23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր առավոտյան դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարվել Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր:
Ադրբեջանի հերթական դիվերսիոն փորձը տխուր խորհրդանշականությամբ համընկնում է Հայաստանում ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ծավալված քննարկումներին: Ինչպես հայտնի է, Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց փուլային կարգավորման տարբերակի և փոխզիջումների այլընտրանքի բացակայության մասին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքոմ Հայաստանն ավելի է թուլանալու և ավելի վատ պայմանով է ստիպված լինելու հաշտության գնալ:
Այդ ելույթից հետո Հայաստանում սկսվեցին բուռն քննարկումներ: Տավուշի ուղղությամբ կատարված դիվերսիոն հարձակումը երևի թե պետք է դադարեցնի այդ քննարկումները: Հայաստանն այդպիսի քննարկումների շքեղություն ունենալ չի կարող, Հայաստանում կարող են քննարկվել միայն ավելի լավ պաշտպանվելու տարբերակները, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը հատկապես վերջին մի քանի տարիների իր գործողություններով չի թողել այլ տարբերակ: Այլընտրանք չունի ոչ թե փուլային տարբերակը, այլ Հայաստանում առավել հագեցած և առավել ընդգրկուն ու համակողմանի պաշտպանության կազմակերպման շուրջ քննարկումներն ու հանրային դիսկուրսի ծավալումը:
Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած դիվերսիան և զոհերը այդ իրողության հերթական ողբերգական արտահայտումն են: Հայաստանը գործ ունի մի պետության հետ, որի ղեկավարությունը բացահայտ ցինիզմով վարում է պատերազմական քաղաքականություն և շանտաժ, և որքան Հայաստանում, այսպես ասած, ծավալվի «հաշտության բանավեճ», այդքան նա իր շանտաժը համարելու է արդյունավետ և փորձելու է օգտագործել այն շարունակելու և առաջ մղելու ամեն մի հնարավորություն: Դրան Հայաստանի պատասխանը չի կարող այլ բան լինել, քան պաշտպանության արդյունավետության շուրջ քննարկումները:
Հայաստանը չունի ռազմատենչության կամ խաղաղասիրության խնդիր, Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին չի տալիս դրա հնարավորությունը: Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին պատերազմ է պարտադրում և պարտադրելու է, որի պարագայում խաղաղությունն ու հաշտությունը Հայաստանի դիտանկյունից արդեն դադարում են լինել հոմանիշներ: Ադրբեջանը չի տալիս խաղաղության այլ տարբերակի հնարավորություն, քան մշտապես պատերազմի պատրաստվելը:
Սա ամենալավ տարբերակը չէ, բացարձակապես ցանկալի տարբերակը չէ, սակայն սա անխուսափելի տարբերակն է, սա զոհերից հնարավորինս շատ խուսափելու միակ տարբերակն է, սա խաղաղությանը, թեկուզ համեմատական խաղաղությանը ամենամոտը լինելու միակ տարբերակն է: Առավել ևս այն պայմաններում, երբ ակնհայտ է նաև, որ Հայաստանը այդ խնդիրների առաջ կանգնած է տեսականում դաշնակցով և դաշնակիցներով, որոնք, սակայն, իրականում ավելի շատ բան արել ու անում են Ադրբեջանի, քան Հայաստանի համար:
Այդ իրավիճակում Հայաստանում լավագույն, արդյունավետ պաշտպանության դիսկուրսը պետք է ներառի նաև իրական, ոչ թե թղթերի, այլ շահերի վրա հիմնված դաշնակիցների հարցը, որոնց համար Հայաստանի շահերը լոկ մանրադրամ չեն, իսկ Հայաստանն էլ՝ լոկ ֆորպոստ:
Արցախի Քարինտակ գյուղի հարավ արևմուտքում գտնվող Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են նախնադարյան մարդու ազդոսկր և ձկան ողնաշարի մասնիկներ,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը: «Արցախը Հայկական լեռնաշխարհի այն տարածքն է, որը լի է պատմական հուշարձաններով: Պեղումները սկսկել ենք 2002 թվականին՝ Ազոխի քարանձավում, որտեղ 1960-ական թվականներին պեղումներ էին կատարում ռուսներն ու ադրբեջանցիները: Այն, ըստ էության, ոչ թե համալիր, այլ քարանձավ է, որտեղ 13 մետր խորությամբ մշակութային շերտ կա և պարունակում է մոտ 300.000 տարվա պատմություն: Այդ համալիրը բնակեցված է եղել վաղ նեանդերթալյան մարդու ժամանակաշրջանից: Ուսումնասիրեցինք նաև մյուս քարանձավները և առանձնացրեցինք Ալեքսանա Ղուզեն, որը գտնվում է անտառում: Ղուզե նշանակում է ստվերի տակ: Քարանձավն ունի եզակի նշանակություն: Այստեղ, ի տաբերություն Ազոխի, ԴՆԹ-ի պահպանման պայմանները շատ լավն են: Այսինքն, եթե գտնենք մարդու ոսկորներ, բեկորներ՝ 30.-40.000 տարվա վաղեմությամբ, ապա ԴՆԹ-ն անջատելու հավանականությունը շատ մեծ է, իսկ, ահա Ազոխի քարանձավի վերևի շերտը 100.000 տարվա հնություն ունի և մեր բազմաթիվ փորձերը ցույց տվեցին, որ ԴՆԹ անջատելն անհնար է, այն քայքայվել է: Սա նշանակում է, որ գենետիկական տվյալները չենք կարողանա համեմատել տարբեր շերտերում»,-նշեց հնէաբանական արշավախմբի ղեկավարը:
Անդրադառնալով հայտնաբերված նախնադարյան մարդու ազդոսկրին և ձկան ողնաշարի մասնիկներին՝ Լևոն Եպիսկոպոսյանը հայտնեց, որ Ալեքսանա Ղուզեն ունի հստակ տվյալներ՝ այնտեղ մարդու ապրելու վերաբերյալ. «Գործիքներ, ոսկորներ գտնելը դա ապացուցեց, իսկ անցած տարի էլ մեր նախնիներին պատկանող մեկ ատամ գտանք, որը 6-6.5 հազար տարվա վաղեմություն ուներ: Հաջողվեց պարզել նաև ԴՆԹ-ն: Այս գտածոն ևս մեկ անգամ վկայում է ժառանգական անընդհատության փաստի մասին: Հայտնաբերեցինք նաև ազդոսկրի բեկոր, որն այնքան էլ լավ չի պահպանվել, բայց հուսով ենք, որ որոշակի գենետիկական նյութ կգտնենք այդ գտածոյից: Գտել ենք նաև մոտ 70-80 սմ երկարություն ունեցող ձկան ող»,-մանրամասնեց բանախոսը:
Միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավարի հաղորդմամբ՝ շուտով մեծ հոդված կհրապարակվի արտասահմանյան գործընկերների հետ, որտեղ ցույց են տալիս անընդհատությունը. «Սա թույլ է տալիս պնդել, որ հայ ժողովուրդը կենսաբանորեն բնիկ ժողովուրդ է: Մենք 6-7 հազար տարի առաջ ապրած բնակչության հետնորդներն ենք»:
Հնէաբանի հաղորդմամբ՝ պեղումները շարունակական են լինելու և կատարվելու են տարբեր երկրներից ժամանած իրենց գործընկերների հետ.
«Այսպիսի փորձ կա: Երբ առանց գործընկերների ենք հոդված հրապարակում, ապա մեզ վրա են հարձակվում ադրբեջանցիներն ու թուրքերը, իսկ երբ աշխատանքը տպագրում ենք գործընկերների հետ՝ լռում են»:
Արցախի հյուսիսային դարպասը` Թալիշը, երկրի անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորներից է, ուստի Թալիշի վերաբնակեցումն ու վերականգնումը ռազմավարական նշանակության խնդիր է:
«Թալիշ-սահմանամերձ ավաններ» հայրենասիրական կազմակերպությունը կոչով դիմում է համայն հայությանը` համախմբվելու և անելու հնարավոր ամեն բան հանուն երկրի անվտանգության ապահովման և նրա սահմանների ամրապնդման:
Կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը, որն ազգությամբ հույն է, նույնպես թալիշեցի է: Նա 1993-1996 թթ. եղել է ՀՀ միգրացիոն գրասենյակի պետի տեղակալը և պետության ու հասարակության աջակցությամբ նախաձեռնել և հաջողությամբ իրականացրել է շուրջ 42 հազար տեղահանված արցախցիների վերադարձը Արցախ:
«Անկախն» այս տարվա ամռանն անդրադարձել էր Պոլատովի` Թալիշի վերաբնակեցման նախաձեռնությանը, ըստ որի՝ Արցախյան պատերազմի մի խումբ վետերաններ ցանկություն էին հայտնել վերաբնակվել ապրիլին հայաթափված այս գյուղում: Մեզ հետ զրույցում Պոլատովը տեղեկացրեց, որ նախաձեռնությունն ընթացքի մեջ է, և այժմ իրենք նաև կոչ են պատրաստել, որի տակ ստորագրել են Արցախի և Հայաստանի մի խումբ հեղինակավոր անձինք, այդ թվում՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և այլք: «Սա քաղաքացիական նախաձեռնություն է, որի կողքին կանգնած են Արցախը, Հայաստանի Հանրապետությունը և սփյուռքը»,-ասում է Պոլատովը` հավելելով, որ իրենց ծրագրի վերաբերյալ այս պահի դրությամբ հետաքրքրություն կա ոչ միայն հայկական երկու պետությունների իշխանությունների, այլև սփյուռքի հայ համայնքների կողմից, մասնավորապես՝ Լոս Անջելեսի հայությունից, Ֆրանսիայից, Շվեդիայից և այլն: Տոներից հետո արդեն իսկ առաջին խումբը` մոտ 40-50 վետերան, պատրաստվում է մեկնել Թալիշ՝ ապրելու և պաշտպանելու ռազմավարական նշանակության այս գյուղը: «Մենք ընտրել ենք մարդկանց, որոնք ունակ են դա անելու»,- ասում է Պոլատովը: Նրանց մեջ են ոչ միայն պատերազմի նախկին մասնակիցներ, այդ թվում և պրոֆեսիոնալ զինվոր-վետերաններ, այլև երիտասարդ կամավորներ, ինչն ամենաուրախալի փաստն է: «Այս պահին երկու երիտասարդական խմբեր կան, որոնք ուզում են գնալ Թալիշ: Մի խմբում մոտ 40 հոգի է, մյուսում` մոտ 20: Նրանց մեջ և՛տղաներ կան, և՛ աղջիկներ»: Եթե առաջին խմբերը հաջողությամբ հաստատվեն, Պոլատովը համոզված է, որ դա վարակիչ կլինի և ձնագնդի էֆեկտով կտարածվի ամբողջ Հայաստանում ու սփյուռքում: «Գյուղը կանգուն է, ընդամենը 15-18 տուն է քանդված: Նախկինում գյուղում ոռոգման, խմելու ջրի խնդիր կար. հիմա այդ խնդիրը լուծվել է: Ես վստահ եմ, որ Արցախի իշխանություններն իրենց առաջ գյուղը վերաբնակեցնելու և գյուղի ժողովրդին հետ բերելու խնդիր են դրել»,- ասում է նա:
Էդուարդ Պոլատովն իր կոչում գրել է, որ այսօր ադրբեջանական վայրագ ոտնձգություններից հայրենիքի պաշտպանությունը դառնում է օրախնդիր, և դա վերաբերում է հատկապես երկրի սահմանամերձ գոտիներին: «Փորձագիտական գնահատականների համաձայն` պոտենցիալ վտանգավոր շրջանների բնակչության հոգեկան վիճակի կայունությունը հիմնականում որոշվում է բնակչության խտության մակարդակով և այդ մակարդակի` կրիտիկականից ցածր նիշը սպառնում է բնակչության զանգվածային արտահոսքով: Ելնելով սրանից` անհրաժեշտ է արմատապես վերանայել երկրի տնտեսական կյանքն ու միգրացիոն քաղաքականությունը»,- ասում է Պոլատովը: Նա կարծում է, որ սահմանամերձ բնակավայրերում առաջին հերթին պետք է ստեղծել հատուկ ավաններ, որոնք կհամալրվեն նախևառաջ մարտական փորձ ունեցող վետերաններով, տարբեր երկրներից հայրենադարձված և պատերազմի բովում գտնվող այլ երկրներից եկած հայերով, Ադրբեջանից տեղահանվածների կարգավիճակ ունեցողներով և այլն:
«Առաջին նման բնակավայրը մենք ուզում ենք ստեղծել Թալիշում կամավորների օգնությամբ: Իրական պաշտպանություն զգալով` գյուղ կվերադառնան նաև տեղի բնակիչները»,- համոզված է Պոլատովը: Նշենք, որ թալիշցիների հիմնական մասն այս պահին Մարտակերտի շրջանում է` Ալաշանում, մի մասը` Մատաղիսում, իսկ մի հատվածը` Չարենցավանում: Նոյեմբերի վերջին տեղեկություններ տարածվեցին նաև, որ գյուղի մի խումբ բնակիչներ, հիմնականում՝ տղամարդիկ, վերադարձել են Թալիշ և բնակություն հաստատել` կատարելով գյուղի վերականգնման որոշ աշխատանքներ: Ավելի ուշ հնչեց Արցախի նախագահի հայտարարությունը հենց Թալիշում. «Գյուղը պետք է վերականգնվի և վերականգնվելու է ամենակարճ ժամանակում»: Նոյեմբերի 26-ին նախագահ Բակո Սահակյանը, այցելելով Թալիշ, տեղում աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց մի խումբ պատասխանատուների հետ: Նախագահին զեկուցվեց գյուղում ջրամատակարարման ցանցի, էլեկտրաֆիկացման վերականգնման մասին, հավաստիացվեց, որ ենթակառուցվածքների հարցում Թալիշը գոնե այս փուլում որևէ խնդիր չունի:
Գյուղի վերականգնման աշխատանքները նույն ակտիվությամբ շարունակելու համար Արցախի նախագահի կողմից նոր հանձնարարականներ տրվեցին։ Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյան էլ հայտնեց, որ առաջիկա ամիսներին Թալիշում մի քանի ուղղություններով կծավալվեն շինարարական մեծ աշխատանքներ, գյուղը կունենա առանձին մանկապարտեզ, հանդիսությունների տուն, կբարեկարգվի գյուղի ողջ տարածքը: Մի խոսքով` ԼՂՀ իշխանությունները վստահեցնում են, որ Թալիշը կարճ ժամանակ անց լիովին նոր տեսք ու նոր շունչ կունենա: Նշենք նաև, որ մեկ տասնյակից ավելի ճարտարապետներ Ստեփանակերտից, Երևանից և Մոսկվայից այդ օրերին Թալիշում էին և ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ու ԼՂՀ քաղաքաշինության նախարարի հետ միասին քննարկում էին գյուղի նոր հատակագծի նախագիծն ու վերակառուցման առաջին փուլի կազմակերպական աշխատանքները:
Այդ օրերին հնչեց նաև տեսակետ, որ Թալիշը կարող է ավանի կարգավիճակ ստանալ: Վիտալի Բալասանյանի խոսքով` Թալիշում բնակվելը լինելու է նույնքան անվտանգ, որքան Մատաղիսում և Մարտակերտում, քանի որ այսօրվա մեր պաշտպանական գիծը թույլ է տալիս ապահովել մեր բոլոր բնակավայրերի, առաջին հերթին՝ հենց Թալիշի անվտանգությունը: Նրանց, ովքեր թերահավատ են, Բալասանյանը հրավիրեց Թալիշ՝ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին մասնակցելու դպրոցի բացմանը և տեսնելու մի նոր հրաշք տարածք` իր բոլոր կառույցներով: Սա իսկապես այն դեպքն է, երբ պետական ու հասարակական ջանքերը պետք է մեկտեղվեն, ու եթե ճիշտ կազմակերպվեն և իրականացվեն այն միասնական ծրագրերն ու աշխատանքները, որոնց մասին խոսում են իշխանություններն ու «Թալիշ-սահմանամերձ ավաններ» ՀԿ-ի նախագահը, ապա մոտ ապագայում Թալիշը կվերականգնվի, բնակիչներն էլ կվերադառնան` ամուր փակելով գյուղի դարպասները հակառակորդի առջև: Իսկ քանի դեռ թեկուզ կիսով չափ բաց է՝ Արցախն անվտանգ չէ:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ ankakh.com
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է երեկ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության դեպքը՝ տեղի ունեցածը «սադրանք» որակելով:
Ինչպես նշում է ria.ru-ն, Պուտինը նախևառաջ իր ցավակցություններն է հայտնել սպանվածի ընտանիքին՝ հավելելով, որ Կառլովը փայլուն դիվանագետ էր ու վայելում էր գործընկերների հարգանքը:
«Ողբերգական բոթ է ստացվել Թուրքիայից, որտեղ ստորաբար սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Գենադիի Կառլովը: Ես նախևառաջ ուզում եմ խորին և անկեղծ ցավակցություններս հայտնել նրա ընտանիքի անդամներին և հարազատներին: Կառլովը փայլուն դիվանագետ էր ու շատ հարգված այն երկրում, որտեղ աշխատում էր: Նա շատ լավ հարաբերությունների մեջ էր թե՛ Թուրքիայի իշխանությունների, թե՛ քաղաքական մյուս ուժերի հետ: Տեղի ունեցած հանցագործությունը, անկասկած, սադրանք է, որի նպատակն է ձախողել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացը: Տեղի ունեցածի պատասխանը կարող է լինել միայն մեկը՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը, ինչը, հանցագործները սեփական մաշկի վրա կզգան»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև հավելել է, որ Քննչական կոմիտեն արդեն քրեական գործ է հարուցել դեսպանի սպանության առնչությամբ:
Կառլովի սպանությանն արձագանքել է նաև ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, որը Պուտինի հետ համակարծիք է այն հարցում, որ տեղի ունեցածի նպատակն է խանգարել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու Սիրիայում ահաբեկչության դեմ տարվող պայքարին:
Ria.ru-ն հավելում է, որ ՌԴ դեսպանի սպանության դեպքին արձագանքել է նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որը դատապարտել է տեղի ունեցածն ու ասել, որ դա «արմատական իսլամիստ ահաբեկչի» ձեռքի գործն է:
«Դեսպանի սպանությունը քաղաքակիրթ աշխարհի բոլոր նորմերի խախտում է, որը պետք է համընդհանուր դատապարտվի»,-նշվում է Թրամփի տարածած հայտարարությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ մահափորձն իրականացվել է լուսանկարչական ֆոտոմրցույթի ժամանակ: Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը նախքան այդ 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում, ոչնչացվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից:
Տեսանյութը դիտեք այստեղ։
Այս տարի չինական կամ ճապոնական հրոսկոպով Աքաղաղի տարի է: Չնայած պարծենկոտ աքաղաղը սիրում է շողոքորթություններ ու արկածներ, բայց ևայնպես խիստ տարի է սպասվում մեզ… բոլորը պետք է շատ աշխատեն, որպեսզի ապահովեն իրենց կյանքը… Ռիսկ, գործազրկություն։Առանց ջանքի երկնքից փող չի թափվի: Աքաղաղը խառնաշփոթություն չի սիրում…
Ռեակցիա…Զինվորական բարեփոխումներ… Չարաշահումների վտանգ: Աքաղաղը նաև կարգուկանոն է սիրում: Տարվա հերոսն առանց աշխատանքի գումար չի վաստակի, նա ստիպված է մինչև խոր ծերություն կտցահարել աղբահորերը սնունդ գտնելու համար: Առանց աշխատանքի փող չի «կտցի».
Անգութ ու եսասեր աքաղաղի համար տարին կարող է լինել կամ փայլուն, կամ նա ստիպված կլինի քամուն տալ իր վերջին բմբուլները։Այս տարի նրան հանգիստ կյանքի հույս չկա:
Առնետ
նրա համար ամեն ինչ լավ է ընթանում: Հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունները նրան քիչ են հուզում: Նա միայն մտածում է իր խրախճանքների մասին: Կարելի է հանգստանալ: Նա վերագտել է իր վստահությունը: Նորից եռանդով գործի կկպչի:
Ցուլ
Ցուլը սիրում է աշխատել, նրան փոփոխություններով լի , լավ տարի է սպասվում:
Վագր
Նա հիասթափված ու դժգոհ կլինի: Այս տարի իսկական խռովության տարի կլինի: Նա կշարունակի պայքարը:
Կատու
Նա աքաղաղին ծիծաղելի է համարում. նրա կեցվածքը նյարդայնացնում է կատվին: Նրան վատ տարի է սպասվում:
Վիշապ
Ինչպես միշտ, փայլելու առիթ կգտնի, բայց բանականությունը հետ կպահի նրան գործելուց:
Օձ
Խիստ տարի է: Օձը ծույլ է և պետք է ջանքեր գործադրի ապրելու համար: Նա հաճախակի կունենա հուսահատության պահեր:
Ձի
Թիկունքն ապահովված է…համարձակորեն կարելի է գործի լծվել:Ամեն ինչ լավ է ընթանում:
Այծ
Հրաժարվում է աշխատել: Այս տարի կապրի բոհեմական կյանքով:
Կապիկ
նրա տարին ավարտվեց: Շուրջը տեղի ունեցողը պակաս զվարճալի է, չնայած աքաղաղի ջանքերը հետաքրքիր են:
Աքաղաղ
Հեռանկարում լավ տարի է…շուրջը գունագեղ է թվում, բայց ավաղ պետք է աշխատել ապրելու համար: Նրա համար տարին կրկնակի խիստ է: Նա կգնա ռիսկի, կամ լավ, կամ շատ վատ կլինի տարին. միջին տարբերակ աքաղաղը չունի:
Շուն
Ծանր է տարին , բայց նա շարունակում է պայքարը:
Վարազ
Այս տարի նրան լուրջ փոփոխություններ են սպասվում:
Տարվա հիմնական գույներն են հողագույնը և ցորենագույնը՝ աքաղաղին հարազատ երկու գույներ. մնացյալ բազմագույնը լրացնելու է այս երկուսին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը:
Քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: Նշվել է նաև, որ այս տարի լույսերի միացման հանդիսավոր արարողություն նախատեսված չէ:
Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, կկազմակերպի Նոր տարվա դիմավորման տոնական ծրագիր, որը կուղեկցվի հայկական էստրադայի սիրված արտիստների ուրախ և տոնական երգերով ու պարային կատարումներով, իսկ ուղիղ կեսգիշերին հրավառությամբ կազդարարվի Նոր տարվա գալուստը։
Անդրադառնալով հասարակական տրանսպորտի աշխատանքին՝ նշվել է, որ Ամանորի գիշերը մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ն:
«Այս տարի տոնական հիմնական միջոցառումները տեղի կունենան Ազատության հրապարակում: Այստեղ կձևավորվի հեքիաթային սառցե քաղաք, որտեղ դեկտեմբերի 19-ից հունվարի 13-ը Ձմեռ պապը սիրով կհյուրընկալի բոլորին: Երեխաներն այստեղ հնարավորություն կունենան հետաքրքիր ժամանակ անցկացնել հեքիաթային քաղաքում: Բացօթյա միջոցառումներ կանցկացվեն նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում: Այս տարի մի շարք հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված նաև մասնավոր կազմակերպությունների հետ համատեղ», – նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ հունվարի 5-ին՝ ժամը 15:00-ից, հեքիաթային քաղաքի բեմահարթակում ելույթ կունենան մանկական սիրված խմբեր, փոքրիկ երգիչ-երգչուհիներ: Իսկ հունվարի 6-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում, Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ, Սուրբ ծննդյան տոնածիսական արարողությամբ կմեկնարկի ազգագրական երգի և պարի կատարումներով համերգային ծրագիրը:
Միջոցառումների ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական բաղադրիչին, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան օժանդակություն:
«Այս տարի հատուկ շեշտադրում է արվել սոցիալական նշանակության ծրագրերին: Մասնավորապես մայրաքաղաքի անապահով ընտանիքներին այս տարի ևս կտրամադրվի պարենային աջակցություն: Նվերների փաթեթներ են նախապատրաստված նաև շուրջ 40 հազար երեխաների համար: Բացի այդ, ևս 4000 երեխաներ էլ հնարավորություն կունենան անվճար այցելելու թատրոններ և դիտելու ամանորյա ներկայացումներ», – ընդգծել է Արամ Սուքիասյանը:
Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 18:00-ին:
Հունվարի 2-5-ը՝ ժամը 11:00-ից 17:00-ը, այցելուների համար բաց կլինեն նաև Երևան քաղաքի պատմության և Ժամանակակից արվեստի թանգարանները, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը:
Ամանորյա տոնական միջոցառումների ծրագրերի մասին բնակչությանն իրազեկելու նպատակով տեղեկատվական բուկլետներ կբաժանվեն մայրաքաղաքի հանրային, մարդաշատ վայրերում:
Այս տարի բուկլետում ներառված է «Օգտակար տեղեկություններ» բաժինը, որտեղ հատկապես մայրաքաղաքի հյուրերի համար ներկայացված է հունվարի 2-ից գործող սննդի և ժամանցի մի շարք վայրերի վերաբերյալ տեղեկատվություն:
Հավելյալ տեղեկությունների համար նշված են նաև էլեկտրոնային փոստի հասցեներ և հեռախոսահամարներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ադրբեջանամետ եւ թուրքամետ գրողները վարկաբեկում են Հայաստանն ու Սփյուռքը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է.
«Թուրքական եւ ադրբեջանական շրջանակները դժգոհ էին իմ վերջին հոդվածից, որտեղ ես վերլուծել էի նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հրապարակել է Էլմիրա Թարիվերդիեւայի՝ «Երեւանի ձախողված հեռախոսազանգը կամ ինչու Թրամփը չպատասխանեց» խորագիրը կրող մի ծիծաղելի հոդված: Թարիվերդիեւան «Թրենդ» գործակալության ռուսական ծառայության ղեկավարն է:
Ադրբեջանական հոդվածը լի է անիմաստ ու կեղծ պնդումներով: Հեղինակը, որը սահմանափակ գիտելիքներ ունի ամերիկյան քաղաքականության մասին, Փենս-Սարգսյան հեռախոսազրույցն անվանում է «աղետ»: Նա սխալմամբ պնդում է, որ Փենսը պարզապես պատասխանել է Սարգսյանի զանգին: Մինչդեռ, նորընտիր փոխնախագահ Փենսն ինքն է զանգահարել Սարգսյանին:
Իսկական աղետն այն է, որ չափազանց հարուստ Ադրբեջանի նախագահն անկարող կլիներ հեռախոսել նորընտիր նախագահ Թրամփի կամ նորընտիր փոխնախագահ Փենսի հետ առանց բարձր վճարվող վաշինգտոնյան լոբբիստների միջնորդության…
Ադրբեջանցի լրագրողը շարունակում է ավելի մեծ վիրպումներ թույլ տալ՝ պնդելով, որ Հիլարի Քլինթոնի պարտությունը «մեծ հիասթափություն էր Երեւանի համար: Հայտնի է, որ Քլինթոնը բավականին սերտ կապեր էր պահպանում Միացյալ Նահանգներում խոշոր հայկական Սփյուռքի հետ»: Էլմիրան շատ բան չգիտի ոչ Հայաստանի, ոչ էլ Սփյուռքի մասին: Հակառակ նրա կեղծ պնդումների՝ հայերի մեծ մասը չի աջակցել Քլինթոնին…
Թարիվերդիեւան նաեւ պնդում է, որ Երեւանը հիասթափված է, որովհետեւ Թրամփն ավելի շատ ծանոթ է Ադրբեջանին՝ նկատի ունենալով այդ երկրում նրա ներդրումները: Իմ կարծիքով, շատ վաղ է նման հավակնոտ եւ ինքնանպատակ ենթադրություններ անել: Ընդհակառակը, Թրամփը բազմաթիվ պատճառներ ունի ավելի կոշտ լինելու Ադրբեջանի հետ՝ բռնապետական ռեժիմի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների եւ Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների շարքերում բազմաթիվ ադրբեջանցիների մասնակցության պատճառով: Զավեշտալի է պնդել, որ Թրամփն ավելի բարեհաճ կլինի Ադրբեջանի նկատմամբ 323 150 դոլար արտոնավճարի պատճառով, որը նա ստանում է իր սեփականությունը չհանդիսացող Բաքվի «Թրամփ թաուերից»…
Մեկ այլ, ավելի լկտի հոդված էր գրել Ալեքսանդր Մուրինսոնը, որը ոչ ադրբեջանցի է, ոչ էլ թուրք, սակայն որոշակի կասկածելի պատճառներով, տարիների ընթացքում գրել է մի շարք հակահայկական ճամարտակություններ տարբեր հրապարակումներում: Մուրինսոնն իր «Լինկեդին» էջում այսպես է ներկայացնում ինքնիրեն. «Այժմ փնտրում եմ նոր [աշխատանք] հնարավորություններ…. Ադրբեջանա-թուրք-իսրայելյան համագործակցության փորձագետ…. Համարվում եմ Ադրբեջանի հրեաների առաջատար փորձագետ»: Մուրինսոնը աշխատում է Վաշինգտոնի անհայտ «BAU (Bahcheshehir) միջազգային համալսարանի» ֆակուլտետում, որը վերջերս հիմնադրվել է թուրք միլիարդատեր Էնվեր Յուչելի կողմից:
Նոր աշխատանք գտնելու եւ իր «Հայկական լոբբիի թույլ կապերը նորընտիր նախագահ Թրամփի հետ» վերնագրով հոդվածը հրապարակելու համար, Մուրինսոնը փորձում է հաճոյանալ աջակողմյան The American Spectator կայքին կեղծ պնդումներով, որ հայերը դեմ են Թրամփին, հետեւաբար հակապահպանողական են:
Ես ծրագրել էի հերքել Մուրինսոնի հայտարարությունները կետ առ կետ, սակայն որոշեցի թողնել, որ ինքն իր բառերեով բացահայտի իր կեղծ դատողությունները: Ահա նրա անիմաստ մտքի «գոհարներից» մի քանիսը.
– Ամերիկյան «հայկական լոբբիի օրակարգը մեծապես հակասում է ԱՄՆ ազգային շահերին եւ, որքան էլ տարօրինակ է՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն շահերին…. »:
– «Թուրքիան ԱՄՆ-ի առանցքային եւ անփոխարինելոի դաշնակիցն է Մերձավոր Արեւելքում…. »:
– «ԱՄՆ հայկական լոբբիի խոր մտահոգության եւ հիասթափության հիմքում կարող է լինել Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը: Տարածաշրջանի դիտորդների համար գաղտնիք չէ ամերիկահայ ակտիվիստների կողմից Թրամփի դեմ ուղղված կեղտոտ քարոզարշավը: Առցանց քարոզարշավում հպարտությամբ հայտարարվում էր, որ հայ աստղեր Շերը եւ Քիմ Քարդաշյանը անում են «հնարավոր ամեն ինչ» ընդդեմ Թրամփի, իսկ հայամետ հռչակավոր Ամալ Քլունին, որի հաճախորդների տարօրինակ ցուցակում ընդգրկված են եղել Հայաստանի կառավարությունը եւ Ջուլիան Ասանժը, ղեկավարել է Թրամփի դեմ ուղղված նախաձեռնությունները իր ամուսնու՝ Ջորջի հետ միասին»:
– «Թվում է, որ հայերի մտահոգության պատճառն այն է, որ Դոնալդ Թրամփը պարտական չէ Վաշինգտոնին բնորոշ հատուկ շահեր ունեցող խմբերի ցանցին: Նա կարող է տարածաշրջանում իրականացնել ավելի խորաթափանց մոտեցում՝ ելնելով ոչ թե որոշակի լոբբիի, այլ Ամերիկայի ազգային շահերից: Նա նույնիսկ կարող է սթափ հայացք նետել ԱՄՆ-ում հայկական քաղաքական ուռճացված ազդեցության վրա եւ նկատել նրա ավելի ու ավելի ակնհայտ անպատեհությունը»:
– «Հաջորդ պետքարտուղարը պետք է տարբերվի Մասաչուսեթսի երբեմնի հայամետ սենատոր Ջոն Քերիից, որն աջակցում էր իր հայ բարեկամներին …»:
Հաշվի առնելով նման անվերջ հարձակումները, ամերիկահայ քաղաքական կազմակերպությունները պետք է վճռականորեն հակազդեն նենգ ու զրպարտչական բոլոր հոդվածներին՝ գրված Էլմիրա Թարիվերդիեւայի եւ Ալեքսանդր Մուրինսոնի նմանների կողմից: Ժամանակն է ստեղծել Հայկական հակազրպարտչական հանձնաժողով»:
988թ. դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան Գյումրիի օդանավակայանից 15 կմ հեռավորության վրա, վայրէջքից մի քանի րոպե առաջ, բախվելով մոտակա լեռներին, կործանվեց Բաքվից Գյումրի թռչող ԻԼ-76Մ ինքնաթիռը: 69 ուղևորներից և անձակազմի ինը անդամներից փրկվեց միայն մեկը՝ ազգությամբ ադրբեջանցի Ֆահրադդին Բալաևը, ով բախտ էր ունեցել գտնվելու օդանավի պոչի հատվածում տեղավորած բեռնատար ավտոմեքենայի մեջ: Հայաստանի տարածքում սա արձանագրված ամենախոշոր օդային աղետն է, որի մասին Հայաստանում և նրա սահմաններից դուրս հավանաբար քչերն են տեղյակ:
Մանրամասները կշարադրեմ մեկ պարբերությունից, սակայն մինչ այդ բացատրեմ, թե ինչու եմ միայն 26 տարի անց անդրադառնում այս պատահարին: Ադրբեջանական CBC (Caspian Broadcasting Company) արբանյակային հեռուստաընկերությունը, որը հեռարձակվում է հիմնականում ռուսերենով (լուրերի թողարկումներ ունի նաև անգլերեն, հայերեն և պարսկերեն), դեկտեմբերի 11-ի երեկոյան հեռարձակեց մի ֆիլմ, որը պատմում էր ԻԼ-76Մ-ի կործանման մասին՝ ծայրից ծայր կեղծելով պատմությունը:
Բաքվից Գյումրի թռչող ինքնաթիռի կործանման մասին ժամանակին շատ քիչ բան է գրվել երկու պատճառով: Առաջին՝ Խորհրդային Միության տարիներին, անգամ 1988թ., օդային աղետների մասին ոչ միայն քիչ էին գրում, այլև փորձում էին դրանք թաքցնել հասարակությունից: Երկրորդ և հիմնականը՝ ԻԼ-76Մ-ի կործանումը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից ընդամենը չորս օր անց և, բնականաբար, 25 հազար մարդու կյանք խլած աղետի խորապատկերում, օդային այս պատահարը չէր կարող համընդհանուր ուշադրություն գրավել:
Ադրբեջանը միայն վերջին տարիներին է քարոզչական նպատակներով մեջտեղ բերել օդանավի կործանման դեպքը և դա փորձում է օգտագործել ընդդեմ Հայաստանի: Եթե նախկինում ադրբեջանական կողմը խորհրդավոր էր համարում ԻԼ-76Մ օդանավի աղետը, ապա այսօր ուղղակի մեղադրում է Հայաստանին, թե իբր օդաչուներին միտումնավոր տրվել են ոչ ճիշտ կոորդինատներ, որի հետևանքով օդանավը բախվել է լեռներին: Իրականությունն այն է, որ օդանավի կործանման պատճառը, ըստ «սև արկղի» և պաշտոնական եզրակացության, եղել է անձնակազմի սխալը: Փորձաքննությունը պարզել է նաև, որ անձնակազմը թռիչքից առաջ չի ունեցել բավարար հանգիստ, իսկ նախորդող օրերին կատարել է մի քանի անընդմեջ չվերթեր:
Ի դեպ, 1988թ. դեկտեմբերյան այդ օրերին Հայաստանում եղանակային պայմանները եղել են խիստ անբարենպաստ: Այդ օրերին կործանվեց ևս մեկ ինքնաթիռ, որը օգնության էր գալիս Հարավսլավիայից: Այն ընկավ Էջմիածին և Արմավիր քաղաքների միջև ընկած դաշտավայրում: Պնդումներ կան, որ կործանումից հրաշքով փրկվել է ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի օդանավը: Գորբաչովը երկրաշարժի օրը Նյու Յորքում էր: Նա դադարեցրեց այցը և ժամանեց աղետի գոտի՝ Գյումրի:
Բաքուն հայտարարում է, որ ԻԼ-76Մ-ը ադրբեջանական ինքնաթիռ էր, օգնության էր շտապում աղետյալներին, և «նենգ» հայերը խոցեցին այն: Իրականում, օդանավը պատկանում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարությանը՝ Լիտվայի տարածքում տեղակայված ռազմաօդային ուժերին: Օդանավի ողջ անձնակազմը՝ ինը հոգի, ռուսներ էին (ահա նրանց ազգանունները՝ Բրիլյով, Սոկոլով, Ռազումնի, Պլաշկին, Իվլև, Շերկով, Ռիբալչենկո, Ավիլով, Ալտուխով): Ադրբեջանական կողմը շարունակաբար հայտարարում է, որ օդանավում ադրբեջանցիներ էին, ինչը մասամբ է համապատասխանում իրականությանը: Կործանված օդանավի կազմը, իրականում, բազմազգ էր՝ 50 ադրբեջանցի, 13 լեզգին, 11 ռուս, երկու թաթար, մեկ հայ և մեկ հրեա: Բոլորը ԽՍՀՄ զինված ուժերի պահեստազորի ծառայողներ էին, որոնք Գյումրի էին գալիս փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով: Միակ փրկվածը՝ ադրբեջանցի Ֆահրադդին Բալաևը, մահացավ աղետից 22 տարի անց՝ 2010թ.: Ադրբեջանցիները հայտարարում են, թե օդանավի կործանումից հետո Բալաևին Գյումրիում միտումնավոր կերպով օգնություն չի ցուցաբերվել, մինչդեռ իրականությունն այն է, որ Գյումրիից ռազմական ինքնաթիռով նրան հասցրել են Մոսկվա, որտեղ բուժվել և վերադարձել է Ադրբեջան:
Դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ցնցել էր ողջ աշխարհը: Հայաստանը օգնություն էր ստանում ինչպես արտերկրից, այդ թվում՝ Սփյուռքից, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, այդ թվում՝ Ադրբեջանից: Ճիշտ է, ղարաբաղյան խնդիրն արդեն ջրբաժան էր գծել հայերի և ադրբեջանցիների միջև, տեղի էր ունեցել Սումգայիթի ջարդը, սակայն Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս գտնվում էին և մինչև 1991թ. գտնվելու էին ԽՍՀՄ կազմում: Աղետի օրերին Հայաստանում հավաքվեց ԽՍՀՄ ղեկավարությունը, որոնց մեջ էր նաև Ադրբեջանի առաջնորդ Աբդուռահման Վեզիրովը: Ճիշտ է նաև, որ երկրաշարժի առիթով Հայաստանի ժողովրդին և ղեկավարությանը ցավակցություն հղեց Ադրբեջանի կառավարությունը: Ավելին, Խորհրդային Հայաստանի կառավարությունը շնորհակալական դիպլոմի արժանացրեց նաև Ադրբեջանից եկած փրկարարներին (խումբը ղեկավարում էր Էմիլ Ախունդովը), ովքեր հաստատվել էին Գյումրիին մերձակա Ղարիբջանյան գյուղում և հիմնականում օգնում էին Ամասիայի շրջանի գյուղերին: Ամասիայի շրջանը ավելի քան 70 տոկոսով ադրբեջանաբնակ էր:
Իրականում, Ադրբեջանի օգնությունը Գյումրիի երկրաշարժին եղել է խիստ սահմանափակ երկու հիմնական պատճառով: Առաջին, ինչպես նշեցի, հայ-ադրբեջանական հակամարտությունը արդեն սկսվել էր, երկրաշարժի օրերին Բաքվից Երևան էին հասնում գնացքի վագոններ, որոնց վրա մեծ տառերով հայ ժողովուրդը երկրաշարժի առիթով շնորհավորանքներ էր ստանում: Այսօր էլ որոշ ադրբեջանցիներ համարձակվում են բարձրաձայնել, որ ամաչում են իրենց հայրենակիցների այդ զազրելի արարքի համար: Երկրաշարժից հետո Ադրբեջանի տարածքում թալանվում էին այն գնացքները, որոնք օգնություն էին բերում աղետյալներին ԽՍՀՄ զանազան քաղաքներից: ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ապրանքաշրջանառության շուրջ 85 տոկոսը իրականացվում էր Մախաչկալա (Դաղստան)-Բաքու-Նախիջևան-Երևան երկաթուղով:
Երկրորդ պատճառն այն էր, որ սգի մեջ գտնվող Հայաստանը չէր ցանկանում օգնություն ստանալ մի հանրապետությունից, որտեղ ամիսներ առաջ տեղի էր ունեցել Սումգայիթի ջարդը: Եղել են դեպքեր, երբ սահմանից հայերը հետ են ուղարկել Ադրբեջանից ուղարկված օգնությունը և այդ մասին իր «Կյանքի դասերը» գրքում մանրամասն գրել է այն ժամանակվա Հայաստանի կառավարության ղեկավար (վարչապետ) Ֆադեյ Սարգսյանը:
Երկրաշարժից տուժածներին օգնության նպատակով Ադրբեջանից առաջին ինքնաթիռը Գյումրիի օդանավակայանում վայրէջք է կատարել դեկտեմբերի 9-ի առավոտյան: Այսօր ադրբեջանական քարոզչությունը, խեղաթյուրելով իրականությունը, կեղծ լուրեր է տարածում, թե իբր այդ օդանավը վայրէջքից հետո 11 ժամ պահվել է Գյումրիի օդանավակայանում, հայերը օգնության եկած ադրբեջանցի փրկարարներին անգամ ջուր չեն տվել: Ադրբեջանական CBC հեռուստաընկերության պատրաստած ֆիլմում ասվում էր, որ «ադրբեջանցի փրկարար Վագիֆ Ախունդովը Գյումրիում փլատակների տակից դուրս է բերել մի ռուս երեխայի և մի ողջ հայ ընտանիքի՝ մորը և երկու երեխաների, սակայն հայերը ինչ-որ գործիքով հարվածել են նրա մեջքին», քանի որ ադրբեջանցի էր:
Անբարոյական կեղծիքները դրանով չսահմանափակվեցին: Ֆիլմում ասվում էր, թե իբր ֆրանսիացի փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են ադրբեջանցի սպանված երեխաների, որոնց նախքան դեկտեմբերի 7-ը դաժանաբար սպանել էին հայերը:
Ադրբեջանական կողմը այսօր կրկին շրջանառության մեջ է դրել 1988թ. դեկտեմբերի 11-ին կործանված Բաքու-Գյումրի օդանավի դեպքը՝ փորձելով հակակշռել և հավասարության նշան դնել այս տարվա նոյեմբերին Արցախ-Ադրբեջան շփման գծին մոտ տարածքում խոցված հայկական ուղղաթիռի միջև: Բաքվում հավանաբար մտածում են այս եղանակով մեղմել միջազգային հանրության արձագանքը, որը թեկուզ անուղղակի կերպով, դատապարտեց ադրբեջանական կողմի սադրիչ քայլը՝ ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռի խոցումը:
Աղբյուրը civilnet.am
Հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագիրն ու հիմնական թեզերը
«Իրազեկ քաղաքացիների միավորմանը» հաջողվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից ստանալ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին 2016թ. նոյեմբերի 30-ին ստորագրված համաձայնագիրը (որը հասանելի է այստեղ): http://uicarmenia.org/wp-content/uploads/2016/12/Hamadzaynagir-Miacyal-zorakhumb-arm.pdf
Ըստ համաձայնագրի եւ հրապարակված այլ տեղեկությունների, Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանը եւ ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսը միավորվում են զորքերի միացյալ խմբավորման մեջ:
Զորքերի կառավարումը
Զորքերի կառավարումը իրականացնելու է միացյալ խմբավորման հրամանատարը, ում, ՌԴ նախագահի համաձայնությամբ նշանակելու է ՀՀ նախագահը:
Խաղաղ ժամանակ միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվելու է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմի (կամ դրա իրական վտանգի) ժամանակ՝ կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին կամ ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։ Թե կոնկրետ ո՞ւմ է ենթարկվելու միացյալ խմբավորման հրամանատարը պատերազմի ժամանակ որոշելու են ՀՀ եւ ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարները: Պայմանագրով որեւէ կերպ սահմանված չէ, թե ինչ է լինելու, երբ երկու երկրների գերագույն հրամանատարները չգան ընդհանուր կարծիքի:
Միացյալ խմբավորման հրամանատարը հրամաններ է ստանալու ոչ միայն իր անմիջական վերադասից, այլ, նաեւ, երկու երկրների նախագահներից եւ պայմանագրով ամրագրված չէ, թե ի՞նչ պետք է արվի, երբ այդ հրամանները իրարամերժ են:
Փոխարենը, պայմանագրով հստակ է, որ միացյալ զորքերի կիրառման պլանը մշակվում է 102-րդ ռազմակայանի ու միացյալ զորքերի հրամանատարության կողմից: Համատեղ զորքերի կիրառման որոշումը պետք է կայացնեն ՀՀ եւ ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարները՝ համատեղ:
Միացյալ հրամանատարության պաշտոնական լեզուն լինելու է ռուսերենը:
Նպատակները
Ըստ պայամանգրի եւ դրան կից կանոնակարգի, միացյալ խմբավորման նպատակները լղոզված են ու անմիարժեք, իսկ դրանց մի մասը, պարզապես մտահոգիչ:
Այսպես, խնդիրների մեջ են ոչ միայն հնարավոր ագրեսիայի հետ մղումը կամ երկրների սահմանների պաշտպանությունը, այլ, անգամ «տեղեկատվական» ու «տեղեկատվահոգեբանական» միջոցների հակազդեցությումը: Դժվար է ասել, թե ի՞նչ գործողություններ են կանգնած այս, բավականին անմիարժեք խնդիրների հետեւում:
Սակայն, բացի պայմանագրով թվարկված խնդիրներից, դրանով նաեւ սահմանվում է, որ ՀՀ եւ ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները կարող են սահմանել այլ խնդիրներ եւս: Սա նշանակում է, որ անկախ պայմանագրում նշվածից, համատեղ զորախումբը կարող է ստանալ ցանկացած այլ նպատակ ու դրանից բխող հրաման:
Եվ եթե հաշվի առնենք, որ պայմանագրով բավականին անմիարժեք են սահմանված «ագրեսիայի անմիջական վտանգ» հասկացությունը եւ այն տարածքը, ուր գործում է համատեղ զորախումբը, երկու երկրների ղեկավարները կրող են, դրա վրա հիմնվելով, ընդհուպ մինչեւ Երեւանում ցույցեր ցրելու, կամ ասենք, Վրաստան ներխուժելու մասին հրաման տան:
Այնուամենայնիվ նշենք, որ հստակ է, որ միացյալ խմբավորման կիրառման որոշումը պետք է համատեղ կայացնեն Հայաստանի ու Ռուսաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները:
Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի դատարանի առջև կանգնեց «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը ‘ այսպես կոչված Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինը:
Ավելի վաղ (2014թ) հայտնել էինք, որ հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը’ հոլանդական դատարանին գանգատ էին ներկայացրել Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դիմաց, երեք տարի առաջ, թուրք-ադրբեջանցիների կազմակերպած երեքհազարանոց հանրահավաքում հնչած վիրավորական արտահայտությունների կապակցությամբ:
Առաջադրված մեղադրանքն ընթերցվելուց հետո, դեկտեմբերի 6-ի նիստը Ալմելոյի դատարանը հետաձգեց: Այն շարունակվելու է 2017թ. մարտի 3-ին, երբ պատրաստ կլինեն փորձագիտական եզրակացությունները՝ տեսաերիզը ուսումնասիրելու, պարզելու համար թե ինչ համատեքստում է արվել նման հայտարարությունը:
Դատավարության մանրամասների մասին մամլո հաղորդագրություն է տարածել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON):
«Նիդերլանդական օրագիրը» ևս հետամուտ է լինելու դատավարության ընթացքին և իր ընթերցողներին է տրամադրելու հանգամանալի մանրամասը տեղեկություններ:
Կես միլիոնից ավելի տպաքանակ ունեցող նիդերլանդներում հայտնի «Telegraaf» օրաթերթը «Հայկական հուշհամալիրի հակառակորդը դատարանում» վերնագրով հոդված է զետեղել:
Հաագայի 51-ամյա բնակիչը պատասխան է տալու Ալմելոյի դատարանին՝ համարյա 3 տարի առաջ հայկական հուշարձանների դեմ տեղի ունեցած հավաքում արտահայտած «Ղարաբաղը կլինի հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար, գրում է թերթը և ավելացնում, որ 2014 թվականի հունիսի 1-ին 4000 նիդերլանացի թուրքեր դեմ են եղել անցած դարի սկզբներին Ալմելոյի հայկական եկեղեցու մոտ Հայոց ցեղասպանության (Armeense genocide-մեջբերում բնագրից ‘ Ն.Օ) հուշարձանի տեղադրմանը: Կասկածյալը եղել է բանախոսերից մեկը, ով իր հայտարարությամբ բացահայտ չարաշահել է խոսքի ազատ արտահայտման իրավունքը, ըստ մեղադրանքի, նա հայերի դեմ բռնություն է հրահրել:
Նրա փաստաբան Պիտեր Պլասման գտնում է, որ իր պաշտպանյալը սոսկ արձանագրել է փաստ. «Հայերն այնտեղից վաղ թե ուշ պետք է հեռանան: Սա նաև ՄԱԿ-ի տեսակետն է».
Այնուհետև թերթը տեղյակ է պահել, որ դատական գործընթացը կշարունակվի 2017 թվականի մարտի 3-ին, երբ նաև հայտնի կլինեն փորձագիտական եզրակցությունների արդյունքները:
Հիշյալ դատավարության վերաբերյալ բավական հետաքրքրասիրություն էր հանդես բերել թուրքական կողմը, ովքեր դատական պրոցեսին էին ներկայացել մեծ խմբով՝ Հոլանդիայի, Բելգիայի, Գերմանյայի թուրքական մամուլի համար գրող լրագրողներով, առկա էր ադրբեջանական և թուրքական դրոշներն ու «օրվա հերոսը» Իլհամ Աշկինը, որոնց «ֆոնին» ցուցադրաբար լուսանկարներ էին արվում: Ավելացնենք, որ համերաշխության դրսևորման ագիտացիոն այս արշավը «փայլուն» կատարվեց: Եվրոպական գրեթե բոլոր թուրքալեզու լրատվամիջոցները՝ ավելացրած Ադրբեջանի և Թուրքիայի բազմաթիվ թերթեր, կատարեցին իրենց առաջադրանքը, գրեցին’ թե ինչի համար են դատում իրենց «գյոզալ» հայրենակցին: Ներքին ոգևորությունն այնքան մեծ էր, որ այս թերթերում հրապարակվեցին դատավարության երեք դատավորների լուսանկարը ( էթիկայի կանոնների խախտում):
Սա իհարկե արտաքին փայլն էր ու արտաքին այս հանգստության տակ, որքան էլ պարոն Աշկինը լուսանկարվեր իր այս, կամ այն հայրենակցի հետ, որքան էլ թուրքալեզու թերթերը գովերգեին նրա «համարձակությունն ու խիզախ արարքը» ու խոստանային, որ եկող տարի մարտին էլ են միմյանց հանդիպելու, այնուամենայնիվ ներքին հոգևիճակն ու հուսահատ քայլերը մատնում են նրան: Demet TV-հեռուստաալիքի հարցազրույցի ժամանակ նա հայտնել էր, որ իր խոսքի իմաստը ճիշտ չի մեկնաբավել և իրենք խնդիրներ չունեն Նիդերլանդների հայերի հետ: Իր ասածը վերաբերվում է սպանություններ գործած զավթիչ հայերին…
Եթե, իրոք Աշկինը հավատում է, որ իր խոսքերը նիդերլանդահայերին չեն վերաբերել, ապա թող նեղություն քաշի պարզել՝ ինքն ի՞նչ գործ է ունեցել նիդերլանդահայերի կառուցած հուշակոթողի շրջակայքում:
Երևի՞ նրա համար, որ «զավթիչ» հային տարբերակի մյուս հայերից: Ապա այդ դեպքում ինչու՞ են իրենք ( մեղադրյալ կողմը) առաջարկել դատավարությունում, որպես «մեկնաբանող-փորձագետ» ներգրվել էթնիկ թուրք պատմաբան Արմանդ Սաղին, և ոչ թե դատախազության ներկայացրած հոլանդացի թուրքագետ, Լայդենի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Յան Ցյուրխերին:
Հասկանալի է, մտավախություններ կան:
Ներկայացնում ենք այն նախապատմությունը, ինչի հետևանք է եղել այս դատավարությունը:
2014 թվականին Նիդերլանդների ամենամեծ հայ համայնք ունեցող Ալմելո քաղաքում որոշվեց բացել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշհամալիր:
Մինչ 2014թ. ապրիլի 24-ը տեղի թուրքական համայնքը, բողոք էր հղել քաղաքային իշխանություններին՝ հույսով, որ հուշհամալիրը կարգելափակվի: Այս փորձը ձախողվելուց հետո գործի է դրվում ավելի մեծ ծրագիր: Այս անգամ հունիսի 1-ին, Հոլանդիայի տարբեր վայրերից թուրքական լոբբին ավտոբուսներով՝ ըստ ոստիկանության տվյալների, մոտ 3000 թուրքերի էր բերել այս քաղաք: Ցուցարար թուրքերի ցանկությունն էր ճնշում գործադրել քաղաքական գործիչների վրա, որպեսզի վերջիններս համապատասխան քայլերի դիմեն:
Հենց այստեղ էլ հնչում են հակահայ լոզունգներ,( որոնցից մեկը դատարանում քննարկվող «Ղարաբաղը կլինի հայերի գերեզմանը» արտահայտությունը):
Թուրք-ազերիների միացյալ այս հանրահավաքը բումերանգի հետևանք է ունենում։ Հակառակ իրենց սպասածի մի խումբ քաղաքական գործիչներ հինգ խորհրդարանական խմբակցությունների անունից հարցեր են ուղղում արտաքին գործերի, սոցիալական հարցերի ու աշխատանքի (որը կրում է նաև ինտեգրացիայի պորտֆելը) և անվտանգության և արդարադատության նախարարներին: Ցեղասպանության վերաբերվող հարցից զատ, անրադարձ կար հիշյալ հանրահավաքի մասով: Նախարարներին հարց է ուղղվում թե արդյո՞ք նրանք տեղյակ են, որ տվյալ ցույցը կազմակերպվել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ, օրինակ, Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը (Diyanet İşleri Başkanlığı) ձրի ավտոբուսներ է տրամադրել հանրահավաքին մասնակցելու համար, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմանկից «Եվրոպայի թուրք դեմոկրատների միություն» (UETD — Union europäisch-Türkischer Demokraten) լոբբիիստական խմբավորումը ներգրավված է եղել հանրահավաքի կազմակերպման գործում և վերջապես բոլոր մզկիթներում կոչ է արվել մասնակցել այս հանրահավաքին:
Ափսոս, որ այս հարցադրմանը հետագայում ընթացք չտրվեց՝ իբր դժվար ապացուցելի և երկարատև ժամանակ խլող: Թեև «Նիդերլանդական օրագրի» պրպտումները ցույց տվեցին, որ այն ուղորդվել է Թուրքիայի կողմից:
Հուլիսի 2-ին (2014թ.)Օվերեյսելի մարզային խորհրդարանը, որի տարածքում է գտնվում Ալմելո հայաշատ քաղաքը , կայացած նիստում ընդունել է Հայոց Ցեղասպանությունը, նաև բանաձև, որտեղ հատուկ դիրքորոշում է արտահայտվում նույն թվականի ապրիլի 24-ին, ապա հունիսի մեկին Ալմելոյի հայկական եկեղեցու բակում տեղադրված հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ թուրք-ազերիների անցկացրած բողոքի ցույցերի կապակցությամբ (Հոդված ‘«Նիդերլանդների Օվերեյսել մարզային խորհրդարանը ճանաչել է հայոց ցեղասպանությունը» )
Մարզային իշխանությունների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելուց մեկ շաբաթ առաջ միայն
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, ֆեդերացիայի Ապրիլի 24-ի հանձնախումբը (ղեկավար Ինգա Դրոստ)
Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը դիմեցին դատարան՝ խախտված տեսնելով հոլանդական Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածը`խմբային զրպարտություն, խտրականություն և ատելության հրահրում։
Լուսանկարում՝ աջից առաջինը Իլհամ Աշկինն է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.