23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի պաշտոնական էջից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին եւ անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։
ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարեւորությունը:
Իրանի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում եւ կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ կապերի շուրջ, ընդգծել դրանց սերտացման կարեւորությունը:
Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս խթանելու երկու երկրների միջեւ ապրանքների տարանցումը եւ զարգացնելու համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ճանապարհային, էներգետիկ եւ այլ ուղղություններով։
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին պատմական ու խորն է որակել երկու երկրների փոխհարաբերությունները եւ ընդգծել հայ-իրանական կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։
Ամերիկյան Foreign Policy հանդեսը հրապարակել է վերլուծաբան Մաքսիմիլիան Հեսի՝ «Արդյոք նոր պատերազմը կկործանի՞ Եվրոպայի ադրբեջանական գազային երազանքները» վերտառությամբ ծավալուն հոդվածը, ըստ որի՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր Ադրբեջանն իր նավթի և գազի հսկայական պաշարներով դարձել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև տնտեսական պատերազմի առանցքային ճակատը:
«Այս շաբաթից Ադրբեջանն արդեն կանգնած է իսկական պատերազմի շեմին», — գրում է հեղինակը՝ հիշեցնելով Արցախում իրավիճակի վերջին սրման մասին, երբ Բաքուն հայտարարել էր այսպես կոչված «հակաահաբեկչական գործողության» մեկնարկի մասին, ինչից հետո Արցախի իշխանությունները մասնակի զորահավաք էին հայտարարել:
Հեսը նկատում է, որ մարտական գործողությունները տեղի են ունենում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Բաքու այցելությունից ընդամենը շաբաթներ անց: Հայտնի է, որ Բաքվում կնքվել է նոր երկկողմ համաձայնագիր, որի նպատակն է կրկնապատկել Եվրամիության կողմից ադրբեջանական գազի ներմուծումը: Բրյուսելը նաև խոստացել է աջակցել Ադրբեջանի «վերականգնվող էներգիայի հզոր չօգտագործված ներուժին»։
«Ադրբեջանը գտնվում է Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը թոթափելու ջանքերի հիմքում։ Բայց 2020-ի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական արյունալի պատերազմից երկու տարուց էլ պակաս ժամանակում մարտերի բռնկումը ևս մեկ նշան է, որ Արևմուտքի մոտեցումն Ադրբեջանի նկատմամբ ձախողվում է: Այն (Արևմուտքը) չունի համապատասխան ռազմավարություն Լեռնային Ղարաբաղում հակամարտության վտանգի դեմ պայքարելու համար։ Չնայած գազի աճի ներմուծման մասին ուրախ խոսակցություններին, այս նպատակները ներկայում իրատեսական չեն առնվազն այն պատճառով Ռուսաստանի կողմից չվերահսկվող խողովակաշարի պահեստային հզորության պակաս կա», — գրում է վերլուծաբանը:
Նա նկատում է, որ ստեղծված իրավիճակը սպառնում է ուժեղացնել Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը, սրել անվտանգության ճգնաժամը Կովկասում և հզորացնել Ռուսաստանին։
Հեսը գրում է, որ Արևմուտքի դիվանագիտությունը բացակայում էր 2020 թվականի սեպտեմբերին, երբ մարտերը վերածվեցին Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմի. ռազմական գործողությունները դադարեցին միայն ՌԴ-ի միջնորդությունից հետո: Այդ ժամանակվանից ի վեր, ըստ Հեսի, արևմտյան դիվանագիտությունը Կովկասում հիմնականում բացակայում է:
«Եթե Արևմուտքը ցանկանում է կանխել Լեռնային Ղարաբաղի երրորդ պատերազմը, պետք է նաև բանակցությունների նոր ձևաչափ փնտրի, ինչը Վաշինգտոնն ուշացումով, բայց ընդունել է: Եթե Արևմուտքը Լեռնային Ղարաբաղը թողնի Բաքվին, Հայաստանի «նախափաշինյանական ռեժիմի հետադիմական ռուսամետ ուժերը» (չակերտները`Tert.am), հավանաբար, կվերադառնան իշխանության: Ռուսաստանի, այսպես կոչված, խաղաղապահները կարող են նաև թշնամանալ՝ ստիպելով Ալիևին զիջումներ անել, ինչը կվերացնի Եվրոպա էներգակիրների լրացուցիչ մատակարարումների ցանկացած հույս: Ռուսաստանի գերիշխանությունը Հարավային Կովկասում կամրապնդվի», -գրում է Հեսը՝ առաջարկելով այս համատեքստում փոխել Արևմուտքի վերաբերմունքը Բաքվի նկատմամբ:
«Դա դժվար, բայց ոչ անհնարին խնդիր է: Դիվանագիտությունը դժվար կլինի, բայց Բաքուն այնքան է սիրում կանխիկ փողը…», — գրում է վերլուծաբանը:
Նա հիշեցնում է, որ Ռուսաստանի մանդատը Լեռնային Ղարաբաղում լրանում է 2025 թվականին՝ հնարավորություն տալով Արևմուտքին այլընտրանքներ առաջարկել։ Ըստ Հեսի՝ ջանքերը պետք է սկսել գործադրել հենց հիմա:
Տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Ռուսաստան, կատարիր քո պարտականությունները»:
Բողոքի ակցիայի ժամանակ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ընթերցեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված նամակի տեքստը, որը նրանք փոխանցեցին դեսպանատանը:
Նամակում ասվում է. «Պարոն դեսպան մի երկրի, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՀԱՊԿ-ի առաջատար ուժը, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամը, եւ վերջախպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրողներից եւ այդ հայտարարության երաշխավորներից մեկը:
Ձեզ դիմում են մարդիկ, որոնք 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը տեղի ունեցած ագրեսիայի հետեւանքով զրկվել են հայրենիքից եւ ժամանակավոր ապասատան են գտել Հայաստանում:
Չնայած նրան, որ այդ հայտարարության 7-րդ կետում նշված է, որ ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի եւ հարակիշ շրջանների տարածք՝ ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատարի հովանու ներքո, մինչ օրս քայլեր չեն ձեռնարկվել մեր մշտական բնակության վայրեր վերադարձի մասով:
Ավելին, Արցախում, որը համառորեն անվանվում է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, տեղի են ունենում ագրեսիայի նորանոր ակտեր, որոնք հանգեցնում են նոր տարածքային եւ մարդկային կորուստների: ՌԴ-ն, որպես նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավոր, չի ձեռնարկում բավարար միջոցներ՝ կանխելու այդ հայտարարության խախտումները եւ ապահովելու շփման գծի անձեռնմխելիությունը, ինչը նախատեսված է այդ փաստաթղթով:
Միաժամանակ Ռուսաստանի պաշտոնատար դեմքերը անթաքույց խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության միջազգային կարգավորման չեղարկման մասին՝ փաստացի մենաշնորհայնացնելով կարգավորման գործընթացը:
Մենք դիմում ենք ՌԴ-ին՝ պահանջելով կատարել իր պարտավորությունները, իսկ եթե դա հնարավոր չէ ապահովել, տեղեկացնել իր դաշնակցին դրա մասին եւ նպաստել կարգավորման միջազգային մեխանիզմների գործարկմանը:
Արցախի Հանրապետության Շուշիի եւ Հադրութի շրջանների բնակիչներ, որոնք արտաքսվել են 2020-ի հոկտեմեբր-նոյեմբեր ամիսներին»:
Լեւոն Հայրյանը նաեւ նշեց, որ եթե Ռուսաստանը Արցախում խաղաղարար գործունեություն կտարելու պարտականություն ունի, ապա պետք է կատարի իր պարտականությունները. «Մենք չենք տեսել դա: 2020-ի նոյեմբերից հետո Խծաբերդ, Հին Թաղերը հանձնվեցին, ոչ մի ռեակցիա, վերջերս Փառուխը հանձնվեց եւ այդ եռակողմ հայտարարության կողմերը ոչ մի բան չեն նում փոխելու այս իրավիճակը: Հայաստանն ինչ-որ անատամ հայտարարություններ է անում, բայց կտրուկ որեւէ քայլ չի անում»:
Քրիստիննե Գրիգորյանն օգոստոսի 2-ին փաստահավաք այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ։
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Վարդենիս, Կութ, Սոթք, Նորաբակ, Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, ինչպես նաև Վերին Շորժայի սարատեղի։
Քրիստիննե Գրիգորյանի փաստահավաք այցը մեկնարկել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպմամբ։
Մարզպետը Պաշտպանին է ներկայացրել մարզի խնդիրները, առաջնահերթ կարգով՝ սահմաններին տիրող իրավիճակի, բնակավայրերի գազաֆիկացման, խմելու և ոռոգման ջրի հասանելիության, գյուղատնտեսական աշխատանքների համար առկա խոչընդոտների, մարզում իրականացվող շինարարական աշխատանքների, իրականացվող ու նախատեսված սուբվենցիոն ծրագրերի և այլ հարցերի վերաբերյալ:
Պաշտպանը նշել է, որ տեղյակ է մարզում առկա խնդիրներին, որոնք առավել են սրվել 2021թ. մայիսի 12-13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումներից հետո: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ ինտենսիվորեն կշարունակվեն ՄԻՊ աշխատակազմի փաստահավաք աշխատանքները. «Կլինենք համայնքներում, բնակիչներից կհավաքագրենք ու կծանոթանանք հիմնախնդիրներին, բնակչությանը հուզող հարցերին, նաև պատրաստ կլինենք համատեղ շարունակելու քննարկումներն՝ առկա խնդիրները լուծելու համար»։
Հաջորդիվ Պաշտպանն այցելել է Գեղարքունիքի ՄԻՊ մարզային ստորաբաժանման գրասենյակ, որտեղ ծանոթացել է գրասենյակի ընթացիկ աշխատանքներին, մարզային ստորաբաժանման կողմից ուսումնասիրության փուլում գտնվող դիմումների ընթացքին, ինչպես նաև քննարկվել են կատարվելիք աշխատանքները։
Այնուհետև, Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդենիս համայնք, որտեղ հանդիպել են համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ: Տեղում քննարկվել են խոշորացված համայնքի մարտահրավերները, առաջնահերթությունները, համայնքի առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները:
Մարդու իրավունքների պաշտպանը Վարդենիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ: Մարդիկ Պաշտպանին մտահոգություն են հայտնել հիմնականում անվտանգային հարցերի վերաբերյալ: Նշել են, որ ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով չեն կարողանում օգտագործել իրենց հողատարածքները, խոտհարքները, արոտավայրերը: Գործնականում ծայրաստիճան դժվարացել, իսկ որոշ դեպքերում անհնարին է դարձել իրենց համար սեփականության իրավունքի իրացումը։
Նորաբակ սահմանամերձ համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են նախևառաջ անվտանգության ապահովման հարցեր։
Բնակիչներն առաջնահերթ են համարել նաև խմելու և ոռոգման ջրի հասանելիության հարցը, ինչպես նաև նշել, որ խոտհարքների և արոտավայրերի կրճատման պատճառով գրեթե անհնար է դարձել անասնապահությամբ զբաղվելը, էականորեն պակասել է անասնագլխաքանակը: Բարձրացվել են նաև համայնքի վարելահողերից հենց համայնքի բնակիչների կողմից օգտվելու հետ կապված խնդիրներ։
Սահմանամերձ Կութում բնակիչները Պատպանին ներկայացրել են անվտանգային և սոցիալ-տնտեսական հարցերին վերաբերող նույնանման մտահոգություններ և խնդիրներ։ Կութի բնակիչները նշել են նաև առաջնային լուծում պահանջող խմելու և ոռոգման ջրի մատակարարման, միջհամայնքային տրանսպորտի հասանելիության, գյուղի ճանապարհի վերանորոգման և լուսավորության ապահովման հարցերը: Դեռևս լուծում չի ստացել անցյալ տարի ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տարածք անցած ու չվերադարձված Կութի բնակիչներին պատկանող ավելի քան 80 գլուխ խոշոր եղջերավոր անասունների փոխհատուցման հարցը։
Սոթքում մշտադիտարկման այցի ընթացքում բնակիչները Պաշտպանին մտահոգություն են հայտնել անվտանգային և զբաղվածության ապահովման խնդիրների վերաբերյալ: Բացի այդ, նշել են, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատատեղերի կրճատման պատճառով համայնքի բնակիչները հայտնվել են գործազուրկ մնալու վտանգի առջև: Բնակիչները հայտնել են, որ ադրբեջանական ներխուժումներից հետո բնակավայրում մարդկանց բնականոն կյանքը խաթարվել է, դժվարությամբ են կարողանում կենսական կարիքները հոգալ, ունեն խմելու և ոռոգման ջրի խնդիր, արոտավայրերի պակասի պատճառով չեն կարողանում անասնապահությամբ զբաղվել:
Փաստահավաք աշխատանքների արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև բնակիչների կողմից բարձրացված հարցերը քննարկվել են համայնքապետարանի ներկայացուցիչների հետ, ովքեր նշել են, որ մի շարք հարցեր արդեն իսկ լուծման ընթացքի մեջ են:
Պաշտպանի այցելած բոլոր համայնքներում բնակիչները պատմել են ադրբեջանական զինված ուժերի կողմից համայնքի բնակիչներին մշտական վախի մեջ պահելու և վնասարարությամբ զբաղվելու դեպքերի մասին, որոնք համակարգված ու միատեսակ ձեռագրով իրականացվող գործողություններ են։ Մասնավորապես՝ ադրբեջանական զինված ուժերը մեծ ծավալներով այրում են գյուղացիների հնձած խոտը, գողանում մեծ ու մանր եղջերավոր անասուններ, կրակում իրենց դիրքերին մոտ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ, ովքեր մշակում են սեփականությամբ իրենց պատկանող հողը, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում բնակիչների տների պատուհանները, թռչող անօդաչու սարքեր կիրառում համայնքների օդային տարածքներում գիշեր թե ցերեկ։
Նկարագրված գործողությունները վկայում են, որ իրենց բնակավայրերում համայնքների կյանքն անհնարին դարձնելուն միտված ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր գործողությունները կրում են շարունակական, համակարգված ու մեկ կետից ղեկավարվող բնույթ։
Արձանագրված բոլոր խնդիրները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, լիազորությունների ամբողջ ծավալով միջոցներ են ձեռնարվելու խնդիրների լուծման ուղղությամբ:
Պաշտպանը համապատասխան գրություններ կհասցեագրի իրավասու գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային իրավասու կազմակերպությոուններին ու դերակատարներին կներակացնի խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունները։
Անցյալ շաբաթ Թուրքիայի կառավարությունը դիմեց վախեցնելու իր սովորական մարտավարությանը` ստիպելով ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյային ջնջել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր թվիթերյան գրառումը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հուլիսի 27-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը թվիթերյան գրառում է հրապարակել չորս լուսանկարներով, որտեղ նա պատկերված է Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ տեղադրելիս։ Նա իր թվիթում գրել է. «Ծաղկեպսակ դրեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Հատուկ շնորհակալություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և Հասմիկ Մարտիրոսյանին թանգարանում շրջայցի համար»։ Մարությանը այցելուին նվիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր և ցույց տվել Ադրբեջանի կողմից սպանված հայերի հիշատակին նվիրված երեք խաչքարերը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի տեղադրած ծաղկեպսակը սպիտակ և կապույտ ծաղիկներով էր, զարդարված կապույտ ժապավենով, որի վրա գրված էր «Միավորված ազգեր»։ Իր գրառման մյուս լուսանկարներում երևում էր, թե ինչպես է նա մեկ րոպե լռությամբ հարգում զոհերի հիշատակը Հուշահամալիրի անմար կրակի մոտ, շրջում Հայոց ցեղասպանության թանգարանում և ստորագրում հուշամատյանում, որտեղ գրել է. «Ես շատ հուզված եմ այս թանգարան կատարած իմ այցելությունից: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար՝ Հայաստան իմ այցի շրջանակներում»։
Հայաստան կատարած եռօրյա այցի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը հանդիպել է Հայաստանի տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, արտգործնախարարության կին դիվանագետների հետ և ելույթ ունեցել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ավարտական արարողության ժամանակ։
Շահիդի այցից և գրառումից կարճ ժամանակ անց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն տարածեց՝ դատապարտելով նրան Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար և պնդելով, որ նրա այցը «Հայաստան օգտագործվել է հայկական միակողմանի պահանջները բացահայտելու նպատակով, և հենց այդ համատեքստում է, որ նա այցելել է այսպես կոչված ցեղասպանության հուշահամալիր»։ Թուրքիայի արտգործնախարարությունը հավելել է. «Նրանից ակնկալվում էր, որ կգործեր արդար և անաչառ կերպով, ավելի զգույշ և պատասխանատու կլիներ այս առումով։
ՄԱԿ-ի լիազոր մարմինների անունից հանդես եկող ներկայացուցիչները պետք է կատարեն իրենց պարտականությունները ՄԱԿ-ի իրավական փաստաթղթերին և միջազգային իրավունքի նորմերին ու կանոններին համապատասխան, մասնավորապես՝ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի: Մենք դատապարտում և մերժում ենք քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերն ու միջազգային իրավունքը խեղաթյուրելու փորձերը։ Թուրքիան այն կարծիքին է, որ 1915 թվականի իրադարձությունների հետ կապված փաստերը պետք է դիտարկվեն լիարժեք, արդար և անկեղծ շրջանակներում»:
Շահիդը, որը նաև Մալդիվների Հանրապետության արտաքին գործերի նախարարն է, անմիջապես ջնջել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը՝ ենթարկվելով թուրքական ճնշումներին։
Մինչ թուրքական կառավարությանը հաջողվել է իր կամքը պարտադրել ՄԱԿ-ի պաշտոնյային, ոչ մի հայ պաշտոնյա, որ հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ, հոգ չի արել հարցնել, թե ինչու է նա ջնջել իր գրառումը, առավել ևս քննադատել նրան:
Իհարկե, ոչինչ չի կարող արդարացնել ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հլուհնազանդ պահվածքը, որը ենթարկվել է բռնապետական վարչակարգի հրահանգին, հակառակ ՄԱԿ-ի սկզբունքներին, որոնք պահպանելու երդում էր տվել։ Երկու աղբյուրներ հաստատել են թուրքական կառավարության որոշ գործողությունները. Passblue.com կայքը բացահայտել է, որ Թուրքիան չեղյալ է համարել Շահիդի՝ Անկարա այցելության իր հրավերը: Թուրքական Superhaber.tv-ն այնուհետև բացահայտել է, որ Թուրքիան հետ է կանչել Շահիդի հրավերը՝ մասնակցելու օգոստոսի 8-12-ը Անկարայում կայանալիք դեսպանների համաժողովին։ Թուրքիան հավանաբար կիրառել է այլ կուլիսային միջոցներ Շահիդին ճնշելու համար:
Շատ վիրավորական է, որ Շահիդը, համաձայնելով ջնջել իր թվիթը, անարգել է Հայոց ցեղասպանությունը, որը հաստատվել է հենց ՄԱԿ-ի կողմից: 1985 թվականի օգոստոսի 29-ին ՄԱԿ-ի «Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը» 15 կողմ, 1 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ցեղասպանության մասին զեկույց։ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի վերաբերյալ վերանայված և թարմացված զեկույցը» պատրաստել է բրիտանացի հատուկ զեկուցող Բենջամին Ուիթաքերը։ Այդ զեկույցի 24-րդ կետում ասվում է. «Նացիստական շեղումը ցավոք, ցեղասպանության միակ դեպքը չէր 20-րդ դարում: Ի թիվս այլ օրինակների, որոնք կարող են այդպես որակվել՝ 1904 թվականին գերմանական կոտորածը հերերոներին, [և] Օսմանյան կայսրության հայերի ջարդերը 1915-1916 թվականներին…»:
Զեկույցը ներառում էր նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդարձակ մատենագրություն: Այդ զեկույցի ավելի վաղ տարբերակը, որը պատրաստել էր Ռուանդայից ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիկոդեմ Ռուհաշյանկիկոն, իր 30-րդ պարբերությունում ներառել էր հիշատակում Հայոց ցեղասպանության մասին, որը հետագայում ջնջվեց ՄԱԿ-ի կողմից՝ Թուրքական կառավարության չափազանց մեծ ճնշումներից հետո: Այս փաստերի մասին գիտեմ առաջին ձեռքից, քանի որ 1978-1985 թվականներին ես եղել եմ ՄԱԿ-ում (Ժնև)՝ որպես մարդու իրավունքների հարցերով ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ՝ հակազդելով Հայոց ցեղասպանության հիշատակումը ջնջելու թուրքական բազմիցս փորձերին:
Հայաստանի իշխանությունը կարող է տեղյակ չլինել այս փաստերին։ Առաջարկում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը խիստ ոճով գրված բողոք ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝ վերականգնելու ջնջված թվիթերյան գրառումը և ներողություն խնդրելու հայ ժողովրդից:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Եթե կառուցված լիներ Ռաշթ-Ասթարա երկաթուղին, Հնդկաստանից բեռները կարող էին Կասպից ծովի հարավ-արևմուտքով՝ Իրանի ու Ադրբեջանի երկաթուղային ցանցով հասնել Ռուսաստան ու Եվրոպա։ Հայաստանի հարևան երկու երկրները չեն կարողանում վերջնականապես իրար կապել իրենց երկաթգծերը՝ չնայած մշտական մտադրություններին։
Ղազվին – Ռաշթ – Ասթարա (Իրան) – Ասթարա (Ադրբեջան) շուրջ 350 կմ երկաթուղին Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մաս է։ 2018 թվականի մարտին շահագործման է հանձնվել իրանական ու ադրբեջանական համանուն՝ Ասթարա քաղաքները կապող գիծը, իսկ 2019 թվականի մարտին տեղի ունեցավ Ղազվին – Ռաշթ երկաթուղու բացման պաշտոնական արարողությունը։ Սակայն այս երկաթուղային հանգույցի զգալի հատվածը՝ Ռաշթ – Ասթարան, մինչև օրս չի կառուցվել։
Երկաթուղին նախատեսվում էր կառուցել իրանա-ադրբեջանական համատեղ ֆինանսավորմամբ, սակայն Ադրբեջանը նախագիծը չի ֆինանասավորում, և Իրանը փորձում է երկաթուղին կառուցելու համար ռուսական ներդրումներ գրավել։
Ադրբեջանով անցնող Հյուսիս-Հարավը
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կոչված է Հնդկաստանը միացնել Ռուսաստանին և Հյուսիսային Եվրոպային, նեղ իմաստով՝ այն նաև Իրանը ՌԴ-ին կապող երթուղի է։ Համապատասխան համաձայնությունը ստորագրել են Հնդկաստանը, Իրանը և Ռուսաստանը դեռ 2000 թվականին։ Նախատեսվում է, որ այն պետք է այլընտրանք ծառայի Սուեզի ջրանցքին, և բեռները 40-60 օրվա փոխարեն նշանակետ պետք է հասնեն 20-25 օրում։
Ըստ ծրագրի՝ բեռները Հնդկաստանից նավերով գալու են իրանական Բանդար Աբբաս նավահանգիստ, որտեղից երկաթուղու միջոցով տարվելու են Իրանի հյուսիս (քարտեզում՝ նարնջագույն գիծը)։ Այնտեղից երթուղին ճյուղավորվում է․
1. Կասպից ծովով՝ լաստանավերով Ռուսաստան, ապա Եվրոպա (քարտեզում՝ կապույտ),
2. Իրան – Թուրքմենստան – Ղազախստան` երկաթուղով Ռուսաստան, ապա Եվրոպա (քարտեզում՝ մանուշակագույն),
3. Իրան – Ադրբեջան` երկաթուղով Ռուսաստան ու Եվրոպա (քարտեզում՝ կարմիր)։
Երթուղիներից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները, սակայն ի սկզբանե առաջնային է դիտարկվել առաջին՝ Կասպից ծովով անցնող տարբերակը (կապույտ)։ Այն փորձարկվել է բոլորովին վերջերս՝ այս տարվա հունիսին :
Նշվածներից երկրորդը (մանուշակագույն), որը ներառում է Ղազախստան – Թուրքմենստան – Իրան երկաթուղին, պաշտոնապես բացվել է 2014թ., սակայն տեխնիկական մի շարք խնդիրների պատճառով գրեթե չի գործել։ Այդ պատճառներից էր, օրինակ, Իրանի և Թուրքմենստանի երկաթուղային գծերի ստանդարտների տարբերությունը, որին լուծում է տրվել միայն 2021թ ․, և նույն տարվա նոյեմբերին երեք երկրները երթուղին զարգացնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել ։ Իսկ արդեն 2022 թ. հուլիսին այդ երթուղով Ռուսաստանից առաջին կոնտեյներական գնացքն է ուղևորվում Հնդկաստան :
Մայիսին էլ նույն երկաթգծով Ղազախստանից կոնտեյներական գնացք էր մեկնել Թուրքիա: Այսինքն այս դեպքում Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին ծառայել էր արևելք-արևմուտք միջանցքին, և ըստ Թեհրանի՝ այն կարող է դառնալ Չինաստան-Եվրոպա բեռնափոխադրումների հիմնական երթուղիներից մեկը։
Իրան – Ադրբեջան գծի դանդաղ (չ)կառուցումը
Թվարկվածներից երրորդը (քարտեզում՝ կարմիր) Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային գիծն է, որի ամբողջ երկայնքով անցնելիք երկաթգիծը դեռ պատրաստ չէ։
Ադրբեջանը Հյուսիս-Հարավ միջանցքի մասնակից է դարձել 2005թ․։ Այդ ժամանակ իրանական երկաթգծային ցանցը հյուսիսում հասնում էր մինչև Ղազվին (Կասպից ծովի հարևանությամբ)։ Իսկ ադրբեջանական ցանցը հարավում հասնում էր մինչև Իրանի սահմանին գտնվող Ասթարա քաղաք, բայց չէր հասնում սահմանին։
2005-ին կողմերը որոշեցին միացնել Իրանի ու Ադրբեջանի երկաթուղիները։ Դա ենթադրում էր․
– Իրանում Ղազվին – Ռաշթ – Ասթարա հատվածի կառուցում մինչև Ադրբեջանի սահման,
– Ադրբեջանում Բաքվից մինչև Ասթարա հատվածի վերանորոգում ու այնտեղից երկաթուղու կառուցում մինչև Իրանի սահման:
Այս ուղղությամբ առաջին նշանակալի արդյունքը երևաց միայն 2018թ. մարտին, երբ շահագործման հանձնվեց Իրանի ու Ադրբեջանի սահմանին գտնվող նույնանուն երկու քաղաքները՝ Ասթարաները իրար միացնող հատվածը ։ Սա ամբողջ նախագծի ամենակարճ հատվածն էր, որից․
– շուրջ 8,5 կմ կառուցվել է Ադրբեջանի տարածքում,
– շուրջ 1,5 կմ կառուցվել է Իրանի տարածքում։
Իրանի տարածքում 1,5 կմ անոց հատվածի, երկաթուղային կայարանի և տերմինալների կառուցման համար Ադրբեջանը պետք է 60 մլն դոլարյի ներդրում կատարեր, սակայն Ասթարա – Ասթարա հատվածը շահագործման հանձնելուց հետո իրանական կողմը բազմիցս բողոքել է, որ Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատերել և ավարտին չի հասցրել ենթակառուցվածքների ստեղծումը, մասնավորապես՝ տերմինալների կառուցումը։
Իրանի տարածքով անցնող շուրջ 175 կմ-անոց Ղազվին – Ռաշթ հատվածը շահագործման է հանձնվել 2019 թվականի մարտին ։ Իսկ ահա Ռաշթ – Աստարա հատվածը մինչև հիմա չի կառուցվել: Առհասարակ ամբողջ գծի կառուցումը մինչև հիմա չի ավարտվել մի քանի գործոններով պայմանավորված.
Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներ. 2006-2008թթ. և 2010-2012թթ. Իրանի դեմ ՄԱԿ ընդունած բանաձևերը, դրանց զուգահեռ ԱՄՆ, իսկ այնուհետև նաև ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցները ծանր դրության մեջ են դրել Իրանի տնտեսությունը: Ստեղծված իրավիճակում բավարար միջոցների բացակայության պայմաններում երկաթուղու կառուցումը մղվել է հետին պլան:
Տեղանքի բարդ ռելիեֆը. Ղազվին – Ռաշթ երկաթուղին անցնում է ռելիեֆային բարդ տարածքներով (Ալբորզի լեռներ, Սեֆիդռուդ գետ, ջրամբար), ինչը կառուցման համար մի շարք դժվարություններ է ստեղծել, որոնք հաղթահարելու համար կառուցվել է 9 կմ ընդհանուր երկարությամբ 62 կամուրջ ու 22 կմ ընդհանուր երկարությամբ 53 թունել: Թունելներից մեկն անցնում է Սեֆիդռուդ ջրամբարի կողքով : Նմանատիպ դժվարություններ կան նաև Ռաշթ – Ասթարայի կառուցման համար։
Կապալառուի փոփոխություններ. Թե՛ Ղազվին – Ռաշթ և թե՛ Ռաշթ – Ասթարա գծերի դեպքում բավականին հաճախ են եղել կապալառուի փոփոխությունները։ Երկաթուղային այդ հատվածների շինարարությունը մեկ հանձնվել է Իրանի Երկաթուղային ընկերությանը, մեկ՝ Փոխադրումային ենթակառուցվածքների զարգացման և կառուցման ընկերությունը։ Ընդ որում՝ այս փոփոխությունները երբեմն եղել են մի քանի ամիսը մեկ կտրվածքով։
Սա իր հերթին դանդաղեցրել է երկաթուղիների կառուցումը։ Ղազվին – Ռաշթ հատվածի կառուցումն ի վերջո ավարտել է Փոխադրումային ենթակառուցվածքների զարգացման և կառուցման ընկերությունը։ Իսկ չկառուցված Ռաշթ – Ասթարայի դեպքում 2020 թ․ երկաթուղու կառուցում հանձնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Խաթամ ալ Անբիա» ինժեներական ընկերությանը ։
Ֆինանսների բացակայություն․ Խոսելով կոնկրետ 165 կմ Ռաշթ-Ասթարա հատվածի մասին՝ պետք է նշել, որ այս երկաթուղու կառուցման ամենաառաջին խոչընդոտը ֆինանսականն է։ Այս հատվածի կառուցման համար քննարկումները հատկապես ակտիվացել են 2015-2016 թթ. սկսած:
Ռաշթ – Ասթարա նախագիծը գնահատվել է 1,1 մլրդ դոլար: Երկաթուղու ֆինանսավորման հարցն Իրանը համաձայնեցրել է Ադրբեջանի հետ, և 2018թ. մարտի 14-ին, Թեհրանում Իրանի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարները ստորագրել են երկաթգծի կառուցման համար համատեղ 1 մլրդ դոլար (500 մլն դոլար Իրանից, ևս 500 մլն դոլարի վարկ էլ Ադրբեջանից) ներդնելու մասին փաստաթուղթ ։
Երկու շաբաթ անց Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Ադրբեջան այցի ընթացքում կողմերը ստորագրել են Ռաշթ – Ասթարա գծի կառուցման համար համատեղ ներդրումներ կատարելու մասին համաձայնագիր։ Համաձայնագիրն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն այսպես էր բնութագել ․
«Երեկ պատմական փաստաթուղթ ենք ստորագրել: Ասթարա – Ռաշթ երկաթուղու կառուցման մասին պայմանագիր է ստորագրվել: Այս պայմանագիրը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման հարցում հատուկ դեր կունենա: Այս կերպ, մայրցամաքները միացնելով, թե՛ տնտեսական օգուտ կստանանք, քանի որ մեր տարածքով անցնող բեռները տասնյակ միլիոններ են կշռվում, թե՛ միաժամանակ տարածաշրջանում համագործակցության նոր ձևաչափ կստեղծենք»:
Սկզբնական շրջանում թե՛ իրանական և թե՛ ադրբեջանական մամուլն ակտիվորեն լուսաբանում էին այս թեման: Մասնավորապես, ադրբեջանական մամուլն այն ներկայացնում էր մեծ ոգևորությամբ և Իրանին տնտեսական ծանր պայմաններում օգնություն տրամադրելու լույսի ներքո: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային համաձայնագրից դուրս գալուց և Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու ֆոնին՝ Բաքուն աստիճանաբար պասիվացավ:
Եթե մինչ այդ 500 մլն վարկի տրամադրման մասին խոսվում էր որպես հաստատ տեղի ունենալիք, անգամ կատարված իրողության, ապա Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո պաշտոնական Բաքուն սկսեց ավելի զգուշորեն արտահայտվել ձևակերպումներում:
2018 թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն ստիպված էր արդարանալ, որ նախագիծը մեծ է ու ժամանակատար, բանակցությունները շարունակվում են, նախագիծը չի դադարեցվել : Օրեր անց էլ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարը հայտարարեց, որ 500 մլն վարկի տրամադրման քննարկումները շարունակվում են ՝ պայմանավորված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով:
Հանդիպումների նոր փուլը սկսվեց երկաթուղու Ղազվին – Ռաշթ հատվածի բացման առիթով (2019): Իրան ժամանած ադրբեջանցի պաշտոնյաներն առանձին հանդիպումներ անցկացրին մինչև իսկ Իրանի նախագահի հետ:
Ադրբեջանի երկաթուղու ղեկավարը տեղեկացրեց, որ իրենց էկոնոմիկայի նախարարը Իրան է եկել ֆինանսավորման հարցը քննարկելու համար, սակայն հետագայում համաձայնությունների մասին որևէ հրապարակում չեղավ: Հանդիպումներ եղան նաև հաջորդող տարիներին, բայց՝ անարդյունք։
Եթե պայմանավորվածությունից հետո 2-3 տարի իրանական կողմից տարբեր պաշտոնյաներ անընդհատ Ադրբեջանին հիշեցնում էին իր պարտավորության մասին, ապա 2021թ․ աստիճանաբար սկսվեց նկատվել, որ Իրանը փորձում է ֆինանսավորում բերել Ռուսաստանից: Միաժամանակ՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպումներում Իրանը շարունակում է արծարծել Ռաշթ-Ասթարայի կառուցման հարցը։
Ռուսաստանի մուտքը խաղի մեջ
Մոսկվային ներգրավելու հավանականությունը հատկապես ակնառու դարձավ 2022 թ. հունվարին Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի ՌԴ այցի ընթացքում։ Հայտարարվեց, որ Իրանն ու ՌԴ-ն նախատեսում են Ռաշթ – Ասթարան կառուցել ՌԴ կողմից Իրանին տրամադրվելիք 5 մլրդ վարկային գծի շրջանակներում՝ ի թիվս այլ նախագծերի ։ Փետրվարին Իրանի երկաթուղային ընկերության ղեկավարը հայտարարեց, որ պատժամիջոցների պատճառով Ադրբեջանը չի ֆինանսավորել նախագիծը, և հիմա Մոսկվան պատրաստ է դա անել ։
Հատկանշական է նաև, որ փետրվարի վերջին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, Մոսկվան ևս սկսեց ընդգծել այդ հատվածի և առհասարակ Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորության մասին։ Ապրիլի 21-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ եթե Հյուսիս-Հարավը նախկինում հեռանկար էր, հիմա՝ խիստ անհրաժեշտություն։
Հունիսի 23-ին էլ ՌԴ պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարեց, որ Ռաշթ – Ասթարա գծի կառուցման հարցում լավ պայմանավորվածություն են ձեռք բերել և հույս ունեն՝ համատեղ ներդրումներով ավարտին կհասցնեն նախագիծը ։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, առայժմ բանավոր պայմանավորվածության մասին է։ Ուշագրավ է նաև, որ Լավրովի այցից 11 օր անց պաշտոնական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է կատարել Ռաշթ-Ասթարա երկաթուղու և Ասթարայի երկաթուղային տերմինալի կառուցման հարցում ստանձնած պարտավարությունները ։ Սակայն թե՛ Մոսկվայի, թե՛ Բաքվի հայտնած պատրաստակամությունը գործնականում ոչինչ չեն նշանակում, այդ իսկ պատճառով Իրանում ընդգծում են սեփական միջոցներով և ամեն գնով այդ երկաթուղին կառուցելու անհրաժեշտության մասին:
Ի սկզբանե Ռաշթ – Ասթարա գծի կառուցման ժամկետը գնահատվում էր նվազագույնը 3-4 տարի: Հաշվի առնելով հնարավոր ձգձգումները՝ թե՛ ֆինանսական, թե՛ աշխատանքերի կատարման բարդության տեսանկյուններից՝ առավել իրատեսական է, որ գոնե Իրանի հարավը Ռուսաստանի հետ կապող երկաթուղու վերջին անավարտ հատվածը կարող է կառուցվել առնվազն 5 տարում:
Ինչ վերաբերում է Կասպից ծովով երթուղուն, որն ի սկզբանե որպես առաջնային երթուղի է դիտարկվել Ռուսաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումներում, պետք է նշել, որ Ռաշթից երկաթուղին պետք է ճյուղավորվի և կառուցվի մինչև Կասպյան նավահանգիստ։ Ի տարբերություն Ռաշթ – Ասթարայի, Ռաշթ – Կասպյան գծի դեպքում որոշակի աշխատանքներ տարվել են, և հայտարարվել է, որ մինչև իրանական օրացույցով տարեվերջ՝ 2023 թ. մարտ, այն շահագործման կհանձնվի ։
Հարկ է նշել, որ հենց Իրան-ՌԴ առևտրի տեսանկյունից Կասպյան երթուղին Իրանի համար շատ ավելի կարևոր է, քան Ադրբեջանով անցնող ավտոճանապարհային ու երկաթգծային երթուղիները՝ հաշվի առնելով դրանցում առկա խնդիրները։ Ընդ որում երկաթգծային երթուղու դեպքում խնդիրը ոչ միայն Ռաշթ-Ասթարայի կառուցված չլինելն է, այլ նաև այն, որ ադրբեջանական կողմը տարիներ է, ինչ արտաքին ֆինանսավորմամբ Բաքու-Ասթարա, Բաքու-Յալամա (ՌԴ սահման) երկաթգծերի վերանորոգում է նախատեսում ։ Իսկ ավտոճանապարհի դեպքում առկա խնդիրներից են բարձր մաքսատուրքերը, բեռնատարների հերթերի գոյացումը, որոնք հատկապես իրանական գյուղմթերքի փչանալու պատճառ են դառնում։Շատ հաճախ իրանական ԶԼՄ-ները նաև գրում են, որ այդ հերթերն արհեստական են, և Ադրբեջանն Իրանին ռուսական շուկայից դուրս թողնելու միտումով է խնդիրներ ստեղծում ։
Այս պայմաններում Իրանի համար կարևորովում է ավելի անկախ երթուղու գործարկումը, որն այս դեպքում Կասպից ծովով է։ Եվ չնայած այստեղ ևս ենթակառուցվածքային խնդիրներ կան, այդ թվում՝ դեռ վերջնական չկառուցված երկաթուղուց մինչև նավերի պակաս, սակայն վերջին երկու տարիներին Ադրբեջանի հետ խնդիրների սրման ֆոնին Թեհրանը լծվել է այս երթուղու զարգացման գործին։
Այսպիսով Ադրբեջանն առայժմ չի ֆինանսավորում Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցումը, իսկ Ռուսաստանը, որը հետաքրքրություն է ցույց տալիս դրա նկատմամբ, ամենայն հավանականությամբ, պատերազմի պատճառով կդժվարանա ֆինանսական և այլ հնարավորություններ տրամադրել երկաթուղու պակասող մասի կառուցման համար։ Սա գիտակցում են նաև Իրանում ու ընդգծում, որ անկախ այլ երկրների շահագրգռվածությունից պետք է ջանալ երկաթուղին կառուցել սեփական միջոցներով , սակայն ինչպես հուլիսի սկզբին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը նախարարության մեկ տարվա ամբողջ բյուջեն անգամ բավարար չէ այդ երկաթուղու կառուցման համար ։ Ըստ էության երկաթուղու՝ իրանական միջոցներով կառուցելու հավանականությունն ավելի բարձր կլինի միայն պատժամիջոցների վերացման դեպքում։
Այս պայմաններում Իրանի համար վստահելի երթուղի կարող է լինել Հայաստանը։ Սակայն հայկական երթուղին մրցակցային կարող է դառնալ միայն Հայաստանի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման դեպքում, ինչը բազմիցս կարևորվել ու շեշտադրվել է նաև իրանական կողմից։ Թեհրանը նաև պատրաստակամություն է հայտնել մասնակցել այս ավտոմայրուղու կառուցմանը։ Իրանում նաև հնչում են կարծիքներ, որ Ջոլֆա-Նախիջևան-Հայաստան երկաթուղու գործարկման դեպքում Ռաշթ-Ասթարայի նշանակությունը կարող է նվազել։
Ժաննա Վարդանյան
Իրանագետ
Ադրբեջանը մշտապես պատրաստվում է ռազմական գործողությունների, ցանկացած փոքր սադրանքից հետո կարող են վերսկսվել ռազմական գործողությունները: Ադրբեջանը ոչնչի առջև չի կանգնելու՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե Զաքիր Հասանովը հրամայել է ադրբեջանական բանակին «պատրաստ լինել Հայաստանի կողմից հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական զսպմանը»:
Վերլուծելով թշնամու կողմից հաճախ եկող նմանօրինակ սպառնալից հայտարարությունները՝ Սեյրան Օհանյանը նկատում է՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական յուրաքանչյուր գործողություն, սադրանք կամ հայտարարություն քաղաքական գործընթացների համատեքստում է իրականացվում:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է 44-օրյա պատերազմի հաղթանակից հետո ճնշումներ գործադրել Հայաստանի վրա՝ հատկապես, ճանապարհների ապաշրջափակման, ենթակառուցվածքների բացման և Սյունիքի միջանցքի մասով իրենց ծրագրերը իրականացնելու նպատակով.
«Իրենց համար, հատկապես, ռազմավարական նպատակ է ճանապարհ ունենալ Թուրքիայից դեպի նախիջևան և Ադրբեջան՝ Մեծ Թուրանի խնդիրն իրականացնելու համար»,-ասաց Օհանյանը:
ՊՆ նախկին նախարարի արձանագրմամբ՝ Ադրբեջանը մյուս կողմից փորձում է ազդել նաև Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վրա.
«Վերջին ժամանակահատվածում հաճախ են հայտարարություններ հնչում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, թե Հայաստանի ռևանշիստները թող հույս չունենան, որ ինչ-որ բանի կհասնեն, այս առումով նրանք Հայաստանի իշխանությունների հետ համահունչ են գործում»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ ադրբեջանական կողմի սպառնալից հայտարարությունների ֆոնին հերթական անգամ աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, հայտարարել էր, թե Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, ավելին՝ նշել էր, թե կա գաղափար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծման
Անդրադառնալով Արմեն Գրիգորյանի հայտարարություններին՝ Ս.Օհանյանն ասաց
«ԱԽ քարտուղարի ասածներին ուշադրություն չեմ դարձնում, նա փոխանակ ամեն ինչ անի, որ մեր անվտանգության բաղադրիչները բոլոր ուղղություններով զարգանան, անընդհատ պատվողական հայտարարություններ է անում: Ասում է՝ Հայաստանը տարածքային պահանջ չունի Ադրբեջանից, իսկ ո՞վ պետք է ադրբեջանցիներին դուրս շպրտի ՀՀ այն տարածքներից, որտեղ նրանք սադրանքների կամ մարտական գործողությունների պատրվակով ներխուժել են, ո՞վ պետք է ԱԽ քարտուղարի հայրենիքում ՝ Արցախում, Ադրբեջանի սադրանքներից հետո Հադրութից, Մարտունիից և Շուշիից դուրս շպրտի ադրբեջանական զորքերը՝Արցախի պատմական տարածքները պահելու համար, ես լուրջ չեմ ընդունում նրա ասածները»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ ավելի քան մեկ տարի է, ինչ թշնամու զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքում են գտնվում Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում ու հայտարարել են, որ չեն պատրաստվում հեռանալ՝ չնայած Հայաստանի կողմից ներկայացված պահանջին։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, ք.գ.թ., դոցենտ Աբրահամ Գասպարյանը խորքային և բացառիկ զրույց է ունեցել շեյխ Իմրան Հոսեյնի հետ, որը ժամանակակից քաղաքական իսլամի, թեոլոգիայի, քաղաքական փիլիսոփայության ամենահայտնի գիտնականներից է, ունի ծանրակշիռ ներկայություն ու հետևորդների մեծ բանակ իսլամադավան ժողովուրդների շրջանում:
Զրուցակիցները խոսել են իսլամի քաղաքական հավակնությունների, գունավոր հեղափոխությունների արժեքային համակարգերի, շուկայական տնտեսության, Արևմտահայաստանի վերադարձի իրավունքի, ՀՀ-Պակիստան հարաբերությունների, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը կասեցնելու հարցում իսլամական աշխարհի անելիքների մասին:
Այդ հայտարարությունը նախապայման չէր: Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջ քաշեց «Զանգեզուրի միջանցքի» բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման և հարցին՝ արդյո՞ք հայկական կողմի դիրքորոշումը փոխվել է և սա պայմանավորվածության խախտում չէ՞:
Թուրքիան մշտապես այդ դիրքորոշմամբ է հանդես եկել,որը մեր համար ընդունելի չի եղել: Հայկական կողմը արձանագրել է, որ հաճախ Թուրքիայի հայտարարությունների մեջ կա բաժանում և մեր խնդիրներից է՝ ամեն ինչ անել, որ այդ տարանջատումը չլինի կամ առնվազն լինի նվազագույնը: Այո, արձանագրում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել և որևէ նախապայման այս գործընթացում անընդունելի է»,- ասել է Աղաջանյանը:
Ֆրանսիայի հայկական համայնքի ղեկավար Մուրադ (Ֆրանկ) Փափազյանին և նրա կնոջն անցյալ շաբաթ թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո։ Փափազյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության համաշխարհային ղեկավարության (Բյուրոյի) անդամ է և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
Նա նաեւ նշել է. «Անձնագրային ստուգման ժամանակ Փափազյանին ասել են, որ սպասի, մինչև իր տվյալները ճշտեն: Նա ուներ պատշաճ ֆրանսիական անձնագիր և Հայաստան մուտք գործելու համար վիզայի կարիք չուներ։ Մինչ նա սպասում էր, մաքսավորները հեռախոսով խորհրդակցում էին վերադասների հետ։
Այնուհետև Փափազյանին տարել են օդանավակայանի մի մեկուսացված սենյակ, որտեղ նրան պահել են մի քանի ժամ: Ի վերջո, ԱԱԾ աշխատակիցները հայտնել են, որ նրան թույլ չի տրվում մուտք գործել Հայաստան։
Չնայած Փափազյանի պահանջներին՝ նրան երբեք չեն հայտնել Հայաստան մուտքի արգելքի պատճառը։ Նրան վտարել են երկրից՝ ուղարկելով հաջորդ չվերթով դեպի Փարիզ։
Սա բարոյական, իրավական, դիվանագիտական և ազգային լուրջ հետևանքներով միջադեպ է։
Բարոյական առումով․ եթե հայ պաշտոնյաները ցանկանում են արգելել որևէ մեկի մուտքը Հայաստան, նրանք պետք է ունենան նվազագույն քաղաքավարություն՝ անհատին հայտնելու նման լուրջ որոշման պատճառը: Այցելուն իրավունք ունի իմանալու, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել երկիր։
Հայաստանի օրենսդրության առումով․ անկախ Փափազյանի մուտքը երկիր արգելելու պատճառից, հայ պաշտոնյաներն իրավունք չունեն ինքնուրույն նման քայլի դիմել՝ լինեն օդանավակայանի աշխատակիցներ, ԱԱԾ գործակալներ, թե վարչապետ։ Որևէ այցելուի, առավել ևս հայրենակցի մուտքը երկիր արգելելը շատ լուրջ որոշում է։ Եթե Փափազյանը խախտել էր Հայաստանի որևէ օրենք, օդանավակայանի աշխատակիցները կարող էին նրան կալանավորել, մեղադրանք ներկայացնել դատավորին, որը երկու կողմերին լսելուց հետո ապացույցների հիման վրա օրինական որոշում կկայացներ։ Հայաստանը մի երկիր է, որը կառավարվում է օրենքո՞վ, թե՞ վարչապետի վրիժառու որոշումներով։ Եթե մի մարդ կարող է հանդես գալ որպես իշխանության գործադիր, օրենսդիր և դատական մարմիններ, ապա Հայաստանը հեռու է ժողովրդավարական երկիր լինելուց։
Ցավալի է, որ չորս տարի առաջ որպես ժողովրդավար ներկայանալով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն անտեսում է ժողովրդավարական բոլոր նորմերը։ Փափազյանի միակ մեղավորությունը Փաշինյանի ձախողված վարչակարգի քննադատությունն է։
Եվրոպական օրենքների առումով․ Հայաստանը այս դեպքում խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի մի քանի սկզբունքներ, որոնց պարտավորվել էր հետևել։
Պահանջվող ընթացակարգն այն է, որ Փափազյանը նախ վիճարկի իր վտարումը Հայաստանի ներքին դատարաններում: Եթե նա այնտեղ հաջողության չհասնի, ապա Փափազյանը կարող է իր բողոքն ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Համոզված եմ, որ Եվրոպական դատարանը կգտնի, որ Հայաստանի կառավարությունը խախտել է Փափազյանի «արդար դատաքննության իրավունքը», «արտահայտվելու ազատությունը» և «տեղաշարժի ազատությունը»։ Ավելին, Փափազյանի վտարումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի խախտում էր։
Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունների վրա այս միջադեպի հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ. որպես Ֆրանսիայի քաղաքացի, Փափազյանը բողոք է ներկայացրել Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն և Փարիզում Ֆրանսիայի արտգործնախարարություն։ Որպես հայտնի քաղաքական գործիչ՝ Փափազյանը սերտ կապեր ունի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ֆրանսիացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Արդեն այս տարվա մայիսին մեկ այլ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել, երբ Հայաստան այցելության ժամանակ Փափազյանն ուղեկցում էր Փարիզի հայամետ քաղաքապետ Անն Իդալգոյին։
Քանի որ Փափազյանը Փաշինյանի քննադատն է, նա վարչապետի աշխատակազմին տեղեկացրել է, որ չի միանալու Փաշինյանի հետ քաղաքապետի նախատեսվող հանդիպմանը՝ հանդիպման ընթացքում անցանկալի տեսարան չստեղծելու համար։ Առանց որևէ բացատրության, վերջին պահին վարչապետը որոշել է չեղարկել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը։ Սա մեծ դիվանագիտական սխալ էր։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ վանել ֆրանսիացի պաշտոնյաներին, որոնք նրա ամենաջերմ կողմնակիցներից են։
Հայաստանի կառավարության կողմից Հայ ժողովրդի հավաքական շահերը խարխլելը հակաարդյունավետ է. մինչ Հայաստանը շրջապատված է արյունարբու թշնամիներով, իսկ նրա գոյությունը՝ վտանգված, նրա ղեկավարները զբաղված են Սփյուռքի դեմ ինքնաոչնչացման գործողություններով, ինչը միայն ավելի է նպաստում Հայաստանի թուլացմանը։ Ադրբեջանն ունի հսկայական նավթադոլարներ, բայց Հայաստանն ունի մեծ սփյուռք, որը չօգտագործված հարստություն է:
Վախենում եմ, որ Փափազյանի վտարումը, եթե արագ չբեկանվի, ապա բացասական ազդեցություն կունենա յոթ միլիոնանոց սփյուռքի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։ Հայաստանի ղեկավարությունը, ավելի շատ սփյուռքահայերին Հայաստան այցելելու, ներգաղթելու և ներդրումներ անելու նախաձեռնություններու փոխարեն, անխոհեմաբար հեռացնում է նրանց:
Քանի որ Փափազյանի միակ մեղքն այն է, որ նա եղել է Փաշինյանի քննադատը, նրա վտարումը կարող է պատճառ հանդիսանալ, որ շատ այլ սփյուռքահայեր, որոնք դեմ են վարչապետին, խուսափեն Հայաստան այցելելուց՝ մտավախություն ունենալով, որ իրենց նույնպես կկանգնեցնեն Երևանի օդանավակայանում և թույլ չեն տա այցելել իրենց հայրենիքը։
Խիստ ցավալի է, որ Փափազյանը՝ մի մարդ, որն իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի և Հայ դատի շահերի պաշտպանությանը, նման վիրավորական վերաբերմունքի է արժանանում։ Մեծ տխրությամբ նա հայտարարել է. «Գիտեի, որ Ադրբեջան և Թուրքիա մուտքս արգելված է։ Այսօր ինձ արգելում են մուտք գործել Փաշինյանի Հայաստան»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.