23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայկական Instigate Robotics ընկերությունը ներկայացրել է օդում անսահմանափակ ժամանակով թռիչք իրականացնելու համար նախատեսված անօդաչու թռչող սարք, որն աշխատում է լարով:
Անօդաչուն ՀՀ ԱԻՆ Armsecurity միջազգային ցուցահանդեսի ժամանակ Ռազմինֆոյի թիմին ներկայացրեց Instigate Robotics ընկերության ինժեներ Արմեն Բաղդասարյանը:
Անօդաչուն ոչ թե մարտկոցով է սնուցվում, այլ ունի արտաքին սնուցում՝ լարով: Սարքը ունի նաև նաև լրացուցիչ մարտկոց, որը նախատեսված է ծայրահեղ դեպքերի համար: Այն աշխատում է 200 վոլտ ուժգնությամբ գեներատորով:
ԱԹՍ-ի մեկ օրինակ էլ Սինգապուրում է փորձարկումներ անցել՝ նավահանգստի նավերը մոնիթորինգ անելու համար:
«Մի օրինակ տվել ենք Սինգապուրին, հիմա իրենք լրացուցիչ պահանջներ են ներկայացրել: Այս մեկը 30 մետր էր բարձրանում, հիմա ուզում են, որ 60 մետր բարձրանա, հետագայում՝ 100 մետր: Նրանց պահանջներից է նաև այն, որ [սարքի] ղեկավարումը ներքևից տրվի օպտիկայով․ ոչ թե ռադիողեկավարում լինի, այլ օպտիկայով լինի», — նշեց ընկերության ինժեներ Արմեն Բաղդասարյանը:
Ինժեների խոսքով՝ աշխատում են նաև լարը փաթաթող և տվող կոճի աշխատանքի վրա, նպատակն է այնպես անել, որ «սահուն տա ու սահուն փաթաթի, չխճճվի լարը»:
Փորձարկվել է մաքսիմում 50 մետրանոց լարով: Լարը պետք է դիմանա 400 վոլտ լարմանը և վնասվածքների դեպքում կարճ միացում չտա, որովհետև այն հաճախակի կոճի վրա փաթաթվելու և արձակվելու է: Անհրաժեշտ է, որ բազմաթիվ անգամ ճկվելուն դիմանա: Քաշի խնդիր կա, եթե գտնեն ավելի թեթև և երկար լար, որը կբավարարի պահանջները, սարքը կարելի կլինի նաև ավելի բարձրացնել. «..Բայց այնպես չէ, որ կարելի է կիլոմետրով բարձրացնել: Սահմանափակ է բարձրությունը, ժամանակն է անսահմանափակ»:
Անօդաչուի ռոտորների շրջանակը տիտանից է՝ ձևավորված հեծանիվի անիվի կաղապարի հիմքի վրա, ինչը թույլ է տալիս թռիչքի ժամանակ տատանողական շարժումները հասցնել նվազագույնի: Սարքը հիմնականում բաղկացած է անջրաթափանց մասերից:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=u8GwqvSIXqU
ՀՀ ՊՆ ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով՝ հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինծառայության զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միևնույն զորամաս: Այս մասին նշված է օրինագծում:
Ներկայում «Զինապարտության մասին» գործող օրենքով զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միևնույն զորամաս:
Ներկայացված օրենքի նախագծում փոփոխվել է «միաժամանակ զորակոչվող եղբայրները» դրույթը: Սա նշանակում է, որ եղբայրները, անկախ այն բանից՝ նույն զորակոչի ընթացքում են զորակոչվում բանակ, թե ոչ, կարող են ծառայություն անցնել նույն զորամասում:
«Մենք ասում ենք, որ եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում, ապա իրենք կարող են նույն զորամասում իրենց ցանկությամբ ծառայություն անցնել:
Օրինագծով առաջարկում ենք «նույն զորակոչ» ձևակերպումը հանել, որովհետև անկախ նրանից նույն զորակոչն է, թե ոչ, եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են, իրենք իրենց ցանկությամբ պետք է կարողանան նույն զորամասն ընտրել»:
Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել է կառավարության՝ օգոստոսի 31-ի նիստի ժամանակ: Նիստին կառավարությունը հավանություն է տվել առաջարկվող օրինագծին: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:
Սիրելի ընթերցող, «Հայկական վարկածը» օգոստոս ամսին կլինի արձակուրդում։ Ձեզ և մեզ մաղթում ենք լիարժեք հանգստյան օրեր։
«Դեռեւս ոչ մի լուրջ բան չի պատահել: Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար», Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման վերաբերյալ հայտարարել է Սերժ Սարգսյանը Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարին տված հարցազրույցում: Նա հայտարարել է, որ այդ հանգամանքը հայ-ռուսական հարաբերության «ամենացավալի»կողմն է:
Ռուս-ադրբեջանական գործարքի կամ ռազմա-տեխնիկական «բիզնեսի» ո՞ր հետեւանքն է, որ Սերժ Սարգսյանը կհամարի լուրջ: Կա՞ դրա չափանիշ կամ սահմանում: Եթե այո, ապա գուցե պետք է հանրությանը մատնանշել նաեւ դա, որպեսզի հանրությունն էլ հնարավորություն ունենա չափել եւ գնահատել Սերժ Սարգսյանի խոսքն ու դրա համար պատասխանատվության աստիճանը: Այլապես, առաջանում է հարց, որն առաջին հայացքից նույնիսկ կարող է թվալ տարօրինակ, բայց Սերժ Սարգսյանն ինքն է տալիս դրա առիթը. ապրիլի պատերազմը լուրջ հետեւանք չէ՞ր: Սերժ Սարգսյանն իհարկե ասել է, որ կորցրած «800 հեկտարը» չուներ մեծ նշանակություն:
Այդ մասին եղան բուռն բանավեճ ու քննարկումներ, բայց ենթադրենք, որ չուներ: Բայց մի՞թե լուրջ նշանակություն չուներ մի քանի օրում ռազմական գործողությունների հետեւանքով կորցրած հարյուրից ավելի մարդկային կյանքը, որոնց մի զգալի մասը եղել է նաեւ հենց ռուսական սպառազինությունից, էլ չասած այն մասին, որ ադրբեջանական ագրեսիան ընդհանրապես զգալիորեն սնուցվել է Ռուսաստանի ռազմա-քաղաքական պահվածքի շնորհիվ: Ընդ որում, ինքը Սերժ Սարգսյանն այդ մասին ակնարկել է մի քանի անգամ: Օրինակ, նաեւ բոլորովին վերջերս, ՄԳԻՄՕ-ում ելույթի ժամանակ, երբ մարտին այցելել էր Մոսկվա: Իսկ մի քանի տարի առաջ, Երեւանում տեղի ունեցած մեդիաֆորումի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե եթե նույնիսկ սահմանին Ադրբեջանը ռուսական զենքով չի կրակում, միեւնույն է, Ռուսաստանի մատակարարումը հայ զինվորի եւ հասարակության մոտ առաջացնում է այն մտայնությունը, որ Ադրբեջանը ռուսական զենքով է սպանում մեր զինվորներին:
Քանի՞ զինվորի սպանությունն է համարվում «լուրջ հետեւանք», երբ արդեն կա պատերազմատենչ եւ ագրեսիվ Ադրբեջանին մեծ քանակի սպառազինություն մատակարարելու համար Ռուսաստանին մեղադրելու «հիմք»: Բուն խնդիրն այն է, որ անգամ մեկ զինվորի կյանքը Հայաստանի իշխանության համար պետք է լիներ այդ «լուրջ հետեւանքը», որովհետեւ մեկ զինվորի կյանքից է սկսվում մնացյալ ռազմա-քաղաքական լուրջ հետեւանքների կանխարգելման արդյունավետ քաղաքականությունը:
Սերժ Սարգսյանը թե նույն հարցազրույցում, թե նաեւ այլ առիթներով հայտարարել է, որ զինվորի ու սպայի կյանքը թանկ է: Բայց այդ հայտարարությունն ու «լուրջ հետեւանք չլինելու» մասին խոսքերը մեղմ ասած հակադրվում են միմյանց, որովհետեւ զինվորի ու սպայի կյանքը եւ պետության ճակատագիրը համեմատելի կամ հակակշռելի չեն՝ մեկը սկսվում է մյուսից, մեկը բխում է մյուսից, հետեւաբար անգամ մեկ զոհն է արդեն «լուրջ հետեւանք»: Այդ իմաստով ռուսական սպառազինության մատակարարումը արդեն իսկ ունի հարյուրից ավելի լուրջ հետեւանքներ մարդկային կյանքի իմաստով, եւ նաեւ մի շարք լուրջ ռազմա-քաղաքական հետեւանքներ, որոնց մասին Սերժ Սարգսյանն ինքն էլ ակնարկել է տարբեր առիթներով:
Այլ է իհարկե խնդիրը, երբ դիտարկում ենք այն զուտ իշխանական պրիզմայով: Ըստ այդմ ակնհայտ է դառնում, որ «լուրջ հետեւանքները» դժբախտաբար բավական շատ են՝ Ռուսաստանին դրանց համար մեղադրելու հիմքի առումով, պարզապես բավարար չեն իշխանության համարձակության եւ քաղաքական կամքի հիմքերը: «Հետեւանքները» չափվում են հենց այդ պրիզմայով եւ քանի դեռ չեն ավելացել այդ հիմքերը, իշխանությունը միշտ հայտարարելու է, թե ռուսական զենքի վաճառքից դեռեւս չկա լուրջ հետեւանք:
Այլ կերպ ասած, այդ հետեւանքը չափվում է ոչ թե պետական, այլ իշխանական շահի փիլիսոփայական ելակետից: Այսինքն, հետեւանքը դեռ այնքան չէ, որ հիմնավոր լինի իշխանությունը վտանգելն ու Ռուսաստանին մեղադրելը: «Հետեւանքը» բավարար կլինի այն ժամանակ, երբ չմեղադրելն արդեն իշխանության համար կարող է լինել մեղադրելուց ավելի վտանգավոր: Բուն խնդիրը սակայն մեղադրել-չմեղադրելու դաշտում չէ, այլ նախ եւ առաջ սեփական հանրության հետ փոխհամաձայնության գալու՝ համակեցության կանոնների եւ խաղի մշակույթի շուրջ, որպեսզի իշխանությունից հնարավոր զրկվելը հղի չլինի որեւէ «լուրջ հետեւանքով»: Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահների հետ խոսելը կդառնա հեշտ, ոչ ինչպես հիմա, երբ դա այնքան դժվար է, որ Սերժ Սարգսյանը մի անգամ խոստովանել էր դա կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Անցյալ շաբաթ ես գրել էի բուլղարացի հետաքննող լրագրող Դիլյանա Գայտանջիևայի՝ «Տրուդ» թերթում հրապարակված սենսացիոն բացահայտումների մասին, որը գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում դիվանագիտական քողի տակ ծանր զինտեխնիկայով և զինամթերքով 350 ուղեբեռ է առաքել ահաբեկչական խմբերին ամբողջ աշխարհում:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանցի հետաքննող թղթակից Խադիջա Իսմայիլովան, որն Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների բացահայտման համար ձերբակալվել էր, 2010 թ. զեկույցում բացահայտել էր, որ նախագահ Ալիևի դուստրը՝ Արզու Ալիևան, մասնաբաժին ունի մի ընկերությունում, որը կապված է Silk Way ավիաընկերության հետ: Այս փաստով է բացատրվում, թե ինչպես է ավիաընկերությանը հաջողվել ստանալ բոլոր դիվանագիտական թույլտվությունները՝ նման մեծաքանակ զենք ահաբեկիչներին առաքելու համար:
Պարզվում է, որ Silk Way ավիաընկերությունը պատկանում է SW Holding ընկերությունների խմբին, որն օգտվում է «ավիաընկերության ծառայության գրեթե ամբողջ մենաշնորհից», ներառյալ Sky Catering-ի կողմից սննդի միջթռիչքային սպասարկումը և Airport Gate-ի կողմից իրականացվող տաքսի ծառայությունը, որոնք երկուսն էլ պատկանում են SW Holding-ին: Բացի այդ, ազգային ավիափոխադրող ընկերության ինքնաթիռների և ուղղաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացվում է Silkway Technics-ի և «բազմաթիվ ընկերությունների կողմից, որոնք վերահսկում են ամեն ինչ, սկսած ճանապարհորդների տոմսերի վաճառքից մինչև անմաքս առևտրի խանութները, որոնք բոլորը պատկանում են SW Holding-ին», տեղեկացնում է Իսմայիլովան:
SW Holding-ի սեփականությունն է նաև Silk Way բանկը, որը պատկանում է նախագահ Ալիևի այն ժամանակ 21-ամյա դստերր՝ Արզու Ալիևային և Ադրբեջանի «ԱԶԱԼ» պետական ավիաընկերության նախագահի կնոջը՝ Զարիֆա Համզաևային՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տվյալների: Silk Way ավիաընկերությունը նաև Silk Way բանկի մի մասի սեփականատերն է:
Հետաքրքիր է՝ Իսմայիլովան հայտնում է, որ «SW Holding-ի վերելքը, որը հեշտությամբ կլանում էր «ԱԶԱԼ»-ի նախկին բիզնեսները, հարցեր է առաջացնում ալիևյան Ադրբեջանում կասկածելի սեփականաշնորհման պրակտիկայի մասին: Դրա միջոցով նաև ընդգծվում է, թե ինչպես է քաղաքական վերնախավը շարունակում օգտագործել մերձավոր բարեկամներին և ընտանիքի անդամներին՝ պահպանելու իր երկրի ամենաարժեքավոր ակտիվները՝ չնայած ադրբեջանական օրենքներին, որոնք պետական պաշտոնյաների կողմից նեպոտիզմը համարում են հանցագործություն՝ մինչև 12 տարի ժամկետով ազատազրկմամբ»:
Նախագահ Իլհամ Ալիևը պարզապես շարունակում է իր հոր՝ Հեյդար Ալիևի սկսած պրակտիկան, որը երկու տասնամյակ Ադրբեջանում իշխելուց հետո նախագահական աթոռը փոխանցեց իր որդուն: 2009 թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ վերացվեցին ժամկետային սահմանափակումները նախագահի նկատմամբ ՝ Իլհամ Ալիևին դարձնելով ցմահ նախագահ… Ռիսկի չդիմելու համար, նա վերջերս իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակեց որպես փոխնախագահ՝ իր հնարավոր իրավահաջորդը դառնալու համար:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էի, «Վաշինգտոն փոստ»-ում հրապարակված մի հոդվածի հիման վրա, «նախագահ Ալիևի դեռևս պատանի որդին՝ Հեյդարը, օրինական սեփականատերն էր Դուբայում գտնվող ինը շքեղ առանձնատների, որոնք ձեռք էին բերվել 44 միլիոն դոլար գումարով: Նախագահի երկու դուստրերը՝ Արզուն և Լեյլան, նույնպես սեփականություն ունեն Դուբայում: Երեք երեխաները միասին Դուբայում ունեն 75 միլիոն դոլարի սեփականություն: Ակնհայտ է, որ այս փողերը ոչ նրանք են վաստակել, ոչ էլ նրանց ծնողները… Նախագահ Ալիևի տարեկան աշխատավարձը կազմում է 230 հազար դոլար: Իսմայիլովան նախագահ Ալիևի հարստությունը գնահատում է «տասնյակ միլիոնավոր դոլարներով»: Սա, իհարկե, թերագնահատված է, հաշվի առնելով կոնկրետ թվերի բացակայությունը: Այնուամենայնիվ, այն փաստը, որ Ալիևի երեք երեխաները Դուբայում 75 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածք ունեն, Ալիևի հարստությունը կարելի վստահաբար գնահատել հարյուր միլիոնավոր դոլարներով, եթե ոչ միլիարդավոր դոլարներով… Հակառակ ադրբեջանական օրենսդրությանը՝ ոչ նախագահ Ալիևը, ոչ էլ նրա կինը չեն հայտարարագրել իրենց սեփական կապիտալը:
Համաձայն ադրբեջանական օրենքների՝ պետական պաշտոնյաներին արգելվում է բիզնես ունենալ, իսկ ընտանիքի անդամներն ազատված են այդ սահմանափակումներից, մի սողանցք օրենքում, որը շահարկվում է Ալիևի կողմից՝ իրենց եկամուտները իրենց երեխաների ունեցվածքում թաքցնելու համար: Միայն Արզու Ալիևայի մասնաբաժինը Silk Way բանկում կազմում է ավելի քան 12 մլն դոլար: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «նախագահի քարտուղար Ազեր Գասիմովը հաստատել է, որ Արզու Ալիևան Silk Way բանկի սեփականատերերից մեկն է»:
Պետական գույքի մասնավորեցման պետական կոմիտեի մամուլի քարտուղար Գուլու Խալիլովը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նա տեղեկություններ չունի «ԱԶԱԼ» պետական ավիաընկերության, ներառյալ դրա հոլդինգների, ինչպես նաև, «ԱԶԱԼ» բանկի սեփականաշնորհման մասին: «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ մասնավորեցման իրավական ընթացակարգերից և ոչ մեկին չեն հետևել:
«Միաժամանակ, SW Holding-ը դանդաղորեն, սակայն անշեղորեն ձեռք է բերում «ԱԶԱԼ»-ի գրեթե բոլոր նախկին ընկերությունները, ներառյալ «ԱԶԱԼ Սիգորտա» ապահովագրական ընկերությունը, որի համասեփականատերերն են SW Holding-ը և «ԱԶԱԼ»-ի նախագահ Ջահանգիր Ասգարովի երկու դուստրերը, որը Silk Way բանկի ներկայիս համասեփականատեր Զարիֆա Համզաևայի ամուսինն է», տեղեկացնում է Իսմայիլովան: SW Holding-ը նաև եղել է «ԱԶԱԼ»-ի խոշոր ծրագրերի միակ կապալառուն, ներառյալ օդանավակայանների կառուցման գործարքներ Լենքորանում, Գյանջայում և Զակաթալայում, ընդհանուր 150 մլն դոլար արժեքով:
Նախագահ Ալիևը և նրա ընտանիքը պետք է պատասխանատվության ենթարկվեն որպես համասեփականատերեր մի պետական ավիաընկերության, որը ժամանակակից զենքեր է առաքում ահաբեկիչներին ամբողջ աշխարհում…
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյան
Մենք և՛ այն ժամանակ, և՛ այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնենք այն վտանգը, որը սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ ՀՀ-ին։ Այս մասին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահը նշել է, որ հայկական զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է, լուրջ զինատեսակներ են ձեռք բերվել ինչպես մինչև ապրիլյան պատերազմը, այնպես էլ դրանից հետո։
«Ցանկացած ռազմական գործողություն, լինի դա մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դաս է, որը պետք է սերտես ու հետևություններ անես, որովհետև հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսևորվում, թե քո հակառակորդը ինչ է օգտագործում և ինչ ձևով է օգտագործում, և փորձես գտնել դրա հակաթույնը»։
Հարցին, թե ինչ գործոնների դեպքում և ինչ պայմաններում Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» համակարգերը, ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը պատասխանել է` անհրաժեշտության պարագայում: Սակայն, նախագահը չի մանրամասնել, թե որն է այդ անհրաժեշտությունը.
«Մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն ՀՀ քաղաքացիները: Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում … Իսկ ով կարծում է, որ «Իսկանդերը» միայն զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը», — նշել է նախագահը։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ այն ժամանակ [հայկական կողմը] չուներ որոշ զինատեսակներ, որ Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել, և գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Հայաստանից հարուստ է և ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա։
«…Պատերազմում միայն զենքը չի հաղթում։ Պատերազմի հիմնական գործող անձը զինվորն ու սպան են, զինվորն ու հրամանատարն են։ Եվ այդ զինվորն ու հրամանատարը պետք է ունենան բավարար զինատեսակ և զինամթերք խնդիրը լուծելու համար։ Այսօր մեր զինված ուժերը ունեն բավարար զինատեսակներ և բավարար զինամթերք»։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հարցազրույցին արձագանքել է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ Ֆեյսբուքյան իր էջում:
Երեկ Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը ռուսական <<ՌԻԱ նովոստի>> լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, բացի այլ հարցերից, անդրադարձել է նաև 2016 թ. չորսօրյա առճակատմանը և, հարևան կոչվող երկրի ագիտպրոպին հարիր <<ճարպկությամբ>>, փորձել կատարվածը միջազգային հանրությանը ներկայացնել այնպես, ինչպես ընդունված է իրենց մոտ, այսինքն՝ ամեն ինչ մատուցել գլխիվայր: Մասնավորապես նա ասել է հետևյալը. <<…Ապրիլյան գործողությունների ժամանակ կիրառվել է մեր բանակի մինչև 15-20 տոկոս ուժերը: Ես անգամ մեր ռեզերվներն ու կենտրոնական ենթակայության հրետանին չեմ մոտեցրել ռազմաճակատին: Իսկ Հայաստանը դրան այնպես է արձագանքել, կարծես թե պատերազմ էր սկսվել: Նրանք մարտի մեջ են մտցրել իրենց ողջ սպառազինությունը: Երեք օր շարունակ նրանք գրոհում էին մեր դիրքերը, չնայած արդեն երկրորդ օրը մենք ինքներս ենք Ռուսաստանի համապատասխան կառույցներին ներգրավել միջնորդական աշխատանքներին…>> Ավելին, Զաքիր օղլին նաև փորձում է համոզել, որ հայկական կողմն է անցել նախահարձակ գործողությունների, իսկ իրենք այդ ամենին դիմակայելով, հաջողությամբ կատարել են այն մարտական խնդիրը, ինչը դրված է եղել իրենց բանակի առջև…
Դե ինչ, Զաքիրին հակադարձելու ու, առավել ևս նրա ագիտպրոպի բարբաջանքները հերքելու ցանկություն երբևէ չեմ ունեցել և հիմա էլ ավելորդ եմ համարում զբաղվել այդ անարդյունք աշխատանքով: Պարզապես, կցանկանայի ներկայացնել այն, ինչ եղել է…
(Հատված տողերիս հեղինակի <<Ապրիլյան քառօրյա առճակատում>> անտիպ փաստավավերագրական մենագրությունից)
<<… Ապրիլի 2-ից 5-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի միջև անմիջական շփման պայմաններում ծավալված մարտական թեժ գործողությունները և դրան հաջորդած ու մինչև մայիսի սկիզբը տևած ակտիվ հրաձգային, հրթիռահրետանային ու զրահատանկային փոխհրաձգությունները ցույց տվին, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն պատրաստ չէ հաշտվելու Արցախյան առաջին պատերազմում կրած պարտության և դրա արդյունքում արձանագրված իրողությունների հետ, այլև՝ վստահելով տարիներ շարունակ կուտակած իր ռազմական ներուժին, հերթական անգամ փորձեց հիմնախնդրիը հանգուցալուծել ուժային ճանապարհով: Հակամարտության գոտում հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունից մոտ 22 տարի անց նախաձեռնելով լայնածավալ հարձակում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ դրեց իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են <<Смерч>>, <<Kasirga>>, <<Ураган>>, <<GRADLAR>> համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, <<ТОС-1А>>(Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), <<SPIKE>> տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, <<МИ-24G>> հարվածային ուղղաթիռներ և այլն: Սակայն, նման ուժերի և միջոցների ներգրավման արդյունքում, հակառակորդն անկարող եղավ հասնելու իր առջև դրված անգամ նվազագույն խնդրի կատարմանը:
Իմի բերելով քառօրյա պատերազմի և դրան հաջորդած զարգացումների արդյունքները, միանշանակ կարելի է արձանագրել, որ եթե Արցախի բանակը հերթական անգամ պատվով դուրս եկավ իրեն պարտադրված առճակատումից, ապա ադրբեջանական կողմը, բացառությամբ որոշ աննշան <<ձեռքբերումների>>, դարձյալ հայտնվեց աննախանձելի վիճակում: Համոզվելու համար փորձենք ըստ ուղղությունների նախ առանձնացնել այն խնդիրների շրջանակը, որոնց իրականացման համար պաշտոնական Բաքուն դիմեց լայնածավալ հարձակման:
Ապրիլյան առճակատման վերլուծությունից պարզորոշվում է, որ, դիմելով նման արկածախնդրության, Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը նպատակ ուներ լուծելու հետևյալ խնդիրները.
ա) օգտագործելով սեփական ռազմական ներուժի քանակական ու մարտավարատեխնիկական առավելությունները, անցնել հանկարծակի հարձակման և շփման գծի հիմնական հարվածային ուղղություններում ուժերի դասավորվածությունը փոխել իր օգտին.
բ) մարտադաշտում ապահովելով շոշափելի հաջողություն, բանակցային գործընթացում այն օգտագործել որպես հայկական կողմի վրա ճնշում գործադրելու լծակ և, միաժամանակ, միջազգային համապատասխան կազմակերպություններին ցույց տալ, որ <<status-quo>>-ն (իրերի ներկա դասավորությունը) անընդունելի է Ադրբեջանի համար.
գ)սեփական հանրության շրջանում հավատ ներշնչել տարիներ շարունակ <<գրավյալ տարածքների>> ազատագրման մասին ադրբեջանական ղեկավարության կողմից արվող սին հայտարարությունների հանդեպ.
դ) մարտական ակտիվ գործողություններն օգտագործել երկրի ներսում ստեղծված ֆինանսատնտեսական դժվարին կացությունից հասարակության ուշադրությունը շեղելու համար.
ե) գործնական կիրառման միջոցով ճշգրտել, ինչպես յուրային զորքերի ղեկավարման ու փոխգործակցության կազմակերպման հարցերը, այնպես էլ տարիների ընթացքում իր կուտակած սպառազինության և տեխնիկայի, այդ թվում՝ նոր նմուշների պատրաստականությունը մարտական պայմաններում.
զ) ստուգել հայկական ուժերի և միջոցների պատրաստությունն ու գործողությունների ներդաշնակվածությունը լայնածավալ մարտական խնդիրների կատարման ժամանակ.
է) մարտական կիրառման մեջ դնելով նորագույն հրթիռահրետանային և օդային կրակի միջոցներ, հեռահար թիրախային հարվածներով առավելագույն կորուստներ պատճառել հայկական ուժերին, խնդիր ունենալով մի կողմից՝ խուճապային տրամադրություն սերմանել <<հակառակորդի ճամբարում>>, իսկ մյուս կողմից՝ բարձրացնել սեփական զինուժի մարտական ու բարոյահոգեբանական վիճակը և ձերբազատվել նախորդ պատերազմից ժառանգած պարտվողի հոգեբանությունից:
Իսկ այժմ, ըստ վերոնշյալ կետերի, փորձենք դիտարկել, թե իրականության մեջ ինչպիսի արդյունքների հասավ Ադրբեջանն ապրիլյան քառօրյայի ընթացքում և որոնք են այն <<ձեռքբերումները>>, հանուն որոնց պաշտոնական Բաքուն գնաց լայնածավալ առճակատման:
Սկսենք նրանից, որ իրականում, քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում, հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թևում տիրել 1500մ լայնությամբ և 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ և 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 500 հեկտար տարածք: Փաստենք նաև, որ ադրբեջանական հրամանատարությունն այս խնդիրը լուծելու համար, ընդեմ առօրյա մարտական հերթապահություն իրականացնող արցախյան առաջապահ ուժերի, նախ՝ գրոհի հանկարծակիությունն ապահովելու նպատակով, գործողության մեջ դրեց իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները, իսկ այնուհետև մի քանի կորպուսների, մարտական ուղղաթիռների և հրթիռահրետանային ու զրահատանկային ստորաբաժանումների ուժերով անցավ լայնածավալ հարձակման: Ռազմական գործին քիչ թե շատ տեղյակ մասնագետները կարող են հավաստել, որ նման ծավալի ուժերով և միջոցներով ձեռնարկված գործողության արդյունքում Ադրբեջանի ունեցածը ոչ թե ձեռքբերում, այլև կատարյալ ձախողում էր: Այս եզրահանգումը տեղին է ոչ միայն հանգամանքով, որ կատարվածը վաշտի, կամ առավելագույնը՝ գումարտակի ուժերով իրականացվելիք խնդիր էր, այլև բավականին կարճաժամկետ առճակատման ընթացքում հակառակորդի տված կորուստների քանակով: Չնայած պաշտոնական Բաքուն մինչև վերջ գաղտնի պահեց իր ունեցած կորուստների իրական թիվը, պատճառաբանելով, որ <<զոհերի և վիրավորների մասին տեղեկություններն իրենցից ռազմական գաղտնիք են ներկայացնում>>, բայցևայնպես, դատելով ռադիոկլանման, տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ համացանցի և միջազգային փորձագիտական աղբյուրների տվյալներից, ակնհայտ է դառնում, որ նրա զոհերի թիվը հասնում է շուրջ 1000-ի, իսկ վիրավորներինը՝ մոտ 2000-ի: Հատկանշական է, որ ապրիլի 5-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակավ շրջանառության մեջ դրեց 31 զոհի մասին կեղծ հաղորդագրությունը, նույն օրը ադրբեջանական <<Мейдан ТВ>> անկախ հեռուստաալիքը հանրության ուշադրությանը ներկայացրեց 93 զոհերի մասին հաստատող ցուցակը, ինչն էլ պատճառ հանդիսացավ ոչ միայն տվյալ լրատվամիջոցը փակելու, այլև վերջինիս աշխատակիցների նկատմամբ դատական գործ հարուցելու համար… Ուշագրավ է նաև նույն ապրիլի 5-ին <<OSTKRAFT>> վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված տվյալը, որն, ըստ Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի իր աղբյուրների տրամադրած փակ տեղեկատվության, կազմել է շուրջ 800 մարդ… Բացի մեծաքանակ կենդանի ուժից ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 <<Գրադ>> ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր <<МИ-24>> տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային և հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա և այլն: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում, այսինքն՝ ապրիլի 2-ից 5-ը, հայկական կողմը տվեց 75 մարտական զոհ(63 զինծառայող, 12 պահեստազորային), 121 վիրավոր, շարքից դուրս եկավ 14 տանկ (որից 6-ը վերականգնվեց և նորից վերադարձվեց շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա: Փաստենք, որ կողմերը կորուստներ ունեցան նաև ակտիվ մարտական գործողություններին հաջորդած հրաձգային, հրթիռահրետանային և զրահատանկային փոխհրաձգությունների ընթացքում: Ապրիլի 6-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը տվեց ևս 13 մարտական զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային: Ադրբեջանական բանակի կորուստները տակավին անհամեմատ շատ էին՝ տասնյակ զոհեր, 6 անօդաչու թռչող սարք (ընդհանուր առմամբ ապրիլյան սրացումների արդյունքում հակառակորդը կորցրեց 20 ԱԹՍ ) և այլ ռազմական տեխնիկա:
Մարտադաշտում ստանալով ջախջախիչ հակահարված, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն կորցրեց բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի վրա որևէ ճնշում գործադրելու հնարավորությունը, այլև ստիպված էր կրած անհաջողությունը պարտակելու համար դիմել իրողությունների կեղծման սեփական մեթոդին: Նախ Բաքուն փորձեց տեղի ունեցած առճակատումը ներկայացնել ոչ այլ կերպ, քան հայերի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետևանք: Այն ինչ փաստերը լրիվությամբ հակառակն են ապացուցում և դրանում համոզված է, եթե ոչ ադրբեջանական, ապա գոնե միջազգային հանրության և, հատկապես, փորձագիտական շրջանակների մեծամասնությունը: Որ իրականում հակառակորդի գործողությունները եղել են նախապես պլանավորված և միասնական ղեկավարման ներքո, այդ մասին են վկայում առաջնային գծի ողջ ճակատով միաժամանակյա հրետանային նախապատրաստության անցկացումն ու հատուկ նշանակության խոշոր ուժերի կիրառումը հետևակի գրոհային խմբերում: Բացի այդ, անտրամաբանական է, երբ ժամանակակից հրթիռահրետանային և օդային հարվածի տարատեսակ միջոցներ (մարտական ուղղաթիռներ և հարվածային անօդաչու սարքեր) է օգտագործում ոչ թե հարձակվող, այլև պաշտպանվող կողմը, մանավանդ, եթե ի նկատի առնենք, որ Արցախի զինված ուժերի տրամադրության տակ ևս կային, եթե ոչ նմանատիպ,ապա այլ հարձակողական զինատեսակներ:
Համոզվելով, որ շրջանառության մեջ դրված այս պնդման հավաստիությունն ապացուցելը զուրկ է որևէ հեռանկարից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, սեփական դեմքը փրկելու համար, գնաց ավելի հեռուն՝ հայտարարելով, թե իրենց բանակն ազատագրել է ռազմավարական կարևորության մի շարք բնագծեր և տասնյակ հազարավոր հեկտարների հասնող տարածքներ, այդ թվում նաև՝ բնակավայրեր: Այստեղ հարկ է նկատել, որ աբշերոնյան իշխանավորները, գիտակցաբար աղավաղելով իրողությունները, փորձեցին մարտավարական որոշ հաջողություններ ներկայացնել որպես ռազմավարական ձեռքբերումներ, հատկապես վկայակոչելով համապատասխանաբար՝ հյուսիսում և հարավում գրաված Թալիշի մերձակա դիրքերն ու <<Վարազաթումբ>> բարձունքը: Մինչդեռ, իրականությունն այն է, որ նշված հենակետերն զբաղեցնելով, հակառակորդն ի զորու եղավ լուծելու սոսկ վաշտային ստորաբաժանման խնդիր, ինչը որևէ օպերատիվ ու, առավել ևս, ռազմավարական վտանգ չէր կարող ներկայացնել հայկական կողմի լիարժեք պաշտպանության համար: Ինչ վերաբերում է <<ազատագրված տասնյակ հազարավոր հեկտարներին ու… բնակավայրերին>>, ապա դա ոչ այլ ինչ էր, քան սեփական ձախողումները քողարկելու քարոզչական հնարք… Ավելին, ալիևյան վարչակազմը դիմելով նման քայլի, միաժամանակ, նպատակ ուներ, չեղածը եղածի փոխարեն մատուցելու ճանապարհով, սեփական հանրության շրջանում ամրապնդել հավատը իր իշխանության հանդեպ: Սա պահանջված էր հատկապես այն իրողության պայմաններում, երբ կապված նավթադոլարային ներհոսքի նվազման հետ, այդ երկրում աստիճանաբար աճում էր քաղաքացիական անհանդուրժողականությունը:
Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում պարզորոշվեց մի հանգամանք ևս, որը կարևոր էր ոչ միայն հակառակորդի, այլ նաև հայկական կողմի համար: Խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից կիրառված նորագույն տեխնիկական միջոցների հնարավորությունների գնահատմանը: Տարիներ շարունակ իր զինանոցում կուտակելով միլիարդավոր նավթադոլարների հասնող տարատեսակ սպառազնություն ու զինտեխնիկա և անընդհատ շեփորահարելով վերջիններիս կործանիչ հնարավորությունների մասին, Ադրբեջանը վերջապես առիթ ստեղծեց դրանք կիրառելու իրական մարտական պայմաններում: Սակայն դեպքերի զարգացումը, հատկապես, ռազմաճակատի հարավային և հյուսիսային ուղղություններում, ցույց տվեց, որ հակառակորդն իր տրամադրության տակ ունենալով <<Смерч>>,<<ТОС-1А>>,<<Каsirga>> և այլ տեսակի գերճշգրիտ խոցման համակարգեր, ոչ միայն անկարող էր դրանցից իրականացնել արդյունավետ թիրախային խոցումներ, այլև անպատրաստ էր տվյալ կրակային միջոցների լիարժեք շահագործմանը: Այս ամենից հետևում է մի պարզ ճշմարտություն՝ մարտադաշտում գործողությունների հաջող ելքը կանխորոշում են ոչ այնքան ժամանակակից մարտավարատեխնիկական առավելություններով օժտված կրակային միջոցները, որքան մարտավարամասնագիտական բարձր պատրաստություն ունեցող անձնակազմը: Թե որքանով այս իրողության մեջ համոզվեց ադրբեջանական կողմը, դժվար է ասել, բայց որ սանձազերծելով լայնածավալ հարձակում, բացի այլ խնդիրներից, հակառակորդը, ինչպես վերևում նշվեց, նպատակ ուներ ստուգելու նաև Պաշտպանության բանակի մարտունակությունը, դա ակնհայտ է:
Ադրբեջանական հրամանատարությունը, մարտագծի տարբեր հատվածներում ծավալելով միաժամանակյա հարձակողական գործողություններ, սակայն չհասնելով որևէ էական հաջողության, ավելին՝ գրեթե բոլոր ուղղություններում տալով մեծ կորուստներ, եթե ոչ հրապարակային, ապա ամենայն հավանականությամբ ներքին համոզվածությամբ հանգեց այն եզրակացության, որ անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության և, հատկապես, ղեկավարման համակարգի ու զորքերի փոխգործակցության տեսանկյունից, Արցախի զինված ուժերում վիճակն անհամեմատ բարձր է, քան իր բանակում: Թերևս, հենց այս իրողության գիտակցումն էլ հակառակորդին մղեց նոր ու առավել հրեշավոր քայլերի, այն է՝ անմիջական շփման պայմաններում իրականացվող հետևակային մարտերից անցնել անխնա հրթիռահրետանային, զրահատանկային և օդային հարվածների, թիրախներ ընտրելով, ինչպես առաջնային ու թիկունքային ռազմական բնագծերը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը: Ակնհայտ էր նաև նպատակը՝ առավելագույն կորուստներ պատճառել հայկական զորքերին ու խաղաղ բնակավայրերին, ինչպեսև՝ խուճապային տրամադրություն ստեղծել քաղաքացիական բնակչության շրջանում: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի որդեգրած այս մարտավարությունը կիրառվեց ոչ միայն չորսօրյա ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում, այլև կողմերի միջև կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն ապրիլի 2-ից 5-ը հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային ուժերը արցախյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակեցին շուրջ 30 հազար արկ: Գրեթե նույն ինտենսիվությամբ, բայց արդեն տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, խախտումներ արձանագրվեցին նաև ապրիլի 5-ից մինչև ապրիլի 30-ը: Այդ ընթացքում հայկական բնագծերի և ճակատամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակեց մոտ 104 հազար կրակոց, որից ավելի քան 4500-ը հրանոթներից, <<Գրադ>> և <<TR-107>> տիպի կայանքներից, տանկերից, ՀՄՄ-ներից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:
Դատելով վերոբերյալից, համոզմունք է ստեղծվում, որ ադրբեջանական հրամանատարության կողմից մշակված և կիրառման մեջ դրված ռազմական պլանը ոչ այլ ինչ էր, քան սխալ հաշվարկների վրա կառուցված գործողությունների հանրագումար: Թերևս, հակառակորդի լրջագույն սխալը կայանում էր նրանում, որ թերագնահատելով արցախյան բանակի առաջնային գծում ստեղծված պաշտպանական և մարտավարատեխնիկական հնարավորությունները, ընտրեց կայծակնային հարվածով այն ճեղքելու և հաշված օրերի ընթացքում հետագա խնդիրը լուծելու, այն է՝ օպերատիվ խորություն զբաղեցնելու անհեռանկար մարտավարություն: Ավելին, ադրբեջանական կողմն այնքան էր համոզված իր մշակած հարձակողական պլանի իրատեսության մեջ, որ նախապես պատրաստել էր սեփական հաջողությունների օպերատիվ տարածման տեղեկատվական ծրագիր, ինչն արդեն գործողության մեջ դրեց հարձակողական մարտերի մեկնարկային օրվա երկրորդ կեսին: Այդ օրը, նախ՝ հակառակորդի քարոզչամեքենան աշխարհով մեկ տարածեց <<հայկական կողմի ձեռնարկած նախահարձակ գործողության>> մասին ապատեղեկատվություն, իսկ ապա ժամեր անց հայտարարեց, թե իբր իրենք <<հակահարձակողական մարտերի արդյունքում ազատագրել են մի շարք ռազմավարական բարձունքներ, ինչպես նաև Թալիշն ու Սեյսուլանը և արդեն մարտեր են մղում Սարսանգի և Ֆիզուլու համար>>: Ադրբեջանական ագիտպրոպի տարածած տեղեկությունների սնանկությունն ապացուցելու համար նույն օրը տասնյակ հայրենական և օտարերկրյա լրատվամիջոցների հնարավորություն տրվեց նկարահանումներ կատարել նշված գյուղերում և ներկայացնել իրականությունը: Դեպքերից առաջ անցնելով նշենք, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չշտապեց հերքել հանրության համար արդեն հայտնի դարձած ապատեղեկատվությունը, այլև ամիսներ անց, իսկ ավելի ճիշտ՝ 2017թ. փետրվարին, այդ երկրի նախագահի մակարդակով հայտարարվեց, թե իրենց կառավարությունը գործնական քայլեր է ձեռնարկում անցած տարվա ապրիլին Ջաբրայիլի շրջանում <<ազատագրված>> Ջոդջուկ Մարջանլու գյուղի վերականգնման և վերաբնակեցման ուղղությամբ: Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ բնակավայրն ադրբեջանական վերահսկողության տակ էր հայտնվել դեռևս 1994թ. հունվարին…>>
Հ.Գ. Ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքի և արդյունքների մասին առավել ամբողջական շարադրանքը առաջիկայում հրապարակվելիք գրքում:
Լրագրողների հետ զրույցում կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն ասաց, որ բացասական է գնահատում, որ որևէ երկիր այս պատերազմական իրավիճակում զենք է վաճառում Ադրբեջանին, լինի դա Ռուսաստանը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, թե այլ պետություն:
Ըստ նրա՝ Ռուսաստանը, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ուստի ցավալի է, որ հակառակորդին զենք վաճառողների շարքում է.«Սա նույնն է, որ մենք Ուկրաինային զենք վաճառենք: Երևի պիտի սկսենք վաճառել, մենք էլ բիզնես անենք…»:
Ինչ վերաբերում է ռազմական փորձագետների տեսակետին, թե «Սոլնցեպյոկ» տեսակի զենքը, որը ՌԴ-ն վաճառել է Ադրբեջանին, Ղարաբաղի պարագայում աշխատող չէ, Արշակ Զաքարյանը չհամաձայնեց, ասաց, որ չաշխատող զենք չկա:
«Այդ զենքը անպետք չէ, դա չի նշանակում, որ մեզ այդ զենքով չեն վնասի: Դա ռուսական արդարացումներից մեկն է, որը իրենց մեդիայով շաղ են տալիս, որ ասեն՝ դե լավ, հայեր ջան, մի նեղացեք, դա ձեզ չի վնասի: Սովորական ատրճանակն էլ զենք է ու աշխատում է: «Սոլնցեպյոկ»-ը վատ զենք չէ: Էդ ինչի՞ չի աշխատի, Արցախում դաշտավայրեր չկա՞ն… Ասեք մի ռելիեֆ, որ Արցախում չկա: Մենակ ծով չկա, «Սոլնցեպյոկ»-ն էլ ծովի համար չէ, ցամաքում աշխատող է, Արցախն էլ ցամաք է, իսկ ցամաքում այն հաստատ աշխատելու է: Այնպես որ, այդ հեքիաթները թող պատմեն իրենց В гостях у сказки հաղորդման ժամանակ»,- շեշտեց նա:
Կինոռեժիսորն ասաց, որ պատերազմը չի էլ ավարտվել, այն «դանդաղ կադրերի վրա է դրված, դանդաղ ընթանում է», բայց լինելով «սանձարձակ ցեղ, ինչպես մեծ եղբայր Թուրքիան՝ Ադրբեջանը բաց չի թողնի առիթը, եթե հասկանա, որ պատրաստ է դրան»:
«Մենք ասում ենք՝ գերտերությունները թույլ չեն տալիս, որ Ադրբեջանը պատերազմ սկսի, բայց մենք տեսնում ենք Կիպրոսի օրինակը, թե ոնց են թուրքերն իրենց պահում՝ պետք եղած դեպքում ռուսական ինքնաթիռ էլ են խփում, ինչ ուզում անում են: Այդ ցեղերը մոնղոլ- թաթարներից այդպես էլ եկել են, հենց տեսան, որ հնարավոր է հափշտակել մեկի ունեցվածքը, անելու են, հիմա դրան են սպասում: Իրենք լավ հասկանում են, որ տեխնիկա ունեն ու դրանով վնաս կպատճառեն, բայց լավ գիտեն, որ մենք ենք հաղթելու»,- ասաց Արշակ Զաքարյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը ոչնչանալու է, եթե պատերազմ սկսի:
Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանության բոլոր ջանքերը՝ ստվերելու բուլղարացի լրագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի գործունեությունը, Բուլղարիայի թե պետական, թե հասարակական շրջանակների կողմից ուշադրության չեն արժանացել:
Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանը ստիպված է եղել լրագրողի դեմ իրականացված ճնշումների ձախողման մասին զեկուցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին:
Հիմնվելով համացանցում բաց հասանելիություն ստացած Anonymous Bulgaria խմբի կողմից տեղադրված փաստաթղթերի սեփական հետաքննության վրա, 2017թ. հունվարին տեղի ունեցած նամակագրությունը, հետաքրքիր մանրամասներ է բացահայտում: Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան Պասկալևայի գործունեության վերաբերյալ զեկուցագրեր է ուղարկել անմիջապես Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:
«Պասկալևայի գործունեության հարցը 2017-ի հունվարից սկսած պարբերաբար բարձրացրել ենք Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, ինչպիսիք են նախարարության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Գանաչո Գանաևը, նույն վարչության Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Գեորգի Պանայոտովը, երկկողմ հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Կոստադին Կոջաբաշևը: Հանդիպումների ժամանակ մենք դժգոհություն ենք հայտնել Պասկալևայի վերաբերյալ և նշել, որ նման երևույթները վնասում են ադրբեջանա-բուլղարական հարաբերություններին: Նշել ենք, որ մեզ համար անընդունելի է այն հանգամանքը, որ Բուլղարիայի ժուռնալիստների միությունը և այլ հասարակական կազմակերպություններ օժանդակում են նրա քարոզչական գաղափարների տարածմանը: Մենք շեշտել ենք նաև Բուլղարիայի պետական մարմինների կողմից այս ամենի դեմն առնելու համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,-շարադրել է դեսպանը: Բնական է, որ բուլղարացի պաշտոնյաները դիվանագիտորեն խուսափել են ներքաշվել հարցի հետագա քննարկման մեջ:
Ադրբեջանի դեսպանատունը մեծ ջանքեր է գործադրել նաև Ցվետանա Պասկալևային Բուլղարիայի ժուռնալիստների և կինեմատոգրաֆիստների միություններից հեռացնել տալու ուղղությամբ: Դեսպանը չի ալարել ԱԳ նախարարին ուղղված զեկուցագրում շարադրել է բուլղարուհու դեմ բոլոր քայլերը. «Մենք նշել ենք նաև, որ անկախ այն հանգամանքից, որ Պասկալևան ապրել է Հայաստանում, նա ներկայումս Բուլղարիայի ժուռնալիստների և կինեմատոգրաֆիստների միությունների անդամ է և այդ հաստատություններն օգտագործում է որպես հարթակ իր կեղտոտ քարոզչության համար (Բուլղարիայի հայ համայնքի գործուն աջակցությամբ և մասնակցությամբ 2012թ. փետրվարին Բուլղարիայում ցուցադրվել է Պասկալևայի կողմից 1994 թվականին նկարված «Ղարաբաղի վերքեր» ֆիլմերի հավաքածուն)»:
Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների հետ տեղի ունեցած բանակցությունների անարդյունավետությունը նրան դրդել է խնդրի հետ կապված նամակ են ուղարկել նաև Բուլղարիայի ժուռնալիստների միություն, որում ներկայացվում են Ցվետանա Պասկալևայի գործունեության հանգամանքները: Ադրբեջանի դեսպանատան կողմից Բուլղարիայի ժուռնալիստների միության նախագահ Սնեժանա Տոդորովային ուղղված դիմումը նույնպես հիասթափությամբ է ավարտվել: 2017-ի ապրիլի 5-ին Ադրբեջանի դեսպանի խորհրդական Վուսալ Աբդուլլաևը հանդիպել է Տոդորովայի հետ՝ քննարկելու դեսպան Նարգիզ Գուրբանովայի՝ բուլղարացի լրագրողների հետ կազմակերպվելիք հանդիպման մանրամասները:Հանդիպման ժամանակ Աբդուլլաևը կրկին անդրադարձել է Բուլղարիայի ժուռնալիստների միության անդամ Ցվետանա Պասկալևայի գործունեությանը:
«Այս հանդիպմանը Սնեժանա Տոդորովան հայտնել է, որ ինքը մտերիմ չէ Պասկալևայի հետ և որ պարզապես նրա հետ ծանոթացել է 2000-ականներին Հայաստան կատարած այցի ժամանակ: Միության նախագահը նշել է նաև, որ Պասկալևան վերջին մեկ տարվա ընթացքում չի վճարել ժուռնալիստների միության անդամավճարը և սառեցվել է նրա անդամակցությունը: Միության նախագահը հատուկ նշել է, որ Պասկալևայի անդամակցության սառեցման միակ պատճառը եղել է անդամավճարի չվճարումը. այլ հանգամանքներ և ոչ էլ Ադրբեջանի հանգամանքը կապված չեն դրա հետ: Միության նախագահը նշել է նաև, որ ինքն ուրախ կլինի, եթե իր ղեկավարած հաստատությունը կարողանա օգնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործին: Լրագրողների միության նախագահը չի բացառել, որ Ցվետանա Պասկալևան անդամավճարները վճարելու դեպքում կրկին կդառնա միության անդամ ( ցույց տալով,որ որևէ այլ խանգարող հանգամանք չկա-խմբ.)»,- մանրամասնությամբ ներկայացված է զեկույցում:
Ադրբեջանի դեսպանը, վրդովված Տոդորովայի վերաբերմունքից, նախարարին ուղղված զեկույցում նշում է. «Այս առումով հարկ է նշել, որ չնայած Սնեժանա Տոդորովան ինչքան էլ փորձեց լինել կոռեկտ և պահպանել հավասարակշռություն,քննարկման ժամանակ նրա բերած փաստարկները հաշվի առնելով մեր աչքից չվրիպեց, որ նրա սիրտը հակված է հայերի կողմը»: Սնեժանա Տոդորովան ադրբեջանցի դիվանագետի հետ հանդիպմանը նշել է նաև, որ Բուլղարիայում կա հայերի մեծ համայնք, և այդ համայնքը մեծ ներդրում է ունեցել Բուլղարիայի պատմության մեջ:
Ադրբեջանցի դիվանագետը ցանկացել է հանդիպել նաև Բուլղարիայի կինեմատոգրաֆիստների միության նախագահին,քանի որ Ցվետանա Պասկալևան անդամակցում է նաև այդ միությանը:«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ցվետանա Պասկալևան հանդիսանում է նաև Բուլղարիայի կինեմատոգրաֆիստների միության անդամ, այդ միության նախագահին և խնդրել ենք հանդիպել»,- եզրափակում է զեկույցը:
Հատկանշական է իրողությունը, որ սա լրագրողների գործունեության դեմ ուղղված գաղտնազերծված միակ փաստաթուղթը չէ: «Արմենպրեսը» հաջորդիվ կներկայացնի նաև մյուս փաստերը:
Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է հավատարիմ մնալ ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը:
Հերթական նման դրսևորումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության կողմից կազմակերպվեց այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդների և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Ալխանլու բնակավայր, որտեղ իբր թե նրանց տրամադրվել են ադրբեջանական կրակակետերի և ռազմական շտաբի բացակայության մասին «անհերքելի» ապացույցներ:
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նաև, որ հակառակորդ երկրի՝ միջազգային հանրությանը, մասնավորապես Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին մոլորեցնելու մարտավարությունը նոր երևույթ չէ: Դեռևս 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո կազմակերպվեց վերջիններիս այցը Ջոջուկ Մարջանլու բնակավայր, որտեղ նրանց ներկայացվեց ադրբեջանական «փառահեղ» բանակի հաջողությունները, որոնց արդյունքում «ազատագրվել» է այդ բնակավայրը: Մինչդեռ Ջոջուկ Մարջանլուն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ էր գտնվում 1994թ. հունվարից ի վեր:
Կարևոր ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը երբեք քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները չի թիրախավորել: Բայց երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է վարում արցախյան դիրքապահների ուղղությամբ, ապա այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ ևս լռեցվելու են: Եվ հավատարիմ մնալով փաստերի լեզվով խոսելու մեր մարտավարությանը, ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, որում պարզ երևում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայված հրանոթը: Սրանից բխող հետևությունները թողնում ենք բանական մարդկանց առողջ տրամաբանությանը:
Վերջում հավելենք նաև, որ հուլիսի 7-ին՝ ժամը 09:00-ից սկսած հակառակորդը հարավային ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ Դ-44 հրանոթներից ու հաստոցավոր հակատանկային նռնականետերից:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստոհերն վերահսկել իրավիճակը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.