23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելում է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու:
Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Գրիգորյան, վերջին շրջանում առավել հաճախ են դարձել քննադատություններն առ այն, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղից հանում է զորքերը, այդպիսով ԼՂ-ն թողնելով անպաշտպան: Ինչպե՞ս եք արձագանքում այս քննադատություններին:
-Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է:
-Բայց դա չի նշանակո՞ւմ Լեռնային Ղարաբաղն իրոք անպաշտպան թողնել:
-Ոչ, որովհետեւ նախկինում էլ ԼՂ անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը: Եվ այս առումով որեւէ բան չի փոխվում: Չնայած՝ պետք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի:
-Բայց Փառուխի դեպքերը ցույց տվեցին, որ այդպես չէ…
-Փառուխի դեպքերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ կիրառելի միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի: Ռուսաստանի Դաշնությունը մեզ հավաստիացրել է, որ ներխուժած ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան այնտեղից, եւ մենք հույս ունենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերը կապահովեն ապօրինի ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց: ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունն ինքնին վկայում է ԼՂ բնակչության համար իրական գոյաբանական վտանգի առկայության հանգամանքի ընդունում ՌԴ կողմից, և խաղաղապահ ուժերն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում։
-Բայց ճշգրիտ լինելու համար. ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայողները փոխարինվում են պայմանագրայիններո՞վ, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են գալիս ԼՂ-ից:
-Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ:
-Այսինքն՝ հայաստանյան ժամկետային զինծառայողներ սեպտեմբերից հետո չե՞ն լինելու ԼՂ-ում:
-Ոչ: Բայց ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի զորակոչիկները, ինչպես նախկինում, զորակոչվելու են ՊԲ-ում ծառայելու:
-Իսկ պայմանագրայիննե՞ր:
-ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՊԲ-ում կծառայեն նաեւ պայմանագրայիններ:
-Նաեւ Հայաստանի՞ց:
-Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում:
Կարծում եմ, որ կարգավիճակի մասին խոսելը շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև մենք կարող ենք կարգավիճակ պահանջել Զանգեզուրի համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Վերջերս Հայաստանի ղեկավարը սկսեց խոսել ինչ-որ կարգավիճակի մասին, սակայն, երբ պատերազմն ավարտվեց, երբ Հայաստանը ստիպված եղավ ստորագրել կապիտուլյացիայի ակտը, մեր՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև բանավոր պայմանավորվածություն կար, որ արգավիճակի հարցը չի շոշափվում: Հայաստանը որոշ ժամանակ հետևեց դրան, բայց վերջերս երբեմն իրենց վարչապետը, երբեմն էլ իրենց արտգործնախարարը խոսում են Ղարաբաղի կարգավիճակի մասին»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ կարգավիճակի մասին խոսելը շատ վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ կարող են իրենք էլ կարգավիճակ պահանջել Զանգեզուրի համար:
«Այս բացասական միտումները գնալով ուժեղանում են։ Առայժմ սա լուրջ բարդության չի վերածվել։ Բայց եթե այդ միտումները չկանխվեն, մի օր դա կարող է ունենալ հետևանքներ։ Մենք դա չենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք պատերազմ չենք ուզում, երբեք էլ չենք ուզել:
Չեմ ուզում շատ խորանալ։ Սպասում ենք վաղը արտգործնախարարների հանդիպման արդյունքներին։ Մենք կորոշենք, թե դրանից հետո ինչ քայլեր են ձեռնարկվելու»,- ասել է նա:
Այսպիսի բարդ գործընթացներում ամենակարևոր բաներից մեկը առաջին պայմանավորվածություններն արագ իրագործելն է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում, խոսելով հայ-թուրքական բանակցությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների ու Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին, ասաց ԱԺ փոխնախագահ, այդ բանակցություններում Երևանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
«Եթե դրանք արագ իրագործվում են, դա մեծապես օգնում է վստահության ամրապնդմանը, եթե չեն իրագործվում, հակառակը` շատ խաթարում է այդ վստահությունը», — վստահ է ՀՀ բանագնացը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
Ինչի՞ վկայությունն է Փաշինյան-Էրդողան երեկվա հեռախոսազրույցը, կանեի՞ք արդյոք պնդում, որ գործընթացն առարկայական փուլ է մտնում:
Նախ մի քիչ հետ գնանք, նախորդ, այսինքն` վերջին հանդիպմանը Թուրքիայի հատուկ ներկայացուցչի և իմ վերջապես հաջողվեց ձեռք բերել առարկայական կոնկրետ պայմանավորվածություններ, այն է` երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ստեղծելը և ուղիղ ավիաբեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորություն ստեղծելը: Սրանք, բնականաբար, դրական պայմանավորվածություններ են, բայց այսպիսի բարդ գործընթացներում ամենակարևոր բաներից մեկը առաջին պայմանավորվածություններն արագ իրագործելն է: Եթե դրանք արագ իրագործվում են, դա մեծապես օգնում է վստահության ամրապնդմանը, եթե չեն իրագործվում, հակառակը` շատ խաթարում է այդ վստահությունը: Եվ ես հույս ունեմ, որ շատ արագ այդ պայմանավորվածությունները կիրագործվեն:
Ի՞նչ է նշանակում շատ արագ, այսինքն` առաջիկա ամիսների՞ն, օրերի՞ն:
Ես կարծում եմ, որ տրամաբանական կլինի, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին: Պայմանավորվածությունը քաղաքական մակարդակով ֆիքսված է, հիմա պետք է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները երկուստեք արդեն տեխնիկական դետալների շուրջ աշխատեն:
Կա՞ գործընթաց այդպիսի, սկսվե՞լ է:
Այս պահին դեռ ոչ, բայց շուտով պետք է սկսվի: Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների հեռախոսազանգին, դա նշանակում է այն, ինչ նշանակում է, որ երկար ընդմիջումից հետո Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ունեցել են հեռախոսազանգ և քննարկել են այն, ինչի մասին խոսվում է տարածված հայտարարության մեջ, այսինքն` քննարկել են ընդհանուր կարգավորման գործընթացը, քննարկել են և կարևորություն են տվել մեր ձեռք բերած պայմանավորվածությունների շուտ իրագործմանը և ընդհանուր այս գործընթացն են քննարկել:
Պարո՛ն Ռուբինյան, կա՞ արդյոք միջնորդ, այդ թվում` այս հեռախոսազանգը կազմակերպելու գործում:
Ո՛չ:
Ենթադրաբար նաև երեկվա հեռախոսազրույցը Դուք և Սերդար Քըլըչն եք նախապատրաստել: Դիտարկվո՞ւմ է նաև Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպում:
Այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա:
Պարո՛ն Ռուբինյան, Դուք մեկ անգամ չէ, որ ասել եք` գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից, քաղաքական կամքից: Դա կա՞:
Բնականաբար, ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին, և դրան կա մի շատ պարզ բացատրություն` Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ և ունենալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, հենց վաղը: Եթե դա տեղի չի ունենում վաղը, և եթե Հայաստանը պատրաստ է դրան, դա նշանակում է, որ դրա իրագործումը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից այս պահին, որովհետև Հայաստանն ակնհայտորեն այդ քաղաքական կամքն ունի:
Թուրքիայի քաղաքական կամքը չկա:
Համենայն դեպս, չկան նախանշաններ պնդելու, որ այսօր երեկոյան սահմանը բացվելու է:
2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժեցին ոչ միայն Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսի տարածաշրջան, այլեւ ՀՀ սուվերեն տարածք մտան Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում՝ խորանալով մինչեւ 3 կմ, գրում է «Հետքը»:
Գեղարքունիքում թշնամու օկուպացրած առնվազն 3200 հա (32 քկմ) տարածքի մասին գրել ենք: Նկատենք, սակայն, որ հաշվի առնելով ամերիկյան «Google» ընկերության քարտեզի թարմացումները՝ այդ թվի մեջ չենք ներառել Վարդենիսի Կութ գյուղի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացումը, որն առայժմ «Google»-ի քարտեզում չի երեւում:
• 2021-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար
Այս անգամ կանդրադառնանք Սեւ լճի հատվածում թշնամու օկուպացիային, որն ընդգրկում է Իշխանատափ, Գլուխ Ձագեձորի եւ Փոքր Իշխանասար գագաթների միջեւ ընկած տարածքը, ներառյալ՝ Սեւ լիճն ու դրա հարեւան Ջիլի լիճը:
Մայիսի 12-ին ադրբեջանցիներն ապօրինաբար առաջացել ու զբաղեցրել են երկու լճերին հարակից բարձունքները ՀՀ սուվերեն տարածքում՝ հսկողություն սահմանելով ոչ միայն դրանց եւ ավելի ցածրադիր տարածքների հանդեպ, այլեւ տեսադաշտ բացելով դեպի Գորիս: Ըստ խորհրդային քարտեզների՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն անցնում է Սեւ լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, համաձայն «Google»-ի քարտեզի, 1,7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0,3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը, այնինչ այսօր ամբողջ լիճը հայտնվել է թշնամու վերահսկողության ու դիտարկման տակ:
Հայկական կողմի հասանելիությունը Սեւ լճին հարաբերական է
Նկատենք, որ հայկական կողմն, այդուհանդերձ, հարավ-արեւմուտքից հասանելիություն ունի լճին: Ընթերցողները գուցե կհիշեն, որ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի քանի պաշտոնյաների հետ այցելել էր Սեւ լիճ ու 2021-ի մայիսի 15-ին լուսանկարներ հրապարակել հենց այդ՝ հարավարեւմտյան ափից: ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ եւ իշխանական ու իշխանամերձ լրատվամիջոցներ այդ օրերին պարբերաբար պնդում էին, որ լճի հանդեպ հայկական ուժերն ունեն վերահսկողություն, սակայն իրականությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա այլ է:
Եթե նայենք ռելիեֆին, կտեսնենք, որ լճին մերոնց հասանելիությունը հարաբերական է (վերահսկողության մասին խոսելը չափազանցություն կլինի), քանի որ դեպի լճի հարավարեւմտյան ափ տանող ճանապարհը եւ ափի մոտ տեղադրված հայկական դիրքերը գտնվում են հարակից բարձունքները զավթած թշնամու անմիջական դիտարկման տակ: Ադբեջանցիները Սեւ լճի մոտ զբաղեցրել են ռազմավարական նշանակության երկու լեռ. 3451 մ բարձրություն ունեցող Փոքր Իշխանասար լեռնագագաթը՝ արեւմուտքից (ներքեւի լուսանկարում ամենից ձախ գտնվող կապույտ կետն է) եւ Գլուխ Ձագեձորի գագաթը (3233 մ)՝ հարավից (ներքեւի լուսանկարում ամենից աջ գտնվող կապույտ կետն է):
Եթե Փոքր Իշխանասարը բաժանարար կետ է պատերազմի մեջ գտնվող երկու երկրների միջեւ, ապա Գլուխ Ձագեձորի լեռը գտնվում է սահմանից 2,5 կմ խորության վրա՝ ՀՀ տարածքում: Եվ այսօր ադրբեջանցիները այս երկու լեռնագագաթներին տեղադրած իրենց մարտական հենակետերից վերահսկում են դրանց միջակայքում գտնվող ամբողջ ցածրադիր գոտին՝ լճի հարավարեւմտյան ափ տանող ճանապարհը եւ ափի մոտ գտնվող հայկական դիրքերը: Նշված երկու գագաթների միջեւ հեռավորությունն ուղիղ գծով 4,1 կմ է, ինչը նշանակում է, որ երկու կողմից թշնամին կարող է տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակի տակ պահել իր հենակետերի միջակայքը:
1280 հեկտար տարածք
Սեւ լճի հատվածում, ըստ «Google»-ի քարտեզի, որի արբանյակային պատկերները վերցված են եվրոպական «Airbus» եւ ամերիկյան «Maxar Technologies» ընկերությունների արբանյակներից, վերջին պատկերներն արվել են 2021-ի սեպտեմբերին՝ ներխուժումից 4 ամիս անց, երբ արդեն տեսանելի են հակամարտ զորքերի դիրքերը: Բայց քանի այդ քարտեզը թարմացվում է ըստ առանձին սեգմենտների, դրանում 2021-ի մայիսյան ներխուժումից հետո երեւում են ադրբեջանական ոչ բոլոր մարտական հենակետերը։ Բացը լրացնելու համար «Google»-ի քարտեզը համադրել ենք եվրոպական «Sentinel-2A» արբանյակի ամենավերջին (2022 թ․ հունիս-հուլիսին արված) լուսանկարների հետ՝ հասկանալու համար, թե ինչ տարածք է ներառում թշնամու օկուպացիան:
Գծերով իրար ենք միացրել ադրբեջանցիների առաջապահ դիրքերը: Այս հաշվարկով ստացվում է, որ ադրբեջանիցների վերահսկողության տակ է անցել 12,8 քկմ կամ 1280 հեկտար տարածք: Սա հավասար է 1793 հատ ֆուտբոլային խաղադաշտի, ինչպիսին ունի Երեւանի «Հանրապետական» ստադիոնը:
Հասկանալի է, որ ունենալով բարենպաստ դիրքեր շրջակայքի վրա գերիշխող բարձունքների վրա՝ թշնամին վերահսկում ու դիտարկում է շատ ավելի մեծ տարածք, քան զուտ իր թիկունքում գտնվողն է: Այս առումով ամենամտահոգիչը, թերեւս, հայկական բնակավայրերի ու ճանապարհների՝ ադրբեջանցիների խոցման տիրույթում գտնվելն է:
Անվտանգային ռիսկ
Անվտանգային լուրջ ռիսկ է այն հանգամանքը, որ թե՛ Գլուխ Ձագեձորի սարից, թե՛ վերջինիս հարեւան 2924 մ բարձրությամբ գագաթից, որտեղ եւս դիրքավորվել է թշնամին, տեսադաշտ է բացվում դեպի Գորիս եւ դրան կից Ակներ ու Վերիշեն գյուղեր: Մասնավորապես՝ Ձագեձորից մինչեւ Գորիս եւ Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը ուղիղ գծով 10 կմ է, ինչը խոցելի հեռավորություն է հրետանու համար: Նույն գագաթից Ակներ գյուղը 8 կմ-ի վրա է, Վերիշենը՝ 9 կմ-ի:
Բնակավայրերին ավելի մոտ է ադրբեջանցիների զբաղեցրած 2924 մ բարձրությամբ գագաթը, որտեղից մինչեւ Ակներ 6 կմ է, Վերիշեն՝ 7, Գորիս՝ 8: Թշնամու հրետանու համար բարենպաստ է նաեւ Փոքր Իշխանասարի հեռավորությունը նշված բնակավայրերից, մասնավորապես՝ մինչեւ Գորիս 14 կմ է:
Իշխանատափից մինչեւ Փոքր Իշխանասար
2021-ի մայիսին ադրբեջանցիները Սեւ լճի արեւելքում առաջացել են մինչեւ Իշխանատափ բարձունք (2561 մ), որտեղից երեւում են 5 կմ հեռավարության վրա գտնվող Խոզնավար եւ Վաղատուր գյուղերը: Այս բարձունքով է անցնում Գորիս-Վերիշեն-Ակներ-Սեւ լիճ ճանապարհը, որը փակվել է. հենց ճանապարհի վրա իրար դիմաց են տեղակայվել հայկական ու ադրբեջանական դիրքերը: Արեւմուտքում էլ թշնամին հասել է մինչեւ Փոքր Իշխանասար՝ ճանապարհ հարթելով Սեւ լիճը հյուսիսից եզերող զառիթափի վրայով: Իշխանատափից մինչեւ Փոքր Իշխանասար 8,2 կմ է:
Թշնամին օկուպացրել է պետական արգելավայրը, արոտավայրերն ու ջրամբարը
Սեւ լիճն ընդգրկող 240 հեկտարը համարվում է բնության հատուկ պահպանվող տարածք: Դեռ խորհրդային տարիներին՝ 1987-ին, այն ճանաչվել էր պետական արգելոց, իսկ 2001-ին ՀՀ կառավարությունն արգելոցը դարձրել է արգելավայր: Ըստ «Սեւ լիճ» պետական արգելավայրի կանոնադրության՝ այն գտնվում է Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում՝ 2670 մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է սառցադաշտային ծագման Սեւ լիճը (200 հա մակերեսով) եւ առափնյա մերձալպյան մարգագետնային էկոհամակարգերը (40 հա մակերեսով): Արգելավայրի կազմավորման հիմնական նպատակն է Սեւ լճի ջրային եւ նրա հարակից ցամաքային էկոհամակարգերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումը, Սեւանա լճի իշխան եւ բեղաձուկ ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնային պաշարի աճեցումը:
Ադրբեջանցիների օկուպացրած տարածքներն անասնապահությամբ զբաղվող տարածաշրջանի բնակչությունն օգտագործում էր որպես արոտավայր: Առցանց քարտեզներն ուսումնասիրելիս թե՛ օկուպացիայից առաջ, թե՛ հետո կարելի է տեսնել սարվորների ցանկապատած բազմաթիվ մակաղատեղերը, որոնք հակամարտ զորքերի շփման գոտում հայտնվելուց հետո դարձել են անօգտագործելի:
Տարածաշրջանի տնտեսությանը վնաս է հասցվել նաեւ Սեւ լճի հարեւան Ջիլի լճի օկուպացիայով: Վերջինս հայտնի է տարբեր անուններով՝ Ջանլիճ, Ջինլի, Ջելնի, Ջալին, Ջալնի, Ջան, Ջանլի, Ջապլի, Ջապնի: Այս լիճը վերածված է ջրամբարի, եւ ըստ տարբեր քարտեզների («Google», «Yandex»), ԽՍՀՄ-ից ժառանգված հայ-ադրբեջանական սահմանն այս պարագայում եւս, ինչպես Սեւ լճի դեպքում, անցնում է ջրամբարի հայելու վրայով, բայց ի տարբերություն Սեւ լճի՝ Ջիլիի չնչին մասն է գտնվում ադրբեջանական կողմում, ընդ որում՝ քարտեզների համաձայն՝ սահմանն անցնում է նաեւ պատվարի վրայով՝ կիսելով այն: Ժամանակին «Հետքը» գրել էր Հայաստանի ջրամբարների մասին՝ օգտագործելով ոլորտի մասնագետների տրամադրած տվյալները: Ըստ դրանց՝ Ջիլի լճի ջրամբարի ընդհանուր ծավալը 0,5 մլն խմ է: «Google»-ի քարտեզի չափումներով՝ հայելու մակերեսը շուրջ 27 հեկտար է կամ 0,27 քկմ: Ջրամբարից սկիզբ է առնում Խոզնավար գետը, որը հոսում է համանուն գյուղի միջով ու Ծիծեռնավանքի մոտ միանում Աղավնո գետին: Բայց Ջիլին կարեւոր դեր ունի ոչ միայն Խոզնավար գյուղի համար:
2005-ին ՀՀ կառավարությունն այս ջրամբարը, որը գնահատվել էր 812 հազ. դրամ, ամրացրել էր ջրային պետական կոմիտեին, սակայն 2012-ին որոշել էր հետ վերցնել ու նվիրել Վերիշեն գյուղին (որոշման մեջ ջրամբարի տարածքը նշվում է 23 հա), ինչից հետո պիտի համատեղ օգտագործվեր Վերիշեն, Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Խնձորեսկ գյուղերի կողմից: Ըստ կառավարության 2012 թ. հաղորդագրության՝ ջրամբարն ավելի քան 20 տարի չշահագործվելու պատճառով հայտնվել էր անմխիթար վիճակում, իսկ նվիրաբերությունից հետո նշված գյուղերի արոտների բարելավման ծրագրով պիտի նորոգվեր, կառուցվելու էր նաեւ արոտների ջրարբիացման նոր ցանց, որի շնորհիվ պիտի ջրարբիացվեր 8000 հա արոտավայր, ինչի շնորհիվ նախատեսվում էր թե՛ անասնագլխաքանակի ավելացում, թե՛ ֆինանսական հոսք տեղական բյուջեներ։
Ճիշտ պատասխանը՝ ավելի քան 45 քկմ
Վարդենիսի տարածաշրջանում, հաշվի առնելով թշնամու առաջապահ մարտական հենակետերի թիկունքում հայտնված տարածքը, մենք հաշվարկել էինք առնվազն 32 քկմ, իսկ Սեւ լճի հատվածում՝ 12,8 քկմ, այսինքն՝ ընդհանուր շուրջ 45 քկմ: Սրան պիտի գումարենք նաեւ Գեղարքունիքի Կութ գյուղի հատվածում թշնամու օկուպացիան։
2021-ի նոյեմբերի 16-ին Ադրբեջանը Սեւ լճից ոչ հեռու՝ Ծիծեռնաքարի հատվածում, ինչպես նաեւ Ջերմուկի ուղղությամբ նոր ագրեսիա սանձազերծեց, ինչի հետեւանքով հայկական կողմը դիրքային եւ մարդկային կորուստներ ունեցավ, եւ ամսի 16-ին ՀՀ անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021 թ․ մայիսի 12-ից թշնամին օկուպացրել է ՀՀ 41 քկմ ինքնիշխան տարածք: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում Փաշինյանը նշեց. «Երեկվա գործողությունների հետեւանքով այս բալանսը որեւէ ձեւով չի փոխվել» (նկատի ուներ 41 քկմ-ի օկուպացիան): Այս թիվը հետո շատ շրջանառվեց:
Բայց ահա 2021-ի նոյեմբերի 23-ի ասուլիսում Փաշինյանն ասաց. «2020-ի նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքները՝ ավելի քան 40 քկմ՝ 40-45 քկմ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, եւ դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք»: Իսկ ահա այս տարվա մայիսի 29-ին, արձագանքելով ադրբեջանցիների հերթական սադրանքին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց. «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2021 թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք եւ օկուպացրել ավելի քան 45 քկմ տարածք»:
Այսպիսով՝ 2021-ի նոյեմբերի 16-ին Փաշինյանն ասում էր, որ մայիսի 12-ի օկուպացիայի ծավալը (41 քկմ) չի փոխվել նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ, մեկ շաբաթ անց նշում էր, որ մայիսի 12-ին Ադրբեջանն օկուպացրել է 40-45 քկմ, իսկ ահա ԱԳՆ-ն վերջերս հայտարարում է, որ թշնամին Սոթք-Խոզնավար հատվածում օկուպացրել է ավելի քան 45 քկմ տարածք: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ադրբեջանական օկուպացիան նշված հատվածում իսկապես գերազանցում է 45 քկմ-ն:
Երբ մտածում ես, որ Հայաստանում արդեն հանդիպել ես ամեն տեսակ տարօրինակության, քեզ զարմացնում են բոլորովին նոր դեպքով։ Զգուշացնենք, որ խնդիրը ներքին քաղաքականության հետ կապ չունի։ Այն կապված է ոչ հմուտ, անհոգ, երբեմն էլ կոռումպացված պաշտոնյաների հետ, որոնց անընդունելի վարքագիծը Հայաստանում շարունակվում է ավելի քան 30 տարի:
Անցյալ շաբաթ էլեկտրոնային նամակ ստացա Հայաստանից մտավորական և ակտիվիստ Գևորգ Յազիչյանից: Նա վերջերս զգացած իր հիասթափությունն ու զայրույթն էր արտահայտել մի առարկելի դեպքի առնչությամբ։ Գևորգն էլեկտրոնային նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին։ Նա իր էլեկտրոնային նամակի պատճեններն ուղարկել է նաև Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող հարյուրավոր հայերի՝ ահազանգելու և նրանց միջամտությունը հայցելու համար:
Խնդիրը ծագեց հունիսի 27-ին, երբ Գևորգը քրոջ և նրա ամուսնու հետ գնաց Պետական եկամուտների կոմիտեի գրասենյակ՝ ստանալու ԱՄՆ-ից Վահագն Կուպելյանի ուղարկած հայերեն գրքերը․ նա առաքել էր իր մոր՝ Սիրան Սեզայի (1903-1973) երկու վեպերից 78 օրինակ։ Կուպելյանը Գևորգին խնդրել էր գրքերը նվիրաբերել Հայաստանի և Արցախի գրադարաններին։ Երբ պետական պաշտոնյա Սահակյանը տեսավ երկու գրքերի բազմաթիվ օրինակներ, կասկածեց, որ Գևորգը պատրաստվում է դրանք վաճառել։ Սահակյանը գրություն ուղարկեց Երևանի օդանավակայանի մաքսավորներին՝ խնդրելով գնահատել այդ գրքերի արժեքը և Գևորգից գանձել համապատասխան ներմուծման տուրք։
Մաքսատանը Գևորգը ցնցվեց, երբ հինգ ծառայողներն իրար հետ խորհրդակցելուց հետո նրան ասացին, որ երկու վեպերի պատճենները ուղարկելու են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)՝ ստուգելու դրանց բովանդակությունը․․․ Գևորգը հետաքրքրվեց, թե արդյոք գրքերի գրաքննությունը ԱԱԾ-ի պարտականությունների մաս է կազմում: Նա մտահոգված էր, որ մինչ ԱԱԾ աշխատակիցները կավարտեն երկու վեպերի ընթերցումը, իրենից կարող են պահանջել մեծ գումար վճարել պահեստավորման համար։ Զզվելով «ժողովրդավարական երկրում» խոսքի ազատության այս խախտումից՝ Գևորգը մաքսավորներին ասաց, որ գրքերը թողնում է նրանց։
Այն բանից հետո, երբ Գևորգը մի քանի բողոքի նամակ ուղարկեց տարբեր պաշտոնյաների, հունիսի 30-ին նա անսպասելի հեռախոսազանգ ստացավ Սահակյանից, որը խնդրեց գալ իր մոտ, որպեսզի գրքերը տան իրեն: Հաջորդ օրը, երբ նա հասավ գրասենյակ, Սահակյանը տեղում չէր, բայց նրա ղեկավարը շատ սիրալիր ընդունեց Գևորգին, ասելով, որ այս դեպքի առնչությամբ բազմաթիվ բողոքներ է ստացել, որոնք նրան խայտառակել են աշխարհով մեկ։ Գլխավոր մաքսավորը նաև հայտնեց, որ իր գրասենյակը վեպերի մի քանի էջեր ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով շտապ նայել դրանք։ ԱԱԾ-ն իբր պատասխանել է, որ երկու վեպերում ազգային անվտանգության խնդիր չկա։ Առաջին գիրքը՝ «Խորտակված կյանքեր», լույս է տեսել 2015 թվականին, իսկ երկրորդը՝ «Գիրք Ծննդոց»՝ 2019 թվականին։
Նկատի ունենալով այս հիասթափեցնող փորձառությունը և հայ գրականության նկատմամբ իր լուրջ հետաքրքրությունը՝ Գևորգը հանդես է եկել նոր առաջարկով՝ խնդրելով կառավարությանը նպաստել արտասահմանում Հայաստանի դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից հայերեն գրքերի և պարբերականների տեղափոխմանը Հայաստան դիվանագիտական փոստի միջոցով:
Առկա է հայ պաշտոնյաների կոպիտ անփութության երկրորդ ավելի ցնցող օրինակը, որը լուրջ բժշկական և դիվանագիտական հետևանքներ ունեցավ։
2020 թվականի Արցախյան պատերազմից հետո՝ 2020 թ․ դեկտեմբերի 12-ին և 2021 թ․ հունվարի 9-ին, Հունաստանի Հայ օգնության միությունը (ՀՕՄ) շտապ հավաքեց անհրաժեշտ մարդասիրական օգնություն, որը հունական երկու ռազմական ինքնաթիռներով հասցվեց Հայաստան։ Բեռի մի փոքր մասը բաց թողնվեց ժամանելուց անմիջապես հետո և բաշխվեց ՀՕՄ-ի կողմից։ Սակայն, ավելի քան մեկ տարի անց պարզվեց, որ օգնության հիմնական մասը դեռ գտնվում է Երևանի օդանավակայանի մաքսային պահեստում։ Մի քանի բողոք-նամակներից հետո, որոնք մնացել էին անպատասխան, Հունաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանը 2022թ․ հունիսի 28-ին արձագանքեց մտահոգիչ լուրով․ մինչ ՀՕՄ-ի մարդասիրական օգնությունը վերջապես մաքսազերծվեց մաքսատնից, բեռի մի մասը ստիպված պետք է ոչնչացվեր՝ «ապրանքների [դեղերի] ժամկետը լրանալու պատճառով»։
Դեսպան Մկրտչյանը պատասխանում էր հունահայ համայնքի՝ 2020 թ․ դեկտեմբերի 14-ին և 2022 թ․ փետրվարի 7-ին վարչապետ Փաշինյանին և այլ պաշտոնյաներին ուղղված նամակներին։
Շտապ ուղարկված դեղամիջոցները պետք է փրկեին 2020 թվականի պատերազմի ժամանակ վիրավորված հայ զինվորների կյանքը։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս դեղամիջոցներից զրկված զինվորների կյանքի կորստի համար։ Ավելին, արդյոք Հայաստանի կառավարությունը ուղարկե՞լ է ներողություն հայցող նամակ Հունաստանի կառավարությանը՝ Հայաստան շտապ ուղարկված դեղամիջոցների բաց թողնման երկարատև ձգձգման և մի մասի ոչնչացման համար։ Հաջորդ անգամ Հունաստանը կարող է այդքան էլ պատրաստակամ չլինել, երբ Հայաստանում շտապ բուժօգնության կարիք լինի։ Բեռի մաքսազերծման հարցում Հայաստանի կողմից բացարձակ անփութությունից զատ, ՀՕՄ-ը նույնիսկ 18 ամիս անց չէր ստացել իր երկու նամակների պատասխանները․․․
Սա կոպիտ անփութության վառ օրինակ է։ Ցավոք, այս խայտառակ պահվածքի համար ոչ մի հայ պաշտոնյա պատասխանատվության չենթարկվեց և չհեռացվեց աշխատանքից․․․
Ոչ մի բարի գործ Հայաստանում անպատիժ չի մնում…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հայաստանի ներսում իշխանության վրա ճնշումը գլխավոր խնդիրն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Anadolu-ն։Հուլիսի 1-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Կողմերը պայմանավորվել են նաև հնարավորինս շուտ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ իրականացնել։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով` Հայաստանում որոշ շրջանակներ «տարածաշրջանում խաղաղություն չեն ցանկանում»։ Մինչդեռ Անկարան կողմ է Երևանի հետ երկխոսությունը շարունակելուն և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։«Ճնշումները թույլ չեն տալիս Երևանին համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության: Տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:Նա կրկին առաջարկել է հարաբերությունների կարգավորման բանակցությունների հաջորդ փուլերն անցկացնել Անկարայում կամ Երևանում։«Երևանը դեռ պատրաստ չէ դրան, ապագայում հնարավոր են նմանատիպ հանդիպումներ»,- հավելել է Չավուշօղլուն։Նա նաև նշել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։«Թուրքիան բոլոր փուլերում խորհրդակցում և համակարգում է իր գործողությունները Ադրբեջանի հետ»,- ընդգծել է թուրք նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 27-ին կայացած ասուլիսի հիմնական ուղերձների շուրջ NEWS.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ։
Շուրջ 3,5 ժամ տևած ասուլիսի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ արվեցին։ Ըստ Ձեզ՝ ո՞րն էր այն հիմնական ուղերձը, որ նման ձևաչափով փորձ արվեց ներկայացնել հանրությանը։
Ես խորապես համոզված եմ, որ Փաշինյանի մամուլի ասուլիսի կազմակերպման պատճառը որևէ կերպ այն չէր, որ երկար ժամանակ նման ձևաչափով հարցերի քննարկում չէր եղել։ Բնականաբար, այս ասուլիսի կազմակերպման նպատակը որոշակի մեսիջներ հանրությանը հասցնելն էր։ Ի դեպ, Դուք «հիմնական ուղերձ»-ի մասին հարց հնչեցրիք, բայց ես կարծում եմ, որ նման ուղերձները մի քանիսն էին։
Նախ, իհարկե, կարևորագույն ուղերձը Լաչինի միջանցքին որպես այլընտրանք կառուցվող ճանապարհի և այն շահագործման հանձնելուց հետո Բերձորի ու մոտակա գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարությունն էր։ Փաշինյանը բառացիորեն ասաց՝ «երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվել նախկին ԼՂԻՄ սահմանների մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»։
Սրա հետ կապված մի շարք հարցեր են առաջանում։ Նախ, այդ ո՞ր փաստաթղթի կամ այդ ի՞նչ պայմանավորվածության հիման վրա են այս բնակավայրերն անցնելու Ադրբեջանին։ Նույն Փաշինյանը Լաչինի միջանցքին որպես այլընտրանք կառուցվող ճանապարհի մասին խոսելիս մի քանի անգամ հղում արեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Այո՛, այս հայտարարության 6-րդ կետը նախատեսում էր, որ երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Բայց այստեղ խոսք չկա բնակավայրեր հանձնելու մասին, ավելին, այստեղ առհասարակ Բերձորը՝ որպես բնակավայր, հիշատակված չէ։ Այսինքն, հղվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը չենք կարող, և նման համատեքստում այս փաստաթուղթը վկայակոչելը բացահայտ խաբեություն է։ Հետևաբար, առկա է նաև այլ պայմանավորվածություն՝ գրավոր կամ բանավոր, որի հիման վրա էլ հանձնվելու են Բերձորն ու շրջակա գյուղերը։ Իսկ եթե չկա նման պայմանավորվածություն, ապա ինչպե՞ս է այսօր Փաշինյանը խոսում այս բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու մասին։
Վարչապետի աթոռը զբաղեցնողի այս հայտարարության նպատակն, իհարկե, հանրությանը տրամադրելն էր այս նոր զիջումներին։ Ի դեպ, շատ հետաքրքիր է, և նորից շատ բնորոշ է Փաշինյանին նաև այն, որ հանրությանը տեղեկացնելուն զուգահեռ փորձ է արվում պատասխանատվության բեռը տեղափոխել երրորդ կողմի, կողմերի վրա։ Պատահական չէ Արցախի իշխանությունների հետ այս հարցերը քննարկելու մասին մի քանի անգամ հիշատակելը։
Իհարկե, այս ամենի ներքո պարզապես աբսուրդային է այն, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը նույնիսկ չի էլ տիրապետում հստակ ինֆորմացիայի, թե որ բնակավայրերի մասին է խոսքը, որքանով են դրանք բնակեցված, ինչպես են լուծվելու այդ մարդկանց խնդիրները և այլն։ Միաժամանակ աբսուրդային, և, ինչու ոչ՝ ողբերգական է մեզ համար նաև այն, որ այս ամենի մասին նման բաց տեքստով հայտարարելուց հետո մենք այսօր չունենք համարժեք, պատշաճ արձագանքներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։
Պարոն Հակոբյան, Դուք նշեցիք, որ ասուլիսը մի քանի ուղերձ հանրությանը մատուցելու նպատակ ուներ։ Բերձորի խնդրի մասին խոսեցինք, իսկ որո՞նք էին մյուս հիմնական ուղերձները։
Այո՛, Փաշինյանը մի քանի խնդիր փորձեց լուծել այս ասուլիսի միջոցով։ Գլխավոր մեսիջն, անշուշտ, Լաչինի միջանցքի և Բերձորի ու շրջակա գյուղերի հանձնման մասին հանրության «իրազեկումն» էր։
Մյուս կարևոր ուղերձը «Արցախն Ադրբեջանի կազմում» թեզի հերթական ամրապնդումն էր։ Այս մասին Փաշինյանը նախկինում ևս խոսել է, և վերջին ասուլիսը նույնպես օգտագործեց հանրությանը սա մատուցելու նպատակով։ Եվ ուղղակի զավեշտալի է, երբ որպես հիմնավորում փորձում է նախկին փաստաթղթերին հղում անել։ Սա իսկապես բացահայտ մանիպուլյացիա և խաբեություն է։
Կարծում եմ՝ ասուլիսի հիմնական նպատակներից էր նաև պատասխանատվությունը սեփական անձից օտարելու, ուրիշների վրա դնելու հարցը։ Սա էլ նոր չէ և հերթական անգամ կիրառվեց Փաշինյանի կողմից։ Ի դեպ, այդ «ուրիշների» մեջ բոլորն են մտնում՝ թե՛ «նախկիններ», թե՛ միջազգային գործընկերները, դաշնակիցները․․․ Այսինքն, նպատակը մեկն է՝ հանրությանը տալ ազդակ, որ այսօրվա խնդիրներում բոլորը մեղավոր են, բացի իրենից։
Նպատակ էր նաև սեփական հանրության ահաբեկումը, իսկ թե ո՞ւմ պատվերով՝ դատեք ինքներդ։ Վստահեցնում եմ՝ պատահական չէին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը լեգիտիմացնում է հաջորդ պատերազմը, պատահական չէին հայկական զինված ուժերը վարկաբեկող հայտարարությունները, հարցադրումները՝ «այսօր քանի՞ երկիր կա աշխարհում, որ կարող է ասել՝ ես ապահովում եմ իմ անվտանգությունը» թեմայի շուրջ և այլն․․․ Հանրությանը հետևյալ ուղերձն է տրվում՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, լեգիտիմ հիմքեր է ստեղծում, իսկ մենք նորմալ, մարտունակ բանակ չունենք։ Այսօր Փաշինյանը հենց սա է անում, և սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական հանրության ահաբեկում։ Պարզ է չէ՞, թե այս ճանապարհով ում օրակարգն է սպասարկում Փաշինյանը։ Իսկ եթե նպատակը այլ ուժերի օրակարգն սպասարկելը չէ, ապա որո՞նք են այսօր այն քայլերը, որ անհրաժեշտ են մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ապահովելու համար։ Նման իրավիճակում երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը 3,5 ժամ ասուլիս տալու ժամանա՞կ ունի, ի դեպ, որի մեծ մասն էլ բացահայտ մանիպուլյացիա է։
Վարչապետը բավական ծավալուն անդրադարձ ունեցավ նաև բանակցային ողջ գործընթացին, իր ստացած ժառանգությանը, ընդ որում՝ անելով պնդում, որ իր ստացած ժառանգությունը ռումբ էր Հայաստանի պետականության և ինքնիշխանության տակ։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը այս հայտարարությունների վերաբերյալ։
Ես առհասարակ չէի ցանկանա անդրադառնալ բանակցային գործընթացի պատմության ու բանակցային ժառանգության մասին Փաշինյանի պնդումներին։ Այն ամբողջությամբ՝ սկզբից մինչև վերջ, իրականության խեղաթյուրում ու մանիպուլյացիա էր։ Ցանկացած մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է բանակցային պատմությանը, կհասկանա, թե ինչի մասին եմ խոսում։ Գուցե առիթ լինի և մեկ անգամ հիմնավոր, մանրամասն անդրադառնամ այս թեմային, բայց ոչ այս ձևաչափով։ Իրականում Ձեր հարցը մի ամբողջ առանձին հարցազրույցի թեմա է։ Եթե շատ կարճ, ապա կարող ենք փաստել միայն, որ բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումները, անգամ նյուանսների վերաբերյալ Ադրբեջանի մեկնաբանությունները ոչ մի ադրբեջանցի ավելի հաջող չի արել, քան անում է Փաշինյանը։ Եվ իրականում հենց Փաշինյանն է մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբը։
Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձավ նաև Ադրբեջանի այսօրվա կեցվածքին՝ նշելով, որ պաշտոնական Բաքուն այսօր հրաժարվում է երկկողմ հանդիպումներից, հրաժարվում է պայմանավորվածությունները կյանքի կոչելուց։ Զուգահեռաբար, ասվեց նաև, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել իր կողմից նոր պատերազմ սկսելու համար։ Ի՞նչ կասեք սրա հետ կապված։
Ես արդեն նշեցի, որ այս ամենը Փաշինյանը փորձում է օգտագործել սեփական հանրությանը ահաբեկելու նպատակով։ Տեսեք, մշտապես խաղաղության օրակարգից խոսող մարդն այսօր ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է հանդիպումներից, լեգիտիմ հիմքեր է փորձում ստեղծել նոր պատերազմի համար։ Սրան զուգահեռ, ինչպես արդեն նշեցի, զրոյացնում է մեր բանակի դերը, նշանակությունը։ Սա հոգեբանական տեռոր է մեր հանրության նկատմամբ։ Ի՞նչ է ստացվում՝ հակառակորդը պատերազմի է պատրաստվում, իսկ մենք չունենք պաշտպանվելու որևէ հնարավորություն։ Հետևաբար, պիտի պատրաստ լինենք հնարավոր ամեն ինչ զիջելու՝ պատերազմից խուսափելու համար։ Թուրք-ադրբեջանական օրակարգն ավելի լավ սպասարկել, վստահեցնում եմ, հնարավոր չէ։
Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը նույնքան ապարդյուն է, որքան մեկի կողմից գլխով պատին անընդհատ հարվածելը` հուսալով, որ պատը տեղի կտա:
Ավելի քան մեկ դար շարունակ թուրքական իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ իրենց նախորդների կողմից իրականացված Հայոց ցեղասպանության սարսափելի ոճրագործությունը կոծկելու համար: Մինչ օրս ոչ մի թուրք ղեկավար քաջություն և պարկեշտություն չի ունեցել ընդունելու ճշմարտությունը։ Փոխարենը Թուրքիան հսկայական գումարներ է վատնել անհերքելին հերքելու համար։ Աշխարհով մեկ, նա կաշառել է կասկածելի գիտնականներին և խարդախ քաղաքական գործիչներին՝ խեղաթյուրելու պատմական իրողությունները: Անկարան հարյուրավոր խաբուսիկ գրքեր է հրատարակել և մի քանի ցածրորակ ֆիլմեր նկարահանել՝ իր ոճրագործությունները թաքցնելու համար: Մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել ամերիկյան լոբբիստական ընկերություններ վարձելու համար՝ ԱՄՆ Կոնգրեսի վրա ճնշում գործադրելու, որպեսզի այն չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս բոլոր ջանքերը խայտառակ կերպով ձախողվել են: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975, 1984 և 2019 թվականներին: ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է այն 2019 թվականին: Ավելին, ԱՄՆ երկու նախագահներն ընդունել են այն. Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրում 1981 թվականին և նախագահ Ջո Բայդենը 2021-ի և 2022-ի ապրիլի 24-ի իր ոգեկոչման հայտարարություններում: Հայոց ցեղասպանության ամենահեղինակավոր ճանաչումը տեղի է ունեցել 1951թ. մայիսի 28-ին, երբ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական զեկույց է ներկայացրել Համաշխարհային դատարան՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանության հանցագործության ակնառու օրինակներից է»։
Չնայած թուրքական բոլոր ճնշումներին, սպառնալիքներին և կաշառքներին՝ ավելի քան 30 երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Սա ի լրումն 1948 թվականին ՄԱԿ-ի Պատերազմական հանցագործությունների հանձնաժողովի, 1985 թվականին ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի և 1987 թվականից ի վեր Եվրախորհրդարանի կողմից բազմիցս ճանաչումներին:
Այդ ճանաչումների մեծ մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն գոյություն չուներ։ Հայկական Սփյուռքը, «Դավիթն ընդդեմ Գողիաթի ճակատամարտում», կարողացավ դիմակայել թուրքական հզոր կառավարության ժխտողականությանը, որին աջակցում էին ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներն ու բազմաթիվ իսլամական պետություններ:
Այս բոլոր ժխտողական ջանքերը հիմնված են այն պարզ թյուրըմռնման վրա, որ եթե Թուրքիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա նա պարտավոր կլինի փոխհատուցում վճարել ողջ մնացած հայերին: Ցավոք, շատ հայեր ունեն նույն թյուրըմբռնումը։ Փաստն այն է, որ թուրքական իշխանությունը պարտավոր է փոխհատուցում վճարել և վերադարձնել բռնագրավված հայկական ունեցվածքն ու տարածքները՝ անկախ նրանից՝ թուրք ղեկավարներն ընդունում են իրենց մեղքը, թե ոչ։ Կառավարության ղեկավարների քաղաքական հայտարարությունները դատարանում արժեք չունեն: Դատարանները զբաղվում են փաստերով և փաստաթղթերով: Անկախ նրանից, թե քանի անգամ է Թուրքիան հերքում ցեղասպանությունը, Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի փոխհատուցման և տարածքների վերադարձման պահանջներով դիմել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան), որտեղ նման իրավասություն ունեն միայն կառավարությունները։
Մի ամբողջ դար ժխտելուց հետո, Թուրքիայի կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարեց Հայոց ցեղասպանության փաստերին հակազդելու իր վերջին հուսահատ փորձի մասին՝ ստեղծելով TEKAR հիմնադրամը (Հայկական հարցի թուրքական հետազոտական հիմնադրամ): Սա երեք թուրքական կազմակերպությունների համախմբումն է՝ Կրթական ընկերներ հիմնադրամ, «Բասքենթ» (Մայրաքաղաք) ռազմավարական հետազոտությունների կենտրոն և Հայկական ֆանատիկ ստերի դեմ պայքարի կենտրոն: Նոր Հիմնադրամի անդրանիկ համագումարը տեղի է ունեցել հունիսի 25-ին։
TEKAR-ը նախատեսում է վերահրատարակել Էսաթ Ուրասի (1882-1957) գրած թուրքական ժխտողական գիրքը՝ «Հայերը պատմության մեջ և Հայկական հարցը» վերնագրով: Որպես «Միություն և առաջադիմություն» կոմիտեի (երիտթուրքեր) անդամ՝ Ուրասը առանցքային դեր է խաղացել Հայոց ցեղասպանության ծրագրման և իրականացման գործում։ Նրա գիրքը լի է կոպիտ խեղաթյուրումներով:
Թուրքական հիմնադրամը նաև հայտարարել է, որ «հրատարակելու է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տեսակետները, մտքերն ու հայտարարությունները հայերի, հայկական գործունեության և հայկական հարաբերությունների վերաբերյալ»։ Հուսով եմ, որ հիմնադրամը չի մոռանա մեջբերել 1926 թվականի օգոստոսի 1-ին Լոս Անջելեսի Examiner-ի կողմից հրապարակված Աթաթուրքի հարցազրույցը, որում նա ասել է. «Նախկին երիտթուրքական կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան միլիոնավոր մեր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնք անխղճորեն զանգվածաբար վտարվեցին իրենց տներից և կոտորվեցին… Նրանք մինչ այժմ ապրել են թալանով, կողոպուտով ու կաշառակերությամբ»։
TEKAR հիմնադրամն իր հոգաբարձուների խորհրդում ունի 23 անդամ: Խորհրդի նախագահը Մեհմեդ Արիֆ Դեմիրերն է, որը ոչ թե պատմաբան է, այլ ինժեներ-քիմիկոս։ Անհասկանալի է, որ խորհուրդը կազմված է վեց զինվորականից, երեք ինժեներից, երկու տնտեսագետից, մեկ գաստրոնոմից, մեկ ուսանողից և տարբեր փորձառություն ունեցող մի քանի այլ անձանցից: Կարծես թե TEKAR հիմնադրամի իրական նպատակը Էրդողանի ընկերների բարեկամների շրջապատն աշխատանքով ապահովելն է։ Թեև լավ է, որ այս թուրքերը ցանկանում են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը, սակայն նրանց նպատակը ճշմարտությունը փնտրելը չէ․․․
Թուրք ժխտողականները երբեք չեն հասկացել, որ որքան շատ են ժխտում Հայոց ցեղասպանությունը և որքան երկար են խոսում դրա մասին, այնքան աշխարհն ավելի է իրազեկվում Հայոց ցեղասպանության մասին։ Այլ կերպ ասած, Թուրքիան հիմարաբար շարունակում է Հայոց ցեղասպանությունը հանրայնացնել նոր սերունդներին՝ փորձելով ժխտել այն։
Երկրորդ բանը, որ թուրք ղեկավարները երբեք չեն հասկացել, այն է, որ նրանք որքան շուտ ընդունեն իրենց նախորդների ոճրագործությունները, այնքան շուտ կարժանանան միջազգային հանրային կարծիքի հարգանքին։ Երբ մի թուրք ղեկավար ի վերջո ընդունի ճշմարտությունը, նա կգովաբանվի ամբողջ աշխարհում և նույնիսկ կարող է առաջադրվել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Իրենց ժխտումներով թուրք ղեկավարները մեծ վնաս են հասցնում իրենց իսկ հեղինակությանը, էլ չեմ խոսում այն վիթխարի գումարների մասին, որոնք նրանք վատնում են այն ժամանակ, երբ թուրքական տնտեսությունը սնանկ է․․․
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին օնլայն ասուլիսի ժամանակ պատասխանելով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո, և Սուս գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այդ հարցի մեջ գյուղեր է թվարկվում, ես վստահ չեմ, որ խոսքը բոլոր այդ բնակավայրերի մասին է»,- ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ ճակատագիր են ունենալու նշված համայնքների բնակիչեները, Փաշինյանը ասաց․
«Լաչինի բնակիչների հարցերը կառավարությունը լուծում է, բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել, խնդիրն այն է, որ այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից ներս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»։
Ադրբեջանում ղարաբաղյան 44-օրյա պատերազմի վետերանների մի մասը դժգոհում է, որ չի կարող հաշմանդամության նպաստ ստանալ եւ, առհասարակ, բախվում է իր իրավունքների ոտնահարման հետ։ Իշխանությունները պնդում են, որ խնդիրը օրենսդրության անկատարության եւ հենց վետերանների անհիմն պահանջների մեջ է։ Իսկ առայժմ վեճեր են ընթանում, թե ով է մեղավոր նպաստների հետ կապված խնդիրների համար, թեման ավելի ողբերգական է դառնում։ Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անցած մեկուկես տարում դրա մասնակիցներից ավելի քան 30-ը ինքնասպանություն են գործել։ Վերջին նման ինքնասպանությունը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 16-ին։ Սակայն առայժմ միայն քչերն են հակված դա դիտարկել որպես Ադրբեջանում վտանգավոր միտում, գրում է DW-ն։
2022 թվականի սկզբից Բաքվում տեղի են ունեցել ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակիցների մի քանի խմբակային եւ անհատական բողոքի ցույցեր։ Նրանք հիմնականում դժգոհում են, որ չեն կարողանում հաշմանդամության համար դիմել եւ սոցիալական նպաստ ստանալ։ Հունիսի 2-ին տեղի ունեցած ակցիան մեծ հնչեղություն է ստացել։ Ցուցարարները «գրոհել են» աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության շենքը, կոտրել են դռներն ու ներխուժել դահլիճ՝ պահանջելով, որ իրենց ընդունի նախարար Սահիլ Բաբաեւը։ Նախարարը նրանց մոտ այդպես էլ դուրս չի եկել, բայց առաջին անգամ սկսել է լրջորեն խոսել խնդրի մասին։ Հասարակության մի մասի կարծիքով՝ պետությունը պատերազմի մասնակիցներին թողել է բախտի քմահաճույքին, հենց որ նրանց կարիքն այլեւս չի եղել։
Վետերանները կարծում են, որ իրենց նկատմամբ խտրականություն է դրսեւորվում։ Նրանք ստեղծել են «Երիտասարդ վետերաններ» հասարակական միավորումը եւ պահանջում են ստեղծել «պատերազմի մարդկանց» հանձնաժողով, որում կընդգրկվեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք։
Ադրբեջանում ղարաբաղյան երկրորդ պատերազմի բոլոր վետերանները, որոնք արդեն ունեն վետերանի կարգավիճակ, ամսական 80 մանաթ (մոտ 50 դոլար) «լռելյայն» նպաստ են ստանում: Վետերանների համար հաշմանդամության նպաստը կազմում է 300-400 մանաթ (մոտ 177-236 դոլար)՝ կախված խմբից:
Հաշմանդամություն ձեւակերպելու համար վետերանը պետք է հիվանդանոցից տեղեկանք ներկայացնի, որ վիրավորվել է ճակատում: Ոմանց համար խնդիրները սկսվում են արդեն այս փուլում՝ եթե վիրավորվել, սակայն այս կամ այն պատճառով նրանք չեն գնացել հիվանդանոց եւ ընդհանրապես չեն արձանագրել այդ վնասվածքները, այժմ իրենց ձեռքին ապացույցներ չունեն։ Մյուսները դժգոհ են, որ իրենց մերժել են հաշմանդամության գրանցումը կամ առաջին խմբի փոխարեն նշանակել երկրորդը: Ընդ որում, պաշտոնյաների փաստարկները երբեմն զուտ բյուրոկրատական բնույթ են կրում՝ օրինակ, ոտքի ոսկորը նորմայից վեց սանտիմետրով է կարճ, այլ ոչ թե յոթ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.