23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սկիզբն իմաստութեան երկիւղ Տեառն (Առակաց, Ա. 7): Ազգովին յաղթեցինք, որովհետեւ անհաւատալի կործանարար արհաւիրքէ մը ազատեցանք եւ հայու արիւնը անգամ մը եւս ի զուր չթափուեցաւ: Տակաւին չենք կրցած հեռացնել մեր մտապատկերէն մղձաւանջային այն տառապանքները զորս ապրեցանք Լիբանանի քաղաքացիական առաջին պատերազմի եղբայրասպան կռիւներուն ատեն, երբ զոհ գացին անմեղ երիտասարդներ հայու «վրիժառու» գնդակներով: Անկասկած որ Հայրենիքին մէջ թաւալող վերջին մտահոգիչ դէպքերը ունեցան եւ պիտի ունենան իրենց դառն հետեւանքները մեր քաղաքական, տնտեսական, հասարակական-ընկերային կեանքին վրայ: Կիրքի եւ ատելութեան դրսեւորումները փոթորկեցին իւրանքանչիւր հայու ոգին ամէնուրեք:
Պահ մը մոռցուեցաւ հանդարտ ու կշռադատեալ դատողութիւնը, եւ շիկացած կիրքեր, շօշափելի գիտակցութենէ զուրկ, ամբոխները խելագարեցին: Ճգնաժամային այդ իրավիճակէն կրնային միայն օգտուիլ մեր դարաւոր թշնամիները, որոնք սուր ի ձեռին տիւ ու գիշեր կը սպասեն մեր սահմաններուն մօտ, մեզ կործանելու վճռակամութեամբ: Այս ծանր փորձութենէն դուրս եկանք յաղթական, որովհետեւ յուսհատական քաղաքական գործողութիւններ չեն կրնար հասնիլ արդար լուծումի մը, երբ կը բացակայի այդտեղ կշռադատուած դատողութիւնը: Սակայն եւ այնպէս, այս բոլորին դրական կողմը ա՛յն եղաւ, որ Հայաստանի նախագահը անդրադարձաւ թէ այսուհետեւ «անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխութիւնների գործընթացը»:
Յաղթեցինք՝ որովհետեւ Հայաստանի նախագահին պաշտօնական ելոյթը ինքնին «յուսադրիչ» փաստ մըն էր այն իրողութեան, թէ մեր ժողովուրդը նուազագոյն զոհերով ու վնասներով դուրս եկաւ այս տագնապէն, աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել՝ եղբայրասպան արիւնահեղութենէն, եւ մեր քաջարի ազատամարտիկները, որոնք տարիներ առաջ իրենց կեանքի գնով պատերազմած էին հայրենի հողերը ազատագրելու եւ պաշտպանելու համար, արժանաւորապէս պահեցին իրենց նահատակութեան ու յաղթանակի պսակը եւ արժանացան ժողովրդային գնահատանքին: Անհեթեթ է այսուհետեւ գործածել ահաբեկիչ, «տեռորիստ» մակդիրը մեր հերոս ազատամարտիկներուն նկատմամբ, որովհետեւ անոնք մեր բոլորին համար անխտիր դէպի մահ վազեցին եւ յաւերժ արժանացան հերոս-նահատակ տիտղոսներուն: Ժողովուրդի մը քսանհինգ տարիներու վրայ երկարող ընկերային արդարութիւն պահանջելու յուսհատական պոռթկումը ուրիշ կերպ չէր կրնար ըլլալ:
Դանակը հասած էր ոսկորին…. Շա՜տ դիւրին է քննադատել թէ՛ ազատամարտիկները եւ թէ՛ բիրտ ու կոպիտ ոստիկանական ոյժերուն՝ անզէն ժողովուրդի դէմ կատարած ասպատակութիւններն ու չարաշահումները: Մեր նպատակը քննադատութիւն չէ, այլ ախտաճանաչումէն անդին լուծումներ որոնել է, ստեղծելով այնպիսի մթնոլորտ, ուր յարգուին մարդկային ազատութեան բոլոր նորմերը եւ ազատ արտայայտութեան սահմանադրական իրաւունքները: Եւ վերջապէս… պարտուեցանք որովհետեւ բիրտ ոյժը անգամ մը եւս յաղթեց ժամանակաւորակապէս եւ խեղդեց մարդկային խղճի բոլոր ճիչերն ու ճիգերը՝ արդարութիւն եւ հաւասարութիւն ստեղծելու: Այո՛ պարտուեցանք, որովհետեւ քսանհինգ տարիներու վրայ երկարող տառապանքները չվերացան մեր ժողովուրդի ամէնօրեայ կեանքէն, եւ տակաւին, յուսահատական վիճակի մէջ, իւրաքանչիւր հայաստանաբնակ հայ կը մտածէ հայրենիքը թողուլ եւ հեռանալ (վերջնականապէս, որոնելու համար իր բախտը օտարութեան մէջ: Պարտուեցանք՝ որովհետեւ սփիւռքը իր բոլոր կառոյցներով, նամանաւանդ աւանդական կուսակցութիւններով, սառն պաղարիւնութեամբ դիտեց այս բոլորը եւ ըսելիք մը չունեցաւ: Մեր սնանկացած մամուլը միայն յայտարարութիւններ հրատարակեց եւ քաջութիւնը չունեցաւ խմբագրականներով թէ՛ քննադատելու եւ թէ՛ լուծումի առաջարկներ ներկայացնելու:
Պարտուեցանք՝ որովհետեւ գրչի մեր երբեմնի յանդուգն հերոսները չկան այլեւս, այլ կան միայն հոգեպէս սնանկացած եւ կրտուած մտաւորականներ, որոնք կուրծքերնին զարդարած անարժան եւ աժան շքանշաններով, —Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան եւ Սփիւռքի Նախարարութեան կողմէ շնորհուած,— որպէս ստորնաքարշ գարշապար կը մնան՝ յանկարծ իրենց «բարձունք»էն վար չգլտորուելու համար: Պարտուեցանք՝ որովհետեւ բոլոր անոնք, որոնք բեմերէն եւ խորաններէն բարձրաղաղակ կը գոչէին՝ «ժողովուրդով եւ ժողովուրդին համար», չկան հոն՝ ուր պէտք էր ըլլային — ժողովուրդին կողքին՝ արդարութիւն եւ հաւասարութիւն պահանջելով: Մամոնայապաշտ այս սքեմաւորները, այս ստրկացած հոգիները ոչինչով կ’արդարացնեն իրենց գոյութիւնը: Իրենց հանգիստն ու պաշտօնները ապահով պահելու համար ծախած են մարդկային արժանիքներու բոլոր սկզբունքները, հոգեւոր աղքատութեան մէջ տուայտելով ստորնաքարշ կը պահեն իրենց գոյութիւնը: Ի տես ժողովրդային պոռթկումին, ո՛չ մէկ կերպով փորձեցին միջնորդի դեր կատարել խնդրին հանգալուծման համար: Իսկ այդ քաջարի քահանան, Տէր Արմէն Մելքոնեանը, որ Հոլանտայի մէջ իր ժողովուրդի կողքին կանգնած բողոքեց եղած անարդարութեան դէմ, պատժուեցաւ Ֆրանսայի առաջնորդ Վահան Արքեպիսկոպոսին կողմէ, Գարեգին Բ. Կաթողիկոսի հրահանգով: Այլեւս ընթերցողին կը թողում եզրայանգումները:
Պարտուեցանք՝ որովհետեւ քսանհինգ տարիներու սին խոստումները թերահաւատ դարձուցին մեր ժողովուրդը: Հաւատք եւ յոյս ներշնչող գործնական ո՛չ մէկ քայլ առնուած է ընկերային արդարութիւն հաստատելու համար: Անպատժելիութեան մթնոթորտին մէջ տակաւին կը շարունակուին հանապազօրեայ սպանութիւնները: Կը շարունակուին կաշառակերութիւնը, անհանդուրժողութիւնը եւ քինախնդրութիւնը: Պարտուեցանք՝ որովհետեւ քսանհինգ տարիներու ընթացքին չկարողացանք ստեղծել քաղաքական մտածողութեան առողջ եւ շինիչ քննարկում: Դժբախտաբար, Հայաստանի մէջ պետութիւնն ու իշխանութիւնը միաձուլուած են, եւ այդ պատճառով՝ որեւէ հակա-իշխանական արարք կամ ժողովրդային շարժում շա՜տ դիւրութեամբ կ’որակուի որպէս պետականութեան դէմ հարուած: Պարտուեցանք՝ որովհետեւ հարցերը չեն լուծուած եւ շատ ալ հեռու են լուծման յանգելու:
Պայթուցիկ այս վիճակը կրնայ յանկարծ բռնկիլ այնպիսի պահուն երբ մեր ամբողջ երկիրը, «երազային Հայաստանը», կրնայ դիմագրաւել արտաքին նոր սպառնալիքներ, որոնց ոտնաձայները կը լսենք: Անհրաժեշտ է խորհրդային կարգերէն ժառանգուած՝ երկրին տնտեսութիւնը թալանող մենաշնորհեալ դասակարգին խորտակումը: Երկրի տնտեսութիւնը ասպատակող այս սակաւապետերը (oligarch) պետութեան ձեռքէն խլած են ամէն միջոց որ կը միտի երկրէն ներս ստեղծելու տնտեսական, հասարակական, իրաւաբանական եւ քաղաքական առողջ մթնոլորտ մը: Պարտուեցանք՝ որովհետեւ ապակայունացած այս մթնոլորտին մէջ ժողովրդային յուսահատութեան դրսեւորումը պիտի տեսնենք զանգուածային նոր արտագաղթով: Հասած է պահը, որ երկիրը վերադարձնենք իր հարազատ զաւակներուն՝ իր ժողովուրդին, եւ վերականգնենք ժողովրդավարական բոլոր ազնիւ ու արդար սկզբունքները, յանուն մեր տառապեալ ժողովուրդին, յանուն մեր նահատակներուն:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ 15 Օգոստոս 2016
«Ամոթ է, որ արդարության համար պայքարող ժողովրդի կողքին կանգնած քահանային նման պատժամիջոցի են ենթարկում»
Ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի հայաստանյան հանրահավաքներից եւ ցույցերի բացի բողոքի եւ պահանջատիրական հավաքներ եղան նաեւ սփյուռքահայերի կողմից: Հուլիսի 29-ի դեպքերից հետո խաղաղ ցույցեր են կազմակերպել նաեւ հոլանդահայերը: Վերջիններիս խաղաղ հավաքները դուր չեն եկել Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին:
-Դեսպանը, ՀՀ իշխանությունների սովորության համաձայն, սպառնալիքներ է հնչեցնում: Ցույցի մասնակիցներին, ելույթ ունեցողներին առանձին-առանձին կանչել եւ հրահանգել է դադարեցնել ցույցերը: Տեղի ոստիկանները, իշխանությունները մեզ ոչ մի բան չասացին, իսկ իրեն դուր չեկավ մեր քայլը,-«Ասպարեզ»-ի հետ զրույցում նշեց ցույցի մասնակից Գոռ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դեսպանը փորձել է նրանց անհիմն մեղադրանքներ առաջադրել եւ սպառնալ, որ կդիմի ոստիկանություն,-դեսպանը, ինչպես ՀՀ յուրաքանչյուր իշխանավոր, շատ անբարեհամբույր վերաբերմունք ցույց տվեց: Նա տրամադրված էր այն բանին, որ մենք պետք է իրեն ենթարկվենք, բայց մենք ասացինք, որ նման բան չի լինելու, մենք պայքարելու ենք: Նա մեզ մեղադրեց, որ դեսպանատան դռան վրա քերծեր ենք առաջացրել: Մեզ մեղադրում է վանդալիզմի մեջ: Առաջարկեցինք քրեական գործ հարուցել, բայց նա ասաց, որ ուզում է մարդկայնորեն լուծել այս հարցը, իսկ ես իրեն փոխանցեցի՝ մարդկությունը եւ իշխանությունը միմյանց հակասող երեւույթներ են: Ինչպես Հայաստանում, այնպես էլ այստեղ մեր իշխանությունները հեռու են սեփական ժողովրդից, նրանք հայ ժողովրդին չեն սիրում,-ավելացրեց նա:
Ամստերդամում կազմակերպված ցույցի մասնակիցներին զայրացրել է նաեւ այն, որ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Սասնա ծռերի» տղաներին ահաբեկիչներ է անվանել:
-Իր հետ հանդիպման ժամանակ ես դեսպանին ասացի, որ «Սասնա ծռերի» տղաները հերոսներ են, ինքը հակադարձեց` ասելով, որ հանցագործներ եւ ահաբեկիչներ են… Հանցագործները Բաղրամյան 26-ում են: Հանցագործները իշխանություններն են, ովքեր ի վերջո պատասխան են տալու քաղբանտարկյալների, մարտի մեկի եւ այլ հանցագործությունների համար: Սերժի շրջապատը պետք է հասկանա, որ եթե մենք դուրս ենք եկել տիրոջ դեմ, ապա պատրաստ ենք նաեւ պայքարել տիրոջ շների դեմ,-հավելում են հոլանդահայերը:
-Նա ասաց` «դրանց պետք է սատկացնեին»՝ նկատի ունենալով «Սասնա ծռերի» տղաներին: Սա է մեր դեսպանի իրական դեմքը: Նման մտածողության տեր մարդիկ իրավունք չունեն ներկայացնելու մեր պետությունն ու ազգը,-ասում է Ալիսա Մովսեսյանը:
Ամստերդամում կազմակերպած ցույցին մասնակցել է նաեւ տեր Արամ քահանա Մելքոնյանը, ում ցույցից հետո Մայր Աթոռից զրկել են Եվրոպայում հովվություն անելու իրավունքից:
-Նա եկել եւ խոսում էր ազատությունից, արդարությունից, հարգանքից, հայրենասիրությունից եւ սիրուց: Ես խոսեցի տեր Արմենի հետ, եւ նա հաստատեց, որ իրեն արգելել են, որ Եվրոպայում շարունակի իր հովվությունը: Սա անընդունելի որոշում է: Ամոթ է, որ արդարության համար պայքարող ժողովրդի կողքին կանգնած քահանային նման պատժամիջոցի են ենթարկում: Սա վերեւից ճնշում է: Մենք պայքարելու ենք, կանգնելու ենք նրա կողքին: Սա ազատ երկիր է: Սերժ Սարգսյանը թող չփորձի իր ձեռքը Հայաստանից հասցնել այստեղ եւ ճնշում գործադրի մեզ վրա,-ասում է ինքնաբուխ ցույցի մասնակից Ալիսա Մովսեսյանը:
-Սա եւս մեկ անգամ փաստում է, որ եկեղեցու վերնախավը բացահայտ սատարում է Հայաստանում տեղի ունեցող անօրինականություններին, որոնք իրականացնում են իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այսպես շարունակելով` նրանք կրակի վրա յուղ են լցնում,-ասում է Էդգար Չոփիկյանը:
Հոլանդահայերը մեզ հետ զրույցում նշեցին, որ Սերժ Սարգսյանի եւ դեսպանի ճնշումներին չեն ենթարկվելու եւ առաջիկայում ներակայնալու են նոր նախաձեռնություններով:
-Տեսնելով Հայաստանի իշխանության քայլերը եւ տեղի դեսպանատան բռնած դիրքը մեր նկատմամբ` մենք հանգիստ չենք նստելու: Հարկ եղած դեպքում կդիմենք Հոլանդիայի իշխանություններին,-ասում է պայքարի մասնակիցներից Նարեկ Փարփարյանն ու շարունակում,-դեսպանը իշխանության մի օղակն է: Մեզ ասում է` դուք սփյուռք եք, ի՞նչ գործ ունեք Հայաստանում կատարվող դեպքերի հետ, թող իրենք մտածեն: Այսպես արհեստական տարանջատում են Հայաստան, Արցախ, Սփյուռք, եւ մեզ միայն հիշում են այն ժամանակ, երբ գումար է հարկավոր, եւ իրենց հաշվեհամարներն են տալիս: Մենք չունենք արտաքին գործերի, արդարադատության նախարարություններ, միայն նկարչության մրցույթ է լինում, որ սփյուռքի նախարարությունը մեզ հիշի,-ասում է Ալիսա Մովսեսյանը:
Հոլանդահայերը նաեւ նշում են, որ ցույցերի օրերին, ինչպես նաեւ հիմա, Հոլանդիայից Հայաստան մեկողների մուտքը արգելում են արհեստական եղանակներով: Կարծում են, որ իշխանությունները մտավախություն ունեն, որ կարող են գալ, միանալ մայրաքաղաքի ցուցարարներին:
«Ասպարեզ» օրաթերթը պատրաստ է այս թեմայի վերաբերյալ հրապարակել նաեւ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի, Մայր Աթոռի կարծիքն ու տեղեկությունները:
Սեւրը մեզ համար համազգային պահանջատիրության իրավական հիմքն է, որը պայմանականորեն զուգորդվել է Միացյալ Հայաստանի սահմանները ճշտած Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հետ: Սեւրի պայմանագրի եւ Վիլսոնի իրավարար վճռի այժմեական հնչեղություն ունենալու մասին հայտարարել էր նախագահ Սարգսյանը ոչ միայն Վիլսոնի շիրիմին իր կատարած այցելությամբ, այլ ուղղակի նաեւ, իրավարար վճռի կայացման 90-ամյակի առիթով, հայտարարելով, որ պայմանագիրն ու վճիռը ներկայացնում են իրավական այժմեական նշանակություն: Այցելությունն ու հայտարարությունը ամրագրվել էին նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հռչակագրում տեղ գտած հետեւյալ բանաձեւումով. «Արժեւորելով…. 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը եւ նշանակությունը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում»:
Ուրեմն, եթե Վիլսոնի շիրիմին կատարված այցելությունը եւ ապա ուղղակի հայտարարությունը Սեւրով ճշտված միացյալ Հայաստանի սահմանների հայեցակարգային պետական նվիրականացում էր, ապա Հռչակագիրը արդեն Սեւրի համազգայնացումն էր: Հայաստանի Հանրապետությունը, Արցախը եւ Սփյուռքը հռչակում էին, որ Սեւրն ու իրավարար վճիռը արժեւորելի դեր ունեն Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման առաջադրանքների իրականցման մեջ: Սա նշանակում է պարզապես, որ Հայոց ցեղասպանության հետեւանքներում ներառվում է նաեւ տարածքային պահանջատիրությունը, որի հիմքը Սեւրի պայմանագրի հիման վրա Վիլսոնի ճշտած Հայաստանի սահմաններն են, որոնք նաեւ իրավարար վճռի նկատմամբ միջազգային օրենքի ճշտած կարգով անբեկանելի են: Բայց Սեւրը, որի համար պետական ամենաբարձր մակարդակով եւս ընդգծվում է, որ ունի այժմեական նշանակություն, չի վերաբերում միայն հայությանը:
Սեւրը աշխարհամարտից հետո տարածաշրջանի քարտեզի վերագծում է, եւ Թուրքիայի մասնատումը, ավելի ճիշտ՝ արհեստական Թուրքիայի մասնատումը: Այս առումով ալ այժմեական հնչեղություն ունի Սեւրի տրամաբանության վերարծարծումը: Ու բնավ պատահական չէ, որ Էրդողանը այսօր ամենաթեժ հռետորաբանությամբ եւ լարված պայքարում է Թուրքիան մասնատել ցանկացող ուժերի դեմ եւ ուղղակի մատնացույց է անում Արեւմուտքին ու հատկապես Վաշինգտոնին: Երկու փաստի վերհիշեցում այստեղ օգտակար կարող է լինել. նախ, թուրքական մամուլի ժամանակին կատարած հրապարակումները, որոնց համաձայն այն ժամանակվա արտգործնախարար եւ այժմ նախագահի թեկնածու Քլինթոնի Անկարայում բանակցությունների ընթացքում իր երկրին հայությանը դեպի ծով ելք պարտական լինելու նշումը, եւ երկրորդ, առաջիկա քսան տարվա համար ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության վերլուծական բաժնի պատրաստած առաջիկա քսան տարվա կանխատեսումների զեկուցումը, ուր հստակ նշում կար Թուրքիայի տարածքային ամբողջականության խնդրո առարկա լինելուն, ակնարկը ուղղելով Քուրդիստանի ստեղծմանը։ Այստեղ ավելի աժմեականություն է ապահովում Սեւրը, որը նաեւ սահմանագծել էր ստեղծվելիք Քուրդիստանը: Այժմեական այն առումով, որ տարածքային հակամարտության տեղ չէր թողում Սեւրը ճշտելով թե՜ Հայաստանի եւ թե՜ Քուրդիստանի սահմանները: Եւ գիտենք, որ Քրդական գործոնը այսօր ինչ հրատապությամբ ազդում է տարածաշրջանի զինվորաքաղաքական գործընթացների վրա եւ որքան աջակցություն է ստանում Արեւմուտքի կողմից:
Աշխարհաքաղաքական գործընթացները ընթանում են Սեւրում իշխած զինվորաքաղաքական տրամաբանությամբ: Խնդիրը մեր պատրաստվածության հարցն է: Նախագահի հայտարարությունները պետականացրեցին Սեւրով բանաձեւված մեր պահանջները: Համահայկական հռչակագիրը համահայկականացրեց այդ առաջադրանքը: Աշխարհաքաղաքական ներկա գործընթացների հետ քայլ պահելու եւ պատրաստ լինելու համար պատեհ առիթին ճիշտ կողմնորոշվելու եւ առավելություն ձեռք բերելու համար մեզ պետք են կայուն հայրենիք, անսասան պետականություն եւ համայն հայության ներուժի նպատակաուղղված օգտագործում:
Սեւրյան տրամաբանությամբ գործընթացներին պատրաստ լինելու, քայլ պահելու եւ պատեհ առիթին առավել ձեռք բերելու համար իրավական պետությունը նախապայմանային անհրաժեշտություն է:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
«Հայկական Վարկած» (armversion.am) լրատվական կայքը, միանալով հայաստանյան տպագիր և էլեկտրոնային պարբերականների խմբագիրների հայտարարությանը, կիսում է այն մտահոգությունները, որոնց մասին նշվել է համատեղ ստորագրված հայտարարության մեջ ։
Հայտարարություն.
«Թեև գործող իշխանությունը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ կարեւորում է մամուլի, խոսքի ազատության դերը, սակայն փաստացի արվում է ամեն ինչ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, դժվարացնելու եւ տարաբնույթ ճնշումներ բանեցնելու համար: Պետական մակարդակով տարիներ շարունակ հետեւողականորեն լրագրության դաշտը վարկաբեկվում է, փորձ է արվում չորրորդ իշխանության նկատմամբ անվստահություն սերմանել հասարակության շրջանում՝ ինչպիսին առկա է մեր երկրում օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության նկատմամբ:
Բազմաթիվ առիթներ են եղել՝ արձանագրելու, որ լրագրողների նկատմամբ իշխանության տարբեր ճյուղերում առկա է ակնհայտ ագրեսիվ վերաբերմունք, որը ժամանակ առ ժամանակ դրսեւորվում է զանգվածային ակցիաների ընթացքում՝ բռնություններով:
Նախորդ տարի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երեւան» բողոքի ակցիաների ժամանակ լրագրողները թիրախավորված ծեծի ենթարկվեցին ու մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո թեեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հայտարարվեց, որ 2 ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, այնուամենայնիվ չկա որեւէ երաշխիք, որ բոլոր մեղավորներն իրենց գործողություններին համարժեք պատժի են արժանանալու: Այսպես այլեւս շարունակվել չի կարող:
Մենք կարծում ենք, որ օգոստոսի 1-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում հնչած ներողությունը եւ մոռանալու հորդորները՝ ուղղված հուլիսի 29-ին իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներին, բավարար չեն՝ Հայաստանում անվտանգ ու ազատ լրատվական գործունեություն ծավալելու համար: Անհրաժեշտ են գործնական եւ տեսանելի քայլեր:
-Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն։
— Լրագրողների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող բացասական քարոզչությունը պետք է դադարեցվի. մենք գործում ենք՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար եւ հույս ունենք, որ հասարակությունն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ:
— Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մեր մասնագիտական իրավունքների պաշտպանության համար: Եւ մենք պատրաստ ենք օգտագործելու լրագրողական բոլոր՝ ընդհուպ մինչեւ ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար, եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետեւանքներ»:
Նախաձեռնող խմբի անդամներ՝
1. «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան
2. «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
3. «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան եւ 168.am առցանց կայքի խմբագիր Գառնիկ Գեւորգյան
4. «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան
5. «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան
6. «Իրատես» թերթի եւ irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան
7. «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյան
8. «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
9. «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան
10. «Չորրորդ իշխանություն» թերթի եւ chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյան
11. yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյան
12. A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյան
13. Yerkirmedia հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյան
14. «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան
15. Tert.am –ի ղեկավար Արամ Անտինյան
16. <Հայկական Վարկած> Էլ.օրաթերթ գլխավոր խմբագիր Ռուզան Ավոյան
Հայտարարությունը բաց է բոլոր ցանկացողների համար, ովքեր առնչվում են մեդիադաշտին։
Այսօր Ազատության հրապարակում լրատվամիջոցների խմբագիրները բարձրաձայնելու են իրենց պահանջների մասին: , Հայական Վարկածը» ևս կլինի Ազատության հրապարակում։
«Սասնա ծռերի» հետ բանակցությունների, Սերժ Սարգսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման պայմանավորվածության շուրջ խոսակցությունների, ՊՊԾ գնդի գրավման գործով կալանավորվածների հետ հանդիպման մասին NEWS.am–ը զրուցել է Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ։
Պարոն Բալասանյան, ինչպե՞ս որոշվեց, որ հենց Դուք պիտի ստանձնեք միջնորդի դերը իշխանությունների եւ «Սասնա ծռերի» միջեւ:
Երբ մենք լուրը ստացանք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ղարաբաղում: Մենք երեկոյան հանդիպումներ ունեցանք: Նախագահի այցի շրջանակը հետեւյալն էր՝ հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի, շարժման ակտիվիստների հետ, նախկին հրամանատարների հետ: Մեկ խնդիր կար դրված. նախագահը հարց էր բարձրացրել, թե ինչպես ենք տեսնում ղարաբաղյան հարցի լուծման ուղիները, մենք տեսակետներ էինք հայտնում: Որեւէ որոշում ընդհանրապես չի կայացվել: Հավաստիացնում եմ բոլորին, կարող եմ ասել որպես մարդ, որը ունի անցած ճանապարհ, մենք Սերժ Սարգսյանի հետ պատերազմի օրերին լուրջ պաշտոններ ենք զբաղեցրել, որեւէ խոսակցություն չի եղել տարածքների հանձնման վերաբերյալ:
Առավոտյան Սերժ Սարգսյանը պետք է մեկներ։ Երբ լուրը ստացանք, ես անձամբ Բակո Սահակյանի միջոցով տեղյակ պահեցի, որ ցանկություն ունեմ ներկայանալ Երեւան եւ «Սասնա ծռերի» հետ բանակցել: Սերժ Սարգսյանը հրաժարվեց, ասաց՝ թող, մենք լուծումը կտանք: Եվս երկու օր սպասեցի, զանգեցի անձամբ Սերժ Սարգսյանին, ասացի՝ պատրաստ եմ եւ չեմ կարող ձեռնպահ մնալ, քանի որ ինչպես Լեռնային Ղարաբաղը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը իմ հայրենիքն է, ես էլ հայ ժողովրդի մի մասնիկն եմ, իրավունք չունեմ ընդհանրապես ձեռնպահ մնալ:
Եկա, հանդիպեցի նախագահին: Ճիշտն ասած, ինձ հասած ինֆորմացիան այնքան էլ ստույգ չէր, եւ նախագահ Սարգսյանը տվեց համապատասխան ինֆորմացիան: Նախագահի հետ քննարկեցի իմ լիազորությունների շրջանակները, ճշտումներ մտցնելուց հետո հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի հետ, լսեցի Սեֆիլյանին, նրա առաջարկությունները: Կետ առ կետ կա դա գրանցված, գրավոր իմ մոտ: Ինչ վերաբերում է այն լուրերին, որ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից, հստակ ասեմ՝ այո: Ժիրայր Սեֆիլյանն ասել է՝ այս պահի դրությամբ ես հրաժարվում եմ եւ չեմ պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ կա առաջարկությունը: Առաջին կետը՝ ինձ անհապաղ ազատ արձակել եւ խափանման միջոցը փոխել: Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ եւս մի քանի հարց: Ես այնուհետ խոստացա Ժիրայր Սեֆիլյանին եւ ներկայացրեցի նախագահին: Հանրապետության նախագահն ընդունել է բոլոր առաջարկությունները, ուշադիր լսել է, որեւէ պատասխան չի տվել, ասել է՝ ես կքննարկեմ եւ պատասխան կտամ: Հանրապետության նախագահը նաեւ հետեւյալ առաջարկությունն է արել՝ եթե Ժիրայր Սեֆիլյանը այս պահի դրությամբ կարողանա հրահանգավորի, հորդորի կամ հրամայի, որ զինված խումբը զենքերը վայր դնի, ես պատրաստ եմ ընդունել Ժիրայր Սեֆիլյանին: Այնուհետեւ, ժիրայր Սեֆիլյանն իր խոստումները չի կատարել: Դրանից հետո այդպիսի խոսակցություն չի եղել, թե Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել՝ պատրաստ եմ հանդիպել, ու դրժել է իր խոստումը: Ի լուր աշխարհի եմ ասում, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել: Հանրապետության նախագահը ընդունել էր այդ կետերը եւ պատրաստ էր ցանկացած հարց քննարկել:
Հենց այդ կետերի հետ կապված էլ Ձեր հայտարարությունից հետո եւ Ենիգոմշյանը, եւ Վարուժան Ավետիսյանը հայտարարեցին, որ Դուք այլեւս բանակցող չեք: Կպարզաբանեք՝ ի՞նչ էր տեղի ունեցել, եւ ի՞նչպես եղավ, որ ավելի ուշ կրկին ստանձնեցիք միջնորդի դերը։
Նախ ասեմ, որ երկրորդ անգամ երբ հանդիպել ենք Ժիրայր Սեֆիլյանին, ներկա էին Ալեք Ենիգոմշյանը, հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչը: Ընդհանրապես նման խոսակցություն չի եղել: Ալեք Ենիգոմշյանը իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է արել: Երեւի մի պարզ պատճառով, դիվիդենտներ շահելու, որպեսզի միտինգավորների թիվը ավելանա, եւ միտինգավորները, այսպես ասած, չթողնեն դաշտը:
Ինչ վերաբերում է բանակցություններից դուրս գալուն, թող գաղտնիք չլինի, ես մեկ րոպե չեմ բացակայել: Ասեմ, թե ինչու եմ ջղայնացել այդ օրերին, երբ պայմանավորվեցինք, որ լրատվամիջոցները ներկայանային, մենք գծել էինք այն կարմիր գիծը, տեղանքն էինք որոշել, անձամբ ես էի որոշել՝ համաձայնեցնելով եւ իշխանությունների, եւ զինված խմբի տղաների հետ: Բայց խախտվեց, եւ մեր լրատվամիջոցների սխալն էլ էր: Այնուհետեւ սկսեցին այդ կրակոցները, կադրերում տեսաք՝ ինչպես էի կանչում, ընդհուպ գոռում: Տղաներին հարց տվեցի, ասացի, որ դուք խախտել եք, էլ չեմ գալու ձեզ մոտ, բանակցությունները իմ մասով կտրում եմ, այնքանով մինչեւ դուք ուժ կգտնեք, ներողություն կխնդրեք, ես կգամ բանակցությունների:
Ուզում եմ ավելին ասել, որ աշխարհում չի եղել որեւէ դեպք, երբ զինված մարդիկ գրավեն մի տարածք, առավել եւս զորամաս, այնտեղ կատարվի սպանություն, վիրավորներ ունենանք, եւ դրանից հետո երկրի իշխանությունները սնունդ եւ բժշկական օգնություն ուղարկեն: Շատ հումանիտար են վերաբերվել մեր իշխանությունները: Այնտեղ էլ մեր հայերն են, մեր ժողովուրդն են, եւ նախագահը կարողացավ սառնասրտորեն վերաբերվել, տաք որոշում չկայացրեց: Եվ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք: Ենթասպայի սպանությունը, որը սարսափելի է: Բայց փառք Աստծո, ըստ իս, մենք շատ լավ դուրս եկանք, ի շնորհիվ մեր ժողովրդի, մեր իրավապահ կառույցների, մեր նախագահի, ի շնորհիվ զինված խմբի տղաների խոհեմության: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Բոլորը պատրաստ էին, որ րոպե առաջ մենք արյունահեղությունից զերծ մնանք: Չհաշված մի քանի հոգու: Այնպես որ ես գտնում եմ՝ մեր ժողովուրդը միշտ խոհեմ է եղել, միշտ սթափ է եղել, մենք որեւէ հարցի իրավունք չունենք զինված լուծում տանք:
«Հիմնադիր խորհրդարանի» հրապարակեց հեռախոսազրույցի ձայնագրություն՝ որպես ապացույց այն բանի, որ դուք խոստացել եք, որ զենքերը վայր դնելու դեպքում Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանի հետ։
Նորից եմ կրկնում, դա ամսի 20-ի խոսակցությունն է, իսկ այն ձայնագրությունը, որը մոնտաժված է եւ տվել են ԶԼՄ-ներին, որ հուլիսի 29-ի մասին է, իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում։
Զինված խմբի որոշ անդամների փաստաբաններ ահազանգում են իրենց պաշտպանյալների հանդեպ վատ վերաբերմունքի մասին, մասնավորապես, «Դատապարտյալների հիվանդանոցում» ոչ պատշաճ բուժօգնության, նաեւ փաստաբանների եւ նրանց պաշտպանյալների միջեւ հանդիպումները խոչընդոտելու փորձերի մասին։ Դուք որոշ իմաստով հանդես եք եկել որպես օրինականության ապահովման երաշխավոր: Տեղյա՞կ եք կալանավորվածների պահման պայմաններին:
Ովքեր նման հայտարարություններ են անում, ես պատրաստ եմ օրվա ցանկացած ժամի, իրավապահների թույլտվությամբ իրենց հետ այցելել, ընդհուպ «Դատապարտյալների հիվանդանոց», այցելել կալանավայրեր, եւ թող ինձ ապացուցեն: Ես երեկ անձամբ եղել եմ «Դատապարտյալների հիվանդանոցում», հանդիպել եմ բոլոր վիրավորներին, կարող եմ ասել, կան հիվանդասենյակներ, որտեղ Արամ եւ Պավել Մանուկյաններն են, հանրապետության որեւէ հիվանդանոցում այդպիսի լավ վիճակի հիվանդասենյակ չկա:
Բոլոր վիրավորները գոհ են, շնորհակալ են անձնակազմից: Շնորհակալություն են հայտնել իշխանություններից, իրավապահ մարմիններից, որ մենք վերջապես զերծ մնացինք հերթական արյունահեղությունից: Ինչքան վիրավոր կա՝ Արամ Մանուկյան, Պավել Մանուկյան, Արմեն Լամբարյան, Թաթուլ Թամրազյան, Աշոտ Պետրոսյան, բոլորին անձամբ եմ հանդիպել, որեւէ խնդիր չկա: Ընդհուպ այսօրվա դրությամբ, իշխանությունների հրահանգով ՔԿՀ պետի հետ խոսել ենք, լինելու են հերթական վիրահատություններ, եթե մասնագետների խնդիր ունենան, Առողջապահության նախարարությունը պատրաստ է հրավիրել դրսից:
Եղել եմ «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ներում, հանդիպել եմ Արայիկ Խանդոյանին, Թորոս Թորոսյանին, Արեգ Կյուրեղյանին: Նորմալ է ամեն ինչ: Եվ ավելին ասեմ՝ նրանք էլ են շնորհակալություն հայտնել: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնել բոլորին, վերջում իրենք կարողացան իրենց խոհեմ պահել եւ զերծ մնալ արյունահեղությունից: «Վարդաշենում» հանդիպել եմ Վարուժան Ավետիսյանին եւ Մխիթար Ավետիսյանին: Կրկին նորմալ վիճակում են, որեւէ կտտանքների չեն ենթարկել, այնտեղ որեւէ մեկը որեւէ բառ չի ասում: Բոլորը ապշած են, որ նման վերաբերմունք կա:
Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել իրավապահ մարմիններին, մենք տեսանք, երբ զինված խումբը զենքերը վայր էր դնում, աշխարհում եզակի դեպք էր՝ հանգիստ, հանդարտ, առանց բռնությունների: Որեւէ մեկը գերու պես ձեռքերը չբարձրացրեց: Թող աշխարհն օրինակ վերցնի: Այս պահի դրությամբ ես բոլորի հետ հեռախոսազրույցներ եմ ունեցել, զանգել բոլորի տները իրենց ներկայությամբ, տղաները խոսեցին իրենց ընտանիքների հետ:
Իրականությանը չհամապատսխանող լուրերը խնդրում եմ չտարածել: Շատ վտանգավոր է, երբ միտինգավորներին ոմանք կոչ էին անում միանալ ապստամբ կամ, չգիտեմ, զինված խմբին, եւ հերոսացնում էին այդ տղաների արարքը: Դա շատ վտանգավոր է մեր երկրի համար: Մենք դրան արժանի ժողովուրդ չենք:

Անի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը հրապարակել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը սիրիական “AL WATAN” թերթին, ուր բացատրում եր փոխզիջման իր պատկերացումները։
Ձեզ ենք ներկայացնում մի հատված, որը 22/03/2010 թ․ հրապարակվել է նախագահականի www.president.am կայքում։
Դուք բազմիցս նշել եք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի խաղաղ բանակցությունների միջոցով փոխադարձ զիջումների վրա: Ո՞րոնք են այդ զիջումները Հայաստանի պարագայում:
Ես միշտ նշել եմ, որ որևէ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է լուծում փնտրել դրանց դրդապատճառների եւ ոչ թե հետևանքների տիրույթում: Այլապես դա նույնն է, ինչ հիվանդությունը բուժելու փոխարեն փորձել վերացնել դրա դրսևորումները:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տասնամյակների անարդարությունն ու ճնշումները փորձեց հանգուցալուծել իրավական ճանապարհով` ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում: Դրան հակադրվեց բռնի ուժ, այդ ժողովրդին բնաջնջելու փորձ: Սկսվեց տարիներ տևած, ծրագրված ռազմական գործողություն Արցախի դեմ. օրական հարյուրավոր ռումբեր էին նետվում Ստեփանակերտի վրա:
Դրան ի պատասխան` Արցախի ժողովուրդը կարողացավ համախմբվել և պաշտպանել իր հայրենիքը, սրբավայրերը, կանանց, երեխաներին և ծերերին: Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր:
Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, և պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները:
«Ինջիրլիքի դատավարությունը» «Նյու Յորք Լայֆի» գործից հետո դառնալու է հայոց ցեղասպանության հարցերով դատավարությունների պատմության մեջ հերթական կարևոր քայլը,- «Արևելքի» հետ զրույցում ասաց 2005-ին «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական գործակալության դեմ դատական գործ բացած և դատը շահած ամերիկաբնակ նշանավոր փաստաբան Վարդգես Եղիայանը: Վարդգես Եղիայանը հերթական դատն է բացել, այս անգամ՝ Թուրքիայի կառավարության դեմ, որով վիճարկվելու է Թուրքիայի «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազայի հողատարածքի պատկանելիությունը: Ըստ մեր զրուցակցի, «Ինջիրլիք» նշանավոր ռազմաբազան, որի մասին այսօր ողջ աշխարհն է խոսում, կառուցված է հայերին պատկանող հողերի վրա: Վարդգես Եղիայանի փաստաբանական գրասենյակը կարողացել է հավաքել և դատարան ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, ըստ որոնց, ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Ադանա քաղաքի մոտակայքում տեղակայված ռազմաբազայի հողերի վրա եղել են Ադանայի և մերձակայքում բնակվող հայերի ամառանոցները, տները, եկեղեցիները, դպրոցներն ու նրանց պատկանած այլ սեփականություններ, որոնք Թուրքիայի կառավարությունն ապօրինի կերպով զավթել, իսկ այդ կառույցների տերերին սպանել է: «Ինջիրլիքը», որ համարվում է տարածաշրջանում ամենախոշոր ռազմաբազաներից մեկը, ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը վարձակալել է 1951-ին: Այսօր այնտեղ հսկայական շինություններ են կառուցված, այդ թվում՝ ամերիկյան նշանավոր ընկերությունների մասնաճյուղեր, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատում, ինչպես նաև այդ խարսխից ամերիկյան օդանավերը հարվածում են «Իսլամական պետության» դիրքերին:
Ինջիրլիքում հայերին պատկանած կառույցների սեփականության իրավունքի փաստաթղթերը պահվել են թուրքական հնագույն՝ «Կենտրոնական» և «Զիրաաթ բանկասի» բանկերում, որոնք այսօր պետական բանկեր են, և որոնք էլ «Ինջիրլիքի գործով» հանդիսանում են մեղադրվող կողմ: Վարդգես Եղիայանի փաստաբանական գրասենյակը Ինջիրլիքի հողատարածքի վիճարկման հարցը սկսել է 2010-ին, սակայն տարբեր պատճառներով դատավարությունը չի կայացել: Առաջիկա օգոստոսի 4-ին Կալիֆոռնիայում նշանակված դատավարությունը, ըստ Վարդգես Եղիայանի, ի օգուտ հայերի ավարտվելու մեծ հավանականություն ունի: Մեր զրուցակիցը նշեց, որ դատը շահելու դեպքում ամերիկյան դատարանը ինչ-որ ձևով նաև ընդունելու է հայոց ցեղասպանության իրողությունը, ինչը հայերի ձեռքին անհերքելի փաստաթուղթ է դառնալու, որ հայերը պարզելու են ընդդեմ պաշտոնական Վաշինգտոնի:
Ինչպես հայտնի է՝ 2005 թվականին եթովպիական ծագումով ամերիկաբնակ փաստաբան Վարդգես Եղիայանի գրասենյակը, հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգորդների ունեցած անշարժ գույքի փաստաթղթերի հիման վրա աղմկահարույց դատ էր բացել «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության դեմ, որով պահանջում էր փոխհատուցել Եղեռնի տարիներին «Նյու Յորք Լայֆում» հայերի ունեցած ապահովագրական գումարները: Դատավարության արդյունքում հայ փաստաբանի գրասենյակը շահել էր 20 միլիոն ԱՄՆ դոլար, որի մեծ մասը բաժանվել էր հասցեատերերի ժառանգորդներին:
«Արևելքի» հետ զրույցում Վարդգես Եղիայանն ասաց, որ «Նյու Յորք Լայֆում» հայերի ունեցած ապահովագրական գումարների մասին իմացել է Օսմանյան կայսրությունում 1913-1916 թթ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը կարդալիս, որից հետո համառ աշխատանքի շնորհիվ, իր գործընկերների հետ միասին, հօգուտ հայերի, շահել է դատը: Նրա ղեկավարած գրասենյակը դատ է բացել նաև «Աքսայի», ֆրանսիական և գերմանական այլ ընկերությունների դեմ, իսկ «Գեթթի» միջազգային թանգարանի դեմ նրա բացած դատն աննախադեպ օրինակ էր աշխարհով մեկ ցրված հայ մշակույթի գանձերը հայերին վերադարձնելու առումով: Ճիշտ է՝ «Գեթթին» չվերադարձրեց Ռոսլինի նկարազարդած Զեյթունի Ավետարանի ութ էջը, սակայն հայաշխարհն իմացավ հայոց հնագույն Ավետարաններից մեկի կորսված էջերի տեղն ու գնահատեց այն Մատենադարան վերադարձնելու ուղղությամբ հայ փաստաբանի տարած ջանքերը:
«Նյու-Յորք Լայֆն» ու Ինջիրլիքը դեռ սկիզբն են. հօգուտ հայերի դեռ շատ դատեր ունեմ պաշտպանելու»,-ասում է նշանավոր փաստաբանը:
Հուլիսի 29-ին «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «էրեբունի» բժշկական կենտրոն, և քննիչը փաստաբան Ինեսսա Պետրոսյանին որպես պաշտպան չէր ներգրավում գործին` պարզաբանելով, որ դեռեւս քննչական գործողություններ պետք է կատարվեն:
Քիչ առաջ արդեն Պետրոսյանը տեսակցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող Արմեն Լամբարյանին և որպես փաստաբան ներգրավվել գործին:
«Լամբարյանի առողջական վիճակը այս պահին շատ ծանր է: Ոտքերի շրջանում խորը և ծանր հրազենային վնասվածքներ ունի: Նույնիսկ մտածում եմ, որ վնասվածքները գնդացրից արձակված կրակի արդյունք են: Մարմնի վրա կային նաև տարբեր կապտուկներ, արյունազեղումներ: Կասկածում եմ, որ խոշտանգումներ եղել են: Ինձ հետ առանձնազրույցում Արմենը չցանկացավ խոշտանգումների մասին խոսել, բայց ես նրա մարմնին հետքեր տեսա»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է փաստաբանը:
Պետրոսյանի խոսքով, հիվանդանոցում անհասկանալի դեպքեր են տեղի ունեցել. պարզվել է, որ Լամբարյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ուրոլոգիական բաժանմունք, որտեղ կատարվել են քննչական գործողություններ, և նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Առաջադրված մեղադրանքում Լամբարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ փաստաբանի՝ նա պահանջում է, որպեսզի իր վրա մահափորձ կատարողները ենթարկվեն քրեական պատասխանավտության:
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Լեւոն Ներսիսյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Պարոն քաղաքապետ
Ինչպես հայտնի է, սույն թվականի հուլիսի 17-ին Սասնա ծռեր խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը գրավելուց անմիջապես հետո Երևանում տեղի ունեցան բողոքի ակցիաներ ու երթեր՝ ի սատարումն նրանց և նրանց կողմից բարձրացված պահանջների։
Ամենօրյա խաղաղ հավաքները ընթանում էին ոստիկանական ուժերի ու քաղաքացիական համազգեստով ինչ-որ անձանց հետ բախումներով, քանզի վերջիններիս կողմից արվում էր ամեն ինչ, որպեսզի խափանվեն այդ խաղաղ հավաքներն ու երթերը։
Զանգվածային լրատվամիջոցները և մենք արձանագրել ենք, որ ՀՀ ոստիկանությունը և այդ քաղաքացիական համազգեստով անձինք, 2016թ․ հուլիսի 29-ի երեկոյան ծեծի են ենթարկել խաղաղ հավաքի մասնակիցներին, հարձակումներ իրականացրել խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա, բռնության ենթարկել նրանց՝ հասցնելով մարմնական վնասվածքներ, կոտրել նրանց տեսախցիկները, այսպիսով, խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեությանը։
Արդեն մի քանի օր է սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվական միջոցներով շրջանառվում է այն տեղեկությունը, ըստ որի 2016թ․ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում խաղաղ հավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն իրականացրած քաղաքացիական համազգեստով անձանց շարքում են եղել նաև Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ և ԺԷԿ-ի պետեր։ Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցների մասնակցության փաստի մասին նյութերը հրապարակվել են www.mamul.am առցանց լրատվական կայքում ։
Բացի այդ, որպես ամբողջական նյութ կարող եք դիտել «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+»-ի կողմից այդ օրերին ուղիղ եթեր հեռարձակվող տեսանյութերը։
Սակայն, ի զարմանս մեզ, առ այսօր Երևանի քաղաքապետարանը հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, չի հերքել կամ չի հաստատել այդ տեղեկությունը կամ որևէ քայլ չի ձեռնարկել այդ անձանց բացահայտելու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ։
Հետևաբար, սույնով դիմելով Ձեզ, ակնկալում եմ ստանալ նախևառաջ Ձեր պաշտոնական տեսակետը այս հրապարակումների վերաբերյալ, և երկրորդ՝ եթե դրանք համապատասխանում են իրականությանը, ապա Դուք, իբրև Երևանի քաղաքապետ, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեք նրանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ։
Լևոն Ներսիսյան
Գործադիր տնօրեն
https://www.youtube.com/watch?v=I2geRcDIWUI
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան՝ի երեկ տված հրաժարականի շուրջ տարբեր վարկածներ են շրջանառվում: Նույնիսկ այն շրջանակներում, որտեղ սովորաբար ամեն բան գիտեն՝ տարակուսած էին: Ավելորդ է ասել, որ ոչ ոք չի հավատում, թե դա կապված է առողջական վիճակի հետ, ավելին՝ հրաժարականի կապն Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման հետ ակնհայտ է:
Վարկածներից մեկը վերաբերում է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ գլխավոր դատախազն ասել էր, թե՝ «Սասնա ծռերը» կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից, եթե վայր դնեն զենքը:
Այս մասին հաղորդագրություն էր տարածել նաև ԱԱԾ –ն: Այժմ խաղի կանոնները փոխվել են. «Սասնա ծռերի» և իշխանության միջև տեղի ունեցած բանակցություններն այլ փաթեթավորմամբ է ներկայացվում:
Չնայած ԱԱԾ-ի հայտարարությանը, հանրության համար «Սասնա ծռերի» հանձնվելու պայմանները հնչեցվել է Գևորգ Կոստանյանի միջոցով: Չի բացառվում, որ այն հոդվածները, որով այժմ մեղադրանք է ներկայացվել Սասնա ծռերին, նրանց մեծ պատժաչափով ազատազրկելու հիմք կարող են լինել, էլ չենք ասում, որ մեղադրանքի ծավալը կարող է փոփոխվել նախաքննության ընթացքում, մինչդեռ հոդվածները (շենք -շինությունների գրավում և զենքի անօրինական պահպանում), որոնց մասին Կոստանյանը խոսեց եթերում, նախատեսում են ազատում քրեական հետապնդումից՝զենքը կամավոր հանձնելու դեպքում:
Այստեղ երկու վարկած կարող է լինել. կամ Կոստանյանի հրաժարականը նշանակում է հեռացնել նրան ռեալ վտանգից, կամ իրո՛ք կան պայմանավորվածություններ, որոնց վրայով անցնել չեն համարձակվում: Ի վերջո Կոստանյանն այն ֆիգուրն է, որին իշխանությունը դրեց խաղի մեջ՝ նրա միջոցով խոստումներ տալով «Սասնա ծռերին» և ողջ հանրությանը: Նրան խաղից դուրս բերելը նշանակում է, որ իշխանությունը հրաժարվում է խոստումներից:
Ամեն դեպքում կա նաև մեկ այլ վարկած. այսօր «Հայկական ժանամակը» տեղեկություն է տարածել, որ «ՀՀ պաշտպանության նախարարության ապրանքներ մատակարարող բազմաթիվ ընկերությունների մեջ առնվազն երեքը սերտորեն փոխկապակցված են Գեւորգ Կոստանյանի եւ նրա հարազատների հետ: Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ մատակարարումների ոլորտում իրականացված ստուգումների արդյունքում, ըստ մեզ հասած տեղեկությունների, պարզվել է, որ այդ երեք ընկերությունների մատակարարումներն իրականացվել են խոշոր չարաշահումներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ ընկերությունները զբաղված են եղել սննդամթերքի մատակարարմամբ, հիմնականում մսամթերքներ, պահածոներ եւ մակարոնեղեն: Չարաշահումներից բացի այդ ընկերությունները չեն իրականացրել նման մատակարարումների համար ընդունված հմապատասխան «ստվերային մուծումները»:
Ստացվում է, որ Կոստանյանի օրերը հաշված են եղել, ու նրան փուռը տալուց առաջ նպատակային օգտագործե՞լ են:
Ա. Գրիգորյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.