23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2021 թվականի հոկտեմբերին Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Ստամբուլի Գում Գափու թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցում հանդես եկավ մի շատ տարօրինակ քարոզով՝ լի դավադրություններով և վախազդու հայտարարություններով։
Նրա հակագիտական և անպատասխանատու խոսքերը նպատակ ունեին իր ծխականներին տարհամոզել կորոնավիրուսի դեմ պատվաստումներից՝ այդպիսով վտանգելով նրանց կյանքը։
Պատրիարքն իր քարոզում մեջբերեց Աստվածաշնչում Հայտնության Գրքի 13-րդ գլխից 16-18-րդ համարները։ Ես աստվածաբան չեմ, սակայն կարծում եմ, որ նա չարաշահում է Աստվածաշնչի համարները՝ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելու համար: Հովհաննես Առաքյալի առեղծվածային գործը՝ Հայտնության Գիրքը, ունի բազմաթիվ մեկնաբանություններ, սակայն նրա գրությունները իր մահից հետո երկու հազար տարի անց ի հայտ եկած վիրուսի հետ կապելն անիմաստ է և վտանգավոր, մանավանդ Թուրքիայում, որը վեցերորդ տեղն է գրավում աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ մահացածների թվով։Պատրիարքն իր քարոզը սկսեց՝ հղում անելով Հայտնության Գրքի հետևյալ հատվածին. Գազանը «ստիպեց բոլոր մարդկանց՝ մեծ ու փոքր, հարուստ և աղքատ, ազատ և ստրուկ, որ իր կնիքը դնի նրանց աջ ձեռքի կամ ճակատի վրա, և նրանք չպիտի կարողանան առևտուր անել, եթե չունենան այդ կնիքը, որը գազանի անունն է կամ իր անվան թիվը․․․ Դա 666 թիվն է»։
Ահա հատվածներ պատրիարքի արտառոց քարոզից.
«Եվ ով որ այս կնիքը [գազանի] չունենա, չպիտի կարողանա առևտուր անել, չպիտի կարողանա շրջել և նույնիսկ հաց ուտելու կարելիությունը չպիտի ունենա․․․ Ուրեմն, մեր մարմնի վրա, մեր ձեռքին կամ մեր ճակատին դրվելիք տեխնոլոգիական չիպը, մենք հասկանում ենք, որ մեր կատարյալ վերահսկողության խորհրդանիշն է։ Այսինքն, ուր որ գնաս, պիտի իմանան, թե դու որտեղ ես։ Ինչքան տեղեկություն կա քո մասին, դրա [չիպի] մեջ է տեղադրվելու՝ քո հիվանդությունները, քո հարաբերությունները, քո վիճակը, և քո բանկային հաշիվները պիտի դրա մեջ լինեն։ Քո առողջությունը դրա մեջ պիտի լինի։ Եվ դու առանց դրա չպիտի կարողանաս որևէ գործ կատարել։ Եվ այս, իհարկե, մեզ պիտի ծանոթացվի որպես առաջադիմություն, տեխնոլոգիական առավելություն, և մենք երբեմն ուզելով պիտի առնենք այդ չիպը»։
«Սրանք այլևս տեսություններ չեն։ Որոշ եվրոպական երկրներում սկսված է այս դրությունը։ Ի՞նչ պիտի անենք։ Ի՞նչ պիտի լինենք։ Երբ որ ժամանակը գա, և մեզ պարտադրեն, որ մենք այսպիսի չիպեր ունենանք, որի մեջ 666 թիվը գրված է, կամ այդ սատանայի որդու անունը գրված է, ի՞նչ պիտի անենք մենք։ Քրիստոնյաները միշտ այս նյութի շուրջ երազանքով են խոսել, որ ապագայում պիտի լինի, ապագա եկողները թող մտածեն։ Բայց հիմա եկավ։ Եկավ մեր դռները, մի քանի տարվա մեջ, ամենաուշը 2030 թվականին պիտի իրականանան այս զարգացումները»։
«Ի՞նչ պիտի անենք մենք՝ քրիստոնյաներս։ Այս հարցով եկեղեցու պետերը պիտի խոսեն, առաջնորդները, որ չեն խոսում։ Բայց եկեղեցու հավատացյալները հատակում խոսում են, որովհետև այնքան բացահայտ է մարգարեությունը, Աստծո խոսքն այնքան հստակ է, որ խոսվում է։
Եվ ինչ կպատահի, եկեղեցու պետերը, առաջնորդները եպիսկոպոսական մարդարդակով չեն խոսում այդ հարցով, երբ որ հատակը՝ ժողովուրդը, խոսում է, այն ժամանակ, սա կխոսվի չափազանցությամբ և ավելորդապաշտությամբ։ Եկեղեցին վախճանաբանության մասին գիտություն ունի, վարդապետություն ունի, սա վերջին օրերի գիտությունն է։ Հավատամքի մեջ մենք ասում ենք՝ Քրիստոսը պիտի վերադառնա։ Մեր հավատքի անբաժանելի մեկ մասն է սա։ Ուրեմն եկեղեցու վարդապետությունը հստակ կերպով այս նյութերով քրիստոնյա համայնքներին պետք է լուսաբանվի»։
«Պետք է քրիստոնյա առաջնորդները քով քովի գան, այս հարցի շուրջ խոսեն, քանի դեռ կանուխ է։ Նախ, այս բաները լինելուց հետո շատ ուշ կլինի։ Պետք է հիմա քով քովի գանք ու խոսենք։ Եկեղեցական, եպիսկոպոսական ժողովներն այս նյութով պիտի կատարվեն հիմա, երբ ազատ ենք և կարողությունը ունենք։ Մի քանի տարի անց այդ կարողությունը պիտի չունենանք։ Ես, որպես պատրիարք, այս կոչն ուղղում եմ թե՛ իմ ժողովրդին, թե՛ եկեղեցու առաջնորդներին՝ այս հարցով հետաքրքրվեն և փողը հնչեցնեն, որովհետև Աստվածաշնչի մեջ մեզ համար, քրիստոնյա առաջնորդների համար, մի սարսափելի ազդարարություն կա։ Եզեկիել մարգարեի բերանով Աստվածն ասում է՝ Մարդ-որդի, քեզ պահակ կարգեցի այս ժողովրդի վրա, երբ որ կտեսնես սուրը, վտանգը, և ահազանգ չես հնչեցնի, և սուրը կգա, այն ժամանակ նրանց արյունը քեզանից կհարցնեմ։ Բայց եթե, երբ որ ահազանգը հնչեցնես և ասես, որ սուրը գալիս է, միջոցառումներ ձեռք առեք, և եթե իրենք չեն լսում, սուրը գալիս է, այն ժամանակ դու ազատ ես նրանց արյունից։ Ուրեմն, քրիստոնյա առաջնորդների համար ավելորդաբանություն, չափազանցությuն եղած մի նյութ, քրիստոնյա առաջնորդները քով քովի գալու ժամանակ, խոսելն ամոթ նկատված մի նյութ, ես այստեղից կխոսեմ։ Եվ կազդարարեմ մեզ լսողներին, իմ ձայնս հասանելիք ժողովրդին՝ օրը հասավ… Այլևս չենք կարող վախճանաբանությունը հետաձգել։ Ստիպված ենք եկեղեցու առողջ վարդապետությունը կիրառել մեր օրերում, հավատք արծարծել, մեր միջոցները ձեռք բերել, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել…»։
Ցույց տալու համար, որ պատվաստման մասին պատրիարքի խուճապային խոսքերը կրոնական հիմք չունեն, մեզ մնում է միայն անդրադառնալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ պատվաստանյութի մասին տարածած հայտարարությանը։«Ազատություն» ռադիոկայանի օրերս տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հայ առաքելական եկեղեցին մերժել է իր հավատացյալների կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու կրոնական պատճառները»։ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհուրդն ընդգծել է, որ «պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում»։
Եկեղեցին հայտարարեց նաև, որ Գարեգին Բ կաթողիկոսը և բազմաթիվ այլ հոգևորականներ պատվաստվել են։
Հուսով եմ, որ հայերը կլսեն Կաթողիկոսի, այլ ոչ թե Պոլսո պատրիարքի խորհուրդը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ՝ փրկելու ինչպես իրենց, այնպես էլ իրենց շրջապատող մարդկանց կյանքը։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է դեկտեմբերի 24-ին իր առցանց ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին Արցախի պաշտոնյաների արձագանքներին: Մասնավորապես նա իր ֆեյսբուքյան էջում գրել է:
«Դեկտեմբերի 24-ի իմ հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են հետեւյալ պատճառներով.
1. Այդ հարցազրույցում խոսել եմ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ ձեւավորված բանակցային բովանդակության մասին, հետեւաբար՝ դրանց գոյանալու վրա որեւէ ազդեցություն ունենալ չէի կարող։
2. Հարցին ի պատասխան հերքել եմ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի արած պնդումը, թե իրենց թողած բանակցային բովանդակությունը երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղի հայկական լինելը։ Հերքել եմ, որովհետեւ բանակցային այդ բովանդակությամբ խորհրդային ժամանակ ԼՂԻՄ-ում բնակված ադրբեջանցիների՝ ԼՂ կարգավիճակի որոշմանը մասնակցելու իրավունքը որպես ԼՂ բնակիչ, արձանագրված է եղել։ Հետեւաբար՝ եթե նրանք ըստ բանակցային բովանդակության ԼՂ բնակիչ են, ուրեմն պետք է բնակվեին ԼՂ-ում եւ հայկական կողմը բանակցային այս բովանդակության դեմ 2018-ի հեղափոխությունից առաջ երբեք չի առարկել: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեն, ըստ իմ վարչապետ դառնալուց առաջ ձեւավորված բանակցային բովանդակության, կարող էր տեղի ունենալ 100 տարի հետո, կանխատեսելի է, թե նշված պայմաններում ժողովրդագրական պատկերի ինչպիսի փոփոխություններ կլինեին Արցախում։
3. Ինչ վերաբերվում է մինչեւ կարգավիճակի հարցով պոտենցիալ հանրաքվեն ԼՂ-ի ունեցած կարգավիճակին, այս մասին հարցազրույցում ասել եմ, որ 2016 թվականին միջնորդները ներկայացրել են բանակցային երեք փաթեթ (մեկը Ապրիլյան պատերազմից առաջ, երկուսը հետո), որտեղ ի տարբերություն 2011 թվականի կազանյան փաստաթղթի, «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բացակայել է։ Այդ երեք փաթեթներից երրորդում, որը ներկայացվել է 2016 թվականի օգոստոսին, հայտնվել է մի դրույթ, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կյանքի կազմակերպման իրավական եւ պրակտիկ մեխանիզմների մասին որոշումը կայացնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ գործող նախագահողի հետ։ Հենց սա եմ համարել աղետ բանակցային գործընթացում, որովհետեւ ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր որոշումները կայացնելու էր նախկինում ԼՂ հարցով իր իսկ ընդունած բանաձեւերի տրամաբանությամբ, որտեղ ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս։
4. Այս եւ մի քանի այլ կարեւոր բանակցային խնդիրներ հաշվի առնելով եմ ԱԺ ամբիոնից պնդել, որ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ եւ իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները։
5. Վարչապետ դառնալով ես սրան ոչ թե համակերպվել եմ, այլ սրա դեմ պայքարել եմ։ Նաեւ այս պատճառով է սկսվել պատերազմը։
6. Այսօր մարդիկ են ասում, որ ես չպետք է բանակցեմ ԼՂ անունից, ովքեր ինձ 2018-ից քննադատում էին նրա համար, որ ես ասում էի, որ Լեռնային Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ չունեմ։
7. Հասկանում եմ, որ շատ հարգարժան մարդիկ հիմա են բողոքում 2016 թվականի պատերազմի պատճառ ու հետեւանք հանդիսացող բանակցային բովանդակության դեմ։ Այն ժամանակ կամ տեղյակ չեն եղել կամ բողոքելու իրավունք չեն ունեցել։ Այդ բովանդակության դեմ ես էլ եմ բողոքում ու այդ բովանդակությունը չեզոքացնելու համար արել եմ ինչ հնարավոր էր։ Բայց ճշմարտությունը թաքցնել, կներեք, չեմ կարող»,- գրել է նա։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրեց կապտուլյացիայի հայտարարության տակ, որ, ըստ իրեն, փրկի 20-ից մինչև 35 հազար զինծառայողի կյանք (նայած թե Նիկոլ Փաշինյանին որ պահին քանի «փրկած» զինվորի թիվ է ձեռնտու նշել): Այս իշխանության հիմնական պատճառաբանությունն ու արդարացումը սա էր: Հետո Սյունիքից զորքերը հետ քաշվեցին, որ պատերազմ չլինի, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չսկսվեց, որ զոհեր չունենանք: Դե 2021 թվականին էլ Փաշինյանն ընտրվեց, որ «տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացի»:
Բայց թե իրականում ինչ է եղել այս իրադարձություններից հետո, բոլորս ենք հիշում: Տարածքային նոր կորուստներ, զոհեր, վիրավորներ, գերեվարված զինծառայողներ․․․
2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը բանակում եղել է 84 զոհ, որոնցից 36-ը եղել են մարտական կորուստներ։ Մյուս 48 կորուստները եղել են այլ պատճառներով՝ ինքնասպանություններ, մահեր սպանություններ և զենքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն։ 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021թ․ դեկտեմբերի 16-ը թշնամու կրակոցից վիրավորում է ստացել 29 զինծառայող: Տվյալները վերցրել ենք Պաշտպանության նախարարության էջից և Razminfo մասնագիտական կայքից (կայքը տվյալները ներկայկացրել է ՊՆ և դատախազության հարցումների արդյունքներով):
Yerevan.Today-ը գրավոր հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021 թվականի դեկտեմեբրի 15-ը ընկած ժամանակահատվածի համար զոհերի և վիրավորների թիվը։
Ըստ այդմ՝ այս ժամանակահատվածում բանակում ունեցել ենք 63 զոհ և 69 վիրավոր: 63 զոհից 33-ը եղել է հակառակորդի կրակոցից, մնացածը՝ այլ պատճառներով: Ըննդ որում, նրանցից 7-ը վիրավորումը ստացել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այսինքն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2021թ․ դեկտեմմբերի 15-ը ներառյալ ունեցել ենք 26 զոհ։
Նախքան այս տարբերություններին անցնելը, նշենք, որ այս տարվա նոյեմբերի 7-ին «Հանրային» հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ից հետո շուրջ 28 զոհ ենք ունեցել: Դրանից հետո եղավ նոյեմբերի 16-ի հայտնի սադրանքը, որի արդյունքում հայտարարվեց 1 զոհի մասին․ ևս 5 զոհի դի բերվեց Ադրբեջանից։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի թվերը խոսում են 34 զոհի մասին՝ կապիտուլյացիայից ի վեր։
Ինչպես նկատեցինք, նույն ժամանակահտավածի համար ստացվում է երեք տարբեր թիվ․
Ըստ ՊՆ տվյալների՝ կապիտուլյացիայից ի վեր ունեցել ենք 36 մարտական կորուստ։
Ըստ դատախազության՝ կապիտուլյացիայից ի վեր ունեցել ենք 26 մարտական կորուստ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կապիտուլյացիայից հետո ունեցել ենք 34 մարտական կորուստ։
Երբ պատերազմի ավարտից շուրջ մեկ տարի անց դեռ չգիտեինք զոհերի, վիրավորների, գերեվարված անձանց հստակ թվերն ու անունները, դա պատճառաբանվում էր, որ եղել են լայնամասշտաբ գործողություններ, եղանակային դժվարություններ կան, թշնամուն անցած տարածքներ և այլն և այլն: Հիմա հետաքրքիր է, թե ինչպես կարելի է պատճառաբանել, որ կապիտուլյացիայից հետո խաղաղ պայմաններում մեր զոհերի և վիրավորների վերաբերյալ պետական կառույցները տարբեր թվեր են ներկայացնում: Դե իսկ Փաշինյանին էլ չմոռանանք․ հետաքրքիր է, թե նա որտեղից է վերցրել այդ թվերը:
Ստացվում է՝ զինվորին հռչակում են առաջնային, հանուն նրա կապիտուլյացիա ստորագրում, տարածքներ զիջում, թշնամու առաջխաղացումը թույլ տալիս, բայց զոհված զինվորի մասին պատշաճ ինֆորմացիա անգամ չեն կարողանում տալ: Նրանց նահատակությունը հաշվում են պլյուս-մինուսով, մոտավոր թվերով։
Զինվորի կյանքն ու առողջությունը գերակայություն հռչակած իշխանությունը ոչ միայն չի կարողանում այդ զինվորի անվտանգությունն ապահովել, այլ նաև հստակ թիվ տալ: Ի վերջո, այդ թվերի հետևում անուններ են, մարդկային կյանքներ, ճակատագրեր:
Asia Times-ն հրապարակել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցի երկրորդ հատվածը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է հարցազրույցի հայերեն թարգմանությունը, որը ներկայացնում ենք ստորև.
Քուրուշ Զիբարի — Վերադառնանք Հայաստան-Ադրբեջան լարվածությանը. համաձա՞յն եք այն մեկնաբանության հետ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտությունը կրոնական տարր ունի: Ինչպես Հայաստանն է դատապարտում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում եկեղեցիների պղծումը, նույն կերպ էլ Ադրբեջանի նախագահն էր դժգոհում, որ Հայաստանը ոչնչացրել է առնվազն «70 մզկիթ» վիճելի տարածքներում։ Նկարագրելով, թե ինչ է կատարվում Սիրիայում և Աֆղանստանում, կամ արտահայտելով այն միտքը, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ներգրավվել՝ Ադրբեջանի համար կռվելու նպատակով, դուք մի քանի անգամ օգտագործել եք «իսլամական ահաբեկչություն» եզրույթը։ Ձեզ չի՞ մտահոգում այն, որ այդ կերպ ու նման հռետորաբանությամբ կմեծանա ճեղքվածքը Հայաստանի ու մահմեդական աշխարհի միջև և կօտարացնի Հայաստանի փոքրաթիվ մահմեդական համայնքին:
Նախագահ Սարգսյան — Կարծում եմ՝ առաջին հերթին, հայ պաշտոնյաների կողմից «իսլամիստ ահաբեկիչ» եզրույթի օգտագործումը շատ դեպքերում պարզապես արտացոլում է իրականությունը։ Ահաբեկիչը մնում է ահաբեկիչ, կապ չունի, թե որ հավատքն է դավանում: Սակայն այս երևույթը գալիս է սիրիական պատերազմից, իսկ Թուրքիան նրանց բերել է Սիրիայից։ Դա ավելի շատ նրանց դրդապատճառին է վերաբերում, քան Հայաստանի մոտեցմանը: Նրանք անձինք են, որոնք կրոնական դրդապատճառներ ունեն կամ կրոնական պատերազմի մեջ են, քանի որ գումար են ստանում, որովհետև վարձկաններ են։
Ամենևին համաձայն չեմ, թե Լեռնային Ղարաբաղի պատերազմը կամ հակամարտությունը երբևէ կրոնական տարրեր է ունեցել։ Նախ, այնտեղ միայն մի քանի մզկիթ կա, իսկ հայկական եկեղեցիները բազմաթիվ են։ Ես անձամբ ողջունել եմ Շուշիում գտնվող մզկիթի ամբողջական վերանորոգումը, որը վերջնականապես ավարտվեց հայ և մահմեդական անձանց աջակցությամբ: Այն ամբողջությամբ վերանորոգված է։ Ես եղել եմ այնտեղ. ներգրավված էին մասնագետներ, ճարտարապետներ, որոնք խորհուրդ էին տալիս՝ ինչպես ճիշտ վերականգնել այն: Գեղեցիկ մզկիթ է։ Եվ եթե ադրբեջանցիները վերականգնեն գեթ մեկ եկեղեցի, խնդրում եմ՝ լուսանկարն ինձ ուղարկեք։
Սա կրոնական պատերազմ չէ: 70 մզկի՞թ է ավերվել։ Չգիտեմ, ես Ձեզնից եմ լսում այդ մասին: Դուք պետք է շատ կոնկրետ լինեք։ Հայկական եկեղեցիների դեպքում ամեն ինչ շատ կոնկրետ է: Այդ եկեղեցիներն այնտեղ են, որտեղ եղել են հարյուրավոր և հազարավոր տարիներ: Եվ մենք հստակ գիտենք, թե որն է ոչնչացվել։ Ցավոք, մենք մասնագիտացել ենք հայկական եկեղեցիների, ժառանգության ու մշակույթի ավերումը գրանցելու մեջ, առաջին հերթին Օսմանյան կայսրությունում, Թուրքիայում։ Հարյուրավոր հին եկեղեցիներ վերածվել են մզկիթների, կան բազմաթիվ պատմական ապացույցներ: Իսկ եթե ցանկանում եք համեմատել վերաբերմունքը, կարող եք հարց հնչեցնել, թե հանդիպե՞լ եք հայերի, որոնք դժգոհում են, որ Իրանի տարածքում հայկական եկեղեցիներ են քանդվել։ Դուք լսե՞լ եք նման բան: Ո՛չ, ես նույնպես նման բան չեմ լսել: Եվ փաստ է, որ պատմության ընթացքում Իրանում ռեժիմներ, կառավարություններ են փոխվել, բայց Իրանում հայկական համայնքները հիմնականում ծաղկում էին, և Իրանի Իսլամական Հանրապետությունը գումարներ է ծախսել հայկական եկեղեցիների վերանորոգման վրա։ Ես կարող եմ օրինակներ բերել։ Մինչ նախագահ դառնալս մի քանի անգամ եղել եմ Թեհրանում։ Թեհրանի կենտրոնում կա մի հսկայական տարածք, որը կոչվում է «Արարատ» ակումբ։ Երբ գնում ես այնտեղ, կարծես Հայաստանում լինես։ Ամեն ինչ կա՝ բասկետբոլի, ֆուտբոլի խաղադաշտեր, հայ աղջիկներն ու տղաները միասին մարզվում են։ Իսլամական հանրապետության ղեկավարության կողմից մեծ հանդուրժողականություն կա հայկական մշակույթի նկատմամբ։ Իրանում ամենուր շատ հայկական եկեղեցիներ կան։ Խոսքս միայն Սպահանի ու Ռաշտի մասին չէ։
Ինչո՞ւ չենք բողոքում, որ Իրանը ոչնչացնում է հայկական մշակույթը։ Որովհետև դա չի անում: Իրականում նա աջակցում է՝ լինելով իսլամական հանրապետություն, մինչդեռ Թուրքիան իսլամական հանրապետություն չէ, նույնիսկ Ադրբեջանը չի հայտարարել, որ իրենք իսլամական հանրապետություն են։ Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդուրժող է մեր մշակույթի, մեր կրոնի, մեր համոզմունքների հանդեպ։ Եթե որևէ մեկը խոսում է ավերածությունների մասին, թող Իրանի օրինակով այն դիտարկի: Այս պատերազմը կրոնական չէր և չէր կարող լինել։ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների հետ, որոնք իսլամական պետություններ են կամ որտեղ բնակչության մեծ մասը մահմեդականներ են։
Քուրուշ Զիբարի — Ես պարզապես կուզեի մի փոքր շեղվել ու ճշտել հետևյալը. Դուք ասացիք, որ Սիրիայում ճգնաժամը և ահաբեկչությունը, որը եկավ այնտեղից, պայմանավորված էին կրոնով: Նույն կերպ հնարավո՞ր է ասել, որ, օրինակ, մենք ունենք հրեական ահաբեկչություն, որն արտացոլում է այն, ինչ Իսրայելն իրականացրեց պաղեստինցիների հանդեպ: Կարո՞ղ ենք օգտագործել քրիստոնեական ահաբեկչություն տերմինը՝ «Կու Կլյուքս Կլանին» մատնանշելու համար: Մենք երբեք չենք օգտագործել նման ձևակերպումներ։
Նախագահ Սարգսյան — Կարծում եմ, Դուք իրոք շեղվեցիք: Ես տերմին ունեմ՝ քվանտային, ասելով, որ այս աշխարհը դարձել է քվանտային և կարող ես մի տեղից մյուսը շեղվել՝ կորցնելով տրամաբանական հետքը։ Բայց Դուք ամբողջությամբ քվանտային հարց բարձրաձայնեցիք, հարց, որին պատասխանելու համար հավանաբար մի քանի ժամ կպահանջվի: Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին:
Այն, ինչ ասացի Սիրիայի դեպքում, նույնիսկ Իրանն է ընդունել, որ Սիրիայում կան բազմաթիվ խմբավորումներ, որոնց ոչ միայն ես, այլև ուրիշներն են անվանում իսլամական ահաբեկիչներ: Թուրքիան վարձկաններ էր բերել, մարդիկ, ովքեր սպանում են հանուն փողի, նրանք կարող են լինել քրիստոնյաներ, մահմեդականներ կամ բուդդիստներ կամ որևէ այլ կրոն դավանողներ: Դա նշանակություն չունի, քանի որ այն, ինչ նրանք են անում, սխալ է։ Սպանել մարդկանց, քանի որ նրանք տարբերվում են, սպանել մարդկանց հանուն փողի ընդունելի չէ ո՛չ քրիստոնեության, ո՛չ էլ իսլամի համար։ Ես մի քանի անգամ Ղուրան եմ կարդացել և ոչինչ չեմ գտել, որ ասի, թե՝ փողի համար պետք է սպանել նրանց, ովքեր տարբերվում են։ Ես նման բան չեմ տեսել։ Գուցե, Դուք տեսել եք և կարող եք ինձ ցույց տալ, եթե գիտեք:
Քուրուշ Զիբարի — Դուք ճիշտ եք:
Նախագահ Սարգսյան — Այլոց կրոնն ու մշակույթը հարգելն ինձ համար շատ կարևոր է։
Քուրուշ Զիբարի — Անդրադառնանք արտաքին քաղաքականությանը: Գիտեմ, որ բավական երկար ժամանակ ճանաչում եք Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, և որ ԱՄՆ նախագահն այս տարվա ապրիլին ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը՝ ի տարբերություն ԱՄՆ բազմաթիվ նախկին նախագահների, ովքեր շրջանցեցին ճանաչման մասին իրենց դիրքորոշումը: Դուք ակնկալու՞մ եք Վաշինգտոնի հետ երկկողմ հարաբերությունների անցում նոր մակարդակի։ Կա՞ն արդյոք նոր զարգացումներ Երևան-Վաշինգտոն հարաբերություններում, որոնք արժանի են ուշադրության:
Նախագահ Սարգսյան — Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է իմ ազգի և միջազգային հանրության համար։ Անհրաժեշտություն չկա բացատրելու՝ ինչու: Նրանց համար կարևոր է գիտակցել, որ սխալ բան է տեղի ունեցել: Սխալ բան է պատահել այն մարդկանց պապերի ու տատիկների հետ, ովքեր այժմ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ, Արգենտինայի, Լիբանանի և այլ երկրների քաղաքացիներ են։ Եթե չես ճանաչում ցեղասպանությունները, դրանք շարունակվում են։ Ինչպես կարող է մեկն ասել, որ Ռուանդայում ցեղասպանություն չի եղել։ Պետք է ընդունել, որ ցեղասպանություն է եղել, հետո մտածել՝ ինչպես կարող ես պարզապես ապրել դրա հետ և փոխել դրա հետևանքները։
Շատ ուրախ եմ լսել, որ Ռուանդան այժմ շատ ակտիվ և հաջողակ պետություն է։ Նրանք ժամանակակից են, ներդրումներ են կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և դա հրաշալի է, քանի որ նրանք նույնպես անցել են դժոխքի միջով: Նույնը կատարվել է հայերի հետ: Մեծ թվով երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Միացյալ Նահանգները և Միացյալ Նահանգների նախագահը, ճանաչելով ցեղասպանությունը, կարևոր քայլ են անում: Սակայն արդյո՞ք դա պատմական արդարությու՞նն է: Դա կարևոր է Ամերիկայում ապրող հայերի, ամբողջ աշխարհի հայերի համար, բայց կարծում եմ, որ դա կարևոր է նաև ամերիկացիների համար: Նրանք ճանաչում են ինչ-որ բան, որը սխալ էր: Ճանաչելով սխալը՝ առնվազն փորձում ես կանխել հաջորդը:
Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին՝ դիվանագիտական, քաղաքական և այլ ոլորտներում, ապա դրանք պետք է դիտարկել ոչ միայն պատմական, այլև իրական քաղաքականության ժամանակակից, պրագմատիկ տեսանկյունից: Իսկ իրական քաղաքականության մեջ նկատվում է Կովկասի վերաձևափոխման գործընթաց, և գուցե լինի Կենտրոնական Ասիայի վերաձևման գործընթաց ևս:
Այսօրվա կասպյան տարածաշրջանը նույնը չէ, ինչ 30 կամ 25 տարի առաջ էր։ Հայաստանի համար այն ժամանակ հնարավորություն կար Կովկասն այլ ճանապարհով վերաձևավորելու գործընթացին մաս կազմել:
Արդյո՞ք Ադրբեջանում այնքան խելացի կլինեն, որ իրենց հաղթանակը վերածեն կայուն խաղաղության: Երբ դու հաղթող կողմ ես՝ ունես առավելություն, կարող ես նաև փոխզիջումների գնալ, քանի որ հաղթանակը քոնն է։ Պետք է բավականաչափ իմաստուն լինել՝ հասկանալու համար, որ փոխզիջումների գնալով, կարող ես հարաբերություններ ստեղծել, որոնք շատ ավելի երկար կտևեն։ Մենք ապրում ենք, ինչպես ասացի, քվանտային աշխարհում, և ամեն ինչ շատ արագ ու անսպասելի է փոխվում: Մենք ունենք Թուրքիայի նման հարևան, և դժվար է կանխատեսել, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը։
Քուրուշ Զիբարի — Անդրադառնանք նաև Իրան-Հայաստան հարաբերություններին։ Դուք, անշուշտ, լսել եք Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին լարվածության մասին։ Բաքվի կառավարությունը Գորիս-Կապան ճանապարհով Հայաստան մտնող իրանական բեռնատարներից զգալի վճարներ է գանձում, ինչը փաստացի կտրում է Իրանին Հայաստանից: Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանի այս ծրագիրը բացասական ազդեցություն կունենա՞ Իրանի հետ ձեր առևտրային հարաբերությունների վրա։ Ինչպե՞ս եք գնահատում Իրան-Հայաստան հարաբերությունները քաղաքական, տնտեսական, ֆինանսական, գիտական և մշակութային ոլորտներում։
Նախագահ Սարգսյան — Ապացուցելու կարիք չկա, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները կենսական և շահեկան են Հայաստանի համար։ Իրանը երկար տարիներ եղել է մեր վստահելի հարևանը։ Նույնիսկ արևմտյան մեր բարեկամներից շատերն ընդունում են, որ կարող են տարաձայնություններ ու լարվածություն ունենալ Իրանի հետ, բայց Իրան-Հայաստան հարաբերությունները զարգանում են այլ հարթության վրա: Շատ կարևոր է, որ մեր հարաբերությունները առևտրատնտեսական, քաղաքական կամ մշակութային ոլորտներում լինեն խորն ու արդյունավետ։ Պատմությունը ցույց է տալիս, որ մենք կարող ենք վստահել Իրանին և երկարատև հարաբերություններ ունենալ և՛ որպես պետություն, և՛ որպես ազգ։
Ես արդեն անդրադարձել եմ Թեհրան կատարած իմ այցին։ Երիտասարդ ու կենսունակ մարդկանցով և ուսանողներով երկիր է, որը շատ հետաքրքրված է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով: Սպահանում այցելեցի հայկական եկեղեցի, տեսա գրադարանը, տեղեկացա, որ Իրանի կառավարությունը մեծապես աջակցել է այդ ժառանգության պահպանմանը: Այս ամենը, բնականաբար, Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները դրական հունով զարգացնելու հիմք է: Մենք բոլորս ունենք տարբերություններ: Ձեր հարաբերություններն այլ երկրների հետ նույնքան բարդ են, որքան մեր հարաբերություններն այլ երկրների հետ։ Սակայն երկկողմ մակարդակով Իրանին անհրաժեշտ է ուժեղ, կայուն Հայաստան, իսկ Հայաստանին պետք են Իրանի հետ լավ հարաբերություններ։
Քուրուշ Զիբարի — Ինչպե՞ս կմեկնաբանեք Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին լարվածությունը և Իրան-Հայաստան առևտրատնտեսական կապերի վրա դրա հետևանքների հավանականությունը:
Նախագահ Սարգսյան — Իրականությունն այն է, որ ադրբեջանական կողմը դեռևս սահմանազատման գործընթացից առաջ փորձում է օգտագործել իր ռազմական ուժը կամ հաղթողի դիրքը՝ այդ խաղը պարտադրելու և խաղալու համար:
Ինչպես գիտեք, մեր զինվորները դեռևս պատանդ են պահվում Ադրբեջանում և չեն վերադարձվել։ Մինչդեռ, բոլոր մարդասիրական արժեքների համաձայն, պատերազմներից հետո տեղի է ունենում բոլոր ռազմագերիների փոխանակման գործընթաց, ինչը փաստացի տեղի ունեցավ այս և 1994 թվականի պատերազմների ժամանակ, երբ Հայաստանը վերադարձրեց բոլոր ադրբեջանցի գերիներին։ Դեռևս կան բազմաթիվ անուններ, որոնց ճակատագրերն անհայտ են, շատ ընտանիքներ չգիտեն՝ իրենց երեխաները, որդիները ո՞ղջ են, թե՞ ոչ: Սահմանների հետ կապված խնդիրներ կան, Իրանի հետ առևտրի մասով՝ ևս:
Քուրուշ Զիբարի — Կցանկանայի՝ անդրադառնաք COVID-19 համավարակին և Հայաստանի համար դրա հետևանքներին։ 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է 7,6%-ով, մինչդեռ մեկ տարի առաջ այն աճել էր մինչև 7,6%՝ 2018թ. 5,2%-ից հետո: Ի՞նչ եք կարծում՝ փետրվարին կառավարության կողմից հաստատված տնտեսական արձագանքման ծրագիրն արտաքին աջակցության հետ միասին, ներառյալ՝ Եվրամիության 92 միլիոն եվրոն, կարո՞ղ է նպաստել արագ վերականգնմանը: Մասնավորապես, ո՞րն է Ձեր տեսլականը զբոսաշրջության ոլորտի համար, որն ամենաշատ տուժած ոլորտներից էր:
Նախագահ Սարգսյան — Հակիրճ պատասխանելով նշեմ, որ մենք դեռևս չենք հաղթահարել պատերազմի և Covid-19-ի հետևանքները: Մենք մեծապես գնահատում ենք մեր բոլոր բարեկամների աջակցությունը: Եվրամիությունը հայտարարել է նաև առաջիկա տարիներին Հայաստանին 2,6 միլիարդ եվրոյի աջակցության մասին։
Քուրուշ Զիբարի — Սա նո՞ր զարգացում է։
Նախագահ Սարգսյան — Ոչ։ Այստեղ էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Դա մեծ աջակցություն է։ Հարցն այն է, թե որքանով կարող ենք այդ գումարները մեր եվրոպացի գործընկերների հետ միասին օգտագործել երկրի զարգացման համար։ Շատ երկրներում ունենք լավ բարեկամներ: Պետական այցով եղել եմ Իտալիայում, և Իտալիայի կառավարությունը խոստացել է աջակցել Հայաստանին՝ մեծ քանակությամբ պատվաստանյութ տրամադրելով։ Սա նաև պատվաստումների և COVID-19-ի վերաբերյալ Ձեր նախորդ հարցի պատասխանն է։ Ռուսաստանը, որպես առանձնահատուկ գործընկեր և բարեկամ, մեծապես աջակցում է Հայաստանին։
Մենք փոքր ենք, բայց ունենք մեր առավելությունները: Փոքր երկիր ենք, բայց՝ համաշխարհային ազգ։ Ռուսաստանում, հավանաբար, նույնքան հայ է ապրում, որքան Հայաստանում կամ Ամերիկայում։
Երբ ունես փոքր պետություն, պետք է արդյունավետ աշխատես և կկարողանաս հաջողակ լինել: Շատ առումներով փոքրը կարող է արդյունավետ և գեղեցիկ լինել: Դա հսկայական կայսրություն չէ, որը դժվար լինի ղեկավարել: Ամեն ինչ կապված է նրա հետ, թե որքան խելացի ենք մենք և որքանով ենք պատրաստ կարգապահ լինել:
Հարցն այն է, թե որքան արդյունավետ ենք օգտագործում մեր ուժը։ Ադրբեջանը վերջին 26 տարվա ընթացքում բավականին արդյունավետ օգտագործեց իր ուժը՝ նավթը։ Մեր ուժը մեր Սփյուռքն է։ Բայց որքանո՞վ ենք մենք արդյունավետ օգտագործում այն: Անկեղծ ասած, մենք դեռևս այդպես չենք անում։ Մենք դեռ պետք է սովորենք, թե ինչպես այդ տաղանդավոր մարդկանց, նրանց փորձառությունը, գիտելիքները ու հայկական փողերը դրսից բերենք Հայաստան։ Այն պահին, երբ դա սովորենք՝ իսկապես հաջողակ կլինենք։
Քուրուշ Զիբարի — Իմ վերջին հարցը վերաբերում է նույն թեմային, ինչի մասին նշեցիք: Ուզում եմ խոսենք Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների մասին, Սփյուռք, որը կազմված է 7-10 միլիոն մարդուց՝ սփռված աշխարհի շուրջ 100 երկրներում: Ինչպե՞ս է Հայաստանը օգտագործում հայկական սփյուռքի ներուժը և ներդրումները: Նրանք օգնու՞մ են զարկ տալ երկրի տնտեսության զարգացմանը։
Նախագահ Սարգսյան — Նրանք օգնում են Հայաստանին, սակայն այդ օգնությունն ավելի շատ հուզական է: Նրանց ունեցած փորձը շատ բարձրակարգ է: Նրանք ամենուր են, և Սփյուռքը շատ ավելի լավ կարող է օգնել Հայաստանին, բայց դրա համար մենք պետք է որոշ փոփոխություններ կատարենք՝ կրկին Սահմանադրությունը փոխելով։ Գիտե՞ք, որ ըստ մեր Սահմանադրության, սփյուռքահայը Հայաստանում չի կարող նախարար լինել։ Կարծում եմ՝ դա մեծ, շատ մեծ սխալ է: Օրինակ՝ հայ մեծ գիտնականը կամ ՏՏ մասնագետը, որը միլիարդավոր դոլարներ է վաստակել, չի կարող Հայաստանում գիտության նախարար դառնալ։ Նա պետք է վերադարձնի իր ամերիկյան անձնագիրը, ունենա միայն հայկական անձնագիր և չորս տարի ապրի միայն Հայաստանում, որպեսզի կարողանա մտածել նախարար դառնալու հնարավորության մասին։
21-րդ դարում մարդիկ չորս տարում կայսրություններ են կառուցում։ Եթե չորս տարի Սիլիկոնյան հովտում չեք, ապա հեռացել եք և այլևս արժեք չեք ներկայացնում: Մեզ օրենք է պետք, որը թույլ կտա այսօր ընտրել մեկին ու վաղը նախարար դարձնել։ Դուք տեսնում եք, որ նրանք գիտեն՝ ինչպես առաջ շարժվել: Ամերիկայում կա երկու պատվաստանյութ՝ Pfizer-ը և Moderna-ն: Գիտե՞ք, թե ով է ստեղծել դրանցից մեկը՝ Նուբար Աֆեյանը, որը հիմնել է Flagship Pioneering վենչուրային ֆոնդը, որը ստեղծել է Moderna-ն: Սակայն նա՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը, չի կարող մեր երկրի կրթության և գիտության նախարար լինել։ Դա անելու համար նա պետք է վերջին չորս տարիներին ապրեր Հայաստանում։ Այդ դեպքում ո՞վ պետք է ստեղծեր Moderna-ն։
Իրականում, 10 միլիոնից ավելի հայ է ապրում արտասահմանում: Ձեր նշած թվում ներառվում են այն հայերը, որոնք ներգրավված են հայկական համայնքներում։ Սակայն շատ հայեր կան, որոնք այդ ցանկում չկան։ Ես ունեմ նման մարդկանց մեծ ցուցակ, և մենք չենք օգտագործում այդ տաղանդներին: Այս շենքում (նախագահական նստավայրում) մենք գիտաժողով անցկացրեցինք՝ նվիրված մի մարդու ծննդյան 100-ամյակին, որի ազգանունը Քեմուրջյան է։ Գիտե՞ք՝ ով է նա։
Քուրուշ Զիբարի — Ոչ:
Նախագահ Սարգսյան — Անշուշտ, չգիտեք: Շատ հայեր կան, որոնց մասին մեր հայրենակիցների 90 տոկոսը չգիտեն։ Հիշու՞մ եք լուսնագնացը: Լուսնագնաց, որը Լուսին է հասցվել նախ Խորհրդային Միության, այնուհետև՝ ԱՄՆ-ի կողմից:
Քուրուշ Զիբարի — Այո, իհարկե:
Նախագահ Սարգսյան — Իրականում Դուք հիշում եք ամերիկացի տիեզերագնացներին, լուսնագնացներին: Հետո Խորհրդային Միությունը ուղարկեց իր մարսագնացը, այնուհետև դա արեցին ամերիկացիները: Պարոն Քեմուրջյանն էր, որը ստեղծեց այն: Խորհրդային Միության առաջին լուսնագնացը ստեղծվել է Քեմուրջյանի կողմից: ՆԱՍԱ-ն նրան խնդրեց օգնել իրենց, քանի որ նրանք չէին կարող դա անել: Նա պատմության մեջ ռոբոտաշինության ամենամեծ ինժեներներից մեկն է եղել: Եվ նա հայ էր։ Սանկտ Պետերբուրգում այժմ նրա անունը կրող հսկա ինստիտուտ կա։
Նման մարդիկ ամենուր են, բայց մենք դա չենք օգտագործում: Մենք նման ենք Պարսից ծոցի որևէ երկրի, որը որոշել է չօգտագործել իր նավթը: Ի՞նչ է ստացվում արդյունքում՝ անապատ: Հայերս դեռ պետք է սովորենք, թե ինչպես օգտագործել մեր Սփյուռքի ուժը: Եվ ես մեծ ջանքեր եմ ներդնում դրա համար, քանի որ դա ուղիներից մեկն է: Մարդիկ իսկապես չեն հասկանում, թե որքան մեծ է Սփյուռքի հզորությունը, քանի որ այն երբեք չի օգտագործվել։ Մենք պետք է շատ գործ անենք, և դրանցից մեկը Սահմանադրությունը փոխելն է։
Որևէ վատ բան չկա սեփական ազգությամբ, էթնիկական ծագմամբ կամ կրոնով հպարտանալու մեջ: Սակայն, երբ այդ հպարտությունը դառնում է այնքան մոլեռանդ, որ հասնում է անհեթեթության աստիճանի, ապա գործ ունենք մեկի հետ, որը լրիվ կորցրել է իրականության զգացումը։
Թուրք քաղաքական վերլուծաբան Բուրաք Բեքդիլը BESA Center Perspectives-ի կողմից հրապարակված իր հոդվածում խոստովանել է. «Թուրք-իսլամիստական հոգեվիճակը ենթակա է… պատվի, ճակատագրականության, դավադրության, ճոռոմաբանության, հրապարակայնության և շփոթության թակարդներին»:
Տարիների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմաթիվ արտառոց հայտարարություններ է արել, որոնք կասկածներ են հարուցում նրա մտային առողջության վերաբերյալ:
Ահա մի քանի օրինակ Էրդողանի խելառ հայտարարություններից.
2014 թվականին Էրդողանը Ստամբուլ այցելած լատինաամերիկացի մահմեդականների խմբին ասաց, որ մահմեդական ուխտավորները Քրիստափոր Կոլումբոսից մի քանի դար առաջ են հայտնաբերել Ամերիկան. «Պնդում են, թե ամերիկյան մայրցամաքը հայտնաբերել է Կոլումբոսը 1492 թվականին: Իրականում մահմեդական նավաստիները հասել են ամերիկյան մայրցամաք Կոլումբոսից 314 տարի առաջ՝ 1178 թվականին… Իր հուշերում Քրիստափոր Կոլումբոսը հիշատակել է մզկիթի գոյության մասին՝ Կուբայի ծովափին գտնվող մի բլրի գագաթին։ Այսօր այդ բլրի վրա մզկիթը կատարյալ տեսք կունենար»: Բնականաբար, Կոլումբոսը երբեք նման բան չի ասել իր հուշերում։
Մեկ այլ արտառոց հայտարարությամբ Էրդողանը տեղեկացրել է, որ Թուրքիան 2023 թվականին թուրք տիեզերանավ կուղարկի Լուսին՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին։ Նա ենթադրել է, որ թուրքական տիեզերական խմբի անդամ կարող է լինել կին տիեզերագնաց։ Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես կարող է թուրքական սնանկացած երկիրը միլիարդավոր դոլարներ ծախսել նման անհավատալի արկածախնդրության վրա, էլ չասած նրա տիեզերական տեխնոլոգիաների բացակայության մասին: Միգուցե այս ամբողջ թեման խաբեություն է՝ շեղելու մարդկանց ուշադրությունը իրենց դժբախտություններից ու դատարկ գրպաններից՝ նայելու լուսնին ու աստղերին… Մի թերահավատ թուրք հեգնանքով ասաց. «Մենք չենք կարող նույնիսկ սուպերմարկետ գնալ, այդ ինչպե՞ս ենք գնալու տիեզերք»: Մեկ այլ թուրք նկատեց. «Մենք չկարողացանք դիմակներ [COVID-ի դեմ] բաժանել քաղաքացիներին, այդ ինչպե՞ս ենք գնալու տիեզերք»։
Մինչ Էրդողանը կարողանա երևակայել տիեզերք գնալու մասին, նա պետք է մտահոգվի գահավիժող լիրայի, միլիոնավոր գործազուրկ թուրքերի և սարսափելի աղքատությունից տառապող իր ժողովրդի ահռելի տոկոսի համար: Թուրքական աղբյուրների համաձայն՝ 34 միլիոն թուրք գտնվում է սովի եզրին։ Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին անջատել են 1.6 միլիոն թուրք ընտանիքների էլեկտրաէներգիան և գազը, քանի որ նրանք չեն կարողացել վճարել իրենց հաշիվները։
Թուրք վերլուծաբան Բուրաք Բեքդիլը գրել է, որ ինքը «մեծացել է այնպիսի կարգախոսներով, ինչպիսիք են՝ «Մի թուրքը մի աշխարհ արժե», «Թուրքերը ստիպված են եղել կռվել աշխարհի յոթ ամենամեծ տերությունների դեմ» և «Թուրքի միակ ընկերը մեկ այլ թուրք է»։ Մեր դասագրքերը մեզ սովորեցնում էին, որ թուրքական գերագույն ցեղը դարեր շարունակ գերիշխել է ամբողջ աշխարհում. որ Օսմանյան կայսրությունը փլուզվեց միայն այն բանից հետո, երբ համաշխարհային տերությունների դաշինքը հարձակվեց նրա վրա. որ մենք պարտվել ենք Առաջին համաշխարհային պատերազմում, քանի որ դաշնակցել ենք գերմանացիների հետ, որոնք պարտվել են (ոչ թե մենք). և որ մի օր մենք ամբողջ մոլորակը թուրքացնելու ենք։ Մեզ սովորեցրել են, որ օսմանցի մարտիկը կարող է շարունակել կռվել նույնիսկ [բյուզանդական] թշնամու կողմից գլխատվելուց հետո»։
Որպես հետևանք, Բեքդիլը բացատրեց. «Թուրքերը ծարավ են լավ կյանքի մասին հեքիաթների, որը նրանք չեն կարողացել վայելել անցյալ դարի ընթացքում, բայց հավատում են, որ արժանի են: Ցանկացած հաճելի լուրի քարոզչություն, նույնիսկ Էրդողանի հայտնի պոռոտախոսությունը՝ «Արևմուտքը, այդ թվում՝ գերմանացիները, նախանձում են մեզ…», միլիոնավոր ընկալող ունկնդիրներ է գտնում Թուրքիայի գերարդի անհեթեթության շուկայում:
«Հիսուսը թուրք էր. կեղծ թուրքաբանության արտառոց վերածնունդը» վերնագրված հոդվածում Լուկա Իվան Ջուկիչը գրում է NEW/LINES ամսագրում. «Ձեզ կներեն, եթե չիմանաք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման թուրք էր։ Կամ, որ Հիսուս Քրիստոսը և Մուհամեդ մարգարեն նույնպես թյուրքական ծագում ունեին: Ձեզ կներեն, եթե չիմանաք, որ Ռուսաստանն իսկապես մեծ թյուրքական պետություն է, որ ղազախներն ու ճապոնացիները գենետիկորեն նույնական են կամ անգլիական լեգենդար թագավոր Արթուրը, ինչպես կռահեցիք, թուրք էր։ Ձեզ կներեն, քանի որ սրանցից ոչ մեկը ճիշտ չէ: Այնուամենայնիվ, Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա և ամենուրեք դրանց միջև, սրանց նման ենթադրյալ պատմական փաստերը և նրանց աջակցած տեսությունները չափազանց նախանձախնդիր և կեղծ ակադեմիկոսների մտքերից ճանապարհ են հարթել դեպի ազգային դպրոցական դասագրքեր, ժողովրդական մշակույթ և, իսկապես, պաշտոնական կառավարական գաղափարախոսություն»։
1932 թվականին թուրքական լեզվի ինստիտուտը հորինեց կեղծ «Արևի լեզվի տեսությունը», որը պնդում էր, թե «թուրքերենը ողջ մարդկության լեզվի և հետևաբար ողջ քաղաքակրթության աղբյուրն է», գրել է Ջուկիչը: «Ինստիտուտի լեզվաբանները պնդում էին, որ լեզուն Կենտրոնական Ասիայում հորինել են արևապաշտ նախաթուրքերը, երբ նրանք մրթմրթացել են արևին»: Ավելին, ըստ թուրքական պատմական թեզի պնդման, «Թուրքերը քաղաքակրթություն են բերել Չինաստան, Եվրոպա, Հնդկաստան և այլուր, երբ գաղթել են Եվրասիական տափաստանից»: Այս կեղծ տեսությունները հայտնվեցին թուրքական դասագրքերում և հանրաճանաչ գրքերում` լվանալով թուրքերի մի քանի սերունդների ուղեղները: Այս կեղծ գիտական պնդումների կողմնակիցների մեծ մասը նախագահ Էրդողանի հետևորդներն են:
Չկա գերագույն ցեղ: Բոլոր մարդիկ հավասար են։ Նրանք բոլորը Աստծո զավակներ են: Թեև գերակայության մասին պնդումները կարող են բավարարել մարդկային սին հակումները, սակայն ոչ ոք իրավունք չունի այլ ցեղերի վերաբերվել որպես ստորադասների:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հանդես է եկել ելույթով: Կառավարության ղեկավարն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին:
Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ ընձեռնված հնարավորության համար՝ քննարկելու մեր երկրների համագործակցության օրակարգային հարցերը, ծրագրերը:
Նախ արձանագրեմ, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում է։ Առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները:
Կասկածից վեր է, որ դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար:
Այնուամենայնիվ, պետք է փաստեմ, որ վերջին տարիներին համավարակը բարդագույն մարտահրավերներ է ստեղծել ողջ աշխարհի համար, և հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն այս առումով ևս բացառություն չեն: Համավարակից զատ, Հայաստանի տնտեսության համար հավելյալ բարդություններ են ստեղծվել նաև մեր տարածաշրջանում վերջին զարգացումները և նախորդ տեղի ունեցած պատերազմը։ Այնուամենայնիվ, մեր փոխգործակցությունը կանգ չի առել, և շարունակել ենք աշխատել՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի արտացոլում երկու երկրների ունեցած ներուժը. ակնհայտ է, որ այս առումով երկկողմ համագործակցությունը դեռևս չի հասել ցանկալի մակարդակի, և անհրաժեշտություն կա այն ընդլայնելու։ Համագործակցության ընդլայնման հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Այս առումով միջկառավարական հանձնաժողովի այս նիստը պետք է դառնա հնարավորությունները քննարկելու հարթակ՝ տնտեսական հարաբերությունների ամենատարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու համար։ Նիստի շրջանակներում հույս ունեմ կնախանշենք նաև մեր նպատակներին հասնելու կոնկրետ քայլեր։
Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն տրանսպորտային ենթակառուցվածքները և լոգիստիկան։
Հայաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջնահերթություն է մեզ համար։ Մենք համագործակցում ենք տրանսպորտային միջազգային մի շարք կառույցների շրջանակներում, մեծ կարևորություն ենք տալիս Պարսից ծոց — Սև ծով միջազգային տրանսպորտային երթուղին և տրանսպորտի ոլորտում այլ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Հարկ եմ համարում նշել, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին, իրավամբ, կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Ընդ որում, ես ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք, որ վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծեց, որ մենք Վրաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք ոչ միայն երկկողմ հարթության, այլև տարածաշրջանային համագործակցության տիրույթում: Սա չափազանց կարևոր է մեր հարաբերությունների համատեքստում: Այո, Հայաստանը և Վրաստանը համագործակցության բավականին լուրջ դաշտ ունեն և կարող ենք մենք փոխադարձաբար մեկս մյուսին աջակցել:
Ընդ որում, Պարսից ծոց- Սև ծով երթուղու մասին խոսելիս ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու երկու նախագիծ. ավտոմոբիլային երթուղի եւ երկաթուղային երթուղի: Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի եւ վրաց գործընկերների հետ ու շատ կարևոր է, որ այստեղ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Արբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի, դառնալով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղի:
Այս իմաստով ուզում եմ տեղեկացնել, որ նեյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով հնարավորոթյուն է առաջացել, որ Ադրբեջանի հետ կարող ենք համաձայնության գալ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ: Իսկ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է և հույս ունենք այդ աշխատանքն ավարտել առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Իհարկե, պետք է աշխատել, որ մեր պայմանավորվածություններն ինչպես կան` հստակ արձանագրվեն:
Ուզում եմ նաև անկեղծորեն ասել, որ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե այս նախագիծը կարող է շահեկան չլինել Վրաստանի համար, ես նկատի ունեմ երկաթուղային հաղորդակցության բացումը: Պիտի կտրականապես չհամաձայնվեմ այդ դիրքորոշման հետ, որովհետև եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրանի Իսլամական Հանրապետություն երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն:
Հարգելի՛ գործընկերներ,
շարունակելով տրանսպորտային հաղորդակցության թեման գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս տարի Հայաստանի և Վրաստանի միջև ուղիղ կանոնավոր չվերթներն ու ուղևորափոխադրումներն աճ են գրանցել, ավելացել են նաև բեռնափոխադրումները։ Այս ուղղություններով կշարունակենք հավելյալ ջանքեր գործադրել հետագա կայուն աճն ապահովելու համար։ Այս համատեքստում ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել երկաթուղային տրանսպորտային համագործակցության ընդլայնման և այս ճանապարհով ևս ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հետագա ավելացման հնարավորությունը:
Հայաստանը և Վրաստանը համագործակցության մեծ փորձ ունեն էներգետիկ ոլորտում։ Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաև դեպի Հայաստան էներգառեսուրսների հուսալի և անվտանգ մատակարարման առումով։
Տեղեկացնեմ, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել Հայաստան-Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծի գործող շինարարական համաձայնագրի բոլոր տեխնիկական հավելվածների մշակմանն ու ստորագրմանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսում նոր ցանցերի և հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի շինարարական աշխատանքների մեկնարկին։
Մեր երկրները մեծ ներուժ ունեն ընդլայնելու համագործակցությունը թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, փոստային ծառայությունների և ստարտափերի ոլորտներում: Մենք մեր վրաց գործընկերներին առաջարկում ենք ուսումնասիրել Վրաստանում «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ բացելու հնարավորությունը։
Խոսելով առողջապահության ոլորտում համագործակցության մասին՝ պետք է նշեմ, որ համավարակի սկզբից ի վեր Հայաստանն ու Վրաստանն ակտիվ համագործակցում են: Փորձի փոխանակման շնորհիվ մեզ հաջողվեց համատեղ մի շարք կանխարգելիչ գործողություններ իրականացնել։ Կարծում եմ, որ այս ոլորտում անհրաժեշտ է շարունակել զարգացնել երկու երկրների առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի փոխգործակցությունը և միջսահմանային համագործակցությունը, ինչպես նաև անհետաձգելի բժշկական փոխօգնության ապահովումը:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ կրթության և գիտության ոլորտներում ակտիվ շփումները մտնում են գործնական փուլ: Վրացական կողմի առաջարկի հիման վրա հայկական կողմն արդեն իսկ ձեռնամուխ է եղել համապատասխան աշխատանքների իրականացմանը, ինչը կնպաստի Վրաստանի հանրակրթական հաստատություններում հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչների ընդգրկմանը ատեստավորման գործընթացում, որի նպատակը մասնագետների որակավորումը բարձրացնելն է: Իր հերթին, մենք կդիտարկենք Հայաստանում վրացերենի ուսուցման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ ակնկալելով վրաց գործընկերների աջակցությունն այս հարցում: Մենք հետաքրքրված ենք Հայաստանում վրացերենի ուսուցման շրջանակի, ծավալների մեծացմամբ, մենք կարծում ենք, որ մեր այս հարաբերությունների շատ տրամաբանական շարունակությունը կլինի, եթե մենք այս ոլորտում կոնկրետ արդյունքներ գրանցենք:
Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել կրթության, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունների զարգացման կարևորությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային համագործակցության ձևաչափերով: Հույս ունեմ, որ կկարողանանք արդյունավետ համագործակցել նաև հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների պահպանման և զարգացման հարցերի շուրջ: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ մեզ համար չափազանց կարևոր է նաև, որ Վրաստանի հայությունը լիարժեք տիրապետի վրացերենին, քանի որ մեր ընկալումն այն է, որ Վրաստանի հայ համայնքը պետք է շարունակի մնալ Վրաստանում կայունությանը, միասնությանը, համերաշխությանը նպաստող գործոն: Վրաստանի կայունությունը, զարգացումը, մեզ համար առավել քան կարևոր է:
Մեր երկրների համար կարևոր է մշակույթի բնագավառում համագործակցության ընդլայնումը, քանի որ մեր ժողովուրդները կարող են միմյանց ներկայանալ հարուստ մշակութային ժառանգությամբ և ներուժով, իսկ հումանիտար ոլորտում համագործակցությունը հատկապես կարևոր է երկու ժողովուրդների միջև բարեկամական ավանդույթների շարունակականության ապահովման առումով: Միաժամանակ վստահ եմ, որ կարիք ունենք հայ–վրացական մշակութային կապերի որակապես նոր օրակարգի ձևավորման, այն է՝ զուտ մասնակցային ձևաչափից անցում կատարել համատեղ մշակութային նախաձեռնությունների դաշտ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս միասնական հայտերի ներկայացման սկզբունքի կիրառմամբ: Ուրախ եմ, որ այս ուղղությամբ արդեն իսկ առկա է ակտիվ երկխոսություն:
Խոսելով մշակութային փոխգործակցության մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման, ինչպես նաև թատերախմբի գործունեությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
Հաշվի առնելով արդեն իսկ ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը՝ երկու երկրների զբոսաշրջության զարգացման համար պատասխանատու կառույցները պետք է շարունակեն ջանքեր գործադրել արդյունավետ համագործակցություն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝ երկու երկրների զբոսաշրջային գործակալությունների կողմից համատեղ փաթեթների մշակման միջոցով։ Այս առումով մեր վրացի գործընկերներին առաջարկում ենք մշակել զբոսաշրջության ոլորտում հայ-վրացական համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր։ Այս գաղափարը նոր չէ և մենք խոսել ենք և պետք է մեր զբոսաշրջային կազմակերպություններին քաջալերենք, որպեսզի նրանք միասնական փաթեթներ դուրս բերեն շուկա, այսինքն ուղղությունը լինի ոչ թե Հայաստան կամ Վրաստան, այլ ուղղությունը միանգամից լինի Հայաստան և Վրաստան, Վրաստան և Հայաստան: 2019 թվականին Հայաստանը զբոսաշրջության ռեկորդային ցուցանիշ ունեցավ և մեր փորձը ցույց տվեց, որ այս կարգի փոխգործակցությունը շատ արդյունավետ է և կարող է արդյունքների բերել:
Սպորտի և երիտասարդության ոլորտում համագործակցության հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել տարբեր մարզաձևերից հավաքական թիմերի համատեղ ուսումնամարզական հավաքների, Հայաստանի և Վրաստանի մարզաբազաներում համատեղ մարզումների, սպորտային բժիշկների ու մարզիչների համար սեմինարների կազմակերպումը:
Նաև Հայաստանի և Վրաստանի շրջանների միջև ապակենտրոնացված համագործակցությունը նույնպես զարգացման մեծ հնարավորություններ ունի: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող անդրսահմանային համագործակցության տարբեր ծրագրերին հետագա ներգրավման հնարավորությունը:
Պարոն վարչապետ, եթե Դուք դեմ չեք գաղափարին, ես մտածում եմ օրինակ, որ մեր սահմանամերձ մարզերի, շրջանների ղեկավարների մակարդակով նույնպես կարող ենք որոշակի փոխգործակցության հնարավորություն ստեղծել և փորձենք ապահովել բոլոր մակարդակներում մեր հարաբերությունների զարգացումը:
Նաև բնապահպանության ոլորտում մեծ պոտենցիալ եմ տեսնում, հաշվի առնելով, որ գլոբալ բնապահպանական մարտահրավերներն այլևս վերազգային բնույթ են կրում: Դրանց հասցեագրումը ևս պահանջում է միջազգային համագործակցության ընդլայնում և ջանքերի միատեղում գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում:
Հարգելի՛ գործընկերներ,
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջկառավարական հանձնաժողովի նիստի բոլոր մասնակիցներին՝ նիստն իրականություն դարձնելու և կատարված արդյունավետ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հնարավոր բոլոր ուղղություններով մեր երկկողմ համագործակցությանը։
Շնորհակալություն»:
Մեր կուսակցության համար սա հերթական, բայց ոչ սովորական համագումար է, քանի որ մենք կարող ենք առանց չափազանցության ասել, որ այն տեղի է ունենում արտակարգ իրավիճակների պայմաններում, երբ մեր պետությունն ու ժողովուրդը առերեսվում են լրջագույն մարտահրավերների»,- «Հայաստանի Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ իրենց՝ հանրապետականների համար, որ կանգնած են եղել Հայաստանի անկախության պայքարի ակունքներում ու առանցքային դեր են ունեցել պետականաշինության գործընթացում, այս իրավիճակը չափազանց մտահոգիչ է և թելադրում է մեր գործունեության առաջնահերթությունները:
«Այսօր մենք հնարավորություն, ես կասեի՝ պարտավորություն, ունենք քննարկելու նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում մեր պետության, ժողովրդի և կուսակցության հետ տեղի ունեցած իրադարձությունները, ազնիվ գնահատականներ հնչեցնելու և խոսելու մեր պետության ու կուսակցության ապագայի մասին:
Այս հաշվետու համագումարում մենք չպետք է միայն քննարկենք ներկուսակցական հարցեր, սահմանենք ու հաստատենք քաղաքական ուղենիշներ, լսենք առաջարկներ, ձևակերպենք օրակարգ:
Մենք անկարող ենք ձևապաշտություն անել ու կեղծել ինքներս մեզ: Ձևապաշտությունը երբեք մեր տեսակին հարիր չի եղել: Ուստի, առանց մեղմացնող բառերի պարտավոր ենք արձանագրել մեր երկրի ներկայիս դառն իրականությունը:
— Իսկ իրականությունն այն է, որ այսօր Հայաստանից մեկնում ու այլևս չի վերադառնում ամեն 5-րդ ուղևորը, և «ռեկորդային» ցուցանիշ է: Իհարկե, բառիս բացասական իմաստով: Ուզում եմ մեկ րոպե փորձեք պատկերացնել աղետի աստիճանը:
Մինչ մենք այս լուսավոր դահլիճում խոսում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից, «Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ ընտանիքներ արցունքներն աչքերին հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին ու օտար երկրում հաստատվելու հույս փայփայում:
— Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանում համարյա ամեն երրորդն աղքատ է, և այս ցուցանիշը կտրուկ վատացել է վերջին երկու տարիներին: Ըստ Համաշխարհային բանկի աղքատության վերին գծի՝ Հայաստանում աղքատ է բնակչության 47,6%-ը: Այնինչ ընդամենը երեք տարի առաջ մարդիկ բազային կարիքների միջին բավարարվածություն ունեին:
— Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 35 հազար արցախցի կամ 8 հազարից ավելի ընտանիք անօթևան մնացին, նրանց բնակավայրերն անցել են Ադրբեջանի հսկողության տակ: Սա զուտ վիճակագրություն չէ, այլ մարդիկ են, ճակատագրեր, թշնամուն թողնված ընտանեկան գերեզմանատուն, մանկության հուշեր, տարիների կորցրած վաստակ ու վտանգված ինքնություն:
— Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 5000 ընտանիքներ կորցրին իրենց հույսը, շատերը՝ իրենց տան միակ կերակրողին, իրենց ապրելու նպատակը: 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին: Եվ այս ժողովրդագրական ողբերգությանը գումարվեց համավարակի աղետը, որը հազարավոր անմեղ կյանքեր խլեց` որպես հետևանք թողելով մեզ մտածելու դառը թվեր, խեղված ճակատագրեր: 2020թ. վերջին 70 տարվա մեջ պատմական ամենացածր կորն արձանագրվեց ժողովրդագրության տեսանկյունից, որովհետև մեր երկրում ծնունդների ու մահերի թվերը գրեթե հավասարվել են: Սա ևս մեծ աղետ է:
Անհայրենիք ու ապազգային կառավարությունը պիղատոսաբար լվաց ձեռքերը` թիկունքը դարձնելով մեր հայրենակիցներին, մարտի դաշտում թողնելով հայ զինվորին, սեփական անճարակությունը զինվորի ընտանիքին որպես դասալքություն ներկայացնելով, իսկ առողջապահական համակարգի կառավարման անկարողությունը՝ որպես միջազգային նորմ:
Այս տարվա արդյունքները, բնականաբար, ամփոփված չեն, սակայն առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացության դեպքերն աճել են 6.3 տոկոսով:
— Իրականությունն այն է, որ մեր հասարակությունն այսօր, ավելի քան երբևէ, բևեռացված է, հուսալքված ու վիրավորված: Այսօր, ըստ հարցումների, հասարակության մոտ 70%-ը առհասարակ մերժում է հետևել քաղաքական գործընթացներին: Այսօր մարդիկ մերժում են առերեսվել իրականության հետ՝ որպես ինքնապաշտպանական բնազդ և նախընտրում են անտարբերությունը: Կարո՞ղ ենք արդյոք մեղադրել մեր հայրենակիցներին հուսալքության համար: Կարողացե՞լ ենք արդյոք մենք էլ մեր հերթին մեր գործողություններով հույս վառել նրանց սրտերում: Այս հարցում մենք մեր պատասխանատվության բաժինն ունենք, որի մասին, անշուշտ, կխոսենք:
— Իրականությունն այն է, որ տարիներ շարունակ մեծ զոհողությունների գնով ձեռք բերված պետական անվտանգությունը, դիվանագիտական, պաշտպանական և ոչ պակաս կարևոր թվային սուվերենությունը խարխլված են:
— Իրականությունն այն է, որ մեր երկիրը բանակցային սեղանին մասնակցում է լոկ տնտեսական ու իրավական միավորի սուբյեկտայնությամբ, այնինչ մենք ազգային ինքնությամբ պետություն ենք: Կարող են քարոզչական տարբեր հնարքներով բթացնել մարդկանց զգոնությունը, կերակրել առասպելական ստերով ու պահել այսպես կոչված թվային մատրիցայի մեջ, որտեղ մածունը սև է, իսկ քաղաքական առաջնորդը բանակցային հաղթանակներ է տոնում զուտ մի խեթ հայացքով: Բայց այս ամենը չի կարող երկար տևել: Չի կարելի մարդկանց հիմարի տեղ դնել, չի կարելի ծանր կացության մեջ հայտնված հուսալքված մարդկանց վահան դարձնել` պաշտպանվելու ցանկացած ռացիոնալ խոսքից ու ողջամտությունից:
— Իրականությունն այն է, որ համազգային այս աղետի արդյունքում մեր երկրում փորձում են օրակարգից հեռացնել մարդու արժանապատվությունը: Ո՞վ է մարդը առանց արժանապատվության: Ուզում եմ հիշեցնել, որ արժանապատվությունը սոսկ բառ չէ: Այն մարդու անօտարելի իրավունքն է: Մեր հայրենակիցներից փորձում են խլել այս իրավունքը` կապիտուլյացիայի, ազգային նվաստացման, անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում:
Երբ քաղաքական ընդդիմախոսներին և նրանց համախոհներին համատարած գաղտնալսում են ու զրկում անձնական կյանքի իրավունքից: Երբ ծանր հոգեբանական ու սոցիալական իրավիճակում հայտնված զոհված զինվորի ընտանիքին պետության ունեցած պարտավորությունները կատարում են հերթերում ժամերով սպասեցնելով:
Երբ ՀՀ հարկատուների և բարերարների հաշվին գործող զինվորների ապահովության հիմնադրամի փոխհատուցումը ներկայացնում են որպես կապիտուլյանտի անձնական լավություն, որի դիմաց սգավոր կինը պարտավոր է կանգնել տեսախցիկի առջև և շնորհակալություն հայտնել: Ի դեպ, սա ճիշտ նույն այն հիմնադրամն է, որի ստեղծման համար մենք գործող վարչախմբի ներկայացուցիչների կողմից ժամանակին անխնա քննադատության արժանացանք, իսկ հիմա անամոթաբար մսխում են ոչ իրենց ստեղծածը: Արժանապատվությունն անօտարելի իրավունք է, իսկ վերջինիս կորուստը անտարբեր ու բարոյալքված հասարակություն է ծնում, որը դառնում է անկարող` գործելու անգամ սեփական անվտանգության բնազդի դիրքերից:
Կապիտուլյացիայի հոգեբանությունը քայքայող հասարակական հետևանքներ է ունենում:
Սա է մեր դառն իրականությունը, որի բարձրաձայնումը ցավ է պատճառում, իսկ այս իրականությունում ապրելը ուղակի խենթացնում է մարդկանց: Բայց մենք պիտի խոսենք խնդիրների մասին՝ ոչ թե ողբի, այլ ապաքինման համար: Ապաքինման ՀՈՒՅՍՈՎ, եթե կուզեք: Մեր երկրի ապաքինման հույսի ճանապարհին մենք պարտավոր ենք խորքային վերլուծության ենթարկել խնդիրները` ազնվորեն ու խիզախությամբ ընդունելով մեղքի մեր բաժինն ու հույսի ճանապարհի համար պատասխանատվության մեր խաչը վերցնելով»,- ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:«Արցախի հարցը եղել ու մնում է մեր ժողովրդի գոյության և պաշտպանության հարցը, մեր ինքնության ու տեսակի պահպանման հարցը։ Սա հասկանալու համար մեր ժողովրդին պետք եղավ անցնել կորուստներով լի պատերազմով։ Ես և իմ զինակից ընկերները երբեք չենք թաքնվել բունկերում։ Մեր սերունդը հավատում էր, որ հայրենիքի առջև պարտքը կատարելը հերոսություն չէ, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելը մեր պարտքն էր»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի բաժնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը՝ տելեգրամի իր ալիքում ներկայացրել է բանագնացի ինքնությունը, կիսվել մտավախությամբ ու դիտարկումներով, թե ինչ ակնկալել նրա մասնակցությամբ երկխոսությունից։
Մելքոնյանը տեղեկացրել է, որ Սերդար Քըլըչը՝ լինելով ոչ միայն Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտող, այլև ցեղասպանության ճանաչումն արգելափակելու ակտիվ լոբբիստ, դարձել է հայկական իշխանությունների տեսանկյունից բանակցությունների ընդունելի ֆիգուր։
«Հակառակի մասին պաշտոնական Երևանի կողմից չի հայտարարվել։ Ազգային կողմնորոշված էլիտան այդ քայլը կգնահատեր որպես միտումնավոր վիրավորանք»։
Երկրորդ կետով Մելքոնյանը նշել է, որ նման նշանակմամբ Թուրքիան ցույց է տալիս, որ չի հրաժարվում ցեղասպանության հարցում իր մոտեցումներից։
«Նման քայլից հետո կարգավորման գործընթացը կարելի է կանգնեցնել՝ Անկարայի կողմից բարի կամքի բացակայության պատճառով»,- հայտնել է Մելքոնյանը, հավելելով, որ հայկական կողմից տվյալ անձի ՝ որպես բանակցող փաստացի ընդունումը խոսում է այն մասին, որ Հայոց ցեղասպանության թեման ոչ միայն երկրորդական է, որը կարելի է դնել փակագծերի մեջ, այլև զիջումների գնալ այդ հարցում։ Թուրքիան պատրաստ չէ հարաբերությունների իրական կարգավորման։
«Թուրքական «հարաբերությունների կարգավորումը» նշանակում է հայկական քաղաքական գործոնի ոչնչացում։ Դա ևս մեկ անգամ հաստատվում է այդ նշանակմամբ։ Նման «բանակցողները» պատմության թշնամիներն են, ովքեր կեղծում են Հայոց ցեղասպանության, պետության մասին փաստերը, ցանկանալով ոչնչացնել ազգին, որովհետև հարվածի տակ կհայտնվեն Արցախն ու Սփյուռքը»,- գրել է Մելքոնյանը։
Այսօրվա իշխանությունները բոյկոտեցին մեր կողմից հրավիրված արտահերթ նիստը: Ընդդիմության կողմից նախաձեռնած արտահերթ նիստը բխում է առաջին հերթին ՀՀ-ում ստեղծված իրավիճակից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:
«Սահմանազատման և սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակներում լուրջ ուսումնասիրություններ են պետք: Այսօրվա իշխանության բանավոր ցուցումով զորքերը հետ են քաշվել՝ չհասկանալով, որ հետագայում այն ռազմավարական կետերը, որոնք հանդիսանալու են շահարկման բանակցային առարկա, այսօր հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ և բավականին մեծ խնդիր է լինելու իրական սահմանազատումն ու սահմանագծումը իրականացնելու համար»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ սահամանազատման և սահամանագծման իրական պայմաններ չունենք:
Նա այն կարծիքին է, որ եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապվի Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ կսպառնա նաև Արցախի հանրապետությանը:
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը Ղարաբաղյան խնդրի ներկա փուլի և ինքնորոշման իրավունքի հետապնդման մասին․
«Մադրիդյան և հետագայում Կազանյան փաստաթղթում առկա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության դրույթը մեր նորանկախ պետության երեսուն տարիների թերևս կարևորագույն ձեռքբերումներից է։ Այնտեղ սևը սպիտակի վրա հենց առաջին կետով գրված է հետևյալը․
«Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում […]: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988-ի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու, և կարող է թույլ տրվել կարգավիճակի յուրաքանչյուր հնարավորություն»:
44-օրյա պատերազմի առաջացրած ամեն տեսակի բացասական և անընդունելի հետևանքներն արդարացնելու և սեփական բոլոր սխալները նախկինների վրա բարդելու մարմաջի մեջ չի կարելի փոշիացնել այս ձեռքբերումը։
Անկախ նրանից, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ասում, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել։ Չէր լուծվել 1918-20 թվականներին, չէր լուծվել խորհրդային ամբողջ շրջանում, չէր լուծվել նախորդ երեսուն տարիներին ու չի լուծվել նաև այսօր։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության վերոնշյալ դրույթը մեզ դեռ շատ է պետք գալու։
Այդ ձևակերպումը, որ առաջին անգամ տեղ է գտել Մադրիդյան փաստաթղթում, չափազանց մեծ դժվարությամբ է ձեռք բերվել, դիվանագիտական բազմաթիվ հնարքներ են օգտագործվել և միջնորդ երկրների կողմից լուրջ ջանքեր են պահանջվել դրա համար։ Այս դրույթի իսկական արժեքը դրա՝ միջնորդ երկրների և առհասարակ միջազգային հանրության ընկալումն է։ Հենց դա է, որ հայկական կողմը պետք է օգտագործի իր միջազգային դիվանագիտության մեջ, այլ ոչ թե ներքին խնդիրների շահարկման նպատակներով գնա դրա արժեզրկմանը։
Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս խորհրդարանում արած հայտարարությունները, թե «2018-ին ստացած բանակցային բովանդակությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելու անգամ տեսական հնարավորություն չուներ» և որ «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում եղել է աղետ, և Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները» մտահոգիչ են, որովհետև փակում են ինքնորոշման ամրագրված դրույթից օգտվելու հնարավորությունը։ Առավել մտահոգիչ է, եթե դա նախանշան է գալիք հնարավոր արդարացումների, որ կարող են հետևել Լեռնային Ղարաբաղը ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթղթի ստորագրմանը։
Նախ ասեմ, որ նման փաստաթղթի ստորագրումը որևէ արդարացում չի կարող ունենալ։ Անկախ նրանից՝ բանակցային փաստաթղթերը տեսականորեն երբ և ինչպես հնարավորություն կտային Լեռնային Ղարաբաղի ինքնորշման համար, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստաթուղթ ստորագրելու արդարացում լինել չեն կարող։ Ավելին՝ նման իրավունքով անհատ պարզապես չի կարող գոյություն ունենալ, որովհետև դա անհատի որոշելու հարց չէ։
Մադրիդյան փաստաթղթում ամրագրված դրույթը թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար, և ցանկության ու կարողության դեպքում հայկական կողմն այսօր ունի դա լավագույնս օգտագործելու հնարավորությունը։
Բայց մինչ այդ «3+3»-ի մասին։ Տարածաշրջանային այս ձևաչափը առաջին անգամ առաջարկել է Հայաստանը 2000-ականների սկզբին։ Դա հաղթող կողմի առաջարկություն է։ Այդ օրերին դրանով մենք նպատակ ունեինք օրինականացնել ստատուս քվոն։ Ադրբեջանն ու Թուրքիան մերժեցին այն։ Այսօր այս նույն ձևաչափն առաջարկում են այդ երկուսը՝ հետապնդելով ճիշտ նույն նպատակը՝ օրինականացնել ներկայիս ստատուս քվոն։ Լավ կլիներ, որ Հայաստանը, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը ժամանակին, մերժեր որևէ մասնակցություն։ Սակայն եթե հայկական կողմը որոշել է մասնակցել, ապա առնվազն պետք է ունենա իր ուրույն օրակարգը։ Մինչդեռ, կասկածից վեր է, որ այդտեղ օրակարգը թելադրելու են Թուրքիան և Ադրբեջանը։ Մյուս երկրները բնականաբար կբերեն իրենց օրակարգերը։
Այս ձևաչափում Հայաստանն այս փուլում սեղանին պետք է դնի երեք հարց՝ ա) ադրբեջանական զինված ուժերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից, բ) գերիների ամբողջական և անվերապահ վերադարձ, գ) հաղորդակցության ուղիների վերաբացում առանց նախապայմանների։ Բայց սա ամենը չէ։ Այստեղ կա Լեռնային Ղարաբաղի նրբին հարցը։ Մի կողմից պետք է բացառել խնդրի կարգավորումը այդ «3+3» ձևաչափի օրակարգի մաս դարձնելը։ Մյուս կողմից, առհասարակ, Լեռնային Ղարաբաղի մասին չխոսելը ջուր կլցնի Ադրբեջանի ջրաղացին առ այն, թե տարածաշրջանում նման խնդիր այլևս գոյություն չունի։ Այստեղ հնարավոր է գտնել ճիշտ մոտեցումը։
Իսկ ի՞նչ կարելի է անել Լեռնային Ղարաբաղի ճակատում և ինչպե՞ս կարելի է օգտագործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության այդ դրույթը։
Նախարար եղած ժամանակ բանակցային իմ ոճի դրսևորումներից մեկը եղել է «ոչինչ չեմ բացառում, կարող ենք խոսել այդ մասին» մոտեցումը, երբ նույնիսկ սեղանին հակառակորդի կամ միջնորդների կողմից դրվել է հարցի հանգուցալուծման մեզ համար անընդունելի տարբերակ, երբ գտել եմ, որ հնարավոր է դրանից վերջում ստանալ ցանկալի ելք։ Ինքներս սեղանին հաճախ դրել ենք առաջարկներ՝ քաջ գիտակցելով հենց մեր կողմից դրանց հետագա մերժման անխուսափելիությունը։ Այդ կերպ հնարավոր է եղել հակառակորդին բանակցությունների մեջ ներքաշել իրենց համար նույնիսկ ամենաանընդունելի հարցերի շուրջ։ Այդ ճանապարհով է հնարավոր եղել Քի Վեսթում հասնել Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միացմանը՝ Ադրբեջանի համար ընդամենը Արաքսի ափով Նախիջևանի հետ կապվելու էստակադային ճանապարհի դիմաց։ Եվ հենց այդ մեթոդաբանության շնորհիվ է հնարավոր եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավունքի ամրագրումը բանակցային փաստաթղթում։
Հայաստանն այսօր գտնվում է մի այնպիսի անկյունադարձային ու ճակատագրական կետում, երբ միայն համարձակ, հմուտ և ճկուն դիվանագիտության միջոցով հնարավոր կլինի բեկում մտցնել իրավիճակում։
Բայց մինչև դա անելը հայկական կողմը նախ իր համար պետք է ամրագրի երկու կարևորագույն սկզբունք․ ա) ԼՂԻՄ-ի դիտարկումը որպես ամբողջական քաղաքական միավոր, բ) ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Ահավասիկ, այս երկու սկզբունքներից ելնելով՝ հայկական կողմը պետք է գտնի և առաջին հերթին միջնորդների առաջ դնի ի՛ր «չեմ բացառում» տարբերակը՝ սկիզբ դնելով Մինսկի խմբի շրջանակում Արցախի խնդրի կարգավորման բանակցությունների նոր փուլի։
Ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.