23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Երկրի ղեկավարին ներկայացվել է 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև իրականացվող միջոցառումների արդյունքները:
Հանրապետության Նախագահին զեկուցվել է նաև, որ պահակապարեկային գնդի տարածքում պահվող պատանդներին ազատ արձակելու, զինված խմբի անդամների կողմից զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու նպատակով շարունակաբար վարվում են ակտիվ բանակցություններ, ձեռնարկվում են իրավիճակից թելադրվող այլ անհրաժեշտ գործողություններ:
Հանրապետության Նախագահն ընդգծել է ստեղված իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար պետք է ձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցները, կարևորել է ենթադրյալ բոլոր իրավախախտումների համակողմանի և անաչառ քննությունը, ինչպես նաև մեղավորների համար պատժի անխուսափելիության ապահովումը: Խորհրդակցության արդյունքներով իրավապահ մարմինների ղեկավարներին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ:
«Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը մեկ անգամ ևս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին և պատասխանատու օրեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք:
Մեկ անգամ ևս ցավակցում եմ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին և հարազատներին: Բոլորս պարտք ունենք նրա առաջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս բարդ իրավիճակը կարգավորվի և նման ողբերգություն այլևս չկրկնվի: Այս վիճակի ակունքում է մեր իրողության մեջ ամենավտանգավոր մտայնությունը՝ հարցերը լուծել բռնությամբ և ուժի կիրառմամբ: Այս մտայնության հետագա զարգացումը հղի է շատ վտանգավոր հետևանքներով հենց մեր երկրի և պետականության համար:
Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն:
Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը:
Պատանդները պետք է ազատ արձակվեն:
Զինված խումբը պետք է վայր դնի զենքը:
Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ:
Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով: Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան: Սակայն թող ոչ ոք չսխալվի և չմտածի, որ կարող է որևէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար:
Հորդորում եմ մեր հանրության բոլոր ներկայացուցիչներին իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքները իրացնել բացառապես խաղաղ և օրենքի շրջանակներում: Հորդորում եմ նաև, որ տուրք չտան ծայրահեղ քայլեր և սադրանքներ հրահրող անձանց առաջարկներին և գաղափարներին: Դա հղի է նոր մարդկային կորուստների լուրջ վտանգով:
Հորդորում եմ, որ յուրաքանչյուր ոք գիտակցի այդ սադրանքներից և ծայրահեղ քայլերից բխող իրական վտանգները: Հանձնարարում եմ ձեզ՝ իրավապահ մարմինների ղեկավարներիդ, որպեսզի ձեր գործունեությունը շարունակեք իրականացնել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում: Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար:
Կրկին կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը: Մենք գործում ենք և գործելու ենք համբերատար: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և առողջությունը թանկ է մեզ համար: Մենք չենք գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով: Սրանով մենք հնարավորություն ենք տվել զինված խմբին հետքայլ կատարելու համար: Հուսով եմ, որ նրանք կսթափվեն: Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա:
Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին: Մեկ անգամ ևս բոլորիս զգոնության և զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի ապագայի»,-ասել է ՀՀ Նախագահը խորհրդակցության ժամանակ:
Խորենացի փողոցում, որն արդեն մի քանի օր է փակ է, քիչ առաջ ցուցարարներն իրենց պահանջն էին ներկայացնում՝ «Սասնա ծռեր» խմբին փոխանցել արդեն իսկ գնված ուտելիքը։ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ էր անում սպասել մի քանի րոպե, մինչ նա կգնար Սարի թաղ։ Նա նշեց, որ վերադառնալուն պես կբանակցի ոստիկանների հետ։ Նրա գնալուն պես, ցուցարարները սկսեցին պահանջել, որ այդ խնդիրը լուծվի անհապաղ։ Ոստիկաններին պատասխանի համար տրվեց 30 րոպե։ Ցուցարարները ոստիկանական ուժերի ուղղությամբ տարբեր առարկաներ էին նետում և վանկարկում «հիմա»։
Քիչ անց ցուցարարներին մոտեցավ ոստիկանություն ներկայացուցիչը և կոչ արեց հանդուրժողական լինել, ոչ մի քայլի չգնալ։ Նա նշեց, որ քարեր են նետվել ոստիկանների ուղղությամբ, և եթե նորից կրկնվի, ապա նրանք ձեռնարկելու են բոլոր միջոցները։
Այդ բանակցությունից քիչ անց ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը, որից հետո էլ տեղի ունեցավ վերջիններիս և ոստիկանների բախումը։
Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրեց, շատ տուժածներ ունեն։ Ինչպես երևում էր բախումից, տուժել են նաև շարքային քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ երեք օր է՝ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ է պահում այնտեղ գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից 5-ն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
Երեւանում արձանագրվող իրադարձությունները մտահոգում են բոլորիս: Համահայկական լուսարձակների տակ են առնված ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, գրավողները, պատանդները, զոհի պարագան, վիրավորները, պահանջները, պաշտոնական հաղորդագրությունները, ընթացող-չընթացող բանակցությունները: Մի կողմից կան իրավապահ եւ անվտանգության համապատասխան մարմինների պաշտոնական հաղորդագրություններն ու նրանց ընկերակցող կոչերը` օգտվելու միայն պաշտոնական լրահոսից, անուղղակիորեն ապատեղեկատվությամբ չնպաստելու համար վտանգավոր կացությունների ստեղծմանը: Մյուս կողմից` ժողովուրդը փողոց դուրս հանելու կոչեր, կայքերի եւ այլընտրանքային լրատվությունների ճանապարհով շրջանառության մեջ դրվող ստուգված-չստուգված լուրեր, այլազան մեկնաբանություններ: Գիտակցելի է անշուշտ, որ նման իրավիճակների պարագայում շատ բարդ է լրատվություն ուղղորդելը կամ այն վերահսկելը: Այս առաջադրանքը ներկա բաց համակարգի պայմաններում իր բացասական ընկալումը ունի. նույնիսկ ամենաթեժ իրավիճակների մեջ հայկական տեղեկատվությունը չփակվեց կամ չսահմանափակվեց, ի տարբերություն անմիջականորեն «հարեւան» մեր երկրների: Պահի լրջությունն ու ծայրահեղ նրբությունը շեշտում են հայկական լրատվամիջոցների պատասխանատուների ինքնավերահսկողության խիստ անհրաժեշտությունը: Այս դաշտը, այո՛, տվյալ պահին պետք է նկատի ունենա բազմակողմ հանգամանքներ եւ կենտրոնանա առաջնային անմիջական մարտահրավերների վրա: Ի վերջո, չի կարելի, երբ դեռևս հստակ չէ մարդկանց ճակատագիրը ու չի երևում կյանքի սպառնալիքների տակ գտնվող երկկողմանորեն ձեւավորվելիք ավարտը – անցնել արդեն պատճառահետեւանքային վերլուծումների, ենթադրական մեկնաբանումների, փոխադարձ ամբաստանությունների միջազգային ընդհանուր ընթացող գործողությունների շարքին դասելու Երեւանը:
Նման թողարկումները կամ գրառումները, ամենայն հավանականությամբ, նպաստում են իրավիճակների գերլարման եւ թեժացման: Իրավապահ մարմիններից գրոհի բացառումը կամ գրավման գործողություն իրականացնողներից օրենքին ենթարկվելու կեցվածքների ակնկալությունները չափ ակնկալիք-պահանջներ է նաեւ տեղեկատվության ոլորտի գործիչներից եւ այս պարագայում գրառում կատարողներից բացարձակ ինքնավերահսկողություն` նպաստած չլինելու համար հավանական որեւէ ցնցման: Այս պահին ցնցման բացառությունն է, որ միահամուռ, համակողանի պիտի արծարծվի առաջադրվի եւ պահանջվի:
Թվում է, որ փակուղուց, անելանելի վիճակներից դուրս գալու բանակցային տարբերակները սկսել են ուրվագծվել: Ուժի կիրառման բացառումը եթե մնայուն կերպով շեշտելի սկզբունք է արտաքին հակառակորդի հետ բանակցությունները շարունակելու համար, ապա ավելի քան անշրջանցելի հրամայականի պետք է վերածվի ներքին սուր հակասությունները հանգուցալուծելու համար: Պետականություն հասկացողությունը եւ պետական համակարգը ամբողջովին կառուցված է կարգ ու կանոնի, իրավական դրույթների վրա եւ հիմնովին գիտակցելի է անշուշտ, որ իրավադրույթների պահպանման աշխատանքի լծված ծառայողներին հարվածելը պատժելի է օրենքով, թե նման իրավախախտումներ եւ օրինազանցությունների ամենաթողությունը արգելակում է իրավական պետության կայացման աշխատանքը: Այս առաջադրանքներով էլ, այլ խոսքով իրավական պետություն կայացնելու առաջնային հրամայականի համար բարեփոխված Սահմանադրությունը նկատելի ոստում կատարեց դատական իշխանությունների անկախացնելու ճանապարհի վրա:
Բարեփոխված Սահմանադրությունը պետության իրավականացման, հավելյալ ժողովրդավարացման եւ այս առումներով համակարգային անցնցում փոփոխության կարեւորագույն երաշխիքն է: Բարեփոխված Սահմանադրության կենսագործման ուղիները հանգրվանային են, դրականորեն հեռանկարային եւ իրատեսորեն զարգացման հորիզոններ ցույց տվող, բայց մանավանդ իբրեւ եղանակ` անցնցում: Հիմա էլ պետք է բացառե՛լ ցնցումը:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Արտաքին գործերի նախարարությունը իր twitter-ի էջում տեղեկություն տարածեց, որտեղ նշվում է.
«Նախնական տեղեկություններով Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Մանրամասները ճշտվում են։»
Ավելի ուշ նոր տեղեկություն տարածեց, որտեղ նշվում է.
«Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին։»
Թաղամասերը փակված են. առաջին ժամերին մարդկանց հոգեբանական վիճակը ահավոր է եղել՝ հաշվի առնելով, որ քաղաքում մարդկանց և երեխաների դիակներ են:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Ֆրանսիայի Նիս քաղաքի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։
Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության եւ խուլիգանության համար։
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին. տեղեկացնում է artsakhpress.am-ը։
Բաց նամակն ամբողջությամբ՝ ստորև։
“Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին
Մեծարգո պարոն Նախագահ
2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման են ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) և Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի):
Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք մեզ դասում ենք քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ ներման ինստիտուտը մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության և մարդասիրության մասին, ուստի խնդրում եմ Ձեզ կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին:
Ոխը, չարությունը բոլորիս հաճախ հոգսերի և ալեկոծումների, երկյուղի և տարակուսանքների են մատնում, և բոլոր անկարգություններն աշխարհում տիրում են ոխակալությունից և չներելուց, իսկ մեկին ներելիս մենք ունենում ենք թեթևություն, ինքնավստահության զգացողություն, և յուրաքանչյուրի մոտ տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ բարձրացում:
Կոչս է համայն հայ ժողովրդին՝ ուժեղ, կայուն, ամուր պետության հիմքում դրված է մեկս մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականությունը և ներողամտությունը:
Հարգանքով՝ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան”:
Ադրբեջանի նախագահի ելույթը իր երկրի կառավարության նիստում, շատ արագ հայացքով մի քանի մտքեր է ուրվագծում: Բայց նախ` Ալիեւի ամփոփած բանաձեւը, ուր պետք է հատուկ ուշադրություն կենտրոնացնել բովանդակայինին առընթեր ոճին եւ օգտագործված քաղաքական եզրաբանությանը: «Հակամարտությունը պետք է կարգավորվի կարճ ժամանակում, ստատուս քվոն պետք է փոխվի: Հակամարտության կարգավորման միակ տարբերակը փուլային տարբերակն է»: Շարունակելով մնալ իր առավելապաշտական պահանջների ծիրում Ալիեւի հռետորաբանությունը նման քաղաքական եզրաբանությամբ չէր հատկանշվել. մանավանդ, որ Ադրբեջանի նախագահը ներքին լսարանի համար միշտ օգտագործել էր ռազմատենչ հռետորաբանություն, շեշտակի հայատյացություն սերմանելով իր անմիջական շրջապատում եւ անընդհատ հիշեցնելով, որ պատերազմի ընտրանքով Բաքուն պատրաստ է «վերատիրանալու իր կորցրած տարածքներին»:
Թվում էր, որ ոճի եւ բառապաշարի առումով դերերի բաշխում կար իր եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի միջեւ. Ալիեւը սպառում էր իր արտադրանքը ներքին լսարանի համար, մինչ Մամեդիարովը ի պաշտոնե`արտաքինի: Հիմա կա՜մ ներադրբեջանական որոշմամբ եւ կամ էլ արտաքին հուշումներով Ալիեւի օգտագործած ոճը ավելի համահունչ է միջազգայնորեն ընդունված բառապաշարային օրինաչափությանը: Այստեղ հայկական ուժերի հեռացում, զավթում, վերատիրացում, պատերազմական գործողությունների դիմելու ակնարկներ եւ նշումներ չկան: Ըստ էության սակայն, ադրբեջանական բանակցային հայեցակարգն է, որը բանաձեւվել է Ալիեւի կողմից։
Այսպես. ստատուս քվոն պետք է փոխվի ասելով Բաքուն ուզում է հասկանալ հայկական ուժերի հեռացումը ադրբեջանական տարածքներից։ Փուլային տարբերակ ասելով դարձյալ Բաքուն տարածքների հանձնում է ընկալում իբրեւ բանակցության առաջին իրականանալի կետ: Ոճ եւ եզրաբանություն փոխելը ենթադրում է, որ արցախյան հակամարտության կարգավորման համար բանակցային հանդիպումները գերաշխույժ փուլում են եւ որոնց ընդառաջ Ալիեւը կառուցողական երեւալու ճիգ է անում, նույնիսկ ի՜ր կառավարության նիստին նման պահվածք ցուցաբերելով: Ստատուս քվոն փոխելու պայմանականությունը հնչել էր Վարշավայից, երբ նախագահ Սարգսյանը պարզորոշ ասել էր, որ ստատուս քվոն կփոխվի միայն, երբ կհարգվի արցախահայության ինքնորոշվելու իրավունքի իրացումը: Սա, իհարկե, հայկական կողմի բանակցային ռազմավարության առաջին սկզբունքն է, որը սակարկելի չէ:
Նույնիսկ ընդհանուր փաթեթայինում փուլային տրամաբանությամբ շարժվելու դեպքում առաջին փուլը արցախահայության արդեն իսկ ինքնորոշված կարգավիճակի ճանաչումն է առաջնայնորեն, որից հետո միայն մադրիդյան, հին թե նորացված կամ կազանյան սկզբունքներին կարելի է անցնել: Եւ ոչ, իհարկե, Ալիեւի ընկալած փուլային տարբերակի շուրջ բանակցել: Սակայն, միջազգային ընտանիքը, ոճային եւ բառապաշարային փոփոխությունները նկատելով հանդերձ, պետք է ունենա իր բանակցային վարքագիծն ու մանավանդ համաձայնեցված բաղադրիչների հետեւողականություն պահելու խնդիրը: Քառօրյա պատերազմից հետո Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը պարզ ու ամփոփ բանաձեւել են. Ա. Քննարկվել են արցախյան հակամարտության գոտում ապրիլի սկզբին կատարված հրադադարի կոպիտ խախտման պատճառով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հավանական ուղիները:
Բ. Համանախագահող երկրները շեշտել են 94-ի եւ 95-ի համաձայնագրերը հարգելու եւ դրանց իրականացումից չշեղելու անհրաժեշտությունը: Գ. Համաձայնություն է գոյացել քայլեր ձեռնարկելու մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատմանը եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների հավելման հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների հավանական վերսկսման համար:
Պետերբուրգը պարզորեն վերահաստատել էր Վիեննայի առաջադրանքներն առանց ուղղակի նշելու հրադադարի թվականները եւ հետաքննության մեխանիզմների հաստատման անհրաժեշտությունը: Բայց արձանագրել է, որ վերահաստատում է Վիեննայի ճշտած կետերը: Որեմն, Ալիեւի պատկերացրած ստատուս քվոյի փոփոխության համար, մնալով միջազգային ընտանիքի կատարած հայտարարության մեջ տեղ գտած առաջադրանքների սահմաններում, նախ պետք է Բաքուն համաձայն լինի 94-ին կայացած հրադադարի համաձայնագրի լիակատար հարգմանը եւ դրա երաշխիքների համար անհապաղ (քանի որ Ալիեւը ևս ուզում է, որ հակամարտությունը կարգավորվի ամենակարճ ժամանակամիջոցում) համաձայնություն հայտնի եւ գործնապես օժանդակի, որ հետաքննության մեխանիզմները հաստատվեն շփման գծի վրա:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
2016 թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը հանդես եկավ կրքոտ ելույթով՝ ի պաշտպանություն Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի՝ միաժամանակ ընդունելով Գերմանիայի մեղսակցությունը այս զանգվածային ոճրագործության մեջ:
Օզդեմիրը ծնվել է Գերմանիայում, թուրք և չերքեզ գաղթականների ընտանիքում: Թուրքական ծագումով առաջին անձն էր, որ ընտրվեց Բունդեսթագում (1994-2002 թթ.): 2013 թվականին նա վերադարձավ Գերմանիայի խորհրդարան՝ Եվրախորհրդարանում 2004-2009 թթ. պատգամավոր լինելուց հետո:
Շնորհիվ Բունդեսթագի բոլոր կուսակցությունների աջակցության՝ Հայոց ցեղասպանության բանաձևը, որի համար Օզդեմիրը վաղուց պայքարում էր, ընդունվեց Գերմանիայի խորհրդարանի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ (միայն 1 դեմ և 1 ձեռնպահ):
Ստորև թարգմանաբար ներկայացված են հատվածներ Օզդեմիրի ուշագրավ ելույթից, որով նա հանդես եկավ Բունդեսթագում հունիսի 2-ին՝ կրծքին կրելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խորհրդանիշ «անմոռուկ» նշանը.
«Ժամանակի նպատակահարմարության մասին ոչ մի հարց չի կարող լինել, երբ խոսք է գնում ցեղասպանության նման աներևակայելի դաժանության մասին: Մենք գիտենք, որ երկար և հոգնեցուցիչ ձգձգումներից հետո, Գերմանիան, որպես ոճրագործության մեղսակից, այդ իրադարձությունը բացահայտորեն անվանում է իր իսկական անունով…. Սա Գերմանիայի պատմության մի մասն է»:
Օզդեմիրը հիշեցրեց Գերմանական կայսրության կանցլեր Բեթման Հոլվեգի սառնասիրտ ու դաժան խոսքերը. «Մեր միակ նպատակը Թուրքիային պատերազմի ընթացքում մեր կողքին պահելն էր և նշանակություն չուներ՝ հայերը կբնաջնջվեին, թե ոչ»:
Օզդեմիրն ազդեցիկ հայտարարությամբ ուղղակիորեն դիմեց Բունդեսթագի նիստին մասնակցող հայ հյուրերին. «Միայն այն պատճառով, որ մենք անցյալում մեղսակից ենք եղել այս սոսկալի ոճրագործությանը, չի նշանակում, որ այսօր էլ պատրաստվում ենք կանգնել ժխտողների կողքին»:
Օզդմիրը հորդորեց Գերմանիայի միլիոնավոր թուրք բնակիչներին՝ հպարտանալ ցեղասպանության ժամանակ հայերին փրկած «հերոս թուրքերով», և ոչ թե «Թալեաթի ու Էնվերի նման ոճրագործներով»:
Այնուհետև թուրքական ծագումով գերմանացի խորհրդարանականը հայտարարեց, որ իրեն ցավ պատճառող ամենատգեղ արտահայտությունը Թուրքիայում «հայ» բառի օգտագործումն է իբրև «հայհոյանք»: «Նրանք ինձ հարցնում են, թե արդյոք ես հայ եմ: Ես հայ լինելը իբրև անարգանք չեմ ընդունում: Սերելով սուննի մահմեդական ընտանիքից, Արևելյան քրիստոնեությունը ինձ անհանգստություն չի պատճառում»: Օզդեմիրը մեջբերեց իր ստանբուլահայ բարեկամ Հրանտ Դինքի խոսքերը, որն սպանվել էր Ստամբուլում մի թուրք ծայրահեղականի կողմից. «Եթե այսօր հայերն ապրեին Վանում, այդ քաղաքը կդառնար Արևելքի Փարիզը»: 2015 թ. մարտին Հայաստան կատարած այցելության ժամանակ Օզդեմիրը Սիվիլնեթին տված իր հարցազրույցում անդրադարձավ Դինքի հայտարարությանը. «Ես գնացի ցեղասպանության թանգարան և կարդացի այն մարդկանց անուններն ու մասնագիտությունները, որոնց մենք կորցրել էինք: Նրանք Ստամբուլի ամենահեռատես և վառ մտավորականներն էին և նրանք սպանվեցին` սկսած ճարտարապետներից, մտավորականներից, լրագրողներից, գրողներից… Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց իր պատմության մեջ ամենաառաջադեմ քաղաքացիներին: Օսմանյան կայսրությունը ահռելի մեծ կորուստ է կրել: Ես կարծում եմ, որ այսօր Թուրքիան առավել զարգացած երկրների թվում չլինելու պատճառներից մեկն այն է, որ երիտթուրքերը հերոսներ չէին, այլ դավաճաններ: Նրանք մեծ վնաս հասցրեցին հայերին, ասորիներին, հույներին, ինչպես նաև թուրքերին»:
Գերմանիայի խորհրդարանի թուրք պատգամավորն իր ինը րոպեանոց ելույթը, որը բազմիցս ընդհատվեց բուռն ծափահարություններով, ավարտեց հայտարարելով, որ «Բունդեսթագի պատգամավորներին վտանգ չի սպառնում իրենց կարծիքն արտահայտելու համար: Ես վստահ եմ, որ ինձ չեն ձերբակալի խորհրդարանից տուն վերադառնալու ճանապարհին կամ իմ պատգամավորական անձեռնմխելիությունը չի վերացվի: Ինձ չեն ծեծի կամ սպանի: Նույն բանը չեմ կարող ասել Թուրքիայի իմ պաշտոնակիցների մասին»:
Այնուամենայնիվ, Օզդեմիրը չէր սպասում, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի հաստատումից հետո, նա և Գերմանիայի խորհրդարանի իր տասը թուրք պաշտոնակիցները կհայտնվեն ոստիկանության հսկողության տակ՝ թուրք ծայրահեղականների կողմից մահվան բազմաթիվ սպառնալիքներ ստանալուց հետո:
Նախագահ Էրդողանը, հիտլերյան ժամանակաշրջանի ռասայական ստուգումներ հիշեցնող իր հայտարարության մեջ, առաջարկեց Հայոց ցեղասպանության բանաձևին աջակցած Գերմանիայի խորհրդարանի 11 թուրք պատգամավորներին արյան քննություն կատարել՝ իրենց «թուրք» լինելն ապացուցելու համար: Մինչ այդ, Օզդեմիրի հոր հայրենի Թոքատ (Թուրքիա) քաղաքի պաշտոնյաները նրա անունը ջնջեցին քաղաքի պատվավոր մարդկանց ցանկից:
Սակայն, Գերմանիայի դեմ ամպագոռգոռ սպառնալիքներ անելուց հետո, Էրդողանը ստիպված եղավ զսպել ինքն իրեն, հասկանալով, որ նման անպատասխանատու քայլերը կարող են կործանարար ազդեցություն ունենալ հենց Թուրքիայի արդեն փլուզվող տնտեսության վրա…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Այսօր հեռարձակվել է նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին:
Հարցազրույցը վարել է հայտնի լրագրող, «Ալ-Մայադին»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադդոն:
Ինչպես տեղեկացնում է Իրաքում ՀՀ դեսպանատունը, լրագրողի խնդրանքով ՀՀ նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, արդի մարտահրավերներին, տարբեր ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանը, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ԼՂ հակամարտության նախապատմությանը, կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու միջնորդական ջանքերին, սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանի դիրքորոշմանը, փախստականների խնդրին և մի շարք այլ հարցերի:
Սարգսյանի խոսքով, Հռոմի Պապի այցը եւ կրոնական էր, եւ միջպետական: «Ինչպես հայտնի է Վատիկանը կաթոլիկ աշխարհի կենտրոնն է, իսկ Հռոմի Պապը պետության գլուխն է: Նա Հայաստան է այցելել իմ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով: Ինքնին փաստը, որ Պապն այս տարի այցելեց Հայաստան, շատ կարեւոր նշանակություն ունի, բայց էությունն ու բովանդակությունն են չափազանց արժեւորում Պապի այցելությունը: Նա իր այցն անվանեց ուխտագնացություն աշխարհի առաջին քրիստոնյա երկիր: Սա մեծ ազդակ էր կաթոլիկ աշխարհին եւ տնտեսական առումով, իհարկե, նաեւ քաղաքական առումով:
Երբ զրուցում ենք սրբազան քահանայապետի հետ, ես ասացի՝ Ձերդ Սրբություն, արդեն 1715 տարի է ինքներս գիտենք, որ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրն ենք, բայց Ձեր այցով եւ Ձեր շուրթերից հնչած բառերով ամբողջ աշխարհն այդ մասին իմացավ: Դա չափազանց կարեւոր էր, կարեւոր էր նաեւ այն առումով, որ Պապի հիմնական ուղերձները ուղերձներ էին խաղաղության, միջկրոնական համերաշխության եւ հանդարտության: Կարծում եմ, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրները այդ ուղերձները պետք է ընդունեն եւ պատրաստ լինեն իրականացնել»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նա կարծիք է հայտնել, որ Կովկասի տարածաշրջանն լինելով միգուցե ոչ այդքան ընդարձակ աշխարհագրական առումով, այդուհանդերձ էական ազդեցություն ունի ավելի մեծ մեր տարածաշրջանի վրա: «Այն հակամարտությունները, որ գոյություն ունեն մեր տարածաշրջանում, ի վիճակի են մեծանալու, ահագնանալու եւ սպառնալիք դառնալու Եվրոպայի անվտանգության համար, Ռուսաստանի համար, նաեւ դեպի Արեւելք:
Այն ջանքերը, որ գործադրում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, շատ կարեւոր ջանքեր են: Պապը, կարծում եմ, իր այցով, իր ուղերձներով համալրում է այս ջանքերը: Նրա այցը Հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր, հանդուրժողականության քարոզող այց էր»,-ասել է ՀՀ նախագահը:
Անդրադառնալով Պապի կողմից «ցեղասպանություն» բառի արտաբերմանը, Սերժ Սարգսյանն ասել է. «Ոչ միայն Պապին, թուրքերը ջղային են արձագանքում բոլոր այն երկրների գործողություններին, որոնք ուղղված են Ցեղասպանության ճանաչմանը: Դրանում զարմանալի բան չկա: Շատերը տարակուսանք են հայտնում, թե ինչու Պապը շեշտեց այդ հանգամանքը եւ արտաբերեց Ցեղասպանություն բառը: Բայց եթե քաղաքական կամ հոգեւոր գործիչը, կամ ընդհանրապես մարդը, որն ունի պատկերացումներն իրերի եւ իրադարձությունների վերաբերյալ, ապա ինչու ինչ-որ դեպքերում դրանք պետք է պահի, չասի:
Առավել եւս նախորդ տարի Վատիկանում տեղի ունեցած պատարագից ընդամենը շաբաթներ անց որոշ մարդիկ սկսեցին շահարկել, որ իբր թե Պապը փոխել է իր վերաբերմունքը եւ Ցեղասպանություն բառը չի արտաբերի: Կարծում եմ՝ Պապը այն մարդկանց թվին չի պատկանում, որոնք ջղային արձագանքների ներքո կամ ճնշումների պարագայում կարող են փոխել իրենց համոզմունքը: Նա դեռեւս հոգեւոր առաջնորդ էր Արգենտինայում, երբ բազմաթիվ անգամ «ցեղասպանություն» է ասել, ով շփվել է բազմաթիվ մարդկանց հետ, որոնք մազապուրծ են եղել ցեղասպանությունից, կամ նրանց զավակներն են»:
Աւա՜ղ… հայաթափումը կը շարունակուի ահազանգային համեմատութեամբ: Քննադատական չէ մեր մօտեցումը, այլ ափսոսանքի եւ ցաւի խոր արտայայտութիւն: Միջին Արեւելքի եւ մասնաւորաբար Սուրիոյ հայութիւնը վերականգնելու ձգտող բոլոր աշխատանքներն ալ մինչեւ այսօր ապարդիւն մնացին, հակառակ բեմերէն եւ խորաններէն կատարուած բարձրաղաղակ յայտարարութիւններուն:
Օրերու թաւալումին հետ աւելի պարզ եւ յստակ դարձաւ որ Սուրիոյ հայութիւնը կը դիմագրաւէ նաեւ արտաքին վտանգներ: Արեւմուտքի գերպետութիւններու քաղաքական խաղադաշտին մէջ կարելի չէ մոռնալ թրքական եւ ատրպէյճանական հակահայ քարոզչութիւնն ու գործօնը, փանթուրանիզմի երազին վերյայտնումը: Եւրոպական եւ արաբական լրատուական աղբիւրներ կը ներկայացնեն փաստացի լուրեր՝ թէ ընդդիմադիր ոյժերու մէջ կը գտնուին թուրք եւ ատրպէյճանցի զինեալներ:
Ահաւասիկ հինգ տաժանագին տարիներ անցան եւ տակաւին սուրիահայութեան համար համազգային եւ համահայկական ծրագիրներ չմշակուեցան: Բեմերէն արտասանուած լօզունգներէն եւ մամուլի մէջ հրատարակուած հաղորդագրութիւններէն անդին ո՛չ մէկ ձեւով՝ սուրիահայ համայնքին անվտանգութեան հիմնախնդիրը մշտական եւ վաւերական քննարկման առարկայ դարձաւ, թէ՛ Հայաստանի պետական մարմիններուն, եւ թէ՛ ալ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բարձրագոյն մարմնի «ղեկավարներուն» կողմէ, ներառեալ մեր բոլոր աւանդական կուսակցութիւնները:
Միջին Արեւելքի հայութեան պարպումի քաղաքականութիւնը հայոց արդար դատին՝ ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման, եւ ատոր հետեւանքներու վերացման պայմաններուն, ինչպէս նաեւ Հայաստանի անկախ ու ազատ հանրապետութեան համար շատ լուրջ խնդիր կրնայ յարուցանել: Մեր բոլոր ճառերն ու քարոզները իմաստէ զուրկ կը մնան եթէ չենք հաւատար որ ի գին ամէն զոհողութեան մեր առաւելագոյնը պէտք է ընենք չհեռանալու համար Արեւմտահայստանի եւ Կիլիկիոյ սահմանամերձ հողերէն:
http://www.arevelk.am Մամուլին մէջ կը կարդանք դարձեալ, որ վերջին շաբաթներուն մեծ թիւով հալէպահայեր իրենց ընտանիքներով դէպի Աւստրալիա գաղթելու դիմում կատարած են Պէյրութի ՄԱԿ-ի գաղթականներու գրասենեակին: Կը կարծուի թէ Աւստրալիոյ կողմէ որպէս գաղթական ընդունուողներու նախատեսուած թիւը կրնայ հասնիլ 2000-ի եւ գաղթականներուն մեծամասնութիւնը պիտի ըլլան քրիստոնեաներ:
Նմանօրինակ յայտարարութիւններ պատճառ պիտի դառնան որ, մասնաւորաբար ներկայ անապահով իրավիճակին եւ տնտեսական ծանր պայմաններու հետեւանքով, բազմաթիւ սուրիահայեր պատրաստուին վերջնականապէս լքելու իրենց ծննդավայրը եւ ովկիանոսներ անդին հաստատուին Աւստրալիա, այնտեղ որոնելու իրենց բախտն ու ապագան: Նոյնն է պարագան դէպի Գանատա կամ Միացեալ Նահանգներ գաղթողներուն: Կրնա՞ք երեւակայել որ ովկիանոսներ անդին, —կամ այս կողմ,— ապրող ներկայ եւ գալիք սերունդները, մօտիկ կամ հեռաւոր ապագային, երբ Թուրքիոյ քաղաքական ներքին խմորումներու առիթով եւ քաղաքացիական պատերազմներու հետեւանքով, —որոնց ոտնաձայնը կը լսենք,— մեզի տրուելիք հայրենադարձութեան նորագոյն պայմանները օգտագործելով պիտի հաւաքեն իրենց «ունեցածն ու չունեցածը» եւ վերադառնան Արեւմտահայաստան կամ Կիլիկիա: Եթէ այս ապագայի տեսիլքով պիտի չառաջնորդուինք, ի՞նչ իմաստ ունին մեր Հայ Դատի հետապնդումները…:
Հայապահպանման մեր բոլոր պայքարներուն մէջ երբեք չենք փափաքիր անտեսել Սփիւռքի Նախարարութեան «Արի Տուն» ծրագիրը եւ յատկապէս նորաստեղծ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, որուն գլխաւոր նպատակն է քաջալերել հայրենադարձութիւնը: Աշխատանքներ են, որոնք տակաւին իրենց նախնական քայլերուն մէջ չկրցան խանդավառութիւն ստեղծել սփիւռքահայութեան մէջ, որովհետեւ անոնց մեծագոյն տապարը զարնող տխուր իրականութիւնն է Հայաստանէն ահազանգային արտագաղթը:
Հայրենադարձութիւնը միայն քարոզախօսութեամբ չի՛ կրնար իրականանալ, յայտարարելով որ Հայաստանն է ապրելու յարմարագոյն եւ ճիշդ վայրը, հեռու այլասերման վտանգէն: Ինչպէս նախապէս ալ յայտարարած էինք մէկ այլ առիթով՝ «Արի Տուն» յայտարարողը՝ նաեւ տուն-տե՛ղ կը պատրաստէ: Անհրաժեշտ է նախ ստեղծել խոր համոզում եւ ի գործ դնել լիակատար աջակցութիւն, գաղթող հայրենակիցներուն համար պատրաստելով նպաստաւոր պայմաններ, եւ կեանքի ու գործի ապահովութիւն՝ զերծ ամէն տեսակի խտրականութենէ:
Բացէք հայ մամուլի էջերը եւ հոն պիտի տեսնէք ներգաղթողներու գունագեղ, դառն, յուսահատական պատմութիւնները — անբարեխիղճ վերաբերմունք, գողութիւն, խտրութիւն, կաշառակերութիւն, անտարբերութիւն, խաբեբայութիւն եւ մասամբք նոցին: Եւ երբեք զարմանալի չէ, որ ներգաղթողներուն մեծամասնութիւնը կը ցանկայ արտագաղթել օտար ափեր, նոյնիսկ վերադառնալ իր ծննդավայրը, ստոյգ գիտնալով որ այդտեղ իր կեանքը վտանգի տակ կրնայ ըլլալ: Կրնա՞ք երեւակայել թէ ի՜նչ ողբերգութիւն է այս հոգեվիճակը եւ ի՜նչ ձեւի անդրադարձ կրնայ ունենալ բոլոր անոնց վրայ որոնք կը մտածէին ներգաղթել Հայաստան:
Յաճախ մամուլի մէջ կը կարդանք եւ բեմերէն պաշտօնապէս կը լսենք, որ հայրենի կառավարութեան համար առաջնահերթ խնդիր է ներգաղթ իրականացնելը, որ մինչեւ այսօր կը մնայ լօզունգի եւ բաղձանքի սահմաններուն մէջ: Սփիւռքահայերուս համար ալ տակաւին յստակ չեղաւ թէ ներգաղթ կազմակերպելու ցանկութիւնը արդեօք հրապարակ նետուած է արտագաղթողներուն տեղը լեցնելո՞ւ համար, թէ՝ իսկապէս խոր հաւատքով եւ համոզումով ազգահաւաքման մեծ աշխատանք կը տարուի հայրենիքը նոր աւիւնով եւ նոր ոյժերով զօրացնելու համար:
Ցաւով եւ ափսոսանքով կ’արձանգրենք այս տողերը, երբ կը տեսնենք որ այսօր իրենց զով սենեաներուն մէջ նստող «սուրիահայութեամբ մտահոգուած» մեր ազգային ղեկավարներն ու աւանդական կուսակցութիւնները միայն կը խօսին Հայ Դատի, ինչպէս նաեւ Թուրքիոյ դէմ պայքարելու մասին, մինչ անդին՝ սուրիահայը իր օրուան հացը հանելու եւ գոյութիւնը պահպանելու համար պայքար կը մղէ: Օրական հազիւ քանի մը ժամ ելեկտրականութիւն ստացող եւ գիշերը ռումբերու ձայներուն տակ գլուխը բարձին դնող սուրիահայը հազիւ իր կեանքի պայքարին մասին կրնայ մտածել, եւ ոչ թէ՝ ազգային դատի պայքարին:
Նոյնքան ցաւով եւ խոր ափսոսանքով կ’արձանագրենք այս տողերը երբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կայքէջին վրայ յաճախ կը կարդանք Արամ Ա. Կաթողիկոսի աժան եւ սին լօզունգները. «Սուրիոյ հայութեան վերականգնումը պէտք է շարունակուի հակառակ առկայ դժուարութեանց», կամ՝ «Վերանորոգ հաւատքով ու նուիրումով Սուրիոյ հայութիւնը վերականգնելու ձգտող աշխատանքները շարունակելու հրամայականը»: Արդէն հինգերորդ տարին թեւակոխած է Սուրիոյ քաղաքացիական պատերազմը, եւ այդ տարիներուն ընթացքին՝ Բերիոյ Թեմին առաջնորդը, Շահան Արք. Սարգիսեան, ամենադաժան օրերուն իսկ գնաց Անթիլիաս, անձամբ փոխանցելու իր մեծաւորին՝ սուրիահայութեան տագնապներն ու մտահոգութիւնները: Սակայն եւ այնպէս Արամ Ա. Կաթողիկոս իր հանգստաւէտ պայմաններէն դուրս գալով գէթ մէ՛կ անգամ իսկ չայցելեց Հալէպ կամ այլուր՝ Սուրիոյ մէջ, որպէսզի գործնականապէս փաստէր թէ ինք իր ժողովուրդի կողքին է եւ կը տառապի անոնց ամէնօրեայ տագնապներով:
Կրնա՞ք երեւակայել թէ ինչպիսի՛ գօտեպնդիչ ապրումներ պիտի ունենար սուրիահայութիւնը՝ երբ տեսնէր իր հովուապետը՝ ֆիզիքապէս իր կողքին, եւ ինչպիսի՛ բարոյական ապտակ մը պիտի ըլլար իր այցելութիւնը՝ բոլոր մեր թշնամիններուն: Խօսքերը կը ցնդին՝ օդին մէջ արձակուած փամփուշտի նման. գործնական փա՛ստն է մնայուն:
Դժբախտաբար՝ արեւմտեան երկիրներու աշխարհիկ երեւնալու տենչը, նաեւ իրենց քաղաքական հաշիւները, հետաքրքրութեան պակաս մը ստեղծած են Միջին Արեւելքի քրիստոնեաներուն նկատմամբ: Բայց պիտի դժուարանանք յայտարարելու այստեղ, թէ անոնք յատուկ քաղաքականութիւն մը կը վարեն Միջին Արեւելքը քրիստոնեաներէն դատարկելու միտող, ինչ որ գրեթէ անկարելի է:
Մեծ Եղեռնի օրերուն, թուրքի եաթաղանէն մազապուրծ ազատած եւ իրենց կամքէն անկախ Սուրիա հասած գաղթական հայերը, սուրիական քաղաքացիութիւն ստանալէ ու Հայրենիք վերադառնալու յոյսը կորսնցնելէ ետք, Սուրիոյ հիւրընկալ հողին ամուր կառչելով իրենց կեանքին անբաժանելի մէկ մասնիկը դարձուցին սուրիական իրականութիւնը, թէեւ շատեր, —որոնց մէջ նաեւ մեր ընտանիքը,— ժամանակի ընթացքին Լիբանան փոխադրուեցան: Եւ սակայն, հակառակ այս փաստացի իրողութեան, իրենց հեռաւոր հայրենիքին կարօտը իրենց էութեան մէջ ամուր պահեցին:
Այսօր նոր իրականութեան մը առջեւ կը գտնուինք: Ներգաղթելու հնարաւորութիւն ունեցողները արդէն հեռացած են Սուրիայէն: Հայաստան մեկնած հայեր պիտի չկարենային սուրիական հայրենիքէն դուրս իրենք զիրենք զգալ ապահով ու հանգիստ: Ոմանց համար ալ, ինչպէս կը վկայեն շատ մը սուրիահայեր, Հայաստանը այն տեղը չէ ուր անոնք կրնան յարմարիլ եւ վերջնականապէս հաստատուիլ: Սուրիական հիւրընկալ հայրենիքին մէջ մնացողները այսօր կը դառնան արիւնալի պատերազմի մը զոհերը, իսկ մենք՝ պաղարիւն դիտողներս՝ միայն…
Ո՞ւր կ’երթայ մեր ժողովուրդը…..:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.