23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը պատրաստվում է առաջիկա տարում կատարել 10 մլրդ 990.5 մլն դրամի (առանց ԱԱՀ-ի) ներդրում: Այս մասին կայքը տեղեկացավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից:
Ըստ այդմ՝ ապրիլի 1-ին կայանալիք նիստում քննարկվելու է ընկերության նախագիծը, որի համաձայն՝ Աբովյանի ԳՍՊԿ-ի վերականգնման, վերակառուցման եւ արդիականացման համար կծախսվի 1 մլրդ 322 մլն դրամ, գազափոխադրման համակարգի վերակառուցման համար՝ 2 մլրդ 691.5 մլն, նոր բաժանորդների միացման համար` 391.4 մլն դրամ, գազաբաշխման համակարգի վերակառուցման համար՝ 1 մլրդ 972.4 մլն, գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումների համար՝ 576.9 մլն, գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումները` 3 մլրդ 641.2 մլն դրամ:
news.am
Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում իրադրության ապակայունացման միտումները:
ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանի Կասպրչիկին տեղեկացրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետերից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր: Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ նման մարտավարության պայմաններում իրադրության սրման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Դեսպան Կասպրչիկը հավաստիացրել է, որ իր լիազորություններից բխող առավելագույն ջանքեր կգործադրի իրադրությունը կայունացնելու ուղղությամբ:
Իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Էյ»-ը որոշել է հեռանալ Հայաստանից և մրցույթ է հայտարարել իր թանկարժեք ու ծանր տեխնիկան Հայաստանից դուրս բերելու համար: Մրցույթը շահել է թուրքական բեռնափոխադրողը, որն արդեն լծվել է այս գործին: Ինչո՞ւ է որոշել իսպանական ընկերությունը հեռանալ Հայաստանից, այն դեպքում, երբ ծրագիրը դեռ չի ավարտվել, և առջևում դեռ շատ աշխատանքներ կան: «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Էյ» ընկերությունից պարզաբանեցին, որ իրենց պատկանող բետոն փռող երկու մեքենաներից մեկն Աշտարակում էր, մյուսը՝ Արարատում: «Արարատի հատվածում մեքենան ունեցել է 15 մետր լայնություն, իսկ Աշտարակում՝ 12 մետր: Արարատինն այլևս չենք պատրաստվում օգտագործել հաջորդ տրանշների համար, քանի որ դա մի քիչ ավելի լայն է: Այս մեկը գնալու է և ներկայում գտնվում է մաքսային պահեստում: Իսկ մյուս մեքենան մեզ մոտ է: Բացի սրանից, նախատեսվում է բերել ևս մեկը, որն ավելի լայն կլինի: Այդ նոր մեքենան Հայաստանում կլինի սեպտեմբերին»: Ըստ ընկերության տնօրենի օգնականի, բետոնի աշխատանքները հիմա վերջացել են երկու հատվածներում էլ, իսկ Թալինում դեռևս հողային աշխատանքներ են, և բետոնի աշխատանքների համար եղանակային անհրաժեշտ պայմաններ չկան,- ասաց օգնականը:
— Ձեր մեքենաները գնում են Հայաստանից: Դուք դադարեցրե՞լ եք աշխատանքները:
— Աշխատանքները դադարեցված են, բայց ակնկալիքով, որ կկարգավորվի ամեն ինչ, և դրանք կվերսկսվեն: Մեր կողմից չկա այնպիսի բան, որ մենք հրաժարվում ենք աշխատանքից: Հուսով ենք, որ կկարգավորվի ամեն ինչ:
— Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ «կկարգավորվի ամեն ինչ»:
— Ես այս հարցին իրավասու չեմ պատասխանել: Տնօրենի օգնականը չասաց, թե ինչ դժգոհություններ ունեն իսպանացիները և ինչու են դադարեցրել աշխատանքները, սակայն նրա պատասխանն ակնհայտորեն հակասում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Բեգլարյանի հայտարարություններին, ով մարտի 25-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչու են «Հյուսիս-հարավի» ժամկետներն անընդհատ ձգձգվում, ասաց, որ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները շարունակվում են, և անհանգստանալու խնդիր չկա: «Մենք այսօր աշխատանքների վերջը տեսնում ենք,-ասաց նա,- դժվարություններ կան՝ կապված հողօտարման հետ, 17 գործ ունենք դատարանում, բայց նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են»: «Հասկանում եմ ձեր անհանգստության պատճառը, թե երբ ենք կարողանալու հյուսիսը հարավին կապելու խնդիրը լուծել»,-ասաց նա: Երեկ հեռախոսով խոսեցինք նաև նախարարի հետ: Նա շատ զարմացավ, երբ լսեց, որ իսպանական ընկերության մեքենաները մաքսայինում են: «Սուտ տեղեկություն է, որ «Կորսանը» գնում է,- ասաց նախարարը,- մեքենաներից մեկը լավ չի աշխատում, և դա հանում են»: Ի դեպ, մենք տեղեկացանք, որ մեքենան գնալու է Հունաստան՝ ճանապարհների կառուցման համար, իսկ փչացած մեքենան հաստատ այլ երկիր չէին տանի:
— Իրենք, այնուամենայնիվ, ինչ—ինչ պատճառով դադարեցրել են աշխատանքները:
— Ազգային ժողովում էլ եմ հայտարարել, ասել, որ մինչև գիշերը և ցերեկը պլյուս 8 աստիճան չլինի, չեն կարող աշխատանքներն սկսել: Հիմա սպասվում է, որ ապրիլի 4-ին մենք այդ եղանակը կունենանք և աշխատանքները կսկսենք:
— Ոչ մի այլ խնդիր «Կորսան» իսպանական կազմակերպության հետ չկա՞:
— Ոչ մի խնդիր չկա: Այդ կարգի ապատեղեկատվություն տարածողները երևի իրենք են ուզում, որ խնդիրներ լինեն:
ՀԳ. Փաստ է, որ «Հյուսիս-հարավ» ծրագիրը բազում խութերով է ընթանում, և դա չի թաքցնում անգամ կառուցապատող ընկերությունը: Ու թեև իսպանացիները զուսպ են և չեն ուզում ՀՀ իշխանությունների և մասնավորապես տրանսպորտի նախարարության հետ հարաբերությունները փչացնել, բայց կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ իսպանական ընկերությունը սարսափած է հայկական ատկատների չափերից, փնթի, անկազմակերպ աշխատանքից, ժամկետները խախտելու և բազմամիլիոն տուգանքներ վճարելու պատրաստակամությունից:
Սյուզան Սիմոնյան
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի հետ Դուբայում գտնվող Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ապրիլի 1-ին ժամանելու է Երևան՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը ընդունելու։
Հիմա Կարապետյանի պատվերով վերջնական աուդիտ է իրականացվում ցանցերում, եւ Երեւան ժամանելով նա պետք է մի շարք կադրային հարցեր լուծի: Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Կարապետյանը դարձել է ՀԷՑ-ի նոր սեփականատերը, որը հսկայական մոտավորապես 100 մլն դոլարի պարտքեր ունի: Թե որքա՞ն է կազմելու գործարքի գինը դեռևս ոչ ոք չգիտի: Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, Կարապետյանը կենդանի գումար չի վճարի, այլ «Ինտեր ՌԱՈ-ԵԷՍ»–ին պատկանող ՀԷՑ-ը ձեռք կբերի զանազան հաշվանցումավարկային մեխանիզմներով:
Հայկական Ժամանակ
Մարտի 27-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Դեսպանը, Առաջին խորհրդական Նիկոլա Ֆայի ուղեկցությամբ, հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին եւ ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ :
Դեսպանը հանդիպել է Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ՝ նախապատրաստելու Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
news.am
Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Չինաստանի հեղինակավոր կրթօջախներից մեկում` Պեկինի համալսարանում: Հանրապետության Նախագահը բուհի բարձրաստիճան հյուրերի սրահում հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չինական բարեկամությանն ու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, համագործակցության զարգացմանը: Սերժ Սարգսյանը գրառում է կատարել բուհի պատվավոր հյուրերի գրքում. «Վստահ եմ, որ մեր ժողովուրդների ներկա և ապագա հաջողությունների և բարօրության գրավականը գիտելիքի ու կրթության նկատմամբ հարատև ուշադրությունն է»,-գրել է Նախագահը:
Պեկինի համալսարանում այնուհետև կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հայաստանի Նախագահին հանդիպման ժամանակ շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ջերմ հյուրընկալության ու իրեն նման պատվավոր կոչման արժանացնելու համար և իր ելույթում ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները, մարտահրավերներն ու հեռանկարները:
Նախագահն անդրադարձել է նաև հայ-չինական դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակին և երկկողմ կապերի առավել խորացման ու ամրապնդման հեռանկարին, տեղեկացրել իր պետական այցի արդյունքների մասին:
Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման ընթացքին՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ներառելով նոր ոլորտներ, ինչը վկայում է փոխադարձ շահագրգռվածության մասին: Հանրապետության Նախագահը նշել է, որ այդ փաստն արձանագրվել է իր և ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի կողմից ստորագրված բարեկամության, համագործակցության և գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին համատեղ հռչակագրում:
Նախագահի խոսքով՝ այդ կարևորագույն փաստաթղթով երկու երկրները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու ավանդական բարեկամությունը, ակտիվացնելու բարձր մակարդակի փոխադարձ շփումները և ամրապնդելու քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցությունը տնտեսության, առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության և զբոսաշրջության բնագավառներում: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը և Չինաստանը լինելու են մշտապես միմյանց աջակցող գործընկերներ:
«Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում գտնվել է երկու աշխարհների՝ Արևելքի և Արևմուտքի սահմանագծին, ինչը հայ ժողովրդին ընկալելի է դարձրել թե´ Եվրոպայի և թե´ Ասիայի համար: Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Չինաստանի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ պահպանում է իր պատմական և քաղաքակրթական հարուստ ժառանգությունն ու ավանդույթները: Միևնույն ժամանակ ձեր երկիրը ծառայում է որպես օրինակ այնպիսի պետության, որը, բարեփոխումների և զարգացման ճիշտ ընտրված ռազմավարության շնորհիվ, հասել է հսկայական հաջողությունների՝ արժանի տեղ զբաղեցնելով աշխարհն առաջնորդող պետությունների շարքում:
Այսօր ՉԺՀ-ն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային քաղաքականության և տնտեսության արդի զարգացումներին՝ մեծապես նպաստելով գլոբալ խաղաղության ու անվտանգության ապահովմանը: Մենք կարևորում ենք նաև Չինաստանի շարունակական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներին:
Չինաստանը մեծ երկիր է, որն ուրիշ ժողովուրդների հետ իր հարաբերությունները միշտ զարգացրել է իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա: ՉԺՀ-ի հետ իրականացվող համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում թե´ ծավալային և թե´ բովանդակային առումով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Անցած տարիների ընթացքում մենք զգացել ենք ՉԺՀ կառավարության և ժողովրդի համակողմանի բարեկամական աջակցությունը. ձեր երկիրն օգնում էր մեզ հաղթահարել անցումային շրջանի սոցիալ-տնտեսական դժվարությունները, նպաստում մեր պետության զարգացմանը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել Չինաստան իր պետական այցի ընթացքում ունեցած կառուցողական հանդիպումների և քննարկումների արդյունքների մասին:
«Հայաստանը ողջունել է Չինաստանի Նախագահ պարոն Սի Ծինփինի կողմից առաջ քաշված Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ձևավորելու վերաբերյալ գաղափարը: Դեռևս Հին Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայկական արտադրանքն ու ապրանքները հայտնի էին չինական շուկաներում, իսկ հայ առևտրականների նավերը հասնում էին Ասիայի արևելյան նավահանգիստներ, մասնավորապես Հոնգկոնգ: Հուսով եմ, որ մեր օրերի Մետաքսի ճանապարհի հայաստանյան հատվածով անցնող հարավային երկաթուղու կառուցման ծրագիրը կլինի մեկն այն նախագծերից, որ կոչված են նպաստելու նշյալ տնտեսական գաղափարի իրականացմանը:
Այս առումով Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում: Այն կապահովի տարածաշրջանի համաչափ զարգացումը, ինչը լիովին համահունչ է Չինաստանի «խաղաղություն հանուն զարգացման» կարգախոսին: Միևնույն ժամանակ այն կապահովի չինական կողմի գործուն ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև զարկ կտա Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին:
Մեր երկու պետությունները մտադիր են նաև ընդլայնել կապերը մեր ժողովուրդների միջև, մասնավորապես՝ հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչը թույլ կտա մեզ ավելի լավ և մոտիկից ճանաչել իրար: Դրան միտված կլինի Հայաստանի և Չինաստանի միջև ուղղակի ավիահաղորդակցության հաստատումը, որի հարցով պետք է զբաղվեն մեր երկրների համապատասխան գերատեսչություններն ու ձեռնարկությունները»,-ասել է Հայաստանի Նախագահը:
Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է փոխադարձ վստահության և շահերի, ինչպես նաև համատեղ պատասխանատվության ու պարտավորությունների հիման վրա կառուցվող Հայաստանի արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է տարածաշրջանում քաղաքական կայունության, անվտանգության, համերաշխության և տնտեսական զարգացման միջավայրի ստեղծմանը: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը բաց է բոլոր երկրների հետ նման գործելաոճով հարաբերություններ կառուցելու և ամրապնդելու համար:
Նախագահը խոսել է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, 2015թ. նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի և տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պեկինից մեկնել է Սանյա` մասնակցելու Բոաոյի տարեկան համաժողովին, որտեղ ևս Հայաստանի Նախագահը ելույթ կունենա:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կփոխի օդանավերի անձնակազմերի աշխատանքային ինստրուկցիան, եթե դա պահանջի միջազգային ԻԿԱՕ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը: Այս մասին կայքին հայտնեցին վարչության մամուլի ծառայությունից՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե A320 օդանավի կործանումից հետո մի շարք երկրներում թռիչքի պահին օդաչուների խցիկում 2 օդաչուների ներկայությունը պարտադիր է:
«ԻԿԱՕ-ն իր անդամ երկրների համար է մշակում այդ կանոնները: Երբ լինեն դրանք, մեզ ուղարկեն, մենք պարտադիր կընդունենք, քանի որ կարգն է այդպես»,- ասացին մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Գերմանիան, Կանադան և Նորվեգիան արդեն իսկ հայտարարել են փոփոխությունների մասին, որի համաձայն՝ թռիչքի ժամանակ օդաչուն այլեւս իրավունք չունի միայնակ լինել օդաչուների խցում, նախկինում նման արգելք չկար: Թռիչքի պահին օդաչուների խցում պետք է լինեն երկու օդաչուներ:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում կործանվել է Germanwings բյուջետային ավիաընկերության Airbus A320 օդանավ: Օդանավում եղել է 148 ուղևոր և անձնակազմի 8 անդամ, որոնք զոհվել են ավիաաղետի հետեւանքով: Ըստ մամուլի հրապարակումների՝ վթարի մեղավորն օդանավի 2-րդ օդաչուն է եղել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, քանի որ նա կասկածվում է 150 ուղեւոր ունեցող օդանավը միտումնավոր կերպով կտրուկ վայրէջքի տանելու մեջ:
news.am
2011 թվականին ծաղկեց «արաբական գարունը»՝ Թունիսում, Եգիպտոսում, իսկ այնուհետև Լիբիայում. «ժողովրդի համբերության բաժակը լցվեց», և նա դուրս եկավ «տապալելու բռնապետությունը»: Սիրիայում էլ բաժակը «լցվելու վրա էր», բայց Բաշար Ասադի «բռնապետությունը» առայսօր չի տապալվել, և «Իսլամական պետության» «դեմոկրատներն» այնտեղ առայժմ իշխանության չեն եկել:
Հիշո՞ւմ եք՝ ինչ էին ասում Հայաստանի ընդդիմադիրներն այդ ժամանակ՝ հանրահավաքային ամբիոնից: Նրանք վստահություն էին հայտնում, որ Հայաստանում նույնպես ժողովուրդը, «արաբական գարնան» ոգևորիչ օրինակով, ուր որ է՜ «կտապալի բռնապետությունը» և «կվերականգնի սահմանադրական կարգը»՝ հանձնելով իշխանությունը իրենց նման «դեմոկրատներին»: Ճիշտ է, այն պահին նախատեսվում էր, որ միայն «դեմոկրատներն» են հեղափոխություն անելու և իշխելու են առանց «բուրժուաների»՝ «բուրժուաները» դեռևս «վատն էին» [հիմա էլ բոլոր շանսերն ունեն «վատը դառնալու»]: Հայաստանյան ընդդիմադիրների մոտ հատուկ տերմին կար՝ «մենք նրանց կթունիսենք», այսինքն՝ հեղափոխություն կանենք Թունիսի օրինակով: Կամ՝ Քադաֆիի օրը կգցենք:
Կարևոր չէ, որ դա Հայաստանում տեղի չունեցավ: Ավելի կարևոր է, թե որքանով «երջանիկ դարձան» հիշյալ արաբական երկրների ժողովուրդները այդ «գարնան» արդյունքում: Այնտեղ ավելի ժողովրդավարական կարգե՞ր հաստատվեցին: Մարդկանց կենսամակարդա՞կը բարձրացավ: Քաղաքացիների ֆիզիկական անվտանգության հավելյալ երաշխիքնե՞ր ստեղծվեցին: Կամ գուցե քրիստոնյաները [մասնավորապես հայերը] շահեցի՞ն:
Առավոտ
Խմբագրական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մինչ օրս չի վճարել դեռ այս տարվա հունվարի 1-ից փոքր ՀԷԿ-երից գնած էլեկտրաէներգիայի դիմաց: Սա աննախադեպ իրավիճակ է՝ մինչ այժմ «ՀԷՑ»-ը միշտ վճարել է ՓՀԷԿ-երին մինչև հաջորդ ամսվա 20-ը:
Իրենց հասանելիք գումարները չստացած ՓՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ: Նրանցից շատերը վարկային պարտավորություններ ունեն, որոնք կատարվում են յուրաքանչյուր ամիս: Որոշները վարկեր ունեն արտասահմանյան բանկերին: Իրավիճակը պարզաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ «ՀԷՑ» մամլո պատասխանատու Նատալյա Սարջանյանը հաստատեց ՓՀԷԿ-երին գումարներ չվճարելու փաստը և տեղեկացրեց, որ դա ֆինանսական բարդ վիճակի հետևանք է: Ըստ Սարջանյանի, ներկայում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրավիճակից դուրս գալու որոշակի տարբերակներ է քննարկում: Այժմ փոքր ՀԷԿ-երի նկատմամբ «ՀԷՑ»-ի կուտակած ընդհանուր պարտքը արդեն մի քանի մլն դոլար է կազմում: Մեր տեղեկություններով, սակայն, այս չվճարումները ոչ միայն «ՀԷՑ»-ի ֆինանսական վատ վիճակի հետևանք են, այլ պայմանավորված են այդ ընկերության վաճառքի գործընթացով: Ներկայում «ՀԷՑ»-ը աշխատում է հնարավորինս քիչ վճարումներ կատարել մինչե սեփականատիրոջ փոփոխությունը: Ինչպես արդեն նշել ենք, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը պատրաստվում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ից գնել «ՀԷՑ»-ը:
Հայկական Ժամանակ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում գտնվող «Տոնուս-Լես» ընկերության սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա: Կառավարության ղեկավարը շրջել է լաբորատորիայում, ծանոթացել փորձագիտական աշխատանքների ընթացքին, գործունեությանը և ձեռքբերումներին:
Լաբորատորիան հնարավորություն է տալիս հանրապետությունում արտադրվող, ներկրվող դեղերի ու սննդի համար իրականացնել որակի և կենսահամարժեքության, ինչպես նաև կենսաբանական և մանրէաբանական փորձաքննություններ` նպաստելով դրանց որակական չափանիշների ապահովմանը:
Ներկայացնելով ձեռքբերումները՝ ընկերության ղեկավարները տեղեկացրել են, որ հայաստանյան այս լաբորատորիան վերջերս ստացել է միջազգային ISO 9001-2008 հավատարմագրում, որը տարածաշրջանում առաջինն է: Նշվել է, որ միջազգային հավատարմագրումը հնարավորություն կտա տեղական արտադրողներին արտերկրի փոխարեն տեղում ստանալ արտադրանքի լաբորատոր փորձագիտական եզրակացությունը և որակի հավաստագիրը, ինչն էլ էապես կկրճատի ընկերությունների ծախսերն ու ժամանակը: Համապատասխան քայլեր են իրականացվել նաև որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ, ամրապնդվել է միջազգային համագործակցությունը:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել և ողջունել է լաբորատորիայի միջազգային հավատարմագրումը և նշել, որ այն հնարավորություն կտա խթանել տեղական որակյալ արտադրանքի արտադրությունը, արտադրանքի վերաբերյալ ստանալ հավաստի տվյալներ, ավելացնել արտահանման ծավալները և ամրապնդել սպառողների շահերի պաշտպանությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է լաբորատորիայի հետագա զարգացումը, որակյալ փորձագիտական գործունեությունը և գործարարների մոտ վստահության պահպանումը:
Լաբորատորիայի ղեկավարության հավաստիացմամբ, միջազգային հավատարմագրման արդյունքում լաբորատորիայի ներկայացրած եզրակացությունը հիմք կընդունվի աշխարհի բոլոր երկրներում:
Լաբորատորիան ունի գերմանական, շվեյցարական, ճապոնական և իսրայելական արտադրության ժամանակակից սարքավորումներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.