23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նորից նույն բանն ենք անում. Դեռևս 2009 թվականին նախագահ Սերժ Սարգսյանն անխոհեմորեն ստորագրեց համաձայնագիր Թուրքիայի հետ՝ իբր թե ընդհանուր սահմանը բացելու համար։ Թեև աշխարհասփյուռ հայությունը կտրականապես դեմ արտահայտվեց այս ծրագրին, սակայն նախագահ Սարգսյանը շարունակում էր պնդել, որ ինքը ճիշտ էր, իսկ մնացած բոլորը սխալվում էին: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սարգսյանը չէր տեսնում, որ Թուրքիան մտադրություն չուներ բացել սահմանը: Անկարան սահմանի հարցը օգտագործում էր որպես հնարք`Հայաստանից առավելագույն զիջումներ կորզելու համար, ինչպիսիք են՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, Թուրքիայի տարածքային ամբողջականության ընդունումը, ինչը նշանակում է, որ հայերը պետք է հրաժարվեն Արևմտյան Հայաստանի նկատմամբ իրենց պահանջներից և Արցախի վերադարձը Ադրբեջանին։ Սրանք թուրքական նախապայմաններն էին:
Ավելին, նույնիսկ եթե Հայաստանն ընդուներ այս անթույլատրելի պայմանները, Թուրքիան նորանոր պահանջներ առաջ կքաշեր:
Նախագահ Սարգսյանը չէր հասկանում, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանար բացել սահմանը, ապա դա կարող էր անել առանց արձանագրությունների ստորագրման և Հայաստանին որևէ պահանջ ներկայացնելու: Ի վերջո, Թուրքիան էր, որ միակողմանիորեն փակել էր սահմանը, ոչ թե Հայաստանը, այնպես որ նա կարող էր սահմանը բացել ցանկացած պահի, երբ ուզեր: Երբ նախագահ Սարգսյանը 2009-ին շրջեց սփյուռքի մի քանի համայնքներում, ենթադրաբար սահմանների հարցի վերաբերյալ նրանց տեսակետները պարզելու համար, նա բախվեց զանգվածային բողոքների և առճակատումների Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Ի վերջո, Ադրբեջանին հաջողվեց խափանել հայ-թուրքական արձանագրությունները` ճնշում գործադրելով Թուրքիայի վրա, որպեսզի նա դրանք չվավերացնի՝ Արցախը վերադարձնելու համար Հայաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու նպատակով: Որքան էլ զավեշտալի է, Ադրբեջանը, և ոչ թե Սերժ Սարգսյանը ի վերջո պաշտպանեց Հայաստանի շահերը:
Այժմ, 2021 թվականին, մենք տեսնում ենք 2009 թվականի բեմադրության կրկնությունը, միայն թե այս անգամ իրավիճակը շատ ավելի ծանր է, քանի որ Հայաստանը ղեկավարվում է պարտված ղեկավարի կողմից, որն այլընտրանք չունի, քան ընդունել Թուրքիայի և Ադրբեջանի զիջումների ուռճացող պահանջները: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանն ու Թուրքիան չեն կարող հավերժ թշնամիներ մնալ և վատ բան չեն տեսնում «մեր հակառակորդների» հետ խոսելու մեջ, մոռանում են մեկ առանցքային կետ. ո՞վ է բանակցում։ Մի կողմից, մենք ունենք խորամանկ քաղաքական գործիչ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի անփորձ ու պարտված ղեկավարը: Դա նման է նրան, որ ոչխարին խնդրեք բանակցել գայլի հետ: Արդյունքն ակնհայտ է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս ասաց, որ «Թուրքիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա՝ ակնկալելով, որ հարևան երկիրը կհրաժարվի միակողմանի մեղադրանքներից և իրատեսական հայացքներ կորդեգրի»:
Զարմանալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հայտարարությունը համարեց «դրական ազդակ» և խոստացավ նույն կերպ արձագանքել․․․ Թուրքիայի 2009 թ․ նախապայմանները դեռևս սեղանի վրա են, բացառությամբ այն, որ Ադրբեջանը ուժով վերադարձրել է Արցախի մեծ մասը: Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է պահանջել, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ձգտումներից և ընդունի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Անցյալ տարվա պատերազմից ի վեր Ադրբեջանն ու Թուրքիան նոր պայման են դրել. Հայաստանը պետք է «խաղաղության պայմանագիր» ստորագրի Ադրբեջանի հետ, ինչը կնշանակի ընդունել վերջինիս տարածքային ամբողջականությունը, այդպիսով ընդմիշտ հրաժարվելով Արցախից:
Ավելին, նույնիսկ եթե Փաշինյանը համաձայնի ընդունել նման անթույլատրելի պահանջներ, Թուրքիան և Ադրբեջանը, անշուշտ, նոր ավելի մտահոգիչ պայմաններ առաջ կքաշեն: Սա կարմիր գիծ է, որը ոչ մի հայ ղեկավար իրավունք չունի հատել․․․ Ինչպե՞ս կարելի է բանակցել մի երկրի հետ, որը 1915 թվականին գրեթե ոչնչացրեց հայոց ցեղը, իսկ բոլորովին վերջերս՝ անցյալ տարի, սպանեց հազարավոր հայ երիտասարդ զինվորների:
Հիմնականում կատարելով թուրքական առաջին նախապայմանը՝ Արցախի վերադարձը, Ադրբեջանն այժմ ցանկանում է ավարտին հասցնել գործը՝ բռնագրավելով մնացածը, այս անգամ ոչ թե պատերազմով, այլ ստիպելով Հայաստանին կամովին հրաժարվել դրանից՝ ստորագրելով խաբուսիկ «խաղաղության պայմանագիր»։
Ադրբեջանը շարունակում է դանակը խրել Հայաստանի արյունահոսող սիրտը՝ ոտնձգություն իրականացնելով երկրի սահմանների վրա և ապօրինի պահելով ու տանջելով հայ ռազմագերիներին, նույնիսկ այն բանից հետո, երբ Փաշինյանն անհարկի Ադրբեջանին հանձնեց ադրբեջանցիների կողմից բռնագրավված տարածքներում գտնվող 200 հազար ականների քարտեզները։
2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրով նման պահանջ չկար: Սակայն, այն իր մեջ ներառում էր հայ ռազմագերիներին վերադարձնելու պահանջը: Փաշինյանը պետք է պնդի, որ ոչինչ չի բանակցվի մինչև ռազմագերիների ազատ արձակումը և ադրբեջանական զորքերի դուրս բերումը Հայաստանի սահմաններից: Այս պայմաններում Հայաստանը պետք է հակադրվի Թուրքիայի նախապայմաններին՝ իր նախապայմաններով:
Կան նաև այնպիսինները, որոնց կարծիքով հայ-թուրքական սահմանի բացումը կխթանի առևտուրը և ֆինանսական օգուտներ կբերի Հայաստանին: Ընդհակառակը, թուրքական էժան ապրանքները կհեղեղեն հայկական շուկան՝ սնանկացնելով տեղական արտադրողներին: Հայ գործարարները չեն կարող մրցել թուրք արտադրողների հետ, որոնք օգուտ են քաղում մեծաքանակ տնտեսությունից` 85 միլիոնանոց բնակչության շուկայի հիման վրա:
Եկեք Հայաստանը էժան չվաճառենք՝ վարվելով այնպես, կարծես թե Թուրքիան մեծ լավություն է անում մեզ՝ առաջարկելով բացել սահմանը: Իրականում, Թուրքիան, բացելով սահմանը, շատ ավելին կշահի, քան Հայաստանը: Հայաստանից ընդամենը 48 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թուրքիայի Կարս քաղաքում տնտեսությունը «ծանր հարված» ստացավ սահմանի փակվելուց հետո՝ ըստ EurasiaNet.org-ի: Դրա հետևանքով, Կարսի նահանգի բնակչությունը «662 հազարից (1990 թ․) նվազեց մինչև 285 հազար (2020 թ.)»:
Զավեշտալի է, որ Փաշինյանը, որն իշխանության եկավ՝ ընդդիմանալով իր նախորդների բոլոր գործողություններին, կուրորեն կրկնում է Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ նախորդ նախագահի տապալված քաղաքականությունը: Նա նույնիսկ օգտագործում է Սարգսյանի խոսքերը. «Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որևէ նախապայմանի»: Թվում է, թե Հայաստանի ղեկավարները ոչ միայն դասեր չեն քաղում անցյալի սխալներից, այլ կուրորեն կրկնում են դրանք: Ինչ-որ չափով հասկանալի կլիներ, եթե Փաշինյանը, որպես պարտված ազգի ղեկավար, խոստովաներ, որ այլ ելք չունի, քան ընդունել ադրբեջանա-թուրքական պարտադրված պայմանները: Սակայն նա այդպես չի ասում։
Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ այս պարտադրված պայմանները, ինչպես Նախիջևանը Արևելյան Ադրբեջանին կապող ուղին և Թուրքիայի հետ սահմանի բացումը լավագույնս բխում են Հայաստանի շահերից․․․ Նման միջոցառումները լիովին հակասում են Հայաստանի ազգային շահերին: Դրանք իրականում պանթուրքիստների դարավոր երազանքներն են՝ Հայաստանի միջոցով Թուրքիան կապել Հեռավոր Արևելքի թյուրքական հանրապետություններին:
Վիճակն ավելի բարդացնելով, Փաշինյանը վերջին օրերին ողջունեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի Թուրքիայի հետ սահմանը բացելու համար: Սա զարմանալի չէ, քանի որ նման գործողությունները ձեռնտու են Ռուսաստանին՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից և Արևմուտքից ավելի հեռացնելու համար: Ցավալի է, որ մինչ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ջանասիրաբար վարում են իրենց ազգային շահերից բխող քաղաքականություն, Հայաստանի ղեկավարը պատկերացում չունի իր երկրի ազգային շահերի մասին:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է վերլուծություն, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը՝ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն։ Գերեվարված անձանց նկատմամբ դաժան են վերաբերվել հատկապես բժշկական հետազոտությունների հետ կապված։
«Ստիպել են ուղղակի տանել ցավը։ Հաճախ ծեծը, խոշտանգումը եղել է մատը վերքի վրա դնելով, խփելով, որ էլ ավելի մեծ ցավ պատճառվի։ Ընդ որում ստիպել են, որ խնդրեն, աղաչեն։ Տպավորությունը այն է, որ հիմնական եղանակիներից է եղել, որ մարդիկ աղաչեն օգնություն՝ բժշկական, կամ սնունդ, որ նոր դրանից հետո տրամադրեն»։
Թաթոյանը նշեց, որ դեպքեր են եղել, երբ ցուրտ եղանակին ստիպել են գերիներին քնել գետնին՝ ձեռքերը հետևում կապած վիճակում։
«Դրանից հետո եղել են դեպքեր, երբ բացել են պատուհանը, որպեսզի ավելի ցուրտ լինի՝ անգամ մերկ վիճակում և դրանից բացի նաև աշխատողները հատուկ սառը ջուր են լցրել գերիի վրա՝ ստիպելով, որ ավելի տառապանքներ պատճառեն ցուրտ եղանակին, պատուհանները բաց վիճակում»։
ՄԻՊ-ը հատուկ անդրադարձավ փաստին, որ գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից՝ օճառից, զուգարանի թղթից։
«Հաճախ մարդիկ ստիպված են եղել կարիքները հոգալ հագուստի մասեր պատռելով»։
Գերությունից վերադարձածների պատմություններով, երբ իմացել են, որ այց է իրականացնելու կամ Կարմիր Խաչը, կամ ռուս զինվորականներ, միանգամից սկսել են նորմալ վերաբերվել, ներկայացրել են առանձնազրույցի այն մարդկանց, ում նորմալ են վերաբերվել կամ պատրաստել են՝ նախապես իմանալով։
ՄԻՊ-ը նշեց, որ եթե տեսակցություններ են եղել, խմբերով առանձին գերիներին ուղարկել են նկուղային հարկեր, որպեսզի չտեսնեն։ Տեղեկությունը փոխանցվել են Կարմիր Խաչին, ռուս խաղաղապահ ուժերին։
Թաթոյանը տեղեկացրեց՝ թե քաղաքացիական անձինք, թե զինծառայողները համակարգված ենթարկվել են համակարգային խոշտանգման։
«Խոսքը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական ցավ ու տառապանք պատճառելուն, այլև հոգեկան տառապանքներ ներկայացնելուն։ Ընդ որում հատուկ պատժի են ենթարկվել նաև ըստ փաստերի այն ադրբեջանական զինծառայողները, բանտի աշխատողները, որոնք փորձել են նույնիսկ մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»։
Ամենադաժան վերաբերմոնքները եղել են գերեվարման ժամանակ և դրանից անմիջապես հետո, հատկապես հատուկ ծառայությունների կողմից։
Խոշտանգումը, անմարդկային վերաբերմունքը եղել են լայնածավալ, հիմնված են եղել ինչպես եթնիկ պատկանելիության վրա, նաև կրոնական իրավունքների կոպիտ խախտումներով։
«Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ գրեթե չի եղել ջուր կամ սնունդ։ Դրանք տրամադրել են նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են հատակին և ստիպել ուտել գետնից։ Հետո վերցրել ու գցել են սոված վիճակում պահելով գերիին, նրա դիմաց վերցրել գցել են աղբարկղը։ Եղել են դեպքեր, երբ տվել են ընդամենը 10 վայրկյան ուտելու համար և հետո անկախ նրանից, կերել է, թե ոչ, գցել են աղբի մեջ։ Թքել են սննդի մեջ և ստիպել են այդպես ուտել»,- մանրամասնեց Թաթոյանը։
Իսկական սկանդալ է սկսվել Իսպանիայի Ալհամբրա թանգարանի ցուցանմուշներից մեկի շուրջ։ Թանգարանը հայկական գորգը որպես ադրբեջանական էր ներկայացրել։ Մշակութային կառույցի ադմինիստրացիան արդեն պատասխանել է այցելուների և սոցցանցերի օգտատերերի բողոքներին: Մանրամասները՝ հոդվածում։
Օրերս սոցիալական ցանցերում հայտնվեց Իսպանիայի Ալհամբրա թանգարանի ցուցանմուշներից մեկի պատկերը, ինչպես նաև ներկայացված նմուշի նկարագրության լուսանկարը: Խոսքը, մասնավորապես, նախանցյալ դարի գորգի մասին է։
Թանգարանում նմուշի նկարագրության մեջ նշված է «Ղարաբաղ (Ադրբեջան), 19-րդ դար»։ Նկարագրության լուսանկարը մի քանի օր առաջ Facebook սոցիալական ցանցում տեղադրել է Ռոզա Ֆենդեր անունով օգտատերը։
Միաժամանակ Ալհամբրա թանգարանի պաշտոնական օգտահաշվում նույն գորգը որպես կովկասյան է ներկայացված։
«Ի՞նչ կարծիքի եք այդ կովկասյան գորգի մասին։ Կոլեկցիոներներն այն «արծվագորգ» են անվանում, թեև պատկերներն ավելի շատ ծաղիկ են հիշեցնում, քան վայրի թռչուններ»,-ասվում է փետրվարի 16-ին արված հրապարակման մեջ։
Գորգի նշված ծագումը լուրջ վրդովմունք է առաջացրել հայ օգտատերերի շրջանում, որոնք ցուցանմուշի վրա տիպիկ հայկական պատկերներ են տարբերակել։

Այս կապակցությամբ Sputnik Արմենիան զրուցել է ազգագրագետ, հայկական գորգերի և ասեղնագործությունների մասնագետ Տաթև Մուրադյանի հետ։ Նրա խոսքով՝ գորգն իսկապես հայկական ծագում ունի և պատկանում է Արցախի Ջրաբերդ գյուղի արծվագորգերի թվին։
Նա բացատրում է, որ այդ տիպի գորգերի համար բնութագրական է մեջտեղի մեծ խաչը, որից տարածվում են բազմաթիվ ճառագայթներ՝ արծվի թև հիշեցնող պատկեր կազմելով։
«Արվեստաբան և երաժիշտ Վահրամ Թաթիկյանը հսկայական աշխատանք է կատարել գորգերի նույնականացման համար։ 1975-78թթ․-ին նա ճամփորդել է Արցախի բոլոր գյուղերով և լուսանկարել դրանք։ Այդ բոլոր աշխատանքները ներկայացված են նրա գրքում»,-ասաց ազգագրագետը։
Արծվագորգի» ծագումը մասնագետները կապում են հենց Արցախի, մասնավորապես՝ Շուշիի և դրա մոտակայքում գտնվող Ջրաբերդ «Չալաբերդ» գյուղի հետ։

«Արծվագորգ» տիպի 17-րդ դարի հայկական գորգեր պահպանվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Լոնդոնում՝ անհատական հավաքածուներում։
Բարսելոնայի բնակչուհի Աննա Վանեսյանը որպես փաստարկ, որ ներկայացված գորգը հայկական, ոչ թե ադրբեջանական ծագում ունի, բերում է կարմիր գույնի առատության փաստը։
«Այս գորգի ևս մեկ առանձնահատկությունը, որը վկայում է այն մասին, որ այն հայկական է, կարմիր գույնի առատությունն է։ Հայկական գորգերում միշտ գերակշռում էր կարմիրը, ուստի Արաբական խալիֆայությունում դրանք հայտնի էին նաև որպես կարմիր գորգեր։ Բանն այն է, որ հայերը թելերը ներկում էին որդան կարմիր հատուկ ներկով, որը ստանում էին թթենու մետաքսորդի հատուկ տեսակի մշակման ժամանակ»,-գրում է նա։
Հայ օգտատերերի բազմաթիվ վրդովված մեկնաբանություններից և հարցումներից հետո Ալհամբրայի թանգարանի ադմինիստրացիան խոստացել է ստուգել գորգի ծագումը: Պատասխան նամակը ստացել է Գոհար Վահանյան անունով օգտատերը։
«Հարգելի տիկին Վահանյան, մենք բարձր ենք գնահատում Ձեր առաջարկություններն ու պարզաբանումները: Մենք դրանք փոխանցել են թանգարանի պատասխանատուներին, որպեսզի կատալոգը փոխվի։ Մենք ամեն ինչ կանենք, որ սխալն ուղղվի հնարավորինս շուտ»,-ասվում է նամակում։
Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում նկարագրությանը, որտեղ որպես արցախյան հազվագյուտ ցուցանմուշի ծագման տեղանք նշված է «Կովկաս», ապա, Տաթև Մուրադյանի կարծիքով, այդպիսի անորոշ տեղորոշումը ընդունված է արտերկրում՝ կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար։
***
Հայկական գորգերը բնութագրվում են երկու կարևոր առանձնահատկությամբ. գույները լիովին բնական են, իսկ գորգերը հյուսվում են կրկնակի հանգույցով, ինչն էլ հատկապես ամուր է դարձնում դրանք: Դրանք միշտ բարձր են գնահատվել։ Այսօր հայկական գորգերը պահվում են աշխարհի հայտնի թանգարաններում, որոնց թվում են Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, Բուդապեշտի կիրառական արվեստի թանգարանը, Լոնդոնի տեքստիլի թանգարանը, իսկ ամենահին հայկական գորգը (մ.թ. ա. 5-րդ դար) պահվում է Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժում:
Վերջաբանի փոխարեն
Ինչպես մեզ հայտնի դաևձավ` նույն օրը, երբ սոցցանցում հայտնվել էր ցուցանմուշի և նկարագրության լուսանկարը, Իսպանիայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը որոշել էր անձամբ ստուգել այն Ալհամբրայի թանգարանում: Ցուցանմուշը ցույց տալու նրա խնդրանքին մշակութային հաստատության աշխատակիցները երկար ընդդիմացել են՝ պնդելով, որ «Ադրբեջան» բառը գորգի նկարագրության մեջ չկա։
Սակայն այցելուն պնդել է, որ ուզում է անձամբ համոզվել։ Արդյունքում պարզվել է, որ որպես ծագման երկիր առաջվա պես նշված է Ադրբեջանը, բայց հայազգի այցելուին արգելել են լուսանկարել․․․
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ թանգարանի տնօրինությունը հիանալի տեղյակ է սխալմունքի մասին, սակայն չի շտապում ուղղել այն։
Ադրբեջանն արդեն վաղուց և շատ ակտիվ աշխատում է գորգագործության հայկական մշակույթը յուրացնելու ուղղությամբ և, բնականաբար, հսկայական միջոցներ է ծախսում դրա համար։
Ինչ վերաբերում է «արծվագորգին», ապա այն ներկայացվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ Մեհրիբանի Շուշիի գորգերի թանգարան կատարած այցի ժամանակ։
Այս պահին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները փորձում են հարցը լուծել դեսպանության մակարդակով։
Մեկ այլ պատշաճ վերնագիր կլիներ՝ «Խորհրդարանականները ջութակ են նվագում՝ մինչ Հայաստանն այրվում է», որն իմ տարբերակն է՝ «Ներոնը ջութակ է նվագում՝ մինչ Հռոմն այրվում է» պատմական հայտնի արտահայտության, որը վերաբերում է Հռոմում մեծ հրդեհի ժամանակ Ներոն կայսեր անգործությանը:
Սա է Հայաստանում տիրող ողբերգական իրավիճակը։ Անցյալ սեպտեմբերյան պատերազմում Արցախի մեծ մասի և հազարավոր հայ երիտասարդների կորստից հետո կարելի էր կարծել, որ հայերը Հայաստանի թե՛ ներսում, և թե՛ դրսում կհամախմբվեն՝ իրենց վերքերը բուժելու, բանակն ամրապնդելու և թշնամու հետագա առաջխաղացումները հետ մղելու համար։ Ցավոք, տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Մեղավորը ոչ թե Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը կամ մեկ ուրիշն է, այլ մենք ինքներս։ Մենք չենք ցանկանում միավորվել նույնիսկ մեծ արհավիրքից հետո: Նախքան որևէ մեկին մեղադրելը, մենք պետք է մեզ հայելու մեջ նայենք։
Հայաստանի անկախացումից ի վեր մենք պարծենում էինք, որ տարածաշրջանում Հայաստանն ուներ ամենահզոր բանակը, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել մեզ վրա, և եթե դա աներ, մենք կհասնեինք մինչև Բաքու։ Նախորդ տարվա պատերազմից առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեծամտորեն հայտարարեց. «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», այսինքն, եթե Ադրբեջանը հարձակվեր Արցախի վրա, Հայաստանը կգրավեր ավելի շատ ադրբեջանական տարածքներ:
Հայաստանի և Արցախի նախկին և ներկա ղեկավարները հրաժարվեցին որևէ զիջման գնալ Արցախին հարակից տարածքների վերաբերյալ, եթե Ադրբեջանը նախապես չհամաձայնի ճանաչել Արցախի անկախությունը: Չնայած նրան, որ մնացած աշխարհը կոչ էր անում Հայաստանի ղեկավարներին փոխզիջումների գնալ և վերադարձնել Արցախին հարակից տարածքները, մենք մերժեցինք նման առաջարկությունները: Դա է պատճառը, որ ոչ մի երկիր չի ցանկացել ճանաչել Արցախի Հանրապետությունը: Նույնիսկ Հայաստանը հրաժարվեց դա անել՝ ակնկալելով, որ մեզնից առաջ ուրիշները կպաշտպանեն Արցախի շահերը:
Որպես հետևանք, մենք վատնեցինք մեր եզակի հնարավորությունը՝ ստիպելու Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը 1990-ականներին, երբ թշնամին պարտված էր և տկար:
Չմտնելով անիմաստ բանավեճի մեջ, թե արդյոք նախկին կամ ներկայիս ղեկավարներն էին պատասխանատու 2020 թվականի մեր պարտության համար, ես կասեի, որ մենք բոլորս ենք պատասխանատու այդ աղետի համար:
Անցած պատերազմի ավարտից ի վեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժեց իր հրաժարականի բազմաթիվ առաջարկները և թույլ տալու, որ մի նոր ղեկավար ստանձնի ավերված երկրի կառավարման ղեկը։ Նա պնդեց, որ ինքը միակն է, որ կարող է լուծել երկրի առջև ծառացած վիթխարի խնդիրները: Ինչպե՞ս կարող էր մեկը, որի իշխանությամբ երկիրը նման պարտություն էր կրել, որևէ բան շտկել։ Բայց նա համառորեն կառչեց իր աթոռից:
Օգտագործելով իր տրամադրության տակ եղած պետական ռեսուրսները՝ նա կարողացավ համոզել ընտրությունների մասնակիցների կեսից փոքր-ինչ ավելիին՝ սատարել իրեն և իր կուսակցությանը: Իրականում Փաշինյանի օգտին քվեարկածների մեծ մասը դեմ է քվեարկել նախկին ղեկավարներին։ Ինչպես և սպասվում էր, պատերազմից գրեթե մեկ տարի անց ոչ միայն չեն լուծվել Հայաստանի խնդիրները, այլև շատ առումներով դրանք շատ ավելի վատթարացել են:
Չնայած նախկին ղեկավարներին իրենց իշխանության օրոք այնքան էլ չէին համակրում, սակայն թշնամանքի և ատելության այն աստիճանը, որ այսօր տեսնում ենք Հայաստանում, աննախադեպ է: Ցավոք, ներկայիս վարչապետն էլ ավելի սրեց իրավիճակը՝ անընդհատ սպառնալիքներ և նախազգուշացումներ հնչեցնելով ոչ միայն նախկինների, այլ իր հետ անհամաձայնություն ունեցող յուրաքանչյուրի դեմ։ Նա իր իշխանությունն սկսեց՝ քարոզելով ժողովրդավարություն և հանդուրժողականություն, բայց արագ դարձավ բռնակալ՝ հասարակությունը բաժանելով «սևերի» ու «սպիտակների», և սարսափելիորեն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բեմում մուրճ թափահարեց՝ սպառնալով ջարդել իր հակառակորդների գլուխները․․․
Նման թունավոր մթնոլորտում անհնար է ժողովրդին միավորել հասարակաց թշնամու դեմ: Շատ ավելի հեշտ է պայքարել երկրի ներքին քաղաքական հակառակորդների դեմ: Ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը պատրաստ չեն որևէ փոխզիջման գնալ երկրի խնդիրները լուծելու և հայրենիքը պաշտպանելու թշնամական հետագա ներխուժումներից:
Զարմանալի չէ, որ երբ անցյալ շաբաթ Փաշինյանը եկավ խորհրդարան՝ ներկայացնելու իր կառավարության հնգամյա ծրագիրը, ծեծկռտուք սկսվեց, որի հետևանքով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրամայեց մտնել դահլիճ և ընդդիմության որոշ ներկայացուցիչների բռնի ուժով դուրս բերել: Խորհրդարանն ավելի շատ նման էր ռազմական կայազորի, քան օրենսդիր ժողովի դահլիճի: Սիմոնյանը հաճախ էր ոտնահարում ընդդիմության ներկայացուցիչների ազատ խոսքի իրավունքը, երբ նրանք համարձակվում էին անդրադառնալ վարչապետին նվաստացուցիչ կերպով:
Նա հրամայեց անջատել ելույթ ունեցողների խոսափողերը, ինչպես նաև ժողովները հեռարձակող տեսախցիկները: Այս խիստ միջոցառումներն անհարիր են երկրի օրենսդիր մարմնին: Ծեծկռտուքի տգեղ տեսարանները հեռարձակվում էին աշխարհի տարբեր հեռուստաընկերություններով՝ խայտառակելով համայն հայությանը։
Արդյունքում, կառավարության առաջարկած հնգամյա ծրագիրը գրեթե չքննարկվեց: Փոխարենը, կրկնվեցին հարձակումները խորհրդարանականների կողմից՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ բերանացի:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը և Թուրքիան, քաջալերված իրենց վերջին հաղթանակից և տեսնելով խորը պառակտումները Հայաստանի ներսում, ոտնձգություն են կատարում Հայաստանի սահմանների վրա և պահանջում են ավելի ու ավելի շատ զիջումներ: Հայաստանի թուլացած առաջնորդը չի կարող դիմակայել Ադրբեջանի գոռոզ պահանջներին, մինչդեռ Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանը հետապնդում է իր շահերը՝ համաձայնեցնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
Եզրափակելով, կցանկանայի երկու կետ նշել, որոնք հաճախ քննարկվում են սոցիալական ցանցերում:
1) Փաշինյանին ուղղված ամենափոքր քննադատության դեպքում նրա կողմնակիցները շտապում են խրատել քննադատողներին՝ ասելով, որ Սփյուռքն իրավունք չունի քննադատել Հայաստանի կառավարությանը: Ես մերժում եմ նման առարկությունները, քանի որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ այն բանից, թե որտեղ են նրանք ապրում: Քննադատությունը կամ գովասանքը նշան է այն բանի, որ անհատն ավելի շատ հոգ է տանում իր հայրենիքի մասին, քան անտարբեր հանդիսատեսի կեցվածք ընդունում:
Ինչո՞ւ իրավունք ունենք կարծիք հայտնելու աշխարհի ցանկացած այլ երկրի, օրինակ՝ Աֆղանստանի մասին, սակայն երբ խոսքը վերաբերում է Հայաստանին՝ մեր հայրենիքին, մենք նման իրավունք չունենք: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ նրանք, ովքեր առարկում են սփյուռքահայերի կողմից Հայաստանի կառավարության հասցեին հնչող քննադատություններին, առարկություն չունեն, երբ վերջիններս գովաբանում են Հայաստանը: Հետևաբար, հարցը ոչ թե Հայաստանին քննադատելու իրավունք ունենալն է, այլ վարչապետի հասցեին քննադատություն լսել չցանկանալը:
2) Իմ կարծիքով, կառուցողական քննադատությունը շատ ավելի արժեքավոր է, քան ղեկավարի կույր աջակցությունը: Ո՞րն է ավելի հայրենասիրական՝ տեսնելով, որ ինչ-որ բան սխալ է ընթանում, բերանը փա՞կ պահել, թե՞ բարձրաձայնել ու փորձել ուղղել այն: Իմ կարծիքով, ուղղիչ գործողություններ ձեռնարկելը շատ ավելի հայրենասիրական է, քան լռելը՝ թույլ տալով, որ սխալը շարունակվի:
Հուսով եմ, որ մենք կդադարենք «ջութակ նվագել», կամ մեր դեպքում՝ իրար դեմ պայքարել, և ձեռք ձեռքի կտանք՝ ստեղծելու հզոր Հայաստան, որը կդիմանա մեր դարպասների առաջ բարբարոսների անդադար հարձակումներին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Yerevan.today-ը գրում է. «Կառավարության օգոստոսի 27-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե՝ մոտ 60 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր կա՝ նոր որակի ու նոր ստանդարտների բենզալցակայանների ցանցի ստեղծում Հայաստանում։ Ներդրումը, ասաց, Վրաստանից է։ Հստակ չասաց, թե ում մասին է խոսքը, ովքեր են ներդրում անողները։
Մի քանի բիզնես սննկացման տարած նախարարը պետք է որ լավ իմանա, թե Հայաստանի վառելիքի փոքր շուկայում այդքան գումարի ներդրումը ինչպես է կլանելու ամբողջ շուկան եւ դառնալու է մենաշնորհյալ։ Օլիգարխների վերակենդանացնող մեր կառավարությունը դրան սովորական է վերաբերվում․ նա այնքանով է ոգեւորված, որ ներդրում ենք ունենալու մեր երկրում։
Բայց ամենակարեւորն այն է, թե որ ընկերությունն է այդ մենաշնորհը փորձում հաստատել։
Մամուլին հաջողվել է որոշ փաստեր բացահայտել։ Մասնավորապես՝ Հայաստանում բենզալակայանների ցանց ստեղծելու ծրագրի հետեւում կանգնած է հայտնի մեծահարուստ, միջազգային սկանդալների մեջ հայտնված, տարբեր ժամանակահատվածներում ՌԴ–ի, Շվեդիայի ու Վրաստանի քաղաքացի հանդիսացող Դավիդ Յակոբաշվիլին։
Յակոբաշվիլին ղեկավարում է վրացական «Petrocas Energy Group»–ը եւ զբաղվում է բեռնափոխադրումներով։ Հենց այս կազմակերպությունն է փորձում գնել նախկինում հայաստանյան «Միկա» ընկերությանը պատկանող 21 բենզալցակայանները։ Ինքնին հասկանալի է, որ 21 լցակայանում հնարավոր չէ 60 միլիոն ներդրում անել, քանզի այդքան տեղ չկա։ Չէ՞ որ վրացի մեծահարուստը չի պատրաստվում լցակայանների պատերը ոսկուց սարքել։ 60 միլիոնի խոստումը նշանակում է, որ փորձ է արվելու ընդլայնվել ու ամբողջությամբ կլանել հայաստանյան բենզինի ու սալյարկայի շուկան։ Իսկ որ Յակոբաշվիլու կազմակերպությունն ունի այդ հնարավորությունը, երկրորդ կարծիք չկա։
Բանն այն է, որ «Petrocas Energy Group»–ին են պատկանում վրացական Փոթի նավահանգստի տերմինալները եւ ռեզերվուարները, որտեղ նավերից դատարկվում են բենզինն ու դիզվառելիքը։ 1 տոննա վառելիքի դատարկման համար այդ կազմակերպությունը գանձնում է 15 դոլարի չափ գումար եւ ունի շահույթ այդ գնի մեջ։
«Petrocas Energy Group»–ը նաեւ դեպի Հայաստան եկող վառելիքի երկաթուղային փոխադրողն է։ 1 տոննա բենզինը Փոթիից մինչեւ ՀՀ Այրում կայարան տեղափոխման համար հայկական ներկրողները վճարում են մինչեւ 200 դոլար։ Եվ դա այն դեպքում, երբ բեռնափոխադրման ինքնարժեքը չի գերազանցում 36 դոլարը։ Այսինքն՝ Յակոբաշվիլու կազմակերպությունը բառիս բուն իմաստով թալանում է հայ գործարարներին ու նաեւ սպառողներին։ Այդ փոխադրումների ծախսերը մտնում են ինքնարժեքի մեջ ու ի վերջո վճարվում մեր վարորդների կողմից (ի դեպ, ուշագրավ է, որ Վրաստանի ու Հայաստանի բենզալցակայաններում բենզինի ու սալյարկայի գները գրեթե նույնն են, եւ դա այն դեպքում, երբ ՀՀ բերված վառելիքի վրա բեռնափոխադրման ծախս է ավելանում․ Յակոբաշվիլին Վրաստանում պատկանում է «GULF» բրենդի տակ գործող ավելի քան 140 լցակայան եւ գներն այդ լցակայանում Հայաստանի գներն են)։
Ու հիմա եթե «Petrocas Energy Group»–ը դեպի Հայաստան բենզին տեղափոխողից դառնա նաեւ բենզին վաճառող, ապա ակնհայտ է, որ մրցակցային առավելություն կստանա, քանզի միայն բեռնափոխադրման գնի մեջ նա մյուսների համեմատ ունի առնվազն 150 դոլարի առավելություն 1 տոննայի դիմաց։ Դա նշանակում է, որ Հայաստանում շատ արագ գերմենաշնորհ կհաստատվի։ Այդ մենաշնորհի հաստատման սկզբնական փուլում բենզինի ու սալյարկայի գները կարող են իջնել, քանզի «Petrocas Energy Group»–ը շուկան գրավելու համար, ենթադրաբար, դեմպինգ կանի ու գները կիջեցնի, որպեսզի մյուս մասնակիցները բանկրոտի ենթարկվեն։ Հենց որ վերջնական մենաշնորհ հաստատվեց, գները կտրուկ կբարձրանան, բայց մեր պետությունն արդեն ոչինչ չի կարողանա անել, քանզի վառելիքի շուկայի ամբողջ շղթան՝ ներկումից մինչեւ մանրածախ վաճառք, կլինի մեկ կազմակերպության ձեռքում։
Բայց ամենասարսափելին սա չէ․ Յակոբաշվիլու գործընկերը վառելիքի շուկայում ադրբեջանական «Socar»–ն է՝ Ալիեւների կլանին պատկանող նավթային ընկերությունը։ Կան ողջամիտ կասկածներ, որ ի դեմս Յակոբաշվիլու Հայաստանի վառելիքի շուկա է ուզում անուղղակիորեն մուտք գործել «Socar»–ը՝ դրանից բխող քաղաքական, աշխարհաքաղաքական ու անվտանգային հետեւանքներով։
Այս ամենը, կամա թե, ակամա արվում է, մեր իշխանության թեթեւ ձեռքով; Իսկ եթե այդ ամենը արվում է իմանալով այս ամենը, ստացվում է, որ Քերոբյանն ադրբեջանաթուրքական շահեր է սպասարկում Հայաստանում, իսկ միգուցե ունի անձնական բնիզնես շահ։ Բայց հասկանալի է, որ նման կարգի հարաբերությունները, քաղաքականությունից, անվտանգությունից քիչ բան հասկացող մի նախարարի խելքի բանը չէ։ Բնականաբար՝ սա չի կարող լինել առանց թիմի ղեկավարի համաձայնության։
Բանն այն է, որ երկու ուշագրավ բանի ենք մենք ականատես պատերազմի ավարտից ի վեր․ Առաջինը 5 մլրդ դոլարի մասին խոսակցություններն են, որ Նիկոլը ստացել է Արցախի դիմաց ու որին մինչեւ այսօր պարզաբանում տրված չէ։ Եվ երկրորդը, որ Ալիեւը մշտապես ծաղրում է Փաշինյանին ու չի ստանում պատասխան․ ողջամիտ կասկածներ կան, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է արձագանքել Ալիեւին՝ վախենալով, որ նա ինչ-որ բաներ կհանրայնացնի։ Այնպես որ, կարող է պատահել՝ Փաշինյանը Ադրբեջանի հետ բիզնես առումով հաջող օրինակներ ունի։
Yerevan.Today-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հնարավորինս պարզաբանելու պատկերը։ Խնդրել է տեղեկատվություն հետեւյալի մասով․
1․ Ո՞ր ընկերությունն է նախարարի հայտարարած 60 մլն դոլարի ներդրում անելու։
2․ Ովքե՞ր են ընկերության սեփականատերերը կամ սեփականատերը, ի՞նչ ազգային պատկանելություն ունեն։
3․ Մամուլը հրապարակում է, որ խոսքը գնում է Դավիդ Յակոբաշվիլու մասին․ արդյո՞ք նա կամ նրա ընկերությունն է ներդրողը։
4․ Արդյո՞ք, Էկոնոմիկայի նախարարությունը, հաշվի առնելով ներդրման կապիտալի մեծությունը, գնահատել է հնարավոր ռիսկերը շուկայի մենաշնորհացման առումով։ Արդյո՞ք, հաշվարկվել եւ կանխարգելվել են ռիսկերը, որ այդ մենաշնորհային, կամ առնվազն գերիշխող դիրքերում հնարավոր է հայտվի մի ընկերություն որտեղ գերիշխում է ադրբեջանական կապիտալը, այդպիսով՝ ադրբեջանական ազդեցության տակ լինի։
Հարցման պատասխանը ստանալուն պես կայքը կհրապարակի»։
Դավադրություն եմ տեսնում հայ ժողովրդի հանդեպ եռամսյա հավաքներով։ Ասուլիսում այսպիսի կարծիք արտահայտեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։
«Անպաշտպան, սահմաններ չունեցող երկրում եռաամսյա հավաքում տանում են 20-35 տարեկան տղաներին, որոնք մեր գենոֆոնդի ամենաակտիվ մասն են։ Իսկ ինչու՞ երրորդ զորակոչային տարիքի ռեսուրսը չեք կանչում ՝ 45 տարեկանից բարձր, որոնք գոնե վերարտադրողական տարիքում չեն, որոնք ինչ-որ տեղ ունեն փորձառություն»,-ասաց Հովհաննիսյանն ու անդրադառնալով ԵԿՄ-ին հարց ուղղեց՝ «Ուր է մեր փառապանծ երկրապահը, վախկոտ Սասուն։ Ինչի երկրապահը չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում
ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։
Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Ջ․Բաբաևը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։ Սույն դեպքի հանգամանքների վերաբերյալ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Միաժամանակ հարկ ենք համարում արձագանքել սույն դեպքի շուրջ երեկվանից սկսված հրապարակումներին։ ԱՀ դատախազությունն անընդունելի է համարում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն ու ռազմական ոլորտին վերաբերող տեղեկությունների տարածման, հրապարակման, համացանցային տիրույթ ներբեռնելու և ինքնագործունեության նմանատիպ այլ դրսևորումները։ Դրանք հաճախ կարող են առաջացնել անդառնալի հետևանքներ, խոչընդոտել այլ հանցագործությունների արագ կանխման, խափանման և դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման գործին, առաջացնել չհիմնավորված խուճապ կամ անվերահսկելի ու անկառավարելի վիճակ՝ իր բոլոր բացասական հետևանքներով, որոնք կարծում ենք հասկանալի ու կռահելի են։
Նման դրսևորումները զուգորդվում են նաև մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակմամբ, տուժողի բնակարանի, ինքնության կամ անձնական այլ տվյալների բացահայտմամբ, որը ևս ենթակա է բացառման:
Երբ իրավապահ մարմինները քննարկում են հակառակորդի կողմից հնարավոր դիվերսիոն գործողության կազմակերպման կամ հանցավոր խմբի կողմից ԱՀ տարածք ներթափանցելու և լրտեսելու հնարավոր վարկածները, որոնց պատշաճ քննարկումը և հանցավորներին հայտնաբերելու հնարավորությունը ուղղակիորեն փոխկապակցված է հանցակցի բացահայտման դեպքի գաղտնիության հետ, իսկ դրան զուգահեռ՝ ԱՀ քաղաքացիների կամ այլ անձանց կողմից ընթանում է դեպքի հանգամանքների ինքնագլուխ լուսաբանում կամ տարածում, ապա այդպիսի իրավիճակում հաջողության հասնելու հնարավորությունը գրեթե զրոյացվում է:
Այդպիսի իրավիճակներից խուսափելու համար կարևոր են իրավապահ մարմինների մասնագիտական որակները, այս կամ այն քննչական գործողության կազմակերպման օպերատիվությունն ու գաղտնիության ապահովման հմտությունները, սակայն քաղաքացիների կողմից քաղաքացիական գիտակցություն, համբերատար զսպվածություն ցուցաբերելը, այս կամ այն լուրը առաջինը տարածողի` հանրորեն վտանգավոր հետևանքներ ծնող գայթակղությունից զերծ մնալու պարտադիրության գիտակցումն անհրաժեշտություն է:
Հավաստիացնում ենք, մերօրյա արտաքին ու ներքին սպառնալիքների, վտանգների պայմաններում ԱՀ դատախազությունը բաց ու հրապարակային է աննախադեպ չափով` պատրաստ պատասխանել հրապարակման ենթակա ու գաղտնիք չպարունակող տեղեկության վերաբերյալ ցանկացած հարցման: Ուստի նման իրավիճակներում առավել նպատակահարմար է ապավինել տեղեկության ստացման սահմանադրական իրավունքներին:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Մենք առանձնացրել ենք Ադրբեջանի նախագահի «CNN Türk»-ին օգոստոսի 14-ի հարցազրույցի և օգոստոսի 16-ին Քարվաճառ ու Բերձոր նրա այցերի ելույթի այն հատվածները, որոնք հայատյացություն ու թշնամանք են պարունակում և հայերեն ու անգլերեն լեզուներով ուղարկել ենք ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին:
Հարցն այն է, որ այդ ելույթներով գեներացվում է ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, դրանցով տրվում են սպառնալիքներ, արվում են վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ: Այդ ելույթները խաթարում են խաղաղությունը:
Իսկ հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների ու սպանությունների փաստերը վկայում են ադրբեջանական զինված ուժերը դրանք իրականացրել են՝ ոգեշնչված լինելով հենց իրենց գերագույն գլխավոր հրամանատարից:
Ադրբեջանական նման քաղաքականության ուղիղ հետևանքներն են ներկայում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների զանգվածային խախտումները (կրակոցներ գյուղերի ուղղությամբ, սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, գողություններ և այլն):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես է իրականացնում ադրբեջանական իշխանության մարմինների ուղերձերի ու ելույթների ուսումնասիրություն՝ պետական բարձր հովանավորչությամբ թշնամանքի ու հայատյաց քաղաքականության ապացույցները փաստագրելու նպատակով: Ընդ որում, նյութերն առաջնահերթ ուսումնասիրվում են ադրբեջաներենով:
Այս ամենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, առկա ոտնահարումները վերացնելու նպատակով»:
ՀՀ-ն զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք։ Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Ագրեսիվ որևէ մտադրություն չունենք և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է։ Պատրաստ ենք այս օրակարգի շուրջ ակտիվ երկխոսություն սկսել միջազգային մեր գործընկերների աջակցությամբ»,-նշեց վարչապետը։
Նա նշեց, որ այս հարցերն ավելի մանրամասն կքննարկեն կառավարության գործունեության հնգամյա ծրագրի ընդունման ժամանակ։
Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք առաջարկների։ Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ` սադրիչ քայլերից զերծ մնալու կոչ անելով։ ՀՀ ԱԳՆ–ն հուլիսի 3-ին հանդես եկավ հայտարարությամբ` ողջունելով համանախագահների հայտարարությունը։ Մեզ համար միանշանակ ընդունելի է նաև սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։ Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ ու միջավայր ձևավորելու համար»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` սադրիչ գործողություններ և խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս։ Ըստ Փաշինյանի` հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումն էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունության համար։ Վարչապետը հավելեց` այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի գործարկման։
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան»,–ասաց նա։
Փաշինյանի խոսքով` հարցեր կան, որ ավելի երկար ժամանակ են պահանջում լուծումների համար, սակայն մեր տրամադրվածությունը պետք է լինի գնալ լուծումների։ Նա նշեց, որ այդ հարցերից մեկը, որը հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է։
Փաշինյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ օր առաջ պետք է վերսկսվի աշխատանքը փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։
Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ողջունելով հյուրին՝ պաշտպանության նախարարը, մասնավորապես, նշել է. «Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը, երկու ուղղությամբ, ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժամանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»:
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին:
ՀՀ պաշտպանության նախարարը Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:
Ստանիսլավ Զասը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Այնուհետև, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.