23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության և միգրացիայի հարցերով Պետդումայի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Նովոստի ՆԿ»-ին տված հարցազրույցում պատասխանել է Արցախում պատերազմի ավարտին վերաբերյալ հարցերին.
— Կոնստանտին Ֆյոդորովիչ, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման շնորհիվ պատերազմն ավարտված է։ Ձեր կարծիքով, ընդմի՞շտ:
— Կցանկանայի, իհարկե, աջակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտքին. «Հուսամ, հակամարտություն բառը կմնա անցյալում»:
Ցավոք, ելնելով բոլոր հանգամանքների ամբողջությունից, ես դրանում լիակատար վստահություն չունեմ։ Այսօրվա համաձայնագիրը պատերազմի արդյունք էր, որը սկսվել էր Ադրբեջանի կողմից՝ խախտելով 1994-ին հակամարտության գոտում հրադադարի մասին ընդունված պայմանավորվածությունը։ Ադրբեջանի գործողությունները չեն դատապարտվել, նա չի կրել իր պատիժը ստատուս քվոյի խախտման համար։ Ընդհակառակը, ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանը տոնում է հաղթանակ:
Ղարաբաղում է գտնվում ռուսական խաղաղապահ զորախումբը։ Սակայն հետխորհրդային տարածքի նորագույն պատմության մեջ մենք ականատես եղանք, երբ, չնայած խաղաղապահ զորակազմի առկայությանը, փորձեր էին արվում ռազմական գործողություններ սկսել և ռազմական ճանապարհով լուծել իր օգտին տարածքային վեճը։ Հիշենք 2008-ի իրադարձությունները, երբ, չնայած ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությանը, հարձակում իրականացվեց դրա և Հարավային Օսիայի վրա։ Այդ քայլի հետևանքները հայտնի են։
Այստեղից էլ՝ Արցախի Հանրապետության ինքնորոշման հարցի արդարացի լուծման անանցանելի պահանջը։
— Կարող էր արդյո՞ք Ռուսաստանը դադարեցնել պատերազմը հենց սկզբից:
— Ռուսաստանը հակամարտության հենց սկզբից փորձել է դա անել։ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին Ռուսաստանը պահանջում էր դադարեցնել կրակը, դադարեցնել ռազմական գործողությունները։ Դիվանագիտական մակարդակով կոնկրետ քայլեր է ձեռնարկել հրադադարի համար։ Եվ արդեն մարտական գործողությունների սկսվելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում հրադադար հայտարարվեց, բայց այն չիրականացավ, և ռազմական գործողությունները շարունակվեցին։ Պատերազմը շարունակվել է, ուզում եմ նշել, Ադրբեջանի նախաձեռնությամբ, որը բանակցությունների ընթացքում խուսափել է հակամարտության գոտում դիտորդներ տեղակայելու հարցի համաձայնեցումից։ Իսկ եթե դիտորդներ չկան, կարելի է խախտել հրադադարը, շարունակել փոխադարձ մեղադրանքների գիծը։ Դա էլ տեղի ունեցավ, ռազմական գործողությունները շարունակվեցին։ Պատերազմի ընթացքում այս սցենարը կրկնվել է մի քանի անգամ։
Մտահոգիչ է մի հանգամանք. Լեռնային Ղարաբաղում, Հարավային Կովկասում, որպես խմորիչ, պատերազմի արդյունքում առաջ է եկել Թուրքիայի ազդեցությունը։ Այս տարածաշրջանում Թուրքիայի ներկայությունը ոչ մի կերպ չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։ Բայց Ռուսաստանն այսօր ստիպված է հաշվի առնել նոր իրողությունները։
— Ինչ եք կարծում, ինչու Հայաստանը տանուլ տվեց պատերազմը: Որքանով է ռուս-հայկական հարաբերությունների թուլացումն ազդել ելքի վրա։
— Հայաստանը կրել է և ռազմական, և դիվանագիտական պարտություն։ Պատճառները մի քանիսն են։ Ռազմական պատճառն այն է, որ Հայաստանը պատրաստվում էր երեկվա պատերազմին, այլ ոչ թե այսօրվա։ Այստեղ տեղին է հարց տալ, թե արդյո՞ք Հայաստանն ընդհանրապես պատրաստվում էր ռազմական գործողությունների։ Միանգամայն ակնհայտ է, որ Հանրապետության կառավարությունը ցուցադրեց իր լիակատար անկարողությունը, անիրազեկությունը՝ տարածքների պաշտպանունակության ապահովման գործում։
Ադրբեջանը լիովին օգտագործել է Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերի թուլացման գործոնը, ես կասեի մեր երկրների քաղաքական էլիտաների փոխհարաբերություններում վստահության թուլացումը։ 2018-ին տեղի ունեցած «թավշյա» իշխանափոխությունից հետո Հայաստանում եկան անպատրաստ մարդիկ։ Իսկ իրենց նախկին դիրքորոշումների տեսանկյունից, որոնց մասին նրանք բոլորը, ներառյալ Փաշինյանը, հրապարակավ հայտարարում էին քաղաքական դաշտում՝ մարդիկ կասկածելի են։ Կարծում եմ՝ այդ պահը նրբորեն զգաց Ադրբեջանի ղեկավարությունը։
— Ինչպես եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պարտությունից հետո: Փաշինյանը պետք է հրաժարական տա՞:
— Իհարկե, ես սեփական կարծիք ունեմ այդ մասին։ Բայց ես չէի ցանկանա դա քարոզել, որպեսզի ցանկացողներին առիթ չտամ խոսելու «Հայաստանի ներքին գործերին միջամտելու» մասին։
— Իսկ այնուամենայնիվ։
— Ես կարծում եմ, որ, մեղմ ասած, տարօրինակ կլիներ, եթե կառավարությունը, որն այդքան կոպիտ սխալվել է, բացարձակ ոչ կոմպետենտ է գտնվել՝ կոչված է հայ ժողովրդի կողմից՝ սխալները շտկելու, նյութատեխնիկական և ամենակարևորը՝ Հայաստանի վերածննդի համար բարոյահոգեբանական հիմքերը, գործունակությունը, ազգային ոգին վերականգնելու համար։
2020 թ. նոյեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին տված իր պատասխաններում մի քանի կարևոր մեկնաբանություններ արեց Արցախյան պատերազմի վերջին զինադադարի վերաբերյալ, որը նա միջնորդեց Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Ռուսաստանի ղեկավարն իր հարցազրույցն սկսեց Արցախյան հակամարտության պատմությունը ներկայացնելով. «Ամեն ինչ արդեն սկսվել էր հեռավոր 1988 թվականին, երբ ազգամիջյան բախումներ տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Հայ խաղաղ բնակիչները զոհ դարձան այս իրադարձություններին, իսկ ավելի ուշ դրանք տարածվեցին Լեռնային Ղարաբաղում:
Եվ քանի որ Խորհրդային Միության ղեկավարները պատշաճ կերպով չարձագանքեցին այս իրադարձություններին… թույլ տվեք նորից ասել․ սրանք զգայուն հարցեր են, ես չեմ ուզում որևէ մեկի կողմից լինել կամ որոշել, թե ով էր ճիշտ կամ սխալ։ Այժմ դա ընդհանրապես հնարավոր չէ որոշել, բայց պետք էր կարգուկանոն հաստատել, պաշտպանել խաղաղ բնակիչներին, իսկ դա չարվեց։
Այդ ժամանակ հայերն իրենք զենք վերցրեցին, ու սկսվեց այս երկարաձգված հակամարտությունը, որը տևեց տարիներ։ Ի վերջո, դա հանգեցրեց Ղարաբաղի կողմից իր անկախության, ինքնիշխանության և ինքնուրույնության հռչակմանը 1991 թվականին: 1994 թ․ ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը և Բիշքեկի այս հուշագիրն այն ժամանակ կանգնեցրեց ռազմական գործողությունները։ Ի՞նչ տեղի ունեցավ արդյունքում։ Ինպես ասացի, Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը և հարակից յոթ այլ շրջանները հայտնվեցին հայերի, այսինքն՝ Հայաստանի վերահսկողության տակ»:
Ի պատասխան լրագրողի այն մեկնաբանությանը, որ «ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի կարգավիճակը», Պուտինը նշեց․ «Դա ճիշտ է. ոչ ոք դա չճանաչեց այն ժամանակ և հետո: Ի դեպ, Հայաստանն ինքը ևս չճանաչեց դա․․․ Ինչ վերաբերում է Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելուն կամ չճանաչելուն, կարող են լինել տարբեր մոտեցումներ, սակայն դա, անկասկած, էական գործոն էր, այդ թվում՝ վերջերս ավարտված (հուսով եմ) արյունալի հակամարտության դեպքում: Ղարաբաղի, այդ թվում՝ հենց Հայաստանի կողմից չճանաչելու փաստը խոր հետք է թողել իրադարձությունների զարգացման և դրա ընկալման ձևի վրա:
Անկեղծ ասած, Վրաստանի նախկին ղեկավարության, անշուշտ, հանցավոր գործողություններից հետո, նկատի ունեմ Հարավային Օսեթիայում մեր խաղաղապահների դեմ հարձակումները, Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: Մենք արդարացիորեն ճանաչեցինք Ղրիմում ապրող ժողովրդի կամարտահայտությունը և նրանց ձգտումը վերամիավորվել Ռուսաստանի հետ, մենք ընդառաջ գնացինք մարդկանց, մենք բացահայտ կերպով ենք դա արել։
Ինչ-որ մեկին կարող է դուր գալ, ոմանց կարող է դուր չգալ, բայց մենք դա արել ենք մարդկանց շահերից ելնելով, որոնք ապրում են այնտեղ, և ամբողջ Ռուսաստանի շահերից ելնելով, և մենք ձգտում ենք ուղիղ խոսել այդ մասին: Ղարաբաղի նկատմամբ դա չի արվել, և դա էապես, իհարկե, ազդել է այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների վրա»։ Հարցազրույցում ավելի ուշ Պուտինը հավելեց. «Հայաստանը չէր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Միջազգային իրավունքի տեսանկյունից դա նշանակում էր, որ Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները հանդիսանում էին Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մասը»:
Սա կարևոր հայտարարություն էր Պուտինի կողմից։ Հայաստանը դժկամ էր ճանաչելու Արցախի անկախությունը՝ մտահոգվելով միջազգային հանրության հակադարձության պատճառով: Վախ կար, որ նման քայլը կարող էր խանգարել խաղաղ բանակցություններին և, հնարավոր է, հանգեցներ պատերազմի կամ առնվազն մերժման և պատժամիջոցների կիրառման ՄԱԿ-ի կողմից Հայաստանի դեմ:
Հայաստանի ղեկավարները, մինչև Պուտինի վերը նշված մեկնաբանությունները, գաղափար չունեին, որ Արցախի անկախությունը չճանաչելը Ռուսաստանի ղեկավարի կողմից դիտվում էր որպես սխալ՝ բացասաբար ազդելով Ռուսաստանի աջակցության վրա: Անցած տասնամյակների ընթացքում Մինսկի խմբի միջնորդների, այդ թվում`Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում հետաքրքիր է, արդյոք Հայաստանի ղեկավարներից որևէ մեկը երբևէ հարցրել է Պուտինին կամ նրա նախորդներին արձագանքել Հայաստանի կողմից Արցախի հնարավոր ճանաչմանը:
Եթե Հայաստանի ղեկավարները չեն բարձրացրել այս հարցը, դա շատ մեծ սխալ էր: Եթե Հայաստանը իմանար, որ Ռուսաստանը կողջունի իր կողմից Արցախի ճանաչումը, հետագա իրադարձությունները, ներառյալ վերջին պատերազմը, բոլորովին այլ կլինեին: Որոշ հայեր ենթադրում էին, որ եթե Արցախը միավորված լիներ Հայաստանի հետ, ապա դա կստիպեր Ռուսաստանին պաշտպանել Արցախն արտաքին հարձակումներից, հիմնված Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ պաշտպանության պայմանագրի վրա: Ինչպես նախօրոք առաջարկել էի, միգուցե այս ուշացած փուլում Հայաստանը վերջապես կլսի Պուտինի խորհուրդը և կճանաչի Արցախի անկախությունը կամ կմիավորի այն Հայաստանի հետ`Ադրբեջանի հետ բանակցություններում սակարկություն անելու համար:
Ի պատասխան Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեկ այլ հարցի՝ Պուտինը հայտարարեց. «Այո, այդ խնդիրը կա, քանի որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի լուծվել: Մենք պայմանավորվել ենք պահպանել ներկա կարգավիճակը: Թե ինչ կլինի հետո, ի վերջո կորոշեն ապագա ղեկավարներն ու այս գործընթացի ապագա մասնակիցները: Կարծում եմ, եթե նորմալ կյանքի համար ստեղծվեն պատշաճ պայմաններ և վերականգնվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, մարդկանց առօրյա կյանքում, հատկապես հակամարտության գոտում գտնվող մարդկանց միջև, դա միջավայր կստեղծի Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար»: Այս պատասխանը հույսի մի նշույլ է, որ ժամանակի ընթացքում Արցախը կկարողանա հասնել իր նպատակին՝ անկախ կարգավիճակ ստանալուն: Հետաքրքիր է, որ Պուտինն այս որոշումը թողեց «ապագա ղեկավարներին և այս գործընթացի ապագա մասնակիցներին»:
Մեկ այլ հարց վերաբերում էր Արցախին հարակից տարածքներին և Շուշիի կարգավիճակին՝ մինչև Ադրբեջանի կողմից դրա գրավումը: Նախագահ Պուտինը բացատրեց, որ Արցախը շրջապատող տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու մասին Ռուսաստանն առաջին անգամ առաջարկել է 2013 թվականին և ստացել է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի աջակցությունը: Նա ասաց, որ դա կպահպաներ Արցախի ներկա կարգավիճակը «որպես չճանաչված պետություն», իսկ նրա վերջնական կարգավիճակը պետք է լուծվեր ապագայում: Պուտինը հայտարարեց, որ պատերազմ չէր լինի, եթե Հայաստանը համաձայնվեր երկու կողմերի փախստականներին վերադառնալ իրենց նախկին տները:
Շուշի քաղաքի վերաբերյալ Պուտինը հաստատեց, որ դրա փոխանցումը Ադրբեջանին երբեք չի բարձրացվել: Պուտինը հիշեց, որ պատերազմի ավարտից 20 օր առաջ, երբ Ադրբեջանը նվաճել էր Արցախի միայն «աննշան մասը», նա կարողացել էր համոզել Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ ադրբեջանցի փախստականները կկարողանան վերադառնալ Շուշի` հայկական հսկողության տակ, ռուս խաղաղապահների ներկայությամբ: Սակայն, Փաշինյան Պուտինին ասաց, որ այս պայմանն անընդունելի է Հայաստանի համար, և շարունակել է մարտերը՝ հանգեցնելով Շուշիի կորստին: Պուտինը հավելեց, որ Փաշինյանի կողմից «դավաճանություն» չի եղել:
Նախագահ Պուտինը նաև մի քանի կարևոր զիջողական արտահայտություններ արեց Թուրքիայի վերաբերյալ: Ռուսաստանի առաջնորդը խոստովանեց, որ «Ադրբեջանը անկախ ինքնիշխան պետություն է և ունի բոլոր իրավունքները դաշնակիցներ ընտրելու, ինչպես հարմար է գտնում։ Ո՞վ կարող է մերժել այս իրավունքը: Սա առաջին: Եվ երկրորդ, ինչպես արդեն ասել եմ, ոչ ոք, նույնիսկ Հայաստանը, չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
Ի՞նչ է սա նշանակում միջազգային իրավունքի տեսանկյունից: Դա նշանակում է, որ Ադրբեջանը ձգտում էր վերականգնել իր տարածքները, որոնք Ադրբեջանը և ողջ միջազգային հանրությունը համարում են որպես ադրբեջանական տարածքներ: Եվ այս առումով նա իրավունք ուներ ընտրելու ցանկացած դաշնակցի, որն իրեն որոշակի օգնություն կցուցաբերեր այդ հարցում: Կարող եք Թուրքիայի գործողությունները գնահատել ինչպես ուզում եք, բայց դժվար է նրան մեղադրել միջազգային իրավունքի խախտման մեջ»։
Հատկանշական է, որ Պուտինը չնշեց Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումների մասին՝ Հյուսիսային Սիրիայից ահաբեկիչներ հավաքագրելու և նրանց Ադրբեջան տեղափոխելու մասին՝ Արցախի դեմ կռվելու համար: Հաշվի առնելով Ռուսաստանի բազմաթիվ շահերը Թուրքիայի հետ համագործակցության հարցում, զարմանալի չէ, որ նա անտեսեց Թուրքիայի հանցագործությունները:
Նախագահ Պուտինն անսպասելիորեն նշեց այն պատճառը, թե ինչու թուրք խաղաղապահները չեն կարող միանալ ռուսներին Արցախում: Նա հայտարարեց, որ դա պայմանավորված է «անցյալի դառը ժառանգությամբ, ողբերգական և արյունալի իրադարձություններով, որոնք տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ցեղասպանությամբ: Սա գործոն է, որը կարող է ճանաչվել կամ մերժվել. ոմանք դա հասկանում են, իսկ ոմանք՝ ոչ: Ռուսաստանի համար դա խնդիր չէ. մենք դա վաղուց ենք ճանաչել: Բայց ինչո՞ւ հայկական կողմին սադրել շփման գծում թուրք զինվորականների ներկայությամբ։ Կարծում եմ, որ նախագահ Էրդողանը լիովին տեղյակ է այդ մասին»։
Վերջապես, Նախագահ Պուտինը արդարացրեց ռազմական գործողությունները դադարեցնելու մասին վարչապետ Փաշինյանի համաձայնությունը: Նա ավելացրեց, որ ստորագրված համաձայնագրի ցանկացած մերժում Հայաստանի համար «ինքնասպանություն» կլինի․․․ «Դա հսկայական սխալ կլինի»:
Պուտինը նաև խոստովանեց, որ չնայած ինքը լավ հարաբերություններ ուներ Հայաստանի նախկին ղեկավարների հետ, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ չեն փոխվել: Այս հայտարարությունը կարելի է բացատրել այն փաստով, որ քանի որ Հայաստանում ընդդիմությունը քննադատում է Փաշինյանի կողմից զինադադարի համաձայնագրի ստորագրումը, Պուտինը չի ցանկանում քննադատել նրան, քանի որ նրա հակառակորդները, եթե գան իշխանության, մերժելու են համաձայնագիրը, որ հնարավոր է հանգեցնի պատերազմի վերսկսման Ադրբեջանի հետ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ռուս լրագրող, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը եթերում մի քանի ցավոտ հարց է հնչեցրել ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Արձանագրելով, որ Ալիևը հայտարարել է իբրև թե պատրաստ են ապրել հայերի հետ և նրանց որևէ վտանգ չի սպառնում` Սոլովյովը ցուցադրում է Շուշիից նկար, թե ինչպես են ադրբեջանցիները պղծել Արցախի ու Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի արձանը. «Այստեղ Վազգեն Սարգսյանի արձանն է, իսկ նրա վրա նստած է ադրբեջանցի, ինչու՞ է արձանն այս վիճակին։ Հարց ունեմ նաև հայկական կողմին. ինչու՞ արձանը դեմոնտաժ չի արվել ու տեղափոխվել Շուշիից, կամ չի պայթեցվե։ ԼՂ իշխանություններից ո՞վ է պատասխանատու հակառակորդի տարածքում մնացած հուշարձանների համար»,-նշում է Սոլովյովը։
Վերջինս ցույց է տվել մեկ այլ տեսանյութ, որում երևում է ադրբեջանցի զինվորներն ինչպես են շշեր տեղադրել պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանին ու կրակում. «Ո՞րն է դրա իմաստը։ Ի՞նչ են ուզում դրանով ասել։ Ուզում եմ հասկանալ նրանք որևէ կերպ կպատժվե՞ն։ Ասեք ինձ խնդրում եմ, երբ ասում են, որ ոչինչ չի սպառնում հայերի կյանքին, այդ դեպքում սա՞ ինչի համար է»,-ասում է Սոլովյովը` ցուցադրելով մեկ այլ տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորները մտել են հայի տուն ու ջարդուփշուր արել ամեն ինչ, կամ մեկ այլ տեսանյութում ծաղրում հազիվ քայլող հայ ծերունու նկատմամբ: «Ասեք ինձ սա ինչի՞ համար է։ Ինչու՞ է ադրբեջանցի զինվորը սա անում։ Նա փորձում է ապացուցել իր հարգանքը հայերին և ասում է բարի գալուստ ազատ Ադրբեջա՞ն։ Թե որքան են հարգում տարեցների՞ն»:
Նրանց այս ամենի համար դատելու ե՞ն։ Նրանց նկատմամբ ինչ-որ միջոցառումներ կձեռնարկվ՞ն, թե հիմա սա նորմալ է համարվում»,-ասում է Սոլովյովը։
Շուշիի հանձնման հարցը մինչեւ վերջին հակամարտությունը չի բարձրացվել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով, այդ հարցը ծագել է այս հակամարտության ընթացքում:
Պուտինը նաեւ խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչու Փաշինյանը հրաժարվեց Շուշի խաղաղ փախստականների վերադարձի պայմանից:
Պուտինի խոսքով՝ Շուշիի հարցը «ծագել է այս հակամարտության, այս ճգնաժամի ընթացքում»: «Հոկտեմբերի 19-20-ը ես մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել եւ՛ նախագահ Ալիեւի, եւ՛ վարչապետ Փաշինյանի հետ, այնուհետեւ Ադրբեջանի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Ղարաբաղի հարավային մասի աննշան հատվածի վրա»,- պատմել է ՌԴ նախագահը: «Ընդհանրապես, ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիեւին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա պարտադիր պայմանը փախստականների վերադարձն էր, այդ թվում նաեւ՝ Շուշի քաղաք»:
«Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումը այնպես ձեւակերպվեց, որ նրանց համար դա անընդունելի է, եւ վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակիորեն ասաց, որ դրա մեջ սպառնալիք է տեսնում է Հայաստանի եւ Ղարաբաղի շահերի համար: Հիմա եւս ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե որն էր լինելու այդ սպառնալիքը՝ հաշվի առնելով, որ ենթադրվում էր խաղաղ բնակիչների վերադարձ, միաժամանակ պահպանելով հայկական կողմի վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ հատվածի վրա, ներառյալ՝ Շուշին, եւ հաշվի առնելով մեր խաղաղապահների ներկայությունը»,- նշել է Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԼՂ-ում մարտական գործողությունների արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազարը, գրում է ria.ru-ն։
«Զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազար մարդ»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ փախստականների թիվը, տարբեր տվյալներով, տասնյակ հազար է՝ արձանագրելով, որ ավերվել են նաև «շատ մշակութային օբյեկտներ» և քաղաքացիական ենթակառուցվածքներ:
«Հուսով եմ՝ մենք այլևս չենք օգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը։ Հուսով եմ՝ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ու դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել եւ իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԱԾ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում, է. «Այդ ընթացքում մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, ինչի հետեւանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը:
Բացի այդ, նույն օրը զանգվածային անկարգությունների մասնակիցները վերը նշված համաձայնագրի կետերը չկատարելուն պարտադրելու նպատակով Երեւան քաղաքում բռնություն են գործադրել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, ինչպես նաեւ նույն նպատակով բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների եւ վարչապետի նկատմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծաթիվ եւ արդյունավետ քննչական ու այլ դատավարական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա հայտնաբերվել եւ ձերբակալվել են ընդհանուր թվով շուրջ 20 անձինք:
Ընդ որում հանրությանն իրենց անկարգություններով արդեն իսկ հայտնի՝ հիշյալ անձանց մեծամասնությունը զղջացել է կատարվածի համար, դատավարական հարկադրանք կիրառելուց անմիջապես հետո տրամագծորեն փոխել վարքագիծը եւ դրսեւորել իրավահպատակ, օրինապաշտ քաղաքացուն բնորոշ վարքագիծ:
Հավելենք, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարվել են դեպքի վայրերի զննություններ, անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, հայտնաբերվել եւ վերցվել են կառավարական առանձնատնից հափշտակված իրերը, առգրավվել են դեպքի վայր հանդիսացող տարածքների տեսախցիկների տեսագրությունները, նույնացվել դրանցում առկա անձինք, իրականացվել են այլ տեսակի քննչական ու դատավարական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցների, այդ թվում նաեւ կազմակերպիչների ինքնությունը պարզելու եւ նրանց՝ օրենքի առջեւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետեւողական պայքար է տանում հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ:
Միաժամանակ, ակնկալվում է նաեւ այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու վերը հիշատակված դեպքերի, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երեւացող անձանց ինքնությունների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, չտրվել սադրանքների, զերծ մնալ նեղ անձնական կամ կուսակցական շահերը հանրային շահին ստորադասելու, հայրենասիրության քողի տակ հանրությանը մոլորության մեջ գցելու, այս պահին դեռեւս մարտական դիրքերում գտնվող զինվորների կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելու անթույլատրելի գործելաոճից եւ զգուշացնում է, որ պետությունն իր ողջ գործիքակազմի կիրառմամբ իրականացնելու է իրավիճակից բխող համարժեք գործողություններ:
Civilnet․am-ը թարգմանաբար ներկայացրել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջև գիշերն ստորագրված հայտարարության տեքստը։
Մենք ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, հայտարարել ենք հետևյալի մասին:
- Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից: Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։
- Աղդամի շրջանը և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում հայկական կողմից պահվող տարածքները ադրբեջանական կողմին են վերադարձվում մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
- Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինյալներ հրաձգային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
- Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ծավալվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
- Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծվում է Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։
- Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Քելբաջարի շրջանն է վերադարձնում, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը՝ պահպանելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին:
Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի է Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապը՝ Հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
- Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
- Կատարվում է ռազմագերիների և այլ պահվող անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:
- Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը:
NEWS.am–ի զրուցակիցն է Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչ, հայ-ֆրանսիական գործարարների համախմբման նախագահ Վարդան Գաբրիելյանը։
Պարոն Գաբրիելյան, Ֆրանսիայի իշխանությունների ձեռնարկած վերջին խստացումների, մասնավորապես «Գորշ գայլերի» գործունեության արգելումից հետո ի՞նչ իրավիճակ է Ֆրանսիայում, արդյոք ներկայումս թուրք–ադրբեջանական շրջանակները շարունակվում են բացահայտ կամ ընդհատակյա հակահայկական շարժումները։
«Գորշ գայլերի» գործունեության արգելումից հետո Ֆրանսիայիում այդ շրջանակների կողմից հայերի դեմ նոր ցույցեր չեն իրականացվել, բայց դա դեռ չի նշանակում, որ թուրքերը հանգստացել են: Ֆրանսիայում ոստիկանությունն ուժեղացրել է հայկական դպրոցների ու եկեղեցիների անվտանգությունը, ինչը նշանակում է, որ Ֆրանսիայի իշխանությունները կամ նախազգուշական քայլեր են իրականացնում կամ տեղեկություներ ունեն հնարավոր ոտնձգությունների մասին և ապահովում են հայերի անվտանգությունը։ Մենք լավ գիտենք, թե ովքեր են ղեկավարում թուրքերին և կազմակերպում հայերի դեմ այս արշավները։ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը, նախքան այդ պաշտոնին նշանակվելը Թուրքիայի գաղտնի ծառայությունների երկրորդ դեմքն էր և այդ ակցիաներն անմիջականորեն ղեկավարվում էին նրա միջոցով՝ Անկարայի կողմից։ Բացի «Գորշ գայլերից», Թուրքիան մեծ ազդեցություն ունի այլ իսլամիստ ծայրահեղական շրջանակների վրա և բացառված չէ, որ հայերի դեմ նոր ագրեսիայի սցենարներ են մշակվում։
Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ի վեր, բացի քաղաքական, լոբբիստական աշխատանքներից Ֆրանսիայի հայ համայնքը ակտիվ է նաև քարոզչական տիրությում։ Այս ընթացքում որքանո՞վ է հաջողվել Ֆրանսիայում, ի օգուտ Արցախի հանրային կարծիք ձևավորել։
Ֆրանսիացիները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բարեկամական են տրամադրված հայերի նկատմամբ։ Նրանց վերաբերմունքը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ նրանք սիրում են հայերին, այլ նաև նարանով, որ նրանք լավ գիտեն պատմություն, արդարության կողմից են և բացահայտ ցույց են տալիս իրենց վերաբերմունքը։ Ֆրանսիայում հայամետ գործիչներ կան տարբեր բնագավառներում, այդ թվում լրատվական դաշտում։ Այս ընթացքում ֆրանսիական մամուլում հայանպաստ հրապարակումների, հոդվածների ցուցանիշը սովորականից մի քանի անգամ ավելի է, սակայն դա չի նշանակում, որ ինֆորմացիոն դաշտում մեր կռիվն ավարտված է։ Պետք է իմանալ, որ այս դաշտում մեծ է Թուրքիայի ճնշումը և Ադրբեջանի կողմից մամուլին ֆինանսավորումը։ Ֆրանսահայերն ակտիվ են նաև սոցիալական ցանցերում և արձագանքում են Արցախի վերաբերյալ ցանկացած հրապարակման։
Ֆրանսիայի տարբեր քաղաքներ, քաղաքապետական խորհրդի մակարդակով հանդես են եկել Արցախի անկախության ճամաչման օգտին՝ այդ կերպ ազդակ հղելով Ֆրանսիայի կառավարությանը։ Ի՞նչ ակնկալել Ֆրանսիայի իշխանություններից, ի վերջո ե՞րբ Արցախի ճանաչման հարցը կընդգրկվի Ֆրանսիայի քաղաքական օրակարգում։
Հայաստանի իշխանությունները սփյուռքին ազդակ են հղել, որ պետք է գնանք Արցախի ճանաչումը պարտադրելու ուղղությամբ։ Հայաստանից և Արցախից վերադարձած ֆրանսիացի պատգամավորները արդեն իսկ խորհրդարանում բարձրաձայնել են այդ մասին, հարցեր են ուղղել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին և որոշել Արցախի ճանաչման հարցով բանաձև ներկայացնել Ֆրանսիայի խորհրդարանում։ Սպասում ենք, սա մեկ–երկու օրվա լուծելի հարց չէ, քանի որ խորհրդարանի օրակարգը մեկ օրվա մեջ չի ճշտվում և հատուկ պրոցեսներ կան, սակայն վստահ եմ, որ այս հարցը կմտնի խորհրդարան և մենք կփորձենք կենտրոնացնել մեր բոլոր ուժերը այս հիմնահարցի լուծման համար։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ուղեցույց է պատրաստել՝ հարց ու պատասխանի տեսքով ներկայացնելով հատուցում ստանալու իրավունք ունեցողներին անհրաժեշտ տեղեկությունը։
«Ո՞վ կարող է ստանալ հատուցում.
Հատուցում ստանալու իրավունք ունեն մարտական գործողությունների ժամանակ.
Հիմնական սկզբունք
- զոհված կամ դատարանի որոշմամբ անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ամուսինը, զավակը, ծնողը
- I կամ II կարգի հաշմանդամության դեպքում տվյալ զինծառայողը
Բացառություններ
- Զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի քույրը եւ եղբայրը, եթե ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում, եւ եթե նշված քույրը/եղբայրը
- Անչափահաս է, կամ
- անգործունակ է ճանաչվել, կամ
- 23 տարեկանը չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող է, կամ
- հաշմանդամ է ճանաչվել մինչեւ 18 տարեկանը եւ գտնվել է զինծառայողի խնամքի տակ
- բոլոր շահառուների բացակայության դեպքում նաեւ այլ անձը, եթե դատարանի որոշմամբ հաստատվել է, որ
- անձը եղել է զինծառայողի խնամքի տակ եւ ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.
- խնամել է զինծառայողին մինչեւ նրա 18 տարին լրանալը:
Ո՞րքան է կազմում հատուցումը.
Հատուցման չափերն են.
Ու՞մ դիմել.
Հատուցում ստանալ ցանկացող անձը պետք է դիմի այն պետական մարմին, որտեղ զինծառայողը նախկինում ծառայել է։ Դիմումը տրվում է առձեռն, այդ մարմնի սոցիալական հարցերով զբաղվող վարչություն։ Դիմումի հետ ներկայացվում են ստորեւ նշված փաստաթղթերը։
Դիմումների ձեւերը՝ ստորեւ։
Ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել.
Զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի դեպքում.
- Դիմում
- զինծառայողի մահվան վկայականը կամ զինծառայողին անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում դրա վերաբերյալ դատական ակտը
- հատուցում ստանալու համար դիմող անձանց.
- անձնագրերը կամ նույնականացման քարտերը
- հանրային ծառայությունների համարանիշը (առկա է նույնականացման քարտի եւ սոցիալական քարտի վրա) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք
- բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք (վերցնել բնակչության պետական ռեգիստրից)
- եթե զինծառայողի կինն է՝ ամուսնության վկայականը
- եթե զինծառայողի զավակն է՝ ծննդյան վկայականը
- եթե զինծառայողի ծնողն է՝ ծնողների ամուսնության վկայական, զինծառայողի ծննդյան վկայական, կամ հայրության ճանաչման վկայական, կամ միայնակ մայրությունը հավաստող վկայական
- մահացած շահառուների մահվան վկայականները
Բացառությունների դեպքում նաեւ
- եթե զինծառայողի անչափահաս քույրը կամ եղբայրն է՝ ծննդյան վկայականը
- եթե զինծառայողի անգործունակ ճանաչված քույր կամ եղբայրն է՝ անգործունակ ճանաչելու մասին որոշումը
- եթե զինծառայողի՝ մինչեւ 23 տարեկան ուսանող քույրը կամ եղբայրն է՝ ուսումնառության մասին տեղեկանք (վերցնել ուսումնական հաստատությունից)
- եթե զինծառայողի հաշմանդամ քույրը կամ եղբայրն է՝ հաշմանդամության մասին տեղեկանքը (տրված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից)
- եթե այլ անձ է նաեւ զինծառայողի հետ կապը հաստատող դատական ակտը
1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամության դեպքում.
- Դիմում
- Զինծառայողին հաշմանդամ ճանաչելու մասին տեղեկանքն (տրված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից)
- Ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին որոշում (տրված ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից)
- Զինծառայողի անձնագիրը կամ նույնականացման քարտը
- Զինծառայողի հանրային ծառայության համարանիշը (առկա է նույնականացման քարտի եւ սոցիալական քարտի վրա) կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք
- բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք (վերցնել բնակչության պետական ռեգիստրից)
Լրացուցիչ վճարի դեպքեր.
Հատուցում ստացող անձինք կարող են ստանալ լրացուցիչ վճար (100,000 ՀՀ դրամ ամսական), եթե զինծառայողը հատուցման դեպքի պահին ունի երեք զավակ, ովքեր.
- 18 տարին չլրացած են կամ
- 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող են կամ
- 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ են, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը։
Լրացուցիչ վճարը դադարում է տրամադրվել, եթե այս պայմաններից որեւէ մեկը վերանում է (օրինակ՝ երեխաներից մեկի 18 տարին լրանում է եւ նա չի սովորում առկա ցերեկային ուսուցմամբ)։
Ի՞նչ ներկայացնել լրացուցիչ վճարը ստանալու համար
Վերը նշված ընդհանուր դիմումի եւ փաթեթի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել.
- ամսական լրացուցիչ գումար ստանալու դիմում
- երեխաների ծննդյան վկայականները.
- եթե մինչեւ 23 տարեկան երեխան սովորում է առկա ուսուցմամբ՝ ուսումնառության մեջ գտնվելու եւ ուսումնառության ժամկետի տեղեկանք (վերցնել ուսումնական հաստատությունից)
- եթե երեխան չափահաս է եւ ունի հաշմանդամություն՝ հաշմանդամություն ունենալու վերաբերյալ տեղեկանքները (տրված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից).
- զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի դեպքում, եթե երրորդ երեխան ծնվել է հատուցման դեպքից հետո՝
- երրորդ երեխայի սաղմնավորման օրվա եւ հղիության ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկանք (վերցնել հղիության ընթացքը գրանցած բժշկական հաստատությունից)
- զինծառայողի եւ երեխայի մոր ամուսնության վկայականը, ինչպես նաեւ ամուսնալուծության հիմքով այդ ամուսնությունը դադարած չլինելու վերաբերյալ տեղեկանք (վերցնել ՔԿԱԳ-ից).
- առկայության դեպքում՝ զինծառայողի՝ երեխայի հայրությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշում
- զինծառայողների զավակների նկատմամբ խնամակալություն հաստատված լինելու դեպքում` խնամակալության վերաբերյալ փաստաթուղթը եւ խնամակալի անձնագիրը, ինչպես նաեւ զինծառայողի կամ նրա ամուսնու կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի անձնագիրը.
- չափահաս զավակների համաձայնությունը` ամսական լրացուցիչ գումարը դիմողի կամ խնամակալի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու, կամ նրանց ցանկությունը` ամսական լրացուցիչ գումարի իրենց հասանելիք չափն առանձնացնելու եւ նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ (այս մասին յուրաքանչյուր զավակ պետք է նշում կատարի դիմումի մեջ)»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսրայելի իշխանություններին առաջարկել է մարդասիրական օգնություն տրամադրել ոչ թե Երեւանին, այլ Լեռնային Ղարաբաղում կռվող վարձկաններին, որոնց զինում է հրեական պետությունը: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ ՀՀ վարչապետն ասել է The Jerusalem Post-ին տված հարցազրույցում։
«Հումանիտար օգնություն վարձկաններին զենք վաճառող երկրի՞ց, որն օգտագործվում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն », – ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հայտնել էր, որ Իսրայելը պատրաստ է Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.