23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների կողմից այս օրերին արտահայտվում են որոշ անզգույշ դատողություններ, որոնցից մի քանիսն, իրենց վտանգավորության ու անարդարացիության պատճառով, արժանի են առանձնահատուկ ուշադրության։ Այլապես, խորանալու պարագայում, դրանք ընդունակ են վերջնականապես պառակտելու եւ հուսալքելու մեր հասարակությանը։
* * *
1. Նկատի ունենալով այն ակնհայտ իրողությունը, որ ընտրությունների արդյունքների վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել ընտրակաշառքի երեւույթը, շատերը փորձում են դրա մեղքը բարդել ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի վրա՝ չխորշելով անգամ վերջինիս ուղղված բարոյախոսական կշտամբանքներից։ Իմ նախորդ հոդվածում ես բավարարվել էի իշխանությունների սցենարով ապրիլի 2-ին բեմականացված խայտառակ միջոցառումը բնութագրել հետեւյալ հակիրճ քաղաքական ձեւակերպմամբ. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ» (iLur.am, 3.04.2017)։
Պահն է, թերեւս, բացելու փակագծերը։ Ժողովրդավարական երկրներում ընտրությունների ելքը վճռում են ոչ թե պետական վարչամեքենան, մեծահարուստների դասը կամ լյումպենացված զանգվածը, այլ բացառապես միջին խավը։ Կրկնում եմ, խոսքը վերաբերում է ժողովրդավարական երկրներին, եւ ոչ թե Հայաստանի պես բռնապետություններին, որտեղ միջին խավը պարզապես ոչնչացված է։ Երկիրն ամբողջությամբ գտնվում է կոռումպացված պետական պաշտոնյաների, պատժիչ իրավապահ մարմինների, մոնոպոլիստ ձեռնարկատերերի եւ քրեական հեղինակությունների ձեռքում, որոնք էլ լիովին տնօրինում են ճորտության կարգավիճակի մատնված ժողովրդի բախտը եւ հակաօրինական բոլոր միջոցներով պարբերաբար ապահովում իրենց վերարտադրությունը։
Հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտը, որքան էլ բարոյական ու սկզբունքային, չի կարող դիմադրել ընտրակաշառքի գայթակղությանը։ Դիմադրելու պարագայում ընտրակաշառքն ստիպելով կխոթեն նրա գրպանը՝ մեկին վախեցնելով բանակում ծառայող որդու վիճակի վատթարացմամբ, մյուսին՝ դպրոցում կամ բուհում սովորող զավակին նեղություն տալով, երրորդին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով եւ այլն։ Վստահաբար, ընտրակաշառք վերցնողների մեծ մասն այդ քայլին դիմել է ոչ այնքան փողի գայթակղությունից դրդված, որքան այդպիսի ճնշումներին չդիմանալու պատճառով։
Այնպես որ, որքան էլ բարոյական տեսակետից անընդունելի, ընտրակաշառք վերցնելու այլանդակ երեւույթի դրսեւորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին։ Մեղադրելու, անարգելու եւ կշտամբելու փոխարեն, ժողովրդին, ընդհակառակը, իշխանությունների կողմից նրա արժանապատվությանը հասցված աններելի հարվածի համար, պետք է միայն կարեկցել, հուսալով, որ մի երջանիկ օր այդ արժանապատվությունը կվերականգնվի։ Ապշելու բան է, թե Խորհրդային բռնապետության դեմ 1988-ին միահամուռ ոտքի կանգնած հպարտ ժողովրդին ինչպես կարելի էր ընդամենը երկու տասնամյակում, բառիս բուն իմաստով, ծնկի բերել։ Դա հնարավոր էր միայնումիայն նրան բացարձակ թշվառության մատնելու ճանապարհով, ինչը փայլուն կերպով իրականացրեց 2000-ական թթ. սկզբից Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը։
* * *
2. Լուրջ մտահոգության առարկա է նաեւ խաղաղության եւ պատերազմի երկընտրանքի շուրջ ծավալված բանավեճի առիթով սոցցանցերում եւ հատուկենտ լրատվամիջոցներում հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ սեպ խրելու նկատվող միտումը։ Այդ տեսակետից հատկապես վրդովեցուցիչ է հեղինակավոր կայքերից մեկում օրերս հրապարակված մի այլանդակ հոդված (hraparak.am, 7.04.2017)։ Այլանդակություն լինելուց բացի, այն հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ բացահայտ թշնամանք հրահրելուն միտված եղկելի սադրանքի տպավորություն է թողնում։
Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենեւին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու եւ երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաեւ Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձեւավորված խիստ բացասական վերաբերմունքը։ Վերջիններիս բարքերից ու ապօրինություններից հավասարապես տուժել եւ տուժում են ոչ միայն հայաստանցիները, այլեւ իրենք՝ ղարաբաղցիները։
Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները, եւ թե՛ զրկանքներն ու տառապանքները։ Դրանով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ղարաբաղցիներն ապրում են հայ-ադրբեջանական առճակատման առաջնագծում, սահմանային ընդհարումների ու գնդակոծությունների մշտական սպառնալիքի տակ, եւ այդ պատճառով ավելի սուր են ընկալում իրողությունները, ինչը հայաստանցիներից բացառիկ նրբանկատություն է պահանջում։ Բնական է նաեւ, որ հայկական պետականության երկու միավորների միջեւ լինեն մարտավարական հարցերի հետ կապված քաղաքական հակասություններ։ Դրանք միշտ էլ եղել են եւ սովորաբար լուծվել են Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարության փոխըմբռնման միջոցով։ Անթույլատրելին ու դատապարտելին այդ հակասությունները կենցաղային մակարդակի անհանդուրժողականության եւ փոխադարձ մեղադրանքների դաշտ տեղափոխելն է։
* * *
3. Եւ վերջապես, երրորդ մտահոգիչ հանգամանքը 1992–1994 թթ. Ղարաբաղյան պատերազմի բնույթի թերընկալման միտումն է, որն արտահայտվում է խաղաղության կողմնակիցներին եւ մասնավորապես ինձ ուղղված հետեւյալ հարցադրման մեջ. «Եթե այսօր մենք անիմաստ ենք համարում սահմանային ընդհարումներում տված զոհերը, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի ասել նշված թվականներին ունեցած մարդկային կորուստների մասին»։ Սա ցույց է տալիս, որ նման հարցադրում կատարողները տարրական պատկերացում անգամ չունեն Ղարաբաղյան պատերազմի եւ զինադադարից հետո տեղի ունեցող սահմանային բախումների էական տարբերության մասին։
Ղարաբաղյան պատերազմը մեզ պարտադրված պատերազմ էր, քանի որ Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանին միանալու՝ ղարաբաղցիների սահմանադրական պահանջին Ադրբեջանը պատասխանել էր բացարձակ բռնությամբ, որի շարունակական դրվագներն էին՝ Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերը, ինչպես նաեւ «Կոլցո» գործողությունը (1991թ. մայիս-հունիս), որի ընթացքում տեղահանվեց Ղարաբաղի 24 հայկական գյուղերի ողջ բնակչությունը։ Ուստի հայկական կողմին այլ բան չէր մնում, քան դիմել զենքի եւ, անվտանգության հուսալի գոտի ստեղծելով, կանխել Ղարաբաղի բնակչության բնաջնջումը կամ բռնի տեղահանումը։
Դա անշուշտ տեղի ունեցավ հազարավոր զոհերի արյան գնով, բայց դատելով պարտադրված լինելու հանգամանքից ու ձեռքբերված արդյունքից, դրանք միանգամայն իմաստավորված զոհեր էին՝ արժանի ողջ հայ ժողովրդի հավերժ երախտագիտությանը։ Բացի Ստեփանակերտին օրուգիշեր հրթիռակոծություններով սպառնացող Շուշիի ազատագրումից եւ Հայաստանի հետ ցամաքային կապի ապահովման նպատակով ձեռնարկված Լաչինի միջանցքի վերահսկողության անհրաժեշտությունից, Ղարաբաղը տարածքային ընդարձակման որեւէ այլ մտադրություն չուներ։ Եթե Ադրբեջանը դրանից հետո, իր ագրեսիվ գործողությունները շարունակելու փոխարեն, փորձեր բանակցությունների միջոցով Ղարաբաղի հարցում որեւէ փոխզիջումային լուծում գտնել, ապա տարածքային նոր կորուստներ չէր ունենա, ինչի համար պետք է մեղադրի ոչ թե հայկական կողմին, այլ միայնումիայն իրեն՝ մի բան, որ տարիներ շարունակ չի դադարում պնդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն միջազգային փորձագետ Վլադիմիր Կազիմիրովը։
Իսկ ինչ վերաբերում է 1998 թվականից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերում հայկական կողմի տված զոհերին, ապա դրանք, նույնքան թանկ ու ցավալի, որքան Ղարաբաղյան պատերազմի զոհերը, այնուամենայնիվ որեւէ առումով արդարացված ու իմաստավորված չեն, որովհետեւ արդյունք են ստատուս-քվոյի պահպանման՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած անհեռանկար ու հանցավոր քաղաքականության։ Անհեռանկար ու հանցավոր այն պատճառով, որ այդ քաղաքականությունը ոչ մի պարագայում Ղարաբաղի խնդրի ավելի լավ լուծման չի հանգեցնելու, քան մեզ առաջարկվում էր 1997 թվականին, կամ այդքան զուր ու անիմաստ կորուստներից հետո առաջարկվում է այսօր։
Եթե Ղարաբաղյան խնդրի ավելի շահեկան լուծման հնարավորություն լիներ, գուցեեւ կարելի էր համաձայնել պատերազմասերների ու ոչմիթիզհողականների պնդումներին։ Սակայն գործընթացի ձգձգումը եւ ստատուս-քվոյի պահպանումը պատճառ է դառնալու բազմաթիվ նորանոր զոհերի, որոնք որեւէ արժեցող նպատակի չեն ծառայելու, քանի որ, կրկնում եմ, ավելի լավ լուծում, քան այն, ինչ ներկայումս դրված է բանակցությունների սեղանին, այսուհետեւ չի լինելու։ Այլ բան ակնկալելը սին պատրանք է եւ մեծագույն հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ։
Ճշմարտությունն ասելու համար միշտ հարմար ժամանակ է, այսպես սկսեց իր ելույթը սենատոր Էդ Մարքին: Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում սենատորը նշեց, որ չնայած հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ բազմաթիվ հակասություններին, կա մեկ հարց, որի շուրջ իրենք միասնական են.
«Դեմոկրատներն ու հանրապետականները միշտ ուս ուսի տված պատրաստ են կանգնել մեր ընկեր եւ դաշնակից Հայաստանի կողքին»:
Երեկոյին ելույթ ունեցած Կոնգրեսի բազմաթիվ անդամներ ընդգծեցին՝ մենք ձեզ հետ ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նրանցից մեկն էր Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբին վերջերս միացած կոնգրեսական Սալուդ Քարբաջալը.
«Ես հասկանում եմ, քաղաքական որոշ սկզբունքներ թույլ չեն տվել ԱՄՆ-ին դեռեւս ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, դրանք արդար սկզբունքներ չեն: Արդար է ճշմարտությունը»:
Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն նշեց, որ ամոթով է հիշում, որ Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման հարցը դեռեւս բաց է մնում.
«Սակայն, մենք կհաղթենք: Կասկած չունեմ՝ կհաղթենք»:
Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի նախագիծ ներկայացրած կոնգրեսական Դեյվ Թրոթը հույս հայտնեց, որ ոչ միայն Կոնգրեսը կընդունի իր օրենքի նախագիծը, այլեւ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքերով, Թրամփը ավանդական քաղաքական գործիչ չէ, ու հայտարարությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը.
«Հույս ունեմ, նախագահ Թրամփը ճիշտ քայլ կկատարի եւ 102 տարի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն կանվանի»:
Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին է խոսել նաեւ ազդեցիկ դեմոկտրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ում հավաքվածները հատուկ ողջույնի արժանացրին.
«Այս նախագահը որեւէ խոստում չի տվել, նրա շուրջ դիվանագետներ եւ զինվորականներ չեն, որոնք կընդդիմանային Հայոց ցեղասպանության ճանաչմանը, եւ միգուցե դա կօգնի: Մենք պետք է համոզենք նրան, որ դա ճիշտ քայլ է, իսկ դա այդպես է, քանի որ մենք չենք կարող աշխարհի առաջատարը համարվել, եթե տարբերակենք, թե որ ցեղասպանությունները պիտի ճանաչենքլ, որոնք՝ ոչ»:
Ցեղասպանության փաստի հերքումը բուն ցեղասպանության վերջին քայլն է, քանի որ սկզբից բնաջնջում են մարդկանց, այնուհետեւ՝ դրամասին պատմությունը, համոզված է կոնգրեսական Բրեդ Շերմանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից կօգնի հենց թուրք ժողովրդին ընդունելիր պատմությունը.
«Գերմանիան ընդունեց իր անցյալը եւ դարձավ հզոր, զարգացած, ժողովրդավար մի երկիր, որտեղ բոլորն են ցանկանում ապրել: Թուրքիան, որը համառորեն ժխտում է ցեղասպանությունը եւ հայտնվել էծայրահեղական, ավտորիտար երկիր դառնալու ճանապարհին»:
Շնորհակալություն հայտնելով ամերիկյան օրենսդիրներին աջակցության համար, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգներում ճանաչվել է հազարավոր համայնքների, նահանգների եւ հաստատությունների մակարդակով:
Կոնստանդնուպոլսի (Ստամբուլի) Հայոց Պատրիարքի ընտրության հետ կապված գործընթացը մտել է մի փուլ, որը որքան էլ տհաճ, անցանկալի կամ գուցե նույնիսկ վտանգավոր զարգացումներով հղի, բայց և կանխատեսելի էր այն առումով, որ Թուրքիայի իշխանությունները պարզապես չէին կարող անտարբեր լինել Թուրքիայի հայ համայնքի կյանքում այս կարևոր իրադարձության նկատմամբ:
Այո, Թուրքիայի իշխանությունները թեև չեն հայտարարում այդ մասին, բայց Պատրիարքի ընտրությունները, նախևառաջ, համարում կամ գնահատում են որպես քաղաքական իրադարձություն: Ա՛յն առումով, որ ի տարբերություն իրենց կամակատար, պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնն, ըստ էության, արդեն կորցրած, բայց դրանից համառորեն չհրաժարվող Արամ սրբապիղծ Աթեշյանի (Արթին Աթեշի), ազդեցիկ և իրենց կամքին չենթակա մեկի ընտրության պարագայում Թուրքիայի հայ համայնքը կարող է համախմբվել նրա շուրջ, նաև ստվարանալ իրենց ինքնությունը բացահայտելու քայլին գնացող ծպտյալ հայերի շնորհիվ, և երկրի ներքին կյանքում ձեռք բերել այնպիսի կշիռ, ունենալ այնպիսի դերակատարություն, որ չի ունեցել մինչև այժմ:
Աթեշյանն արդեն ազատած կլիներ այն աթոռը, որն անարժանիորեն զբաղեցնում է, եթե չգործակցեր Թուրքիայի իշխանությունների հետ և, ուղղակիորեն թե անուղղակիորեն, չունենար նրանց հովանավորությունը: Փաստորեն, նա Հայաստանին թշնամի այդ երկրում ոչ թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մարդն է, այլ Թուրքիայի իշխանությունների մարդը:
Ինչպես արդեն հայտնի է, մարտի 30-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում մասնավորապես քննության են առնվել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում Պատրիարքական տեղապահի ընտրությունների առնչությամբ տեղ գտած վերջին զարգացումները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադարձ կատարելով ստեղծված իրավիճակին, ժողովականներին տեղեկացրել է նաև Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովի ատենապետ Տ. Եղիշե վարդապետ Ուչքունյանի և ատենադպիր Տ. Տրդատ քահանա Ուզունյանի կողմից մարտի 24-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածին առաքված գրության մասին, որով Ամենայն Հայոց Հայրապետին պաշտոնապես տեղեկացվել է մարտի 15-ին Պատրիարքարանում տեղի ունեցած ժողովի արդյունքում Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի` Պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրվելու վերաբերյալ:
Քննարկումների ավարտին Նորին Սրբությունը ծանուցել է Պատրիարքական տեղապահի ընտրությունն օրհնելու վերաբերյալ կայացված որոշման մասին, ինչը ողջունվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամների կողմից: Նույն օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովի դիվանին հղել է նամակ- պատգամ, որում մասնավորապես նշված է.
«Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին, հոգևոր ողջ դասին և պոլսահայ հավատավոր մեր բոլոր զավակներին: Մեր հորդորն ենք բերում ձեզ` խոհեմությամբ ու սիրո ոգով հաղթահարել առկա խնդիրներն ու խոչընդոտները և եկեղեցական կարգաց ու կանոնաց համաձայն գտնել բարվոք լուծումներ Պատրիարքական ընտրությունը իրականացնելու՝ ի նպաստ պոլսահայության կյանքում խաղաղության ու համերաշխության վերահաստատման»:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մարտի 30-ին, ըստ էության, հենց այս հարցով կամ առավելապես այս հարցով Գերագույն հոգևոր խորհրդի ժողով հրավիրելը (Գերագույն հոգևոր խորհրդի նախորդ ժողովը, ինչպես նաև Մայր Աթոռում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի և Արամ Աթեշյանի մասնակցությամբ հանդիպումները, ժողովները դրանից կարճ ժամանակ առաջ էին տեղի ունեցել), Պատրիարքական տեղապահի ընտրությունն օրհնելու վերաբերյալ Կաթողիկոսի որոշումը և այդ որոշման ողջունումը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների կողմից, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովի դիվանին հղված վերը մեջբերված նամակը, ըստ էության, իրենց մեջ պարունակում են նաև Արամ Աթեշյանին ուղղված ուղերձ:
Դրանք նշանակում են ոչ միայն օրհնություն, զորակցություն և աջակցություն Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին և Պատրիարքական տեղապահի պաշտոնում նրա ընտրության օրինականության ճանաչում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների կողմից, այլև, դիվանագիտական լեզվով, Արամ Աթեշյանին հասկացնում են, որ բա՛վ է, վերջապես ել, փասա-փուսեդ հավաքիր այն աթոռից, որն արդեն զբաղեցնում ես եկեղեցական կարգերին ու կանոններին դեմ գնալով:
Սակայն Արամ Աթեշյանը դրանից հետո էլ, ցավոք, մնաց անդրդվելի ու շարունակում է համառել: Պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից Պետրոս Շիրինօղլին, որը մեծ փողերի տեր է և Թուրքիայի իշխանությունների հետ սերտ կապեր ունի, Արամ Աթեշյանի պաշտպանը լինելով կամ, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի իշխանությունների դրդմամբ, անտեսելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հիշյալ որոշումը Պատրիարքական տեղապահի ընտրությունն օրհնելու վերաբերյալ, ինչպես նաև նշված որոշման ողջունումը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների կողմից, անտեսելով նաև Կաթողիկոսի հիշյալ նամակ- պատգամը, թուրքերենով գրած և Պոլսի հայկական «Ժամանակ» օրաթերթի 1-ին էջում լույս տեսած իր հոդվածով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահ Գարեգին սրբազանին կոչ է արել հրաժարվել իր այդ պաշտոնից:
Հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (խնամակալության ատենապետ) Պետրոս Շիրինօղլին իր հիշյալ կոչը «հիմնավորել է» գրեթե սպառնալիքով, որպեսզի` «համայնքի և Թուրքիայի պետության միջև հակասություններ չառաջանան»: Կարելի է հասկանալ, որ սա հենց Թուրքիայի իշխանությունների սպառնալիքն է` փոխանցված Շիրինօղլու միջոցով:
Վերջինիս այս կոչից առաջ կամ դրան զուգահեռ Պոլսի Հայոց Պատրիարքարանի ներկայացուցիչները՝ Արամ Աթեշյանը, Պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և հոգևոր հայր Տրդատ Ուզունյանը, Ստամբուլի «Ակօս» պարբերականի տեղեկացմամբ, հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ: Հենց այս փոխնահանգապետն էր, որ մարտի 15-ին պատրիարքական տեղապահի ընտրության օրը գրություն էր ուղարկել Պոլսո Հայոց Պատրիարքարան` նշելով կամ կարծես ցուցում տալով, որ «… այժմյան պատրիարքական փոխանորդը շարունակում է իր պաշտոնը և, պատրիարքի ընտրության հետ առնչված ավանդությունների համաձայն, այս պայմանների մեջ անկարելի է պատրիարքի ընտրության գործադրությունը»:
Մարտի 1-ին կայացած հիշյալ հանդիպման ընթացքում Ա. Մերջանը հիշատակել է Պետրոս Շիրինօղլուի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը` ասելով, որ նոր պատրիարքի ընտրության գործընթացը կարող է սկսվել միայն ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո:
Բացի այդ, Ստամբուլի փոխնահանգապետը հայտնել է, որ իրենք որևէ գրություն չեն ստացել այն մասին, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ճանաչվել է որպես «պատրիարք ի հանգստյան» և որոշում է ընդունվել պատրիարքի ընտրության գործընթաց սկսելու մասին: Իսկ ո՞վ պետք է այդ գրությունն ուղարկեր, եթե ոչ իրենց հովանավորյալ Արամ Աթեշյանը: Ի վերջո, այս պատճառաբանությունը ձևականություն է, որովհետև եթե նահանգապետարանը կամ կուսակալությունը նույնիսկ չի ստացել այդ գրությունը, ապա թեկուզ թուրքական մամուլի բազմաթիվ հրապարակումներից տեղյակ է եղել, որ Մեսրոպ Մութաֆյանը ճանաչվել է որպես «պատրիարք ի հանգստյան»:
Մաշալյանը հանդիպումից հետո «Ակօս»-ի հետ զրույցում ասել է, որ «ինչպես երևում է` առաջիկա 15 օրերը երկգլուխ են շարունակվելու»: Այսինքն` Արամ Աթեշյանը շարունակելու է հանդես գալ իբրև Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ, միաժամանակ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը ընտրված լինելով Պատրիարքական տեղապահ, մնալու է այդ պաշտոնում: Նույն Պատրիարքությունում այս երկու պաշտոնների միաժամանակյա գոյությունը դեմ է մեր Եկեղեցու կարգերին, կանոններն, ավանդույթին, եթե չասենք, որ իրավական առումով ընդհանրապես նոնսենս է:
Այս իրավիճակում ապրիլի 2-ին Գերմանիայից Կ. Պոլիս է վերադարձել Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի տեղեկացմամբ, չնայած պատրիարքարանում նախապատրաստվել էին ընդունելու Բեքչյանին, սակայն «Նորին Սրբազանությունը նախընտրել է չգնալ ու չիջևանել այնտեղ»: Ապրիլի 3-ին կայացել է Արամ Աթեշյանի և տեղապահի ընտրություններում հաղթած Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հանդիպումը, որից վերջինս, ինչպես ավելի վաղ հայտնել էր, մեծ ակնկալիք ունի: Սակայն, Արամ Աթեշյանի և Գարեգին Բեկչյանի հանդիպումը, ցավոք, որևէ դրական արդյունք չի տվել:
«Հանդիպումը կայացավ Արամ Աթեշյանի, Գարեգին Բեկչյանի և երկու ոչ եկեղեցականների մասնակցությամբ,- «Արմենպրես»-ին տեղեկացրել է «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը:- Արամ Աթեշյանն ասել է, որ թեպետ Գարեգին Բեկչյանն ընտրվել է տեղապահ, ինքն իր լիազորությունները չի կարող փոխանցել: Նա հայտնել է, որ Գարեգին Բեկչյանը, որպես տեղապահ, թող անի, ինչ կարող է: Ստացվում է, որ Գարեգին Բեկչյանը բոլոր լիազորությունները չի ստանձնում: Եթե նա գործելու կարողություն չունի, հրահանգներ չի կարող տալ, հետևաբար չի կարող պատրիարքի ընտրական գործընթացը նախապատրաստել»:
Անհասկանալի է, թե Գարեգին Բեկչյանը մասնավորապես ո՞ր լիազորությունները չի կարողանում ստանձնել, ինչո՞ւ չունի գործելու կարողություն, ինչո՞ւ չի կարող հրահանգներ տալ, հետևաբար նախապատրաստել պատրիարքի ընտրական գործընթացը, եթե ընտրված է տեղապահ, արժանացած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությանը, Արամ Աթեշյանն էլ ասել է, որ Գարեգին Բեկչյանը, որպես տեղապահ, թող անի, ինչ կարող է:
Բ. Էստուկյանը հայտնել է նաև, որ ապրիլի 2-ին վերադարձած Գարեգին Բեկչյանը, ինչպես նախատեսված էր, պետք է Հրաշափառի արարողությամբ մուտք գործեր Մայր եկեղեցի, սակայն նախորդ օրերին Արամ Աթեշյանը բոլոր քահանաներին լուր էր տվել` արգելելով մասնակցել արարողությանը: Նույնիսկ փորձել են եկեղեցու դռները փակել:
«Եկեղեցու դռները բացվեցին, երբ եկան Գարեգին Բեկչյանը և Սահակ Մաշալյանը,- ասել է Բ. Էստուկյանը:- Նախատեսված արարողությունը չեղավ, միայն աղոթք հնչեց: Մեր եկեղեցու համար բավական դժբախտ օրեր ենք ապրում, պատմության մեջ ամոթով հիշվելու արժանի օրեր ենք ապրում»:
Թե այս իրավիճակում ի՞նչ քայլեր է կատարելու Գարեգին Բեկչյանը, դեռ պարզ չէ, սակայն միանշանակ է, որ ազգային եկեղեցական կյանքում այս անբարոյականության, հակաքրիստոնեական վարքի, խայտառակության և վտանգավոր իրավիճակի ստեղծման պատասխանատուն Արամ սրբապիղծ Աթեշյանն է: Թեև ապրիլի 1-ին Ստամբուլի փոխնահանգապետի հետ հանդիպմանը նշվել է, որ ապրիլի 16-ին կայանալիք Թուրքիայի սահմանադրական հանրաքվեից հետո անդրադարձ կարվի պատրիարքի ընտրությունների գործընթացին, սակայն ժամանակն է Արամ սրբապղծին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրավիրելու և այդ ինքնակոչին ամենայն խստությամբ իր տեղը ցույց տալու: Բացառված չէ, որ նա հիմա Թուրքիայի իշխանությունների կամ հատուկ ծառայությունների առաջադրանքն է կատարում` նպատակ ունենալով նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա Կ. Պոլսի նվիրապետական աթոռի միջև սեպ խրել, թեկուզ միայն իր անձի մակարդակով գժտություն և երկպառակություն առաջացնել:
Սիրիական Իդլիբ նահանգում ենթադրյալ քիմիական հարձակման զոհերի թիվը հասել է 72-ի՝ այդ թվում 20 երեխա և 17 կին: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանի իրավապաշտպանների տվյալներով՝ զոհերի թիվը հնարավոր է աճի, քանի որ դեռևս կան անհետ կորած անձինք:
Հարձակումը տեղի է ունեցել երեկ առավոտյան՝ զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Խան Շեյխուն քաղաքում: Սիրիացի ակտիվիստները կասկածներ ունեն, որ սիրիական բանակի կամ ռուսական օդուժի կողմից հարձակման ժամանակ օգտագործվել է քիմիական զենք:
Այդ հարվածներից անմիջապես հետո մարդիկ գետնի վրա սկսել են խեղդվել: Ականատեսների վկայությամբ՝ շատերը մահացել են շնչառական խնդիրների պատճառով, տուժածների մի մասը անշարժ փռվել են գետնին, մյուսների բերաններից փրփուր է թափվել:
Ընդդիմադիր ակտիվիստները պնդում են, որ օդուժը հրթիռներ է արձակել նաև տեղի հիվանդանոցների ուղղությամբ, որտեղ օգնություն էր ցուցաբերվում տուժածներին:
Սիրիական զինուժը հայտարարում է, որ առնչություն չունի հնարավոր քիմիական հարձակման հետ, ռուսաստանցի զինվորականների պնդմամբ՝ սիրիական օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների խոշոր զինապահեստների վրա, որտեղ քիմիական զենք էր պահվում: Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ քիմիական զինամթերքը ուղարկվել է Իրաք, ինչպես նաև անցած տարեվերջին զինված ընդդիմության կողմից օգտագործվել սիրիական Հալեպում:
Այսօր Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ են մտցրել Իդլիբում քիմիական զենքի օգտագործումը դատապարտող բանաձևի նախագիծ, որով գազային հարձակման ամբողջ պատասխանատվությունը դրվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի վրա: Նախագծում մասնավորապես ասվում է, որ Սիրիայի կառավարությունը պետք է ապահովի միջազգային հետաքննության անցկացում, ինչպես նաև տրամադրի ավիաբազաների հասանելիություն, որտեղից գործել է հարձակումն իրականացրած օդուժը:
Հարձակումը դատապարտել են արևմտյան գրեթե բոլոր երկրները: Պաշտոնական Վաշինգտոնը մեղադրանքների սլաքն ուղղել է նաև Ռուսաստանի և Իրանի կողմը:
«Որպես հրադադարի ինքնահռչակ երաշխավորներ՝ Ռուսաստանն ու Իրանը բարոյական մեծ պատասխանատվություն են կրում այդ զոհերի համար», — հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, պաշտոնական Մոսկվային ու Թեհրանին կոչ անելով օգտագործել իրենց ազդեցությունը սիրիական ռեժիմի վրա՝ բացառելու նման ողբերգական միջադեպերը ապագայում:
Թիլերսոնի խոսքով՝ տեղի ունեցածը ցույց է տալիս, թե «ինչպես է գործում Ասադը՝ դաժան, անխիղճ, բարբարոսաբար»:
Սիրիական բանակին նախկինում էլ են մեղադրել քիմիական զենքի կիրառման մեջ: Անցյալ օգոստոսին ՄԱԿ-ի հովանու ներքո գործող քննչական խումբը պարզել է, որ կառավարական զորքը առնվազն երկու անգամ թունավոր գազ է կիրառել: Սիրիայի իշխանությունները կտրականապես հերքում են արգելված նյութերի օգտագործումը:
Պաշտոնական Դամասկոսը, հիշեցնենք, համաձայնել էր ոչնչացնել քիմիական զենքը դեռևս 2013 թվականին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնության արդյունքում:

«ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը փակուղի է մտել: Մարտի 24-ից նախաքննություն իրականացնող մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում: Ավելին՝ մինչ օրս գործով ընդամենը մեկ անձ է ցուցմունք տվել կալանավորված անձանց դեմ, մյուսները որեւէ ցուցմունք չեն տվել: Նրանց դեմ ցուցմունք տվող անձի ինքնությունը ԱԱԾ-ն դեռ գաղտնի է պահում:
Ինչ վերաբերում է այս գործով գաղտնալսումներին, որոնք ըստ էության հիմք են դարձել, որպեսզի իրավապահները կալանավորեն վերոնշյալ անձանց, ապա այնտեղ էլ կոնկրետ փաստեր չկան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ ձայնագրությունների մեջ ընդհանրապես զենքի մասին խոսք չի եղել: Սակայն քննիչներն ասել են, թե իրենք ենթադրում են, որ ինչ խոսել են՝ հենց հրթիռի մասին է»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը հայտնեց, որ մարտի 24-ից մինչ օրս իր պաշտպանյալի մասով որեւէ քննչական գործողություն չի իրականացվել։ Ավելին՝ պաշտպանից տեղեկացանք, որ նա ապրիլի 3-ին գնացել է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ եւ հանդիպել իր պաշտպանյալի հետ. «Սանասար Բաղդասարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն վերջինս խոսք է ուղղել «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից, որը անպայման կցանկանայի փոխանցել. «Ավելի քան 20 տարի կռվել եմ հայրենիքի համար, լինելով փոխգնդապետ՝ պայքարել եմ հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, եւ շատ ցավալի է, որ այսօր իմ անձի հետ կապված մեղադրանքներ են հնչեցնում, թե ես պայթուցիկ սարք եմ բերել եւ ցանկացել եմ այդ սարքով պայթեցնել երկրի նախագահի ինքնաթիռը կամ պետությանը վնաս տալ։ Շատ վիրավորական է, որ իմ հասցեին նման հայտարարություններ են արվում, ինքս ինձ երբեք նման բան թույլ չէի տա եւ անգամ մտքովս չէի կարող նման բան անցկացնել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ինչքան էլ ռեյտինգային թեկնածուները պնդեն, թե իրենք կուսակցության գիծն են առաջ տանում, միևնույն է՝ նույն կուսակցության մեջ նրանք համառորեն պայքարում էին իրարից ձայն խլելու համար: Ձայների թվով առավել առաջատար են ռեյտինգային այն թեկնածուները, ովքեր տիրապետում են ֆինանսական լուրջ ռեսուրսների: Չնայած չի կարելի չասել , որ արդյունքների համար որոշիչ եղավ նաև ճանաչվածության գործոնը:
Արդյունքում մենք ուենք ոչ ավելի արդյունավետ գործելու ունակ խորհրդարան քան նախկինն էր: Հայաստանը փոքր երկիր է, և մեզ մոտ տեղի ունեցող իրադարձություններից բոլորն են տեղյակ:
10 հազար դրամ ընտրակաշառքով են ընտրվել թե՛ ՀՀԿ-ի և, թե՛ «Ծառուկյան» դաշինքի բարձր քվեներ ստացած գրեթե բոլոր թեկնածուները: Այս իմաստով թերևս բացառությունը Դաշնակցությունն է, որն ունի իր կայուն ընտրազանգվածը: Նորընտիր խորհրդարանում կան մարդիկ, որոնք նախկինում բացարձակ կապ չեն ունեցել քաղաքական դաշտի հետ (օրինակ՝ Սնխչի Հարութը):
Սա իհարկե զավեշտ է, բայց հաշվի առնելով նախորդ խորհրդարանների փորձն, այս անգամ էլ կսկսենք նոր տողից: Առաջադրված թեկնածուները, ինչ խոսք, արժանապատիվ ընտրության հնարավորություն չէին տալիս: Առաջարկ- պահանջարկն արժեին մեկմեկու: Մեր ողբերգությունը ընտրություն կատարելու չափանիշների և ընդհանրապես պատգամավորի թեկնածուին գնահատելու պահանջների մեջ է: Պատասխանատու ժամանակահատվածում ձևավորված խորհրդարանին այսպես՝ մատերի արանքով նայելու իրավունք չունեինք, ու ամեն ինչ պետք է արվեր ավելի լավ որակի ԱԺ ստանալու համար, սակայն եղավ ինչպես միշտ, ու դրանում ամեն մեկս մեղքի մեր բաժինն ունենք:
Աննա Գրիգորյան
Սանկտ-Պետերբուրգում ձեռք են բերվել Արցախաադրբեջանական շփման գծում խաղաղության և կայունության պահպանման հարցերի շուրջ պայմանավորվածություններ, իսկ բանակցությունները շարունակ տապալում է ոչ թե հայկական կողմը, այլ Ադրբեջանը:
Անդրադառնալով ռուսական «Նիզավիսիմայա գազետա»-ում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հեղինակած հոդվածի՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տեսակետներին, նշել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, հայտնում է panorama.am-ը:
Նշենք, որ «Նեզավիսիմայա Գազետա»-ում հրապարակվել է հոդված Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հեղինակությամբ, որում վերջինս անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը նշել է, թե Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ բանակցությունները «որոշակի հույսեր էին ներշնչել, որ հայկական զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրս բերելու ձգձգվող հարցը դրական լուծում կստանա։ Սակայն, ցավոք սրտի, այդ հանդիպումից հետո Հայաստանը ամեն կերպ, տարբեր պատճառաբանություններով խուսափում է բանակցությունները շարունակելուց»։
«Նախ և առաջ և Սանկտ-Պետերբուրգում և Վիենայում նախագահների մակարդակով հանդիպումները եղել են ապրիլյան պատերազմից հետո: Այսինքն` հիմնական շեշտը չէր կարող դրվել կարևորագույն, բարդագույն այնպիսի հարցերի վրա, ինչպիսին սահմանների, զորքերի դուրս բերման, կամ կարգավիճակի հարցն է: Իսկ Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում, անմիջապես պատերազմից հետո հիմնական շեշտը դրվել է կոնկրետ խաղաղության և կայունության պահպանման և այդ առնչությամբ մեխանիզմների ներդրման վրա, մասնավորապես ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցն է, նրանց տեղակայման հետ կապված խնդիրներն են և այլն: Որևէ այլ հարց չի քննարկվել»,- նշեց Բաբայանը և ընդգծեց, որ Մամեդյարովը սպեկուլյացիայի է ենթարկում:
Բաբայանի խոսքով, Ադրբեջանն է տապալում բոլոր բանակցությունները:
«Այս առումով այդ տապալելը ոչ միայն բանակցություններից հրաժարվելն է, այլ նաև թեմաների խեղաթյուրումն է: Ինչը, որ իր հոդվածում արել է Մամեդյարովը: Սա համանախագահների և միջազգային հանրության համար պետք է վիրավորական լինի: Բոլորն էլ գիտեն, թե ով է իրականում տապալում բանակցությունները»,- նշեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալ Մեհրիբան Ալիևայի հայտարարությանը՝ ուղղված հայ մայրերին, Բաբայանը նշեց, որ անգամ նման կերպ խաղաղության մասին խոսելիս Ադբեջանում չեն փոխում հայատյացության իրենց մոտեցումները, սա նշանակում է, որ նպատակը մեկն է նորից ցեղասպանություն իրականացնել:
«Բազմիցս հայտարարել ենք, որ չի կարող լինել վերադարձ անցյալին: Եթե այն ժամանակ Արցախյան հիմնախնդիրը գտնվում էր այն պայմաններում, որ սահմանների հարց չկար, մենք տեսանք, թե ինչեր արվեցին Ադրբեջանի կողմից Բաքվում, Սումգայիթում, ինչպես հայաթափվեցին Հարավային և Հյուսիսային Արցախը, մենք տեսանք 1991-94թթ. պատերազմ և վերջապես տեսանք ապրիլյան պատերազմ, մենք տեսանք հանցագործների և մոլագարների հերոսացում Ադրբեջանի կողմից, որոնք գլխատում էին մեր զինվորներին: Այս իրավիճակում խոսել այլ քայլերի մասին, ուղղակի, ճիշտ չէ»,- նշեց Բաբայանը:
Նախնական տվյալներով արդեն հստակեցվել է մարզերում ընտրությունների ամենաշատ ձայներ հավաքած ուժերի և թեկնածուների ընդհանուր պատկերը.
Արմավիրի մարզ. թիվ 6 ընտրատարածք. ՀՀԿ- ում առաջատարը Նահապետ Գևորգյանն է,նա իր հավաքած ձայներով գերազանցել է գեներալ Սեյրան Սարոյանին։
Թիվ 7 ընտրատարածքը՝ ընդգրկում է Արագածոտնի մարզը, այն ունի117455 ընտրող:
Ընտրությունների նախնական արդյունքներով ՀՀԿ-ն ստացել է 44 տոկոս , Ծառուկյան դաշինքը՝ 30 տոկոս, երրորդ տեղում է ՀՅԴ-ն՝ 11 տոկոս։ Ամենաշատը ձայներ ստացել է Նաիրի Սահակյանը։
ՀՀԿ
Սահակյան Նաիրի Արտաշեսի- 14166, Մնացականյան Մնացական Անդրանիկի — 5218, Հայրապետյան Ռոլանդ Ռուբիկի — 7349, Առաքելյան Բազմասեր Մանաֆասի- 4495։
ՀՅԴ
Տոնոյան Տարոն Արտաշի- 3158,Ղուկասյան Սիրամարգ Ազատի- 1126։
«ԵԼՔ»
Կարապետյան Գագիկ Հրահատի- 430, Բաղդասարյան Սուզաննա Մանվելի- 343։
«Ծառուկյան» դաշինք
Մանուկյան Խաչիկ Վաղինակի- 5686, Խաչատրյան Լյովա Յուզիկի- 5325, Առուստամյան Նորա Սեդրակի- 4789։
Գեղարքունիքի մարզում՝ թիվ 8 ընտրատարածքում ընտրողների քանակը 208.745 է:
Այստեղ եւս, ինչպես մյուս մարզերում, առաջատար է ՀՀԿ-ն՝ 52 տոկոս, ապա «Ծառուկյան» դաշինքը՝ 30 տոկոս, երրորդ տեղում ՀՅԴ-ն է՝ 7 տոկոս։
Գեղարքունիքի մարզում ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը 14932 առաջին տեղում է, նրան հաջորդում է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը 14430, ապա ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ (Թունելի Հակոբը) 13248, իսկ Տիգրան Արզաքանցյանը ստացել է 3912 ձայն:
«ԵԼՔ» դաշինքից 921 ձայն ստացել է Վահան Զարոյանը, Մկրտիչ Մակարյանը ՝860, Սանոսյան Գնելը՝ 420ձայն:
«Ծառուկյան» դաշինքից ՝ համապատասխանաբար՝ Մադաթյան Հրանտ 11971, Բոստանջյան Վարդան՝ 7024, Պողոսյան Վարդան՝ 8151ձայն:
ՀՅԴ- ունի՝ Սաղաթելյան Իշխան 3458, Նիկոյան Արտաշես՝ 2177, Դաշյան Հակոբ՝ 504ձայն:
Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում քաղաքական տարբեր ուժերի վարկանշային թեկնածուներից, անհամեմատ մեծ թվով ձայներ են ստացել .
«Տաշիր» գրուպի սեփականատերերից ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը ստացել է ամենաշատ՝ 44255ձայնը:
« Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող, թիվ 9-ի թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին հարազատ մարզում քվեարկել է 6123 մարդ, «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը՝ 8147 ընտրող ունի։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին կողմ է քվեարկել 17637 մարդ, Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի օգտին՝16 402: ՀՅԴ-ական Մարտուն Մաթեւոսյանին 1881 ընտրող է իր ձայնը տվել:
Սյունիքի և Վայոց ձորի մարզերում՝ թիվ 12 ընտրատարածքում դարձյալ առաջատարը իշխող՝ Հանրապետական կուսակցությունն է.
Առաջին տեղում՝ մարզպետ Վահե Հակոբյանն է, 21823 ձայնով, երկրորդ տեղում ։ Նախկին պատգամավոր, «Ջերմուկ» գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանը՝ 17563 ձայն։ Ապա՝Գոր-Մետալ ՍՊԸ հիմնադիր տնօրեն Առուշ Առուշանյանը 6879 ձայն, Հիդրո ՍՊԸ տնօրեն Ավետ Սարգսանը՝ 4661 ձայն։
«Ծառուկյան» դաշինքը ունի 28 տոկոս. «Ծառուկյան» դաշինքը մարզում ստացած ձայների թվով 2-րդն է։ Ամենաշատ ձայնը ստացել է ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանը՝ 8168 ձայն, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը՝ 4033 ձայն, Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը՝ 4373․ Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը՝ 4696ձայն։
«Ելք» դաշինքից Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը ստացել է 520 ձայն, Հովիկ Արսենյանը 597 ձայն, Արշավիր Խալափյանը ՝ 323 ձայն,, Տիգրան Գևորգյանը՝ 262։
ՀՅԴ-ն այս ընտրատարածքում ստացել է 7 տոկոս:
Տավուշի մարզում ՀՀԿ-ն ստացել է 34.950 ձայն, երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 16.932 ձայնով, երրորդը ՀՅԴ-ն է՝ 9.507 ձայնով, «Ելք» դաշինքը չորրորդն է՝ 2.964 ձայնով։
Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրական ընտրատարածքում, նախնական տվյալներով, ՀՀԿ տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայն հավաքել է «Գրանդ Տոբակո» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը՝ 17.113 ձայն։
Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ») երկրորդն է՝ 8.090 ձայն։
«Ծառուկյան» դաշինքից ամենաշատ ձայները ստացել է Վարուժան Բաբաջանյանը՝ 5.016 քվե:
Կոտայքի մարզում «Ծառուկյան» դաշինքը (61.267 ձայն) առաջ է անցել ՀՀԿ–ից (48.323 ձայն): Երրորդ տեղում «Ելք» դաշինքն է՝ 12.190 քվեով, չորրորդը ՀՅԴ-ն՝ 6.568 ձայնով։ Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրական տարածքում, նախնական տվյալներով, առաջատարը «Ծառուկյան» դաշինքից տարածքային թեկնածու, Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանն է՝ 20.761 ձայն:
ՀՀԿ թեկնածուներից առաջատարը վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) քրոջ ամուսինը՝ Սամվել Սանամյանն է՝ 12.645, ապա Անդրանիկ Հարությունյանը՝ 11.324 ձայնով:
ՀՀԿ-ից բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը ստացել է ընդամենը 10.808 ձայն, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը՝ 7.226ով հայտնվել է վերջում։
«Ելք» դաշինքից առաջադրված Սասուն Միքայելյանը ստացել է 6.652 ձայն:
Շիրակի մարզի թիվ 11 ընտրատարածքում ՀՀԿ-ն ստացել է 53.533 ձայն, երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 42.670 ձայնով, երրորդը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն է՝ 13.787 ձայնով, չորրորդ տեղում ՀՅԴ-ն է՝ 12.277 ձայնով։
ՀՀԿ թեկնածուներից առավելագույն ձայները ստացել է ՀՀԿ-ից Արման Սահակյանը՝ 14.399 քվե: Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Ցոլակյանը ստացել է (11.650), իսկ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանը (10.684): «Ծառուկյան» դաշինքից Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, այս ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Վարդան Ղուկասյանը՝ 12.433 ձայն է հավաքել զիջելով Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին 13.942 ձայն:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց այսօր բոլորիս հուզող օրակարգային թիվ մեկ հարցին՝ քանի քաղական ուժ է անցնելու խորհրդարան, և ով է լինելու երրորդը։
Ա. Ադիբեկյանի խոսքով՝ այսօրվա պայքարը նրանով է հետաքրքիր, որ քարոզչության ընթացքում 32%-ի մոտ քարոզի հիման վրա փոխվել է կարծիքը: Մյուս կողմից՝ընտրողների 17%-ը դեռ կողմնորոշում չունի, թե ում է ընտրելու: Նա հայտնեց, որ ընտրությունների արդյունքները կառուցված են ներքոհիշյալ երեք գործոնների վրա` ռեյտինգային թեկնածուների վարկանիշ, ուժ, ազդեցություն, կազմակերպչական ռեսուրս և հիմնականում ընտրողների քանակ:
«Սիստեմային տեսությունում գոյություն ունի «սահմանափակող գործոն» հասկացությունը, այսինքն՝ դու ունես 49%, քեզ պակասում է 1 % +1։ Այդ 1+1-ը չնայած փոքր թիվ է, բայց նշանակալից։ Ուստի, քաղաքական ուժը, ստանալով ձայների ընդամենը 1%-ը, մյուս քաղաքական ուժի միջոցով կարող է դառնալ մեծամասնություն և այդպիսի հետաքրքիր ձևով անցնել խորհրդարան» ,- ասաց Ա.Ադիբեկյանը:
Ըստ սոցիոլոգի` ներկայիս ընտրակարգում բավականին պարադոքսալ դրվագներ կան։ Առաջինը՝ ինչքան շատ լինի ձայների քանակը, այնքան կբարձրանա շեմը։ Եթե 1 միլիոն ընտրող գա, դա 50-70 հազար է, իսկ 1 մլն 200 հազար ընտրողների մասնակցության դեպքում թվերն աճում են՝ վերածվելով 60-84 հազարի:
Քաղաքական ուժը՝ լինի դա դաշինք, թե կուսակցություն, քաղաքակական պայքարի մեջ մտնելով, գոնե պետք է պատկերացում ունենա հնարավոր ընտրության մասնակիցների թվի վերաբերյալ, որպեսզի կարողանա ապահովել իր 5 կամ 7 %-ը։
Այսինքն՝ եթե քաղաքական ուժը չգիտի, թե որքան ընտրող է մասնակցություն ունենալու, նա չի կարող անցնել խորհրդարան։
Որպես երկրորդ կարևոր չափորոշիչ, նա առանձնացնում է հետևյալը՝ եթե ընտրողների թվաքանակը նվազում է, ապա մեծանում է 2 կարևոր խաղացողների ծավալը, և մյուս ուժերի համար տեղ չի մնում։ Ուստի, ըստ իրենց կողմից արված սոցիոլոգիական ուսումնասիրությունների` օպտիմալ հաշվարկներով իրենք դիտարկել են այն հավանական դեպքը, որ 2 խաղացողները կստանան ձայների մոտ 80 %-ը՝ համապատասխանաբար 45% և 35%-ներով, և ազատ կմնա ձայների ընդամենը 20%-ը։ Այդ 20%-ը ավելացնելու դեպքում, շեմային թվերը կփոխվեն։ Ավելի պարզ ասած՝ 20%-ն իրենից կներկայացնի 2 դաշինք և 1 կուսակցություն, կամ 1 դաշինք և 2 կուսակցություն։
Ինչ վերաբերում է կարևոր հարցին, թե ով կլինի 3-րդ-ը, Ա.Ադիբեկյանի խոսքով՝ իրենց տվյալներով 3-րդ տեղի համար հավակնում են. 1. «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, 2. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ), 3. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը (ՕՐՕ), 4. «Ելք» դաշինքը։
Նա վերոնշյալ տվյալները բացատրում է այսպես. «Հայկական վերածնունդը» և Հայ հեղափոխական դաշնակցությունն ունեն սոցիալական հենք. դա համայնքներն են, որոնց ղեկավարներն իրենց կուսակցության ներկայացուցիչներն են և բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել ՏԻՄ ընտրություններին։
«Հայկական վերածնունդը» տարբեր համայնքներում ունի 166 ավագանու անդամ։ ՀՅԴ-ն ունի մոտ 30 համայնք։ Նրան բավական է հավաքել ձայների 2,5 տոկոսը, որին այդ 30 համայնքներից ստացված ձայները գումարելու դեպքում ՀՅԴ-ն կընտրվի։
Ինչ վերաբերում է ՕՐՕ-ին, ըստ Ա. Ադիբեկյանի, իրենց ուսումնասիրություններով Րաֆֆի Հովհաննիսյանն ունի ստաբիլ վարկանիշ, որը 8%-ից չի իջնում, և եթե այդ 8%-ին գումարվեն Օհանյանի և Օսկանյանի ձայների 1%-ը, իրենք որպես դաշինք կանցնեն: Ըստ Ա. Ադիբեկյանի`« Ելքն» աշխատում է ընտրողների հոգնածության վրա, խորտակվողները փորձում են ձեռքերը գցել փրփուրներից,« Ելքն» այդ փրփուրն է:
Ա. Ադիբեկյանը կարևորում է վարկանիշային թեկնածուների ֆակտորը։ Ըստ նրա՝ հայաստանյան ընտրողների ձայնին արժանանալու համար ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուն պետք է ունենա հետյալ 5 հատկանիշները. 1. լինի կրթված, 2. լինի տղամարդ, 3. լինի հարուստ, 4. լինի բարեգործ, 5. ունենա հեղինակություն։ Այս 5 գործոնները «ձգող» են՝ ըստ բանախոսի, և կախված այն հանգամանքից, թե ՀՀԿ-ն և Ծառուկյան դաշինքը քանի այդպիսի թեկնածու են առաջադրել իրենց ռեյտինգային ցուցակում, կորոշվեն նրանց ձայները։
Ա. Ադիբկյանի խոսքով, ի տարբերություն սոցիոլոգիական ուսումնասիրություններ կատարող այլ կազմակերպությունների, իրենք ընդհանուր ձայների բաշխվածության հետ համադրում են նաև կազմակերպչական և այլ ռեսուրսները։
Սոցիոլոգը նշեց, որ երկրորդ գործոնը կազմակերպչական ռեսուրսն է։ Այս ընտրություններում առանձնացվել է մոտ 2000 ընտրատեղամաս, և միայն ՀՀԿ-ն այդ բոլոր ընտրատեղամասերում ունի ընտրական շտաբներ։ Մի քիչ մոտ է այդ թվին Ծառուկյան դաշինքը։
Նրա խոսքով՝ 5-րդ տեղի համար պետք է պայքարեն Կոնգրես-ՀԺԿ դաշինքը և Ազատ դեմոկրատները։ Սակայն ազատ դեմոկրատներն առկա մոտ 2000 ընտրատեղամասերից ընդամենը 110 շտաբ ունեն, նրանց հաշվարկներով՝ յուրաքանչյուր շտաբից ստանալու են մոտ 500 ձայն, բայց այդ պարագայում նրանք չեն կարողանա հաղթահարել շեմը, քանի որ նվազագույնը 700 հազար ձայն պետք է ստանան դրա համար։
Ըստ նրա` եթե ՀՅԴ-ն ստանա ձայների 5%-ը, ՀՀԿ-ի 45,5% տոկոսի հետ միասին նրանց ձայների թիվը կհասնի 51,5% և նրանք կդառնան կոալիցիոն մեծամասնություն: Իսկ հակառակ դեպքում, եթե ՀՅԴ-ն չստանա վերոնշյալ 5%-ը և ՀՀԿ-ն չգտնի կոալիցիոն անդամ, ապա Ծառուկյան դաշինքի հավակնությունները կտրուկ կմեծանան: Բայց հայտնի է, որ մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են, որ ընտրվելու դեպքում Ծառուկյան դաշինքի հետ դաշինք չեն կազմի: Այդ դեպքում հավանական է, որ կլինի ընտրությունների երկրորդ փուլ շեմն անցած քաղաքական ուժերի միջև: «Որքան էլ տարածում են, թե սա ոչ թե գաղափարական, այլ տնտեսական ընտրություններ են, այդպես չէ. սա իր չափի մեջ նաև գաղափարական ընտրություններ են» ,- հայտնեց Ա. Ադիբեկյանը:
Մարիաննա Եղիազարյան
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Երեք սերունդների երկրապահները ծաղիկներ խոնարհեցին ապրիլյան պատերազմի զոհերի, ինչպես նաեւ՝ Եռաբլուրում հանգչող բոլոր քաջերի շիրիմների առաջ:
Ավագ սերնդի երկրապահները, երիտասարդ եւ պատանի երկրապահները հավաստիացնում էին, որ միշտ պատրաստ են կանգնել առաջնագծում՝ դիրքապահ հայ զինվորի կողքին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.