23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոչ անհայտ Ռուբեն Թաթուլյանը, նույն ինքը՝ Ռոբսոնը, սկանդալային հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերություններից մեկին և անդրադարձել է ամերիկյան աղմկոտ պատժամիջոցներին, որոնք կիրառվել են իր և ռուսաստանցի այլ, այսպես կոչված, «օրենքով գողերի» հանդեպ:
Ուշագրավ է, որ Ռոբսոնը քրեական բառապաշարով հերքում է, թե ինքը որևէ առնչություն ունի հանցագործ աշխարհի հետ, ներկայանում է որպես գործարար և բարերար ու, բնականաբար, վիրավորական արտահայտությունների տարափ է թափում ԱՄՆ-ի հասցեին: Մեծ հաշվով՝ Ռոբսոնից այլ բան սպասել հնարավոր չէր, որովհետև նա կրիմինալի և ռուսական իշխանության հետ սերտաճած ռուսական բիզնեսի տիպիկ ներկայացուցիչ է: Ի դեպ, այս հարցազրույցը լավագույնս արտացոլում է նրա բարոյական և արժեքային սնանկությունը:
Սակայն մեզ պետք է մտահոգի այլ հանգամանք, որի հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել աննախադեպ դիվանագիտական սկանդալի կիզակետում, որովհետև հիշյալ հարցազրույցում Ռուբեն Թաթուլյանն առավելագույնս ասոցացվում է Հայաստանի հետ: Այն, որ նա Կարեն Կարապետյանի նախաձեռնած «Ներդրողների ակումբի» անդամ է և ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր, հայտնի էր վաղուց, սակայն Ռոբսոնը բացահայտում է, որ ինքը Հայաստանի արտգործնախարարի խորհրդականն է ու տեղաշարժվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կցված մեքենայով: Ամենասարսափելին այն է, որ նման բացահայտման ֆոնին Ռոբսոնն ասում է, թե ԱՄՆ-ը չպետք է քարտեզի վրա լինի:
Թերևս հարկ չկա բացատրելու, թե Ռոբսոնի սկանդալային հայտարարությունների հետևանքով ինչպիսի պրոբլեմների մեջ կարող է հայտնվել Հայաստանը: Խնդիրը նույնիսկ Ռոբսոնի անձը չէ, այլ Հայաստանի իշխանությունների անպատասխանատու, հանցավոր վարքագիծը, ինչի հետևանքով հանցագործ աշխարհի ներկայացուցիչը ոչ միայն արժանանում է Հայաստանի դիվանագիտական պաշտպանությանը, այլ նաև ԱԳ նախարարի խորհրդականն է, համենայնդեպս՝ նա այդպես է պնդում հիշյալ հարցազրույցում, և այդ պնդումն առայժմ չի հերքվել:
Հայաստանը հայտնվել է դիվանագիտական աղմկոտ սկանդալի շեմին, իսկ մեր իշխանությունների ակնհայտ սերտաճումը ռուսական կրիմինալ և կոռուպցիոն շրջանակների հետ ամերիկյան պատժամիջոցների ցավոտ հետևանքներն անխուսափելիորեն բերելու են Հայաստան:
Եթե նույնիսկ ամերիկյան հայտնի պատժամիջոցներից հետո Երևանում ատամներով պաշտպանում են Ռուբեն Թաթուլյանին և նրան չեն զրկում դիվանագիտական անձեռնմխելիությունից, ապա որակական, բարոյական որևէ տարբերություն չկա Հայաստանի իշխանության վերնախավի ու Ռոբսոնի միջև: Եթե նույնիսկ Հայաստանի արտգործնախարարությունը հերքի փաստը, որ Ռոբսոնը Նալբանդյանի խորհրդականն է, դրանից վիճակն արմատապես չի փոխվի, որովհետև Սոչիի «արքան» օգտվում է Հայաստանի դիվանագիտական անձեռնմխելիությունից ու ռեսուրսներից և, ըստ էության, երազում է ԱՄՆ-ը ոչնչացնելու մասին:
Այս համատեքստում Հայաստանը նույնանում է ոչ այնքան նույնիսկ Ռուսաստանի, որքան նրա իշխանության ամենամարգինալ ու կրիմինալ սեգմենտի հետ: Մնում է միայն ենթադրել, թե Ռոբսոնի մտքի «գոհարներն» ինչ տխուր հետևանքներ են ունենալու Հայաստանի համար:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=lWtFtQDMjC4
Ռուսաստանը մասնագիտացել է Արեւմտյան երկրների հասարակությունների տարբեր հատվածներին միմյանց դեմ ուղղորդելու խարդախ գործում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Հերբերթ ՄքՄասթերը.
«Ռուսաստանը կատարելագործել է ապատեղեկատվության, քարոզչության եւ սոցիալական ցանցերի միջոցով հասարակությունների բեւեռացման, միմյանց բախելու արվեստը»:
Դրան հակազդելու համար Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է առաջին հերթին լույս սփռել Ռուսաստանի մութ գործողությունների վրա, համոզված է գեներալը.
«Երբ բոլորը տեսնեն, թե իրականում ինչ է անում Ռուսաստանը, վերջինիս համար այլեւս այդքան հեշտ չի լինի համայնքներն իրար դեմ լարել եւ մարդկանց վստահությունից զրկել»:
ՄքՄասթերի խոսքով, եթե նախկինում Ռուսաստանի հայտարարություններին վստահությամբ էին վերաբերվում, ապա այժմ այդ վստահությունը վերացել է.
«Այս մարդիկ ասում են. մենք քաղաքացիական ինքնաթիռ չենք ոչնչացրել, այդ բոլոր ուղեւորվերին չենք սպանել: Ոչ, ասում են նրանք, մենք Ղրիմում եւ արեւելյան Ուկրաինայում զինվորներ չունենք: Այլեւս նրանց խոսքերի նկատմամբ վստահություն չկա»:
Միեւնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականն ընդգծում է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցության ուղիներ որոնել: Գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ Արեւմուտքի հետ համագործակցությունը հենց Ռուսաստանի շահերից է բխում, ընդգծում է Հերբերթ ՄքՄասթերը.
«Սակայն, մենք տեսնում ենք, որ վերջերս Ռուսաստանը գործում է նույնիսկ իր սեփական շահերի դեմ՝ միայն թե ընդդիմանա ԱՄՆ-ին, Արեւմուտքին եւ մեր եվրոպական դաշնակիցներին»:
Նման պահվածքի օրինակներից մեկը Հյուսիսային Կորեան է, նշում է գեներալ ՄքՄասթերը, քանի որ, ասում է նա, Ռուսաստանի շահերից որեւէ կերպ չի բխում Ասիայում միջուկային զենքի տարածումը: Մյուս հարցը Իրանն է, որին Մոսկվան օգնել է պահպանել ազդեցությունը Սիրիայում.
«Բացատրեք՝ ինչպե՞ս կարող է Ռուսաստանը հետաքրքրված լինել Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցության տարածմամբ: Նրանք բարձր գին են վճարելու դրա համար»:
ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն ընդգծում է՝ Վաշինգտոնում չեն ակնկալում եւ չեն պահանջում, որ Մոսկվան ի վնաս ինքն իրեն աշխատի, սակայն ակնկալում են, որ Ռուսաստանն ի վերջո կգործի իր շահերից ելնելով եւ կհամագործակցի Արեւմուտքի հետ:
2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ, հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծությամբ ու հետախուզադիվերսիոն փորձերի ձեռնարկմամբ: Այստեղ հատկապես հիշատակման արժանի է փետրվարի 25-ի ժամը 03:00-04:00-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը, կիրառելով «ՏՐՈՊԱ» տիպի ականազերծման հատուկ տեխնիկա, նռնականետեր ու խոշոր տրամաչափի այլ զինատեսակներ, անցել է հարձակման:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները նաև շնորհիվ 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի առաջխաղացումը և հետ շպրտել վերջիններիս ելման դիրքեր: Հայ դիրքապահների գրագետ ու կազմակերպված գործողությունների արդյունքում նահանջող հակառակորդը չեզոք գոտում թողել է 5 դիակ, որից հետո պաշտոնական Բաքուն հարկադրված դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ խնդրելով միջնորդել իր դիակների՝ չեզոք գոտուց տարհանելու աշխատանքները կազմակերպելու համար:
2017թ. երկրորդ կիսամյակում, բացառությամբ հուլիս ամսվա և հոկտեմբերի 23-ի ու 24-ի, երբ ադրբեջանական զինուժը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է Դ-30 հաուբից և Դ-44 հրանոթներ, ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր և «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ, իրադրությունն առաջնագծում եղել է հարաբերական հանգիստ, իսկ հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 180.000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռներ (5 արկ), 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից և 85 միլիմետրանոց Դ-44 հրանոթներ (262 արկ), ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ (17 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1042 արկ) ու տարբեր տիպի նռնականետեր (571 արկ):
2017թ. ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով, պատվով կատարել իրենց առջև դրված գլխավոր մարտական խնդիրը, այն է՝ ապահովել Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունն ու բնակչության խաղաղ կենսագործունեությունը:
Bloomberg-ը «Հոռետեսության գիդը» հրապարակում է ամեն տարի` ներկայացնելով ամենատհաճ իրադարձությունները, որոնք կարող են իրականանալ մոտ ապագայում: Այս անգամ հաշվարկը 10 տարվա համար է: Եթե հակիրճ` Թրամփը կվերընտրվի, ֆեյքերը կոչնչացնեն ֆեյսբուքը, Ճապոնիան միջուկային զենք կստանա, Եվրոպայում թոշակառուները կհաղթեն երիտասարդներին, Պուտինն էլ կհեռանա նախագահի պաշտոնից:
Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետը։
Սպիտակ տան հարկային ռեֆորմը կհանգեցնի բուռն տնտեսական աճի, հետաքննությունը`ընտրություններին ռդ միջամտության գործով, արդյունք չի տա: Թրամփը չնչին տարբերությամն կվերընտրվի երկրորդ ժամկետում և կկատարի բժկական ապահովագրության համակարգը հետաձգելու խոստումը, բայց այլընտրանք չի կարողանա առաջարկել: Կսկսվի ճգնաժամ, իսկ 2024-ի նոր ընտրություններում կհաղթի Ջիմմի Քիմմելը: Եվս 4 տարի անց Հանրապետականներն ու Դեմոկրատները վերջնականապես կլուծարվեն, ընտրություններին կմասնակցի չորս թեկնածու, և նրանցից ոչ ոք չի ստանա հաղթանակի համար անհրաժեշտ քանակի ձայներ: Սպասվում է խոշոր քաղաքական ճգնաժամ:
Ֆեյսբուքը կպարտվի ֆեյքերի դեմ պայքարում։
Շատ երկրներ կհետևեն ՌԴ օրինակին և կստեղծեն թրոլ անելու սեփական գործարաններ: Թվիթերի թրաֆիքի կեսը կլինեն բոտերը, ֆեյք նորություններ տարածող էջերը: Խոշոր հաքերային հարձակումից հետո ձայնային օգնականները օգտատերերին խորհուրդ են տալու քվեարկել Թրամփի օգտին: Մարդիկ չեն կարողանա տարբերել ճիշտը ստից, թվիթերն ու ֆեյսբուքը կդադարեն գոյություն ունենալ այսօրվա տեսքով: Թրամփի թագադրման ֆեյք վիդեոյի պատճառով ռուսաստանցիների կեսը մինչև 2028-ը վստահ կլինի, թե նա ցմահ նախագահ է դարձել:
Բիթքոյնը կփոխարինի բանկերին։
Բիթքոյնի արժեքը 2018-ին կդառնա 40 հազար դոլար: 2021-ին 100 հազար դոլարի կհասնի, բիթքոյնի կանցնեն Հունաստանը և աֆրիկյան որոշ երկրներ: Բանկային համակարգը 2028-ին այժմյան տեսքով գոյություն չի ունենա, իսկ խոշորագույն օնլայն սերվերները կանցնեն բիթքոյնի, որի արժեքը կգերազանցի միլիոն դոլարը:
Կիմ Չեն Ինը կմահանա։
Հյուսիսային Կորեան կարձակի հրթիռ, որն օվկիանոս կընկնի ԱՄՆ արևելյան ափից 20 կմ հեռավորության վրա: Ճգնաժամը չխորացնելու համար Թրամփը կորոշի չպատասխանել: 2019-ին Կիմ Չեն Ինը կմահանա սրտի կաթվածից, իսկ նոր կառավարությունը կորոշի հրաժարվել միջուկային ծրագրից: Չինաստանը կամրապնդի բարեկամությունը ԱՄՆ հետ և Թրամփի թողտվությամբ կվերադարձնի Թայվանը: Այդ ֆոնի վրա Ճապոնիան կսկսի աշխատել միջուկային զենքի վրա և մինչև 2028-ը կդառնա միջուկային գերտերություն:
Սոցիալիստները Մեծ Բրիտանիայում կզավթեն իշխանությունը։
Թերեզա Մեյը բրեքզիթը կձախողի ու հրաժեշտ կտա վարչապետի աթոռին: Նրան կփոխարինի լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը: Կրթությունը կդառնա անվճար, Կորբինի ռեֆորմները կդառնան չափազանց պոպուլյար, բայց` շատ ծախսատար:
Թոշակառուները կփլուզեն Եվրոպան։
Եվրոպան ծերանում է, իսկ տարեցների սերունդը քվեարկում է պահպանողական կուսակցությունների օգտին, որոնք շրջանները փոքրացնելու կողմնակից են: Բելգիան կբաժանվի երեք մասի, Կատալոնիան ու Շոտլանդիան անկախություն ձեռք կբերեն: Ֆրանսիայում ևս, ինչպես Մեծ Բրիտանիայում, իշխանության կգան սոցիալիստները: Եվրոպացի երիտասարդների 50 տոկոսը անգործ կլինի:
Չինաստանը կծավալի խոշոր առեվտրային պատերազմ
Կլիմայի փոփոխության հետևանքով Չինաստանի գետերը կսկսեն ցամաքել: Չինաստանն առևտրային սանկցիաներ կկիրառի այն երկրների դեմ, որոնք, Պեկինի կարծիքով, մեծ վնաս են հասցրել շրջակա միջավայրին, (նաև ԱՄՆ և ՌԴ-ն):
Էլեկտրամեքենաների շնորհիվ կթոթափենք կախվածությունը նավթից
Էլեկտրամեքենաների մարտկոցները 2018-ին կդառնան չափազանց արդյունավետ, էլեկտրամոբիլները` պոպուլյար, ինչի հետևանքով նավթի արդյունահանումը կկրճատվի: ԱՄՆ և Ճապոնիայի տնտեսությունները 2021-ին ցնցման մեջ կընկնեն` սովորական մեքենաների պահանջարկի կտրուկ անկման պատճառով: ՌԴ նավթային գործարաններում ցույցեր կսկսվեն, Պուտինը կհեռանա նախագահի պաշտոնից` իր փոխարեն թողնելով ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլլինիային: Պուտինը 2028-ին ամբողջությամբ կանհետանա հասարակական կյանքից, իսկ Նաբիուլլինան երկիրը դժվարությամբ կփրկի փլուզումից:
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:
– Պարոն Ֆելգենհաուեր, ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա ռազմաքաղաքական իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, և ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ լարվածությունը հակամարտության գոտում վերջին ամիսներին էապես նվազել է:
– Դա առաջին հերթին կողմերի որոշումն է, բայց կարծում եմ, որ պատճառներից մեկը նաև արտաքին ուժերի՝ թե՛ Ռուսաստանի և թե՛ Միացյալ Նահանգների ազդեցությունն է: Ոչ ոքի, հավանաբար, նույնիսկ Թուրքիային այսօր պետք չէ Ղարաբաղյան հակամարտության սրացումը: Երբ լարվածությունը գնալով աճում էր, ակնհայտ էր, որ հետագա էսկալացիան շարունակվելու է, բայց ըստ երևույթին, արտաքին ուժերը ճնշում են գործադրել կողմերի նկատմամբ:
– Այս տարվա մայիսին «Միջազգային ճգնաժամային խումբ» (ICG) հետազոտական կազմակերպության փորձագետները հրապարակել էին զեկույց ղարաբաղյան հակամարտության մասին՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանը և Ադրբեջանը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ավելի քան երբևէ մոտ են նոր պատերազմին, և երբ մենք այս առիթով զրուցեցինք, Դուք ասացիք, որ «Ղարաբաղը շուտով կպայթի»: Ինչո՞ւ հանկարծ իրավիճակը փոխվեց: Ժևնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Հայաստանի նախագահն ասաց, թե Ադրբեջանի նախագահը նույնպես շահագրգռված է թուլացնելու լարվածությունը շփման գծում: Բայց չէ՞ որ ռազմական սադրանքներ իրականացնելն ու լարվածության որոշակի մակարդակ շփման գծում պահպանելը Ադրբեջանի քաղաքականության կարևոր բաղադրիչներից է: Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի ռազմական ակտիվության նվազեցումը:
– Հակամարտության լարվածությունը թուլացնելու կամ ավելացնելու որոշումը կայացնում են առաջին հերթին հենց իրենք՝ կոնֆլիկտի մասնակիցները: Պատերազմները հենց այնպես չեն սկսվում: Պատահականություններ գրեթե չեն լինում: Ինչ-որ մեկը պետք է որոշում կայացնի, որ այժմ ցանկալի է կամ շահավետ՝ սկսել պատերազմ: Ըստ երևույթին, այժմ նման որոշում չկա ոչ այս, ոչ էլ մյուս կողմից: Երկրորդը, ինչպես արդեն նշեցի՝ արտաքին ուժերը լուրջ ճնշում գործադրեցին կողմերի վրա՝ երբ իրավիճակը կտրուկ սրվեց: Այսօր ոչ ոքի՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Միացյալ Նահանգներին, ո՛չ Իրանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ որևէ այլ պետության պետք չէ ղարաբաղյան հակամարտության սրացում: Նրանք իրենց խնդիրներն ունեն: Ղարաբաղի մասին անմիջապես մոռացան այն բանից հետո, երբ իրադրությունը փոքր-ինչ հանդարտվեց առաջնագծում, որովհետև բոլորն էլ ունեն իրենց շատ լուրջ խնդիրները:
Նախորդ շաբաթ ես Վաշինգտոնում էի, ելույթ էի ունենում մի համաժողովի ժամանակ: Նույն համաժողովին ելույթ էր ունենում նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Մաքմասթերը և պատմում էր երկու օր առաջ հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին: Նա խոսեց մեծ թվով կոնֆլիկտների մասին, բայց Ղարաբաղի մասին մի բառ անգամ չասաց: Ընդհանրապես ոչ մի բառ: Նա խոսեց և՛ Իրանի, և՛ Աֆղանստանի, և՛, իհարկե, Կորեայի, Ուկրաինայի, Սիրիայի մասին: Բոլորի խնդիրներն էլ բավարար են: Ղարաբաղը ռադարների էկրաններին է հայտնվում միայն այն ժամանակ, երբ պարզ է դառնում, որ եթե մի քիչ էլ սրվի, այնտեղ ևս մի պատերազմ կսկսվի, և այդ ժամանակ բոլորը շտապում են ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի դադարեցնեն ռազմական գործողությունները: Ղարաբաղյան հարցի լուծմամբ էլ ոչ ոք լրջորեն չի զբաղվելու, որովհետև կրկին դրա ժամանակը չկա: Կան լուրջ թվացող հսկայական թվով խնդիրներ: Երբ դուք այստեղ հանգիստ նստած եք, աշխարհը ձեր մասին մոռանում է: Երբ իրավիճակը թեժանում է, սկսում են հետաքրքրվել, այնպես որ ես չեմ տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման որևէ հեռանկար: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, պարզապես ժամանակավոր անդորր է՝ ոչ ավելի, ոչ պակաս: Բայց երբ երկու կողմերը կամ ավելի շուտ՝ կողմերից մեկը որոշի, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել, դա կրկին մեծ անակնկալ կլինի արտաքին աշխարհի համար: Բայց ղարաբաղյան հարցի լուծման հեռանկարներ չեն նկատվում և ամենագլխավորը՝ դա, կարծես, ոչ ոքի էլ չի հետաքրքրում:
– ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը ինչ-որ կերպ կազդի՞ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամերիկյան տեսլականի, մասնավորապես՝ Թրամփի վարչակազմի մոտեցումների վրա:
– Ոչ մի կերպ էլ չի ազդի: Նրանց հնարավորություններն են քիչ, որովհետև Պետդեպարտամենտում մինչ օրս նշանակված չեն մեծ թվով պաշտոնյաներ: Նրանք այնքան խնդիրներ ունեն: Իսկ գեներալ Մաքսմասթերն, այնուամենայնիվ, զինվորական է և նա հասկանում է, որ հարկավոր է ակտիվ քաղաքականություն վարել: Հնարավոր չէ հաղթել պասիվ քաղաքականությամբ: Ամերիկայի հնարավորությունները շատ մեծ են, բայց սահմանափակ են: Այդ նույն փաստաթղթում նշված կոնֆլիկտներն ու խնդիրներն այնքան շատ են, որ դրանք թվարկելը կես ժամ կպահանջի, ուստի նրանք ընտրում են առաջնահերթությունները: Առաջնահերթություններից են ահաբեկչությունը՝ այն իմաստով, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի կրկին հայտնվի «Իսլամական պետության» պես մի նոր խմբավորում: Չի կարելի թույլ տալ, որ նմանատիպ խմբավորումները գրավեն և վերահսկեն որոշակի տարածքներ և բնակչություն: Պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնել: Եվ հետո, իհարկե, գալիս է Կորեայի խնդիրը: Մաքմասթերն ասաց, որ դա սպառնալիք է ողջ մարդկությանը և առաջնահերթ խնդիր է, և այնտեղ գործը, կարծես թե, գնում է դեպի պատերազմ: Այսպիսով, աշխարհում կա պատերազմի երեք օջախ, մեկը՝ Հեռավոր Արևելքում, մյուսը՝ Մերձավոր Արևելքում, երրորդը՝ Եվրոպայի տարածքում՝ ներառյալ Ուկրաինայում: Հեռավոր Արևելքում ուղղակի ռազմական գործողություններ չկան, բայց իրավիճակը դրա սահմանագծին է: Եվ կտրուկ սրացման հավանականություն կա թե՛ Ուկրաինայում և ընդհանրապես Եվրոպայի տարածքում, թե՛ Մերձավոր Արևելքում: Աճում է Իրանի և սուննիների պատերազմի հավանականությունը: Այդ վտանգն առաջին հերթին կապված է Եմենի հետ և դա կարող է հանգեցնել կտրուկ սրացման Պարսից ծոցում և ամբողջ տարածաշրջանում: Այդ կոնֆլիկտին ինչ-որ չափով, գոնե միջնորդավորված կերպով կարող է ներքաշվել նաև Ադրբեջանը: Իրադրությունը տարածաշրջանում շատ լուրջ է: Ղարաբաղն այսօր ոչ ոքի չի հետաքրքրում՝ բացառությամբ այն հանգամանքի, որ այնտեղ նոր սրացումներ չլինեն, որովհետև «մեծ տղաները» լուրջ հարցերով են զբաղված: Բայց միևնույն ժամանակ, քանի որ ղարաբաղյան կոնֆլիկտին լուրջ ուշադրություն չեն դարձնում, մինչև որ այնտեղ չսկսեն կրակել, իրավիճակի նոր սրացումը շատ հնարավոր է: Այն կարող է կապված լինել ներքաղաքական դրության հետ Հայաստանում և առաջին հերթին՝ Ադրբեջանում, որտեղ շատ լուրջ ներքին խնդիրներ կան: Այդ խնդիրները նրանք կարող են փորձել լուծել ռազմաճակատում հերթական լարվածության հրահրման միջոցով՝ համախմբելով ժողովրդին հայրենասիրական տրամադրությունների շուրջ: Սա շատ լուրջ վտանգ է, և երբ կողմերը որոշեն, որ հիմա կարելի է ինչ-որ քայլերի գնալ… Թե երբ կլինի դա, չեմ կարող ասել, որովհետև հնարավոր չէ կանխատեսել: Բայց նման վտանգ կա: Իսկ հիմնախնդրի լուծման հնարավորություններ այսօր չկան և միջնորդներից ոչ ոք այսօր առանձնակի ցանկություն չունի դրա վրա ժամանակ և ջանքեր ծախսելու: Տարածաշրջանում էլ ոչ Բաքուն, ոչ էլ Երևանը ցանկություն և հնարավորություն չունեն եռանդագին փնտրելու հակամարտության կարգավորման փոխզիջումներ, թեև այդ փոխզիջումներն էլ չեն երևում. կողմերի դիրքորոշումները, ըստ էության, անհամատեղելի են: Ամերիկյան ճանապարհային քարտեզը նույնպես անընդունելի է, օրինակ, Հայաստանի համար: Իսկ ամերիկյան կողմը խոսեց դրա մասին, հետո, կարծես, մոռացավ: Երկու կողմերն էլ շարունակում են զինվել: Սպառազինությունը մատակարարվում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, ուստի, երբ և եթե հակամարտությունը բռնկվի, բռնկվելու է սաստիկ թափով: Չգիտեմ՝ երբ, բայց շատ հնարավոր է, որ դա լինի հենց հաջորդ տարի:
– Ինչպե՞ս կգնահատեք հակամարտող կողմերի ռազմական հնարավորություններն այսօրվա դրությամբ, մասնավորապես՝ ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի պաշտպանությունը: Հայաստանի նախագահն իր վերջին հարցազրույցի փաստել է, որ Ադրբեջանի կողմից դիվերսիոն հարձակումների հնարավորությունը հասցվել է նվազագույնի, և տեսանելի ապագայում կբացառվեն նաև այլ գործողություններ: Որքանո՞վ է ամրապնդվել հայկական կողմի պաշտպանությունը Ապրիլյան պատերազմից հետո:
– Ապրիլյան պատերազմը ցույց տվեց հայկական զորքերի լուրջ բացթողումները սպառազինության և մարտական պատրաստության մեջ: Եթե Ադրբեջանը կանգ չառներ, հայտնի չէ, թե ինչպես կզարգանային հետագա իրադարձությունները: Բնական է, որ փորձել են դասեր քաղել, հասկանալ թերությունները, այնպես որ, ամենայն հավանականությամբ, արել են ամենը, ինչ հնարավոր է: Բայց կան շատ ավելի խորը խնդիրներ: Դա հայկական զինված ուժերի հետամնացությունն է: Դա, ինչպես ասում են, ձեր մեղքը չէ: Դա ձեր դժբախտությունն է: Պետք են ռազմական գործողությունների իրականացման ժամանակակից միջոցներ, որոնցից որոշները կան Ադրբեջանում: Ադրբեջանում կան, օրինակ, հարվածային անօդաչուներ, որոնք խփում էին հայկական զրահատեխնիկան և տեխնիկան Ապրիլյան պատերազմի ժամանակ: Նման անօդաչուներ Երևանում չկան: Նույնիսկ Ռուսաստանը դրանցից չունի: Ադրբեջանն այսօր որոշ առումներով ավելի զարգացած է, քան Ռուսաստանը, որովհետև իսրայելցիները Ադրբեջանին մատակարարում են այդ տեխնիկան, իսկ Ռուսաստանին՝ ոչ, քանի որ ամերիկացիներն են արգելում: Իսկ մեր ուժերով առայժմ չենք կարողանում այդպիսի անօդաչուներ արտադրել:
Ասում են՝ «համարյա սարքել ենք», բայց «համարյա»-ն և «սարքել ենք»-ը տարբեր բաներ են: Ռուսաստանն ունի հետախուզական անօդաչուներ, բայց դրանք էլ, ըստ էության, իսրայելական են: Իսկ հարվածային անօդաչուներ ստանալու ուղղությամբ առայժմ աշխատում են: Երևանում դրանցից ընդհանրապես չկա: Սա շատ լուրջ գործոն է՝ առավել ևս դիրքային պատերազմի պայմաններում: Հայաստանը հետ է մնում նաև զրահատեխնիկայի որակով: Հայաստանինը սովետական է, իսկ Ադրբեջանինը Իսրայելի կողմից մոդեռնիզացված զրահատեխնիկա է: Պատերազմի դեպքում այս գործոնները կխաղան իրենց դերը: Ադրբեջանի որոշ ռազմատեխնիկական գերազանցությունը ինչպես կար, այնպես էլ մնում է: Այսպիսին է իրավիճակը, ուստի հայ զինվորականներն անկասկած պատրաստվել են, բայց միայն իրենց ունեցած հնարավորությունների շրջանակներում: Կան որոշ թերություններ, որոնք առայժմ չի հաջողվում շտկել: Իսկ թե որքանով Ադրբեջանի ռազմատեխնիկական որոշ առավելությունը կազդի այն դեպքում, եթե ավելի լայնածավալ պատերազմ սկսի, դժվար է ասել: Եթե երկու ֆուտբոլային թիմերից մեկը գնել է բրազիլացի խաղացող, իսկ մյուսը՝ ոչ, նրանցից ո՞րը կհաղթի: Այն թիմը, որտեղ կա բրազիլացի խաղացող, հավանաբար կստանա առավելություն: Բայց կկարողանա՞ այդ թիմը հաղթել՝ դա արդեն այլ հարց է:
Panorama.am: Ռուսական «Զվեզդա» հեռուսատաալիքը ներկայացրել է ռեպորտաժ Հայաստանի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միասնական համագործակցության վերաբերյալ:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միասնական համաձայնագիրը ստորագրվել է դեռևս նախորդ տարի: Ռուսական զինվորական պատվիրակությունը ժամանել է Երևան, որպեսզի հայ գործընկերների հետ միասին ժամանակին համապատասխանեցնեն այս փոխգործակցության իրավական հիմքը:
Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության դիվիզիոնի առաջ դրված է երկու կարևոր խնդիր՝ պաշտպանել սեփական երկրի օդային տարածությունը և ՀՕՊ միասնական համաձայնագրի շրջանակներում պաշտպանել Ռուսաստանի հարավային սահմանները:
«Պետական սահմանը և օդային տարածքը, կարելի է ասել, Հայկական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի և ռուսական ՕՏՈւ (օդատիեզզերական ուժեր) համատեղ ջանքերի շնորհիվ անառիկ է»,- նշել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետ:
Հայ և ռուս հրթիռավարների հետ միասին Երևանի Էրեբունի օդանավակայանում հերթապահում է նաև ՌԴ ՕՏՈւ МиГ-29 էսկադրիլիան, որը ամեն վայրկյան պատրաստ է օդ բարձրանալ պաշտպանություն իրականացնելու:
Այդ կործանիչները Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ բազայի ենթակայության տակ են գտնվում: Որպեսզի ամուր լինի ոչ միայն օդային այլ նաև ցամաքային սահմանները երկու երկրների հակաահաբեկչական ստորաբաժանումները պարբերաբար անց են կացնում համատեղ զորավարժություններ:
Երկու երկրների զինվորականների սերտ համագործակցությունը և մարտական հերթապահությունը երաշխավորում են մեր երկրների ամբողջովին անվտանգությունը»:
Մանրամասները տեսանյութում՝
https://www.youtube.com/watch?v=XrFO7chTF7k
ՀՀ ԱԱԾ-ն այսօր հայտարարեց, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաեւ Հայաստանի Հանրապետության իրավապահ եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու եւ այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձեւավորելու ուղղակի կոչեր:
ԱԱԾ-ի մատնանշած ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից պարզեցինք, որ բազմաթիվ կոչեր կան ուղղված ՀՀ պետական իշխանության ներկայացուցիչների դեմ: Մինչ գրառումները ներկայացնելը նշենք, որ էջը ակնհայտ կեղծ է, չկա օգտատիրոջ որեւէ անձնական լուսանկար:
Ընկերների ցանկում մեծ թիվ են կազմում «Սասնա ծռեր» խմբին հարող քաղաքացիներ, որոնք հայտնի են Հայաստանում: Սեպտեմբեր ամսին գրանցված էջում կա «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու կոչեր:
«Ինչպես միանալ շարժմանը: Միանալ ամեն ոք կարող է՝ անկախ բնակության վայրից: Եթե դու կարդում ես, եւ զգում ես արդարության վերականգնման անհրաժեշտություն, պատրաստ ես պայքարել հանուն դրա, ուրեմն դու արդեն ՄՀԱ-ի մարտիկ ես: Պահպանի՛ր գաղտնիության կանոնները, լուռ հետեւիր ՄՀԱ-ի հայտարարություններին, եւ դու կիմանաս քայլերի հաջորդականությունը»,- ահա այս գրառմամբ է առաջին անգամ կեղծ օգտատերը սեպտեմբերի 8-ին դիմել օգտատերերին:
Դրանից հետո էջում տեղադրվել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի զինված պայքարի մասին մի հայտարարություն եւ նշվել է, որ «ՄՀԱ»-ն սկսել է «Սասնա ծռերի» սկսած զինյալ պայքարի երկրորդ փուլը եւ կրկին կոչ է արել օգտատերերին միանալ պարտիզանական պայքարին:
Դրան հաջորդել է մի հայտարարություն, որ հանրահավաքներ պետք չեն, քանի որ դրանք իրատեսական չեն, եւ պետք են պարտիզանական գործողություններով վերականգնել ժողովրդի հավատքը:
«Պարտիզանական պայքարն անկանխատեսելի ու շատ վտանգավոր է իշխանությունների համար: Լոկալ չի, որ շրջապատեն, սովի մատնեն: Չգիտեն երբ եւ որտեղից է գալու հարվածը: Ստեղծվում է վախի եւ անապահովության մթնոլորտ իշխանական բուրգի ներսում: Թիրախն արդեն ռեժիմի հաբրգած իշխանավորներն են բռնապետին սպասարկողները»,- պարտիզանական շարժման մասին այսպես է գրել «Մարտին Ավագյան» օգտատերը:
Հնարավոր պարտիզանական խմբի համար մշակվել է գաղտնապահության կանոններ, որոնցից մեկում ասված է. «Գործիր մենակ կամ առավելագույնս երկու հոգանոց ջոկատներով, ավելի մեծ խմբեր կազմելը գաղտնապահության խախտում է: Պարտիզանական ակտի պատրաստվող մարտիկը սոցիալական ցանցերում չի երեւում ու ջոկատներ չի հավաքագրում այնտեղ»:
ՄՀԱ-ն հետագայում արդեն թիրախային կոչերին կցել է նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց լուսանկարներ: Նրանց թվում են՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լեւոն Երանոսյանը, ՊՊԾ գնդի հրամանատարի նախկին տեղակալ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Պատգամավոր Հակոբ Հակոբյանի լուսանկարի կից օգտատերը գրել է. «Ժողովուրդը արժանապատվությունից ելնելով, պետք է քեզ ու քո նմաններին անկյուններում բռներ ու սատկացներ, համ չէիք համարձակվի էշ-էշ դուրս տալ, համ էլ քո նման տականքները վախից էլ չէիք ուզի պատգամավոր դառնալ։ — Հարկավոր է վառել սրանց տները, մեքենաները եւ բիզնեսները»: Էջում կա նաեւ լուսանկար, որտեղ նկարագրված է, թե ինչպես պատրաստել «Մոլոտովյան կոկտեյլ» ինքնաշեն պայթուցիկը:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանոյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանին պատժելու վերաբերյալ «Մարտին Ավագյան» օգտատերը գրել է. «Սա պետք է կեանքով եւ անձնական գոյքի ոչնչացմամբ, պատասխան տա դատարանում Արայիկ Խանդոյանին ծեծի ենթարկելու համար։ — Հարկավոր է ամեն գնով վախի մտնոլորթը տեղափոխել հակա ազգային իշխանութիւների դաշտ։ — Ո՞վ պիտի դա անի, հենց դու, այո հենց դու, որ գիտես որտեղ է նա ապրում եւ աշխատում»։
ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջն ընդարձակ զեկույցով անդրադարձել է Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայությանը` ընդհանուր գծերով անդրադառնալով Մոսկվայի տարածաշրջանային քաղաքականությանը:
Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում, մասնավորապես` Գյումրիի ռազմական բազայում և «Էրեբունի» օդանավակայանում ունի ՀՕՊ լոկալ համակարգեր, որոնց միջոցով կարող է որսալ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները և հրթիռները: Պաշտպանական քոլեջի զեկույցում խոսվում է նաև Հայաստանում տեղակայված «Իսկանդեր-Մ» հարձակողական համակարգի մասին:
Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը ձգտում է Հարավային Կովկասի դեինտեգրացիային, ինչը միանգամայն համարժեք գնահատական է` թե՛ ռեգիոնալ համագործակցությանը և թե՛ տարածաշրջանի եվրոպական կամ եվրաատլանտյան ինտեգրմանը խոչընդոտելու ռուսական ջանքերի համատեքստում: Այդ նպատակի համար Մոսկվան տարածաշրջանում գործի է դրել երեք С-ի կամ` Confrontation, Cooperation, Confusion-ի սկզբունքը, որը թարգմանաբար նշանակում է «Կոնֆրոնտացիայի, համագործակցության և խառնաշփոթի» քաղաքականություն: Մոսկվան այս քաղաքականությունը, մանևրելու բարդ մարտավարությունը, հակամարտության կողմերին սպառազինելու տակտիկան կիրառում է հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ` մեծացնելով վերջիններիս կախվածությունը Ռուսաստանից: Օբյեկտիվորեն մեր տարածաշրջանում ՆՍՏՕ-ն զրկված է նման քաղաքականություն իրականացնելու ռեսուրսից, պոտենցիալից, ինչը արձանագրվում է նաև ՆԱՏՕ-ի փորձագիտական զեկույցում:
Հենց քաղաքական հակասական մեսիջների քաղաքականության շնորհիվ էլ Մոսկվան տարածաշրջանում կարողանում է պահպանել իր ազդեցության ստատուս-քվոն` Հարավային Կովկասում փակելով ՆԱՏՕ-ի ճանապարհը:
Ընդ որում` «Իսկանդեր-Մ»-ի տեղակայումը Հայաստանում ռուսական «ռազմական բատիստոնին» հատուկ նշանակություն է տալիս: «Իսկանդեր-Մ»-ի խնդրին առիթ ունեցել ենք անդրադառնալու: Չնայած այն հանգամանքին, որ «Իսկանդեր-Մ»-ն ֆորմալ առումով գտնվում է Հայաստանի հաշվեկշռում, սակայն գործնականում ակնհայտ է, որ այն չի կարող գործարկվել առանց Մոսկվայի համաձայնության: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական հակադրությունը լոկալ պատերազմի բնույթ ունի և, «Իսկանդեր-Մ»-ը նման պատերազմում, ըստ էության, պահանջարկված չէ: Հարձակողական այս համակարգն ավելի շատ խորհրդանշում է Հայաստանի ռուսական կախվածությունը, քան ամրապնդում է Հայաստանի անվտանգությունը: Սակայն Արևմուտքում և հատկապես Վաշինգտոնում համարում են, որ «Իսկանդեր-Մ»-ի տեղակայումը Հայաստանում հակադրության մեջ է մտնում Փոքր և միջին հեռավորության հրթիռների ոչնչացման պայմանագրի պահանջների հետ: Մասնավորապես, ռուսական և արևմտյան մամուլը գրում է այն մասին, որ ԱՄՆ Անվտանգության խորհուրդն արդեն պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ թևավոր հրթիռներ արտադրելու համար, և նախագահ Դոնալդ Թրամփն ամենամոտ ապագայում կստորագրի համապատասախան հրամանագիրը:
«Իսկանդեր-Մ»-ը կարող է գլխացավանք դառնալ Հայաստանի համար, որովհետև դառնալու է այն կարևոր հանգամանքը, որը Հայաստանը հակադրության նոր թատերաբեմ է դարձնելու Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հակադրության համար: Այս իրավիճակը բարդացնելու է արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը դիվերսիֆիկացնելու Հայաստանի ջանքերը, որովհետև փոքրանում է մեր երկրի մանևրելու հնարավորությունը:
Վերջին տարիներին հայաստանյան սոցիալական ցանցերում քննարկվում է ուկրաինական onpress.info կայքում հրապարակված «Ինչպե՞ս 1988-ին պայթեցրին Սպիտակը» հոդվածը (հոդվածի հեղինակ՝ Լեոն Մանեւիցկի):
Հեղինակը մասնավորապես գրել է. «1988թ. դեկտեմբեր 7-ին աշխարհը ցնցվեց. Հայաստանի հյուսիսային շրջանում փորձարկված գեոֆիզիկական ռումբը, որն առաջացրել էր արհեստական երկրաշարժ, 350.000 հայ խաղաղ բնակչի մահվան պատճառ դարձավ։ Այն ժամանակների ղեկավարությունը ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի եւ պաշտպանության նախարար Յազովի գլխավորությամբ փորձում էին գաղտնի պահել իրականությունը՝ այն ներկայացնելով որպես սովորական երկրաշարժ։
1988-ի նոյեմբերին Երեւանում լուրեր էին պտտվում, թե Հայաստանին ծանր փորձություն է սպասվում, սակայն «փորձություն»-ը բոլորն ընկալում էին բառի փոխաբերական, այլ ոչ ուղիղ իմաստով։
Այդ ամսին մի ռուս գեներալի կին, որը հանգստանում էր Արզնիի առողջարանում, ակադեմիկոս Երեմյանի կնոջը՝ Ռուզան Երեմյանին փսփսացել էր, որ դեկտեմբերի սկզբին Հայաստանին «սարսափելի աղետ է» սպասվում՝ խորհուրդ տալով վերջինիս՝ լքել Հայաստանը։
Նոյեմբերին նման մի զանգ է ստացել նաեւ հայտնի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը. նրան զանգահարել է ծանոթներից մեկը Լենինգրադից (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) եւ խորհուրդ տվել, որ լենինականցիները շուտ դուրս գան Լենինականից։
1988-ի նոյեմբերի վերջին Հրազդան քաղաքի հեռախոսավարուհին լսել է ռուս գեներալի խոսակցությունը Մոսկվայի հետ, որտեղ վերջինս իր կնոջը հայտնել է հետեւյալը. «Ուշանում եմ, կգամ փորձարկումներից հետո»։
Դեկտեմբերի 4, 5 եւ 6-ին Սպիտակ-Կիրովական շրջանում որոտացին հզոր պայթյուններ՝ առաջացնելով 3-4 բալանոց երկրաշարժեր, դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10.30-ին թուրք բանվորները, որոնք աշխատում էին Արփա գետի աջ ափին, որը մոտ է Լենինականին, թողեցին իրենց աշխատանքը եւ հեռացան տարածքից։
1988-ի դեկտեմբերի 7-ին ժամը 11-ին Սպիտակի մոտ տեղակայված ռազմաբազայի զինվորներից մեկը դաշտում կաղամբ հավաքող գյուղացիներին ասել էր. «Արագ գնացեք, շուտով սկսվելու են փորձարկումները»։
Ժամը 11.41-ին Սպիտակ քաղաքի եւ Նալբանդ գյուղի շրջակայքում 10-15 վայրկյան տարբերությամբ որոտաց երկու հզոր պայթյուն, որից Նալբանդի գյուղացիներից մեկը վեր էր շպրտվել էլեկտրասյան բարձրության։ Գետինը տեղաշարժվել էր, գետնի տակից 100 մետրանոց կրակի ու ծխի սյուն էր բարձրանում։
Լենինականում փլուզվել էր շենքերի 75 տոկոսը. դրանց մի մասը առաջին պայթյունից հետո պտտվել էր իրենց առանցքի շուրջը, երկրորդից հետո` ետ պտտվել, այնուհետեւ «նստել»՝ գետնի տակն անցնելով 2-3 հարկի բարձրությամբ…»։
Հայ մասնագետները հերքում են այս տեղեկությունները եւ միանշանակ նշում, որ 1988 թվականի աղետը երկրաշարժ էր, որին հասարակությունը պատրաստ չէր:
Երկրաշարժից մոտ 3 տասնյակ տարի անց էլ բնակչության գերակշռող մասը, անհասկանալի պատճառներով, չի հավատում, որ 1988-ին տեղի ունեցածը բնական աղետ էր` երկրաշարժ:
Դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը եւս հերքում է պայթյունի մասին այս լուրերը եւ հաստատում.
«Մասնագետի համար ակնհայտ է, որ տեղի ունեցածը բնական երկրաշարժ էր, ոչ մի պայթեցումով հնարավոր չէր այդպիսի արդյունք առաջացնել»:
Մասնագետը թվարկում է գիտական հիմնավորումներ:
1.Սովետական միությունն այդ տարիներին չի ունեցել ատոմային ռումբ, այս առումով հերքվում են ատոմային ռումբի գործածության մասին ասեկոսները:
2.Խորության հարցը. ատոմային ռումբն օդի մեջ է պայթում կամ երկրի մակերեսին, մինչդեռ 88-ի ավերիչ երկրաշարժն ունեցել է մինչեւ 10 կիլոմետր խորություն:
3.Պայթյունի տեւողությունը. պայթյունը տեւում է կարճ` մի քանի վայրկյան, իսկ երկրաշարժը մի քանի տասնյակ վայրկյան է տեւել:
«Ամենակարեւորը` ոչ մի պայթեցումով երկրի մակերեսին բեկվածք հնարավոր չէ առաջացնել, իսկ Սպիտակի երկրաշարժի ժամանակ առաջացավ ընդհանուր մոտ 38 կմ երկարությամբ բեկվածք` տեկտոնական, երկու մետր ու կես ուղղաձիգ ամպլիտուտով եւ մեկ մետրի չափ` հորիզոնական: Վանաձորի դիմաց թուրքաբնակ գյուղ կար, այդտեղ 10 կմ երկարության բեկվածքը շատ լավ երեւում էր»,-պատմում է Ս.Նազարեթյանը:
1988ին բնակչությունն անբավարար գիտելիքներ ուներ աղետների ժամանակ պաշտպանվելումասին
Մասնագիտական գրականությունում փորձագետները հաստատում են, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերը համեմատաբար քիչ կլինեին, եթե բնակչությունը պատրաստ լիներ աղետի դիմակայմանը, բարձր լիներ վերջիններիս` իրազեկվածության մակարդակը:
Սերգեյ Նազեթյանը վերհիշում է, որ 88-ի երկրաշարժից հետո Լենինականի թիվ 1 դպրոցի նկուղից հանել են 16 երեխայի դիակ. երեխաները զոհվել են փոշուց խեղդվելու հետեւանքով, նրանցից ոչ մեկը չի ունեցել մարմնական քերծվածք:
«Երկրաշարժի ընթացքում փոշուց պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում թաշկինակով կամ շորով փակել շնչուղիները, երեխաներին բացատրող չի եղել: Եթե իրենք օգտագործեին շորը` որպես դիմակ փոշուց պաշտպանվելու, չէին զոհվի»,-ասում է Ս.Նազարեթյանը:
Պրոֆեսորը նշում է, որ 88-ի երկրաշարժից հետո բնակչության պատրաստվածության ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սեյսմիկ ծառայության տարաքային կազմակերպություններում կան բնակչության հետ աշխատանք անող բաժիններ, որոնք հատկապես դպրոցներում, բուհերում, արտադրական հիմնարկներում զեկույցներ են կարդում, հիմնական թեման սեյսմիկ պաշտպանական անհատական վարքականոններն են` ինչ անել մինչեւ երկրաշարժը, երկրաշարժի պահին եւ հետո:
Կան վկայություններ, որ սովետական Հայաստանում ընթացել է անորակ շինարարություն, մարդկային գործոնը նույնպես ազդեցություն է ունեցել:
«Երբ մենք ուսումնասիրեցինք Գյումրու փլուզված 147 բնակելի շենքերի պատճառները, պարզվեց, որ քարե շենքերի 10 տոկոսի փլուզման պատճառը բնակչության գործոնն է եղել: Մարդիկ, առանց մասնագետների համաձայնության, քանդել էին իրենց բնակարանների միջնապատերը, հիմնատակից խորը նկուղներ էին փորել, պատերի մեջ պահարանների տեղեր էին բացել, սյուների մեջ հաշվիչ էլեկտրական տեղադրելու համար խոռոչ էին բացել»,-թվարկում է Ս.Նազարեթյանը եւ նշում, որ այսօր էլ այս ոլորտը նորից անվերահսկելի է, իշխանությունը մասնավոր կառույցներում ազատ մուտքի հնարավորություն չունի:
Սեյսմիկ պաշտպանությունը մինչ 1988 թվականն ու երկրաշարժիցհետո
Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը նշում է, որ երկրաշարժի ընթացքում Հայաստանը չի ունեցել հատուկ փրկարարներ, սեյսմիկ ռիսկի գնահատում, սեյսմակայուն շիանարարության նորմեր: Խորհրդային միությունում շինարարության նորմերն ընդհանուր են եղել եւ հաշվի չեն առնվել Հայաստանի երկրաբանական սեյսմիկ առանձնահատկությունները:
Բժիշկներն անգամ անպատրաստ են եղել երկրաշարժի դեպքում բարձր մակարդակի օգնություն ցույց տալ տուժածներին, իսկ բնակչության պատրաստվածության ընդհանուր մակարդակը ցածր է եղել: «Խորհրդային տարիներին կար քաղաքացիական պաշտպանություն հասկացողություն, որը հիմնականում ատոմային զենքի դեմ պայքարի մեթոդներ էր ուսուցանում»,-ասում է Ս.Նազարեթյանը:
88-ից հետո ի՞նչ է արվել սեյսմիկ պաշտպանության ուղղությամբ
1988-ի ավերիչ երկրաշարժից հետո, ըստ Ս.Նազարեթյանի, եղան կտրուկ տեղաշարժեր, հատկապես, երբ ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծվեց սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:
Առաջին կարեւոր քայլերից էր սեյսմիկ պաշտպանության համակարգը, նաեւ օրենքները եւ ենթաօրենսդրական փաստաթղերը, որոնք կարգավորում են ոլորտը:
Երկրաշարժից հետո ՀՀ տարածքում եւ հատկապես Երեւանում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական երկարաժամկետ ծրագիր մշակվեց:
«Դժբախտաբար ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում եւ սեյսմիկ տեսակետից Երեւանի շենքերը շատ խոցելի են` մասնավորապես խորհրդային տարիներին կառուցված 3500-ից ավել բազմաբնակարան շենքերը: Այս շենքերը կառուցված են 7-8 բալի սեյսմակայունության հաշվարկով եւ շինարարության որակը շատ ցածր է, նաեւ ընթացքում եղել են բնակչության ապօրինի ձեւափոխություններ, որոնք բերել են սեյսմակայունության նվազեցմանը»,-ասում է Ս.Նազարեթյանը:
Հաջորդ կարեւոր քայլը, ըստ Ս.Նազարեթյանի, ՀՀ-ում սեյսմակայուն շինարարության նորմեր ունենալն էր:
ՀՀ-ը ԱՊՀ երկրներից առաջինն էր, որը 1994 թվականին ստեղծեց իր նորմերը, իսկ 2006 թվականին վերանայվեցին այդ նորմերը:
Ս.Նազարեթյանի խոսքով` 88-ի երկրաշարժից հետո փրկարար ծառայությունների ուղղություններով եւս տարվել են աշխատանքներ: Փոքր հանրապետությունը չի կարող ունենալ այնքան փրկարար, որ սեյսմիկ աղետի դեպքում կարողանա դիմակայել, բայց գոյություն ունի միջազգային օգնություն, երբ տարբեր երկրների փրկարարներ են օգնության հասնում: Մինչ գնահատվում է աղետի իրավիճակը, երկրները օգնություն են խնդրում, փրկարարները հասնում են աղետից մի քանի օր անց: «Ունենք տխուր վիճակագրություն, որ փլատակների տակ մնացած մարդկանց 60 տոկոսից ավելին զոհվում է առաջին 3 օրը, այսինքն` մարդկանց փրկելու հնարավորություններն ավելի մեծ են առաջին 3 օրը, այստեղ մինչեւ դրսի օգնության գալը, բնակչությունն ինքը պետք է պատրաստված լինի օգնություն ցուցաբերել ինքն իրեն եւ կարողան խուճապի չմատնվել»,-ասում է Ս.Նազարեթյանը:
Սերգեյ Նազարեթյանն ասում է նաեւ, որ 88-ի երկրաշարժից հետո կարեւոր քայլերից մեկը շինարարության որակի բարձրացումն էր:
«Հիմա շիանարության որակն անհամեմատելի լավ է, քան խորհրդային տարիներին, հատկապես, մեծ օրինակ էր Լինսի հիմնադրամով ընթացող շինարարությունը, որի ընթացքում 5.500-ից ավելի բնակարան կառուցվեց աղետի գոտում եւ դրանց որակը խիստ բարձր է: Գյումրեցի հայտնի շինարարներից մեկի խոսքը հիշեմ. ասաց. «Շնորհիվ Լինսի հիմնադրամի` մենք սովորեցինք շենք կառուցել», նկատի ուներ որակը»,-ասում է նա:
Մինչդեռ, Ս.Նազարեթյանի խոսքով, խորհրդային տարիներին շինարարն իր հայեցողությամբ փոփոխոություններ է կատարել եւ հետագայում դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: «Շինարարն իրավունք չունի նախագծում փոփոխություններ կատարել, նա պետք է պահպանի շինարարական նախագծի տառը: Եթե կա թերություն, ապա նածագծողի հետ պետք է հաաձայնեցվի, նոր փաստաթուղթ կազմելուց հետո կարողանան այդ փոփոխությունն իրականացնել»,-ասում է նա:
Գյումրիում խոցելի շենքերը երկրաշարժի հետեւանքով փլուզվեցին կամ ամրացվեցին, այսօր այդ խոցելի շենքերի թիվը, ըստ երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի, Գյումրիում շատ քիչ է, իսկ Երեւանում բնակչության` գործոնի ազդեցությունը շենքի սեյմակայուն շինարարության նվազեցման ուղղությամբ շատ վատ է:
Կառավարության փոփոխությունը կոպիտ սխալ է. վերադարձ 80-ականներ
Կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի որոշմամբ «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» եւ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միացման ձեւով վերակազմակերպվեցին «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ը վերանվանվեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ: Այս փոփոխության հետեւանքով, ըստ մասնագետների, տուժելու է ՀՀ-ը, նրանք կարծում են, որ այս միավրումը կոպիտ սխալ է, հատկապես, երբ Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում:
ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծվեց սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը ստեղծվեց 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո: Այս 4 ՊՈԱԿ-ներն էլ ստեղծվել էին` Սպիտակի ավերիչ երկրաշարժի դասերը հաշվի առնելով: Սկզբում` 1992-ին, ստեղծվել էր հյուսիսային բաժանմունքը` Գյումրիում, որպես սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՀՀ ՍՊԱԾ) կրկնորդ, քանի որ Երեւանում սեյսմիկ արտակարգ իրավիճակի դեպքում պետք էր Երեւանից հեռու մի կենտրոն, որն իր վրա պիտի վերցներ ՀՀ ՍՊԱԾ-ի բոլոր գործառույթները, իսկ տարիներ անց ստեղծվել էին մյուս բաժանմունքները:
EXCLUSIVE
life.tert.am- հարցազրույցը
Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանն ամիսներ առաջ նշանադրվեց ու տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ բնակվում է ընտրյալը` Վարդանը։ Մերին կարևորում էր պսակադրությունը և օրեր առաջ կայացավ նրա հարսանիքը։ Դերասանուհին հարսանիքից հետո առաջին հարցազրույցը վստահել է Tert.am Life–ին ու պատմել հարսանիքի, ընտանեկան կյանքի և երեխա ունենալու ցանկության մասին։
–Մերի, Երևանից ուղիղ եթերներով հետևում էին հարսանիքիդ։ Կարծես թե, մեծ խնջույք էիք կազմակերպել։ Նախապատրաստական աշխատանքներով ինքնուրո՞ւյն ես զբաղվել։ Ինչպե՞ս ես ընտրել զգեստդ, որը ամենակարևոր «խնդիրն» է հարսնացուների համար։
–Զգեստի ընտրությունը ես ու սկեսուրս ենք արել։ Այն կարվել է հատուկ ինձ համար։
Հայաստանում նշանադրությունն կազմակերպել էինք ես ու ամուսինս, զգեստս իմ ընտրությամբ իրենք էին ուղարկել ԱՄՆ–ից։ Երևանն իմ հարազատ քաղաքն էր, ամեն ինչի տեղը գիտեի։ Այստեղ ամեն ինչ անծանոթ էր։ Ես շատ երջանիկ եմ, քանի որ մեծ օգնություն եմ ստացել սկեսուրիս և ամուսնուս կողմից։ Այստեղ ինձ համար ամեն ինչ նոր էր։ Հարսանիքի ոճով իրենք են զբաղվել։ Իհարկե, ես տվել եմ իմ համաձայնությունը, սակայն քիչ եմ մասնակցել այդ ամենին։ Ես վստահում էի իրենց։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այդ օրը կողքիս էին։
300 հոգանոց հարսանիք էր։ Գործընկերներիցս երգեցին Արսեն Գրիգորյանը, Ջոնի Կարապետյանը, Սուրեն Ավոյանը, Լիլուն, Նարեկ Մակարյանը, Թաթուլ Ավոյանը։ Ինձ համար շատ զարմանալի էր, որովհետև էդպիսի առիթներին շատերն իրար չեն ճանաչում, բայց բոլորն ուրախանում էին, պարում։ Ես ու Վարդանն էլ ենք ակտիվ պարել։ Բոլորը պարահրապարակում էին։ Մեր հյուրերից մեկն ասում էր` նույնիսկ տղայիս հարսանիքին այսպես չեմ պարել։
–Այստեղ բավականին քննարկվեց Լիլուի անակնկալը քեզ` «Նորահարսիկ» երգի տեսքով։
– Երգն ինձ համար է գրվել, սակայն վստահ եմ շատերին դուր կգա։ Երբ ես հրավիրեցի Լիլուին, նա ասաց, որ անակնկալ ունի։ Ես կռահում էի, որ խոսքը երգի մասին է։ Շատ հաճելի անակնկալ էր։ Հայաստանում մենք գործընկերներ ենք եղել, սակայն երբեք առանձնակի ընկերություն չենք արել։ Հիմա ասում ենք` ով կմտածեր, որ տարիներ հետո երկուսս էլ կհայտնվենք օվկիանոսից այն կողմ, և նա կողքիս կանգնած կերգի այդ կարևոր պահին։
Ի դեպ, ուսանողական տարիների ընկերուհիս՝ Լիլին, ևս ինձ անակնկալ արեց և նվիրեց իմ սիրելի երգերից մեկը՝ գործընկերուհուս՝ երգչուհի Մագայի երգացանկից:
–Այդ օրը նաև եկեղեցի գնացիք։ Որքանո՞վ ես կարևորում պսակի խորհուրդը։
–Ինձ համար ամենակարևորն Աստծո օրհնություն ստանալն էր։ Ինձ շատ էին ասում` արդեն այստեղ ես, ինչիդ է պետք հարսանիքը, սակայն ես շատ էի ուզում ստանալ Աստծո օրհնությունը։ Զույգը պիտի մտնի Աստծո տաճար, տեր ու հնազանդ լինելու երդում տա։
–Դու նշում ես, որ ընտանիքում բոլորը քո հանդեպ հոգատար են, սակայն կենսակերպ փոխելը միանգամից ու հեշտ չի ստացվում։ Ինչպե՞ս ստացվեց նոր ընտանիքիդ ինտեգրման ընթացքը։
–Չեմ հերքում, որ բարդություններ կան ինքս իմ, շրջապատի, քաղաքի հետ։ Այստեղ ամեն ինչ լի է, բայց ուզում ես գնալ քո փոքր քաղաքի ինչ–որ մի անկյուն, որը քեզ հարազատ է։ Ընտանիքս ինձ շատ ջերմ է ընդունել, որպեսզի ինձ լավ զգամ։ Ես դեռևս չեմ ճաշակել բարդությունների համը։ Ինձ համար դեռ կյանքի այդ լավ շրջանն է, որն ինձ որևէ դժվարության առաջ չի կանգնեցրել։
–Մերի, դու հասուն տարիքում ստեղծեցիր քո ընտանիքը, երբ կյանքի որոշակի փորձ ունես, թերևս, ավելի խոհեմ ես։ Հայկական իրականության մեջ հասուն տարիքում ամուսնանալը համարվում է «ուշացած», երբեմն աղջիկները մտավախություններ են ունենում։ Ինչպիսի՞ հարս ես։ Կարողանո՞ւմ ես պահել եկեղեցում տվածդ խոստումն ու «հնազանդ» լինել:)
— Ես երբևէ մտավախություն չեմ ունեցել, որ չեմ ամուսնանա կամ ամուսնացել եմ, կբաժանվեմ։ Իհարկե, ես շատ էի ուզում կազմել իմ ընտանիքը։ Շատերը զարմացած են, թե ինչու եմ ամեն ինչ թողել, եկել այստեղ։ Ես միշտ ռիսկով եմ առաջնորդվում, ռիսկը գործի կեսն է։ Եթե ռիսկ չունենաս, մեծ քայլեր անելու ցանկություն, կմնաս ստվերում։ Երևի թե, դրա շնորհիվ է, որ կարողացել եմ հասնել այն ամենին, ինչ ունեմ։ Հիմա ռիսկով եմ, սակայն ավելի խոհեմ։ Եթե 18-ում կփորձեի իմ ասածն առաջ տանել, հիմա շատ բաների մեջ չեմ խորանում, տեղի չեմ տալիս, որ շարունակվի։ Սկեսուրս ասում է, որ ես «քեն պահող» չեմ։ Ես հասկանում եմ, որ շատ բաների պետք է կուլ գնալ, հնազանդվել, որովհետև ես արդեն արել եմ ընտրությունը և, բնականաբար, սիրում եմ։ Ես հասկանալով եմ արել այդ ամենը։ Ո՞վ է ասել, որ ամեն ինչ հեշտ ու հանգիստ պետք է լինի։ Կարևորը` մեր ընտանիքում բոլորս իրար հարգում ենք, լսում, ընդունում միմյանց որոշումները։
–Մի առիթով խոսել ես այն մասին, որ այլևս չես ուզում ուժեղ լինել։ Ուզում ես կողքիդ ունենալ մեկին, որի հետ կարող ես թույլ լինել։
–Ես միշտ ասել եմ, որ ուժեղ եմ, բայց այլևս չեմ ուզում ուժեղ լինել։ Մի սրտաճմլիկ հարցազրույց էի տվել, որ ճամպրուկս տանող չկար, իսկ ես, երբեմն, ուզում եմ թույլ լինել։ Իհարկե, հիմա այդպես չէ։ Իմ կողքին կա մարդ, ով կտանի ճամպրուկս։ Երբ ես Հայաստանում ինչ–որ տեղ էի գնում, գիտեի, որ ինքս պիտի վերադառնամ, մեքենա վարեմ, հիմա ես կողքիս ունեմ մարդ, որն իմ փոխարեն կանի այդ ամենը։ Գուցե ծիծաղելի մանրուքներ թվան, սակայն դա հաճելի է։ Միևնույն ժամանակ, հիմա հակված եմ կարծել, որ սխալվել եմ, թե կինը պետք է թույլ լինի։ Երբ ամուսնացած ես, պիտի շարունակես ուժեղ լինել։ Պիտի ավելի ուժեղանաս, որպեսզի կարողանաս պահել քո կառուցած ընտանիքը։ Այս դաշտը թույլերինը չէ։ Եթե թույլ լինես, սա էլ կկորցնես։
–Ո՞ր թուլությունը կարող է ընտանիքի գին ունենալ։
–Բոլոր տիպի թուլությունները։ Նշածս մանրունքներում կարող ես թուլանալ, իսկ ընտանիքում` կնոջ, հարսի դերում, պիտի ներքուստ ուժեղ լինես, որ կարողանաս դիմակայել, կանգուն մնալ։ Չպիտի կորցնես տեսակիդ ուժեղությունը։
–18 տարեկանում սերը բերում է վարդագույն կյանք, իսկ ի՞նչ է բերում 30–ում։
–Իմ դեպքում բերեց ընտանիք ու ամուսնություն։
18 տարեկանում ինձ մոտ միշտ խնդիր էր անորոշությունը, թե ինչ է լինելու, լինելո՞ւ է, թե՞ ոչ, արդյոք ճիշտ ընտրություն եմ արել, արդյոք միասին ենք լինելու։ Այս տարիքում իմ սերն ինձ բերեց որոշակիություն, հարցերը կոնկրետ լուծելու ու պատասխաններ տալու ունակություն, ամրություն, կայունություն, պատասխանատվության զգացումը պինդ պահելու հմտություն։
–Երջանի՞կ ես։
–Իհարկե, շատ։
–Քո զգացմունքային դաշտում ի՞նչ է փոխվել։
–Առաջ ավելի էմոցիոնալ էի։ Շատ էի լաց լինում։ Արտաքուստ թվում է, թե ինձ ոչ ոք չի կարող նեղացնել, ես չեմ կարող արցունքներս ցույց տալ, բայց ես կարող էի հուզվել շատ փոքր բանից։ Այդ առումով չեմ փոխվել, սակայն հիմա ավելի հանգիստ եմ դարձել, ավելի կողմնորոշված եմ, գիտեմ` ինչ ունեմ և ինչ պիտի ունենամ։ Իմ ապագան փոքրիշատե երևում է ինձ։ Ես հիմա ստացել եմ իմ գլխավոր հարցի պատասխանը։ Ավելի խաղաղված ու ներդաշնակ եմ դարձել։ Հարսանիքի օրը բոլորը ծիծաղում էին վրաս. բոլորը վազվզում էին, ես հանգիստ էի, չէի լարվում։
–Մերի, կանանց մոտ մայրական բնազդը շատ ուժեղ է և որոշակի տարիքում գլուխ է բարձրացնում։ Մայրանալու մեծ ցանկություն ունե՞ս։
–Շատ։ Կար ժամանակ, երբ ես պատրաստ չէի մայր լինել, պատրաստ չէի այդքան մեծ պատասխանատվություն վերցնել ինձ վրա։ Արդեն մի քանի տարի է, երբ նույնիսկ իմ սերիալային երեխաների հետ եմ կապվում, նվերներ մատուցում։ «Առաջնորդներում» իմ երեխայի հետ մինչև հիմա կապ ունեմ, իր մայրիկն ինձ լուսանկարներ է ուղարկում։ Նկարահանումների ժամանակ գրկում էի երեխային ու մտածում` երանի Աստված ինձ էլ պարգևի այս հրաշքից։
Ես միշտ կարծել եմ, որ դա Աստծո կամքն է։ Երբ կուղարկի այդ հրաշքին, որին սպասում եմ և սիրում, կընդունենք իրեն։ Մենք ժամանակ չենք սահմանել։ Կարող ենք իր հետ էլ վայելել մեր նորաստեղծ ընտանիքի բարիքները։
–Քանի՞ երեխա եք ուզում ունենալ։
–Այդ մասին չեմ մտածում։ Հիմա միայն առաջնեկի մասին եմ մտածում։
Ի դեպ, շատ խոսակցություններ կային, որ շորը փորիկս էր փակում, արդեն բալիկի եմ սպասում և այլն։ Նման բան չկա։ Հասկանում եմ, որ երբ ամուսնանում ես, նույնիսկ, դրանից առաջ էլ մարդիկ արդեն մտածում են, որ նմանատիպ բան կարող է լինել ու այո, կարող էր լինել, բայց չկա։ Ես դեռ չեմ սպասում բալիկի։
–Մերի, ԱՄՆ տեղափոխվելուց հետո մի հարցազրույցում ասացիր, որ ամուսինդ չի ցանկանում, որ խաղաս սերիալներում, դու էլ չես ուզում հակառակվել։ Հիմա քո կյանքում երջանիկ շրջան է, սակայն աշխատող մարդու մոտ որոշ ժամանակ անց առաջ է գալիս նորից աշխատելու ցանկությունը։ Հնարավո՞ր է կոմպրոմիսի գաք։
–Երբ ես Հայաստանում գիշեր–ցերեկ աշխատում էի, մտածում էի` կկարողանա՞մ մի օր հանգստանալ, ինձ թույլ տալ չաշխատել ու հանգիստ նստել։ Աստված ինձ տվեց այդ հնարավորությունը, այն էլ բոնուսի տեսքով` ես ոչ թե գործազուրկ եմ, այլևս պահանջված չեմ, այլ ամուսնացել եմ։ Երեկ ես երեկոյան 12–ին արդեն քնած էի, իսկ Հայաստանում 1-2–ից շուտ չէի քնում։ Հիմա ես հանգիստ կյանքի մեջ եմ, որն ինձ դուր է գալիս, հաճախ նախընտրում եմ տանը մնալ։ Իհարկե, գալիս է մի պահ, երբ շարունակելու ցանկություն ես ունենում, առավել ևս, երբ տեսնում ես քո արած ֆիլմերը, կարոտում ես։ Մինչև ամուսնությունը ես Վարդանին ասացի, որ ամուսնությունից հետո չեմ աշխատի, սակայն հիմա երկուսս եկել ենք այն մտքին, որ ես պետք է շարունակեմ և պահպանեմ իմ ստեղծածը, իմ անունը։ Ես կաշխատեմ, ուղղակի ոչ այդ մասշտաբով։ Եթե նկարահանվում ես սերիալում, չունես նկարահանման ռեժիմ, ժամ, գնում ես, չես գալիս։ Գուցե, որպես հաղորդավարուհի շարունակեմ ներկայանալ։
Ես հիմա միայն ինձ համար չեմ պատասխանատու։ Ես ապրում եմ մի ընտանիքում, որտեղ ինձ սպասում են։ Ես հարս եմ և չեմ կարող ժամերով թողնել ու գնալ։
–Խանդն ի՞նչ տեղ ունի ձեր հարաբերություններում։
–Ես էլ ամուսինս էլ խանդոտ ենք, ինչպես յուրաքանչյուր սիրող մարդ։
–Մերի, դեռ նշանդրեքիցդ հետո քննարկումներ ծավալվեցին, որ ապահոված ընտանիքից ես ամուսին ընտրել։
–Իմ ամուսինը մեծահարուստ է, որովհետև ունի ինձ:)
–Արդեն մի քանի ամիս է` ԱՄՆ–ում ես ապրում։ Ինչպե՞ս ես ադապտացել ամերիկյանկենսակերպին։
–Ես շատ հեշտ ադապտացող տեսակ եմ։ Ինձ որտեղ դնեն, կարող եմ ծաղկել, ապրել, ստեղծել։ Իմ երկրորդ ընտանիքն ինձ շատ է օգնում, որպեսզի կարողանամ շատ հեշտ հասնել այդ ամենին։ Նրանք այնքան շատ են ամեն ինչ անում, որ նույնիսկ կարիք չեմ ունենում ինչ–որ բան փնտրելու։ Միշտ կողքիս են։ Մեծահոգաբար են պատասխանում ամեն հարցիս, ինքս ինչ–որ բան անելու կարիք, անգամ, չեմ ունենում։ Ես չեմ տեսնում այն դժվարությունները, որոնք մարդիկ ունենում են, երբ միայնակ գալիս են օտար երկիր ու սկսում կառուցել իրենց կյանքը։
Ամենաբարդը կարոտը հաղթահարելն է։ Դա ամենավատ բանն է, որը պարուրում է էստեղ գտնվող յուրաքանչյուր հայի։ Ամեն մանրուքը կարոտում ես։ Ես 30 տարի ապրել եմ Երևանում, հիմա ամեն ինչ թողել եմ ու եկել այստեղ։ Դա դժվար հաղթահարելի զգացողություն է։ Մամայիս եմ շատ կարոտում։ Բարեբախտաբար, հիմա նա իմ կողքին է։ Հարսանիքիս առթիվ եկել էր և կմնա մինչև հունվար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.