23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի ՃՈ նախկին պետ, փոխգնդապետ Արսեն Արշակյանը, որի պաշտոնանկության մասին արդեն մեկ շաբաթ աղաղակում են թերթերը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով նշանակվեց Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ՝ փոխարինելով գնդապետ Պավել Գյոզալյանին: Իսկ Գյոզալյանը նույն՝ ՏԿԱԻ նախարարի հրամանով նոր պաշտոն ստացավ՝ Ռուս-հայկական հումանիտար արձագանքման համատեղ կենտրոնի պետ:
Այս կենտրոնն ստեղծվել է ՌԴ կառավարության աջակցությամբ և կովկասյան ռեգիոնի համար եզակի նշանակություն է ունենալու: Բայց կենտրոնի, ինչպես և գնդապետ Պավել Գյոզալյանի մասին ոչ լավն ենք լսել, ոչ վատը: Վերջինիս տեսել ենք փրկարարների ուսումնավարժանքների մասին սյուժեներում, երբ, ասենք, հատուկ կռունկների օգնությամբ փրկարարները «մարման աշխատանքներ են կատարում», իսկ Գյոզալյանը հետևում է նրանց արծվի հայացքով կամ էլ բացատրում, թե ինչպես անել, որ կրակը չտարածվի: Դե, բացատրում էր՝ թող բացատրեր, ինչո՞վ է Գյոզալյանը Երևանի ՃՈ նախկին պետից վատը, կամ ինչո՞ւ հենց նա, այլ ոչ Արշակյանը նշանակվեց անհասկանալի կենտրոնի ղեկավար, հանրությանը չբացատրվեց: Թերևս նրանով, որ Արսեն Արշակյանը սերիալի տղու դեմք ունի և կարծես «Բրիգադ» ֆիլմից դուրս եկած լինի ու համապատասխանում է նախարար Արմեն Երիցյանի իմիջային պատկերացումներին:
Ինչպես և նախարար Արմեն Երիցյանը, Արսեն Արշակյանն էլ սովորություն ունի անցնել այն վայրերով, որտեղ արտակարգ իրավիճակ կա՝ մարդ է խեղդվում կամ ինքնասպան լինում: Հայտնի է, որ նախկին պետը փրկարարությամբ է զբաղվել իր նշանակումից դեռևս 2 տարի առաջ: 2013 թվին նա ջրանցքից դեռահաս աղջիկ է հանել: Սա կատարվել է ոստիկանության օրը: Կարծես ճակատագիրը վերևից ասի. «Ոչ, դու էլ աստեղային ոստիկան չես լինելու: Դու շուտով զրկվելու ես ՃՈ պետի ուրախ պաշտոնից և աչքի չընկնող պաշտոն ես զբաղեցնելու, ոչ թե գայիշնիկների, այլ հասարակ փրկարարների ես ղեկավարելու»: Ահա ինչպես է նկարագրում իր հերոսությունն Արսեն Արշակյանը՝ ՀԺ-ի համար: «Տեսա, որ կինարմատ է շուռ եկած ջրի մեջ, ու բավականին վարարած էր կանալը, քշում էր աղջկան, դրանից 5-6 մետր այն կողմ էլ արդեն թունելն էր սկսվում, ուր ինքը կգնար:
Բացարձակապես կենդանության նշաններ չկար, քանի որ գիտակցություն չուներ այդ աղջիկը: Էդ մարդու կողքից անմիջապես մարմնիս կես չափով կախվեցի դեպի գետի հատվածը, էդ մարդը (աղջկա կողքին էլի տղամարդ կար՝ Ս. Ս.) կարողացել էր աղջկա ժակետի հատվածից բռնել, ինչն արդեն սահում էր ձեռքից, ոնց որ բաց թողելու վիճակ էր արդեն»: Թերթերն իհարկե չափազանցրել էին Արսեն Արշակյանի հերոսությունը (նախկին պետը նաև ավտովարող լրագրողների լավ բարեկամն է և այս առումով էլ է «փրկարարական» գործ անում՝ Ս. Ս.), նկարագրում էին, թե նա նետվել է ջուրը՝ դեռահասին փրկելու համար: Իրականում, սակայն, նա ջուրը չէր նետվել, դեռ մի բան էլ տանջել էլ փրկյալին ջրից հանելիս. «Քանի որ մի քիչ ավելի բոյով էի, ձեռքերս մեկնեցի ու արդեն կիսով չափ էդ ջրի հատվածի վրա կախվելով` ոտքից բռնեցի, ի վերջո, իմ ձեռքն էլ սահեց, գալիս էր դեպի կոշիկի հատվածը:
Պտտեցի իրան մատներիս ծայրով, պտտեցի` ձեռքի հատվածը եղավ, հետո գրկեցի, բերեցի… առաջին բուժօգնություն ցուցաբերեցի, բերանից ահագին կեղտաջուր եկավ-թափվեց»: Նկարագրությունից տպավորված, հավանաբար, Արմեն Երիցյանը դեռ այն ժամանակ է աչք դրել աստեղային ոստիկանի վրա, այսպիսով կանխորոշելով նրա նոր ճանապարհը: Եվ ահա, Արսեն Արշակյանը նոր դերի մեջ է: «Կյանքի ուղին ընտրելիս մեզանից յուրաքանչյուրը հազար անգամ ծանրութեթև է արել, մտովի պատկերացրել՝ արդյոք կարո՞ղ է նախընտրած մասնագիտության ոլորտում առավելագույն ջանքերը ներդնել, լավագույնը լինել, ծառայել սիրով ու պատվով»,- գրել է նախօրեին նա իր ֆեյսբուքյան էջում:
Ի դեպ, եթե համեմատենք այս գրառումը 15 տարեկան «կինարմատին» «կանալից» հանելու մասին հեղինակային շարադրանքի հետ, ակներև կդառնա, որ այս տեքստը նա չէր կարող գրել: «Հպարտությամբ պիտի ասեմ, որ անցած 16 տարիներն ինձ համար երջանիկ էին այն առումով, որ իմ սիրելի աշխատանքում ջանացել եմ անել առավելագույնը` բարձր պահելով ոստիկանության աշխատակցի պատիվն ու արժանապատվությունը»,- պատմում է Արշակյանն իր էջի այցելուներին, որոնց նամակներին չի էլ պատասխանում: Ապա ցիտում է փրկարարների կարգախոսը. «Փրկարարը կոչում է, ոչ թե մասնագիտություն», չմոռանալով հիշատակել, որ ուղիղ 16 տարի առաջ նույն օրը՝ փետրվարի 10-ին, ընդունվել է ոստիկանության համակարգ:
Մի խոսքով, ամեն ինչ կինոյի պես է: Մի բան մնում է անհայտ, ինչպես վատ սցենարում՝ ինչո՞ւ Արսեն Արշակյանը որոշեց հեռանալ ՃՈ պետի պաշտոնից: Ինչո՞ւ ամեն անգամ ՃՈ համակարգը բարեփոխելիս ոստիկանապետերը որոշում են ազատվել հենց Արսեն Արշակյանից: Այդպես եղավ Ալիկ Սարգսյանի օրոք, երբ Սերժ Սարգսյանն իր մոտ կանչեց վերջինիս և հրահանգեց Վրաստանի նման ճանապարհային ոստիկանություն ունենալ: Վլադիմիր Գասպարյանը, որ շատ էր սիրում Արշակյանին, նրան հետ բերեց, բայց, ահա, նա ևս «բարեփոխում» է համակարգը: Պաշտոնապես հայտարարվում է, որ Արշակյանը հեռացել է իր ցանկությամբ:
Եթե անգամ այդպես է, և ոչ մի ներքին կոնֆլիկտ նրա և ոստիկանապետի միջև չկա, միևնույն է, Արսեն Արշակյանի անցումն Արմեն Երիցյանի «ձեռքի տակ» ոստիկանությունում ընկալվում է որպես անձնական դավաճանություն Երիցյանի մրցակից Վլադիմիր Գասպարյանին:
Սյուզան Սիմոնյան
Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, եւ մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ եւ ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ԲՀԿ քաղխորհրդի նիստում հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նրա ելույթը ներկայացնում ենք ստորեւ..
Հարգելի՛ գործընկերներ
Այստեղ են ԲՀԿ խմբակցության անդամները, քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների պատասխանատուները:
Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես այսօր հանդիպելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Մենք քննարկելու ենք միասնական քայլերի ամբողջական փաթեթը։
Երեկ ուշ երեկոյան ինձ մոտ են եղել բազմաթիվ գործիչներ, Համաժողովրդական շարժմանը միացած խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ, ազատամարտիկներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, որոնք սպասում են մեր որոշումներին: Եվ ամենակարևորը՝ ժողովուրդն է սպասում մեր խոսքին ու մեր քայլերին։
Մինչև մեր բուն անելիքները ներկայացնելը, ես ուզում եմ անդրադառնալ երեկ եթերը լցրած հայտնի մարդու ելույթին։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ իմ խոսքը ոչ թե ուղղված է նրան, այլ՝ ժողովրդին։
Սիրելի՛ ժողովուրդ
Բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը, Հայաստանի քաղաքացին և ով է այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն։
Վերջին տարիներին արված իմ բոլոր քայլերն ուղղված են եղել քաղաքական հարթության մեջ խնդիրները քննարկելուն և լուծումներ գտնելուն։ Ես միշտ հայտարարել եմ, որ դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ, բայց երբ, մեղմ ասած, վատ կառավարում է իրականացվում և Հայաստանը հետ շպրտվում, ապա բոլորս էլ պարտավոր ենք ոտքի կանգնել ու ամեն մեկս իր չափով ելքեր առաջարկել ու գտնել։ Ելքը ես տեսել եմ քաղաքական փոփոխությունների մեջ։
Ես քաղաքականություն եմ մտել բացառապես մեկ նպատակով` օգնել իմ երկրին ու իմ ժողովրդին դուրս գալ այս վիճակից:
Ես ամեն ինչ արել եմ քաղաքական դաշտի զգալի մասի, բոլոր հիմնական քաղաքական ուժերի և գործիչների համախմբման համար: Ես սահմանել էի խաղի կանոն` չվիրավորել, անձնական թշնամանք չտարածել: Որովհետև մեր խնդիրը վիրավորելն ու հարաբերությունները անձնական թշնամանքի դաշտ տեղափոխելը չէ, այլ երկրին ու ժողովրդին օգտակար լինելը:
Հիմա ես ուզում եմ հատուկ շեշտել` երեկվանից հետո իմ մոտեցումը չի փոխվել: Մենք նախկինի պես հավատարիմ ենք մնալու կոռեկտ մեր գործելաոճին և գտնվելու ենք բացառապես քաղաքական հարթությունում: Փողոցային բառապաշարն օգտագործելը մերը չէ։ Ոչ էլ հիստերիկ և էմոցիոնալ վարքագիծն է մերը։
Ես, ինչպես և դուք, ծանոթացել եմ այդ մարդու ելույթին:
Պետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու ծրագրային ելույթ կոչվածում ես մեկ բառ անգամ չտեսա մեր պետության զարգացման ու ժողովրդի խնդիրների լուծման մասին մտահոգություն.
Ոչ մի խոսք այն մասին՝
1. թե ինչու իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նվազեցին, աղքատությունն աճեց, իսկ դրան զուգահեռ զարգացան իր ու իր նեղ շրջապատի հայտարարագրված ու չհայտարարագրված բիզնեսները,
2. թե ինչու է բիզնեսին տեռորի ենթարկելը պետական ծրագիր դարձել,
3. թե ինչու է երկիրը քամվում սարսափելի չափերի հասնող արտագաղթից,
4. թե ինչու է ֆինանսական անկայունություն ստեղծվել մեզ մոտ,
5. թե ինչու են բանկերում գրավադրվել ամբողջական գյուղերը, մարդկանց տներն ու ողջ ունեցվածքը և ինչու են մարդիկ տոկոսների տակ մնացել,
6. թե ինչու է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանում աճել լարվածությունն ու ամեն օր մենք լսում ենք նորանոր զոհերի մասին,
7. թե ինչու են Թուրքիան ու Ադրբեջանն այնքան երես առել, որ արհամարհանքով են խոսում Հայաստանի մասին
8. թե ինչու է ԵԽԽՎ–ում հարց հնչում կազինոներում տարված միլիոնավոր դոլարների մասին,
9. թե ինչու Նաիրիտ գործարանի հաշվին դուրս գրված հարյուր միլիոնավոր դոլարները թալանվել ու փոշիացվել է, իսկ հազար յոթ հարյուր մարդ հայտնվել է փողոցում:
Այդ մարդը չխոսեց անգամ այն ժամանակ, երբ Նազարբաևը նվաստացնում և ստորացնում էր իրեն։
Նա չխոսեց, թե օգոստոսյան ռազմական լարվածության ժամանակ ինչո՞ւ Բադեն Բադենից այդպես էլ չվերադարձավ Հայաստան։
Նա լուռ էր, երբ մարդիկ խուճապի էին մատնվել դրամի սրընթաց արժեզրկման պատճառով։
Նա ոչ մի բառ չասեց, թե ինչու էր լռում, երբ Գյումրին և հայ ժողովուրդը սգում էին դաժան սպանության համար և ոտքի կանգնում:
Իսկ հիմա ես կպատասխանեմ այն հարցադրումներին, որոնք անձնապես ինձ էին ուղղված.
Անվտանգության խորհրդից ինձ իբր հեռացնելու մասին։
Ուզում եմ տեղեկացնել, որ ես փաստացի արդեն վեց ամիս է այդ կառույցում չեմ աշխատել, իսկ այդ կառույցից պաշտոնապես դուրս չեմ եկել միայն իր անձնական մարդկային խնդրանքով:
Այսքանից հետո երեկ նման ձևով հարցը ներկայացնելը` դուք ինքներդ գնահատեք՝ թե ինչ է նշանակում:
Պատգամավորական մանդատից ինձ զրկելու մասին:
Ինձ համար կարևորը ՀՀ քաղաքացիների վստահությունն է, որն առկա է: Այնպես որ՝ ես ունեմ ամենակարևոր մանդատը:
Շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գնաց իր զբաղեցրած պաշտոնին անհարիր անձնական վիրավորանքներ հասցնելու ճանապարհով:
Ուզում եմ բացել բոլոր փակագծերը և լինել անկեղծ։ Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը։ Այսինքն՝ աջակցեմ փաստացի երրորդ ժամկետով և ցմահ կառավարելու իր ցանկության իրականացմանը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Ես կտրականապես մերժեցի այս հակապետական մոտեցումը, քանզի Հայաստանի հետընթացն ապահոված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ: Ահա իմ այս դիրքորոշումն էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական և մարդկային հարաբերությունների կանոնները: Սա՛ է իրականությունը և ոչինչ ավելին:
Փաստորեն, այդ մարդու ծրագրային ելույթն անձամբ ինձ էր վերաբերում, այսինքն՝ նրա ծրագիրն ինձ պատերազմ հայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելն է։ Դա՛ է նրա ծրագիրը։ Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ։
Հաջորդը։
Երեկվա ելույթում ակնկարկվեց իբր չվճարված իմ հարկերի մասին։
Ասեմ, որ իր պաշտոնավարման բոլոր տարիներին, ամիսներ շարունակ ստուգվել են իմ և իմ մերձավորներին պատկանող բոլոր հիմնարկները:
Ի տարբերություն իրեն, ես չստուգված լուրերի և մերկապարանոց հայտարարությունների փոխարեն բերեմ պաշտոնական թվեր և խոսեմ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածից:
Իր կառավարման ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան երեք միլիարդ դոլարով: Որտե՞ղ է այդ գումարը, պարո՛ն Սարգսյան։ Դոլար–դրամ խաղերի արդյունքում միլիոնավոր դոլարներ գողացվեցին ժողովրդից։ Ո՞ւր գնացին այդ գումարները:
Ժողովուրդը այդ հարցերի պատասխանն է ուզում ստանալ ձեզանից: Թեև ձեր ասած չստուգված լուրերի համաձայն՝ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը: Ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում և «ատկատներով» զբաղվում։
Ո՞ւր են մեր թոշակառուների, ուսուցիչների, բժիշկների, գյուղացիների, զինվորականների, ոստիկանության և անվտանգությա ն ծառայության, ուսանողների, դասախոսների հասանելիք գումարները։ Ասեմ, որ ժողովուրդը հրաշալի գիտի:
Պաշտոնապես հայտարարում եմ. իշխանափոխությունից հետո ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարները երկու-երեք հոգին պետք է վերադարձնեն բյուջե, որպեսզի կարողանանք ոտքի հանել Հայաստանը, ուժեղացնել Ղարաբաղը, ազատել մեր ժողովրդին տոկոսների լծից, մեր երեխաներին ու ծնողներին արժանապատիվ կյանք ապահովել: Ուրիշ լուծում չկա:
Ինչ վերաբերում է իմ հասցեին հնչած անձնական վիրավորանքներին:
Պատասխանեմ` ես չեմ իջնելու նման ցածր մակարդակի։
Ինչ վերաբերում է քաղաքական զավեշտին, ապա հայ ժողովուրդն իսկապես զավեշտ է համարում այս իշխանության գոյությունը մինչև այսօր: Սա մեր բոլորիս ամոթն է և եկել է սխալները ուղղելու ժամանակը։
Հիմա անելիքների մասին։
Երեկվանից ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում: Ես համոզված եմ, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով:
Սիրելի՛ ժողովուրդ
Ես գիտեմ, որ սա է եղել ձեր հիմնական պահանջը և ես երկար ժամանակ փորձել եմ անցնցում տարբերակով այդ պահանջի բավարարման ճանապարհը գտնել։
Բայց փաստորեն ցնցումների ճանապարհով գնում է իշխանությունը: Ինչ ասեմ, մեղքն իր վիզը։
Ի՞նչ ենք անելու մենք։ Շատ հստակ ու հաշվարկված քայլեր։
Սիրելի՛ ժողովուրդ
Պատրաստվե՛ք պայքարի։ Երեք հազր մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։
Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից :
Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։
Բոլորիս հաղթանակ եմ մաղթում։
Փետրվարի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով և բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները՝ նախարար Նալբանդյանը ողջունեց Երևանում Էմիրությունների դեսպանության հիմնումը, ինչը նրա բնորոշմամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։ Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր կարևոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել խորացման և զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ալ Կասեմին նշեց, որ Երևանում դեսպանության հիմնումը վկայում է Էմիրությունների կողմից Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանը տրվող կարևորության մասին և վստահեցրեց, որ կանի առավելագույնը՝ հարաբերությունների ամրապնդման համար։
Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում ներքին քաղաքական «զինադադարի» ավարտն է արձանագրում: Մոտակա օրերին ՀՀԿ-ի ու «ոչ իշխանական» գործիչները, լրագրողները և օգտատերերը իրար հասցեի անհաճո բաներ են ասելու, քաղաքական պայքարը սրվելու է: Բայց անձամբ ես ամեն ինչում հակված եմ նաև դրական կողմը տեսնել: Իսկ դրանք մեկը չեն՝ մի քանիսն են: Քաղաքական դաշտը պարզաջրվում է՝ այլևս չկա իշխանություն և ոչ իշխանություն, կա իշխանություն և ընդդիմություն, ինչպես որ ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Ընդ որում, շատ հնարավոր է, որ ընդդիմությունն այսուհետ ձեռք բերի հետապնդվողի, տառապյալի դափնեպսակ, ինչպես որ դա ընդունված է հետխորհրդային երկրներում:
«Կարամելներն» ու «Կոմբիկերները» առաջին անգամ խորհրդարան են եկել 1995 թվականին: Իրենց մտահորիզոնով: Իրենց բառապաշարով: «Ճշտի» և գեղեցիկի մասին իրենց պատկերացումներով: Իմ ընկերները և ես դա նկատել ենք 20 տարի առաջ: Այսօր նման «քաղաքական գործիչները» խորհրդարանում մեծամասնություն են կազմում՝ առատորեն ներկայացված լինելով երկու կուսակցություններում:
Ինչ խոսք, դա իսկապես չարիք է: Բայց եթե հայտարարվում է մի սկզբունք, այն պետք է կիրառվի բոլորի նկատմամբ, այդ թվում՝ «յուրայինների»:
Առավոտ
Երեկ աշխատանքային օրվա ավարտին Արմավիրում կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով
ինքնառաջադրմամբ իր փաստաթղթերն է ներկայացրել միայն ՀՀԿ անդամ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: «ՉԻ» տեղեկությունների համաձայն՝ Արմավիրում քաղաքապետի մրցապայքարին մասնակցելու մտադրություն է հայտնել նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի («Արմավիրցի Նովո») որդին՝ Արտակ Գևորգյանը: Հիշեցնենք, որ վերջինս պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Որպես օրինակ հիշենք՝ 2012 թվականի ամռանն Արտակ Գևորգյանը ձերբակալվել էր ավազակային հարձակում իրականացնելու մեղադրանքով՝ զենքի սպառնալիքով երկու մեքենա առևանգելու համար: 2012 թվականի հոկտեմբերին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 1 տարվա պայմանական ազատազրկման և ազատ արձակել դատարանից:
Չնայած, Նահապետ Գևորգյանի որդին Արմավիրի մարզում միշտ աչքի է ընկել իր հակաօրինական վարքագծով, սակայն միշտ ջրից չոր է դուրս եկել: Ինչպես գրում էին լրատվամիջոցները՝ նրա մասնակցությամբ 2012 թվականի ապրիլի 6-ին առևանգվեց և դաժան ծեծի ենթարկվեց Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանը: Իսկ, ահա, 3 տարի անց պատգամավորի որդին որոշել է իրեն փորձել քաղաքականության մեջ:
Չորրորդ ինքնիշխանություն
անդրադառնալով երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, գրում է.«Սերժ Սարգսյանի ելույթը սառը ցնցուղի տպավորություն է թողել քաղաքական դաշտի վրա, ու հիմա հիմնական հարցը, որ հնչում է՝ ի՞նչ տեղի ունեցած Սերժ Սարգսյանի ելույթով և ինչ է տեղի ունենալու հետո։ Հնչում են միանշանակ գնահատականներ, որ Սարգսյանը պատերազմ հայտարարեց ԲՀԿ-ին ու անձամբ Ծառուկյանին։ Եվ առաջիկա օրերին, թերևս, կերևա, թե հակահարված տալու ինչպիսի ռեսուրս, դուխ և հնարավորություն ունեն ԲՀԿ-ն և նրա նախագահը։
Սոցցանցերում հնչում են ամենատարբեր կանխատեսումներ՝ սկսած նրանից, որ Ծառուկյանն առաջիկա օրերին կլքի Հայաստանը, շարունակած նրանով, որ առաջիկա օրերին իշխանափոխություն կանի, վերջացրած նրանով, որ կձերբակալվի։ Կա նաև 4-րդ տարբերակը, որ կհարմարվի նոր իրողություններին և յոլա կգնա։ Ու չնայած դժվար չէ կռահել, թե այս սցենարներից որ մեկը իրականություն կդառնա, ձեռնպահ ենք մնում մեր կռահումները հրապարակելուց։
…Համենայնդեպս, Սերժ Սարգսյանի երեկվա պահվածքը չափազանց ինքնավստահ էր, ոմանք դա կապում են այն փաստի հետ, որ Սարգսյանը ոչ թե նոր պետք է իրավապահներին հանձնարարություն տա Ծառուկյանի մասով, այլ վաղուց տվել է և ունի կոնկրետ արդյունքներ, ինչպես նաև գործողությունների կոնկրետ պլան:
Հայկական Ժամանակ
Կառավարության պաշտոնական կայքը ողողված է արտահանման խթանման, տնտեսական աճի վերաբերյալ աննախադեպ քայլերի մասին Հովիկ Աբրահամյանի տեսլականով, խորհրդակցություններով, որից տպավորություն է ստեղծվում, թե վարչապետը դեռ Արևմուտք-Ռուսաստան փոխադարձ սանկցիաներից ՀՀ-ի օգուտով դուրս գալու հեռանկարների հովերի ներքո է:
Մինչդեռ ռուսական շուկա արտահանող ընկերություններն ահազանգում են իրենց բիզնեսի անկման, արժեզրկված ռուբլով կատարվող գործարքների ծանր հետևանքների մասին, տուժում են, իսկ իրավիճակի կայունացման կամ նախկին շահույթին վերադառնալու հեռանկարը մշուշոտ է: Երեկ էլ կառավարության նիստում հաստատվեց պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը:
Նիստից հետո էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ճեպազրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Դա փաստ է, էդպես էլ պիտի լինի, մինչև վերջնական իրենց մոտ ճշգրտումներ լինեն գների բարձրացման ու փոխարժեքի տատանման հետ կապված, էնպես չէ, որ ռուսական ընկերությունները մեզ ասել են՝ այլևս մի արտահանեք: Օրինակ, մեր պայմանագրերը, որ նախկինում դոլարով էին, իրենց ձեռնտու չէին, որովհետև իրենց մոտ դեռ գների ճշտում չէր գնացել, դեռևս ցածր էին, և եթե իրենք դոլարով էին առնում, կարող էին վնասվել:
Հրապարակ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարության նիստում հավանություն ստացած օրենսդրական երկու նախաձեռնությունները միտված են գործարար միջավայրի բարելավմանը: Որոշման նախագծերը ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի առաջարկով պատրաստել էր կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկը: Նախ հավանության է արժանացել «Թանկարժեք մետաղների մասին», «Լիցենզավորման մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար տրվող արտոնագիրը վերացնել և փոխարինել մեր երկրում առաջին անգամ կիրառվող ծանուցման գործընթացով: Դրա շնորհիվ տնտեսվարող սուբյեկտների ծախսը կնվազի ավելի քան 80 տոկոսով: Հաջորդ որոշմամբ հավանություն է տրվել «Առևտրի և ծառայությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում կբարելավվեն գործարարության ծավալման պայմանները, կկրճատվի տնտեսվարող սուբյեկտների ծախսը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նշված գործընթացների պարզեցումը և հանձնարարել «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի ղեկավարությանը շարունակել բիզնեսի համար դյուրին պայմաններ ստեղծելու գործընթացը, որպեսզի հնարավորինս կրճատվեն բյուրոկրատական քաշքշուկն ու թղթաբանությունը:
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Աջակցություն է ստանում սոցիալական պաշտպանության ոլորտը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աջակցություն կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 150 հազար ԱՄՆ դոլար է: Մեկ դոլարի փոխարժեքի բարձրանալու հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել եկամտի և ծախսի գումարները, որոնք հատկացվելու են «Կենսաթոշակային բարեփոխման իրազեկման կենտրոն» հիմնադրամին: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված մեկ այլ պայմանագրով կապահովվի «Աջակցություն Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը և աշխատակազմի կարողությունների բարելավման համար ՏՏ նոր գործիքների ներմուծմանը» ծրագրի իրականացումը մինչև 2015թ. մարտի 31-ը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տուն-ինտերնատներում խնամվում է 1090 տարեց և հաշմանդամություն ունեցող անձ, որոնց համար անհրաժեշտ է ձեռք բերել այլ ապրանքատեսակներ, որոնք ներառված չեն ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշմամբ հաստատված հավելվածներում: Գործադիրը լրացում է կատարել նշված որոշման մեջ՝ նախարարությանը հնարավորություն ընձեռելով ձեռք բերել այլ ապրանքատեսակներ:
Խրախուսվում է արտադրանքի արտահանումը
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 ծրագիրը և միջոցառումների ցանկը,
-«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015թ. ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը,
-Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2015թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը,
-գնումների համակարգողի որակավորման շնորհման, գնումների որակավորված մասնագետների մշտական մասնագիտական վերապատրաստման կարգերը,
-լաբորատոր կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները:
Բարենպաստ պայմաններ են ստեղծվում ջերմոցային տնտեսության զարգացման համար
Նիստում հավանության է արժանացել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ջերմոցային կառուցվածքների, տնկանյութի և այլ միջոցների ներմուծումն ու իրացումն ազատել ԱԱՀ-ից:
Կառավարությունը քննարկել է «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացումը) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Գործադիրը նպատակահարմար չի համարել սույն օրինագծի քննարկումը և ընդունումը:
ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով, որի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չունի, առաջարկվում է «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Հայոց ցեղասպանություն» բառերով, ինչպես նաև դեկտեմբերի 9-ը՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունման օրը (1948թ.) սահմանել որպես ամբողջ աշխարհում ցեղասպանությունների դատապարտման և հիշատակման օր: ԱԺ մեկ այլ խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ընդլայնել Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվող անձանց շրջանակը՝ ներառելով օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի գործում: Կառավարությունն այս դեպքում նույնպես որևէ առարկություն չի ներկայացրել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ մինչև 2017թ. ձմեռային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել ՀՀ բիաթլոնի ազգային հավաքական թիմի անդամ Գեորգի Խաչատուրովին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արամ Արսենյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, իսկ Գագիկ Միրիջանյանը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Համլետ Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։
Փետրվարի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը, բարձր գնահատելով հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, հույս հայտնեց, որ դեսպան Միլսը իր կարևոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է Միացյալ Նահանգները ներկայացնել Հայաստանում, որի հետ հարաբերությունների զարգացումը առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում իր երկրի համար։ Նա վստահեցրեց, որ կանի առավելագույնը` բազմաբովանդակ փոխգործակությունը առաջ մղելու ուղղությամբ։ ԱՄՆ դեսպանը նախարար Նալբանդյանին փոխանցեց պետքարտուղար Ջոն Քերիի ողջույններն ու բարեմաղթանքները։
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, քաղաքական երկխոսությանը, միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցությանը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ռազմական համագործակցությանը, մասնավորապես՝ խաղաղապահ գործունեության շրջանակներում:
Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները նշանակալի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի զարգացմանը և երկրում ընթացող բարեփոխումներին՝ ժամանակի ընթացքում օգնության ծրագրերը վերափոխելով համագործակցության և զարգացման նախագծերի։
Երկուստեք կարևորվեց 2013թ. Հայաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության՝ ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելը։
Հանդիպմանը քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցերը, անդրադարձ արվեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։
Նախարար Նալբանդյանն ԱԳՆ աջակցությունը հայտնեց դեսպանին՝ իր առաքելության իրականացման գործում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.