23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` կառավարության ղեկավարը բարձր է գնահատել 2006 թ. սեպտեմբերից մեկնարկած «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի ընթացքը և արդյունքները. «Այս ծրագրին առնչվել են հարյուր հազարավոր մարդիկ` շահառուներ, շինարարներ, կազմակերպիչներ, վարկատուներ, վարկառուներ, դասախոսներ: Այս ընթացքում մենք հանդիպել ենք շահառուների այս բոլոր խմբերին, և բոլորի կողմից տեսել ենք դրական վերաբերմունք ծրագրի նկատմամբ: Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել ԱՄՆ մեր գործընկերներին այս օժանդակության համար: Մենք բարձր ենք գնահատում դա և լի ենք համագործակցությունը շարունակելու վճռականությամբ, կանենք ամեն ինչ, որ Հայաստանի Հանրապետության չափանիշները համապատասխանեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի չափանիշներին»: Վարչապետը, մասնավորապես, գոհունակությամբ է խոսել ծրագրի շրջանակում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ու հզորացման, գյուղատնտեսության զարգացման և ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին և կարևորել ծրագրի դերը նոր մտածողության ձևավորման գործում:
Իր հերթին Փաթրիք Ֆայնը նշել է, որ առաջին անգամ է մեր երկրում և տպավորված է Հայաստանով: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ կառավարության կողմից կատարված լավ աշխատանքի համար և փոխանցել «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի արդյունքների վերաբերյալ թվային ու բովանդակային տվյալներ պարունակող ձեռնարկ (հայերեն և անգլերեն): Նա ընդգծել է, որ ձեռնարկը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի պորտֆելի 25 երկրների շարքում ծրագրի արդյունքները ներկայացնող լավագույն օրինակն է, ինչը վկայում է Հայաստանում աշխատած թիմի կարողությունների մասին:
Զրուցակիցները քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակականության հեռանկարները: Այդ համատեքստում ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահը նշել է, որ ծրագրի շարունակության կարևոր գործոններ են առաջին ծրագրի արդյունքները և երկրի համապատասխանությունը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից միջազգայնորեն ընդունված ցուցանիշներին, ինչպիսիք են տնտեսական ազատությունները, արդարացի կառավարումը, ժողովրդի համար կատարվող ներդրումները և կոռուպցիայի վերահսկումը:
Քննարկվող հարցի առնչությամբ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայությունները: Նա ընդգծել է, որ Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման և ժողովրդավարական արժեքների ներդրման կարևոր գործոնը միջին խավի ձևավորումն է և այդ գործում կարևորել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի նշանակությունը: Շահառու ֆերմերները, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, գոհ են ծրագրի ընթացքից, որքանով այն նրանց հնարավորություն է ընձեռել ճանաչել իրենց իրավունքներն ու հնարավորությունները, ինչպես նաև ավելացնել սեփական եկամուտները:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին` վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. հունվարի 1-ից կգործի նոր օրենք, համաձայն որի` 500 պաշտոնատար անձինք պետք է հրապարակային հայտարարագրեր ներկայացնեն գույքի, եկամուտների և իրենց փոխկապակցված անձանց մասին: Նա նաև կարևորել է պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձևավորումը, որը պետք է ստուգման առարկա դարձնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի վերաբերյալ տեղեկությունները։ Ըստ Տիգրան Սարգսյանի` հասարակության նման վերահսկողությունը կնպաստի պաշտոնատար անձանց գործունեության հրապարակայնությանն ու թափանցիկությանը, արդյունքում` կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձաբար շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի, պետական գերատեսչությունների, ինչպես նաև ՀՄԿ հայաստանյան գրասենյակի թիմի աշխատանքը:
***
Հնգամյա ծրագրի շրջանակում (2006 թ. սեպտեմբեր – 2011 թ. սեպտեմբեր) «ՀՄՀ-Հայաստանը» նպաստել է Հայաստանի շուրջ 350 համայնքներում բնակվող ավելի քան 420 հազար գյուղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելավմանը` վերականգնելով ոռոգման մայր ջրանցքների վնասված հատվածներ, մի շարք պոմպակայաններ, կառուցելով ոռոգման ինքնահոս համակարգեր և երրորդ կարգի ջրանցքներ, վերականգնելով Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատվածներ: Վերապատրաստվել է շուրջ 45 հազար ֆերմեր, տեխնիկական աջակցություն է տրամադրվել ջուր մատակարարող կառույցներին: Ընդհանուր առմամբ «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» կողմից Հայաստանի ոռոգման և գյուղատնտեսության բնագավառներում կատարվել է շուրջ 177 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
Հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում որոնողական աշխատանքները շարունակվում են: Չնայած պատահարի հենց առաջին ժամերից դեպքի վայրում են գտնվել նաև Պաշտպանության նախարարության և մասնավոր ընկերությունների տրամադրած քարշակներն ու այլ ծանր տեխնիկան, մինչև հիմա, եղանակային պայմանների և սողանքային գոտու շարունակվող ակտիվության պատճառով, փրկարարներն ու կամավորներն աշխատել են բացառապես ձեռքի ուժով` բահերի և այլ փրկարարական գործիքների օգնությամբ:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, ներկայումս մշակվում են տարբերակներ` որոնողական աշխատանքներում ինժեներական ծանր տեխնիկա կամ օդուժ ներգրավելու համար: Բանակցություններ են վարվում հողազանգվածի տակ հայտնված մեքենաները «Հարավկովկասյան երկաթուղու» կռունկների և Պաշտպանության նախարարության ուղղաթիռների օգնությամբ դուրս բերելու վերաբերյալ:
Ներկա դրությամբ սողանքային գոտին բաժանված է 5 տեղամասի, որտեղ աշխատում են տարբեր մարզերից ներգրավված փրկարարներ` մի քանի հերթափոխով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի:
ողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի և բեռնատարողության ավտոմեքենա: Սողանքի փլվածքի տակ հայտնված 35 մեքենայից 24-ն է տեսանելի։
Անհետ կորած է համարվում 5 մարդ։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուրվագծերը որոշված են։ Այս մասին Trend գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Խոսելով ներկա փուլում ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում նկատվող պասիվության մասին՝ Մամեդյարովն ասել է. «Բանակցային գործընթացում ակտիվությունը նվազել է հիմնականում ամառային արձակուրդների պատճառով։ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ես գտնվում էին Նյու Յորքում, որտեղ խորհրդակցություններ եմ ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ամերիկացի համանախագահների հետ։ Հանդիպումներին ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Խորհրդակցությունների գլխավոր թեման իրավիճակի գնահատականն ու մեր հետագա աշխատանքների ուղղության որոշումն էր։ Մենք հասկանում ենք, որ մեծ աշխատանք է արված և ընդհանուր առմամբ ուրվագծերը որոշված են։ Այժմ աշխատանքներ են ընթանում դետալների վրա»։
Նշելով, որ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է, Մամեդյարովը վերահաստատել է Բաքվի՝ մեծ խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու առաջարկությունը։
«Առայժմ չի հաջողվում համաձայնեցնել սկզբունքները, և այդ պատճառով մենք առաջարկում ենք սկսել մեծ խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով այսօր բանակցային սեղանին գտնվող առայժմ չհամաձայնեցված բոլոր դետալները»,– ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Մամեդյարովը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ղարաբաղի ինքնորոշումը պետք է ընթանա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ զուգընթաց։
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 03.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ասֆալտի գործարանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին, մարվել` 03.49-ին:
Ա.Պողոսյանին պատկանող ասֆալտի գործարանում այրվել է 20 քմ մակերեսով մազութ:
Հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմ» ընկերությունը դիմելու է Հանրային ծառայությունները կարգավոևող հանձնաժողով, որպեսզի վերջինս թույլատրի «Այքըն Քոմյունիքեյշնս» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերումը: Այս մասին հայտարարվեց «Յուքոմ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի և «Այքըն Քոմյունիքեյշնս» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի ասուլիսում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին հայտարարվել էր «Յուքոմ»-ի կողմից մեկ այլ օպերատոր «Նետսիս» ընկերության ձեռքբերման մասին: Եսայանը նշեց, որ «Այքըն Քոմյունիքեյշնս»-ը գնելու մասին բանակցություններն ավելի շուտ էին սկսվել, քան «Նետսիս»-ի հետ բանակցությունները, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվեցին: Նա հավելեց, որ այս պահին ««Յուքոմ»-ը որևէ այլ ընկերություն ձեռք բերելու մասին բանակցություններ չի վարում, թեև նման ցանկություններ կան»: «Յուքոմ»-ի տնօրենի խոսքերով՝ «Այքըն Քոմյունիքեյշնս»-ը միավորելու գործընթացը կտևի 3-6 ամիս:
Նրա խոսքով՝ դրա շնորհիվ «Յուքոմ»-ը կունենա իր ծածկույթը մեծացնելու և երկու ընկերությունների բաժանորդներին «չորսը մեկում» ծառայություններ մատուցելու հնարավորություն՝ իր կողմից օպտիկամանրաթելային կապուղիներով արդեն մատուցվող ինտերնետի, հեռուստատեսության և հեռախոսային ծառայություններին գումարելով անլար շարժական ինտերնետի WiMAX տեխնոլոգիայով մատուցվող ծառայությունները: «Մեր բաժանորդների 20%-ն ունեն WiMAX-ով ինտերնետից, օրինակ, հանգստավայրում օգտվելու ցանկություն»,- պարզաբանեց Եսայանը:
Քասարաջյանի խոսքերով, ընթացիկ գործարքն ընձեռում է երկու ընկերությունների՝ Հայաստանի համար հեղափոխական՝ տեխնոլոգիաները մեկտեղելու հնարավորություն: Ըստ նրա՝ «Այքըն Քոմյունիքեյշնս»-ի ծածկույթում է Երևանի 75%-ը՝ 4 000 բաժանորդով:
Ըստ Եսայանի՝ երկու ընկերությունների տեխնոլոգիաների համակցումից հետո կձևավորվեն նոր փաթեթներ, որոնց գները կներկայացվեն հետագայում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ այրվում է Երեւանի Խաչատրյանի փողոցի 33/1 շենքին հարակից չգործող կաթսայատունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:25-ին, մարվել` 22:55-ին: Այրվել է մոտ 70 քմ մակերեսով աղբ եւ տոլի մնացորդներ:
Ճամբարակ-Սեւան ճանապարհի 6-րդ կմ-ին, հոկտեմբերի 3-ի երեկոյան, տեղի է ունեցել ավտովթար, կա զոհ:
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային: «ՎԱԶ-2107»-ի վարորդը, 2 ուղեւորները, «Օպել Վեկտրա»-ի վարորդն ու 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2107»-ի ուղեւորներից մեկը՝ 24-ամյա Արծրուն Կիրակոսյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 5–ին, ժամը 13։00–ից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանող բոլոր չվերթների սպասարկումը կիրականացվի նոր ուղևորային համալիրից։ Մեկնող չվերթերի, ինչպե նաև VIP սպասարկումները կիրականացվեն այդ նպատակներով նախկինում ևս օգտագործվող շենքերից։ Ուղևորների և այցելուների կողմնորոշումը հեշտացնելու համար ամբողջ օդանավակայանում տեղակայված են ցուցանակներ։
Հիշեցնենք, որ ժամանման համալիրը պաշտոնապես բացվեց սեպտեմբերի 16–ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, մի շարք պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Համալիրի կառուցումը մեկնարկել է 2008թ.–ին։ Օդանավակայանում առկա բոլոր տեխնոլոգիաներով Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում. «Զվարթնոցը» Հարավային Կովկասում միակն է, որ համապատասխանում է B վարկանիշին: Օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել 3,5 մլն. ուղևորի, այսօր ուղևորների քանակը 1,6 մլն է: Տեղադրվել է թռիչքների տեղեկատվության նոր համակարգ, մաքսային նոր գոտի և ուղեբեռի ստացման նոր համակարգ: Ժամում կիրականացվի 2800 ուղեբեռի սպասարկում:
Ըստ օդանավակայիանի կայքի, ներկայումս «Զվարթնոց» չվերթներ են ժամանում և ուղևորվում Փարիզից, Մոսկվայից, Թեհրանից, Հալեպից, Ստավրոպոլից, Վորոնեժից, Պրագայից, Վիենայից, Վարշավայից, Դուբայից, Ռոստովից, Կրասնոդարից, Բեռլինից, Թբիլիսիից և աշխարհի այլ քաղաքներից։
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է Ջերմուկի բոլոր ձեռնարկատերերին, առաջին հերթին, հանքային ջրերի գործարանների և հանգստյան տների տերերին` Ջերմուկի հարևանությամբ գտնվող և անտերությունից կործանվող Գնդեվանք վանական համալիրի փրկության հարցում միավորվելու խնդրանքով:
«Ձեռնարկատերերը միասին կարո՛ղ են իրականացնել սրբավայրի փրկման աստվածահաճո գործը:
Մեր հայրենիքում մեր պատմությունը պետք է ապահովագրված լինի կործանումից, մեր անցյալը պետք է պաշտպանված լինի մոռացումից: Դեռևս ուշ չէ պահպանել այդ անցյալը` հանուն ապագայի»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:
Գնդեվանք միջնադարյան համալիրի հիմքը դրվել է 936 թվականին, իսկ համալիրի գլխավոր` Սբ. Աստվածածին եկեղեցին, համաձայն արևմտյան դռան ճակատակալ քարե արձանագրության, կառուցվել է 1686 թվականին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.