23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրների քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին առատորեն թանկարժեք նվերներ է մատուցել՝ մետաքսից գորգեր, ոսկի, արծաթ, խավիար, կանխիկ դրամ և բոլոր ծախսերի վճարմամբ ուղևորություններ՝ Ադրբեջանի օգտին և Հայաստանի ու Արցախի դեմ նրանց ձայների դիմաց: Այս անօրինական գործունեությունը այնքան մեծ տարածում է գտել, որ եվրոպացիներն այն նկարագրում են որպես «խավիարային դիվանագիտություն»:
Թեև այս կաշառակերությունը շարունակվում է փակ դռների հետևում և չի բացահայտվում ոչ ադրբեջանցի պաշտոնյաների, ոչ օտարերկրյա քաղաքական գործիչների կողմից, սակայն ժամանակ առ ժամանակ այն ջրի երես է դուրս գալիս: Մենք բոլորս պետք է հիշենք, որ այն ինչ բացահայտվել է, միայն չնչին մասն է այն մեծամասշտաբ կաշառակերության, որ տրվել է Բաքվի այցելուներին, տարբեր երկրների պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների, ներառյալ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:
Վերջերս մեծ սկանդալային բացահայտում արվեց Եվրախորհրդում միլիոնավոր դոլարների կանխիկ գումարի ներգրավմամբ, որը տրվել էր նրա որոշ անդամներին՝ Ադրբեջանին քննադատող որոշումները տապալելու կամ Արցախի վերաբերյալ աննպաստ զեկույցներին աջակցելու դիմաց:
Արդյունքում, աշխարհի խոշորագույն հակակոռուպցիոն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը կոչ է արել Եվրոպայի խորհրդին հետաքննել կոռուպցիայի վերաբերյալ լուրջ մեղադրանքները: «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպությունը ևս մեղադրել է Ադրբեջանին Եվրախորհրդի որոշումների վրա անհարկի ազդելու համար՝ հիմնական խորհրդարանականներին խոշոր գումարներ և այլ ծառայություններ մատուցելու միջոցով: «Եվրոպական կայունության նախաձեռնությունը» կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել, որպեսզի ուսումնասիրեն ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) 2013 թ. քվեարկությունը, երբ մերժվել էր խիստ քննադատական զեկույցը Ադրբեջանում քաղբանտարկյալների և այդ երկրի պատվիրակության անդամների դերակատարության վերաբերյալ:
2017 թ. ապրիլի 20-ին «Գարդիան» պարբերականը ընդարձակ հոդված հրապարակեց՝ «Նոր պնդումներ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կառույցում Ադրբեջանի ձայների կեղծման մասին» վերնագրով: ԵԽԽՎ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ «Գարդիան»-ին տեղեկացրել են, որ ԵԽԽՎ անդամները Ադրբեջանից կաշառք են ստացել հօգուտ այդ երկրի քվեարկելու դիմաց: ԵԽԽՎ-ն կազմված է 47 եվրոպական երկրների, ներառյալ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի 324 խորհրդարանականներից:
Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը տեղեկացրել է «Գարդիան»-ին, որ Ադրբեջանի կառավարությունը ավելի քան 30 միլիոն դոլար է տվել ԵԽԽՎ մի անդամի՝ ԵԽԽՎ այլ անդամներին որպես կաշառք բաժանելու նպատակով: «Վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ և արդարադատության նախկին նախարար Թոմաս Բիլսթրոմը ասել է՝ «շատ վստահելի անդամներ» նրան պատմել են, որ իրենց կաշառք են առաջարկել որոշակի ձևով քվեարկելու համար: Նա մեկն է այն 64 խորհրդարանականներից, որոնք բանաձև են ստորագրել՝ կոչ անելով անկախ հետաքննություն անցկացնել «ծանր հանցանքի մասին լուրջ և վստահելի պնդումների վերաբերյալ»՝ կենտրոնացված ադրբեջանական քվեարկության վրա», հաղորդում է «Գարդիանը»:
«Այդ պնդումներն առաջին անգամ ի հայտ եկան 2012 թ. «Եվրոպական կայունության նախաձեռնություն» վերլուծական կենտրոնի պատրաստած զեկույցում, բայց թափ առան այն ժամանակ, երբ Իտալիայի դատախազները հետաքննություն սկսեցին աջակենտրոն խմբի նախկին նախագահ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի գործով: Նա մեղադրվում է 2.39 միլիոն եվրո [2.6 միլիոն դոլար] կաշառք Ադրբեջանից ստանալու մեջ՝ Եվրոպայի խորհրդում նրա կառավարությանը աջակցելու դիմաց: Նա կկանգնի դատարանի առաջ փողերի լվացման համար, իսկ Միլանի դատախազը բողոքարկում է՝ կոռուպցիայի մեղադրանք առաջադրելով նրա դեմ: Նա միշտ հերքել է ցանկացած իրավախախտում», գրում է «Գարդիանը»:
Նույնիսկ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն է հայտնվել ծանր կացության մեջ, քանի որ հրաժարվել է հետաքննություն սկսել Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի առնչությամբ: Նրա վերջին ուղևորությունը դեպի Սիրիա ավելացրել է ԵԽԽՎ անդամների թիվը, որոնք պահանջել են նրա հրաժարականը: Քանի որ ըստ կանոնակարգի Ագրամունտը չի կարող հեռացվել, ԵԽԽՎ-ի Բյուրոն անցյալ շաբաթ նրան անվստահություն է հայտնել՝ որոշում ընդունելով, որ նա լիազորված չէ կատարել որևէ պաշտոնական այց, հաճախել հանդիպումների կամ որևէ հրապարակային հայտարարություն անել Վեհաժողովի անունից որպես նախագահ: Սպասվում է, որ նա շուտով հրաժարական կտա:
Բացի այդ, Եվրախորհուրդը հետաքննություն է սկսել 2015-ին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Ադրբեջանի համապատասխանության վերաբերյալ՝ առաջին անգամ անդամ պետության նման հարցաքննում վերջին 25 տարիների ընթացքում…
Ամոթալի է, որ ԵԽԽՎ-ն, մի մարմին, որ ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության համար, զոհ է գնում Ադրբեջանի դիկտատորի կաշառակերության սխեմաներին: Այս մեղադրանքները վարկաբեկում են Եվրոպայի խորհրդի հիմնական արժեքները: Անընդունելի է, որ ադրբեջանական նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ԵԽԽՎ անդամները գնացել էին այնտեղ որպես դիտորդներ, նրանք զարմանալիորեն շատ դրական զեկույցներով էին հանդես եկել, մինչդեռ մնացած միջազգային դիտորդները շատ բացասական գնահատականներ էին տվել: Նման հակադրությունը մտահոգության տեղիք է տալիս, որ Ադրբեջանին հաջողվել էր կաշառել ԵԽԽՎ դիտորդներին՝ քողարկելու կոռումպացված ընտրությունները:
«Գարդիանը» եզրակացնում է, որ «Ադրբեջանը օգտագործել է Վեհաժողովը [ԵԽԽՎ] իր նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանությանը օրինականություն հաղորդելու նպատակով, որը ղեկավարում է երկիրը 2003 թվականից սկսած»:
Ադրբեջանի կաշառակերության չարաշահումների անտեսումը կնշանակի, որ Եվրոպայի խորհուրդն այլևս չի կարող դիտարկվել որպես մարդու իրավունքների պահապան…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ԱՄՆ-ի կողմից սիրիական զինուժի դիրքերը հրթիռակոծելուց հետո սա Թրամփի և Պուտինի առաջին հեռախոսազրույցն է:
Երեքշաբթի օրը, վերջին երեք ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման սիրիական ճգնաժամն էր: ԱՄՆ-ի կողմից սիրիական զինուժի դիրքերը հրթիռակոծելուց հետո սա Թրամփի և Պուտինի առաջին հեռախոսազրույցն է:
Վաշինգտոնը «շատ լավ», իսկ Մոսկվան «գործնական և կառուցողական» է գնահատել նախագահների մոտ 30 րոպե տևած զրույցը: Ինչպես նշում է ամերիկյան կողմը՝ երկու նախագահները համակարծիք են եղել հետևյալ հարցում՝ սիրիացի ժողովրդի տառապանքներն արդեն հասել են այն աստիճանին, երբ կողմերը պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ բռնություններին վերջ տալու համար:
Հեռախոսազրույցի մասին Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը բաղկացած է 10 տողից, որոնցից ութը վերաբերում է սիրիական հակամարտությանը: Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկանքի համաձայն, Պուտինն ու Թրամփը քննարկել են Սիրիայում «անվտանգության գոտիների և լարվածության թուլացման հարցը՝ տառապող խաղաղ բնակչության կյանքը թեթևացնելու նպատակով»: Թրամփի աշխատակազմը հայտնում է նաև, որ իրենց ներկայացուցչին ուղարկելու են սիրիական կարգավորման հարցով բանակցությունների հերթական փուլին մասնակցելու: Բանակցությունները տեղի են ունենալու այս շաբաթ, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հովանու ներքո:
Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության վերջին երկու տողը վերաբերում է Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարին և Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում աշխարհաքաղաքական թերևս ամենասուր խնդրին՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրադրությանը: Ըստ այդմ, նախագահները քննարկել են «շատ վտանգավոր իրավիճակի կարգավորման ուղիները»:
Կրեմլի տարածած հաղորդագրությունում, մինչդեռ, այլ շեշտադրումներ են արված: Դրանում Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման մասին խոսք չկա, փոխարենն ընդգծվում է երկու առաջնորդների հեռախոսային շփումները շարունակելու և «Մեծ քսանյակի» առաջիկա գագաթնաժողովի ընթացքում առանձին հանդիպում կազմակերպելու մտադրությունը: Ամերիկյան կողմը, սակայն, այդ մասին մամուլի համար թողարկված հայտարարությունում չի նշում:
Ուշագրավ է, որ ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Մոսկվայի տարածած հաղորդագրություններում երկու երկրների հարաբերությունների աննախադեպ լարվածության պատճառ դարձած՝ ուկրաինական խնդրի մասին ոչինչ չի նշվում:
Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, կողմերը պայմանավորվել են նաև ակտիվացնել երկխոսությունը դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ Սերգեյ Լավրովի և Ռեքս Թիլերսոնի միջև: ՌԴ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հերթական բանակցությունները տեղի են ունենալու մայիսի 10-ին, Ալյասկայի Ֆերբենքս քաղաքում՝ Արկտիկական խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում:
Երևանի քաղաքապետի ընտրություններում Տարոն Մարգարյանը խնդիրներ կունենա մի քանի վարչական շրջանում: Նա հատկապես ուշադիր պետք է լինի Կենտրոն, Արաբկիր և էրեբունի վարչական շրջաններում:
Կենտրոն վարչական շրջանը գտնվում է Բեգլարյանների ազդեցության ոլորտում: Երևանի նախկին քաղաքապետ և կապի ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի թաղապետության տարիներից այս շրջանի բոլոր հաստիքները տնօրինում են նրա կադրերը, իսկ դրա ղեկավարը՝ Արա Սադոյանը, Գագիկ Բեգլարյանի մտերիմ՝ Ռուբեն Սադոյանի եղբայրն է:
Տարոն Մարգարյանը հաշտ չի դրա հետ, բայցև չի կարող ոչինչ անել։ Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, իբր Գագիկ Բեգլարյանը հեռանում է երկրից, իբր Ռուսաստանում բիզնեսներ ստեղծելու համար:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր օլիգարխներից շատերը դրսում բիզնեսներ ունեն, և դա չի խանգարում նրանց ապրել Հայաստանում: Ուստի տրամաբանությունից զուրկ է այն պնդումը, թե Գագիկ Բեգլարյանը այդ նպատակով կարող է թողնել երկիրը: Նա այն անձանց թվին է պատկանում, ովքեր շատ են սիրում իրենց շրջապատը և երբևէ չեն մեկնի այլ երկրում մշտական բնակության:
Բեգլարյանին եթե պաշտոն չտան էլ (գաղտնիք չէ, որ նա միշտ էլ ցանկացել է վերադառնալ Երևանի քաղաքապետի պաշտոնին, որն այնքան քիչ ժամանակ վայելեց), նա կարող է դուրս գալ քաղաքական դաշտից, սակայն չի հեռանա երկրից: Իսկ այս խոսակցությունների հիմքը Բեգլարյանի՝ կրկին քաղաքապետ դառնալու երազանքն էր, որը, փաստորեն, կրկին փչվեց, դրա փոխարեն եղբորը՝ Հակոբ Բեգլարյանին հնարավորություն տվեցին դառնալ պատգամավոր:
Ինչ վերաբերում է Արաբկիրին, ապա այստեղ ՀՅԴ-ից վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը սառը հարաբերություն է ձևավորել Տարոն Մարգարյանի հետ։
ՀՀԿ-ի հետ ՀՅԴ գործընկերային համաձայնագրի շրջանակներում Հովհաննես Վարդանյանը փոխարինել է Հրայր Անտոնյանին, որը Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է և Տարոն Մարգարյանի մտերիմը:
Մյուս վարչական շրջանը էրեբունին է, որի ղեկավարը Տարոն Մարգարյանի պահանջով վերջերս թողեց աթոռը:
Արմեն Հարությունյանը Մհեր Սեդրակյանի ազգականն է, և նրա հեռանալու պատճառը կապված է Մհերի թիմի՝ իշխանությունների հետ ունեցած խնդիրների հետ: Սակայն Էրեբունի համայնքում դեռևս մեծ է Մհեր Սեդրակյանի ազդեցությունը, և ինչքան էլ թաղի հեղինակությունները ձայներ հավաքելու համար ճիգեր գործադրեն, միևնույն է Սեդրակյանին հավատարիմ մասսան չի դավաճանի նրան։
Աննա Գրիգորյան
Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. մայիսին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների եռակողմ հանդիպումից հետո նրանց միացան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Կայացավ մտքերի փոխանակում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ:
lragir.am-ը զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ
Պարոն Բաբայան, վաղը Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որտեղ քննարկվելու են Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հարցեր: Բանակցությունների բացակայության այս փուլում որևէ ակնկալիք կա՞ այս հանդիպումից։
Ակնկալիք, իհարկե, կա։ Ընդհանրապես նման հանդիպումները կարևոր են։ Իհարկե, այդ հանդիպումները չեն կարող համապարփակ լուծում տալ հակամարտությանը, և մենք չպետք է այդ հանդիպումները դիտարկենք համապարփակ լուծում կայացնելու տեսանկյունից, բայց դրանք շատ կարևոր են, որպեսզի տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանվեն։ Իսկ այն, որ Ադրբեջանը ամեն անգամ դիմում է սադրիչ գործողությունների, սա էլ է փաստ։ Հետևաբար, նման հանդիպումների ժամանակ նախևառաջ կողմերի միջև պահպանվում է շփումը, տարբեր հարցեր են քննարկվում, բացի այդ, միջնորդ երկրներն իրենց կարծիքն են հայտնում՝ ևս մեկ անգամ կարևորել խաղաղ բանակցային գործընթացի շարունակությունը։ Դրա համար կարևորում ենք այսպիսի հանդիպումները։
Մինսկի խմբի համանախագահող երկու երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ներկա չեն։ Մտահոգություն չունե՞ք, որ Ռուսաստանը կստանձնի խնդրի միանձնյա կարգավորումը։
Ոչ, մենք չենք տեսնում, որ կա ինչ-որ միանձնյա քաղաքականություն կամ ինչ-որ մրցակցություն։ Այդ երկրների միջև կա մրցակցություն տարբեր տարածաշրջաններում և սա փաստ է, բայց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարծես թե այստեղ համընկել են նրանց ազգային շահերը, ինչպես նաև մարդասիրական նկատառումները։ Բոլոր այդ երեք համանախագահող երկրներն էլ ուզում են, որ այստեղ պահպանվի խաղաղությունն ու կայունությունը։ Այստեղ մենք տեսնում ենք նրանց շահերի համադրում։ Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ աշխարհագրորեն Ռուսաստանն անմիջապես սահմանակից է հակամարտության գոտուն, հետևաբար, բնական է, որ մենք այս հանգամանքը պետք է հաշվի առնենք։ Դա որևէ ձևով չի նշանակում, որ Ռուսաստանը փորձում է իր ձեռքը վերցնել հակամարտության կարգավորման գործընթացը։ Դա պարզապես հնարավոր չէ և որևէ իմաստ էլ չկա դրա մեջ։ Պարզապես այսպես միասին աշխատում են, սա երևում է նաև այն ժամանակ, երբ համանախագահներն այցելում են տարածաշրջան, և նրանց միջև շատ նորմալ, գործնական հարաբերություններ ենք տեսնում։
Նախորդ տարի Վիեննայում և Սամնկտ Պետերբուրգում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, բայց դրանք մինչ օրս կյանքի չեն կոչվում։ Չի՞ ստացվում, որ դրանք անպտուղ հանդիպումներ են։
Ոչ, դրանք կյանքի չկոչվեցին ոչ թե միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի պատճառով։ Բայց ընդհանուր առմամբ, ամենակարևորն այն է, որ պատերազմն ապրիլի 5-ին կանգնեցվեց։ Դա ամենակարևոր ձեռքբերումն է, որ մենք ունենք։ Այլ խնդիր է, որ Ադրբեջանը չի կատարում միջադեպերն արձանագրող մեխանիզմների մշակման վերաբերյալ իր պարտավորությունները։ Ընդհանրապես նման խնդիրը չպետք է սահմանափակվի միայն համանախագահող երկրների և կողմերի միջև փոխհարաբերություններով։ Մենք բազմիցս նշում ենք, որ երբ Ադրբեջանը վարում է նման քաղաքականություն, երբ Ադրբեջանը հերոսացնում է Սաֆարովին, կաշառում է ժողովրդավարական Հունգարիային, դրանից հետո աչք են փակում այդ ամենի վրա, դրանից հետո առաջին օլիմպիական համաեվրոպական խաղերն անցկացվում են Ադրբեջանում, սա անթույլատրելի է։ Սա անուղղակիորեն, բայց գոտեպնդում է ագրեսորին։ Երբ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում դրանից հետո, «Ֆորմուլա-1» է անցկացվում Ադրբեջանում, այդ երկիրը կաշառում է տարբեր կազմակերպություններում երկրների ներկայացուցիչներին, որևէ արձագանք չենք տեսնում, սա էլ է ազդում, որ ագրեսորը գոտեպնդված ապրիլյան ավանտյուրային է դիմում։ Եթե լինի կոշտ վերաբերմունք այդ ամենի նկատմամբ, գուցե նա ավելի զուսպ կլինի։
Հիմա մենք տեսնում ենք, որ բարեբախտաբար, հետաքրքրիր փոփոխություններ են տեղի ունենում նաև Արևմտյան Եվրոպայում։ Օրինակ, երբ դիտարկում ենք Ֆրանսիայի նախագահական ընտրությունները, այնտեղ բոլորը՝ և ազգայնականները, և լիբերալները, արդեն հստակ ուղերձներով հանդես են գալիս Արցախի ճանաչման ուղղությամբ։ Այո, հասկանալի է, որ սա ինչ-որ ձևով նախընտրական տեխնոլոգիաների շրջանակում է արվում, միևնույն է, մենք տեսնում ենք տեղաշարժ, ու սա շատ կարևոր է։ Նման բաները նույնպես ազդում են ագրեսորին ինչ-որ ձևով զսպելու առումով։ Եվ այն, որ և Ռուսաստանը, և ԱՄՆ-ն, և տարածաշրջանային պետությունները, մասնավորապես Իրանը միշտ կարևորում են խաղաղ կարգավորման ճանապարհը և խորացնում են հարաբերությունները նաև ՀՀ-ի հետ՝ որպես հավասարակշռվածության պահպանման գործոն, սա էլ է շատ կարևոր, քանի որ ագրեսորը պետք է հասկանա՝ կա կարմիր գիծ, որ ինքը չպետք է հատի։ Հիմա տեղեկատվական, բարոյական, քաղաքական դաշտում, միջազգային իրավունքի ոլորտում նա բազմիցս խախտում է այդ կարմիր գիծը, և մենք չենք տեսնում համապատասխան արձագանք, ինչը սխալ է։
Պարոն Բաբայան, մեկ օրվա մեջ սահմանին երկու զոհ ունենք։ Լարվածությունը մեծացե՞լ է։
Սահմանին Ադրբեջանը միշտ էլ լարվածություն է ստեղծում։ Դժբախտաբար, ունենք երկու անդառնալի կորուստ։ Ամեն ինչ արվում է, որ սահմանն ամրացվի, մեծ քանակությամբ տեխնիկական միջոցներ են ներդրվում, և մենք տեսնում ենք, որ այս ամենը դրական արդյունք է տալիս, և մենք ավելի քիչ զոհ ունենք, քան եթե համեմատենք 2-3 տարվա կտրվածքով։ Այնուամենայնիվ, մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ։ Տեսեք՝ որքան զոհ է լինում քաղաքակիրթ, բարեկեցիկ երկրներում, որոնք ընդհանրապես պատերազմի մեջ ընդգրկված չեն։ Ահաբեկչությունը համաշխարհային ցավ է։ Հետևաբար պետք է շարունակենք, այլապես դրա հետևանքը կլինի ցեղասպանությունը։ Շատերը շահարկում են այն, որ զոհվում են մարդիկ։ Մենք էլ ենք ցավում, դյուրին չէ, բայց ամեն ինչ համեմատության մեջ է երևում։ Եթե տարեկան ճանապարհատրասպորտային պատահարներից ՀՀ-ում 6-7000 մարդ է մահանում, մեծամասամբ՝ երիտասարդներ, երեխաներ, սահմանի զոհերի հետ իհարկե անհամեմատելի է, բայց ոչ ոք չի ասում, որ ազգային անվտանգության վտանգ է ներկայացնում։ Այստեղ նաև հակառակորդն է աշխատում տեղեկատվական դաշտում, որ վհատեցնի, ուռճացնի։ Պետք է հասկանանք՝ ինչ հետևանք և ինչ այլընտրանք է սպասվում, եթե մենք սահմանները չպահպանենք։
Ամեն տարի հայերն ու թուրքերը շունչները պահած սպասում են, որ տեսնեն՝ արդյոք Միացյալ Նահանգների նախագահն իր ամենամյա ապրիլ քսանչորսյա ուղերձում կօգտագործի ցեղասապանություն բառը հայերի զանգվածային ջարդերը նկարագրելու համար:
Սակայն նրանք կարծես թե մոռանում են, որ Միացյալ Նահանգները ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլև դա արել է բազմիցս ամենաբարձր մակարդակներում. Ներկայացուցիչների պալատը երկու անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975 և 1984 թվականներին: Նույն բանը արել է նախագահ Ռեյգանը 1981 թ. ապրիլի 22-ին, իր նախագահական թիվ 4838 հռչակագրով: Եվ ամենակարևորը, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Արդարադատության միջազգային դատարան (Միջազգային դատարան) ներկայացրած իր զեկույցում 1951 թվականին:
Հետևաբար, այս բոլոր ճանաչումներից հետո, ինչպես ես բազմիցս նշել իմ խմբագրականներում, հայերն այլևս լրացուցիչ ճանաչման կարիք չունեն Միացյալ Նահանգների նախագահի կամ Կոնգրեսի կողմից:
Այս տարի շատերը հետաքրքրված էին՝ արդյոք Թրամփը ընդհանրապես հանդես կգա ուղերձով ապրիլի 24-ի կապակցությամբ և արդյոք կօգտագործի Հայոց ցեղասպանություն եզրը: Այն բանից հետո, երբ 84 կոնգրեսականներ համատեղ նամակով դիմեցին Թրամփին և Մայք Սարյանի նման անհատներ Կալիֆորնիայից, որոնք կապվեցին Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հորդորելով նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սպիտակ տունը ապրիլի 24-ին հանդես եկավ հայտարարությամբ, հրաժարվելով այն անվանել ցեղասպանություն:
Լավ լուրն այն է, որ հաշվի առնելով Թրամփի՝ հայկական հարցերին ծանոթ չլինելու և որևէ քարոզչական խոստում չտալու հանգամանքը, Թրամփի վարչակազմը ամբողջությամբ չանտեսեց Հայոց ցեղասպանության տարելիցը և այս հատուկ օրը նշեց հայտարարությամբ, ինչպես դա արել են նախորդ մի քանի նախագահները: Թրամփի հայտարարության մեջ նշված են Ցեղասպանության հիմնական փաստերը՝ հայերի զանգվածային ջարդերը ներկայացնելով որպես «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած, մեկ և կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին կամ մահվան երթերին»:
Մինչ հայերը հիասթափված են, որ Թրամփը խուսափեց օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրը, թուրքերը ցնծալու ոչ մի պատճառ չունեն: Ընդհակառակը, նրանք պետք է ամաչեն, որ Միացյալ Նահանգների նախագահը իրենց նախնիներին մեղադրում է «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը» իրագործելու համար և հիշատակում է մեկ ու կես միլիոն հայերի ջարդը, որը թուրքական կառավարությունը ժխտում է մինչ օրս…
Այնուամենայնիվ, վատ լուրն այն է, որ Թրամփը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում որպես ցեղասպանություն: Թրամփի օգնականները պարզապես ընդօրինակել էին այն տեքստերը, որոնցով հանդես էին եկել Օբաման ութ տարի շարունակ և նրանից առաջ նախագահներ Բուշն ու Քլինթոնը, այդ թվում հիշատակելով «Մեծ եղեռն» եզրը, որը հայերից բացի, որ մեկը չի հասկանում, և ըստ միջազգային օրենքի՝ իրավական նշանակություն չունի ինչպես ցեղասպանություն եզրը կամ հայերենով հենց «ցեղասպանություն» բառը: «Մեծ եղեռնի» կիրառումը սոսկ խորամանկ հնարք է խուսափելու ցեղասպանություն բառից: Նախկինում ես այն դիրքրոշումն ունեի, որ եթե ԱՄՆ նախագահը չի կարող ճանաչել ցեղասպանությունը, ապա նա չպետք է վիրավորի հայ զոհերի հիշատակը և ամերիկահայերի ինտելեկտը, այն հիշատակելով որպես «ողբերգություն» և «վայրագություններ»: Երբ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերին հարցրեցինն Սպիտակ տան ապրիլ քսանչորսյա ուղերձում ցեղասպանություն եզրի բացակայության մասին, նա ցինիկաբար պատասխանեց, որ «դա համահունչ է այն լեզվին, որը կրկին ու կրկին կիրառվել է [նախկին նախագահների կողմից]»: Ապշեցուցիչ է, որ Թրամփը, որը միշտ հպարտանում է իր անկախ մտքերը բարձրաձայնելով և խստորեն քննադատում է նախորդ նախագահների թերությունները, հանկարծ իրեն հպարտ է զգում Հայոց ցեղասպանության մասին նրանց անընդունելի գրաքննությանը հետևելու համար… Թրամփը զայրացրել է բազմաթիվ մարդկանց ամբողջ աշխարհում, երբ այս ամսվա սկզբին Թուրքիայում անցկացված հանրաքվեից հետո զանգահարել և շնորհավորել է Էրդողանին կեղծված ընտրության առիթով, որն ընդլայնել է Էրդողանի բռնատիրական լիազորությունները… Թրամփը նախատեսում է ընդունել Էրդողանին Սպիտակ տանը այս տարվա մայիսին…
Ես լիովին համաձայն եմ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի արձագանքների հետ Թրամփի հայտարարության վերաբերյալ: Հայ Դատի հանձնախումբը հայտարարել է. «Նախագահ Թրամփը Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և հիշատակելու ամերիկյան քաղաքականության փոխարեն ընտրել է Անկարայի`«բերանը փակելու» քաղաքականությունը: Չկարողանալով պատշաճ կերպով հարգել զոհերի հիշատակն ապրիլի 24-ին՝ Թրամփը փաստորեն ցեղասպանությունների կանխմանն ուղղված ԱՄՆ քաղաքականությունը հանձնեց Ռեջեփ Էրդողանի ձեռքը՝ մեծամիտ ու ավտորիտար բռնապետի, որը հրապարակավ ոլորում է ԱՄՆ նախագահների ձեռքերը` ստիպելով լռել միլիոնավոր հայերի, հույների, ասորիների ու Թուրքիայի մյուս քրիստոնյաների զանգվածային սպանությունների մասին»: Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է. «Նախագահի ուղերձը չկարողացավ կանգնել հանուն մարդու իրավունքների պաշտպանության, այն հակասում է ամերիկյան արժեքներին և ներկայացնում է միևնույն անձնատվությունը թուրքական ավտորիտարիզմի առջև, որը կարժենա շատ ավելի մարդկային կյանքեր»:
Ամերիկայի հայ համայնքի վաղեմի աջակից, կոնգրեսական Ադամ Շիֆը, ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Թրամփի ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրի բացակայությունը. «Այսօր մենք հերթական հիասթափությունն ունեցանք ևս մեկ նախագահից, որը հրաժարվեց 1915-1923 թթ. մեկ ու կես միլիոն հայերի սպանությունը ճանաչել որպես ցեղասպանություն, ինչպիսին, որ այն կա: Նախագահ Թրամփը միացավ հանրապետական և դեմոկրատ այն նախագահների երկար ցանկին, որոնք չէին ցանկանում առճակատման գնալ Թուրքիայի հետ, և հրաժարվելով դա անելուց, նա կրկին ԱՄՆ-ը դարձրեց ժխտողական արշավի մաս: Ի՞նչ բարոյական իրավունքով կարող ենք խոսել ԻԼԻՀ-ի ցեղասպանական արշավի մասին ընդդեմ կրոնական փոքրամասնությունների Սիրայում և Իրաքում, եթե չենք ցանկանում դատապարտել անցյալ դարի առաջին ցեղասպանությունը: Եթե նախագահը չի բարձրաձայնում, ապա դա պետք է անի Կոնգրեսը, և ես միանում եմ իմ գործընկերներին՝ հանրապետականներին ու դեմոկրատներին՝ կոչ անելով Կոնգրեսին ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը»:
Կոնգրեսական Շիֆի հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ, ամերիկահայ համայնքը կարիք չունի Ներկայացուցիչների պալատի ևս մեկ բանաձևի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ 1975 և 1984 թվականներին արդեն իսկ ընդունված երկու բանաձևերի կողքին: Հայ ժողովրդի միակ պահանջը արդարությունն է՝ իր վիթխարի կորուստների հատուցումը, բռնագրավված մասնավոր և համայնքային ունեցվածքի վերադարձը և բռնազավթած հայկական տարածքների ազատագրումը: Ահա թե ինչ պետք է պահանջի Ներկայացուցիչների պալատի հաջորդ բանաձևը, և ոչ թե ցեղասպանության ճանաչումը:
Վերջապես, ես շատ ուրախ եմ, որ «Վիկիլիքսը» ապրիլի 24-ին իր թվիթերյան էջի 4.6 միլիոն հետևորդների ուշադրությանն էր ներկայացրել իմ նախորդ հոդվածներից մեկը՝ անցյալ տարվա նախագահական ընտրություններից առաջ Հիլարի Քլինթոնի կողմից իր քարոզչության գլխավոր օգնականների՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ հանդես գալու առաջարկը մերժելու մասին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Երեկ առիթ եղավ դիտելու Հայոց ցեղասպանության մասին պատմող ռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստում» ֆիլմը: Քըրք Քըրքորյանի Survival Pictures ընկերության ֆիլմը կարելի է հաջողված համարել: Չնայած դրան, այն ֆիլմ էր Հայոց ցեղասպանության մասին, Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» կամ Վերնոյի «Մայրիկը» ֆիլմերի շարքից նմանատիպ սյուժեով:
Ֆիլմը նոր ասելիք չուներ, սակայն շուրջն առաջացած աղմուկով, համաշխարհային մամուլում եղած արձագանքներով, որտեղ շրջանառվում և դեռ շրջանառվելու է ցեղասպանություն եզրույթը, Հայ Դատից քիչ թե շատ տեղյակ միջավայրում քննարկումներով, կարելի է նշել, որ այն հասել է իր նպատակին:
«Խոստումի» աշխարհահռչակ՝ ՕՍԿԱՐ-ի արժանացած ռեժիսոր Թերրի Ջորջն իր աշխատանքի մասին խոսելիս նշել է, որ ֆիլմը ստեղծվել է Քըրք Քըրքորյանի միջոցներով և ի կատար է ածվել նրա երազանքը:
Ի տարբերություն « Մայրիկի», այստեղ զգացվում էր, որ սցենարի հեղինակներ Թերի Ջորջն ու Ռոբին Սվիքորդը հայկական իրականության հետ կապ չունեցող, օտար մշակույթի մարդիկ են:
Ֆիլմը պատմություն է պատերազմող Թուրքիայի մասին, որտեղ նոր- նոր էր սկսվում հայերի բանակ զորակոչը, որին հաջորդում են հայկական գյուղերը բնաջնջելու երկրի կառավարության որոշումն ի կատար ածելու դեպքերը:
Դրան ականատես ամերիկացի ֆոտոլրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) և հայ աղջկա՝ Փարիզում սովորած նկարչուհի և պարուսույց Աննայի (Շառլոտ լը Բոն) հետ ծանոթանում է Կոստանդնուպոլիս՝ բժշկական ակադեմիա սովորելու մեկնած Միքայելը (Օսկար Այզեք): Այստեղ սիրային եռանկյունու հենքում տեղի է ունենում ֆիլմի դրաման. Միքայելը Պոլիս մեկնելուց առաջ նշանվում է իր համագյուղացի Մարալի հետ, և նրա օժիտ՝ 400 ոսկին հետը տանում բժշկական կրթություն ստանալու համար: Սա նրան պարտավորեցնում է հետ վերադառնալ հայրենի տուն՝ տեր կանգնելու իր նշանածին տված ամուսնության խոստմանը:
Պոլսում հորեղբոր տանը հանդիպելով պարուսույց Աննային , երիտասարդը սիրահարվում է: Փոխադարձ սեր է ծնվում ամերիկացի լրագրողի հետ ապրող Աննայի և ֆիլմի հերոսի միջև, նրանց սերը փորձություններ է կրում, այս ֆոնին առանձնանում է Միքայելի համակերպվելը իրավիճակին, որը թուլացնում է կերպարը, միևնույն ժամանակ ընդգծում իրականությունը՝ իրադարձություններին գերի հայ մարդու անճարությունը:
Նա փախչելով թուրքերից հասնում է հայրական տուն, որտեղ ամուսնանում է նշանածի՝ Մարալի հետ և փորձում գյուղում ապրել՝ համակերպվելով Աննային կորցնելու հետ: Այստեղ ֆիլմը թուլանում է: Միքայելը չի գալիս իր խոստման հետևից, նրան պատահականությունն է հետ վերադարձնում:
Ինչպես այս թեմայով բոլոր ֆիլմերում, այստեղ ևս կարմիր թելի պես անցնում է թուրք բարեկամի կերպարը. Կոստանդնուպոլսում Միքայելի ուսանողական ընկերը բարի թուրք է լինում, որը նրան մի քանի անգամ փրկում է դժվարին իրավիճակներում. պատերազմի ժամանակ ազատում թուրքական բանակի զորակոչից, ինչի համար հայրը Էմրիին բանակ է ուղարկում՝ մաքրելու ընտանիքի պատիվը: Մի քանի դրվագում ևս նա օգնում է հայերին, ինչի համար էլ գնդակահարվում է:
Այստեղ ամերիկացի՝ «Ասոշիեյթեդ պրեսի» թղթակից Քրիս Մայերսի կերպարով (որն ըստ իս՝ ֆիլմի ամենադրական կերպարն էր), ընդհանրացվել է պատերազմական տարիներին ցեղասպանության ենթարկված հայերին օգնության եկած բոլոր օտարերկրացիների գործունեությունը: Չնայած սիրած կինը՝ Աննան, սիրահարվում է Միքայելին, սակայն Քրիսը չի դադարում օգնել հայերին, ու մինչև վերջ մնում է նրանց կողքին:
Ֆիլմում Մուսա լեռան ինքնապաշտպանությունից մի հատված է ներկայացված. այդ տեսարանը բավականին հաջողված է։ Հուզիչ է ֆրանսիական նավերով հայրենի եզերքից հեռացող, վերջին ճիգերը գործադրող հայերի փրկությունը:
Ամեն դեպքում, իմ կարծիքով՝ ֆիլմն ունի գլխավոր ասելիք, որը շատ կարևոր է՝ չպետք է գլուխ խոնհարել, ցանկացած պայքարում ավելի լավ է մեռնել արժանավայել, իսկ պայքրողներին կյանքը վարձատրում է, վկան՝ փրկվածները:
Ռուզան Ավոյան
Նման զորավարժությունների մասին հայտարարել ապրիլի 24-ին՝ սա ինչ-որ ձեւով պատգամ է, մեսիջ է, որ իրենք ոչ միայն չեն զղջում, այլեւ արդարացնում են իրենց անմարդկային գործողությունները, մի ողջ ժողովրդի ոչնչացումը:
Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությանը, թե մայիսի 1-ից 5-ը Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնելու, այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա համոզմամբ՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այդ երկու ահաբեկիչ եղբայրների միասնական մոտեցումը հայոց պետականությանը: «Պատահական չէ ընտրված հենց այս օրը. սա, փաստորեն, Թուրքիայի կողմից ժխտողականության ամենավատ դրսեւորումն է»,- հավելել է Բաբայանը:
Մեր դիտարկմանը, թե այդպիսի զորավարժություններ անցկացվել էին նաեւ ապրիլյան պատերազմից առաջ, սա արդյո՞ք չի նշանակում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտ կա նախապատերազմական տրամադրություն՝ Դավիթ Բաբայանն արձագանքել է.
«Մենք գիտենք, որ Թուրքիան միշտ էլ սատարում էր Ադրբեջանին, եւ ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջան էին եկել ԴԱԻՇ-ի, Իսլամական պետության գրոհայինները, թուրք զինվորականներ, այլ ահաբեկչական խմբեր («Գորշ գայլեր» եւ այլն): Բայց բացահայտ ձեւով պատերազմ սկսել Արցախի դեմ՝ կնշանակի պարզապես երրորդ համաշխարհային պատերազմ: Նույն Թուրքիայի դաշնակիցները, նույն ԱՄՆ-ն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ինչպես նաեւ այլ բարեկամ երկրները թույլ չեն տա այդպիսի քաղաքականություն: Բնական է՝ սա կլինի հարված Ռուսաստանի դաշնությանը, որը նույնպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, մեր բարեկամ երկիր: Սա կլինի մարտահրավեր Իրանին, քաղաքակիրթ աշխարհին: Այս զորավարժությունները մարտահրավեր են, բայց դիմել բացահայտ գործողությունների՝ դրա հավանականությունը քիչ է»:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը այս համատեքստում անդրադարձավ նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից օրերս արված կոչին, թե պետք է պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների.
«Սա ահաբեկչության հերթական դրսեւորումն է եւ ցույց է տալիս, որ Ադրբեջանը իրոք ցեղասպան պետություն է: Մենք բոլորս գիտենք այդ մասին: Այսպիսի հայտարարությունները պետք է առաջին հերթին ահազանգ լինեն միջազգային հանրությանը, որ նման կոչերով, նման աննորմալ պահվածքով Ադրբեջանը լուրջ վտանգ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար: Դա չի նշանակում, որ այսպիսի հայտարարությունները, կոչերը, կենացները մեզ վրա ազդեցություն են գործում: Մեր բանակը կանգնած է եւ միշտ էլ զգոն է՝ ցանկացած հարձակում, ցանկացած պրովոկացիոն գործողություն կասեցնելու եւ կասեցնելու է»,- ընդգծել է Բաբայանը:
Երբեմն իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր ժողովրդին հասկանալու, գիտակցության գալու, պահանջատեր զգալու համար տասնամյակներ են պետք: Այն, որ հարյուր տարի առաջ թուրքերը մեզ կոտորել են, մի կերպ գիտակցել ենք, «գենոցիդ» բառն էլ վերջապես սովորել ենք ու տարվա մեջ մեկ օր՝ ապրիլի 24-ին, պատրաստ ենք ազգովի հավաքվել՝ խնկարկելու ու բարձրաձայնելու, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորած ու զանգվածային տեղահանություններ են եղել: Աշխարհից եւ մարդկությունից էլ այդ փաստի ճանաչումն ու ընդունումն ենք ակնկալում:
Աշխարհի 25 պետություններ, ԱՄՆ 50 նահանգներից 44-ը, միջազգային կազմակերպություններից 16-ը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Հետո՞։ Հիմա էլ ամբողջ ազգով սպասելու ենք, թե երբ է ԱՄՆ նախագահն արտասանելու «ցեղասպանություն» բառը, որ ուրախանանք, հրճվենք ու ժպտերես մեկս մյուսին ասենք. «Տեսա՞ր, վերջը ասացին…»: Դրանից առաջ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն արտասանեց «ցեղասպանություն» բառը, ի՞նչ փոխվեց… ենթադրենք՝ 45-րդ նախագահն էլ արտասանի, ի՞նչ կտա դա մեզ, կդառնանք ավելի քաղաքակիր՞թ, ավելի ազնի՞վ, ավելի ժողովրդավա՞ր, կբացահայտվեն անկախ Հայաստանում տեղի ունեցած երեք տասնյակից ավելի քաղաքական սպանություններն ու դրանց կազմակերպիչնե՞րը, թե՞ կվերանա «քաղբանտարկյալ» հասկացությունը (թեեւ հայտարարում են, թե ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան)…
Քաղաքական սպանություններ
Մովսես Գորգիսյան (1990 թ. հունվարի 19), Գեղազնիկ Միքայելյան, Վիտյա Այվազյան (1990 թ. օգոստոսի 29), Կիրովի սովխոզի ՀԱԲ-ի հրամանատար Պարգեւ Հարությունյան (1990 թ. աշուն, նրան գտնում են Կիրովի այգում՝ սպանված, ճակատից գնդակահարված), Արցախի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյան (1992 թ. ապրիլի 14), Հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյան (1993 թ. մայիսի 3), Մոնթե Մելքոնյան (1993 թ. հունիսի 12), Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյան (1993 թ. հուլիսի 21), «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյան (1994 թ. դեկտեմբերի 18), ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան (1998 թ. օգոստոսի 6-ին, պաշտոնական վարկածով, սպանել է տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանն ու ինքնասպան եղել), ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունի (1998 թ. դեկտեմբերի 10), ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյան (1999 թ. փետրվարի 9-ին, պաշտոնական վարկածով, ինքնասպան է եղել), խորհրդարանում գնդակահարվում են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանն ու Միքայել Քոթանյանը (1999 թ. հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորությամբ), ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյան (2001թ. սեպտեմբերի 11), Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյան (2002 թ. դեկտեմբերի 28), ՀՀ հարկային ծառայության օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյան (2006 թ. սեպտեմբերի 6), 10 ՀՀ քաղաքացիներ՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան (2008 թվականի մարտի 1-ին), ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Գեւորգ Մհերյան (2009 թվականի փետրվարի 3-ին)։ 1992 թ. հունիսի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հասանղարա տարածքում անհետ կորավ 79 ազատամարտիկից բաղկացած ջոկատը: Նրանցից 22-ն «Արաբո» ջոկատից էին, 19-ը՝ Ղարաբաղից, 7-ը՝ «Զեյթուն» ջոկատից, 28-ն Արմավիրի տղաներն էին («Տղաները կորան խորը թիկունքում: Կռվի դաշտում մենք նրանցից 5-6 կմ առաջ էինք: Ու մենք տեղյակ չենք եղել, թե ինչ եղան նրանք մեր թիկունքում»․ հրամանատար Մ. Եղիազարյան): 1994 թ․ ԱԻՄ-ի 18 ազատամարտիկներ (2-ը՝ անհետ կորած) կազմակերպված բոլոր ձեւերով ոչնչացվեցին ու մորթվեցին խարդավանքով, որովհետեւ անկախական կողմնորոշման ջոկատների մարտիկներ էին (1994 թ․-ից հետո հակամարտության հետեւանքով անհայտ կորած համարվող որեւէ մարդ չի գտնվել: Պետական մակարդակով չի քննարկվել անհայտ կորածների կամ նրանց աճյունների հայտնաբերման ու հայրենադարձման հարցը):
Մի քանի տասնյակից ավելի քաղբանտարկյալներ՝ Շանթ Հարությունյան, Ավետիս Ավետիսյան, Լիպարիտ Պետրոսյան, Արմեն Հովհաննիսյան, Վարդան Վարդանյան, Ալբերտ Մարգարյան, Մկրտիչ Հովհաննիսյան, Վահե Մկրտչյան, Հայկ Հարությունյան, Ալեք Պողոսյան, Վարդան Պետրոսյան (2013 թ. նոյեմբերի 5), Վոլոդյա Ավետիսյան (2013թ․ սեպտեմբերի 22), Հայկ Կյուրեղյան (2014 թ. հունիսի 12):
«Սասնա ծռեր» (2016 թ. հուլիսի 31)․ Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Տիգրան Մանուկյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Սերգեյ Կյուրեղյան, Արամ Հակոբյան, Արմեն Լամբարյան, Սմբատ Բարսեղյան, Էդվարդ Գրիգորյան, Արմեն Բիլյան, Մխիթար Ավետիսյան, Աշոտ Պետրոսյան, Թորոս Թորոսյան, Վարդան Գերավետյան, Գեւորգ Իրիցյան, Սեդրակ Նազարյան, Մարտիրոս Հակոբյան, Արթուր Սողոմոնյան, Հովհաննես Հարությունյան, Հովհաննես Վարդանյան, Ռուբեն Գրիգորյան, Արայիկ Հակոբյան, Արթուր Մելքոնյան, Էդգար Սողոմոնյան, Գեւորգ Մելքոնյան, Գառնիկ Հովակիմյան, Տիգրան Սարգսյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Մանուկյան (Պավլիկ Մանուկյանի որդին)։
«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյան (2016թ․ հունիսի 20), Գեւորգ Սաֆարյան (2016թ․ դեկտեմբերի 31)։
Անչափահաս պատանուն՝ Շահեն Հարությունյանին, 2014 թ. ապրիլի 2-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, եւ նա դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, այն բանի համար, որ պատանին ազատածին էր ու պատրաստ էր ընդվզելու ի պաշտպանություն հոր եւ անարդար կերպով բռնադատված մյուսների: 2016 թ. ապրիլի 2-ի քառօրյայի 104 զոհերը: 104 ընդհատված կյանք, 104 կիսատ ու ավեր օջախ, 104 կիսատ սեր ու չծնված հայ մանուկ… Խոշտանգվեց մերօրյա բարոյականության ու խղճի դեսպանը՝ Հաց բերող Արթուր Սարգսյանը…
Թուրքահայաստանում հայահալած քաղաքականության արդյունքում ավերեցին մեր բնակավայրերը, թալանեցին ու սրի քաշեցին, տեղահանեցին մեր ժողովրդին, տղամարդկանց հեռացրին սահմանամերձ շրջաններից, արգելեցին զենքի կրումը, ինքնապաշտպանությունը… իսկ դարավերջին մազապուրծ ու մի ափ մնացած Հայաստանում տեկտոնական երկրաշարժի արդյունքում ավերվեցին քաղաքներ ու գյուղեր, զոհվեց մոտ 100 հազար (պաշտոնական տվյալներով՝ 25 հազար) մարդ: Թվացյալ անկախություն ձեռք բերելու ճանապարհին երկրի կապիտալն ու հարստությունն անցան մի քանի օլիգարխների ձեռքը, թալանվեցին պատկերասրահները, զինվորի հասանելիք պարենն ու զինամթերքը, սահմանամերձ գոտու ազգաբնակչությանը մինչեւ ատամները զինելու փոխարեն արգելվեց նրանց զենք տրամադրել: Բանակում տարեցտարի ավելանում են հաշվեհարդարներն ու «ինքնասպանությունները» (միայն 2008-2011 թվականների ընթացքում զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը, պաշտոնական տվյալներով, հասնում է 187-ի, որից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994 թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ):
Սրան ի՞նչ կասեք… Երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հորդորում է․ «Նախկին ԼՂԻՄ-ին հարակից ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»։
Երբ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամբողջ Հայաստանի տնտեսությունը, երկաթգծերը, էներգակիրները, ատոմակայանը, կիսանկախ իրավունքները հանձնեց Ռուսաստանին՝ «գույք պարտքի դիմաց» անվան տակ:
Ամբողջությամբ ` hraparak.am
Ստամբուլի Շիշլի թաղամասում ոստիկանությունը խոչընդոտել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման անցկացմանը: Այդ մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամները Շիշլի շրջանի իրենց գլխավոր գրասենյակի մոտ ցանկացել են հիշատակի երթ կազմակերպել, մինչդեռ ոստիկանության միջամտության պատճառով միջոցառումը ստիպված են եղել իրականացնել գրասենյակի ներսում:
«Առերեսվի՛ր ցեղասպանությանը» խորագրով միջոցառմանը մասնակցել են նաև Ստամբուլում գործող «Նոր Զարթոնք» երիտասարդական միության անդամները:
Ժողովրդադեմոկրատներից բացի, միջոցառմանը միացել են Ստամբուլի «Նոր Զարթոնք» հայկական երիտասարդական միության անդամները:
«Նոր Զարթոնքի» մամուլի խոսնակ Նորայր Օլգարը թուրք լրագրողների հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում ապրող ժողովուրդները պետք է վաղ թե ուշ առերեսվեն իրենց անցյալին, հակառակ պարագայում` այդ հողերում խաղաղություն ակնկալելն իմաստ չի ունենա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.