23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին հակառակորդի դրսևորած ակտիվությանն ու բարձրաստիճան պաշտոնյաների երեխաների ծառայելու մասին զույցներին:
Պարոն Բաբայան, Արցախի ՊՆ-ն պատժիչ գործողությունների տեսանյութ է հրապարակել։ Սա նախորդ օրը հակառակորդի դրսևորած ակտիվության պատասխա՞նն է։
Մենք համարժեք պատասխան ենք տալիս ցանկացած ահաբեկչական ոտնձգության։ Մենք երբևէ առաջինը չենք խախտում զինադադարի ռեժիմը, ընդհակառակը, միշտ կոչ ենք անում, որ հակամարտությունը չունի լուծման ռազմական ճանապարհ, ոչ թե նրա համար, որ մենք ի վիճակի չենք պաշտպանել, մեր անվտանգությունն ապահովել, այլ նրա համար, որ դա ճիշտ չէ և փակուղի է տանում։ Բայց Ադրբեջանը միշտ դիմում է արկածախնդրության։ Սա գալիս է Ադրբեջանի ղեկավարության յուրահատկությունից։
Ի տարբերություն Արցախի՝ Ադրբեջանի ղեկավարությունից և ոչ մեկը չի մասնակցել պատերազմական գործողությունների, իր կաշվի վրա չի զգացել՝ ինչ է պատերազմը, դրա համար նրանք պատերազմը դիտում են որպես մի ֆիլմ, բլոկբաստեր։ Իսկ Արցախի ողջ ժողովուրդն անցել է պատերազմով, դրա համար մենք չենք ուզում դրա կրկնությունը։ Բայց դա չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք, առավել ևս հաստատակամ չենք, որպեսզի պաշտպանենք մեր անկախությունն ու արժանապատվությունը։
Ադրբեջանը դիմել է սադրիչ գործողությունների և ստացել է համարժեք պատասխան։ Սա փաստորեն ահաբեկչության դեմ հակահարված էր, և կարծում եմ, որ նման հակահարվածի հիմնական մեղավորը նույն Ադրբեջանի հանցավոր իշխանություններն են, որոնք ստիպում են մեզ դիմել նման քայլերի։
Իսկ մեր բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները ծառայո՞ւմ են բանակում, արդյոք նրանց համար է՞լ այս ամենը հոլիվուդյան ֆիլմ չէ։
Իհարկե ծառայում են, ոնց կարելի է համեմատել դա ադրբեջանցիների հետ։ Մեր բնակչության մեծ մասը, հատկապես Արցախի, շատ լավ գիտի՝ ինչ է պատերազմը. Մեկը կորցրել է իր հարազատին, մեկը՝ ծնողին, մեկը՝ որդուն, մեկը՝ ընկերոջը։ Այսինքն՝ Արցախում որևէ մեկը չկա, որի համար պատերազմն անցած լինի առանց հետևանքի։
Երևի նկատի ունեք Արցախի իշխանություններին, ոչ թե Հայաստանի։
Ես նկատի ունեմ առհասարակ մեր իշխանություններին, առհասարակ մեր հասարակությանը, եկեք չտարանջատենք իշխանություններին հասարակությունից։ Դա Ադրբեջանի իշխանությունների յուրահատկությունն է, մանավանդ, որ առաջին արցախյան պատերազմում միայն Ադրբեջանի սահմանամերձ շրջաններն են զգացել՝ ինչ է պատերազմը, այն էլ ոչ լիարժեք ձևով, որովհետև պատերազմը հիմնականում ընթանում էր Արցախի ներսում և սահմանամերձ որոշ շրջաններում, որոնք մենք ստիպված ազատագրել ենք։ Ադրբեջանի այլ քաղաքներ չեն իմացել՝ ինչ է պատերազմը։ Նրանք չունեին խնդիր շրջափակման հետ, նրանք չգիտեին՝ ինչ են զրկանքները, դրա համար այսպես ասած վիրտուալ իրականության հետ գործ ունեին։ Բայց նրանք պետք է չսխալվեն, որովհետև այս անգամ, եթե Աստված մի արասցե, նման բան լինի, պատերազմը լոկալ կամ վիրտուալ բնույթ չի կրելու։ Դրա համար մենք ասում ենք, որ դեմ ենք պատերազմին, որովհետև միայն աննորմալը կարող է ուրախանալ նույնիսկ հակառակորդի երեխաների, անմեղ բնակչության մահվամբ։ Դրա համար մեր պետության ռազմավարությունն ակտիվ պաշտպանությունն է, մենք երբեք չենք դիմում ագրեսիայի, բայց կանխելու ենք ցանկացած ագրեսիայի փորձ։
Շատերը նշում են, որ «ազգ-բանակ» հայեցակարգի հիմքում պետք է առաջին հերթին հավասարության սկզբունքը դնել, որ բոլորի երեխաները պետք է ծառայեն բանակում՝ անկախ պաշտոնից ու դիրքից։ Չե՞ք կարծում, որ միայն այդ հավասարության դեպքում բանակն ընկալելի կլինի հասարակության համար։
Իհարկե, քանի որ մեր բանակը դեռևս պրոֆեսիոնալ չէ, այսինքն ունենք համընդհանուր զորակոչ, ապա դեմ ենք, որ մտածենք, թե կան կատեգորիաներ, որոնք չպետք է ծառայեն։ Բայց մարդիկ կան, որոնք ֆիզիկապես ի վիճակի չեն ծառայել, մարդիկ կան, որոնք կարող են ազատվել ծառայությունից իրենց մասնագիտության հետ կապված։ Չեմ ասում, որ դա կրի զանգվածային բնույթ, բայց ցանկացած նորմալ երկրում կան կատեգորիաներ, որոնք չեն ծառայում։ Պարտադիր չէ, որ բոլորը գնան բանակ, առավել ևս կանայք, ես անձամբ դեմ եմ դրան։ Կանայք կարող են կամավոր բանակ գնալ, բայց պարտադիր չպետք է լինի։ Ի վերջո, հայ կինը մեր օջախի պահապանն է։ Իսկ մնացած մասով, հիմա մենք ունենք համընդհանուր զորակոչ, մեր բանակը պրոֆեսիոնալ չէ։ Գուցե ինչ-որ ժամանակ դառնա պրոֆեսիոնալ, թեև կան պրոֆեսիոնալ կատեգորիաներ, ասենք սպայական անձնակազմի մի մասը, պայմանագրային զինծառայողներ։
Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է «խաղաղություն տարածքների դիմաց» սկզբունքով։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ձեր կարծիքով ինչու է նա նորից հնչեցնում այն։
Մենք բազմիցս անդրադարձել ենք կարգավորման փիլիսոփայությանը։ Այստեղ կա մի կարևոր նրբություն։ Ընդհանրապես դա տրամաբանական բան է, մենք այստեղ չպետք է հայտնագործություն անենք։ Երբ խոսվում է այս կամ այն քայլերի մասին, երբ կողմերից մեկը ինչ-որ պատրաստակամություն է հայտնում ինչ-որ քայլ կատարել հակամարտության կարգավորման ուղղությամբ, նա առնվազն պետք է ակնկալի, որ մյուս կողմը պետք է համարժեք քայլ կատարի։ Հիմա տեսեք, երբ Ադրբեջանը նման հայտարարություն է անում, ինձ թվում է՝ սա ահաբեկչության ևս մեկ ձև է։ Սա ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն պարզապես չի ուզում կարգավորում և քողարկված ձևով բանաձևեր է ներկայացնում, որ հետո ասի՝ դե ես ներկայացրել եմ, եթե ստացվի համաձայնել, դուք եք մեղավոր, որ ձեր ճակատագիրն այնպես է, որ նոր ցեղասպանություն տեղի ունեցավ։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում «տարածքներ խաղաղության դիմաց»։ Այդ կատեգորիաները համարժե՞ք են իրար հետ։ Ես սա հարցնում եմ որպես տրամաբանություն ունեցող մարդ։ Խաղաղության դիմաց կարող է լինել միայն խաղաղությունը։ Երբ Ադրբեջանն ասում է՝ տվեք մեզ տարածքներ, մենք ձեզ խաղաղություն ենք տալիս, այսինքն՝ խաղաղության խոստում։ Ասենք թե տեսականորեն համաձայնում ենք, ու վաղը իրենք իրենց խոստումը չեն պահում, Արցախը դառնում է անկլավ, ինչպես եղել է 1988-91 թվականներին։ Իմիջիայլոց, այդ սահմանները կենսունակ չէին, և դա ցույց տվեց պատերազմը, այդ սահմանները հակառակորդի համար գայթակղիչ է, որ կարող են շրջափակել և ոչնչացնել Արցախը, որովհետև երբ դու պաշարված ես, անհնար է երկար դիմադրել։ Այսինքն՝ մենք հրաժարվում ենք մեր անվտանգության համակարգից, մեր սահմաններից, ինչը մեր անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է, ու Ադրբեջանը վաղը իր խոստումը չի պահում։ Ինչպես բազմիցս խախտել է բազմաթիվ պայմանավորվածություններ առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ մի քանի զինադադար է կնքվել։
Ադրբեջանը խախտում է իր սեփական օրենքներն ու սահմանադրությունը, երկրի փոխանախագահ է նշանակում առաջին տիկնոջը, ինչը հակասում է հենց իրենց օրենքներին։ Կամ մի պետություն, որ հերոսացնում է Ռամիլ Սաֆարովին, մի մոլագարի, որը գլխատել է քնած հայ սպային, մի պետություն, որտեղ նախագահը բարձր պարգևների է արժանացնում մի անձի, որը գլխատել է պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանին, մի պետություն, որ հայտարարում է՝ խոցելու է Ստեփանակերտ-Երևան չվերթ իրականացնող քաղաքացիական օդանավերը, նման պետությունը կարող է վաղն իր խոստումը պահե՞լ։ Եվ Մամեդյարովի նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Բաքվի՝ բանակցություններին պատրաստ չլինելը, և սա ժուլիկություն է, որը պարզապես լուրջ չէ։
Խաղաղությունը կարող է լինել միայն խաղաղության դիմաց։ Ուզում են հստակեցնել սահմանների՞ հարցը, թող գան հստակեցնեն։ Կա Շահումյան շրջանի խնդիր, Գետաշենի, Մարտունաշենի, կա Հյուսիսային Արցախ, և եթե ուզում ես քննարկել, պետք է համապարփակ ձևով քննարկել, բայց ասել՝ տարածքներ խաղաղության դիմաց կամ նավթատարի բացում տարածքների դիմաց, պարզապես լուրջ չէ։ Եվ իրենք մեկ բան շատ լավ պետք է հասկանան՝ չի կարող վերադարձ լինել անցյալին, այդ թվում նաև սահմանների առումով։ Տեսեք՝ Ադրբեջանի ներկայիս տարածքները քանի տոկոս են ավելանալու, եթե նա ստանա այն տարածքները, որոնք ուզում է՝ հինգ տոկոսով, մեր դեպքում նշանակում է զիջել 65 տոկոսով, արդյոք սա համարժե՞ք է: Սա ամբիցիաների խնդիր չէ, սա անվտանգության խնդիր է, որից կախված է մեր պետության և ժողովրդի ապագան։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ամենամյա զեկույցում, որում գնահատականներ են տրվում համաշխարհային մարտահրավերներին, անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին և շփման գծում իրադրությանը։ Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ 2016թ. ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, կողմերը չեն ցանկանում փոխզիջման գնալ, ուստի 2017թ. պահպանվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցի և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ։
– Պարոն գեներալ, ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցը, իսկապես պահպանվո՞ւմ է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:
– Ադրբեջանից՝ այդ ագրեսիվ, ահաբեկչական պետության կողմից, որովհետև անցած տարի ապրիլին՝ կտրելով խաղաղ բնակչության ականջներ, գլուխներ և այլն, նրանք ցույց տվեցին, որ ահաբեկիչներ են, սպասել կարելի է ամեն ինչ։ Առավել ևս՝ վերջերս Ադրբեջանը և Թուրքիան լեռնային տեղանքում զինված ուժերի կողմից մարտական գործողությունների անցկացման գծով համատեղ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի տարածքում։ Եվ հենց լեռնային շրջաններում, ոչ թե հարթավայրային կամ տափաստանային տեղանքում։ Իսկ լեռնայինը Ղարաբաղն է և Հայաստանը։
Այդ պատճառով նրանք կարող են ամեն պահի քայլեր ձեռնարկել։ Իսկ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը նախատեսված է գործողությունների կոորդինացիայի, փոխգործակցության կազմակերպման և ռազմական գործողությունների պլանի մշակման կամ հաստատման համար։ Այս պայմաններում մեր խնդիրն է՝ առանց խուճապի, քանի որ գիտենք, որ այդպես կարող է լինել, ամրապնդել, մարտական լիարժեք պատրաստվածության բերել մեր ուժերը, սահմանագոտու բնակչությանը նախապատրաստել, որ նրանք իմանան ու չվախենան, զինվեն և պատրաստ լինեն ամեն ինչի, այդ թվում՝ թշնամուն ետ շպրտելուն։ Եվ այնպես հետ շպրտեն, որ վերջնականապես ջախջախեն նրան բոլոր ուղղություններով։ Մենք չենք հարձակվում, մենք կարիք չունենք հարձակվելու։
Մենք ոչ մի ավելի բան չենք ուզում։ Թող նրանք ազատեն գրաված հայկական տարածքները՝ Հարթավայրային Ղարաբաղը, Շահումյանը, և այլն։ Այդ պատճառով հենց նրանք անցնում են Քուռը, նրանց պետք է ջախջախել, քանի որ արդեն մոտենում են մեր տարածքին, և թույլ չտալ, որ մոտանան մեր դիրքերին։
– Իսկ ինչո՞ւ է ամերիկյան հետախուզությունը հիմա խոսում լայնամասշտաբ գործողությունների հավանականության մասին, սա ի՞նչ է նշանակում։
– Պարոն Թրամփը երևի մեզ՝ հայերիս, զգուշացնում է, որ մենք պատրաստ լինենք հակազդել թշնամուն։ Դա ավելի լավ, որ ԱՄՆ-ն է խոսում։ Չէ՞ որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, իսկ Ադրբեջանը թուրքական երկրորդ պետությունն է։ ԱՄՆ-ը հզոր գերտերություն է, պետք է արդար լինի և կասեցնի թուրքական ոտնձգությունները։ Թուրքիան անկանխատեսելի կողմ է, այդ պարոն Էրդողանը, որ ամենուր ինչ-որ բաներ է անում, ավերեց ամբողջ Սիրիան, և անգամ կարող է ցեղասպանություն իրականացնել Եվրոպայում։ Նրանից ամեն ինչ կարելի է սպասել։ Եվ ԱՄՆ-ը երևի հուշում է, որ Թուրքիան նորից սկսել է խուլիգանություն անել։
– Բաքվի պահանջով Երևանում փակվելու է ԵԱՀԿ գրասենյակը։ Դա ի՞նչ հետևանք կունենա։
– Այո, նրանց ձեռնտու չէ, որ այստեղ ԵԱՀԿ-ն աշխատի։ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը մի քանի տարի առաջ է փակվել, և հիմա նրանք ուզում են այստեղ փակել ԵԱՀԿ գրասենյակը, որովհետև ԵԱՀԿ-ն խանգարում է նրանց և թույլ չի տալիս իրագործել իրենց մտադրությունները։ Իսկ երբ տարածաշրջանում չլինի ԵԱՀԿ-ն, դա նույնպես պատերազմի պատրաստություն է համարվում։ Մենք պետք է շատ լուրջ դիվանագիտական աշխատանք իրականացնենք, մենք պետք է ՄԱԿ-ին, Անվտանգության խորհրդին, Եվրոպային, ամենուր ապացուցենք, քարտեզներով ցույց տանք, որ Ղարաբաղը մեր հողն է։ Բանակցություններ պետք է վարել Ռուսաստանի հետ, ոչ թե Ադրբեջանի։ Ադրբեջանի հետ մենք խոսելու ոչ մի բան չունենք։ Եվ, Աստված մի արասցե, հող վերադարձնենք։
Եթե 1 սմ զիջենք, նրանք 3 կմ կգրավեն։ Ես Թուրքիայի նախկին քաղաքացու ժառանգ եմ։ Թուրքիայում 1.5 մլն հայերի ոչնչացրին, հիմա նրանց պետք է Թուրքիան և Ադրբեջանն ամբողջությամբ իրար կապել ցամաքով, հետո շարժվել դեպի Ուրալ, Յակուտիա, և այլն։ Դա պանթուրքիզմի գաղափարախոսությունն է։ Դրա համար նրանք ցանկացած միջոց օգտագործում են։ Իսկ մեզ պետք է դիմադրել։
– Հայաստանում տեսակետ կա, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Մոսկվայի նախաձեռնությունն է, և հենց Մոսկվան է ուզում Բաքվի միջոցով այստեղ դադարեցնել եվրոպական այդ կառույցի աշխատանքը։
– Ոչ, ոչ։ Դա հիմարություն է։ Ով դա ասում է, ճիշտ կանի՝ լավ ուսումնասիրի ռազմաքաղաքական իրադրությունը և քաղաքականությունն ընդհանրապես։
– Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանը կարող է գործի դնել նաև Գյումրու ռազմաբազան: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող է անել այդ ռազմաբազան ծայրահեղականների դեմ պայքարում։
– Շատ խելացի բան է ասել Լավրովը։ Իսկ ահաբեկիչները Թուրքիայի և Ադրբեջանի ամբողջ բանակներն են։ Եթե դա այդպես է, նշանակում է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին, որպեսզի այնտեղից ահաբեկիչները չթափանցեն հայկական տարածք։ Իսկ դրանք առանձին ահաբեկիչներ չեն, դրանք ամբողջ խմբավորումներ են։ Երբ անցած տարի ապրիլին հարձակվեցին Արցախի վրա, հակառակորդի կողմից կռվողների շարքերում մեծ թիվ էին կազմում ահաբեկիչները, իսլամիստները։ Դրանք թուրքական զորքերն էին, թուրք զինվորականներ, ավելի ճիշտ՝ ահաբեկիչներ, որոնք բանակի քողի տակ էին գործում։ Եվ եթե Լավրովը դա ասել է, դա շատ լավ է։
Մեզ պետք է աջակցել այդ գործում Ռուսաստանին, քանի որ դա ուղղված է Հայաստանի, մեր հայրենիքի պաշտպանությանը։ Վերջերս Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը հայտարարել էր, որ մի քանի հազար իսլամիստներ տեղափոխվել են Աֆղանստան, որտեղ կարող են միավորվել և հարվածել Տաջիկստանին։ Իսկ այդ պետությունը ՀԱՊԿ անդամ է։ Այսինքն՝ նրանց նպատակն է, որ Ռուսաստանն իր զորքերը հանի Սիրիայից և տեղափոխի այստեղ, իսկ այնտեղ թուլացնի իր դիրքերը։
Դա քաղաքականություն է։ Ուզում են Ռուսաստանը ետ քաշել Սիրիայից, որպեսզի Սիրիայում էլ կարողանան անել այն, ինչ մտադիր էին, Ասադին ոչնչացնեն։ Իսկ Ռուսաստանին դա ձեռնտու չէ, Ռուսաստանը պետք է այնտեղ մնա ու չվախենա։ Եվ մեր բանակը՝ ռուսական ռազմաբազայի հետ միասին, պետք է պատրաստ լինի հակադարձելու ցանկացած հարձակում, պաշտպանելու հայկական տերությունները և թույլ չտալու այստեղ ահաբեկիչների մուտքը։ Մենք պետք է թույլ չտանք թուլացնել Ռուսաստանը և պետք է մինչև վերջ լինենք Ռուսաստանի հետ, այլապես մենք էլ կկործանվենք։
Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման է ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից, գրում է Armenian Weekly-ն:
The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ է վիրավորվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից առնվազն մեկը ծանր վիճակում է: Վաշինգտոնի ոստիկանության խոսնակ Դասթին Սթերնբեքը նշել է, որ երկու մարդ է ձերբակալվել:
Ոստիկանության խոսնակը նշել է, որ վեճը բռնկվել է երկու խմբերի միջև, բայց այլ հանգամանքներ չի ներկայացրել:
USA Today-ը, վկայակոչելով Վաշինգտոնի հրշեջ և արտակարգ բժշկական ծառայությունների դեպարտամենտի խոսնակին, նշել է, որ վիրավորներից երկուսն են ծանր վնասվածքներ ստացել: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ոստիկանությունը շրջափակել է դեսպանատան հարակից տարածքը և հետաքննում է միջադեպը:
Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ:
Ինչպես Facebook-ի իր էջում գրել է Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները, դեպքի վայրից տեղեկությունների համաձայն, պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք հավանաբար եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից:
The Daily Mail-ը, անդրադառնալով միջադեպին, գրել է, որ ցնցող տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում են Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքող ցուցարարների և նրա կոստյումով թիկնապահների միջև կատաղի բախումները: Լրատվամիջոցը գրում է, որ կոստյումներով տղամարդիկ ցուցարարներին հարվածում են և գցում գետնին, այնուհետև ոտքերով հարվածներ հասցնում, երբեմն՝ գլխին: Միջադեպի տեսանյութում երևում է երկու տարեց տղամարդ՝ արյունոտ հագուստներով և վնասված գլուխներով:
The Guardian-ը, նույնպես անդրադառնալով միջադեպին, գրել է, որ Էրդողանի թիկնապահները կատաղի բախման մեջ են մտել ցուցարարների հետ: Լրատվամիջոցը գրում է, որ ականատեսների համաձայն` բախումը սկսվել է, երբ Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների թիմը հարձակվել է քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության դրոշը պահած ցուցարարների վրա:
«Սա այնպիսի բռնություն էր, որ երբեք չեք սպասի տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում: Սա այնպիսի բռնություն էր, որ կարելի է տեսնել Էրդողանի Թուրքիայում և այլ բռնապետություններում»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը նկարահանել է հարձակման մի մասը և ուղիղ հեռարձակել Facebook-ում կազմակերպության էջում:
Արամ Համբարյանը տեսանյութում պատմել է, որ Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում գտնվող կանաչ տարածքում ցուցարարները խաղաղ ցույց են անցկացրել, երբ փողոցի մյուս կողմից մի խումբ էրդողանամետ ցուցարարներ ճեղքել են ոստիկանական պատնեշը և հարձակվել ցուցարարների վրա: Նրա խոսքով՝ Էրդողանի աջակիցների խումբը փորձել է ծեծի ենթարկել հնարավորինս շատ մարդկանց:
«Սա այն բռնությունն է, որ տեսնում ենք Անկարայում, և նրանք այն բերում են այստեղ: Մի բան է Թուրքիայի իշխանությունների համար դա անել իր սեփական քաղաքացիների նկատմամբ, դա սարսափելի է: Մեկ այլ բան է մեզ՝ ամերիկաբնակներիս համար, տեսնել, թե ինչպես է դա տեղափոխվում Միացյալ Նահանգներ»,- ասել է Համբարյանը։
Ադրբեջանի նախահարձակ ակտիվության մեջ որևէ տարօրինակ բան տեղի չի ունեցել:
Հակառակորդը սովորաբար հանցագործ գործողությունների է դիմում, այս անգամ ևս նույն քայլերն է իրականացրել: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Բարեբախտաբար չունենք զոհեր և վիրավորներ, չի եղել նաև ռազմական կարևոր տեխնիկայի կորուստ: Ադրբեջանի գործողությունը ոչ միայն ագրեսիայի դրսևորում է Արցախի նկատմամբ, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի: Նման ագրեսիվ պահվածքը Ադրբեջանը վարում է միջազգային հանրության նկատմամբ: Օրինակ` ԵԱՀԿ գրասենյակի փակումը: Միջազգային հանրությունը պետք է համապատասխան քայլերով պատասխանի, այլ ոչ թե համաեվրոպական նշանակության միջոցառումներ կազմակերպի Բաքվում: Համտեսելով ադրբեջանական խավիարը` բազմաթիվ միջազգային կազմակերպություններ կորցրել են իրենց իմունային համակարգը: Դրա համար այսպիսի իրավիճակ է »,-ասաց Դավիթ Բաբայանը:
Հակառակորդի ակտիվությունը Դավիթ Բաբայանը կապում է Ադրբեջանի տնտեսական լուրջ խնդիրների հետ: Երկրում ֆինանսական ճգնաժամի դրսևորումներ են: Դրանք հարվածում են բազմաթիվ մարդկանց շահերին, երկրում սոցիալապես ծանր իրավիճակ է ստեղծվում: Ի՞նչ պետք է անել, իհարկե, կլանը չի ուզում իր ամենօրյա թալանած միլիարդները կորցնել, հետևաբար, որպեսզի շեղի ազգաբնակչությանը սոցիալական հարցերից, անպայման պետք է դիմի ահաբեկչական քայլերի: Դրանից բացի, Թուրքիայի հետ սերտ համագործակցության գործոնը կա, ըստ Դավիթ Բաբայանի, Թուրքիայի կողմից ևս հորդորներ կան, որ Ադրբեջանը դիմի նման քայլերի:
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հայկական կողմն անում է ամեն ինչ՝ ագրեսորին զսպելու համար: Նման ահաբեկչությունները չեն փոխում ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, Արցախի պաշտպանական բանակը շարունակում է իր ձեռքերում ամուր պահել ռազմավարական նախաձեռնողականությունը:
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ): Իսկ ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:
Հայկական կողմը մշտապես արձագանքում է ադրբեջանցիների ակտիվությանը, տանկերին, զորավարժություններին, այսինքն՝ ռեֆլեքսորեն շարժումներ է անում։ Առաջին դիվերսիոն-հետախուզական ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայկական կողմի արձագանքը ադրբեջանական գործողություններին համեմատեց գլխատված գորտի շարժումների հետ. «Երբ գորտի թաթին ծծմբաթթու են լցնում, նա նույնիսկ առանց գլխի շարժում է այն՝ արձագանքելով ցավին։ Մենք մեծ սխալ թույլ տվեցինք 1993 թվականի աշնանը եւ շարունակում ենք կրկնել նույն սխալը։ Դա նշանակում է նախաձեռնությունը տալ թշնամուն»։
Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է վերադարձնի ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունը։ «Հայկական կողմի առաջխաղացումը թուրքը չի կասեցրել։ Մենք ինքներս ենք կանգնեցրել։ Հայտարարում ենք, որ կոշտ պատասխան ենք տվել, պատժել ենք։ Միեւնույնն է, ամեն ինչ այդ գորտի ոճով է։ Մենք պետք է նախաձեռնող ու պահանջկոտ դառնանք»։
Անդրադառնալով տարածքներ վերադարձնելու մասին հրապարակային հայտարարություններին՝ նա նշեց, որ նման խոսակցություններն անթույլատրելի են։ Ըստ նրա՝ լուրջ գումարներ են ծախսվում որոշ տարածքների վերականգնման համար։ Դա նշանակում է, որ ոչ ոք նման բան չի նախատեսում։ «Նայեք Վարդենիսից Մարտակերտ ճանապարհին, Քարվաճառի ճանապարհին, այնտեղ ամենուր շինարարություն է ընթանում։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է դա նշանակում, եթե ղեկավարությունը պատրաստվում է տարածքներ հանձնել, ապա ինչպե՞ս կարող է այդ հատվածներում շինարարություն անել։ Նման խոսակցությունները դրսի համար են, սակայն դրսի լսարանի համար արվող արտահայտությունները չի կարելի անընդհատ ներսում շրջանառել։ Կամ ինչ «կապիկություն» է Հայաստանի եւ Արցախի միջեւ ռոումինգ եւ մաքսակետ դնելը»։
Ըստ նրա՝ ժամանակն է, որ Հայաստանն ինքը «վայրենի պետության» կեցվածք ընդունի եւ պահանջի այն հողերը, որոնք զանազան պայմանագրերով ու թղթերով Հայաստանից խլվել են։ «Մեր առավելությունը մեր մոտիվացիան է։ Թուրքերն էլ պակաս կռվող չեն, սակայն մենք ունենք մոտիվացիա, մենք փախնելու տեղ չունենք, ստիպված մինչեւ վերջ կռվում ենք, որովհետեւ եթե ձեռքերս իջեցնենք՝ կկոտորվենք։ Դրա համար էլ հերոսանում ենք»։
Հարցազրույց հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, հայտնի արևելագետ, իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:
Պարոն Ասատրյան, մենք Ձեզ գիտենք որպես համաշխարհային հռչակ ունեցող արևելագետի, որը ակտիվ գիտա-մանկավարժական գործունեությամբ է զբաղված, որպես մարդու, որի անվան հետ է կապված Հայաստանում վերջին տասնամյակներում ստեղծված արևելագիտության մի շարք ճյուղեր ներկայացնող հանրահայտ գիտական դպրոցը, միևնույն ժամանակ Դուք նույնքան ակտիվ մասնակցություն ունեք նաև ազգային խնդիրներում՝ որպես տեսաբան, հրապարակխոս և գործիչ: Շատ չէ՞ մի մարդու համար, ինչպե՞ս եք հասցնում:
— Գիտե՛ք, մարդ աշխատանքից է հոգնում, իսկ արևելագիտությունն իմ տարերքն է, ես չեմ աշխատում, այլ ապրում եմ դրանով: Իմ աշխատանքն իմ կյանքն է, որին վարժվել եմ դեռ պատանեկության տարիներից: Ազգային խնդիրներն էլ ես մշտապես դիտարկում եմ իմ մասնագիտության պրիզմայով՝ ձգտելով իմ գիտելիքների կիրառական կողմը ծառայեցնել մեր ժողովրդի շահերին: Այնպես որ, հասցնելու-չհասցնելու, հոգնելու-չհոգնելու խնդիր չունեմ:
— Պարոն Ասատրյան, ուզում եմ նաև շնորհավորել Ձեզ արևելագիտության նոր օջախ հիմնելու համար: Վստահ եմ, ի նկատի ունենալով Ձեր գիտական ներուժն ու եռանդը, այն դառնալու է նոր որակի բարձագույն գիտակրթական կառույց:
-Նախևառաջ կուզենայի ընդգծել, որ այս նոր ինստիտուտի կամ ինչպես ասում են՝ ֆակուլտետի, կայացումն ու հետագա հաջողություններն առաջին հերթին պայմանավորված են հենց Հայ-ռուսական համալսարանի որակական հատկանիշներով և ոչ այնքան իմ եռանդով կամ գիտական պոտենցիալով: Դինամիկ զարգացում ապրող այս համալսարանը, որ միտված է ապագային, միանգամայն նոր ձևաչափի հզոր ներուժով բուհ է: Գոնե ինձ համար, որպես հին համալսարանականի, դա չափազանց զգալի է: Ցանկացած եռանդ դրսևորման համապատասխան միջավայր ու մթնոլորտ է պահանջում: Այլապես, ուզում ես աստղեր իջեցրու երկնքից՝ ոչինչ չի ստացվի: Միով բանիվ, հունդը պետք է ընկնի բարեբեր հողում, քարուղռի մեջ չի ծլարձակի, հիշենք Քրիստոսի առակը:
— Այո, Սլավոնականը մեր հայտնի բուհերից մեկն է: Ինչի՞ն, Դուք կվերագրեիք բուհի հաջողությունը: Ինչքան գիտեմ, անցյալ տարի միակ բուհը, որ ուսանողների թվի հավելում է արձանագրել, եղել է Սլավոնականը, կարծեմ, Ամերիկյան համալսարանը նույնպես…
— Բնական է, որ դա պետք է մի շարք հանգամանքներով պայմանավորված լինի: Ես նոր մարդ եմ այնտեղ և իմ համար ամենագլխավորը համալսարական մթնոլորտն է: Ակադեմիականությունը զգալի է ամեն քայլափոխի: Բարեկրթություն, հանդուրժողականություն, խնդիրներին ոչ նորմատիվ մոտեցման իսպառ բացակայություն և այլն, և այլն: Խոստովանեմ, հենց ոտք եմ դնում համալսարան, ակամայից վերհիշում եմ լենինգրադյան իմ ուսումնառության տարիները, վերապրում հույզերը, առաջվա նման լցվում մտահաղացումներով… Այստեղ յուրաքանչյուրը ոչ միայն սեփական, այլև դիմացինի գործի հանդեպ շահագրգիռ մոտեցում ունի… Իսկ դա շատ մեծ բան է, որին համասարանի ղեկավարությունը հետևողականորեն հետամտել ու հասել է… Այսօր աշխարհում գիտությունն ու բարձրագույն կրթությունը այնպիսի մի խելահեղ զարգացման են հասել և աշխատանքի ու դասավանդման կազմակերպման այնպիսի ճկուն մեթոդներ են առաջացել, որ Նոյի թվի գաղափարներով, վարքուբարքով, նիստուկացով էլ հեռուն չես գնա… Աշխարհը փոքրացել է. տեղական գիտություն այլևս գոյություն չունի… Մեկ-երկու րոպեում կարող ես համացանց մտնել ու իմանալ՝ ով ով է, ի՞նչ կշիռ ունի, ի՞նչ է արել, ինչպե՞ս է արել: Գիտության և բարձրագույն կրթության համար այսօր մի ստանդարտ գոյություն ունի՝ միջազգայինը: Ինչևէ…
— Շատ հետաքրքիր է. նոր ապրումներով, նոր տեղում արևելագիտական նո՞ր դպրոց եք հիմնադրում: Կարելի՞ է այսպես ասել:
— Մի հայտնի սահմանադրագետ-իրավաբան ունեինք. մի անգամ նրան լրագրողները հարցրեցին, թե որտե՞ղ է ամռանը հանգստանալու, նա սրամիտ պատասխանեց, թե՝ ինչ տարբերություն՝ որտեղ է լինելու, եթե գլուխն իր հետ է տանելու: Հիմա ես եմ՝ ի՞նչ տարբերություն, թե հիմա որտեղ եմ, եթե արևելագիտությունն ինձ հետ է: Գիտական դպրոցը շենք չի, որ հին տեղում թողնես՝ ուրիշներն օգտագործեն, ինքդ էլ գնաս նոր տեղում նորը սարքես, այլ կոնկրետ անձի անվան ու վաստակի հետ կապված, այսպես ասած, բրենդ է՝ որտեղ մարդն է, այնտեղ էլ նրա դպրոցն է: Իսկ եթե ավելի կոնկրետ պատասխանեմ, ապա պետք է ասեմ, որ ինձ հետ է իմ դպրոցը, ինձ հետ են իմ հավատարիմ աշակերները, որոնք ոչ միայն իմ ստեղծած ավանդույթի հետևորդներն են, այլև կայացած, բազմափորձ դասախոսներ, միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, հրաշալի ու կանոնավոր մարդիկ, բարոյական արժեքների կրողներ: Մեր դպրոցն արդեն իսկ օրգանապես հյուսվել է Սլավոնական համալսարանին և դարձել դրա անկապտելի մասը: Վստահ եմ, որ այս նոր կառույցը, լայն հնարավորություններով ու անկաշկանդ գործելու մթնոլորտում, ունի մեծ ապագա: Թող մեծամտություն չհամարվի, սակայն դույզն իսկ չեմ կասկածում, որ այս համալսարանի արևելագիտության ինստիտուտը իր գործունեության հենց առաջին տարիներից դառնալու է հետխորհրդային տարածքի և Արևելյան Եվրոպայի ամենահզոր արևելագիտական կենտրոնը: Բավական է նշել, որ միայն անցյալ տարի Հայ-ռուսական համալսարանում մենք կազմակերպեցինք արևելագիտական երկու միջազգային խոշոր համաժողով և հրատարակեցինք երկու ծավալուն գիտական ժողովածու:
— Ասացիք, որ այս տարի հայտարարել եք ընդունելություն երկու մասնագիտությունների գծով՝ իրանագիտություն և թյուքագիտություն, սակայն, ինչքան գիտեմ, ֆակուլտետը չորս բաժին ունի՝ արաբագիտություն և՝ առաջին անգամ Հայաստանում՝ հնդկագիտություն:
— Անկեղծ ասած, այդպես ստացվեց զուտ տեխնիկական պատճառով: Բակալավրիատի հնդակագիտություն և արաբագիտություն մասնագիտությունների պետական լիցենզիան ստացանք ավելի ուշ: Բայց 2018 հունվարից արդեն վերոհիշյալ մասնագիտությունների գծով կարող են հրամանագրվել այն դիմորդները, որոնք քննություններ հանձնել, բայց չեն ցանկացել որևէ տեղ ուսանել: Մագիստարատուրայի մակարդակում, սակայն չորս մասնագիտություններով էլ ընդունելություն է հայտարարված: Ի դեպ, մեզ մոտ վճարովի տեղերի վարձավճարները զգալիորեն ավելի ցածր են քան այլ բուհերում:
— Եվ վերջում, ըստ իս, չափազանց կարևոր մի հարց. թեև դուք հայտարարել եք, որ Սլավոնական համալասարանի արևելագիտության ինստիտուտում դասավանդումը հայերեն է, սակայն կուզենայի, որ մեկ անգամ էլ հաստատեք դա: Ինչո՞ւ եմ կարևորում. շատերն են ուզում ձեզ մոտ ուսանել, սակայն այս հանգամանքը փոքր- ինչ մշուշոտ է թվում, ըստ երևույթին…
— Մենք հստակ և մեկին ասել ենք, որ արևելագիտությունը Հայ-ռուսական համալսարանում հայերեն է դասավանդվում, ընդունելության քննություններն էլ լինելու են հայերեն՝ ընդհանուր հիմունքներով: Ռուսական սեկտորը՝ համապատասխան մասնագիտություններով, ստեղծվելու է ավելի ուշ: Դրանով հանդերձ, մասնագիտական լեզուներից զատ, մեր ինստիտուտում մեծ ուշադրություն է դարձվելու ռուսերենին և արևմտյան լեզուներին: Մի առավելության մասին ևս. մեզանում հիմնական լեզուների յուրացումը խորացվելու է ուսումնասիրվող երկրներում կարճ և երկարաժամկետ պրակիտիկայի ընթացքում: Իսկ առհասարակ արևելագիտության այն տեսլականը, որ մենք ունենք, այս գիտաճյուղի կիրառական ընկալումն է: Պարզաբանեմ. Հայ-ռուսական համալսարանի խոր ավանդույթները իրավագիտության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և գովազդի բնագվառներում մեր ուսանողներին հնարավորություն է ընձեռելու ցանկության դեպքում զուգահեռ պատրաստություն ստանալ նաև հիշյալ ոլորտներում՝ դառնալով, ասենք, իրանագետ-տնտեսագետ, իրանագետ-քաղաքագետ, իրանագետ-միջազգայնագետ և այլն:
— Շնորհակալություն, պարոն Ասատրյան, հետաքրքիր հարցազրույցի համար, որ համոզված եմ շատերին կօգնի մասնագիտական ճիշտ ընտություն կատարելու:
— Ես էլ եմ շնորհակալ և կուզենայի խոսքիս վերջում առաջ ընկնել ու շնորհավորել մեր առաջին կուրսի ուսանողներին և հուրախություն նրանց հայտնել, որ ողջ առաջին կուրսը հենց սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին Գիլանի համալասարանի հրավերով ու ծախսով մեկ շաբաթյա ճանաչողական ուղևորության կմեկնի Իրանի ամենագեղեցիկ ու ծաղկուն մերձկասպյան Գիլան և Մազանդարան նահանգները: Բարի՛ գալուստ Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտ: /
Մանրամասները՝ մեր կայքում՝ www.orient.rau.am
Հարցազրույցը վարեց Ռուզան Ավոյանը
«Շանթ» հեռուստաընկերությունը ներկայացրել է մայիսի 10-ին հակառակորդի կրակոցից Արցախում վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանի նկարահանած բացառիկ կադրերը:
Հեռուստաընկերության հաղորդմամբ` այս պահին նրա վիճակը կայուն է, հնարավոր է, տեղափոխվի Երևան:
Մանրամասները` «Շանթ» հ/ը տեսանյութում:
Պաշտոնական Երևանը մտադիր չէ օտարերկրյա նոր, այդ թվում՝ ռուսական ռազմաբազա բացել երկրի տարածքում, «Ինտերֆաքս»-ին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ներկա պահին Հայաստանում որևէ այլ երկրի ռազմակայան բացելու շուրջ քննարկում հաստատ չի ընթանում, մենք նաև նման հայտ չունենք ռուսական կողմից», — ասել է Վիգեն Սարգսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հայկական կողմի համար շատ կարևոր է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը:
«Մենք սերտ շփումների մեջ ենք ռուս գործընկերների հետ այն արդիականացնելու, հնարավորություններն ընդլայնելու շուրջ, կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձևաչափեր», — ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտի մասին է:
«Ռուսաստանը շատ է աջակցում Հայաստանի զինված ուժերի ամրապնդմանը, ներկայումս մենք համատեղ շատ ծրագրեր ունենք՝ մեր կուրսանտների ուսուցումից մինչև ռազմական գործողությունների միացյալ ծրագրում», — ասել է Վիգեն Սարգսյանը:
Ավելի վաղ՝ անցած շաբաթավերջին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանում ու ետխորհրդային մյուս երկրներում տեղակայված ռուսական զորամիավորումները, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ է նաև Հայաստանը, պատրաստ են պայքարել նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
«Ցավոք, «Իսլամական պետությունը» հիմնավորվել է ոչ միայն Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում, այլև սկսել է ակտիվանալ Աֆղանստանում՝ հատկապես հյուսիսային շրջաններում, որոնք անմիջականորեն սահմանակից են մեր հարևաններին ու դաշնակիցներին», — ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը՝ ընդգծելով․ — «Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, ՀԱՊԿ համատեղ զորամիավորումները մշտական պատրաստվածության վիճակում են»:
Վիգեն Սարգսյանն իր հերթին, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նշել է, թե Հայաստանը մտադիր է ոչ միայն շարունակել մարդասիրական օգնությունը Սիրիային, այլև ծրագրում է տեղում մասնակցել ականազերծման աշխատանքներին:
«Մեր երկրների նախագահների հանձնարարությամբ մենք քննարկում ենք հայ սակրավորների մասնակցության հնարավորությունը Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքներին», — ասել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում Վիգեն Սարգսյանը նաև հորդորել է Կրեմլին անվերապահորեն չընդունել Անկարայի հետ ջերմացող հարաբերությունները՝ պնդելով՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իրականում լուրջ սպառնալիքներ է ստեղծում Մոսկվայի համար Ռուսաստանի հարավային ճակատում:
«Երբ մենք խոսում ենք տարածաշրջանի երկրների և ՆԱՏՕ-ի անդամների միջև փոխգործակցության ու այլ հարցերի մասին, պետք է փաստենք, որ այդ դաշինքից մեր տարածաշրջանում ամենաշատը ներկայացված երկիրը Թուրքիան է, որը բացահայտ և անմիջապես Ռուսաստանի սահմանների մոտ՝ Ադրբեջանում, շատ ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է ծավալում», — ասել է Վիգեն Սարգսյանը հավելելով,- «Ես հասկանում եմ, որ հիմա Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շատ դրական փուլ է, սակայն, այդուամենայնիվ, չէի անտեսի նման լուրջ վտանգը»:
Փաստելով, որ ղարաբաղյան խնդրում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, Սարգսյանն ընդգծել է․ — «Թուրքիան բացասական դեր է խաղում նաև այս հարցում՝ հրապարակավ աջակցելով Ադրբեջանին սպառազինության ու տեխնոլոգիաների մատակարարման, հրահանգիչների ուղարկման և շատ այլ առումներով, ինչը զգալիորեն փոխում է դինամիկան տարածաշրջանում»:
«Սա շատ լուրջ վտանգներ է ստեղծում, այդ թվում՝ Ռուսաստանի հարավային ճակատում՝ Դաղստանի սահմանների մոտ»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը ռուսական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:
Մայիսյան այս օրերը հայկական հաղթանակների օրերն են: Սովորաբար խոսվում է հանրահայտ իրողություններից, ԶԼՄ-ների էջերում հանրահայտ ռազմական գործիչների մասին է խոսվում: Սակայն սովորաբար պատմությունը լռում է հարյուրավոր մարդկանց, պատերազմի տարբեր դրվագների մասին, որոնք հերոսության իսկական օրինակներ են: Հենց այդ դրվագներից է ամբողջացել հաղթանակը:
Արցախյան պատերազմը նման օրինակներ շատ է տվել: Ընդ որում, դրանք եղել են ամենածանր ու ամենավճռորոշ դրվագները, երբ օրինակ մի քանի հոգանոց ջոկատը կարող էր լիովին փոխել իրավիճակը եւ ռազմական գործողությունների վեկտորը: Ցավոք, պատմություն գրողները Հայաստանում սվորաբար ելնում են կամ իրավիճակի թելադրանքից, կամ կոնյունկտուրայից, կամ պարզապես չիմացությունից:
Հիշվում է՝ մի հանրահայտ հրապարակախոս գիրք էր գրել ղարաբաղյան շարժման ու պատերազմի մասին եւ մի օրինակ նվիրել Իգոր Մուրադյանին: Վերջինս նրան հարցրել է՝ իսկ դու ճշմարտությո՞ւնն ես գրել: Այո, ասել է գրողը: Ստում ես, քանի որ դու ճշմարտությունը չգիտես, ասել էր Իգոր Մուրադյանը:
Ինչո՞ւ մեր պատմության մասին սովորաբար ճշմարտությունը չի գրվում, կամ ամբողջական չի գրվում: Բազմաթիվ պատճառներ կարող են լինել, եւ դրանցից մեկն էլ այն է, որ նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը, սովորաբար չեն ցանկանում խոսել. Մի մասն այն պատճառով, որ «հանձնվել» են կյանքի իրողություններին, մյուս մասն այն պատճառով, որ համեստ մարդիկ են եւ իրենց ձեռքերը երբեք չեն տաքացրել հաղթանակի դափնիների վրա:
Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանին խնդրեցինք մի շարք այդպիսի դրվագներ պատմել մեր ընթերցողների համար: Նա առանձնացրել է երկու դրվագ՝ Հադրութի պաշտպանությունն ու Մաճկալաշենի մարտը:
Վահան Բադասյանը պատմում է, որ պատերազմի սկզբում հայկական բանակն անփորձ էր, քանի որ մարտական փորձ նախկինում չէինք ունեցել: «Այդ պատճառով էլ հոգեբանական առումով ծանր էր, երբ դեմ առ դեմ մնացինք մենք ու ադրբեջանցիները: Առաջին մարտերում մեզ վրա հարձակվել էին զրահատեխնիակայով՝ Հադրութի ուղղությամբ, Այգեստան գյուղում:
Առաջին անգամ խփել էին 100 մմ հրանոթով, ուղիղ նշանառությամբ խփում էին: Դա մենք տեսել էինք ֆիլմերում, բայց իրականության մեջ՝ ոչ: Մենք այդ ուղղությամբ ունեինք երկու հատ հակատանկային նռնականետ: Երեք-չորս զրահատեխնիկայով եկել էին մեզ վրա, և հոգեբանական առումով շատ դժվար էր»,- հիշում է Վահան Բադասյանը: Այդ մարտերում նա եղել է ջոկատի հրամանատարը, մտածել է, որ կարող է չկարողանան դիրքերը պահել, գուցե պետք էր նահանջել:
«Մարտն ընթանում էր գյուղի մեջ, արդեն 4 շարք նահանջել էինք, և 20 մետրի վրա թեժ մարտ էր, մենք փամփուշտ չունեինք, յուրաքանչյուրս 120 փամփուշտ ունեինք, իսկ թուրքերը կարկուտի պես կրակում էին: Նայեցի հետ, նահանջի ճանապարհը, հետևում Հադրութն էր, մեր կանայք, երեխաները: Մտածեցի՝ երկու ձի ունենք, մեկի վրա մայրս կնստի, մյուսի վրա՝ հարսներից մեկը, փոքր երեխաներին կվերցնեն ու կնահանջեն դեպի սարերը: Մտքումս այդպես մտածում էի, և հանկարծ մեր տղաներից մեկը նայեց ինձ: Նա անչափահաս չորս երեխա ուներ, ասաց՝ Վահան, ձյունը խորն է, չենք կարող նահանջել, կմնանք ձյան մեջ, ուշքդ առաջ պահիր, նահանջել չկա: Ես բարձրաձայն չէի մտածել, բայց նա կարողացել էր կարդալ իմ մտքերը: Ես ամաչեցի իմ մտադրությունից, որ նահանջի մասին էի մտածել: Դա նշանակում է, որ ինքն էլ նույն ապրումն ուներ, և նման ապրումներ հավանաբար ունեին մեր մյուս տղաները»,- ասաց նա:
Ըստ Բադասյանի՝ այս նախադասության մեջ ոգի կար, հաստատակամություն, քաջալերում, ամեն ինչ: Եվ հայկական կողմն այդ մարտում հաղթել է հակառակորդին: «Մեր կորուստը եղավ այն, որ 8 տուն վառեցին, ունեցանք վիրավորներ, այդ նույն տղան ծանր վիրավորվեց: Մենք ոչ միայն հաղթեցինք, այլև ջախջախեցիքն թշնամուն, երկու զրահատեխնիկա վերցրեցինք նրանցից, որն օգտագործեցինք: Դա Արցախի բանակի առաջին գերեվարված տեխնիկաներն էին: Դա 1992 թվականի հունվարի 8-ն էր: Սա ընդամենը մի դրվագ էր, բայց շատ կարևոր էր Հադրութի համար: Մենք այդ օրը թե պաշտպանեցինք Հադրութը, թե հաղթեցինք մարտում»,- ասաց նա:
Վահան Բադասյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում հակառակորդը բազմաթիվ հարձակումներ է գործել Հադրութի վրա, բայց այդ տարածքով ոչ մի անգամ հարձակման փորձ չի արել, որովհետև 100-ից ավելի զոհեր էին ունեցել, որոնցից մի քանի տասնյակը թողել էին հայկական կողմում:
Պատերազմի մեկ այլ հերոսական դրվագ էլ տեղի է ունեցել 1992 թվականին, Մարտունու շրջանում:
«Ադրբեջանն Ուկրաինայից մոտ 100 տանկ էր ստացել և այն ժամանակվա սովետական բանակի մնացորդների հետ հարձակվել էին, մեկ-երկու օրվա մեջ վերցրել Շահումյանը, Մարտակերտի մի մասը: Դրանից մի քանի օր անց լայնածավալ գրոհով հարձակվեցին Հադրութի, Մարտունու և Ասկերանի վրա: Կատաղի մարտեր ընթացան, դա հուլիս ամիսն էր:
Մաշկալաշենի ուղղությամբ ամենածանր հարձակումն էր, որտեղ հակառակորդը 15-20 տանկերով հարձակվել էր: Դա ուղղակի սարսափելի հարձակում էր, ուղեկցվում էր ինքնաթիռների հարվածներով, նաև չկառավարվող արկերով ու հրետանիով հզոր հարվածներ էին տեղում»,- պատմեց նա:
Դրանից մի քանի օր առաջ հայկական կողմից զոհվել էր մի տղա, ով ընտանիքի երրորդ որդին էր: Նրա մայրը հուղարկավորության ժամանակ դիմել էր ժողովրդին՝ ասելով՝ «ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք»:
«Դրանից մի քանի օր հետո մարտերի ժամանակ արդեն անհնար էր գյուղը պահելը, պետք էր նահանջեին երկրորդ գիծ ու այնտեղից մարտը վարել, հակառակ դեպքում մեծ կորուստներ կունենայինք:
Գյուղը պետք է հանձնվեր: Հրամանատարը Մոնթեն էր, նա սթափ մտածելով, որպեսզի մեծ կորուստներ չլինեն, ամեն ինչ թողել էր հրամանատարի հայեցողությանը, որ եթե չդիմանային, կարող էին հետ քաշվել: Գումարտակի հրամանատար Արմեն Ավագյանը, ով այդ դեպքից մի քանի ամիս անց զոհվեց, ուզել էր նահանջել, բայց հիշել էր այն կնոջ խոսքերը, որ որդուն հողին հանձնելիս ասել էր:
Հրամանատար Արմենը հետագայում պատմել էր, որ ինքը շատ ուժեղ վախեցել էր այդ բառերից, որ նահանջի հրաման տար: Նրանք այդ մորը պետք է պատասխան տային, թե ինչու էին գյուղը լքել, չէ՞ որ նա իր որդիներին էր կորցրել: Նրանք մի քանի րոպե ևս դիմադրել էին, տեղի էր ունեցել անսպասելին, նրանց մեջ հանկարծակի ուժ էր ծնվել, խոցել էին 7 տանկ, 5 տանկ վերցրել էին, հակառակորդը մեծ կուրուստներ կրելով՝ փախուստի էր դիմել»,- պատմեց Բադասյանը:
Մեկ այլ դրվագ էլ տեղի է ունեցել 1994 թվականի ձմռանը, երբ ադրբեջանցիները նորից լայնամասշտաբ գրոհներ էին սկսել: Նախքան այդ, մի քանի օր հանգիստ է եղել, գնդի հրամանատար Արթուր Աղաբեկյանը գնացել է տուն՝ հանգստանալու, քանի որ նոր էր վիրահատվել: Բայց, Բադասյանի խոսքով, նա մշտապես կապի մեջ էր գնդի հետ:
«Մի օր առավոտ ծեգին դիրքերում կանգնած ոստիկանական գումարտակը տեսնում է, որ իրենց ուղղությամբ գալիս են երկու տանկեր: Նրանք անմիջապես կապվում են Արթուր Աղաբեկյանի հետ՝ ասելով, որ հակառակորդի տանկերը գալիս են մեր ուղղությամբ, իսկ տանկերի հետևից մեծ թվով զորք էր գալիս:
Արթուր Աղաբեկյանն ասել է, որ չվախենան, դրանք մեր տանկերն են: Բայց իրականում դրանք հակառակորդի տանկերն էին, Աղաբեկյանը կապվել էր մեր տանկային գումարտակի հրամանատարի հետ, հաղորդել, որ երկու տանկեր են գալիս մեր ուղղությամբ, դրանք անցնելու են մեր դիրքերը, իսկ հետո պետք է խփվեն: Տանկերը եկել են, անցել թիկունք, իսկ թիկունքում մեր ուժերը դրանց խոցել են: Այսինքն՝ դեպքեր կային, երբ սուտ ասելը խնդիր էր լուծում, եթե ճիշտն ասվեր, մեր զորքը կնահանջեր, ճեղքվածք կառաջանար, ինչն անկանխատեսելի հետևանքներ կունենար»,- նշեց նա:
Շնորհավորելով հայ ժողովրդին հաղթանակի օրվա առթիվ՝ Վահան Բադասյանն իշխանություններին ևս մեկ անգամ հորդորում է մտածել ու խորհել, թե ինչու մայիսի 9-ին բանտերում քաղբանտարկյալներ ունենք, որոնց թվում են ազգային հերսներ:
«Ինչո՞ւ պետք է մենք ունենանք հալածված ազգային հերոսներ: Եթե ինչ-որ տեղ աստված եղել է մեր կողմը ու օգնել է մեզ, այս ամենը տեսնելով՝ առաջիկայում մեր վրա արհավիրքներ կարող է բերել հենց նրա համար, որ մենք ծեծում ենք մեր ազգային հերոսներին, որ նրանց խոշտանգում ենք, նրանց հարազատներին պատժում ենք, որ ընդհանրապես հաղթել ենք պատերազմում, բայց մեր ժողովուրդն այդ հաղթանակաի բերկրանքը չի տեսնում, այլ մի քանի հոգի դա սեփականաշնորհել են և երկիրը վեր են ածել ալան-թալանի: Օգտվելով առիթից՝ ես ուզում եմ կոչ անել իշխանություններին, որ իրենք հնարավորություն ունեն շտկելու իրենց սխալները»,- ասաց նա:
Երբ նորանշանակ պաշտպանության նախարարը հռչակեց ազգ-բանակ հայեցակարգը, հասարակությունը մի պահ ոգևորվեց, որովհետև թվաց, թե կենդանության կկոչվի նժդեհյան այն տեսությունը, որը հռչակում էր բանակի ու ազգի միասնությունը անպարտելիության նպատակով։ Սակայն ազգ-բանակ հայեցակարգը անփորձ ու ոչ պրոֆեսիոնալ տեղեկատվության շնորհիվ նեղացավ ու պարփակվեց 1000 դրամների սահմանում, չնայած այդ 1000 դրամների նպատակը ազնիվ էր ու պետք է ծառայեր հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած հերոսների ու նրանց ընտանիքների գոյատևմանը։
Սակայն ամեն ինչից հիասթափված մեր հասարակության գիտակցությանն ու հոգեբանությանը ևս մեկ ծանր հարված էր սպասվում։ Դա « Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի աղավաղված ու սղոցված ներկայացումն էր հասարակության դատին։
Ինչ է սպասում հասարակությունը և ինչ մատուցվեց նրան։
Համաձայն գործող Սահմանադրության և «Ծառայության անցնելու մասին» օրենքի՝ ՀՀ-ում պարտադիր ժամկետային զինծառայությունը 24 ամիս է, որն ամրագրված է և գործում է։ Սույն օրենքով կարգավորվում է նաև պայմանագրային զինծառայությունը, համաձայն որի՝ պարտադիր ժամկետային ծառայությունից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կնքելով համապատասխան պայմանագիր պաշտպանական գերատեսչության հետ, ծառայում են երեք տարի։ Գուցե պաշտպանության նախարարի անփորձությունն է պատճառը, սակայն նա չի ընկալում, որ պարտադիր ժամկետային զինծառայողի հետ 36 ամիս պայմանագիր կնքելուց առաջ ինքը պետք է փոփոխություն կատարի նախ գործող օրենքում, որպեսզի քաղաքացին իր սահմանադրական պարտքն օրենքի առաջ կատարած լինի։ Առանց դրա հռչակվում է, որ երեք տարի հետո քաղաքացու հաշվին կարող է հավաքվել 5 մլն դրամ։
Այսօր էլ պայմանագրային զինծառայողը երեք տարվա ընթացքում ստանում է մոտավորապես նույնքան գումար (36 անգամ 150 հազար)։ Բայց անգամ գործազրկության նման պայմաններում հայ երիտասարդները չեն ցանկանում պայմանագրային զինծառայության անցնել։
Հասարակությունը նոր նախարարից նախևառաջ սպասում էր սոցիալ-քաղաքական համընդհանուր արդարության սկզբունքի հաստատում, երբ կվերանայեին բոլոր տարեկետումներն ու բոլոր՝ 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները պարտադիր կծառայեին բանակում։
Չգիտես ինչու, այսօր խուսափում ենք ամրագրել օրենքում, որ առանց սահմանադրական պարտքի կատարման, հայրենիքին ծառայության գործում ոչ ոք իրավունք չունի զբաղեցնելու պետական ընտրովի քաղաքացիական պաշտոններ։ Ստեղծվել է այնպիսի մի համակարգ, երբ սոցիալ-տնտեսական արտոնություններ վայելողների որդիները օրինական ճանապարհով խուսափում են իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ և հայտնվում են պետական բարձր պաշտոններում կամ Ազգային ժողովում որպես պատգամավոր։
Այստեղ աղավաղվում է և՛ ազգ-բանակ, և՛ « Ես եմ» հայեցակարգերը։
Նախարարի նախաձեռնության երկրորդ մասը վերաբերում է բանակը ղեկավար սպայական կադրերով համալրելու գործընթացին։ Եվ առաջարկվում է, որպեսզի կարճաժամկետ դասընթացների միջոցով սպայական գիտելիքներ հաղորդվի Հայաստանի բուհերում սովորող քաղաքացիներին։ Այն կարող էր առաջարկել միայն այնպիսի մեկը, որը չի ծառայել բանակում և չի պատկերացնում, թե ինչպիսի բարոյակամային ու գիտակցական, զինվորական գիտելիքների ու ունակությունների բազայով օժտված անհատները կարող են իրենց ենթարկել զինվորական կոլեկտիվն ու առաջնորդնել դեպի խնդրի կատարում։
Ուսումնական չորսամյա կրթությունը կերտում է սպայական հոգեբանություն ու գիտելիքներ, որոնք հիմք են ծառայում ցանկացած բարդ խնդիրների կատարման։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեզ պետք են սպայական հոգեբանություն ու գիտելիքներ ունեցողներ, ոչ թե սպայական ուսադիր կրողներ։
Մենք այսօր ունենք հիանալի քառաստիճան ռազմական կրթական համալիր, որի պահպանումն ու զարգացումն ազգային խնդիր է։ Իսկ ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ այն աղավաղելն ու կործանելը՝ ապազգային ու վտանգավոր գործընթաց։
Այն հայտարարությունները, որ սպայական գործունեությունը պահանջարկ ունի բարձր վճարման պատճառով, այդպես չէ. սպայի աշխատուժի արժեքը ՀՀ-ում գնահատվում է ամենացածրը, ու դա է այն հիմնական պատճառը , որ այդ մասնագիտությունը նախընտրելի չէ։ Պոպուլիզմը, ամբոխահաճությունը և հովանավորչությունը՝ ահա այն թշնամիները, որոնք կրծում են բանակը ներսից։ Եվ երբ պաշտպանության նախարարը չքմեղացած տեսքով լրագրողի հարցին պատասխանում է, թե ինքը չգիտի՝ ինչ է օլիգարխը, և ինչու նրանց որդիները չեն ծառայում բանակում, մարդկանց ազգային գիտակցության մեջ արդեն ոչնչանում են ազգ-բանակ և «Պատիվ ունեմ» հայեցակարգերը։
Աշխարհի բոլոր պետությունները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել իրենց հայրենիքի պաշտպանության խնդիրներին և բանակի բարեփոխումներին մոտեցել են շատ զգուշավոր։ Իսկ մեր երկրում ցանկացած մեկը, ով այս կամ այն ներքին կամ արտաքին ուժերի հովանավորությամբ դիրք է գրավում պետական կառավարման համակարգում, իրավունք է վերապահում էժանագին ամփոխահաճության համար հայեցակարգեր ներկայացնել ու հայտարարություններ անել՝ նախօրոք համոզված լինելով, որ դրանք մատնված են անհաջողության։
«Հանիբալը դարպասների տակ է» հզոր ադրբեջանական բանակը սպառնում է մեր ազգային գոյությանը, մեր պետությանն ու հայրենիքին։ Եվ այսօր փոխանակ համախմբվի ազգի ողջ կարող ներուժը, երկար տարիներ կաբինետային կյանքի սովոր պաշտոնյաներն են հանդես գալիս ամբիցիոզ հայեցակարգերով՝ վտանգելով մեր բանակի բնականոն հզորացումն ու մարտական պատրաստականության զարգացումը։
Ռազմական վերլուծաբան, ՀՀ բանակի նախկին սպա Վ. Մինասյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.