23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հակադարձել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը իր ելույթում կրկնել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում և Ադրբեջանում ներկայումս երկու շրջան կա` Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի»:
Ի պատասխան այդ հայտարարությանը` Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չի կարող լուծվել ուժի միջոցով և հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով ՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի շրջանակներում։
«Վերահաստատում եմ, որ Հայաստանը հավատարիմ եղել է, մնում է և կլինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր կետերի կատարմանը: Ընդ որում, ես ուզում եմ վերընթերցել կամ վերաշարադրել շատ կարևոր նրբություն` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով։ Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով ՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի շրջանակներում։ Եվ այս իմաստով տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ դուրս գալու, իրավիճակը լիցքաթափելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և հրաժարվի ագրեսիվ հռետորաբանության և թշնամական գործողությունների քաղաքականությունից»,- եզրափակել է Գրիգորյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Խոջոյանն ու Վարդազարյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռները։
Առաջին գործով դիմումատուներն են Հասմիկ Խոջոյանը, Հեղինե Վարդազարյանը և Հայկազ Խոջոյանը (այժմ մահացած), որոնք Հայաստանի քաղաքացիներ են՝ ծնված համապատասխանաբար 1964, 1967 և 1959 թթ.-ին։
Գործը վերաբերում է դիմողների հոր՝ Մամիկոն Խոջոյանին, որը գերեվարվել ու խոշտանգվել էր Ադրբեջանի կողմից 2014թ-ի սկզբին։ Մամիկոն Խոջոյանը Վերին Կարմիրաղբյուր գյուղի (Տավուշի մարզ) բնակիչ էր։ Նա տնից դուրս էր եկել 2014 թվականի հունվարի 28-ի առավոտյան ու հայտնվել ադրբեջանական գերության մեջ։ Երկու օր անց ադրբեջանական կողմը հաղորդեց, իբր, նա հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդ է և բերման է ենթարկվել։
Նա Հայաստանի իշխանություններին է հանձնվել 2014 թվականի մարտի 4-ին և տաս շաբաթ անց մահացել տանը։
Այս գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ
Մամիկոն Խոջոյանի մասով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի և հետաքննության) խախտում
Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների պատճառով 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելք) խախտում։
Մամիկոն Խոջոյանի մասով 5-րդ հոդվածի խախտում (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)։
ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 40,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
«Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուն Արտուշ Պետրոսյանը, ազգությամբ հայ է, ծնված 1957 թվականին և բնակվում է Չինարիում։
Նշվում է, որ որդին՝ 1981 թվականին ծնված Կարեն Պետրոսյանը, նրա հետ ապրել է Ադրբեջանի հետ սահմանամերձ Չինարիում։
2014 թվականի օգոստոսի 7-ին նրա որդին հատել է Ադրբեջանի սահմանը և գերի է ընկել ադրբեջանցիների զինված ուժեր կողմից։ Նա մահացել է գերության մեջ։
Կարեն Պետրոսյանի գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 2-ի խախտում (հետաքննություն և կյանքի իրավունք), 3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելում):
ՄԻԵԴ որոշմամբ Ադրբեջանը պետք է վճարի 40 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի VIII-րդ գլոբալ համաժողովի («Աշխարհը COVID-19-ից հետո») շրջանակում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ անելով հետևյալ հայտարարությունը.«Ադրբեջանը մի շարք առաջարկներ է արել Հայաստանին՝ սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, քանի որ մենք մտադիր ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին։ Սակայն, ցավոք, այս առաջարկը մինչ այժմ մնացել է անպատասխան»։
Ինչպես գրում է haqqin.az-ը, Ալիևը նշել է, որ Ադրբեջանն առաջարկել է նաև սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց՝ երկու երկրների տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։
«Այս ամենը համապատասխանում է միջազգային նորմերին, բայց, ցավոք, այդ հարցը դեռ լուծված չէ», — ասել է Ալիևը, որի պնդմամբ՝ Ադրբեջանը առավելագույն կառուցողականություն է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
Նա ընդգծել է, որ «պետք է նայել ապագային և ապահովել այն որպես կանխատեսելի, պատրաստ լինել լայնածավալ համագործակցության»:
Ալիևը շեշտել է, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի Հայաստանի դիրքորոշումից։
«Մեր դիրքորոշումը միանշանակ պարզ է. մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններ սկսել և խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Մենք ուզում ենք շրջել այս էջը և որոշել սահմանները, բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանից արձագանք չկա։ Կարելի է ասել, որ մի ամբողջ տարի լռում են։ Կարծում եմ, որ նրանք չեն կարողանա դիմակայել Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը»,-ասել է Ալիևը։
«Մենք բացառապես փաստերով հիմնավորել ենք ադրբեջանական կողմի հանցավոր, ահաբեկչական բնույթի արարքները։ Ցույց ենք տվել կապը Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության ու շարունակվող խախտումների միջև»,- ընթացող ասուլիսում այս մասին հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա ներկայացնում է ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես բնակչության իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք Հայաստանում: Ապացույցների վրա հիմնված ծավալուն փաստաթուղթը կուղարկվի պետական մարմիններին ու միջազգային կազմակերպություններին:
«Մենք հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտի, որ ադրբեջանական զինվորները, դրոշները, տարբեր սարքավորումներ, տեսախցիկներ պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից»,- ասաց Արման Թաթոյանը։
Նա ընդգծեց, առանց դրա չի կարող լինել Սյունիքի, Գեղարքունիքի գյուղերի բնակիչների բնականոն կյանքի իրավունքի վերականգնում։
«Դա պետք է լինի ոչ թե մեր հաշվին։ Նրանք պետք է հեռանան։ Ադրբեջանական զինվորների բոլոր տեղակայումներն անխտիր անօրինական են։ Նրանք հայտնվել են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին պատերազմի սպառնալիքների ներքո առանց մասնագիտական աշխատանքերի ու վերլուծությունների։ Ավելին, դեմարկացիայի ու դելիմիտացիայի բացակայության պայմաններում հիմք չեն ընդունվել միջազգային չափանիշները, մինչդեռ պետք է ուսումնասիրվեին կադաստրային փաստաթղթերը, հողահատկացման հարցերը։ Մենք ունենք դեպքեր, երբ Խորհրդային Միության տարիներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիակապես ներկա են ադրբեջանցիներ»,-ասաց Արման Թաթոյանը։
Նա հիշեցրեց միջազգային այն պահանջի մասին, որ սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան չեն կարող համարվել լեգիտիմ, եթե չեն ապահովում մարդու իրավունքները, չեն համապատասխանում ժողովրդավարության ու իրավունքի գերակայության կանոններին, չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին: Հարցազրույցը՝ ստորև.
— Արմեն Վարդանովիչ, շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել և շնորհակալություն, որ մեզ հյուրընկալում եք Դիլիջանում, որը շատ գեղեցիկ քաղաք է:
— Առաջին անգա՞մն եք:
— Այո, նախկինում չենք եղել:
Մենք հանդիպում ենք մի ժամանակահատվածում, որն, ըստ էության, համընկնում է մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմի ավարտի օրվա տարելիցի հետ: Ի՞նչ եք կարծում, այս մեկ տարվա ընթացքում Հայաստանն ինչպիսի՞ դասեր է քաղել կատարվածից։
— Դժվար է ասել, թե ինչպիսի դասեր է քաղել, քանի որ դրա համար ժամանակ է պետք, նույնիսկ մեկ տարին քիչ է: Ցանկացած պատերազմ ողբերգություն է բերում, սակայն այն կրկնակի ողբերգություն էր, որովհետև ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակն էր տարածվում: Նման մեծ, համաշխարհային ողբերգությունների ժամանակ, մենք՝ որպես մարդկային արարածներ, որոնք ապրում են այս մոլորակի վրա, պետք է ավելի շատ համագործակցենք, խոսենք միմյանց հետ, քան պատերազմենք: Այս ամենը ինձ հիշեցնում է Քիպլինգի գիրքը ջունգլիների մասին, երբ ջունգլիներում հրդեհ է կամ ջրի սակավություն է, նույնիսկ կենդանիներն են հավաքվում աղբյուրի մոտ և չեն կռվում:
Այդ ամենն իսկապես շատ ողբերգական էր: Մենք զուգահեռաբար կորցնում էինք հիմնականում երիտասարդ կյանքեր:
Իրական դասերի մասին կարող ենք խոսել միգուցե 10, 20 տարի հետո, երբ իրական պատմությունը գրվի: Մի բան հասկանալի էր, որ այդ պատերազմում Հայաստանը Ադրբեջանից առաջ չէր, հետ էր ռազմատեխնիկական պատրաստվածության իմաստով:
— Այս անգամ դուք առնչվեցիք անօդաչու թռչող սարքերի հետ:
— Երբ ասում եմ՝ հետ ենք, նկատի ունեմ, որ մենք պետք է մեր ԱԹՍ-ները ունենայինք, մեր սեփականը, քանի որ Ադրբեջանը հիմնականում օգտագործել է թուրքական, իսրայելական ԱԹՍ-ները: Հայաստանը պետք է պատրաստվեր այդպիսի պատերազմի, 21-րդ դարի պատերազմի:
— Հայաստանը հետ էր, բայց իսկ ինչու՞ հայտնվեց հետևում՝ որովհետև բոլորը վստահ էին, որ ցանկացած պահի կարող են հաղթե՞լ՝ վերհիշելով 1990-ական թվականները:
— Դա շատ ավելի ֆունդամենտալ, ծանր հարց է, որովհետև, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում այսօր այսպիսի միտում կա՝ մենք ձևացնում ենք: Մենք ձևացնում ենք, թե ինչ-որ բան ենք անում, ձևացնում ենք, թե ժողովրդավարություն ունենք, (Հայաստանի մասին չեմ ասում, այլ՝ ընդհանրապես), ձևացնում ենք, թե ունենք գիտության շատ բարձր մակարդակ․․․ Սակայն ամենավատն այն է, երբ սկսում ենք հավատալ այն ամենին, ինչը ձևացրել ենք: Ինքներս մեզ վստահեցնում ենք, և դա շատ վտանգավոր է:
Այո, առաջին պատերազմում Հայաստանը հաղթող էր: Իսկ պատմականորեն դա ի՞նչ է նշանակում: Անցել է 26 տարի, և այդ 26 տարիների ընթացքում հնարավոր էր և պետք էր ստեղծել իրապես ուժեղ բանակ, ամրապնդել մեր տնտեսությունը, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կարելի էր և պետք էր բարձրացնել բոլորովին այլ մակարդակի: Ես չեմ ասում, որ այդ հարաբերությունները վատն են, սակայն, ես միշտ իմ կյանքում, եթե ինչ-որ բանի հասել եմ, նույնիսկ իմ երեխաներին, իմ ուսանողներին ոգեշնչել եմ, որ ավելի հեռուն գնան:
— Իսկ հասկանալի՞ է, թե ինչն է պետք բարելավել:
— Ինձ հասկանալի է: Առաջին հերթին պետք է հասկանալ, որ հայ-ռուսական հարաբերությունները հատուկ, առանձին թեմա են: Թույլ տվեք դա բացատրել գիտական տեսանկյունից:
Մաթեմատիկական տեսությունը կառուցում ես որոշակի բաների վրա: Առաջին հերթին այն կառուցվում է աքսիոմաների վրա: Եթե նման մաթեմատիկական համատեքստում դիտարկենք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ապա դա աքսիոմա է: Այդ հարաբերությունները եղել են մի քանի հարյուրամյակներ և ապացուցման կարիք չունեն:
Հայերն ապրել են Ռուսական կայսրությունում, հայերն ապրել են Օսմանյան կայսրությունում: Ի՞նչ է մնացել այն հայերից, որոնք ապրել են Ռուսական կայսրությունում՝ անկախ Հայաստանի Հանրապետություն և հայեր, որոնք շատ ապահով ապրում են Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ: Այդ պատճառով՝ հայ-ռուսական հարաբերությունները աքսիոմա են:
Այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները տեսություններ են, որոնք ապացուցվում են: Այդ տեսությունների ապացուցումը կապված է ժամանակի հետ, այդ հարաբերությունները բարձրանում կամ իջնում են, և ամեն անգամ դա պետք է ապացուցել:
Մենք իսկապես կարող ենք ուրախ լինել նրանով, ինչ ունենք: Ես նրանցից մեկն եմ, որ այդքանով ուրախ չեմ և կարծում եմ՝ իրական, ամենօրյա, տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է՝ չնայած ասում եք, որ Ռուսաստանը հսկայական երկիր է, իսկ Հայաստանը՝ փոքր:
— Դուք ասում եք, որ աշխարհը փոխվում է: Ինչպիսի՞ն է այն դառնում:
— Աշխարհը շատ արագ է դարձել, ամեն բան շատ արագ է փոխվում: Շատերի համար այն դարձել է անկանխատեսելի: Աշխարհը դարձել է անհասկանալի, շատ միջազգային կազմակերպություններ, օրենքներ, որոնք աշխատում էին նախկինում, այսօր չեն աշխատում: Շատերի համար աշխարհը դարձել է ոչ միայն անկանխատեսելի, այլև մեծացել է վտանգի զգացումը: Աշխարհը դարձել է ոչ միայն անկանխատեսելի, այլև շատ արագ փոփոխվող:
— Դուք չե՞ք մտածել այն մասին, որ մենք այսքան ապրել ենք, իսկ հիմա հասել ենք մի պահի, երբ այն ամենը, ինչով ապրել ենք, մնացել է անցյալում:
— Մենք չենք նկատել այդ փոփոխությունները: Ես այս մասին սկսեցի մտածել 2001-2002 թվականներին, երբ Դավոսում հայտարարեցի, որ աշխարհը փոխվում է: Այդ ժամանակ առաջին անգամ խոսեցի այն մասին, որ աշխարհը դարձել է քվանտային: Ասացի, որ սա այն դասական աշխարհը չէ, որտեղ նախկինում ապրում էինք: Այն ժամանակ բոլորը խոսում էին նոր արդյունաբերական հեղափոխության մասին, իսկ հիմա ապրում ենք մի ժամանակահատվածում, որը ես անվանում եմ ոչ թե 4-րդ կամ 5-րդ արդյունաբերական հեղափոխություն, այլ R-evolution, այսինքն՝ արագ էվոլյուցիա: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն օր տեղի է ունենում էվոլյուցիա: Տեսեք, թե ինչ արագ են զարգանում տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչ մեծ քանակությամբ տեղեկատվություն ենք հավաքում: Այս ամենն էքսպոնենցիալ է աճում:
— Երբ պատրաստվում էի հարցազրույցին, մի հարց գրեցի, և այնպես ստացվեց, որ դրա մասին մտածեցի նաև այն ժամանակ, երբ Դուք Ռոմանո Պրոդիի հետ բանավիճում էիք: Չե՞ք կարծում, որ Հայաստանը մոտենում է, ինչպես անգլերենով են ասում, fail state՝ ձախողված, չկայացած պետության կարգավիճակի: Ռոմանո Պրոդին խոսում էր հենց դրա մասին, որ փոքր երկրները, պետությունները առաջիկայում պետք է որոշեն, թե ում հետ են և այլ պետությունների մաս կազմեն:
— Դուք ճիշտ նշեցիք, որ նրա հետ ես բանավիճում էի, որը բարեկամական բանավեճ էր:
Ես նրա հետ բոլորովին համաձայն չեմ և համաձայն չեմ նաև Ձեր ձևակերպման հետ: Ճիշտ հակառակն է: Այն, ինչ կատարվեց պատերազմից հետո… Դուք առաջինը չեք, որ ասում եք, թե Հայաստանը ձախողված երկիր է, անկառավարելի է: Դա հասկանալի էր, քանի որ առաջին օրերն էին, անհասկանալի էր, շփոթություն կար, ամեն ինչ հասավ նրան, որ Գլխավոր շտաբը սկսեց ինչ-որ մտքեր հրապարակել, ես իմ նախագահության երեք տարիների ընթացքում առաջին անգամ մտա այդ կառույց, (ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ և, անշուշտ, ես չեմ ղեկավարում բանակը, սակայն ես ստիպված էի այնտեղ գնալ) և լուրջ խոսակցություն ունեցա գեներալների հետ, չեմ կարող, իհարկե, մանրամասներ ներկայացնել այդ հանդիպումից: Այսինքն, պետք էր հաղթահարել նման ճգնաժամերը:
Սակայն, մյուս կողմից, ես առաջին օրից հայտարարել եմ, որ այդ դժվար պահի հանգուցալուծման որոշումը պետք է գտնել ընտրությունների միջոցով: Իմ առաջարկը շատ պարզ էր՝ առաջին հերթին պետք էր ունենալ պրոֆեսիոնալ կառավարություն, որն այս կամ այն ուժին չաջակցեր, իսկ երկրորդը՝ մենք պետք է աշխատեինք Սահմանադրության փոփոխության ուղղությամբ:
— Այո, մենք դրա մասին խոսել ենք մարտին:
— Սահմանադրական փոփոխությունները չեն ենթադրում ոչ հավասարակշռված խորհրդարանական համակարգից անցում կատարել ոչ հավասարակշռված նախագահականի: Ոչ: Եթե ցանկանում ենք խորհրդարանական, ապա կառավարումը պետք է հավասարակշռված լինի:
— Ինչքան հասկանում եմ՝ Սահմանադրության հարցը, ես վերջերս եմ շփվել խորհրդարանի խոսնակի հետ, առաջնային չէ: Նա ասաց, որ մտածելու են այդ մասին…
— Թույլ տվեք ավարտել: Որևէ էական տարբերություն չի լինի, եթե մեկ ոչ հավասարակշռված համակարգը փոխարինենք մեկ այլ ոչ հավասարակշռված համակարգով: Ես կնախընտրեի վերադառնալ նախագահական համակարգի, շատ պարզ պատճառով. մեր հասարակությունը ապրել է Ռուսական կայսրությունում, Խորհրդային Միությունում, ունեցել է երեք նախագահ, և նրա համար խորհրդարանական կառավարման համակարգի կոնցեպցիաները հասկանալը շատ դժվար է:
Սակայն ամեն դեպքում՝ լինի նախագահական, թե խորհրդարանական, շատ կարևոր է կառավարման հավասարակշռումը: Երբ խոսում եմ Սահմանադրության փոփոխության մասին, ոչ մի դեպքում ինձ նկատի չունեմ: Եթե մենք ամեն դեպքում Սահմանադրությունը փոխենք, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի:
Եթե մենք նման որոշում կայացնենք և նոր Սահմանադրություն ընդունենք, ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ, որպեսզի մարդկանց ցույց տամ, որ դա ինձ կամ իմ իշխանության համար չէ, այլ՝ նրա համար, որ մեր երկրի համար ավելի հեշտ և լավ լինի, և երբ երկրում դժվարին ժամանակներ լինեն, շատ հստակ լինի, թե ով է պատասխանատվություն կրում, ով է որոշումներ կայացնում:
Մենք ընտրություններ ունեցանք, Սահմանադրությունը չփոխեցինք: Ընտրությունների թեմայով քննարկում եմ ունեցել վարչապետի, ընդդիմադիր կուսակցությունների հետ, և դրանք տեղի ունեցան: Իսկ ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո: Փողոցում լարվածությունը կտրուկ նվազեց: Սակայն այսօր լարվածություն կա խորհրդարանականների միջև: Նորմալ է, որ լարվածությունը խորհրդարանում է, սակայն նորմալ չէ, երբ փողոցում էր: Ինձ համար՝ որպես երկրի նախագահ, շատ կարևոր է, որ փողոցում լարվածություն չլինի, որ լարվածություն չլինի բանակի և քաղաքական գործիչների միջև: Ինձ համար՝ որպես նախագահ, շատ կարևոր է, որ փողոցում լինի հանգիստ և կայուն վիճակ: Այսօր Երևանում փողոցները հանգիստ են և կայուն: Կշարունակվի՞ արդյոք այդ հանդարտությունը, մշտապես: Ոչ:
— Ոչ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մյուս շաբաթվանից ակցիաներ են լինելու:
— Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է․․․Գիտեք ինչ, հայտարարելը մեկ բան է, փողոցային…
Եղել են ընտրություններ, խնդրեմ, կան արդյունքները: Գործող քաղաքական ուժը, կուսակցությունը գտնվում է խորհրդարանում, կարող են նաև այնտեղ աշխատել… Ամեն դեպքում լարվածությունը կտրուկ նվազել է:
— Այսինքն, այդ խորհրդարանական ընտրություններից հետո Ձեզ համար կարևորն այն է, որ լարվածությունը նվազե՞լ է:
— Այո, լարվածությունը նվազել է: Կան կոնկրետ բաներ: Ժողովուրդը մանդատ է տվել կառավարությանը, որ լուծեն խնդիրները՝ տնտեսական, վիճակագրական, հարկերի և մնացած ամեն ինչի հետ կապված: Մեր երիտասարդ տղաները դեռևս գտնվում են Ադրբեջանում: Դա բոլորովին աննորմալ է: Խնդիրներ կան դեմարկացիայի հետ, հարցեր, որոնք կապված են Հայաստանի և Ադրբեջանի ապագա հարաբերությունների հետ: Սրանք հարցեր են, որոնք կառավարությունը պետք է լուծի: Ժողովուրդը նրան մանդատ է տվել:
— Ինչո՞ւ մեկ տարի անց գերիները դեռևս շարունակում են մնալ Ադրբեջանում:
— Այդ հարցը ինձ չպետք է հղեք:
— Այո, ես հասկանում եմ…
— Այդ հարցը պետք է նախ և առաջ ուղղեք Ադրբեջանին: Հիշում եմ՝ 1994-ին՝ առաջին պատերազմից հետո, բոլոր ռազմագերիները, որոնք եղել են Հայաստանի, Ղարաբաղի տարածքում վերադարձվել են Ադրբեջանին: Ինչու՞ է Ադրբեջանը որոշել այսօր չվերադարձնել և դատեր, բեմականացումներ անել, օգտագործել մարդկային կյանքները որոշակի խնդիրների լուծման համար:
Այդ հարցը պետք է տաք առաջին հերթին Ադրբեջանին, այդ հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին չէ, այլ գտնվում է մարդկային հարաբերությունների մակարդակում, քանի որ նույնիսկ մեծ պատերազմների ժամանակ կողմերը փոխանակվում են գերիներով:
Այս հարցը նաև միջազգային հանրության տիրույթում է: Ես, որպես նախագահ, գերիների վերադարձի հարցով դիմել եմ ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ՆԱՏՕ-ին, բոլորին: Իսկ ինչու՞ արդյունք չկա: Երևի մի քանի պատճառ կա: Առաջինը՝ հնարավոր է՝ միջազգային կազմակերպություններն այնքան էլ արդյունավետ չեն, նրանց այնքան էլ չեն հարգում, ինչպես 30 տարի առաջ էր: Սակայն ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ապագայի մասին խոսելն այլ թեմա է: Երկրորդը՝ հնարավոր է՝ հարցն այն է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային կազմակերպություններին:
— Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է օգնել:
— Ռուսաստանը միշտ կարող է օգնել ամեն հարցում:
— Մեկ տարի առաջ մենք խոսեցինք Թուրքիայի մասին, որ նա կրկին գալիս է տարածաշրջան, շատ է աջակցում Ադրբեջանին: Մեկ տարի անց ինչպիսի՞ միտումներ եք տեսնում: Թուրքիան հանդարտվե՞լ է:
— Թուրքիան հանդարտվե՞լ է: Ես չեմ կարող նման ախտորոշում անել: Ըստ էության, Թուրքիայի ռազմավարության մեջ ոչինչ չի փոխվել, որովհետև հարավկովկասյան պատերազմը միակը չէր, որը կապված էր Թուրքիայի հետ: Այն ավելի մեծ՝ տարածաշրջանային, գլոբալ քաղաքականության մասն է կազմում: Հիշենք, թե որտեղ է Թուրքիան և ինչու մուտք գործեց Լիբիա, ինչու է այդքան ակտիվ Իրաքում, այսօր ինչու է Լիբանանում, արևելքում, կամ ինչու է այդպես տեղավորվել Սիրիայում, ինչու է Միջերկրականում հրահրում Կիպրոսին, Հունաստանին, ինչու է Եվրոպական միության սահմանում պահում հազարավոր փախստականների: Այս իմաստով Եվրոպան Թուրքիայի գերին է, քանի որ եթե այդ հազարավոր փախստականները մուտք գործեն Եվրոպա, ապա Եվրոպայի կայունության մասին խոսելը շատ դժվար կլինի:
— Թուրքիան իրավունք ունի՞ նեղանալու. տասնյակ տարիներ նրան Եվրոպական միություն չեն ընդունում:
— Ձեզ հետ համաձայն չեմ, քանի որ նեղանալու համար պետք է վստահ լինել, որ ճիշտ առաջարկ ես արել: Եվրոպական միություն մտնելն ամուսնության կամ ընտանիք մտնելու պես է: Սակայն Թուրքիան պատրա՞ստ էր մուտք գործել այդ ընտանիք:
Մեզ հետ պատերազմը Թուրքիայի ընդհանուր քաղաքականության շարունակություն էր՝ իրագործելով տարածաշրջանում ավելի ազդեցիկ դառնալու ցանկությունը: Ուզենք, թե չուզենք՝ Թուրքիան Հարավային Կովկասում ավելի ազդեցիկ է դարձել: Տնտեսական առումով Թուրքիան շատ ազդեցիկ է Վրաստանում: Այսօր Թուրքիան մեծ թափով մուտք է գործել Ադրբեջան: Հասկանալի է նման պատերազմից հետո թուրքական զինված ուժերի ազդեցությունը ադրբեջանական զինված ուժերի վրա, նա մեծ ազդեցություն է ունեցել Ադրբեջանի ինքնիշխանության վրա, ազդեցություն ունի Ադրբեջանի տնտեսության, համապատասխանաբար՝ լոգիստիկայի, տրանսպորտային միջոցների՝ ներառյալ նավթատարների վրա, որոնք գնում են Բաքվից Թբիլիսի, Ջեյհան: Թուրքիան ռազմաքաղաքական առումով դարձել է ավելի ազդեցիկ: Մյուս կողմից, թուրքական տնտեսությունն աշխարհում ամենալավերից չէ: Ինչպես հայտնի է, շատ ներդումային ընկերություններ դուրս են գալիս Թուրքիայից: Տնտեսական անկումը փոխհատուցվում է մեծ ակտիվությամբ:
— Հարցնեմ Իրանի մասին: Մեկ տարի առաջ մենք այդ երկրի մասին չէինք լսում, իսկ այսօր Իրանը ևս նշանակալի դեր է սկսել ունենալ: Հայաստանն Իրանի հետ լավ հարաբերություններ ունի, որոնք ավելի սերտ են դարձել, քան մեկ տարի առաջ: Ինչո՞վ է դա պայմանավորված:
— Նախ, ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ հետ չհամաձայնել: Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ լավ են եղել: Այդ երկրի կառավարությունը նաև ֆինանսապես է աջակցել հայկական հոգևոր և մշակութային կենտրոնների պահպանությանը, ի տարբերություն Թուրքիայի: Եվ ասել, որ մեր հարաբերություններն ավելի լավն են դարձել…
— Ամեն դեպքում, տպավորություն կա, որ այս պատերազմից հետո այդ հարաբերություններն ավելի սերտ են դարձել:
— Իրանը մեր հարևանն է: Այն, ինչ կատարվում էր Հայաստանի հարավում պատերազմի ընթացքում, անմիջական կապ ունի Իրանի հետ: Այդ հատվածը սահմանակից է Իրանին, և զարմանալի կլիներ, եթե Իրանն ընդհանրապես ոչինչ չխոսեր այդ մասին:
— Կարծում եմ՝ Իրանին նաև շատ անհանգստացնում է Թուրքիայի տեղակայումը:
— Իրանին շատ բաներ կարող են անհանգստացնել, ուստի դա իրենց իրավունքն է՝ հայտնել իրենց կարծիքը, իսկ մենք պետք է ականջալուր լինենք դրան: Աստված տա, որ տարածաշրջանի մյուս խաղացողները ևս լսեն այդ կարծիքը:
Հարցն այն է, որ պատերազմից հետո շատերը սկսեցին խոսել, որ պատերազմի ժամանակ շատ դժվար էր ստանալ միջազգային աջակցություն տարբեր կազմակերպությունների, պետությունների կողմից, որոնք ակտիվորեն կսկսեին պաշտպանել պատերազմը դադարեցնելու գաղափարը: Իհարկե, կային երկրներ, որոնք շատ բարեկամական էին, ինչպես Ֆրանսիան, որն անհանգստանում էր և այդ ամենն ի ցույց էր դնում: Սակայն ակտիվության առումով նույնը չեմ կարող ասել մյուս եվրոպական երկրների մասին: Իսկ արդեն պատերազմից հետո բոլորը սկսեցին ակտիվորեն խոսել:
— Պատմական փաստերի մասին. Դուք երևի թե լսել եք նախագահ Պուտինի հայտարարությունը «Վալդայ» ակումբում, որտեղ նա ասաց, որ պետք է նայել Գլխավոր շտաբի՝ 1920-ականների քարտեզները, որոնք առկա են Ռուսաստանում , և դրա հիման վրա տարածքի սահմանազատում կատարել: Կա՞ հայտարարության վերաբերյալ որևէ գնահատական: Արդյո՞ք համաձայն եք այդ հայտարարության հետ:
— Պատերազմից հետո ես նամակ գրեցի Վլադիմիր Պուտինին, քանի որ գիտեի, որ այդ քարտեզները պահվում են Ռուսաստանի Դաշնությունում: Իհարկե, չգիտեմ, թե հստակ որտեղ:
— Նա ասաց՝ Գլխավոր շտաբում:
— Ուրեմն՝ Գլխավոր շտաբում: Պատերազմը կանգնեցնելու առաջին իսկ օրվանից մեծ խնդիրներ ի հայտ եկան: Դրանք մեծամասամբ կապված էին այն գյուղերի հետ, որոնք գտնվում էին այդ գործողությունների սահմանին: Կապված էին ընկերությունների հետ, որոնք ևս այդ գծի վրա էին, այդ թվում և՝ ընկերություններ, որոնց սեփականատերերը ՌԴ քաղաքացիներ են: Դրանք հանքային ընկերություններ էին, և այժմ պարզ չէ՝ հանքերը ա՞ջ, թե՞ ձախ կողմում են: Այդ ժամանակ ես Վլադիմիր Պուտինին նամակ գրեցի, որ քարտեզները պահպանվում են: Մինչդեռ Ադրբեջանը օգտագործում է Google-ի ինչ-որ քարտեզ: Ես մաթեմատիկա ու ծրագրավորում գիտեմ, կարող եմ նկարել այնպես, որ Google-ում հայտնվի Դիլիջանի այնպիսի քարտեզ, որը հասնում է այնտեղ, որտեղ Ձեզ պետք է: Դրանք վիրտուալ քարտեզներ են:
Մենք ունենք պատմություն, ընդհանուր պատմություն՝ Ռուսական կայսրությունում, Խորհրդային Միությունում: Այդ հարցերով զբաղվում էին դեռ խորհրդային ժամանակներում: Եթե ես չեմ սխալվում՝ սկսած 1984 թվականից ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը երկկողմ էր՝ Մոսկվան ու ևս երկու կողմ, փոխվարչապետերի մակարդակով: Այն ժամանակ նրանց անվանում էին Հայաստանի ԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ կառավարությունների ղեկավարների տեղակալներ: Եթե չեմ սխալվում, այդ հանձնաժողովն աշխատել է 4-5 տարի: Այնտեղ, կարծում եմ, ինչ-որ բաներ են ստորագրվել: Իհարկե, վերջնական փաստաթուղթ չի եղել: Այդ փաստաթղթերը ևս գտնվում են ինչ-որ տեղ Մոսկվայում:
Հասկանալի է, որ այս հարցն անհնար է լուծել առանց Ռուսաստանի:
— Ես հենց ուզում էի դա հարցնել՝ արդյոք հնարավո՞ր է լուծել հայ-ադրբեջանական հարցն առանց Ռուսաստանի մասնակցության: Հնարավո՞ր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք իրար հետ պայմանավորվեն:
-Հարցը վերացական է: Իրական կյանքում պայմանավորվելուց առաջ կան փոքրիկ, բայց կողմերի համար շատ կարևոր հարցեր: Մեզ՝ հայերիս համար դա նախ և առաջ ռազմագերիների վերադարձն է: Եթե Ադրբեջանն անի այդ քայլն ու վերադարձնի երիտասարդներին իրենց ընտանիքներին… Գիտեք, դա շատ ծանր հարց է, ես հանդիպում եմ այդ ընտանիքների հետ: Ամեն ընտանիք առանձին դրամա է: Ընդ որում, հանդիպում եմ ոչ միայն ռազմագերիների, այլև անհետ կորածների ընտանիքների հետ: Նրանք ապրում են դժոխքի ու դրախտի միջև գտնվող կարմիր գծի վրա: Մի օր դրախտ է, մյուս օրը՝ դժոխք: Բաքվում դատական գործընթացներ են տեղի ունենում, տեսնում են այդ տեսանյութերում իրենց ամուսիններին կամ որդիներին…
Հիմա կա ձևաչափ, բանակցություններ են ընթանում: Իմ խնդրանքն ու առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ վերադարձրեք տղաներին տուն:
— Դուք նամակ գրե՞լ եք Ալիևին:
— Մենք իրար նամակ գրելու խողովակներ չունենք:
— Իսկ եթե հանկարծ Իլհամ Հեյդարովիչը համաձայնի…
— Իլհամ Հեյդարովիչը գուցե դիտում է Ձեր ծրագիրը: Իսկ ես դիմել եմ հնարավոր բոլոր ատյաններ:
— Այդ դեպքում այս թեմայով վերջին հարցը տամ: Մենք հանդիպել ենք մարտին, հիմա արդեն հոկտեմբերն է: Որո՞նք են հիմա Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրները:
— Հիմնական խնդիրներից են ռազմագերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագիրը: Խաղաղություն այնտեղ, որտեղ խաղաղություն չկա՝ սահմանին, հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Որպեսզի խաղաղություն լինի, հրադադարը պահպանվի: Եվս մեկ անգամ երախտագիտություն եմ եմ հայտնում Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի ջանքերի համար, որ հրադադարը հնարավոր եղավ: Հրադադարները կարևոր են՝ ինչպես 1994 թվականին, այնպես էլ հիմա:
— Իսկ ներհայաստանյան խնդիրները:
— Մեր հասարակությունն ամեն օր ապրում է խնդիրներով, որոնք կապված են սահմանի, ռազմագերիների հարցերի հետ: Սրանք հասարակությանը շարունակում են լարվածության մեջ պահել: Սակայն իմ մոտեցումը մշտապես հետևյալն է՝ այսօրվա հարցերը լուծելու համար հարկավոր է աշխատել ապագայի համար:
Որպեսզի լուծենք այսօրվա խնդիրները, պետք է ելնել ապագայից, նայել դեպի ապագան, աշխատել ապագայի համար: Կարևորն ապագան կառուցելն է, իսկ այդ ապագան Հայաստանում կապված է տարբեր բաների հետ: Բնականաբար, կապված է տնտեսության հետ: Պետք է կառուցել նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն՝ արհեստական բանականությունից սկսած մինչև կենսատեխնոլոգիաներ, նոր գյուղատնտեսություն, նոր սննդային ոլորտ, նոր առողջապահական համակարգ: Մենք արդեն 21-րդ դարում ենք: Եթե ապրենք այնպես, ինչպես նախորդ դարում էր, Հայաստանը կդառնա գնացքի վերջին վագոնը:
Երկրորդը, կարևոր է, որ պետության կառուցվածքը՝ սկսած Սահմանադրությունից, ժամանակակից լինի: Շատ կարևոր է որոշումների ընդունման մեխանիզմը: Ուստի ես ասում եմ, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Մեր խնդիրները չեն սկսվել կամ ավարտվել պատերազմով, դրանք առջևում են, ուստի հարկավոր են մեխանիզմներ, որպեսզի պատասխանատվություն կրող անձինք ընդունեն արդյունավետ որոշումներ, որոնք կյանքի կկոչվեն: Եթե կառավարման համակարգն արդյունավետ չէ, ցանկացած որոշում, որը ճշմարիտ կթվա, այդպես էլ կմնա թղթի վրա: Ուստի պետք է փոխել Սահմանադրությունը:
— Հայաստանում կա՞ այն ընկալումը, թե ուր պետք է հասնի երկիրը:
— Հայաստանի նախագահն ունի ընկալում, որով փորձում է կիսվել: Հենց դրա նպատակով էլ մենք արդեն երրորդ տարին է կազմակերպում ենք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը: Այն սկզբում ֆրանսիական Շամոնիում էր, ես նրանց հետ պայմանավորվեցի, այժմ այն ամբողջությամբ հայկական է: Հաջորդ տարի այն շատ մեծ ծավալներով է լինելու, քանի որ անցկացվելու է նաև «Սթարմուս»-ի վեցերորդ փառատոնը: Նախորդ փառատոնը կազմակերպվել էր Ցյուրիխում, որտեղ հեղինակավոր երաժիշտները, ռոքերները, նվագեցին մի քանի օր շարունակ, մասնակցում էին գիտնականներ՝ տիեզերագնացներ, նոբելյան մրցանակակիրներ, աստղագետներ և այլն: Հայաստանում անցկացվելու է 6-րդ նման փառատոնը ՝ սեպտեմբերի 5-10-ը: Միաժամանակ, անցկացվելու է նաև «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը:
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հիմա բացարձակ հայկական բրենդ է դարձել, որն ունի ապագա: Նման ամեն հավաք ունի իր նպատակը: Ձեզ մոտ «Վալդայ»-ն է: «Մտքերի գագաթնաժողով»-ում մենք չենք հրավիրում գործող քաղաքական գործիչների: Մյուսները կարողանում են ավելի ազատ խոսել, շփվել, քանի որ եթե դու քաղաքականության մեջ ես, ունես սահմանափակումներ: «Մտքերի գագաթնաժողով»-ն ազատ վայր է: Այս տարի հետաքրքիր ձևաչափ ունեինք՝ երկխոսություններ հայտնի գործիչների հետ՝ քաղաքական գործիչներից, նոբելյան մրցանակակիրներից մինչև մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, օրինակ Միխայիլ Շվիդկոյը, ում հետ երկխոսություն ունեցանք: Աշխարհն այլևս դասական չէ, մենք վերադառնում ենք վերածննդի ժամանակաշրջան, երբ կարող են ծնվել նոր Լեոնարդո Դա Վինչիներ, ովքեր կարող են և՛ նկարել, և՛ լինել հանճարեղ ինժեներներ:
— Շնորհակալ եմ շատ, հաջողություններ եմ մաղթում:
— Ես եմ շնորհակալ:
Փակ գաղտնի քննարկում տեղի ունեցավ եւ վերլուծությունների ընթացքում մեր գործընկերները ներկայացրին նաեւ գաղտնի տեղեկություններ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում «ՀՀ և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա մի քանի եզրակցություններ արեց այս փակ նիստից՝ նշելով. «Առաջինն այն է, որ մենք այստեղ հրավիրել էինք քաղաքական դեմքերի, այսինքն գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական եւ նաեւ իրավական հենքերին: Այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ չստացանք, որոնք պետք է ուղղված լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակում մեր պետության մեջ ռազմավարական վերանայմանը, նկատի ունեմ՝ ամբողջությամբ անվտանգության միջավայրի, հայ-ադրբեջանական շփման գծի իրավիճակի եւ ՀՀ-ի կողմից իրականացվող միջոցառումների գնահատումը:
Երկրորդ եզրակացություն այն է, որ որեւէ հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է, հատկապես Սյունիքի եւ գեղարքունիքի հատվածում: Մեր եզրակացությունն այն է, որ դա իրականացվել է բանավոր պայմանավորվածության արդյունքում: Թե ում հետ պայմանավորվածության, թող իրենք գնահատեն եւ մեր հանրությանը ներկայացնեն:
Երրորդ, ժամանակին որոշում չի ընդունվել կարեւոր ռազմավարական կետերը, ճանապարհները, բարձունքները զբաղեցնելու համար այն շփման գծում, որը նախկինում ԽՍՀՄ ժամանակ եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այսինքն, պետք է արագ արվեր մոբիլիզացիա, որոշումներ ընդունեին, դիրքերը կահավորեին, բայց կատարվել է հակառակը: Օրինակ, Սյունիքի մարզում եղել են ՏԻՄ-երից ստորաբաժանումներ, որոնց ցուցում է տրվել հետ քաշվել իրենց դիրքերից:
Այս ամենը հաշվի առնելով՝ նախ պետք է բարձրացնել ՊՆ-ի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի համատեղ փոխգործկցության մակարդակը, մեկը մյուսին փոխարինելու հնարավորությունը անհրաժեշտության դեպքում:
Իհարկե, դրա մյուս ենթակետն այն է, որ իրականում ոչ մի հենք չունենալով, առանց որեւէ հրամանի, իրավական հենքի Ադրբեջանի պարտադրմամբ այսօր սահմանագծում է տեղի ունենում»:
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ոչ մի վերլուծություն չի արվել, թե ինչու ադրբեջանցիները մխրճվեցին ՀՀ տարածք, ովքեր են մեղավորները, ինչ պատասխանատվություն են կրել, եւ ինչ քայլեր են արվում այդ դիրքերը վերականգնելու ուղղությամբ. «Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հռետորաբանությունը տանում , որ Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա մեզ համար մտահոգիչ է»:
Նա ընդգծեց, որ այս ամենին դիմակայելու համար պետք է դիմադրության շարժում սկսել, որպեսզի նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության նման նոր հայտարարություն չլինի:
«Նմանատիպ հայտարարությունները պետք է նաեւ վավարեցում ստանան՝ թե ԱԺ-ում, եւ թե՛ համաձայնեցվի մեր ժողովրդի հետ: Նման միջոցառումներին կառույցների առաջին դեմքերը պետք է ներկա լինեն: Հայաստանում առկա մտավախություններով առաջնահերթ պետք է իշխանությունները մտահոգվեն եւ ճշգրիտ տեղեկություններ տրամադրելով՝ կանխեն դրանք»,- նկատեց Օհանյանը:
«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ Կապանի ճանապարհներին տիրող իրավիճակին եւ Փայլասարի խնդրին անդրադարձ կատարվել է, եւ մեկնաբանություններ տվել են պաշտոնյաները:
«Քանի որ աշխարհագրական առումով որոշակի գաղտնիություն կա, չէի ուզի դրա մասին խոսել: Իրենք ասում են, որ դիրքերի որեւէ փոփոխություն չի եղել: Նրանք հաստատեցին, որ ռուսական սահմանապահ ուժերի հենակետ է եղել մեր եւ ադրբեջանական ուժերի միջեւ, որն իրենց որոշմամբ դուրս է հանվել, եւ դիրքային փոփոխություն չի եղել: Ես նախկինում առաջարկել էի, որ ԱԺ-ի, կառավարության ու գերատեսչությունների ներգրավմամբ խառը հանձնաժողով ստեղծվի, գնանք, տեղում տեսնենք»,- նշեց Օհանյանը:
Երբ հարցմանն ի պատասխան տեղեկանում ես, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները գործուղվում են Իտալիա և դասախոսություններով հանդես են գալիս Բոլոնիայի համալսարանի Պատմության և Մշակույթների դեպարտամենտում, այնուհետ՝ Ֆրանսիայի Մենպելիեի Պոլ Վալերի և Փարիզի Սորբոն համալսարաններում, պարզ է դառնում, որ այս ինստիտուտում միջազգային համագործակցությունը դասվում է առաջնային կարևորության հարցերի շարքում:
Ինստիտուտի համագործակցությունը եվրոպական բուհերի հետ սերտ է: Հունաստանից համագործակցում են 2 բուհերի հետ, Իտալիայից՝ Բոլոնիայի, Ֆրանսիայից՝ Մոնպելյեի Պոլ Վալերի 3, Լեհաստանից՝ Վարշավայի պետական համալսարանների հետ:
Համագործակցությունը միայն Եվրոպայով չի սահմանափակվում: Ռուսաստան, Վրաստան, Չինաստան և Մերձավոր Արևելք կապը ևս պահպանվում է աշխատանքային օրակարգում: Այլ հարց է, որ այս հարաբերությունների խորացման համար ֆինանսավորումը չի բավարարում:
Ֆինանսավորման խնդիրը: Պ.գ.թ. Գոռ Մարգարյան. «Ֆինանսական միջոցների սղությունը հաճախ թույլ չի տալիս՝ ինչպես ինստիտուտի գիտաշխատողներին գործուղելու՝ սերտացնելու գիտական կապերը, այնպես էլ հնարավորություն չի լինում հրավիրելու արտասահմանյան գործընկերներին և որպես հրավիրող կողմ հոգալու նրանց կեցության, ճանապարհորդության և այլ ծախսերը։ Մեր գիտաշխատողների այցելությունները հիմնականում տեղի են ունենում կամ հրավիրող կողմի՝ ծախսերը հոգալու դեպքում, կամ՝ անձնական միջոցներով»:
Համատեղ գիտական ծրագրեր: Ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ ընդգրկված են ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող, արտասահմանյան մասնագետների ներգրավմամբ գիտական ծրագրերում: Համատեղ աշխատանքը Ճապոնիա, ՌԴ, Գերմանիա, ԱՄՆ ուղղություններով է: Իրականացվում է Հայագիտական և հասարակական գիտությունների 3-ամյա մրցույթի և հայ-ռուսական համատեղ թեմատիկ մրցույթի շրջանակներում:
Գիտական կենտրոնների և ինստիտուտների հետ համագործակցությունը կայանում է նաև համատեղ գիտական հրապարակումների միջոցով: Նշյալ միտքը ինստիտուտի ավագ գիտաշխատող Գոռ Մարգարյանը գիտական արդյունքի միջազգայնացման նախապայման է համարում: Իսկ միջազգային պարբերականներում գիտական հրապարակումների թիվը բարձրացնելու անհրաժեշտությանը զուգահեռ. «Պետք է հայաստանյան պարբերականներում և՛ որպես հեղինակների, և՛ որպես խմբագրական խորհրդի անդամների ներգրավել միջազգային գործընկերներին։ Գիտական հրապարակումներ իրականացնել արտասահմանյան գործընկերների հետ»։
Մտքերը տարբեր են. սկսվում են հայաստանյան պարբերականները միջազգային գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարաններում ընդգրկվելուց (Scopus, ամրագրել DOI և այլն): Եվ ավարտվում են՝ հայագիտական և արևելագիտական հայալեզու արժեքավոր գիտական հրապարակումները թարգմանաբար միջազգային պարբերականներում հրատարակմամբ:
Հրապարակումներ: 2020թ․-ի ընթացքում ինստիտուտի գիտաշխատողները տպագրել են 65 հոդված։ Թեմաները նվիրված են նորագույն շրջանի պատմությանն ու միջազգային հարաբերություններին, աղբյուրագիտությանը, Հայաստանի և հարակից երկրների պատմության հիմնախնդիրներին: Հրատարակման լեզուներն են հայերենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և լեհերենը։ Գոռ Մարգարյան. «Հայաստանյան գիտական ամսագրերում տպագրվել է 53, միջազգային ամսագրերում՝ 12 հոդված»։
2011-2021թթ․ հայաստանյան և միջազգային հանդեսներում հրատարակությունների տոկոսային հարաբերակցության մեջ միջազգային ամսագրերոււմ հրատարակված հոդվածների թիվը տատանվում է 20-30 %-ի միջակայքում։
Աշխատանք ՀՀ բուհերի հետ: Ինստիտուտի 48 գիտաշխատողներից 22-ը դասավանդում են բուհերում՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, ԵՊՀ, ՀՊՄՀ, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Գլաձոր համալսարան, Հայաստանի եվրոպական համալսարան։ Նշված բուհերի գիտական անձնակազմի ներկայացուցիչները ներգրավված են ինստիտուտին կից գործող մասնագիտական խորհուրդներում։
Համագործակից բուհերի ասպիրանտների և հայցորդների ղեկավարներն են պատմական գիտությունների դոկտորներ Արամ Քոսյանը և Երվանդ Գրեկյանը, գիտությունների թեկնածու՝ Գոհար Իսկանդարյանը:
Երիտասարդ կադրերի ներգրավման հարցը: 64 աշխատակիցներից 8-ի տարիքը 35-ից փոքր է, իսկ 24-ինը՝ 45-ից։ Մինչև 35 տարեկան 7 աշխատակիցներից 5-ը գիտաշխատողներ են, 2-ը՝ լաբորանտներ։
Գոռ Մարգարյան. «Ինստիտուտն ունի 5 ասպիրանտ և 6 հայցորդ։ Երիտասարդների հետաքրքրվածությունը 10 բալանոց սանդղակով կարելի է գնահատել 8 բալով։ Թե՛ երիտասարդ գիտաշխատողները, թե՛ մագիստրոսներն ու ասպիրանտներն ակտիվորեն ներգրավված են ինստիտուտի գիտական աշխատանքներում, ինչի լավագույն վկայությունը երիտասարդական գիտաժողովներին նրանց ակտիվ մասնակցությունն է»։
Երիտասարդներին ինստիտուտի գիտական կյանքում որպես կադրեր պահպանելու մեծագույն բարդություններից են ցածր աշխատավարձերը և հետագա գործունեության հեռանկարի անորոշությունը։ Զգալի թիվ են կազմում նրանք, ովքեր ասպիրանտուրան ավարտելուց և հաջողությամբ պաշտպանելուց հետո լքում են գիտական ասպարեզն ու ծավալում այլ գործունեություն: Խնդիրը վերացական չէ. «Վերջերս ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողներից մեկը, ով թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել էր Հորդանանում՝ արևելյան աղբյուրագիտության թեմատիկայով, ուներ արաբերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին գերազանց իմացություն, ստիպված լքել է ինստիտուտը: Անհամեմատ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի է անցնել արտերկրում»:

Հերմինե Օհանյան
Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 19-ի պարզաբանմամբ հերքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի (unlawful) ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և այլն:
Սրանից հետո փաստացի սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԽ քարտուղարը:
Նախ, Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարության պատճառն այն էր, որ ադրբեջանական զինված ուժերի արարքներով կոպտորեն ոտնահարված են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ կյանքի, սեփականության և մյուս կենսական իրավունքները (գնդակոծվում է քաղաքացիական բնակչությունը, մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից և այլն): Պաշտպանին են շարունակում հասցեագրվել քաղաքացիների բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ:
Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հայտարարություն հիմնված է փաստահավաք աշխատանքների հավաստի տվյալների վրա:
Հոկտեմբերի 18-ի հայտարարության նպատակն էր ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները և այդ արարքների անմիջական կապը ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, սեփականության և կենսական մյուս իրավունքների խախտումների հետ: Հարցն այն է, որ հենց նման արարքներին են հաջորդում նրանց հետագա հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունները քաղաքացիական բնակչության և զինծառայողների վրա, որ պաշտպանում են հենց այդ բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ ապրելու և այլ կենսական իրավունքներ:
Ընդ որում, նշված հայտարարության հիմքում դրված էին փաստեր, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողականորեն հավաքագրել է վերջին ամիսների ամենօրյա մշտադիտարկումների և ահազանգերի ուսումնասիրությունների արդյունքներով։
Հետևաբար, Պաշտպանության նախարարության վարչական ապարատի այն պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել հոկտեմբերի 19-ին հանդես գալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները կասկածի տակ դնող հայտարարությամբ, պետք է միշտ հիշեն, որ Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ:
Առհասարակ, եթե Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը: Ուստի, նախարարության այդ պաշտոնյաներից պահանջում ենք այլև թույլ չտալ նման անհեռատես ձևակերպումներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին արձագանքելիս:
Ավելին, քաղաքական դժգոհությունները մեղմելու նկատառումով Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի ճշգրիտ հայտարարությունը հերքելու փոխարեն, Պաշտպանության նախարարության նշված պաշտոնյաները պետք է գիտակցեին, որ ոչ միայն հերքում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ճշգրիտ հայտարարություն, այլ հատկապես միջազգային հարթակներում գեներացնում են ադրբեջանական արշավ ոչ միայն այդ հայտարարության, այլ նաև Պաշտպանի աշխատանքի հավաստիության դեմ, առհասարակ։
Եվ իսկապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության հոկտեմբերի 19-ի հերքումը հօգուտ իրենց օգտագործելով՝ ադրբեջանական տեղական ու արտասահմանյան աղբյուրներով հայտարարություններ են արվել այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն է պաշտոնապես հավաստում, որ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները կամ պնդումները կեղծ են և, դիմելով տարբեր ատյանների, պահանջել են Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն այլևս հիմք չընդունել:
Ստացվում է՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադրված է Պաշտպանության նախարարության վարչական ապարատի պաշտոնյաների հրապարակային պարզաբանել, որ իր զեկույցները, հայտարարությունները կազմվում ու հրապարակվում են հատուկ սկզբունքներով, որ հաշվի են առնվում միջազգային ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունները, որ Մարդու իրավունքների պաշտպանի ամեն խոսքն ունի իր արժեքը և որ դրանք հենց զինծառայողների իրավունքները պաշտպանելու, Զինված ուժերին ու երկրին աջակցելու համար են:
Ուստի, պետք է նկատի ունենալ, որ Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն արվում են, անգամ եթե դրանք կարող են քաղաքական դժգոհություննեի առիթ դառնալ, բայց փոխարենը դրանք դառնում են ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար արժեքավոր աղբյուր՝ օգտագործվելով միջազգային ատյաններում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և այլն:
Պաշտպանի զեկույցներն ու հայտարարությունները մշտապես հիմնված են առաջնային աղբյուրների, ոչ թե միջնորդավորված ու աղճատված տվյալների վրա: Դրանք հենց արժեքավոր են նրանով, որ անկախ աշխատանքների արդյունք են:
Ի վերջո, պատերազմից հետո ընկած ողջ ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությունը գոնե կարող էր ինչ-որ կերպ աջակցել Ադրբեջանի հետ սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին, որ ավելի է տարածում ստանում միջազգային հարթակներում: Չէ՞ որ դա ադրբեջանական հանցավոր արարքներից ՀՀ քաղաքացիական բնակչության ու զինծառայողների կյանքի և մյուս իրավունքների պաշտպանության համար է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միշտ է իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ աջակցել Զինված ուժերին և շարունակելու է նույն սկզբունքով գործելը: Որևէ անգամ թույլ չի տրվել, որ ստվերվի մեր պետականության բարձրագույն արժեքներից մեկի՝ Զինված ուժերի դերը՝ դրականը միշտ ներկայացնելով նաև տարբեր ատյաններում: Ողջ գործունեության ընթացքում մշտապես ապահովվել է գործընկերային աշխատանք՝ չվնասելու սկզբունքով և նույնն էլ ակնկալվում է փոխադարձ։
Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունը վերաբերում էր բացառապես ադրբեջանական հանցավոր արարքներին. այն որևէ անդրադարձ չի կատարել ՀՀ դիրքերում անձնվիրաբար ծառայող զինվորականներին։
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին էլ առաջարկում ենք իրազեկման նպատակով հնարավորինս լավ ուսումնասիրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները, աշխատանքի արդյունքներն ու տեղում առկա իրավիճակը և մյուս անգամ անհավաստի տվյալների հիման վրա չփորձել կասկածի տակ դնել Պաշտպանի հայտարարությունները կամ զեկույցները: Հուսով ենք՝ գոնե նվազագույն մակարդակով կպահպանվի համագործակցության այն բարձր որակը, որ ձևավորված էր նախորդ մարզպետի պաշտոնավարման ժամանակ և ապահովում էր մարդու իրավունքների պաշտպանության դրական արդյունքներ:
Սույն հայտարարությամբ հրապարակում եմ ընդամենը մի քանի հավաստի ապացույց՝ կարճ տեսանյութի ձևով, որ հաստատում են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի մարզ ադրբեջանական ապօրինի (unlawful) ներխուժումները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ նրանց զինծառայողների ամրացման աշխատանքները։
Արցախյան երրորդ պատերազմում ԱԹՍ-ների կիրառումը թշնամու կողմից անդառնալի կորուստներ պատճառեց մեզ։ Կորուստներ, անանց ցավ, որ վերապրում ենք բոլորս։ Անօդաչուները խլեցին մի պայծառ ու համարձակ սերնդի կյանք: Ու ծանր հարված հասցրին մեր երազանքին՝ ապահով Հայաստանի մասին… Արդ, ապագա սերունդների համար անվտանգ պետություն ստեղծելու համար այսօր առաջնային է առավել զարգացած զինատեսակների ստեղծումը:
Աշխատում ե՞ն արդյոք ԱԹՍ-ների մշակման ուղղությամբ մեր գիտնականները:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2020թ. հաշվետվությունից. «Մշակվել և փորձարկվել է անօդաչու թռչող սարքի նկարահանման արդյունքներով տախտակամածի թրթռոցների սպեկտրալ վերլուծության ծրագրային համակարգ» (ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, ղեկավար՝ տ.գ.դ. Դ. Ասատրյան):
Ի՞նչ է սա նշանակում։ Բոլորս գիտենք, որ անօդաչու թռչող սարքերը ներկայում բազմապիսի կիրառություններ ունեն շատ ու շատ ոլորտներում. բացի մահաբեր զենք լինելուց, դրանց միջոցով կատարվում են նկարահանումներ, դիտարկումներ, փորձարկումներ, չափումներ, հետազոտություններ: Այս նպատակներով ստեղծվում են անօդաչուների շատ տարբեր տեսակներ։ Հայաստանում գիտնականներն ու ճարտարագետներն աշխատում են այս բոլոր ուղղություններով։
ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում գործող՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Ասատրյանի ղեկավարած գիտական խմբի հիմնական հետազոտական ուղղությունն է՝ թվային պատկերների մշակման նոր և արդյունավետ մոտեցումների, մեթոդների, տեխնոլոգիաների ու ծրագրային միջոցների ստեղծումը: Թվարկվածը կարող է կիրառություն գտնել գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառներում: Եվ կարող է կիրառվել ռազմարդյունաբերությունում։
Գիտական խումբը կազմված է երկու մասից: Առաջինում կա միայն մեկ աշխատակից՝ տ.գ.թ. Գրիգոր Սաժումյանը: Իսկ երկրորդը երևակայական ենթախումբ է, որտեղ ներառված են միայն երիտասարդ գիտաշխատողներ՝ Դավիթ Ասատրյանի նախկին ասպիրանտներ Քուրքչիյան Վարդանը, Հովսեփյան Սամվելը, Պետրոսյան Ալեքսանդրը և Հակոբյան Գուրգենը: Ներկայում Գ. Սաժումյանը և Վ. Քուրքչիյանը մասնակցում են Գիտության կոմիտեի կողմից հաստատված՝ երկակի նշանակության դրամաշնորհային ծրագրին, որը կոչվում է «Անօդաչու թռչող սարքի ավտոմատ տեղորոշման և վերալիցքավորման բանական համալիր»:
Արդյունքները: Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով և հարակից այլ եղանակներով նկարահանման արդյունքների արդյունավետ մշակման բանական մեթոդների ստեղծման և կիրառման ուղղությամբ ստացվել են մի շարք արդյունքներ, որոնք հրատարակվել են տարբեր հոդվածներում, այդ թվում՝ Web of Science և Scopus միջազգային գիտա-տեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում:
Մշակված համակարգի հիմնական կիրառական նշանակությունն այն է, որ հնարավորություն է տալիս ԱԹՍ-ի տախտակամածի թրթռոցները գնահատելու վերջինիս թռիչքի ընթացքում, այդպիսով հետազոտելու և հայտնաբերելու ապարատի անսարքության աղբյուրները, առանց ԱԹՍ-ում տեղադրելու այդ խնդրի լուծման համար նախատեսված բարդ սարքավորումներ: Այլ կերպ ասած՝ ծրագրի միջոցով փորձում են գտնել և լուծել այն խնդիրը, որն ստացել են նկարահանման արդյունքում: «Մշակված համակարգը կարող է օգտագործվել նաև երկրաշարժերի պարամետրերը գնահատելու նպատակով»,- նշում է Դավիթ Ասատրյանը,- «Օրինակ, թռիչքի ժամանակ կարող է ֆիքսել երկրի կեղևի թրթռոցները, օդի տատանումները և վերացնել այն ծրագրի միջոցով: Ներկայում կատարվում են թրթռոցների տվյալների սպեկտրալ վերլուծության արագագործ ալգորիթմների մշակման և փորձարկման աշխատանքներ»:
Որպես վերջաբան՝ Դավիթ Ասատրյանը նշեց. «2020թ.-ը շատ մեծ հետք թողեց մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, որն էլ իր հերթին ազդում է նաև գիտական ոլորտի վրա: Որպեսզի կարողանանք հաղթահարել հետևանքներն ու շարունակենք զարգացնել մեր երկիրը, անհրաժեշտ է, որ մեր գիտական հանրությունը, մասնավորապես երիտասարդները, աշխատեն, աշխատեն ու աշխատեն»:
.. Գիտության ու տեխնոլոգիաների գերակայության դարաշրջան է։ Պետք է քայլել դարին համընթաց։ «Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շո՛ւնչը դարձիր։- Կապվի՛ր նյարդով յուրաքանչյուր Քո օրերին ու քո դարին»,- ասել է պոետը։ Դարի ձայնը լսել՝ այսօր նշանակում է զարգանալ՝ որպես գիտատեխնոլոգիական ազգ։

Նարինե Փիլոյան
Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ադրբեջանական կողմը շարունակում է սադրիչ ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունները:
2020թ. հոկտեմբերի սկզբներից սկսած ադրբեջանական կողմը միտումնավոր թույլ է տալիս 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածության խախտում և արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում իրականացնում է սադրիչ գործողություններ:
Դրանք մեկնարկել են Մարտակերտ քաղաքում քաղաքացիական խաղաղ բնակչի սպանությամբ և շարունակվել շփման գծի տարբեր հատվածներում:
Եթե նախկինում կրակոցները հաճախ կրել են նախազգուշական նպատակ և ուղղված չէին հայ զինծառայողներին, ապա վերջին օրերին կտրուկ փոփոխվել է կրակոցի ուղղությունը` որպես թիրախ ընտրելով արդեն մարդկային կյանքերը: Երեկ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախային գնդակոծության է ենթարկվել նույն գյուղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով դրա մոտակայքում տեղակայված հայկական դիրքը: Դիմահար կրակոցներն արձակվել են այն աստիճան բացահայտ, որ դրանք արձանագրվել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկների կողմից (տեսանյութը կցվում է):
Տեսանյութն ապացուցում է ոչ միայն հակառակորդի սադրիչ վարվելակերպը, այլև ակնհայտորեն վկայում, որ հայկական կողմը հավատարիմ է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը և որևէ վտանգ չի ներկայացնում ադրբեջանական զինվորականների համար:
Միաժամանակ կրկին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ չստուգված, հեռախոսազանգերի միջոցով որոնված թերի կամ իրականությանը բացարձակապես չհամընկնող տեղեկությունները հանրայնացնելու անընդունելի և անտրամաբանական մոտեցումներից:
Անհրաժեշտ է գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած սուտ կամ կեղծ տեղեկություն ուղիղ հարված է սահմանային մեր բնակավայրերի խաղաղ բնակիչների անվտանգությանը, նրանց հոգեկան առողջությանը, նպաստում է խուճապ և առավել վտանգավոր այլ հետևանքներ առաջացնելուն»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.