23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս ղեկավարները չեն ունեցել երկիր ղեկավարելու համապատասխան փորձառություն, որը վերաբերում է թե ներքին, թե արտաքին քաղաքականությանը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս անցանկալի իրավիճակը ուղղելու համար ոմանք առաջարկել են գտնել համապատասխան փորձագետներ, որոնք խորհուրդներ կտային Հայաստանի ղեկավարներին: Ցավոք, բոլոր նման ջանքերը ձախողվել են այն պարզ պատճառով, որ մինչ փորձագետների օգտակար լինելը, ղեկավարները պետք է պատրաստակամ լինեին լսել նրանց խորհուրդները:
Հայաստանի ղեկավարների հետ առնչվելու իմ երկարամյա փորձը ցույց է տալիս, որ նրանք կարծում են, թե իրենք ամեն ինչ գիտեն եւ կարիք չունեն որեւէ մեկից սովորելու: Սա Հայաստանի Հանրապետության երեսուն տարիների սխալ կառավարման պատճառներից մեկն է: Հասկանալի է՝ պարտադիր չէ, որ ղեկավարը ամեն ինչ իմանա: Այդ պատճառով էլ նա խորհրդականներ ունի: Բայց երբ խորհրդականները նույնիսկ ավելի անփորձ են, քան իրենց ղեկավարը, ինչպես Հայաստանի դեպքում, իրավիճակը դառնում է անհուսալի:
Ես այս երկար նախաբանը գրել եմ ընդգծելու համար, որ շատ բան չիմանալուց եւ խորհուրդներ չլսելուց բացի, Հայաստանի ղեկավարները հրաժարվում են դասեր քաղել անցյալի սխալներից եւ կրկնում են նույն սխալները։
Այդպիսի մի օրինակ է Հայաստանում եւ Թուրքիայում ներկայիս քննարկվող հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը, որը փակվել է Թուրքիայի կողմից 1993 թվականից: Անցյալ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը խորհրդարանի անդամներին ասաց. «Այլեւս պատճառ չկա [Թուրքիայի համար] փակել Հայաստանի հետ սահմանը: Երկար տարիներ Թուրքիան արգելափակել է Հայաստանի հետ սահմանը՝ պահանջելով Արցախյան հակամարտության ստատուս քվոյի փոփոխություն, ստատուս քվոն փոխվել է ուժի կիրառման միջոցով։ Այլեւս պատճառ չկա փակ պահել Հայաստանի հետ սահմանը»։ Արտգործնախարարը վստահեցրել է, որ այս պահին որեւէ գործողություն այդ ուղղությամբ չի ձեռնարկվել։
Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը հաջորդեց Թուրքիայի նախագահի եւ արտգործնախարարի վերջին հայտարարություններին`Հայաստանի հետ սահմանը բացելու պատրաստակամության մասին, եթե վերջինս բավարարի որոշակի պայմանների: Նախկինում Թուրքիայի սահմանը փակելու պատճառը Հայաստանի կողմից հրաժարումն էր՝ ազատելու «Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Ուստի կարելի է կարծել, որ այժմ, երբ Ադրբեջանը բռնի կերպով գրավել է այդ տարածքների մեծ մասը, խնդիրը լուծված է, եւ Թուրքիան կբացի սահմանը: Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ Թուրքիան ուներ երկու լրացուցիչ պայմաններ Հայաստանի հետ սահմանը բացելու համար.
1) Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իր հետապնդումից.
2) Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները եւ չներկայացնի տարածքային պահանջներ:
Բոլորս հիշում ենք, որ դեռ 2009 թվականին, Հայաստանի եւ Թուրքիայի կողմից իրենց փոխադարձ սահմանի բացման մասին Արձանագրությունների ստորագրումից հետո, Թուրքիան առաջադրեց լրացուցիչ պահանջներ Հայաստանի նկատմամբ: Երբ Հայաստանը հրաժարվեց ընդունել այս նոր պայմանները, Թուրքիան որոշեց չվավերացնել Արձանագրությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ Ադրբեջանի կողմից ուժեղ ճնշման ենթարկվելուց հետո:
Այն ժամանակ բողոքի մեծ ալիք բարձրացավ Սփյուռքում եւ Հայաստանում բազմաթիվ մարդկանց կողմից, որ Արձանագրությունները չեն բխում Հայաստանի շահերից: Այնուամենայնիվ, նախագահ Սերժ Սարգսյանը շարունակեց իր սխալ մոտեցումը, մինչեւ Թուրքիան հրաժարվեց Արձանագրություններից՝ ակամայից պաշտպանելով Հայաստանի շահերը:
Արձանագրությունների մեկ այլ լուրջ վնասակար հետեւանքն այն էր, որ դրանք խոչընդոտեցին նախագահ Բարաք Օբամայի խոստմանը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը 2009 թ. ապրիլի 24-ին։
Արձանագրությունները թուրքական ճարպիկ հնարք էին` տապալելու Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Թուրքիայի ղեկավարները, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համագործակցությամբ, բազմիցս ասել էին նախագահ Օբամային՝ հանդես չգալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությամբ այն ժամանակ, երբ Հայաստանն ու Թուրքիան լուրջ բանակցություններ են վարում իրենց հարաբերությունների կարգավորման շուրջ: Նրանց հաջողվեց համոզել Օբամային, որ Հայոց ցեղասպանություն եզրույթի օգտագործումը խափանելու է այս բանակցությունները: Դրա հետեւանքով, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը պահելու փոխարեն, նախագահ Օբաման 2009 թ. ապրիլի 24-ին հայտարարեց. «Ես նաեւ վճռականորեն աջակցում եմ երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիայի եւ Հայաստանի ջանքերին: Շվեյցարիայի հովանու ներքո երկու կառավարությունները պայմանավորվել են կարգավորման շրջանակի եւ ճանապարհային քարտեզի շուրջ: Ես ողջունում եմ այս առաջընթացը եւ հորդորում նրանց կատարել իրենց խոստումը»:
Ճիշտ է, նախագահ Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը, սակայն հենց Հայաստանի ղեկավարներն էին, որ հիանալի պատրվակ ստեղծեցին նրա համար թաքնվելու արձանագրությունների խաղի ներքո։ Հետեւաբար, հայերը կորցրեցին թե Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ նախագահի կողմից, եւ թե սահմանի բացումը:
Ցավոք, նույն սցենարը կարող է կրկնվել այս տարի: Նախագահ Ջո Բայդենը նախընտրական խոստում է տվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հիմա նրա համար շատ ավելի հեշտ կլինի նման քայլի դիմել, քանի որ ինչպես Ներկայացուցիչների պալատը (գրեթե միաձայն), այնպես էլ ԱՄՆ Սենատը (միաձայն) 2019 թվականին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Չնայած համոզվածություն չկա, որ նախագահ Բայդենը կկատարի իր խոստումը, սակայն մենք չպետք է պատրվակ ստեղծենք, որ նա չանի իր խոստումը:
Դատելով անցյալից՝ սա հենց այն հնարքն է, որը հիմա մտադրվել է անել Թուրքիան: Մենք գիտենք, որ Բայդենի վարչակազմը շատ ավելի կոշտ դիրքորոշում ունի Էրդողանի եւ Թուրքիայի նկատմամբ։ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ կան մի շարք վիճելի հարցեր, որոնք դժվար կլինի հաղթահարել: Էրդողանը, այս մասին լավ իմանալով, վերջին շաբաթներին սկսել է քայլեր ձեռնարկել Իսրայելի, Հունաստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ հաշտեցման ուղղությամբ՝ նախագահ Բայդենին հաճոյանալու նպատակով։ Էրդողանի առաջարկը`բացել Հայաստանի հետ սահմանը, Թուրքիայի այս ընդհանուր ռազմավարության մի մասն է:
Արցախյան աղետալի պատերազմից հետո Հայաստանի ղեկավարները չեն կարող իրենց թույլ տալ ավելի շատ սխալ հաշվարկներ անել: Մինչ Արցախի եւ նրա հարակից տարածքների մեծ մասն արդեն կորցված է, հուսով եմ, որ Հայաստանի կառավարությունը չի սխալվի`պատրվակ ստեղծելով Բայդենի վարչակազմի համար՝ չճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Էլ ավելի կարեւոր է՝ Հայաստանի ղեկավարները չպետք է անընդունելի քայլերի գնան՝ խոստանալով չհետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ ճանաչել Թուրքիայի ներկայիս սահմանները: Նման համաձայնությունը վերջնականապես կվնասի Հայաստանի շահերին: Ինչպե՞ս կարող է Հայաստանը համաձայնել թուրքական այսպիսի առաջարկներին արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի ունեցած դաժան դերակատարությունից հետո, որի հետեւանքով հազարավոր հայ զինվորներ սպանվեցին ու վիրավորվեցին եւ հայկական տարածքները գրավվեցին: Վերքերը չափազանց թարմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ցանկացած փորձ դիտարկելու համար:
Հայաստանի անփորձ ղեկավարները կարող են հայտնվել անհարմար վիճակում, եթե Թուրքիան միակողմանի որոշի բացել իր սահմանը, իսկ Հայաստանը հրաժարվի դա անել՝ գովեստի արժանացնելով Թուրքիային, մինչդեռ Հայաստանը խոչընդոտող գործոն դարձնելով միջազգային հանրության աչքում: Հայաստանի վիճակն էլ ավելի կբարդանա, եթե Թուրքիան բացի իր սահմանը, մինչդեռ Հայաստանի կառավարությունը վերջերս արգելել է թուրքական ապրանքների ներմուծումը վեց ամսով կամ ավելի երկար ժամանակով: Եթե սահմանը բացվի, եւ Հայաստանը թույլ տա թուրքական ապրանքների ներմուծումը, հայկական շուկան կհեղեղվի ավելի էժան թուրքական ապրանքներով, ինչը բացասաբար կանդրադառնա տեղական արտադրողների վրա: Հնարավոր լուծումներից մեկը կլինի այն, որ Հայաստանը, թուրքական ներմուծումն ամբողջովին արգելելու փոխարեն դրանց վրա բարձր ներմուծման հարկ դնի՝ դրանց վաճառքը երկրում գործնականորեն դարձնելով անհնարին։ Ապրանքների արգելքը վերացնելով՝ Հայաստանը բացասաբար չի ընկալվի աշխարհի կողմից՝ միաժամանակ Հայաստանի կառավարության համար կապահովի խիստ անհրաժեշտ եկամուտ, եթե որեւէ մեկը թուրքական ապրանքներ ներկրի:
Միեւնույն ժամանակ, Հայաստանը պետք է իր պայմանները դնի Թուրքիայի առջեւ՝ նախքան իր սահմանը բացելուն համաձայնելը, ինչպիսիք են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ հայկական կորուստների փոխհատուցումը: Նման քայլը հակասում է թե նախագահ Սերժ Սարգսյանի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներին, որոնք պատրաստակամություն են հայտնել Հայաստանի կողմից չարաբաստիկ Արձանագրությունների վավերացնմանը եւ Թուրքիայի հետ սահմանի բացմանը՝ առանց որեւէ նախապայմանի․․․
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Փետրվարի 20-ին ոստիկանությունը ուժ չի կիրառի, որովհետեւ այնքան մեծ հանրահավաք կլինի, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի: Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հարցին, թե ինչ նախադրյալներ կան, որ հանրահավաքը մեծ է լինելու, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Բայց ո՞ր նախադրյալներ են փոխվել, որ քիչ մարդ լինի: Մենք ունեցել ենք սարսափելի պարտություն պատերազմում: Շատերն ինձ ասում են՝ խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, մեկ է պատերազմը լինելու էր, մեկ է մենք պարտվելու էինք: Ասում եմ՝ բազմաթիվ ապացույցներ կան, թե պատերազմում ինչեր են տեղի ունեցել, եւ ինչ կարելի էր անել, որ պատերազմը չսկսվեր: Դա մի կողմ, պատերազմը վերջացավ, զինադադարի պայմանագիր կնքվեց: Ինչու դրանից հետո մի հատ էլ թուղթ ստորագրվեց, որ մեր զորքը Կուբաթլուն, Զանգելանը թողեց, 10-12 կմ առաջ էինք, երից հետո մենք պրոբլեմներ ունեցանք Սյունիքի սահմանին:
Ենթադրենք Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ի՞նչ է լինելու Հայաստանում: ՀՀ-ում մի ղեկավար, որ ման է գալիս բրոնիժիլետով, տասնյակ մեքենաներով, անընդհատ հավաքում է ոստիկաններին: Երկրի ղեկավար, որը արտաքին աշխարհի հետ խոսելիս խեղճացած վիճակում է, ինչ իրենից պահանջեն, կանի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ձեւավորվել են այն խմբերը, ջոկատները, որոնք պետք է գնան պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների տները, ինչպես ինքն ասել էր նախորդ հավաքի ժամանակ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ ինքն այդ առաջարկը կանի իր գործընկերներին փետրվարի 20-ին:
Հարցին, թե արդյոք հնարավոր է առաջ գան «ռոմանտիկներ», որոնք կցանկանան զենքի ուժով հարցեր լուծել, Վազգեն Մանուկյանն ասաց. «Այդպիսի դեպքեր լինում են միայն այն դեպքում, երբ քաղաքական կյանքը կանգնում է: Այդ դեպքում հայտնվում են մարդիկ տարբեր ցնդաբանությամբ, որոնք անում են քայլեր, որոնք վտանգավոր են մեր պետության համար»:
2020 թվականի օգոստոսի 22-ին Ոստիկանության Գայի վարչության շենքում 12 ոստիկանի կողմից քաղաքացուն դաժանաբար ծեծի ենթարկելու կոծկված միջադեպից Yerevan.Today – ը կադրեր էր հրապարակել։
Աղբյուրը հիշեցնում է, որ խոսքը հանրության շրջանում հայտնի Փոսի գայի շենքում ծեծկռտուքի աղմկահարույց դեպքի մասին է, որը ոստիկնապետ Վահե Ղազարյանի կողմից խնամքով թաքցվել է հասարակությունից ու ավելին՝ ի սկզբանե փորձ է արվել անգամ քննությունից թաքցնել, հատուկ միջոցներ են գործի դրվել, ինչի մասին կցկտուր տեղեկություններ է հայտնում տուժածը տեսանյութում:
Բայց ահա միջադեպի հետևանքով քաղաքացու ստացած մարմնական ծանր վնասվածքներն ինչ-որ պահի ստիպում են ջարդարար ոստիկաններին քայլեր ձեռնարկել. գիշերը 22.20-ից Փոսի գայի շենք մտած քաղաքացուն այնտեղից դուրս են բերում 23.30–ի սահմաններում, ընդ որում՝ ոչ թե շտապօգնության մեքենայով, այլ գայի ծառայողական մեքենաայով:
«Մեր հավաքագրած ամբողջական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ շտապօգնություն չի կանչվել՝ փաստացի միջադեպը կոծկելու համար: Հարվածներից թուլացած մարմինը մի կերպ տեղավորելով մեքենայի մեջ՝ սկզբում տանում են Ոստիկանության Էրեբունու բաժանմունք, այնտեղ արյունոտ, պատառոտված շորերով, ձեռնաշղթայով, բայց անգիտակից վիճակում տղամարդուն տեսնելուց հետո, հերթափոխի ոստիկանները տղերքին «գլխի են գցում», որ թեման լուրջ է, տարեք հիվանդանոց:
Եվ խիստ ուշագրավ է այն փաստը, որ ջարդարար ոստիկաններն իրենց զոհին փոխարենը տեղափոխելու մոտակա ցանկացած հիվանդանոց, չգիտես ինչու Փոսի գայի շենքից ամենահեռու գտնվող պետական Սբ. Գրիգոր Լուսավորիչ (Մասիվի) հիվանդանոցն են նախընտրում, որը, ի դեպ, հեղափոխությունից հետո գլխավորում է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորսյանի ընկեր Արման Հովակիմյանը:
Հաջորդ խիստ ուշագրավ դրվագը․ այստեղ Սբ. Գրիգոր լուսավորիչ ԲԿ-ի առաջին հարկում է գրանցվել, ինչը առկա է անվտանգության համակարգից առգրավված տեսանյութերում:
Բացի այն, որ ուշագրավ զրույցներ են ծավալվում հիվանդանոցի առաջին հարկում ջարդարար ոստիկանների և հերթապահ բժիշկների միջև, որոնք, ի դեպ, ծխելով են զրուցում հիվանդանոցի տարածում և 15 րոպե սրահում պահելով քաղաքացու ջարդված մարմինը, այդպես էլ ամբողջ ընթացքում «գյալաջիի» բռնված՝ առաջնային բուժօգնության որևէ գործողություն չեն իրականացնում։ Ավելին, տեսնում են որ նա գիտակից վիճակում չէ, ուշագնած ընկած է սայլակին, հարկ չեն համարում անգամ տուժածին գիտակցության բերել:
Ստացվում է՝ այս մարդկանց լրիվ ձեռնտու էր քաղաքացու անգիտակից վիճակը, ինչո՞ւ…
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ․
Առանձնակի քննության առարկա պետք է դառնա այն փաստը, թե ինչու է ջարդարար ոստիկանական խումբը և ո՞ւմ հրահանգով է որոշել, որ պետք է որովայնի և գլխի շրջանում 30 րոպե անընդմեջ հարվածներից հետո թուլացած, ծանր վնասվածքներ ստանացած տղամարդուն տանել մի հիվանդանոց, որը բացառապես կորոնավիրուսով վարակվածների սպասարկող ԲԿ-ի հատուկ կարգավիճակ էր ստացել նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ դեռևս 2020թ․ ապրիլից սկսած:
Այս հանգամանքը, ըստ էության, պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկեր, պաշտոնեական դիրքի չարաշահում․ միայն այս դրվագը առնվազն հուշում է, որ հնարավոր է՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ընթացքին կամ պոստֆակտում՝ առողջապահական ոլորտի այդ ժամանակվա պատասխանատու նախարար Արսեն Թորոսյանի և այդ ժամանակվա ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի միջև:
Yerevan.Today-ի ձեռքի տակ հայտնված տեսանյութում առկա է միջադեպի սկիզբը, 30-35 րոպե տևած ծեծկռտուքի ողջ տեսարանները՝ ոստիկանական շենքի ներսում և տարածքում, ապա միջադեպին հետևած բոլոր զարգացումները, մինչև այն դրվագը, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի առաջին հարկում քաղաքացուն անտարբերության մատնելուվ` 15 րոպե ինչ-որ բաներ քննարկելուց հետո հարկադրված հենց նույն հիվանդանոցի հերթապահ բժիշկը շտապօգնություն կանչելով՝ տղամարդուն տեղափոխում է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց:
Նշենք, որ չնայած միջադեպը կոծկելու բոլոր փորձերին՝ Հատուկ քննչական ծառայությունը, այդուհանդերձ, քննությւոն է սկսել և ենթադրվում է, որ այստեղ միակ խանգարող հանգամանքը եղել է Թիվ 1 հիվանդանոցից ահազանգը:
ՀՔԾ-ն նախաքննությունն ավարտել, և գործը վերջերս ուղարկել է դատարան. հատկանշական է այն, որ միջադեպին ուղիղ մասնակցություն ունեցել է առնվազն 12 ճանապարհային ոստիկան և երկու քաղաքացի՝ տուգանային հրապարակ իրենց մենքենայի ետևից եկած քաղաքացի Արթուր Մեսրոպյանը իր եղբոր հետ, բայց դատարան մտած գործով տուժող են ճանաչվել վերջին երկուսը, այսինքն` ծեծի ենթարկված քաղաքացիները. իսկ ահա 12 ջարդարար ոստիկանից միայն երկուսի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել և կասեցվել է նրանց ծառայությունը: Իսկ ընդամենը երեք ոստիկանի նկատմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քր․օր 392 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Այսինքն՝ մեղադրյալ է ընդամենը 3 ոստիկան»,-գրում է նյութի հեղինակ Սյուզի Բադոյանը։
Հետաքննության ուշագրավ դրվագները դիտեք ստորև ներկայացվող տեսնյութում:
Ադրբեջանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Վլադիկա Ալեքսանդրը անցյալ ամիս հարցազրույց է տվել «Քրիստոնեությունն այսօր» (Christianity Today) ամսագրի թղթակից Ջեյսոն Կասպերին՝ անամոթաբար տարածելով ադրբեջանական քարոզչություն՝ վատաբանելով հայերին և գովաբանելով Ադրբեջանին։ Նա ավելի շուտ խոսել է բռնապետ Իլհամ Ալիևի խոսնակի նման, քան Աստծո ծառայի։
Սա մի հոգևորական է, որն առանց տատանվելու իր հոգին կվաճառի սատանային․․․ Զարմանալի չէ, որ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը անմիջապես տեղադրեց նրա հարցազրույցը իր ֆեյսբուքյան էջում:
Արքեպիսկոպոս Ալեքսանդրը սկսեց հարցազրույցը՝ ասելով, որ «Արևելյան Ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու 1500 տարվա բաժանումը բարդացրել է հարաբերությունները: Մենք ունենք ընդհանուր սուրբ գրքեր և ավանդույթներ, բայց ընկերակցության մեջ չենք»։
Ռուս արքեպիսկոպոսը գիտակցաբար ստեց`ասելով, որ «Ադրբեջանն ունի բազմամշակութային ընկալման բարձր մակարդակ և պահպանում է իր կրոնական հուշարձանները: Բաքվում հայկական եկեղեցիներն ու գրադարանները պահպանված են: Խաղաղության պայմանագրի դեպքում դրանք կարող են կրկին օգտագործվել, ինչպես հարկն է»։ Արքեպիսկոպոս Ալեքսանդրը սխալվում է: Բաքվում գործող հայկական եկեղեցիներ չկան:
Տարօրինակ է, որ ռուս արքեպիսկոպոսը մեղադրեց «հայերին իրենք իրենց խաբելու մեջ»: Նա ասաց, որ հայերը «շատ են ցավում, որ ստիպված են եղել լքել» Ադրբեջանը: Արքեպիսկոպոսը հավանաբար մոռացել էր Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ հատվածներում ադրբեջանցիների կողմից անմեղ հայերի կոտորածների մասին:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք նա կցանկանար զանգահարել Գարեգին Բ կաթողիկոսին, ռուս արքեպիսկոպոսը հեգնանքով պատասխանեց. «Ես նրա հեռախոսահամարը չունեմ [ժպտալով]»:
Ի պատասխան Հայոց ցեղասպանության վերաբերյալ զրուցավարի հարցին, ռուս արքեպիսկոպոսը կրկին ստեց՝ ասելով, որ «Պետք է շատ զգույշ լինել ցեղասպանություն բառը օգտագործելիս: Մենք ունենք շատ տխուր փաստեր Ադրբեջանի տարածքում հայկական ուժերի գործողությունների վերաբերյալ: Ունենք հայկական կողմից սպանված հազարավոր ադրբեջանցիներ, ուստի ո՞ւմ պետք է դիմել ցեղասպանություն բառով»։
Այնուհետև նա հավելեց․ «Ադրբեջանցիներն իրենց սրտում ատելություն չունեն»՝ մոռանալով վերջին պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինվորների կողմից հայերի գլխատումները, չխոսելով Սումգայիթում և Բաքվում ավելի վաղ տեղի ունեցած ջարդերի մասին:
«Քրիստոնեությունն այսօր» ամսագիրը նշել է, որ Արցախյան վերջին պատերազմի սկզբում ռուս արքեպիսկոպոսը «ստորագրել է ադրբեջանական միջկրոնական նամակ՝ շնորհավորելով նախագահ Իլհամ Ալիևին ռազմական հաղթանակների համար»:
Ի պատասխան այս հակահայկական հայտարարություններին՝ Հյուսիսային Ամերիկայի Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կոշտ նամակ է հղել ռուս ուղղափառ արքեպիսկոպոսին՝ քննադատելով նրան իր կեղծ մեղադրանքների համար.
«Քրիստոնեությունն այսօր» ամսագրին ձեր տված հարցազրույցին պատասխանելը կդիտվի որպես ժամանակի և ջանքերի կորուստ, քանի որ այն կլինի պատասխան մի մարդու, որը զուրկ լինելով խոնարհությունից, պատմական գիտելիքներից, փորձում է խեղաթյուրել պատմական անվիճելի փաստերը, սակայն առաջին հերթին խեղաթյուրում է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: Ավելին, Ձեր ամբարտավանությունը բավականին զարմանալի է Տիրոջ՝ Քրիստոսի հովվի համար»:
«Դուք խոսում եք միասին ապրելու ուղիներ փնտրելու մասին: Իհարկե, մենք համաձայն ենք, որ երկու կողմերն էլ պետք է միասին ապրելու ուղիներ գտնեն: Սակայն, երբ մեկ դար առաջ Հայոց ցեղասպանությունը իրականացրած երկիրը՝ սպանելով 1 500 000 անմեղ հայերի, մերժում է ընդունել ակնհայտ փաստերը, և բացի այդ, բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, դժվար է համատեղ կյանքի ուղիներ գտնել:
Ավելին, երբ նույն երկիրը ղեկավարում է Ադրբեջանի ռազմական գործողությունները, ուղարկում է իր հատուկ նշանակության ջոկատները, հավաքագրում է հազարավոր արմատական իսլամիստների քրիստոնյա հայերին սպանելու համար, դժվար է դառնում հաշտվելը: Երբ այդ երկրի ղեկավարը խոստանում է «շարունակել կատարել այն առաքելությունը, որը մեր պապերը դարեր շարունակ կատարել են Կովկասում» (Ռեջեփ Թայիփ Էրդողան, 2020 թ. հուլիսի 24), չե՞ք կարծում, որ հաշտության փորձերը կասկածի տակ են առնվում»:
«Դուք ասում եք, որ հայերն ատելությամբ են լցված Ադրբեջանի նկատմամբ: Երբ ադրբեջանական բանակի սպան կացնահարում է հայոց բանակի քնած սպային և հետագայում ներվում է Ադրբեջանի նախագահի կողմից, ազատվում իր պատժից և նույն նախագահի կողմից ստանում Ադրբեջանի «հերոսի» կարգավիճակ, խնդրում եմ Ձեզ տալ ատելության սահմանումը։
2020 թ․ մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարեց, որ «համարում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի նկատմամբ պատիժը չկիրառելը և, փաստորեն, նրան անպատիժ թողնելը ատելության հողի վրա կատարած ծանր հանցագործության համար, ոչ մի արդարացում չունի»։ Արդյոք իսկական ատելությո՞ւն չէ սոցիալական ցանցերում տեսանյութերի կանխամտածված տարածումը, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները ցնծալով սպանում, մաշկազերծ անում և գլխատում հայ ռազմագերիներին»։
«Դուք պնդում եք՝ «Ադրբեջանն ունի բազմամշակութային ընկալման բարձր մակարդակ և պահպանում է իր կրոնական հուշարձանները: Բաքվում հայկական եկեղեցիներն ու գրադարանները պահպանված են»: Ինչպե՞ս կարող եք նման անխոհեմ պնդում անել, երբ առկա է տեսանյութ Նախիջևանում հայկական խաչքարերի նպատակային ոչնչացման մասին, որն իրականացվում է համակարգված՝ տարածաշրջանից հայկական ժառանգության բոլոր հետքերը ընդմիշտ ջնջելու նպատակով»:
«Դուք ասում եք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը բավարար ջանքեր չի գործադրում խաղաղության հաստատման համար։ Հիշեցնեմ, որ 2010 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ուղևորվեց Ադրբեջան, հանդիպեց Ալլահշուքյուր Փաշազադեի [Ադրբեջանի մեծ մուֆթի] և նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում խաղաղ բանակցությունների համար»:
«Ձեր հարցազրույցի պատասխաններին արձագանքելն իսկապես անօգուտ է, քանի որ պատմության և ճշմարտության հանդեպ հարգանքի բացակայությունն ակնհայտ է»:
Սրանք սուր խոսքեր են՝ ուղղված մի հոգևորականից մյուսին։ Ես առաջարկում եմ, որ մյուս հայ հոգևորականները և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նամակներ գրեն Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, որը բացառիկ իրավասություն ունի Ադրբեջանի ռուս ուղղափառ քրիստոնյաների նկատմամբ՝ բողոքելով արքեպիսկոպոս Ալեքսանդրի ամոթալի հայտարարությունների վերաբերյալ։
Զարմանալիորեն, 2017 թ․հունիսի 25-ին Ալեքսանդր արքեպիսկոպոսը Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի կողմից պարգևատրվել է մեդալով՝ միջկրոնական երկխոսության խթանման և ամրապնդման գործում իր նշանակալի ավանդի համար: Պատրիարք Կիրիլը, իր շնորհավորական ուղերձում, գովաբանել է արքեպիսկոպոս Ալեքսանդրին՝ «հատուկ նրբանկատությամբ և դիվանագիտական հմտություններով իր աշխատանքը այն երկրում [Ադրբեջան] կատարելու համար, որտեղ իրար հետ կողք կողքի ապրում են տարբեր դավանանքների և ազգությունների ներկայացուցիչներ»:
Ակնհայտ է, որ հայերի մասին նման կեղծ հայտարարություններ անելուց հետո արքեպիսկոպոս Ալեքսանդրը ձախողել է իր «միջկրոնական» պարտականությունները: Պատրիարք Կիրիլին պետք է հորդորել՝ հետ վերցնել նրան տրված մեդալը:
Հասկանալի է, որ արքեպիսկոպոս Ալեքսանդրը փորձում է հաճոյանալ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին: Այնուամենայնիվ, Աստծո ծառան չպետք է ստի որևէ պատճառով կամ որևէ պարագայում: Պատրիարք Կիրիլը պետք է արքեպիսկոպոս Ալեքսանդրին ասի, որ ներողություն խնդրի իր ստերի համար, իսկ եթե ոչ, ապա պետք է նրան զրկի հոգևորականի իր աստիճանից:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Արգելվեց հայ ուխտավորների մուտքը Դադիվանք: Այս մասին հայտնում է «Ազատ Արցախը»:
Կայքը գրում է. «Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի չարաբաստիկ համաձայնության արդյունքում Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը տրվեց Ադրբեջանին։ Շրջանն ունի բազմաթիվ պատմամշակութային կոթողներ, եկեղեցիներ, մատուռներ, որոնց գլուխգործոցը Դադիվանքի վանական համալիրն է։
Դադիվանքը, որը հայտնի է նաև Առաքելոց, Առաքելադիր անուններով, քանի որ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից` 1-ին դարում, գտնվում է Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Միջնադարյան վանական համալիրը մատենագիտական աղբյուներում առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ 1920թ. Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո համալիրը դադարեց գործել։ 1960-ական թթ. Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում հիմնեցին գյուղ, որի բնակիչները վնասեցին համալիրի շինությունները, որմնանկարը` այն դարձնելով գոմ։ Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ 1993թ. մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվեց և 1994թ. վերաբացվեց։
1997թ.-ից ի վեր վանական համալիրում պարբերաբար իրականցվեցին վերանորոգման ու վերականգնման աշխատանքներ։ Իրականացված պեղումների ընթացքում՝ 2007թ. հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Արցախի հոգևոր թեմը տարիների ընթացքում կազմակերպել է Դադիվանքի վերականգնման աշխատանքները և այն որպես գոհար պահպանել։ Սակայն 2020թ. նոյեմբերի 25-ից հետո մեզ պարտադրվեց այլ իրողություն« և վանական համալիր այցելելու համար կարծես փակվեցին բոլոր ճանապարհները։
Տարածաշրջանում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի վերջից թույլատրվում էր հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Կիրակի օրերին ռուս խաղապահները ուղեկցում էին ուխտավորներին դեպի վանական համալիր, որտեղ էլ հավատավոր ժողովուրդը մասնակցում էր Պատարագին, հաղորդություն ստանում։ Ի դեպ, վանական համալիրը ներկայումս վերահսկում են ՌԴ խաղաղապահ ուժերը, չնայած տարածքում տեղակայվել են ադրբեջանցիները։
Համաձայն պայմանավորվածության` փետրվարի 7-ի կիրակի օրը« ժամը 8.00-ին« Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ուխտավորների հերթական խումբը ՌԴ խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի Դադիվանք։
Խմբին միացել են նաև հոգևորականներ, ովքեր պետք է հերթափոխեին համալիրում ծառայություն մատուցող հոգևոր դասի ներկայացուցիչներին։ Ուխտավորներն էլ Դադիվանք պետք է հասցնեին նաև Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում օծված ՙԴժոխքի ավերումը՚ սրբապատկերը, որը Երևանից ուղարկել էր հեղինակը՝ նկարչուհի Ժաննա Խլղաթյանը։ Ի դեպ, նկարչուհին կտավը նախատեսել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու համար, բայց հայտնի իրադարձություններից հետո նա խնդրեց, որ կտավը հասցնեն Դադիվանք։ Երկար ճանապարհ կտրելուց հետո ուխտավորների խումբը մոտեցավ վանական համալիրի տարածքին մոտ տեղակայված ադրբեջանական անցակետին։
Ըստ նախնական պայմանավորվածության, խումբը պիտի մտներ Դադիվանք, սակայն ադրբեջանցիները հոխորտալով արգելեցին՝ պատճառաբանելով, թե իրենք տեղեկացված չեն խմբի մասին։ ՌԴ խաղաղապահ ուժերը և ուխտավորների խմբի պատասխանատուն բազմիցս պարզաբանեցին, որ ամեն ինչ հստակեցված է« և բոլորն էլ տեղեկացված են, սակայն ադրբեջանցիներն անդրդվելի էին։ Վերջիններս ստիպեցին, որ ուխտավորների խումբը վերադառնա Գետավան և սպասի ճշտումների։ Երեք ժամ սպասելուց ու կրկին ճշգրտումներ անելուց հետո, ռուս խաղաղապահները խումբը նորից ուղեկցեցին դեպի Դադիվանք, սակայն, այնտեղ ևս երկար սպասել տալով, ադրբեջանցիները չհամաձայնեցին բացել ճանապարհը` պատճառաբանելով, որ իրենք հրաման են ստացել արգելել ոչ միայն ուխտավորների, այլև հերթապահության եկած հոգևորականների մուտքը սրբավայր։ Երկար քաշքշուկներից հետո, խումբը երեկոյան ստիպված վերադարձավ Ստեփանակերտ։
Ուխտավորները խնդրեցին ՌԴ խաղաղապահ ուժերին գոնե սրբապատկերը հասցնել Դադիվանք։ Արցախի թեմի պատասխանատուները մտադիր են խնդիրը հասցնել համապատասխան ատյանների։
Ի՞նչ նոր հրաման ու պայմանավորվածություն ունեն ադրբեջանցիները Դադիվանքի հետ կապված, որի մասին տեղյակ չեն ՌԴ խաղաղապահ ուժերը, կամ` արդյո՞ք սա հերթական սադրանք էր. ժամանակը ցույց կտա»,-գրում է լրատվամիջոցը:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ով նշանակվեց ՀՀ ՊՆ Ռազմական Վերահսկողության Ծառայության պետ կարծում է, որ հայկական բանակն իր առջեւ դրված խնդիրը կատարել է: Irakanum.am-ի հետ հարցազրույցում Ջալալ Հարությունյանը խոսել է իր դեմ կատարված մահափորձից, բանակի պարտության, իր նշանակման եւ այլ հարցերի շուրջ:
Արցախյան երկրորդ պատերազմից, եւ հատկապես նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, բազմաթիվ անգամներ հնչել են հարցադրումներ, թե ինչու՞ է լռում Ջալալ Հարությունյանը: Դուք լռում էի՞ք, թե՞ ասելիք այդ պահին չկար:
Ոչ թե լռել եմ, այլ ասելիք չկար, քանի որ ես զինվորական եմ, եւ այն ինչ այդ ընթացքում եւ դրանից հետո հայտարարեի՝ պարունակելու էր ռազմական եւ պետական գաղտնիք, իսկ ես մտադրություն չունեմ այդ գաղտնիքները հրապարակել, քանի որ այդ նյութերը կարդում են նաեւ մեր հակառակորդները՝ թուրքերն ու ադրբեջանցիները եւ ակամայից ստացվելու էր թշնամու ջրաղացին ջուր լցնել: Այդ իսկ պատճառով ես տրամադրված չեմ որեւէ պարզաբանում, կամ մեկնաբանություն տրամադրելու:
Ձեր նշանակումը եւս արժանացավ քննադատությունների: Սպասելի՞ էր, եւ ինչո՞ւ որոշեցիք ընդունել առաջարկությունն ու զբաղեցնել ՀՀ ՊՆ ՌՎԾ պետի պաշտոնը:
Ես զինվորական եմ, ոչ մի կուսակցական պատկանելություն չունեմ: Եթե ես ի վիճակի եմ այդ պաշտոնին նշանակվելով ծառայել հայրենիքին եւ տալ օգուտ, ապա կարծում եմ ճիշտ էր նման որոշում կայացնելը:
Այդ նույն քննադատությունների համատեքստում հնչում էր, որ նախընտրեցիք համագործակցել դավաճան իշխանությունների հետ:
Ես որեւէ քաղաքական պրոցեսների չեմ մասնակցում եւ ծառայում եմ բացառապես մեր երկրին, թե ով է պաշտոնի, եւ կամ ով ում է պաշտպանում ինձ համար երկրորդական է: Այդ սկզբունքով սկսել եմ իմ զինվորական ծառայությունը եւ այդպես միշտ շարունակելու եմ:
Հայկական բանակի պարտության գլխավոր պատճառը որն էր ըստ Ձեզ: Արդյո՞ք բանակն է պարտվել, թե՞ ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Գտնում եմ, որ բանակն իր առջեւ դրված խնդիրը լիարժեք կատարել է: Եթե մենք վերլուծում ենք հակառակորդի գործողությունները եւ համեմատում, թե ինչ ախորժակ ուներ իր խնդիրի կատարման ժամկետների վերաբերյալ, օրինակ հասնել՝ Տեղ գյուղի սահմանագիծը, ապա համամատություններ, վերլուծություններ անելով, ապա միանշանակ է, որ հակառակարորդը կոնկրետ իքս ժամանակահատվածում չէր կարող հասնել իր նպատակին առանց վարձկան ահաբեկիչների, Թուրքիայից, Պակիստանից բերված ուժերի: Նշեմ, որ ուժերի անհավասարությունը կտրուկ ավելացած էր հենց առաջին օրվանից:
Պարոն գեներալ սպաների, զինվորների, կամավորների փախուստի դեպքերի ականատես իքներդ եղել ե՞ք: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյան այդ մասին բազմաթիվ անգամներ են խոսել:
Տարբեր իրավիճակներ իհարկե եղել են, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է անցել, իհարկե մենք փորձել ենք ամեն կերպ միջամտել այդ գործընթացներին, եղել են ձերբակալություններ եւ այլն: Ամեն ինչ արել ենք, որ այդ դեպքերը չտարածվեն ամբողջ զորքի վրա:
Ո՞ր պարագայում հնարավոր կլիներ խուսափել Շուշին հանձնելուց:
Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ այդ ժամանակահատվածում արդեն իսկ վիրավոր եմ եղել, իրավիճակին քանի որ լիարժեք չեմ տիրապետել, դժվար կլինի այդ հարցին միանշանակ պատասխանել:
Խոսենք Ձեր դեմ կատարված մահափորձից: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն տուժող եք ճանաչվել, հնարավոր համարում ե՞ք, որ հակառակորդն առանց ներքին տեղեկատվության ձեր տեղաշարժի մասին հստակ իմանար: Այլ կերպ ասած Ձեզ ներսից դավաճանել ե՞ն:
Ես գտնում եմ, որ ոչ, քանի որ հակառակորդը մինչ այդ էլ էր խփում, բավականին ակտիվ էր օդում եւ ցամաքային տեղաշարժերի մասին ինֆորմացվում էր: Բունկերում նստելով եւ խրամատ դուրս չգալով հնարավոր չէր, առաջին անգամ չէ, որ ես դուրս եմ եկել, դա եղել է իմ 5-րդ այսպես ասած դաշտային ելքը՝ պատերազմի ժամանակ: Ուղղակի այդ ժամանակ ավելի ակտիվ են եղել, եւ որ գրում են, թե անվտանգությունը ապահովված չէր եւ այլն, ապա կասեմ, որ կապի միջոցների անվտանգությունը պահպանված է եղել, բջջային հեռախոսներն ընդհանրապես անջատված էր, մեքենան փոխված էր: Բոլոր այդ անվտանգային միջոցառումները պահպանված էին, ուղղակի չի բացառվում, որ իրենք լրացուցիչ այլ սարքեր ունեին, որոնցով կարողացել են տեղորոշել:
Ձեր հարաբերություններն այդ ընթացքում ինչպիսին է եղել ռազմաքաղաքական ղեկավարության հետ:
Այն խնդիրները, որոնք եղել են` միանշանակ իմ կողմից միշտ բարձրաձայնվել է, այնպես չէ, որ նստել եւ լռել ենք: Լարված իրավիճակներ իհարկե չեն եղել, քանի որ այդ պահին մեր հիմնական խնդիրը արտաքին թշնամին էր:
Օրինակ Դավիթ Տոնոյանի հետ:
Չի եղել կոնֆլիկտային վիճակ, եղել են խնդիրներ, որոնք բարձրացվել են:
Իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ ինչ կասեք: Մասնավորապես Սյունիքում ստեղծված իրավիճակի, GPS-ով տարածքներ գծելուն, եւ այլն:
Ես նման բաների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ տալիս, քանի որ ես զինվորական եմ: Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ մեր այսօրվա եւ վաղվա անելիքները ուղղված են լինելու Ադրբեջանի դեմ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հետ վերականգենք այն ինչ կորցրել ենք: Մեր գլխավոր նպատակն է՝ բանակն ավելի հզորացնել, ունենալ նոր սպառազինություն, ժամանակակից տեխնիոլոգիաներ:
Aravot.am-ը գրում է.
«Եռաբլուրում օրեր առաջ ստիպված են եղել արտաշիրիմում անել: Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի փոխարեն հուղարկավորել են վանաձորցի մայոր Հարություն Նալբանդյանին: Պատերազմների նման իրավիճակների ժամանակ սխալմունքներ, իհարկե, լինում են, բայց այս դեպքը մի շարք հարցեր է առաջացրել: Հարություն Նալբանդյանի հարազատները նախօրոք իմացել են և ասել են, որ դա իրենց Հարութի դին է: Պատկան մարմինների արձագանքն ապշեցուցիչ է:
Aravot.am-ը զրուցեց Հարություն Նալբանդյանի հարազատների հետ: Նրա եղբայրը՝ Հովհաննես Նալբանդյանը պատմեց. «Հոկտեմբերի 25-ից կապն ընդհատվեց ու ոչ մի տեղեկություն չունեինք եղբորս մասին: Սկսեցինք հետաքրքրվել, ամենավատ տեղերում՝ դիահերձարաններում փնտրել: Հերացու անվան մորգի համակարգչի մեջի նկարները հերթով նայում էինք, նկար գտանք, նմանացրեցի ախպորս: Աշխատողներին հարցրեցի՝ այս մարդն ո՞վ է, ասեցին՝ նրան ուղարկել են՝ որպես գնդապետ Շաքարյան: Նրանց ասացի՝ ո՞նց կարող է այս մարդը Շաքարյանը լինի, եթե իմ ախպերն է: Ասում են՝ չէ, մեզ ներկայացրել են՝ որպես Շաքարյան: Բերել են այստեղ փակ դագաղով ու հուղարկավորել Եռաբլուրում: Այդ նկարը տեսնելով՝ ես սկսեցի կասկածել, որ շփոթմունք կարող է եղած լինի, դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանին:
Գործ հարուցվեց, հեշտ հարց չէր: 4 ամիս հետո՝ մոտ 15 օր առաջ, արտաշիրիմում եղավ ու պարզվեց, որ մեր ԴՆԹ-ի հետ համընկնում է, մեր հարազատի մարմինն է: Մինչ այդ մեզ կոպիտ պատասխան էին տալիս, որ ձեզ ոչ մի բան չենք կարա տանք, անընդհատ խաբում էին ու ուղարկում մի օր Ղարաբաղ, մի օր Գորիս, մի օր՝ այստեղ՝ իրենց վրայից ցրելու համար: Գնալով, բոլոր տեղերը ֆռռալով՝ հասկացանք, որ պատասխան չկա, մեր սրտին թեթեւություն չի լինում ու եկանք կանգնեցինք այն հարցին, որը կասկածում էինք»:
Հարցին՝ ասենք թե՝ Շաքարյանն է եղել, բա ԴՆԹ չե՞ն արել, որ պարզեն իրականում ով է՝ Հովհաննեսը պատասխանեց. «Շաքարյանի մարմինը, որ Ստեփանակերտից ուղարկել են, այն դիակը, որը պարզվեց՝ իմ ախպերն է, այդ դիակն ուղարկելուց դիահերձում են Ստեփանակերտում ու Շաքարյանի զինակից ընկերները գալիս են այնտեղ, ճանաչում են որպես Շաքարյանի մարմին ու այնտեղից ուղարկում: Մարմինը գալիս է՝ որպես ընկերների կողմից ճանաչված Շաքարյան ու հուղարկավորվում՝ որպես Շաքարյան: Այսինքն, եթե պաշտոնով մեկը կա, որ ասում է՝ Շաքարյանն է, ուրեմն իրավունք ունեն առանց ԴՆԹ-ի պատասխանի սպասելու՝ մարդուն հենց այնպես ուղարկեն հուղարկավորման: Կոպիտ սխալ է կյանքի, ես 4 ամիս պտտվել եմ տարբեր տեղերով, որ իմ հարազատին գտնեմ, բայց իրենց կոպիտ սխալի պատճառով մինչեւ հիմա մեր հարազատին մենք չենք հուղարկավորել:
Նոր արտաշիրիմում անելուց հետո ենք պարզում, իսկ եթե ես համակարգչի մեջ չտեսնեի այդ նկարը, այդպես էլ չէինք իմանա ու տարիներով կկորցնեինք, ոչ էլ կպարզվեր, որ Շաքարյանի տեղն է հուղարկավորված: Ինձ ասում էին՝ ձեր եղբոր անուն ազգանունով մարդ չի եկել, բայց ես տեղեկություն եմ ունեցել, իմ ախպոր ընկերոջ հետ եմ խոսել: Ախպերս պաշտոնով մարդ է եղել, բոլորն իրեն ճանաչում էին այնտեղ, կապվել եմ Ղարաբաղում Պետո անունով մարդու հետ, ինքը ինձ ասել է՝ ես Հարութի մարմինը գտել եմ, Շաքարյանից գտել եմ միայն մարմնի մասեր, իսկ Հարութի՝ լրիվ մարմինը, երկուսին էլ ուղարկել եմ:
Անհնար էր, որ բունկերում բոլորով իրար հետ են եղել, բոլորի մարմինները գտել են, իմ ախպերը կորի գնա: Անընդհատ խաբում էին, մի օր՝ Հերացու морг, մի օր՝ Տերյանի, Մեծամոր, տեղ չի մնացել: Երեկ էլ գնացել ենք, մարմինը, որ դրած էր, արտաշիրիմում անելուց հետո հողոտ բերել են, ոչ մի հատ մաքրել են, զարմացած էի՝ ի՞նչ վերաբերմունք է, մարդը եկել է այդ հոգեվիճակով քիչ չի, մի հատ էլ հողոտ դրել եք, որ մարդը գա իր հարազատի մարմինը այդպես տեսնի: Կոպիտ պատասխան էին տալիս: Այ սա է մեր երկրի վիճակը, որ մեր հերոս տղերքի հետ կապված պետք է այս վերաբերմունքը չլինի, էլի: Ամենամեծ վիրավորանքը հենց դա է»:
Հարցին՝ ձեր եղբայրը այդպես շփոթության աստիճանի նմա՞ն է Սերգեյ Շաքարյանին, որ կարող էին շփոթել՝ նա պատասխանեց. «Նման դիմագծեր ունեն, բայց տարիքային շատ մեծ տարբերություն կա: Իմ ախպերը 29 տարեկան է, Շաքարյանը՝ մոտ 50: Բացի այդ, Շաքարյանը 150 կգ-անոց մարդ է եղել, իմ ախպերը՝ մի 90, այդ տարբերությունը պիտի նկատած լինեին: Կոպիտ սխալ են թույլ տվել»:
Հարություն Նալբանդյանի հայրը՝ Գեւորգ Նալբանդյանը վրդովված է: Ուլնեցի 56/6 հասցեում գործում է ՀՀ պաշտպանության նախարարության Հատուկ հանձնաժողովը, որը գրանցում է գերեվարված զինծառայողների եւ անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների հայտերը: Երբ Հարություն Նալբանդյանի հայրը գնացել է այնտեղ՝ որդու մարմնի մասին տեղեկություններ իմանալու:
Նրա պատմելով՝ «Որ երկրորդ անգամ գնացինք, ասեց՝ դե զզվացրեցիր, էլի, ոչ դու ես հետաքրքիր, ոչ քո զինվորականը: Նախարարին նամակ եմ գրել, ոչ պատասխան ունեմ, ոչ էլ տեղեկություն: Եթե մենք արտաշիրիմում չանեինք, կորելու էր իմ երեխեն: Իսկ ինքն ունի երկու անչափահաս երեխա, ոչ մի հատ զանգող է եղել, թե՝ ձեր զինվորին, մայորին գտա՞ք: Ինքն էլ շարքային զինվոր չի, Ղարաբաղում պաշտոնով մայոր էր, Շաքարյանի հետ էր աշխատում»:
Հարություն Նալբանդյանի հարազատները ամեն ինչ անելու են, որ այս իրավիճակի համար պատասխանատուները պատժվեն. «Այդ ձեւ մարդիկ պետք է պատժվեն թե՛ այնտեղի քննիչը, թե նրանք, որ սխալ են ճանաչել ու որպես Շաքարյան մարմինն ուղարկել, թե՛ մնացածը: Մարդիկ, որ այդ տեղերում աշխատում են ու իրենց փորն են ուռցնում, գնան ուրիշ տեղ նստեն: Դեռ շատ բաներ պիտի պարզվեն ու շատ հարցր պիտի քննարկվի: Այդ գործին ընթացք պիտի տրվի»,- ասաց Հովհաննես Նալբանդյանը»։
Ազգային անվտանգության ծառայության համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ունենալով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների նկատմամբ վերահսկողություն և ստուգումներ իրականացնելու գործառույթ, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ ժամկետային զինվորական ծառայող Դ.Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության։
Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից ու մանրամասնում, որ զինվորին առանց բավարար հիմքերի նույն զորամասի մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, 2020 թվականի սեպտեմբերի 13-ին վերջինիս մորից անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 975.340 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 490.000 ՀՀ դրամ գումարը ստացել է հաջորդ օրը ՝ «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պարագայում հայտարարված զորահավաքի պայմաններում զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում նախնական զինվորական պատրաստություն անցնող զորահավաքային զինվորական ծառայության մեջ գտնվող Յ.Տ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի ռազմական գործողությունների կատարման վայրերում տեղակայված զորամասեր ծառայության չուղարկելու համար, 2020 թվականի նոյեմբերի 7-ին միջնորդի միջոցով Յ.Տ.-ի ծնողներից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.234.350 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 987.470 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարը ստացել է նույն օրը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նույն անձը, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում Մ.Գ.-ի որդուն՝ Ռ. Կ.-ին, ցանկալի վայրում ծառայության նշանակումը կազմակերպելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով միջնորդել է համապատասխան պաշտոնատար անձին՝ Ռ.Կ-ի օգտին նպաստելու այդ հարցի կարգավորմանը, որի դիմաց պաշտոնատար անձը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.244.200 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառքի գումար: Այդ կապակցությամբ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնություն գալուն նպաստելուց հետո պաշտոնատար անձը ստացել է կաշառքի գումարը:
Հիշյալ պաշտոնատար անձն իր պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ մեկ այլ ժամկետային զինվորական ծառայող Վ. Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի մեկ այլ զորամաս տեղափոխելու համար 2021 թվականի հունվարի 6-ին վերջինիս հորից անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար կաշառք, որը 2021 թվականի հունվարի 7-ին և 8-ին համապատասխանաբար 350.000 ՀՀ դրամ և 650.000 ՀՀ դրամ չափով կրկին ստացել է «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:
Նշված անձի գործողությունները չեն սահմանափակվել միայն ժամկետային և զորահավաքային զինծառայողների օգտին գործողություններ կատարելու համար կաշառք ստանալով. վերջինս պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ Հ.Ա.-ի օգտին գործողության, այն է՝ զինվորական հոսպիտալում աշխատանքի ընդունելու հարցն իր ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով լուծելու, ինչպես նաև նրան սպայական կոչում շնորհելուն նպաստելու համար անձամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.389.850 ՀՀ դրամ կաշառք:
Միևնույն ժամանակ նախաքննական մարմնի տրամադրության տակ կան բավարար փաստական տվյալներ, որ բացի կաշառք ստանալու՝ վերը նշված դեպքերից առկա են նաև նույն բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման այլ դեպքեր: Մասնավորապես. պաշտոնատար անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պարագայում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում տեղակայված զինվորական հոսպիտալում գտնվող իր ծանոթ զորահավաքային զինծառայողին Երևան վերադարձնելու նպատակով, իր պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զինծառայողի հրամանատարության միջոցով կազմակերպել է վերջինիս վերադարձը Երևան քաղաք, որն էական վնաս է պատճառել տվյալ զինվորական ստորաբաժանման ծառայության իրականացմանը և դրա առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանման մարտական հաշվարկը, որից հետո պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ նույն զինծառայողի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ վերջինիս հետագա ծառայությունը Սյունիքի մարզում տեղակայված, մարտական ծառայություն չիրականացնող թիկունքային աշխատանքներ կատարելու համար նախատեսված զորամասում կազմակերպելու համար 2020 թվականի հոկտեմբերի 26-ին վերջինիցս անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 300.000 դրամ գումար կաշառք:
ԱԱԾ-ից հայտնում են, որ այս ամենով հանդերձ, տվյալ անձը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պարագայում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ընկերոջ խնդրանքով, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով 2020 թվականի հոկտեմբերի 13-ին իրեն ծանոթ սպաների միջոցով կազմակերպել է Արցախում տեղակայված զորամասից զորահավաքային մեկ այլ զինծառայողի վերադարձը Երևան քաղաք, ապա տեղեկանալով, որ տվյալ զորամասում զինծառայողն ընդգրկվել է զորամասն ինքնակամ լքածների ցուցակում՝ 2020 թվականի նոյեմբերի 1-ին միջնորդել է նույն զորամասի սպաներից մեկին, որպեսզի վերջինս չեղարկի զորահավաքային զինծառայողի փախուստը և նրան նշանակի նույն զորամասի թիկունքային համապատասխան ծառայություններում, ինչը կատարվել է:
Այնուհետև նա տեղեկանալով իր ծանոթների որդիներին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից ուղարկված ծանուցագրի և դրա հիմքով նրանց զորահավաքային զինվորական ծառայության կանչելու մասին՝ միջնորդել է համապատասխան պաշտոնատար անձանց նշված զորակոչիկներին հանել զորակոչիկների ցուցակից, որի հետևանքով խաթարվել է ռազմական դրության պարագայում հայտարարված զորահավաքի բնականոն ընթացքը:
Ավելին, այդ անձին 2020 թվականի դեկտեմբերի 13-ին դիմել է իր ծանոթը և խնդրել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Լուսակերտում տեղակայված զորամասում ժամկետային զինվորական ծառայություն անցնող որդուն չուղարկեն առաջնագիծ: Պաշտոնատար անձը նշված զորամասի սպայից տեղեկանալով, որ նշված զինծառայողին առաջնագիծ տանելու հրաման չկա և նա հաստատապես առաջնագիծ չի տեղափոխվելու, խաբեության եղանակով գումար հափշտակելու նպատակով, նշված հարցն իբր լուծելու և դրա համար կաշառք ստանալու պատրվակով, 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պահանջել և ստացել է չգալի չափերի՝ 200.000 ՀՀ դրամ գումար:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել նաև նույն պաշտոնատար անձի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար տրամադրված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ:
Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարության կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք, ովքեր ձերբակալվել և հարցաքննվել են կասկածյալի դատավարական կարգավիճակում:
Նախաքննության ընթացքում կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նաև տարբեր տեսակի ռազմամթերք, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ նյութեր:
Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Թուրքիայի Կարս նահանգում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև փետրվարի 12-ը:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, սկսված թուրք-ադրբեջանական զորավարժություններին ներգրավված են մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները, հրթիռային զորքերը և հրետանին, օդուժը, հատուկ նշանակության ջոկատները: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ զորավարժությունների նպատակը համատեղ գործողությունների ընթացքում գործողությունների համակարգումն ապահովելն է, ինչպես նաև նոր զենքի և տրանսպորտային միջոցների փորձարկումը:

Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է նաև ավիահարվածների մշակում պայմանական թշնամու օբյեկտներին, նյութատեխնիկական և տեխնիկական աջակցության խնդիրներ: Զորավարժությունների մասնակիցների և սարքավորումների քանակը չի նշվում: Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է միայն «լայնամասշտաբ» զորավարժությունների մասին:
«Կասկած չկա, որ Կարսում անցկացվող զորավարժությունները կբարելավեն Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարների և շտաբների հմտությունները ռազմական գործողությունների նախապատրաստման և վարման, ինչպես նաև հրամանատարության և վերահսկողության գործում:
Առանձնակի ուշադրություն է դարձվելու ստորաբաժանումների գործողությունների կապակցավծության բարձրացմանը: Հիմնական խնդիրն է բարելավել զորքերի դաշտային պատրաստվածությունը և մշակել զորքերի (ուժերի) կոալիցիոն խմբավորման վերահսկողական խնդիրները»,- նշել է կայքի ռազմական հարցերով մեկնաբանը:
ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է, թե ինչպես են ծառայության աշխատակիցները էկոնոմիկայի նախարարության շենքից բերման ենթարկում ՀՀ լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.Ն.-ին։
Ըստ տարածված տեսանյութի ու հաղորդագրության` նա մեղադրվում է Հայաստանում աշխատող գործարարներից խոշոր կաշառք ստանալու ու նրանց օգտին պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մեջ:
ԱԱԾ-ն հայտնում է, որ` ՀՀ-ում գործող ընկերությունն Արաբական Միացյալ Էմիրություններից ՀՀ է ներմուծել և հայտարարագրել 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72.014.112 ՀՀ դրամ:
Ավելի ուշ, սակայն, պարզել է, որ ներմուծված ադամանդների իրական արժեքը շուրջ 6 անգամ շատ՝ 420.000.000 դրամ
Դեպքի առթիվ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Իսկ ԱԱԾ-ում արդեն պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.Ն.-ն ներկրած ադամանդյա քարերի իրական արժեքը թաքցնելու, քիչ մաքսատուրք վճարելու և ստուգում չիրականացնելու դիմաց 2020 թվականի սեպտեմբերի 6-ին անձամբ ընկերության սեփականատերերից ստացել է խոշոր չափերի կաշառք, որից հետո էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատու Վ.Ս.-ին հրահանգել է կազմել և ընկերության ներկայացուցիչներին հանձնել ադամանդյա քարերի ներկրման կեղծ հայտարարագիր, ինչը և վերջինը կատարել է:
Քրեական գործով ձեռք բերված անհերքելի ապացույցների և փաստերի ճնշման տակ նախարարի իրավախորհրդատուն տվել է խոստովանական ցուցմունք: Իսկ նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.-Ն.-ն խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով 2021 թվականի հունվարի 26-ին բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:
Բերման են ենթարկվել նաև ադամանդները ներկրած ընկերության փաստացի սեփականատերերը և ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք:
ԱԱԾ-ն հայտնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.