23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հրապարակ». Երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում թիվ 37 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու, մարզպետ Սուրեն Խաչատրյանի առաջադրած Հայկ Գրիգորյանն իր եզրափակիչ հանրահավաքն է արել, որտեղ ելույթ ունենալով` Լիսկան ասել է, թե «սիսիանցիները քարանձավից դուրս են եկել և հիմա թասիբի մասին են խոսում»: Նկատի է ունեցել այն, որ Սիսիանի բնակչության զգալի մասը, այդ թվում որոշ ՀՀԿ-ականներ, դեմ են մարզպետի ներկայացրած անհայտ թեկնածուին և հայտարարում են, թե իրենց թասիբի հարցն է Սիսիանում հեղինակություն վայելող և այդ ընտրատարածքում առաջադրված Թաթուլ Հակոբյանին աջակցելը: Թերթին հասած լուրերով` մարզպետի ելույթից հետո սիսիանցիներն ասել են, թե պատերազմ են հայտարարում Լիսկային և ամեն ինչ անելու են, որ իր հովանավորյալը չանցնի: Ի դեպ, Ս. Խաչատրյանը հրաժարվել է թերթի հարցերին պատասխանել, նորից հին երգը երգելով. «Կգաս-դեմս կկանգնես, երեսդ կտենամ ու կպատասխանեմ»:
Երեկ մայիսի 3-ի ու երեկոյան Արարատի մարզի Մասիս քաղաքից, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդեց, որ կրակոցներ են հնչել Հայաստանի հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրների միջև՝ Մասիսի սրճարաններից մեկում տեղի ունեցած վեճի ժամանակ։
Մասիսի կենտրոնական փողոցի վրա գտնվող «Եվրո+» բացօթյա սրճարանի մոտ են հավաքվել մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ։ Ողջ տարածքը հսկվել է Ոստիկանության հատուկ նշանակության վարչության աշխատակիցների կողմից, ովքեր դիմակավորված են և զինված ինքնաձիգերով։
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մոտավորապես 1 ժամ առաջ տեղեկություններ են ստացվել, որ նշված սրճարանում վիճաբանություն է տեղի ունենում, և, ըստ տեղեկությունների, հնչել են նաև կրակոցներ։
Թեպետ կրակոցի հետքեր, մասնավորապես, վնասվածքի, ինչպես նաև կրակված պարկուճներ ոստիկանները դեռ պետք է հայտնաբերեն։ Սակայն նշված վայրից մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ նա ոչ թե կրակոցի արդյունքում է վիրավորվել, այլ բութ առարկայից ստացված հարվածներից։
Ի դեպ, վիճաբանության վայրի հարևանությամբ են գտնվում ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ շտաբները, որոնք գտնվում են Մասիս քաղաքի «Արգիշտի» հյուրանոցային համալիրի մոտ։
Հ. Գ.Ի դեպ օրեր առաջ մեզ հետ զրույցում ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանը հաստատեց շրջանառվող այն տեղեկությունները, որ քաղաքում մթնոլորտը շիկացած է, թշնամանքով լի ու պայթյունավտանգ:
Հարցնում են Երևանի Կենտրոն համայնքը և Աջափնյակ համայնքի մի փոքր հատվածն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում Նապոլոն Ազիզյանի ընտրողները, որոնք իրենց թեկնածուի մասին գրեթե ոչինչ չգիտեն:
Նապոլեոն Ազիզյանը, որ մրցում է Ռուբեն Սադոյանի և ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանի հետ, կարծես չի էլ աշխատում իր ընտրողներին առավել ամբողջական ներկայանալու ուղղությամբ: Եթե ՀԱԿ-ն իր ընտրազանգվածն ունի, ապա Ազիզյանի պարագան մի փոքր այլ է՝ նա պետք է գործ անի որի հավեսը չունի կարծես: Նրա շտաբի աշխատակիցները տարակուսանքի մեջ են. ու ասում են թե՝ էնպիսի տպավորություն է, որ իրենց թեկնածուի վզին է փաթաթվել առաջադրումը: «Մենք էդքան աշխատել ենք «Բարգավաճի» համար, նման բան չենք տեսել. Շտաբի պետի հեչ պետքը չի ի՞նչ ես անում, ոնց ես անում, ոչ հավաքել կա, ոչ աշխատանքը վերլուծել կա: Մարդկանց խոստումներ են տալիս օգնելու, աջակցելու հետո հրաժարվում են, թուքումուրը մենք ենք ուտում: Ասում ենք բուկլետ էլ չունեք, ո՞նց ներկայացնենք թեկնածուին, ասում են՝ ոչինչ պատմեք նրա մասին: Մարդկանց ասում ես ԲՀԿ, ասում են՝ «Բարգավաճն» ընդունեցինք, բա Նապոլեոն Ազիզյանն ով է, է՞ն որ տունը թալանե՞լ են, Էդ մարդն ա՞», — պատմում են նրա շտաբի աշխատակիցները:
Ասում են պատմությունը կրկնվելու հատկություն ունի: 2007- ին, Թիվ 9 ընտրատարածքում Ռուբեն Սադոյանն ու Նապոլեոն Ազիզյանն արդեն մեկ անգամ պայքարել են ԱԺ մանդատի համար և վերջինս պարտվել է: 2012-ի խորհրդարանական ընտրություններում ծնունդով ապարանցի Նապոլեոն Ազիզյանը, որոշակի հույսեր էր տածում, որ օժանդակություն կգտնի ապարանյան թևի կողմից, սակայն նրան կարծես հասկացրել են, որ հույս չունենա: Իսկ ԲՀԿ-ի անտարբեր պահվածքը իր առաջադրած թեկնածուի քարոզարշավի վերաբերյալ, առնվազն տարօրինակ է:
Այն, ինչ կատարվում է թիվ 23 ընտրատարածքում դժվար է միանգամից ըմբռնելը. Սևան Վարդենիս, Ճամբարակ բնակավայրերն ընդգրկող տեղամասերում օր — օրի ավելի զավեշտալի բաներ են կատարվում:
Այս անգամ, մեր ունեցած ստույգ տեղեկություններով՝ Սևանի շտաբի ղեկավարներից մեկը՝ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը իր որդիների՝ Հրաչյայի և Արտուշի, կնոջ և հարսների (Անահիտ, Անժելա և Հռիփսիմե), տվյալները փոխանցել է Օեկ-ին, խոստանալով, ընտրությունների օրը ընտանյոք հանդերձ ձայն տալ ՕԵԿ-ին:
Մեզ հասած լուրերով այս զոհողությունը նա կատարել է ՕԵԿ 2-րդ դեմքի՝ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի խաթեր, որի խոսքը գետնին չտալու համար Ղուկասյանը, չնայած ՀՀԿ-ի հանդեպ իր ստանձնած գործին, նաև աշխատում է ՕԵԿ-ի օգտին:
Քիչ առաջ Ազատության հրապարակում կայացավ Հայ Ազգային կոնգրեսի՝ նախընտրական քարոզչության շրջանակներում ամփոփիչ հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցան ընդդիմադիր դաշինքի առաջնորդները:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը ներկայացրեց ընտրարշավի վերաբերյալ իր նախնական նկատառումները.
Սիրելի հայրենակիցներ,
Ավարտին մոտեցող ընտրարշավի վերաբերյալ հարկ եմ համարում ձեզ ներկայացնել իմ նախնական նկատառումները.
1. Հայաստանի բոլոր մարզերում անցկացված զանգվածային միջոցառումների, հանրահավաքների ու հանդիպումների շնորհիվ Հայ Ազգային Կոնգրեսին և որոշ այլ քաղաքական ուժերի հաջողվեց ժողովրդին հանել թմբիրից և զգալիորեն հաղթահարել երկրում տիրող վախի մթնոլորտը, ինչին մեծապես նպաստեց նաև ընդդիմության կողմից հեռուստատեսությամբ ակտիվ քարոզչություն վարելու ընձեռված կարճատև հնարավորությունը։
2. Մարզային այցելությունների և տասնյակ հազարավոր մարդկանց հետ շփումների ընթացքում մենք չտեսանք որևէ դեպք, երբ հանցավոր ռեժիմին հասցեագրված մեր անխնա քննադատությունն ու հիմնավոր մերկացումները դրական արձագանք չգտնեին ունկնդիրների հոգում, կամ էլ ինչ-որ մեկի կողմից փորձ արվեր հակադարձելու դրանց։
3. Ընտրարշավի օրերին մենք վերջնականորեն համոզվեցինք, որ իշխող վարչախումբը՝ ի դեմս Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունների, իսկապես ոչ մի իրական ձայն չունի հասարակության շրջանում, և որ քոչարյանա-սերժական ռեժիմը հերթական անգամ հույսը դրել է վարչական, ուժային և քրեական ռեսուրսի միջոցով ընտրությունների կեղծման ու իշխանության բռնազավթման վրա։
4. Ընտրարշավը բացահայտեց ևս մի կարևոր իրողություն՝ այն է, որ արդար ընտրությունների անցկացմամբ անկեղծորեն շահագրգռված են միայն երեք քաղաքական ուժեր՝ Հայ Ազգային Կոնգրեսը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ինչի արտահայտությունն է այդ ուժերի սերտ համագործակցությունը ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբում, ինչպես նաև ընտրական օրենսգրքի չարաբաստիկ դրույթներից մեկի հակասահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան ներկայացրած նրանց համատեղ հայցադիմումը։ Միասնական շտաբի գործունեության և նրա նախաձեռնությունների դեմ չարախոսող մնացյալ քաղաքական ուժերը վերջին հաշվով կամա թե ակամա սպասարկում են իշխող ռեժիմի շահերը, կամ էլ անդրկուլիսյան խաղերի ու գործարքների մեջ են այդ ռեժիմի հետ։ Ասվածը հավասարապես վերաբերում է նաև նույն կերպ վարվող իբրև-թե անկախ որոշ լրատվամիջոցների ու քաղաքագետների։
5. Ընտրարշավի ամենանշանակալի արդյունքը, սակայն, իմ կարծիքով, նախագահական ընտրությունների համեմատ խորհրդարանական ընտրությունների պակաս կարևորության կարծրատիպի կոտրումն է։ Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում ունեցած ելույթում այդ առթիվ ես նշել էի հետևյալը. «Հաստատված փաստ է, որ Հայաստանի պարագայում, որպես կանոն, ժողովրդական զանգվածների գերհամախմբում և իրական մրցակցություն տեղի է ունենում ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություներում։ Ուստի քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրն է հաղթահարել հոգեբանական այս բարդույթը և հասարակությանը համոզիչ կերպով բացատրել խորհրդարանական ընտրությունների կարևորությունը՝ դրանք դիտելով որպես նախադրյալ հենց նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար»։ Կարծում եմ, իրական փոփոխությունների կողմնակիցների ջանքերի շնորհիվ այս կարևորագույն գաղափարը կամ ճշմարտությունը վերջապես հասցվել է հասարակության ամենալայն շերտերին, ինչի ակնհայտ վկայությունն է այն հանգամանքը, որ ժողովրդի հետաքրքրությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ համենայն դեպս անհամեմատ ավելի մեծ է, քան նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
————
Ժամանակն է գիտակցել, որ ընտրությունների ելքը կախված է ողջ հասարակության ակտիվ մասնակցությունից, որովհետև ինքնըստինքյան հասկանալի է, որ որքան մեծ լինի քվեարկողների թիվը, այնքան ավելի դժվար կլինի ընտրությունների կեղծումը, մասնավորապես երկրից բացակա քաղաքացիների ձայների հաշվին։ Չի կարելի թույլ տալ, որ երկրի բախտը որոշեն անտարբերներն ու ընտրությունների նկատմամբ հավատը կորցրածները, որովհետև միայն պետության առջև պատասխանատվություն ունեցող քաղաքացին է ընդունակ կերտել սեփական ճակատագիրը և նույնպիսի պատասխանատվություն պահանջել իր իսկ ձևավորած իշխանությունից։ Իսկ ընտրակաշառքով իրենց ձայները վաճառողները իշխանությունից ոչինչ չեն կարող պահանջել, բացի հերթական ողորմելի ընտրակաշառքից։
Այս հորդորները լսելուց հետո շատերն արդարացիորեն հարցնում են. «Շատ լավ, միահամուռ կերպով մասնակցեցինք ընտրություններին ու, ասենք, քվեարկեցինք ընդդիմության օգտին. ի՞նչ երաշխիք կա, սակայն, որ իշխանություններն այս անգամ էլ չեն կեղծի ընտրությունները, և դուք նորից չեք կարողանա տեր կանգնել մեր ձայներին»։ Համաձայնեք, որ սա գրեթե ամենատարածված հարցն է, որ տրվում է ամեն պահի ու ամեն քայլափոխի։ Ամենևին չեմ կասկածում, անշուշտ, որ վարչախումբը կրկին փորձելու է կեղծել ընտրությունները և ամեն գնով պահպանել վաղուց բռնազավթած իր իշխանությունը, մանավանդ նկատի ունենալով, որ ինչպես բազմիցս նշվել է, Սերժ Սարգսյանն ու իշխող կուսակցությունն իրականում բառիս բուն իմաստով ոչ մի ձայն չունեն։ Բայց, բարեբախտաբար, առկա են մի քանի նոր հանգամանքներ, որոնք հույս են ներշնչում, որ նման փորձն այս անգամ կարող է ձախողվել։ Որո՞նք են այդ նոր հանգամանքները.
1. Արաբական երկրներում տեղի ունեցած ու շարունակվող հեղափոխությունների լույսի ներքո միջազգային հանրությունն ստիպված է հիմնավորապես վերանայել տարածաշրջանային կայունության ու անվտանգության նկատառումներով բռնապետական ռեժիմների հանդեպ նախկինում վարած հանդուրժողականության ու փափկանկատության արատավոր քաղաքականությունը, և դրա փոխարեն ավելի մեծ ուշադրություն դարձնել ժողովրդավարության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։ Մասնավորապես Հայաստանի պարագայում միջազգային հանրության վարքագծի փոփոխությունը, բացի նշվածից, մեծապես պայմանավորված է նաև 2008 թվականի խայտառակ ընտրությունների կրկնությունը թույլ չտալու անկեղծ ձգտմամբ, ինչպես նաև մեր իրականության հանդեպ աշխարհի ուշադրությունը սևեռելու գործում քառամյա համաժողովրդական պայքարի խաղացած անուրանալի դերով։ Ուզում եմ հույս հայտնել, որ միջազգային դիտորդական առաքելություններն այս անգամ ավելի օբյեկտիվ ու սկզբունքային գնահատական կտան ընտրություններին, զգուշանալով մանավանդ ապօրինի իշխանություններին օրինակարգող (լեգիտիմացնող) այնպիսի վտանգավոր ձևակերպումներից, ինչպես, օրինակ, «ընտրությունները հիմնականում համապատասխանել են ևրոպական չափանիշներին» կամ «դրանք մի քայլ առաջ էին նախորդ ընտրություններից»։
2. Ընտրախախտումների կանխման խնդրում ի հայտ եկած մյուս նոր հանգամանքը Հայ Հեղափոխական Դաշնակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ձևավորված միասնական շտաբն է։ Բոլոր տեղամասերում ներկայացված լինելով զգալի թվով վստահված անձանցով, իսկ երկուսի պարագայում նաև ընտրական հանձնաժողովների անդամներով, այդ ուժերի համագործակցության շնորհիվ ստեղծվել է ընտրությունների օրինականության վերահսկման իր նախադեպը չունեցող մի արդյունավետ մեխանիզմ, որն ի վիճակի է էապես փոխելու ընտրությունների որակը։ Թյուրիմացության տեղիք չտալու նպատակով հարկ է նշել, որ ակնկալելով, անշուշտ, իր գործընկերների աջակցությունը ընտրախախտումների արձանագրման և կանխման հարցում, նշված ուժերից յուրաքանչյուրը, բնականաբար, առաջին հերթին պայքարելու է իր ստացած քվեները պահելու համար։ Բայց հենց այս շահագրգռությունն է, որ օբյեկտիվ հիմքեր է ստեղծում օրինական ընտրությունների անցկացման գործում սերտ համագործակցություն ծավալելու համար։
3. Եթե նշված երկու նոր հանգամանքներին գումարվի նաև Սահմանադրական դատարանի կողմից քվեարկության մասնակիցների ստորագրած ընտրացուցակների գաղտնիության դրույթի հակասահմանադրականության ճանաչումը, ապա իշխանությունների համար գրեթե անհնար կդառնա ընտրակեղծարարության գլխավոր ռեսուրսի, այն է՝ ընտրացուցակներում երկրից բացակա շուրջ 700.000 քաղաքացիների անունների առկայության փաստի օգտագործումը։ Հիշեցնենք, որ այդ դրույթը ՀՀ Ընտրական օրենսգրքում հայտնվել է 1999 թվականին, իսկ մինչ այդ կայացած բոլոր ընտրությունների ժամանակ ստորագրված ընտրացուցակները մատչելի են եղել հանրության համար։ Սահմանադրական դատարան ներկայացված հայցով, ըստ այդմ, պահանջվում է ոչ թե նոր դրույթ սահմանել, այլ վերականգնել նախկինում գործած դրույթը։ Այսպիսով, ստեղծվել է մի վիճակ, երբ օրինական ընտրությունների անցկացման բանալին փաստորեն հայտնվել է Սահմանադրական դատարանի ձեռքում։ Թե ինչպես նա կօգտագործի այդ բանալին, կախված է նրա սկզբունքայնության դրսևորումից։ Համենայն դեպս Սահմանադրական դատարանին հնարավորություն է տրված կա՛մ վերականգնելու իր վաղուց ի վեր սասանված հեղինակությունը, կա՛մ էլ վերջնականապես դառնալու Հայաստանի ամենաավելորդ պետական հաստատությունը։
————
Այսօր ես հարկ չեմ համարում կրկին խոսել Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրերի և Ազգային Ժողովում ներկայացված լինելու պարագայում նրա մոտակա անելիքների մասին։ Դրանք ձեզ հայտնի են, և ավելացնելու բան գրեթե չկա։ Միայն հիշեցնեմ, որ ներկա ընտրությունների նվազագույն խնդիրը Հանրապետական կուսակցությանը իշխանության մենաշնորհից զրկելն է, ինչը հնարավորություն կտա խորհրդարանը վերածել գործադիր իշխանության լիարժեք հակակշռի և հող նախապատրաստել հաջորդ նախագահական ընտրություններում հանցավոր ռեժիմից վերջնականապես ազատվելու համար։ Ուժերի նպաստավոր դասավորության պարագայում Ազգային Ժողովում կարող է ձևավորվել նոր, իրական կոալիցիա, փոխարինելով մինչ այժմ գործած կեղծ կոալիցիաներին, որոնցում մշտապես գերիշխող դիրք է զբաղեցրել Հանրապետական կուսակցությունը, իսկ կրտսեր գործընկերներին բաժին ընկել երկրորդական ու նվաստացուցիչ դեր։ Հայ Ազգային Կոնգրեսը չի բացառում իր մասնակցությունը իրական կոալիցիայում՝ կտրականապես մերժելով, սակայն, որևէ համագործակցություն Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունների հետ, նրանց համարելով մեր երկրի գլխավոր չարիքը։
Սիրելի հայրենակիցներ, դուք սխալվելու իրավունք չունեք։ Պատշաճ քաղաքացիական գիտակցություն դրսևորելու և ճիշտ ընտրություն կատարելու դեպքում դուք ի զորու եք մայիսի 6-ը դարձնել բեկումնային օր՝ երկրում սահմանադրական կարգի վերականգնման, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և արժանապատիվ կյանքի վերահաստատման համար։ Ուրիշ այսպիսի պատեհություն կամ շանս գուցե այլևս չլինի։ Ձեզանից որևէ զոհողություն չի պահանջվում, այլ ընդամենը ազատ ու անկաշկանդ քվեարկություն։ Մի՛ հավատացեք այն ստաբանություններին, թե իբր քվեախցիկներում ձեր գործողություններին կարող են հետևել։ Նման բան երբեք չի եղել ու չի էլ կարող լինել։ Հաղթանակը մոտ է, և այն չի կարելի ձեռքից բաց թողնել։ Հավատացեք, դա ոչ թե մեր, այսինքն ընդդիմության հաղթանակն է լինելու, այլ ձեր հաղթանակը, սեփական արժանապատվությունը վերագտած Հայաստանի քաղաքացիների հաղթանակը, համայն հայության հաղթանակը։
Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց նստացույց են սկսել մի քանի խաբված քաղաքացիներ, որոնք ժամանակին վճարել են բնակարանների համար, սակայն այդպես էլ չեն ստացել իրենց կացարանները:
Lուրեր կան, որ կանանցից երկուսը սպառնում են ինքնահրկիզվել, եթե իրենց խնդիրներին անմիջապես լուծում չտրվի: ՀՀԿ գրասենյակի մամուլի բաժնից էլ տեղեկացրել են, որ համապատասխան հայտարարություն չի եղել:
Արդեն նրանց հետ զրուցել են մի քանի հանրապետականներ ու խոստացել հարցը կարգավորել: Սակայն ցուցարարները չեն հեռանում:
Բնակարանների չարչրկված հարցում , խարդախությունների ալիքը հասնում է նաև մինչև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյան, որի շուրջ պտտվող աղմկահարույց տեղեկությունները, սակայն, բնավ չխանգարեցին, որ նա զբաղեցնի առաջիկա ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի թիվ 11 գոլդ համարը:
Հերմինե Նաղդալյանը, լրատվամիջոցների հետ զրույցում, իհարկե, ժխտել է, որ Արարատի հարկայինի պետի պաշտոնից իր ամուսնու հրաժարականը կապված է, իրենց ընտանեկան բիզնեսի` «Նորաշեն-2007» կազմակերպության ձախողումների և անտուն մնացած մարդկանց բողոքի հետ: «Իմ ամուսինն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Նման մտադրություն բավական երկար ժամանակ է ունեցել և հիմա է դա իրագործել: Դրա մեջ չկա որևէ քաղաքական մաս և չկա որևէ նման ենթադրություն ոչ «Նորաշենի», ոչ էլ այլ բանի հետ կապված: Ինքն ունի առողջական խնդիրներ, նաև իր աշխատանքը փոխելու: Ամուսինս դիմում է գրել աշխատանքից ազատվելու, նրան ասել են, որ ուզում ենք Ձեզ տեղափոխել ուրիշ աշխատանքի, որին պատասխանել է` ոչ, ուրիշ աշխատանքի չեմ ուզում տեղափոխվել, ուզում եմ դուրս գալ համակարգից », — ասել է տիկին Նաղդալյանը:
Նրանց հետ գործարքների գնացած մարդիկ, սակայն 2.5 մլրդ դրամի խարդախություն կատարելու պատճառով, այսօր քրեական հետապնդման են ենթարկվում: Գործը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում, դրանում ներգրավված են մի շարք ոչ անհայտ մարդիկ: Իսկ տիկին Նաղդալյանը շարունակում է պնդել. «Մենք դրա հետ որևէ կապ չունենք»:
Ներվե՞ց «Նորաշեն-2007»-ի հետ կապված խնդիրը, հարցին նրա ջղագռգիռ արձագանքը բնավ ոչինչ չի ասում: «Որևէ ներման խնդիր մենք չունենք: Եւ, եթե որևէ մեկն այսօր բնակարան չունի, դա իմ մեղքը չի: Ասեմ ինչու, որովհետև մարդկանց խարդախության պատճառով մեկ գույքը, մեկ բնակարանը տարբեր ճանապարհներով հասցեագրվել է մի քանի մարդու: Այսինքն` մեզ հետ կնքել են առքուվաճառքի պայմանագիր` նոտարական կարգով ձևակերպված, Կադաստրի մարմիններից վկայական ստացված, անկասկած, իրավական հիմքերով: Մյուսների հետ կնքել են տարբեր տեսակի նախավճարի պայմանագրեր, տարբեր ժամանակում: Կան մարդիկ, որոնց հետ նախավճարի պայմանագիր են կնքել մեր կողմից տվյալ բնակարանի կադաստրի վկայականը ստանալուց մեկ տարի հետո: Պարզապես շատ միամիտ և անխոհեմ մարդ է այդ մարդը»: Ո՞ւմ ի նկատի ունի տիկ. Նաղդալյանը. խաբված բնակիչները տալիս են Գագիկ Պապոյանի և Սիմոն Աղազարյանի անունները:
Իրականում, բանն այն է, որ `այօրվա իրենց զոհ համարող մի քանի մեծահարուստ անձիք, նրանց թվում և Հերմինե Նաղդալյանը, որոնք, իրենց ավելացած գումարները «գործի մեջ դնելու» ակնկալիքով, ամսական 24-ից ավելի տոկոսով վարկ են տվել կառուցապատողներին, (ինչն արգելում է օրենքը և պատիժ է նախատեսվում «Վաշխառություն» հոդվածով) ու դրա փոխարեն, որպես գրավ` բնակարաններ ձևակերպել իրենց անունով, պայմանով, հետագայում, երբ կվերադարձվի իրենց տոկոսով տրված գումարները, դրանք կօտարեն,և մարդիկ` ովքեր իրականում դրանց տերն են կստանան իրենց գնած բնակարանները: Սակայն կառուցապատողների, հաշվարկները չեն իրականանում, և այսօր նրանցից պահանջում են` ոմանք իրենց գումարները, ոմանք էլ` բնակարանները: Նրանք հայտնվում են ճաղերի հետևում, իսկ տոկոսով գումար տված վաշխառուները ջրից չոր են դուրս գալիս,դեռ մի բան էլ իրենց համարում են տուժող:
Իսկ մարդիկ` ի դեմս պատգամավոր Նաղդալյանի, որ ապօրինի գործարքի մեջ են եղել, ակնկալելով անաշխատ եկամուտ, կարող են կրկին գնալ Ազգային Ժողով օրենք գրելու, այն օրենքը, որի հանդեպ իրենց արհամարական վերաբերմունքի պատճառով, բազմաթիվ քաղաքացիներ մնացել են անտուն:
«Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարզաբանումներ է տվել մի քանի հարցերի, մասնավորապես` թե ի՞նչ կապ ունի ինքը «Բարգավաճ Հայաստանի» հետ:(http://www.mediamax.am/am/news/politics/4830/ )
«Ես սերտ համագործակցություն եմ ունեցել տարբեր կուսակցությունների հետ, բայց երբեք չեմ հաստատել այնպիսի կապեր, որոնք դուրս կլինեին քաղաքական գործընկերության շրջանակներից»,- ասել է նա:
Այն Դիտարկմանը, թե երկրում ընդունված է համարել, որ ԲՀԿ-ն իր կուսակցությունն է, հատկապես Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու վերջին փաստը, Քոչարյանը պատասխանել է. «Վստահ եմ, որ մեր իրողությունների պարագայում կուսակցական ներգրավվածություն չունենալը թույլ է տալիս նախագահին` լինել լիարժեք արբիտրի և քաղաքական մրցակցության երաշխավորի դերում»: Իսկ ԲՀԿ-ն հենց այն կուսակցություններից մեկն է, որի հետ ինքը համագործակցել է նշված ձևաչափով:
«Եթե այն իմը լիներ, ապա 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երեւի թե այնտեղ, այլ ոչ թե ՀՀԿ-ում կհայտնվեին նախարարների եւ մարզպետների մեծամասնությունը»,- ասել է Քոչարյանը:
Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ, Քոչարյանը գաղտնիք է բացել . «Մի փոքր գաղտնիք բացեմ: Ես եմ համոզել նրան` չանդամակցել ԲՀԿ-ին և չմասնակցել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին (ինքն այդպիսի ցանկություն ուներ): Ես չէի ուզում արտգործնախարար փոխել այն պահին, երբ իմ նախագահական ժամկետի ավարտին մնացել էր 9 ամիս: Ուրախ եմ, որ Օսկանյանն այն ժամանակ հասկացավ ինձ: Ի դեպ, եթե ԲՀԿ «պատկանելությունը» որոշվում է ցուցակում ինձ հետ երկար տարիներ աշխատած մեկ նախարարի ներկայությամբ, ապա կառաջարկեմ նայել ՀՀԿ ցուցակին»:
Երկրորդ նախագահը շեշտել է, թե իշխանության հետ որեւէ անդրկուլիսյան պայմանավորվածություն չունի: «Իմ հարաբերությունները իշխանության հետ միանշանակ չեն: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական: Ի դեպ, այդ մասին ես ուղիղ ասել եմ նաեւ նախագահին»,- նշել է նա:
Քոչարյանը ասել է, որ տեսնում է ԲՀԿ-ը հաջողությունները. «Ուրախ եմ, որ ԲՀԿ-ն հաջողում է և ժողովրդականության զգալի աճ է արձանագրում: Կարծում եմ, դա լուրջ ազդեցություն կունենա հաջորդ գումարման Ազգային ժողովում կուսակցության ներկայացվածության չափի վրա»:
Հարցին, թե ապագայում հնարավոր է վերադառնա մեծ քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. « Հայաստանում այսօր փոփոխությունների հասարակական մեծ սպասում կա, իսկ դա նշանակում է, որ հասարակության անտարբերության աստիճանը անդառնալի չէ, ու այդ հանգամանքը խիստ դրական է: Որքանով են մարդիկ կապում այդ փոփոխությունները ակտիվ քաղաքականություն իմ վերադարձի հետ` սա է ինձ հետաքրքրող հարցը: Առայժմ լիարժեք պատասխան ես չունեմ»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Խորհրդային Միության ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը հանդիսավորությամբ մայիսի 2-ին բացել են Վահրամ Փափազյանի կիսանդրին:
Կիսանդրու բացմանը ներկա են եղել դերասաններ, արվեստագետներ, երևացիներ:
Կիսանդրու հեղինակ Լևոն Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին մեծ աջակցության համար: Քանդակագործն ընդգծել է, որ կիսանդրին կերտել է որպես արտիստի երկրպագու և հավելել, որ Փափազյանի հուշարձանը ստեղծելը իր վաղեմի մտադրություն է եղել, որը այսօր իրականացավ քաղաքային իշխանությունների անմիջական աջակցության շնորհիվ:
Վահրամ Փափազյանի կիսնդրին կանգնեցվել է Փափազյան և Կոմիտաս փողոցների խաչմերուկում:
Այսօր կյանքի 64-րդ տարում մահացել է Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Գագիկ Իսրայելյանը ծնվել է 1948թ.-ին: 1971թ.-ին ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի Ֆրանսերենի բաժինը և նույն թվականին սկսել աշխատանքային գործունեությունն որպես լրագրող: 1974-1979թթ.-ին եղել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի բաժնի վարիչ, իսկ 1979-1982թթ. աշխատել է Ալժիրում` որպես ավագ թարգմանիչ:
1982-1990թթ. ղեկավարել է Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի տեղեկատվական խումբը, իսկ 1990-1992թթ. եղել է նույն կոմիտեի մամուլի բաժնի վարիչ:
1992-1994թթ. աշխատել է որպես ՀՀ Գիտությունների ակադեմիայի սփյուռքագիտության բաժնի գիտաշխատող և «Արմենպրեսս» գործակալության ավագ խմբագիր:
1994թ.-ին Գարիկ Իսրայելյանն աշխատանքի է անցել ԱԳՆ-ում և նշանակվել է Սփյուռքի հարցերի վարչության 2-րդ քարտուղար, այնուհետև նույն վարչության առաջին բաժնի վարիչ:
1995-1996թթ. աշխատել է որպես ԱԳՆ Սփյուռքի հարցերի վարչության պետ:
1997-1998թթ. գործուղվել է Մոսկվա՝ որպես Ռուսաստանում ՀՀ դեսպանության հումանիտար հարցերի բաժնի վարիչ:
1998-ին նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպանության խորհրդական:
2000-2001թ-ին աշխատել է ԱԳՆ ԱՊՀ վարչության Ռուսաստանի բաժնի վարիչ, իսկ 2001-2002թթ. ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ:
2002-2005թթ Գարիկ Իսրայելյանը պաշտոնավարել է որպես Թուրքմենստանում ՀՀ դեսպանության խորհրդական, իսկ 2004-2006թթ.՝ Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար:
2006-2008թթ. աշխատել է ԱՊՀ վարչության խորհրդականի պաշտոնում, իսկ 2008թ-ին նշանակվել Թուրքմենստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար:
2009-2010 թթ. աշխատել է Վրաստանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի պաշտոնում, այնուհետև ԱԳՆ-ում զբաղեցրել Սահմանակից երկրների վարչության խորհրդականի պաշտոնը:
2011թ. նշանակվել էր Բաթումում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոս:
2007 թ. Գ.Իսրայելյանին շնորհվել էր արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
Գարիկ Իսրայելյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա:
Այսօր կառավարության տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ի կատարումն ՀՀ Նախագահի` 2012 թ. ապրիլի 23-ի «2012 թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, զորակոչի անցկացման աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը։
Կհիմնվեն այգիներ, կստեղծվի գինու և կոնյակի արտադրություն
ՀՀ կառավարության որոշմամբ «Գոլդն գրեյպ Արմաս» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2013 թ. փետրվարի 1-ը։ Ժամանակացույցի վերանայման պատճառ են դարձել ինչպես եղանակային պայմանները, այնպես էլ ներմուծվելիք ապրանքների ցանկի փոփոխությունը։ 6.6 մլրդ դրամ ներդրումային ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի մոտ 180 հա տարածքում ստեղծել խաղողի աճեցման և վերամշակման, գինու և կոնյակի արտադրություն, ինչպես նաև ագրոտուրիզմի զարգացման ենթակառուցվածքներ, մոտ 80 աշխատատեղ։«Իսկապես տպավորիչ ծրագիր է, — այս առնչությամբ ասել է կառավարության ղեկավարը։ — Այսօր մեծ թափով կառուցվում է ժամանակակից գործարանը։ Այն օրինակելի է լինելու այլ տնտեսությունների համար, որոնք տեսնելու են, թե ինչ մշակույթ է ներդրվում գինեգործության ոլորտում։ Կարծում եմ, որ այս փորձը կտարածվի գինեգործական այլ ընկերություններում ևս, որովհետև բարձրացվում է արտադրության որակը։ Իհարկե, շատոյի սկզբունքով գինու արտադրությունը հնարավորություն է տալու, որպեսզի այդ գինին ամբողջությամբ իրացվի։ Սա մեր հաջողված ծրագրերից է»։
«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ԱԱՀ-ի և սոցապահովության վճարի գծով մուծված գումարները փոխհատուցելու նպատակով գործադիրը հատկացրել է ավելի քան 55 մլն դրամ։
Նախկինում ընդունած իր երեք որոշումներում կատարելով փոփոխություններ, կառավարությունը նախատեսում է կարգավորել միջազգային բեռնափոխադրում իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆի քարտերի տրամադրման համար պետական տուրքի վճարի գանձման գործընթացը, մեկ տեղում կենտրոնացնել տնտեսվարողներին մատուցվող միանման ծառայությունները։
Կառավարությունն իր նիստում որոշել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» ծրագրի փակման պլանի համաձայն լուծարել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը։
Հավանություն է տրվում ներդրումային ծրագրին
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ գործադիրը
հավանություն է տվել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրին։ Հաջորդ որոշմամբ, հիմք ընդունելով «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ ներկայացրած նշված ներդրումային ծրագիրը, գործադիրը համաձայնություն է տվել Երևանի քաղաքապետի` Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ժամանակակից տեխնոլոգիայով ջերմատների կառուցման նպատակով Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 69.83 հա հողամասի առանձին հողակտորների ուղղակի վաճառքի ձևով օտարման առաջարկությանը։ Սահմանվել է, որ ներդրումային ծրագրի պատասխանատուն և կառավարիչն է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն, որը կարող է ներդրողներ ընտրել մինչև 2014 թ. դեկտեմբերի 1-ը։ Երեք տարվա ընթացքում նախատեսվում է կատարել շուրջ 35-40 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 1500-2000 աշխատատեղ։ «Սա որակապես նոր ծրագիր է՝ նոր մոտեցումներով և ֆինանսական մեխանիզմներով, — ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ — Պետություն-մասնավոր համագործակցությամբ մենք ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի տարբեր մասնավոր ընկերություններ ներդրում կատարեն և մասնակցեն Հայաստանի Հանրապետության ջերմոցային տնտեսության զարգացմանը։ Կան միջազգային գործընկերներ, որոնք Հայաստան են բերելու եվրոպական լավագույն փորձը։ Դա էլ հնարավորություն է տալու, որ այդ ծրագրի դրական փորձը տարածենք մարզերում` ստեղծելով լրացուցիչ հազարավոր աշխատատեղեր»։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել բարձրաստիճան պաշտոնատար անձի և իր ընտանիքի անդամների եկամուտների հայտարարագրմանը վերաբերող ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ինչի շնորհիվ հստակեցվել և կոնկրետացվել են հայտարարագրման ենթակա տվյալների ցանկն ու դրանց բովանդակությունը, ընդլայնվել հրապարակման ենթակա հայտարարագրերի շրջանակը։
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցքի N10/2 հանրակացարանային մասնաշենքի սենյակներից մեկը սեփականաշնորհել 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած Սեդա Բաբայանցին։
Բարելավվում է իրավական դաշտը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի հիմնական նպատակը պետական ֆինանսական ռեսուրսների արդյունավետության բարձրացումն է` այդ միջոցների օգտագործման հասցեականության, նպատակայնության, ինչպես նաև տնօրինվող միջոցների և դրանց հաշվին կատարվող ծախսումների համապատասխան բյուջեներում ամբողջական արտացոլման ճանապարհով։
Նիստում հավանություն է տրվել Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2011 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու ՀՀ օրենքի նախագծին։
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության կառավարությունների միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը ֆինանսավորվելու է դրամաշնորհային հիմունքով` իբրև զարգացմանն ուղղված պաշտոնական օժանդակություն։
Գործադիրն ընդունել է Արմավիրի մարզի Գրիբոյեդովի համայնքի ղեկավարի լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Կառավարությունն այլ կատեգորիա է փոխադրել Տավուշ մարզի Աչաջուրի, Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքների հողերի մի մասը` համապատասխանաբար հասարակական կառուցապատման (հյուրանոցային համալիր) և ջերմոցային տնտեսության կառուցման համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.