23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արաբական երկրներում արձանագրվող զարգացումների մասին հայկական մի շարք լրատվամիջոցներ, ինչպես տարածաշրջանային նմանօրինակ իրադարձությունների դեպքում, շարունակում են առնվազն ոչ ինքնուրույն լրատություն հրապարակել: Ավելի մանրամասնելու համար ասենք, որ միջազգային լրահոսի տրամադրածը ամբողջությամբ վերատպելով, խորքում այդ լրատվամիջոցները կամա-ակամա տվյալ պետության փոխանցելիք պատգամները հայկական լսարանի հասանելիությունն են ապահովում:
Այս հաստատումը, անշուշտ, չի վերաբերում միայն հայկական զանգվածային լրատվամիջոցներին: Միջազգային լրատվամիջոցների արտադրությունը գրավել են համապատասխան շուկան եւ մշտապես կողմնորոշում են հանրային կարծիքը: Արհեստավարժ, լարված իրադարձության տարողությունը կարող է հազարներով բազմապատկվել կամ նույն չափերով շատ արագ մանրանալ կամ նույնիսկ ամբողջությամբ անուշադրության մատնվել:
Քաղաքականացված լրատվության պարզ տեսություն է սա, որը, թվում է, թե ներկա տեղեկատվական բաց համակարգում պիտի փոխի իր ուղղությունը եւ հաշվի առնի առարկայական տեղեկատվության պահանջը:
Իրադարձությունների տարողության բազմապատկումն ու մանրացումը միայն քաղաքական ուղղվածությամբ դեպքերի լուսաբանմանը չեն միտված բնականաբար, այլ նախապատրաստում են հանրային կարծիքի ենթահողը` տվյալ պետության ձեռնարկելիք քայլերը ընկալելի դարձնելու առումով:
Եթե անհրաժեշտ է միջազգային միջամտությունը որոշող մի բանաձեւ, ուրեմն պետք է սփռել տիրող իրավիճակի ահավորությունը, հակամարդկայնությունը, աղետալի հավանական հետեւանքները: Այդպես էր, երբ Իրաքի պատերազմի նախօրեին, անվերջ լուսաբանվում էր քիմիական, կենսաբանական եւ զանգվածային ոչնչացման զենքերը ռազմական միջամտությամբ չեզոքացնելու կոչված գործողությունների անհետաձգելիության մասին:
Մյուս կողմը, տեղեկատվական հարձակումներից պաշտպանվելու իր հեւքի մեջ, իհարկե, ոչ նույն արհեստավարժությամբ, ցուցադրում, սփռում կամ արծարծում է, այս անգամ միայն ի´ր պետության քաղաքականությանը հարիր նկատածը: Արդյունքը լինում է այն, որ տեղեկատվության դաշտում ստեղծված բեւեռացումը, բնականաբար, չի ներկայացնում իրական պատկերը:
Անշուշտ, տեղեկատվական սեւ-սպիտակի այս խաղը միայն տագնապալի իրավիճակներին չի վերաբերում: Այն ընդհանուր է, եւ ներկա բաց համակարգին փոխանակ փորձելու իրական բնութագրումներ տալ, երկու կողմն էլ մեծ մասամբ բեւեռացածի արձագանգումներն են կատարում:
Խնդիրը բարդ է եւ այս սյունակներում անհնար է նույնիսկ ամփոփել նրա բնութագրիչները: Վերադառնանք հայկական տարածք: Անկախ ծայրահեղացված տեղեկատվությունները մաքրազտելու լրագրական պարտականությունից, հայկական լրատվամիջոցները ուղղակի խնդիր ունեն ազգային ոսպնյակից նաեւ մեկնաբանելու հարցերը: Բնականաբար, թե՛ Սիրիայի եւ թե՛ միջինարեւելյան երկրներին վերաբերող իրադարձությունները լուսաբանելու պահին անմիջականորեն միջազգային լրահոսի ազդեցության տակ ենք լինում, երբ խոսում ենք հայ գաղութներում ստեղծված խուճապի մասին, այդ երկրների հայաթափման եւ զանգվածային արտագաղթի մասին:
Կամ էլ, երբ մի լրատվամիջոց, երբ իբրեւ զգույշ եւ լոյալ կեցվածքով է մեկնաբանում մի հաստատում, թե «սիրիահայ գաղութի դեպքում այս պահի դրությամբ որեւէ զանգվածային արտահոսք չի նկատվում», նախանշում է, որ ինքը արդեն հայտնվել է միջազգային տեղեկատվության անմիջական ազդեցության տակ:
Իհարկե, բացառված չէ, որ իրադարձությունների անվտանգության առումով լարվածության եւ քաղաքացիական ընդհարումների պարագայում նման մտահոգիչ իրավիճակներ ստեղծվեն ինչպես տեղի ժողովուրդների, նաեւ մեզ համար: Այս հանգրվանում, սակայն, խուճապային կացության մասին բարձրաձայնելը ինքնին նպաստում է խուճապային իրավիճակի նախադրյալներ ստեղծելու աշխատանքում:
Առարկայական լրատվություն հրապարակելը դժվար իրականանալի աշխատանք է թվում մանավանդ տեղեկատվական հարթիչ գլանների ներկա համակարգում: Գերզգոնությունը ավելի քան հրամայական է այս պարագայում՝ լրատվությունը մաքրազտելու եւ, մանավանդ, նրա մեկնաբանությունը ազգային ոսպնյակից անցկացնելու համար:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ
“Ազդակ”ի գլխավոր խմբագիր
Եղավ այն ինչ մենք կանխատեսել էինք. նախաքննական մարմինը փոխեց ՀԺ-ի լրագրող Հայկ Գևորգյանի խափանման միջոցը, վերացնելով անտրամաբանական որոշումը: Պարզապես ՀՀ Գլխավոր դատախազությունը խլեց առաջնության դափնին ու չթողեց գործը դատարան հասնի: Բանն այն է որ նախաքննության նկատմաբ վերահսկողություն իրականացնող դատախազն է որոշում կայացրել փոխել «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխխմբագիր Հայկ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով ստորագրությամբ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ։
Այսօր ժամը 11։30-ի մոտակայքում լրացավ այն 72 ժամը, որի ավարտին ՀՀ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պետք է վերահաստատեր կամ մերժեր Հայկ Գևորգյանի կալանավորման միջնորդությունը:
Դատախազի որոշումը փոխեց դեպքերի ընթացքը. Կենտրոն և Նորք Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված դատը տեղի չի ունենա։
Շուտով Հայկ Գևորգյանը կլինի ազատության մեջ:
Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխխմբագիր, լրագրող Հայկ Գևորգյանը։
Վերջինս համոզմունք հայտնեց, որ այս ամենը ուղղված է իր մասնագիտական գործունեության դեմ։ «Մեծ ներկայացումներ են սարքում և փորձում են ստեղծել «սուպերպոլիցեյսկիի» կերպար, և ուզում են ցույց տալ, թե ինչ է լինում այն մարդու հետ, ով ոստիկանապետի մասին բացասական բան է գրում։ Բայց ինչպես տեսնում եք, ողջ առողջ ձեր դիմաց կանգնած եմ»,- ասաց Գևորգյանը։ Սակայն, ըստ նրա, դա չի կարող խանգարել իր տեսածը գրելուն։ «Ես ընդհանրապես գրում եմ տնտեսական թեմաներով, բայց եթե սխալ բաներ նկատեմ, գրելու եմ»,- ասաց Գևորգյանը։
«Հայկական ժամանակի» լրագրողը չցանկացավ պատմել դեպքի մանրամասները՝ մտավախություն հայտնելով, որ ոստիկանությունը կարող է օգտվել իր պատմածներց։ «Ես կսպասեմ, կտեսնեմ դեպքի մանրամասներն ինչպես են ներկայացնում, հետո նոր ես կներկայացնեմ իմ տարբերակը»,- ասաց նա։
Գևորգյանը նաև ավելացրեց, որ ձերբակալության ժամանակ իր նկատմամբ բռնություն չի կիրառվել և ասաց որ նա բանտում անցկացրել է «երեք հրաշալի օր», շփվել ութ տարբեր տիպի մարդկանց հետ, սակայն, չունենալով թուղթ ու գրիչ, գրի չի առել նրանց մասին իր տպավորությունները, սակայն առաջիկայում նրանց մասին կգրի։
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նոր փաստեր ներկայացրեց, որոնք վերաբերում են թերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի կալանավորման նախապատմությանը: Հայտարարության տեսքով ներկայացված փաստերն ապացուցում են, որ ոստիկանությունը Հայկ Գևորգյանի դեմ կանխամտածված և ծրագրված գործ է սարքել: Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի հրապարակած փաստերը.
«Հայկական ժամանակ» օրաթերթը ունի հիմնավոր փաստեր, ոստիկանական տեսանյությում բերվող պնդումները կեղծ և շինծու որակելու համար:
1.Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով ինչ-որ անձնավորություն պնդում է, որ հիվանդ Աշոտ Ֆրանգուլյանին (տվյալ գործով «տուժող») «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:
— «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի ձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը պատմում է, որ հունվարի 13-ին, Հայկ Գևորգյանի հետ խոսակցությունից հետո, ինքը նստել է «մոտակա բորդյուրին և գլուխը տվել է պատին»:
2. Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով նույն անձնավորությունը պնդում է, որ Աշոտ Ֆրանգուլյանի մոտ ախտորոշվել է ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք, որը հաստատվել է ռենտգեն նկարահանումներով:
— «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի ձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը ներկայացնելով նախապես բեմադրված, բայց Հայկ Գևորգյանի զգոնության շնորհիվ չկայացած «վրաերթ-միջադեպի» իր վարկածը, ասում է, որ իրեն հպվել է Հայկ Գևորգյանի վարած «Նիվա» ավտոմեքենայի «շիթը», և «հարվածը» եղել է ոչ ուժեղ: «Նիվա» ավտոմեքենայի «շիթը» (պաշտպանիչ վահանակ) գետնից բարձր է մոտ կես մետր, իսկ մարդկանց պճեղը գետնից բարձր կարող է լինել առավելագույնը տասը սանտիմետր: Այս փաստը անառարկելիորեն ապացուցում է, որ Հայկ Գևորգյանի վարած ավտոմեքենան չէր «կարող» որևէ կերպ տուժողին պատճառել «ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք», առավելևս` ոչ շատ ուժեղ հարվածի պարագայում:
— Մեր խնդրանքով իրավիճակը մեկնաբանած մասնագետները տարակուսանք են հայտնել ոստիկանության տեսանյութի սպիտակ խալաթավոր անձի օգտագործած «ոչ լրիվ կոտրվածք» արտահայտության կապակցությամբ: Կոտրվածք կամ լինում է, կամ չի լինում:
— «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի աուդիոձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը, չորս օր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվելուց հետո ասում է, որ որևէ կոտրվածք չունի:
— «Հայկական ժամանակ» օրաերթը ունի ձայնագրություն, որտեղ Աշոտ Ֆրանգուլյանն ասում է, որ Հայկ Գևորգյանի վարած ավտոմեքենան մեկ անգամ է իրեն դիպել:
3. Ոստիկանության տեսանյությում, ինչպես նաև այս ընթացքում հնչած ոստիկանական մեկնաբանություններում կա պնդում, թե մինչև Հայկ Գևորգյանին հայտնաբերելը ոստիկանությանը հայտնի չի եղել նրա ինքնությունը, մասնագիտական գործունեության բնույթը:
— «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի աուդիոձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը դեռ 2012թ. հունվարի 17-ին ասում է, թե լսել է, որ «այդ մարդը» (նկատի ունի Հ. Գևորգյանին) լրագրող է:
— ՀՀ ոստիկանության քննչական վարչության պետ Արսեն Այվազյանը, հունվարի 13-ի բրիֆինգում հայտարարել է, թե «Հայկ Գևորգյանի կողմից վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությամբ»: Ոստիկանությունը դեռ պետք է պարզաբանի, թե վովա-պինկերտոնյան այդ ինչ մեթոդոլոգիայով է առաջնորդվում, որը կարողանում է ձեռքբերել անհայտ անձի լուսանկար, և դրանով իրականացնել ճանաչում:
— Վերը նշված փաստերը վկայում են, որ ի սկզբանե թե Աշոտ Ֆրանգուլյանը, թե ոստիկանությունը իմացել են, թե ով է նստած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ղեկին:
4. Ոստիկանական տեսանյութում խոսվում է, ոստիկանությանը հայհոյելու միջոցով մահամերձ վարկանիշ փրկելու ջանքի մասին:
ՀՀ ոստիկանությունը, այսպիսով, խոստովանում է, որ իրեն և իր ղեկավարին հայհոյելը կարող է կենդանացնել նույնիսկ մահամերձ վարկանիշեր: Սա, թերևս, ՀՀ ոստիկանության գործունեության և նրա պետին անձի լավագույն գնահատականն է: Ինչ վերաբերում է վարկանիշերին, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանին խորհուրդ ենք տալիս մտահոգվել սեփական շեֆի վարկանիշով, որը կարծում ենք շատ փոքր է զիջում Հայկ Գևորգյանի գործով որպես «տուժող» անցնող Աշոտ Ֆրանգուլյանի վարկանիշին:
5. 2012 թվականի փետրվարի 3-ի իմ ասուլիսում հնչած մտքերի` ոստիկանական տեսանյութում առկա բրեժնևյան աղավաղումներին անդրադառնալը համարում եմ ավելորդ: Սրա վերաբերյալ յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն հետևություններ անել` իմ ասուլիսի ամբողջական տեսաձայնագրությունը դիտելով:
Փաստերը ներկայացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակեց նաև Հայկ Գևորգյանի գործով որպես տուժող հանդես եկող Աշոտ Ֆրանգուլյանի աուդիո ձայնագրությունից մի քանի հատվածներ:
Սերժ Սարգսյանը մինչ Հայկ Գևորգյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը դեպքի առնչությամբ կարծիք չի հայտնի, սակայն հուսով է, որ որոշումն արագ կլինի: Այսօր Ծաղկաձորում, ի պատասխան հանրապետական կանանց բարձրացրած խնդրի, այս մասին նշել է հանրապետության ղեկավարը:
Ծաղկաձորյան ֆորումին հրավիրված լրատվամիջոցներից մեկի`Panorama.am-ի փոխանցմամբ` մինչ հանդիպման մեկնարկը կին հանրապետականները նախագահի հետ փորձել են քննարկել օրվա հրատապ թեմաներից մեկը:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը դիմել է երկրի ղեկավարին. «Պարո´ն Նախագահ, երեկ ստացանք լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության մասին տեղեկատվությունը, ինչի մասին ոստիկանությունը նաև համապատասխան մանրամասներ է հրապարակել:Մինչ այս հանդիպումը մենք` մի խումբ կին հանրապետականներով քննարկում էինք տեղի ունեցածը և որոշեցինք մեր տեսակետը հայտնել` այս պարագայում լրագրողին անազատության մեջ պահելու դեմ: Խնդրում ենք, որպեսզի համապատասխան իրավապահ կառույցները հաշվի առնեն նաև մեր կարծիքը այս հարցում, եթե հնարավոր է»:
Ի պատասխան, նախագահ Սարգսյանը նշել է. «Պետական մարմինները ամենօրյա որոշակի գործառույթներ են իրականացնում, այդ թվում` իրավախախտումների դեմ պայքարը և դրանք կատարած ենթադրյալ անձանց հայտնաբերումը: Այս գործունեությունն իր մեջ կարող է օբյեկտիվորեն պարունակել անձի իրավունքների սահմանափակումներ: Որպեսզի այդ սահմանափակումները չլինեն չհիմնավորված, գոյություն ունեն որոշակի վերահսկողական իրավական ընթացակարգեր, որոնց շրջանակներում մեկ մարմինը, տվյալ դեպքում` դատարանը, պետք է որոշի մյուսի` ոստիկանության գործողությունների, հիմնավորվածությունը: Նման խնդիրները ցանկացած իրավական պետությունում պետք է լուծվեն հենց այս ձևաչափով: Ինչ վերաբերում է կոնկրետ Հայկ Գևորգյանի դեպքին, ապա ես կարծիքս չեմ հրապարակի մինչ դատարանի կողմից որոշում կայացնելը, որը, հուսով եմ, հնարավորինս արագ կլինի»:
«Հայ ազգային կոնգրեսը» հայտարարություն է տարածել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման կապաակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Փետրվարի 3-ին կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, ճանաչված լրագրող Հայկ Գևորգյանը:
«Ոստիկանության հիմնազուրկ բացատրություններն արդեն իսկ վկայում են, որ Հայկ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է: Իրականում նա ազատությունից զրկվել է բացառապես իր մասնագիտական գործունեության, այն է` իշխանությունների կատարած ապօրինությունները բացահայտելու և հանրության սեփականությունը դարձնելու պատճառով:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը հերթական մարտահրավերն է նետել Հայաստանում խոսքի ազատությանը: Գիտակցելով սպասվող քաղաքական, հասարակական ակտիվ գործընթացների վտանգավոր բնույթն իր համար, ինչպես նաև առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության անխուսափելի պարտությունը` վարչախումբն արդեն իսկ լծվել է իր հակաժողովրդավար բնույթը մերկացնող քաղաքացիների, լրագրողների չեզոքացման օպերացիայի իրականացմանը: Մենք կոչ ենք անում Հայաստանի և միջազգային լրագրողական շրջանակներին` իրենց համախմբված բողոքը արտահայտել Հայկ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան»:
Հաղորդագրության մեջ նաև հայտնվում է, որ տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային գրասենյակների ղեկավարների խորհրդակցություն, որը վարել է Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև մեծամասնական համակարգով թեկնածուների առաջադրման հարցերը:
«Արմենպրեսի» նախկին տնօրեն, Հայաստանում ճանաչված լրագրող և այժմ կալանքի տակ գտնվող Տիգրան Հակոբյանի պաշտպանական կողմը «մեծածավալ փաստաթուղթ» է ներկայացրել նախաքննական մարմին, որտեղ ներկայացված է` երբ, ինչի համար և ինչպես է ծախսվել գումարը, որը վատնելու համար էլ նա մեղադրվում է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է Տիգրան Հակոբյանի փաստաբան Հայկ Ալումյանը.
«Փաստաթղթում նշված է, թե գումարը երբ և ինչպես է ծախսվել: Այդ փաստաթուղթը մենք ներկայացրել ենք: Իմ պատշտպանյալը մանրակրկիտ ցուցմունքներ է տալիս ամեն լումայի վերաբերյալ, և մենք վստահ ենք, որ այդ հարցն ամբողջությամբ կսպառվի», -հավելեց փաստաբանը:
Նշենք, որ Տիգրան Հակոբյանը հասարակայնության հետ կապերի կառավարման ոլորտի ճանաչված մասնագետներից է, նախկինում զբաղեցրել է «Հայք» թերթի գլխավոր խմբագրի, Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի նախագահի, Արմենպրեսի տնօրենի պաշտոնները: Նա մեղադրվում է ավելի քան 184 մլն դրամ հափշտակելու, յուրացնելու մեջ, նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը» հատկանիշներով: Տիգրան Հակոբյանի հետ միասին նույն մեղադրանքն է առաջադրվել նաև Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդի մամլո խոսնակ Արման Մուսինյանի եղբորը՝ Վահան Մուսինյանին, որը այժմ հետախուզման մեջ է:
Տիգրան Հակոբյանը 2009-ի մարտից մինչև 2010թ. մայիսը աշխատել է «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությունում որպես տնօրեն: Վահան Մուսինյանն այնուհետև Տիգրան Հակոբյանի կողմից սեփականատերերին ներկայացվել է որպես գյուղատնտեսության ոլորտի բանիմաց մասնագետ և կարող է նպաստել, որպեսզի ընկերությունն առավել արդյունավետ կազմակերպի իր գործունեությունը: Դրանից հետո Վ. Մուսինյանը սկսել է գործարքների վերաբերյալ որոշակի գործունեություն իրականացնել, սակայն այդ գործարքներից ստացված ոչ բոլոր գումարներն են մուտք եղել ընկերության դրամարկղ:
Մասնավորապես 2009-ին մարտ-հունիս ամիսներին անասուների, դրանց մսի, կաթի վաճառքից ստացված գումարից 39 մլն դրամը ընկերության դրամարկղ մուտք չի եղել: Նախնական տեղեկություններով, գումարը յուրացրել են երկուսով: Բացի այդ, նույն տարվա ընթացքում սեփականատերերը 160 մլն դրամ կանխիկ գումար են տրամադրել համապատասխան ներդրումներ կատարելու համար, սակայն ընկերությունում մուտքագրվել է շուրջ 15 մլն դրամի ընդհանուր արժողությամբ գույք, այսինքն 145 մլն դրամը հափշտակվել է: Գործի քննությունը վարում է ոստիկանությունը:
«Ամբողջ գումարը, որ այսօր քրեական գործով մեղսագրում են Տիգրանին, մանրակրկիտ ձևով, ամենավերջին լուման նույնիսկ ներկայացրել ենք: Ընդ որում, դա նոր չէ, որ ներկայացնում ենք, այդ գումարը ամենայն մանրամասնությամբ ներկայացված է եղել գումարը փոխանցողներին: Հիմա ոչ մի բաց հարց չի կարող մնալ: Ամեն լումա հիմնավորված է», -փոխանցեց փաստաբան Ալումյանը:
Մեր հարցին, թե այս ամենի մեջ ինչ-որ ենթատեքստ տեսնո՞ւմ է պաշտպանական կողմը, ինչո՞ւ է Հակոբյանին նման մեղադրանք առաջադրվել, պաշտպանը պատասխանեց. «Ինչ-որ մարդիկ խորապես մոլորության մեջ են, և ես կուզեի մտածել, որ սա բարեխիղճ մոլորություն է: Հիմա Տիգրանը ցուցմունքներ է տալիս, եթե այդքանից հետո էլ կշարունակեն պնդել մեղադրանքը, ուրեմն այդտեղ ենթատեքստ կա, որովհետև այդ փաստաթղթին ծանոթանալուց հետո ոչ մի խնդիր մնալ չի կարող»:
Ավելի վաղ Panorama.am- ի խմբագրություն է զանգահարել Տիգրան Հակոբյանի քրոջ ամուսինը` Արմեն Աբրահամյանը և ասել էր, որ Հակոբյանի «գործը շինծու է»: Նա կալանքի մեջ գտնվող Հակոբյանին ներկայացրել էր որպես լավ կառավարիչ: «Տիգրան Հակոբյանին նստացրել են, որովհետև Տիգրան Հակոբյանը մարդկանց լավ չի ճանաչում, մանավանդ իր ընկերներին, դասարանցիներին», -ասել էր նա:
Ինչ վերաբերում է Վահան Մուսինյանի` գործին առնչության մասին, ապա Ալումյանն ասաց, որ կան փաստաբանական էթիկայի կանոններ, որ «պաշտպանյալին պաշտպանելուց չենք կարող ուրիշին խորտակել»: «Ես չեմ կարող Մուսինյանի գործը մեկնաբանել, նրա գործը թող իր պաշտպանները մեկնաբանեն: Իսկ ինչ վերաբերում է Տիգրանին, ապա ամեն մի լուման մենք պատրաստ ենք մեկնաբանել», փոխանցեց պաշտպանը:
Panorama.am-ը գրում է, որ այսօր և նախկինում արված բազմաթիվ փորձերը կապվել Վահան Մուսինյանի եղբոր` Արման Մուսինյանի հետ, անհաջող են անցել, և նրանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: ՀԱԿ-ից մշտապես ասում էին. «Մուսինյանը դեռ չի եկել, որ գա կփոխանցենք զանգել եք» կամ «փորձեք մի փոքր ուշ, ինքը հաստատ գալու է»:
«Մենք արժեհամակարգի խնդիր ունենք: Ժամանակը շատ է առաջ վազել, բայց մենք նոր-նոր ողնաշար ենք շտկում», -ասում է Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը, հավատալով, որ մեր հերոսը դեռ պետք է գա :
— Ինչո՞վ է դա պայմանավորված Տեր Հայր:
— Միտքը մարդու մեջ դրված մի հզոր դատավոր է, որը ստիպում է մարդուն քննելով ընտրել չարն ու բարին: Մտավորականը անպայման բարին ընտրողն է, որովհետև իր միտքը ուղղում է էնպիսի երևույթների վրա, որոնք հետաքրքրում են հասարակությանը և ինքն էլ դառնում է այդ ժողովրդի, այդ ազգի խիղճը: Դարեր շարունակ մեր մտավորականը եղել է քահանան, վարդապետը: Խրիմյան հայրիկը իր ժամանակի խղճի արտահայտողն էր նաև Ներսես Աշտարակեցին, Նարեկացին: Այսօր մենք ունենք աշխարհիկ մտավորականներ, որոնք , ցավոք, իրենց կերպարը ուղղել են ոչ թէ հոգևորի ծաղկմանը, մտքի ու հոգու աշխատանքին, այլ իրենց ես -ին, անհատի մատուցմանը: Արդյո՞ք դա պետք է մեր ազգին, սա է խնդիրը: Ու դրա համար մեր սերունդները մեզ կօրհնե՞ն , թե՞ կանիծեն: Օրինակ` ին՞չ արեց Խորհրդային միությունը մեր մտավորականության հետ` փչացրեց: Որովհետև, երբ դու չէիր գովերգում Լենին կամ ՍՄԿԿ , չէիր կարող որևէ արտոնություն ունենալ: Իսկ ով փորձում էր ողնաշարը ուղղել, նրան արտաքսում էին: Ցավոք, այդ մտածումը և այդպիսի մտավորականներ դեռ ունենք: Այսինքն` կերպը չի փոխվել: Այսօրվա մտավորականը չի բռնում ազգի զարկերակը, նստել ու սպասում է, որ ժողովուրդը բարեհաճի մոտենալ իրեն: Այսպիսին է իմ տպավորությունը: Թեև կարծում եմ, որ բոլորը չէ, որ էդպես են մտածում: Հավատում եմ, որ կան անհատներ, որոնք հավանական է` ճառագում են, բայց այսօր չենք տեսնում, և կան հոգիներ, որ դեռ խմորվում են ու վաղը պիտի գան::
— Կարո՞ղ է մարդը լինի հոգևոր և չլինի մտավորական:
-Եթե բացենք Ագաթանգեղոսի ՙՊատմություն Հայոց՚-ը, այնտեղ մի հրաշալի պատմություն կա. Գրիգոր Լուսավորիչը առաջին կրոնավորներին ձեռնադրում է հենց քրմերի զավակներից: Նա ընտրում էր կիրթ մարդուն, որովհետև հենց կիրթ մարդը պիտի լիներ մտավորական մարդը, առաջնորդը:
-Գուցե դա աստվածատուր կոչու՞մ է: Մտավորականը տարիքային սահմանափակում ունի՞:
-Եթե սահմանափակում լիներ, Ներսես Շնորհալուց երբեք Շնորհալի չէր ծնվի, որովհետև նա մանուկ հասակից արդեն ճառագում էր և բոլորը հրճվալից տեսնում էին, թե ինչպես է աճում: Շատ երիտասարդ տարիքում նա կաթողիկոս դարձավ: Դա յուրահատուկ պարգև է, որովհետև մտավոր մարդը խորհելու, ընտրելու, կռվելու առիթ ունի իր ներսում, ցավ ունի, որն ուղղում է դեպի այն հավիտենական արժեքները, որին ինքը ձգտում է հասնել, և դա անպայման ունի իր Գողգոթան, իր Փշեպսակը, իր Գեղարդը: Նա պիտի անցնի այդ ճանապարհով:
— Իսկ այժմյան պատկերն ինչպիսի՞ն է
— Մենք ունենք հրաշալի ձայներ, հայ երգիչ, երգչուհիներ, որոնք արտասահմանում են: Մեր երաժշտանոցն ավարտած մարդիկ գնում և աստղեր են դառնում Եվրոպայում: Ունենք գույնի հրաշալի զգացողություն ունեցող նկարիչներ, որոնք գնում, փայլուն դեմքեր են դառնում դրսում, ունենք սպորտսմեններ, որոնք օտար դրոշների տակ են հաղթանակներ ունենում, իսկ Հայաստանում տեղ չունեն:
— Ինչու՞ է այդպես
— Ինչուն քաղաքական է, սոցիալական է, գու՞ցե Խորհրդային շրջանի, պարսկական 400 տարվա լծի, Օսմանայան կայսրության տիրապետության հետևանքն է: Չգիտեմ ինչի՞ հետևանքն է, բայց մենք չենք կարողանում այդ բեռը շպրտել մեր ուսերից, ազատ ապրել, շնչել, պարզ շփվել մեկս մյուսի հետ:
— Ին՞չը կարող է մեր մտավորականներին միավորել
— Միայն հավատքը. մի կոնցեպցիա, որը հազարամյակների ընթացքում մշակել են մեր հոգևոր հայրերը: Ուղղակի վերադառնալ ակունքներին, ինչպես ձուկը, որ ծնվում է, գնում է դեպի օվկիանոս, հետո երբ պետք է ձվադրի, գալիս , վերադառնում է նույն տեղը: Ես հրավիրում եմ մտավորականներին.ՙ Եկեք Ձեր փարախը՚:
— Իսկ ին՞չն է տարանջատում
— Եսականությունը, հպարտությունը, նախանձը, ագահությունը, այսինքն` յոթ մահացու մեղքերը:
— Այսօր հասարակական ին՞չ պահանջ է դրված մտավորականի առջև:
— Ես պիտի խնդրեմ, որ մտավորականը գոնե չծախվի։ Հայերիս համար մեծ ինստիտուտ է ընտանիքը, որն առաջին սնման աղբյուրն է` կրթության առումով: Ճիշտ է, մեր տատիկ-պապիկները սովետական տատիկներ պապիկներ են, որոնք շատ լավ հատկություններ կորցրել են, բայց իրենք ավանդաբար բերում են բարոյական որոշ կատեգորիաներ, որոնք համընկնում են արդեն իրենց տատիկ-պապիկների ավանդական մտածողությանը: Հավանական է, որ սրանից հետո դժվար պիտի լինի, եթե մենք չվերադառնանք այն արժեքներին, որի պահանջն այսօր կա: Մի զուգահեռ անցկացնենք Ռումինիայի կամ Ռուսաստանի հետ, որտեղ մարդիկ վերադարձան իրենց հավատքին, խմբվեցին իրենց տաճարի շուրջը, զորացավ եկեղեցին և երկիրը գնալով սկսեց ծաղկել: Մենք պիտի մտածենք այդ մասին, որպեսզի Աստծո քաղցր սիրտը մեր հանդեպ փափկանա, դառնա աղբյուր, որ մենք սկսենք սնվել: Մենք ինքներս պիտի քայլ անենք դեպի Աստծված: ՙԹակեք դուռը և կբացվի՚: Այդ թակողների կարիքը մենք շատ ունենք:
— Ինչպե՞ս կվերաբերվեր Մաշտոցը այսօրվա կրթական համակարգին
— Մաշտոցի գերխնդիրն այն էր, որ Սուրբ Գիրքը դառնար հայերեն և լիներ մատչելի իր ժողովրդին: Արդյո՞ք այսօր մեր կրթական համակարգում Սուրբ Գիրքը դասավանդվում է: Ոչ: Լավ կլինի արժեհամակարգը վերանայվի:
— Տեր Շահե, ովքե՞ր են ստեղծել մեր ավանդույթները, արդյո՞ք դրանք համահունչ են մեր ժամանակին և որքանո՞վ են այսօր արժեքավոր
— Պատասխանը գտնվում է Թեսաղոնիկեցիներին ուղղված երկրորդ թղթում.ՙԱմուր պահեք այն ավանդությունները, որ սովորեցիք մեզանից, թե’ խոսքով, թե’ թղթով՚: Երկու տեսակի ավանդույթ է եղել` բանավոր և գրավոր: Գրավորը ամբողջ մարդկությունը ունի, դա Սուրբ Գիրքն է, իսկ բանավոր ավանդույթը` եկեղեցին : Աստվածաշունչը առանց եկեղեցու կիսատ է, եկեղեցին առանց Աստվածաշնչի եկեղեցի չէ: Երկնքի ու երկրի միջև կապը տեղի է ունենում, երբ այդ երկու ավանդույթները միանում են: Փառք Աստծո, մենք գոնե այն ազգն ենք, որ 30000 ձեռագիր է արտաշնչել: Ոչ մի ազգ միջնադարում այդքան ձեռագիր չի արտաշնչել` ոչ լատինը, ոչ հույնը, ոչ ասորին և ոչ էլ որևե մեկը: Էլ չեմ ասում, թե Մոնղոլական արշավանքների ժամանակ ինչքան գերևարության տարվեց, կոմունիստական շրջանում մեր վանքերի ինչքան ձեռագրեր այրվեցին: Փառք Աստծո, որ այսքան էլ մնացել ենք:
— Իսկ չե՞ք կարծում, որ մեր ժամանակաշրջանը նոր ավանդույթների կարիք ունի
— Որպեսզի նորը գա, կարիք կա, որ նախ հինը լավ ներշնչենք: Ավանդույթը ներսում մերը չի դառնա , եթե մենք նախ արտաքին պատկերների, նշանների խորհրդաբանությունը չհասկանանք: Օրինակ` խաչի պատկերը, որ կրում են կրոնավորները, իր բովանդակությամբ քրիստոնյայի պարծանքն է, իր խորհրդաբանությամբ կենաց ծառի խաչանման պատկերն է դրախտում, սակայն այն կրում են նաև կիսամերկ երգչուհիները: Նախ գիտակցական ընկալումը պիտի լինի, որ հետո այն ծլարձակի մեր սրտում ու պտղաբեր լինի: Մեր մտավորականները պիտի Նարեկացու,Օձնեցու, Մաշտոցի շարականները մեզ հետ ժամերգությամբ արտաշնչեն: Ինչպես Մարկեսը հին ավանդույթները կուտակեց-կուտակեց ու արտաշնչեց իր ՙՀարյուր տարվա մենությունը՚: Մենք այսօր գործ ունենք անելու:
— Տեր Շահե, մենք իրոք հրաշալի ժառանգություն ունենք, բայց կարծում եմ մատուցման խնդիր ունենք, ինչպես հարկն է չենք մատուցում մեր ժողովրդին: Համաձայն չե՞ք ինձ հետ
— Մենք արժեհամակարգի խնդիր ունենք: Ժամանակը շատ առաջ է վազել, բայց մենք նոր-նոր ողնաշար ենք շտկում: Փառք Աստծո, հիմա հրաշալի հոգևոր գրականություն է տպվում: Թեև արդեն ընթերցողը քիչ է, այնուամենայնիվ մեր կաթողիկոսը չի նայում ընթերցող կա՞, թե՞ չկա, տպագրվում է և մատուցվում: Մեր ժողովրդին ոչ թե սերիալներ, այլ հոգևոր զրույց է պետք: Պետք է մեր հերոսը արթնանա: Բայց հերոսի համար միջավայր է պետք ստեղծել, որ մանուկ հասակից սնվի այդ արժեքներով, և վերջում գա արդյունքը:
— Եկեղեցու ծեսերն ու ավանդույթները ի զորու՞ են փոխելու մեր ժողովրդի արժեհամակարգը
— Նայենք մի քանի կայսրությունների ծեսերին: Նույնիսկ ֆաշիզմը ուներ իր ծիսական կարգը, Խորհրդային միությունը ուներ իր ծիսակարգը, որն ազդում էր հասարակության վրա: Ծեսն անհրաժեշտ է հասարակությանը: Բայց կա Աստվածային երկխոսության տեսակ, որը կոչվում է արարողություն կամ ծիսակատարություն եկեղեցում: Այդ խորհուրդը ինքը` Քրիստոսն է: Մկրտության պահին մարդը զգեստավորվում է ի Քրիստոս և ճաշակում նրա մարմինն ու արյունը: Թեև պահի գիտակցումը շատ խորն է և անբացատրելի, բայց մարդու ներքինը փոխվում է: Այն ծեսերի մեջ, որտեղ չկա փրկության խնդիր, ժամանակավրեպ են, սակայն կան հավիտենական արժեքներ, որոնք կմնան կայուն, մինջև Տիրոջ գալուստը:
— Ինչպե՞ս եք վերաբերվում օտար դավանանքներին
— Մենք երբեք թույլ չենք տվել ձեռնոց նետել որևէ այլ ազգի կամ կրոնի, ընդհակառակը, մենք ընդամենը պաշտպանվել ենք, ինչպես Ավետարանն է ասում. ՙՀավը իր ձագերին հավաքում է թևերի տակ….՚ այդպես էլ մեր եկեղեցին հավաքել, պահպանել է, որ գոնե մեր լեզուն, մեր մշակույթը, մեր հավատը չկորչի: – Այսօր կարելի՞ է մեր ժողովրդին է քրիստոնյա անվանել
— Գիտես, եթե նույնիսկ չմկրտված հայ մարդուն ասես.ՙ դու քրիստոնյա չես՚, կարող է կռիվ անել: Բայց ինքը իրականում հեթանոս է: Սա մտածելու լուրջ առիթ է, որովհետև այն մարդը, որը լրջորեն Քրիստոսին իր սրտի մեջ չի ընդունել, չի ապրում այդ արժեքներով, նույնիսկ ՙ Հայր մեր՚-ը չգիտի, ինչպե՞ս կարող է քրիստոնյա համարվել: Շատերն են այսօր Աստվածաշունչը թևերի տակ գալիս, իբր Քրիստոս են բերում մեր ազգին, բայց իրականում գալիս են իրենց թագավորությունը հիմնելու, տոտալիտար ձևերով խեղելու մեր ժողովրդին: Ես ցավում եմ այս երևույթների համար:
— Կա՞ մի բան, որ դուք չասել չեք կարող
— Ես շատ եմ սիրում իմ պետականությունը, իմ եկեղեցին և բացերի մասին չեմ կարող լռել: Եթե իմ երեխային սիրում եմ, նրա բացերի վրա չեմ կարող աչք փակել, պիտի դաստիարակեմ : Չեմ կարող չասել, որ կարիք ունենք կրթվելու, հոգևոր խորհուրդները ուսումնասիրելու, չինովնիկների տեսակը փոխելու, կաշառակերությունը վերացնելու և, վերջապես, սերը հաստատելու մեր մեջ:
— Ձեր խոսքը` ուղղված հայ մտավորականին
— Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: Միշտ քաղցն ու ծարավն ունենաք ավելի մեծ արժեքների: Այսօր շատ կան ալյա-ֆրանկա մտածող գրողներ, որոնք փորձում են իրենց պոեզիան նմանեցնել հաջողակ ֆրանսիացի գրողներին: Ես չեմ հասկանում այդ արվեստը: Կուզեյի, որ մեր մտավորականները իրենց խարիսխները դնեին հենց ազգային հիմքի վրա, իրենց խոյակները զարդարեին մեր մանրանկարների խորանների նման և իրենց գույները որդան կարմիր դառնար:
— Ձեր խոսքը այսօրվա մտածող երիտասարդին
— Ընթերցիր, ով երիտասարդ: Դա արժեք է, որովհետև այն ինչ կատարվում է դպրոցում կամ համալսարաններում ողբերգություն է: Մարդիկ չեն ընթերցում: Աստծո խոսքը իր մարգարեների, ավետարանիչների միջոցով, գրավոր ձևով Աստված ավանդել է մեզ: Այն մի հրաշալի միջոց է, որ մարդը ճանաչի ինքն իրեն, ճանաչի Աստծուն, տիեզերքը: Եթե երիտասարդը ընթեցող է, ես իր կողքին եմ, իր համար աղոթող եմ, Աստծո օրհնությունը պիտի գա իր վրա և պտղաբեր դարձնի: Անգրագիտությունը թշնամի է հասարակությանը: Հիսուսը եկավ` վերականգնելու մարդուն, խոսեց Աստծո խոսքը, որն այժմ ամփոփված է Սուրբ Գրքում:
— Ին՞չ եք երազում մեր ժողովրդի համար:
— Վերադարձել եմ Կիլիկյան Հայաստանից, եղա ողջ Մեծ Հայքում, Կապադովկիայում, Անտիոքում: Այն արժեքները, որ մենք թողել ենք, միայն հողային տարածքներ չեն, դա նաև սուրբ վայրեր են, 3 հազար վանքեր, որոնք լքյալ են: Էլ չեմ ասում ինչքան խաչքարեր, եկեղեցիներ, ձեռագրեր են կորսվել, գնացել Վենետիկ, Ֆրանսիա, Լոնդոնի ազգային գրադարաններ, Երուսաղեմ և այլն: Հորդորում եմ մեր երիտաարդին, որ նա ամպայման անրադառնա այդ արժեքներին, բայց դա միայն ընթերցելու շնորհիվ է լինում: Ընթեցանությունը արթնացնում է մարդու ներքին զգայարանները և կապում ավելի մնայուն արժեքների հետ, եթե այն վերաբերվում է նաև հոգևոր գրականությանը:
-Դուք անձնական երազանքներ ունե՞ք
— Ես իմ կյանքը հանձնել եմ Աստծուն: Պետք է գործել, արարել, Աստծո խոսքը մատուցել, ժամերգություններին զանգակները քաշել, աղոթել հիվանդների համար: Ամենառեալը դա է: Միթե՞ Հիսուսը երազանք ուներ: Աստված մարմնացել էր և ճշմարտություններ էր հաղորդում: Եթե մենք գոնե մի փոքր դառնանք Հիսուսի լեզուն, խոսքը փոխանցողը, կիմանանք, որ մեր երազանքները կատարվել են: Մեզ համար գերխնդիրը թող Քրիստոսը մնա:
— Հավատու՞մ եք մեր ժողովրդի ապագային
— Ապագան մեր ձեռքում է: Այն ժառանգությունը, որ մեզ փոխանցել են մեր հայրերը, ապագայում շատ է փայլատակելու: Մենք դեռ շատ պիտի հպարտանանք մեր հայրերով, բայց նաև հին արժեքների հիման վրա նոր արժեքներ է պետք ստեղծել: Հարկավոր է գոնե հավասարվել մեր պապերի արժեքներին, որ կարողանանք արտաշնչել նորը:
Կարինե Ջանջուղազյան
Սեպտեմբերի 23-ին Մեծ աղմուկով վնասազերծված զինված բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանին կալանավորելուց հետո նրա եղբայրը և կինը` Մարինա Գեորգաձեն ևս կալանավորվեցին:
Ով է Մարինան և ինչ դերակատարություն ունի այս գործում:
Վրացուհի Մարինա Գեորգաձեն Արտուշ Հակոբյանի 2-րդ կինն է: Նախկինում Մարինան ամուսնացած է եղել ազգությամբ վրացի քրեական հեղինակության հետ: Ավելին` Արտուշի հայրը Գառնու լավաշ արտադրության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը երկար ժամանակ չի համակերպվել Մարինային իր հարսը համարելու մտքի հետ, դեմ լինելով նրա և որդու միությանը: Նա բոլորովին վերջերս է համակերպվել այդ իրողության հետ: Մարինան և Արտուշը այժմ դուստր ունեն, որը գտնվում է Վրաստանում Մարինայի մոր մոտ:
Մարինա Գեորգաձեն հասարակ կին չէ, նրան խարդախության մեղադրանքով Վրաստանի դատարանը մեղավոր է ճանաչել և նա մինչև այս ձերբակալությունը հետախուզման մեջ էր գտնվում նաև Վրաստանի իրավապահների կողմից:
Որոշ տեղեկություներով հենց նա է բանդայի իրական պարագլուխը. Հանցաշխարհի լեգենդ Կալինայի հայաստանյան հետևորդին` Մարինային, պահանջում են վրաց իրավապահները:
Բոլորովին վերջերս լրատվամիջոցներից մեկը, մի ծավալուն հրապարակում էր տպագրել Մարինայի հոգեկան օրհասական վիճակի մասին, նրան համարել հոգեբուժարանի կոնտիգենտ, փաստաբանի նկարագրությունից ելնելով, եզրահանգել, որ Մարինային չպետք է հանձնեն վրացիներին: Ձեռքի հետ ուրվագծելով նաև հաջորդ քայլը` կալանավայրի փոխարեն Մարինային տեղավորել հոգեբուժարանում:
Ի պատասխան մեր հարցման, ՔԿՀ վարչությունից պատասխանեցին, որ Մարինայի մոտ ամեն ինչ նորմալ է և հոգեկան շեղման նշաններ նկատելի չեն, ինչպես որ ներկայացրել էր փաստաբանը: Իսկ Աբովյան ՔԿՀ-ի բժիշկը նման ախտորոշում չի տվել:
Տեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ հոգեբուժարանից փախչելը կամ այն որպես միջոց օգտագործելը Հակոբյան ամուսինների համար նոր ճանապարհ չէ: Թե’ Արտուշը, թե’ Մարինան այդ ուղղին լավ գիտեն. Մարինան մեկ անգամ էլ Սևանի հոգեբուժարանում պառկելու անհրաժեշտություն է ունեցել: Իսկ Արտուշը իր հերթական փախուստներից մեկի ժամանակ հոգեբուժարանի ողջ անձնակազմին քնացրել է քյաբաբի մեջ քնաբեր խառնելով ու հյուրասիրելով նրանց: Իհարկե, սա արտաքին կողմը պահելու, իրեն օգնողներին չմատնելու ժեստ էր ընդամենը, բայցևայնպես:
Առհասարակ այս հաստատությունները նման են մութ լաբիրինթոսի, որտեղ ամեն ինչ, ու բոլոր պահերին կարելի է գտնել: Այստեղ մեծ գումարներ են շրջանառվում: Արդյո՞ք ամենաթողություն է. հոգեբուժարանները իրենց մութ գործունեությունը ծավալում են կարծես անարգել. Համենայն դեպս մինչև վերջերս այդքան աղմկահարույց փաստերի բացահայտումից հետո էլ, ոչ ոք պատասխանատվություն չկրեց:
Բազմաթիվ պատմություններ կան կապված կոնկրետ հոգեբուժարանների հետ, իսկ դրանց ցուցակը գլխավորում է “Նուբարաշենը”: Այստեղ ծնվում ու մեռցվում են սահմռկեցուցիչ հանցագործություններ: Բանակ են զորակոչվում ու բանակից ազատվում հիվանդներն ու առողջները. Սակայն սա այլ խոսակցության թեմա է:
Այսօր էլ Մարինայի գործով հանրության մոտ կարծիք ձևավորելով հարցը տանելով դեպի հոգեբուժարան, փորձ է արվում խնդիր լուծել: Վրաստանն անդրդվելի է. Հնարավոր չէ, համեմատության եզրեր գտնել վրաց ու հայ իրավապահ համակարգի միջև, ուր մի քանի անգամ փախուստի մեջ եղած հանցագործը, որի գլխավորած բանդան այդ պահին աշխատում է, կարող է զենքը վրան գնալ դատախազի ծննդյան տարեդարձի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.