23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2021 թվականի վերաբերյալ մեր բոլորի զգացողություններում բացասականը գերակշռում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, այսօրվա դրությամբ, 3825 է. նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ նույնականացվել ու հուղարկավորվել են 2021 թվականին:
«Գրերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են 2021-ի հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ. Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունումայն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ», — հայտարարեց ՀՀ վարչապետը;
Նա նշեց, թե վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել է, որ եթե իրեն ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհանձնելու մեջ:
«Ես, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է, որ մեղավոր եմ դրանում: Մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու եւ մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջաները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը:
Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում:
Մեղավոր եմ, որ հստակ ու աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար ու միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի:
Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, սա չանելն է իմ իրական մեղքը:
Մեղադրանքի նման ձեւակերպումը ամենեւին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը, դրանով ավելի եմ սրում, որովհետեւ հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա», — ասաց վարչապետ Փաշինյանը՝ հավելելով. «Դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի հետ կապվեցինք այն պահին, երբ նա պատրաստվում էր գնալ Ազատության հրապարակ՝ հանրահավաքին մասնակցելու։ Ասաց, որ մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով, բայց ակնկալիքների մասով դժվարացավ խոսել՝ խնդրելով հարցն ուղղել հանրահավաքի կազմակերպիչներին։ Նրան մի քանի հարց ուղղեցինք։
— Պարոն Համբարձումյան, հանրահավաքը կազմակերպվել է ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունենալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ։ Ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից, արդյո՞ք պետք է մտահոգվել։
— Ինձ խիստ մտահոգում է հատկապես այն փաստը, որ մեր երկիրը՝ Հայաստանը, Արցախը, մեր հայրենիքը անսահման զիջումներով, ամեն ինչ զիջելով՝ պատրաստ է մտնելու խաղաղության դարաշրջան, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է։
— Կարծում եք՝ Փաշինյանը նոր զիջումների՞ կգնա Ալիեւի պարտադրանքով, եւ այդ հանդիպումը դրա՞ն է միտված։
— Կգնա, թե չի գնա, դա չեմ կարող ասել, բայց, ամեն դեպքում, ես արդեն տեսնում եմ, որ մեր բնակչությունը, մեր ժողովուրդը զիջումներ կամ աններելի զիջումներ ոչ մեկին չի հանդուրժի, այդ թվում՝ Փաշինյանին։
— Բայց կարծես թե հանդուրժում է արդեն երկու տարի։ Արցախի 75 տոկոսի հանձնումը հանդուրժել է, չէ՞։
— Մարդիկ էդ պատերազմից վախեցած էին, ճնշված էին, իմ կարծիքով՝ գնալով պետք է ազգային գաղափարախոսությունը, ազգային արժեքներն արթնանան, չի կարող հայ մարդը զուտ որպես սպառող լինել ու ապրել էսօրվա կյանքով։
— Իսկ Արցախի կարգավիճակի մասով Դուք ի՞նչ տեսլական ունեք, ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարցը։
— Արցախի կարգավիճակն արցախցիները վաղուց որոշել են։
— Ինչպե՞ս են որոշել։
— Հանրաքվեով։ Արցախցիները վաղուց անկախ են ու քանի արցախցիներն ապրում են Արցախի տարածքում, Արցախը չի հայաթափվելու։ Չեմ կարծում՝ որեւէ այլ որոշում կայացնեն։
— Բայց հիմա արդեն քննարկվում է Ռուսաստանի կազմ մտնելու, Ռուսաստանին միանալու հարցը։
— Դա նրանից է, որ Հայաստանից անճարություն են տեսնում, հասկանո՞ւմ եք։ Միայնակ են մնացել մարդիկ, աչքի առաջ ունեն հայաթափման վտանգը, գաղթական դառնալու վտանգը, հետեւաբար նաեւ այդ ուղղությամբ են սկսել մտածել։
— Իսկ նորմա՞լ եք համարում այդ տարբերակը։
— Իհարկե, նորմալ չեմ համարում։ Ես իմ կարծիքն ասել եմ, իրենք վաղուց են ինքնորոշվել, իրենք վաղուց են իրենց անկախ հռչակել եւ այսօր էլ պայքարում են իրենց անկախությունը պահպանելու համար։
— Բայց իրենք ասում են՝ Հայաստանը ձեռքերը լվացել է եւ այլեւս ի վիճակի չէ ապահովել Արցախի անվտանգությունը, ուստի հույսը միայն Ռուսաստանի վրա են դրել։
— Ցավոք սրտի, էդպես տեսնում են, էդպես զգում են, էդպես հասկանում են, դրա համար էլ էդպես են հայտարարում։
— Հիմա, եթե Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվում հօգուտ մեզ, Հայաստանն էլ չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը․․․
— Հօգուտ մեզը ո՞րն է, այսինքն՝ հօգուտ արցախցիների՝ էն մարդկանց, ովքեր էնտեղ ապրում են։
— Այո, հօգուտ արցախցիներինը նաեւ հօգուտ հայաստանցիների է, որովհետեւ մենք մի ազգ ու մի ժողովուրդ ենք, չէ՞։
— Այո։
— Հիմա, եթե հօգուտ Հայաստանի եւ Արցախի չի լուծվում այս հարցը, ի՞նչ է մնում, որ Արցախը միանա Ռուսաստանի՞ն։
— Դրա համար էլ տարիներ շարունակ բանակցային գործընթաց էր գնում, մոտենում էին Արցախի միջազգային ճանաչման հնարավորությանը, ցավոք սրտի՝ էսօր իրավիճակը լրիվ այլ է, եւ սկսում ենք ինչ-որ մի անհասկանալի կետից՝ ամբողջ նախկինում կատարվածը ջուրը լցնելուց հետո։
— Նոր պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք։
— Տեսեք, մենք ծանրակշիռ տվյալներ ունենք, որ այսօր Ադրբեջանը կոնկրետ պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Այդ պահանջները չբավարարելու դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ է անելու Հայաստանը։ Հարց է, չէ՞, առաջանում։ Բնականաբար, կա՛մ պատերազմ է լինելու, կա՛մ պետք է Հայաստանը գնա անվերջ զիջումների։ Հիմա պատերազմին դիմակայելու համար պետք էր գոնե այս երկու տարին կամ տարի մի քանի ամիսը չկորցնել եւ բանակը կարգավորել, երկրի ներսում էս բարոյահոգեբանական վիճակը հանգուցալուծման հասցնել, երկրում էսպիսի պառակտված վիճակում նույնիսկ դիմակայելն է բարդ, ես չեմ պատկերացնում՝ եթե պատերազմ սկսվեց, ինչպե՞ս ենք դիմակայելու։ Այդ վտանգը կա, այդ վտանգից ոչ ոք չի կարող խուսափել։ Ինձ համար ամենացավալին այն կլինի, որ եթե, Աստված մի արասցե, սկսենք Հայաստանի տարածքները կորցնել։
— Իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կամ հեռացումն իշխանությունից որեւէ դրական հեռանկար կառաջացնի՞ մեզ համար։
— Տեսեք, երկրում, երբ որ նման ծանր իրադարձություններ են տեղի ունենում, պետք է անմիջապես այդ իրադարձություններից հետո նախաձեռնել եւ անցկացնել նոր ընտրություններ։ Ընդ որում, ցանկացած նորմալ երկրում, որը, այսպես ասած, դեմոկրատական երկիր կառուցելու գաղափարով է ապրում, նման երկրում իշխանությունը պետք է հեռանար, պայմաններ ստեղծեր նոր արդար ընտրություններ իրականացնելու համար, եւ արդեն նոր դեմքերով, նոր պաշտոնատար անձանցով երկիրը պետք է առաջ շարժվեր։ Հիմա մենք հակառակ մի պրոցեսի մեջ մտանք, ընտրությունները յոթ-ութ ամիս հետո անցկացվեցին, ընտրությունների ընթացքում տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք մտահոգիչ են։ Այդ թվում՝ վարչական ռեսուրսի օգտագործման հետ կապված, եւ էդ ամեն ինչը բերեց հասցրեց նրան, որ էսօր մենք ունենք էսպիսի ներքաղաքական միջավայր, էսպիսի տարանջատված, մասնատված բազմություն։ Այսօր հայը հայ մարդուն ավելի շատ է ատում, քան նույն հակառակորդին, որը հազարավոր զոհեր է պատճառել մեզ։ Սա նորմալ երեւույթ չէ, եւ, իմ կարծիքով, էս ամեն ինչը կարող է հանգուցալուծվել միայն գլոբալ փոփոխություններից հետո։ Այսինքն՝ կա՛մ էդ հարաբերությունները, ներքին համերաշխությունը պետք է ապահովի այս իշխանությունը, կա՛մ պետք է լուծեն անվտանգային խնդիրները, կա՛մ իշխանությունը պետք է հեռանա։
— Իսկ ովքե՞ր պետք է գան իշխանության, այն ուժերը, որոնք այսօր հարթակո՞ւմ են։
— Այն ուժերը, որոնք առանց կողմնակի ազդեցության, առանց կողմնակի միջամտության կընտրվեն ժողովրդի կողմից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Մարդաբան, գենետիկոս, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը ոչ պրոֆեսիոնալ է համարում ադրբեջանցիների կողմից Փառուխ գյուղում հայտնաբերված՝ իբր «Խոջալուի զոհերի» եւ «մասսայական թաղումների ապացույցների» հիման վրա ներկայացված տեսանյութերն ու լուսանկարները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում մասնագետը մի քանի փաստարկ բերեց, որոնք ապացուցում են, որ ադրբեջանցիների ցուցադրածը որևէ աղերս չի կարող ունենալ իրականության հետ և այն փաստը, որ նրանք անմիջապես ջնջել են այդ տեսանյութերը համացանցից, խոսում է նրանց ոչ պրոֆեսիոնալիզմի մասին:
«Այդ տարածաշրջանում միջնադարյան մի քանի դամբարանադաշտեր են հայտնաբերվել: Արդյոք հայերը, ադրբեջանցիներին կթաղեի՞ն այդ դամբարանադաշտերում: Դա բացառվում է»,-նշեց մարդաբանը:
Անդրադառնալով տեսանյութում և լուսանկարներում երևացող գանգերի մարդաբանական առանձնահատկություններին՝ Եպիսկոպոսյանը նշեց, որ դրանք ձգված գանգեր են, որոնց հետևի մասը տափակ է, իսկ այդպիսի գանգերը բնորոշ են արևելյան տարածաշրջանում ապրող հայերին: «Նրանք ներկայացրել են նաև անհետ կորածների անուն-ազգանուններ, ծննդյան տարեթվեր, և եթե նայում ենք, բոլորը 1970 թվականին ծնվածներ են: Եթե մենք նայում ենք գանգերին, դրանցից ոչ մեկի վրա ատամ չկա, իսկ 30 տարում երիտասարդ տղաների ատամները չպետք է թափվեին»,-նշեց նա:
Լևոն Եպիսկոպոսյանին տարօրինակ էր թվացել նաև այն փաստը, որ ցուցադրված ոսկորները մաքրված էին հյուսվածքներից, իսկ այդ գործընթացը կատարվում է բավականին երկար ժամանակահատվածում: «Սովորաբար, պատերազմի ժամանակ, եթե լինում են տասնյակ զոհեր, ապա մեծ փոս են փորում և բոլորին այնտեղ թաղում, իսկ այստեղ ես տեսա առանձին թաղումներ »,-պարզաբանեց մասնագետը:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչը պատմեց նաև, որ նման մի դեպքի ականատես է եղել նաև մոտ 10 տարի առաջ, երբ Ադրբեջանի հյուսիս-արևելքում՝ փոսի մեջ զանգվածային թաղումներ էին հայտնաբերվել և նշվում էր, որ հայ դաշնակցականներն են ոչնչացրել ադրբեջանցիներին:
Ադրբեջանական լրատվականներում օրերս լուսանկարներ եւ տեսանյութեր էին շրջանառվում՝
իբրեւ թե թշնամու զինված ուժերը Փառուխ գյուղի հարակից տարածքում ինժեներական
աշխատանքներ կատարելիս մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Եվ դա ներկայացնում էին իբր, այսպես կոչված, «Խոջալուի զոհերի» եւ «մասսայական թաղումների» ապացույցներ։ Նույնիսկ հասցրել են մտացածին քրեական գործ
հարուցել։
Հայաստանի ԱԳՆ-ը չի կարողացել տրամադրել որևէ հստակ հետազոտություն, որը հիմք է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու հիշեցնում, որ Արարատ Միրզոյանը նման վիճելի հայտարարությամբ էր հանդես եկել «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում՝ ասելով. «Հայաստանի բնակչությունն, ընդհանուր առմամբ, ցանկանում է կարգավորել հարաբերությունները»։
Այդ հայտարարությունից հետո «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ԱԳՆ՝ պարզելու, թե այդ հայտարարությունը եղել է նախարարի կարծիքը, թե այն հիմնված է հետազոտության, սոցհարցման արդյունքների վրա։
Լրատվամիջոցը նաև խնդրել է հայտնել, թե ում կողմից և երբ է կատարվել այդ հետազոտությունը, ինչ հարցերի շրջանակ է ուսումնասիրվել ու ինչ արդյունքներ են արձանագրվել։ Միաժամանակ խնդրել էինք տրամադրել նաև արտգործնախարարի հայտարարության համար հիմք հանդիսացած սոցհարցման կրկնօրինակը։
Սակայն պարզվել է, որ նախարարն ընդամենը ներկայացրել է իր կարծիքը, որը հիմնավորող հետազոտություն գոյություն չունի։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից նեկայացված այն կարծիքը, որ Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հիմնված է հասարակական կարծիքի վերաբերյալ իրականացված հարցումների վրա, որոնք հասանելի են համացանցային բաց աղբյուրներում»,- նշված է ԱԳՆ-ի գրավոր պատասխանում։
«Նկատենք, որ բաց աղբյուրներում առկա հարցման արդյունքները փաստում են հակառակի մասին, որ Հայաստանի հասարակությունն ամենևին էլ պատրաստ չէ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ավելին՝ այդ երկու երկրները համարում են սպառնալիք Հայաստանի համար:
Հիշեցնենք, որ ամերիկյան IRI կազմակերպությունը դեռևս 2021թ-ին հարցում էր իրականացրել՝ հայ հասարակության հանրային կարծիքը պարզելու համար: Ըստ ամերիկյան կազմակերպության հարցման արդյունքների՝ հարցվածների 90%-ը՝ Թուրքիան, և 77%-ը՝ Ադրբեջանը համարում են Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։
Հարցվածների միայն 29%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ պետք է հաստատվեն առանց նախապայմանների հարաբերությունները։
Հարցվածների շուրջ կեսը գտնում է, որ Թուրքիայի հետ պետք է սկսել երկխոսությունը, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա մեր օրակարգում, իսկ 48%-ը նաև կարծում է, որ Հայաստանը պետք է առաջադրի իր նախապայմանները։
Այսպիսով՝ արտգործնախարարությունն իր գրավոր պատասխանով ապացուցել է, որ Արարատ Միրզոյանը չի ունեցել որևէ հիմք նման վիճարկելի հայտարարություն անելու համար»,-գրում է «Փաստինֆո»-ն։
Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից. Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքումԻնչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանարոգումը եւ ի վերջո, ինքը նորոգեց; Արդյունքում, մեր տեղեկություններով գազատարի վրա տեղադրվել է փական, եւ ահա մարտի 18-ին 11 օր անց 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանն արդեն մարտի 21-ին առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը:
Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում: Մարտի 7-ին վերջին 30 տարվա մեջ աննախադեպ չափերի ձյուն էր տեղացել Արցախում եւ օդի ջերմաստիօճանը աննախադեպ անկում էր ունեցել: Մարտի 21-ին ջերմաստիճանի անկման եւ ձյան տեղումների այդ ռեկորդը գերազանցվել էր եւ ձյան տեղումները տեղ-տեղ հասնում էին 1,5 մետրի, մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 1 մետրի: Օդի ջերմաստիճանը նվազել էր մինչեւ -8 աստիճան: Եվ ահա այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից: Սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Չեմ կասկածում, իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես, բայց այս գիտակցմամբ պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանն իր այս գործողություններով նաեւ ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետեւ գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության հմար շատ դիպուկ եւ համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի:
Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց 100-ավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու: Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում:
Ադրբեջանն արդեն 1,5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020-ի 44-օրյա պատերազմում: Բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը եւ խնդիր է դրված ամեն ինչ անլ Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար»:
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը հոդված է հրապարակել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Կարող են լինել պետությունների ղեկավարներ, որոնք դատի են տվել իրենց կառավարություններին այն բանից հետո, երբ նրանք տապալվել են կամ նրանց ունեցվածքը բռնագրավվել է, սակայն ես տեղյակ չեմ որևէ ղեկավարի մասին, որը պաշտոնավարման ժամանակ շարունակել է իր սեփական երկրի դեմ հայցը օտարերկրյա դատարանում: Ունենք ոչ թե մեկ, այլ երկու հայցերի անհավանական դեպք, որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս երկու դատական գործերը դեռ ընթացքի մեջ էին, երբ նա դարձավ վարչապետ։ Բացի դրանից՝ Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում քննվող հայց ուներ նաև Ալեքսանդր Արզումանյանը՝ դեսպան նշանակվելու պահին։
Ոչ ոք չի կարող մեղադրել քաղաքացի Փաշինյանին այդ երկու հայցերը ներկայացնելու համար՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց շատ առաջ, իր անունը մաքրելու համար, երբ նա և իր թերթը մեղավոր էին ճանաչվել Հայաստանի օրենքները խախտելու մեջ։ Այնուամենայնիվ վարչապետ դառնալուց հետո նա պետք է Եվրոպական դատարանից հետ վերցներ հայցերը և հայցադիմում ներկայացներ Հայաստանի դատարաններ, ինչն արեց այժմ՝ պաշտոնն ստանձնելուց չորս տարի անց։ 2022 թ․ հունվարին իր «մամուլի ասուլիսում» Փաշինյանը խոստովանեց, որ մտածել է հայաստանյան դատարաններ բողոք ներկայացնելու մասին, սակայն ասել է, որ որոշել է սպասել մինչև Եվրոպական դատարանի կողմից որոշման կայացմանը։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ հայցերը հետ վերցնել Եվրոպական դատարանից և բողոք ներկայացնել Հայաստանում։
2022 թ. փետրվարի 16-ին «Արմենպրեսը» տեղեկացրեց, որ «Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի 2010 թ. մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թ. հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր էր ճանաչել 2008 թ. մարտի 1-ի ցույցերի ժամանակ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար [ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, այրվել մեքենաներ և թալանվել խանութներ։ Իշխանություններից 16 ամիս թաքնվելուց հետո], Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման, բայց պատիժը կրեց երկու տարուց մի փոքր պակաս և ազատ արձակվեց ընդհանուր համաներմամբ։ 2022 թ. հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը Փաշինյանը ներկայացրել էր այն ժամանակ, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր։ Եվրոպական դատարանը ճանաչել էր Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները։» Եվրադատարանը Փաշինյանին վնասի հատուցման և դատական ծախսերի համար ոչ մի գումար չէր հատկացրել։
Հետաքրքիր է, որ Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը որևէ ապացույց կամ առարկություն չի ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պաշտպանելու Հայաստանի դատարանի 2010 թ. վճիռն ընդդեմ Փաշինյանի։ Հասկանալի է, որ կառավարության ներկայացուցիչը դժկամությամբ կներկայացներ ապօրինությունների ապացույցներ իր սեփական երկրի վարչապետի դեմ․․․ ՄԻԵԴ-ը կայացնում է իր բոլոր որոշումները՝ կշռադատելով հայցվորի փաստարկները համապատասխան կառավարության ներկայացրած ապացույցների դեմ։ Տվյալ դեպքում կառավարությունը չէր ներկայացրել դեպքի իր կողմը, քանի որ հայցվորն ու կառավարությունը անհարմար կերպով նույն կողմում էին։ Կարևոր է նաև նշել, որ Եվրոպական դատարանը սկսել է Փաշինյանի հայցը քննել միայն 2019 թվականին՝ 2018 թվականին նրա վարչապետ դառնալուց հետո, ինչը նշանակում է, որ նա բավական ժամանակ ուներ իր դիմումը Եվրոպական դատարանից հետ վերցնելու համար։ Ցավոք, Փաշինյանի հայցը Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի սկանդալային նյութ տրամադրեց ադրբեջանական մամուլին՝ հրապարակելով այն՝ «Փաշինյանը հաղթեց Հայաստանին Եվրոպական դատարանում» վերնագրով։
Փաշինյանի երկրորդ հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել է նրա «Հայկական ժամանակ» թերթի «Դարեսկիզբ» հրատարակչական ընկերության կողմից։ Թերթը 2010 թ. հոկտեմբերի 14-ին տպել էր՝ «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով մի հոդված՝ մեղադրելով Հայաստանի պետական մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների «թմրամիջոցների, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման հանցագործություններին» մասնակցելու համար։ Մեղադրյալներից երեքը հայց էին ներկայացրել Հայաստանի դատարան ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի՝ զրպարտության համար։ Փաշինյանը տանուլ էր տվել դատը և դրան հաջորդած բողոքարկումը։
Եվրոպական դատարանը 2021 թվականին որոշել է, որ դիմումատուի իրավունքները խախտվել են։ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել են Փաշինյանի թերթի հրատարակչությանը վճարել 9000 եվրո վնասի փոխհատուցում՝ բացի հարկերից։
Ալեքսանդր Արզումանյանը ևս հայց էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան՝ նախքան 2017 թվականին Դանիայում և Նորվեգիայում, իսկ 2019 թվականին՝ նաև Շվեդիայում դեսպան նշանակվելը: Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկել էր Հայաստանի դատարանի կողմից իր դատվածությունը՝ նախագահական ընտրություններին հաջորդած 2008 թվականի բողոքի ցույցերին նրա մասնակցության համար։ Նա եղել է Լևոն Տեր Պետրոսյանի նախագահական շտաբի ղեկավարը։ Մինչ այդ Արզումանյանը Հայաստանի արտգործնախարարն էր։ 2001 թվականին նա դարձել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր անդամներից մեկը։ 2008 թվականի բողոքի ցույցերից հետո նա ձերբակալվեց և մեղադրվեց «պետական իշխանության յուրացման» մեջ։ 2009 թ. հունիսի 22-ին Հայաստանի դատարանը նրան մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, դատապարտեց հինգ տարվա ազատազրկման և համաներման պատճառով անմիջապես ազատ արձակեց։ 2009 թվականին Արզումանյանը դիմեց Եվրոպական դատարան, որը 2021-ին որոշեց, որ խախտվել են նրա արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքները։ Ինչպես Փաշինյանը, այնպես էլ Արզումանյանը դեսպան դառնալուց հետո նախընտրեց չվերցնել իր հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։ Չգիտեմ, թե ինչու ՀՀ կառավարությունը 2017 թվականին նրա նշանակումը չպայմանավորեց հայցը հետ վերցնելու հետ։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը վճարել դեսպան Արզումանյանին՝ 9000 եվրո վնասի փոխհատուցման և 2600 եվրո դատական ծախսերի համար՝ բացի հարկերից։
Հետաքրքիր է, կա՞ արդյոք աշխարհում որևէ այլ երկիր, որի վարչապետն ու դեսպանը պաշտոնն ստանձնելու պահին ունեին անավարտ դատական հայցեր օտարերկրյա դատարանում ընդդեմ իրենց երկրի՝ պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետությանը վճարել իրենց վնասների փոխհատուցումը և դատական ծախսերը սեփական կառավարության բյուջեից․․․
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի»։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանգծման եւ սահմանազատման պրոցեսին ընդառաջ Տավուշի մարզում մեծացել են մտավախությունները, որ ադրբեջանաբնակ գյուղերը,որոնք խորհրդային տարիներին Հայաստանի տարածքներից առանձնացվել էին որպես անկլավներ, կարող են անցնել Ադրբեջանի վերասկողության տակ:
Այդ 3 անկլավներն են` Վերին Ոսկեպարը, Բարխուդարլուն եւ Սոֆոլուն:
Բացի այդ, 90-ականների կռիվներից հետո հայկական վերահսկողության տակ է մնացել ադրբեջանաբնակ Ներքին Ոսկեպար գյուղը:
Հայկական Ոսկեպարը, ներքին Ոսկեպարի եւ Վերին Ոսկեպարի մեջտեղում է, դրանց Ադրբեջանի վերահսկողության տակ անցելու պարագայում, այն կհայտնվի շրջափակման մեջ:
Բացի այդ, եթե սահմանագծումը արվի ըստ այն քարտեզների, որոնք կհամընկնի, Գոիգլի քարտեզների հետ, Ադրբեջանի վերահսկողության տակ կհայտնվի Վրաստան- Հայաստան միջպետական մայրուղու 3 հատված` Ծաղկավան- Կիրանց, Կիրանց-Ոսկեպար, Ոսկեպար- Բաղանիս:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Հայաստանի կառավարությունն այս հատվածները շրջանցող նոր՝ մոտ 12 կմ-անոց ճանապարհների կառուցման որոշում ունի։ Սահմանմերձ գյուղերում այս մասին նույնպես գիտեն տարածված խոսակցություններից:
Կիրանցի գյուղապետը Կամո Շահինյանը 1990-ականներին այն ժամանակ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի հետ մասնակցել է սահմանների ճշգրտմանը։ Շահինյանը հստակ հիշում է՝ այդ ժամանակ հաստատվել ու արձանագրվել է, որ մայրուղու՝ Կիրանցով անցնող հատվածը Հայաստանի տարածքում է։
Վլադիմիր Մովսիսյանի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1988 թվականին փաստաթուղթ է ստորագրվել, որով հստակեցվում էին խորհրդային երկու պետությունների միջեւ վարչական սահմանները։ Այդ ժամանակ Հայաստանին է վերադարձվել շուրջ 15 հազար հեկտար տարածք՝ Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի։ 180-ից ավելի արձանագրություններ ունեցող այդ փաստաթղթով, սակայն, պաշտոնական քարտեզները վերանայելու հնարավորություն այդպես էլ չի եղել, քանի որ այն ստորագրվելուց կարճ ժամանակ անց՝ փետրվարին սկսվել է արցախյան շարժումը, արձանագրությունները մնացել են թղթի վրա։ Տավուշի սահմաններին առնչվող ամենաթարմ քարտեզը 1986 թվականի տվյալների հիման վրա 1990 թվականին տպագրված՝ սովետական գենշտաբի քարտեզն է։
Այստեղ Տավուշի սահմանները նույնն են, ինչ գուգլի քարտեզում՝ մայրուղին տեղ-տեղ անցնում է Ադրբեջանի տարածքով, Հայաստանի տարածքում են այսպես կոչված ադրբեջանական 3 անկլավները:
Թեեւ առայժմ հստակ չէ, թե որ թվականի քարտեզներով է իրականացվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը, բայց պաշտոնական Երեւանն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից առաջարկ կա սահմանազատման համար հիմք ընդունել 1970-ականների քարտեզը։
Սովետական գլխավոր շտաբի 70-ականների քարտեզում արդեն նախկին ադրբեջանաբնակ գյուղերը որպես Հայաստանի տարածքում գտնվող անկլավներ են նշված։
1500 քառակուսի մետր տարածքը, որն ըստ մասնսագետների, Ադրբեջանին է նվիրվել 1970-ականներին, 1920-ականների թվականի քարտեզներով Հայաստանի տարածքում են:
Եթե 1920–ականների քարտեզներով սահմանազատում արվի, 3 գյուղերը կման մեր տարածքում, իսկ 70–ականների քարտեզի վրա հիմնվելու դեպքում՝ կանցնեն Ադրբեջանին։
Մանրամասները` տեսանյութում
:
Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում մի քանի ղեկավարներ խնդրահարույց հայտարարություններ են արել՝ քաոսային իրավիճակից օգտվելու և իրենց սեփական օրակարգերն առաջ մղելու համար
Հենց որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իմացավ, որ Ուկրաինայի կառավարությունը խնդրել է «անհապաղ միացում» Եվրամիությանը (ԵՄ), նա նույն խնդրանքով դիմեց Թուրքիայի համար։Էրդողանը կեղծավորությամբ ասաց. «Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հասնելու ջանքերը։ Բայց ես հարցնում եմ ԵՄ անդամներին՝ ինչո՞ւ է ձեզ անհանգստացնում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին»։ Նա կոչ արեց ԵՄ-ին Ուկրաինայի նման «նույն նրբազգացությունը» ցուցաբերել թուրքական խնդրանքի նկատմամբ, և լկտիաբար քննադատեց ԵՄ անդամ երկրներին «անկեղծ չլինելու համար»:
Էրդողանը թեթևամտորեն հարցրեց. «Կընդգրկե՞ք Թուրքիային ձեր օրակարգում, երբ ինչ-որ մեկը հարձակվի նաև մեզ վրա»: Ապա դժգոհեց. «Ինչո՞ւ չեք տալիս անհրաժեշտ ռազմական սարքավորումները Թուրքիային»։ Ինչի՞ համար, որ հարձակվի՞ ու սպանի ավելի շատ մարդկանց և գրավի՞ ավելի շատ երկրներ:
Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրել է 1987 թվականին և պաշտոնապես ճանաչվել է որպես անդամակցության թեկնածու 1999 թվականին, սակայն նրա անդամակցության բանակցությունները, որոնք սկսվել են 2005 թվականին, կասեցվել են Կիպրոսի կառավարության առարկությունների պատճառով՝ 1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման պատճառով։ Գերմանիան և Ֆրանսիան նույնպես դեմ են արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։
Նույնիսկ Ուկրաինայի դեպքում, չնայած այդ երկրի հանդեպ առկա համակրանքին, երկար ժամանակ կպահանջվի ԵՄ-ի հետ բանակցություններն ավարտելու և անհրաժեշտ տնտեսական ու քաղաքական բարեփոխումների համար՝ ԵՄ-ին անդամակցելու չափանիշներին համապատասխանելու համար։
Մյուս կողմից, Թուրքիայի ԵՄ անդամակցությունն շատ ավելի հեռու է, եթե իհարկե դա երբևէ տեղի ունենա: Թուրքիան չի համապատասխանում ԵՄ անդամակցության չափանիշներին։ Այն ունեցել է մի քանի ռազմական հեղաշրջումներ և հեղաշրջումների փորձեր՝ ի լրումն իր հակաժողովրդավարական վարչակարգի, որն իրականում բռնապետություն է: Թուրքիան խախտել է մարդու իրավունքների գրեթե բոլոր օրենքները, այդ թվում՝ լրագրողների զանգվածային բանտարկում, ազատ մամուլի փակում, աջակցություն իսլամիստ ահաբեկիչներին, քրդերի ջարդ, քրիստոնեական եկեղեցիների պղծում, Հյուսիսային Կիպրոսի բռնազավթում, ռազմական միջամտություն Սիրիայում, Հյուսիսային Իրաքում և Լիբիայում, օգնություն Ադրբեջանին՝ Արցախը բռնազավթելու համար և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումից հրաժարում։
ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան նախ պետք է վերանայի իր ամբողջ սահմանադրությունը և օրենքները, որպեսզի դառնա ժողովրդավարական երկիր, ազատ արձակի տասնյակ հազարավոր բանտարկված անմեղ քաղաքացիների, դադարեցնի ահաբեկիչներին աջակցել, ընդունի և իրագործի մարդու իրավունքների եվրոպական չափանիշները, վերականգնի փոքրամասնությունների իրավունքները, դուրս գա Հյուսիսային Կիպրոսից, ճանաչի Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցի հայկական կորուստները։
Երբ Էրդողանը երկչոտաբար հարցրեց, թե արդյոք Թուրքիան ևս կքննարկվի ԵՄ անդամակցության համար, «երբ ինչ-որ մեկը հարձակվի նաև մեզ վրա», իրականում ոչ ոք չի հարձակվել Թուրքիայի վրա, ընդհակառակը, Թուրքիան է հարձակվել բազմաթիվ այլ երկրների վրա:
Ցավոք, ուկրաինացի ժողովրդի ողբերգական տառապանքը ռուսական պատերազմի ժամանակ եզակի երեւույթ չէ։ Պատմության ընթացքում տեղի են ունեցել նման անհամար դաժան պատերազմներ և զանգվածային սպանություններ։ Չի կարելի մոռանալ 1915-23 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով զոհվեց 1.5 միլիոն հայ․ 1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոս ներխուժումն ու բռնազավթումը, որը դեռ շարունակվում է․ Թուրքիայի արշավանքը Հյուսիսային Սիրիա և 2020 թվականին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի դեմ պատերազմը՝ բարբարոսական պատերազմական հանցագործություններ կատարելով, որի ընթացքում աշխարհը լուռ էր, երբ ռմբակոծվում էին հիվանդանոցները, դպրոցները, բնակարանները, մորթվում կանայք ու երեխաներ։ Չկային պատժամիջոցներ Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, չկար վայրագությունների մասին լրատվամիջոցների շուրջօրյա լուսաբանում, չկար ոչ մի ռազմական կամ տնտեսական օգնություն Հայաստանին և Արցախին:
Այժմ անցնենք թուրք քաղաքական ղեկավարների երկու անսպասելի հայտարարություններին։ Թուրքական ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության գլուխը և Էրդողանի կառավարության դաշնակից Մուսթաֆա Դեստիչին զգուշացրել է, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանը թիրախավորելու է Կարսն ու Արդահանը՝ Արևմտյան Հայաստանի երկու քաղաքները, որոնք բռնազավթված են Թուրքիայի կողմից։ «Եթե դուք հետագայում տեսնեք Ռուսաստանին մեր սահմաններում, չզարմանաք», ասել է թուրքական կուսակցության առաջնորդը։
Նմանապես, ընդդիմադիր թուրքական «Լավ» (IYI) կուսակցության նախագահ Մերալ Աքշեները հայտարարել է. «Ո՞վ կարող է պնդել, որ Թուրքիան ապահով է: Ո՞վ կարող է ասել, որ Պուտինի մտքում չկա՞ն Կարսը, Արդահանը և Էրզրումը [Կարինը]»։
Սրանք ակնհայտորեն ամպագոռգոռ հայտարարություններ են։ Ռուսաստանը նման մտադրություններ չունի։ Ընդհակառակը, Ռուսաստանը փորձում է Թուրքիային դուրս քաշել ՆԱՏՕ-ից։ Այնուամենայնիվ, այս երկու հայտարարությունները մեկ կարևոր օգուտ ունեն հայկական կողմի հանար. դրանք հիշեցնում են թուրք բնակչությանը, որ Կարսը, Արդահանը և Էրզրումը (Կարինը) վիճելի քաղաքներ են, որոնք չեն պատկանում Թուրքիային։ Նրանք Արեւմտյան Հայաստանի մի մասն են։
Վերջապես, ահա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուշագրավ հայտարարությունն այս ամսվա սկզբին, որը նա արել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում. «Տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը վերաբերում է միայն այն պետություններին, որոնց կառավարությունները ներկայացնում են իրենց տարածքում ապրող ամբողջ ժողովրդին»:
Թեև Լավրովը նկատի ուներ 1970 թ․ ՄԱԿ-ի հռչակագիրը՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա արդարացնելու համար, նա, ըստ երեւույթին, մոռացել է, որ իր մեջբերած սկզբունքը վերաբերում է նաև արցախահայությանը։ Լավրովը պնդում էր, որ Ուկրաինայի կառավարությունը չի ներկայացնում ուկրաինական պետության տարածքում ապրող բոլոր ժողովուրդներին։ Եթե Լավրովն այդպես է մտածում, ապա Ռուսաստանը պետք է ընդունի, որ Ադրբեջանի կառավարությունը ևս չի ներկայացնում Արցախի տարածքում ապրող հայերին։ Ուստի Ռուսաստանը պետք է հայտարարի, որ աջակցում է Արցախի Հանրապետության ինքնորոշմանը…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակում, ըստ որոշ աղբյուրների, հավանականություն կա, որ կհանդիպեն ՀՀ արտգործնախարար նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնարար Ջեյխուն Բայրամովը, իսկ քննարկման թեման, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» կնքումը պետք է լինի։ Այդ թեմային անդրադարձել է միջազգային փորձագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։
Փորձագետը նշում է, որ երկկողմ հանդիպման նախաձեռնողը ադրբեջանական կողմն է, որը արդեն իսկ երեկ հայկական կողմին է ներկայացրել «խաղաղության պայմանագրի» կնքան հինգ կետանոց նախապայման։ Դրանք են՝
● Հայաստանի կողմից Ադրբեջան տարածքային ամբողջականության ճանաչումը՝ այդ թվում Արցախի հանդեպ ցանկացած պահանջից հրաժարում
● Հայկական զորքերի դուրս բերում, ՀՀ տարածքից, այսպես կոչված, «անկլավներից», խոսքը Արարատի մարզմի մեկ և Տավուշի մարզի 5 գյուղերի մասին է
●Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա՝ 1970 թվականի խորհրդային քարտեզի հիման վրա
● Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում՝ այդ թվում հատուկ կարգավիճակ տալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
● Ադրբեջանի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հնարավորության քննարկում կամ նրանց նյութական վնասի փոխհատուցում։
Երեկ գիշերը ադրբեջանական լրատվամիջոցներում ևս հայտնվեց Ադրբեջանի հինգ կետանոց նախապայմանի մասին հրապարակում։ Այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովը նշել էր, որ, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման համար Հայաստանին ներկայացվել է հինգ կետանոց նոր առաջարկ և սպասում են պատասխանի։ Բայրամովը, մասնավորապես ասել է․
«Ադրբեջանը վերջերս Հայաստանին ներկայացրել է նոր առաջարկ, որպեսզի ցույց տա իր բարի կամքը։ Մենք Հայաստանին առաջարկել ենք մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք ներառվում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք զարգացնել հարաբերությունները մի շարք սկզբունքների հիման վրա։ Հայաստանը պետք է դիտարկի այդ հարցրերը և պատասխանի մեզ»։
Քանի որ Ուկրաինայում պատերազմը շարունակում է ավելի շատ ավերածություններ պատճառել և մարդկային կյանքեր խլել, աշխարհի երկրները, հատկապես Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, ստիպված էին բարդ ընտրություն կատարել իրենց քաղաքականության, հրապարակային հայտարարությունների և միջազգային կազմակերպություններում քվեարկության մեջ: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Չնայած Թուրքիայի հարափոփոխ դիրքորոշման վերաբերյալ մտահոգություններին, ակնհայտ է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Արևմուտքը չեն ցանկանում Թուրքիային մղել հակառակ ճամբարը: Նախագահ Էրդողանի ավագ խորհրդական Իբրահիմ Քալինը գոռոզաբար ասել է CNN-ին, որ արևմտյան երկրները կոչ են արել Թուրքիային պահպանել իր կապերը Ռուսաստանի հետ, ինչը շատ քիչ հավանական է: Մեջբերվել են Էրդողանի խոսքերը. «Մենք չենք կարող հրաժարվել ո՛չ Ուկրաինայից, ո՛չ Ռուսաստանից»։ Սա բնութագրվում է որպես «ռազմավարական անորոշություն»։
Ահա իմ վերլուծությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի վրա այս պատերազմի հետևանքների վերաբերյալ։ Կկարողանա՞ն արդյոք նրանք պահպանել իրենց երկդիմի դիրքերը, թե՞ կսայթաքեն ու կկորցնեն իրենց դյուրաբեկ հավասարակշռությունը։
Սկսենք այն քվեներից, որոնք այս երեք երկրները տվել են հակամարտության վերաբերյալ։ Առաջին քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 25-ին Եվրոպայի խորհրդում, որին անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։ 47 անդամներից միայն Ռուսաստանն ու Հայաստանն են դեմ քվեարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին և Նախարարների կոմիտեին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու միջնորդությանը։ Կողմ է քվեարկել 42 երկիր։ Ադրբեջանը չի քվեարկել, իսկ Թուրքիան ձեռնպահ է մնացել։
Հաջորդ քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը Խորհրդի օրակարգում ներառելու վերաբերյալ: Խորհրդի 47 անդամներից 29-ը կողմ են քվեարկել, 13-ը ձեռնպահ մնացել (ներառյալ Հայաստանը): Ռուսաստանին, հավանաբար, չի գոհացրել Հայաստանի քվեարկությունը։ Մյուս կողմից, Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն իր կառավարության գոհունակությունն է հայտնել Հայաստանի քվեարկության կապակցությամբ։ Ավելի կարևոր է, որ մարտի 4-ին Մարդու իրավունքների խորհուրդը քվեարկեց Ուկրաինայում Ռուսաստանի խախտումները հետաքննող հանձնաժողով ստեղծելու օգտին։ Կողմ քվեարկեց 32, ձեռնպահ՝ 13 երկիր (ներառյալ Հայաստանը)։ Ադրբեջանն ու Թուրքիան ՄԱԿ-ի այդ խորհրդի անդամ չեն։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 2-ին բանաձև ընդունեց՝ կոչ անելով ռուսական ուժերին դուրս գալ Ուկրաինայից։ Կողմ է քվեարկել 141 անդամ, ձեռնպահ՝ 35-ը (ներառյալ Հայաստանը)։ Թուրքիան կողմ քվեարկեց։ Ադրբեջանը չքվեարկեց։
Քվեարկությունից զատ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա դրված է Ռուսաստանի հետ իր երկրի ռազմական, քաղաքական և ռազմական դաշինքը հավասարակշռելու դժվարին խնդիրը՝ փորձելով պահպանել լավ հարաբերություններ Արևմուտքի հետ։ Հակամարտության առնչությամբ Փաշինյանն իր առաջին զգուշավոր կարծիքն արտահայտեց մարտի 2-ին. «Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող իրադարձություններին, որոնք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ: Մեր հույսն է, որ այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները»։
Ադրբեջանը ևս գտնվում է երկու ճամբարում։ Փետրվարի 26-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերում երկու անգամ գովաբանեց Ադրբեջանին՝ 5 միլիոն դոլարի դեղորայք մատակարարելու և շտապ օգնության մեքենաներին անվճար վառելիք տրամադրելու մասին Ուկրաինայի ադրբեջանական գազալցակայաններին հրաման տալու համար՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշինքի պայմանագիր ստորագրելուց մի քանի օր անց: Սակայն Ադրբեջանը, ինչպես Թուրքիան և Հայաստանը, պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ։ Քանի որ Ուկրաինան քաղաքական և ռազմական աջակցություն էր ցուցաբերել Ադրբեջանին մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը և այն փաստը, որ 2000 ռուս խաղաղապահներ ապահովում են արցախահայության անվտանգությունը, Արցախի կառավարությունը ճանաչեց Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների «անկախությունը»։
Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և բաց է պահել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, որպեսզի չկորցնի ռուսական ներդրումները, գազի ներկրումը և զբոսաշրջիկներից ստացվող մեծ եկամուտները։ Զարմանալիորեն, Էրդողանը մարտի 1-ին հաստատեց Բելառուսի հետ ներդրումների խթանման համաձայնագիրը, որը Արևմուտքի կողմից պատժամիջոցների է ենթարկվել՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը միանալու համար: Մյուս կողմից, Թուրքիան արգելափակել է ռուսական որոշ ռազմանավերի անցումը թուրքական նեղուցներով դեպի Սև ծով, ինչպես նախատեսված է 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիայով։ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն իր երախտագիտությունն է հայտնել թուրքական որոշման համար։ Այնուամենայնիվ, Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները մնում են սառը։
Երբ տասնյակ թուրքական անօդաչու թռչող սարքերից հինգը խոցվեցին Ռուսաստանի կողմից, Ուկրաինան ծրագրեց Թուրքիայից ավելի շատ անօդաչու թռչող սարքեր գնել, որոնք թիրախավորել են ռուսական զինված շարասյունները։ Մյուս կողմից, Թուրքիան գնել էր ռուսական S-400 հակաօդային հրթիռների համալիր, ինչը ստիպեց Միացյալ Նահանգներին պատժամիջոցներ կիրառել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ՝ արգելափակելով նրա կողմից ամերիկյան F-35 ռմբակոծիչների ձեռքբերումը։
Մարտի 1-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակեց Կառլոտա Գալի հոդվածը՝ «Ուկրաինա ներխուժումը մեծացնում է բախումը Էրդողանի և Պուտինի միջև» վերնագրով։ Նա հայտնել է, որ պատերազմի մեկնարկից ժամեր առաջ երկու թուրքական ինքնաթիռներ վայրէջք են կատարել Ուկրաինայում՝ Կիևից տարհանելու դիվանագիտական անձնակազմին և Թուրքիայի այլ քաղաքացիների։ Այնուամենայնիվ, ինքնաթիռներն ու տարհանվածները արգելափակվել են, ինչի հետևանքով Էրդողանին երկրի ներսում քննադատում են մոտալուտ վտանգը թյուրըմբռնելու և ավելի արագ չգործելու համար։ Էրդողանը նախագահներ Պուտինին և Զելենսկուն հրավիրել էր Թուրքիա՝ հակամարտության կարգավորման միջնորդության համար։ Պուտինը քաղաքավարի կերպով մերժեց հրավերը։ Էրդողանը փակեց մի քանի արևմտյան լրատվամիջոցներ՝ լռեցնելով նրանց քննադատությունը Ռուսաստանի հասցեին։
Չնայած հակամարտությունում Թուրքիայի անորոշ պահվածքին, «Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմի ընթացքում ավերվել են երեք թուրքական գործարաններ և չորս պահեստներ։ Այս գործարաններն արտադրում էին զինամթերք և փոքր ռումբեր», հաղորդել է լոնդոնյան «Ռայ ալ-Յում» (Rai Al-Youm) արաբական թերթը: Բացի այդ, «ավերվել է մի մեծ գործարան, որը մասնագիտացած էր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կառուցվածների արտադրության մեջ»: Ուկրաինական գործարանները մատակարարում են թուրքական անօդաչու թռչող սարքերի շարժիչներ և այլ կարևոր մասեր։ Պարբերականը մեջբերել է Էրդողանի անանուն ավագ խորհրդականին, որը հայտարարել է, որ Ուկրաինայում թուրքական կորուստները կազմում են հարյուր միլիոնավոր դոլարներ և կարող են հասնել միլիարդավոր դոլարների։
Միևնույն ժամանակ, Էրդողանի փեսան՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող Սելջուկ Բայրաքթարը, թվիթերյան իր էջում գրել է․ «Ես խստագույնս դատապարտում եմ Ռուսաստանի անօրինական ներխուժումը՝ անկախ պետության ինքնիշխանության խախտումով»: Նա ասաց, որ աջակցում է «Ուկրաինային և Ղրիմին՝ մեր թուրք եղբայրների հայրենիքին, որոնք դիմադրում են օկուպացիային»: Երկրորդ թվիթում Բայրաքթարը ափսոսանք է հայտնել «պատերազմի պատճառած ավերածությունների և տառապանքների համար»: Թուրքիայի քաղաքացիները մատնանշել են «մահվան վաճառականի» կեղծավորությունը, որի անօդաչու թռչող սարքերն այդքան ավերածություններ են պատճառել ամբողջ աշխարհում։ Նա ակնհայտորեն իր բիզնես շահերը վեր է դասում մարդկային կյանքից:
Ռուս-ուկրաինական պատերազմը խախտել է միջազգային կարգի նորմերը՝ ստիպելով բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային, նրբանկատորեն հավասարակշռել իրենց շահերը երկու կողմից։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.