23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ուշագրավ է Փաշինյանի՝ Արցախի մասին երբևէ արած իրարամերժ հայտարարությունների համադրումը։ Նախ ասում էր, թե ինքը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, քանի որ Արցախն ունի ընտրված, լեգիտիմ իշխանություն, իսկ դա ոչ այլ ինչ է, քան ինքնորոշման իրավունքով դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությունը ճանաչելը։ Ապա հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է, և վերջ, ինչը նշանակում է՝ ընդունել, որ Արցախն ու Հայաստանը մեկ պետություն են, նրանք միավորված են։ Ի վերջո, Փաշինյանը պնդում էր, թե խնդրի կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, դա նշանակում է՝ ջնջել ինքնորոշումն ու միացումը։ Դա էլ բավական չէ, միջնորդներից պարզաբանումներ էր ակնկալում, թե ի՞նչ են հասկանում տարածքային ամբողջականության կամ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների ներքո։ Դրա համար ընդամենը պետք է կարդալ ՄԱԿ-ի կանոնադրությունը կամ այլ միջազգային փաստաթղթեր։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Դու ի՞նչ է, գնում ես սովորելո՞ւ, որ քեզ բացատրե՞ն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ինքնորոշման իրավունքին։ Նման իրարամերժ հայտարարություններով Փաշինյանը տապալեց բանակցային գործընթացը։ Մենք պետք է խորքային կերպով ուսումնասիրենք արտաքին քաղաքականության վեկտորը։ Անկախացած Հայաստանի առջև կար երկու ուղղություն։ Առաջինը բացահայտ ռուսամետն էր, որի արտահայտությունը, օրինակ, Ռուսաստան-Բելառուս միութենական պայմանագրին միանալն էր։ Ժամանակին Հայաստանում կային դրա կողմնակիցներ, նույնիսկ ստորագրահավաք արեցին, բայց Հայաստանը չգնաց այդ ճանապարհով։ Մյուս ուղղությունն արևմտամետն էր, որի համար սկզբնական փուլում կար երկու նախադրյալ։ Առաջինն այն էր, որ Ռուսաստանն ինքը ձգտում էր դեպի Եվրոպա, անգամ չէր բացառում ՆԱՏՕ-ին անդամակցությունը, և ապա՝ Թուրքիան բացահայտ ձգտում էր դեպի եվրաինտեգրում, բարեփոխումներ էր անում, ուզում էր դառնալ ԵՄ անդամ։ Այն ժամանակ դա կարող էր հիմնավորված համարվել, բայց ոչ հիմա»,- ասաց քաղաքական գործիչը։
«Ի՞նչ է ենթադրում արևմտամետ ուղղությունը։ Արևմուտքից, ՆԱՏՕ-ից մշտապես հստակորեն ասել են, որ մեզ չեն կարող անվտանգության երաշխիքներ տրամադրել, և այդ տեսանկյունից ըմբռնումով էին մոտենում մեր և ՌԴ-ի միջև ռազմական համագործակցությանը։ Պատահական չէ, որ Թուրքիայի հետ մեր սահմանին կանգնած են ռուս սահմանապահները, այնտեղ ՌԴ դրոշն է, կա ռուսական ռազմաբազա։ Ակնհայտ էր, որ անվտանգության հարցում Հայաստանում Արևմուտքից որևէ սպասելիք չի կարող լինել։
Դա հիմա առավել ևս ակնհայտ է, երբ վերհիշում ենք Վրաստանի դեպքերը, դա այսօր երևում է նաև Ուկրաինայում։ Արևմտամետ ուղղությունն այդ տեսակետից լուրջ խնդիր է պարունակում, հատկապես որ, մեր տարածաշրջանում Արևմուտքը ներկայացված է դեռևս ՆԱՏՕ-ի անդամ մնացած Թուրքիայով, և միայն Թուրքիայով։ Վրաստանում, որն ակնհայտորեն ձգտում է դեպի ՆԱՏՕ և ԵՄ, որևէ լուրջ արևմտյան ընկերություն, կազմակերպություն, ձեռնարկություն չկա, բոլորը թուրքական են։ Նույնիսկ Վրաստանում Արևմուտքն իր ընկալմամբ Թուրքիան է։ Երբ ՌԴ-ԵՄ հարաբերությունները սառեցին, Պրիմակովը սկսեց բազմավեկտոր աշխարհի գիծը, որտեղ Մոսկվան ուներ իր դերակատարումը՝ Արևմուտքին հակադրվելը, և դեպի Արևմուտք գնալը դարձավ բեռից ազատում»,- նշեց Քոչարյանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ նախկին խորհրդային հանրապետությունների համար այդ բեռը հակամարտություններն են, օրինակ՝ Վրաստանի համար դեպի Արևմուտք գնալու գինն Աբխազիայից և Օսիայից ազատվելն է․ «Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը՝ պատերազմ, պարտություն, որի արդյունքում ժողովուրդն այլևս չի պահանջում այն հետ բերել և դուրս գալ Ռուսաստանի դեմ, դրանով հարցը փակվում է։ Երբ Սահակաշվիլին նախաձեռնում էր Ցխինվալի ռմբակոծումը, գնում էր գիտակցված սադրանքի, նա միամիտ չէր, որ մտածեր՝ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը կռվելու են ՌԴ-ի դեմ, բայց ռազմական մարտահրավեր էր նետում հենց Ռուսաստանին, արդյունքը տեսանք՝ բեռից ազատվեց։ Նույն վիճակն էր 2014-ին Ուկրաինայում՝ ի դեմս Ղրիմի։ 2018-ին Հայաստանում ի հայտ եկած իշխանությունը ևս արևմտամետ կուրսի կողմնակից էր և որոշեց ազատվել հակամարտությունից»:
«Փաշինյանի իշխանությունը հրահրեց պատերազմ՝ նախապես իմանալով, որ պարտվելու է՝ ազատվելու Արցախի բեռից։ Մնում է երկրորդ հանգամանքը՝ ռուսական ռազմաբազան։ Վրաստանը նախ ազատվեց ռազմաբազայից, հետո գնաց պատերազմի։ Այս իշխանությունը համարում է, որ գրեթե լուծել է Արցախի խնդիրը, առջևում ռազմաբազայի հարցն է։ Միգուցե կան մարդիկ, որոնք համարում են, որ ռուսական ռազմաբազան պետք է հանվի, բայց Հայաստանի համար դա կործանարար է։ Աբխազիայում աբխազներ են բնակվում, Օսիայում՝ օսեր, իսկ Արցախը մեր պատմական հողն է, այնտեղ հայեր են ապրում, և մենք չենք կարող համեմատվել։ Ի վերջո՝ այս ամենի արդյունքը Հայաստանում Թուրքիայի հայտնվելն ու նրա գերիշխանությունն է»,- ամփոփեց Շավարշ Քոչարյանը:
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը կարևոր հանգրվանի է մոտեցել, և կա իրական վտանգ, որ խնդիրը կարող է լուծվել ամբողջությամբ հօգուտ Ադրբեջանի։ Այս մասին է վկայում թեկուզ միայն այն փաստը, որ ՀՀ իշխանություններն անընդունելի ոչինչ չեն տեսնում Ադրբեջանի առաջ քաշած հայտնի հինգ առաջարկներում, որոնք պետք է ընկած լինեն բանակցային գործընթացի հիմքում։
Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Եվրոպական կողմի նախաձեռնած եռակողմ այս հանդիպումը, ինչպես հայտնի է, տևել է ավելի քան 4.5 ժամ։ Այդ ընթացքում հակամարտող կողմերի ներկայացուցիչները քննարկել են հարցերի լայն շրջանակ, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ։ Հանդիպումից անմիջապես հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը ցանկանում են արագ կնքել խաղաղության համաձայնագիր։ Նա հայտարարել է, որ Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանային հանձնաժողով, որի մանդատի շրջանակում կլինի երկու հարց՝
1. սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը,
2. ապահովել անվտանգային կայուն իրադրություն սահմանագծի երկայնքով և մերձակայքում (1):
Շառլ Միշելը նաև հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին աշխատել խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։ Եվրոպայի խորհրդի նախագահի հայտարարության մեջ հիշատակված էին նաև հումանիտար մի շարք հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հեռանկարները և այլն։ Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ Շառլ Միշելը գրեթե հիացական տոնով էր խոսում Ալիևի և Փաշինյանի բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին, ինչը, եթե հաշվի առնենք Արցախում մինչ այդ ստեղծված իրավիճակն ու այդ պահին ծավալվող գործընթացները, բավական տարօրինակ էր։
Բրյուսելում Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում կրկին հայտարարել է, որ Ադրբեջանի առաջարկներում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, «սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը» (2)։ ՀՀ ղեկավարը, սակայն, չի մանրամասնում, թե ինչ է հասկանում, օրինակ, «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ» ասելով։ Նկատի ունի՞ արդյոք, որ Արցախը պետք է անկախ լինի, թե՞ իր համար ընդունելի է նաև Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Նույնը վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» անվտանգության երաշխիքներին ու իրավունքներին։ Ի՞նչ նկատի ունի պաշտոնական Երևանն այդ դեպքում։ Ցավոք, հստակ պատասխաններ չկան։ Ավելի ճիշտ՝ այդ առնչությամբ Փաշինյանի ու նրա թիմակիցների մեկնաբանությունները լավատեսություն չեն ներշնչում։
Բոլոր այս գնահատականներում և ընդհանրապես ստեղծված իրավիճակում կարևորագույն հանգամանքն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները խաղաղության պայմանագիր կնքելու աշխատանք են սկսում, և դրա հիմքում, ըստ ամենայնի, Ալիևի վարչակազմի մշակած հինգ, այսպես կոչված, առաջարկներն են՝
– ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
– պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
– զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց, միմյանց անվտանգությանը սպառնացող, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին հակասող այլ գործողություններից,
– սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
– տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Ուշադիր ընթերցողը, իհարկե, հեշտորեն կնկատի, որ ադրբեջանական կողմի ներկայացրած 5 առաջարկներն իրականում լուծում են Ադրբեջանի համար երկու կարևոր խնդիր՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության (ներառյալ Արցախը) ճանաչումն ու ՀՀ ինքնիշխան տարածքներին անխոչընդոտ հասանելիությունը։ Պարզ է, որ սրանք իրենց էությամբ ոչ թե Հայաստանին ուղղված առաջարկներ են, այլ պահանջներ, որոնք, եթե հաշվի առնենք նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում ու Սյունիքում, շատ նման են վերջնագրի։
Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների միջև սկսված այս նոր սիրախաղը, բնական է, չէր կարող անտարբեր թողնել հայ հանրությանը։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն արդեն իսկ բավական էին, որ ընդդիմությունը գործընթացը կասեցնելուն ուղղված հանրային ճնշման գործողություններ նախապատրաստեր։ Ապրիլի 5-ին՝ բրյուսելյան հանդիպման նախօրեին, Երևանում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որը լուրջ ազդակ փոխանցեց Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող կենտրոններին, որ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու գործընթացն այնքան էլ հեշտ չի լինելու։ Իսկ երբ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ միջազգային հանրությունը հորդորում է «իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը» (3), հանրային դժգոհությունը միանգամայն այլ որակ ստացավ, և ժողովուրդը դուրս եկավ փողոց։
Ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստան (4)։ Չնայած այն հանգամանքին, որ այցի ընթացքում երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ստորագրվել են համագործակցության մի շարք համաձայնագրեր, ինչպես նաև ՌԴ և ՀՀ ղեկավարների կողմից 30 կետից բաղկացած հայտարարություն է ընդունվել, Արցախի խնդրի վերաբերյալ որևէ լուրջ արձանագրում այդ այցի ընթացքում չի եղել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայն նշել է, որ հարցի կարգավորման համար պետք է առաջնորդվել 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված երեք համատեղ հայտարարությունների դրույթներով (5)։ Բրյուսելի թեման Ռուսաստանում շրջանցվեց։ Փորձագիտական և լրատվական մակարդակներում միայն նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովներ ստեղծելու մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել նաև նոյեմբերի 26-ի հիշատակված հանդիպման ընթացքում, և կողմերը պայմանավորվել են այդ հանձնաժողովը ստեղծել մինչև 2021 թ. ավարտը։ Սակայն դա տեղի չի ունեցել։ Ի դեպ, այդ նույն հանձնաժողովը հայկական կողմը չստեղծեց նաև մինչև 2022 թ․ ապրիլի ավարտը, ինչը նախատեսված էր արդեն բրյուսելյան պայմանավորվածությամբ։ Եվ դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, Երևանում ու մարզերում սկիզբ առած բողոքի ակցիաներն են, որոնք լուրջ անհանգստություն են առաջացրել Փաշինյանի կառավարությունում։
Մոսկվա՞, թե՞ Բրյուսել։ Ո՞վ կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու Արցախի խնդրի լուծման գլխավոր հովանավորը։ Ահա այս հարցն է ներկայումս ամենաշատը քննարկվում քաղաքական և փորձագիտական շրջանակներում: Ընդ որում, կարևոր է նաև այն հանգամանքը, որ միջազգային քաղաքական ընկալումներում արցախյան խնդիրը փոխկապակցվել է Ուկրաինայում ընթացող զարգացումների հետ։ Այս փաստը զգալիորեն նվազեցնում է հայկական կողմի հնարավորությունները՝ ազդելու մեզ համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդրի կարգավորման գործընթացի վրա։ Պատճառը պարզ է․ Հայաստանը տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտից վերածվել է միջազգային առևտրի մանրադրամի։
Այս ամենի հետ պետք է նշել կարևոր ևս մեկ հանգամանք․ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունն արագ ավարտ չի ունենա, Արցախում իրավիճակ փոխվեց։ Ալիևի վարչակազմն օգտվեց հարմար առիթից և, մինչ Մոսկվայի ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած էր Ուկրաինայի վրա, նախաձեռնեց մարտի 24-ի հայտնի հարձակումը ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ։
Դրան հաջորդած զարգացումներն ամբողջությամբ բացահայտեցին երկու կարևոր իրողություն․ նախ՝ թուրք-ադրբեջանական դաշինքը տհաճ անակնկալներ է պատրաստել Ռուսաստանի համար մեր տարածաշրջանում, և երկրորդ՝ Ռուսաստանը, պայմանավորված մեկ այլ տարածաշրջանում առկա լրջագույն խնդիրներով, չի կարող առաջնորդվել իր կամքը պարտադրելու քաղաքականությամբ և փորձում է դրա փոխարեն որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել հակառակորդի հետ։ Ռուսական քաղաքական և փորձագիտական շրջանակները հասկանում են, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի գործողություններն Արցախում ուղղված են մի կողմից հայկական պետությունների, իսկ մյուս կողմից էլ՝ հենց Ռուսաստանի դեմ։ Նրանք նույնիսկ բարձրաձայնում են այդ մասին, սակայն բոլոր գնահատականներում նաև նշում, որ այս պահին Մոսկվայի հիմնական խնդիրը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն են։ Ակնարկվում է այն մասին, որ Ռուսաստանի համար այս փուլում կարևոր է Թուրքիայի չեզոքությունն Ուկրաինայում։
Թուրքիայի հետ լեզու գտնելու Ռուսաստանի փորձերը, իհարկե, արդյունավետ չեն։ Մինչ այս պահը Մոսկվային հաջողվել է միայն մասամբ զսպել Էրդողանի ախորժակը։ Դա փոքր զիջումների միջոցով ժամանակ շահելու մարտավարություն է։ Իսկ այդ ժամանակը Ռուսաստանին անհրաժեշտ է բացառապես մեկ բանի համար, որպեսզի լուծի Ուկրաինայում առաջացած խնդիրները։ Անկարայում էլ են լավ հասկանում, որ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումից հետո Ռուսաստանի զիջողականության աստիճանն ու զիջումներ անելու պատրաստակամությունը զգալիորեն կնվազեն։ Հետևաբար Անկարայում որոշել են, որ հիմա է հարմար պահը, և փորձում են առավելագույնս օգտվել դրա ընձեռած հնարավորություններից։ Մեր տարածաշրջանում, օրինակ, դա Արցախի ու Ադրբեջանի հետ անխափան և մեկ այլ տերության կողմից չվերահսկվող ցամաքային կապ ստեղծելու խնդիրն է։ Եվ այն պահին, երբ Թուրքիան հասկացավ, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծրագրերը շեղվել են նախապես պլանավորված ընթացքից, Արցախի ուղղությամբ ակտիվացրեց ադրբեջանական գործոնը։
Ողբերգությունն այն է, որ Հայաստանը, որը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցությունը զսպելու պատմական, քաղաքական և նույնիսկ քաղաքակրթական առաքելություն է մշտապես ունեցել, աշխարհաքաղաքական դրության վերափոխման այս փուլում, փաստորեն, հրաժարվել է իր կարևորագույն գործառույթից և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու բանակցություններ սկսել։ Ընդ որում, պաշտոնական Երևանը դա անում է ոչ միայն ի վնաս նույն Ռուսաստանի, Իրանի կամ թեկուզ եվրոպական որոշ երկրների, հատկապես Ֆրանսիայի ու Գերմանիայի տարածաշրջանային շահերի, այլև ի հաշիվ մեր ժողովրդի կենսական ներուժի։
Եվ իսկապես, այն պահին, երբ հայկական երկու պետությունները «ատամները սեղմած» պետք է սպասեին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ավարտին, հնարավոր և անհնար բոլոր միջոցներով խոչընդոտեին Արցախի վերաբերյալ թուրք-ադրբեջանական դաշինքի բոլոր ծրագրերը, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, որտեղ արցախահայությունը իբր թե լավ հեռանկարներ ունի։ Համաձայնեք՝ ավելի մեծ նվեր Հայաստանի իշխանությունները երբեք չէին կարող մատուցել թուրք-ադրբեջանական դաշինքին։ Միանշանակ է նաև, որ այս կեցվածքով պաշտոնական Երևանը խնդիրներ է ստեղծում նաև իր բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Չինաստանի համար։
Թե ինչու է ՀՀ փաստացի ղեկավարը երկրի համար օրհասական այս կարևոր պահին սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգը, հուսով ենք՝ հետաքննությունը հետագայում կպարզի։ Հիմա կարող ենք միայն արձանագրել, որ թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը մեծ տեմպ էին հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացին, և Նիկոլ Փաշինյանը ոչ մի վայրկյան ետ չէր մնում թշնամու այդ տեմպից, ավելին՝ ինքն էլ իր հերթին արագացնում էր բոլոր այդ գործընթացները, համենայնդեպս մինչ այն պահը, երբ ժողովուրդը Հայաստանում փողոց դուրս եկավ։
Հիմա, երբ ես գրում եմ այս տողերը, Հայաստանի քաղաքներում ու գյուղերում շարունակվում է Արցախի ապագայի համար մղվող պայքարը։ Իհարկե, այդ պայքարում բազում կողմեր կան՝ հայկական ընդդիմությունը, Փաշինյանի կառավարությունը, բոլոր այս գործընթացների վրա ձեռքեր տաքացնող աշխարհաքաղաքական կենտրոնները և այլն։ Բայց մի չափազանց կարևոր խնդիր հանրահավաքների ու բողոքի ցույցերի դուրս եկած մեր ժողովուրդն արդեն լուծել է․ ինքն է դարձել Հայաստանի ու Արցախի համար մղվող պայքարի ամենակարևոր կողմը։ Ժողովուրդը վերագտել է իր սուբյեկտայնությունը, և այդ փաստի հետ բոլորը հիմա պարտավոր են հաշվի նստել։ Այս կարևոր իրողությունը նաև հույս է ներշնչում, որ անկախ նրանից, թե ով կլինի արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական հովանավորը՝ Մոսկվա՞ն, թե՞ Բրյուսելը, հայ ժողովրդի շահն այլևս չի անտեսվի։
__________________________________-
Հղումներ
1. Տե՛ս Շառլ Միշել. Փաշինյանն ու Ալիևը ցանկանում են արագ խաղաղ համաձայնագիր կնքել, 07.04.2022, https://mediamax.am/am/news/foreignpolicy/47035 (մուտք՝ 10․2022)։
2. Վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները, 07.04.2022, https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/04/07/Cabinet-meeting-Speech/ (մուտք՝ 10․2022)։
3. Հորդորում են իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը. Փաշինյան, 13.04.2022, https://www.youtube.com/watch?v=IbKBhhj61MA (մուտք՝ 10․2022)։
4. Տե՛ս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, 19.04.2022, https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2022/04/19/Nikol-Pashinyan-visit-to-Russia/ (մուտք՝ 10․2022)։
5. Տե՛ս 19 апреля состоятся переговоры Владимира Путина с Премьер-министром Армении Николом Пашиняном, 19.04.2022, http://kremlin.ru/catalog/countries/AM/events/68229 (մուտք՝ 10․2022)։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտ Քլինգենդայլ ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ընթացքում՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:
«Ադրբեջանը, ցավոք, շարունակում է շատ ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Գիտեք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ կա: Եվ ադրբեջանական դիվանագիտության հիմնական գործը վերջին ամիսներին հետևյալն է: Նրանք գնում են ԵՄ, ԱՄՆ և ասում են՝ ահա, տեսեք Հայաստանը պրուսական երկիր է, որոշ դեպքերում ասում են՝ պրոքսի ռուսական կառավարությամբ, հետո դրանից հետո մեկնում են Ռուսաստան, ասում են՝ տեսեք Հայաստանը պրոարևմտյան երկիր է, տեսեք ոնց են Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնում: Երբեմն ասում են, որ Հայաստանում Արևմուտքի կողմից գունավոր հեղափոխության միջոցով հաստատված կառավարություն է, որը գործում է ընդդեմ Ռուսաստանի»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ դրա նպատակն է ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ըմբռնում ձևավորել թե՛ Արևմուտքում, թե Ռուսաստանում: Նրա խոսքով՝ չեն կարող ասել, որ այդ դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկներ չկան: «Օբյեկտիվ իրականությունն այն է, որ այս դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկներ կան, որովհետև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ անդամ և ԵԱՏՄ անդամ է, շատ ջերմ ու սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ: Մյուս կողմից Հայաստանի, Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հարաբերությունները գնալով խորանում են, որովհետև Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում»,- մանրամասնեց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցում հնչած դիտարկմանը, թե Հայաստանը փորձում է բազմակողմ քաղաքականություն իրականացնել՝ վարչապետն ընդգծեց, որ դրան կարող է ավելացնել, որ Հայաստանի դեմ էլ են փորձում բազմակողմ քաղաքականություն իրականացնել: «Եվ մենք ոչ միայն պիտի իրականացնենք բազմակող քաղաքականություն, այլ պետք է կարողանանք կառավարել ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս մեր դեմ տարվող բազմակողմ քաղաքականության հետևանքով»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը վարում է բալանսավորված քաղաքականություն, իսկ կառավարության շարժառիթը Հայաստանի ազգային շահերն են: Նա շեշտեց, որ կարևորում են բոլոր հարաբերությունները, սակայն շատ կարևոր է նաև, որ այդ հարաբերությունները մեկը մյուսի հաշվին չլինեն: «Աշխարհակարգ է փոխվում բոլորիս աչքի առաջ, և ոչ մեկ չգիտի, թե ինչպիսին այն կլինի արդյունքում: Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի նման երկրների համար ահա այսպիսի ժամանակներն ամենավտագավորն են, սա պետք է արձանագրել և հասկանալ: Մեզ համար ամենևին հեշտ չէ բալանսավորված քաղաքականություն վարել, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել դրանում հաջողելու համար»,- եզրափակեց Փաշինյանը:
2022 թվականի ապրիլի 29-ին նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացրել է միջազգային համաժողով՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» խորագրով, որին մասնակցել են 23 երկրներից 40 մասնակիցներ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Համաժողովը տևել է ավելի քան երեք ժամ՝ Ալիևի կարճ ներածական խոսքով, որին հաջորդել են երկարաշունչ պատասխաններ՝ տրված շողոքորթող օտարերկրյա հյուրերի տասնյակ հարցերին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ադրբեջանի նախկին փոխարտգործնախարար, համաժողովը հյուրընկալող ADA (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիա) համալսարանի ռեկտոր Հաֆիզ Փաշաևը։ Նա ասաց, որ համաժողովը «նվիրված է Մեծ հաղթանակին և ադրբեջանական հողերի ազատագրմանը»։ Համաժողովի նախորդ օրը մասնակիցներին շրջագայության էին տարել Ֆիզուլի և Շուշի։ Փաշաևն ասաց. «Մեր հյուրերը կարողացել են տեսնել նաև հայկական բռնազավթումից հետո մնացած բարբարոսական ավերածությունների որոշ հատվածներ»։
Ալիևն իր ելույթում նշեց, որ 2020 թվականի պատերազմում «կապիտուլյացիայից» հետո, Հայաստանը վերջերս ընդունել է «Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության հինգ հիմնական սկզբունքները»։ Նա ասաց, որ Ադրբեջանը կորցրել էր խաղաղության հնարավորությունը «երեսուն տարով՝ անջատողականության և հայկական բռնարարքների պատճառով…․ Անձամբ ես, երբեք չեմ մոռանա վայրագություններն ու բարբարոսությունը»։
Ալիևը կոչ է արել հայերին «վերջ դնել իրենց տարածքային պահանջներին Ադրբեջանից և Թուրքիայից…․ Կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը և երկրի քաղաքական շերտավորումը լիովին հասկանան դա և դադարեն մեկընդմիշտ վրեժխնդիր լինել…․ Դա անարդյունավետ է, քանի որ Հայաստանի համար այն ավելի ցավալի կլինի, քան նախկինում…․ Բացարձակապես անտրամաբանական է տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային, որն ունի աշխարհի առաջատար տնտեսություններից և շատ քիչ գոյություն ունեցող առաջատար բանակներից մեկը»։ Հայերը պետք է «հրաժարվեն բոլոր պատրանքներից»։
Ալիևը նույնիսկ համարձակվել է նախազգուշացնել հայերին՝ «դադարեցնել բանակը վերակառուցելու, հզորանալու, հինգ միլիոն բնակչություն ունենալու բոլոր փորձերը, որ նրանք հայտարարել են որպես իրենց պետական ծրագիր՝ հետո իրենց տարածքները հետ վերցնելու համար։ Դրանով պաշտոնապես կավարտվի նրանց պետականությունը»։
Ալիևը մեղադրել է Հայաստանին «Ադրբեջանի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և մեր բոլոր քաղաքները, այդ թվում՝ Աղդամն ու Շուշան անվանափոխելու մեջ»։
Ալիևը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ժամանակ արգելափակել Հայաստանին զենքի մատակարարումը. «Մենք բազմիցս հրապարակավ ասել ենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքը կանոնավոր կերպով, օրական մի քանի բեռնատար ինքնաթիռներով նրանք Հայաստան են տեղափոխել Ռուսաստանից։ Մենք հետևել ենք բոլոր երթուղիները Ռոստովից և Մոզդոկից։ Մենք խնդրել ենք մեր վրացի բարեկամներին փակել օդային տարածքը, և նրանք դա արել են։ Նաև խնդրել ենք մեր վրացի բարեկամներին փակել Ռուսաստանից Վրաստան ցամաքային ճանապարհը, որով զենք էին տեղափոխում Հայաստան, և դա նույնպես արել են, որի համար շնորհակալ ենք։ Մենք նամակներ ենք ուղարկել Կասպից ծովի ափամերձ բոլոր երկրներին, որպեսզի թույլ չտան ռուսական բեռնատար ինքնաթիռներին զենք տեղափոխել Հայաստան։ Նամակներ ենք ուղարկել Ղազախստանին, Թուրքմենստանին և Իրանին։ Բայց, ցավոք, ինքնաթիռներն օգտագործում էին այս երկրների տարածքները Հայաստան մուտք գործելու համար»։
Ալիևը նաև ծաղրել է Հայաստանին ու Սփյուռքին, որ մտածում են, թե «ամբողջ աշխարհն պարտական է իրենց ամեն ինչում, և ինչ-որ մեկը կգա կպաշտպանի նրանց, ինչ-որ մեկը կգա կկռվի նրանց համար, ինչ-որ մեկը կգա փող ու ամեն ինչ կտա նրանց, և նրանք կնստեն ու կշահագործեն իրենց վիճահարույց ու կասկածելի, այսպես կոչված ողբերգությունը»։
Ալիևը հայերին մեղադրեց հօգուտ Ադրբեջանի կորցրած տարածքները ականապատելու մեջ հենց պատերազմում տարհանելուց առաջ, այն բանից հետո, երբ Հայաստանը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրեց «կապիտուլյացիայի ակտը»․ «Մենք նրանց 10-20 օր ժամանակ էինք տվել այդ տարածքներից հեռանալու համար՝ նոյեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի հիման վրա: Բայց նրանք դա օգտագործեցին ականապատելու, իրենց չկառուցած, բայց բնակություն հաստատած տներն այրելու, ծառեր կտրելու և այլ էկոլոգիական աղետներ պատճառելու համար»: Նա ասաց, որ այդ նույն ժամանակահատվածում հայերը «ավերել են 30 հիդրոէլեկտրակայան»։
Ալիևը կեղծորեն պնդել է, թե Ադրբեջանը հանդուրժող, բազմամշակութային երկիր է։ Նա որպես օրինակ բերել է Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցու գոյությունը։ Եկեղեցում «հինգ հազար հայերեն գիրք կա», ասել է նա՝ թաքցնելով, որ եկեղեցին արդեն գործում է ոչ թե որպես սրբատեղի, այլ գրադարան։
Ալիևն իր հյուրերին վստահեցրել է, որ «Ղարաբաղում ապրող հայերին մենք համարում ենք մեր քաղաքացիները։ Հուսով ենք, որ նրանք նույնպես շուտով կհասկանան, որ ապրելով որպես Ադրբեջանի քաղաքացի՝ կունենան բոլոր իրավունքները, և նրանց անվտանգությունը պաշտպանված կլինի։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, բազմազգ երկիր է։ Այստեղ ապրող բոլոր էթնիկ խմբերը, այդ թվում՝ հայերը, ապրում են խաղաղ ու արժանապատիվ։ Մենք հայկական փոքրամասնություն ունենք, և նրանք երբեք որևէ խնդիր չեն ունեցել այդ առումով»։ Ալիևը հույս ունի, որ բոլորը մոռացել են Ադրբեջանում հազարավոր հայերի բազմիցս կրկնվող ջարդերի մասին։
Ալիևը պնդել է, որ Ադրբեջանն արդեն «որոշ հաղորդագրություններ է ստանում Ղարաբաղի հայերից՝ շատ դրական ուղերձներ։ Մենք արդեն սկսել ենք մի քանի նախնական շփումներ տարբեր մակարդակներով։ Չեմ ուզում շատ մանրամասներ բացել, բայց դա արդեն սկսվել է, և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր մտադրությունը։ Նրանք կարող են լինել արագ տնտեսական զարգացման մի մասը, կարող են իրենց շատ ավելի ապահով, պաշտպանված և հանգիստ զգալ միասնական ադրբեջանական պետության կազմում, բայց նրանք պետք է հրաժարվեն իրենց անջատողական միտումներից և անջատողական նկրտումներից»:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկա բանակցություններին իրենց փոխադարձ սահմանները սահմանազատելու և սահմանագծելու համար, Ալիևը պնդեց, որ կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս՝ Երևանն ու Զանգեզուրը «եղել են Ադրբեջանի մաս»:
Իր ելույթի ժամանակ Ալիևը հակադրվեց Ռուսաստանին՝ պատասխանելով Ուկրաինայի մասին հարցին։ «Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը…․
Ամենակարևորը՝ չպետք է երբեք համաձայնվել բռնազավթման հետ», ասաց նա:
Ի վերջո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անարգելով Ալիևը հիշեց, թե ինչպես է նա ասել. ««Ղարաբաղը Հայաստան է»։ Հիմա ի՞նչ են ասում։ Հիմա ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Իսկ ո՞վ է ասում․նույն մարդիկ, որոնք 2019-ին ասում էին. «Ղարաբաղը Հայաստան է»»։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Այսօր առավոտվանից ընդդիմության կողմից նախաձեռնած բողոքի ակցիաները ճնշելու համար ոստիկանությունն աննախադեպ ուժեր է մոբիլիզացրել:
Հատկապես քաղաքի կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում երթևեկությունը տեղ-տեղ կաթվածահար է, և ոստիկանները երբեմն նույնիսկ բիրտ ուժի կիրառմամբ, առանց նախապես զգուշացնելու, բացում են փողոցները:
Դրանց մասնակցում են՝ ինչպես սովորական, այնպես էլ՝ հատուկ նշանակության ջոկատի ոստիկանական ծառայողներ:
Կորյուն-Հերացի փողոցների հատվածը բացելու համար, սակայն, ինչ-որ պահի ակցիայի վայր խուժեցին անհասկանալի սև դիմակներով կասկածելի անձինք: Տպավորություն էր, թե ինչ-որ քրեաօլիգարխիկ բանդայից են փախել:168.am-ը ոստիկանությունից փորձեց ճշտել՝ արդյո՞ք սև համազգեստով, սև դիմակներով անձանց խումբը կապ ուներ ոստիկանության հետ, և եթե ուներ, ո՞ր ստորաբաժանումն էին ներկայացնում վերջիններս:
Մոտավորապես 10 բառից բաղկացած պատասխանի համար մեզնից պահանջվեց գրավոր հարցում:
Ողջ միջադեպը հեռարձակվել է ուղիղ եթերում, նշում ենք վայրը, կոնկրետ՝ որտեղ է դա տեղի ունեցել, իդենտիֆիկացնելը վայրկյանների հարց է, սակայն մեզնից պահանջվեց գրավոր հարցում:
Կարո՞ղ են քաղաքացիները նման դեպքում լեգիտիմ կարծիք ձևավորել, որ Կորյուն-Հերացի խաչմերուկում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմբ վայրենի ուժ կիրառող անձինք ինչ-որ քրեաօլիգարխիկ բանդայի ներկայացուցիչներ են, ու ոստիկանությունը հովանավորում է նրանց:
Օրեր առաջ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել էր այն կարգավորումները, որոնցով պետք է առաջնորդվեն քաղաքացիները բերման ենթարկվելիս:
«Ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է:
Հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգի և մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող»,- մասնավորապես գրել էր Արման Թաթոյանը:
Կապ հաստատեցինք նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: Մեզ ասացին՝ տեսանյութերն ուսումնասիրելուց հետո կպատասխանեն: ՄԻՊ կարծիքը միջադեպի և նշված խմբերի ու ոստիկանության ծառայողների պարտականությունների վերաբերյալ կհրապարակենք ստանալուն պես:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակին կազմակերպված միջոցառման ժամանակ միջոցառմանը մասնակցած ամերիկահայ երիտասարդների դեմ ոստիկանություն է հրավիրել։ Tert.am-ը զրուցել է երիտասարդներից մեկի հետ, ով մանրամասներ է հայտնել միջադեպի հետ կապված։
«Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցում էիք նաև մենք։ Միջոցառմանը մասնակցում էին կոնգրեսականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ դեսպանատան աշխատակիցները՝ Լիլիթ Մակունցի գլխավորությամբ։ Միջոցառման ավարտին, երբ բոլորը արդեն հեռանում էին, մեզ տեսնելով դեսպանատան աշխատակիցները Լիլիթ Մակունցի ցուցումով անմիջապես հրավիրեցին ոստիկաններին մեզ այնտեղից հեռացնելու նպատակով։ Մենք որևէ ակցիա կազմակերպելու նպատակով չէինք այնտեղ՝ առաջին հերթին հարգելով Ապրիլի 24-ի խորհուրդը։ Դեսպանատան աշխատակիցները ինչ-որ անհիմն մեղադրանքներ էին հնչեցնում մեր հասցեին, սկզբից չէինք հասկանում ինչ է կատարվում։ Ոստիկանները մոտ երկու ժամ մեզ պահել են տեղում, թույլ չեն տվել տուն գնանք, հարցուփորձ են արել, ստուգել փաստաթղթերը։ Տեսնելով, որ անօրինական ոչինչ չկա՝ բաց են թողել ու ասել դեսպանատան աշխատակիցներին, որ մենք իրավունք ունենք այտսեղ գտնվելու ու պարզապես չեն կարող մեզ հեռացնել»։
Նա նշեց, որ Լիլիթ Մակունցը իրենց հավանաբար դեմքով ճանաչել է նախկինում դեսպանատան դիմաց կազմակերպած ակցիաներից։
«Մենք նախկինում ակցիաներ ենք արել դեսպանատան դիմաց, երբ Մակունցը 44-օրյա պատերազմին նվիրված միջոցառում էր կազմակերպել, մենք ակցիա ենք իրականացրել՝ պահանջելով քայլեր ձեռնարկել հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Առաջին անգամը չէ, որ Լիլիթ Մակունցը մեր դեմ ոստիկաններ է կանչում։ Հավանաբար մտածում է, որ Հայաստանի օրինակով կարող է կարմիր բերետավորներ կանչել և մեզ հեռացնել տարածքից, բայց այստեղ բոլորս գիտենք մեր իրավունքները, չեն կարող հենց այնպես հեռացնել մեզ»,- ասաց ամերիկահայ երիտասարդներից մեկը։
Թուրքիան խայտառակում է ինքն իրեն՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը Բայդենի ճանաչումից հետո: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին գրավոր հայտարարություն է տարածել՝ երկրորդ տարին անընդմեջ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։
Ահա մի հատված Բայդենի ճանաչումից. «1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և համայնքի ղեկավարների ձերբակալությամբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերին, որոնք տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի ուղարկվեցին ոչնչացման արշավի ընթացքում, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը․․․ Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերը, որոնք զոհ գնացին ցեղասպանությանը»։
Իր հայտարարության մեջ Բայդենը չորս անգամ օգտագործեց «Ցեղասպանություն» բառը և մեկ անգամ՝ «Մեծ եղեռն» հայերեն եզրույթը, որն օգտագործվում էր զանգվածային սպանությունները նկարագրելու համար՝ նախքան Ռաֆայել Լեմկինի կողմից 1940-ականներին Ցեղասպանություն եզրի ստեղծումը։ Բայդենը հիշատակեց նաև «Օսմանյան իշխանությունները» որպես Հայոց ցեղասպանության իրագործողները։
Մինչ հայերը գնահատում են Բայդենի կարեկցական խոսքերը, նրան պետք է հիշեցնել, որ այսօր բնաջնջման նման վտանգ կախված է Արցախի գլխին։ Նա չպետք է հավանություն տա Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությանը, մի երկրի, որը մտադիր է ոչնչացնել թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը։
Նախագահ Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության իր բարոյական ճանաչումը վերածի գործնական արտաքին քաղաքականության՝ ճնշում գործադրելով Թուրքիայի վրա՝ ճանաչելու իր հանցագործությունը, փոխհատուցելու իր նախորդ վարչակարգի կողմից իրականացված կոտրորածները և վերադարձնելու բռնազավթված Արևմտյան Հայաստանի հողերը։ Ճանաչումն առանց հատուցման անիմաստ է…
Ինչպես Արևմուտքի երկրները ոտքի կանգնեցին ի պաշտպանություն Ուկրաինայի՝ տրամադրելով հսկայական ռազմական և մարդասիրական օգնություն, այնպես էլ նրանք պետք է պաշտպանեն Արցախը։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախը ենթարկվեց դաժան հարձակման Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ջիհադիստ ահաբեկիչների կողմից՝ իրականացնելով ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ։ Բայց աշխարհը լուռ էր։ Չպետք է նախընտրություն ցուցաբերվի մի ժողովրդի տառապանքի նկատմամբ, քան մյուսի: Բոլոր մարդ արարածներն արժանի են միևնույն պաշտպանության:
Բայդենի հայտարարությունից բացի, Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություններ են տարածել Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն, Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդեսը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և մի շարք այլ ղեկավարներ: Այնուամենայնիվ, Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան և Իսրայելը այն երկրներից են, որոնք դեռ վախենում են Թուրքիայից՝ ճանաչելու ճշմարտությունը մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունների մասին:
Ցեղասպանություն իրագործող Թուրքիան և նրա ստրուկ պետությունը՝ Ադրբեջանը, շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Աշխարհասփյուռ հայությունը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել՝ մերկացնելով նրանց սուտը և աշխարհին հիշեցնել կոտորածների մասին։
Այս տարի ապրիլի 23-ին, երբ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գտնվում էր Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում, մի խումբ հայեր բողոքի ցույց արեցին նրա այցի կապակցությամբ։ Չավուշօղլուն ծաղրեց հավաքված հայերին՝ թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման ձեռքի սպառնալից ժեստն անելով։ Մեհմեդ Ալի Աղջան, որը 1981 թվականին կրակեց և վիրավորեց Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապին, «Գորշ գայլերի» անդամ էր։ Պատկերացրեք, եթե Գերմանիայի արտգործնախարարը նացիստական նշաններ ցույց տար Հոլոքոստը վերապրած հրեաներին: Ուրուգվայի նախագահը դատապարտեց Թուրքիայի արտգործնախարարի ոչ դիվանագիտական ժեստը, իսկ Ուրուգվայի ԱԳՆ-ն կանչեց Թուրքիայի դեսպանին՝ բացատրություն պահանջելով Թուրքիայի արտգործնախարարի ոչ պատշաճ պահվածքի վերաբերյալ։
Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսում է գիտակցել Հայոց ցեղասպանության իր ժխտողականության անիմաստությունը։ Տարիներ շարունակ ԱՄՆ-ին սպառնալուց հետո, եթե նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը վերածվել էր մի մկան՝ Բայդենի կողմից անցյալ տարի այն ճանաչելուց հետո։ Էրդողանը ամբարտավանորեն հայտարարել էր, որ բողոքելու է ԱՄՆ նախագահին Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այնուամենայնիվ, երբ նրանք հանդիպեցին անցյալ հունիսին, նա չհամարձակվեց որևէ բառ ասել այդ մասին Բայդենին։ Այնուհետև, երբ թուրքական մամուլը Էրդողանին հարցրեց, թե արդյոք նա բողոքել է Բայդենին Ցեղասպանության մասին, նա անհեթեթորեն ասաց. «Ոչ, Բայդենը այդ հարցը չի բարձրացրել»: Էրդողանն ամբողջովին խայտառակված էր։
Ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի մոտ հավաքված հայերին ուղղված ուղերձում Էրդողանը Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին գրել է. «Ես կարծում եմ, որ մենք պետք է միասին կերտենք ապագան՝ ոգեշնչված մեր հազար տարվա խորը արմատացած միասնությունից՝ տառապանքը չափազանցնելու փոխարեն»։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն Էրդողանը պնդել է, որ Օսմանյան կայսրության քաղաքացիները (և հայերը, և թուրքերը) մահացել են Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով՝ տարբերություն չդնելով ցեղասպանության և պատերազմի զոհերի միջև:
Ավելին, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մերժում է ապրիլի 24-ին տարբեր երկրների կողմից արված հայտարարությունները. «Սա ներառում է ԱՄՆ նախագահ Բայդենի այսօրվա դժբախտ հայտարարությունը, որը կրկնում է 2021 թվականին կատարած սխալը։ Մենք մերժում ենք նման հայտարարությունները և որոշումները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը քաղաքական դրդապատճառներով և դատապարտում ենք նրանց, որոնք պնդում են այս սխալը»։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարը, որն Ուրուգվայում ձեռքի ահաբեկչական ժեստ կատարեց։
Միևնույն ժամանակ, Ստամբուլի նահանգապետն արգելեց Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները, որոնք անցկացվում էին ամեն տարի՝ սկսած 2010 թվականից, բացառությամբ վերջին երկու տարիներին՝ կորոնավիրուսի պատճառով։
Վերջապես, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անցյալ շաբաթ խորհրդարան ներկայացրեց մի համարձակ բանաձև՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացահայտել մեղավորներին, հանել նրանց անունները հասարակական վայրերից և Թուրքիայի քաղաքացիություն շնորհել զոհերին ու նրանց ընտանիքներին։ Փայլանը ենթարկվեց թուրք պաշտոնյաների դաժան հարձակումներին: Խորհրդարանի նախագահը մերժեց նրա առաջարկը։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը Փայլանից ներողություն պահանջեց և սպառնաց դատի տալ նրան։ Ավելին, Էրդողանը դատապարտեց Փայլանին և խորհրդարանին հորդորեց «զբաղվել նրանով»։
Եթե թուրք ղեկավարները դեմ չեն նվաստացմանը և մերկացմանը աշխարհի առաջ՝ իրենց երկրի իրագործած ցեղասպանության ժխտման համար, ապա հայերը կշարունակեն բացահայտել նրանց՝ որպես բարբարոսական գործողությունների կողմնակիցներ։ Ինչքան շուտ նրանք խելքի գան, ընդունեն ցեղասպանությունը և փոխհատուցեն, այնքան շուտ կազատվեն խայտառակվելուց։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երեկվա պայմանավորվածությունները կարեւոր ենք համարում աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ ամրապնդվում են ռուս-հայկական եղբայրական հարաբերությունները։ Սա շատ կարեւոր է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման տեսանկյունից։ Որքան ամուր լինեն հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները, այնքան հուսալի կլինի եւ Հայաստանի, եւ Արցախի ապագան, այնքան ավելի ամուր կլինեն Ռուսաստանի դիրքերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Նա հավելեց, որ հայտարարության մեջ հաստատվել է խաղաղության օրակարգին հետեւելու, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կարեւորությունը եւ ընդգծվել է «լեռնայինղարաբաղյան հակամարտություն» հասկացությունը։ Բոլոր գործընթացները պետք է դիտարկել այս տեսանկյունից։
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, ապա հանրապետության ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը մյուս երկրներից ավելի շատ է առնչվել այդ խնդրին, ասել է, որ ղարաբաղյան խնդիրը չի լուծվել։ Ռուսաստանն արձագանքել է նաեւ Ադրբեջանի այն հայտարարություններին, թե իբր Լաչինի միջանցքն իրենց է պատկանում, եւ այնտեղ ինչ ուզեն կանեն։
«Դեռ այն ժամանակ Մոսկվայում հստակ հայտարարեցին, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ներկայացված մյուս երկրներից ո՞րն է բարձրացրել կարգավիճակի հարցը։ Մենք Արցախը չենք տեսնում Ադրբեջանի կազմում, Արցախում բոլորը, առանց բացառության, հավատարիմ են այս կարծիքին։ Կարեւոր չէ, թե ով ինչ է ասում, մեզ համար սա անընդունելի է, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը փորձի մեզ հակառակը համոզել»,- ասաց Բաբայանը։
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կապված են ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, սակայն դրանք առանձին գործընթացներ են։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ Արցախի հաշվին։ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում աղետի կհանգեցնի ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայոց պետականության համար։ Եվ թող ոչ ոք չմտածի, որ առանց Արցախի Հայաստանն ապագա ունի։ Նման բան չի լինի։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանին միայն մեկ ապագա է սպասվում՝ կործանում։
Բացի այդ, նման իրադարձությունների նման զարգացումը արմատապես կփոխի աշխարհաքաղաքական լանդշաֆտը տարածաշրջանում։ Դա պարզապես չի կարող լինել ինչ-որ մեկի կամքով: Դա սարսափելի, արյունոտ գործընթաց կլինի։ Այն երկրները, որոնց համար նման իրավիճակը մահացու վտանգ կստեղծի, ձեռքերը ծալած չեն նստի եւ պարզապես հետեւեն, թե ինչպես են Թուրքիան եւ Ադրբեջանը կլանում ողջ տարածաշրջանը։
Արցախի կործանման դեպքում տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ կստեղծվի, Հայաստանում նույնպես ամեն ինչ կփոխվի, նա կդառնա օբյեկտ եւ կկլանվի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։
Եթե Բաքուն եւ Անկարան հասնեն իրենց նպատակներին Հարավային Կովկասում, ապա հիմք կդրվի նոր Օսմանյան կայսրության վերականգնման համար։ Սա բոլորի համար պարզ է։ Ակնհայտ է, թե ով է սրանում շահագրգռված, եւ ով շահագրգռված չէ։ Հետեւաբար, դա այնքան էլ հեշտ չէ, ամենուր «կարմիր գծեր» են անցնում։ Որոշվում է մեր ճակատագիրը, հայ ժողովրդի ճակատագիրը, ուստի մեր պատասխանը կլինի հստակ, միանշանակ ու համարձակ։ Արցախն այն բացառիկ երկրներից է, որը չունի սահմաններ, այլ կա շփման գիծ։ Սրանք բոլորը «կարմիր գծեր» են։ Ուստի մեզ համար Արցախի կարգավիճակը շատ կարեւոր նշանակություն ունի»,- նշեց դիվանագետը։
Բաբայանը կարծում է, որ Ռուսաստանը բացառիկ պատմական պատասխանատվություն է կրում տարածաշրջանի համար։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի փրկենք Արցախը։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է պահպանել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սա փորադաշտ չէ։ Մեր հայրենիքի փրկության կարեւոր երաշխիքներից մեկը հայ-ռուսական եղբայրական հարաբերություններն են»,- հավելեց նա։
Նրա գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, որպես մեկ մարմնի, գործունեությունը, որում երկար տարիներ համագործակցել են Ռուսաստանը եւ Արեւմուտքը, սառեցվում է ուկրաինական իրադարձությունների ֆոնին․ ոչ թե վերացվում է, ոչ թե լուծարվում, այլ սառեցվում։
«Լուծարումը ավելի բարդ իրավաբանական եւ քաղաքական գործընթաց է ենթադրում»,- եզրափակեց Արցախի ԱԳ նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքն» իրականություն դառնա, Հայաստանը կունենա տարածքային ամբողջականության խնդիր՝ այս մասին նշված է «Ազատությանն» հասցեագրված վարչապետի աշխատակազմի պատասխանում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Այս ապրիլի 13-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ՝ Փաշինյանը հայտարարեց. «Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի»։
«Ազատությունը» հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ նկատի ուներ կառավարության ղեկավարը։
«Վարչապետը նկատի է ունեցել այն, որ 1990-ական թվականների սկզբներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցել է տարածքային կորուստներ։ Բացի այդ 2021 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման հետևանքով խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքայիան ամբողջականությունը»,- նշված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։
«Ազատության» հարցին՝ արդյոք Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա՞, պատասխանը կարճ՝ «այո» է։
Նաև խնդրել էինք պարզաբանել՝ խոսելով Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, արդյոք վարչապետը նկատի ունի՞ խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմում առկա հայկական անկլավի հարցը։
«Այո, նկատի ունենալով Արծվաշենի անկլավը և այն հանգամանքը, որ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ և նաև հազարավոր հեկտարների հասնող վարելահողեր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ»,- գրված է պատասխանում։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հանդիպումը Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու ցանկության և համարձակ քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։
ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է։
Հարց․ Որտե՞ղ և երբ է նախատեսվում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը:
Պատասխան․ Կողմերի միջև կա նախնական ըմբռնում, որ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ Հանդիպման ժամկետի և վայրի վերջնական հաստատման պես հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։
Հարց․ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում նշել է, թե իրենք կցանկանային, որ հանդիպումը լիներ Հայաստանում կամ Թուրքիայում: Ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմն այս առումով:
Պատասխան․ Կարգավորման նախորդ փորձերի ժամանակ հանդիպումներ Հայաստանում և Թուրքիայում եղել են՝ թե՛ բանակցողների, թե՛ նույնիսկ նախագահների մակարդակով, բայց, ինչպես գիտեք, դրանք արդյունքի չեն հանգեցրել: Նկատի ունեմ՝ կարևորը կարգավորման հասնելու քաղաքական կամքն է և հստակ՝ առարկայական քայլերի գնալու պատրաստակամությունը: Մենք ցուցաբերում ենք երկուսն էլ, և նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Եթե կամքը լինի, հանդիպումների վայրը կդառնա զուտ տեխնիկական հարց։
Ավելին, հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանում և Թուրքիայում հանդիպումներ ունենալու առաջարկը վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջությամբ երկկողմ բնույթ ունի։ Այս պարագայում տրամաբանական կլիներ, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսեինք գրեթե ամենշաբաթյա հայտարարություններ այն մասին, թե իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգմամբ։
Հարց․ Նախարար Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսելիս նշել է նաև համարձակ քայլերի անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Պատասխան․ Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ։ Մենք բազմիցս ցույց ենք տվել առաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Անթալիայի դիվանգիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությամբ, տնտեսական էմբարգոյի վերացմամբ: Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիաչվերթների վերականգնումը նույնպես երկկողմ կարևոր քայլ էր:
Համոզված ենք, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ենթադրում է շարունակական հստակ քայլեր։ Օրինակ՝ մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարևորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.