23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը՝ թուրքական քարոզչության ամոթալի գործիք. Սասունյան
Թուրքիայում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ շաբաթ խիստ վիճահարույց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը:
Սրբազանի նամակը սուր վիճաբանություն է առաջացրել հայերի շրջանում համայն աշխարհում, ներառյալ Թուրքիայի հայկական համայնքը: Ոմանք նրա հրաժանականի կոչ են արել, իսկ մյուսները, այդ թվում՝ Հայաստանի Ազգային ժողովի մի պատգամավոր, պահանջել են նրան կարգալույծ անել…
Չնայած իրարահաջորդ թուրքական կառավարությունները միշտ փորձել են ճնշում գործադրել Արամ Սրբազանի նախորդների վրա՝ որպես գործիք ծառայեցնելու Անկարայի քարոզչության համար, սակայն նրանցից ոչ մեկը նման վիրավորական նամակ չի գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Պարզ չէ, արդյոք այդ վիճահարույց նամակը պատրիարքական փոխանորդը գրել էր իր սեփական նախաձեռնությամբ, թե նրա համար մշակվել է թուրք պաշտոնյաների կողմից: Սակայն նրանք, ովքեր անձամբ ճանաչում են արքեպիսկոպոս Աթեշյանին, պնդում են, որ նա չէր կարող լինել այդ նամակի հեղինակը, քանի որ այդքան վարժ չի տիրապետում թուրքերենին: Ինչևէ, նա ստորագրել նամակը և այն տարածել լրատվամիջոցներին, որն էլ հրապարակվել է բազմաթիվ թուրքական թերթերում:
Ցավոք, առաջին անգամ չէ, որ ՍրբազանԱթեշյանը նման ստորաքարշ վերաբերմունք է դրսևորում թուրքական իշխանությունների հանդեպ՝ ցանկանալով ստանալ կառավարության աջակցությունը պատրիարք ընտրվելու համար: Անցյալ տարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանրային հանդիպման ժամանակ, Արք. Աթեշյանը համարձակվեց վիրավորել նրան՝ մարդու իրավունքների խախտումների համար նախագահ Էրդողանին քննադատելու համար…
Նկարագրելով Հայոց ցեղասպանությունը սոսկ որպես «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններ», Սրբազան Աթեշյանն իր նամակում հայտարարել է, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է թուրք ժողովրդի ցավը Գերմանիայի Բունդեսթագի ընդունած որոշման առիթով: Պոլսո պատրիարքի փոխանորդը, խոսելով Թուրքիայի հայկական համայնքի անունից, պնդել է, որ Գերմանիայի խորհրդարանը իրավունք չուներ դատավճիռ կայացնելու «ամբողջ գերմանացի ժողովրդի անունից»: Նա հավելել է. «բացի այդ, հակասական է նաև այն, թե ընդունված օրինագիծն ինչքանով է արտահայտում գերմանական հասարակության տրամադրություները»: Անհեթեթություն է արք. Աթեշյանի պնդումը, թե Բունդեսթագը չի խոսում գերմանացի ժողովրդի անունից, երբ խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել է գրեթե միաձայն՝ ընդամենը մեկ դեմ ձայնով…
Բացի այդ, պատրիարքական փոխանորդը մեղադրել է Գերմանիայի խորհրդարանին՝ «մի քանի տողով Երրորդ ռեյխի բացասական դերակատարության թեթևակի ներկայացման և Օսմանյան կայսրությունը որպես միակ մեղավոր մատնացույց անելու» համար: Ապշեցուցիչ է, որ արք. Աթեշյանը քողարկում է թուրքական ժխտողականությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և նսեմացնում Գերմանիայի կողմից իր մեղսակցությունն ազնվորեն ընդունելը…
Նրանք, ովքեր փորձում են արդարացնել Պոլսո պատրիարքի փոխանորդի հակահայկական հայտարարությունները՝ պնդելով, թե պետք է ապրել Թուրքիայում Էրդողանի վարչակարգի բռնապետական բնույթը լիովին ըմբռնելու համար, պետք է իմանան, որ Թուրքիայում շատ հայեր խիստ վրդովված են Արք. Աթեշյանի նամակից: Նրանք տասնյակ հաղորդագրություններ են գրել նրա ֆեյսբուքյան էջում, հայտնելով իրենց անհամաձայնությունը:
Հայոց պատրիարքական փոխանորդին ամենախիստ քննադատության է ենթարկել Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի խմբագիրը. «Մենք ափսոսանքով, զայրույթով և ամոթով կարդացինք Ձեր նամակը…. Տվյալ պետության քաղաքացի հանդիսացող ժողովրդի համակարգված բնաջնջումը իր սեփական հողերում, սեփական պետության որոշմամբ, Ձեր կողմից, պետական լեզվով, որպես «Առաջին աշխարհամարտի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններ» ներկայացնելը, անարգանք է այն համայնքի անդամների նախնիների, զոհերի և փրկվածների հիշատակին, որին Դուք ևս պատկանում եք»:
Հակառակ պատրիարքական փոխանորդի պնդումներին, թե իբր հայերը թուրքերի նման հավասար վերաբերմունքի են արժանանում, «Ակոս»-ը պնդել է, որ «հայերը խտրականության, ֆաշիստական և հրապարակային սպառնալիքների են ենթարկվել»: Թերթը նաև հակադարձել է Արք. Աթեշյանի հայտարարությանը, որ Գերմանիայի խորհրդարանի որոշումը «տխրության ու ցավի աղբյուր է», հաստատելով, որ «Ձեզ այս նամակը գրելու դրդած ճնշումն է մեզ համար տխրության և ցավի աղբյուր…. Հայ համայնքի ինքնությունը վնասվել է Ձեր խոսքերից, այլ ոչ, ինչպես Դուք եք ասում, Բունդեսթագի որոշումից»:
«Ակոս»-ը նաև ասել է Սրբազան Աթեշյանին, որ իր նամակը ներկայացնում է. «սեփական ժողովրդի դեմ հատուկ ժխտողական հայտարարություն: Կտեսնենք, թե մոտ ապագայում Ձեր այս հայտարարությունը ում կողմից «խանդավառությամբ կողջունվի»…. Աղոթում ենք Աստծուն՝ Ձերդ գերազանցությանը խելք, միտք, ըմբռնում շնորհելու խնդրանքով»:
Իր ժողովրդին և նրանց սուրբ գործին լրացուցիչ վնաս չպատճառելու համար, ես խոնարհաբար խորհուրդ կտայի Արք. Աթեշյանին հետագայում զերծ մնալ քաղաքական և քարոզչական որևէ հայտարարություն անելուց: Հակառակ դեպքում, նա պետք է լրջորեն մտածի իր պաշտոնից հեռանալու մասին, քանի որ Թուրքիայի հայերը երբեք չեն ընդունի նրան որպես ընտրված պատրիարք, նույնիսկ եթե Էրդողանն աջակցի նրա ընտրությանը…
Հարութ Սասունյան՝
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Համացանցում հայտնվել է «Եվրո-2016»-ի շրջանակներում Ռուսաստան-Անգլիա հանդիպումից առաջ ռուս և անգլիացի երկրպագուների միջև Մարսելում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսագրությունը, հայտնում է Daily Mail-ը:
Հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 11-ին: Մարսելում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել հունիսի 10-ի երեկոյան: Ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել: Ծեծկռտուքին մոտ 200 մարդ է մասնակցել, 2 անգլիացի է ձերբակալվել:
Գերմանիան, ընդունելով իր մեղսակցությունը ցեղասպանությանը, այժմ պետք է հատուցում վճարի հայ ժողովրդին: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա մասնավորապես, նշել է.
«Չնայած «սուլթան» Էրդողանի վիրավորանքներին և սպառնալիքներին՝ Գերմանիայի խորհրդարանն անցյալ շաբաթ համարձակորեն առաջ գնաց և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դրան ի պատասխան՝ Թուրքիան անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Բեռլինից:
Բունդեսթագի պատմական բանաձևը, որն ընդունվեց գրեթե միաձայնորեն (ընդամենը 1 դեմ և 1 ձեռնպահ), կրում է հետևյալ խորագիրը. «Ի հիշատակ և ոգեկոչում Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության»: Ըստ ARD հեռուստատեսության՝ Գերմանիայի բնակչության 74 տոկոսը համաձայն է, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրագործվել: Ըստ «Շպիգել» ամսագրի մեջբերած մեկ այլ հետազոտության՝ Գերմանիայի հասարակության 91 տոկոսը չի վստահում Էրդողանին…
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, զայրացած Էրդողանի հաճախակի շանտաժներից, որոշեց Թուրքիայի մեծամոլ բռնակալին իր տեղը դնել, մինչդեռ նախագահ Օբաման քաջություն չունեցավ նույնը անելու… Գերմանիայի ղեկավարությունն ստիպված էր դիմակայել ոչ միայն թուրքական վարչակարգի հարձակումները, այլ նաև Գերմանիայում ապրող երեք միլիոն թուրքերից շատերի սուր քննադատությունը:
Խորհրդարանի որոշումից հետո Էրդողանը հոխորտաց. «Մենք մեր անցյալից ամաչելու պատճառ չունենք, սակայն «Հայոց ցեղասպանության» համար Թուրքիային հաճախ մեղադրող երկրների վրա միլիոնավոր անմեղ մարդկանց արյուն կա»: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը նույնքան լկտիաբար ասաց գերմանացիներին. «Առաջինը դուք այրեցիք հրեաներին վառարաններում, իսկ հիմա եկել ու թուրք ժողովրդին եք մեղադրում ցեղասպանության մեջ»: Էրդողանին և Բոզդաղին պետք է հիշեցնել, որ Գերմանիան, ի տարբերություն Թուրքիայի, վաղուց ընդունել է նացիստական ժամանակաշրջանի հանցագործությունները, ներողություն խնդրել Հոլոքոստի համար և վճարել միլիարդավոր դոլարների փոխհատուցում:
Մնում է տեսնել, թե պոռոտախոս թուրք ղեկավարները կհամարձակվեն արդյոք պատժիչ գործողություններ ձեռնարկել Գերմանիայի դեմ, բացի իրենց դեսպանի սովորական հետկանչից, ինչպես ամեն անգամ անում են, երբ որևէ կառավարություն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Եթե Էրդողանը որոշի ավելի առաջ գնալ դատարկ սպառնալիքների շրջանակներից, ապա նման քայլերը բացասական հակազդեցություն կունենան հենց Թուրքիայի վրա, քանի որ Գերմանիան նրա խոշորագույն առևտրային գործընկերն է: Թուրքիայի տնտեսությունն արդեն իսկ լուրջ դժվարություններ ունի այն բանից հետո, երբ Ռուսաստանն արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը և անցանկալի համարեց իր քաղաքացիների այցը Թուրքիա որպես զբոսաշրջիկ՝ նախորդ տարի Սիրիայի սահմանի մոտ թուրքական զինվորականների կողմից ռուսական ուղղաթիռի խոցման պատճառով:
Թուրք ղեկավարներն արդեն վնասել են իրենց երկրի շահերը՝ սադրիչ և սկանդալային հայտարարություններ անելով, որոնք նպաստում են Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հրապարակայնացմանը ամբողջ աշխարհում: Հազարավոր թերթեր, կայքեր, ռադիո և հեռուստակայաններ անդրադարձան գերմանական որոշմանը և թուրքական պոռթկումներին: Հատկանշական է, որ միջազգային լրատվամիջոցները հատուկ ուշադրություն էին դարձնում Գերմանիայի խորհրդարականների խոստովանությանը, որ իրենց երկիրն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լինելով Թուրքիայի ռազմական դաշնակիցը, մեղսակից է Հայոց ցեղասպանությանը:
Աշխարհի ամենահեղինակավոր թերթերից երկուսը՝ «Նյու Յորք թայմս»-ը և «Լոնդոն Թայմս»-ը, հունիսի 3-ին հզոր խմբագրականներ հրապարակեցին՝ վերահաստատելով Հայոց ցեղասպանության փաստերը, աջակցելով Գերմանիայի խորհրդարանի որոշմանը և կոչ անելով Թուրքիային առերեսվել իր անցյալի մութ էջերին:
«Նյու Յորք թայմս»-ն իր «Այո, դա Ցեղասպանություն է» վերտառությամբ խմբագրականում գրել է. «Դա ցեղասպանություն էր, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը…. Պատմական հաշվեհարդարի համար հայերի պահանջը լիովին արդարացված է…. Նախագահ Օբաման, որը 2008 թ. թեկնածու եղած ժամանակ խոստացավ ճանաչել 1915 թ. իրադարձությունները որպես ցեղասպանություն, չկատարեց իր խոստումը…. Գերմանացիները, որոնք հիանալի կերպով դիմակայեցին իրենց սեփական պատմության սարսափելի ցեղասպանությունը, ճիշտ քայլ կատարեցին՝ արհամարհելով Էրդողանի սպառնալիքները»:
«Լոնդոն Թայմս»-ի խմբագրականը՝ «Ցեղասպանության ժխտում. հայերի զանգվածային ջարդը պետք է ճանաչվի Թուրքիայի կողմից», նույնքան ազդեցիկ էր. «Գերմանական բանաձևը ճիշտ է ոչ միայն իր ուղերձով, այլև դիվանագիտության մեջ: Թուրքական զայրույթը պարբերաբար ուղղվում է բոլոր դաշնակից երկրների դեմ, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Այդ արձագանքը անարժան և հակապատմականից ավելի վատն է. այդ անասելի չափերի տառապանքի ժխտումը մինչ օրս թունավորում է Եվրոպայի քաղաքականությունը և պետք է վիճարկվի: Հայերի ջարդը, ինչպես թուրք ժխտողականններն են պնդում, պատերազմի ժամանակ տեղի ունեցած չնախատեսված, սակայն անխուսափելի ողբերգություն չէր: Այն օսմանյան վարչակարգի կողմից կազմակերպված տեղահանման և զանգվածային սպանդի հատուկ ծրագիր էր…. Ժամանակակից Գերմանիան և նրա պետական այրերը բազմիցս արտահայտել են իրենց ժողովրդի զղջումը անցյալ դարի ցեղասպանական բարբարոսության համար: Վաղուց ժամանակն է, որ Թուրքիան նույնն անի»:
Գերմանիան, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ընդունելով իր պատասխանատվությունն ու մեղսակցությունը, այժմ պետք է համապատասխան հատուցում վճարի հայ ժողովրդին՝ դրանով իսկ արժանի օրինակ ծառայելով Թուրքիայի համար, ոչ միայն ճանաչման, այլ նաև հատուցման գործում…
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջապես պաշտոնապես խոսեց` անդրադառնալով ԼՂՀ պատգամավորին ծեծի ենթարկելու դեպքին:
Այսօր նա հայտարարություն է տարածել. «Նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում: Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս: Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը եւ մեր կողմից որդեգրված արժեքներին»:
Լավ է ուշ քան… նախ ՝ԼՂՀ նախագահի կողմից դա ավելի վաղ պետք է արվեր: Իսկ մինչ արած հայտարարությունը տեղի ունեցած դեպքերը չեն խոսում նախագահի նշած իրենց ժողովրդավարության և որդեգրած արժեքներին: Նախ՝ ծեծից հետո ոստիկանությունը պնդեց, որ նման բան չի եղել, որից հետո նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, թե եղել է նման դեպք ու ինքը տեղյակ չէ, բայց լավ են արել՝ ծեծել են, ուրեմն մի բան արել է:
Հետո, հավանաբար, հասկացան ,որ փաստի նման մեկնաբանությունը նորմալ չէ, ու իրենց ասածը հասարակությունը չընդունեց: Դրան հաջորդեցին պաշտոնական Երևանից ԱԺ պատգամավորների ռեպլիկները,թե մի խառնվեք Արցախի գործերին: Դա էլ պակաս վրիպում չէր ու դարձյալ հանրության արձագանքը ստիպեց մտածել խոսելուց առաջ:
Չնայած փոքր- ինչ երկար մտածեցին. պատերազմի մեջ գտնվող պետությունը իրավունք չունի նման գործելակերպով առաջնորդվել, իսկ Բակո Սահակյանի հայտարարությունն արդեն ուշացած է:
Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում աղոթում են քառօրա պատերազմի ամենաթեժ մարտերի ժամանակ զոհված 20-ամյա Անդրանիկ Զոհրաբյանի հոգու խաղաղության համար: Հոգեւորականի աղոթքին միացել են հարազատները, մտերիմներն ու համաքաղաքացիները: Անդրանիկի ծնողները որոշել են մատաղ անել՝ զինվորների անփորձանք ծառայության եւ բարի վերադարձի համար:
Մատաղն անձամբ էին հասցրել սահմանապահ զինվորերներին:
Անդրանիկն ընտանիքի միակ որդին էր, հուլիսին զորացրվելու էր, տուն վերադառնար: Կիսատ թողած գործեր ու նպատակներ ուներ՝ ուսում, ֆուտբոլի մարզիչ դառնալու մեծ երազանք:
«Այսօր ինձ մնում է իմ մեծ կորստի վշտի ու տառապանքի մեջ ապրել՝ միեւնույն ժամանակ հպարտության զգացումով, որ որդիս իր զինակից ընկերների հետ պայքարել է արյան գնով ու ընկել հանուն հայրենիքի»,- ասում է Անդրանիկի Հայրը:
Կապիտան Արմենակ Ուրֆայանի ու նրա վաշտի տղաների մասին պատմությունները լեգենդի նման են հնչում: Անդրանիկը Ռոբերտ Աբաջյանի եւ Քյարամ Սլոյանի հետ, Արմեն Ուրֆայանի հրամանատարությամբ, ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ էին շպրտել թվով իրենց մի քանի անգամ գերազանցող հակառակորդին, շարքից հանել էին մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, զրուցում է զինվորների հետ, խնդրում՝ լավ պահեն իրենց:
«Ես խոնարհվում եմ այս ծնողների առջեւ: Նրանք իմաստուն մարդիկ ենք, իրենց որդիների մահն ընկալում են որպես պարտք հայրենիքի առջեւ: Միանշանակ, նրանք բոլորը հերոս են, եթե նույնիսկ չունեն կոչում, նրանք հերոս են մեր հիշողության մեջ»,- ասում է լրագրող Ցվետանա Պասկալեւան:
«Այս չորս զոհվածներն այդ օրը խրամատում իրենց թափած արյամբ հարազատ եղբայրներ են դարձել ու մեր ընտանիքներին կապել են իրար: Իրենք իրենց կյանքի վերջին վայրկյանները իրար հետ են անցկացրել, իրար հետ են խոսել, հաստատ մեկը մյուսին ձայն է տվել, ինչ-որ բան է ասել»,-ասում է զոհված զինծառայողի հայրը:
Գերմանական Բունդեսթագի բանաձեւի քվեարկության շարժառիթային գործոնները լուսաբանելու փորձը կենտրոնանում է տարբեր հանգամանքների վրա: Նախ, իհարկե այն, որ Գերմանիան պետք էր հետեւողականություն ցույց տար սկսված գործընթացին եւ անպայման նկատի ունենար Բունդեսթագի նախկին քննարկումները, երկրի նախագահի, խորհրդարանի նախագահի կատարած հայտարարությունները, որոնք քաղաքական ենթահող էին նախապատրաստել նման քվեարկություն կայացնելու համար։ Երկրորդ, ուշադրություն է գրավում այն, որ բանաձեւի խորագրային բաժինը խոսում է Հայոց եւ օսմանյան կայսրության տարածքում ապրած քրիստոնյա փոքրամասնությունների մասին:
Շվեդիայից, Հունաստանից եւ Հայաստանի Հանրապետությունից հետո, Գերմանիան դարձավ չորրորդ երկիրը, որը ճանաչում է քրիստոնյա մյուս ազգաբնակչությունների բնաջնջման քաղաքականությունը իբրեւ ցեղասպանական արարք: Այստեղ տարբեր տեղեր երեւացին նաեւ Բունդեսթագի կրած հզոր ազդեցությունը մի տարի առաջ Վատիկանում Ֆրանցիսկոս պապի կատարած հայտարարություններից:
Բունդեսթագում կաթոլիկ երեսփոխանների թիվը նկատառելի է եւ դրանց դիրքորոշումը մեկնաբանվում է նաեւ այս հանգամանքով: Լուսարձակ կենտրոնացրեց նաեւ ծագումով թուրք (կամ Թուրքիայից եկած եւ գուցե այլ ծագում ունեցող) Գերմանիայի քաղաքացի օրենսդիրների աշխույժ դիրքորոշումը այս բանաձեւի քննարկման եւ քվեարկության ընթացքում: Մեկնաբանությունները իրավամբ նկատի ունեցան նաեւ սեփական պատմության հետ առերեսվելու գերմանական ավանդական փորձառությունը եւ Գերմանիայի դեպքում համազգային բարդույթը ցեղասպանություն գործադրած լինելու , ներողություն խնդրելու եւ հատուցելու:
Փաստորեն, Բունդեսթագի նախկին բանաձեւը առանց ուղղակի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը խոսում էր ջարդերին եւ տեղահանություններին գերմանական մասնակցության եւ մեղսակցության իրականության մասին: Այս բոլորը պարզապես արագ նշումներ են եւ բանաձեւի ազդեցության հզորությունը եւ Անկարայի ցուցադրած ջղաձգությունները ընդգծում են Բունդեսթագի ձեռնարկած քայլի իրադրային նշանակությունը: Նշված հանգամանքները սակայն, առաւելաբար հետեւողականության, համագերմանական բարդույթի, Վատիկանի ազդեցության տակ` վերաբերում են կրոնական ներշնչանքին: Այդ բոլոըը կան. զուտ քաղաքական տրամաբանությունը սակայն հուշում է, որ հարցը նաեւ պետք է փորձել դիտարկել Բեռլին-Անկարա լարված հարաբերությունների շրջանակներում` Գերմանիան իբրեւ ԵՄ-ն ղեկավարող ուժ եւ Անկարան, իբրեւ ԵՄ-ի հետ շանտաժի լեզվով խոսող պետություն:
Ահա այստեղ ավելի է իմաստավորվում ժամանակի ընտրությունը. անցյալ տարի Բունդեսթագի քննարկումներն ու նախագահի եւ խորհրդարանի նախագահի հայտարարությունները Թուրքիային ուղղված դեղին քարտն էին: Նախազգուշացնում էին ԵՄ-ի հետ հարաբերությունների ընթացքը փոխելու, հատկապես գաղթականների հոսքը Եւրոպա ուղարկելով բյուջետային աստղաբաշխական հաշիվներ ներկայացնելու շանտաժային քաղաքականության առումով: Այլապես, անցյալ տարի 100-ամյակի առիթով բոլոր բարոյական նշված պատճառները կային Բունդեսթագի որոշման համար, մեղսակցությունն ընդունելուն եւ Վատիկանի կոչին ընդառաջ շարժվելուն: Թվում է, որ Անկարան լավ գիտակցել է քաղաքական ա՜յս շարժառիթը: Եւ իհարկե պատահական չէ, որ Գերմանիայի որոշման առիթով Թուրքիայի նախագահը հավասարապես մեղադրանքներ է տեղում թե՜ Բեռլինի եւ թե՜ Փարիզի վրա: Այլ խոսքով, ԵՄ-Անկարա հարաբերություններն եղանակ ճշտող հիմնական ուժերի վրա:
Գերմանիան ու Ֆրանսիան ցեղասպանություն գործած լինելու հանցանքով Թուրքիայի նախագահի հետեւյալ հայտարարությունը բովանդակային առումով կարող է լուրջ չընկալվել. «Ո՞վ է կանգնած Ռուանդայի կոտորածների հետեւու՞մ: Սակայն այդ մասին ընդունված չի խոսել»- ասել ե Էրդողանը: Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւը` Էրդողանը հայտարարել ե, որ Գերմանիան, բացի հոլոքոսթից, մեղավոր ե նաեւ Նամիբիայի 100 հազար բնակչի սպանության մեջ:
Գերմանիայի վարչապետը մեկնաբանելով Բունդեսթագի որոշումն ու Էրդողանի սպառնալիքները ընդգծել էր, որ Անկարան պետք է ընդունի եւ կիրառի եւրոպական չափանիշերը: Այստեղ արդեն հետզհետե ավելի պարզ է դառնում, որ եւրոպական չափանիշների մեջ է ներառվում նաեւ պատմության հետ առերեսվելը, այլ խոսքով Ցեղասպանությունը ընդունելը: Դեպի վիզային ռեժիմի վերացում եւ ինտեգրման ուղղությամբ նկատի առնված այլ հեշտացումներն Անկարայի առաջ այս ձեւով արգելքներ են դրվում: Արգելակողները Բեռլինն ուՓարիզն են հիմնականում եւ չի բացառվում, որ Փարիզը հարմար ժամանակին օրակարգի կետի վերածի ժխտողականության քրեականացման հարցը:
Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ որքան լարվեն ԵՄ-Անկարա հարաբերությունները, այնքան առավելություններ կապահովեն Ցեղասպանության համաեւրոպական ճանաչման համար: ԵՄ-ին ուղղված թուրքական հերթական շանտաժի դիմաց հայկական կողմը պետք է աշխատանք տանի, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Բեռլինը ա՜յս հարթության վրա եւս կարեւոր քայլ կատարի Բաքու-Անկարա դաշինքի ուղղությամբ, այս անգամ առերեսվելով ոչ թե սեփական պատմության հետ, այլ` ժամանակակից ռազմաքաղաքական գործընթացների, որոնց կարգավորման համար ընդհանուր միջնորդական պատասխանատվություն է ստանձնել:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Գերմանիայի Բունդեսթագն, այսօր՝ հունիսի 2-ին, ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բաանաձեւը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, եւս մեկը ձեռնպահ է մնացել:
«Հայերի ու մյուս քրիոստոնեական փոքրամասնությունների ցեղասպանությունների հիշատակի 101 տարի» անվանումով բանաձեւը ներկայացրել էր իշխող խորհրդարանական մեծամասնությունը՝ Անգելա Մերկելի ՔԴՄ/ ՔՍՄ ու Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության կուսակցական դաշինքը, նաեւ Կանաչների կուսակցությունը:
Բանաձեւում նաեւ նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար, նաեւ 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները «ցեղասպանություն» է կոչում:
Ավելի վաղ Անգելա Մերկելի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ինքը համամիտ է իր կուսակցության հետ, բայց չի մասնակցի քվեարկությանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական առաջատար Bild պարբերականի հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին, ասել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է Բունդեսթագի կողմից ճանաչումը, ինչպես նաև` նման հանցագործության չկրկնվելը:
Պարո՛ն նախագահ, հունիսի 2-ին Բունդեսթագում հայերի մասին բանաձեւ կդրվի քվեարկության: Ինչո՞ւ է այդքան կարեւոր, որ Գերմանիայի խորհրդարանը ճանաչի 1915-1916թթ. Հայոց ցեղասպանությունը:
Խոսքը 1915-ի դաժան հանցագործության հայ նահատակներին հիշելու եւ հիշատակը վառ պահելու մասին է: Գերմանիայի նախագահը դեռ անցյալ տարի հստակ բառեր գտավ կատարվածը նկարագրելու համար եւ հանցագործությանը տվեց այն որակումը, ինչ իրականում եղել է՝ ցեղասպանություն: Մեր երկրի համար շատ կարեւոր է, որ Բունդեսթագն ուզում է ընդունել այդ բանաձեւը: Սակայն ոչ միայն դա է կարեւոր, այլ նաեւ այն, որ նման ցեղասպանություն այլեւս աշխարհի ոչ մի կետում չպետք է տեղի ունենա:
Գերմանացի շատ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախարարներ, ցանկանում են ձեռնպահ մնալ բանաձեւի օգտին քվեարկելուց: Նրանք վախենում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը ժխտում է Ցեղասպանությունը, կարող է քաղաքական վրեժ լուծել:
Գերմանացի քաղաքական գործիչներից ոչ ոք չի վիճարկում, որ դա ցեղասպանություն էր, որը դարձավ 101 տարի առաջ 20-րդ դարի առաջին սիստեմատիկ ցեղասպանությունը: Անգամ նրանք, ովքեր հիմա հանկարծ դեմ են բանաձեւին, չեն վիճարկում դա: Ես կարծում եմ, որ գերմանացի քաղաքական գործիչների համար համամարդկային արժեքներն ավելի կարեւոր պիտի լինեն, քան կարճաժամկետ քաղաքական շահերը: Շատ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, արդեն նման բանաձեւեր են ընդունել:
Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվությո՞ւն է կրում:
Այո, ես կարծում եմ՝ այո: Գերմանական արխիվներում բազմաթիվ փաստաթղթեր եւ գերմանացի դիվանագետների ու միսիոներների զեկույցներ կան, որոնք նկարագրում են հայ ժողովրդի ցեղասպան բնաջնջումը: Եվ պատմականորեն Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության դաշնակիցն էր ու կարող էր այդ հանցագործության դեմ ինչ-որ բան ձեռնարկել: Սակայն ոչ մի նման բան չպատահեց:
Դուք ըմբռնումո՞վ եք մոտենում, որ գերմանացի քաղաքական գործիչները վախենում են էրդողանի սուր արձագանքից:
Ոչ, ես չեմ կարող դա հասկանալ: Գերմանիան հզոր երկիր է, եւ Բունդեսթագի ձայնը աշխարհում ամենուր լսելի է: Եվ հենց այդ պատճառով Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպես օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնա: Երբ մարդ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջում է անում, ապա եւս մեկ անգամ կանի: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլ նաեւ Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի:
Իսկ ի՞նչ կլինի, եթե էրդողանը Բունդեսթագի բանաձեւից հետո փախստականների գործարքը տապալի:
Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ առանց դրա էլ այդ գործարքը խախուտ հիմքերի վրա է եւ այնպիսի գործընկերով հետ, ինչպիսին Թուրքիան է, դժվար է մշտապես դա կյանքի կոչել: Եվ հաստատ վստահ եմ, որ փախստականների գործարքի տապալումը ոչ մի կապ չունի ցեղասպանության բանաձեւ հետ: Արդարացի չէ, որ Հայոց ցեղասպանությունը չանվանվի ցեղասպանություն, միայն որովհետեւ մեկ այլ երկրի նախագահ դրանից կզայրանա: Բունդեսթագի քաղաքական գործիչները դա նույն կերպ են ընկալում եւ թույլ չեն տա իրենց վախեցնել:
Կարո՞ղ է Եվրոպան առհասարակ էրդողանին ինչ-որ կերպ վստահել:
Ես չեմ կարող Եվրոպայի փոխարեն խոսել, սակայն կարող եմ իմ սեփական փորձից ասել, որ մենք Էրդողանին չենք վստահում: Եվ հարցը միայն Ցեղասպանությունը ժխտելը չէ: Մենք տարիներ շարունակ փորձել ենք դիվանագիտական հարաբերություններ կառուցել: Եղան Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք Թուրքիայի խորհրդարանը պետք է վավերացներ: Սակայն Էրդողանը դա արգելափակեց: Ինչ՞ի համար էինք մենք առհասարակ բանակցում այդ դեպքում:
Ըստ իս՝ Եվրոպան չպետք է Թուրքիային կուրորեն վստահի, այլ փախստականների խնդրի լուծման սեփական լուծումները գտնի:
Հայաստանը պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի համար: Ինչպիսի՞ն է իրավիճակն այնտեղ:
Այս պահին իրավիճակը հանդարտ է, կրակոցներ չկան: Սակայն երբ սկսվեց Ադրբեջանի զինված հարձակումը, մենք չտեսանք միջազգային համերաշխություն: Մենք կցանկանայինք, որպեսզի ավելի հստակ արտահայտվեր, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, այն է՝ Ադրբեջանի հարձակում:
Ի՞նչ եք Դուք պահանջում միջազգային հանրությունից:
Հայաստանը փոքր երկիր է: Մեզ համար պարզ է, որ մենք տնտեսապես միգուցե պակաս հետաքրքիր ենք: Մեզ համար կարեւոր է, որ անարդարությունն անարդարություն կոչվի: Մեզ համար առաջին հերթին բավական կլիեր, որ բավականաչափ քանակով եվրոպական ձայներ Ադրբեջանի արարքը դատապարտեին: Երբ դա չբավականացնի, որպես հետագա քայլ՝ կարող ենք պատկերացնել նաեւ պատժամիջոցները:
Հարցազրույց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
Պարոն նախագահ, ցավոք, մինչ այժմ իշխանությունները հասարակությանը չեն ներկայացրել ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցածի, դրա պատճառների և հետևանքների հավաստի պատկերը: Ինչ-որ պահի պաշտոնատար անձինք կարծես թե սկսեցին քիչ թե շատ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել, սակայն հետո ամբողջ տեղեկատվական դաշտը լցվեց ուռա-հայրենասիրական ոճի պրոպագանդայով: Ինչպես դա սովորաբար լինում է, սկսեցին բազմատեսակ ասեկոսեներ շրջել, երբեմն՝ անևրևակայելի, բայց միևնույն է՝ նեգատիվ բնույթի: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ ռազմական և քաղաքական տեսանկյունից: Ապրիլյան պատերազմի հետևանքները Դուք համարո՞ւմ եք կատաստրոֆիկ: Դա հաղթանա՞կ էր, թե՝ պարտություն:
Հավաստի տեղեկատվության բացակայությունը միշտ էլ ասեկոսեներ է ծնում, ու որպես կանոն՝ նեգատիվ բնույթի: Դրան գումարած, ակնհայտ է, որ տեղի ունեցածի խեղաթյուրման իմաստ էլ չկար, առավել ևս, որ մեր երկրի մասշտաբներում գործնականում անհնար է թաքցնել ճշմարտությունը:
Իսկ տեղի ունեցավ այն, ինչին պետք էր սպասել: Բաքվի՝ մի քանի տարի շարունակվող ռազմական կարողությունների ավելացումը և ռազմաշունչ հռետորաբանությունը վերածվեցին պրակտիկ գործողությունների. դիվերսիոն ակտիվությունից անցում կատարվեց դեպի խնդրի ռազմական լուծման ճանապարհ: Ամենից հավանականն այն է, որ Ադրբեջանում թերագնահատեցին ԼՂՀ Պաշտպանության Բանակի մարտունակությունը, ինչպես նաև` ագրեսիային դիմագրավելու Արցախի և Հայաստանի բնակչության պատրաստակամությունը: Սկիզբ առած ռազմական գործողության գինը, դրա ընդարձակվող մասշտաբը, ըստ ամենայնի, անընդունելի էին դառնում Բաքվի համար, և պատերազմը կանգնեցվեց:
Ես չէի ուզենա գնահատել տեղի ունեցածը որպես հաղթանակ կամ պարտություն: Ադրբեջանական զորքերը գրավեցին մեր դիրքերից մի քանիսը, սակայն ոչ մի ստրատեգիական խնդիր չլուծեցին: Ռազմական հաղթանակի էյֆորիան Բաքվում բացարձակապես անհիմն է: Մենք էլ չվերականգնեցինք կորցրածը, ինչը նույնպես լավատեսություն չի ավելացնում` անկախ կորստի չափերից, իսկ ռազմական գործողությունների 4 օրվա ընթացքում մեր մարդկային կորուստները մեզ համար անսովոր և անընդունելի մեծ են: Այնպես որ, բարոյական հաղթանակի մասին էլ չարժե խոսել: Սակայն, ակնհայտ դարձավ, որ նույնիսկ խախտված ռազմական բալանսի պայմաններում հակամարտության ռազմական հեշտ լուծում չկա և սա կարող է իրապես խթանել սառեցված բանակցային գործընթացը:
Հնարավո՞ր է սեղմ ժամկետներում նախապատրաստվել հավանական նոր պատերազմին նոր ռազմական հաջողությունների հաշվարկով: Ո՞վ է մեղավոր տեղի ունեցածի մեջ, օրինակ` այն բանում, որ մենք տեխնոլոգիապես հետ էինք մնացել սպառազինության առումով:
Պատերազմը կարճ էր և կողմերը չհյուծեցին իրենց պոտենցիալը, այդ պատճառով վերականգնման համար հատուկ ինչ-որ ժամանակ պետք չէ: Հարցն այն է, թե Ադրբեջանը որքանով սթափ կգնահատի տեղի ունեցածը և որքանով է նա պատրաստ ծանր ու երկարատև պատերազմի: Կարծում եմ, որ եթե Բաքուն ապրիլին պատրաստ լիներ, ապա պատերազմը չէր դադարի 4 օրից: Այն, որ Ադրբեջանը սկսել էր գերազանցել մեզ սպառազինության որակով՝ գաղտնիք չէր, սակայն մի բան է դա իմանալը, մեկ այլ բան՝ դրան դեմ առ դեմ մարտի դաշտում առերեսվելը: Ցավալին այն է, որ ՀԱՊԿ անդամ, իր տարածքում ռուսական ռազմակայան ունեցող Հայաստանը նկատելիորեն զիջում էր հակառակորդին սպառազինության որակով: Հասարակության ցավագին արձագանքն այստեղ հասկանալի է: Բոլորն ուզում էին հավատալ, որ ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ նվազագույնը երաշխավորում է ռազմական բալանսի պահպանումը, այսինքն՝ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը /մինչև Բաքվի և Մոսկվայի միջև 2011թ.-ին կնքված պայմանագրի իրագործումը կողմերի միջև սպառազինության որակի առումով հավասարակշռությունը պահպանվել է/:
Պարզվեց՝ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Ռազմական կոնֆլիկտի սրացումը ակնհայտորեն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ դնում է նրան բարդ ընտրության առաջ՝ միջնորդի պարտավորությունները կատարելու, Հայաստանի ռազմական դաշնակիցը լինելու և Ադրբեջանի հետ հետագա մերձեցման ձգտման միջև: Նորագույն հարձակողական սպառազինության մատակարարումները Բաքվին խախտեցին բալանսը, զգալիորեն մեծացնելով այդպիսի սցենարի հավանականությունը:
Ինչո՞ւ դա տեղի ունեցավ և կարելի՞ էր արդյոոք խուսափել իրադարձությունների այդպիսի զարգացումից. այս հարցերը դեռ երկար ժամանակ բանավեճերի, ենթադրությունների ու սպեկուլյացիաների առարկա կլինեն: Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը, ամենաքիչը՝ սահմանափակել այն տեսականու առումով, կամ սինխրոնացնել դրա իրագործումը հավասարազոր մատակարարումներով դեպի Հայաստան: Փաստարկներն այստեղ առավել քան բավական էին: Ինձ հայտնի չէ, թե ինչպիսի հետևողականությամբ են իշխանությունները զբաղվել այդ հարցով, և ինչու դա հնարավոր չեղավ կանխել, այդ պատճառով զերծ կմնամ գնահատականներ տալուց:
Այս ամենի հետ մեկտեղ մենք անպատրաստ գտնվեցինք մի շարք ռազմական սարքավորումների առումով, որոնց ձեռք բերումը լիովին մեր ուժերի մեջ էր և միջկառավարական համաձայնագրեր չէր պահանջում: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ հակառակորդի բանակը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում գիշերային ժամերին, քանի որ հագեցած էր բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ի՞նչն էր մեզ խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների և զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով: Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում: Հարկ է անհապաղ լրացնել բոլոր առկա բացերը ու հասկանալի է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն տարվում են: Բայց այդ ամենը պետք է անել ինստիտուցիոնալ մակարդակի վրա, այլ ոչ թե «ազգովի», ինչպես Ղարաբաղյան շարժման ամենասկզբում էր: Կամավորները պետք է ռազմաճակատ մեկնեն ոչ թե ինքնաբուխ կերպով, այլ ուղարկվեն զորամասեր զինկոմիսարիատների կողմից՝ ռազմական մասնագիտությանը համապատասխան: 90-ականների սկզբին ֆիդայական շարժումը կոմպենսացնում էր երիտասարդ պետական ինստիտուտների թուլությունը: Բայց Անկախության 25-րդ տարում քաղաքացիների հայրենասիրական պոռթկումը պետք է ամրանա իշխանության համապատասխան մարմինների կոմպետենտությամբ և կազմակերպչական ներուժով: Պատերազմել հաջողությամբ այլ կերպ պարզապես հնարավոր չէ:
Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր երկար լռությունն այս թեմայի շուրջ: Ինչո՞ւ Դուք Ղարաբաղ այցելեցիք իրադարձություններից միայն մեկ ամիս անց: Եվ ինչո՞ւ Դուք հրաժարվեցիք գործող նախագահի հետ հանդիպում նախաձեռնելուց: Չէ՞ որ կարող էիք նրան օգնել նվազագույնը խորհուրդներով:
Կրիտիկական իրավիճակում՝ արտաքին վտանգի պարագայում, անվտանգության խնդիրների բացեիբաց քննարկումը պարզ պատճառներով խնդրահարույց է. երկար լռությունը դրա հետ էր կապված: Իսկ լոզունգներով կամ կիսատ-պռատ խոսելու ցանկություն չունեի: Նախագահի հետ հանդիպում չնախաձեռնեցի, քանի որ նույնիսկ այդ իրավիճակում քարոզչական մեքենան աշխատում էր հանուն ներքաղաքական նպատակների: Մշտական կապի մեջ եմ եղել ԼՂՀ ղեկավարության հետ. այնտեղ էին այն ժամանակ ընդունվում բոլոր որոշումները: Եթե պատերազմը ձգվեր, իհարկե, կգնայի Ղարաբաղ, ընդ որում՝ տևական ժամանակով , առանց տեսախցիկների ու սելֆիների:
Հայաստանը չպե՞տք է արդյոք վերանայի ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում մասնակցության ձևաչափը, ինչպես նաև իր հարաբերությունները միավորումների և դաշինքների որոշ գործընկերների հետ, օրինակ ՝ Բելարուսի և Ղազախստանի:
ՀԱՊԿ որոշ երկրների գործողություններն, ըստ էության, անհամատեղելի են ռազմական դաշինքում մեր ընդհանուր անդամակցության հետ: Ակնհայտ է, որ այդ երկրների շահերը մենք չենք փոխի, բայց լուրջ հետևություններ անել պարտավոր ենք: Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը և գերագնահատված սպասումներ չունենալ այդ կազմակերպությունից: ՀԱՊԿ-ն ասիմետրիկ կառույց է, որի առանցքը հանդիսանում են Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը՝ մասնակից պետություններից յուրաքանչյուրի շահերի հետ ինքնուրույն և առանձին շաղկապվածությամբ: Որևէ արտահայտված համընդհանուր շահ այստեղ չկա: Որտե՞ղ են մեր ընդհանուր ռազմաքաղաքական հետաքրքրություններն, օրինակ, Ղազախստանի կամ Ղրղզստանի հետ: Միամտություն կլինի կարծելը, թե համատեղ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կարող է գերակշռել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ղազախստանի ձևավորված փոխհարաբերություններին: Այս պատճառով էլ ՀԱՊԿ-ը պետք է դիտարկել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում: Այդպիսին է իրականությունը, և դա չի կարելի հաշվի չառնել:
Եվ մեկ հարց ներքաղաքական թեմաներով: Օրերս վարչապետը հայտարարեց պետական ապարատում կրճատումներ կատարելու, մենաշնորհների և կաշառակերության դեմ պայքար սկսելու մասին: Ըստ Ձեզ, գործող կառավարությունը հաջողության հասնելու շանսեր ունի՞:
Վարչապետի հայտարարած ծրագիրը հենց այն է, ինչով կառավարությունը պարտավոր էր զբաղված լինել ամենօրյա ռեժիմով: Կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը, իշխանությունը՝ այդ թվում: Ընդ որում, որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում: Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, և անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին` լուծել այդ խնդիրըները: Ճիշտ խոսքեր հասարակությունը լիուլի լսել է, այնքան, որ մարդկանց մոտ, ցավոք, լավատեսական ակնկալիքներ չկան կառավարության մտադրություններից: Այսօր ոչ թե ճառեր են պետք, այլ նպատակաուղղված և գրագետ քայլեր: Կապրենք, կտեսնենք:
Հանրապետության տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնել է Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները և իր խոսքում ընդգծել, որ երախտապարտ սերունդները մշտապես հիշելու են նրանց, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին:
Սերժ Սարգսյանի խոսքը պետական բարձրագույն պարգևների հանձնման ժամանակ
Վեհափառ Տե՛ր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Որպես կանոն նման դեպքերում ես իմ խոսքը սկսում եմ «Սիրելի՛ պարգևատրվողներ» արտահայտությամբ: Բայց այսօր առանձնահատուկ դեպք է: Մեր սիրելի և ամենաթանկ պարգևատրվողները մեզ հետ չեն: Նրանք պարգևատրվում են հետմահու: Պիտի խոստովանեմ, որ հոգեբանորեն սա ամենածանր պարտականություններից է, որ ես պարբերաբար կատարում եմ:
Մեր հերոս որդիներն ու եղբայրներն ընկան հանուն իրենց հարազատների, հանուն մեզ բոլորիս, հանուն Հայաստանի և հայության խաղաղ ու հավերժ ընթացքի: Ճակատագրական պահին նրանք կատարեցին իրենց ընտրությունը: Նրանք ընտրեցին ազատությունն ու արժանապատվությունը: Նրանցից շատերը երիտասարդ էին, շատ երիտասարդ: Բայց նրանց ընտրությունն ու վարքը հասուն էին այնքան, որ ավելի հասուն դարձրեցին մի ամբողջ հասարակություն: Նրանք մի քանի օրում աշակերտից դարձան ուսուցիչներ և դարձան Հայոց անկախության նոր սերնդի ջահակիրներ: Նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Նրանք իրենց կյանքով ու սխրանքով մարմնավորում են Հայաստանի քաղաքացու և հայ զինվորի պատվի վարքականոնը, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Անհնար է լինելու, որովհետև նրանք ներկա են այստեղ, ներկա են մեր մեջ և մեր շուրջը: Ավելի ներկա են և ավելի մեծ գործ են անում, քան առանձին «ներկա» ստացողներ: Այդ պատճառով էլ թույլ տվեք, այնուամենայնիվ դիմել նրանց և ասել.
Սիրելի՛ պարգևատրվողներ,
Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու առթիվ: Նաև շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի հերոսամարտերում ընկան ձեզ նման քաջեր, որպեսզի հայությունը ապրի, որպեսզի Հայաստանը լինի: Եվ Հայաստանը կայացավ: Մեզ համար դուք նույն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսներն եք: Հարյուր տարի հետո էլ երախտապարտ սերունդները ձեզ հիշելու են, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին:
Սիրելի՛ պարգևատրվողներ,
Ննջե՛ք խաղաղությամբ և հաստատ իմացե՛ք, որ մենք ձեզնով ենք ազգ, ձեզնով ենք երկիր և նույնիսկ ձեզնով ենք մարդ: Դա գիտակցում է և չի մոռանալու մեր ժողովրդի յուրաքանչյուր սերունդ: Դուք մեզ թողեցիք մեծ ցավ, բայց նաև մեծ հպարտություն և պատգամ: Մենք խոնարհվում ենք ձեր արածի առջև և խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով:
Արարողության կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր Հայրապետական պատգամն է բերել ներկաներին և աղոթք հնչեցրել:
Միջոցառման ավարտին Հանրապետության Նախագահը խնդրանքով դիմել է արարողության մասնակիցներին:
«Վեհափառ Տե՛ր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Այս դահլիճում ներկա երիտասարդ զինվորականները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ են: Ես հատուկ խնդրել եմ նրանց, որպեսզի գան այս դահլիճ ոչ միայն նրա համար, որ մասնակցեն պարգևատրման արարողությանը, այլ որպեսզի արարողությունից անմիջապես հետո մոտենան, ծանոթանան ձեզ հետ, կապ հաստատեն և իրենց ծառայության ողջ ընթացքում փորձեն լինել ձեր կողքին, ձեր ընտանիքների կողքին, հանդիսանան կապող օղակ ձեր ընտանիքների և հայկական բանակի միջև:
Սպայի համար չափազանց կարևոր է, որպեսզի լինի մեր հերոս զոհված զինվորների ընտանիքների կողքին, որպեսզի հասկանա որդեկորույս ծնողի ցավը, հասկանա ընտանիքի որդու գինը, հասկանա զինվորի արժեքը: Այն զինվորի, որի հրամանատարն է լինելու որոշ ժամանակ հետո, նրանց առաջնորդելու է զորանոցներում, մարտական դիրքերում, որի համար պատասխանատու է լինելու և պատասխանատու է լինելու նրան կոփելու, մարտական պատրաստությունը բարձրացնելու և նրա հետ միասին հայրենիքը պաշտպանելու համար:
Խնդրում եմ՝ այս արարողությունից անմիջապես հետո փորձեք օգտվել այս հնարավորությունից: Ինչ-որ տեղ ես նաև հույս եմ փայփայում, որ նրանք կարող են որոշ չափով ձեզ սփոփել: Շնորհակալ եմ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.