23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ըստ ականատեսների, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն օրերս այցելել է Չարենցավան և տեղի չինովնիկներին հարցրել, թե ի՞նչ միջոցառումներ են առաջարկում անցկացնել Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ:
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին, ըստ նույն աղբյուրի, առաջարկել է ֆուտբոլի առաջնություն կազմակերպել: Էսպես էլ կառավարել ու կառավարում են հայր և որդի Շահգալդյանները:
Հայկական Ժամանակ
Հայաստանի հետագա տնտեսական աճը մեծապես պայմանավորված է ժամանակակից ու կենսունակ գիտելիքահեն տնտեսության զարգացմամբ, ուղղակի օտարերկրյա ներդրումներով և մի շարք այլ գործոններով, որոնց թվում է նաև նախորդ ժամանակաշրջանի տնտեսական գործունեությունից մնացած ժառանգության համարժեք տնօրինումը:
Այս մասին հայտնում են Համաշխարհային բանկի արտաքին կապերի բաժնից և նշում, որ ՀԲ-ն գիտակցում է, որ այս առումով կարևոր քննարկումներ են ընթանում ՀՀ կառավարությունում՝ գտնելու էներգետիկ ու արդյունաբերական ոլորտում տարիներ ի վեր գոյություն ունեցող մարտահրավերները լուծելու լավագույն ուղիները: Այս գործընթացում կառավարությանն աջակցելու համար Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել մեծ հարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը:
Նախատեսվող տեխնիկական ու ֆինանսական վերլուծությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվեն ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ:
«Կառավարության հետ մենք համաձայնության ենք եկել Համաշխարհային բանկի շրջանակում մոբիլիզացնել ավելի քան 110.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներ հիշյալ փորձաքննության համար, որը մեր գործընկերոջ համար կապահովի վերլուծությունների այնպիսի որակ, որպիսին ակնկալվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, — պարզաբանել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին, — մենք հուսով էինք, որ աշխատանքները կմեկնարկեն փետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք ներգրավել հնարավորինս լավագույն փորձագետներին»:
Առաջին փուլի ընթացքում, որը կմեկնարկի փետրվարի 25-ին և կտևի երկուսուկես ամիս, խորհրդատվական ընկերությունը քննության կառնի հետևյալ 4 տարրերը.
• գլոբալ շուկայի ուսումնասիրում այն ապրանքների մասով, որոնք գործարանը կարող է արտադրել.
• արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատում՝ հիմնվելով առկա գործարանի վրա.
• արտադրության ֆինանսական կենսունակության գնահատում՝ հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը,
• ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի /SWOT/ վերլուծություն:
Երկրորդ փուլում կիրականացվի «Նաիրիտի» գործունեությանը առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն:
«Նաիրիտի» հետ կապված այս վերլուծությունների կատարման ընթացքում Համաշխարհային բանկի կողմից կիրականացվի մոնիտորինգ ու որակի վերահսկում, սակայն կցանկանայինք հստակեցնել, որ վերլուծական աշխատանքներն իրականացվելու են Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի ղեկավարության ներքո՝ ՀՀ կառավարության ու Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակում:
Մայրաքաղաքում մեկնարկել է «Տեղական իշխանությունների ասոցիացիաների դերը» աշխատաժողովը, որի շրջանակում տրվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2015-2017թթ. գործողությունների ծրագրի մասը կազմող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի մեկնարկը:
Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ անցկացվող աշխատաժողովի բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներ, նաև Հայաստանի մի շարք համայնքների ղեկավարներ:
Աշխատաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի համայնքների միության միջև ձևավորված համագործակցությունը, նկատել է, որ մեկնարկող ծրագիրն իսկապես կարևոր է Միության համար:
«Հիմնադրման օրվանից Հայաստանի համայնքների միությունը լուրջ ճանապարհ է անցել։ Կազմակերպության անցած 18 տարիները սերտորեն կապված են Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի կայացման հետ և միության գործունեության ժամանակագրությամբ իսկապես կարող ենք նկարագրել Հայաստանում տեղական ինքնակառավարման կայացման ընթացքը։
Համայնքների միությունը ինքնուրույն ավանդույթներ, փորձ ու պատմություն ունեցող ամենակայացած կառույցներից է Հայաստանում, որը, ներկայացնելով Հայաստանի բոլոր 915 համայնքների միասնական ձայնը, այսօր կառուցողական ու գործընկերային հարաբերությունների մեջ է հասարակական կազմակերպությունների ու պետական կառույցների հետ. շահերի պաշտպանություն, խորհրդատվություն, վերապատրաստումներ, արտաքին կապերի մեծ ցանց, աջակցություն համայնքներին և այլն: Միության գործունեության ուղղություններն ու ոլորտները կարելի է երկար թվարկել։ Այս ամենով հանդերձ, Միությունը միշտ զգացել է ռեսուրսների պակաս և կարողությունների հզորացման կարիք։ Այդ պատճառով էլ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի 2015-2017թթ. մաս կազմող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագիրը կազմակերպության հզորացման լավագույն հնարավորություններից է:
Առիթն օգտագործելով՝ ողջունում եմ նաև Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին, որին երկար տարիներ պատիվ ունեմ նաև անձամբ անդամակցելու: Ողջունում եմ նաև եվրոպական մի շարք երկրների գործընկեր կառույցների ներկայացուցիչներին։ Ձեր մասնակցությամբ մենք հնարավորություն կունենանք ծանոթանալ միմյանց փորձին, ինչը փոխադարձաբար օգտակար կլինի բոլորիս համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը՝ այս ծրագրի ֆինանսավորման համար»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ բեղմնավոր աշխատանք մաղթելով աշխատաժողովի մասնակիցներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ես, իհարկե, փորձագետ չեմ, բայց, իմ կարծիքով՝ քաղաքական և այլ բախումները լուսաբանելու ստանդարտներ չկան: Այն, ինչ գրված է դասագրքերում, խիստ պայմանական է. դու կարող ես լինել բարիկադի մի կողմում և լուսաբանել կոնֆլիկտը հասկացնելով, որ քո կողմը մարմնավորում է աշխարհի բարիքն ու արդարությունը, իսկ հակառակ կողմը, ինչպես սիրում է ասել գյումրեցի մի գործիչ՝ «սատանեքի ծնունդ են»: Դու կարող ես նաև ամեն ինչին նայել «թռչունի բարձունքից» և վերապահումներ ունենալ երկու կողմերի նկատմամբ: Բայց դու չես կարող ասել՝ ահա այսպես է պետք անել: Ամեն մեկն իր պատկերացումներն ունի:
Կա ևս մի սկզբունք, ավելի ճիշտ՝ բարի խորհուրդ՝ ինքնամոռաց կերպով «չքցվել» քարոզչության մեջ, ինչպես որ դա վերջերս անում են, օրինակ, Արմեն Աշոտյանն ու Գառնիկ Իսագուլյանը, իսկ նրանցից առաջ՝ շատ-շատերը: Նախ՝ չգիտես, թե «վերադասներից» ով, երբ և ինչպես է բարիշելու, իսկ բարիշելու դեպքում պարզ է, որ անհարմար վիճակի մեջ ես հայտնվելու՝ «վատամարդը» դու ես դուրս գալու: Նման ինքնամոռացության դեպքում կա նաև հետևյալ վտանգը, եթե մենք պատրաստվում ենք մինչև կյանքի վերջ ապրել Հայաստանում [ես որ՝ հաստատ]՝ անկախ հասարակարգերից և քաղաքական վայրիվերումներից, ապա, հաշվի առնելով մեր երկրի չափերը, մեծ է հավանականությունը, որ այն մարդուն, որի մասին չափից դուրս «սուր» բան ենք ասել, մի օր հանդիպելու ենք փողոցում: Կարիք կա՞ հակառակ մայթն անցնելու:
Առավոտ
Խմբագրական
Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Է.Ֆարկասին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ք.Փրայսը և ԱՄՆ եվրոպական հրամանատարությունից ժամանած բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի` նշելով, որ համագործակցությունն իրականացվում է թափանցիկության ու փոխադարձ վստահության մթնոլորտում և դինամիկ զարգացում է ապրում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նվեր Մնացականյան. Առաջինի եթերում դուք դիտում եք Հարցազրույցի հերթական թողարկումը: Բարև ձեզ: Հանրապետության Նախագահի որոշումը՝ հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու վերաբերյալ, հայտնվել է հրապարակային, բավականին լայն քննարկումների տիրույթում: Այստեղ Հայաստանի և Սփյուռքի գնահատականները, անշուշտ, կարևոր են և էական, բայց պակաս կարևոր չէ նաև այն կողմերի արձագանքը, որոնք ուղղակիորեն շահագրգռված էին՝ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու: Այսօր ես կզրուցեմ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ: Բարև՛ Ձեզ, պարոն Քոչարյան:
Շավարշ Քոչարյան. Բարև Ձեզ:
Նվեր Մնացականյան. Հիմա պատկերավոր ասած՝ գնդակը որտե՞ղ է այս գործում:
Շավարշ Քոչարյան. Նույն տեղում՝ Թուրքիայի դաշտում:
Նվեր Մնացականյան. Ենթադրելի էր, որ հիմա երրորդ կողմում պետք է գտնվի: Շատ էական է այստեղ երրորդ կողմի արձագանքը, այսինքն՝ նրանց, ովքեր պակաս շահագրգռված չէին հարաբերությունների բարելավմամբ:
Շավարշ Քոչարյան. Այո, Նախագահի այդ քայլը շատ հստակ ազդանշան էր ոչ միայն Թուրքիայի իշխանություններին, այլ նաև՝ միջազգային հանրությանը, բոլոր այն պետություններին, որոնք շահագրգիռ են, որպեսզի կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, որ այն գործողությունները, որ վերջին ժամանակահատվածում ավելի ցցուն իրականացնում են Թուրքիայի իշխանությունները, այսինքն՝ ժխտողականության ալիքը, որը բարձրացել է հենց հարյուրամյակի տարելիցին ընդառաջ, որ այդ բոլորը հայկական կողմի համար անընդունելի է և, միևնույն ժամանակ, որ հայկական կողմը մնում է հավատարիմ նրան, որպեսզի առանց նախապայմանների շարժվենք առաջ:
Նվեր Մնացականյան. Պարոն Քոչարյան, նույն հարցը առաջացել էր ավելի վաղ, որ այն, ինչ Դուք թվարկեցիք իսկապես անընդունելի էր ոչ թե վեց տարի հետո, այլ՝ հինգ տարի հետո, չորս տարի հետո: Ավելի վաղ հնարավոր չէ՞ր գնալ, կատարել այս գործողությունները, կամ այն, ինչ կատարում էր թուրքական կողմը, դա արդեն մեզ չէ՞ր հուշում դիմել այս քայլին:
Շավարշ Քոչարյան. Գիտե՞ք, խնդիրը հետևյալն է. այնուամենայնիվ դիտարկենք նպատակը՝ ինչ նպատակ էին հետապնդում Հայաստանի իշխանությունները, Հայաստանի Հանրապետության նախագահը, երբ նախաձեռնեց այդ գործընթացը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դա արվում էր հենց հայկական կողմի նախաձեռնությամբ: Նպատակը շատ պարզ և հասկանալի էր երկու հարևան պետությունների համար` չնայած այդպիսի անցյալին` անհրաժեշտ է գնալ հարաբերությունների կարգավորմանը:
Անընդունելի է, երբ 21-րդ դարում կա փակ սահման, չկան դիվանագիտական հարաբերություններ, և չի երևում որևէ հեռանկար՝ քայլ առ քայլ այդ ամենը կարգավորելու: Նպատակը դա էր, շատ պարզ նպատակ էր դրված:
Եվ որպեսզի այդ նպատակին հասնել՝ հաշվի առնելով այն բարդությունները, որոնք առկա են, դրվել էր շատ պարզ մի սկզբունք՝ շարժվել առաջ՝ առանց նախապայմանների:
Հայկական կողմն ուներ շատ արդարացի նախապայմաններ, որոնք կարող էր միշտ ներկայացնել: Առաջին. «Թուրքիա, որպեսզի մենք խոսենք հարաբերությունների կարգավորման մասին, դու պարտավո՛ր ես, դա քո՛ բարոյական պարտքն է, դու պե՛տք է ընդունես և ճանաչես Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է քո՛ նախորդների կողմից՝ Օսմանյան կայսրությունում»:
Երկրորդը շատ արդարացի՝ միջազգային իրավունքին լիովին համապատասխան պահանջ կլիներ. «Բացի՛ր միակողմանի փակված սահմանը: 21-րդ դարում չի կարող Եվրոպայի տարածքում, իսկ մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, լինել փակ սահման», որից հետո շարժվենք:
Հայկական կողմը, գիտակցելով այն բարդությունները, որոնք կան այդ կարգավորման գործընթացում, այդպիսի նախապայմաններ չդրեց, և նույնը ակնկալում էինք Թուրքիայի կողմից: Ամբողջ բանակցային գործընթացը հենց դրա վրա էր հիմնված, սակայն արդեն ստորագրման պահին, ստորագրելուց հետո սկսեց թափ առնել այդ նախապայմանների առաջադրումը: Եվ Ձեր ուղղած հարցը շատ հստակ է՝ արդյոք դա չէ՞ր երևում հենց ստորագրման ժամանակ, երբ ամբողջ արարողությունը այդքան հետաձգվեց, քանի որ Թուրքիայի արտգործնախարարը, ով այսօր վարչապետն է, փորձում էր նախապայմաններ ներկայացնել, իհարկե, երևում էր:
Ավելի ուշ կրկին երևում էր: Բայց խնդիրը կայանում է հետևյալում՝ վերջիվերջո ի՞նչ տվեցին այդ արձանագրությունները: Մի կողմից բացահայտվեց Թուրքիայի իրական դիմակը, Թուրքիայի իրական մոտեցումները, Թուրքիայի ոչ պատրաստ լինելը՝ առերեսվելու իր պատմության հետ, և երկրորդը, որը երևի որևէ դեպքում չի կարելի թերագնահատել, դա այն ալիքն էր, որը բարձրացավ բուն Թուրքիայում: Հենց Թուրքիայում սկսվեց ժխտողականության դեմ հասարակական շարժումը…
Նվեր Մնացականյան. Ձեր նշածներից ո՞ր նպատակն էինք մենք հետապնդում:
Շավարշ Քոչարյան. Մեզ համար առաջնային նպատակն էր անկեղծորեն գնալ հարաբերությունների կարգավորմանը: Բայց մենք ստացանք առաջինը հենց Թուրքիայի հասարակության կողմից լուրջ արձագանք, լուրջ ալիք, որտեղ արդեն բացեիբաց խոսում են՝ «այո՛, ինչի՞ մասին է խոսքը, եղել է ցեղասպանություն, և պետք է իշխանությունը ճանաչի»: Ու դա փոքր բան չէ, որովհետև մեր ժողովուրդները աշխարհագրորեն պետք է կողք կողքի ապրեն:
Նվեր Մնացականյան. Արձանագրությունների հետ կանչելը շատ հավանական էր, և գրեթե բոլորը այդ մասին էին խոսում Հանրապետության Նախագահի՝ ՄԱԿ-ում ելույթից հետո…
Շավարշ Քոչարյան. Այո:
Նվեր Մնացականյան. Բայց կրկին հապաղում տեղի ունեցավ, կրկին որոշակի ժամանակ անցավ, կարծես նույն սպասողական…
Շավարշ Քոչարյան. Գիտե՞ք, իրականում, եթե խոսքը գնար ընդհանուր առմամբ չեղյալ հայտարարելու այդ ստորագրությունը և ասելու՝ գոյություն չունեն, դա մի քայլ կլիներ: Տվյալ պարագայում կատարվել է այլ քայլ: Քայլը կայանում է նրանում, որ մենք ազդանշան ենք տվել, որ թույլ չենք տա այդ բոլոր աղավաղումները, ժխտողականությունը, այդ փորձերը՝ կապել կարգավորումը Ղարաբաղի հետ: Ասել՝ «դե մեկ-երկու տարածք տվեք», հետո՝ «մեկ տարածք տվեք»… Այնպիսի տպավորություն է, որ մեր ազգային լրջագույն խնդիրը, թուրքական կողմը կարծում է՝ կարող է դառնալ սակարկության առարկա:
Նվեր Մնացականյան. Պարոն Քոչարյան, հենց այս օրերին, միգուցե չգիտեմ՝ ինչու աննկատ մնաց դա, բայց թուրքական կողմից և իշխանության առաջին դեմքերի մակարդակով հնչում են՝ «գոնե մեկ շրջան հետ տվեք»…
Շավարշ Քոչարյան. Արդեն գոնե մեկ:
Նվեր Մնացականյան. Դուք հետևու՞մ եք…
Շավարշ Քոչարյան. Այո:
Նվեր Մնացականյան. Մենք դրան չարձագանքեցինք: Կարիքը չկա՞ արդյոք:
Շավարշ Քոչարյան. Որովհետև անլուրջ է: Նախ առաջինը. ի սկզբանե ամբողջ այս գործընթացը հիմնված էր նրա վրա, որ ղարաբաղյան խնդիրը չպետք է կապվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Հենց սա վառ ապացույցն է այն հանգամանքի, որ Թուրքիան նախապայմաններով է առաջնորդվում, իսկ նախապայմանների դեպքում, մենք չպետք է անգամ արձագանքենք, մենք ընդամենը արձանագրում ենք, որ մենք շարժվում ենք առանց նախապայմանների: Մեր նմանատիպ արձագանքը կարող էր լինել՝ «բացի՛ր սահմանը, հետո խոսենք, ճանաչի՛ր ցեղասպանությունը, հետո խոսենք»: Դուք ուշադրություն դարձրեք, որ այդ տեսակետից հայկական կողմը եղել է շատ պարկեշտ խաղի կանոնները պահպանող և դա կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ լիովին չի փակված կարգավորման գործընթացն իրականացնելու հեռանկարը:
Նվեր Մնացականյան. Պարոն Քոչարյան, մի պահ վերադառնանք այն դժգոհություններին, առավելապես՝ հայաստանյան դժգոհություններին, որոնք առկա են անմիջապես արձանագրությունները ստորոգրելուց հետո, երբ շատ էր հղում արվում, որ այս արձանագրությունները՝ այս տեսքով, միակողմանի են և ավելի շատ բխում են Թուրքիայի շահերից: Հիմա Թուրքիային պատկերացնենք այստեղ, եթե Թուրքիայի շահերից էր բխում, ապա ի՞նչն էր նրանց հետ պահում այս արձանագրությունները ստորագրելուց:
Շավարշ Քոչարյան. Ակնհայտ է, որ եթե իրենց շահերից բխեր, իրենք արդեն վաղուց կվավերացնեին և կփորձեին կյանքի կոչել: Այսինքն սա այն դեպքը չէր:
Նվեր Մնացականյան. Դրա համար եմ ես Ձեզ հիշեցնում հայաստանյան դժգոհությունները:
Շավարշ Քոչարյան. Այո, կային: Արձանագրությունների չստորագրման, լիարժեք այդ գործընթացից հրաժարվելու կողմնակիցները նշում էին, որ դրանով ճանաչվում է սահմանը: Մյուս կողմից հիշենք այն քննարկումները, որոնք եղան Թուրքիայի Ազգային ժողովում, երբ Դենիզ Բայկալը՝ իրենց կուսակցություններից մեկի ղեկավարը, բացեիբաց ասաց՝ «այս ի՞նչ եք անում, ինչու՞ չեք ֆիքսել ներկա սահմանը, ինչու՞ չեք հղում կատարել Կարսի պայմանագրի վրա», որը թուրքական կողմի երազանքն էր ամբողջ բանակցային գործընթացում: Այսինքն սա այն դեպքն է, երբ առաջ շարժվելու համար շատ անգամ հարցեր կան, որոնք ուղղակի պետք էլ չի հստակեցնել, կողմերը կարող են մնալ իրենց դիրքորոշումներին, բայց, այնուամենայնիվ, նպաստեն, որ լինի առաջընթաց հարաբերությունների կարգավորման հարցում:
Նվեր Մնացականյան. Բերեք ուշադրություն դարձնենք նաև այն պահի վրա, երբ արձանագրությունները հետ կանչեց Նախագահը: Ինչու՞ ընտրվեց այս պահը:
Շավարշ Քոչարյան. Իհարկե, դա Նախագահի որոշելիք հարցն է, բայց դրա մասին նա ահազանգեց դեռ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից, որ՝ այն վարքագիծը, որը դրսևորում են թուրքական իշխանությունները, պարտադրում են դրա մասին մտածել: Մյուս կողմից այս ժամանակահատվածում տեղի ունեցան բավականաչափ բուռն զարգացումներ և՛ տարածաշրջանում, և՛ մեզ մոտակա հատվածում, և՛, ընդհանուր առմամբ, աշխարհում: Ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ Թուրքիան նույն իր ժխտողական քաղաքականությունը արդեն նոր կերպարանքով շարունակում է իրականացնել: Մասնավորապես, իհարկե, շատ անպարկեշտ քայլ էր, երբ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Թուրքիայի Նախագահին ապրիլի 24-ի արարողությանը մասնակից լինելու ուղղված հրավերին ի պատասխան՝ Թուրքիայի Նախագահը հենց ապրիլի 24-ին տեղափոխեց Գալիպոլիի ճակատամարտը նշելու օրը և առանց պատասխանելու հրավերին՝ վերջինս հրավիրեց հրավիրողին այդ նույն օրը Թուրքիա: Իհարկե, դա արդեն բոլոր, նույնիսկ բարոյական կանոններից դուրս քայլ էր: Այս մոտեցումը ևս ցույց է տալիս, որ, ցավոք սրտի, Թուրքիայի իշխանությունները արդեն իրականությունից բավականին կտրված են իրենց ժխտողականության մոտեցումներում:
Նվեր Մնացականյան. նեղ հայաստանյան մի քանի դիտարկումների վրա ուշադրություն դարձնենք: Շատ է ասվում, որ արձանագրությունների հետ կանչը ուղիղ կապ ունի 100-ամյա տարելիցի հռչակագրի հետ: Անգամ բխում է հռչակագրի տրամաբանությունից:
Շավարշ Քոչարյան. Գիտեք, նախ հռչակագիրը բացառիկ երևույթ էր մեր իրականության մեջ, երբ որ մի տեքստ է ընդունվում, և այդ տեքստը ընդունելիս մասնակից են այդ տեքստի մշակմանը, խմբագրմանը, վերջնական տեքստին բերելուն ըստ էության բոլոր հայկական կառույցները՝ լինեն դա պետական, կրոնական, հասարակական, քաղաքական: Բնական է, որ այդ տեքստը իր մեջ պետք է պարունակեր բոլոր առկա մոտեցումների արտահայտումը: Հռչակագիրը փորձել է արտահայտել, թե ինչպիսի՞ն է մոտեցումը հայերի բոլոր շերտերի, բոլոր հատվածների այս կարևորագույն հարցի վերաբերյալ: Մյուս կողմից ես չէի կապի ուղղակի այդ հռչակագիրը և նախագահի քայլը:
Նվեր Մնացականյան. Հայաստանի ներքին տրամադրությունները կապ ունե՞ն այս քայլի հետ:
Շավարշ Քոչարյան. Ներքին տրամադրությունները շատ արդարացի դժգոհություններն են: Երբ հնչում են Էրդողանի կամ Դավութողլուի այս կամ այն անպարկեշտ արտահայտությունները՝ մեկ վիրավորում են մեր Սփյուռքին, մեկ փորձում են ներկայացնել ցեղասպանության ժամանակ մազապուրծ եղած հայկական սփյուռքը՝ որպես թուրքական համայնք: Դա շատ ավելի վիրավորական է սփյուռքի համար, և չի կարող վրդովմունք չառաջացնել նույնիսկ Թուրքիայում: Առանձին և՛ քաղաքական գործիչներ, և՛ մտավորականներ, և՛ գիտնականներ ուղղակի մատնանշում են այդ կոպիտ անպարկեշտ քայլերը, սխալները, որոնք իրականացնում են Թուրքիայի իշխանությունները:
Նվեր Մնացականյան. Թուրքիայի իշխանությունների առաջին արձագանքները կան արդեն: Վստահ եմ՝ դուք էլ եք ծանոթ: Արտգործնախարարության կողմից արդեն մեզ ոչ անկեղծ լինելու մեջ են մեղադրում: Ուղղակի չի ասում, սակայն «ոչ անկեղծը» ի՞նչ է ենթադրում այստեղ:
Շավարշ Քոչարյան. Շատ երկչոտ արձագանք է, նույնիսկ չկա դրա հեղինակը` մամուլի խոսնա՞կն է, ո՞վ է: Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնում են, որ այդ քայլը սխալ էր և անկեղծ չէր: Այ քեզ բան: Այդ ո՞ր անկեղծության մասին են խոսում Թուրքիայի իշխանությունները, որի վարքագիծը դեմ է նույնիսկ տարրական մարդկային նորմերին:
Նվեր Մնացականյան. Այլ է պատկերը զանգվածային լրատվամիջոցներում` շատ մեծ կարևորություն են տալիս և առաջին էջերին է հայտնվել մեր քայլը թուրքական լրատվամիջոցներում, բայց այդ մասին առանձին հետո առիթ կլինի խոսել, հիմա պրոցեդուրալ, ի՞նչ է սպասվում այստեղ: Մենք, երբ ասում ենք արձանագրությունները հետ ենք կանչում, ստորագրություններին ինչքանո՞վ է սա առնչվում:
Շավարշ Քոչարյան. Չի առնչվում: Խնդիրը հետևյալում է կայանում: Մեզանում ստորագրելուց հետո գործընթացը գնաց՝ ըստ բոլոր ներպետական ընթացակարգերի: Այսինքն եղավ սահմանադրական դատարանի որոշումը, մտավ Ազգային Ժողով, և պետք է արդեն Ազգային ժողովում սկսվեին քննարկումներ՝ հանձնաժողովներում, լիագումար նիստում, բայց այդ բոլորը կանգնեցվեց հենց այն պատճառով, որ թուրքական կողմը սկսեց խոսել նախապայմաններով: Թուրքիայում էլ, ըստ էության, ֆորմալ առումով, Ազգային ժողովում է: Բայց, հիշեցնեմ, որ իրենց Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահը՝ Մերջանը, հրապարակային հայտարարություն արեց՝ ասելով, «թե ի՞նչ տարբերություն, այս արձանագրությունները լինեն կառավարության դարակում, թե՞ իր դարակում` միևնույն է, քայլեր չեն իրականացվելու»: Իսկ հայկական կողմի համար տրամաբանական չէր քայլեր չիրականացնելու պայմաններում անվերջ պահել արձանագրությունները Ազգային Ժողովի դարակում:
Նվեր Մնացականյան. Նա հայտարարել է սառեցնելու մասին, նա քայլեր չի ձեռնարկում, բայց սառեցրել է արձանագրությունները: Դիվանագիտական վերաբերմունքը այդպիսին է:
Շավարշ Քոչարյան. Մեր նախագահը հայտարարել էր, որ գործընթացը առկախում է, բայց առկախել նշանակում է, որ արձանագրությունները գտնվում են այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին, այսինքն` Ազգային ժողովում: Այժմ այնտեղից հետ են կանչվել:
Նվեր Մնացականյան. Իսկ մենք ունե՞նք նաև երկրորդ քայլը անելու: Ուզում եմ հասկանալ, մեր հաջորդ քայլը:
Շավարշ Քոչարյան. Մենք ունենք տարբեր քայլեր իրականացնելու հնարավորություն: Մենք կարող ենք ընդհանրապես ստորագրությունները չեղյալ հայտարարել, մենք կարող ենք և վավերացնել, այսինքն, ամեն ինչ կախված է ապագա զարգացումներից: Ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի պահվածքը` արդյո՞ք կփոխվի և եթե, այո, ապա դեպի ո՞ր կողմ կփոխվի: Այնպես որ մենք քայլեր ունենք, տարբեր ուղղություններով: Բայց ամենակարևորը կայանում է նրանում, որ տվյալ պարագայում, կրկին այդ ֆուտբոլային տերմինաբանությամբ` գնդակը իրենց դաշտում է, և ակնհայտ է, որ շահագրգիռ պետությունները, միջազգային հանրությունը սպասելու են քայլեր Թուրքիայի կողմից:
Նվեր Մնացականյան. Դե նրանք չարտահայտվել էլ չեն կարող, պետք է ասեն ` հետագան ինչպիսին է լինելու: Հիմա հետագայի մասին, մեր այս քայլը ենթադրու՞մ է, որ մենք հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի հետ վերջակետ ենք դնում, թե՞ նոր փաստաթղթի հավանականություն կա:
Շավարշ Քոչարյան. Եթե նախագահը ստորագրությունը չեղյալ հայտարարեր, ապա միայն տեսականորեն կարող էր նոր գործընթաց սկսվել:
Նվեր Մնացականյան. Որպես եզրակացություն այս վեց տարիներն ո՞ւմ օգտին աշխատեցին:
Շավարշ Քոչարյան. Ես մատնանշեցի թուրքական հասարակությունում այն ալիքը, որը բարձրացել է և արդեն դժվար է կասեցնել: Պետք է հիշել նաև, որ այս ժաամանակահատվածում երկու պետություն՝ Հունաստանը և Շվեցարիան, քրեականացրին ժխտողականությունը: Ամենաէականը երևաց Հայաստանի իշխանությունների անկեղծ ձգտումը՝ կարգավորելու հարաբերությունները, և մենք պայմանավորվածությանը հակառակ որևէ քայլ չենք կատարել՝ ի տարբերություն Թուրքիայի իշխանությունների, որոնք անընդհատ առաջնորդվում են նախապայմաններով: Թուրքիայի իշխանությունների այսպիսի վարքագծի արդյունքում այս 6 տարիները աշխատեցին ի վնաս կարգավորման գործընթացի:
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ արգենտինահայ զործարար Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ՀՀ ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից: Բանն այն է, որ ԱԳՆ շենքում տեղակայված են նաև «Արարատ» ռեստորանն ու «Նոյան տապան» գրախանութը: Այդ ընկերությունների տերերը շենքի՝ իրենց պատկանոց տարածքները վաճառելու համար բավական բարձր գին են առաջարկել, ինչին չի համաձայնվել գործարարը:
Ընդ որում, այս խնդիրն ավելի քան 1 տարի կա, բայց Էռնեկյանը վնրջերս է հրաժարվել ԱԳՆ շենքից:
Չորրորդ ինքնիշխանություն
Սերժ Սարգսյանը խուսափեց «ժողովրդի թշնամի» արտահայտությունից և դրա փոխարեն օգտագործեց «չարիք» բառը: Բայց, միևնույն է, ռեպրեսիաները երկար չսպասեցրին: Քաղաքական «չիստկայի» մասին կուսակցապետի հրահանգի հաջորդ օրը ևեթ՝ փետրվարի 13-ին, ԱԺ նախագահն սկսեց հիմքեր նախապատրաստել Ծառուկյանին մանդատից զրկելու համար: Սրան «անշառ» անուն դրեցին՝ ուսումնասիրություն: 3 օրից հայտնի դարձավ, որ ոստիկանապետն ազատել է Պետական պահպանության գլխավոր վարչության շուրջ 200 աշխատակցի, որոնք հսկում էին ԲՀԿ առաջնորդի օբյեկտները: Այս գործողությունը ևս խաղաղ անվանում ստացավ: Ներկայացվեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների, պայմանագրերի վերանայման շրջանակում: Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թիվ չնշեց: Ասաց, որ ՊՊԳՎ-ում կադրային փոփոխություններ են. «Եղել են ազատումներ, եղել են նոր նշանակումներ»: Բայց որքանո՞վ է օրինական միանգամից այսքան պայմանագրեր լուծելը: «Պայմանագրեր եղել են, բայց չեն խզվել, ուղղակի մարդիկ են փոխվել»,- պատասխանեց Ահարոնյանը: Պաշտոնական հաղորդագրության մեջ էլ ասված է. «Խնդիրն անվտանգության ապահովումն ավելի փորձառու կադրերով իրականացնելն է»: Կարող է թվալ, թե Վլադիմիր Գասպարյանն օր ու գիշեր մտածում է, թե ոնց անի, որ Ծառուկյանի օբյեկտներն ավելի լավ հսկվեն, և որ դրանք ավելի անվտանգ լինեն: Իրականում, սակայն, այսկերպ ոստիկանապետը զինաթափեց Ծառուկյանի զորքը: Այն զորքը, որի մասին լեգենդներ էին պտտվում: Լեգենդներ, որոնք Սերժ Սարգսյանը հրամայեց ստուգել: Նա չէր կարող չիմանալ, թե ինչպես է գոյացել այս զորքը:
Գաղտնիք չէ, որ ԲՀԿ օբյեկտները հսկող ոստիկաններն այնքան էլ «ճիշտ» ոստիկաններ չէին, այլ Ծառուկյանի մարդիկ էին՝ նրա ծանոթ-բարեկամ, համագյուղացի տղերքը, որոնց վերջին 5-6 տարիներին, ԲՀԿ առաջնորդին արված լավության կարգով, ընդունել էին Պետական պահպանության վարչություն, ոստիկանի համազգեստ տվել և, ամենակարևորը՝ ավտոմատներ և մարտական ատրճանակներ: Այդ օբյեկտները ոստիկանության հետ պայմանագրեր էին կնքում և վճարում իրենց ստացած պահպանության ծառայությունների դիմաց: Աշխատավարձից բացի, Ծառուկյանի օբյեկտները հսկողները նաև ծրար էին ստանում, այնպես որ, նրանք ավելի հարուստ էին, քան ոստիկանության շարքային «պահակները», որոնց աշխատավարձերը բարձրացվեցին բոլորովին վերջերս, իսկ նախկինում նրանք այնքան ցածր էին վարձատրվում, որ ստիպված ազատ ժամանակ կոշկակարություն կամ «մալյարություն» էին անում: Իսկ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցները լավ վարձատրվող և մարտական զենքով, ավտոմատներով զինված տղաներ էին, որոնց զինաթափելուց էլ, ըստ էության, սկսվեցին ռեպրեսիվ գործողությունները:
Նույն օրը երեկոյան ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տունը շրջապատեցին քաղաքացիական հագուստով իրավապահները և խուզարկություն անցկացրին, փնտրելով պատգամավորի որդուն: Նրանք տակնուվրա արեցին տունը, սակայն տղային չգտան: Գասպարյանի գյուղում՝ Ջանֆիդայում, խուճապ բարձրացավ, իսկ առավոտյան Քննչական կոմիտեն բացատրեց, որ ընդամենը «միջոցներ է ձեռնարկում» 2014 թվականին կատարված դեպքի «հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»: Խոսքը 2014 թվականի գործի մասին է, որի շրջանակներում Գասպարյանի 22 տարեկան որդուն՝ Ռոմանին, մեղադրում էին մարդու առևանգման մեջ: Նա, ըստ նյութերի, իր ընկերոջ հետ, որն ի դեպ ոստիկան էր, սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել էր մի երիտասարդի հետ, տարել էր նրան ավտոմեքենայով Ջանֆիդա գյուղ, իսկ հետո, կասկածելով, որ նա ոչ ավանդական կողմնորոշում ունի, ծեծել էր: 2014-ին պատգամավորի որդու հանդեպ հետախուզում հայտարարեցին, սեպտեմբերին կալանավորեցին, իսկ 2 ամիս անց խափանման միջոցը փոխեցին և ազատ արձակեցին: «Մի քանի անգամ Ռոման Գասպարյանին հրավիրել են, չի եկել, գործով ծանուցագիր են ուղարկել»,- պարզաբանեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Բայց կարևորն այն է, որ դարակներում քնած քրգործի մասին մարդիկ հիշել են ճիշտ ժամանակին:
Նույն օրը իրավապահները նկատեցին նաև, որ Ռուբեն Գևորգյանը Դավիթաշենի 4-րդ թաղամասի իր հյուրանոցում մարմնավաճառներ է ընդունում, և մի քանի աղջիկների տարան բաժին: Ծաղիկ Ռուբոն հայտարարեց, որ իր հյուրանոցում չկան մարմնավաճառներ, դա նորմալ հանգստի վայր է: Իրականում, սակայն, ոչ մի «նորմալ» էլ չէ, քանի որ այդ հյուրանոցի սենյակներում «ռեսպուբլիկա խայտառակող» բաներ են կատարվում՝ «հեռուստացույցով հեռարձակվում են պոռնոգրական նյութեր»: Ակամայից հիշեցինք 2008 թվականը, երբ մոտավորապես նույն տեքստը տարածել էին Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի հյուրանոցում պոռնկատուն հայտնաբերելու մասին:
Հրապարակ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկը (նստավայրը՝ Թբիլիսի):
Նախագահը շնորհավորել է դեսպան Քուիկին նշանակման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ տիկին Քուիկն իր փորձն ու մասնագիտական կարողություններն առավելագույնս կներդնի ի նպաստ հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան Սկանդինավյան տարածաշրջանում Հայաստանի վստահելի բարեկամներից է, և դրա մասին են վկայում ինչպես երկու ժողովուրդների պատմական առնչությունները, այնպես էլ Հայաստանի անկախացումից ի վեր ձևավորված բարձր մակարդակի հայ-շվեդական հարաբերությունները: «Մեր ցանկությունն է ամրապնդել միջպետական հարաբերությունները բարեկամ Շվեդիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում, զարգացնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հայաստանը պատրաստակամ է ներդնելու անհրաժեշտ ջանքեր հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան բազմապատկելու, առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը և Շվեդիայի դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը, ինչպես նաև վերջին շրջանում կայացած բարձրաստիճան փոխայցերը նոր որակ են հաղորդում Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության օրակարգին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում առկա իրավիճակին և մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը նշել է, թե Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Շվեդիայի հավասարակշռված մոտեցման պահպանումը:
Նախագահը բարձր է գնահատել նաև 2010թ. Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը և դեսպան Քուիկի հետ խոսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընթացիկ տարում Հայաստանում և արտերկրում կայանալիք միջոցառումների մասին:
Սերժ Սարգսյանն ու դեսպան Քուիկն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը:
Ներհայաստանյան քաղաքական և հասարակական դաշտի թեժացման միտումները մտահոգիչ տեսք և տարողություն ստանալու նախադրյալներ են պարզում: Անառարկելի են քաղաքական դաշտի գրագիտացման համար հնչող կոչերը, ընդգծվող վճռակամությունը` հարստապետական կարգերին վերջ տալու և այդ նպատակով քաղաքականություն-հարստություն սերտաճման գործընթացը կասեցնելու:
Երևույթը նոր չէ մեր երկրում և պայմանավորված չէ հասարակական մեկ ուժով և մի անձով: Երևույթը առկա է ոչ միայն խորհրդարանական խմբակցություններում, այլ նաև ուղղակի հատկանշում է մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական դիրքեր գրաված, օրենսդիր կյանքի քննարկումներին և զարգացումներին համարյա չմասնակցող, բայց քաղաքական ներկայություն ապահոված համակարգը:
Մեծամասնական ընտրակարգի այսօրվա դրույթը քաղաքականության և գործարարության սերտաճելի համատեղման ամենից խոսուն նվիրականացումի եղանակն է: Ահա թե ինչու խորհրդարանական ընտրակարգի 100/100 համամասնականի անցումը պիտի հիմնովին նպաստած լիներ քաղաքական դաշտի գրագիտացման ձևավորմանն ու կայացմանը:
Գործարարության տարանջատումը քաղաքական դաշտից կարևոր ելակետ կարող է նկատվել հավելյալ ժողովրդավարացման, օրենսդիր կյանքի ճիշտ ուղիով զարգացման, քննարկումների աշխույժ մասնակցության:
Այս առաջադրանքը նոր չէ, իհարկե, և տեսականորեն հնչել է վաղուց։ Պարզ է, որ հիմա ցույց տրվող վճռակամությունը հանկարծակիության իրավիճակ է ստեղծել հայաստանյան ներքաղաքական դաշտում: Նման հանկարծակի վճռակամության և դրան հետևող քայլերի հայտարարությունն ու իրականացման արագակշռույթ բնույթը բնականաբար անցնցում չեն կարող լինել:
Այս բոլորի պատճառների և շարժառիթների փնտրտուքը տեղի է տվել տարատեսակ մեկնաբանությունների և ենթադրությունների վրա հիմնված վերլուծումների: Սկսյալ ԲՀԿ առաջնորդի Մոսկվա կատարած այցելությունից, կազմակերպած խորհրդաժողովին բարձրաձայնած կարգախոսներից, անցնելով նույն կուսակցության անդամի դեմ իրականացված ծեծից, նման բռնարարքի պատվիրատուի մասին կատարված ենթադրություններից, հասնելու համար գերպետական մակարդակներից ներշնչված և ուղղակի կամ անուղղակի պատվիրված գործողությունների: Նման խորհրդածությունները չեն բացառում նույնիսկ ռուս-թուրքական պայմանավորվածությունների իբրև արդյունք ներհայաստանյան դաշտը բևեռացնելու
և դրանով իսկ Գալիպոլիի կողքին 100-ամյակի նշման չեզոքացման նոր միջոցառում հրամցրած լինելու կարելիությունը: Չմտնելով շարժառիթների փնտրտուքի ոլորապտույտի մեջ՝ փորձենք կենտրոնանալ ստեղծված իրավիճակի փաստի վրա, որոշ հետևություններ անելու համար:
ԲՀԿ-ի առաջնորդը, նախքան Հանրապետության նախագահի ելույթը, որ ի դեպ հռետորաբանությամբ, ոճով և օգտագործված բառապաշարով աննախադեպ էր` համեմատած իր նախորդ բոլոր ելույթներին, արդեն կոչ էր արել համաժողովրդային շարժման համար երկրի տարածքում շտապների ձևավորման:
Սա արդեն ենթադրում էր, որ ինքնուրույն կամ թելադրված, առանց 100-ամյակի հաշվարկն անելու, նա ներքաշվել էր ենթադրյալ առաջադրանքի մեջ` ներհասարակական լարվածություն ստեղծելու ծուղակը:
Նման հակազդեցությունը նախագահական մակարդակով կարող է բացատրվել 100-ամյակից առաջ երկրի անկայունացմանը միտող շարժման արգելակումի որոշմամբ: Այս վարկածը կարող է համոզիչ չթվալ, եթե հակափաստարկներն ավելի տիրական ձևով ընդգծեն` օգտագործված եղանակից դուրս, այլ միջոցներով, ենթադրյալ անկայունությունը կանխելու անհրաժեշտությունը:
Այս դեպքում խնդիրը այն է, որ արդյոք կանխարգելման այս եղանակով կհաջողվի՞ երկիրը դուրս բերել լարվածությունից, թե՞ դուռ կբացվի այդ առումով թեժացման նոր մագլցողականության:
Եթե մի պահ ընդունենք, որ ներկա պատկերը բացատրվում է արտաքին ներշնչումներով և ծրագրված իրավիճակների առաջացմամբ, ապա պետք է սպասել նաև ներազգային պառակտման այլ քայլեր Սփյուռքում ևս: Սփյուռքյան որոշ շրջանակների հետ երկխոսություն սկսելու Անկարայի մոտեցումները կարող են այլատեսակ կերպով դրսևորումներ ունենալ:
Զգոնության և սթափության հրամայականը չի վերաբերում միայն Հայաստանի Հանրապետությանը: Այս առումով Սփյուռքը ևս թիրախային կետի վրա կարող է հայտնված լինել հակաքայլեր և նման իրավիճակներ առաջադրող հակառակորդի կողմից:
Այժմ սակայն, ուշադրության կիզակետը Հայաստանի Հանրապետությունն է: Քաղաքական դաշտը պետք է գործարարազերծել և օժտել քաղաքական գրագիտությամբ: Առանց ցնցումների: Ցնցումները ոչ միայն անտեղի են ժամանակի առումով, այլ կարող են ծառայել հակառակորդին:
Ամեն պարագայի խնդիր կա թե՛ հայ հասարակության և թե՛ ընդհանրապես բոլորի առաջ փաստելու, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար չէ ընդդիմադիր
գործչի նկատմամբ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքական դաշտի քաղաքականացումը, գրագիտացումը և բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը ունենան համակարգային ու սկզբունքային բնույթ: Մյուս կողմից քաղաքական հաշվեհարդարի մտայնությունները ցրելու ճանապարհն այն է, որ ձեռնարկվելիք քայլերը տեղի ունենան իրավական հողի վրա և փաստարկված լինեն օրենքի տառի խստագույն պահպանման նախանձախնդրությամբ: Միաժամանակ հարգելով սեփական ճշմարտությունն ապացուցելու ընդդիմության իրավունքը, ներկա կարևոր ժամանակահատվածում խիստ անհրաժեշտ է, որ քաղաքական գործընթացները չվերաճեն երկիրը անկայունության տանող ծայրահեղ դրսևորումների:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.