23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հերթական հայտարարությանը․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:
Նշված հայտարարությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում ընդգծել.
Ճանապարհների և կոմունիկացիաների հարցում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պայմանավորվածություններն արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում: Այդ հայտարարություններում Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա:
2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու՝ կողմերի պայմանավորվածությունը: Նույն հայտարարությամբ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը:
2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ:
2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 3-րդ կետով սահմանվել է, որ գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։
2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով սահմանվել է, որ Աշխատանքային խումբը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները:
Եռակողմ աշխատանքային խումբը 2021 թվականի հունվարի 30-ին հրավիրված առաջին նիստի ընթացքում որոշում է կայացրել ստեղծել փորձագիտական երկու ենթախումբ, որոնցից մեկը երկաթուղային, ավտոմոբիլային և կոմբինացված փոխադրումների, մյուսը՝ փոխադրումների ապահովման, ներառյալ՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և հսկողության այլ տեսակների հարցերով:
Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու հարցով այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային կապ են ստանում ԱՀ Նախիջևանի ինքնավար հանրապետության (այսպիսով նաև Թուրքիայի) հետ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային կապ Ռուսաստանի Դաշնության և երկաթուղային կապ՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող Ալեքսեյ Օվերչուկը 2021 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբում լուծումների փնտրտուքը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. ճանապարհների նկատմամբ պահպանվում է այն երկրների ինքիշխանությունը, որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները, և որ սահմանների հատման ժամանակ հսկողության տեսակները իրականացվելու են փոխադարձության սկզբունքով: Ավելի վաղ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում միջանցքի հարց չի քննարկվում:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը տարածել է տեղեկատվական նյութ, որում հստակ արձանագրվել է, որ Եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նորից ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնց տարածքով դրանք անցնում են:
2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում վերահաստատվել են 8-րդ կետում նշված սկզբունքները:
Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է.
ա) Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ,
բ) Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է վերը թվարկված իր բոլոր հանձնառություններին, պատրաստ է վերը նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը,
գ) Տարածաշրջանի կոմունիկացիաների՝ ավտոճանապարհների և երկաթուղիների վերականգնման և բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը քննարկվում է Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որի աշխատանքները խոչընդոտվում են Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով:
Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:
Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից ու չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունների իրագործմանը»:
Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանող, SIS Education-ի հիմնադիր-նախագահ Նվեր Սաղաթելյանի անդրադարձը ՀՀ կառավարության՝ 2021-2026 թթ․ ծրագրի կրթության և գիտության բաժնին նվիրված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
ՀՀ կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կրթության և գիտության բաժնին նվիրված երկրորդ ելույթը Նիկոլ Փաշինյանը կառուցեց հետևյալ աղոտ բանաձևի շուրջ. «Չի կարող լինել կրթական հաստատություն՝ առանց պատշաճ շենքային պայմանների, գույքի և պատշաճ բովանդակության/ուսուցչական կազմի»։ Եթե մեր ընթերցողն այնչափ միամիտ է, որ կարծում է, թե Փաշինյանը մանրակրկիտ ներկայացրել է բանաձևի յուրաքանչյուր քայլը, ապա պետք է հիասթափեցնեմ՝ նշելով, որ շուրջ 20 րոպեանոց ելույթի առնվազն 95%-ը նվիրված էր ստորև ներկայացվող 3՝ ըստ կրթական հաստատության տարանջատվող պնդումներին, որոնցից յուրաքանչյուրն արտահայտում է այդ բանաձևի 3 համապատասխան կետերի ամենակոնկրետ մտքերը։
Բազում անգամներ նույնանման միտքը նույն հարցի վերաբերյալ վերաձևակերպելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց լրացնել ելույթի՝ կրթության և գիտության բաժնին պարտադիր կերպով հատկացվող մասի առնվազն ¼-ը, հետևաբար, ստիպված եղա, առանց փոխելու նրա խոսքի ոճը և «տոնը», կատարել վերը նշված համակարգումը՝ խուսափելով հոդվածն անհարկի երկարացնող տաֆտալոգիայից։
Ուրեմն՝ այսպես․
ՊՆԴՈՒՄ 1․ Բանաձևի առաջին բաղադրիչի շուրջ արտահայտված ամենահստակ և թիրախային միտքը հետևյալն է․
«Նախակրթարան. Կրթությունը սկսում ա նախակրթարանից, սկսում ա մանկապարտեզներից, և մեր ծրագրի կարևորագույն կետերից մեկը հետևյալն ա՝ առաջիկա 5 տարում մենք պետք ա ՀՀ-ում կառուցենք, հիմնանորոգենք, նորոգենք առնվազն 500 մանկապարտեզ՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով»։
«Դպրոց․ Մենք ստանձնել ենք պարտավորություն՝ մինչև 2026 թ. ՀՀ-ում կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը, նաև մինչև 2026 թ. հանրապետության բոլոր 1400 դպրոցներում կառուցել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը։ Այսինքն՝ կան դպրոցներ Հայաստանում, որոնք էս պահին նորոգման, նորոգման չէ, բայց հիմնանորոգման և վերակառուցման կարիք չեն զգում։ Սա չի նշանակում, որ էդ դպրոցները չպետք ա լինեն մեր տեսադաշտում, բոլոր դպրոցները Հայաստանի Հանրապետության պետք ա ունենան ինժեներական և բնագիտական լաբորատորիաներ»։
«Համալսարան․ Երբ որ մենք ասում ենք՝ մեր բարձրագույն կրթությունը որակի խնդիր ունի, ապա նկատի ունենք, որ մեր բարձրագույն կրթությունը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին։ ՀՀ-ում էսօր չկա գեթ մեկ բուհ, գեթ մեկ բուհ, որը եթե միջազգային ստանդարտներով լիցենզավորեին, ինքը կստանար լիցենզիա, որովհետև պրիմիտիվ, ամենապրիմիտիվ շենքային պայմանների համապատասխանող, միայն շենքային պայմանների բաղադրիչով համապատասխանող ոչ մի բուհ չունենք»։
Վերոնշյալ պնդումները ոչնչով չեն տարբերվում 2021-2026 թթ․ ծրագրի կրթության և գիտության բաժնին նվիրված՝ նրա առաջին ելույթից, որումղ կրկին խոսվում էր շենքային պայմաններից, որին և անդրադարձել եմ նախորդ՝ «Նիկոլիզմի մոլորեցումները և կրթական վեկտորների ձևախեղումն ընդդեմ «Կուրթ Հահնի»» վերնագրով հոդվածումս, մասնավորապես՝ «Պնդում-մոլորություն 2.» ենթակետի ներքո։ Հետևաբար, խելամիտ լուծում առաջարկելու փոխարեն վերոնշյալ 3 նախադասությունն առնվազն 7 անգամ, վերաձևակերպված, հնչեցվել է նույն ելույթի ընթացքում, կամ նույն միտքը կրկնվել է ավելի աբստրակտ կերպով, կամ հույս է հայտնվել, որ Եվրամիության 2,6 միլիարդի «նվիրատվական» ծրագրից մանկապարտեզ ու դպրոց կկառուցվի, իսկ սաղմնային փուլում գտնվող ակադեմիական քաղաքի գաղափարին կփորձեն միս ու արյուն հաղորդել։ Նաև՝ միավորված համայնքների համայնքապետերը կզբաղվեն մանկապարտեզների հարցերով, կֆինանսավորեն, ու գույքահարկի համակարգի ցավոտ «բարեփոխումների» արդյունքում գոյացած ֆինանսական միջոցները կծախսվեն մանկապարտեզների շահառման համար՝ գազ, լույս, ջուր, ևն։
Ինչպես նկատում եք՝ դուրս գրելով Փաշինյանի ելույթի ընթացքում բարձրաձայնված կարևորագույն խնդիրները և դրանց լուծումները, միևնույն ժամանակ փորձելով զտել դրանք մանիպուլյացիայից, պոպուլիզմից ու մեղադրանքներից, նպատակ եմ հետապնդել հանրությանը ներկայացնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական և գիտական մտքի տոտալ բացակայությունը։
ՊՆԴՈՒՄ 2․ Բանաձևի երկրորդ բաղադրիչի շուրջ արտահայտված ամենահստակ և թիրախային միտքը հետևյալն է․
«Նախակրթարան․ Ես խնդրում եմ՝ եկեք պայմանավորվենք, որ երբ մենք ասում ենք՝ մանկապարտեզ պետք ա նորոգվի, սա նշանակում ա՝ էրեխեն էդ տարածքում ոչ մի միավոր օգտագործված գույք պետք ա չտեսնի, այսինքն՝ էդ գույքը, որ մեր ձեռքի տա ա, նախկին, եթե կա էդպիսին, դրա լուծումն էլ կա՝ աճուրդով հանվում ա վաճառքի, ում հետաքրքրում ա, թող գա, առնի»։
«Դպրոց․ ՀՀ-ում մինչև 2026 թ. 300 նորոգվող, հիմնանորոգվող, վերակառուցվող դպրոցների նորոգումից հետո ոչ մի միավոր օգտագործված գույք պետք ա ներս չմտնի՝ սկսած գրիչից, ավարտված լամպերով, պետք ա բոլորը լինեն նոր, որովհետև սա շատ կարևոր ա նոր միջավայրի ձևավորման համար»։
«Համալսարան․ Առանց ֆիզիկական ենթակառուցվածքի չենք կարողանա կրթական խնդիրները լուծել, և մենք այսօր փորձում ենք ակադեմիական քաղաքի կամ ուսանողական քաղաքի նախագծին միս ու արյուն հաղորդել, փորձում ենք տեղորոշել այն կոնկրետ վայրերը, որտեղ կարողանանք իրականացնել այդ նախագիծը»։
Կրկին այս 3 թերի մտքերը, վերաձևակերպված, առնվազն 6 անգամ հնչել են նույն ելույթի ընթացքում, կոմպետենտ լուծումներ առաջ քաշելու փոխարեն կրկին աղոտ կերպով ներկայացվել են ամենապրիմիտիվ ու միջակ առաջարկներ։ Այդ վերաձևակերպված խեղաթյուրանք լուծումները առաջին հայացքից տրամաբանական կարող են թվալ, սակայն կրթական ոլորտին ծանոթ մեկի համար աբսուրդային և հակասական «ֆենոմեններ» են, որոնք բացահայտում են Նիկոլ Փաշինյանի «անտեղեկացվածությունը» երկրում առկա կրթական խնդիրներից, և հանպատրաստից հնչեցվող, առնվազն ոչ մասնագիտական, եթե ոչ՝ բամբասանքի մակարդակի մտքերը վկայում են երկու երևույթի մասին. առաջին՝ նա լավ հասկանում է, որ իր էլեկտորատին չեն հուզում իրապես օրակարգային, օրհասական նշանակություն ունեցող քայլերը, այլ պարզապես շենքային պայմանները, ինչն էլ խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության պետականության էությունն ու բովանդակությունը, հասարակության հոգեբանությունն ու կենսափիլիսոփայությունը։ Վերջիվերջո, այս առումով օրհասական խնդիր է՝ Հայ հասարակությանը ուղղորդել, այնուհետև դրդել պատասխանել մշտարթուն հակասական հարցին՝ լինե՞լ, թե՞ թվալ։
Եվ երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ փորձում է Կործանման №28/20 ծրագրի 6 քայլերը հասցնել տրամաբանական ավարտին, ծրագիր, որը վաղուց արդեն դուրս է եկել, այսպես կոչված, ապագայապաշտական և դավադրապաշտական տեսությունների սահմաններից և վերածվել դառը և պայթյունավտանգ իրականության, որի հետ պետք է հաշվի նստել ու հնարավոր ցանկացած արդյունավետ միջոցներով դրա դեմ պայքարել։
ՊՆԴՈՒՄ 3․ Բանաձևի վերջին բաղադրիչի շուրջ արտահայտված ամենահստակ և թիրախային միտքը հետևյալն է․
«Նախակրթարան․ Ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը ներդնելու ենք ուսուցիչ-դաստիարակների աշխատանքային առաջխաղացման շարունակական մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմ ստեղծելու նպատակով։ Մանկապարետեզի ուսուցիչ-դաստիարակի աշխատանքը, դա, կներեք, այլ աշխատանք չգտնող մարդուն աշխատանքի տեղավորելու տեղ չէ, դա ռազմավարական աշխատանք է, որի արդյունքները և հետևանքները մենք տեսնում ենք տասնյակ տարիներ հետո»:
«Դպրոց․ Ես կարծում եմ, որ վերջին 3 տարիներին մեր իրականացրած առանցքային բարեփոխումներից մեկը կրթության չափորոշիչն է: Կառավարության առանցքային ռազմավարական ծրագրերից մեկը ուսուցչական կադրերի վերապատրաստման և բարձր որակավորում ունեցող ուսուցիչների աշխատանքի առանձնահատուկ քաղաքականություն վարելն է, և դուք գիտեք, և ուրախ եմ դրա համար, որ մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որպեսզի բացառենք անորակ ուսուցչական կադրերի ներկայությունը ՀՀ դպրոցներում և նախակրթարաններում»:
«Համալսարան․ Որակ ապահովելու կարևորագույն պայմաններից մեկը բարձրագույն կրթության համակարգի ապաքաղաքականացումն է։ Ապաքաղաքականացում՝ չի նշանակում կապ չունենալ կառավարության կամ կառավարման համակարգի հետ, ապաքաղաքականացում՝ նշանակում է չզբաղվել քաղաքականությամբ, և ես համոզված եմ, որ մեր ընդհանրապես կրթական համակարգում տեղի ունեցած նեգատիվ շատ պրոբլեմներ կապված են հենց կրթական համակարգի քաղաքականացման հետ՝ սկսած մանկապարտեզներից, շարունակած դպրոցներով, շարունակած բարձրագույն կրթության համակարգով»:
Այս պնդմանն անդրադառնալիս կարևոր եմ համարում ընդգծել, որ եզակի անհատներ են պատրաստ իրապես իրենց վրա վերցնել ուսուցիչ դառնալու առաքելությունը, և պետության կողմից ցանկացած միջոցառում, ինչպիսին, օրինակ, կամավոր ատեստավորումն է, պետք է միտված լինի աջակցության, ոչ թե ֆիլտրելու կամ պատժելու գործընթացի։ Անհրաժեշտ է արմատախիլ անել այն ընկալումը, որ սա զուտ ստուգողական աշխատանք է, և արմատավորել սրա՝ աջակցող ծրագիր լինելը։ Ատեստավորման ծրագիրը, որն այս անգամ վերաբերեց 35000 ուսուցչից ընդամենը 400-500 ուսուցչի, շոշափելի ազդեցություն չի ունենալու։ ՀՀ-ում ուսուցիչը միջինում ստանում է 70,000 դրամ աշխատավարձ, հետևաբար, դրա՝ առավելագույնը 35,000 դրամով ավելացումը չի ոգեշնչի նրանց՝ անցնելու լուրջ փորձություններով, երբ երկրորդ աշխատանք գտնելը շատ ավելի դյուրին է։
Մի շարք համաշխարհային առաջադեմ ուղեղային կենտրոնների վերլուծություններ փաստում են, որ նույն աշխատանքի դիմաց աշխատավարձի զգալի տարբերությունը դպրոցներում չի հանգեցնում կրթության բարելավման, այլ միմիայն նորանոր խնդիրների։ Բազմատեսակ հասարակական շերտեր ու կրթական համակարգեր ունեցող պետություններում այն արդեն փորձվել և ձախողվել է, հետևաբար, մենք կրկին գործ ունենք որպես հեղափոխական քայլ ներկայացվող հետամնացության հետ։ Վտանգավոր է այս կամավոր, նշմարվող ապագայում պարտադիր ատեստավորումը համարել համակարգային լուծում, երբ այն ներկա պահին եզակի ուսուցիչների համար ավելի լավ պայմաններ ապահովելու միջոց է, իսկ հետագա գերազանց աշխատանքի դեպքում, որն այս իշխանություններից ակնկալելը դասական արկածախնդրություն կամ անհույս ռոմանտիկա է, կարող է լինել ընդամենը դրվագ ընդհանուր համակարգային մոտեցման մեջ։
Հատկանշական է նաև, որ այս գործընթացը կենտրոնացած է միայն ուսուցիչների ակադեմիական գիտելիքների վրա, սակայն հաշվի չի առնվում մյուս հատկանշական բաղադրիչը՝ նրանց մանկավարժական հմտությունները: Հետևաբար, սա չի կարող համարվել ուսուցչական կարողությունները բացահայտողելու միջոց և բացերի լրացման մեխանիզմ։ Մեր հասարակությունը դրական ակնկալիքներ չպետք է ունենա այս ծրագրից, քանզի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ Վահրամ Դումանյանին, թեկուզև պողպատե մանդատը ձեռքներին ու Հայաստան պետության կործանման հիմնը շուրթերին, լքել է այն գիտակցումը, որ այս՝ ոչ այնքան հաջողված ատեստավորման արդյունքների մեկնաբանումը, որպես Հայաստանում ուսուցիչների մակարդակ, համատարած խնդիր ևն, բացարձակ անտեղի է, և առանց այդ էլ տարիներ շարունակ արհամարհված ու համատարած դեգրադացիայի մղված ուսուցիչներին անհամեմատելի ավելի ծանր հարված են հասցնում, որին նրանք միանշանակորեն չեն արժանացել։
Ապաքաղաքականացման հարցը խոր վերլուծության ենթարկելը և հնարավոր լուծումների առաջադրումը իրապես օրակարգային խնդիր է, բայցևայնպես կսահմանափակվեմ՝ նշելով, որ Փաշինյանի այսրոպեիս քննարկվող ելույթից շաբաթներ անց, երբ գրում էի այս հոդվածը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը դեռ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ չէր «ընտրվել»:
Ամբողջացնելով հոդվածս՝ կարևոր եմ համարում նշել, որ գիտելիքի միասնականացման հարցը մեկ անգամ ևս շեշտում է հայեցի կրթության կարևորությունը։ ՀՀ կրթական համակարգը պարտավոր է անել ավելին, քան պարզապես ուսանողներին անցյալին ծանոթացնելը և ապագային նախապատրաստելն է, թեև երկրորդ բաղադրիչի մասով խոր կասկածներ ունեմ։ Այն նրանց պետք է տրամադրի որոշակի տեսանկյուն՝ խորհելու իրենց կյանքի բնույթի և ինքնության շուրջ, ապահովի նրանց չափանիշներով, որոնցով կարելի է դիտել մարդկային ձեռքբերումները, սովորեցնի ընդունել ու հարգել բարոյական խիզախությունը, որ անհրաժեշտ է մարդկային վախերը հաղթահարելու և հանուն գերագույն նպատակների իրականացման տառապանքներով լի ուղիով անցնելու համար։ Նաև անհրաժեշտ եմ համարում հանդես գալ նեղ մասնագիտական կրթության ու լայն հումանիստական կրթության միջև հարկ եղած հավասարակշռությունը պահելու օգտին։ Այսօր աշխարհը կարիք ունի լայն ու խոր մտածողության, քանզի վտանգ կա, որ նեղ մասնագիտական մտածողությունը մարդուն անտարբեր կդարձնի մասնագիտական սահմաններից դուրս եղած համամարդկային արժեքների նկատմամբ։
Միակողմանի կրթությունը միաժամանակ թերի է ու վտանգավոր, հետևաբար, անհրաժեշտ է հավասարակշռել մասնագիտական պատրաստությունն ու արժեքների մշակումը։ Եթե այս հավասարակշռությունը չվերականգնվի, մասնագիտական պատրաստությունը կարող է որոշ ժամանակ անց կորցնել իր պիտանելիությունը, դրա ներկայացրած արժեքը կլինի խաբուսիկ, կրթությունը կդառնա մակերեսային, փոփոխական ու հարաբերական։ Ազատության, հավասարության ու սոցիալական կարգապահության միջև նուրբ հավասարակշռությունը պետք է լրացնել ինքնաճանաչողությամբ, հանրային բարոյականությամբ և հայրենասիրությամբ։ Առողջ ինդիվիդուալիզմի ու առողջ անհատի մեջ սեփական «ես»-ի, անձնական բաղադրիչի և համայնքի կամ սոցիալական բաղադրիչի միջև առողջ հավասարակշռություն կա, հետևաբար, այս երկու բաղադրիչներից և ոչ մեկը մեկուսի գոյատևել չի կարող, մեկը մյուսից անջատ կդառնա վերացարկում՝ առանց բովանդակության։
Վերջիվերջո, օրհասական խնդիր է հասարակությանը և մտավորականության մի ստվար հատվածի բերել այն գիտակցման, որ ոչ մի գումար չի կարող վճռել երկրում առկա կրթական խնդիրների լուծումը, գիտության զարգացման դրական ուղղվածությունը, քանզի դրանք անհրաժեշտ է ապահովել հստակ նպատակով ու առաքելությամբ։ Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ նրան, որ վերջին տարիներին տագնապալի նշաններ ի հայտ եկան, որոնք ինքս էլ 2018 թ․ ԱՄՆ Համաշխարահային առաջնորդների ֆորումին մասնակցելիս՝ բացարձակ այլ միջավայրում, զերծ հեղափոխական էյֆորիայից, բացահայտեցի, որ մենք՝ հայերս, հաճախ ծանոթ չենք մեր ազգի պատմությանը և այն պայքարին, որի միջով անցել են առաջնորդների ու շարքային քաղաքացիների սերունդներ, որպեսզի ձեռք բերեն այս աշխարհում գոյատևելու, ազատ Արցախում ապրելու հիմնարար իրավունքները։ Այնուհանդերձ, մենք անգամ իրավունք էինք ստացել անտարբեր լինելու սեփական իրավունքների նկատմամբ, բայց երբ առաջին անգամ օգտվեցինք այդ իրավունքից, այն մեզ համար դարձավ ողբերգություն, որը և վերածվեց ավելի մեծ՝ համազգային ողբերգության։
Այնուամենայնիվ, առանց Արցախի մենք այսօր էլ շարունակում ենք կրել այն նույն ծանրակշիռ և անգնահատելի սոցիալական ու քաղաքացիական իրավունքների փաթեթը, որի կարևորությունը առ այսօր չենք գիտակցում։ Մեր քաղաքական համակարգը մասնակցային է ու կախված շարունակական ուշադրությունից, պաշտպանությունից ու կարգավորումներից, որոնք միայն ակտիվորեն ներգրավված քաղաքացիական հասարակությունը կարող է ապահովել՝ ի հակադրություն ՀՀ անառողջ հանրույթի։ Սակայն միմիայն ամբողջովին ձևափոխված կրթական համակարգն է ի զորու ապահովել նման հասարակություն։
Իսրայելցի լրագրող Յոսի Մելմանը «Հաարեց» (Haaretz) թերթում ծավալուն քննադատական հոդված է գրել Իսրայելի կողմից Ադրբեջանին արգելված մահաբեր կասետային ռումբեր վաճառելու մասին՝ Արցախում անմեղ հայ խաղաղ բնակիչներին սպանելու և վիրավորելու համար: Թեև հոդվածը հրապարակվել է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին, այն պահպանում է իր արդիականությունը, հաշվի առնելով այն փաստը, որ այս կասետային ռումբերը, որոնք Ադրբեջանի կողմից օգտագործվել են անցյալ տարվա Արցախյան պատերազմում, կարող են օգտագործվել նաև հետագա պատերազմում։
«Ամնիսթի ինթերնեշնլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է, որ Ադրբեջանը 2020 թ․ Արցախյան պատերազմում օգտագործել է իսրայելական արտադրության կասետային ռումբեր։ Այս մահաբեր ռումբերը պայթել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ գտնվող բնակելի թաղամասում։
«Կասետային ռումբերի օգտագործումն արգելված է բոլոր պարագաներում, համաձայն միջազգային մարդասիրական օրենքի, ուստի դրանց օգտագործումը քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակվելու համար հատկապես վտանգավոր է և միայն կհանգեցնի առավել շատ մահերի ու վիրավորների», ասաց «Ամնիսթի ինթերնեշնլ»-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնականի Ասիայի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը: «Կասետային ռումբերն իրենց էությամբ ոչ խտրական զենքեր են և դրանց կիրառումը բնակելի թաղամասերում բացարձակապես անընդունելի է ու սարսափելի»:
Մելմանը բացատրեց, որ «կասետային ռումբը մի տեսակ տուփ է, որտեղ պահվում է փոքրիկ ռումբերի մի խումբ: Մայր ռումբը պայթում է որոշակի բարձրության վրա և լայն տարածության վրա ցրում է ավելի փոքր ռումբերը, որոնք կարճ ժամանակ անց պայթում են։ Զինամթերքը կարող է արձակվել տարբեր չափերի հրանոթներից՝ մինչև 155 մմ տրամագծով, արձակման կայաններից, ուղղաթիռներից և ինքնաթիռներից»։ Երեխաները հաճախ վերցնում են չպայթած կասետային ռումբերը` շփոթելով դրանք խաղալիքների հետ, ինչի հետևանքով զոհվում են կամ վիրավորվում:
Մելմանը գրել է, որ ինքը հարցրել է Իսրայելի պաշտպանության նախարարությանը, Իսրայելի պաշտպանության ուժերին և արտաքին գործերի նախարարությանը, թե «արդյոք Իսրայելը կասետային ռումբեր է մատակարարե՞լ Ադրբեջանին, և եթե այո, ապա ե՞րբ»: Զարմանալի չէ, որ նա ոչ մի պատասխան չի ստացել։
Մելմանը նշել է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը, «հավատարիմ մնալով իր կրվազան սովորություններին, չի ցանկանում բացատրություններ տալ և հրաժարվում է պատասխանել այն հարցերին, որոնք իրեն դուր չեն գալիս։ Թվում է, թե այն թաքցնելու բան ունի, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հետ չափազանց սերտ հարաբերություններին»:
Մելմանը շատ տեղին հարցադրում է արել. «Ինչո՞ւ է Իսրայելը զինում Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի»։ Համաշխարհային մեծ բողոք կառաջանար, եթե Հայաստանը հրթիռներ մատակարարեր Համասին կամ Հեզբոլլահին՝ Իսրայելի քաղաքացիների վրա հարձակվելու համար: Իսրայելի կողմից Ադրբեջանին զինելը ոչնչով չի տարբերվում սրանից, սակայն ո՞ւր է Իսրայելի միջազգային դատապարտումը։
Իսրայելը մի քանի անգամ օգտագործել է կասետային ռումբեր՝ 1973 թվականի պատերազմում արաբական մի քանի պետությունների դեմ, 1978-ին, 1982-ին և 2006-ին Լիբանանի պատերազմներում և 2008-2009-ին Գազայի պատերազմում: Մելմանը հայտնել է, որ «դա հանգեցրեց ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Քոֆի Անանի դատապարտմանը, և լարվածության Միացյալ Նահանգներում, քանի որ ռմբակոծումն ակնհայտորեն խախտում էր կասետային ռումբերի օգտագործման սահմանափակումները, երբ զենքը մատակարարվել է 1976 թվականին»:
Վինոգրադի կոմիտեն, որը ձևավորվել է Իսրայելի կառավարության կողմից՝ 2006 թվականին Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների նպատակահարմարությունը վերանայելու համար, ըստ Մելմանի, «կոշտ քննադատության ենթարկեց կասետային ռումբերի կիրառումը քաղաքացիական բնակավայրերում»: Կասետային ռումբերի օգտագործումն անօրինական է։ Անօրինական է նաև ԱՄՆ-ի կողմից դրանք Իսրայելին վաճառելը, որն էլ իր հերթին դրանք ապօրինի վաճառել է Ադրբեջանին:
Ցավոք, ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ ամերիկահայ համայնքը չբողոքեցին ամերիկյան կառավարությանը՝ Իսրայելի կողմից ամերիկյան կասետային ռումբերն ապօրինի կերպով Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ։
Մելմանը հայտնել է, որ «2008 թվականի դեկտեմբերին Օսլոյում ստորագրվել է կասետային զինամթերքի մասին համաձայնագիրը։ Այն արգելում է կասետային ռումբերի օգտագործումը, մշակումը, արտադրությունը, պահեստավորումը և վաճառքը, որը այն սահմանում է որպես «սովորական զինամթերք, որը նախատեսված է բեռնարկղից պայթուցիկ ենթառումբերը ցրելու կամ բաց թողնելու համար»: Ավելի քան 100 երկիր ստորագրել է համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2010 թվականին»։
Իսրայելը, սակայն, հրաժարվել է միանալ այդ համաձայնագրին, որն արգելում էր կասետային ռումբերը: Զավեշտալի է, որ Իսրայելը շտապեց դատապարտել Սիրիային իր երկրի ներսում կասետային ռումբեր օգտագործելու համար: Անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը հրաժարվել միանալ համաձայնագրին, որը նրան ավելի ամուր հիմքեր կտար դատապարտելու կասետային ռումբերի անօրինական օգտագործումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնցից ոչ մեկը չի միացել համաձայնագրին: Բացի Ադրբեջանին կասետային ռումբեր վաճառելուց, Իսրայելը դրանք վաճառել է նաև Թուրքիային, Եթովպիային, Գերմանիային, Հնդկաստանին, Ռումինիային, Շվեյցարիային, Մեծ Բրիտանիային, Ավստրիային, Դանիային, Նորվեգիային, Չիլիին, Կոլումբիային և Վենեսուելային։
Մելմանի խոսքերով՝ Ադրբեջանը եղել է իսրայելական կասետային ռումբերի ամենամեծ շուկան՝ տարբեր հրանոթների ու հրթիռային կայանների հետ մեկտեղ։ «Իսրայելը վաճառել է երկակի նշանակության զինամթերքի բաղադրիչներ, որոնք կարող են օգտագործվել նաև կասետային ռումբերում, այնպես, որ Իսրայելին թույլ կտա շրջանցել համաձայնագիրը»:
Մելմանը հայտնել է, որ մեկ տարի առաջ իսրայելցի «ակտիվիստ Էլի Ջոզեֆը, որը մասնակցում է Իսրայելի կողմից բռնապետական վարչակարգերին զենքի վաճառքն արգելելու պայքարին», ապարդյուն միջնորդություն է ներկայացրել Իսրայելի Արդարադատության բարձրագույն դատարան՝ «պահանջելով բացահայտել Բաքվի և Երուսաղեմի ռազմական կապերը»: Նաև Ջոզեֆն ու «Հրեական սիրտ» կազմակերպության իր գործընկերները Կնեսետի առջև ցույց են կազմակերպել Ադրբեջան զենքի արտահանման դեմ՝ «Ո՛չ պատերազմական հանցագործություններին, ո՛չ անմեղների սպանությանը» կարգախոսի ներքո»: Ոգևորիչ է տեսնել արդարամիտ իսրայելցիներին, որոնք դատապարտում են իրենց կառավարության անբարոյական գործողությունները:
Իսրայելը, մահաբեր զենք վաճառելով Ադրբեջանի արյունարբու վարչակարգին, խարխլել է իր բարոյական հիմքերը և մեղսակից դարձել Ադրբեջանի ռազմական հանցագործություններին։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Եվրասիական զարգացման բանկը գնահատել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ներուժը բացվելիք հնարավորությունների համատեքստում։
«Հյուսիս-Հարավ» մուլտիմոդալ միջանցքը Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների միջոցով կապում է սկանդինավյան երկրները և ԵԱՏՄ հյուսիս-արևմտյան հատվածը Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի պետությունների հետ։
Միջանցքը ներառում է երկաթուղային, ավտոմոբիլային, օդային, ծովային և գետային տրանսպորտի ենթակառուցվածքներ»,- ասված է բանկի ուսումնասիրության մեջ։
Նշվում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքը կարող է մեծ նշանակություն ունենալ Հայաստանի Հանրապետության՝ արտաքին շուկաների հետ տրանսպորտային կապերի զարգացման համար։
««Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, որը շինարարության վերջնական փուլում է և պետք է կապի Հայաստանի Հանրապետությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, կարող է համալրվել Քվեշեթի-Կոբի նոր՝ 23 կիլոմետրանոց հատվածով, որից 10 կմ-ն Վրաստանի տարածքով անցնող թունելն է։ Այն նոր հեռանկարներ կբացի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի հնարավորությունների զարգացման, հայկական ապրանքների արտաքին շուկաներ մուտքի համար։ Հայաստանը կարող է դառնալ կարևոր տարանցիկ հանգույց Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին միանալու արդյունքում։ Հնդկաստանն ու Իրանը ակտիվորեն աջակցում են այս նախաձեռնությանը։ Այս տարվա մարտին Իրանում Հնդկաստանի դեսպանն ասել էր, որ Հայաստանի միացումը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին կարող է իրականացվել Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով»,- նշվում է հետազոտության մեջ։
Ըստ ուսումնասիրության, Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Իրանի և Հնդկաստանի համար։ Իրանը կկարողանա դիվերսիֆիկացնել Ռուսաստան և Եվրոպա ապրանքների արտահանման ուղիները։ Այս պահին Իրանի և Ռուսաստանի միջև հիմնական առևտուրն իրականացվում է Ադրբեջանի տարածքով, մինչդեռ իրանական ապրանքները Եվրոպա առաքվում են Թուրքիայի տարածքով։
Ամբողջական ուսումնասիրությունը՝ այստեղ։
Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում հանդիպել և քննարկել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքը, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին։
Վերահաստատել ենք մեր հանձնառությունը հետագա հետևողական իրականացմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմանը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։
Մենք պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների հնարավորինս շուտ լուծմանը։
Մենք նշել ենք ռուսական խաղաղապահ համակազմի կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։
Մենք պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը` Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ՝ կողմերի խնդրանքով:
Մենք բարձր ենք գնահատել Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և ՌԴ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։
Մենք ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացելու համար կոնկրետ նախագծերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման շահերից ելնելով:

Սպիտակ տունը վերջերս հայտարարեց, որ ավելի քան 100 երկրների հրավիրել է մասնակցելու դեկտեմբերի 9-10-ը կայանալիք առցանց «Ժողովրդավարության գագաթնաժողովին»: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Գագաթնաժողովի հրավիրվածների թվում են Հայաստանն ու Վրաստանը, բայց ոչ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք բռնապետական երկրներ են։ Հետաքրքիրն այն է, որ վերջին երկու երկրները չէին դժգոհել գագաթնաժողովում իրենց բացակայությունից, մինչև իմանալը, որ Հայաստանը հրավիրված է։
Սպիտակ տունը հայտարարեց, որ նախագահ Ջո Բայդենն ասել է. «մեր ժամանակի մարտահրավերն է ցույց տալ, որ ժողովրդավարությունները կարող են գործել՝ «բարելավելով իրենց սեփական ժողովրդի կյանքը և լուծելով աշխարհի առջև ծառացած ամենամեծ խնդիրները»: Նախագահը «վերականգնեց մեր դաշինքները մեր ժողովրդավար գործընկերների և դաշնակիցների հետ՝ համախմբելով աշխարհը՝ ոտքի կանգնելու մարդու իրավունքների խախտումների դեմ, լուծելու կլիմայական ճգնաժամը և պայքարելու համաշխարհային համավարակի դեմ, այդ թվում՝ պատվաստանյութերի հարյուրավոր միլիոն չափաբաժիններ նվիրաբերելով աշխարհի տարբեր երկրների»։
Սպիտակ տան հայտարարության մեջ նաև ասվում է, որ այս գագաթնաժողովին «մոտ մեկ տարի անց կհետևի երկրորդ, անձնական ներկայությանբ գագաթնաժողովը: Առցանց գագաթնաժողովը, որը տեղի կունենա [2021 թ․] դեկտեմբերի 9-10-ին, կքաջալերի հանձնառություններն ու նախաձեռնությունները երեք հիմնական թեմաներով՝ պաշտպանություն ընդդեմ բռնապետության, կոռուպցիայի դեմ պայքար և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանում: Մեկ տարվա խորհրդակցությունից, համակարգումից և գործողություններից հետո նախագահ Բայդենն այնուհետև կհրավիրի համաշխարհային ղեկավարներին հավաքվել ևս մեկ անգամ՝ ցուցադրելու իրենց հանձնառությունների ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը:
Երկու գագաթնաժողովները համախմբելու են պետությունների, քաղաքացիական հասարակության, բարեգործության և մասնավոր հատվածի ղեկավարներին, ինչը հնարավորություն կտա համաշխարհային ղեկավարներին լսել միմյանց և իրենց քաղաքացիներին, կիսել հաջողությունները, խթանել միջազգային համագործակցությունը և անկեղծորեն խոսել ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերների մասին, որպեսզի միասին ամրապնդեն հիմքերը ժողովրդավարության նորացման համար»:
Սպիտակ տան այս հայտարարությունից հետո բուռն քննարկում ծավալվեց, թե ինչու որոշ երկրներ հրավիրված են գագաթնաժողովին, իսկ ուրիշները՝ ոչ: Ակնհայտ է, որ այս գագաթնաժողովի նպատակն է՝ զինակցություն ձևավորել ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ ընդդեմ իր մրցակիցների՝ Չինաստանի և Ռուսաստանի։ Արդյոք հրավիրված ղեկավարներից ոմանք ունե՞ն մտահոգություն, որ իրենց կդիտարկեն որպես «արևմտամետ» և «ընդդեմ Չինաստանի ու Ռուսաստանի»: Սա հատկապես զգայուն խնդիր է Հայաստանի համար, որն ամուր ռազմական և տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ և գտնվում է Չինաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու գործընթացում։
Ինչպե՞ս կվերաբերվեն Չինաստանն ու Ռուսաստանը Հայաստանի մասնակցությանը նման հակամարտական գագաթնաժողովին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ընդունել է ԱՄՆ-ի հրավերը, պետք է լրջորեն մտածի նման գագաթնաժողովին իր մասնակցության համար ռուսական բացասական արձագանքի մասին։ Սակայն մասնակցությունից հրաժարվելը ևս կարող է հետևանքներ առաջացնել Միացյալ Նահանգների հետ։
Մինչ Հայաստանը ողջունում է իր հրավերը ժողովրդավարության գագաթնաժողովին, Փաշինյանը, ցավոք, նահանջել է ի սկզբանե իր հռչակած ժողովրդավարական արժեքներից՝ հետապնդելով կամ բանտարկելով ցուցարարներին, լռեցնելով լրատվամիջոցներին և միակողմանի որոշումներ ընդունելով՝ առանց հասարակության կամ նույնիսկ իր իշխող շրջապատում գտնվողների կարծիքը հաշվի առնելու: Ինչ-որ մեկի համար, որն իշխանության եկավ ժողովրդավարական գաղափարներ պաշտպանելով, Փաշինյանը հունիսյան ընտրությունների ժամանակ տարօրինակ կերպով քարոզարշավ իրականացրեց՝ պահելով մուրճը ձեռքին և սպառնալով ջարդել իր քաղաքական հակառակորդների գլուխները։
Հայաստանին հրավիրելով գագաթնաժողովին` Միացյալ Նահանգները, հավանաբար, հրապուրում է Հայաստանի կառավարությանը մերձենալ Արևմուտքի հետ: «Գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներում ներգրավված ամերիկացի պաշտոնյան «Ռոյթերս»-ին ասել է, որ աշխարհի բոլոր տարածաշրջաններից հրավերներ են ուղարկվել ժողովրդավարության տարբեր փորձ ունեցող երկրների: «Խոսքը չէր գնում հաստատելու, որ «Դուք ժողովրդավարական եք, դուք ժողովրդավարական չեք»: Դա այն գործընթացը չէ, որի միջով մենք անցել ենք»: Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն ասում են, որ իրենք պետք է «ընտրություն կատարեին»՝ ապահովելու տարածաշրջանային բազմազանություն և լայն մասնակցություն», հաղորդում է «Ռոյթերսը»։
Բնականաբար, Ադրբեջանը և Թուրքիային այնքան էլ գոհ չէին, որ Հայաստանին հրավիրել են գագաթնաժողովին, մինչդեռ իրենց անտեսել էին։ «ԱզերՆյուս» թերթում հրապարակված՝ «Ժողովրդավարության գագաթնաժողովը կամ երկակի ստանդարտների վառ օրինակը» վերնագրով հոդվածում Այյա Լմահամադը մեջբերում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Վուգար Իսկանդարովին, որը դժգոհել է. «Ծիծաղելի է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքիան և Հունգարիան, չեն հրավիրվել գագաթնաժողովին, որտեղ ժողովրդավարության մակարդակը շատ ավելի բարձր է, քան հրավիրված երկրների մեծ մասը»։ Իսկանդարովը պետք է լիովին կույր լինի՝ չտեսնելու մարդու իրավունքների կոպիտ խախտումները և ժողովրդավարության բացակայությունը Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետական վարչակարգերում։
Ադրբեջանական «Դեյ.ազ» լրատվական կայքը էլ ավելի հեռուն գնաց՝ պնդելով, որ Հայաստանը հրավիրվել է շնորհիվ ԱՄՆ-ում ամերիկահայերի ազդեցության. «Պետք չէ խորանալ նախորդ տարիների մեջ, բավական է տեսնել, թե ինչ է եղել և շարունակվում է տեղի ունենալ Վաշինգտոն-Հայկական սփյուռք հարաբերություններում վերջին մեկ տարվա ընթացքում։ Ամերիկյան դիվանագիտության խոնարհումները Երևանի նկատմամբ, հակաադրբեջանական անվերջ քննարկումներն ու հայկական լոբբիի պնդմամբ կայացված որոշումները ինքնին խոսուն են»։
Թեև ադրբեջանական այս կայքը լիովին ուռճացված գնահատական է տվել Վաշինգտոնում ամերիկահայերի հզորությանը, այնուամենայնիվ, դա ողջունելի հաճոյախոսություն է։ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են չվախենալ Հայաստանից, բայց թվում է, որ նրանք սարսափում են ԱՄՆ-ում հայկական լոբբիի քաղաքական ազդեցությունից»:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Նոյեմբերի 11-ին` Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին, որը ներկայացված է ստորև.
Ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանին և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից մեկ տարի անց։
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ։ Այնուամենայնիվ, իրավիճակը շատ լարված է մնում։ Այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից արձանագրվել է հրադադարի շուրջ երեսուն լուրջ խախտում, որի արդյունքում հայկական կողմից եղել են զոհեր և վիրավորներ։ Սպանվել են նաև քաղաքացիական անձինք։
Այնուամենայնիվ, Հայաստանն ամեն ջանք գործադրում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սակայն, որպեսզի այս գործընթացն արդյունավետ լինի, ջանքերը պետք է երկկողմանի լինեն։
Ինչպիսի՞ ջանքեր է պատրաստ գործադրել Հայաստանը։
Երկու կողմերի հռետորաբանությունը մեծապես տարբերվում է։ Հայաստանը խոսում է հաղորդակցության բոլոր ուղիների բացման, մինչդեռ Ադրբեջանը պնդում է, այսպես կոչված, «միջանցքի» մասին (Նախիջևանի հետ, որը գտնվում է Հայաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, խմբ.)։ Հայաստանը, որպես բարի կամքի դրսևորում, պատրաստ է փոխանցել իր տրամադրության տակ գտնվող տարածաշրջանում տեղակայված ականների բոլոր քարտեզները, սակայն Ադրբեջանը, պարտավորություն ունենալով հանդերձ, ազատ չի արձակում հայ ռազմագերիներին։
Այն ժամանակ, երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, Ադրբեջանը բազմապատկում է այլատյաց հայտարարությունները։ Դրանց մասին են վկայում Ադրբեջանի նախագահի ելույթները, Բաքվում այս տարվա գարնանը բացված «Ռազմավարների պուրակը», որտեղ հայերը ներկայացված են նսեմացված և ծաղրի ենթարկված։
Մինչև ու՞ր կարող է տանել ատելության այս քարոզը, որի մասին Դուք խոսում եք։
Այս բարդ հարցի պատասխանը գտնվում է Բաքվում։ Ատելությունը կարող է հանգեցնել բնաջնջման և ցեղասպանության։ Հայ ժողովուրդը գիտի դա։
Տևական խաղաղություն հնարավոր է, բայց հայկական բնակչության առկայություն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում դժվար է պատկերացնել։ Պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր որևիցե հայ չի ապրում, ինչն էթնիկ զտման փաստացի ապացույց է։
Քանի՞ ռազմագերի է պահվում Ադրբեջանում և ինչպիսի՞ պայմաններում։
Բազմաթիվ են վկայությունները՝ հայ ռազմագերիների հանդեպ կիրառվող անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի ու կտտանքների մասին։ Այս դեպքերը փաստագրված են տարբեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ «Human Rights Watch»-ի կողմից։ Մեզ մոտ առկա են նաև փաստագրված տեսանյութեր և լուսանկարներ, որոնք վկայում են այդ անձանց գերեվարված լինելու մասին, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գոյությունը։
Նրանք կարող են արտադատական մահապատժի ենթարկված լինել, պահվել ընդհատակյա բանտերում կամ մարդկային օրգանների թրաֆիքինգի զոհ դարձած լինել։ Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել։
Անցած չորեքշաբթի Դուք հանդիպեցիք Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին, իսկ այնուհետև Ձեր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մասնակցեցիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածությամբ եռակողմ հանդիպմանը։ Ո՞րն է եղել վերջինիս արդյունքը։
Նախ և առաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին, ֆրանսիացի խորհրդարանականներին և բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել Հայաստանին։
Ցանկանում եմ ընդգծել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Անշուշտ, հակամարտության վերջնական կարգավորման հարցը օրակարգում է: Բայց այս փուլում մենք պայմանավորվեցինք առաջ շարժվել փոքր քայլերով՝ կապված ռազմագերիների ազատ արձակման, հումանիտար նպատակներով Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքի ապահովման հետ, որը նպատակաուղղված կլինի հայկական պատմամշակութային ժառանգության վիճակի վերահսկմանը, քանզի Արցախի պատմամշակութային հուշարձանները գտնվում են Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի ներքո։ Նման օրինակ է պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների կիրառմամբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի ռմբակոծումը։ Արցախի շուրջ 1․500 մշակութային հուշարձաններ, 19․000 թանգարանային նմուշներ վտանգված են։
Ինչպիսի՞ դեր պետք է ունենա Ռուսաստանը, որը հրադադարի պահպանման նպատակով 2000 զինվոր է տեղակայել Լեռնային Ղարաբաղում։
Ռուսաստանին հաջողվել է դադարեցնել պատերազմը ռազմական գործողությունների 44-րդ օրը։ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Ռուսական խաղաղապահ ուժերը ապահովում են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և նպաստում են բնականոն կյանքի վերականգնմանը։ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները ուղղված են նաև ռուս խաղաղապահների հեղինակության դեմ։
Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները և ընդունել Ադրբեջանը և Թուրքիան կապող միջանցքի առկայությունը։
Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորել մեր հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։
Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն։
ՌԴ նախագահի կողմից առաջարկված սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ առաջարկում խոսքը զրոյական կետից սկսելու մասին է, և ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը այդ աշխատանքներին մասնակցելու մասին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության անդամ, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ի հավելումն այս հարցի՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ ՌԴ-ն գրավոր ծանուցում է ստացել։
«Այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին»։
Հարցին` ինչու հանրությանը նախապես չի իրազեկվել ՌԴ նախագահի առաջարկած սահմանազատման վերաբերյալ առաջարկի ընդունման մասին, Աղաջանյանը նշեց.
«Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ն հետաքրքրված է և շահագրգռված է այս գործընթացը սկսելու մեջ։ ՀՀ-ն ընդունել է այդ առաջարկը, գրավոր ծանուցել ռուսական կողմին, հանձնաժողովի ձևավորումից հետո կսկսվեն աշխատանքները։ Չեմ հասկանում «ժողովրդի թիկունքում» գործելու արտահայտության տրամաբանությունը։ Բովանդակության մասին վաղ է խոսել, այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքներ»։
Ինչ վերաբերում է ՌԴ-ին դիմելու և ստեղծված իրավիճակում օգնություն ստանալուն, Աղաջանյանը նշեց.
«Հայաստանը դիմել է Ռուսաստանին աջակցություն ստանալու համար, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը և հենց այս կոնտեքստում պետք է դիտարկել սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ՌԴ-կ արած առաջարկը։ Ակնկալվում է, որ այդ գործընթացի արդյունքում այդ խնդիրը կլուծվի։ ՌԴ-ին դիմելը ինքնանպատակ չէ, այս պահին կարևոր է ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումը»։
Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով նոյեմբերի 16-ի դեպքերից հետո հայկական կողմի ունեցած կորուստներին, նշեց.
«Այս պահի դրությամբ հաստատվել է 6 զոհի տեղեկատվությունը, մնացածի վերաբերյալ ճշգրտումներից հետո լիազոր մարմինը կներկայացնի։ Իսկ գերիների մասով որևէ շահարկումներ չպետք է թույլ տալ»։
Նույն հարցի վերաբերյալ Աղաջանյանն ընդգծեց.
«ՀՀ-ն ամեն ինչ անելու է գերեվարվածներին վերադարձնելու համար, բայց պետք է հասկանանք, որ սա իրավական պետություն է, և որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան, որպեսզի պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում, սա բխում է իրավական պետության տրամաբանությունից»։
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Քոչարյանը հավելեց, որ այս պահին հարաբերականորեն կայուն է.
«Դա չի նշանակում, որ մենք մեր զգոնությունը պետք է կորցնենք, պետք է մեկտեղենք մեր ջանքերը, որ հակառակորդը որևէ հնարավորություն չունենա իր գործողություններով ներքին լարվածություն առաջացնել։ Դա կբերի միայն մեր զինված ուժերում լրացուցիչ կորուստների»։
Ինչո՞ւ փոխեցինք ՊՆ նախարարին, արդյո՞ք Արշակ Կարապետյանը իր նախաձեռնությամբ է դիմում գրել, թե՞ դա եղել է Ձեր որոշումը։ Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա մասնավորապես նշեց. «Ո՞րն է եղել այս փուլում պաշտպանության նախարար փոխելու հիմնավորումը։ Արդյո՞ք այս նշանակումը ուներ ներքաղաքական, արտաքին քաղաքական կամ մեկ այլ բաղադրիչ, որովհետև Ձեր թիմակիցներից մեկը երեկ ասում էր, որ ի տարբերություն Արշակ Կարապետյանի, Սուրեն Պապիկյանը ՌԴ գեներալիտետից կախում չունի։ Ո՞վ տվեց չկրակելու հրաման, կամ ո՞վ չտվեց կրակելու հրաման, որովհետև հրապարակված տեսանյութերով տեսանելի էր, որ մարտական դիրքերից մեկի գրավումը տեղի է ունենում առանց փոխհրաձգության, դրան հաջորդող օրերին արձանագրվեց, որ ունենք 13 գերեվարված և 24 զինծառայողների հետ կապը կտրված է, ի՞նչ է Ձեզ հայտնի մեր զինծառայողների մասին և ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն»։
Հնչեցված հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը ասաց. «Նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, և սրանով շատ բան ասվում է։ Ես չեմ կարծում, որ նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն։ Հայեցողական բառը ամբողջացնում է պատկերը։ Նախարարը նշանակվում և ազատվում է վարչապետի հայեցողությամբ»։
Անդրադառնալով նախարարի փոփոխության շարժառիթներին՝ Փաշինյանը նշեց.
«Փորձը ցույց է տալիս, որ քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական բովանդակության ընդհանրությունը կարևոր է, և ես տվյալ դեպքում կարևոր եմ համարում, որ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն են»։
Ինչ վերաբերում է չկրակելու հրամանին, վարչապետը նշեց. «Ի բնե հնարավոր չի այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի ուղիղ պետական դավաճանություն։ Գերիների մասով, կարծում եմ, որ ժամանակն է գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև ՀՀ Զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե մենք այստեղ սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա, բայց պետք է քննվի` ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրքերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Պետք է քննենք՝ այդ դեպքի հետ գործ ունենք, թե ոչ։ Եթե մարդը վիրավոր է կամ անգիտակից վիճակում, հստակ է, որ ոչ մի պրիտենզիա չի կարող լինել։ Կամ ինչ է նշանակում, թե չկրակելու հրաման է եղել, չկրակելու հրաման տալը կոչվում է պետական դավաճանություն»։
Արձագանքելով Փաշինյանին պատասխանին՝ Տիգրան Աբրահամյանը նշեց. «Երբ 4-5 ամիս առաջ Արշակ Կարապետյանին նշանակում էիք պաշտպանության նախարար, նա արտահոսքերի միջոցով հայտարարում էր՝ եթե լինի ՀՀ սահմանի նկատմամբ ոտնձգություն, մենք միանգամից կրակ կբացենք, և այլն։ Այս հարցը այդ ժամանակ պետք է լուծված լիներ։ Բացի այդ, երբ ասում եք, որ նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, դրա մասով քննարկում չկա, խնդիրը այն է, որ հետպատերազմյան շրջանում, երբ անվտանգային սպառնալիքների առաջ ենք կանգնած, 3-4 պաշտպանության նախարար է փոխվել, էսկալացիայի կարևորագույն փուլում նախարար է փոխվում, հասարակությունը պետք է իմանա»։
Արձագանքելով` Նիկոլ Փաշինյանը ընդգծեց. «Ես ամենևին դեմ չեմ, որ հանրությունը և պատգամավորները իմանան՝ ինչ հանգամանքներում է կատարվել նախարարի փոփոխությունը, բայց ես հիմա կարող եմ ասել բաներ, որոնց մասին ցանկալի չէ, որ իմանան ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք։ Ինչքան էլ մենք քաղաքական տարբեր դաշտերում լինենք, ես ձեզնից և մյուս խմբակցության ներկայացուցիչներից ոչ մի գաղտնիք չունեմ»։
Երեկ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ անվտանգության խորհուրդը` անդրադառնալով երեկվա դեպքերին։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԽ խորհրդի նիստ էր հրավիրել և հայտարարել ` երեկ Ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք։ ԱԽ–ն էլ հավելում է, որ «Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ են ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք:
«Երեկ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից»,–նշված է ԱԽ հայտարարության մեջ։Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս այս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:Միաժամանակ, անվտանգության խորհուրդը վստահեցնում է` լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն:
ԱԽ–ն Ռուսաստանի, ՀԱՊԿ–ի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա` ընդգծելով, որ այդ գործողություններն ուղղված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ։ Բացի այդ, դրանք նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:Միաժամանակ, նշվում է, որ Անվտանգության խորհուրդը արտահայտում է իշխանությունների և ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը պաշտպանելու գործում:Ավտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում, միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.