոխադարձ այցելությունները, Արցախի Հանրապետության նախագահի այցը Ուրուգվայ և այս բոլորի զուգահեռ ճանաչում նախապատրաստող պաշտոնական հայտարարությունների հետևողական վարքագծում կարելի է դիտարկել հունվարի 4-ի հայտարարությունը:
Նահանգային և քաղաքապետական մակարդակների վրա արձանագրվող ճանաչման արշավին զուգահեռ այսուհանդերձ սա իրավական առումով առանձնացվող քայլ է՝ տվյալ պետության պաշտոնական խոսափողի կողմից ամրագրված: Այս ամփոփ հայտարարության մեջ արձանագրվում է.
Ա. Մոնտեվիդեոն խստորեն դատապարտում է Բաքվի ռազմատենչ վարքագիծը, հրադադարը խախտելու դեպքերը: Սա պատասխանատվությունների հավասարեցման այլևս անհեթեթ դարձած մոտեցումը շրջող կարևոր նշում է:
Բ. Ուրուգվայը հարգում է միջազգային պայմանավորվածությունը` բանակցային գործընթացը շարունակելու և դրա համար ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական առաքելությունն ընդունելու և հետևաբար նախքան որևէ որոշում կայացնելը, սպասելու միջնորդների կատարելիք եզրակացությանը:
Հայտարարության այս բաժինը ակնկալելի է, միջազգային ընտանիքի մաս կազմող որևէ պետությունից, որն ուղղակի կամ անուղղակի իր համաձայնությունը տվել է հակարմարտության լուծման համար միջնորդական առաքելության այս ձևաչափին: Սա հիշեցում է նաև ԵԱՀԿ-ի հարթությունից այլ հարթություն տեղափոխելու ադրբեջանական նկրտումները մերժելուն:
Սպասել եզրակացության, ապա հայտարարել պաշտոնական կեցվածքը: Իսկ պաշտոնական կեցվածքի նախաբանը արդեն կատարվել է: Հարգել հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Գ. Սակայն հարցը միայն Արցախի ինքնորոշման իրավունքին չի վերաբերում: Հայտարարությունը, երբ խոսում է ընդհանրապես հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, նկատի է ունենում նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որի հիմքն է, ըստ Ուրուգվայի արտգործնախարարության, 1918 թ. մայիսից մինչև 1920 թ. դեկտեմբերն անկախացած Հայաստանի Հանրապետության սահմանները:
Սա արդեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների փոխկապակցվածության ճիշտ տարբերակն է: Բայց սա դեռ միակը չէ:
Տարեվերջին որդեգրված Բոլիվիայի Ազգային ժողովի Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշումը ուշագրավ էր հայրենազրկման (Արևմտահայաստանի նշումով ընդգծված) գաղափարի ներառումով: Հիմա, Հարավային Ամերիկայի մի ուրիշ մայրաքաղաք, միջազգային ընտանիքին կոչ է անում ճանաչելու հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Դիպաշարերը այստեղ ևս ունեն հետևողական տրամաբանություն: Հարավային Ամերիկան նպաստավոր ենթահող է քաղաքական աշխատանքներ կենտրոնացնելու թե՜ ցեղասպանության և թե՜ ինքնորոշման իրավունքի պետական ճանաչումներ ապահովելու: Հայտնապես 100-ամյակին իբրև թիրախ ընտրված են այն երկրները, որոնք մեծ շահերով կապված չեն Անկարայի և Բաքվի հետ, և որոնք կարող են ավելացնել հայության պատմական թե ինքնորոշման իրավունքները ճանաչող պետությունների շարքը միջազգային ընտանիքում:
Անկարայի և Բաքվի հարցերը փոխկապակցելու խաղի կանոնները շրջվել են սրանով: Այսպիսով Մոնտեվիդեոն ազդարարում է, թե կարող է դառնալ առաջին պետությունը, որը միաժամանակ կճանաչի Արցախի անկախությունը և Հայաստանի Հանրապետության նախախորհրդային սահմանները:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակին ընդառաջ, կոչ կ’ուղղեմ համայն սփիւռքահայութեան, մասնաւորապէս Լոս Անճէլըսի, Փարիզի, Պուէնոս Այրէսի եւ Մոսկուայի հայութեան, եւ ինչու չէ նաեւ բոլոր այն գաղութներուն, ուր կան այսօր ստուար հայկական համայնքներ, որպէսզի ԳԷԹ ՄԷԿ ԱՆԳԱՄ՝ ՅԱՆՈՒՆ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ, մեր կուսակցական, յարանուանական, միութենական, ընկերային-հասարակական եւ անհատական բոլոր տեսակի տարակարծութիւնները մէկդի թողած, փողոց ելլենք Ապրիլ 24, 2015-ին, հարիւր հազարով եւ պահանջատիրութեան անդրդուելի կամքով, քալենք խրոխտ եւ հպարտ, ցոյց տալու համար համայն մարդկութեան, մասնաւորաբար Արեւմտեան աշխարհի քաղաքակիրթ կոչուած եւ անտարբեր հասարակութեան, որ մենք կանք եւ պիտի մնանք, այսօր, վաղը եւ միշտ, ու պիտի չդադրինք արդարօրէն պահանջելէ մեր խողխողուած անմեղ նահատակներուն անգերեզման, արիւնաթաթախ մարմիններուն կտակը՝ ճանաչում, հատուցում եւ վերահաստատում բոլոր ա՛յն իրաւունքներուն որոնք մերն էին հազարամեակներ, Օսմանեան թարախակալած կայսրութեան ժառանգորդ՝ Թուրք պետութենէն:
Արդարեւ՝ ո՛չ ոք կրնայ ուրանալ որ պայքարելու եւ պահանջելու իրաւունքը տրուած է իւրաքանչիւր հայուն անխտիր: Իւրաքանչիւր հայու պահանջատիրութիւնը պայմանաւորուած է իր արեան կանչով եւ Հայ Դատի լուծման հանդէպ իր ունեցած խրոխտ եւ հաստատ վճռակամութեամբ: Մարդոց կողմէ գրուած որեւէ իրաւական փաստաթուղթ չի կրնար եւ իրաւունք չունի սահմանափակելու հայ ժողովուրդի սեփականութեան իրաւունքը իր հայրենական հողերուն ու ազգային դարաւոր արժէքներուն նկատմամբ: Ի՜նչ փոյթ՝ որ թուրք պետութիւնը չէ ճանչցած եւ ո՛չ ալ կ’ուզէ ճանչնալ այսօր մարդկային եւ ազգային արժէքներն ու սրբութիւնները, եւ ատոր վկաներն են այսօր՝ մեր դարաւոր ճարտարապետական կոթողական արժէքներու կանխամտածուած եւ իրագործուած աւերումները:
Անցնող տարիները վկայեցին եւ փաստեցին որ հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչում ապահովելու ճիգերը վերածուեցան միօրինակ եւ միանշանակ ուղեղներ թմրեցնող եւ «Սպանական դղեակներ» հիւսելու կեղծ հեռանկարային ամուլ աշխատանքի: Կը բաւէ որ մենք հայերս խորապէս կը հաւատանք մեր պահանջատիրութեան արդար իրաւունքին, որովհետեւ մեզմէ իւրաքանչիւրի հոգւոյն մէջ չէ սպիացած վէրքը այն ահաւոր, անմարդկային սպանդին որուն վկաները եղան մեր հայրերն ու մայրերը: Ընդհակառակը՝ կ’արիւնի ան ամէն օր…:
Ժամանակն է որ ազգովին գօտեպնդուինք եւ զգաստանանք: Այսուհետեւ մեզի պէտք չեն սգահանդէսները, հոգեհանգիստները, լացն ու ողբը, որովհետեւ որպէս վերականգնեալ եւ պահանջատէր ժողովուրդ՝ իրաւունք չունինք այլեւս ողբալու, այլ՝ միայն ջերմացնելու եւ աշխուժացնելու մեր պահանջատիրութիւնը բոլոր միջոցներով եւ կերպերով: Հայ ժողովուրդի փրկութիւնը իր հաւաքական ներոյժին մէջն է, որ պէտք է դրսեւորուի մեր նոր սերունդի միջոցաւ, սկսելով ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչումէն:
Հայոց ցեղասպանութեան 50-ամեակը կարեւոր անկիւնադարձ մը եղաւ հայ ժողովուրդի պահանջատիրութեան զարթօնքի տեսակէտէ: Սակայն այսօր 100-ամեակը պէտք է ըլլայ ո՛չ միայն ճանաչողութեան աշխատանքի աշխուժացում, որ իր բարերար դերը կրնայ ունենալ, այլ՝ հատուցման իրաւական յստակ ծրագիրներու ձեւաւորում՝ պահանջելու եւ տիրանալու հազարամեայ մեր հողերուն, կալուածներուն, հոգեմտաւոր հարստութեանց ու կոթողներուն, եւ այն ամէն ինչի որ մեզի կը պատկանէր՝ արդա՛րօրէն մեր նախահայրերու աշխատանքով եւ քրտինքով վաստակուած:
Նկատի ունենալով որ գրեթէ 100-ամեակի ոգեկոչման ակիւնադարձին ենք, կ’առաջարկեմ ոգեկոչման երեք տարբերակ, մասնաւորաբար Լոս Անճէլըսի հայութեան.-
1. Հարիւր հազարնոց քայլերթ մը սկսիլ Հոլիվուտի Ս. Կարապետ Եկեղեցիէն եւ աւարտել Տաճըրզ Սթատիումի (Dodgers Stadium) դաշտին մէջ:
2. Հարիւր հազարնոց երկրորդ քայլերթ մը սկսիլ Կլէնտէյլի Ս. Աստուածածին Եկեղեցիէն եւ աւարտել Փասատինայի Ռոզ Պոլի (Rose Bowl) դաշտին մէջ:
3. Հարիւր հազարնոց երրորդ քայլերթ մը սկսիլ Մոնթէպէլլոյի Ս. Խաչ Եկեղեցիէն եւ աւարտել Մոթէպէլլոյի Նահատակաց Յուշարձանին մօտ:
Վերեւ նշուած տարբերակներէն որեւէ մէկը պիտի գրաւէ ամբողջ Ամերիկայի ուշադրութիւնը, նկատի ունենալով որ գէթ ա՛յս անգամ հեռուստատեսութեան մեծ ընկերութիւններ (CBS, NBC, KTLA) պիտի ուզեն այս պահանջատիրութեան եզակի, պոռթկումային քայլերթը անպայման նկարահանել եւ հեռասփռել իրենց կայաններէն:
Բոլորս անխտիր պիտի մասնակցինք այս քայլերթին, մեծ ու փոքր, երիտասարդ թէ ծերունի, այր եւ կին, եւ ուր որ ալ ըլլայ հաւաքավայրը՝ հոն պիտի վերանորոգենք մեր ուխտը հաւատարիմ մնալու մեր նահատակներու արիւնաթաթախ կտակին….
Գէթ մէկ անգամ մեր տարակարծութիւնները մէկդի թողած՝ հաւաքական միահամուռ ճիգով եւ միասնականութեան բիւրեղ ոգիով յաջողցնենք այս քայլերթը, որպէսզի ի լուր աշխարհին հնչեցնենք հայ ժողովուրդի արդար պահանջատիրութիւնը:
Վասն հաւատոյ…
Վասն հայրենեաց…
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
Մեր օրերում, երբ մենք բոլորս ընդվզումով կորցրել ենք մեր հավատը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, ովքեր, ինչպես նաև նրանց մոտ շրջապատը բացարձակորեն և անխնա հարստահարում են երկիրը, քաղաքների աշխատավորությանը, գյուղացիությանը, որոնք, անկախ արհմիությունների և դատարանների բացակայության պարագայում, անպաշտպան ենթարկված են նրանց և վերնախավի հայեցողությանը և այդպիսով վտանգում հայ ազգի և երկրի ապագան, ապա հնարավոր էր, որ հայ եկեղեցին այն հաստատությունը հանդիսանար, որը իր կեցությամբ կհակակշռեր նրանց կամայականություններին և չնայծ որ զարմանալի կլիներ, սատար կկանգներ հայաստանաբնակ հասարակ ժողովրդին: Սակայն մենք վկան ենք մի այնպիսի իրականության, որը վեր է մեր բոլորի երևակայություններից:
Այն է, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգեն Երկրորդը, հայ առաքելական եկեղեցին դարձրել է իշխանությունների հաճոյակատարը և նրանց շեփորահարը: Բացի այդ, նա կաթողիկոսական աթոռին ոչ հարիր իր արարքներով և հայտարարություններով զարմանալի արագությամբ, սպառում է իրեն, թե՝ որպես անձնավորություն, թե՝ որպես հայ, թե՝ որպես հավատացյալ և թե՝ որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս, ով հաջորդել է, Ամենայն Հայոց Կաթողիկոսներ՝ Խրիմյան Հայրիկին, Վազգեն և Գարեգին առաջիններին, այն կաթողիկոսներին, որոնց հայ ժողովուրդը գնահատել և մեծարել է իրենց ազգանվեր աշխատանքների և կեցվածքի շնորհիվ: Փոխարեն նա հետևեր և շարունակեր նրանց մեծարման արժանի աշխատանքները, իրեն թույլ է տալիս այնպիսի սայթաքումներ, որ դրանց հետևանքուվ ժողովրդի մոտ նա այնպիսի համբավ է վայելում, որը երևի եզակի է լինելու հայոց պատմության մեջ, որ և ժողովուրդը և գիտակները և համարձակները և հայ ժողովրդի և հայ եկեղեցու ապագայով տագնապած անձինք (ոչ թե, մի քանի «տգետներ») լավ իմանալով, որ նա ցմահ է ընտրվել, նրա հրաժարականն են պահանջում:
Վերջին տարիներին հայ հասարակայնությունը վկան է նաև մի այլ աննախադեպ երևույթի, սփյուռքի շատ հոգևորականների բացեիբաց ընդվզումը նրա դեմ: Ըստ երևույթի Էջմիածնի կաթողիկոսարանի և սփյուռքի որոշ էջմիածնական թեմերի հարաբերությունը այնքան է սրվել, որ որոշ արքեպիսկոպոսներ և հոգևորականներ հրապարակայնորեն և այո, հոգևորականին ոչ վայել նրան հանդիմանում են, ինչպես նաև այլևայլ պիտակներ են կպցնում, որը ընդհանուր առմամբ պատիվ չի բերում ոչ միայն համայն հայության և հայ եկեղեցուն, այլ մասնավորապես Էջմիածնի կաթողիկոսական աթոռին:
Հայ հասարակայնությունը զարմանքով հետևելով եկեղեցու ներսում ընթացող նման սրված և ոչ հարգալից պայքարին, որը ընթանում է հայկական թերթերի ու կայքերի էջերում, ինքն իրեն հարց է տալիս, այս ո՞ւր է գնում հայ եկեղեցին, ինչի՞ համար է նման սրված և կարելի է ասել՝ ոչ պատվաբեր պայքարը:
Իհարկե, շատ ճշմարտություններ և մանրամասնություններ մնում են մթության մեջ և հայ հասարակությունը անկարող է, իր բազմաթիվ հարցերի վերջնական և սպառիչ պատասխանները ստանալ և գնահատել, թե՝ որքան են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նրա եղբայրը՝ արքեպիսկոպոս Եզրասը չարաշահում կաթողիկոսական աթոռը և իրենց դիրքը՝ հանուն իրենց անձնական շահերի, որում նրանց մեղադրում են նրանց քննադատողները: Բայց որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր բարձրության վրա չէ, դա կարող ենք նաև մենք՝ ինքներս նկատել և գնահատել…
Ոչինչ ավելի լավ չի սահմանում նրա, իր աթոռին ոչ վայել պահվածքը, քան հայկական հեռուստատեսությամբ արած նրա հայտարարությունները և հանրությանը հայտնի գործելակերպը՝
-Նա ՝ իր քննադատողներին՝ «նենգ», «չարակամ», «տգետ», «անտեղյակ» է անվանում և իր անձը պատնեշելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի տիտղոսով, իրեն անքննադատելի է համարում:
-Նա՝ չի ցանականում լեռների վրայի եկեղեցիները կործանումից փրկել, բայց ամենուր, նույնիսկ Երևանի կենտրոններում, նոր եկեղեցիներ է կառուցել տալիս: Եվ այդ այն դեպքում, երբ աղետի գոտում դեռ շատ բազմազավակ մայրեր, թիթեղյա տնակներում են ապրում և շատ հայ ընտանիքներ թուրքերին են ապավինել, տաք անկյուն և աշխատանք փնտրելու համար և իրենց մանկահասակ երեխաներին նրանց մոտ աշխատանքի են ուղարկում: Տարիներ առաջ հայկական կայքէջերում կարելի էր կարդալ այն 8-ը տարեկան երեխայի առօրյաի մասին, ով իր թուրք գործատիրոչը ավելի էր սիրում, քան ընտանիքին լքած իր հորը: Սա մի շառաչույն ապտակ էր Հայաստանի իշխանությունների երեսին, իհարկե եթե նրանք հասկանային, թե դա ինչ է նշանակում և եթե նրանք այդքան հեռացած չլինեին ժողովրդից և մինչ այդ աստիճանի չարհամարեին նրան:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երևանում քանդել է տալիս ակադեմիական շենքը, տեղը ի՞նչ ավելի կարևոր շինություն կառուցելու համար…, Երևի նրա մոտ հարցը այսպես է դրված՝ ինչո՞ւ չնմանվել Գագոներին, Գռզուներին, այլևայլ «օլիգարխներին» և նրանցից օրինակ չվերցնել: Ինչո՞ւ չունենալ սեփական պալատ:
-Ինչո՞ ւ Քոչարյանների, Սարգսյանների նման չգործադրել անառարկելի իշխանույթուն և չվայելել իշխանական աթոռի փառքը և հմայքը:
Նա քամահարում է ոչ միայն հայաստանաբնակ ժողովրդի կարծիքը և ցանկությունները, այլ շվեցարահայ թեմի երեսին շպրտում է ՝ «ես ինչ ուզեմ, կանեմ»: Այո նա հզոր է, նա ամենակարող է, ով ի վերուստ և ի պաշտոնե իրավունք ունի որոշում կայացնելու, հրամաններ տալու: «Ես եմ ճշմարտությունը, չկա այլ ճշմարտություն ինձանից բացի», չէ որ նման ասացվածքը, կրոնական օրինականություն է հայտարարված…
Որ հայ առաքելական եկեղեցու շատ սպասավորներ իրենց արարքով, նաև իրենց կրոնական մոլեռանդ քարոզչությամբ, երբեմն բացասական ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի դարավոր պատմության ընթացքում, դա անառարկելի է: Րաֆֆին, իր վեպերի հերոսների լեզվով, բազմիցս քննադատել է ժամանակի հայ հոգևորականներին, իրենց բացառապես Աստծոն ապավինելու քարոզչության և կեցվածքի պատճառով, ինչը որ կործանարար է եղել հայ ժողովրդի համար: Անցյալից մեզ քաջ հայտնի է հետևյալը՝ պարսիկ, կամ թուրք մոլաները միացած խուժանին, իրենց հավատացյալներին քարոզում էին՝ կոտորեք անհավատներին և ձեր տեղը դրախտում ապահովված կլինի, իսկ այդ նույն ժամանակ հայ հոգևորականները փակվում էին եկեղեցիններում, մոմեր էին վառում և քարոզում՝ «ով սուր վերցնի, սրով էլ կընգնի»:
Դեռ վերջերս մենք վկան եղանք հայ եկեղեցու կողմից բանեցրած՝ անզորության և ապակողմնորոշող ցայտուն մի այլ օրինակի: Սիրիայում իսլամիստները զենքի ուժով գրավում են Քեսաբը, տեղի հայ բնակչությունը անգամ ևս լքում է իր հայրենիքը, իսկ հետո ի՞նչ է կատարվում, հետո, ամենուր հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվում և երկու կաթողիկոսներից մինչև սովորական հոգևորականներ, Աստծո փեշերն են քրքրում և «հայոց տառապյալ հոգու համար» թողություն հայցում, ինչպես միշտ, ինչպես ամենուր: Այսունման կեցվածքը ոչ միայն ամոթալի է, այլ ստորացուցիչ, նվաստացնող:
Դեռ ի սկզբանե, հայ առաքելական եկեղեցին, նախ թագավորական զենքի ուժով և հետո քրիստոնեական ուսմունքի քարոզչությամբ, ստորացնելով հայ ժողովուրդին, կռտել է նրան, նրանից խլել է նրա ինքնապաշտպանության բնական բնազդը, ակամայից նրան դարձնելով իշխանների և օտար նվաճողների վասալ, կամակատար:
Մինչև ե՞րբ է ցանկանում հայ եկեղեցին նման սխալ և ապակողմնորոշող քարոզչությունը շարունակել: Մինչև եր՞բ են ցանկանում Հայաստանի իշխանությունները, և նրանց հոգևոր սպսավորները, հայ ժողովրդին կրոնով մոլորեցնելով, ամրապնդել իրենց աթոռը:
Տարիներ առաջ էր, դոկտոր պրոֆեսոր Ա. Բ-ը Հ1 հեռուստակայանով մեկ ժամ խոսեց հայ ժողովրդի պատմության և եղեռնի շուրջ, իսկ վերջում ոչ այլևայլի, հանդիսավոր և հպարտորեն, ասես ինչ որ գյուտ արած լիներ, հայտարարեց. «Աշխարհում ինչ որ կատարվում է, կատարվում է Աստծո կամքով»: Դրան կարելի էր նաև, հենց այնպես, ուշադրություն չդարձնել: Բայց հարցը նրանումն է, որ այսօր Հայաստանում՝ նմանը, ասես մի ինչ որ պակասության տեղը լրացնելու համար, կրկնում են շատերը, Զորի Բալայանից սկսած, մինչև Էջմիածնի տաճարում՝ ծնկաչոք եկած, բոլոր տեղերից կտրված ձեռքները աղերսանքով դեպի երկինք պարզած, քարերը համբուրող, տառապյալ և անօգնական կանայք:
Սամվել Հովասափյան
Բեռլին
… Բոլոր անէծքները թափուելու են վրադ ու հալածելու են քեզ, զի Աստծոյ պատուիրանները չպահպանեցիր…
Տէրը քեզ վրայ երկրի հեռու ծագերից մի ազգ է բերելու, ազգ, ում լեզուն չես հասկանալու…
Աներես ու անզգամ մի ազգ, որ ոչ ծերերին է պատուելու եւ ոչ էլ երիտասարդնելի է ողորմալու…
Որովհետեւ յանուն շռայլութիւնների դու քո Աստծուն ուրախ եւ յօժար սրտով չծառայեցիր…
Գիրք Բ Օրինաց, ԻԸ, 15, 50
Սրիկաները միշտ ջանացել են իրենց ստոր արարմունքները քօղարկել կրօնական շահերի բարոյականութեան եւ հայրենի երկրի նկատմամբ հաւատարմութեամբ։
Հայնրիխ ՀԱՅՆԷ
Խիղճն ու ամօթը յօրինել են հրեաները։
Ադոլֆ ՀԻՏԼԵՐ
Խօսքը Չիկագոյի սպանդանոց առաջնորդող այն այծի մասին է, որ բարեյաջող անցնելուն պէս, ետեւում կամրջակը բացւում էր եւ նրան հնազանդօրէն հետեւող, արեան հոտից խրտնող ու համառող ոչխարի հօտը գահավիժում էր մորթուելու։ Բայց պատահեց այնպէս, որ կամրջակը խափանուելով աւելի շուտ բացուեց եւ նոխազն ինքը առաջինը յայտնուեց մորթազերծարան…
Հայերը իրենց երրորդ հազարամեակի շեմին ունեցան այդպիսի մի նոխազ, որ համոզուած է, թէ ոչխարի հօտը մորթուելն է լինելու իր շռայլ, անառակ, շուայտ եւ խենէշ կեանքն ապրելու գինը։ Եւ վստահաբար, հեթանոսների ու անաստուածների աղմուկ‐աղաղակի ծածկոցի տակ, անձնապաստան խոճիճը Հայ ժողովրդին տանում է մի սպանդանոց, որ ռուսական անօրէն եւ արդէն բացայայտ սանձարձակ կայսրութիւնն է։
Եւ «մտաւորական» ակադեմիկոսները ազգային հերթական ողբերգութեան ընդառաջ՝ գրում են, թէ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի առաջին նախազգուշացումից յետոյ կեղծ-կաթողիկոսին հղած «երկրորդ նամակն իր ոճով, ձեւով եւ բովանդակութեամբ առաւել քան անպարկեշտ է, ողջամտութեան բոլոր սահմանները հատող եւ խորը հիասթափութիւն է առաջացնում հայ եկեղեցու յուրաքանչիւր հավատացեալի հոգում: Բարձրաստիճան եկեղեցականին վայել չէ նման ոճով, լեզուով եւ դարձուածքներով արտահայտուել Հայոց Եպիսկոպոսաց առավել եւս նրա Գահակալին»:
Որպիսի՜ անպատկառ երեսպաշտութիւն… Որպիսի՜ սաւոկային բարոյականութիւն… Եկեղեցին, որ ինքը՝ Ժողովուրդն է, հասել է կործանումի եզրին եւ ազգի «իմաստունները» պարկեշտութեան դասեր են տալիս հոգեւորական առաջնորդի իր սրբազան պարտքը կատարող եւ Ճշմարիտ ու անթաքոյց խօսքով ապիկար մարդուն, կաթողիկոսական գահը պղծող Գարեգին Ներսիսեանին։
Այնուհետեւ ակադեմիականները յորդորում, թէ կեղծ‐կաթողիկոսին «իզուր պետք չէ զրպարտել»: Բանից պարզւում է, որ սյս «ուսեալ‐գիտունների» համոզումով զրպարտել կարելի է, եթէ «իզուր չէ», այլ որոշակի նպատակ է հետապնդում։ Եւ հենց այդ որոշակի նպատակով իրենք են զրպարտում Նուրհան արք. Մանուկեանին՝ մեկապարանոց մի «փաստով», թէ նա իբր «երեւակայական թշնամի է յօրինում եւ “քաջաբար” պայքարում նրա դէմ» Այնուհետեւ յանդգնում են նաեւ սռնուազն խրատել. «Պատշաճ չէ, որ նման բարձր հոգեւորականն իջնի նման մակարդակի: Հոգեւորական այրը պարտաւոր է պահպանել եկեղեցականին վայել տարրական քաղաքավարութիւնը` յօգուտ Հայ Եկեղեցու կարեւոր եւ բացառիկ շահերի»:
Բայց նախընթաց դրուագներին ծանօթ իմ Ընթերցողը արդէն հրապարակուած փաստերով եւ վկայութիւններով տեղեակ է այն ցինիզմին՝ շնականութեան, որ «Հայ Եկեղեցու կարեւոր եւ բացառիկ շահերը» ծախու հանած Գարեգին Ներսիսեանի «հոգեւոր առաջնորդութեան» կերպն է եւ գործողութիւնների արգահատելի նպատակը։
…Դեռեւս նախանցեալ դարից ռուսական գաղութային տիրակալութեան մէջ հայ մեծահարուստները՝ ջոջապետերը իրենց ոչ միայն շքանշանակիր կուրծքը աւելի զարդարելու, այլեւ պալատական արտօնութիւնները ամբողջապէս շահարկելու նպատակով, ստորացուած ժողովրդին շարունակ զսպում էին այն նկատառումով, որ գանգատուելու կամ բողոքելու դէպքում օտարի դիմաց բացայայտում են ազգային արատները, որոնք «հային պատիւ չեն բերի»… Այս արատաւոր եւ «հաւատարիմ ու հնազանդ» երեւալու ստրկամիտ ստորաքարշութիւնը շարունակուեց նաեւ ամբողջ 20-րդ դարի ընթացքին եւ փոխանցուեց արդէն 21-րդին… Եւ արդէն գրեթէ երկու հարիւր տարի է, ինչ հայութիւնը «հայրենասիրաբար» եւ խաբուսիկ հայրենասիրութեամբ փորձում է իր մէջ թաքցնել թարախի պալարները՝ աւելի ու աւելի բորբոքելով մեր ազգային մարմնի մէջ սկսուած փտախտը։
Ի դէպ, նրանք, այդ ակադեմիական‐վարժապետները հաստատապէս անգէտ են այն խորհրդին, որպիսին է «Եւ ծանիջիք զճշմարտութիւնն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ» (Յովհ. Ը 32)։ Հասարակութեան մակերեսին եկած գորշ ու աղտոտ փրուրը ճշմարտութիւնից պաշտպանուելու վահան է ընտրել նորատարազ politcorrect-ութեան (հայերէն՝ քաղաքա-վարութիւն) մասին ականջի ծայրով լսածը… Ուստի, իր բռիութեան պատճառով ամենուրէք «արժանապատւութիւն վիրաւորող» ծանր մեղք է կարծում բացէ ի բաց եւ ճակատին ասուած ճշմարիտ խօսքը։
Եւ ի՞նչ են ակնարկում, երբ խօսում են «Հայ Եկեղեցու կարեւոր եւ բացառիկ շահերից»… Անշուշտ եւ անկասկած՝ Ներսիսեան եղբայրների եւ նրանց մերձաւոր ու ձեռնասուն շրջապատի շահերը… Բոլոր նրանց, ովքեր, այո՛, անհագուրդ շահամոլութեամբ, յիրաւի, «իրենց գերխնդիրն են համարում ոչ միայն մեր Սուրբ Եկեղեցին պառակտելը, նաեւ մեր պետութեան հիմքերը խարխլելը, հայ մարդուն Հայրենիք, Կրօն և Ազգութիւն չճանաչող օտարամոլ ամբոխ դարձնելը»:
Այս է իրականութիւնը…
Դեռեւս իր առաջին նամակով, որ թուագրուած է «Նոյեմբեր 3, 2000», այսինքն արիւնաթաթախ Հոկտեմբեր 27-ից մէկ տարի յետոյ, Ամենապատիւ Պատրիարք Մութաֆեանը դեռ այն ժամանակ տարակուսանքով արձանագրում է, որ կեղծ‐կաթողիկոսը խախտում է եկեղեցու կանոնադրությամբ, զանց է առնում պատիրաքների կարծիքը Հայ եկեղեցու կանոնադրութեանը հակառակ միանձնեայ որոշումներ կայացնելու, Մոսկուայի թեմի առաջնորդ Տիրան սրբազանին ոտքի վրայ պաշտօնանկ եւ արեւմտեան կիսագնդից ձեռքի հեռախօսոսվ կարգալոյծ անելու եւ Գերագույն հոգեւոր խորհուրդը կամայականօրէն ցրելու ու նոր անդամներ նշանակելու առիթով:
Նամակն աւարտւում է այսպիսի առաջարկութեամբ. «Վերոյիշեալ եւ այլ պարգայից վերաբերեալ մենք միշտ պատրաստ ենք Ձեզի հետ խորհրդակցելու, եւ կ’առաջարկենք, որ յարմար առիթով մը երբ Եւրոպա գտնուիք, թերեւս միմիայն երեքս՝ Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի, Սուրբ Երուսաղէմի եւ Կ. Պոլսոյ Աթոռակալներս մէկտեղուինք խորհրդակցութեան մը համար»։
Այնպէս որ ակադեմիականները դարձեալ ստում են, թէ պատրիարքներն են իրենց «գերխնդիրը համարում եկեղեցին պառակտելն» ու, ո՜վ, երկնային Տէր, որպիսի՜ նենգաբարոյ խարդախութիւն. «խարխլելու մեր պետութեան հիմքերը, հայ մարդուն դարձնելու Հայրենիք, Կրօն և Ազգութիւն չճանաչող օտարամոլ ամբոխի»։
Զսպենք այս «մտաւորականների» հայոց լեզուն խմբագրելու հերթական գայթակղութիւնը եւ գոնէ այսօր Ճանաչենք ճշմարտութիւն, որպէսզի դեռեւս չկորցնենք մեր այն յոյսը, թէ մեզ ազատագրողը Ճշմարտութիւնն է լինելու այն թունաւոր մթնոլորտի մէջ, որտեղ Հայ ազգն է շնչահեղձ լինում ստի, կեղծիքի, ապատեղեկատուութեան, իշխանութիւնների եւ անձամբ կեղծ‐նախագահի կամայական ու ժողովրդին անարգող, Հայ ազգը նուաստացնող եւ բոզաբարոյ գործողութիւնների հետեւանքով։
Վերջերս հրապարակուեց Երուսաղեմի Ամենապատիւ Պատրիարք Նուրհան Արք. Մանուկեանի նամակը, որ նոյնպէս անպատասխան մնաց կղերապետութեան ինքնակալի կողմից։ Ահաւասիկ, թէ ինչ է ասում եւ կրկնում Պատրիարքը.
«Սեպտեմբեր ամսուն, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ կայացած Ներկայացուցչական թատերական ժողովի ընթացքին դարձեալ կրկնուած է ու ծեծուած Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Առաքելական եւ Նուիրապետական Աթոռը վերածել ինչ որ «թեմի» մը տեսակէտը, զոր ձեր գահակալութեան առաջին տարիներուն ներկայացուած էր նոյնպիսի ժողովի մը: Ըսուած է «Պտուղը ծառէն հեռու չիյնար», եւ այս տարի մի քանի վայրահաչ բերաններ՝ Յովնան, Միքայէլ, Հայկազուն եւ Յովակիմ Սրբազաններ հասկնալի պատճառներով, թելադրուած ու տարուած — ոչ այնքան իրենց աթոռներու եւ դիրքերու, այլ աւելի գրպաններու ապահովութենէն — ձեր գլխաւոր եւ միակ մտահոգութիւնը յայտնելով, «քաջաբար» պահանջած են, որ Երուսաղէմի Պատրիարքութիւնը անմիջականօրէն ենթարկուէր Էջմիածնի… Կարծէք չէր բաւեր մեր ամենօրեայ հարցերն ու դժուարութիւնները քրիստոնեայ միւս համայնքներուն հետ, իսկ միւս կողմէն հրեաներու եւ իսլամներուն հետ մեր մշտակայ խնդիրները, հիմա ալ Մայր Աթոռի միաբանութիւնը ձեր նման, խաչակրութեան ելած է Երուսաղէմի Պատրիարքութեան դէմ, տարուած միահեծանութեան մարմաջէ… պտուղը ծառէն հեռու չիյնար:Վեհափա՛ռ, ժամանակին փորձեցիք Երուսաղէմի եւ Պոլսոյ Նուիրապետական Աթոռները չէզոքացնել բայց չյաջողեցաք, եկէ՛ք մէյ մըն ալ մի՛ փորձէք:
Եւ բնաւ մի՛ մոռնաք, որ օտարներ Հայաստանեայց Եկեղեցւոյ ծանօթացած են Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան միջոցաւ: Այս Սրբազան Հաստատութիւնը ամբողջ դարեր տոկացած է մարդկային եւ բնութեան արհաւիրքներուն, ձեր նախնիները, կաթողիկոսներու ամբողջ սերունդներ ճանչցած եւ ընդունած են Պատրիարքութեանս Կանոնադրութիւնն ու Նուիրապետութիւնը, իսկ ի՞նչն է որ ձեզի իրաւունք կու տայ թելադրելու ձեր մանկլաւիկներուն այդպէս ժխտական կեցուածք որդեգրելու Միաբանութեանս դէմ, միթէ դուք ձեզ ձեր նախնիքներէն աւելի խելացի՞ կը կարծէիք: Վաճառականական եւ առեւտրական յատկութիւններ ունենալը անպայմանօրէն խելացիութեան յայտարարներ չեն: Դուք կրնաք մարդ առնել ու ծախել սակայն ԵՐԲԵ՛Ք ՉԷՔ ԿՐՆԱՐ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՊԱՀԵԼ ԵՒ ԻՒՐԱՑՆԵԼ»:
Ահաւասիկ, եւս մի դաժան ու ամօթալի ճշմարտութիւն, որ դեռեւս որեւէ ոք չի էլ փորձել ժխտել. «Վաճառականական եւ առեւտրական յատկութիւններ ունենալը անպայմանօրէն խելացիութեան յայտարարներ չեն»: Եւ այս ազնիւ մտահոգութիւնը նոյնպէս «մտաւորական» իմաստունների համար politcorrect չէ, այսինքն անքաղաքաւարութիւն է ի ունկնդրութիւն «հաւատացեալ ժողովրդի» հրապարակել, այլ պետք է ծածկել, թաքցնել, քօղարեկել… նոյնն է թէ՝ ստել, նենգել իրականութիւնը։
Այս խնդրին է անդրադարձել նաեւ «Նոր Մարմա» պարբերականը. «Ցաւալի է կարդալ այս բոլորին մասին: Բնականաբար բացարձակապէս ընդունելի չէ Երուսաղէմի Աթոռը Աթոռ ըլլալէ դադրեցնելու եւ զայն Մայր Աթոռի ենթակայ դարձնելու դիտաւորութիւն մը… Նամակին մէջ դիտել կը տրուի որ վեհափառ հայրապետը տարիներ առաջ նոյն ցանկութիւնը ունեցաւ Պոլսոյ Պատրիարքական Աթոռին նկատմամբ, բայց չյաջողեցաւ»:
Ինչպէս համոզւում ենք, կեղծ‐կաթողիկոսը ոչ մի յորդորանքի ականջալուր չէ։ Եւ երբ հետ զհետէ ս. Էջմիածնի հասցեով նամակները աւելի կտրուկ եւ կոշտ բնոյթ են ստանում, ինչը մէկ անգամեան բնական է երեւոյթի խորտակիչ էութիւնը նկատի ունենալով, ապա պարզւում է, որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին «պառակտելու» գործին են լծուած բոլոր նրանք, ովքեր Գարեգին Ներսիսեանից իրաւմամբ պահանջում են օրինականութիւն եւ Եկեղեցու Կանոնադրութեան նկատմամբ հաւատարմութիւն։
Ի դէպ, ես բնաւ չեմ զարմանում այս տարօրինակ եւ անհեթեթ մտածողութեան վրայ, երբ ակադեմիականները Պոլսի եւ Երուսաղեմի Նուիրապետական Աթոռների տագնապները, շարունակաբար, արդէն տասնհինգ տարի ս. Էջմիածնի մէջ զարգացող կամայականութիւններն ու օրինազանցումները արհամարհելով՝ Ամենապատիւ Պատրիարքներին ճգնում են ներկայացնել իբրեւ պառակտիչների։ Չեմ զարմանում եւ օրինաչափ եմ տեսնում Ռուսաց Հայաստանի մէջ տիրող Կրեմլեան մտածողութեան ընդօրինակութիւնը։ Կրեմլը զաւթում է օտարի տարածքը, պատերազմում է դրացի երկրի դէմ, բայց ռուսական եթերն ու մամուլը լցուած են այն ճիչ‐աղաղակով, թէ հարեւանը իր հողերը սուսիկ‐փուսիկ տալու փոխարէն՝ դիմադրում է։ Ամենուրէք իր իշխանութիւնը տարածող ռազմաշունչ, բայց միշտ ձախաւեր կայսրութեան մասին յաւիտենական մի ճշմարտութիւն, որ Դերենիկ Դեմիրճեանը դեռեւս անցեալ դարասկզբին բացայայտել է «Քաջ Նազար» թատերախաղի մէջ։
Իսկ ս. Էջմիածնից նոյնպիսի ձախաւեր ու ուզուրպատորական գործողութիւնների արդիւնքին շարունակւում են ոչ միայն պաշտօնանկութիւններն ու կարգալուծումները, այլեւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու դաւանանքից հրաժարումները։
Ակադեմիականները գրում են. «Ամենապատիւ Սրբազան, Դուք լաւ գիտէք, որ անմիաբանութիւնն ու երկպառակտումը միշտ էլ չարիք են եղել մեր ժողովրդի անցած ողջ պատմութեան ընթացքում: Ուրեմն ինչո՞ւ ժողովուրդը պիտի իմանայ, որ մեր հաւատքի կարեւորագույն երկու սիւները լուրջ եւ վնասաբեր գժտություն ունեն, որոնք վնասում են մեր եկեղեցու և պետութեան միասնութեանը: Համազգային այս ողբերգութիւնը պէտք է կարողանալ յաղթահարել»:
Հայաստանի մէջ շարունակուող այն միտումին, թէ թարախակալած վէրքերը բացայայտել չի կարելի, քանի որ ամօթ է, հիմա էլ մարդիկ ամաչում են — բայց արդեօք ամաչո՞ւմ են — ժողովրդից։
Բայց անհրաժեշտ է, որ ժողովուրդը եւ ոչ միայն նրա հաւատացեալ մասը, այլեւ բոլորը՝ անաստուածները, աղանդաւոր յայտարարուածները, կռապաշտները եւ մեր ազգային ապագան 10000 կամ 50000 տարուայ վաղեմութեան մէջ որոնողները տեղեակ լինեն, որ մեր Երկիրն ու Ազգը շատ մօտիկ ժամանակներին կը դադարի ոչ միայն ապագայ ունենալ, այլեւ հաւիտենական կորսեան կը մատնուի մեր անյայտ հազարամեակների եւ մշակութային հզօր զարգացումի երկհազարամեայ անցեալը։ Եւ քարուքանդ եղած մեր աշխարհի նիւթական եւ հոգեւոր գոյութեան որոնումները կը լինեն օտարների հետաքրքրասիրութեան ու պեղումների ասպարէզ…
Բայց ես վստահ եմ, որ Երուսաղեմի եւ Պոլսի Պատրիարքութիւնները, Կիլիկիայի Կաթողիկոսութեան հետ միաւորուած՝ կը կարողանան Չարիքը կանխել։ Այս երեքը նուիրապետութիւններն են որ անցեալ մղձաւանջային դարերին, երբ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ու ս. Էջմիածինը օտարի շղթաների մէջ էին, ի տես արտաքին
աշխարհի եւ ի մխիթարութիւն պանդխտացած հայութեան՝ պահպանեցին իրենց առաքելական գոյութիւնն ու հեղինակութիւնը։
Վստահ եմ եւ որ Երուսաղեմի Պատրիարքութիւնը հաստատուն եւ վճռական կը կենայ իր բարձրութեան վրայ եւ կեղծ‐կաթողիկոսի քայքայիչ ծրագրերին կը դիմագրաւի ամենայն վճռականութեամբ։ Նուիրապետական աթոռների միասնական կամքով ու վճռականութեամբ։ Կեղծ‐կաթողիկոսի ցրած որոմը վնասազերծելու եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համաշխարհային հեղինակութիւնը եւ սեփական դէմքը պահպանելու վճռականութեամբ։
Ժողովրդի, հայ հասարակութեան ուժերով ու կամքով անպայման կը կարողանանք համազգային այս ողբերգությունը յաղթահարել այնպէս, ինչպէս իր կամքով ու արդարութեամբ իսլամի ու տեղի իշխանութիւնների ոտնձգութիւններին դիմագրաւել է Երուսաղեմի Պատրիարքարանը։
Վասն Հայի…
Վասն մեր Հաւատի…
Վասն մեր Հայրենեաց…
© Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Փարիզ, 2014 (շարունակութիւն եօթներորդ եւ աւարտ)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ հաստատուել է օրհնութեան նոր կարգ, որի համաձայն` ամէն տարի Ամանորի գիշերը` ժամը 00.30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Գոհաբանական մաղթանքի աւարտին կը կատարուի նռնօրհնէքի արարողութիւն:
Հայկական աւանդութեան մէջ նուռը` իբրեւ ազգային խորհրդանիշ, կրում է կեանքի, ծաղկունքի եւ առատութեան իմաստը: Քրիստոնէական խորհրդաբանութեան մէջ նուռը խորհրդապատկերն է Յիսուս Քրիստոսի հեղած արեան` խորհրդանշելով նաեւ Տիրոջ հրաշափառ Յարութիւնն ու Աստծու շնորհների բազմազանութիւնը: Հայոց Եկեղեցու վարդապետների եւ հայրերի մեկնութիւններում նուռը ներկայացւում է նաեւ այն խորհրդաբանութեամբ, որ նռան հատիկների պէս Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատուած են նռան նման պինդ կեղեւով` միաւորուած լինելով մէկ Եկեղեցու մէջ:
Այս պատճառով նռան խորհրդաբանութիւնը լայնօրէն օգտագործուել է հայկական եկեղեցական ճարտարապետութեան, արուեստի եւ մանրանկարչութեան մէջ:
Յորդորում ենք մեր ժողովրդին մասնակցելու Գոհաբանական մաղթանքին եւ նռնօրհնէքին:
Հայաստանում 2015թ. հունվարին նորմայից բարձր տեղումներ և նորմայից բարձր ջերմաստիճան է սպասվում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողներին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Հունվարը տաք կլինի, օդի միջին ամսեկան ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճանով տաք կլինի: Հուվարի 6-7-ից հետո կդիտվեն տեղումներ»,- ասաց Զարուհի Պետրոսյանը՝ նշելով, որ նման տաք հունվար եղել է 1966թ., 1963թ., 1987թ., 2004թ., 2010թ:
Ամանորին Երևանում և Արարատյան դաշտում ձյուն չի տեղա: Հունվարի 2-3-ին մայրաքաղաքում տեղումներ կլինեն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
news.am
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը և, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության շրջանակում, Պաշտպանության բանակի ղեկավար կազմը:
Տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Բացելով խորհրդակցությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների նախաշեմին, ինչպես նաև տոնական և հետտոնական օրերին պետք է առավել կենտրոնացնել ջանքերը, պատճաշ և բարձր մակարդակով իրականացնել բոլոր միջոցառումները` հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար:
Խորհրդակցության ընթացքում ենթակա զորամասերում անցկացված ամփոփիչ ստուգումների նախնական արդյունքների, Ամանորի և Սուրբ ծննդի տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին տեսակապի միջոցով հաշվետու զեկույցներով հանդես եկան բանակային զորամիավորումների հրամանատարները: Ներկայացվեցին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ուսումնական հաջորդ տարվա նախապատրաստական փուլի աշխատանքների պլանավորման առանցքային հարցերը:
Տարվա ընթացքում կատարված աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան նաև ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, ովքեր ընդգծեցին, որ ուսումնական տարվա շրջանակում պլանային կարգով շարունակվել են
մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքները:
Ամփոփելով խորհրդակցությունը` պաշտպանության նախարարը տվեց մի շարք ցուցումներ և հանձնարարականեր` ներկայացնելով նաև 2015թ. տարեմուտի ուղերձի առանցքային կետերը: Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հատկապես տոնական օրերին զորամասերում ուժեղացված ռեժիմով վերահսկողություն սահմանելու, անձնակազմի զգոնությունը բարձրացնելու հարցերի վրա: Պաշտպանության նախարարը հրահանգեց նաև խիստ հետևողական լինել զորամասերում անհրաժեշտ ջեռուցման պայմաններն ապահովելու, անձնակազմի ցրատահարության դեպքերը բացառելու, ինչպես նաև ժամկետային զինծառայողների, հատկապես նորակոչիկների առողջական գանգատների նկատմամբ:
Սելեկտորային խորհրդակցությունն եզրափակվեց մեկ գավաթ շամպայնով միմյանց ամանորյա շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղելով: Գեներալից մինչև շարքային բարեմաղթելով առողջություն, երջանկություն, հանդուրժողականություն, անձնական ու ծառայողական նորանոր հաջողություններ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահություն հայտնեց, որ միասնական աշխատանքի շնորհիվ 2015-ին էլ ազգային բանակը դարձյալ պատվով կհաղթահարի բոլոր դժվարությունները, ամուր կպաշտպանի մեր սահմանները և կապահովի հայ ժողովրդի խաղաղ արարումը:
Նախագահականի մեր աղբյուրների վկայությամբ, Սերժ Սարգսյանը մտադիր է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակել Արտաշես Թումանյանին: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Արտաշես Թումանյանը տևական ժամանակ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Թումանյանի ագրեմանը ԱԳՆ-ն Իրան էր ուղարկել ավելի վաղ, և օրերս ստացել ընդունող երկրի համաձայնությունը:
Ինչ վերաբերում է ԻԻՀ-ում ՀՀ ներկայիս դեսպան Գրիգոր Առաքելյանին, առայժմ հայտնի չէ՝ նա դիվանագիտական առաքելությունը շարունակելու է մեկ այլ երկրում, թե ոչ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «ՉԻ» հարցին ի պատասխան նշեց, թե «Նման կարգի տեղեկությունները ճիշտ կարող են դառնալ միայն ՀՀ Նախագահի հրամանագրի հրապարակման պարագայում»:
Չորրորդ ինքնիշխանություն
Գործադիր մարմնում, ինչպես և հանրապետությունում, տարվա բուռն մեկնարկը տրվեց գարնանը՝ մեկ լավ և մեկ վատ լուրով: Լավն այն էր, որ կառավարման 6-րդ տարվա շեմին պաշտոնանկ եղավ ՀՀ պատմության մեջ թերևս ամենաքարկոծված վարչապետ Տիգրան Սարգսյանը, վատը՝ այն, որ նրան փոխարինելու եկավ իր գործունեությամբ ժողովրդին հայտնի Հովիկ Աբրահամյանը: Ապա ձևավորվեց նոր կառավարություն՝ հին ու նոր դեմքերով, որը փաստում էր, որ Սերժ Սարգսյանի բնութագրած՝ երկրում գաղջ մթնոլորտն ավելի է գաղջանալու: Հովիկ Արգամիչի առաջին խոստումն էր՝ «սկսելու եմ ինձնից ու իմ հարազատներից»:
Սա իրականացավ կայծակնային արագությամբ՝ վարչապետի ազգականները բարձր պաշտոններ ստացան: Հաջորդը հակամենաշնորհային, ստվերից զերծ տնտեսություն ստեղծելն էր: Այս «սուրբ» գործի համար նույնիսկ բեմադրվեց տարվա զավեշտալի սցենարներից մեկը՝ կառավարության «դայլիճ» բերվեցին վարչապետի ընկեր գործարարներն ու օլիգարխները, որոնց հրահանգեց «քաշել գիծ»՝ ստվերից դուրս գալ, կատարել օրենքի պահանջը, վճարել հարկերը:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.