23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների եւ 2015թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին հարցերը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ զեկույցներով հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը, ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պետք է անցնեն բարձր մակարդակով, չսահմանափակվեն միայն մայրաքաղաքով ու շրջկենտրոններով եւ լայնորեն լուսաբանվեն: Բակո Սահակյանը մի շարք հանձարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Գարնանացանի նախապատրաստական աշխատանքների շուրջ զեկույցով հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ պետք է անել հնարավորը անհրաժեշտ աշխատանքների նորմալ ընթացքն ապահովելու նպատակով` համապատասխան հանձարարականներ տալով այս ուղղությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: Քննարկվել է փոխշահավետ և հեռանկարային մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության առկա մեծ ներուժը ի նպաստ երկու բարեկամ երկրների լիարժեքորեն օգտագործելու հետ կապված հարցերի լայն շրջանակ: Այն ներառել է էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի, գյուղատնտեսության, ավիացիայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ բնագավառներ:
ՀՀ Նախագահը և ՉԺՀ պետական խորհրդի նախագահը մեծապես կարևորել են Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ երկկողմ համագործակցությունը փոխհամաձայնեցված բոլոր ուղղություններով գործնական հարթություն տեղափոխելու առումով: Ընթացիկ տարվա ամռանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, կողմերի համոզմամբ, օրակարգում անհրաժեշտաբար պետք է ներառի հայ-չինական համագործակցության հեռանկարային բոլոր ծրագրերը:
Սերժ Սարգսյանը և Լի Քեցյանը գոհունակությամբ են նշել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրած առաջընթացը: Չնայած ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին՝ կես միլիարդ դոլարը գերազանցող ցուցանիշին, Հայաստանից Չինաստան արտահանման մեծացմանը, այդուհանդերձ, զրուցակիցների կարծիքով, երկու երկրները չպետք է բավարարվեն եղած ձեռքբերումներով և պետք է ջանքերը շարունակեն առկա տնտեսական ներուժը լիարժեքորեն օգտագործելու, Հայաստանի տնտեսության մեջ չինական ներդրումների ներգրավման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր և ավելի մեծ հնարավորություններ է բացում նաև հայ-չինական տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են Հայաստանի Նախագահի՝ Չինաստան պետական այցի շրջանակներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններն ու բանակցությունների արդյունքներով ստորագրված համագործակցության փաստաթղթերը:
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ողջունել է Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման՝ չինական կողմի նախաձեռնությունը և դրա իրագործման ուղղությամբ տարվող նպատակադրված աշխատանքը, որում, ըստ Հանրապետության Նախագահի, Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի, Հայաստանն ու Իրանը միացնող երկաթուղու, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրերին չինական ընկերությունների հնարավոր մասնակցությանը:
Հանդիպման ընթացքում քննարկված այդ և մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները հանգամանորեն քննարկելու նպատակով, Չինաստանի պետական խորհրդի նախագահը հանձնարարել է այդ հարցերով պատասխանատու նախարարին՝ անձամբ զբաղվել նշված աշխատանքով:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ Հայաստանի կառավարությանը ցուցաբերած անհատույց օգնության համար, որի արդյունքները, Հանրապետության Նախագահի խոսքով, տեսանելի են և բարձր են գնահատվում մեր ժողովրդի կողմից:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին:
ՀՀ Նախագահն այնուհետև Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ:
Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանի Նախագահին և ընդգծել, որ ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանն ունի վստահելի և լավ գործընկեր, որի հետ դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը հիմնված է փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Նա կարևորել է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան և դրա շրջանակներում Նախագահ Սի Ծինփինի հետ կայացած բարձր մակարդակի արդյունավետ բանակցությունները, որոնք, Ճանգ Դըծյանի համոզմամբ, նոր խթան կհաղորդեն երկկողմ հարաբերություններին՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի:
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացման և հայ-չինական կապերի առավել սերտացման գործում Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը. երկու երկրների խորհրդարանները, ըստ նրա, օրենսդրորեն ամրապնդելով նախագահների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները, զգալիորեն կնպաստեն քաղաքական երկխոսության զարգացմանը: Ճանգ Դըծյանը գոհունակությամբ է խոսել Հայաստանի ազգային ժողովի հետ ձևավորված փոխգործակցության մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի ու հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարևոր առաջնորդություններից մեկը և մեծ նշանակություն է տալիս աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը ներկայացնող ու միջազգային հանրության ազդեցիկ անդամ Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, անցած տարիների ընթացքում միջազգային կառույցների շրջանակներում հաջող համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունն ամրապնդել են հայ-չինական բարեկամությունն ու վստահությունը: Հանդիպմանը կարևորվել է նաև տարեցտարի զարգացող միջկուսակցական համագործակցությունը:
ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս կազմող Կայսերական ամառային պալատում, որտեղ լավագույնս արտացոլված է չինական հարուստ մշակույթն իր բազմազանությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պեկինում հանդիպում կունենա նաև ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ:
Անցած շաբաթ տեղաբաշխված եվրոբոնդերից ստացված 500 մլն դոլարից մոտ 200 միլիոնը ուղղվելու է ՀՀ արտաքին պահուստների համալրմանը: Այդպիսով՝ ՀՀ արտաքին պահուստները կկազմեն շուրջ 1 մլրդ 450 միլիոն դոլար:
Խնդիրն այն է, որ անցած տարվա հունվարի համեմատ ՀՀ արտաքին պահուստները նվազել են մոտ մեկ միլիարդ դոլարով 2 միլիարդ 250 միլիոնից այս տարվա փետրվարին հասնելով 1 մլրդ 260 միլիոն դոլարի, և սահմանել վերջին 6 տարիների հակառեկորդը: 1 մլրդ 260 միլիոն դոլարից պակաս արտաքին պահուստներ Հայաստանը վերջին անգամ ունեցել է 2009 թվականի փետրվարին: Արտաքին պահուստների նման ցածր մակարդակը լուրջ խնդիրներ է հարուցում Հայաստանի համար: Դրանց ծավալը միջազգայնորեն ընդունված չափանիշներով չի կարող ավելի փոքր լինել, քան տվյալ երկիր իրականացվող ներմուծումների 25 տոկոսը:
Իսկ արտաքին պահուստների առկա մակարդակը արդեն չափազանց մոտ է այդ ստորին նիշին: Մյուս կողմից, սակայն, եվրոբոնդերից ստացված գումարով արտաքին պահուստների համալրումը ժամանակավոր լուծում է, և հաշվի առնելով այն տեմպը, որով մինչ այդ նվազում էր մեր պահուստը, պետք է սպասել, որ ամիսների ընթացքում խնդիրը կրկին կդառնա արդիական: Հայտնի չէ, թե այդ դեպքում որտեղից են գումարներ հայթայթվելու պահուստը համալրելու համար:
Հայկական Ժամանակ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2014 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Հոգաբարձուների խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված հաշվետվությունները: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև հիմնադրամի 2015 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի վարչակառավարչական ապարատի ծախսերի նախահաշիվը:
Հաջորդիվ Յուրի Ջավադյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ԱՎԶՀ-ի 2015 թ. իրականացվելիք ծրագրերը: Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ նախատեսվում է, մասնավորապես, շարունակել Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման (2-րդ փուլ), Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսության, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի անտառտնտեսության, Շիրակի մարզի Գյումրիի անտառտնտեսության տարածքներում 35 հա անտառտնկումների և ցանկապատման, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում 10 հա անտառապատման և 100 հա օժանդակման աշխատանքները:
Նիստում քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող հարցեր: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատկան գերատեսչությունների ղեկավարներին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հույների և ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ բանաձևի միաձայն քվեարկությամբ, մեր երկիրը դարձավ երրորդը, որը ճանաչում է այս ցեղասպանությունները:
Ավելի ճիշտ, հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը 2010 թվականի մարտ 16-ին. հույների ցեղասպանությունը` Հունաստանն ու Կիպրոսը: Դեռևս 2004-ին Հունաստանը հատուկ բանաձևով ճանաչել էր Պոնտոսի հույների, իսկ 1998-ին` Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունները: Ուրեմն, ասորիների և հույների ցեղասպանությունների ճանաչման աշխարհագրությունը շատ փոքր էր:
ՀՀ ԱԺ-ի նիստը միաձայն, 117 քվեով որդեգրեց հետևյալ բանաձևը. «Առաջնորդվելով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ին ընդունված 96 (1) բանաձևով և 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ «Ցեղասպանության նախազգուշացման և դրա համար նախատեսված պատժի», ինչպես նաև 1968թ. նոյեմբերի 26-ի «Մարդկության դեմ գործած հանցագործությունների և ռազմական հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության» մասին կոնվենցիաներով ու մարդու իրավունքների մասին բոլոր այլ միջազգային ակտերի դրույթներով ու սկզբունքներով, հաշվի առնելով հայ, հույն և ասորի ժողովուրդների՝ դարերից բխող բարեկամական հարաբերությունները՝ Հայաստանի Ազգային Ժողովը հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան կայսրությունում իրականացրած հույների և ասորիների ցեղասպանությունը»։
Բանաձևի նախագծի ներկայացմանը նախորդել էր «Հիմնավորում Օսմանյան կայսրության կողմից 1915-1923-ին հույների և ասորիների ցեղասպանությունների դատապարտման մասին» բանաձևի նախագծի ներկայացումը: Այնտեղ նշված են պատմական փաստերը, իրականացված ջարդերի և տեղահանությունների կանխամտածված լինելը, զոհերի թվերը, ժամանակն ու աշխարհագրությունը և բոլորը արդարացված ձևով տեղավորված ցեղասպանության ուխտի սահմանած դրույթներում: Նշված է նաև, որ ժամանակակից ցեղասպանագիտությունը հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները դիտարկում է որպես մեկ ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչ մասեր:
Պատմականորեն և իրավաքաղաքականորեն ներկայացված փաստերն ու հիմնավորումները քննարկման տեղ չեն թողնում երկու ժողովուրդների ապրած ցեղասպանությունները ճանաչելու և դատապարտելու: Իհարկե, կան տարբեր քննարկելի հարցեր: Հունաստանը ընդհանրապես հույների ցեղասպանության միջազգայնացումը արտաքին քաղաքականության օրակարգի նյութ չի դարձրել, իսկ ասորիները` իբրև պետականազուրկ և քաղաքական գործոնի ոչ բավարար
կարգավիճակ ունեցող համայնք, չունեն լոբբիստական առաջադրված կարողությունը իրենց ազգային ողբերգությունը միջազգայնացնելու:
Հատկապես ասորիների դեպքում, այսօր սակայն ա՛յս խնդիրը, անկախ իրենց կողմից դրսևորելի ենթադրյալ նախաձեռնողականությունից, այժմեական հրատապությամբ այսօրվա իրադարձությունների լույսի տակ պատմական իրադարձությունների հետ համեմատություններ է ստեղծում` ընդգծելու համար, որ այս ժողովուրդը երկրորդ անգամ է ենթարկվու՛մ ցեղասպանության, առաջինը ուղղակի Օսմանյան կայսրության, իսկ ներկայինը՝ պատվիրված, ֆինանսավորված Անկարայի կողմից:
Համեմատական ցեղասպանագիտությունը ընդհանուր քաղաքականության բաղադրիչները համարելով դեռևս ընդհանրություններ և տարբերություններ է գտնում երեք ցեղասպանությունների միջև:
Այս հանգրվանի էականը մեզ համար այլ ուղերձ ևս ունի: Այսպես, եթե մանրադիտակի տակ բերենք բանաձևը, այնտեղ կնկատենք, որ հույների և ասորիների ցեղասպանությունները անառարկելիորեն ամբողջացնում են ցեղասպանության ուխտի բանաձևած կետերը: Մարդկության դեմ կատարված հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության ընդգծումը պարզ է, որ վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը, և այս պահին նման շեշտադրումը լուսաբանելն ավելի քան ըմբռնելի է: Նոր չէ նաև հայ, հույն և ասորի ժողովուրդների պատմական բարեկամության գիտակցումը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հիմա՛ նման բանաձև ընդունելը, անպայման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ուղերձ ունի: Բանաձևը պարփակում է Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանված ժողովուրդների համախմբման կոչ. զորակցելով զորակցության հրավեր: Պատահական չէր նաև այն, որ ամերիկյան Կոնգրեսի բանաձևը առանց Ցեղասպանություն եզրի օգտագործման խոսում էր կրոնական կալվածքների վերադարձի պահանջի մասին. ընդ որում՝ նաև հունական և ասորական: Իսկ ասորիների տեղահանությունները քաղաքականորեն արծարծելու համար ճիշտ հունավորման պարագայում անպայման կգրավեն միջազգային շրջանակների ուշադրությունը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բանաձևի լուռ կոչը` տուժած ժողովուրդների համախմբման քաղաքական պահ ստեղծելու լավագույն առիթ ունի. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ապրիլի 24-ին Երևան է հրավիրել մի շարք երկրների ղեկավարների՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակը ոգեկոչելու համար:
Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լեհաստանի և Բելառուսի նախագահներն արդեն ընդունել են նախագահ Սարգսյանի հրավերը: Սպիտակ տունը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ, թե արդյոք նախագահ Օբաման պատրաստվում է այցելել Հայաստան այս մեծաշուք առիթով:
Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն 1.5 միլիոն հայերի կազմակերպված բնաջնջումը բնութագրեց որպես «մի ողջ ազգի սպանություն»: Հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը «Սի Բի Էս»-ին հայտնեց, որ նա ցեղասպանություն եզրույթը հորինել է՝ Առաջին աշխարհամարտում հայերի և Երկրորդ աշխարհամարտում հրեաների դեմ իրագործված զանգվածային ոճրագործությունների հիման վրա:
Ահա այն տասը պատճառները, թե ինչու պետք է ԱՄՆ նախագահի ինքնաթիռը Ապրիլի 24-ին վայրէջք կատարի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում.
1. Նախագահ Օբաման հարգանքի տուրք կմատուցի Ամերիկայի հարյուր հազարավոր գթասիրտ քաղաքացիներին՝ Ցեղասպանությունից հետո թշվառ հայերին օգնելու նպատակով 117 միլիոն դոլար (այսօր ավելի քան 2 մլրդ դոլարին համարժեք գումար) հանգանակելու համար: Դեսպան Մորգենթաուի նախաձեռնությամբ և նախագահ Վուդրու Վիլսոնի աջակցությամբ, Մերձավոր Արևելքի նպաստամատույցը օգնեց փրկել և խնամել ավելի քան 132 հազար հայ որբերի: Այս հսկայական բարեգործական նախաձեռնությունը առաջին միջազգային մարդասիրական օգնությունն էր Միացյալ Նահանգների պատմության մեջ:
2. Այս առիթով այցելելով Հայաստան, նախագահ Օբաման կվերահաստատի վաղուց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. Ցեղասպանությունը որպես հաստատված պատմական փաստ ճանաչել են.
— ԱՄՆ կառավարությունը Միջազգային դատարան ներկայացրած փաստաթղթում, 1951 թ.-ին,
— ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975 և 1984 թթ. բանաձևերում,
— Նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրում 1981 թ. ապրիլի 22-ին,
— ԱՄՆ 50 նահանգներից 43-ը,
— Աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ, ներառյալ Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը, Կանադան, Հոլանդիան, Վատիկանը, Շվեյցարիան, Շվեդիան, Արգենտինան, Լիբանանը, Հունաստանը, Կիպրոսը, Լեհաստանը և Վենեսուելան,
— Մի շարք միջազգային կազմակերպություններ, ներառյալ ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, Եվրախորհրդարանը և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը:
3. Հարյուրամյա տարելիցը կարող է նաև նախագահ Օբամայի վերջին հնարավորությունը լինել՝ վերականգնելու ամերիկահայ համայնքի վստահությունը՝ հարգելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր լուրջ խոստումները որպես սենատոր և նախագահի թեկնածու:
4. Նախագահ Օբաման կարող է հիմք դնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ հիմնված ճշմարտության և արդարության վրա, համահունչ Ներկայացուցիչների պալատում սպասվող բանաձևին և իր նախորդ ապրիլքսանչորսյան ուղերձներին՝ հայտարարելով, որ «փաստերի լիարժեք, անկեղծ ու արդարացի ճանաչումը բխում է բոլորիս շահերից»: Նախագահ Օբամայի այցը նաև կխրախուսի մարդու իրավունքների թուրք պաշտպաններին՝ շարունակելու իրենց դժվարին աշխատանքը՝ օժանդակելու Թուրքիայի կառավարությանը՝ հաշվի նստելու իր անցյալի ամենամութ էջերի հետ:
5. ԱՄՆ նախագահը օգտվելով այս այցից կարող է կոչ անել Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը՝ հայացք նետելով փակ սահմանից մի քիչ այն կողմ գտնվող բիբլիական Արարատ լեռանը:
6. Ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումների ակտիվացմանը՝ նախագահ Օբաման կարող է շեշտել այս բարդ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Վաշինգտոնի լուրջ աջակցությունը:
7. Նախագահ Օբամայի այցը կօգնի հավասարակշռել Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ, հատկապես Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը նրա անդամակցությունից հետո, և հաշվի առնելով Ապրիլի 24-ին Պուտինի նախատեսվող այցը Երևան: Հայաստանը սերտ հարաբերությունների մեջ է Արևմտյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ և ներգրավված է միջազգային խաղաղապահ ուժերում Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում և Լիբանանում: Վերջերս, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումը ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ընդգծում է, թե Երևանը որքան է կարևորում Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները:
8. Քանի որ նախագահ Օբաման ուկրաինական ճգնաժամի պատճառով չի պատրաստվում մեկնել Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին կայանալիք Երկրորդ աշխարհամարտում տարած Հաղթանակի օրվա տոնակատարություններին, ապա Երևանում նա հնարավորություն կունենա հանդիպելու նախագահ Պուտինին՝ ավելի հանգիստ պայմաններում:
9. Նախագահ Օբամայի այցը Հայաստան բարի կամքի կարևոր դրսևորում կլինի ամերիկահայ համայնքի նկատմամբ: Անցյալ շաբաթ 16 խոշոր ամերիկահայ կազմակերպություններ միասնական նամակով դիմեցին ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով նրան մասնակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին Հայաստանում:
10. Նախագահ Օբաման կկատարի ԱՄՆ նախագահական առաջին պատմական այցը Հայաստան, որին նախորդել են մի շարք բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներ՝ պետքարտուղար Ջեյմս Բեյքեր III-ը, 1992 թ., պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը 2001 թ. և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 և 2012 թվականներին, երբ վերջինս ծաղկեպսակ դրեց Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ինչպես դա անում են Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները ամեն տարի Ապրիլի 24-ին՝ սկսած Հայաստանի 1991 թվականի անկախացումից:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ժամանակին սնանկացավ «Սթար» սուպերմարկետների ցանցը, որը, ըստ դատական վճիռների, 10 մլրդ դրամի պարտքեր ուներ տնտեսվարողներին: Այս մարդիկ մինչ օրս չեն ստացել իրենց գումարները: Ներկայում նոր «քցոցի» է սկսվել: «Մոսկվիչկա» առևտրային ցանցի տասնյակ մատակարարներն ամեն օր գալիս են «Բիզնես-լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի գրասենյակի մոտ, հերթ կանգնում: Նրանք բոլորն իրար դեմքով ճանաչում են: Ոչ մի հույս չկա, որ գործարարների կորուստները կվերականգնվեն: «Մեծածախ առևտրի ոլորտում մենք շատ ժամանակ աշխատում ենք ազնիվ խոսքին ապավինելով, քանի որ չկան կորուստներից երաշխավորելու իրավական մեխանիզմներ»,- ասում է «Բիզնես-լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի պարտատերերից մեկը՝ գործարար Լևոն Ֆարմանյանը, որն զբաղվում է կաթնամթերքի ներմուծմամբ և մեծածախ առևտրով: Նա վստահեցնում է, որ իր տարեկան շրջանառության մոտ 10 տոկոսը կորցնում է անբարեխիղճ բիզնեսի պատճառով, և այս իրավիճակը համատարած է: «Ես ունեմ մի տասնյակ սուբյեկտների հետ կապված դատական վճիռներ, որոնցով սահմանված է բռնագանձում, բայց հնարավոր չէ բռնագանձում իրականացնել, որովհետև հարկադիրն ասում է՝ չկա այդ սուբյեկտը կամ էլ ունեցվածք չունի,- պատմում է գործարարը:- Կան դեպքեր, երբ մարդիկ մատակարարված ապրանքի դիմաց պարտքը չեն վճարում, անհետանում են, գոլորշիանում են: Եթե բանկը, օրինակ, տալիս է վարկ, ապահովում է այն գրավով, երաշխավոր է պահանջում, ունի պրոֆեսիոնալ անձնակազմ, գրագետ մոտեցում, բազմաթիվ լծակներ, նաև օրենսդրություն: Իսկ բիզնես դաշտում, բավականին սուր մրցակցության պարագայում, եթե որևէ սուբյեկտ փորձի խանութին թելադրել իր պայմանները, նրան անմիջապես կասեն՝ կներեք, դուք գնացեք, ուրիշը կգա, ինձ կխնդրի: Էս դաշտում մենք խնդրողի դերում ենք, քանի որ մեզ պետք է իրացման շուկա»:
— Արդյոք հնարավոր չէ՞ պարտքերն ստանալ դատական ճանապարհով:
— Ցավոք, դատական գործընթացը ոչինչ չի տալիս: Դրա արդյունքում տվյալ ձեռնարկությունը ճանաչվում է սնանկ, բայց, որպես կանոն, երբ որ բանը հասնում է սնանկության, այդ պահին նա այլևս ունեցվածք չի ունենում, և վերջ, գնաց ու կորավ: Մի ՍՊԸ կար, որը ժամանակին աշխատում էր Պռոշյան 2 հասցեում: Հիմա այստեղ այլ սուբյեկտ է աշխատում: Իմ խորին համոզմամբ, այնտեղ կար խարդախության փաստ: Իմանալով հանդերձ, որ դատական հեռանկարում ոչինչ չեմ ստանալու, դիմեցի դատախազություն, հիմնավորելով, որ այստեղ կա առնվազն խարդախություն: Ստացա քրգործ հարուցելու մերժում: Բանից պարզվեց, որ կա վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռ, որ իրավաբանական անձանց միջև տնտեսական վեճերը կարող են միայն քաղաքացիաիրավական հարթությունում լուծում ստանալ: Վճիռը, փաստորեն, պաշտպանում է կրիմինալը պատժից: Այս սողանցքը շատերի կողմից օգտագործվում է:
— Ի՞նչ վիճակում է «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը: Ճի՞շտ է, որ «Բիզնես—լիդեր հոլդինգ» ՍՊԸ—ն պատկանում է Երևանի նախկին ոստիկանապետին:
— Այո, Ներսիկ Նազարյանին: Պաշտոնապես սնանկության որևէ վճիռ չկա: Ես չգիտեմ, թե որն է պատճառը, որ այս ցանցը փակվում է, բայց հիմա մեզ ասում են, որ վերջին խանութը, որը Հյուսիսային պողոտայում էր, փակվում է, և գործը գնում է սնանկության:
— Որքա՞ն է նա Ձեզ պարտք:
— Իմ պարտքը մի քանի մլն դրամ է, որը փոքր սուբյեկտի համար մեծ գումար է, և որը չի վճարվում մեկ տարուց ավելի:
— Փորձե՞լ եք իրենց հետ խոսել:
— Բազմիցս: Մենք ունենք դեկտեմբերին կնքված պայմանագիր, հետո գրանցվեց նոր ՍՊԸ՝ «Բիզնես-լիդեր հոլդինգի» փոխարեն: Այս նոր գրանցված ընկերությունն ստանձնեց նախորդի պարտքի մարումը, բայց եկավ ժամանակը, նորից վճարում չկատարեցին: Հիմա ես փորձում եմ զանգահարել, ոչ ոք չի պատասխանում այդ հեռախոսով: Դիմել եմ դատարան հայցով, բայց գիտեմ, որ այստեղ էլ է խնդիր լինելու, որովհետև հենց բանը հասնում է բռնագանձման հայցերին, արդեն սնանկություն է լինելու: Ես չգիտեմ, այս դեպքում սնանկ ճանաչելու որոշումը որքանով օբյեկտիվ կլինի, կա քրեորեն պատժելի արարք, տակն ի՞նչ կա: Այսինքն, դատական հեռանկարին բախվելով, մենք ընդհանրապես զրկվում ենք բացահայտումների հետագա հնարավորությունից, թե ինչ կար սրա տակ, միտումնավորություն կա, թե չկա, լուծարային կառավարիչը որոշակի գործարքներ կարող է, իհարկե, ուսումնասիրել, բայց ես գիտեմ, որ սրա դատական հեռանկարում մենք կորցնելու ենք:
— Որքա՞ն ժամանակ եք աշխատել «Մոսկվիչկայի» հետ:
— Արդեն մի 5 տարի աշխատում ենք: Սկզբում նորմալ վճարում էին: Վերջին 1-2 տարին է վատացել: Նույն սուպերմարկետների թվում կան նաև պարտաճանաչ վճարողներ: Օրինակ, «Երևան սիթին» ժամացույցի նման վճարում է, ըստ պայմանագրային պարտավորությունների: Մենք չունենք դժգոհություններ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ից, «Պարմա» սուպերմարկետներից: Այս մարդկանց հետ մենք նորմալ աշխատում ենք, այսինքն, եթե վատն էր այսքան դաշտը, ինչո՞ւ մյուսների հետ մենք պրոբլեմ չունենք: Մենք ունենք «Մոսկվիչկայից» ավելի ծանր դեպք, որտեղ ավելի մեծ գումարներ կորցրինք: «Սթար» սուպերմարկետների ցանցը, որի սնանկության վարույթն ընթանում է մեկուկես տարի, և որի վերաբերյալ ոչ մի ինֆորմացիա չունենք: Ոչ ոք չի ուզում հետաքրքրվել, թե կա՞ այստեղ քրեորեն հետապնդելի արարք, թե՞ ոչ, կա՞ հանցակազմ, թե՞ ոչ: Կարծում եմ՝ պետությունը պարտավոր է այս ոլորտում պաշտպանել տնտեսվարողների շահերը: Եթե վճռաբեկ դատարանի վճիռ կա, որով, փաստորեն, չեն քրեականացվում այս դեպքերը, և որը համարվում է նախադեպային, նշանակում է՝ ցանկացած մեկը կարող է այս սողանցքից օգտվել, ՍՊԸ բացի, սնանկանա, փակի, նորը բացի: Մի աբսուրդ էլ կա. եթե մարդը բացում է անհատ ձեռնարկություն, նա չի կարող խուսափել պատասխանատվությունից, որովհետև նա ֆիզիկական անձ է: Բայց ՍՊԸ-ն գործնականում չունի ոչ մի պատասխանատվություն: Եթե նա չունի գրավ բանկում, աշխատում է մեր նման սուբյեկտների հետ, ուրեմն կանի ինչ ուզում է: Սուբյեկտները՝ գերիշխող դիրք ունեցող, պետք է լինեն տարբեր մարմինների ուշադրության կենտրոնում: Այստեղ մենք ունենք օրենսդրական խնդիր, պետական աջակցության և բիզնես-էթիկայի խնդիր: Օրինակ, նույն բանկային ոլորտում եթե մի կառավարիչ կամ տնօրեն խախտումներ ունի, նրա հետ այլևս ոչ ոք չի աշխատում, որովհետև կա ԿԲ վերահսկողություն: Իսկ մեր ոլորտում ով ինչ ուզում է, անում է: Կարծում եմ, կարելի է, օրինակ, ղեկավար աշխատողների ռեեստր վարել, ինչպես բանկային համակարգում է: Նույն այս «Սթարի» տնօրենը սնանկությունից հետո նոր ցանց ղեկավարեց: Հիմա չգիտեմ՝ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Կառավարությունն անելիք ունի այս ոլորտում:
Սյուզան Սիմոնյան
«Իշխանությունը փորձում է համոզել «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Կարապետյանը մերձբալթյան երկրների էլցանցերի սեփականատերն է. խոսքը Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի մասին է:
Սակայն հայտնի գործարարը պայման է դրել, որ գնման հարցին կանդրադառնա միայն այդ ընկերությունում աուդիտ անելուց եւ իրական վիճակին ծանոթանալուց հետո:
Հրապարակ
Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակներում և երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ս. թ. մարտի 24-31-ը Հայաստանում կանցկացվի Թուրքմենստանի մշակույթի օրեր: Ծրագրի շրջանակում Հայաստան կժամանի Թուրքմենստանի մշակույթի և արվեստի գործիչների պատվիրակությունը, որը կգլխավորի Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Բախարգուլ Աբդիևան:
Ստեղծագործական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են Թուրքմենստանի ժողովրդական և վաստակավոր արտիստներ, «Լյալե» վոկալ համույթը, «Շիրին Օվազլար» երաժշտական խումբը, «Սերպայ» ազգագրական անսամբլը, համերգներով հանդես կգան Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
Մշակույթի օրերի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի նաև դեկորատիվ-կիրառական արվեստի և թանգարանային առարկաների ցուցահանդես:
Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մարտի 26-ին Թուրքմենստանի ստեղծագործական պատվիրակությունը ելույթով հանդես կգա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ մարտի 28-ին` Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակում կներկայացվի նաև Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական դամբարանի վերականգնման աշխատանքների նախագիծը:
Նշենք նաև, որ այդ օրերին կկայանա Թուրքմենստանին նվիրված մանկական նկարների ցուցահանդես-մրցույթը: Ծրագիրն իրականացրել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանությունը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 29-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Թուրքմենստանի մշակույթի օրերի փակման ժամանակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.