23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Տարածքային փոխանակման, կամ այսպես կոչված «Գոբլի ծրագիրը», առաջին անգամ շրջանառության մեջ հայտնվեց 1990-ականների սկզբին: Հիշեցնենք` ըստ դրա առաջարկվում էր Արցախը և Լաչինի միջանցքը փոխանակել ՀՀ Մեղրիի շրջանի հետ:
Ի դեպ, 1999թ հոկտեմբերի 27-ից հետո անմիջապես շրջանառության մեջ հայտնվեց վարկած, որ ահաբեկչությունը կապ ունի այդ ծրագրի հետ, քանզի 1999-ին դա ակտիվորեն քննարկվող տարբերակ էր: Տեղեկություններ կան, որ դա այլ տարբերակներով վերակենդանացնելու փորձեր քանիցս արվել են Վաշինգտոնի կողմից` «միջազգայնորեն վերահսկվող խճուղու», Մեղրիի տարածքով անցնող թունելի կամ վերգետնյա կամրջի տեսքով, և այլն: Դա ակամա հաստատել է նաև Ռոբերտ Քոչարյանը: Օրինակ` դեռ 2000թ. լրագրողների հետ ունեցած մի հանդիպման ժամանակ նա դա ներկայացրեց որպես «կոմունիկացիաների խնդիր», հավելելով. «Խոսքը երբեք չի գնացել միջանցքի մասին, խոսքը գնացել է, այո՛, Ղարաբաղի և Հայաստանի միջև սուվերեն միջանցքի մասին Մեղրիով, խոսքը գնում է ճանապարհով հաղորդակցության իրավունքի մասին: Սրանից այն կողմ երբեք որևէ պայմանավորվածություն մենք չենք ունեցել»:
Իսկ հիմա` նախապատմությունը, թե ինչ էր նախորդել և հաջորդել հոկտեմբերի 27-ին:
ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, 23 հոկտեմբերի: Ահա թե այդ օրվա մասին ինչ է պատմում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին տված հարցազրույցում Կ. Դեմիրճյանի վարորդը՝ քեռի Միշան «Հոկտեմբերի 27-ի նախօրյակին շատ-շատերից ավելի վաղ ես նկատեցի, որ Կարեն Սերոբիչը անտրամադիր էր, մտահոգված էր երկրի ծանր վիճակով, ժողովրդի չքավորությամբ։ Գործերը դժվար էին առաջ գնում։ Բայց հոկտեմբերի 23-ին Կարեն Սերոբիչը այնքան անտրամադիր էր ու զայրացած, որ երբևիցե չէի տեսել իրեն այդ վիճակում։
Այդ օրը հրավիրված էր Անվտանգության խորհրդի նիստ, որից Դեմիրճյանը չափազանց զայրացած դուրս եկավ։ Ի դեպ, անտրամադիր ու բարկացած նիստից հեռացավ նաև Վազգեն Սարգսյանը: Այդ օրը ժամը 14-ին ԱԺ եկավ Վազգեն Սարգսյանը: Կարեն Սերոբիչը Մոսկվայից նոր էր վերադարձել: Նրանք մոտ երկու ժամ զրուցեցին և ժամը 16-ին ես իրենց տարա նախագահի նստավայր, ուր արդեն հավաքվել էին Անվտանգության խորհրդի անդամները: Երկուսն էլ շատ բարձր տրամադրություն ունեին: Այլ վարորդների հետ մեքենայի մոտ սպասում էի նիստի ավարտին: Առաջինը նախագահի նստավայրից դուրս եկավ Ալբերտ Բազեյանը, լուռ նստեց մեքենան ու հեռացավ: Բավականին ժամանակ անց դուրս եկան մնացածները: Վ. Սարգսյանը այն աստիճան ջղայնացած էր, որ նստեց իր մեքենան ու ամբողջ ուժով փակեց մեքենայի դուռը: Ինձ թվաց, որ դուռը տեղից դուրս կթռնի: Կարեն Սերոբիչի դեմքին գույն չկար: Մի կերպ ասաց. «Քշի տուն»: Փորձեցի հանգստացնել, բայց կտրուկ ընդհատեց ինձ. «Բավական է, շարունակ նույնն ես ասում: Ո՞նց հանգստանամ, չե՞ս տեսնում՝ ինչ է կատարվում»:
Որ խոսքը հենց Մեղրիի մասին էր` վկայում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը. «Հայրս հոկտեմբերի կեսերին ինձ հետ խոսել է Մեղրիի տարբերակի մասին: Քննարկվել է նման տարբերակ։ Նա ծայրահեղ մտահոգված էր և ասաց, թե դեմ կլինի և կկանգնի մինչև վերջ»:
Իսկ ահա Վարդան Օսկանյանի խոստովանությունը: ԱՄՆ, Գլենդեյլ, հանդիպում հայ համայնքի հետ, 25 ապրիլի 2000թ. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը` Ղարաբաղի հետ, տրվում է Հայաստանին: Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ…»: Ավելին. Ռ. Քոչարյանը 2000 թ. փետրվարի 11-ին հանրային հեռուստատեսությամբ հայտարարել է. «Մենք քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, կա փակուղի, և փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը բոլոր հնարավոր տարբերակների քննարկումն է… Եվ այդ կոնտեքստում, այո, կար գաղափար տարածքների փոխանակման վերաբերյալ… Բայց, այնուամենայնիվ, այդ տարբերակը իմ կողմից չի ընդունվել… Թեկուզ, պետք է ասեմ, տարբերակն ուներ իր տրամաբանությունը. ենթադրվում էր, որ այն կբերի տարածաշրջանի երկարատև խաղաղության»:
Այսինքն` փաստ է, որ Ռ. Քոչարյանի օրոք այդ տարբերակը քննարկվել է ամենաբարձր մակարդակով: Եվ առանցքային հարց է, որ մնում է` արդյո՞ք Քոչարյանի վարչակազմը համաձայն էր դրան: Խոսքը տանք Լևոն Տեր-Պետրոսյանին, որը խնդրո առարկա փաստաթուղթը հրապարակեց 2008թ փետրվարի 9-ի հանրահավաքին. «նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվում են ՀՀ-ին։ Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը 1988 թվականի սահմաններով փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը»: Փաստաթղթի 5-րդ հոդվածը մանրամասնում է Մեղրիի հանձնումը. «Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը ՀՀ տարածք: Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Այդ տեղափոխության պլանավորումն ու իրականացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության վերահսկողությամբ՝ նշված է 10,11-րդ հոդվածներում: Մեղրիի շրջանը պետք է բնակեցվի առաջին հերթին այդ հակամարտության հետևանքով տեղահանված Ադրբեջանի քաղաքացիներով»:
Այսինք` արդեն ժամկետներով էր նշած, թե ինչպես պետք է իրագործվի տարածքային փոխանակման օպերացիան: Գլենդեյլում էլ Վարդան Օսկանյանը չի թաքցնում իր` դրան կողմ լինելը: Դա նշանակում է, որ գաղտնի բանակցություններում դա քննարկվել է ամենայն մանրամասնությամբ, ու դրա ընդունման մեծ հավանականություն կար: Խոսքը տանք Արցախյան հակամարտության պատմությունը լավ իմացող բրիտանական քաղտեխնոլոգ և լրտես Թոմաս դե Վաալին:
1999թ, Վաշինգտոնում տեղի է ունենում գագաթնաժողով, որին ներկա էր Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Հեյդար Ալիևն ու Էդուարդ Շևարդնաձեն: Թոմաս դե Վաալը նկարագրում է, թե ինչպես են երեք նախագահները միասին ոչ պաշտոնական հանդիպում ունեցել այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի մոտ` վերջինիս աշխատասենյակում. «Օլբրայթը մենակ թողեց Քոչարյանին և Ալիևին, որ նրանք կարողանան դեմ առ դեմ զրուցել: Այդպես, գրեթե պատահական սկսվեց նոր բնույթի երկխոսություն: Երկու քաղաքական գործիչները չէին տեսել իրար 1993թ. մոսկովյան գաղտնի բանակցություններից հետո:
Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում նրանք գտան փոխըմբռնման հիմք: Երկուսն էլ կոշտ միայնակ-առաջնորդներ էին, ում ավելի ձեռնտու էր բարձր մակարդակով կոնֆեդերեցյան բանակցությունների ձևաչափը…
Այն փաստը, որ Քոչարյանը ծագումով Ղարաբաղից էր, հեշտացնում էր բանակցություններում Ղարաբաղի ներկայացվածության հարցը. նա փաստորեն ներկայացնում էր նաև ղարաբաղյան հայերի շահերը: Հասկանալի էր, որ Քոչարյանի համար բարձրագույն արժեքը Ղարաբաղի դե-ֆակտո անկախությունն էր: Հենց այդ պատճառով էլ երկու քաղաքական առաջնորդները իրենց առաջին իսկ հանդիպումներից մեկում դիմեցին այսպես կոչված «Գոբլի պլանին»…
Այս գաղափարի հիմնական արժանիքն էր պարզությունը: Բացի այդ Ալիևը ստանում էր էական մրցանակ, որը այն, ինչպես դրոշ, կկարողանար թափահարել ադրբեջանական հասարակության առաջ, երբ կհայտարարեր այլ ցավագին և ոչ ընդունելի կորուստների մասին: Այդ ժամանակ աննկատ չմնաց նաև, որ և՛ Նախիջևանի, և՛ Ղարաբաղի համար այդքան ձեռնտու այս նախագիծը քննարկվում է հենց այդ տարածաշրջանների ծագումով գործիչների կողմից:
Ադրբեջանական էլիտայի շատ ներկայացուցիչներ 1999թ. մերժեցին այդ ծրագիրը, որը նշանակում էր Ղարաբաղի հանձնում: 1999թ. հոկտեմբերին Ալիևի երեք մերձավոր համախոհները, ակնհայտորեն հենց այդ հարցի շուրջ տարաձայնության պատճառով հրաժարական տվեցին, և նախագահն այդպիսով զրկվեց իր ամենափորձառու խորհրդականներից: Նրանք էին արտաքին քաղաքականության գծով բազմամյա խորհրդական Վաֆա Գուլուզադեն, նախագահական վարչակազմի ղեկավար Էլդար Նամազովը և ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը:
Հայաստանում «Գոբլի պլանը» առաջ բերեց շատ ավելի մեծ դիմակայություն, քանի որ Մեղրիի կորուստը նշանակում էր նաև հարավային սահմանի կորուստ ամենաբարեկամական հարևանի` Իրանի հետ: Ղարաբաղցի Քոչարյանի համար այն մեղադրանքները, թե նա վաճառում է Հայաստանի Հանրապետության հողերը հանուն Լեռնային Ղարաբաղի ապագայի ապահովման` կլինեին ցավոտ: Ահա թե ինչու, հանուն այդ ծրագիրը կյանքի կոչելու հույսերի` Քոչարյանը շատ էր զգում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի աջակցության կարիքը, ով 1999թ. ամռանը Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչն էր…»:
Եվ սկսվում է ճնշումը Վազգեն Սարգսյանի վրա: Նրա ամերիկյան այցի ժամանակ նրան մատուցվում է իր մերձավոր շրջապատի կոռուպցիոն ցուցակ: Սակայն Վազգեն Սարգսյանը, կարծես, ավելի գերադասելի է համարում իր շրջապատի կտրուկ զտումը, քան «Մեղրիի տարբերակը»: Ու իրադարձությունների զարգացումը ստանում է սրընթաց բնույթ: 1999թ. հոկտեմբերին Ղարաբաղի շուրջ բանակցություններն ընթանում էին արտասովոր գերարագ տեմպերով: Շարունակվում էին Քոչարյան-Ալիև առանձնազրույցները. հերթական հանդիպումը հոկտեմբերի 11-ին էր, «Հայաստանի և Նախիջևանի սահմանագծին, որը նրանց հինգերորդ հանդիպումն էր:
Ադրբեջանցիները ոչխարի խորոված էին պատրաստել, իրավիճակը բարեկամական էր: Հույս կար, որ նոյեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում կողմերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված առնվազն աշխատանքային հայտարարությամբ հանդես կգան»,- գրում է Թոմաս դե Վաալը: Սակայն այդ հանդիպումից 3 օր առաջ` հոկտեմբերի 8-ին հրաժարական էր տվել Ալիևի ամենամերձավորներից Վաֆա Գուլուզադեն: Իսկ դա նշանակում է, որ եթե ընդունենք այդ հրաժարականը «Գոբլի պլանի» հետ կապող Թոմաս դե Վաալի վարկածը, դա նշանակում է, որ հոկտեմբերի 11-ի հանդիպման հիմնական առանցքը հենց այդ ուղղվածությունն է ունեցել: Մյուս երկու` Թոֆիկ Զուլֆուգարովի և Էլդար Նամազովի հրաժարականները, որոնց մասին ևս խոսում է դե Վաալը, տեղի ունեցան հոկտեմբերի 24-ին: Իսկ դրանից 3-4 օր առաջ Երևան և Բաքու էին այցելել պետքարտուղարի ԱՊՀ երկրների հարցերով խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերրի Քավանոն: Նրանք Հայաստանում հանդիպել էին ինչպես Ռ. Քոչարյանի և արտգործնախարար Վ. Օսկանյանի, այնպես էլ` վարչապետ Վ. Սարգսյանի հետ: Այսինքն` դե Վաալի վարկածով այս այցելության ժամանակ էլ է հիմնական շեշտադրումը եղել «Գոբլի պլանի» վրա: Տարբեր առիթներով ադրբեջանցի գործիչներն էլ են հայտարարել, որ իրենց հրաժարականով «անհամաձայնություն են արտահայտել տարածքների փոխանակման առաջարկի նկատմամբ, քանի որ այն հակասում էր Ադրբեջանի շահերին»:
Իսկ հոկտեմբերի 26-ին Բաքու և 27-ին` Երևան կրկին այցելում են Սեստանովիչն ու Քավանոն, սակայն արդեն պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթի և Անվտանգության ազգային խորհրդի տնօրեն Ջոն Էլքինդի հետ միասին: Նույն հոկտեմբերի 27-ի առավոտյան Ռ. Քոչարյանը Ղարաբաղի հետ կապված հեռախոսազրույց է ունենում նաև Բորիս Ելցինի հետ…
Եվ ահա հաշված ժամեր անց այն բանից, երբ ամերիկյան պատվիրակությունը Ռ. Քոչարյանի և Վ. Սարգսյանի հետ հանդիպելուց հետո մեկնում է Անկարա, Ազգային ժողովում ճարճատում է Նաիրի Հունանյանի ինքնաձիգը… Մեկ ակնթարթում սպանվում են տարածքային փոխանակման ամենաազդեցիկ հակառակորդները` Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը: Արդյո՞ք Ռ. Քոչարյանը տեղյակ էր նրանց սպասվելիք ֆիզիկական ոչնչացմանը: Դժվար թե, քանզի այդ օրը նա մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի Նաիրի Հունանյանի ահաբեկչական խումբը ողջ մնա և հանձնվի իրավապահներին: Այլ հարց է, որ հետո զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նորմալ հետաքննության փոխարեն քրգործը վերածեց քաղաքական ճնշումների գործիքի և գործնականում (միգուցե միտումնավոր) արգելափակեց կազմակերպիչների մասով բացահայտման հնարավորությունը:
Իսկ Ռոբերտ Քոչարյանի թիվ 1 աչքի գրող էլ հոկտեմբերի 27-ից հետո դառնում է ոչ թե նույն Գագիկ Ջհանգիրյանը կամ առիթից օգտվելով ռևանշի փորձ կատարած Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, այլ, ինչքան էլ տարօրինակ լինի, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որից նա վրեժխնդիր է լինում ընդհուպ զինվորական կոչումից զրկելու աստիճան:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՎԱՌՆԱԶԻ: Ծնվել է 1956թ. ապրիլի 28-ին ք. Ախալքալաք: 1978թ. ավարտել է Բաքվի Ս. Կիրովի անվ. Կասպիական բարձրագույն ոազմա-ծովային ուսումնարանը: 1978-90թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1986-90թթ. եղել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի ավագ սպա, 1990-1992թթ.` Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայի ունկնդիր: 1991-92թթ. եղել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար: Գեներալ-մայոր (19.09.1994), գեներալ-լեյտենանտ (20.09.1996): 1992-96թթ. եղել է ԱՊՀ միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, 1996-1999թ.` ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ: 1999-2000թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 2000թ. հուլիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով աստիճանազրկվել է:
Հիմա ի՞նչ էր արել Վաղարշակ Հարությունյանն այդ դրամատիկ և ողբերգական իրադարձությունների ժամանակ: Արել էր այն, ինչ պարտավոր էր անել պաշտպանության նախարարը: Երկրի սահմաններում ուժեղացրել էր հսկողությունը, միաժամանակ փակելով Երևան տանող ճանապարհները, որպեսզի հանկարծ ինչ-ինչ զինյալ խմբեր չհայտնվեն մայրաքաղաքում: Արտաքին ներխուժման վտանգ կար, ու հատկապես հակառակորդի մեծ կուտակումներ կային Նախիջևանում` Սյունիքի սահմանին, և Ֆիզուլիի մատույցներում: Եթե հանկարծ երկրում քաոսային վիճակ ստեղծվեր, ապա Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, կփորձեր ճեղքել պաշտպանությունը հարավային ուղղությամբ և կանգնեցնել մեզ Մեղրիի զավթման փաստի առաջ: Դա չեղավ մեր ուժային կառույների գրագետ գործողությունների շնորհիվ:
Օրեր անց, երբ իրավիճակը քչից-շատից հանդարտվել էր, բորբոքվեց Ռոբերտ Քոչարյանի և Վաղարշակ Հարությունյանի կոնֆլիկտը: ՀՀ նախագահը Երևանը շրջափակելը որակեց որպես ինքնագլուխ անընդունելի գործողություն, իսկ այնուհետ կոնֆլիկտը խորացավ այլ ուղղությամբ:
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան. «Իսկապես կար Մեղրիի տարբերակ…: Բայց նախքան մեր պաշտոնանկությունը, մենք հասցրել ենք այնպիսի քայլեր անել, որոնք անհնար են դարձնում այդ տարբերակի ընդունումը: Մասնավորապես, գիտակցելով, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, չի կարող բացահայտորեն իր դիրքորոշումն արտահայտել, մենք հասել ենք նրան, որ Ռուսաստանը Մեղրիի տարբերակին դեմ է արտահայտվել այլ կերպ՝ որոշում է ընդունել Մեղրիում էլեկտրակայան կառուցել»:
ՀՀ նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյան. «Իմ թիվ մեկ ձեռքբերումն եմ համարում այն, որ ունեցածս հնարավորությունների չափով խոչընդոտել եմ Մեղրիի տարբերակի իրականացմանը»:
Ըստ էության, հարցի շուրջ կար խուլ հակամարտություն: Մի կողմից` Ռոբերտ Քոչարյան և Վարդան Օսկանյան, մյուս կողմից` պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գեներալիտետի և սպայակույտի ջախջախիչ մեծամասնությունով հանդերձ, վարչապետ Արամ Սարգսյանը, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը ՀՀԿ ամբողջ վերնախավով հանդերձ… Բանը հասավ Քոչարյանի հրաժարականի պահանջին, այնուհետ եղավ Արամ Սարգսյանի և Վաղարշակ Հարությունյանի պաշտոնանկությունը, որպես «ժամանակավոր լուծում» վարչապետ նշանակվեց Անդրանիկ Մարգարյանը: Բայց «Գոբլի ծրագրի» վրա արդեն փաստացի խաչ էր քաշված, իսկ Ա. Մարգարյանի «ժամանակավորը» հասավ մինչև նրա մահը` 2007թ մարտի 25-ը: ՀՀԿ-ն լիուլի օգտագործեց Վազգեն Սարգսյանից ստացած հզորության ժառանգությունը, ՀՀԿ-ի վրա հենվելով Սերժ Սարգսյանը տապալեց Ռոբերտ Քոչարյանի` ԲՀԿ-ով ԱԺ մեծամասնություն վերցնելու և Վարդան Օսկանյանին իրավահաջորդ նշանակելու ծրագիրը:
Ու այսքանով վերջացավ «Գոբլի պլան» կոչվող ավանտյուրայի պատմությունը… Բայց վերջացա՞վ արդյոք մեկընդմիշտ, թե՞ ԱՄՆ-ն հարմար պահի է սպասում:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ինչպես և սպասվում էր` «աշխարհի վերջ» չեղավ: Ընդամենը զանգվածային փսիխոզ էր աշխարհով մեկ, որը բարեբախտաբար շրջանցեց մեր երկիրը: «Աշխարհի վերջին» հավատացող հայեր չգտնվեցին, ինչպես և վայել է հավերժությանը հավատացող հնագույն ազգին: Նրանք, ովքեր խոր հավատացյալ են, առաջնորդվեցին Աստվածաշնչով, որն անմեկնելի և անկանխատեսելի է համարում Քրիստոսի երկրորդ գալստյան օրը, և չտաջեցին իրենց անիմաստ սպասումով, դե իսկ մյուսները ծաղրի ու կատակների առարկա դարձրին ընդհանրապես «աշխարհի վերջի» գաղափարը: Բայց, այնուամենայնիվ, իշխանությունները զգուշավորություն դրսևորեցին և կանխավ արգելեցին զվարճավայրերին «աշխարհի վերջի» երիտասարդական կոլեկտիվ տոնակատարությունների պատվերներ ընդունել, թեև երիտասարդությունը ցանկություն ուներ ընդամենը զվարճանալ և ուրախ տրամադրությամբ հրաժեշտ տալ Մայաների օրացույցի վրա կառուցած ցնդաբանությանը:
Բայց Մայաների օրացույցը արձանագրել էր, այնուամենայնիվ, կարևոր պահ, որը հայտնի է աստղագետներին` արեգակի ծագման կետի անցումը Ձկների համաստեղությունից Ջրհոսի համաստեղություն: Այդ կետը լրիվ պտույտ է կատարում ամբողջ կենդանակերպով մոտ 26.000 տարվա ընթացքում, և համաստեղությունից համաստեղություն անցում է կատարում շուրջ 2160 տարին մեկ: Այսինքն` դարաշրջան փոխեցինք: Մտանք Ջրհոսի դարաշրջան, որը մեր նախնիները անվանում էին Տիեզերական Գարուն:
Մեր իմաստուն նախնյաց պատկերացմամբ, Տիեզերական Գարնան բնութագրիչն է կեղծիքների ու ստերի դիմակազերծումը, հրաժեշտը կույր հավատին, վախկոտությանն ու բռնակալությանը: Ինչը և տեսնում ենք մեր քաղաքական դաշտի պարագայում: Քանի որ անցումը դարաշրջանից դարաշրջան համընկավ նախընտրական կրքերի եռուն շրջանի հետ, պատռվեցին բոլոր քաղաքական ուժերի դիմակները, և ժողովուրդը պարզ տեսավ, թե ով ով է: Ուստի` համառոտակի դիտարկենք այդ գործընթացը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցույց տվեց, որ իրականում քաղաքական ուժ է չէ, այլ ընդամենը իր օլիգարխ առաջնորդի փողերից ու լծակներից օգտվող շահամոլների և կարիերիստների բանակ: Այդ ռեսուրսը տարատեսակ ինտրիգների և ճնշումների միջոցով փորձեցին իրենց շահերին ծառայեցնել և՛ ՀՀ բոլոր երեք նախագահները, և՛ գերտերությունները (Ռուսաստանն ու ԱՄՆ-ն), սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաջություն ունեցավ լքել այդ խաղը: Ճիշտ է, նա դրանով խաչ քաշեց իր քաղաքական կարիերայի վրա, ու հիմա և՛ «տուկի թելով» քվե ծախող հարյուր հազարավոր ընտրողների հուսախաբ արեց, և՛ բորբոքեց բոլոր նրանց ատելությունն ու վրեժխնդրությունը, ովքեր հույս ունեիր իրենց ծառայեցնել ԲՀԿ-ի ռեսուրսը, ու հարվածներ ստանալն անխուսափելի է: Բայց ամենևին էլ ոչ անբիծ կենսագրություն ունեցող Գագիկ Ծառուկյանի վրա փաստորեն ազդեց մոտեցող «Ջրհոսի» շունչը, և նա տղամարդկային շիտակ քայլ կատարեց ու պատմության մեջ մտավ որպես քաղաքական անազնիվ խաղերից հրաժարված գործիչ:
Հայ ազգային կոնգրեսն էլ ինքնաբացահայտվեց որպես ուժ, որը զբաղված էր ՀՀ դժգոհ քաղաքացիներին տարիներ շարունակ իշխանափոխության տեսիլքով խաբող, բայց իրականում անձնական և խմբակային շահ հետապնդող մի խումբ: Ու երբ պարզ դարձավ, որ չի ստացվում օգտագործել ԲՀԿ-ին` նրա շալակի վրա կա՛մ իշխանության գալու, կա՛մ գոնե որպես վրեժխնդրության ակտ երկիրը ցնցումների մեջ գցելու նպատակով, այդտեղ ծայր առան քայքայման երևույթները և ճղճիմ խաղերը: Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան առանձնազրույցի գաղտնաձայնագրության հրապարակումը ցույց տվեց ՀԱԿ-ի գործիչների ողջ մանրախնդիր և շահամոլ էությունը: ՀՀՇ համագումարից առաջ ու դրա ընթացքում էլ եղավ շարունակությունը: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ լքում է ՀԱԿ քաղխորհուրդը և դեկտեմբերի 24-ի համագումարով առաջադրում է իր թեկնածությունը, սակայն ինքնաբացարկ կհայտնի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի: Դրան ի պատասխան համագումարին իր ողջ կենսագրության ընթացքում ամենաանհետաքրքիր և բան չասող ելույթով հանդես եկած Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մի երկու օր հետո կասի իր առաջադրվել-չառաջադրվելու մասին: Փաստորեն դա քալ էր` Բագրատյանին անհարմար վիճակի մեջ դնելու, քանի որ ավելի վաղ Բագրատյանը նրան անհարմար վիճակի նեջ դրեց: Փաստորեն ինչպիսի քաղաքական դեգրադացիա անցավ ՀՀ առաջին նախագահը` 2007-2008-ին նա ահարկու ընդդիմադիր առաջնորդ էր, հետո «երկխոսվեց» ու լուծեց այդ գնով մի քանի պատգամավորական մանդատի հարց, ու այդ պատգամավորները բոլորովին նման չեն կուռ միասնական թիմի, հետո տանջալիորեն սպասում էր Գագիկ Ծառուկյանի որոշմանը, հիմա էլ հասավ այնպիսի զավեշտի, ինչպիսին է Հրանտ Բագրատյանի որոշման սպասելը…
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նույնպես բացահայտեց իր իրական արժեքը` գլորվել-հասնելով մինչև քաղաքական արժեզրկում, փչացնելով իրեն իշխող կոալիցիա մուտքուելքերով, խաղեր խաղալով գաղափարապես իր հետ անհամատեղելի ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ, մեկ նալին, մեկ մեխին խփելով: Հիմա էլ ՀՅԴ-ն չի ուզում աջակցել նույնիսկ գաղափարապես մոտ Րաֆֆի Հովհաննիսյանին ու մտադիր է, որ եթե մասնակցի ընտրություններին, ապա միայն սեփական թեկնածուով: Ու միաժամանակ սիրախաղի մեջ է Սերժ Սարգսյանի հետ` հավանաբար հույս ունենալով, որ իշխանությունը դաշնակ թեկնածուին ինչ-որ տոկոս ձայն կնվիրի…
Մյուսների ֆոնի վրա համեմատաբար շահեկան է երևում միայն այնպիսի բառադի քաղաքական ուժը, ինչպիսին Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունն» է: Գոնե գլխանց ազնվորեն հայտարարել է, որ մասնակցելու է: Ու այդ համեմատական շիտակ խաղի շնորհիվ վարձահատույց է եղել, բոնուս է ստացել Ջրհոսի դարաշրջանի արշալույսին` այժմ Րաֆֆին թերևս ունի միակ քչից-շատից լուրջ արևմտամետ թեկնածուի կարգավիճակ: Ամերիկացիները ուզած-չուզած նրա պարագայում պիտի որ վարվեն «На безрыбье и рак-рыба» սկզբունքով ու քաղաքականապես աջակցեն նրան…
Դե «Օրինաց երկիր» կուսակցության պարագայում մեկնաբանություններն ավելորդ են. ԱԽՔ-ը մնում է ԱԽՔ, և Արթուր Բաղդասարյանի քաղաքական փոփոխամտության վարձատրությունն այն է, որ ընդամենը ՀՀԿ-ի կցորդն են, ու հաջորդ ԱԺ-ում արդեն չի լինի ՕԵԿ խմբակցություն:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, ապա Սերժ Սարգսյանը գործնականում մնացել է առանց մրցակից, իսկ ՀՀԿ-ն բացարձակ քաղաքական մենաշնորհ ունի: Սակայն այս պարագայում էլ զգացվում է Ջրհոսի դարաշրջանի շունչը. ՀՀ նախագահը, որի վերընտրությունը այլևս մեխանիկական գործընթաց է, և նա վերարտադրության համար կարիք չունի օլիգարխիկ շերտի աջակցության, իրեն ամենևին չի պահում բռնակալի պես:
Սակայն ցանկացած գարնանը (և Տիեզերական Գարունն այդ առումով բացառություն չէ) բնորոշ են և կարճատև ցրտահարություններ: Ուստի, թեև քաղաքական կյանքում ցնցումներ չեն սպասվում, սակայն կարող են լինել չափազանց տհաճ և վատ նստվածք թողնող միջադեպեր: Դրա նախակարապետը պատգամավոր Մհեր Սեդրակյանի` լրագրողի հանդեպ թույլ տված զազրելի արարքն է, ու առաջիկայում նաև ավելի վատ միջադեպեր են հնարավոր: Ուստի զգոնությունն ավելորդ չէ: Առավելևս, որ օրինակ հոգևոր ոլորտում արդեն կան շատ լուրջ մարտահրավերի սաղմերը: Արդեն Երևանում են և իրենց «թրեյնինգներն» են սկսել աշխարհի ամենավտանգավոր աղանդի` Ֆալուն-գունի երկու քարոզիչները` Արմինա Միխայլովան և Ալյոնա Բալակինան: Իսկ դա այն աղանդն է, որը հազարապատիկ վտանգավոր է «Եհովայի վկաներից», իր հետևորդներից շատ սեղմ ժամկետում սարքում է ագրեսիվ զոմբիներ, փաստացի ցանկացած առաջադրանքի պատրաստ ռոբոտներ: Այդ աղանդի դեմն առնելու համար մի քանի տարի առաջ Չինաստանի իշխանությունները հարկադրված էին եղել բանտարկել կամ հարկադիր բուժման ուղարկել 6 միլիոն մարդու, մի քանի հազարի էլ մահապատժի ենթարկել….
Դե եթե դրան գումարենք նաև պատերազմի սպառնալիքը, ապա պարզ է, որ մուտքը լուսավոր Ջրհոսի դարաշրջան այնքան էլ անամպ չէ:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Եթե ձեզ առաջարկել են մասնակցություն ունենալ հաջողակ բիզնեսում, ընդամենը մեկ անգամ ներդրում կատարելով` կարճ ժամկետում վաստակել խոշոր գումարներ, եթե ձեզ խոստացել են, որ այդ եղանակով դուք տարեվերջին կարող եք ավտոմեքենա գնել և հասնել ձեր բոլոր նպատակների իրականացմանը, ապա ձեր դուռը թակել է ոչ թե հաջողությունը, այլ դուք հանդիպել եք Qnet ընկերության` վստահությունը չարաշահելու եղանակով, ձեզ մոլորեցնելու եկած աշխատակիցներին:
Մինչ նրանց հանդիպելը, ձեր ապահովության նպատակով ծանոթաց′ք սույն հոդվածի բովանդակությանը:
Ձեզանից շատերին է ծանոթ բուրգային մարքեթինգ ներկայացնող ընկերությունների գործունեությունը: Qnet ընկերությունը ներկայացնում է ցանցային մարքեթինգ, որում ընդգրկում են հիմնականում երիտասարդները (և վտանգը հենց սրանում է) նրանք իրականում բազմաքանակ են, և Երևանյան բանուկ փողոցներով քայլելիս, անհնար է 10 րոպե տևող զբոսանքի ընթացքում, գոնե 2 Qnet-ականների չհանդիպել:
Ի ՞նչ է Qnet-ը և ի ՞ նչ վտանգներ է այն ներկայացնում ձեր ընտանիքի անդամների ու մտերիմների համար: Ընկերության ցանցում հայտնվածների ծանրակշիռ մեծամասնությունը երիտասարդներ և պատանիներ են: Ամենասարսափելին այն է, որ նրանք կարող են չափազանց գայթակղիչ առաջարկների միջոցով, իրենց շարքերն ընդգրկել ձեր ընտանիքի երիտասարդ անդամին, և դուք այդ մասին կտեղեկանաք շատ ուշ, քանի որ նրանք նախապես զգուշացնում են՝ տանը ոչ ոքի չասեք, և առհասարակ գաղտնիությունը պարտադիր նախապայման է, իսկ խորհրդավորությունը գայթակղում է երիտասարդներից շատերին:
Նրանց աշխատանքին ծանոթանալու համար ընդգրկվեցի խմբերից մեկում, և ահա թե ինչ պարզեցի. նրանք «աշխատում» են հետևյալ կերպ. հավանական «զոհն» անպայման պետք է լինի իրենց ցանցի անդամներից մեկի մտերիմ ընկերը կամ բարեկամը` մարդ, որին կարելի է վստահել: Երկրորդը` «զոհը» պետք է ֆինանսապես ծանր իրավիճակում լինի և շտապ գումար աշխատելու ծայրահեղ կարիք ունենա:
Ինձ նման առաջարկ արեց իմ դասընկերը. նա Qnet-ական է:
Մի օր զանգահարեց ինձ, զրուցեցինք, ասաց, որ շատ լավ միջազգային կազմակերպություն կա, որը բացառիկ աշխատանք է առաջարկում շատ բարձր աշխատավարձով, ազատ գրաֆիկով և քանի որ ինքն է միջնորդել, ապա անպայման ինձ կընդունեն աշխատանքի: Որքան էլ փորձեցի ճշտել այդ կազմակերպության անվանումը կամ վարձատրության չափը, ոչինչ պարզել չկարողացա: Ավելի ուշ պարզեցի, որ Qnet-ականն երբեք սկզբնական էտապում չի պատասխանի այդ հարցերին, այլ ինչպես իմ դեպքում էր՝ կհայտնի, որ հարկավոր է հանդիպել մանրամասները քննարկելու համար:
Երբ Qnet-ականն ու «զոհը» հանդիպում են, հանդիպման ընթացքում միայն Qnet-ականը հայտնում է, որ իրենց կմիանան այդ նույն կազմակերպության կարևոր դեմքերից մեկը կամ երկուսը և կներկայացնեն աշխատանքի բնույթը, քանի որ իրենք առավել հմուտ են:
Այդպես էլ եղավ հանդիպեցինք, ու հմուտ Qnet-ականները պատմեցին իրենց հզոր կազմակերպության մասին և երբ համարեցին, որ արդեն «թակարդում եմ», հայտնեցին, որ եթե ուզում եմ միանալ կազմակերպությանն, ապա պետք է գնեմ իրենց ապրանքներից մինիմում 600 ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանք, որն իրականում արժե ոչ ավել, քան 20 ԱՄՆ դոլար: Նրանք իրենց հետ չունեին կատալոգներ, նրանց ապրանքատեսակները շատ փոքրաքանակ էին և իրենցից արժեքավոր ոչինչ չեն ներկայացնում:
Ավելի ուշ հարսկացա, որ առաջին իսկ հանդիպումից սկսած Qnet-ականները դիտարկում են «զոհի» զարդերը, հեռախոսը, այն ամենն ինչը կարելի է վաճառել և այդ 600 ԱՄՆ դոլարը տալ Qnet-ին: Նրանք երկրորդ, երրորդ հանդիպումից հետո արդեն սկսում են «զոհին» ասել, որ իր ժամացույցի, հեռախոսի կամ այլ արժեքավոր իրի համար կարող են գնորդ գտնել շատ կարճ ժամկետում: Պարզեցի նաև, որ նրանք համագործակցում են «FINCA»- ի հետ և կարող են նույնիսկ վարկ դասավորել:
Վտանգն իրականում ոչ միայն ֆինանսական է, այլև հոգեբանական, քանի որ Qnet-ականները հիշեցնում են աղանդավորական կազմակերպություն: Անընդհատ կրկնում են, որ կյանքը հիասքանչ է, իրենց գործերը շատ լավ են, բայց իրականում գրպաններում գրոշներ են, եթե իհարկե, նրանք իրենց բուրգային բիզնեսի վերին հատվածում չեն կանգնած: Այն վերին հատվածում… Կառույցի միջին անդամը ամսական մոտավորապես ունի 500 հազար դրամ եկամուտ, իսկ վերևներում աստղաբաշխական թվեր են պտտվում:
Եվ դա արվում է այն մարդկանց հաշվին, որոնք վճարում են պահանջվող՝ 600 դոլար գումարը: Նրանցից շատերն, իհարկե, չեն կարողանում նոր մարդ բերել, կորցնում են գումարը, սակայն բավարարված են զգում իրենց. գտնում են նոր ընկերներ, որոնք էլ իրենց հերթին նրանց ծանոթացնում են նոր մարդկանց հետ, օգնում են, միմյանց տեղավորում աշխատանքի և այլն.: ճիշտ և ճիշտ, ինչպես աղանդավորները: Եվ, եթե նույնիկ բիզնեսը չի ստացվում, ինչ -որ հետաքրքիր բան երիտասարդները ձեռք են բերում ու մոռանում վճարած գումար մասին: Այսպես հյուսում են ցանցը, որի հիմնական տերերը, ըստ մեր ունեցած տեղեկության, իշխանական առաջին շարասյան ներկայացուցիչներ են:
Տեղեկացնենք նաև, որ հարևան Թուքիայում 2010թ.-ին գործունեությունը սկսած 150 Qnet-ականներից 80-ը ձերբակալվել են: 2011թ.-ին Թուքիայում Qnet-ի գործունեության հետախուզում է հայտարարվել: Շրի Լանկայում հայտնաբերվել է Qnet-ի կողմից ապօրինի արտահատված 15 մլն ԱՄՆ դոլար և օրենքով սահմանվել է Qnet-ի ցանկացած հայտանաբերված ներկայացուցչի երեք տարի ազատազրկում: Սիրիայի Էկոնոմիկայի նախարարությունը 2009 թվականին միջոցներ է ձեռնարկել՝ Qnet-ի լուծարմանը հասնելու նպատակով: Նեպալում 2003թ.-ին արգելել են Qnet-ի գործունեությունը և Նեպալի կենտրոնական բանկի արժութային գործարքների ղեկավար Կ. Բ. Մանադխարը հայտարարել է, որ նրանց գործունեությունը «100 %-անոց խարդախություն է»:
Իրավաբանական տեսանկյուից մտահոգիչ է այն, որ Հայաստանում նրանք կարողանում են գործել հարկային վերահսկողությունից դուրս և արտոնյալ պայմաններում: Ըստ մեզ հասած տվյալների` այս բուրգային ապօրինի բիզնեսի հայաստանյան պարագլուխները, որ բարձրաստիճան պաշտոնյաներ են, երբեմն մասնակցում են Qnet-ականների ժողովներին:
Մարիաննա Եղիազարյան
Հ.Գ. «Հայկական Վարկած»-ը դիմել է ՀՀ Ոստիկանությանը, պարզելու առնչվե՞լ են երբևէ «Qnet» կազմակերպության հետ և խնդրել պատասխանել մի շարք հարցերի, որոնց պատասխանը կներկայացնենք ընթերցողին:
ՀՀԿ 14-րդ համագումարը, ինչպես և սպասվում էր, անցավ շատ հանդարտ, Սերժ Սարգսյանի ելույթն էլ շատ ինքնավստահ: Եվ խոշոր հաշվով, ինչու պետք է ինքնավստահ չլինի, եթե ՀՀԿ-ն մնաց անմրցակից:
Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո գալիք ընտրություններում էլ ինտրիգ` որպես այդպիսին, չմնաց: Այլևս «մրցակից» են միայն չուլ դառած ընդդիմադիրները` ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի, մեկ էլ էպոսագետի պես կուրիոզային ֆիգուրները: Իսկ դա նշանակում է, որ միգուցե պատմության մեջ առաջին անգամ ընտրակեղծիքներ կատարվեն հօգուտ ընդդիմության, որպեսզի գործող նախագահը հանկարծ 70-80 տոկոս քվեների ցուցանիշ չգրանցի…
Ծառուկյանի որոշման շնորհիվ, Ռոբերտ Քոչարյանը զրկվեց ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար վտանգավոր իրավիճակներ ստեղծելու հնարավորությունից: Վարդան Օսկանյանով էլ չի կարող խաղալ, քանզի Օսկանյանն առանց ԲՀԿ գործնականում շատ թույլ է, անգամ եթե ամբողջ ընդդիմադիր դաշտը նրան համարի միասնական թեկնածու:
Անձամբ առաջադրվելն էլ Ռոբերտ Քոչարյանի համար անիմաստ է, քանի որ, ըստ «Ահավոր Սուտիբեկյանի» թվերի, միայնակ նա ունի 10 տոկոս քվե, իսկ ընդդիմությունից աջակցություն ստանալու դեպքում` 20 տոկոս: Համ էլ Ծառուկյանի ընտրազանգվածի վրա առանձնապես հույս դնել չի կարող, քանզի ԲՀԿ առաջնորդի ընդդիմադիր ընտրողները Քոչարյանին ձայն չեն տա, իսկ քվազիիշխանամետների քվեները նա ստիպված կլինի կիսել Սերժ Սարգսյանի հետ: Համ էլ մեջները կա նաև կոնտինգենտ, որ բացի Ծառուկյանից ոչ ոքի քվե չի տա…
Այս պայմաններում միակ խաղալու հնարավորությունը Ռոբերտ Քոչարյանի համար մնում է Լևոն Տեր-Պետրոսյանին ուժեղացնելը, որպեսզի նա զբաղեցնի երկրորդ տեղը` 20-25 տոկոս ցուցանիշով, ու հնարավորություն ունենա զանգվածներին հանել փողոց` ինչպես 2008-ին: Այն ժամանակ էլ, ի դեպ, Քոչարյանը «տակից» շատ օգնեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի հենց նա լինի երկրորդը, այլ ոչ թե ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, որն այն ժամանակ դեռ ԱԽՔ չէր ու ընկալվում էր որպես լավ չափավոր ընդդիմություն: Ճիշտ է, Քոչարյանը հիմա իշխանական լծակ չունի, բայց Լևոնի համար քվեներ գնելու և օրավարձով միտինգավորներ ապահովելու հնարավորություն լավ էլ ունի:
Բնականաբար, իշխանությունն էլ ձգտելու է Րաֆֆի Հովհաննիսյանին ապահովել երկրորդ տեղով: Դե, առաջին անգամ չի. օգնել են ինչպես 2007-ի, այնպես էլ 2012-ի ԱԺ ընտրությունների ժամանակ:
Բայց Լևոնի պարագայում, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի սրճարանային զրույցի գաղտնաձայնագրության հրապարակումը միանգամից խոցելի դարձրեց ՀԱԿ-ին իր առաջնորդով հանդերձ, որովհետև դրանից ակնհայտ դարձավ, որ Նիկոլին ու Բագրատյանին համարում են խանգարող հանգամանք, և ձգտում են ոչ թե իշխանափոխության, այլ մի 10 տոկոս ձայն իշխանությունից պռճոկելու:Գումարած դրան, այնպիսի արհամարհանքով են խոսում մարտիմեկյան զոհերի մասին, որ ակնհայտ երևում է արյունը սակարկության առարկա դարձնելը:
Այդ բացահայտումը (ու հաստատ դա վերջինը չի լինի) նույնիսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանի տոկոսը շատ չպակասացնի (Ռոբերտ Քոչարյանի կողմից գնվելիք ձայների ջանը սաղ լինի), էապես նվազեցնում է ՀԱԿ-ի մարտունակությունը: Օրավարձով միտինգավորները կռիվ անող պտուղ չեն, նրանք փախչող են ռետինե մահակի առաջին իսկ հարվածն ուտելուց հետո:
Ոստիկանության հետ փողոցային մարտերին, պետական շենքերը գրոհելուն և պետության նավակը ճոճելու այլ ատրիբուտների համար անհրաժեշտ են առաջնորդին սրտանց հավատացողներ: Իսկ այդպիսի բացահայտումներից հետո տակը հավատացող չի մնում…
Ինչևէ, պարզից էլ պարզ է, որ ՀՀԿ-ին այլևս ոչինչ չի խանգարում ունենալ հանդարտ ու անցնցում ընտրություններ: Այդ ընտրություններին թերևս պոզուպոչ կպցնող էլ չլինի, քանզի դժվար թե ընդդիմադիրները բողոքեն, որ իրենց համար ձայներ են գնվում:
Ու ստացվում է, որ 2013-ի ընտրություններից հետո ՀՀԿ քաղաքական մենաշնորհը դառնում է բացարձակ: Եվ այլևս ոչ ոք չի կարողանալու խանգարել կատարելու ցանկացած փոփոխություն:
Ուստի ավելորդ չենք համարում մեջբերել Սերժ Սարգսյանի` ՀՀԿ համագումարին հնչեցրած առանցքային խոստումները, քանի որ հանրությունը պարզապես պարտավոր է խստապահանջորեն հետամուտ լինել դրանց կատարմանը և պահանջել, պահանջել և պահանջել. Ահա դրանք.
« Հավատացնում եմ ձեզ, որ հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլևս հանդիպելու է միայն ծնողների հուշերում»:
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը չեն զբաղվելու հյուծող ու պասիվ պաշտպանությամբ, քանի որ ունակ են լինելու իրենց շարժունակությամբ և մարտունակությամբ անվտանգություն սփռել մեր տարածաշրջանում և նրանից դուրս»:
« Մենք վճռական ենք` հասնելու այնպիսի իրականության, երբ Հայաստանի ցանկացած քաղաքացի վստահ կլինի, որ իր ձայնը լսելի է, իր քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանացող: Մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացումն այլևս փաստ է: Քաղաքացիների ոչ ֆորմալ միավորումները` իրենց հուզող խնդիրները լուծելու համար, դարձել են գործոն` իշխանությունների որոշումների վրա ազդող և յուրօրինակ հավասարակշռող մեխանիզմներ: Մենք շարունակելու ենք առաջ գնալ այս ճանապարհով: Այս ամենով հանդերձ, ապահով Հայաստանի կարևորագույն հիմքը ապահովված ընտանիքներն են: Մենք լուրջ նպատակներ պիտի ամրագրենք տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, առողջապահական, տարածքային համաչափ զարգացման մեր քաղաքականությունների համար»:
« Ես ասում եմ՝ հետևողականորեն մի կողմ ենք նետելու ամբողջ վատն ու թերին, որ կա մեր աշխատանքում և կենցաղավարության մեջ: Դրա համար մենք բազում քայլեր արդեն արել ենք, որ դեռ նոր պիտի պտուղներ տան: Արդեն սկսում ենք վերջնախաղը: Հաղթական վերջնախաղը:
Սա նո՛ր Հայաստան է և վերջ:
Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ:
Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ:
Սա տնտեսական ազատության և մրցակցության Հայաստան է և վերջ:
Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է և վերջ:
Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է և վերջ:
Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաև հնոտիքը իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է և վերջ»:
Դե ինչ, 2013-ին ՀՀԿ-ն և ՀՀ նախագահը ունենալու են դիկտատորական լիազորություններ և հնարավորություններ: Մենք բոլորս էլ իրավունք ենք ձեռք բերելու պահանջել, որ այդ դիկտատուրայի հնարավորությունները ծառայեցվեն այն ամենին, ինչը խոստացավ երկրի ղեկավարը: Կարևորը` հանկարծ չդառնանք անտարբեր… այ անտարբերությունից վատ բան չկա:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
24 տարի է անցել Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Թե ինչպիսին են եղել դրա հետևանքները` ավելորդ է ասել, բազմիցս ասվել է ամեն ինչ: Պարզապես հենց 1988-ի դեկտեմբերի 7-ից սկսած, ծավալվեցին խոսակցություններ, որ երկրաշարժը արհեստական բնույթ ուներ: Պաշտոնատար անձինք և որոշ գիտնականներ դա հերքում էին կատաղի ձևով, բայց… Փաստերը համառ բան են:
Կովկասի տարածքում ԽՍՀՄ-ը 1980-ականներին իրականացնում էր երկրաֆիզիկական զենքի մշակման և փորձարկման աշխատանքներ: Ահա այն 02.01.1986թ նամակը, որով Բաքվի Երկրաբանական ինստիտուտի տնօրեն, ԳԱ թղթակից-անդամ Լ. Ալիզադեն և Մոսկվայի թիվ 08340-10 զորամասի հրամանատարը ստացան գիտատեխնիկական առաջադրանք` մշակելու երկրաֆիզիկական զենք, ծրագիրը կոչվում էր «Մերկուրի-18»:
Ի դեպ, 1991-ի ամռանը Բաքվում տեղի էր ունեցել արհեստածին երկրաշարժերին նվիրված միջազգային գիտաժողով, ուր ԳԱ թղթակից-անդամ Ալեքսեյ Նիկոլաևը տվյալներ ներկայացրեց, որ Մեքսիկայում, Պերուում, Չիլիում, Իրանում և այլուր մի շարք երկրաշարժեր ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, Չինաստանի և Ֆրանսիայի կողմից անցկացված միջուկային զենքի փորձարկումների հետևանք են:
Իսկ «Մերկուրի-18» ծրագրի հիմքն է պրոֆեսսոր Իքրամ Քերիմովի 1979թ գյուտը: Նրա ղեկավարած ազերի գիտնականների խումբը հետազոտություն էր անցկացրել, թե ինչպես հզոր պայթյունների միջոցով (այսպես կոչված «թույլ սեյսմիկ ալիքներով») ընդերքի վիթխարի էներգիայի վերաբաշխում և ուղղորդում իրագործել: Եվ այսպես, ներկայացնենք մեր հակահերոսին.
ՔԵՐԻՄՈՎ ԻՔՐԱՄ ՀԱՋԻ-ՕՂԼԻ. Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի ԳԱ նախագահությանն առընթեր սեյսմոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն: Համարվում է սեյսմիկ զենքի գյուտարար: 1992-ին Հարավ-Աֆրիկյան հանրապետության և Իսրայելի համապատասխան ծառայությունները հավաքագրում են նրա գիտական խմբի որոշ անդամների: 1995-ին նա դիմել էր Ադրբեջանի ազգային անվտանգության մարմիններին` հայտնելով, որ իր գրասենյակում անհայտ անձինք կողոպուտ-խուզարկություն էին անցկացրել` գողանալով փաստաթղթային և համակարգչային բոլոր արխիվները գերգաղտնի տեղեկություններով հանդերձ:
Անշուշտ, Քերիմովի ունեցածը գաղտնի փաստաթղթերի մի մասն է ընդամենը, քանզի «Մերկուրի-18»-ի վրա աշխատում էին ԽՍՀՄ 22 խոշոր գիտական կենտրոններ, և Բաքվի երկրաբանական ինստիտուտը դրանցից միայն մեկն էր: Կովկասի տարածքում, ի դեպ, նույն ծրագրի շրջանակներում Աբխազիայում աշխատում էր Էշերիի գաղտնի լաբորատորիան:
Սակայն կրկին վերադառնանք 1980-ականների երկրորդ կեսին: 1987թ նոյեմբերի 30-ին ընդունվեց ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի թիվ 1384-345 որոշումը, որով էլ Միխայիլ Գորբաչովի վարչախումբը լայն հանձնարարականներ տվեց սեյսմիկ զենքի ստեղծման ուղղությամբ: Քերիմովի հիմնարկը գլխամասային էր, և Քերիմովի խումբը 1988-ի կեսերին արեց առաջին դաշտային փորձարկումները Ղրղզստանի Բատկեն քաղաքից 50կմ հեռավորություն ունեցող փորձակայանում, դրանց արդյունքները համարվեցին բավարար: ԽՍՀՄ ՊՆ-ի համակարգողները գլխավոր ռազմական սեյսմոլոգ, ՊԱԿ-ի գեներալ Վ. Բոչարովի գլխավորությամբ պահանջում էին մինչև 1990-ն արդեն ստեղծել «սեյսմիկ ռումբ», սակայն կարծես թե հատկապես Սպիտակի աղետը ցույց տվեց, որ պայթյունների միջոցով ընդերքի էներգիան ազատելու տեխնոլոգիան երկրաշարժի առաջացման վայրի տեսակետից այնքան էլ կանխատեսելի արդյունք չի տալիս:
Իսկ հիմա որոշ իրադարձություններ, որոնք նախորդել էին Սպիտակի երկրաշարժին:
Նախ` զարմանալի շտապողականությամբ 1988-ի օգոստոսից նոյեմբերի վերջ էվակուացվում են Հայաստանի գործնականում բոլոր ադրբեջանցիները, թեև նրանց նկատմամբ բռնարարքներ եղել էին միայն Լոռու մարզում:
ԽՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շևադնաձեն 1988-ի դեկտեմբերին, գտնվելով Նյու-Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր. «Մենք չէինք սպասում, որ երկրաշարժի հետևանքներն այդքան աղետալի կլինեն»:
1988-ի ամռանը և աշնանը Հայաստան էր եկել ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ. Յազովը, և օգոստոսին Սպիտակի և Վանաձորի շրջակայքից հապճեպ դուրս էին բերվել ինչպես ռազմական տեխնիկայի մեծ մասը, այնպես էլ սպայական կազմի ընտանիքները: Սեպտեմբերին Հայաստան եկավ ԽՍՀՄ փոխվարչապետ Շչերբինան, որը համարվում էր ռազմական տեխնոլոգիաների և միջուկային սպառազինության փորձարկումների համակարգող: Հոկտեմբերի 4-ին կրկին ժամանեց Յազովը` անձամբ ղեկավարելու Հայաստանի հյուսիսում ռազմական տեխնիկայի տարհանումը և այլ աշխատանքները: Նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին Գյումրիից դուրս են բերվել զինծառայողների ընտանիքները և տեղափոխվել Ռուսաստան: Նոյեմբերի վերջին Հրազդանից մի հեռախոսավարուհի պատահմամբ լսել էր սովետական գեներալի խոսակցությունը կնոջ հետ. «Առայժմ մնում եմ, կժամանեմ փորձարկումների ավարտից հետո»:
1988-ի դեկտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին Սպիտակ-Վանաձոր հատվածում եղել են հզոր պայթյուններ, որոնք հարուցել էին բնակիչների վախը: Դեկտեմբերի 7-ին ժամը 10:30-ի սահմաններում Արփա գետի աջ ափին աշխատող թուրք բանվորները շտապ լքեցին աշխատավայրը և հեռացան: Սպիտակից ոչ հեռու գտնվող ռազմափորձարանից ժամը 11-ին դուրս եկավ զինվոր և կաղամբ հավաքող գյուղացիներին կարգադրեց. «Շտապ հեռացեք, հիմա փորձարկումներ են սկսվելու»: Երկրաշարժը եղավ 11:45-ին…
Ահա մի վկայություն այդ ժամանակ Ստեփանավանից ոչ հեռու ԽՍՀՄ բանակում ծառայած ազգությամբ հայ Ա.-ի. «Մեզ տարել էին Սպիտակի շրջան: Այդտեղ մի պարսպված մեծ տարածք կար, ուր 10 մետր իրարից հետո շարված էին կրպակներ: Բեռնատարներով բերեցին 80 և 100 կիլոգրամանոց արկեր: Մեզ կարգադրեցին դրանք շարել կրպակների մեջ, ամեն կրպակում` մոտ 50-60 հատ, բոլոր մարտագլխիկները` նույն ուղղությամբ»: Ուշագրավ է, որ երկրաշարժից թերևս հենց այդ տեղանքում գետինը հավասարաչափ իջել էր մոտ 4 մետրով, ու այդ հսկայական փոսն անմիջապես շրջապատել էին զինվորները, և թույլ չէին տալիս մոտիկ գալ ու առավել ևս լուսանկարել:
Իսկ դեկտեմբերի 15-ին, անհայտ հանգամանքներում, վայրէջք կատարելիս աղետի ենթարկվեց Գյումրիից Բաքու երկրաֆիզիկոսների խումբ տեղափոխող ռազմատրանսպո օդանավը…
Ի դեպ, երկրաֆիզիկական զենքի սպիտակյան փորձարկման վկայություն կա և գրականությունում (“Тайна операции, “Меркурий”, Изд. “Вече”, Москва, 2004 г. “ Сто великих загадок ХХ века”, стр. 434). Այդտեղ, մասնավորապես, նշված է, որ Սպիտակի երկրաշարժից հետո եղավ առաջատար ռազմական սեյսմոլոգների պաշտոնանկությունների շարան:
Ի դեպ, ադրբեջանական մամուլում էլ վկայություններ կան, որ 1988-ի դեկտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին ուժեղ պայթյուններ են եղել և Նախիջևանի երկրամասում` Արաքսի ափին: Հետաքրքիր է, ո՞ր հաշվարկներում սխալվելու համար թռան ռազմական սեյսմոլոգների գլուխները, իսկ նրանց մի մասին էլ մեռցրին ավիավթարում: Անմարդաբնակ վայրո՞ւմ պետք է լիներ ձեռակերտ երկրաշարժի էպիկենտրոնը… Թե՞, հաշվի առնելով, որ պայթյունները համաժամանակյա եղել են Հայաստանի հյուսիսում և Նախիջևանում, թիրախ էր ընտրված դրանց միջև ընկած Արարատյան դաշտավայրը` Երևանով հանդերձ… Վաղ թե ուշ, երբ փաստաթղթերը գաղտնազերծվեն, կստանանք այդ հարցերի պատասխանները, ինչպես նաև հայտնի կլինեն մեր ժողովրդի դեմ իրագործած այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մասնակիցները: Հուսանք, որ այդ ժամանակ ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը դեռ ողջ կլինի ու նրան հնարավոր կլինի կանգնեցնել դատարանի առաջ:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մինչ հանրապետական մամուլը տարբեր մեկնաբանություններ է ներկայացնում Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղի ունեցած սպանության և դրա հետևանքով, անմեղ մարդուն կալանավորելու միջադեպի արդյունքում աշխատանքից ազատված մարզի դատախազի տեղակալի, ինչպես նաև ձերբակալված Կապանի ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Դանիելյանի շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ, հանրության այս գործին տեղյակ հատվածը զարմանում է, թե ինչո՞ւ են այսքան ձգձգում իրերն իրենց անուններով կոչելը, քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ սպանությունը կատարվել է վերջին տարիներին Սյունիքի մարզում մի շարք «հերոսություններով» արդեն իսկ հայտնի դարձած Զարզանդը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնազորի պետը:
Վերջինս «հարուստ» կենսագրություն ունի. բոլորի հիշողություններում դեռևս թարմ է, թե ինչպես տարիներ առաջ, Գորիս քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով Զարզանդը ջարդեց Գորիսի դատավոր Ի. Բեգլարյանի գլուխը ու մնաց անպատիժ, ինչպես Լիսկայի հրահանգով՝ ծեծեց դպրոցականին և դարձյալ մնաց անպատիժ:
Իսկ, երբ տեղի ունեցավ Քաջարանի հայտնի դեպքը, արդեն լցվել էր սյունեցիների համբերության բաժակը, և ամենազոր ախրանիկը որոշ ժամանակով թռավ Սյունիքից ու սիրելի Լիսկայից, մինչև ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը:
Այնուհետև նա կրկին վերադարձավ Սյունիք, բայց ստացվեց այնպես, որ գործը կրկին բացվեց ու նա կրկին «չքացավ»:
Վերջին ժամանակներս, կարծես պրոբլեմ չունեցող մարզպետի շուրջ օղակը սեղմվում է, և այս գործի հետ կապված ցանկացած ձերբակալություն նրա տրամադրությունը էլ ավելի է գցում : Իսկ մարդիկ հույս ունեն, որ մի օր նախագահի խոստացած հովանավորչության վերջը կգա, ու գոնե այս գործի արդար քննության արդյունքում, կպարզվի իրականությունը, և Սուրեն Խաչատրյանը վերջնականապես կհայտնվի իր ամենահարազատ ու արժանավոր տեղում՝ ճաղերի հետևում:
Հիշեցնենք որ, կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը, հանդիսանալով հետաքննություն իրականացնող պաշտոնատար անձ, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել է ապացույց` որպես վկա է ներգրավել Ն. Հ-ին, ով վերջինիս ուղղորդմամբ տվել է ակնհայտ սուտ ցուցմունք այն մասին, որ ականատես է եղել 2010 թ. օգոստոսի 28-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Սահակ Սահակյանի կողմից Քաջարան քաղաքի զբոսայգում Գրիգոր Պապյանի հետ վիճաբանելուն, ինչպես և դանակի բռնակով Գրիգոր Պապյանի գլխին հարվածելուն, մինչդեռ Ն. Հ.-ն ոչ միայն ականատես չի եղել, այլև առհասարակ հանցագործության կատարման ժամանակ դեպքի վայրում չի գտնվել:
Ծառուկյանի եվրոպական խիստ էկզոտիկ «վոյաժից» հետո հայաստանյան ներքաղաքական կյանքում կսկսվեն բուն զարգացումները՝ կապված ոչ միայն նրա կողմից նախագահի թեկնածու հռչակվելու, այլև՝ ԲՀԿ-ի ներսում սպասվելիք բրոունյան շարժման մասով:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ԲՀԿ-ն այլևս բաժանված է չորս թևի:
Ճիշտ է, Սամվել Բալասանյանի շուրջ շաբաթ օրը տեղի ունեցած իրադարձությունները՝ վթարը (Համաձայն տեղեկությունների՝ Բալասանյանի ավտոշարասյունը (նախնական տեղեկություններով 4-5 մեքենա) ուղևորվել է Գարեջրի գործարան: Գյուղի բնակիչները ԳԱԼԱ-ի լրագրողին փոխանցել են, որ նախավերջին մեքենան է հարվածել փողոցն անցնող կնոջը, ով տեղում մահացել է: Ռոզա Ներսիսյանի բնակարանը փողոցի եզրին է, և ըստ երևույթին, կինը փողոցը հատելիս է եղել:) ԲՀԿ-ական քաղաքապետի հերքվող-ճշտվող մասնակցությամբ, մասամբ մթագնեցին Պյոտր Մեծի քայլերով դեպի Եվրոպա պատուհան բացող Ծառուկյանի առաջին բեմելը բրյուսելյան կենտրոնակայաններում, նամանավանդ, որ, արդեն իսկ խոսակցություններ կան, որ Բալասանյանին հերթական անգամ ոչինչ չի մնում անելու, քան մաքրել ճակատի գիրն ու ամուսնանալ ՀՀԿ-ի հետ՝ լուռ ու խոնարհ, ասելով՝ ես հեզ եմ, դու տեր ես, այնուհանդերձ, չի կարելի անտեսել «դարի իրադարձությունը»:
Այն է՝ Ծառուկյանը և իր ղեկավարծ ԲՀԿ պատվիրակությունը մեկնում է Բրյուսել՝«արևմտական» հանդիպումների, որից հետո էլ նա մեկնելու է ԱՄՆ:
Նախ՝ ձևի և կատարման տեսանկյունից, բրյուսելյան պասաժը ոչ միայն քաղաքական չէր, այլև՝ հարցականներով առլեցուն՝ ինչպես լինում է միշտ ԲՀԿ-ի դեպքում: «Քաղաքագիտական լեքսիկոնով» ձևակերպած՝ ամեն բան կրկին «մթության քողի տակ էր»:
Ծառուկյանը, որ օրենքով ու «ճշտով» պետք է այսօր մասնակցեր ԱԺ աշխատանքներին, որոնց էլ այդպես բախտ չվիճակվեց նրան մասնակցելու, որովհետև հերթական անգամ էլի գնացել էր արտերկիր, հետո՝ էլի վերադարձել, ու հետո մեկնել Բրյուսել:
Նշենք, որ այս ողջ թռիչք — վայրէջքը մեկ օրվա ընթացքում է տեղի ունեցել:
Եվ ապա՝ նրա ուղեղային կորիֆեյներն ասել էին, որ այն պահին, երբ Բարոզոն այստեղ կլինի, Ծառուկյանն էլ կլինի Բրյուսելում:
Փաստորեն, այդպես չէր. երկու օրվա տարբերություն կար: Նշանակում է՝ նրա այցը Բրյուսել շատ դժվար է գլուխ բերվել: Եվ հետո ԲՀԿ մամլո խոսնակները նախորդ օրերին, մեր համառ հարցապնդումներին դեմ հանդիպման, ոչ մի կերպ չէին կարողանում ասել՝ ե՞րբ է լինելու այցը, ինչո՞ւ է լինելու, ո՞վ է այն կազմակերպում:
Այցից մի քանի վայրկյան առաջ , փաստորեն, հաղորդագրություն տարածվեց: Այդպիսի դիվանագիտություն, առավել ևս՝ նախագահի թեկնածության պարագայում չի լինում: Նոնսենս է:
Մանավանդ, որ հաղորդագրությունը կառուցված էր` «այդ մասին վերջին դասին» հայտնի տրամաբանության վրա: Ասել է` ո՞ւմ հետ է հանդիպելու հայաստանյան ապագա նախագահի թեկնածուն Բրյուսելում, ի՞նչ օրակարգ է նախատեսվում հանդիպումների ժամանակ, հարցերի ո՞ր շրջանակն է, որի համար արևմտյան քամին նրան առել ու հասցրել է ՆԱՏՕ-ի (չնայած ՆԱՏՕ-ի մասին խոսք չկար, լավ պրծանք), ԵՄ կենտրոնակայանի դռների մոտ:
Մախաթ չէ, որ պարկում պահեն. ամեն բան ինքն իրեն կերևա, քաղաքական գնահատականի կարժանանա:
Եվ եթե այս ոգով էլ կազմակերպվի նաև վերջինիս այցն ԱՄՆ, ապա ԲՀԿ-ն ու Ծառուկյանն այս բլեֆ — թատրոններից ավելի շատ «կէներգաթափվեն», քան «դիվիդիներ» («դիվիդին» Հովիկ Աբրահամյանի սիրած բառն է, քանի որ նա գտնում է, որ քաղաքականության մեջ խելք պետք չէ, չգիտի, որ «դիվիդի» չէ` դիվիդենդ է) կշահեն:
Չէ, մենք մեզ թույլ չենք տվել ասել, որ բացի ՀԱԿ-ից, ԲՀԿ-ի ամերիկյան այցի կազակերպմանը կարող են և իրենց մասնակցություն ունենալ այնտեղի և այստեղի մորմոնական կազմակերպությունները, որովհետև, ի վերջո, Հաթսմանը սիրում է…. Հայաստանը: Վարդան Օսկանյանն է ասել ու ասում, դրա համար է այդքան փողեր տալիս Հայաստանին, ու ոչ թե «Սիվիլիթասի» կողմից արաբական աշուն և կամ գարուն կազմակերպելու համար, ինչպես պնդում են չար ու դաժան մարդիկ, այլ Հանթսմանն ուզում է Հայաստանը ծաղկեցնել ու բարգավաճեցնել:
Մի խոսքով, հետաքրքիր է, թե ինչ է խոսելու Նիկոլայիչը ամերիկացի սենատորների, կոնգրեսականների հետ («այ ամը թեյբելի» հայտնի պատմությունը հին ու գռեհիկ է, չի կարելի այդ ստանդարտներով առաջնորդվել, դրա համար էլ չեն առաջնորդվում):
Այնուհանդերձ, այս դեպքում ևս շատ մեծ ու վիճարկելի խնդիրներ կան:
Բանն այն է, որ Ծառուկյանի «ուղեղային կենտրոնները» (որոնք հիմնականում ԿԳԲ- «յոթի»` յոթերորդ վարչության տղերքն են, որ լավ վարձատրվելու դիմաց թողել են իրենց գործը և լծվել Ծառուկյանից երկրի ղեկավար կերտելու սրբազան ռիտուալին), նրա վերլուծաբանները ողնուծուծով ռուսական մենթալ պլանի կրողներն են:
Իսկ նրանցից մեկն օրերս նույնքան ռուսական «Ռեգնումում» ուղղակի քարը քարին չէր թողել, ասելով, որ Ծառուկյանի համար հայ հասարակությունում ասում են, որ նա այնքան էլ լավ չի տիրապետում գեո և «ան-գեո», իմա` աշխարհաքաղաքական մոդուլացիաներին: «Դուք ձեզ նայեք»: Համարյա ասել էր վերլուծաբանը, և օրինակը բերել ոչ թե Կրեմլում «կառալիկովիյ չորտ» անվանումն ունեցողից, և կամ` «սարտիրում մոչիտ անելու» կողմնակից Վլադիմիր Պուտինից, այլ` ԱՄՆ նախագահներից, և ուրեմն` սույն վերլուծաբանը շատ ուղղակի` Բժեժինսկու աշակերտ Օբամայի հաշվով ասել էր` այսօրվա ԱՄՆ նախագահը հեչ էլ մի խելոքը չի: Սակայն ամերիկյան «bad boy» կոնֆիգուրացիան այդքանով չէր ավարտվել. վերլուծաբանը վերցրել ու ասել էր` իսկ ԱՄՆ նախկին նախագահն ընդհանրապես տխմար էր….խոսքը Բուշ-կրտսերի մասին էր:
Ասոցիացիաներ ունեցա՞ք: Մենք էլ:
Ահա այս ֆոնին և այս մոտիվներով է այսօր և վաղը բաց ծով դուրս գալու Գագիկ Ծառուկյանը: Ամերիկաներում և Բրյուսելներում ֆռֆռացող ՀՀ նախագահի ապագա թեկնածուն:
Խելացի ու անգին մեր թագավոր ախպերը:
Վահե Հովսեփյան
23 տարի առաջ` 1989-ի դեկտեմբերի 1-ին, Խորհրդային Հայաստանի իշխանությունն ընդունեց իր 70-ամյա գոյության ընթացքում թերևս ամենահանդուգն որոշումը` Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Դրա հետ որոշ չափով համեմատելի է միայն Ալեքսանդր Մյասնիկյանի 1921-ի վճիռը` Գարեգին Նժդեհի պահած Զանգեզուրը Հայաստանի կազմ մտցնելու:
«Ժամանակի մեքենայով» վերադառնալով 23 տարի առաջ` տեսնում ենք Համագումարների պալատի (ներկայիս Ամերիկյան համալսարանի) մոտ, ուր տեղի էր ունենում Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի համատեղ նիստը, մի հսկայական բազմություն, որ գրավել է Բաղրամյան և Պռոշյան փողոցների պատկառելի հատվածներ: Ամբիոնի մոտ կոմունիստական նոմենկլատուրայի կարկառուն ներկայացուցիչ, 71-ամյա պատգամավոր Ալեքսան Կիրակոսյանը ներկայացնում է բուն որոշման նախագիծը: Այդ որոշումը պիտի կայացվեր, դրան արդեն համաձայնություն են տվել և կոմունիստները, և ՀՀՇ-ն, սակայն տեղի է ունենում այն, ինչը նախատեսված չէր…
Ծերունազարդ պատգամավորը ներկայացնում է լրացուցիչ նախագծեր` Արցախում պիտի կազմավորվեն ընտրատարածքներ Հայաստանի Գերագույն խորհրդի 1990թ. ընտրությունների համար, և ստեղծվի հանձնաժողով, որը լիազորություն ունի ինտեգրացնել Հայաստանի և Արցախի ձեռնարկությունները և բոլոր ենթակառուցվածքները: Կենտկոմի վերնախավի և ՀՀՇ-ի մի քանի պատգամավորների մեջ խուլ ընդվզման ալիք է անցնում, բայց արդեն ուշ է: Մթնոլորտն այնպիսին է, որ այլ տարբերակ չի մնում, բացի միաձայն կողմ քվեարկելուց:
Դահլիճում գտնվողների մեջ այդ պատրաստվող անակնկալը հայտնի էր միայն Կիրակոսյանին: Դահլիճից դուրս դա հայտնի էր մի խումբ ազգայնական կուսակցությունների ներկայացուցիչներին, ովքեր պատրաստել էին այդ փաստաթղթերի փաթեթը, և թոշակի անցած միջազգայնագետ Ռազմիկ Նավասարդյանին: Իսկ պատմական որոշման նախապատմությունը հետևյալն է:
Օգոստոսի 1-ին մի շարք կառույցների կողմից հավանության է արժանանում ԱԻՄ-ի առաջարկությունը` ստեղծել Հայոց ազգային նախախորհրդարան, ընդունվում է հռչակագիրը: Նախախորհրդարանի նախագահ ընտրվում է դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Սաֆարյանը, իսկ նիստերին մշտապես մասնակցում են Իգոր Մուրադյանի «Միացում» կազմակերպության ներկայացուցիչներ Հրայր Կարապետյանը (հետագայում` ականավոր դաշնակցական գործիչ) և Մանվել Սարգսյանը (այժմ` քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար), ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը ու այդ կուսակցության այլ երիտասարդ գործիչներ, լուսահոգի Մովսես Գորգիսյանը, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը, ՀԱԱԿ կուսակցության նախագահ (այժմ` գործարար) Մեխակ Գաբրիելյանը, «Ազատ Հայք»-ի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը, ՀԱԲ-ի կոմիսար Վարդան Վարդանյանը, տարբեր հայրենակցական միությունների ներկայացուցիչներ… Ու Նախախորհրդարանը առաջ է քաշում Արցախի հարցի արմատական լուծման առաջարկը` Գերագույն խորհրդի մակարդակով ընդունել վերամիավորման որոշում: Այդ ժամանակ դրան դեմ էին ինչպես կոմունիստները` Սուրեն Հարությունյանի գլխավորությամբ, որոնք չէին ուզում Մոսկվայի հետ պրոբլեմներ ունենալ, դեռևս նոր իր հիմնադիր համագումարին պատրաստվող ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որ ձգտում էր մինչ իշխանության հասնելը պրծնել Արցախի գլխացավանքից: Բայց Նախախորհրդարանում միավորված ուժերը, որ տասնապատիկ քիչ ռեսուրս ունեին, քան այսօրվա ընդդիմությունը, մտադիր էին համառորեն հասնել իրենց նպատակին, և հասան:
Գաղափարի հեղինակ ազգայնական կազմակերպությունների մի խումբ` հիմնականում երիտասարդ ներկայացուցիչներ, կազմակերպեցին ցույցերի և հանրահավաքների շարք: Իգոր Մուրադյանն էլ նրանց ծանոթացրեց Ալեքսան Կիրակոսյանի հետ, որը սերտորեն տարիներ շարունակ համագործակցում էր դեռ 1980-ականների կեսից Արցախի հարցը բարձրացնող նույն Իգոր Մուրադյանի, Բագրատ Ուլուբաբյանի, Սիլվա Կապուտիկյանի և այլոց հետ, ովքեր և 1988-ի փետրվարի 20-ից սկսել էին զանգվածային ցույցերը Արցախի հարցով: Հենց այդ համագործակցության պատճառով էր, որ Ալեքսան Կիրակոսյանը զրկվեց Խորհրդային Հայաստանի փոխվարչապետի պաշտոնից, իսկ 1986-ից դարձավ անհատական թոշակառու, միաժամանակ նաև դուրս բերվելով ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի կազմից:
Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանը ծնվել է 1918թ. օգոստոսի 18-ին Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղում: 1936թ ավարտել է Լենինականի մանակավարժական ուսումնարանը, 1952-ին` Երևանի հեռական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը: Մասնակցել է ֆիննական և Հայրենական պատերազմներին` ղեկավարելով տարբեր զինվորական ստորաբաժանումներ, հիմնականում` օդադեսանտային, 1946-1988թթ զբաղեցրել է մի շարք կուսակցական ու պետական պաշտոններ`ՀԿԿ Ղուկասյանի և Հոկտեմբերյանի շրջկոմների առաջին քարտուղարն էր, ՀԽՍՀ կաթի և մսի արդյունաբերության մինիստր, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ապա` առաջին տեղակալ, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր վարչության պետ: 1986թ միութենական նշանակության անհատական թոշակառու էր, պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, Երևանի պատվավոր քաղաքացի էր, վախճանվել է 2007թ հունվարի 9-ին:
Ահա այդպիսի կենսագրություն և Հայաստանի կոմունիստական վերնախավի վրա վիթխարի ազդեցություն ունեցող գործչի հետ ակտիվորեն գործում էին ազգայնականները 1989-ի աշնանը: Նրանք հրապարակավ իրականացնում էին բողոքի և պահանջատիրության գործողություններ, իսկ Մատվեիչը (այդպես էին Ա. Կիրակոսյանին կոչում մտերիմները) հուշում էր, թե հատկապես որ պահերին է հարմար փողոցային ճնշում գործադրել կոմունիստական իշխանության վրա, միաժամանակ բուռն ստվերային լոբբինգ անցկացնելով այդ նույն կոմունիստական վերնախավի շրջանում:
Սեպտեմբերի 15-ին Նախախորհրդարանը Ազատության հրապարակում անց է կացնում հուժկու 100 հազարանոց հանրահավաք, որից հետո ցույցերը և երթերը դառնում են գրեթե ամենօրյա: Նույնիսկ կոնֆլիկտներ են լինում ՀՀՇ-ի հետ, թե ով երբ պետք է զբաղեցնի հրապարակը: Սակայն ՀՀՇ առաջնորդները հրապարակավ վախենում էին խոստովանել, որ դեմ են վերամիավորմանը, քանզի ժողովուրդը նրանցից երես կթեքեր, ու միայն կոմունիստ ղեկավարների հետ շփումների ժամանակ էին արտահայտում իրենց մոտեցումները:
Ինչևէ, երևանյան ցույցերից ոգևորված, Ստեփանակերտում հոկտեմբերի 19-ին որոշում ընդունեցին` պաշտոնապես դիմել Հայաստանի Գերագույն խորհրդին վերամիավորման խնդրանքով, և կոմունիստական իշխանության «կոտրվելը» դարձավ ընդամենը:
Փաստորեն Ալեքսան Կիրակոսյանն ավելի արդյունավետ լոբբիստ դուրս եկավ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, և նոյեմբերի 28-ին ՀԿԿ Կենտկոմը արդեն ընդունել էր որոշում գումարել Գերագույն խորհրդի նստաշրջան և բավարարել Ստեփանակերտի դիմումը: Եվ ՀՀՇ-ին այլ բան չի մնում, քան նոյեմբերի 29-ին հանրահավաքին հայտարարել, որ իրենք պահանջում են ընդունել Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշում:
Եվ ստացվեց այնպես, որ դեկտեմբերի 1-ին Համագումարների պալատի մոտ էին և ՀՀՇ-ի, և ազգայնական կազմակերպությունների մոբիլիզացված զանգվածները, որ հետևում էին նիստի ուղիղ հեռարձակմանը և շատ զգայուն արձագանքում ամեն մի ելույթի: Եվ Ալեքսան Կիրակոսյանը կարող էր հանգիստ ամբիոնից հնչեցնել ցանկացած, նույնիսկ ամենաարմատական նախագիծ: Եթե նա ներկայացներ Հայաստանի անկախությունը հռչակող տեքստ, ապա նույնիսկ դա կքվեարկվեր միաձայն: Հետադարձ հայացք նետելով, կարող ենք ասել, որ եթե այսօրվա ընդդիմությունն ունենար Ալեքսան Մատվեիչի պես փայլուն քաղտոխնոլոգ, ապա իշխանափոխությունը կդառնար տեխնիկական խնդիր…
Բայց, անշուշտ, Ալեքսան Կիրակոսյանի դերը չի սահմանափակվել այդ պատմական որոշումով: Պարզապես 1989-ին նա ամբողջովին դրսևորեց իր ներուժը: Իսկ ազգայնական և հայրենասիրական ուժերի թիկունքում նա եղել է միշտ, և 1960-ական թվականերից սկսած պետական-կուսակցական գործիչ դարձած նախկին բազմափորձ օդադեսանտային սպան արդեն կիրառում է իր ազդեցությունը: 1965-ին, երբ Ցեղասպանության 50-ամյակին Երևանում տեղի են ունենում երիտասարդական ցույցերը, հին կոմունիստական գործիչների վկայությամբ, Կիրակոսյանի ստվերային աշխատանքը նպաստում է նրան, որ այդ հրաշալի սերունդը չընկնի խորհրդային պատժիչ մսաղացի մեջ: Նույն 1960-ականներին և դրանից հետո նա նաև սերտորեն առնչվում է հայրենադարձների խնդրին և հայրենադարձների պաշտպան ու հովանավոր է դառնում: Անձամբ ինքը, երբ 1968-ին մեկնում է Իրան` 8000 հայրենադարձներ բերելու, Սպահանում հավաքում է սփյուռքի մտավորական սերուցքը, դա դարձնում է Հայրենիք-սփյուռք միասնության յուրահատուկ ցույցի և նաև արժանանում Իրանի շահի շքեղ ընդունելության: Այնուհետ նաև կոնֆլիկտներ է ունենում ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ` հայրենադարձների խնդրով: Ահա մի հատված նրա հուշերից. «Մի արտառոց դեպք եմ հիշելու, որն ինձ խորապես ցնցել էր, անգամ՝ ափերից հանել։ Մեր տուն էին եկել եւ ինձ հասցեագրված նամակ թողել աբովյանցի մի խումբ հայրենադարձներ։ Նամակից պարզվեց, որ դպրոցներից մեկի բարձր դասարանների աշակերտներրին էքսկուրսիա են տանում քաղաքի ձեռնարկություններից մեկը։ Մուտքի առջեւ հայրենադարձների երեխաներին առանձնացրել եւ թույլ չեն տվել գործարան մտնել՝ պատճառաբանելով, որ այդ ձեռնարկությունը ռազմարդյունաբերական համալիրի մեջ է մտնում։ Հաջորդ օրը գնացի գործարան։ Գործարանի տնօրեն Էդվարդ Պետրոսյանից, ում խորին հարգանքով էի վերաբերվում, պահանջեցի բացատրություն։ Հուզված տնօրենը՝ նշելով, որ ինքն էլ է զայրացած այդ միջադեպից, ասաց, որ հատուկ հրահանգ կա։
Նամակի առնչությամբ ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանին հարցրի, թե ո՞վ է այդ հրահանգի հեղինակը, որով հայրենադարձները երկրորդ կարգի քաղաքացիներ են համարվում, իսկ նրանց երեխաների հոգիները թունավորվում է այն մտքից, որ հայրենիքն իրենցը չէ, եւ իրենք ընդամենը խորթ զավակներ են։ Մ. Յուզբաշյանն ասաց, որ դա միութենական հրահանգ է։ Մոսկվայում ես ու Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Սարկիսովն այդ հարցով դիմեցինք Չեբրիկովին (ԽՍՀՄ ՊԱԿ ղեկավարին-Ա. Վ.)։ Նա էլ պակաս չզարմացավ ու զանգեց տեղակալներից մեկին՝ Բաբկովին, հարցրեց այդ հրահանգի գոյության մասին։ Վերջինս պատասխանեց, որ այն քնննարկվել ու ընդունվել է կոլեգիայի նիստում։ Հետագայում նրանք բեկանեցիին այդ որոշումը, բայց արդեն ուշ էր, փաստաթուղթն իր սեւ գործն արել էր հիմնավորապես»։
Այդ նույն Բաբկովը հետո, հիմնվելով մատնագրերի վրա, ճակատագրական դեր է խաղում Ա. Կիրակոսյանի կյանքում` հասնելով նրա պաշտոնանկությանը փոխվարչապետի պաշտոնից` «անբարեհույս ազգայնական» լինելու համար: Իսկ արդեն պաշտոնական լայն լիազորություններից զրկված Ա. Կիրակոսյանի հետ Մոսկվայում 6 ժամանոց հանդիպում ունենալուց հետո, Բաբկովը իր գրքում մատնանշում է Խորհրդային Հայաստանի երեք խոշոր ազգայնականների անուններ` Ալեքսան Կիրակոսյան, Սիլվա Կապուտիկյան, Զորի Բալայան:
Ի դեպ, վերջինիս հուշերով, 1980-ականների սկզբին, Հեյդար Ալիևը` որպես ԽՍՀՄ կապի և տրանսպորտի ոլորտի կուսակցական պատասխանատու, աշխատանքներ էր տանում Նախիջևանը Մեղրիի վրայով Ադրբեջանի հետ կապող բարվոք ճանապարհ կառուցելու ուղղությամբ, ինչպես նաև առաջ էր տանում (Գոբլի ծրագրից 10 տարի առաջ) Մեղրիի շրջանը Խորհրդային Ադրբեջանին փոխանցելու ծրագիրը: Եվ, Բալայանի վկայությամբ, հենց Ալեքսան Կիրակոսյանը և Խորհրդային Հայաստանի արտգործնախարար Ջոն Կիրակոսյանը կազմակերպում են մտավորականության զանգվածային նամակագրություններ ԽՍՀՄ իրավասու մարմիններին, որ դրանով փաստացի առաջ են տարվում ՆԱՏՕ-ի նպատակները: Ու այդ հարցում, ի պատիվ իրեն, ամենայն աջակցություն է ցուցաբերում երկու Կիրակոսյանների հետ բարդ հարաբերություններ ունեցող Կարեն Դեմիրճյանը:
Իսկ որպես խորհրդային շրջանի ամփոփում, հավելենք միայն ՀԿԿ կենտկոմի նախկին քարտուղար Կարլեն Դալլաքյանի վկայությունը, թե ինչպես էր Ալեքսան Կիրակոսյանը հովանավորում ազգային մտավորականությանը. «Ալեքսան Կիրակոսյանը մտավորականության պահապան հրեշտակն էր: Բազմիցս տեսել եմ նրան գրողներով շրջապատված: Իր մոտ բարեկամներն էին Համո Սահյանը, Վահագն Դավթյանը: Թերեւս միայն Կիրակոսյանն էր կարողանում լուծել մեր մտավորականության կեցության հետ կապված կարեւորագույն հարցերը, ինչպես, օրինակ, բնակարան հատկացնելու հարցը: Ես, որ բարձրագույն կուսակցական դիրքերից մեկն էի գրավում, ինքս լուծել այդպիսի խնդիր չէի կարող, անհրաժեշտության պարագայում դիմում էի Կիրակոսյանին»:
Սակայն Հայաստանի անկախացումից հետո էլ ակտիվ դերակատարությունից անմասն չմնաց էներգիայով լեցուն Ալեքսան Կիրակոսյանը:
Տեղյակ մարդիկ ասում են, որ նա էր 1997-ին Վազգեն Սարգսյանին գլխի գցել, որ Ռոբերտ Քոչարյանին բերի որպես վարչապետ, իսկ այնուհետ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պարտադրի: Իսկ Վազգեն Սարգսյանի զոհվելուց հետո նա հաճախ էր շփվում Սերժ Սարգսյանի հետ, ում ճանաչում էր դեռ այն ժամանակներից, երբ ՀՀ ներկայիս նախագահը խորհրդային տարիներն Ստեփանակերտում կոմկուսի ֆունկցիոներ էր, փաստացի նրա ոչ պաշտոնական խորհրդականն էր մինչև իր մահը: Երևի թե Սերժ Սարգսյանը լավ էր յուրացրել այդ փայլուն քաղտեխնոլոգի դասերը, որ 1997-ի ԱԺ ընտրություններին ապահովեց ՀՀԿ հաղթանակը, և թույլ չտվեց, որ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ով մեծամասնություն վերցնի և իրավահաջորդ նշանակի Վարդան Օսկանյանին, իսկ հետո էլ վնասազերծի հսկայական հեղափոխական ներուժով օժտված Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը…
Ահա այդպիսին է Հայաստանի Առաջին, Երկրորդ և Երրորդ Հանրապետությունները տեսած այդ եզակի գործիչը, որ դարձել էր հայ ազգայնականների ստվերային կոորդինատոր դեռևս 1960-ականներից ի վեր:
Ճակատագրի նախախնամությունն էր, որ նա ողջ մնաց 1920-ին, երբ թուրքերը սպանեցին նրա մորը` Վարվառեին, ում գրկում գտնվում էր այդ պահին, որ ողջ մնաց նաև 1921-ի ահավոր համաճարակի ժամանակ, երբ արհեստավոր Մաթևոս Կիրակոսյանի մազերը միանգամից սպիտակեցին, քանի որ մեկ օրում մահացան նրա երեք զավակները: Նրան նախասահմանված էր ապրել, զի առաքելություն ուներ ընդհուպ մինչև 21-րդ դար, որը և փայլուն կատարեց:
Ննջես փառքով ու խաղաղությամբ, Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյան, Արցախի ազատությունը և Հայաստանի անկախությունն այլևս անշրջելի են:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Սկսենք պոզիտիվից: Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը մեր երկրում դադարեցրել է «Հայրենակիցներ» ծրագիրը, որը ոչ այլ ինչ էր, քան կազմակերպված արտագաղթի մի տարբերակ: Հիշեցնենք, որ ժամանակին այդ ծրագիրը անհանդուրժելի էր անվանել վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն դա չէր խանգարել, որ այն անխափան գործի մինչ օրերս: Կարող էինք ասել` ապրի մեր վարչապետը, տարոսը ամերիկյան «Գրին-քարտ լոտոյին», և անցնել առաջ, բայց…
Արևմուտք — Ռուսաստան մրցակցության ֆոնի վրա ինչ աբսուրդային բաներ ասես կարելի է տեսնել: Համացանցը լեցուն է պնդումներով, թե «ռուսական կայսերապաշտությունը» կերավ մեր ինքնիշխանությունը, վայ-վույ, ինչ վատ բան է Եվրասիական միության մեջ մտնելու գաղափարը: Բայց ոչ ոք չգիտես ինչու չի ասում, թե ինչ վատ բան է Եվրամիություն ձգտելու գաղափարը: Մինչդեռ Եվրասիական միություն մեզ սիրով հրավիրում են, բայց Եվրամիություն մտնելու համար հազարավոր նախապայմաններ են դեմ տալիս: Համ էլ Եվրամիությունը մեզանից հազարավոր կիլոմետրերով հեռու է, իսկ Եվրասիական միությունից բաժանված ենք ընդամենը փոքրիկ Վրաստանով, որն էլ Իվանիշվիլու` իշխանության գալուց հետո ձգտում է ռուսների հետ լեզու գտնել, ուղիներ է փնտրում Աբխազական երկաթգիծը բացելու:
Կամ վերցնենք Մաքսային միության հարցը: Չգիտես ինչու մերոնց շատ է այդտեղ խանգարում ընդհանուր սահմանի բացակայությունը, բայց Եվրամիության հետ ընդհանուր սահմանի էլ ավելի բացակայությունը չի խանգարում միանալ «եվրաինտեգրացիոն» ցանկացած աղբի:
Մինչդեռ Մաքսային միության ավելի քան տրիվիալ է: Ընդամենը մեր օլիգարխների շահերի հարցն է: Օլիգարխից մեր մաքսավորները գրեթե մաքս չեն վերցնում, իսկ ոչ օլիգարխիկ ներմուծողից հազար կաշի են քերթում: Իսկ մաքսային միության դեպքում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ցանկացած ապրանք կներմուծվի առանց մաքսի, ու մեր օլիգարխը արդեն ոչ մի առավելություն կամ արտոնություն չի ունենա: Իսկ, ասենք, Ուկրաինայից կամ Չինաստանից ներմուծվող ապրանքի մաքսի հարցն արդեն Ռուսաստանի սահմանին է լուծվելու, և մեր մաքսավորները չեն կարողանալու որոշել` օլիգարխ Պողոսից կամ Պետրոսից մաքս չենք վերցնում, իսկ միջին գործարար Կիրակոսից ու Մարտիրոսից վերցնում ենք… Ահա ամբողջը` ընդամենը օլիգարխների շահը, որի համար վարչապետով, պատգամավորներով, դիվանագիտական կորպուսով, վարձու փորձագետներով ինչ խուճուճ բացատրություններ ասես դեմ են տալիս և մեզ, և ռուս գործընկերներին, և աշխարհին:
Բայց մի պահ վերադառնանք «Հայրենակիցներ» ծրագրին: Վարչապետը ելույթ ունեցավ` ռուսներն ընդառաջեցին: Իսկ պատկերացնո՞ւմ եք, ինչ համաշխարհային ոռնոց կբարձրացնեն ամերիկացիները, եթե հանկարծ Հայաստանի տարածքում կառավարությունը որոշի արգելափակել «Գրին-քարտ լոտոյի» կայքէջը: Հիմա ո՞վ է մեր ինքնիշխանության հերն անիծում` ռո՞ւսը, թե՞ ամերիկացին: Կամ գանք ռազմական համագործակցությանը և ռուսների, և ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության քոսոտ ծրագիր ունենք, որի տակ մի հատիկ ավելորդ փամփուշտ չենք ստանում, բայց համաձայնագրում հազարումի նախապայման կա, ընդհուպ մինչև այն հարցը` ինչ դատական համարարգ ունենք, ինչ մամուլ, Երևանի քաղաքապետն ընտրվի՞ է, թե՞ նշանակովի: Բայց գրողը տանի, ի՞նչ կապ ունի այդ ամենը ռազմական ոլորտի հետ: Իսկ ռուսը մեզ մոտ ռազմաբազա ունի, մեր բանակի ամբողջ սպառազինությունն ու ռազմամթերքը շան մսի գնով ռսից ենք ստանում, ՀԱՊԿ ռազմական դաշինքի լիարժեք անդամ ենք, բայց տեսե՞լ եք երբևէ, որ որևէ ռուս գեներալ քիթը խոթի մեր ընտրական համակարգի, դատարանների, մամուլի, ցանկացած այլ ոչ ռազմական ոլորտի մեջ:
Հիմա ո՞վ է խանգարում մեր ինքնիշխանությանը, ռո՞ւսը, թե՞ ՆԱՏՕ-ն: Ոմանք կասեն, թե ՆԱՏՕ-ն մեզ ժողովրդավարությո՞ւն է բերում` թող գնան այդ հեքիաթները իրենք բակի հավերին պատմեն…
Լավ, գրողի ծոցը ռսին էլ, ամերիկացուն էլ, դառնանք մեր ներքաղաքական աբսուրդներին: Օրինակ, ո՞ւր են ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի նախագահական թեկնածուները: Ինչ-որ «խորհրդարանական հանրապետություն» են խաղացնում, չկայացած արտահերթ նստաշրջաններ հրավիրում, այլ անիմաստ բաներով զբաղվում… ՀԱԿ-ը Արամ Մանուկյանի շուրթերով ասում է, թե «ինկուբացիոն շրջանից» հետո կակտիվանա, կարծես իրենք վարակիչ հիվանդություն են կամ ինկուբատորում ձվերի վրա թուխս են նստելու, ՀՅԴ-ն Ամանորի տոներից առաջ` դեկտեմբերի 21-ին, նոր-նոր է քննարկելու, թե ինչ է անելու նախագահական ընտրություններին, ԲՀԿ-ն մինչև հիմա չգիտի` ինքը ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ, Ծառուկյանի «հաջորդ դասն» էլ հա հետաձգվում է ու հետաձգվում:
Լավ, դուք կուսակցություննե՞ր եք, թե՞ …., ժողովրդի՞ն եք ձեռ առնում, թե՞ ձեր անելիքը չգիտեք: Եթե չգիտեք, գրողը տանի, ապա գնացեք թոշակի, քաղաքականության փոխարեն այլ բանով զբաղվեք, գոնե դրանով օգուտ կտաք ձեզ և ժողովրդին:
Էպոսագետը, չհաշված, ընդամենը երկու կուսակցություն պարզ ասացին, թե ովքեր են իրենց թեկնածուները` ՀՀԿ-ն և «Ժառանգությունը»: Դե, առաջինը, հասկացանք, «վերարտադրությանը ձգտող հանցագործ ռեժիմ» է, բայց երկրորդի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը ինչ էր կորցրել Բաքվում: 1992-ին, երբ Աշոտ Բլեյանը գնաց Բաքու, նրա անունով «քֆուրներ» գրվեցին մայրաքաղաքի բոլոր աղբամանների վրա, իսկ Րաֆֆուն բոլորը մի գլուխ գովում են: Նույնիսկ Հ1-ով են գովերգում: Բլեյանը իրավացիորեն համարվեց դավաճան, որովհետև Բաքու գնալուց հետո սկսեց գովերգել «լույսերով ողողված այդ քաղաքը» ու ադրբեջանցիներին, բայց ինչո՞ւ հանկարծ Րաֆֆին, որը հայտարարեց, թե 700 հազար ազերիներ իրավունք ունեն վերադառնալ հայոց հող, հանկարծ դառավ «հայրենասեր»: Սա ի՞նչ մարազմ է:
Իսկ ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի դեմ նրա թունդ հակառակորդները նախընտրական պայքարի այլ ձև չգտան, քան քաղաքի կենտրոնում գիշերով մի քանի հարյուր տեղ սև ներկով տրաֆարետով նկարել նրա` խաչ քաշած դեմքը, և մակագրություն` «Մի՛ ենթարկվիր»: Լավ, դրանից Սարգսյանի քվենե՞րը պակասեցին, թե՞ ընդամենը շենքերի պատերն ու մայթերը կեղտոտվեցին: Վաղը որ ձեզ ոստիկանությունը բռնեց, ինչ-որ մեկն էլ կսկսի լրջորեն ասել, որ դուք ոչ թե խուլիգան եք, այլ «քաղբանտարկյալ»: Եթե ատում եք ՀՀ նախագահին` դա ձեր գործն է և ձեր իրավունքը, բայց գոնե առանց քաղաքի պատերն ապականելու դա արտահայտեք: Գոնե «Ֆեյսբուքի» պատերով ու մամուլի էջերով բավարարվեք:
Կարճ ասած` մարազմ, մարազմ մինչև վերջ: Իսկ հանրությունը արդեն հոգնել և զզվել է այդ ամենից, բոլորդ գնացեք գրողի ծոցը` ձեր արտաքին ու ներքին քաղաքականությունով հանդերձ…
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Քոչարյանի`միաժամանակ արտերկրում գտնվելը վերլուծաբաններին և լրագրողներին առիթ տվեց մտածելու, որ ինտենսիվ ստվերային բանակցություններ են ընթանում առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ: Սակայն տարօրինակ նյարդային շեշտադրումներով Քոչարյանն արձագանքեց դրան` իր խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի շուրթերով. «Այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել, այդ լուրերի ի հայտ գալու պահին էլ Ռոբերտ Քոչարյանը Կանադայում էր: Թերևս, կարող էի բավարարվել այս կարճ պատասխանով, բայց կուզենայի մի հռետորական հարց տալ. իսկ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Երևանը թողած, հանդիպեն արտասահմանում: Կոնսպիրատիվ տեսության սիրահարներին առաջարկում եմ թողնել այս թեման և դադարեցնել խորհրդավոր հանդիպումների փնտրտուքը, առավել ևս` օտար երկրներում: Վստահ եմ, դա անպտուղ զբաղմունք է»:
Հասկացանք`չեն հանդիպել: Բայց ի՞նչ կապ ունի Երևանը կամ արտերկիրը: Համ էլ ընդհանրապես անկախ աշխարհագրական վայրերից Քոչարյանն ու Սարգսյանը կարող են հարկ եղած պահին զրուցել` հուսալի կապի միջոցներ կան, որ չեն կարող գաղտնալսվել, բայց…
Արի ու տես, Քոչարյանը «նյարդացած» ժխտում է ու ժխտում: Ի՞նչն է նրան հունից հանել` թերևս այն, որ ԲՀԿ-ի միջոցով չի կարողանում իր ուզածին հասնել:
Այն, որ Գյումրիի ընտրատարածքում ԲՀԿ-ն սատարում է ՀՀԿ-ական Արման Սահակյանին, Սամվել Բալասանյանի ցուցադրական ակտն է, որ 2013-ին նա սատարելու է հենց Սերժ Սարգսյանին: Բայց դա քիչ էր, մի բան էլ չի ստացվում ԲՀԿ-ի վրա փաթաթել՝ Օսկանյանի թեկնածությունը:
Ահա մի հատված նրա սրտաճմլիկ ֆեյսբուքյան գրառումից. «Հանդիպումները ԲՀԿ տարածքային կառույցներում ցույց տվեցին, որ կուսակցության ակտիվ անդամները գտնում են, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Այդ հանդիպումների ընթացքում արվել է հետևյալ հարցադրումը. «Նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում ԲՀԿ թեկնածուն պետք է լինի Վարդան Օսկանյանը, բայց չի բացառվում անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանի առաջադրումը»: Չնայած այն հանգամանքին, որ հենց Գագիկ Ծառուկյանի առաջարկով որպես առաջնային տարբերակ քննարկվել է իմ թեկնածությունը, կուսակցության անդամները արտահայտվել են հօգուտ Ծառուկյանի առաջադրման, ինչին համաձայն եմ նաև ես:
Գագիկ Ծառուկյանը ժողովրդի մոտ մեծ հեղինակություն և համակրանք է վայելում: Միաժամանակ, ժողովրդի և քաղաքական ուժերի մոտ պահանջ կա հասարակական համախմբման և համակարգային լուրջ փոփոխություններ ենթադրող օրակարգի հիման վրա միասնական ուժերով, ինչու չէ՝ նախագահական ընտրություններին նաև միասնական թեկնածուով երկիրը դուրս բերել ծանր վիճակից»:
Այսինքն ի՞նչ ստացվեց`Քոչարյանը փորձեց Ծառուկյանին պարտադրել Օսկանյանի առաջադրումը, Ծառուկյանն էլ դրան պատասխանեց ԲՀԿ կառույցների «ոչ»-ով, Օսկանյանն էլ ճարահատյալ դա բացահայտեց «Ֆեյսբուքում», փորձելով անհարմար վիճակ ստեղծել Ծառուկյանի համար…
Ակամա հիշում ես ԱԺ քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ի մասին հակաքարոզչական հոլովակից մի հատված. «Բժիշկ, բժիշկ, եկ մեր տուն, շատ «Սիվիլիթաս» է մեր կատուն»: Դե այն ժամանակ Քոչարյանի կերցրած «առյուծի սրտով» Հմայակ Հովհաննիսյանը բերանը հրապարակավ շաղ տվեց Ծառուկյանի վրա, և զրկվեց մանդատից: Հիմա էլ Օսկանյանն է ավել-պակաս խոսում, ու թեև նրան դժվար թե ծանոթացնեն ոսկեզօծ կրակող «Վերտու» հեռախոսի և «տնական» տփոցի հետ, բայց ԲՀԿ-ում նա կայուն հեռանկար, էլ հաստատ չունի: ԲՀԿ-ն հաստատ ամերիկամետ «ավազակապետություն կազմաքանդող» չի դառնա, կմնա Եվրասիական միության հավատարիմ կողմնակից, հետևաբար Օսկանյանն այդտեղ անելիք չունի: Իսկ առանց ԲՀԿ նա ոչինչ է`ինչքան էլ «միասնական թեկնածու» հռչակվի ու վերահռչակվի:
Հա, ի դեպ, եթե խորանանք ոչ վաղ անցյալի քաղաքական խոհանոցի մեջ, ապա սա Օսկանյանին առաջ մղելու ամենևին առաջին փորձը չէ: Հիշենք Օսկանյանի խոստովանությունը, որ իրեն առաջարկվել էր ԲՀԿ մտնել դեռ 2006-ի վերջին կամ 2007-ի սկզբին: Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ն ստեղծել էր, որպեսզի 2007-ի ԱԺ ընտրություններին վերցնի մեծամասնություն, իսկ այնուհետ իրավահաջորդ նշանակի իր և ԱՄՆ-ի հավատարիմ Վարդան Օսկանյանին: Չստացվեց`Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում հավաքեց գրեթե բոլոր «հայերեն վատ խոսող» «ֆեոդալներին» ու վերցրեց ԱԺ մեծամասնությունը, և Քոչարյանը ստիպված եկավ գնալ ՀՀԿ գրասենյակ և անձամբ շնորհավորեց: Եվ Օսկանյանի իրավահաջորդությունը գրվեց սառույցին, ու անխուսափելի դարձավ Սերժ Սարգսյանի իրավահաջորդությունը: Ճիշտ է, 2008-ի մարտի 1-ին Քոչարյանը, ուշացնելով արտակարգ դրություն մտցնելը, արյունով ներկեց Սարգսյանի նախագահության մեկնարկը, սակայն շախմատի ֆեդերացիայի նախագահ Սարգսյանը քաղաքական շախմատային պարտիայով հաջողությամբ չեզոքացրեց ու փոշիացրեց ՀԱԿ-ի հսկայական հեղափոխական ներուժը, ու այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն է նաև մեծ հարցականի տակ: Ու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ՀԱԿ-ի նախաձեռնությունն էլ դառավ ոչ թե ընդդիմության բեկումնային համախմբման առիթ, այլ վերածվեց ծիծաղելի ֆարսի:
Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ չկարողացավ ԲՀԿ-ով ու Օսկանյանով հաջող շախմատ կամ բասկետբոլ խաղալ` 2007-ից սկսած մինչ օրս: Ամեն հաջորդ քայլին ուժեղացան ոչ թե իր, այլ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դիրքերը: Ռևանշը հա չի ստացվում ու չի ստացվում: Ու հիմա մնացել է նախագահական ընտրությունների երկու ամենահավանական սցենար.
1) ԲՀԿ-ն առաջադրում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, վերջինիս սատարում կամ չի սատարում ընդդիմությունը: Նա ստանում է մինչև 30 և ավել տոկոս քվե, այնուհետ շնորհավորում է Սերժ Սարգսյանի հաղթանակը, և ԲՀԿ-ն վերադառնում է իշխող կոալիցիա,
2) ԲՀԿ-ն սատարում է Սերժ Սարգսյանին, միգուցե` խորհրդարանական կառավարմանն անցնելու նախապայմանով: Երկրորդ տեղը ստացած ընդդիմության թեկնածուին (լինի դա Լևոնը, Րաֆֆին թե Արամ Զավենիչը) չի հաջողվում ընտրությունները չճանաչելու ժողովրդական ալիք բարձրացնել` ակնհայտ թուլության պատճառով, ԲՀԿ-ն, բնականաբար, վերադառնում է կոալիցիա:
Բնականաբար, երկու դեպքում էլ ներկայիս ընդդիմությունից մնում են «կոտոշներ և սմբակներ», ՀՀԿ-ն այնքան է ուժեղանում, որ իր ազդեցությամբ գրեթե հավասարվում է խորհրդային ժամանակների Կոմկուսին: Իսկ արդյո՞ք Քոչարյանը տեղ ունենլու է քաղաքական մենաշնորհատեր ՀՀԿ-ում, թե՞ նախաձեռնելու է նոր ընդդիմության ձևավորումը, դա այսօր գուշակությունների ոլորտից է:
Ինչպես կասեր Արթուր Մեսչյանը` «ահա և վերջ…»:
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.