23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեր քաղաքական դաշտում արդեն շատ-շատերը, պատկերավոր ասած, «յուղ են վառում»: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը ճիշտ ու ճիշտ նոր բաժանված ամուսինների պես իրար են անպատվում, ՀԱԿ-ից մարդ գլուխ չի հանում, թե ի վերջո ինքնուրո՞ւյն են գնալու ընտրությունների, թե կցվելու են ԲՀԿ-ին, Գալուստ Սահակյանն արժանացել է Անի Քոչարի թունդ անեծքին, քանի որ ասում է, որ ԱԺ-ում հաշմանդամներին թեքահարթակներով ապահովելու փող չկա, ամբողջ Երևանն էլ քննարկում է իր քաղաքապետի և Վոլոչկովայի ֆոտոսեսիան…
Մինչդեռ «իշխանափոխված» Վրաստանը կրկնում է Հայաստանի` 1998-ի ճանապարհը: «Голос России» ռադիոկայանը հաղորդեց՝ Վրաստանի նորընտիր խորհրդարանը բացի այն, որ շատ սառն է ընդունել Սահակաշվիլու հայտնվելը խորհրդարանում, նաև իր անդրանիկ նիստում խորհրդարանական հանձնաժողով է ստեղծել «Սահակաշվիլու ռեժիմի կատարած հանցագործությունների բացահայտման» նպատակով: Իսկ 1998-ին Հայաստանում ստեղծվել էր Քաղաքական խորհուրդ` Ռոբերտ Քոչարյանին կից, Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմին քաղաքական և իրավական գնահատական տալու համար: Եթե մեզանում Վանո Սիրադեղյանը փախավ երկրից, վրացիների մոտ էլ փախավ Դմիտրի Շաշկինը: Վստահաբար, Սահակաշվիլուն էլ նույն ձևի հանգիստ կթողնեն, ինչպես մեզանում հանգիստ էին թողել Տեր-Պետրոսյանին: Ժամանակին` Ելցինի հրաժարականից հետո, մեր ռուս բարեկամները կատակով սպառնում էին` ՌԴ քրեական օրենսգրքում մտցնել «Երկիրն անսթափ ղեկավարելու մասին» հոդված… Կատակը կատակ, բայց մեզ հայտնի է, թե ինչպիսի վնասներ հասցրեց Ռուսաստանին «Ելցինի ռեժիմ» կոչեցյալը, բայց հիմա մարդը արձաններ ունի…
Իհարկե, մեր, ռուսների, վրացոց սրտերը կհովանային, եթե դատվեին Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Ելցինի, Սահակաշվիլու ռեժիմները, բայց հետխորհրդային տարածքում տենդենցն այն է, որ չեն դատվում ու չեն դատվելու: Միգուցե բարին դա է` ցնցումներից, շառից, փորձանքից հետո… Ու ինչպես եղել էր ԽՍՀՄ քանդելու դեպքում, նախկին վարչակարգերին չդատելու դեպքում էլ մենք` հայերս, առաջնեկ դուրս եկանք:
Դեռ 1990-91 թվականներին ոչ ոք չդատեց մեր նախկին կոմունիստ ղեկավարներին, և՛ գլխանց, և՛ մինչև հիմա ոչ ոք չի անում այնպիսի տխմարություն, ինչպիսին է ԿԳԲ-ի նախկին ագենտների բացահայտումը: Իսկ 1998-ին Սպարապետը հայտարարեց, որ վերջ` սա վերջին արտահերթ ընտրությունն է մեր երկրի: Տեր-Պետրոսյանի վարչակարգին էլ Քաղաքական խորհուրդը, ուր գերիշխում էին Լևոնի երեսից տուժած դաշնակները, տվեց շատ մեղմ գնահատական`առանց իրավական գնահատականի:
2008-ի իշխանության փոխանցման ժամանակ էլ Տեր-Պետրոսյանն արեց իշխանությունը զոռով խլելու անհաջող փորձ, սակայն գործնականում նրան ներեցին, հետը երկխոսեցին, իսկ երբ այս ԱԺ ընտրություններից առաջ, Վանոյի խոսքով ասած, «ղալաթ» արեց և երդվեց ԲՀԿ-ի արևով, նույնիսկ օգնեցին դուրս չթռնել ԱԺ-ից ու խմբակցություն ունենալ…
Ինքնին Լևոնի սերն առ ԲՀԿ տարօրինակ երանգ ուներ և ունի, քանի որ նշանակում է կամա թե ակամա խաղալ Քոչարյանի օգտին: Ու ստացվում է, որ ՀՀ երեք նախագահների «եռանկյունում» թեև իրար դեմ ինտրիգներ լարելն անպակաս է, բայց լավ էլ իրար «պասեր» տալով խաղում են: Եթե Տեր-Պետրոսյանը «պաս» է տալիս Քոչարյանին, ապա Քոչարյան-Սարգսյան հարթությունում հաստատ հակասություններն ավելի քիչ են… Կարճ ասած, ՀՀ երեք նախագահների միջև պայթյունավտանգ ոչինչ չի կատարվում, և այդ «եռանկյունուց ձերբազատվելու»` Ժիրայր Սէֆիլյանի և այլոց գաղափարները 2013-ի ընտրություններին հաստատ անիրագործելի են… Րաֆֆի Հովհաննիսյանով կամ էկզոտիկ էպոսագետով հաստատ նույնիսկ փոքր տեղաշարժ չի ստացվի:
Ի դեպ, ՀՀ բոլոր երեք նախագահներին արժվորելու և էքս-նախագահների ուժերը պետականաշինությունում օգտագործելու գաղափարը գնալով թափ է հավաքում: Առաջինը դա դեռ 2010-ին հնչեցրել էր գեներալ-քաղաքագետ Հայկ Քոթանջյանը, այնուհետ այդ միտքը պարբերաբար հնչել է, այժմ էլ սկսում է դառնալ ակտիվ երիտասարդների սեփականություն: Ահա, մասնավորապես, ինչ է գրում երիտասարդ բլոգեր Սմբատ Ղահրամանյանը. «Որքան պետությունը, ժողովուրդը հավատա, զորակցի իր երկրի ղեկավարին՝ ով էլ լինի այդ պաշտոնում, այդքան այդ երկիրը ավելի կծաղկի ու կբարգավաճի, կհզորանա ու հաջողություններ կգրանցի… Գուցե ինձ հետ համաձայն չլինեն շատերը, բայց երկրի ղեկավարին ես դասում եմ պետության եռագույնի, զինանշանի, պետական հիմներգի կողքին, այո, սա է իմ գիտակցությունը, սա է իմ խորին համոզմունքը: ՀՀ երեք նախագահներն էլ մեր խորհրդանիշներն են և իրավունք չունենք որևէ մեկին վիրավորելու` անկախ ամեն տեսակ հանգամանքներից ու պատճառներից: Ես հարգում եմ ՀՀ երեք նախագահներին էլ, որովհետև նրանցից յուրաքանչյուրն էլ մի շատ կարևոր ու ծանր շրջան`ղեկավարելով Հայաստանը, կարողացել են դուրս գալ պատվով և հաջողություններ գրանցել: ՀՀ նախագահին հարգելով`մենք յուրաքանչյուրս հարգում ենք`ինքներս մեզ, մեր երկիրը»:
Դե ինչ, 2013-ի ընտրություններից հետո երևի լրիվ բյուրեղանա այդ գաղափարը ու առաջին և երկրորդ նախագահներն իրենց տեղն ու դերը ստանան: Իսկ չորրորդ նախագահ կունենանք 2018-ին, և հիմիկվանից պետք է մտածել` ով է լինելու այդ որակապես նոր նախագահը:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ներառական կրթությունը Հայաստանում ներդնելու փորձը հանդիպեց բավական բարդությունների. այն դարձավ պարտադրանքի պես մի բան, որը հիմնականում չարդարացրեց իրեն: Այսօր տեղի ունեցած ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ճիշտ է նկատել. «Հայաստանի օրենքում շտկումների ընդունման դեպքում ոչ միայն հնարավոր կլինի աստիճանաբար լուծել սահմանափակ հնարավորություններով երեխաների խնդիրները, այլ նաև կատարել միջազգային կոնվենցիաներին համապատասխան որոշ պարտականություններ»:
Արդարացի լինելու համար ասենք, որ ԿԳ ջանքերը ավելի շուտ երկրորդին են ուղղված:
Հատուկ դպրոցները եղել և մնում են կրթության ոլորտի ամենախնդրահարույց ճյուղը: Աշոտյանը, ներկայացնելով պատգամավորի հիմնավորումը, թե «կրթության մասին» օրենքում շտկումների անհրաժեշտություն կա, որպես շտկում ներկայացրել է ներառական կրթություն հաստատելու անհրաժեշտությունը:
Ինքնին, լինելով լավ գաղափար, այն ավելի շատ եվրոպական է և Հայաստանում, հաշվի առնելով տաբեր հանգամանքներ, նաև հոգեբանորեն, գոնե առայժմ, կիրառելի չէ: Տարիներ անց՝ միգուցե:
Այո′, «Կրթության մասին» օրենքում շտկումները հնարավորություն են ընձեռում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով դպրոցահասակ երեխաներին կրթություն ստանալ ոչ միայն հատուկ դպրոցներում, այլև բոլոր դպրոցներում առհասարակ: Ժամանակին մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այստեղ կա սոցիլական, հոգեբանական, տեխնիկական և մի շարք այլ խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտ են ներառական կրթության կայացման ճանապարհին , և, դատելով մեր իրականությունից, դրանք դժվար թե մոտ ապագայում լուծվեն:
Աշոտյանը նշել է, որ ներկայումս Հայաստանում հատուկ կրթությամբ 107 դպրոց կա: Ամեն տարի նմանատիպ դպրոցների քանակը ավելանում է 15-ով:
«Եթե օրինագիծն ընդունվի, ապա արդեն 2022 թ-ին հատուկ մասնագիտացված դպրոցների թիվը կկրճատվի, քանի որ բոլոր դպրոցներում սահամանափակ ֆիզիկական հնարավորություններով երեխաները կկարողանան ներառական կրթություն ստանալ: Այս նախաձեռնությունը հեղափոխական կլինի Հայաստանի կրթության ոլորտի համար»,-նկատել է նախարարը:
Արդյո՞ք հեղափոխությունները միշտ են օգտակար, նամանավանդ, այնպիսի համակարգում, որտեղ բազմաթիվ չլուծված հարցեր կան: Եվ արդյո՞ք ժամանակը չէ գիտակցելու, որ հեղափոխական լուծումները շատ դեպքերում «ունքը սարքելու փոխարեն աչքն էլ են հանում»:
Օրերս լրատվամիջոցները խոսեցին մի դեպքի մասին, երբ ժամկետային զինծառայող 19-ամյա Մ. Ս- ն իր հետ «արա» դիմելաձևով խոսելու համար բռունցքով հարվածել է ծառայակցի Վ.Ա-ի աչքին և առաջացրել առողջության կարճատև քայքայում:
19-ամյա Մ. Ս-ին մեղադրանք է առաջադրվել, ապա գործը դատարանում վարույթ է ընդունվել հոկտեմբերի 10-ին, և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը շուտով քննելու է այն:
Մեղադրանքի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ հանդիսանալով ՀՀՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքայինը, ստորադասության հարաբերությունները խախտելով` զորամասի ծխարանում իր հետ «արա» դիմելաձևով խոսելու համար վիճաբանել է նույն զորամասի զինծառայողի հետ: Այսինքն` կատարվել է հանցանք , ՀՀքր.օրի 359 հոդ.1-ին մասով` ինչն էլ նախատեսում է պատիժ՝ կալանք, առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում ՝առավելագույնը 2 տարի ժամկետով: Սա այն բազմաթիվ օրինակներից մեկն է, որին ականջալուր է լինում հանրությունը.
Բանակում տեղի ունեցող միջադեպերը չեն դադարում լինել հանրային ուշադրության կենտրոնում, սակայն իրավիճակը դրանից չի փոխվում: Ընդհակառակը՝ դա երկողմանի խնդիր է առաջացրել. Մի կողմից լավ է, որ հանրությունը վերահսկում է անցուդարձը՝ մի տեսակ զգոն պահելով ՊՆ համակարգի ինքնագոհ ու հաճախ անվերահսկելի սպայական կազմը, մյուս կողմից՝ բանակ է մեկնում մի սերունդ, որի արժեքային և նյարդային համակարգը ձևավորվել է, այսպես կոչված, ոչ բարենպաստ տարիներին: Եվ այդ երկու բևեռների համատեղ անցկացրած երկու տարին բազում փորձություններ է կրում:
Ի՞նչ է ստացվում. նախ բանակում տեղի ունեցող միջդեպերի հանրայնացման ալիքը բերեց նրան, որ սպաները իրենց ուսերից գցեցին պատասխանատվությունը, ու ինչպես մեզ պատմեց ԼՂՀ – ի զորամասերից մեկի բժիշկը, եթե նախկինում սպաները կարող էին միջամտել, թեկուզ մի հայրական ապտակով հարթել վեճը, ապա այժմ խուսափում են «ավելորդ» պատասխանատվություն վերցնել: Ավելին՝ տեսնում են, որ վեճ կա, շրջվում հեռանում են՝ «շառից փորձանքից հեռու» սկզբունքով: Արդյունքում՝ խեղված ճակատագրեր:
Սպաների նման վարքագիծը բերում է մեկ այլ, ոչ պակաս մտահոգող երևույթի. զորակոչիկների կեսից ավելին բանակից դուրս է գալիս «դատված»:
Սրա վերաբերյալ մեկ անգամ չէ, որ դժգոհություններ ենք լսել զինվորների ծնողներից: Թող, որ թեթև պատժաչափով, թող որ ոչ կալանքի տեսքով, սակայն դատապարտված լինելու հանգամանքը, և դատարանի առջև կանգնելու բուն պրոցեսը ընկճում է զինվորին և ապագա քաղաքացուն:
Մեկ այլ հանգամանք էլ, որ արժանի է ուշադրության. Ճիշտ է խարանվում է զինվորի ճակատագիրը, սակայն բանակի տարիներին ունեցած դատավածությունը հետագայում այդքան էլ լուրջ չեն վերաբերվում, նշելով թե բանակի դատվածությունը հաշիվ չէ: Մտածելու տեղիք է տալիս. չի՞ արժեզրկվում արդյոք դատարանի դերը նոր կյանք մտնող պատանու համար:
Մենք փորձեցինք Պաշտպանության նախարարությունից ստանալ ծնողներին հուզող՝ «բանկում զինվորներից 3-ից 1 -ը դատված է դուրս գալիս» հարցադրման՝ պատասխանը. Ի՞նչ քանակ է կազմում հարուցված գործերը, դրանցից քանիսն է հասել դատարան, քանիսն է այլ ճանապարհով լուծվել:
Հետաքրքիր է, որ ՊՆ –ն սկզբում շատ օպերատիվ արձագանքեց. խմբագրություն զանգահարեց ՊՆ –ի համապատասխան բաժնի պետը և հետաքրքրվեց, թե մեզ անհրաժեշտ տվյալները՝ դատարան գնացած, քննության տակ եղած և նոր հարուցված գործերի մասին, պետք է ուղարկել միասին թե՞ առանձնացված. խոսեցինք ու կարծես պայմանավորվեցինք, սակայն մեր խոսակցությունից օրեր անց «Հայկական վարկածը»-ը ստացավ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ գեներալ-մայոր Ա.Հարությունյանի — ի պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև.
Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված և ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ստացված Ձեր նամակի, հայտնում եմ, որ ներկայումս ավարտման փուլում է գտնվում «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» ապագաղտնիացման գործընթացը, ուստի Ձեր կողմից պահանջվող տվյալները կարող ենք տրամադրել միայն դրա վերջնական ավարտից և պաշտոնական հրապարակումից հետո:
Կարելի է ասել, որ սա պատասխանից խուսափելո ւպաշտոնական ձև է, սակայն խուսափելը ելք չէ. Քանի որ այդ ճանապարհով, մեր բարձրացարած հարցը, որն այսօր հուզում է շատերին, լուծում չի ստանա:
Հ.Գ. Ի դեպ, մենք խնդրել ենք ՊՆ-ին տրամադրել «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը», որն այս պահին, ապագաղտնիացված է:
Ռուզան Ավոյան
Մեր ընթերցողը հաստատ արդեն հասցրել է հոգնել ու ձանձրանալ Վարդան Օսկանյանի թեմայից: Բայց արդյո՞ք իրականում դա այդքան կարևոր և ճակատագրական թեմա է: Իհարկե ոչ, այդպիսի կարևորություն այն ստացել է նաև մեր գործընկերների`լրագրողների ջանքերով:
Այսօր մեր մասնագիտական տոնն է` հայկական մամուլի օրը: 218 տարի առաջ Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսավ հայկական առաջին տպագիր լրագիրը` «Ազդարարը», և հայն էլ յուրացրեց այն մասնագիտությունը, որ հաճախ կատակով կոչում են «երկրորդ հնագույն»:
Ու հետաքրքիր է, որ պաշտոնատար անձանցից մեր մասնագիտական տոնի մասին նախևառաջ հիշեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլոր լրատվամիջոցների աշխատակիցներին՝ մաղթում եմ հաջողություն, հաստատակամություն, բարեկեցություն և լավատեսություն»: Հովիկ Աբրահամյանը թերևս այն պաշտոնյան է, որը ժամանակին շատ է հայտնվել մամուլի թիրախում, հիմա կարծես քչից-շատից լեզու է գտել մեր գործընկերների հետ, և ընդհանուր առմամբ իր մաղթանքում բավականին ճիշտ է արտացոլել այն, ինչ պետք է լրագրողին: Հաջողություն`լրագրողը շատ է նման զինվորի, իսկ ցանկացած զինվորին, լինի նա խանդավառ կամավոր, թե նյութապաշտ վարձկան, միշտ էլ պետք է հաջողությունը: Հատատակամություն` առանց դրա չես կորզի ամենաթանկ կապիտալը` ինֆորմացիան, և այն չես հասցնի ընթերցողին: Բարեկեցություն` դե բոլորս մարդ ենք, թեև շատերի համար գրողուցավ ենք, ու ոչինչ մարդկային մեզ խորթ չէ: Եվ լավատեսություն` բավականին դժվար է լավատես մնալ, սիրել աշխարհը և մարդկանց, երբ հիմնականում շփվում ես ոչ թե վեհության, այլ տականքության դրսևորումների հետ… Բայց դիմանում ենք, շարունակում ենք մեր առաքելությունը` լավ թե վատ:
Բայց այսօր, շնորհավորելով իրար, և բաժակը բաժակի զարկելով, նաև հիշենք, թե ինչ էր ասել մեր առաքելության մասին մեծն Նժդեհը. «Նրա պարտականությունն է — խտացած ճշմարտություններ տալ ժողովուրդին: Նպատակը — այս ճշմարտություններով լուսավորել ժողովրդին դեպի ապագան:
Չունի՞ մամուլն այս կոչումը` ավելորդ մակաբույծ է դա եւ զուր տեղը ժողովուրդները կերակրում են զայն իրենց հաշվին:
Դժբախտաբար, որոշ բացառությամբ, այսպիսին է` մերը, հայկականը: Լրագրություն եւ ո՛չ մամուլ — այս նշանակում է, թե մենք դեռեւս տհաս ենք, թե չենք կարողանում մեր կյանքի ներքին կնճիռները գտնել, լուսաբանել զանոնք եւ մեր միտքն զբաղեցնում ենք արտաքին եղելություններով, լուրերով: Մեզ համար դեռ այն է հետաքրքիրը, ինչ մեզնից դուրս է կատարվում կամ միայն արտաքուստ առնչություն ունի մեզ հետ: Այս մտայնությունը իշխել է մեր լրագրության մեջ համարյայ իր սկզբնավորության օրից:
Փրկությունը դրսից է — այս բավական է, որ լրագրությունը խանդավառվի արտաքին բարենպաստ նշաններով, մի դիվանագետի կարեկից ժպիտով, մի անվանի եւրոպացու հայասեր արտահայտությունով, մի միսիոնարական ընկերության հայանվեր ջանքերով, մի խաղաղասիրական վեհաժողովի հայանպաստ բանաձեւով, մի պարլամենտական գործիչի զգացված ճառով… Լրագրություն, որի որոշ օրգանները արտաքին ույժերի հանդեպ ներող են, քծնող, խնկարկող, իսկ ներքուստ` պառակտիչ, անհանդուրժող եւ ամբարտավան: Լրագրություն, որի որոշ օրգանները ղեկավարվում են փողոցի առաքինություններով կամ տարփողելով մեծ ժողովուրդների ույժն ու հմայքը, վատաբար արհամարհում են սեփականը: Լրագրություն` որ բորբոքում է թայֆայական կրքերը եւ ընդունակ չէ մի տարրական ճշմարտություն ըմբռնելու. այն է, թե ժողովրդի ինքնապաշտպանությունը մի գործ է, որի մեջ ամեն հոսանքի եւ ուղղության մարդիկ միակամ պիտ լինեն»:
Փաստորեն, Նժդեհից հետո տասնամյակներ անցան: Ոչինչ չփոխվեց: Ու թեև արդեն 21 տարի անկախ պետություն ենք, թեև հաղթել ենք պատերազմում, բայց մինչև հիմա չունենք «մամուլ, վերջապես, որ ազատվի օտարահակ մտայնությունից և արիություն քարոզի, որ խլյակների փոխարեն հերոսական ժողովուրդի մասին խոսի և այդ այդպես , մինչև որ հայությունը` խրոխտաբար կանգնած իր բարձրավանդակի վրա ապացուցե աշխարհին, թե ինքը արի է — տեր իր հայրենիքին եւ ճակատագրին»:
Իսկ մենք, չնչին բացառությամբ մինչև հիմա տեր չենք կանգնում մեր հաղթանակին, մեր ընթերցողին հպարտության ու ինքնավստահության փոխարեն տագնապ, անզորություն ու վհատություն ենք ներարկում: Ու երբեմն կատարում ենք մեր երկրի ու ազգի գլխին կռռացող ագռավի դեր, ցինիկաբար ծաղրում ու տրորում ենք ամեն ինչ, նույնիսկ ակնհայտ լավի մեջ վատն ենք փնտրում:
Բայց չէ՞ որ այդպիսին չենք մենք, երբ շփվում ենք ոչ թե ընթերցողի, այլ իրար հետ: Իսկ միգուցե ընթերցողի՞ն էլ վերջապես ասենք, որ ինքն ավելի լավն է ու վեհը, քան կարծում է, որ իր շրջապատն ավելի լավն է, քան կարծում է, որ մենք ավելի լավն ենք, քան կարծում ենք… Որ բոլորս պատկանում ենք մի հնագույն Ազգի, որի երակներում Արարչի հրեղեն արյունն է հոսում, ու այդ Ազգը վեհ առաքելություն ունի այս մոլորակում:
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր ԲՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես անդրադարձավ Օսկանյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման վերաբերյալ Հանթսմանների հնարավոր արձագանքին. «Հանթսմանների խոսելը կլինի ամպրոպի նման և շատ հետաքրքիր հետևանքներ կունենա որոշ մարդկանց համար: Կգա ժամանակը, կխոսեն: Այդ մարդկանց բարի համբավը ոտնահարում են մեր ԱԺ-ում»։
Նա շատ որոշակի պաշտոնյաների ուղղեց ասելիքը, որոնք բարձրաձայնում են թե՝ Օսկանյանը պետք է բարձր գոռար իր անմեղությունն ապացուցելու համար:
«Լռությունը շատ անգամ ավելի բարձր ճիչ է:Նրանք կխոսեն, և դա շատ հետաքրքիր հետևանքներ կունենա որոշ մարդկանց համար, որովհետև այդ անունը հոլովելը պատիվ չի բերում Հայաստանին, դա մեր ազգային շնորհակալությունն էր: Որքան ես գիտեմ, շատ բացասաբար են վերաբերվում տեղի ունեցող բոլոր գործընթացներին»:
Ըստ փաստաբանի՝ «Այս գործն ունի մի ելք՝ շուտափույթ կարճում: Մարտի 1-ը չմոռանանք. թե դատարաններն ինչ քաղաքական պատվերի են ունակ: Այս երկրում ոչ ոք էլ չի վստահում նախաքննության մարմնին»:
Աթանեսյանը շեշտեց, որ իրականացնելու է սովորական պաշտպանություն՝ ի ցույց դնելով գործի շինծու հիմքերն ու կարճման ենթակայությունը:
Այսօր՝ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հարց է տրվել, թե ինչպես է վերաբերվում կայքերից մեկի այն հոդվածին, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մի շարք ականատեսների վկայությամբ, «Նա սեղանակիցներին ցույց տալու համար, թե ինչ ազդեցություն ունի «ընդդիմադիր լրատվական դաշտի վրա», ցուցադրաբար՝ հեռախոսի բարձրախոսը միացրած, զանգահարում է Նիկոլ Փաշինյանին, և պատվիրում վաղվա համարում նյութ սեղանակիցներից մեկի դեմ: Մինչ սեղանակիցները տարակուսած և սփրթնած սպասում են շարունակությանը, Վլադիմիր Գասպարյանը մի տասը րոպեից դարձյալ զանգահարում է և ասում, թե. «Ստոպ տուր»»:
Կայքը գրել էր թե՝ ոստիկանապետը իր ուժի և հզորության ցուցադրման նոր ոճ է որդեգրել:
Փաշինյանը հավատացրել է, թե ոստիկանապետ Գասպարյանը կարող է իրեն զանգել և հրահանգել միայն երազում:
Եթե ոմանց համար Վլադիմիր Գասպարյանը հզոր կերպար է, ապա իր համար նա հանցավոր խմբավորման անդամներից մեկն է:
Այս իրադրության մեջ հետաքրքիրը ոչ այնքան միմյանց հասցեին հնչող գնահատականներն են, որքան այն, որ Փաշինյանը մի վարկյան անգամ չի կասկածել, թե կարող է ինֆորմացիան սխալ լինել: Նա պատասխանելուց առաջ չի էլ մտահոգվել, որ վիրավորանքներ է հասցնում ՀՀ ոստիկանապետին, առանց պարզելու նման խոսակցություն եղել է արդյո՞ք: Փաշինյանն ասել է, թե՝ թերևս Վլադիմիր Գասպարյանին կարող են հրահանգ տալ ԱԺ-ում երկու օր առաջ ելույթ ունեցող երկու անձինք, որոնցից մեկը, ՀՀ վարչապետ Սարգսյանն է, մյուսը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Ինչ վերաբերում է իրեն հրահանգելուն, ապա ՝«Վովա Գասպարյանը նույնիսկ չի համարձակվի երազել մի այնպիսի իրավիճակի մասին, համոզված եմ, որ նա կարող է ինձ զանգել: Նա դրանից առաջ պետք է հանգստանա, քրտինքը մաքրի և նոր համարձակվի դրա մասին մտածել»:
Փորձեցինք լսել նաև ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի մեկնաբանությունը. « Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցում խնջույքներին՝ ոմանց նման, և պատվերներ չի տալիս. Նա ինքը հատուկ վերաբերմունք ունի պատվերներ տվողների նկատմամբ:
Դրանք անհեթեթեություններ են և չարժե որևէ պատասխան տալ. Վլադիմիր Գասպարյանին ճանաչողները գիտեն, որ նա այդպիսի բան չի կարող անել»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վերջին ժամանակներս, սկսել է լուրջ ՚դիստանցիաՙ պահել ՀՀԿ-ական որոշ պատգամավորներից, որոնք իր կարծիքով անհասկանալի դիրքորոշում ունեն. ոչ այն է իր թեւում են, ոչ այն է վարչապետի, ոչ՝ ՀՀ նախագահի նախկին աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի:
Իշխանական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցությունները, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, քաղաքական արենայում իր հետագա տեղը այնքան էլ հստակ չի պատկերացնում: Նախագահական ընտրությունների մրցավազքն իշխանական պտտահողմի մեջ է վերցրել մի իրավիճակ, որի ընթացքում յուրայինները օտարանում են, իսկ օտարները ակամայից դառնում ոչ լիարժեք յուրային:
Նույն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պարագայում, իհարկե, իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ ատկատային մարտավարությունից բացի, նա իրեն փորձում է «կոզրերով» խաղացող ցույց տալ ՀՀ իշխանությունների թևի տակ՝ ամեն գնով ջանալով ապացուցել, որ ինքը դրսից ֆինանասկան մեծ «վինտիլներ» է փորձում բացել դեպի Հայաստան:Մինչդեռ դրանից, առ այսօր ՝ բացի ՀՀ մի քանի չինովնիկներից որևէ մեկը չօգտվեց, ավելին՝ Հայաստանն առավել խորը թաղվեց միջազգային պարտքերի ու հավելյալ տոկոսների տակ:Դե իսկ շարքային քաղաքացին էլ մնաց իր հոգսերի ու կոտրած տաշտակ առաջ՝ կորցնելով անգամ վաղվա օրվա հույսը: Այնպես, որ ՀՀ վարչապետը կարող է օրհնված կադր համարվել միայն իխանությունների համար, քանի որ որպես անդեմ քաղաքական գործիչ կարողանում է իշխանության ձեռքի տակ հնազանդ աշխատել, ժողովորդի համար մնալով որպես չհաջողված վարչապետ, որի օրոք բացի դժվարություններից ու երկրի ունեցվածքը մաս-մաս աճուրդի հանելուց, այլ բան չտեսան:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Հովիկ Արահամյանին, ապա նրա գործն իսկապես բարդ է: Արգամիչը այդպես էլ չի պատկերացնում, թե 2013-ից հետո, որն է լինելու իր տեղն ու դերը: Արգամիչի համար իրոք դժվար է, որովհետեւ նա այս պահին չի կարող մատի ու մատանու արանքում «խաղեր» տալ: Աջ է գնում , ՀՀ նախագահն է. ձախ է գնում, ՀՀ վարչապետն է: Կարճ ասած, նա դեռ պիտի ոտքը կախ գցի ու հասկանա, թե ՀՀԿ-ում քանի՞սն են մնացել իրեն հավատարիմ՝ «ժողովրդական նվագարանները», թե օլիգարխիկ թեւը սպասարկողները:
Երկրորդ՝ Արգամիչի համար հիմա լռությունը իսկապես ոսկի է, քանի որ ԲՀԿ-ի հաջորդ դասի թեման էլ մյուս կողմից է մնացել նրա վրա: Դրա հետ կապված էլ նա դեռ վերջնական ասելիք չունի: Այնպես, որ Աժ նախագահը դեռեւս կմնա պալատական ինտրիգների կիզակետում, մինչեւ որ… նրան պատկանող ընկերություններում հարկային ու ստուգող այլ մարմինները կասեն իրենց վերջնական խոսքը:
ԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
Վհուկների որսը շարունակվում է, սակայն հանրությունը գոհունակություն հայտնելու փոխարեն տարակուսած է, քանի որ այդպես էլ չի հասկանում, թե ինչ չափանիշներով են ընտրվում վհուկները:
Հոգեկան հիվանդների խնդիրները, որոնց թիվը մեր երկրում գնալով ավելանում է, մնում են չլուծված: Շատ է խոսվում, որ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել, սակայն դա միայն պատկան մարմինների հաշվետվություններում: Հոգեբուժարանները բավականին լուրջ ֆինանսավորում ունեն, դրամաշնորհների առումով էլ առաջնային պլանում են, սակայն դա չի խանգարում, որ ոլորտում պարբերաբար չարաշահումներ կատարվեն: Իսկ ակտակտների առումով այս ոլորտը չի զիջում խոշորներին: Ավելին՝ ֆինանսավորման բարձրացմանը զուգահեռ հիվանդների վիճակը մնում է նույնը. նրանք ենթարկվում են թրաֆիկինգի, բռնության և այլ բազում խնդիրներ ունեն, որոնք հնարավոր չէ ներկայացնել մեկ նյութի շրջանակում:
Օրերս ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում միանգամից երկու քրեական գործ է հարուցվել. պարզվել է, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, 1958 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը նախ՝ ս/թ. ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս: Եվ երկրորդ՝ ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետևանքով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թ. մայիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային թերապիայի անվան ներքո, նրանց տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածք և ստիպել զբաղվել անասնապահությամբ՝ խնամելով տուն-ինտերնատի և իր բարեկամների խոշոր և մանր եղջերավոր անասուններին: Նվեր Հովհաննիսյանը ձերբակալված է:
Հոգեբուժարաններում միշտ էլ եղել են նման դեպքեր: Նույն հաջողությամբ տնօրենը կարող է արդարանալ թե՝ հիվանդները աշխատել են աշխատանքային թերապիայի շրջանակներում և այլն, բացի այդ աշխատել են ոչ միայն Վարդենիսի հոգեբուժարանում և ոչ միայն իր օրոք ու նա չի ստի:
Ի՞նչ ենք ուզում ապացուցել հանրությանը և ի՞նչու հենց այսօր. բոլորի համար պարզ է, որ քաղաքական ներկայիս իրավիճակը զոհեր է պահանջում:Վերլուծելով՝ թե ինչ ինտենսիվությամբ են վերջին շրջանում կատարվում բացահայտումները, կարելի է միանշանակ ասել՝ կիրառվում է «հավատում ենք, որ փոխվելու ենք» օպերացիան:
Սակայն ինչպե՞ս հավատալ, երբ նույն Վարդենիսում քաղաքապետ է վերընտրվում ՀՀկ-ական կառույցի ղեկավար Վալոդյա Խլոյանը, որը լինելով քաղաքապետ, երեք տարի շարունակ կանգնեցրել է իր էլեկտրականության հաշվիչը, պետությանը պատճառելով ոչ նվազ չափի ( 3միլիոն 600 հազար դրամի) վնաս: Վարդենիսի ՀՀԿ –ական քաղաքապետը 3 տարի շարունակ կանգնեցրել է գազի հաշվիչը | Arm Version:
Սա ավելին է, քան ասենք հոգեբուժարանի տնօրենի կատարած յուրացումը, բայց նա ոչ միայն չի ձերբակալվել, այլև ավելին՝ վերընտրվել քաղաքապետի պաշտոնում:
Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը մի շարք հարցերում պարզություն մտցրեց և նպաստեց բաժանարար գծերի հաստատմանը: Շատերը այլևս հնարավորություն չունեցան «լղոզված» դիրքորոշում պահպանել, ստիպված եղան արտահայտվել: Դա վերաբերում է նախևառաջ Ռոբերտ Քոչարյանին:
Թեև ամեն ինչ իմացող Գալուստ Սահակյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության ոգին ու ձեռագիրը չի համապատասխանում վերջինիս նկարագրին, այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահի հայտարարության տեքստն ամրագրում է շատ կարևոր իրողություններ:
ԱՌԱՋԻՆԸ` Ռոբերտ Քոչարյանն ասաց «տեր եմ» Վարդան Օսկանյանին ու դրանով հաստատեց, որ Օսկանյանն իր «կոմիսարն» է ԲՀԿ-ում: Այլ «կոմիսարներ» էլ նա ունի այնտեղ` օրինակ Գուրգեն Արսենյանը, մեկ «կոմիսար» էլ կար, որին չկարողացավ պահել` ոսկեզօծ կրակող «Վերտու» հեռախոսից վախեցած Հմայակ Հովհաննիսյանը, բայց Օսկանյանը գլխավոր «կոմիսարն» է: Եվ Օսկանյանի նկատմամբ իրականացրած օպերացիան հուժկու հարված էր հենց Քոչարյանի դիրքերին:
ԵՐԿՐՈՐԴԸ` Ռոբերտ Քոչարյանը շատ դժգոհ է ԱԺ-ում ունեցած իր ազդեցությունից: «Ազգային ժողովի ինքնավարկաբեկման» մասին նրա խոսքը հենց այդ իրողության վկայությունն է: Նա դժգոհ է ԲՀԿ-ից, որ շատ թույլ պաշտպանեց Օսկանյանին, սահմանափակվելով ընդամենը բոյկոտով, և նույնիսկ ԲՀԿ առաջնորդը շտապ ճարեց արտերկրյա ուղևորություն, որը կարևորեց ավելին, քան ԲՀԿ-ի թիվ 2 Օսկանյանի անձեռնմխելիության հարցը: Ու նա ահավոր դժգոհ է ՀՀԿ խմբակցությունում ունեցած «յուրային» կադրերից, որոնք ճակատագրական պահին չաջակցեցին իրեն: Նրանց համարձակությունը չհերիքեց միանալ ԲՀԿ-ի հայտարարած բոյկոտին ու փորձել ապահովել քվորումի բացակայությունը: Չէ՞ որ բավարար էր ընդամենը 6 ՀՀԿ-ականներ «թռնեին» քվեարկությունից, և քվորում չէր լինի, ու Օսկանյանի մասին «փուռը տալու» որոշում չէր կայացվի:
Քոչարյանն, անշուտ, ուներ 6-ից ավելին յուրայիններ ՀՀԿ խմբակցությունում, սակայն դրանք բոլորը սահմանափակվեցին պատի տակ դժգոհություն հայտնելով, իսկ հետո սուսուփուս քվեարկեցին: Կարևոր չի, կողմ թե դեմ, կարևորը` քվեարկեցին ու ապահովեցին քվորումը:
Ու այժմ ինչքան էլ աղմուկը շարունակվի, թե Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, այդ ամենը, ինչպես կասեր ռուսը, «разговоры в пользу бедных». Փաստը մնում է փաստ, որ Սերժ Սարգսյանի թիմին հաջողվեց չեզոքացնել ինչպես ԲՀԿ-ում Քոչարյանի «կոմիսար» Վարդան Օսկանյանին, այնպես էլ ՀՀԿ-ում առկա քոչարյանական կադրերին:
Էլ ի՞նչ ռեսուրսով պիտի փորձի ապահովել սեփական վերադարձը իշխանության:Դաշնակներո՞վ, ԲՀԿ-ում ունեցած կադրերով: Ախր ԲՀԿ-ի զանգվածի վրա հույս դնել չի կարող. թեև ԲՀԿ-ն Քոչարյանի ստեղծած կուսակցությունն է, բայց մեծամասնությունն այնտեղ են իշխանությանը մոտ լինելու և օգտվելու համար, այլ ոչ թե իշխանությանը հակադրվելու:
Անգամ եթե Գագիկ Ծառուկյանը որոշի մասնակցել նախագահական մրցավազքին, դա չի անի Քոչարյանի ազիզ խաթեր: Դա կանի իր համար, ու «կոմիսար» Օսկանյանի վնասազերծմանը թերևս այդ պատճառով պատասխանեց լռությամբ: Հետաքրքիր էր, որ նույնիսկ Օսկանյանի հարցում ԲՀԿ առաջնորդը փորձ չարեց պրոբլեմներ ստեղծել, իսկ նրան հարվածելը կարող է նպաստել ՀՀԿ-ԲՀԿ լարվածության աճին, ինչը ՀՀԿ-ին հաստատ պետք չէ…
Ի՞նչ է խաղարկվում ԲՀԿ առաջնորդի շուրջ, ինչին նա պատասխանեց, որ «քաղաքական բումերանգը» կարող է վերադառնալ: «Կոմպրոմատները» մեյդան բերողը կարծես թե ձգտում է այրել կամուրջները ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև: Նույն շրջանակները միաժամանակ հրապարակ են նետում մի գաղափար, թե Քոչարյանն ու Սարգսյանը կարող են համաձայնության գալ` զոհաբերելով ՀՀԿ-ն… Այսինքն` ոմանք ձգտում են նրան, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն գնան փոխադարձ առճակատման ու փոխադարձ ոչնչացման:
Անշուշտ, այդպիսի ինտրիգը ի նպաստ է «հիասթափության պահ» ապրող Ռոբերտ Քոչարյանի: Բայց ավելի երկար հեռանկարի տեսանկյունից դա սպասարկում է այն նոր-նոր թափ հավաքող մի խավի` ներկայիս էլիտաներին ձգտում են փոխարինելու գալ եվրոպական կրթություն ստացած, ապազգային «եվրաարժեքներով» տոգորված նոր երիտասարդ կարիերիստների խմբավորումներ: Նրանք, ում Չարենցի հերոս խմբապետ Շավարշը զզվանքով կոչել էր «օսլայած տղերք», իսկ ԲՀԿ-ական Ծաղիկ Ռուբոն ոչ պակաս զզվանքով կնքել էր «ժելեած մազերով երիտասարդներ»: Ու այդ «օսլայած» և «ժելեած» գեներացիայի ներկայացուցիչները կան և Սարգսյանի, և Քոչարյանի մերձավոր շրջապատներում: Այսօր նրանք իբր թե հակառակորդ ճամբարներում են, բայց իրականում շատ ավելի խորթ են սեփական ճամբարներին, քան զմիմյանս: Դա արդեն ՏԵՍԱԿԻ ու տեսակների պայքարի խնդիր է, և ըստ իս, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի «քյառթուները» մեր ազգին ավելի հոգեհարազատ են, քան «օսլայած տղերքը»:
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ներքաղաքական կյանքի ինտրիգը, գնալով նոր փուլ է թեւակոխում: Մի կողմից 2013-ի փոթորիկը, իրեն զգացնել է տալիս ՚ընդդիմադիրՙ ու այսպես ասած այլընտրանքային ճակատներում, մյուս կողմից` շարունակվում է մերօրյա մեր քաղաքական գիգանտ դրամատուրգների կողմից բեմադրած մեծ ՚՚գործերըՙ, որոնք հասաարակության մոտ լուրջ կասկածի ու երկընտրանքի տեղիք են տալիս: Ի՞նչ է կատարվում իրականում մեր քաղաքական դաշտում: Առաջին հայացքից թվում է, թե նախկին ու ներկա տերերը իրար դեմ են դուրս եկել, ավելի հեռատեսները խիստ հակառակն են մտածում.այն է, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գործում են փոխադարձ պայմանավորվածությունների շրջանակում, դե իսկ մյուս հատվածն են՝այսինքն մեծ ու փոքր քաղաքական ձկները, իրենց հույս են տալիս, որ վերջին խոսքը՝ իրենց թիմի ՚պապայիննՙ է լինելու:
Իսկ հիմա այն մասին, թե ի՞նչ է անում կոնկրետ ՀՀ իշխանությունը՝ 2013-ին ընդհառաջ: Տպավորություն է ստեղծում, թե գործ է անում, պայքարում է համատարած կոռուպցիայի, զեղծարարության, անգործության, մարդու իրավունքների ոտնահարման ու իրավական համակարգի վերականգնման ուղղությամբ, բայց չգիտես, ինչո՞ւ այդ ամենի մասին ջրի պես խոսում են՝ ավազի պես կանգնում: Ինչպես նաեւ մի դեպքում մեր փառահեղ վարչապետի գլխին ավետարան են կարդում, որ ՀՀ Կառավարության փնթի աշխատանքները պետք է վերանայել, փորձելով աշխատել առանց ատկատի ու այլ տիպի ավելցուկների, մինչդեռ հաջորդ օրը, ՀՀ Կառավարության բալանսում ավելցուկ է տալիս ԱԳՆ-ի շենքը, որն էլ վաճառքի են հանում, բավականին թեթեւ քաշային պայմաններով, դե որովհետեւ վերեւները զույգ աչքով են հետեւում այդ չալաղաջ գործարքին:
Հիմա գանք կոռուպցիային, զեղծարարությանն ու իրավական համակարգում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ տարվող իբր աշխատանքներին ու ՚կուռացիայինՙ որի սլաքները ամբողջությամբ ետ ու առաջ են տանում ամենվերին օղակներն ու էս երկրի թելադրողները…
Ամեն անգամ, երբ ներքաղաքական դաշտում, ԲՀԿ-ն իր նազ ու տուզով սկսում է իշխանության հետ մուկն ու կատու խաղալ, ՀՀ իշխանությունները՝ի դեմս երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի, ՚ափալ-թափալՙ հայտարարում են, որ ակտիվացնում են պայքարը այն բոլոր արատավոր երեւույթների դեմ, որոնք որ ըստ էության խայտառակում են մեր ռեսպուբլիկան: ՚Վարդան Օսկանյանՙ -ի նկատմամբ իրականացրած ՚շտուրմիցՙ առաջ եւ հետո, նորից նույն իշխանությունը, ի լուր աշխարհի հայտարեց այն մասին, որ մեր դատարանները անկախ են, եւ որ այսուհետ էլ գործելու են միմիայն անկախության ու անկողմնակալության պայմաններում: Այն է, օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Սակայն, հարց է առաջանում.իսկ ու՞մ համար են անկախ մեր հայրենի դատարանները՝միայն ՚գռփած-չռփածՙ նախարարների ու օլիգարխիկ կլանի, թե՞ մի քանի ախպեր-տղերքի: Եթե այս տրամաբանությունից դուրս գանք, ապա կստացվի, որ ամենաարդար դատարանները հերթով պիտի մի մուրճի հարվածով ՚ծնկի բերենՙ Վարդան Այվազյաններին, Նեմեցներին, ու բոլոր այն տխրահռչակ դեմքերին, որոնց անցյալն ու ներկան փորփրելու դեպքում, գուցե բազմասերիանոց մի կինոնկարի սցենար դուրս գա ՚տակիցՙ:
Եվ եթե, մի պահ վերանանք հայկական իրականությունից ու երազի մեջ ընկնելով հավատանք, որ ՀՀ-ի դատարանները պիտի գործեն անկախության ու արդարության սկզբունքով, ապա ինչպե?ս է պատահում, որ Վարդան Այվազյանին տված-անցած ՚օյինբազություններովՙ է այսքան տարիներ, իրավապահ համակարգի՝հատկապես մեր դատարանների աչքից վրիպում, թե օրինակի համար ի?նչ ձեռագրով է գործում ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը, որի կողմից ՚հռչակված անարդարացի ՚վճիռներինՙ նույն ոգով ու նույն հաջորդականությամբ ընթացք են տալիս մեր զորեղ դատարանները: Փորձենք, այս թեմայի շուրջ խոսենք առավել խոսուն փաստերով, եւ առավել հանգամանալից, երբ նույն նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ իշխանությունների հորդորների ֆոնի վրա չգիտես ինչու? եւ ինչպես, ամիսներ առաջ, ՚ջրեցՙ ՀՀ-ի ներքաղաքական դաշտում ՚բումովՙ ու սկանդալներով մուտք գործած, հայտնի գործարար Սիլվա Համաբարձումյանին պատկանող ՚Լիճվազք Թեյիՙ լիցենզիան, որի իրավունքը Մովսիսյանը, ժամանակին Ս. Համբարձումյանի ներկայացրած փաստարկների համաձայն, բոլորովին էլ չուներ:
Հիշեցենենք, որ դեռեւս 2009 թթ-ին, Էներգետիկայի եւ Բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՚Սիփան-1ՙ ՍՊԸ-ին, զրկել էր Մեղրու ՚Լիճվազք Թեյՙ-ի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերության հատուկ լիցենզիայից՝պատճառաբանելով, որ ընկերությունը լիցենզային պայմանագիրը նախատեսված ժամկետներում չի կնքել: Մինչդեռ նշված ժամկետը՝համապատասխան փաստաթղթերի իրականում չէր էլ լրացել:
Եվ հենց այդ հիմքով էլ, Վճռաբեկ դատարանը Արմեն Մ ովսիսյանի նշյալ հրամանը համարել էր անվավեր: Սակայն, կարճ ժամանակ անց, հնարամիտ Մովսիսյանը, նույն՝ապօրինի ճանաչված հրամանն արձակել էր երկրորդ անգամ՝՚Սիփան-1ՙ-ին կրկին զրկելով Լիճվազք-Թեյի հանքարդյունահանման լիցենզիայից:
Հիշեցնենք, որ մի շարք պետական այրերի ՚դեմքը պատռածՙ գործարար տիկինը, այդ ընթացքում ստիպված նորից էր դիմել վարչական դատարան, բայց ուշագրավն այնն էր, որ գործը դեռ դատարանում՝էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը հանել էր աճուրդի, եւ այն ձեռք է բերել ՚Սագամարՙ ընկերությունը: Դրանից հետո, նույն հիմքերի առկայությամբ սկզբում վարչական դատարանը, այնուհետեւ նաեւ վերաքննիչը համարել էին, որ նախարարի հրամանն օրինական է: Հիմա, այս պատմության մեջ, ով ում էր ուզում մատերի վրա խաղացնել, ու ՚թերզՙ բռնել.Էներգետիկայի երկարամյա նախարարը, թե? մեր ամենակարող ու արդար դատարանները, որոնց կայացրած որոշումները մեկ իրար հակասում, մեկ էլ իրար հավասարվում, որից անշուշտ շահած էին դուրս գալու եւ Մովսիսյանը, եւ թե մեր անկախ դատարաններն ու նրանց գլխին «բամփողները»: Այդ ինչպես է ստացվում, որ իրեն ամենազորեղ պատկերացնող Մովսիսյանը, անօրինական որոշումներ է կայացնում,տվյալ դեպքում մարդուն զրկում է իր հասանելիք լիցենզիայից, հետո, մեր դատարանները ետեւից մի բաժակ ջուր են խմում,վերստին «օրիանականացնելով» նախարարի ՚օրինական որոշումներըՙ: Եվ եթե տվյալ պայմաններում, մի իսկական արդար ձեռք էլ որոշում է կայացնում, որ Մովսիսյանի գործած արարքները անօրինականության դաշտից են, ապա մյուս հարցն է առաջ գալիս, թե ով է փոխհատուցելու եւ քաշելու նախարարի թույլ տված անօրինականության ջառմեն:
Եվ հարց է, թե օրեկան քանի-քանի գործարարի ու տնտեսվարող սուբյեկտի իրավունքնէ ոտնահարվում ու արհամարվում, որոնք այս կամ այն պատճառներով ի վիճկի չեն լինում ծպտուն անգամ հանել: Մինչդեռ, սկանդալային գործարարի`Սիլվա Համբարձումյանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ էր, քանի որ ակնհայտ նկատվում էր, որ նա հնուց, ուղնուծուծով գիտեր մերօրյա հին գելերին, որոնք իրենց չիմացողների աչքին ուզում էին առնվազը սրբերի դասին շարքվել: Անշուշտ, ռիսկային էր հայտնի գործարար կնոջ քայլը, բայց եւ անհերքելի փաստ էր, որ նա ոչ թե ինքը վա բանկ գնաց, այլ ընդհակառակը իր քայլերով, շատերին տարավ դեպի լուսանցք, որոնց ուսերին մինչ օրս մեծ ՚գռուզՙ է դրված.Սուրիկ Խաչատրյան՝Լիսկա, Վարդան Այվազյան, Արմեն Մովսիսյան եւ այլք, որոնց բան ու գործը մարդկանց ՚քցելնՙ ու խաբելն է եղել: Իսկ թե մեր արդար ու անկախ դատարանները՝ազատ որոշումներ ու վճիռներ կայացնելու դեպքում, քանի իշխանական 40 ավազակի կարող էին էն գլխից բռնել ու նրանց իրենց հասցեով ուղարկել, դժվար չէ պատկերացնել: Բայց մնաց գլխավոր հարցը.արդյոք? Բաղրամյան 26-ի հրահանագները կտեղավորվեն այդ ավազակներին ՚օղակիՙ մեջ վերցնելու ու պատժելու համար, թե? նույն անկախ դատարաններին կթելադրվեն կողմնակալ որոշումներ կայացնելու ու ազգին կախյալ վիճակի մեջ պահելու համար, որի ՚ուդարներըՙ՚ ամեն օր հայ հասարակությունը իր մաշկի վրա զգում է: Այնպես, որ մեկ դուք եք անկախ, մեկ էլ ձեր արդար ու կախյալ դատարաններչը: ՈՒռռա, կեցցեն , Հայասատանի ամենաանկախ դատարններն ու նրանց թելադրող ՚պապաներըՙ…
ԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.