23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հավանաբար առաջին անգամ է, որ Հալեպի շուրջ ընթացող մարտերում արձանագրվում են գետնի վրա նկատելի տեղաշարժեր: Կառավարական ուժերը արձանագրում են հստակ առավելություն եւ իրենց վերահսկողության տակ են առնում Հալեպի այն շրջանները, որոնք գտնվում էին առավելաբար կրոնական անվան տակ կռվող տարբեր, բազմատեսակ զինյալ խմբավորումների տիրապետության տակ: Մինչ այս արձանագրված տեղաշարժը, թեժ մարտերը, ռուսական կործանիչների աշխույժ ներգրավումը եւ կառավարական ուժերի թափանցման փորձերը չէին հաջողում գետնի վրա դիրքերի գրավման տեղաշարժեր ապահովել:
Հայկական թաղամասերից որոշ հատվածներ գտնվում էին շփման գծերի անմիջական շրջակայքում եւ այդ սահմանագիծը փաստորեն մնում էր անշարժ, քարացած պահելով նաեւ երկկողմանիրեն զինվորական դիրքերը:
Հիմա կացությունը փոխվել է. ավելի ճիշտ փոփոխության ընթացք է ծայր առել, որ զինվորական բացատրությանն առընթեր ունի նաեւ իր քաղաքական տրամաբանություն: Սիրիական կառավարական ուժեր-Իրանի զինվորական ներկայություն, գումարած լիբանանյան Հեզբոլլայի ցուցադրական մասնակցություն եւ այս բոլորի վրա ավելացող ռուսական կործանիչներ` ամիսներ շարունակ Հալեպի պարագային չէին կարողացել գետնի վրա տեղաշարժ ապահովել մինչեւ օրեր առաջ արձանագրվածը:
Զինվորական ուժերի այս հանրագումարային պատկերը տրամաբանորեն պիտի հաջողեր նահանջի մատնել ահաբեկչական խմբավորումները, եւ նրանց հետ նաեւ երկրորդ պլանի վրա կռվող հակակառավարական ուժերը, ճանաչված իբրեւ ընդդիմադիր ուժ տարազով:
Փաստորեն գոյություն ուներ ուղղակի-անուղղակի հովանավորչություն, աջակցություն եւ պաշտպանություն զինյալ խմբավորումներին: Այն երկվությունը, թե զինյալ խմբավորումները չեզոքացնելով պիտի նպաստած լինեին Սիրիայի նախագահով մարմնավորված վարչակարգին, պատճառ էր հիմնական քաղաքական համաձայնությունների ուշացման, ձգձգման եւ դրան առընթեր զինվորական գործողությունների սահմանափակման: Միայն որոշ ժամանակի համար կայացած քաղաքական համաձայնությունը գերտերությունների միջեւ կարող էր հանգել տեղաշարժային այս արդյունքին: Այլապես, նախորդ ամիսներին երկարող ստատուս քվոն կամ գրավում-նահանջ պարանաձգությունը պիտի շարունակվեր:
Երեւույթները մտածել են տալիս, որ իրար հակակշռող զսպիչ գոտիների ընդհանուր դաշտում արձանագրվում էին զինվորաքաղաքական գործողություններ եւ ընդհանուր միջգերտերութենական վերահսկողությունը պահպանվում էր: Այս տեղաշարժը նախանշում է բարձր մակարդակի վրա համաձայնեցված վերահսկողության տակ ռուս-իրանյան դաշինքի զինվորաքաղաքական գործողությունների արդյունավետությունը: Եւ այնպես չէ, որ միայն ռուս-թուրքական կարճաժամկետ մերձեցման արդյունքն է, որ Անկարան ավելի կրավորական դիտեց ռուսական կործանիչների կամ իրանյան ռազմական միջամտությունների իբրեւ արդյունք Հալեպի որոշ հատվածի ազատագրումը ահաբեկչական խմբավորումներից: Առանց Վաշինգտոնի լուռ համաձայնության դժվար թե իրականանար տեղաշարժը, կամ Հալեպի ռազմավարական հատվածը ռուս-իրանյան գործոնի ճանապարհով կառավարական ուժերի վերահսկողության տակ առնվելը:
Ինչ վերաբերում է ռուս-թուրք կարճաժամկետ մերձեցմանը, ապա գեթ դեկլարատիվ մակարդակի վրա արդեն իսկ երեւում է սուր հակասություն: Թուրքիայի նախագահը սիրիական պատերազմին իր ներկայությունը պայմանավորում է Ասադի վարչակարգի հեռացման նպատակով: Բնական է նաեւ, որ դեպի Մոսկվա շրջադարձ կատարած, ներողություն խնդրած-չխնդրած, Սոչիում ռուսական ձայները շատ արագ լսող Անկարան այս բոլորը նաեւ գործադրում էր սպառնական ուղերձներ ուղղելու համար ընդհանրապես Արեւմուտքին: Հիմա նաեւ Հալեպի ազատագրումը կրավորական դիտող Անկարան ներգործուն դեր է փորձում ստանձնել այս անգամ Դամասկոսում իշխանափոխություն իրականացնելու Արեւմուտքի պահանջը իր սեփականը համարելով: Անկարայի այս խաղերը արդյունավորվելու շատ տեղ չունեն փաստորեն: Անկարան ինքը հայտնվել է այլոց խաղի կանոններին հետեւելու, իբրեւ խաղաթուղթ օգտագործվելու տվյալ պահին զինվորաքաղաքական գործողություն իրականացնելու համար: Մնացյալը զուտ դեկլարատիվ շանտաժներ են, որոնք առարկայացում չեն գտնում հաճախ:
Իսկ թե ինչ պատճառով ի հայտ եկավ ամերկյան կողմի այս «կրավորական» կեցվածքը, թերեւս նույնպես լայն անդրադարձի նյութ է:
Կարելի է այս երեւույթը կապել նոր նախագահի ընտրության հետ: Ամերիկյան արտաքին քաղաքականության վերաբերյալ նորընտիր նախագահ Թրամփի արտահայտություններին արդեն ծանոթ ենք: Եւ գուցե Սիրիայում դրսեւորած դիրքորոշման փոփոխության մեջ արտահայտվել է սկսում ամերիկյան նոր քաղաքականությունը: Շատ ժամանակ չի մնացել այս ենթադրության ճշմարիտ կամ սխալ լինելու մեջ համոզվելու համար:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Ուրախությամբ իմացա, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես որոշել է հակազդել Պակիստանի շարունակական ադրբեջանամետ, թուրքամետ և հակահայկական քաղաքականությանը:
Անցյալ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդեց, որ Հայաստանը արգելք է դրել Պակիստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքի վրա՝ ի պատասխան Պակիստանի հակաարցախյան դիրքորոշմանը:
Հայաստանը բացատրել է, որ «Պակիստանը հրաժարվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլև վերջինս պաշտոնապես ճանաչել որպես անկախ պետություն»՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման: Իրոք, Պակիստանը մեկն է աշխարհի այն փոքրաթիվ երկրներից, որոնք քառորդ դարյա անկախությունից հետո դեռ չեն ճանաչել Հայաստանը…
Այս համեմատաբար փոքր դրվագը ողջունելի զարգացում է, որը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարները ցանկանում են ժամանակ առ ժամանակ ցույց տալ իրենց վճռակամությունը: Նման քայլը կարող է նաև որպես նախազգուշացում ծառայել այլ երկրների համար, որ Հայաստանը պատրաստ է և ցանկանում է պաշտպանել իր շահերը, իսկ անհրաժեշտության դեպքում խոչնդոտել իր հակառակորդների շահերին:
Պակիստանի հակահայկական դիրքորոշումը նախորդում է Հայաստանի անկախությանը: Իմ հիշողության մեջ դեռ թարմ են ՄԱԿ-ում Պակիստանի դեսպանների եյույթները 1970-1980-ական թվականններին, Ժնևում (Շվեյցարիա) Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերի ժամանակ՝ ի պաշտպանություն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումների:
1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո, Պակիստանը շարունակեց իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի և Արցախի դեմ՝ խստորեն պաշտպանելով Ադրբեջանին և Թուրքիային: Արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանը վարձել էր մոջահեդ ահաբեկիչներ Պակիստանից և Աֆղանստանից հայերի դեմ կռվելու համար: Այդ ժամանակից ի վեր, Պակիստանի և Ադրբեջանի ղեկավարները բազմաթիվ առիթներով փոխադարձ այցելություններ են կատարել՝ ամրապնդելով իրենց տնտեսական և ռազմական հարաբերությունները: Օրինակ, Պակիստանի պաշտպանության նախարար Սայեդ Աթհար Ալին, 2010 թ. Բաքու կատարած իր այցի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է «համագործակցության ամրապնդումը ռազմական բնագավառում և պաշտպանական արդյունաբերության մեջ»՝ ըստ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության: Ի պատասխան՝ նախագահ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի բանաձևի օգտին քվեարկելու և Ադրբեջանի դեմ ագերսիայի հետ կապված Հայաստանը չճանաչելու համար»:
2015 թ. մարտին, Բաքու կատարած իր այցի ժամանակ, Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը հայտարարեց. «Մենք միշտ կողմ ենք եղել Ադրբեջանի արդար դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Պակիստանը չի ճանաչում Հայաստանը որպես պետություն»: Նա նաև հայտարարեց, որ Պակիստանի Սենատը, հայերի կողմից ադրբեջանցիների սպանությունները Խոջալուում Արցախյան պատերազմի ժամանակ, ճանաչել է որպես ցեղասպանություն:
2016 թ. ապրիլի 5-ին, Ադրբեջանի կողմից Արցախի գյուղերի բնակիչների վրա վայրագ հարձակման ժամանակ, Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը կեղծ մեղադրանք ներկայացրեց Հայաստանին՝ «շարունակական հրետանային գնդակոծության» միջոցով «հրադադարի ռեժիմը խախտելու» համար: Ավելի ուշ, նույն ամսվա ընթացքում, Իսլամաբադ կատարած իր այցի ժամանակ, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ասաց Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին, որ Ադրբեջանը ձգտում է ձեռք բերել ռազմական տեխնիկա Պակիստանից: 2016 թ. սեպտեմբերի 27-ին, Բաքվում կայացած հանդիպման ժամանակ նմանատիպ քննարկում տեղի ունեցավ Պակիստանի պաշտպանության նախարար Ռանա Թանվիրի և նախագահ Ալիևի միջև:
2016 թ. հոկտեմբերի 14-ին, Ադրբեջան կատարած իր փոխադարձ այցի ժամանակ, Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆն ասաց Ալիևին համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ իր երկրի հետաքրքրության մասին: Նավազը նաև «ադրբեջանական գրավյալ տարածքների ամբողջական վերադարձման, հայկական զորքերի դուրսբերման և տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի կոչ արեց»: Ի պատասխան՝ Ալիևն իր երկրի աջակցությունը հայտնեց Պակիստանի դիրքորոշմանը Ջամուի և Քաշմիրի վերաբերյալ՝ հակառակ Հնդկաստանի: Մեկ ամիս անց, երբ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովն այցելեց Պակիստան, նախագահ Մամնուն Հուսեյնը նրան հիշեցրեց, որ Պակիստանը երրորդ երկիրն էր Թուրքիայից և Ռումինիայից հետո, որ ճանաչեց Ադրբեջանը: Նախագահ Հուսեյնը նաև իր երախտագիտությունը հայտնեց Ադրբեջանին՝ Ջամուի և Քաշմիրի շուրջ Հնդկաստանի հետ ունեցած վեճում Պակիստանին սատարելու համար, և խոստացավ շարունակել աջակցությունը «Լեռնային Ղարաբաղի» (Արցախի) վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին:
Ադրբեջանից հետ չմնալու նպատակով, Թուրքիայի նախագահ Էրդողանը այցելեց Պակիստան 2016 թ. նոյեմբերի 17-ին, որտեղ վարչապետ Նավազ Շարիֆը ողջունեց նրա այցը իր «երկրորդ տուն»: Ի պատասխան՝ Էրդողանը հայտարարեց. «Ամբողջ աշխարհը պետք է ընդօրինակի Պակիստանին…»:
Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը պետք է շարունակեն հակազդել Պակիստանին և հակահայկական այլ պետություններին՝ հետագայում Հայաստանի շահերին վնաս պատճառելու իրենց մտադրություններից հետ կանգնեցնելու համար: Ստորև ներկայացնում եմ մի քանի առաջարկություններ.
— Հայաստանը պետք է դեմ քվեարկի Պակիստանի օգտին ցանկացած հարցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում.
— Հայաստանը պետք է արգելափակի Պակիստանի ջանքերը՝ Եվրասիական տնտեսական միության հետ կապ հաստատելու համար.
— Հայաստանը պետք է կողմ լինի Հնդկաստանին՝ Ջամուի և Քաշմիրի շուրջ Պակիստանի հետ ունեցած վեճում.
— Ամերիկահայերը պետք է հորդորեն ԱՄՆ Կոնգրեսին լսումներ անցկացնել Պակիստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Այս անգամ էլ Սերժ Սարգսյանը կարողացավ իր կատարած քայլերով ապացուցել, որ ինքը լավ խաղացող է և որ միակ մարդը, որ միավորում է բոլոր բևեռները, ինքն է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա բոլորին «մատ արեց»՝ Կարեն Կարապետյանին դարձնելով ՀՀԿ անդամ, ի ցույց բոլորի հասկացնելով, որ ինքն է որոշողը, փշրելով վարչապետի փոփոխությամբ նոր իրավիճակ ակնկալող մարդկանց բոլոր հույսերը: Նա չազատվեց Հովիկ Աբրահամյանից, որը շարունակեց մնալ ՀՀԿ փոխնախագահ և կզբաղվի կուսակցական գործունեությամբ, փոխարենը՝ առաջ քաշեց նրա հովանավորյալ Արփինե Հովհաննիսյանին՝ դարձնելով ԳՄ անդամ: Իր տեղում մնաց նաև Գագիկ Բեգլարյանը: Սա մեկ այլ թեմա է, որին դեռ կանդրադառնանք:
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը թույլ չի տա որևէ բևեռի իրեն ավելի ուժեղ զգալ, բազմաբևեռ ձևաչափը ինքնըստինքյան ապահովում է նրա իշխանության պահպանումը, ինչն էլ բացարձակապես միանձնյա կառավարում ու համակարգում է նախագահը : ՀՀԿ- ի այսօրվա առանցաքային դեմքերն ունեն իրենց սեփական շահերը, սեփական տնտեսական և քաղաքական գիծը, ունեն իրենց սեփական օգուտները, և դրանով է պայմանավորված նրանց հնազանդությունը «արքային», որը հմտորեն կառավարում է այդ շահերը՝ ժամանակ առ ժամանակ մտրակ իջեցնելով նրանցից ոմանց մեջքին, այդ ժամանակ ստրուկներն ավելի հնազանդ են դառնում ու ավելի հավատարիմ դառնում տիրոջը: Իսկ տիրոջը նրանք դեռ պետք են՝ հսկայական մարդկային ռեսուրսների տիրապետելով , այս մարդիկ անհրաժեշտ են առաջին հերթին ընտրությունների ժամանակ:
Թե՛ Տիգրան Սարգսյանի, թե՛ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չկարողացան երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից: 2008-ից հետո Հայաստանը հայտնվել է ծայրահեղ վատ վիճակում: Իսկ այժմ դժվար է ասել՝ 2017-ի ապրիլից հետո ի՞նչ քաղաքական վերադասավորումներ կլինեն:
Ընտրություններին ՀՀԿ հաղթանակին ոչ ոք չի կասկածում: Սակայն չի կարելի բացառել արտաքին գործոնը: Սերժ Սարգսյանն, ի տես ամենքի, գլխավոր ղեկը հանձնում է Կարեն Կարապետյանին՝ փորձելով պահպանել ինտրիգը 2018-ին: Սակայն ակնհայտ է, որ քայլերը վերադասավորված են այնպես, որ Կարապետյանի ամբողջ հույսը լինի Սերժ Սարգսյանը, և միայն նա կարողանա ղեկավարել ՀՀԿ — Հայաստանը:
Թույլ կտա՞ նախագահը ապագա պառլամենտական հանրապետությունում Կարեն Կարապետյանին մնալ վարչապետ, ցույց կտա դեպքերի ընթացքը: Այս պահին Կարեն Կարապետյանն իր սեփական թիմը դեռ չունի, նոր ձևավորված թիմը ևս հին կադրեր են, որոնք սերվել են Սերժ Սարգսյանի օրոք, իսկ վերջինս անվերապահ հավատարմություն է պահանջում: Իսկ թե ինչ կանի վարչապետը նման երկրի հետ, որի արտաքին պատքը գնալով ավելանում է, թերևս պարզ չէ, բայց երկրի նախագահը հայտարարում է՝ մեծացվեց արտաքին պարտքը, և դրա շնորհիվ 2010 թվականին աղքատության 35 տոկոս ցուցանիշը 2016-ին հասցվեց 29 տոկոսի: Նախագահին կարծես թե առանձնապես չի մտահոգում, որ դա վճարելու է երկրի՝ առանց այդ էլ օր օրի անվճարունակ դարձող ժողովուրդը: Բոլորս գիտենք, որ ներքին ռեսուրսները օգտագործելով չէ, որ հասել ենք աղքատության ցուցանիշի կրճատման , այլ բնակչության արտագաղթի հաշվին: Ու նման հայտարարությունը նախագահի կողմից ծաղր է, եթե չասենք ավելին: Մինչդեռ ներքին ռեսուրսները, որ կարելի է ու պետք է օգտագործվի, օլիգարխիայի կուտակած միլիարդներն են, որոնք մինչ այսօր որևէ կերպ չեն օգտագործվել հանուն երկրի, և որին, կարծես, ոչ ոք դիպչելու փորձ էլ չի անում: Հասարակությանն էլ արդեն հնարավոր չէ խաբել թվերով:
Հայրենի կառավարությունները հայտարարում են ինչ-որ տնտեսական աճի մասին: Ի վերջո հասարակությունն ուզում է զգալ տնտեսական աճը: ՀՀ-ն միջազգային կազմակերպությունների կողմից դիտվել է տարածաշրջանի ամենաաղքատ երկիրը: Աղքատության շեմի նվազեցման պնդումը ոչ մի հիմնավորում չունի, ընդհակառակը՝ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու խնդիրն օրվա հրամայական է: Մարդիկ պետք է զգան զարգացող երկրի զարկերակը:
Անի Գևորգյան
Դեկտեմբերին տեղի կունենա «Միացյալ Արմենիա» շարժման ընդլայնված ժողովը: Թե ինչ նպատակներ ու ծրագրեր ունի այն, «Հայկական վարկածի» հետ զրույցում ներկայացնում է Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
— Պարոն Արշակյան, որքան տեղյակ ենք, Դուք միացել եք նորաստեղծ «Միացյալ Արմենիա» շարժմանը: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է ներկայիս հայաստանյան ներքաղաքական դաշտը բարենպաստ՝ ձեր մտքերն ու գաղափարները կյանքի կոչելու համար, և արդյոք դրանք կարո՞ղ են արդյունավետ լինել այն հիմնախնդիրների լուծման գործում, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև:
— Սկսենք նրանից , որ այսօր քաղաքական դաշտը Հայաստանում ապաքաղաքականացված է՝ էապես: Մենք մեր ծրագրով փորձում ենք ավելի քաղաքականացնել նախընտրական կամպանիան, այսինքն՝ կոչ ենք անում Սահմանադրական փոփոխություններ անել` համապատասխանեցնելով մեր ներկա քաղաքական կյանքին և մեր քաղաքական ապագան արդիականացել: Սահմանադրությունը արդիականացնելով, համապատասխանացնելով մեր երկրի և մեր հայրենակիցների շահերին, մենք դրանով ներգրավում ենք քաղաքական ուժերին քաղաքական պայքարին: Ոչ թե անհատական, նեղ խմբակային, հայրենակցական, կամ, կարող եմ ասել, օլիգարխային պայքարին, այլ լուրջ քաղաքական խնդիրների լուծման ասպարեզ ենք հրավիրում: Եվ բացի դրանից, ի տարբերություն մեր մյուս սփյուռքահայ հայրենակիցների, որոնք որ կոչեր են արել՝ միանալու նախաձեռնությանը և միջամտելու Հայաստանի ներքին գործերին, այսինքն` վերահսկել ընտրությունները, կազմակերպել արդար և ազատ ընտրություններ, դրանք լուրջ միջամտություններ են ներքին գործերին: Սակայն խնդիրն այն է, որ դրան կից չի առաջարկվում մեխանիզմ: Այսինքն` սփյուռքահայությունը ցանկանում է մասնակցել Հայաստանի Հանրապետության կյանքին` առանց մեխանիզմների. կամային 100 հոգի հավաքվեցին, ուզում են մասնակցել` մասնակցում են, չեն հավաքվում 10 կամ 1000 հոգին՝ ոչինչ տեղի չի ունեում: Իսկ մենք առաջարկում ենք մեխանիզմ: Այդ Վերին պալատը լեգիտիմացնում և գործիք է դառնում մեր սփյուռքահայ հայրենակիցների ձեռքին, որպեսզի նրանք մասնակցեն Հայաստանի ներքին կյանքին օրինական ձևով` ընտրությունների միջոցով: Թե ովքեր են ուզում մանակցել` թո՛ղ համայնքներն ընտրեն իրենց ներկայացուցիչներին և ուղարկեն այստեղ: Դեռևս Գերագույն խորհրդի ժամանակ Հայաստանը և Արցախը մեկ տասնյակից ավելի արցախահայ պատգամավոր ուներ, որոնք ակտիվորեն մասնակցում էին Գերագույն Խորհրդիր աշխատանքներին: Այսինքն՝ այն ժամանակ նրանք ԳԽ-ի միջոցով նաև Արցախի քաղաքական կյանքին էին մասնակցում: Տեսե՛ք՝ ինչ է ստացվում. Արցախից և Սփյուռքից համամասնորեն ընտրված պատգամավորները կարող են մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին օրինական և լեգիտիմ ձևով` մեր առաջարկած փոփոխությունների շնորհիվ: Այսինքն` մոտավորապես ասենք` 50 տոկոսը կլինեն հայստանցիներ, մյուս 50 տոկոսը արցախցիներ և սփյուռքահայեր` Վերին պալատում: Նրանք, եթե հաջողվի այս ծրագիրը, որոշակի վետոյի իրավունք կունենան համազգային հարցերում: Ավելի պարզ ասեմ` ՀՀ Ազգային ժողովը, որը մաքուր Հայաստանի քաղաքացիներից է ձևավորված, եթե ընդունում է օրենքներ, որոնք հակասում են հայ ժողովրդի հավաքական շահերին, ուրեմն՝ նրանք վետոյի իրավունք ունեն: Այդ վետոն կարող է հաղթահարել, ասենք, օրինակ, 2/3-րդով կամ մեկ այլ թվով: Վետոն նույնպես կարելի է հաղթահարել, ինչը համազգային խնդիր է. դա առաջին: Երկրոդ`ՀՀ նոր Սահմանադրությունը, որն առաջիկայում նոր պետք է ուժի մեջ մտնի, Հայաստանի Հանրապետությունը դարձնում է ոչ իրավական պետություն: Այսինքն` իրավական պետությունը ենթադրում է, որ իշխանությունը բաժանված է իրար հավասարակշռող և հակակշռող ուժերի, որոնք են գործադիր, օրենսդիր և դատական մարմինները: Հիմա նոր Սահմանադրությամբ բոլոր այդ իշխանությունները ձևավորում է միայն Ազգային ժողովը: Միայն ԱԺ-ն է ընտրվում, իսկ մյուս մարմինները` նախագահը, վարչապետը, դատարանները նշանակովի են ու նշանակվում են Ազգային ժողովի կողմից, այսինքն՝ դա իրավական պետություն չէ: Մենք, վերին պալատ ստեղծելով, հույս ունենք, որ Հայաստանը կդառնա իրավական պետություն, որովհետև մեր պետության մեջ կլինի երկրորդ մարմին` ընտրված ժողովրդի կողմից: Դա լուրջ քաղաքական ծրագիր է և համախմբում է հայ ժողովրդին: Ե՛վ Հայաստանը և՛ Արցախը, բոլոր հայերի հայրենիքն է ոչ միայն օժանդակությունների և բարեգործության, այլ նաև իրավունքների իմաստով: Երկրորդ` Հայաստանի Հանրապետությունը դառնում է ավելի ժողովրդական` ունենալով Ազգային ժողովին հակակշռող երկրորդ պալատ` Վերին պալատը:
— Մեզ հետ զրույցում Արթուր Ալեքսանյանը նույնպես ասաց, որ նպատակը ժողովրդին համախմբելն է, քանի որ երկրում տիրող իրավիճակը կործանարար է: Սակայն նկատենք, որ տարիներ շարունակ ժողովրդին համախմբելու կոչեր և փորձեր շատ են եղել քաղաքական տարբեր ուժերի կողմից, և արդյունքում, նրանցից ոչ մեկին այդպես էլ չի հաջողվել այդ գործընթացն ավարտին հասցնել: Միամտություն չէ՞ կարծել, որ դա Ձեզ կհաջողվի:
— Մենք նպատակ չունենք՝ համախմբելու ամբողջությամբ հայ ժողովրդին մեր դրոշի տակ: Մենք կողմնակիցների ենք հրավիրում, ովքեր գտնում են, որ Հայաստանը, Սփյուռքը և Արցախը միասնական են, միասին ունեն խնդիրներ և միասին համատեղ ուժերով պետք է այդ խնդիրները լուծեն: Իհարկե, կան հակառակորդներ: Մենք նրանց համարում ենք հակառակորդ, նրանց ծրագրերը` խոտան, որոնց դեմ պետք է պայքարել: Միամտություն է ենթադրելը, որ բոլորն իրենց գործերը, իրենց ծրագրերը, իրենց պատվիրատուների տված հանձնարարությունները (կան նաև այդպիսիները չէ՞, ոչ բոլորն են ինքնաբուխ քաղաքական ուժեր, կան նաև դրածոներ-Ա.Ա.) կթողնեն ու կգան մեր դրոշի տակ: Ո՛չ, իհարկե: Մեր դեմ լինելու է լուրջ պայքար, որովհետև շահագրգիռ ուժեր կան, կլաններ, խմբեր, ինչ-ինչ միություններ, որոնց հարմար է այսպես թույլ Հայաստան ունենալ: Կեղեքվող Հայաստան է նրանց պետք, որովհետև իրենք կողոպտիչ են: Ուրեմն բնական է, որ նրանք մեր դեմ պայքարելու են, իսկ մենք հույսներս դնելու ենք մեր համախոհների, կողմնակիցների եռանդի, հմտության վրա և ժողովրդի մեջ մեր ընտրողների: Նրանք, ովքեր գտնում են, որ կարելի է սեփական ուժերով փոփոխություններ կատարել, ա՛յ, նրանց օգնությամբ մենք հույս ունենք, որ աստիճանբար, փուլ առ փուլ կհասնենք մեր նպատակին. Հայաստանը կլինի ինքնիշխան, միացյալ և ազատ:
— Կարծում եք՝ այսքան հիասթափությունից հետո ժողովուրդն այլևս կվստահի՞ նորաստեղծ շարժմանը:
-Ժողովուրդը չի կարող չվստահել, որովհետև ժողովուրդը հավաքական ինքնասպանություն չի գործում: Այսինքն՝ եթե առաջարկվում է գործ, որը կարող է համախմբել հայ ժողովրդին, համայն հայությանը, երկրորդ` գործիք է առաջարկում, ծրագիր է առաջարկում՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովդավարացնելու: Այդ դեպքում ժողովուրդն ինչո՞ւ պետք է չվստահի:Վստահությունը միայն հուզական կատեգորիա չէ, ժողովուրդը նաև գործին պետք է վստահի, չվստահել չի կարող, որովհետև նա դեռ ապագա ունի և այն պետք է ընտրի: Հիասթափվելը նորմալ է: Ես Ձեզ մի բան ասեմ` ժողովուրդն անընդհատ պետք է հիասթափվի իշխանությունից, դա առաջընթացի պայման է, հիասթափվել և փոխել, պարբերաբար իշխանությունը պետք է հեռացվի, հիասթափված ժողովուրդը պետք է իշխանությանը հեռացնի իշխանությունից, հույսով նորերին ընտրի, հետո նրանցից էլ հիասթափվի և նրանց էլ հեռացնի…:
— Պարո՛ն Արշակյան, Ձեր գաղափարները, բոլոր դեպքերում, նորամուծություն են հայաստանյան իրականության համար: Արձագանքներ եղե՞լ են իշխանությունների կողմից, հավանություն տրվե՞լ է դրանց, թե՞ ոչ:
— Իշխանությունների կողմից չեն կարող լինեն, որովհետև մենք իշխանափոխություն ենք առաջարկում:
—Այսինքն` ընդդիմադի՞ր եք:
— Մենք առաջարկում ենք իշխանափոխություն անել, ժողովրդավարացնել Հայաստանը, ինչը քրեաօլիգարխիկ համակարգի դեմ մեխանիզմ է: Բնական է՝ ովքեր քրեաօլիգարխիկ համակարգից են` չեն համաձայնի: Դա ընդդիմություն չէ, դա ՀՀ-ն առողջացնելու ծրագիր է, ու նրանք, ովքեր Հայաստանը հիվանդացնում են, նրանք դեմ կլինեն: Այսօրվա իշխանության կրողների վերջին հայտարարությունները, որ ասում են` Հայաստանը ծանր հիվանդ է, հարկավոր է բուժել, այդ մասին է վկայում: Իրենք են ասում, դուք չգիտե՞ք… Վարչապետն ասել է` ծանր է վիճակը, նախարարն ասել է` ծանր է վիճակը, ԱԺ-ում խոսելու ունակություն ունեցող պատգամավորներն, ովքեր կարող են մի քանի բառ իրար հետևից ասել, նրանք էլ են ասում` լավ չէ վիճակը, իսկ նրանք, ովքեր չեն կարողանում դա ասել, դեմքի արտահայտությունից երևում է, որ նրանք էլ են դժգոհ:
—Ասացիք՝ շարժումը քրեաօլիգարխիկ համակարգի դեմ է: Դուք կոնկրետ այդ համակարգի դեմ պայքարի մեխանիզմ կամ ծրագիր ունե՞ք:
-Ո՛չ, ծրագիր չունենք: Դա հետևանք է, քրեաօլիգարխիկ համակարգի սխալ կառավարման հետևանք է: Եթե մենք առաջարկում ենք ճիշտ կառավարման մեխանիզմներ, այդ համակարգը վերանում է, թուլանում է, իսկ ընդհարապես, Հայաստանում կան ռեպրեսիվ մարմիններ` օրինակ՝ դատախազություն, ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, հարկային ծառայություններ, նրանք բոլորը կոչված են՝ պայքարելու քրեաօլիգարխիկ համակարգի դեմ: Ա՛յ, նրանք չեն կարողանում պայքարել, որովհետև կառավարման համակարգը թերի է: Իսկ մենք առաջարկում ենք համեմատաբար կատարյալ համակարգ` իշխանությունների հավասարկշռող և հակակշռող մարմիններ, որոնք կնպաստենք քրեաօլիգարխիկ համակարգին իրենց տեղը դնելուն:
Հարզացրույցը վարեց Հասմիկ Կարապետյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 17-ին ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին: Հարցազրույցի այդ հատվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։
— Ձեր կարծիքով հնարավո՞ր է որևէ դիվանագիտական փոխզիջում և այդ հենքով՝ ամուր խաղաղության հաստատում: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ փոխզիջումը:
— Իհարկե: Սկզբունքորեն, Մինսկի խմբի ողջ գործունեությունը ուղղված է դրան: 2007-ին,- այն ժամանակ ես դեռ վարչապետ էի,- համանախագահները մեզ ներկայացրեցին առաջարկներ՝ կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը երեք սկզբունքների հիմքով. առաջին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, երկրորդ՝ պետությունների տարածքային ամբողջականություն, երրորդ՝ ժողովուրդների հավասարություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:
– Գլուխկոտրուկ…
– Ոչ: Ոչ մի դեպքում: Այդ սկզբունքները ոչ մի դեպքում չեն հակասում միմյանց: Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը`մայրաքաղաքին և ժողովրդին, որը հավաք կերպով բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից: Չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի, այս սկզբունքները միմյանց չեն հակասում: Այն բանից հետո, երբ մենք ստացանք համանախագահների առաջարկները, մենք՝ հայկական կողմերը, ասացինք, որ դա այն փաստաթուղթը չէ, որ մենք երազել ենք, բայց մենք համաձայն ենք այդ սկզբունքների և այդ փաստաթղթի շուրջ վարել բանակցություններ: Երկար ժամանակ Ադրբեջանը չէր համաձայնվում, եթե չեմ սխալվում՝ 2008-ի հունիսին,- դա իմ և Իլհամ Ալիևի միջև առաջին հանդիպումն էր,- ադրբեջանական կողմը տվեց իր համաձայնությունը: Սակայն վերադառնալով Բաքու՝ նրանք տարածեցին հայտարարություն, թե նման փաստաթուղթ ընդհանրապես գոյություն չունի: 2008թ․ խորհրդարանական ընտրություններից հետո մենք հավաքվեցինք Մոսկվայում, և Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ բանակցություններ վարեցինք Մայնդորֆում, ստորագրեցինք փաստաթուղթ, համաձայն որի՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքական ճանապարհով: Դրանից հետո բանակցային գործընթացը շարունակվեց, և մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ այդ երեք սկբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն՝ հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են՝ որպես անվտանգության գոտի: Այսինքն՝ այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն՝ դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական, իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով: Հետո գրված էր՝ ովքեր են մասնակցում…
— Այսինքն՝ հանրաքվե…
– Այո: Հանրաքվե: Հանրաքվե, և դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կենսագործումն է: Բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը ներկայացնում էր նորանոր պահանջներ: 2011-ին, կարծես, թվում էր, մենք պատրաստ ենք ստորագրել այդ փաստաթուղթը: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը զանգահարեց ինձ և Ադրբեջանի նախագահին, հաջողություններ մաղթեց: Ֆրանսիայի նախագահը Ադրբեջանի նախագահին և ինձ նամակներ հղեց նույն բարեմաղթանքներով: Իսկ Ռուսաստանի նախագահը անձամբ մասնակցում էր այդ բանակցություններին: Ցավոք, Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ սկբունքից:
— Այսինքն՝ Դուք հանդիպեցիք, որպեսզի ստորագրեք…
– Այո: Այո: Այո: Հաշվի առնելով, որ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները համոզված էին, որ մենք կստորագրենք: Բայց Ադրբեջանը հրաժարվեց…
— Դուք դուրս եկաք ստորագրելու փաստաթո՞ւղթը, ինչպե՞ս դա եղավ:
– Փաստաթղթերը պատրաստ էին: Ռուսաստանի նախագահը, բացելով այդ հանդիպումը, ասաց, որ շատ լավ է, որ հասանք այս օրը, որ խաղաղ համաձայնագիր է… Ելույթ ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը: Ապա ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահը, ասաց, որ, իհարկե, ուզում են, որ լուծումը լինի խաղաղ ճանապարհով, բայց դեռ հարցեր ունեն: Եթե չեմ սխալվում, թվարկեց 8, թե 9 կետեր:
Վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ հատկապես Մոսկվայից եւ Անկարայից հնչող հայտարարությունները թույլ էին տալիս ենթադրել, որ Ռուսաստանը շահագրգռված է բանակցություններում Թուրքիայի դերի մեծացմամբ, ինչին, բնականաբար, բոլորովին դեմ չէ Թուրքիան։
Մասնավորապես, հոկտեմբերի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում հայտարարեց, թե Անկարան ցանկանում է միանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին։ Սրան հաջորդեց հոկտեմբերի 14-ին ՌԴ արտաքին գործերի նախագահ Սերգեյ Լավրովի արած հայտարարությունն այն մասին, թե Անկարան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան կարգավորման մեջ։
«Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածություններին՝ անկախ ղարաբաղյան հակամարտությունից, մենք միայն ուրախ կլինենք, բայց մեր տպավորությունն այն է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացն առանցքային կլինի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն»,- մասնավորապես՝ ասել էր Լավրովը։
Միեւնույն ժամանակ, նաեւ, Լավրովը կարեւոր էր համարել այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ, եթե ապահովի «Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ապաշրջափակումը, ապահովի տարածաշրջանում նորմալ փոխգործակցությունը՝ տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային»։
Այսինքն՝ Սերգեյ Լավրովի այս հայտարարությամբ պաշտոնական Մոսկվան, փաստացի, առաջարկեց Թուրքիային ավելի խորը մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին՝ դրա փոխարեն՝ դադարեցնելով Հայաստանի շրջափակումը։
Սույն հարցի շուրջ Անկարայի հստակ դիրքորոշումը, սակայն, հնչեց բոլորովին վերջերս։ Մասնավորապես, նոյեմբերի 20-ին Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիշմեքը հայտարարեց, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը միայն այն դեպքում, եթե Երեւանը «դադարեցնի ադրբեջանական հողերի օկուպացիան»՝ նշելով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններն առանձնահատուկ բարձր մակարդակի վրա են։
Նույնը, պատասխանելով լրագրողների հարցերին, վերահաստատեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Վերջինիս խոսքով, Երեւանը պնդում է, որ սահմանների բացման եւ ղարաբաղյան հարցերը տարանջատվեն, այնինչ՝ «Ադրբեջանը եղբայրական երկիր է, Ադրբեջանի խնդիրները մեր խնդիրներն են»։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Անկարայից եւս մեկ անգամ վերահաստատում են իրենց դիրքորոշումը սահմանների բացման եւ ղարաբաղյան հարցերում։ Այն է՝ Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջադրելու իր քաղաքականությունը եւ հրաժարվում է դադարեցնել Հայաստանի շրջափակումը, մինչեւ հայկական կողմերը ղարաբաղյան հարցում զիջումների չգնան։ Սա նշանակում է, որ Սերգեյ Լավրովի շուրթերից հնչաց տեսլականը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ կարգավորման հարցում՝ բացելով սահմանները, իրական չէ եւ մերժվում է պաշտոնական Անկարայի կողմից։
Ավելացնենք նաեւ, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է՝ ապաշրջափակումը դադարեցնելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները պետք է տարանջատվեն եւ սահմանները պետք է բացվեն առանց այդ նախապայմանների։ Սա հենց այն է, ինչը պահանջվում է 2008-ին Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններով, որոնք, սակայն, թուրքական կողմը հրաժարվում է վավերացնել։
Վահե Ղուկասյան «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»
«Սա շղթա է, որը հնարավոր չէ կտրել, երբ որ կտրվեց, այս ամբողջ կծիկը կքանդվի և այս 20 տարիների ընթացքում որքան զոհ է եղել բանակում խաղաղ պայմաններում, այդ գործերը կբացահայտվեն: Շղթան հանցագործների շղթա է՝ սկսած պաշտպանության նախարարից և գլխավոր դատախազից»,- այս մասին այսօր «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը:
Նա նաև նշեց, որ իր որդու սպանության հետ կապված բոլոր փաստերը քննիչը շրջանցել է. «Նման գործ դատավորն իրավունք չուներ վարույթ ընդունելու, նրանք երկուսն էլ հանցագործներ են: Հանցագործության հետևում կանգնած են Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը»:
Անդրադառնալով Սեյրան Օհանյանի ընդդիմադիր դիրքերից հանդես գալուն՝ Հովսեփ Մուրադյանը նշեց, որ դա խաղ է. «Սա լոկ խաղ է ընդդիմադիր դաշտը փոշիացնելու համար: Սեյրան Օհանյանը երբեք ընդդիմադիր չի կարող դառնալ, որովհետև Սեյրան Օհանյանի «պոչը» իշխանության տակն է, ոնց ուզենան՝ կպտտեցնեն: Սա ժողովրդի աչքին թոզ փչել է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մարիաննա» ընկերության ՌԴ շուկայում հանդիպել է խոչընդոտների։
«Դուստր Մարիաննա» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցությանպաշտպանության պետական Հանձնաժողովին՝ հայտնելով, որ ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները խոչընդոտում են «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից «MARIANNA» ապրանքային նշանով կաթնամթերքների մուտքը ռուսաստանյան շուկա:
Ըստ «Դուստր Մարիաննայի» դիմում-բողոքի, ընկերությունը նախորդ տարի մասնակցել է Մոսկվայում կայացած «WorldFood Moscow» միջազգային ցուցահանդեսին, որտեղ առևտրային կազմակերպությունների հետ ունեցել է արդյունավետ հանդիպումներ և բանակցություններ` իր արտադրանքը ռուսական շուկաներում իրացնելու նպատակով: Սակայն շուտով ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները դիմել են «Դուստր Մարիաննային»՝ նշելով, որ իրենք հանդիսանում են «МАРИАННА» և «Marianne» ապրանքային նշանների իրավատերերը և հայկական ընկերությունը չի կարող այդ անվանումով արտադրանք ներկայացնել ռուսական շուկայում: Ընկերության ներկայացուցիչները պահանջել են նաև 10-օրյա ժամկետում հանել առկա ապրանքը ՌԴ խանութներից և ոչնչացնել այն, հակառակ դեպքում կդիմեն վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մեթոդների: Նշենք, որ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն դեռևս 1997-ից զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ և մշտապես հանդես է եկել այդ ապրանքանիշով, որը նաև 2007-ին գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից:
Հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել են, որ «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները կաթնամթերքի արտադրությամբ և իրացմամբ չեն զբաղվում և երբևէ չեն զբաղվել: Բացի այդ, «Մրցակցության պաշտպանության մասին» ՌԴ օրենքով արգելվում է որևէ ապրանքային նշանի գրանցումը, եթե այն ուղղված է մրցակից ընկերություններին շուկայից դուրս մղելուն: Տվյալ պարագայում տնտեսվարողը գրանցել է մի ապրանքային նշան, որը օգտագործել է ոչ թե իր արտադրանքը իրացնելու, այլ մրցակից տնտեսվարողների մուտքը շուկա սահմանափակելու նպատակով, ինչն օրենքի խախտում է՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Ըստ ՏՄՊՊՀ-ի, ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունների գործողություներն ուղղված են «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքի իրացումը ՌԴ-ում կանխելուն, հետևապես նաև մրցակցության սահմանափակմանը: Այդ իսկ նպատակով ՀՀ ՏՄՊՊՀ-ը դիմել է ՌԴ գործընկերներին՝ ներկայացված խնդիրը Ռուսաստանի մրցակցային օրենսդրության խախտման տեսանկյունից ուսումնասիրելու և հայկական արտադրանքի անարգել մուտքը ռուսական շուկա ապահովելու նպատակով:
«ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում տնտեսվարողները պետք է ունենան մրցակցային նույն հնարավորությունները և գործունեության հավասար պայմանները: Մենք օրենսդրության շրջանակներում պաշտպանելու ենք հայկական բարեխիղճ արտադրողների շահերը արտերկրում, որպեսզի վերջինները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը»,-իր խոսքում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝շեշտելով, որ նման խնդիրները ՀՀ մրցակցային մարմնի ուշադրության կենտրոնում են և երկկողմանիորեն՝ թե արտերկրի տնտեսվարողների համար Հայաստանում և թե տեղի գործարարների համար դրսում, պետք է գործի բացառապես արդար և հավասար մրցակցային պայմաններով աշխատելու հնարավորությունը:
«Ֆիլիպ Մորիսն» ընդդեմ «Գրանդ Տոբակոյի»
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին է դիմել «Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությունը՝ տեղեկացնելով, որ «Ֆիլիպ Մորիս» ընկերության պատճառով ՌԴ տարածքում հանդիպել է իրացման խոչընդոտների: Խնդիրն այն է, որ «Ֆիլիպ Մորիսը» դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ «Գրանդ Տոբակոյի», այն հիմքով, իբր վերջինս արտադրում է իր «Մալբոռո» ապրանքանիշին շփոթության աստիճան նման «Արարատ» անվանումով սիգարետները:
ՀՀ Մրցակցային մարմինը ուսումնասիրել է խնդիրը և պարզել, որ «Ֆիլիպ Մորիսը» Մոսկվայում մի շարք խոշոր խանութների հետ կնքել է պայմանագրեր, որպեսզի վերջիններս իրացնեն միայն իր արտադրանքը և դադարեցնեն համագործակցել «Գրանդ Տոբակոյի» հետ՝ հանելով վերջիններիս արտադրանքը շրջանառությունից:
Հանձնաժողովը գտնում է, որ երկու տեսակի արտադրանքների միջև շփոթության աստիճանի նմանություն առկա չէ, հետևապես ընկերությունը որևէ օրենսդրական նորմ չի խախտել: ՀՀ ՏՄՊՊՀ-ը խնդիրը ներկայացրել է նաև ՌԴ հակամենաշնորհային ծառայությանը, որը ևս պաշտպանում է ՏՄՊՊՀ տեսակետը՝ գտնելով, որ «Ֆիլիպ Մորիսը» իրավասու չէ նման գործունեություն իրականացնելու: Ըստ Հանձնաժողովի, «Ֆիլիպ Մորիսը» դրսևորել է նաև հնարավոր հակամրցակցային գործունեություն, քանի որ ՌԴ տարածքում գործող խոշոր խանութների հետ կնքել է պայմանգրեր՝ այլ արտադրողի, տվյալ պարագայում «Գրանդ Տոբակոյի» արտադրանքի իրացմանը խոչընդոտելու նպատակով:
Այս պահին, ՀՀ և ՌԴ մրցակցային մարմինները համատեղ հանդես են գալիս Մոսկվայի արբիտրաժային դատարանում՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումը՝ ընդդեմ «Ֆիլիպ Մորիս» ընկերության գործողությունների:
«ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում տնտեսվարողները պետք է ունենան մրցակցային նույն հնարավորությունները և գործունեության հավասար պայմանները: Մենք օրենսդրության շրջանակներում պաշտպանելու ենք հայկական բարեխիղճ արտադրողների շահերը արտերկրում, որպեսզի վերջինները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը»,-իր խոսքում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝շեշտելով, որ նման խնդիրները ՀՀ մրցակցային մարմնի ուշադրության կենտրոնում են և երկկողմանիորեն՝ թե արտերկրի տնտեսվարողների համար Հայաստանում և թե տեղի գործարարների համար դրսում, պետք է գործի բացառապես արդար և հավասար մրցակցային պայմաններով աշխատելու հնարավորությունը:
Ավստրիան բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով: «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարեց 2017 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Նա ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը` ռազմական նոր դրսևորումները բացառելու նպատակով, քանի որ դրանց կրկնությունը կարող է ճակատագրական լինել: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը Սեբաստիան Կուրցի հետ ԵԱՀԿ-ում Ավստրիայի առաջնահերթությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստան-Ավստրիա հարաբերությունների շուրջ:
-2017 թվականի հունվարից Ավստրիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը: Որո՞նք են լինելու ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության առաջնահերթությունները:
-Ես մի սերնդի ներկայացուցիչ եմ, ով, բարեբախտաբար, միայն պատմության գրքերից գիտի, թե ինչ բան է Սառը պատերազմը: Սակայն մեր օրերում մենք ականատեսն ենք լինում սառը պատերազմի բնույթ ունեցող թշնամանքի վերադրսևորման որոշ միտումների, հետևաբար մենք՝ թե՛ Ավստրիայի, թե՛ Կովկասի երիտասարդներս, պետք է տքնաջան աշխատենք ապահով և կայուն Եվրոպայի համար: Մեր նախագահության ընթացքում մեր գլխավոր թեման լինելու է «անվտանգության և վստահության ամրապնդումը»: Կկենտրոնանանք երեք ոլորտների վրա՝ տարածաշրջանային հակամարտություններ, արմատականացում և բռնի ծայրահեղականություն, վստահության վերականգնում: Ոչինչ ցույց չի տալիս միջազգային համակարգի թուլությունը, ինչպես բացահայտ ռազմական թշնամանքն ու տարածաշրջանային հակամարտությունները: Քաղաքացիներն ակնկալում են, որ մենք աշխատենք հանուն խաղաղության, հետևաբար մենք հատուկ ուշադրություն կդարձնենք ԵԱՀԿ տարածաշրջանում գոյություն ունեցող ձգձգված հակամարտություններին: Արմատականացումը և բռնի ծայրահեղականությունն այսուհետ մեր քաղաքացիների համար ամենամեծ մտահոգվելու առարկան են, և մենք հավատում ենք, որ պետք է ակտիվորեն համագործակցենք և կանխենք արմատականությունը դրա վաղ փուլում: Եվ վերջապես, այսօր հիմնական խնդիրներից մեկն էլ վստահության պակասն է: Սա լրջագույն խնդիր է ԵԱՀԿ-ում, սակայն, անշուշտ, ավելի լայն մակարդակում ևս:
-Ձեր ելույթներից մեկում գլոբալ անվտանգությանն ու կայունությանը սպառնացող երեք հիմնական սպառնալիքների մեջ նշել եք ռազմական հակամարտությունների աճը, ծայրահեղականության և ահաբեկչության աճը և պետությունների միջև վստահության մակարդակի նվազումը. որն է լինելու Ավստրիայի դերը այս երեք հիմնական սպառնալիքները հաղթահարելու գործում:
-Ինչպես տեսնում եք, մենք այս հիմնական սպառնալիքները ԵԱՀԿ նախագահության շրջանում վերածել ենք մեր հիմնական առաջնահերթությունների՝ հետևելով գործընկերների խորհրդատվությանը: Ավստրիան՝ որպես չեզոք երկիր, բարիդրացիական հարաբերություններ ունի շատ երկրների և մասնավորապես ԵԱՀԿ-ում 56 մասնակից պետությունների հետ՝ մի կառույց, որին իսկապես հավատում ենք և ցանկանում ենք ուժեղ տեսնել: Եվրոպան կրկին անվտանգ դարձնելու համար մենք պետք է վերադառնանք արմատներին և կենտրոնանանք անվտանգության ու համագործակցության վրա: ԵԱՀԿ-ն դրա կարևորագույն հիմքն է, և ներկա իրադրության պայմաններում, թեև բոլոր 57 մասնակից պետություններն էլ սեղանի շուրջ են և որոշումները կայացվում են կոնսենսուսի միջոցով, մարտահրավերները հսկայական են:
Սակայն, եթե գտնվեն միասնական լուծումներ և համաձայնություններ, դրանք հատկապես ամուր և ուժեղ կլինեն: Հետևաբար` մենք կաշխատենք զարգացնել ընդհանուր նպատակները, այլ ոչ թե բաժանարար դիրքորոշումները: Ավստրիան հին ավանդույթ ունի ՝ որպես երկխոսության վայր, և մենք ցանկանում ենք նպաստել անվստահության հաղթահարմանը: Կան մի շարք ծրագրված հստակ իրադարձություններ, և մենք հուսով ենք ստանալ ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների աջակցությունն այս ուղղությամբ: Վստահության ավելացման և գլոբալ առումով համագործակցության գլուխկոտրուկի լուծմանն ավելի մոտենալը նաև դրականորեն կազդի Հարավային Կովկասում ձգձգված հակամարտությունների վրա:
– Որպես ԵԱՀԿ գործող նախագահ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
-Միանշանակ է մի բան. հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի, և ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը՝ համագործակցելու, վստահություն և երկխոսություն հաստատելու համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, այլ ոչ ռազմական գործողության վրա: Բռնության ևս մեկ դրսևորում ճակատագրական կլինի, և միջազգային հանրությունը դրան կողմնակից չէ, բոլորը՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն, շատ հստակ դիրքորոշում ունեն այս հարցում: Մի շարք առաջարկներ քանիցս եղել են բանակցային սեղանին, իսկ վերջերս վստահության հաստատման միջոցների մասին որոշ գաղափարներ են ընդունվել, որոնք սպասում են կիրառման:
-Ունենալո՞ւ եք արդյոք որևէ առանձնահատուկ նախաձեռնություն, որը կարող է խթանել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ակտիվացումը:
-Ավստրիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման փնտրտուքներում: Թերևս չափազանց վաղ է խոսել հստակ նախաձեռնությունների մասին՝ շատ բան կախված է տարածաշրջանում զարգացումներից: Վիեննան այս տարվա մայիսին նախագահական գագաթնաժողովի անցկացման վայրն էր, մենք միշտ պատրաստ ենք կրկին բանակցություններ հյուրընկալել, եթե կա ցանկություն: Մենք Մինսկի խմբի անդամ չենք, սակայն կանենք առավելագույնը՝ աջակցելու Մինսկի գործընթացին: Մենք դա կանենք որպես ԵԱՀԿ նախագահ և որպես մի պետություն, որը շատ լավ հարաբերություններ ունի երկու ներգրավված երկրների հետ:
– Ե՞րբ եք ծրագրում այցելել Հարավային Կովկասի տարածաշրջան:
-ԵԱՀԿ նախագահի պաշտոնում ես, անշուշտ, կայցելեմ Հարավային Կովկաս և կգամ Երևան ու Բաքու: Դա կապված կլինի բանակցային գործընթացի առաջընթացի հետ: 2017 թվականին Ավստրիան նաև կնշի երկու երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը, ինչը լրացուցիչ խթան է՝ առաջիկա տարում ակտիվացնելու դիվանագիտական հարաբերությունները:
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Ավստրիա հարաբերությունների ներկա մակարդակը. ինչպե՞ս է ձեր գնահատմամբ ընթանում քաղաքական երկխոսությունը, ի՞նչ հեռանկարներ կան տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից:
-Ավստրիայի և Հայաստանի միջև փայլուն հարաբերություններ են: Մենք հաճախակի քաղաքական խորհրդակցություններ ենք ունենում. նախարար Նալբանդյանի հետ իմ վերջին երկկողմ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, իսկ դրանից միայն մի քանի օր անց մեր գլխավոր քարտուղարն ընդլայնված խորհրդակցություններ անցկացրեց Երևանում: Ավստրիան ամբողջությամբ աջակցում է Հայաստանի և Եվրամիության միջև ամենասերտ հնարավոր հարաբերություններին, հետևաբար մենք շատ գոհ ենք այն առաջընթացով, որը գրանցվել է Համընդհանուր համաձայնագրի շուրջ բանակցություններում: Բացի այդ, մենք լիակատար մշակութային համագործակցություն ունենք` հատկապես Երևանի Ֆրանց Վերֆելի անվան ավստրիական գրադարանի միջոցով:
Ավստրիական զարգացման համագործակցության շրջանակում Հայաստանն առաջնահերթություն համարվող երկիր է: Այդ պատճառով էլ 2014 թվականի սեպտեմբերին նախարար Նալբանդյանն ու ես Երևանում բացեցինք Ավստրիական զարգացման գրասենյակը:
Հարցազրույցը Արաքս Կասյանի
«Սեյրան Օհանյանն իմ մտերիմ ընկերն է, եթե նման բան նախաձեռնի, ինչու չէ, կարող ենք մտածել». Արթուր Ալեքսանյան
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առաջին աստիճանի Մարտական խաչի ասպետ-հերոս, գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրն իր համախոհների հետ հիմնել է «Միասնական Արմենիա» կազմակերպությունը։ Մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում նա ասել է, որ այդ գաղափարն իրենն է: «Հայկական Վարկածը»-ը Արթուր Ալեքսանյանից փորձեց ճշտել, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ նա որոշեց նման կառույց ստեղծել, քանզի, որքան հայտնի է, վերջինս գործարար շրջանակում աչքի էր ընկնում հաջողություններով:
— Պարո´ն Ալեքսանյան, Դուք գործարար աշխարհում ոչ միայն վատ չեք դրսևորել Ձեզ, այլև բազմաթիվ հաջողություններ եք արձանագրել, ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքական դաշտ:
— Մեր երկրի և ամբողջ հայ ազգի վիճակից ելնելով որոշեցինք նման կառույց ստեղծել: Մենք գոհ չենք այսօրվա վիճակից, այն համարում ենք կործանարար, դրա համար համախոհներով որոշել ենք շարժում սկսել ազգը համախմբելու համար:
— Վիճակը կործանարար է ասելով ի՞նչ նկատի ունեք:
— Այն, որ ահավոր վիճակում ենք հայտնվել այսօր, ժողովրդի վիճակը գնալով վատանում է և փրկությունը մեր համախմբվածության մեջ է:
—Որքան տեղյակ եմ` շարժման ծրագրերի մաս է կազմում Սփյուռքը, ի՞նչ դերակատարություն ունի նա այդ գործում:
— Արդեն ասել ենք, որ շարժման նպատակը ԱԺ-ում Վերին պալատ ստեղծելն է, որի մեջ ընդգրկված կլինեն սփյուռքահայերը: Շատ կարևոր է ապահովել սփյուռքի լեգիտիմ ներկայությունը Հայաստանի կառավարման համակարգում՝ մասնավորապես խորհրդարանում: Ամեն մի 100 հազարանոց համայնքից պետք է ընտրվի մի պատգամավոր` Սփյուռքից, Արցախից, նաև Հայաստանից:
— Սփյուռքում ինչպե՞ս են վերաբերվում Ձեր նախաձեռնությանը, արձագանքներ եղե՞լ են:
— Այո, բազմաթիվ արձագանքներ կան, շատ անհատներ ու կազմակերպություններ են միացել մեզ։
— Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, պատրաստվո՞ւմ եք հայտ ներկայացնել:
— Այո, չի բացառվում, որ «Միացյալ Հայաստանը» կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
— Պարոն Ալեքսայնան, արդյոք ճի՞շտ են այն լուրերը, որ մոտ ապագայում շարժմանը կարող է միանալ նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
— Սեյրան Օհանյանը ոչ մի հայտարարություն չի արել այդ մասին, ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում: Նա այս պահին քաղաքական դաշտում չի, իսկ եթե նման բան նախաձեռնի, իմ մտերիմ ընկերն է, ինչու չէ, կարող ենք այդ մասին մտածել…:
— Եթե նման առաջարկ չի եղել Ս.Օհանյանի կողմից, ապա որտեղի՞ց են սկիզբ առնում այդ լուրերը:
— Դրանք ինչ-որ շահագրգիռ մարդիկ են ստեղծում և պտտացնում, ես չգիտեմ, ճիշտ կանեք իրենցից հարցնեք:
— Ի սկզբանե որոշված էր, որ կազմակերպության ընդլայնված ֆորումը պետք է տեղի ունենար նոյեմբերի սկզբին: Եթե չեմ սխալվում, այն դեռևս չի էլ սկսվել, ո՞րն է պատճառը:
— Ֆորումը, որը պետք է տեղի ունենա հասարակական ու քաղաքական ուժերի մասնակցությամբ, ոչ թե նոյեմբերին, այլ դեկտեմբերի սկզբին պետք է անենք: Այդ ժամանակ էլ մեր շարժման մասին հանդես կգանք հայտարարությամբ:
— Որոնք են այն քաղաքական ուժերը, որոնց դուք դիտարկում եք որպես ձեր ապագա գործընկեր:
— Այս պահին չեմ կարող ասել, հայտարարություն կլինի, կիմանաք։
Զրուցեց Հասմիկ Կարապետյանը
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.