23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, դուք հասարակական կազմակերպություն եք հիմնում։ Այս մասին սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ԱԱԾ սպաների միություն ՀԿ-ին։
«Արա, դուք նամուս ունենաք, էսօր փողոց դուրս կգա՞ք։ Հայաստանում ձեր օրոք Ազգային անվտանգության ծառայություն չի եղել։ Խոպանչիների բրիգադ եք դուք եղել. ցավոք սրտի, նաեւ մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ Ձեզնով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, որովհետեւ շատ դեպքերում պետք է հասկանանք՝ ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք ընդհանրապես»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն հիշեցմանը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կային մարդիկ, որոնք մարտական դիրքերում զինվորներին ասում էին՝ մի կռվեք, հողերը ծախել են, Փաշինյանն արձագանքեց.
«ԱԱԾ-ն ինձ զեկուցել է, որ պատերազմի դրվագ կա, որտեղ կոնկրետ անձի կողմից հրամայվել է, որ հակառակորդի կողմից գրավված եւ ապա հետ գրավված ռազմավարական նշանակության բարձունքը զինված ուժերը թողնեն եւ հեռանան։ Որտեղի՞ց է եկել այդ հրամանը։
Կառավարությունն ամենաշահագրգիռն է, որ պատերազմական դրվագներն ի հայտ գան։ Եվ հիմա որ նախաքննության մարմինը կոնկրետ մարդկանց Շուշիի դրվագով ձերբակալում է, մեկ էլ Ղարաբաղի խորհրդարանի կեսը պաշտպանում է, չհասկացանք, բա հիմա Շուշին հանձնե՞լ են, թե՞ ոչ. թե՞ պիտի պարտադիր պարզվեր, որ ես եմ Շուշին հանձնել, որ բոլորն ասեին՝ կեցցե արդարությունը»։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը պահանջել են ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց զոհված Էդուարդ Ղազարյանի հայրը` Ալեքսանդր Ղազարյանը:
«Իմ տղան ծառայել է Մարտունի 3-ի յոթերորդ վաշտում։ Հոկտեմբերի 11-ին ամբողջ վաշտը տեղափոխել են Հադրութ ու այնտեղ 73 հոգանոց վաշտը զոհվել է։ Տղաներին ուղարկել է Ջալալ Հարությունյանը, մինչդեռ այդ տարածքն հոկտեմբերի 9-ին հանձնել էին։ Քրեական գործը հարուցված է մեկ տարուց ավելի, հիմա արդեն ուղարկվում է դատարան։ Նախաքննությունն ավարտվում է, մենք Քննչական կոմիտե գնացել էինք քննարկելու: Գործը հարուցված է անփութության հատկանիշներով, բայց դրան դեմ ենք, որովհետեւ փրկելու միջոց է, նման դեպքում՝ միայն դավաճանություն։ Անփության հոդվածը չորսից ութ տարի է ենթադրում։ Գլխավոր հրամանատարից մինչեւ դասակի հրամանատար դավաճանություն է եղել։ Մեր տղաները հերոսները են եղել, սխալ հրամանը դավաճանություն է, նահանջի հրամանը դավաճանություն է։ Մենք դա Քյարամյանին ենք ասել»,-ասաց նա:
Ալեքսանդր Ղազարյանի խոսքով՝ գործում կա երկու մեղադրյալ, որոնց անուններն այս պահին հրապարակել չի կարող։ Բարձրաստիճան երկու պաշտոնյաներն էլ կալանավորված չեն։
«Դա անփութություն չի կարող լինել, երեխեքը ընկնում են շրջափակման մեջ, օգնություն խնդրում, բայց օգնություն չեն ստանում։ Եթե չեք կարողանում ճիշտ կազմակերպել, ինչո՞ւ եք այդ պաշտոններին հասել։ Մենք առաջինը մեղավորը համարում ենք Ջալալ Հարությունյանին եւ պահանջել ենք, որ գործում առաջադրի որպես մեղադրյալ»,-ասաց Ղազարյանը:
Նշենք, որ այսօր քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպել է զոհվածների մի խումբ ծնողների, պատասխանել նրանց հարցերին:
Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը օգոստոսի վերջին մեկնել է Լոս Անջելեսից՝ դառնալու իր երկրի նոր դեսպանը Գերմանիայում։ Աղաևն իր հետևում խաբեության հետք է թողել։ Հուսով եմ՝ Գերմանիայի կառավարությունը ուշադիր կհետևի այս կասկածելի ադրբեջանցի «դիվանագետին»:
Սկսենք ամենավերջին խայտառակությունից։ Անցյալ շաբաթ Աղաևը «Թվիթեր» և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերում հպարտությամբ հրապարակեց մի վկայական, որը կրում էր Լոս Անջելեսի գավառի հինգ վերահսկիչներից չորսի ստորագրությունները և որում երախտագիտություն էր հայտնվում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի պաշտոնում իր ծառայության համար:
Առաջին ակնարկը, որ ինչ-որ բան սխալ էր, այն էր, որ վկայականում չկար Լոս Անջելեսի գավառի հինգերորդ վերահսկիչ Շեյլա Քյուլի անունը։ Նման փաստաթղթերը սովորաբար ստորագրվում են բոլոր հինգ վերահսկիչների կողմից, որը դիվանագիտական արձանագրություն է։ Պետք է ինչ-որ հատուկ պատճառ լիներ՝ թե ինչու էր բացակայում վերահսկիչ Քյուլի ստորագրությունը: Երբ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (Արևմտյան շրջան) հարցրեց վերահսկիչ Քյուլի աշխատակազմին, թե ինչու նրա ստորագրությունը չկա վկայականի վրա, նրանք ասացին, որ խնդրել են Լոս Անջելեսի գավառի արձանագրային գրասենյակին չավելացնել նրա ստորագրությունը: Պարզվում է, որ մյուս չորս վերահսկիչները նույնպես թույլտվություն չեն տվել իրենց անուններն ավելացնելու վկայականին։
Կարճ ժամանակ անց, երբ Աղաևը վկայականը տեղադրեց իր թվիթերյան և ֆեսբուքյան էջերում, չորս վերահսկիչներից յուրաքանչյուրը՝ Հոլլի Միտչելը, Հիլդա Սոլիսը, Քեթրին Բարգերը և Ջենիս Հանը, առանձին թվիթերյան գրառումներով Հայ Դատի հանձնախմբին տեղեկացրեցին, որ իրենց ստորագրությունները «սխալմամբ են ավելացվել վկայականին՝ առանց իրենց թույլտվության»։
Չորս վերահսկիչներն իրենց «Թվիթեր»-ին կցել են Լոս Անջելեսի գավառի վերահսկիչների արձանագրային գրասենյակի ղեկավար Լուրդ Սաաբի կողմից ներողություն խնդրելու նամակը: Նամակն ուղարկվել է բոլոր չորս վերահսկիչներին։ Ահա մի հատված նման նամակներից մեկից. «Լոս Անջելեսի գավառի արձանագրային գրասենյակը սխալմամբ ավելացրել է վերահսկիչ Քեթրին Բարգերի ստորագրությունը անցած շաբաթ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսին ներկայացված վկայականին և ցանկանում է հրապարակայնորեն նշել սխալը»:
Այն բանից հետո, երբ ես կապ հաստատեցի Լոս Անջելեսի գավառի գրասենյակի գործադիր տնօրենի տեղակալ Բրենդա Դյուրանի հետ՝ խնդրելով նրան պարզաբանել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսին սխալմամբ տրված վկայականի կարգավիճակը, նա գրավոր պատասխանեց․ «Լոս Անջելեսի գավառի արձանագրային գրասենյակը (գրասենյակ) ներողություն է խնդրում որևէ շփոթության համար: Վերահսկիչների ստորագրությունները սխալմամբ են կիրառվել։ Համապատասխանաբար, գրասենյակը հայտարարում է, որ չարտոնված վկայականն անվավեր է և պետք է հեռացվի բոլոր սոցիալական լրատվամիջոցից կամ որևէ այլ հարթակից: Քանի որ Լոս Անջելեսի գավառը կապված չէ գրասենյակի կողմից այդ գրասենյակի լիազորությունները գերազանցող չարտոնված և սխալ գործողությունների հետ, ոչ ոք չպետք է հիմնվի այդ վկայականի վրա՝ որպես Լոս Անջելեսի գավառի որևէ տեսակի հայտարարություն»։
Այդուհանդերձ, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսին սխալմամբ տրված վկայականը դեռևս տեղադրված է նրա թվիթերյան և ֆեյսբուքյան էջերում՝ կեղծ պնդմամբ, որ նա մեծարվել է Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչների կողմից։ Այդ վկայականն առոչինչ է, և նման սխալ տրված վկայականի հրապարակումը անպարկեշտություն է: Ամաչելու փոխարեն Աղաևը քննադատել է Հայ Դատի հանձնախմբին այս սխալ վկայականը վերահսկիչների ուշադրությանը ներկայացնելու համար:
Ոչ ոք չպետք է զարմանա, քանի որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդես է գալիս նման խայտառակ և անպարկեշտ պահվածքով։ Կա ևս չորս օրինակ։ Անցյալ տարվա հոկտեմբերին ես հոդված գրեցի՝ բացահայտելով, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հրապարակել է Սան Դիեգոյի քաղաքապետի կողմից հրապարակված և հետագայում չեղարկված հռչակագիրը։ Քաղաքապետը ներողություն խնդրեց, հաջորդ օրը չեղյալ հայտարարեց իր հռչակագիրը ու խոստացավ հետագայում Ադրբեջանի վերաբերյալ հռչակագրեր չհրապարակել։ Նմանապես, Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը 2021 թվականի փետրվարին հրապարակեց և ավելի ուշ չեղյալ հայտարարեց այսպես կոչված «Խոջալուի օրը» հիշատակելու մասին հռչակագիրը: Քաղաքապետը երկու շաբաթ անց չեղարկեց իր հռչակագիրը և ներողություն խնդրեց հայ համայնքից։
Նույն սցենարը կրկնվեց Մեյն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Քաղաքապետ Քեթլին Սնայդերը ի սկզբանե հռչակագիր հրապարակեց 2021 թ․ փետրվարի 17-ին՝ ի հիշատակ «Խոջալուի հիշատակի օրվա»: Սակայն 2021 թ․ ապրիլի 1-ին քաղաքապետը գրեց. «Ես որոշել եմ չեղյալ համարել քաղաքապետի հռչակագիրը … Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը սույն հռչակագրի հրապարակման հետևանքով պատճառված ցավի և վնասի համար»։
Վերջապես, 2021 թ․ հոկտեմբերի 15-ին Կալիֆորնիայի Թորանս քաղաքը հռչակագիր հրապարակեց նշելու «Ադրբեջանի օրը»։ Նույն օրը ավելի ուշ, Թորանսի քաղաքապետ Պատրիկ Ֆյուրին ասաց, որ քաղաքապետարանը «սխալմամբ հռչակագիր է հրապարակել: Նախկինում քաղաքային իշխանությունները Տորանս քաղաքում հռչակել էին Ադրբեջանի ազգային օր՝ այն ուժի մեջ մտնելու օրը: Հաշվի առնելով հարակից տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ քաղաքային իշխանությունները հարգանքով խնդրել են Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությանը հանել հայտարարությունը բոլոր լրատվամիջոցներից»:
Սակայն, Սան Դիեգոյի և Թորանսի չեղյալ հայտարարված հայտարարությունները մնում են գլխավոր հյուպատոս Աղաևի ֆեյսբուքյան էջում։
Զարմանալի է, որ նման ապաշնորհ ու անպարկեշտ գլխավոր հյուպատոսին պաշտոնանկ անելու փոխարեն, ավելի են բարձրացնում՝ դարձնելով դեսպան Գերմանիայում։ Նկատի ունենալով Լոս Անջելեսում Աղաևի բազմիցս կրկնվող ոչ դիվանագիտական պահվածքը՝ նախագահ Ալիևն ավելի վատ ընտրություն չէր կարող անել՝ նրան դեսպանի կոչում շնորհելով։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն (Ջալալ Հարությունյան), Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:
Այսպես.
N զորամասի պաշտպանության առաջնագիծը ճեղքելուց և պաշտպանության գոտու խորք մխրճվելուց հետո ստեղծված իրադրությունը կարգավորելու, ճեղքված բնագիծը վերականգնելու, դեպի թիկունք ներթափանցած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու, վերջինիս սնուցման բոլոր ճանապարհները շրջափակելու նպատակով Ջ.Հ-ն 2020թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել հակառակորդին հասցնել բանակային հակահարված:
Ջ.Հ-ն, հանդիսանալով միանձնյա ղեկավար, խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու լինելով իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մշտական մարտական ու զորահավաքային պատրաստականության, զորամասի (ստորաբաժանման) մարտական խնդիրների հաջող կատարման համար, պարտավոր լինելով ապահովել հակահարվածի համար մարտական կանոնադրությամբ սահմանված անհրաժեշտ նախապայմանները, 2020թ. հոկտեմբերի 7-ին անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, այն է՝ պաշտպանության գոտու ողջ երկայնքով հակառակորդին 1:5 հարաբերակցությամբ թե քանակապես, թե որակապես զիջելու, այդ թվում՝ հակառակորդի օդային անգերազանցելի առավելության պայմաններում, լրջորեն չուսումնասիրելով յուրային ստորաբաժանումների մարտունակությունը և կարողությունները, կասեցրած չլինելով հակառակորդի առաջխաղացումը, 2020թ. հոկտեմբերի 5-ից չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու և այդ կերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն, ձեռնարկել է բանակային հակահարված, որի պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը, չի պահպանել մարտական խնդրի կատարման՝ իր իսկ սահմանած ժամանակացույցը, հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը։
Մարտական խնդրի կատարումը միաժամանակ մեկնարկելու փոխարեն ներգրավված զորամասերը գործել են չհամաձայնեցված՝ N զորամասը ժամը 07:00-ին Ջ.Հ-ի հրամանով Ղաջար կոչվող բնակավայրից մեկ հրաձգային գումարտակի մի մասի հետ անցել է խնդրի կատարմանն այն դեպքում, երբ մյուս զորամասի շարասյան գլխամասը դեռևս հասած է եղել Հադրութ քաղաք, իսկ ժամը 08:00-ի սահմաններում N զորամասի շարասյան գլխամասը ուժերի շուրջ 50 տոկոսով նոր միայն հասել է խնդրի կատարման մեկնարկային բնագիծ, որի պայմաններում N զորամասը հրաձգային գումարտակի մի մասի հետ հասել է գրեթե խնդրի կատարման բնագիծ և մարտի բռնվել հակառակորդի հետ՝ չունենալով աջակցություն աջ կողմից ու թիկունքից և կրել տանկերի, ՀՄՄ-ների և կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, տևական մարտերից հետո հայտնվել է հարձակման անցած հակառակորդի կողմից շրջափակման ենթարկվելու վտանգի առջև և հարկադրված նահանջ է կատարել, իսկ մյուս զորամասը առաջ շարժվելով և մինչ Պիրախմեդլի-Դորտչինար կոչվող շրջան հասնելը հակառակորդի խմբավորման հանդիպելուց և ոչնչացնելուց հետո առաջխաղացում չի ունեցել՝ տանկային գումարտակի տեղ չհասնելու պատճառով, մինչդեռ երկու զորամասերը խնդրի կատարումը պետք է մեկնարկեին զուգահեռ և միաժամանակ։
Ստեղծված իրավիճակում գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն ճիշտ չի գնահատել յուրային զորքերի կարողություններն ու հնարավորությունները, մասնավորապես՝ երկու զորամասերի՝ միմյանցից անջատ գործելու, մարտական կարգադրություններով նախանշված ժամկետները խախտելու և ուշացումով ելման շրջան հասնելու, այնուհետև՝ ուշացումով և ոչ ամբողջական կազմով մարտական խնդրի կատարումը մեկնարկելու, միմյանց հետ չփոխգործակցելու, զորամասերից մեկի՝ նախատեսվածի փոխարեն շուրջ 50 տոկոս ուժերի կազմով մարտական գործողությունը մեկնարկելու պայմաններում նախատեսված օպերացիան ակնհայտորեն ձախողելու հանգամանքը, մարտական օպերացիան չեղարկելու կամ ուշացումով մեկնարկելու և այդ ընթացքում հնարավոր բոլոր միջոցներով անձնակազմն ու տեխնիկան շարք վերադարձնելու փոխարեն շարունակել է մարտական օպերացիայի իրականացումը, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ ձախողվել է բանակային հակահարվածը, յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ զինտեխնիկայի և մարդկային ուժի կորուստներ (զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել է 19-ը, 29 ՀՄՄ-ից՝ 3-ը), ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ:
Շարունակելով անփույթ վերաբերմունք դրսևորել իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն բանակային հակահարվածի ձախողումից հետո՝ նույն օրը, որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ և երկու զորամասերի ուժերով ձևավորել է զրահախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները, և, ըստ էության, ստորաբաժանումների առջև դրվել է նույն մարտական խնդիրը, ինչ հոկտեմբերի 7-ին:
2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան, նշված զրահախումբը մարտական պատրաստականության վիճակի է բերվել՝ առաջադրված խնդրի կատարմանն անցնելու նպատակով, սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, զրահատեխնիկաներում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների, թվաքանակի քիչ լինելու պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա՝ հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած է եղել անձնակազմը և զրահատեխնիկան, յուրային ստորաբաժանումները կրել են տեխնիկաների և մարդկային ուժի կորուստներ, որպիսի գործողությունների հետևանքով ձախողվել է մարտական առաջադրանքի կատարումը։
Բացի այդ, ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն, սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դարձյալ դրսևորել է անփույթ վերաբերմունք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Այսպես.
2020 թվականի հոկտեմբերի 11-ին N զորամասի հրետանային դիվիզիոնը կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, նշված կրակային դիրքից շուրջ 1 կմ առաջ՝ բլրի վրա, տեղակայված դիվիզիոնի հրամանատարական դիտակետից դիտարկվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև ՀՀ ԶՈՒ համազգեստ կրող անձինք:
Հրամանատարական դիտակետում գտնվող դիվիզիոնի հրամանատարը, տեսնելով նշված խմբավորմանը և կասկածելով հակառակորդի դիվերսիոն խումբ լինելու մեջ, անմիջապես ռադիոկապի միջոցով իր ենթակա անձնակազմին հրամայել է թողնել կրակային դիրքը, որից հետո դուրս է եկել դիտակետից և շտապել իր անձնակազմի մոտ: Այդ ընթացքում զորամասի հրետանու պետը մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է բանակի հրետանու բաժին և խնդրել ճշտել նրանց պատկանելությունը: Հրետանու բաժնից այդ տեղեկությունը փոխացնվել է հրամանատարական կետում գտնվող գնդապետ Գ.Բ-ին, ով իր հերթին այդ մասին զեկուցել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ին։ Վերջինս համակողմանի չի ուսումնասիրել, մշակել, դասակարգել հավաստիության աստիճանով իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, չի համադրել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունների հետ, լրացուցիչ հետախուզություն չի կազմակերպել, իրադրության տվյալների վերլուծություն և գնահատման արդյունքում ամբողջական ու հիմնավորված եզրահանգումներ չի կատարել, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, սակայն առանց հիմնավորման նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:
Այդ ընթացքում՝ մինչև խորացված հրամանատարական կետից տեղեկություն ստանալը, կրակային դիրքերի անձնակազմը պատրաստվել է թողնել այն, մոտեցրել են մեքենաները և սկսել հավաքել իրերը: Հրետանու շտաբից առաջ շարժվող խմբի յուրային լինելու վերաբերյալ տեղեկությունը N զորամասի հրետանու պետին փոխանցելուց հետո վերջինիս ցուցումով դիվիզիոնը կրկին մնացել է կրակային դիրքում և շարունակել ծառայությունը, մեքենաները վերադարձրել են նախկին կայանման վայրեր: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը և խնդրել է ևս մեկ անգամ իր ներկայությամբ հստակեցնել նկատված խմբավորման պատկանելությունը, ինչից հետո կրկին ռադիոկապով համապատասխան հրամանատարական օղակների միջոցով տեղեկությունը հստակեցնելու լրացուցիչ խնդրանքով զեկուցվել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ին։
Վերջինս, այս անգամ մոտենալով աշխատանքային քարտեզին, օպերատիվ և հետախուզության բաժինների սպաների հետ միասին քննարկում է կատարել, որից հետո, առանց հստակեցնելու մոտեցող անձնակազմի պատկանելությունը, քարտեզներում չունենալով որևէ տեղեկատվություն տվյալ շրջանում համազորային ստորաբաժանումների տեղաշարժի վերաբերյալ, հայտնել է, որ խմբավորումը յուրային է, որը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:
Վերադառնալով դիվիզիոնի հրամանատարական դիտակետ՝ դիվիզիոնի հրամանատարը շարունակել է կասկածել մոտեցող խմբավորման յուրային լինելու վերաբերյալ ստացված տեղեկատվությանը և շարունակել դիտարկումը: Մի քանի րոպե անց հակառակորդի դիվերսիոն խումբը շրջանցել է հրամանատարական դիտակետը և առաջ շարժվել դեպի կրակային դիրքերի ուղղությամբ: Դիվիզիոնի հրամանատարը շուրջ 500 մետրից հավաստիացել է մոտեցող խմբի ոչ յուրային լինելու մեջ և կարգրադրել լքել կրակային դիրքը, սակայն գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու և դրանով պայմանավորված՝ ժամանակավրեպ հրաման արձակելու հետևանքով հակառակորդն արդեն դուրս է եկել 1-ին մարտկոցի կրակային դիրքի առջևի հողաթմբի վրա և շուրջ 400 մետր հեռավորությունից հրաձգային զենքերից և նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի և մեքենաների ուղղությամբ: 2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելով և կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները և այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել և փորձել է դուրս գալ կրակային դիրքից, որի հետևանքով ուժերի և միջոցների անհավասար մարտում զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, հրետանու պետ, փոխգնդապետ Ն.Հ-ի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է, Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ, այդ թվում՝ դիրքերում մնացել են թվով 8 հատ Դ-20 հրանոթները, թվով 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, մեծաքանակ զենք-զինամթերքը, այդ թվում՝ հրանոթի արկերը, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը, հակառակորդը ստացել է տարածքային և ռազմավարական առավելություն տվյալ շրջանում, այն է՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, հակառակորդի նշված դիվերսիոն խումբն առանց խոչընդոտների հասել և վերահսկողության տակ է վերցրել N զորամասի մշտական տեղակայման վայրը:
2022թ. սեպտեմբերի 2-ին Ջ.Հ-ին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին), նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը եւ մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր եւ վիրավորներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Այսպես.
Գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, անձնական պատասխանատվություն կրելով ենթակա զորքերի պատրաստության եւ պատրաստականության, կիրառման, ինչպես նաեւ՝ զորքերին (ուժերին) առաջադրված խնդիրների հաջող կատարման համար, 2020 թվականի հոկտեմբերի 30-ից Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում չի ապահովել զորքերի (ուժերի) մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը եւ չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ընդունած որոշումների իրականացման նկատմամբ չի դրսեւորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ եւ լիարժեք հրամանատարությունը։
Մասնավորապես, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն իր կողմից արձակված մարտական կարգադրությամբ Շուշիի հարակից շրջանների պաշտպանական բնագծի չպահվող հատվածում չի հանձնարարել զորք տեղակայել, չի նշել հարեւանների խնդիրները, սահմանազատման գծերը: Հոկտեմբերի 31-ին N ստորաբաժանման զբաղեցրած բնագծի աջակողմյան տեղամասում, ինչպես նաեւ Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն չի կազմակերպել, այն պայմաններում, երբ դեռեւս հոկտեմբերի 27-ից իր ենթակայության տակ ունեցել է Շուշիի ուղղությունում գտնվող N զորամասի հենքի վրա կազմավորված 95 զինծառայողներից բաղկացած հատուկ հրաձգային վաշտը, հոկտեմբերի 27-ից եւ 28-ից՝ իրենց պաշտպանության տեղամասից դուրս եկած՝ համապատասխանաբար N զորամասի երկու առանձին գումարտակները՝ բաղկացած ընդհանուր 365 զինծառայողներից, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել մարտական խնդիրների կատարմանը։
Բացի այդ, մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Մ.Ա.-ն իր կողմից ստորագրված օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացնելիս նշել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, այն պայմաններում, որ 2020 թվականի նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։ Վերջինիս որոշմամբ Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայում նշված ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ, մասնավորապես՝ նոյեմբերի 5-ին N զորամասի մեկ հրաձգային գումարտակը տեղակայվել է Շուշի–Քարին Տակ խաչմերուկից մինչեւ «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի սկզբնամաս՝ կամարի մոտակայք, սակայն մինչ այդ հակառակորդի ստորաբաժանումներն արդեն իսկ հսկողության տակ են վերցրել Քարին Տակ բնակավայրը, Շուշի–Լիսագոր մայրուղու՝ «Զառըսլի» կոչվող տեղամասի հատվածը, եւ «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի խորքն ընկած հատվածները, որպիսի պայմաններում գումարտակի անձնակազմը չի հասցրել կազմակերպել կայուն պաշտպանություն, տվյալ ուղղություն տեղափոխվելով՝ անմիջապես հայտնվել է շրջափակման վտանգի տակ եւ պաշտպանության փոխարեն անցել է ինքնապաշտպանության՝ կրելով զոհեր եւ վիրավորներ, մինչդեռ նշված ստորաբաժանումը դեռեւս նոյեմբերի 1-ից պատրաստ է եղել ներգրավվել մարտական գործողություններին։
Բացի այդ, Շուշիի պաշտպանողական օպերացիայում չեն կիրառվել դեռեւս 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մարտական գործողություններում ներգրավվելու պատրաստ երկու առանձին մոտոհրաձգային գնդերի գումարտակները՝ յուրաքանչյուրը բաղկացած 250 զինծառայողից, իսկ դեռեւս հոկտեմբերի 20-ից՝ շուրջ 150 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ, այսինքն՝ ընդհանուր 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։
Բացի այդ, Մ.Ա.-ի կողմից խախտվել են զորքերի միանձնյա ղեկավարման, ենթականերին առաջադրված խնդիրների կատարման եղանակների որոշման նախաձեռնողականության տրամադրմամբ կենտրոնացված կառավարման սկզբունքները. Շուշիի ուղղությամբ գործող զորքերի ղեկավարներն իրադարձությունների անընդհատ փոփոխման պայմաններում չեն հասցրել տեղում ուսումնասիրել յուրային ստորաբաժանումներին եւ դրանց տեղակայման վայրերը, կիրառել դրանց ըստ անհրաժեշտության, ապահովել Շուշիի ուղղությամբ գործող կանոնավոր բանակի ստորաբաժանումների եւ աշխարհազորի միջեւ անհրաժեշտ համագործակցությունը, պաշտպանության մի շարք տեղամասերում՝ Շուշի-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքում, տվյալ խաչմերուկից մինչեւ Շուշի–Քարին Տակ խաչմերուկն ընկած հատվածում, ստորաբաժանումներ չեն տեղակայվել («Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների հատվածով հակառակորդը շրջանցել է յուրային ստորաբաժանումներին եւ շրջափակման մեջ վերցրել Շուշի քաղաքը)։
Այսպիսով,
գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ. 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, հակառակորդի ստորաբաժանումներն աջ թեւից շրջանցել են յուրային N ստորաբաժանման անձնակազմին (չնայած այն հանգամանքին, որ ստորաբաժանման հրամանատարը Մ.Ա.-ին զեկուցել է պաշտպանության բնագծի աջակողմյան հատվածի չպահվելու, իսկ հետագայում՝ այդ տեղամասով հակառակորդի ստորաբաժանումների շրջանցում կատարելու մասին)՝ Սղնախ գյուղից շարժվելով «Նաբիլար» եւ «Զառըսլի» կոչվող տեղամասերի ուղղություններով՝ Շուշի քաղաքի եւ Լիսագոր բնակավայրի միջտարածություն, որից հետո նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շուշի-Լիսագոր մայրուղու «Նաբիլար» եւ «Զառըսլի» կոչվող տեղամասերում հատել են մայրուղին, անցել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ՝ տիրելով բարձունքին, կուտակել իրենց ուժերը եւ առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք, այնուհետեւ շրջանցել են Շուշի — Քարին Տակ խաչմերուկում տեղակայված յուրային ստորաբաժանումներին եւ նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով Շուշի քաղաքը եւ մատույցները, յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառելու հետեւանքով, տվել են զոհեր եւ վիրավորներ:
2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն): Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։
Նախաքննությունը շարունակվում է»։
«Փաստ» օրաթերթը գրում է
politnavigator.net-ը «Ռուսաստանը պատրաստվում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, իսկ հայերը՝ Փաշինյանի տապալմանը» վերնագրով հոդվածում գրում է, որ օգոստոսի 23-ին Երևանում տեղի է ունեցել հանրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի կազմակերպած հանրահավաքը դարձել է «նախնական փորձ» ավելի մեծ «համահայկական» հանրահավաքի համար, որը կանցկացվի սեպտեմբերի 2-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում։ Ղազարյանը փորձել է մտնել կառավարության շենք՝ հանդիպելու Փաշինյանին, որը, ըստ նրա, վախեցել և թաքնվել է։ Քաղաքական գործիչն իր սպանիչ հումորով Հայաստանի գործող իշխանություններին անվանել է «Ադրբեջանի դեսպանատուն Երևանում» և առաջարկել է՝ Փաշինյանին հանձնել Ադրբեջանին, քանի դեռ նա ինքը չի հանձնել Արցախը, Սյունիքը և Սևանա լիճը։
Ամենայն հավանականությամբ, վարչապետը չի ցանկացել լսել ընդդիմության մեղադրանքները, իսկ դրանք կապված են Ղարաբաղյան երկրորդ՝ պարտված պատերազմի և Փաշինյանի հետագա գործողությունների հետ։ Ամենալուրջ մեղադրանքներից մեկը վերաբերում է այս տարվա ապրիլի 14-ին երկրի խորհրդարանում վերջինիս հայտարարությանը, թե «միջազգային հանրությունը կոչ է անում իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը»։ Ադրբեջանական կողմը Ղարաբաղը համարում է իր անբաժանելի մասը։ Բաքուն ձգտում է դուրս բերել «հայկական օկուպացիոն ուժերը» Արցախից և, համապատասխանաբար, վերականգնել վերահսկողությունը տարածաշրջանի վրա, ինչպես դա եղել է Առաջին ղարաբաղյան պատերազմից առաջ խորհրդային ժամանակներում: Բացի այդ, ԼՂՀ-ում բնակվող հայերին խոստանում են անվտանգության լիակատար երաշխիք և հավասար իրավունքներ՝ որպես «Ադրբեջանի լիիրավ քաղաքացիներ» (չակերտները մերն են-«Փաստ»)։
«Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են վստահ լինել, որ իրենց անվտանգությունը՝ որպես Ադրբեջանի քաղաքացի, ապահովված կլինի»,- սրանք Ալիևի խոսքերն են։ Արդյո՞ք կհավատան ղարաբաղցիները Ալիևի խոսքերին, դժվար է ասել։ Ամեն դեպքում, կարելի է հետաքրքրությամբ դիտել Ստեփանակերտի և Բաքվի միջև որոշակի շփումները՝ երկու կողմերի բնակչության հումանիտար և տնտեսական խնդիրները լուծելուն ուղղված։ Մենք նկատի ունենք կողմերի մտադրությունը՝ համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները։ Միասնական քաղաքականություն մշակելու նպատակով ԼՂՀ հայ մասնագետները պարբերաբար այցելում են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ, իսկ օրերս ադրբեջանական Melioration and Water Management ընկերության աշխատակիցներն են այցելել Սարսանգի ջրամբար և հանդիպել այնտեղ գտնվող հայ գործընկերների հետ։ Ի դեպ, աբխազա-վրացական նմանատիպ տնտեսական համագործակցությունը հաջողությամբ ընթանում է արդեն երեք տասնամյակ. համատեղ շահագործվում է ամենահզոր Ինգուրի ՀԷԿ-ը։ Զարմանալի չէ, որ ադրբեջանցի մասնագետների այցն Արցախ դժգոհություն է առաջացրել հայկական ընդդիմության ներկայացուցիչների շրջանում, որոնք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անհամեմատ ավելի կոշտ դիրքորոշումներ ունեն, քան պաշտոնյաները։ Այնպես որ, ինքնահռչակ ու ոչ մեկի կողմից չճանաչված ԼՂՀ կարգավիճակն ամենասուր հարցն է, որը դուրս չի եկել օրակարգից։
Ահա ընդդիմությունից Փաշինյանին ուղղված ամենաբնորոշ մեղադրանքները. «Փաշինյանը գնում է Արցախը Ադրբեջանին փոխանցելու, Արցախի հայաթափման, Հայաստանի թուրքացման ճանապարհով»: Ընդդիմության մեղադրանքները վերաբերում են նաև Փաշինյանի գործնական քայլերին՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 10-ին ռուսական կողմի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է փաստաթղթի վերջին՝ 9-րդ հոդվածի իրականացմանը, որտեղ գրված է. «Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակվում են։ ՀՀ-ն երաշխավորում է ԱՀ արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը»։
ՀՀ Սյունիքի մարզի բնակիչները դժգոհ են իրենց բնակության վայրերով ադրբեջանական շրջանների միջև տրանսպորտային կապեր բացելու հեռանկարից (ինչը նաև կբերի տարածաշրջանի մի տեսակ «կտրելուն»), ուստի հատկապես ագրեսիվ են Փաշինյանի նկատմամբ։ Զանգեզուրը համարվում է Հայաստանի ամենաընդդիմադիր շրջանը։ Ակնկալելով բնակչության դժգոհության կտրուկ աճ և հաշվի առնելով ընդդիմության համար տեղեկատվական հզոր առիթի ի հայտ գալը՝ Երևանը հնարավորինս ձգձգում է այդ հարցի լուծումը՝ ուշադրություն չդարձնելով ո՛չ Բաքվի պահանջներին ու սպառնալիքներին, ո՛չ էլ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցում Կրեմլի մեծ հետաքրքրության մասին. «Իհարկե, Ռուսաստանը շահագրգռված կլինի ապաշրջափակմամբ, քանի որ Զանգեզուրի միջանցքը Ռուսաստանին կապելու է նաև Թուրքիայի հետ։
Մոսկվան կարող է հույս ունենալ, որ որոշակիորեն կթուլանա պատժամիջոցների ճնշումը՝ օգտագործելով այդ միջանցքի ներուժը»։ Դեռ ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը խոստացել էր ամեն գնով բացել Զանգեզուրի միջանցքը, այն է՝ երկաթգիծը, որը գոյություն ուներ խորհրդային տարիներին։ Վերջերս՝ օգոստոսի 12-ին, Ալիևը կրկնել է, որ Բաքուն մոտակա շաբաթների ընթացքում Հայաստանից սպասում է Զանգեզուրի միջանցքի կոնկրետ երթուղու տեղը։ Մի՞թե իրավիճակը մտել է փակուղի։ Այս ամենը նկատի ունենալով՝ ավելի լավ է Փաշինյանը վալիդոլով նստի բանակցային սեղանի շուրջ, որտեղ նրան կստիպեն շատ դժվար որոշում կայացնել, իսկ հետո լեզվի տակ դրված վալիդոլով թռչի Երևան, որտեղ նախատեսվում է ընդդիմության զանգվածային հանրահավաքը։ Եվս մեկ մանրամասն՝ սեպտեմբերի 2-ը համարվում է Արցախի անկախության օրը, և հենց այդ օրվա կապակցությամբ է տեղի ունենում «Համահայկական հանրահավաք»։ Երևանում այդ օրը թեժ է լինելու թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստով։
2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով ծանր հարված է հասցվել Արցախի տնտեսության զարգացման բնականոն ընթացքին, որի հետևանքով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում:
2021 թվականին համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նվազել է 12.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազել է 33.6 տոկոսով:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ամենամեծ անկումը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում են մնացել Արցախի վարելահողերի մոտ 75 տոկոսը, արոտավայրերի 85 տոկոսը, պտղատու այգիների զգալի մասը, ինչպես նաև ոռոգովի տարածքների մոտ 90 տոկոսը: Ավելի քան 50 տոկոսով կրճատվել է նաև անասնագլխաքանակը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2020 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազել է 51.1 տոկոսով:
«Միակ ոլորտը, որտեղ պատերազմական ժամանակաշրջանից հետո գրանցվել է աճ՝ շինարարության ոլորտն է, ինչը պայմանավորված է պետության կողմից իրականացվող լայնածավալ բնակարանաշինական ծրագրերով: 2021 թվականին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված կապիտալ շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 48.3 տոկոսով»,-ասաց նախարարը:
Հետպատերազմյան պետության տնտեսությունը. ի՞նչ խնդիրներ ունի այսօր արցախցի գործարարը.
Պատերազմական գործողությունների և հետպատերազմյան գործընթացների հետևանքով ահռելի կորուստներ են կրել ինչպես մեր վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում գործունեություն ծավալած կազմակերպությունները, այնպես էլ գրեթե մյուս բոլոր տնտեսավարող սուբյեկտները, ընդ որում, ոչ միայն նյութական տեսքով, այլ նաև ռեսուրսային ապահովման, լոգիստիկայի առումով:
Նախարարի խոսքով՝ կառավարության ներկայիս գերխնդիրն է հանդիսանում կարճ ժամանակահատվածում վերականգնել տնտեսությունը` կիրառելով խթանիչ ծրագրեր, նորագույն տեխնոլոգիաներ և արդյունավետ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն ապահովել որակական բարձր մակարդակ ունեցած փոքրածավալ արտադրական հզորությունների ու աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ: «Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ծրագրեր գյուղատնտեսության, արդյունաբերության (հանքարդյունաբերության, թեթև և վերամշակող արդյունաբերության) և մի շարք այլ ոլորտներում: Մեր նպատակն է ստեղծել տնտեսական մի այնպիսի համակարգ, որը կգեներացնի բոլոր այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր կլինի լուծել անվտանգային խնդիրները և ապահովել բնակչության զբաղվածության և բարեկեցության մակարդակների շարունակական բարձրացում»,-նշել է Վահրամ Բաղդասարյանը:
Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությունը հետպատերազմյան Արցախում.
Պատերազմից հետո տնտեսական կյանքը բարելավելու և ՓՄՁ ոլորտին աջակցելու նպատակով Արցախի Հանրապետության կառավարությունը իրագործել է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, նախաձեռնվել է հարկային արտոնությունների մի ծանրակշիռ փաթեթ, որը շոշափում է գրեթե բոլոր հարկատեսակներն՝ ուղղված տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռի հնարավոր թեթևացմանը:
«Այսպես, մինչև 2022 թվականը շահութահարկի վճարումից ազատվել են շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկատուների մեծ մասը, իսկ 2023 թվականից շահութահարկի դրույքաչափը սահմանվելու է 5 տոկոս: Նմանատիպ ձևով անհատ ձեռնարկատերերը նույն ժամանակահատվածում ազատվել են եկամտային հարկի վճարումից: Մինչև 2026 թվականը Արցախի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը ազատվել է ավելացված արժեքի հարկից»,-հայտնել է նա:
Բաղդասարյանը հավելել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը մշակել է նաև մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում արտոնյալ պայմաններով և պետության կողմից անմիջական օժանդակությամբ վերականգնել կորցրած բիզնեսները: Այսպես, 2021 թվականին մեկնարկել է նոր ծրագիր, ըստ որի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակում տրվում է գանձապետական հասարակ մուրհակ՝ 5 տարի մարման ժամկետով՝ 7 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
«Գործող ծրագրի շրջանակում շահառու իրավաբանական և ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվում 2023 թվականի հուլիսից վաղաժամկետ ստանալ մուրհակում նշված գումարը, եթե նրանք ներկայացնում են գործարար ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս վերականգնել գործող բիզնեսը կամ նոր բիզնես սկսել»,-նշել է նախարարը՝ հավելելով,որ 2021թվականին մեկնարկած մյուս ծրագիրը նորարարության և ձեռներեցության խրախուսման դրամաշնորհային ծրագիրն է՝ ուղղված տնտեսության երեք կարևորագույն ճյուղերի՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության և գյուղական տուրիզմի զարգացմանը, որը նպատակ է հետապնդում նորարարական մոտեցումների կիրառման միջոցով նոր շունչ հաղորդել դրանց: «Ծրագրի շրջանակներում ընդունվել են թվով 36 հայտ, որից 12-ը՝ գյուղատնտեսության, 17-ը՝ մշակող արդյունաբերության և 7-ը՝ գյուղական տուրիզմի վերաբերյալ: Ի թիվս նոր ծրագրերի, 2021 թվականի ընթացքում շարունակվել են մինչև պատերազմը գործող ՓՄՁ աջակցության մյուս ծրագրերը ևս: Այսպես, 2021 թվականին «Աջակցություն տեղական արտադրողներին» ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվել մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների, մասնավորապես, «Մետաքսկոմբինատ», «Մկրտումյան», «Հաթերք-Ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Գրեյթ Փարթներս» փակ բաժնետիրական ընկերություններին: «Տնտեսական համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպում և կազմակերպմանն աջակցություն, միջազգային համաժողովներին և ցուցահանդեսներին Արցախի Հանրապետության մասնակցության ապահովում» ծրագրի շրջանակում ապահովվել է արցախյան ընկերությունների մասնակցությունը տեղական և միջազգային ցուցահանդեսներին»,-ընդգծել է Վահրամ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ 2021 թվականի ընթացքում գործող ծրագրի շրջանակում թվով 3 ՓՄՁ սուբյեկտի տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ կազմակերպված ցուցահանդեսներին և տոնավաճառներին նրանց մասնակցության, ընկերությունների ներկայացման և մարքեթինգային ծախսերի փոխհատուցման նպատակով: «Ծրագրային ապահովման և հրատարակչական ծառայությունների ձեռքբերում» ծրագրի շրջանակում 2021 թվականին կազմակերպվել են «Վարկանիշ» ամսագրում 7 ՓՄՁ սուբյեկտի գործունեության վերաբերյալ տեղեկատվական նյութերի մշակման և տպագրման աշխատանքները:
Վերը նշված բոլոր ծրագրերն ու սահմանված հարկային արտոնություններն ըստ նախարարի, ուղղված են Արցախի Հանրապետությունում անխոչընդոտ տնտեսական գործունեության ծավալման նպաստմանը:
«Իր վրա վերցնելով հարկային պարտավորությունների գերակշիռ մասը՝ պետությունը խրախուսում է Արցախում գործարար միջավայրի բարելավումը և, ամենակարևորը, կիսում ներդրողների համար հնարավոր բոլոր ռիսկերը: Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում, կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ»,-նշեց նա:
Արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծումները.
Խոսելով արտահանման վրա վերջին իրադարձությունների ազդեցության մասին՝ նախարար Բաղդասարյանը նշել է, որ ի թիվս այլ արտադրական ակտիվների և ամբողջական ձեռնարկությունների, ցավոք, թշնամու տիրապետության տակ են մնացել նաև արտաքին շուկաներում արդեն իսկ ճանաչելիություն ձեռք բերած՝ արտահանման կայուն ծավալներ ունեցող արցախյան ձեռնարկությունները: Որոշ դեպքերում արտահանումը ժամանակավորապես դադարեցվել է՝ պայմանավորված արտադրողների մոտ վերականգնողական աշխատանքների իրականացմամբ:
«Այս ամենը չի կարող չանդրադառնալ երկրի արտահանման ծավալների և կառուցվածքի վրա, որն առաջացրել է տարբեր բնույթի նոր մարտահրավերներ ու պահանջում է արտաքին շուկաներում տեղական արտադրանքի առաջմղման պետական աջակցության ավելի գործուն մեխանիզմների կիրառում: Այս առումով, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը գործնական քայլեր է ձեռնարկում տեղական արտադրանքի արտահանման խթանման և արտադրողներին աջակցության տրամադրման ուղղությամբ, ինչպես նաև իրականացնում է ծրագրեր՝ ուղղված տեղական արտադրողների արտադրանքի տեսականին արտաքին շուկաներում ներկայացնելուն»,-ասել է Բաղդասարյանը՝ կարևորելով նաև էլեկտրոնային հարթակների ավելի ակտիվ օգտագործումը:
Նա հավելել է, որ նախատեսվում է մոտակա ժամանակներում իրականացնել տեղական արտադրողների մասնակցության ապահովում միջազգային ցուցահանդեսներին և համաժողովներին:
«Կշարունակվեն նաև արտահանման համար անհրաժեշտ սերտիֆիկացման ծախսերի մասնակի փոխհատուցումները: Այդուհանդերձ, արտահանման շուկաներից բացի կարևոր է նաև մեր հայրենակիցների կողմից տեղական արտադրանքի նկատմամբ կողմնորոշման բարձրացումը, ինչպես նաև այդ ապրանքների իրացումը»,-ընդգծել է նախարարը:
Թուրքիայի նախագահ Էրդողանի միջնորդական ջանքերը` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Լվովում կայացած հանդիպումով, կարծես թե հաջողություն չեն ունեցել: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը
«Նրա միջնորդական առաքելությունը հաջողություն չի գրանցել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ու բանակցությունները սկսելու առումով: Իսկ արդյո՞ք այդ գործընթացում Թուրքիայի բուն նպատակը պատերազմը կանգնեցնելն ու բանակցություններ նախաձեռնելն է:
Դատելով միջազգային լրահոսում տեղ գտած տարատեսակ վերլուծություններից, Էրդողանն այդ «առաքելությունը» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստանձնել է նախ և առաջ Թուրքիայի դերակատարությունը միջազգային հարաբերություններում բարձրացնելու նպատակով:
Պատերազմի դադարը չէ, որ այս պահին հետաքրքրում է Թուրքիային, այլ վատ ստարտային պայմաններով ընտրությունների գնացող Էրդողանի իմիջի բարձրացումը: Թուրքիան շարունակում է արդյունավետորեն հավասարակշռել իր դերակատարումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև: ՌԴ հետ սկսված «բարեկամությանը» զուգահեռ Էրդողանը ձգտում է ամեն կերպ պահպանել ու ամրապնդել իր դիրքերը նաև արևմտյան ճամբարում:
Որոշ տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Լվով է մեկնել ոչ դատարկաձեռն։
Ելնելով այն հանգամանքից, որ նախագահների հանդիպումը կարճ է տևել (40 րոպե), և դատելով հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկու արված հայտարարությունից` այդ առաջարկները ի սկզբանե մերժվել են։
Ի՞նչ է տարել Էրդողանն իր հետ Լվով.
1. Ուկրաինան Ղրիմը ճանաչում է որպես ռուսական, Գերագույն Ռադան դա ճանաչում է և ներկայացնում որպես սահմանադրության փոփոխություն։
2. Ուկրաինայի բոլոր ռազմական դոկտրիններից հանվում է «ագրեսոր» երկրի հայեցակարգը և կնքվում է համապարփակ համագործակցության չեզոք համաձայնագիր և այն վավերացվում երկու երկրների խորհրդարանների կողմից։
3. ԼԺՀ և ԴԺՀ ճանաչվում են որպես առանձին հանրապետություններ, և նրանց ինքնիշխանությունը հաստատվում է ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից։
4. Խերսոնի և Զապորոժիեի շրջանները ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացնում են պլեբիսցիտ (հանրաքվե)։
5. Ուկրաինան ստանում է չեզոք ոչ բլոկային կարգավիճակ և անվտանգության երաշխիքներ, որոնք տալիս են ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները։
6. Ուկրաինայի ամբողջական ապառազմականացում:
7. Բոլոր բարեփոխումների և բոլոր համաձայնագրերի իրականացման ժամանակահատվածում Ուկրաինայի տարածք է մտցվում ՄԱԿ-ի միջազգային կոնտինգենտը, որը պաշտպանում է սահմանը, ատոմակայանները, նավահանգիստները և օդանավակայանները։
8. Տեղի են ունենում Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններ:
9. Տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ:
10. Իրականացվում է Ուկրաինայի սահմանադրության ամբողջական փոփոխություն և թափանցիկություն, ռուսախոսների իրավահավասարություն և արտաքին քաղաքական չեզոքություն։
Հանդիպման միակ համաձայնությունն այն է, որ Թուրքիան ևս կմասնակցի հետպատերազմյան Ուկրաինայի վերականգնմանը: Իսկ առայժ ընթացող պատերազմը լրջագույն հետևանքային սպառնալիք է նաև Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի անվտանգության համար: Չնայած, որ Հայաստանը` այլ երկրների հետ միասին հայտնվել է ֆինանսապես «շահեկան» վիճակում»,- գրել է նա:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ:
«Վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ոնեցած ողբերգությանը ներգրավվածության համար։
Մենք սա համարում ենք ուղղակի սադրանք այն քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում, որոնց նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն, ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները։
Համապատասխան նոտան դեսպանատան կողմից ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին», — ասվում է ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ
Բերձորի միջանցքում կառուցված ու կառուցվող ճանապարհներին է անդրադարձել Արցախի հանրային հեռուստաընկերությունը։
Ճանապարհի նորակառույց հատվածը սկիզբ է առնում Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու 36–րդ կմ–ից՝ Մեծ Շեն տանող խաչմերուկից։ 2021–ի հունիսից այս ճանապարհի շինարարությունը սկսել է ադրբեջանական կողմը, մեկ տարի անց հայտնել ավարտի մասին։
Ավելի քան 11 կմ լայնությամբ և 21 կիլոմետր երկարությամբ նորակառույց ճանապարհն անցնում է Մեծ Շենով, շարունավում դեպի Շին Շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը։
Լաչինի միջանցքի նոր երթուղին կհասնի Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնք, այնտեղից էլ կշարունակվի դեպի Տեղ ու կմիանա Գորիս տանող մայրուղուն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.