23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Փետրվարի 9-ը մերկապարի միջազգային օրն է: Լավ էլ կատարվել է օրվա ընտրությունը` այդ «ազիզ» օրով ականատես եղանք քաղաքական մերկապարի աննախադեպ դրսևորումների: Գլխավոր հերոսներն են Անդրեաս Ղուկասյանը և Պարույր Հայրիկյանը:
Հացադուլավոր թեկնածուն բոլորի նյարդերը կերավ՝ սեփական առողջությունն ու կյանքը հրապարակավ խաղալիք դարձնելով:
Դա սկսվեց այն բանից հետո, երբ խելոք մարդիկ բացատրեցին, որ Անդրեասը չի կարող դիմել Սահմանադրական դատարան քարոզարշավի անհաղթահարելի խոչնդոտի (սեփական առողջական վիճակի) պատճառով ընտրությունները 14 օրով հետաձգելու, քանի որ համաձայն Սահմանադրական դատարանի մասին օրենքի, դա հնարավոր է, եթե խոչընդոտն առաջացել է թեկնածուի կամքից անկախ, իսկ Անդրեասի առողջական վիճակի փոփոխությունները պայմանավորված են միանգամայն իր սեփական կամքով հացադուլ անելով: Ու հիմա գործնականում նրա ոչ թե առողջությունը, այլ կյանքն է դարձել քաղաքական խաղագումար…
Եվ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի առաջարկությանը` հացադուլի հույժ վտանգավոր երկրորդ 20-օրյակը մտնելու կապակցությամբ հետազոտվելու իր ընտրած բուժհիմնարկում, թեկնածուն պատասխանեց «կհետազոտվեմ-չեմ հետազոտվի» հրապարակային խաղով, օրվա ընթացքում բազմիցս փոխելով սեփական որոշումը:
Փաստորեն թեկնածուն, իմանալով, որ իրեն կարող են բռնի հոսպիտալացնել միայն գիտակցությունը կորցնելու դեպքում, մազից է կախում սեփական կյանքը, հետևաբար` նաև նախագահական ընտրությունների ճակատագիրը: Քանզի թեկնածուի մահվան դեպքում նշանակվում են նոր ընտրություններ` 40 օր անց… Հայրիկյանի դեմ մահափորձով այդ արդյունքը չստացվեց, բայց հիմա Ղուկասյանի կամոք հարցը վերածվեց «ռուսական ռուլետկայի» ամբողջ երկրի համար: Ու այդ լարվածությունը տևելու է դեռ 9 օր…
Պարույր Հայրիկյանն էլ սկսեց խաղալ «Սահմանադրական դատարան կդիմեմ-չեմ դիմի» խաղը: Ու կրկին` բոլորի աչքի առաջ, առանց քաշվելու ու ամաչելու, բոլորի հետ` և՛ իշխանության, և՛ ընդդիմության: Դե պարզ է իշխանությանն ուղղված մեսիջը` «ի՞նչ կտաք ինձ չդիմելու համար»: Իսկ ընդդիմությանն ուղղված հարցադրումը փոքր-ինչ այլ է:
Նրա` գիշերով «Ֆեյսբուքում» հրապարակված և Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին ուղղված բաց նամակը տիպիկ «բազարային» առաջարկություն է. « Մամուլից տեղեկացա, որ միասնական թիմի ցանկություն է եղել… և չի իրականացել: Այդ ուղղությամբ իմ զանգերն էլ անարձագանք էին մնում: Եվ Րաֆֆի Հ.-ն էր շատ զբաղված և Հրանտ Բ.-ը: Ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ ՍՍ-ն ուներ 43-45%, իսկ ՊՀ-ն, ՀԲ-ն և ՐՀ-ն` 5-35%: Եռյակի միասնաբար հանդես գալու դեպքում ՍՍ-ն ունենում էր 30%, իսկ եռյակը` 67-69% (սա քվեարկողների` ընտրության մասնակցողների թվում): Ուզում էի առաջարկել ծանոթանալ այս թվերին և նույնիսկ միասնական ուժերով ստուգել այս հրաշքը: Բայց սիրելի գործընկերներս միասնաբար հաղթանակի ձգտելու փոխարեն մտածում էին ինչպես բարձրացնել իրենց պարտության տոկոսները: Եվ արդեն ասում են` ուշ է:
Իրականում, եթե ես ընտրությունները հետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող ենք մեկ միասնական թեկնածու առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը և 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին: Եվ այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թե 70%, այլ` 80% էլ կդառնա:
Սիրելի Րաֆֆի և Հրանտ, կամ մենք իրար հետ կհասնենք արդյունքի կամ կպարտվենք առանձին-առանձին:
Հիմա Ձեզ հրապարակավ եմ դիմում և Ձեզ ձայն տալու տրամադրված մարդիկ էլ թող իմանան, թե պարզունակ հավակնությունների պատճառով ձեր ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորությունից եք դուք զրկվում: Սա ձեզ ասում է 96թ. միասնական թեկնածուի ճարտարապետը:
ժողովուրդ, մենք ընդամենը 30 Ժամ ունենք ու ոտքի ելեք ու ոտքի հանեք ձեր բոլոր հնարավորութեունները: ՐՀ-ին և ՀԲ-ին բացատրեք, որ սա մեր բոլորի հաջողության հասնելու վերջին հնարավորությունն է: Ինձ ձայն տվողներին բացատրել պետք չէ: Նրանք պատրաստ են…
Մշակված են նաև կազմակերպական, հոգեբանական, միասնական թեկնածուի ընտրության տարբերակները»:
Իսկ հետո` այց Անդրեաս Ղուկասյանին: Նա նույն առաջարկության կրկնությունն արեց և պնդեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաջարկին դեռ չի պատասխանել, իսկ Հրանտ Բագրատյանն ասել է, որ առաջարկն ուշացած է: Մինչդեռ Հայրիկյանն ասում է, որ ինքը մինչև փետրվարի 10-ը, ժամը 15:30 կարող է դիմել ՍԴ ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար, ինչը բավարար է համատեղ հանդես գալու համար:
Անդրեասը հայտնեց, որ կպատասխանի փետրվարի 11-ին, այսինքն` ՍԴ դիմելու վերջնաժամկետից մի օր անց, իսկ Բագրատյանը հասցրեց Հայրիկյանին հրապարակավ մեղադրել ստախոսության մեջ. «Այսօր մամուլում կարդացի քո բաց նամակը ուղղված ինձ: Այն ինձ զարմացրեց: Նախ, դու միշտ էլ հնարավորություն ունես ինձ զանգելու, մենք դա հաճախ ենք անում և կարիք չունես ինձ բաց նամակով դիմելու: Երկրորդ. այդ նամակում ներառված փաստերը ինձ համար անհասկանալի են և չեն համապատասխանում իրականությանը: Այսպես օրինակ. նամակից հետո չսպասելով պատասխանի, մամուլով հայտարարում ես, որ Բագրատյանը ասել է, թե քո` ՍԴ դիմելը ուշ է:
Պարույր, կարո՞ղ ես աղբյուրը ցույց տալ. որտեղից գիտես, որ ես նման բան եմ ասել: Հիմա` ըստ էության: ՍԴ դիմելու մասին մենք հստակ հայտարարություն ենք արել և դա քեզ հայտնի է: Դիմել, թե չդիմել, դա քո իրավունքն է և խնդիրը: Իմ կարծիքը դու գիտես:
Երկրորդ. ընտրությունները հետաձգելն ի՞նչ կապ ունի միասնական թեկնածուի գաղափարի հետ: Մենք այդ քայլի հնարավորությունը քննարկում էինք, նույնիսկ համատեղ հայտարարություն ստորագրեցինք: Դրանից երկու օր հետո քեզ վրա կրակեցին: Եվս մեկ անգամ հայտնելով քեզ իմ զորակցությունը, հույս ունեմ, որ ամեն ինչ կպարզվի և ամեն ինչ, ի վերջո, կհարթվի ու տեղը կընկնի: Արդ, միասնական թեկնածուի հարցը մենք կարող ենք և պետք է քննարկենք, բայց դա կապ չունի քո` ՍԴ դիմելու խնդրի հետ»:
Այսպիսով, ստացվում է, որ և՛ Անդրեասը, և՛ Բագրատյանը նրան ասում են` դու դիմիր, նոր կխոսենք: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, որին սոցիոլոգները խոստանում են մինչև 34 տոկոս, գերադասեց անտեսել Հայրիկյանի առաջարկությունը: Իր ինչի՞ն է պետք այդ հրապարակային «բազարը»` ճիշտ է, նույնիսկ ամենահոռետեսական կանխատեսումներով անգամ Սերժ Սարգսյանը ստանում է 55 տոկոսից ոչ պակաս և հաղթում է առաջին փուլով, սակայն ինչու Րաֆֆին պիտի իր վարկանիշի աճը ինչ-որ ռիսկերի ենթարկի… Ու նա արդեն նաև թիմակիցների համար բացատրություն է գտել, թե ինչու է անցանկալի համարում անգամ երկու շաբաթով հետաձգելը, քանզի «քըխ» ռուսներն են ձգտում խառնել ընտրությունները, որպեսզի ճնշեն Արևմուտքի հետ կապերը խորացնող Սերժ Սարգսյանին:
Խոշոր հաշվով, արդեն նշանակություն էլ չունի` Հայրիկյանը վերջին պահին կիրակի օրով կդիմի՞ ՍԴ, թե՞ ոչ:
Նրա` քաղաքական մերկապարից չտարբերվող հրապարակային «բազարները» արդեն իսկ ապացույց են, որ նրա դիմել-չդիմելը պայմանավորված է ոչ թե առողջական վիճակով, այլ ընդդիմադիր գործընկերների վարքագծով:
Քաղաքական մերկապարը կարող էր ծավալվել և մահափորձի վարկածների գծով, սակայն դա կասեցվեց ԱԱԾ-ի կողմից: Հայրիկյանը խոսում էր կրակողների «սլավոնական արտաքինի» մասին, ինչին Վահան Հովհաննիսյանն արձագանքել էր շատ կոպիտ. «Միանգամից վճռականորեն նշել մի հասցե՝ Ռուսաստան, չի կարելի: Եթե Ռուսաստանն արդեն այն աստիճանի է հասել, որ Հայաստանում ընտրություններում առանձնապես շանսեր չունեցող պրոարևմտյան թեկնածու է փնտրում, որ խփի, նրանից շատ պրոռուսական թեկնածուներ կան: Նախ չեմ կարծում, որ Ռուսաստանն այդպես վարվեր, բայց չեմ կարող պնդել հակառակը, որովհետև չգիտեմ: Միանգամից մեղադրում են ռուսներին՝ կրակեցին, արա դուք ո՞վ եք որ ձեզ կրակեն, կարաք մի հատ ինձ բացատրեք»:
Եվ ահա հանրությունը տեսավ հանցագործության կատարողների միանգամայն հայկական «սֆաթները», ԱԱԾ պաշտոնական առաջին և երկրորդ հաղորդագրություններն էլ պարունակում են ծով տեղեկատվություն պրոֆեսիոնալների համար: Սկսած արտաքին պատվիրատուի հնարավորության մասին «մեսիջից», վերջացրած նրանով, որ ԱԱԾ-ն արդեն գիտի ամեն ինչ… Մասնավորապես` «գործի քննության շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքների, մասնավորապես, ձեռք բերված ցուցմունքների, տեսաձայնագրությունների և այլ օբյեկտիվ տեղեկատվության, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վերլուծությունը թույլ է տալիս անել հիմնավոր ենթադրություն, որ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ»:
Նաև գործնականում հասկանալի է, որ ԱԱԾ-ն հանցագործության պատկերը դրվագներով ու այնուհետ` ամբողջությամբ, կհրապարակի այն ժամանակ, երբ դա իշխանության կողմից կհամարվի նպատակահարմար. «Քրեական վարույթն իրականացնող մարմինն այսուհետ ևս շարունակելու է ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների շրջանակներում հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրականացվող նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների վերաբերյալ, այնքանով, որքանով դա չի վտանգի սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքներն ու քննության շահերը»:
Իսկ Գյումրիում նաև պարզ երևաց, որ Սերժ Սարգսյանն արդեն շատ է զայրացել տարատեսակ ինտրիգներից ու քաղաքական մերկապարերից: Իր շանսերի մասին հարցին նա տվեց շոկային պատասխան. «Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա: Ինչքան ուզես՝ էնքան խփենք»: Ահա այդպես, նախազգուշացում և՛ ներսին, և՛ դրսին` ինչ խաղեր էլ տաք, ինչ էլ ձեռնարկեք, մտադիր չեմ ընկրկելու, ցանկացած պահի կարող եմ դադարեցնել խաղերը և անտեսել վայնասունը «բռնապետության» ու այլ բաների մասին…
Ահա այդքանը: Մնում է միայն մաղթել Անդրեաս Ղուկասյանին, որ փորձանքը շրջանցի նրան, քանզի այդ դեպքում կշրջանցի նաև մեզ բոլորիս…
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
(Շարունակություն, սկիզբը` ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի 35 տարվա «քաղաքական շախմատը» | Arm Version
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՎԵՐԵՎԻՑ»
Եվ այսպես, կրկին տեղափոխվենք 1996-ի թեժ սեպտեմբեր, երբ ընդդիմությունը միավորվել էր միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի շուրջ, և մազ էր մնացել մինչև իշխանափոխություն: 22 սեպտեմբերի, գիշեր: Ազատության հրապարակ: Ամփոփելով տեղամասային արձանագրությունների պատճեների տվյալները, Վազգեն Մանուկյանի շտաբում տեսնում են, որ առնվազն երկրորդ փուլի հնարավորություն կա: Միտինգավորներին հայտնում են, որ Վազգեն Մանուկյանը հաղթել է, նաև հրապարակում են տեղեկություններ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբում հուսահատություն է տիրում: Հրապարակը ցնծում է…
22 սեպտեմբերի, գիշեր: ՀՀՇ վարչության շենք: Իրոք հուսահատություն է տիրում: Հավաքված են Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, այլոք… Բոլորն իրար կասկածում են: Ռոբերտ Քոչարյանը նկատում է, որ թվերի մասին տվյալները և տիրող հուսահատական տրամադրության մասին տեղեկատվությունը ինչ-որ մեկը հասցնում է Ազատության հրապարակ: Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը մի պահ առանձնանում են Վանոյի առանձնասենյակում, խորհրդակցելու` Լևոնը կքաշի՞ երկրորդ փուլ, թե՞ ոչ: Երկուսն էլ կիսում են այն տեսակետը, թե` ոչ: Հետագայում, 1998-ի դեկտեմբերին Հ1-ի եթերում պատմելով այդ ամենը, Վանոն հայտարարեց, որ հետո մի օր կասի, թե ով էր ինֆորմացիան իրենց ներսից հասցնում Ազատության հրապարակ: Այդ «հետո»-ն այդպես էլ երբեք չեղավ…
Ինչևէ, ընդունվում է որոշում երկրորդ փուլ չանել, և Լևոն Տեր-Պետրոսյանին առաջին փուլով հռչակում են հաղթած: Նախագահը հեռուստաեթերում շամպայնով հայտարարում է. «Շնորհավորում եմ իմ թիմին»: Հրապարակը պայթում է ցասումից, սեպտեմբերի 25-ին ցուցարարները ներխուժում են ԱԺ: Բայց Վազգեն Մանուկյանը խուսափում է գրոհով նախագահի նստավայրը վերցնելու տարբերակից: Հաջորդ առավոտ Երևանը լցվում է զորքով:
25 սեպտեմբեր, գիշեր: Հեռուստատեսությամբ ելույթ են ունենում Անվտանգության խորհրդի անդամները:
Հատված ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթից. «Այստեղ հավաքված են մեր կոլեգիայի անդամները, որպեսզի ողջ հայ ժողովուրդը հասկանա, որ սա սոսկ պաշտպանության նախարարի խոսք չէ, ՆԳ նախարարի խոսք չէ, մենք արտահայտում ենք մեր բոլոր ընկերների կամքը, բանակի ողջ հրամանատարությունը միանշանակ կողմնակից է արյունով նվաճված խաղաղությունը վտանգի չենթարկելու, ստահակներին չզոհաբերելու, և եթե մարդիկ, որոնք իրենց քաղաքական պարտությունը փորձում են վերածել ուժային միացությունների, կարծում են հաջողություն կունենան, միանշանակ սխալվում են: Այս դեպքերից հետո, եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել»: Հենց այս խոսքերն էին հարուցել ժողովրդի վրդովմունքը, և հենց այս խոսքերի համար 1998-ին նա ժողովրդից ներողություն խնդրեց:
Վազգեն Սարգսյանը հրապարակում է նաև ԼՂՀ կառավարության, այսինքն` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ տեսակետը. «ԼՂՀ կառավարությունը վերջին օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հանրապետության անվտանգությանն ուղղված սպառնալիք և դավաճանություն ազգային շահերին:
Ընտրությունների արդյունքների ուժային մեթոդներով փոփոխության փորձն անթույլատրելի է և պետք է խստորեն կանխվի:
ԼՂՀ կառավարությունը պաշտպանում է օրենքով ընտրված իշխանություններին և զգուշացնում անկարգության կազմակերպիչներին իրավիճակի ապակայունացման համար, որի հետևանքների համար նրանք պետք է պատասխանատվություն կրեն»:
Ազգային անվտանգության նախարար ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթը. «Այսօր Հայաստանի պատմության մեջ խայտառակվեցինք, որովհետև հայերը կրակեցին հայերի վրա: Խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով: Խայտառակվեցինք, որովհետև մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն, բայց, փառք Աստծո, այս խայտառակությունը արյունահեղության չվերածվեց` միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով:
Ես հաստատում եմ լրատվական գործակալությունների այն հաղորդագրությունը, որ Ազգային ժողովի շենքը պաշտպանում էր նաև ազգային անվտանգության նախարարության հատուկ ջոկատը և այդ ջոկատը բարեխղճությամբ կատարեց հանրապետության նախագահի հրամանը: Բոլորիս քաջ հայտնի է, որ նրանք տիրապետում են զենքին, ու եթե լիներ հրաման, անպայման կլիներ արյունահեղություն: Ինչպես զարգացան դեպքերը. ես կարող եմ մի երկու խոսքով ասել. մոտ 10-15 հազար մարդ, որ հավաքվել էին հանրահավաքի, նախօրոք պատրաստված լինելով լուրերով, սադրանքներով, Վազգեն Մանուկյանի կոչով շարունակեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայր, որը, ինչպես գիտենք, ԱԺ շենքն է: Վերջին խոսքերը, որ լսել են հանրահավաքի մասնակիցները, հետևյալն էր` հիմա շարժվում ենք դեպի ԿԸՀ, եթե մեզ ներս չթողնեն` այնտեղ ինչ-որ բաներ պարզելու, ապա մենք ուժով ներս կմտնենք:
Այստեղ մենք ոչ մի սարսափելի բան չենք տեսնում, երբ մի խումբ պատգամավորներ մտնում են ԿԸՀ շենք, գրասենյակ, այդպես տեղի ունեցավ և երեկ, բայց այսօր արդեն պարզվեց, որ նպատակը ոչ թե հանդիպելն էր ԿԸՀ նախագահի հետ, այլ պատրաստվում էր, այսպես ասած, արյունահեղություն, պատրաստվում էր պետական հեղաշրջում: Երբ Ռուբեն Հակոբյանը, Սեյրան Ավագյանը, Շավարշ Քոչարյանը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ մտան ԿԸՀ շենք, արդեն ժողովրդի մեջ լուրեր էին շրջում, թե նրանց պիտի ձերբակալեն, և պատրաստ եղեք, որպեսզի ազատենք մեր նախագահ Վազգեն Մանուկյանին:
Համարյա բոլորի մոտ կային երկաթյա ձողեր, փայտեր, և արդեն ժամը 19:15-ին հայտարարվեց, որ եթե Վ.Մանուկյանը դուրս չգա շենքից, ապա մենք կգրոհենք շենքը: Վազգեն Մանուկյանը, բնական է, այդ ժամին շենքից դուրս չեկավ, և արդեն նախապատրաստված ամբոխը սկսեց հարձակումը ԱԺ շենքի վրա: Այսօր ուշ երեկոյան դուք հնարավորություն ունեցաք դիտելու այս պահը, թե ինչպես էին զինորները իրենց պահում, և ինչպես էր ամբոխը ջարդում պարիսպները: Եվ ես չեմ կարող չասել, որ պատգամավոր Արշակ Սադոյանը, մի խումբ խուժանի գլխավորությամբ ներս մտավ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի գրասենյակը և լկտիաբար ասաց` սրանք են, վերցրեք: և նորմալ մարդու ուղեղի մեջ չի կարող տեղավորվել, որ ԱԺ նախագահին կամ նրա տեղակալին այս ամբոխի միջով ծեծելով, ծանակելով գողացան, հասցրին ինչ-որ մի նկուղ, որտեղ արդեն գտնվում էր Աշոտ Մանուչարյանը: Եվ նա տեսնելով ԱԺ նախագահին, որ արնաքամ է լինում: Բժիշկների պնդմամբ նրան տարան հիվանդանոց:
Ես կարծում եմ, որ ոչ միայն ժողովրդի այն մասը, որ քվեարկել է Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, այլ նաև ամբողջ ժողովուրդը կդատապարտի այս մի խումբ դավաճաններին, այդ մի խումբ հանցագործների արարքը, և վստահեցնում եմ, որ այն մարդիկ, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, անպայման պատասխանության կենթարկվեն: Այստեղ ես ուզում եմ ավելացնել նաև այն մասին, որ թե՛ երեկ, թե՛ այսօր այս հանրահավաքի մասնակիցների շրջանում տարածել էին այն լուրը, որ իշխանությունները պատրաստվւմ են ձերբակալել, պատժել այն մարդկանց, ովքեր եղել են Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի անդամներ և նույնիսկ այն մարդկանց, ովքեր քվեարկել են Վ.Մանուկյանի օգտին: Ես կարծում եմ, որ բոլորս հասկանում ենք այդ լուրերի անհեթեթությունը, և վստահ եմ, որ ոչ մեկի մոտ այդպիսի կասկած չի առաջանում, և ուզում եմ նշել նաև, որ հանրահավաքի այն մասնակիցները, ովքեր քրեական հանցագործություն չեն կատարել, նրանք, բանական է, չեն պատժվի»:
Այստեղ ուշագրավ են ենթատեքստային հատվածները. «հայերը կրակեցին հայերի վրա», « այդ ջոկատը բարեխղճությամբ կատարեց հանրապետության նախագահի հրամանը: Բոլորիս քաջ հայտնի է, որ նրանք տիրապետում են զենքին, ու եթե լիներ հրաման, անպայման կլիներ արյունահեղություն»… Կրակողը, այսինքն`խայտառակության հեղինակները, ցուցարարները չէին, և ԿԱՐՈՂ էր լինել արյունահեղության հրաման: Այսինքն` ՊՆԴՈՂՆԵՐ կային, որ պետք է կրակել: Հիշենք արդեն իսկ հիշատակած սեպտեմբերի 30-ի խնջույքը, որի ժամանակ Վանոն հայտարարել էր, որ պետք էր մի 800 հոգու սպանել: Հիշենք նաև, որ Սերժ Սարգսյանն այդ խնջույքին չկար, իսկ տեսագրությունն ընկել էր ընդդիմության ձեռքը…
…Բայց առայժմ ներկայացնենք այլ վկայություն 1996-ի սեպտեմբերից` ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ վկայությունը, «…Երկու օրից ինձ հրավիրեցին դատախազություն` գործով քննության, իսկ հաջորդ օրը` Ազգային Անվտանգության նախարարի հետ հանդիպման: Հանդիպումը մեղադրյալի և մեղադրողի հանդիպում չէր, այլ` զրույց: Հաջորդ հանդիպման ժամանակ իմ ձեռքի տակ եղած տեսաժապավենների և այլ նյութերի միջոցով ես փորձում էի ապացուցել բազմաթիվ մարդկանց անմեղությունն ու կանխել նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումը:
Եվս մի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրի, թե որքան բացասաբար է անդրադառնալու Հայաստանի վարկի վրա ընտրություններից հետո տանկերի, զրահամեքենաների առկայությունը Երևանի փողոցներում: Դրական արդյունքը իրեն սպասել չստիպեց: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 25-ի դեպքերից հետո ակնհայտ դարձավ, որ ամենահավասարակշռված և ստեղծված իրավիճակի համար իսկապես մտահոգ պետական գործիչը Սերժ Սարգսյանն է»: Համադրենք դրա հետ հրապարակավ ասվածը` « հանրահավաքի այն մասնակիցները, ովքեր քրեական հանցագործություն չեն կատարել, նրանք, բանական է, չեն պատժվի»: Այսինք` հենց ԱԱ նախարարը ջանք էր գործադրել, որպեսզի հալածանքները հասնեն մինիմումի:
Իսկ հետո եղավ կառավարության փոփոխություն: Ե՛վ Վանո Սիրադեղյանի, և՛ Վազգեն Սարգսյանի`1998-ին տված հրապարակային վկայություններով, Հրանտ Բագրատյանի կառավարությունը 1996-ի սկզբից ևեթ վատ է աշխատել, և Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի պաշտոնանկ աներ վարչապետին: Նախագահը այդ առիթն օգտագործեց, որ ազատվի նաև ժողովրդի աչքի գրող և ամերիկացիների աչքի փուշ դարձած Վանոյից: Հետագայում հույս ուներ ազատվել նաև Վազգենից ու հենվեր երկու արցախցիների` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա: Սակայն ի տարբերություն արցախցիներին ատող Վանոյի, Վազգենը նրանց հետ գերազանց հարաբերություններ ուներ: 1998-ի հունվարին իր հռչակավոր ասուլիսին նա խոստովանեց, որ հենց ինքն էր 1993- վերջին Երևան բերել Սերժ Սարգսյանին, իսկ 1997-ի մարտին` Ռոբերտ Քոչարյանին:
1997-ի մարտի 20-ից, երբ Քոչարյանը նշանակվեց վարչապետ, Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն դատապարտված էր: Արցախի թիմը միացել էր Վազգեն Սարգսյանի հետ, Սերժ Սարգսյանի ջանքերով ընդդիմությունը փրկվել էր ջախջախումից, և մեկ կայծ էր պետք, որպեսզի նա իշխանազրկվի: Այդ կայծը եղավ 1997-ի սեպտեմբերին հրապարակված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Լրջանալու պահը» պարտվողական հոդվածը:
Արցախցի վարչապետին, արցախցի ՆԳ և ԱԱ նախարարին և ամենազոր Վազգեն Սարգսյանին նա ուներ հակադրելու ընդամենը գեներալ Ռոմեն Ղազարյանի (Բուդոյի) նախագահական գվարդիան, մեկ էլ Վանոյին հավատարիմ մնացած ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանին: 1997-98 թվականների ձմռանը կազմակերպվեցին երկու սադրանքներ` Արծրուն Մարգարյանի ոտքերի և գեներալ Բուդոյի ավտոմեքենայի վրա կրակելը, որոնք պետք է դուրս գրվեին «ղարաբաղյան ահաբեկիչների» վրա, սակայն ոստիկանության և ազգային անվտանգության ամբողջ քննչական ապարատը ձեռքի տակ ունեցող Սերժ Սարգսյանին դժվար չէր դա օպերատիվորեն պարզել և տեղյակ պահել Վազգեն Սարգսյանին: Հունվարին Վազգենը գրեթե ամբողջը հրապարակեց իր ասուլիսին, հայտնեց, որ կանգնած է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիկունքին ու հրաժարական չի տա: Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 4-ին հարկադրված էր հրաժարական տալ: Եվ այդ ամենում շատ մեծ էր շախմատիստ Սերժ Սարգսյանի դերը:
(Շարունակելի)
1996-1998-ի ժամանակահատվածի մասին ուշագրավ տեսանյութեր.
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Փետրվարի 4 ին, Սիսիանի նախընտրական շտաբում ՀՀԿ շտաբի նիստը անցել է լարված և փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում:
Սիսիանի ԲՀԿ -ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նիստին հայտարարել է, որ իր հարցումների ու բացատրական աշխատանքի արդյունքում, կարող է վստահեցնել, որ 6500 ընտրողներից 6000-ն իրենց ձայնը տալու են գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Ինչին Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Արտյոմ Թադևոսյանը հակադարձել է, թե՝ «Հերիք է խաբենք: Հնարավոր չէ նման բան»:
Դրանից հետո սկսվել են փոխադարձ մեղադրանքները ու նիստը վեր է ածվել խառնաշփոթի: Լիսկան ստիպված է եղել միջամտել, թե՝ «ոնց ուզում եք արեք, այդքան ձայն պիտի հավաքեք»:
Այդ նույն ժամին,Սիսիանի կուլտուրայի պալատում տեղի էր ունենում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումը սիսիանցիների հետ:
Թիվ 2-րդ դպրոցի տնօրենը, գալով «դեպքի վայրից» շտաբի նիստին ներկա Սյունիքի մարզպետին զեկուցել է, որ կուլտուրայի պալատում հավաքված մարդկանց թիվը 70-ից չի անցնում: Այստեղ ևս վեճ է ծագել, երբ ներկաներից մեկն ասել է, թե՝ «ճիշտ չէ՝ դահլիճը լեփ – լեցուն էր, ու նույնիսկ կանգնած մարդիկ կային»:
Ինչևէ, Լիսկան, դժգոհ է սիսիանցիներից ու շտաբի նիստում չի էլ թաքցրել այդ՝ հատուկ շեշտելով, որ Սիսիանը քաղաքականացված է, որ երևանաբնակ սիսիանցիները, որոնք պաշտոնավարում են մայրաքաղաքի կարևորագույն հաստատությունների միջին օղակներում, միասնական ճակատ են կազմել և միջամտում են Սիսիանի գործերին:
Այդ հանգամանքը նյարդայնացնում է «փորձված աղվեսին», որը տարներ շարունակ փորձում է «Սիսիանը դարձնել Գորիս» ու իր մոտ չի ստացվում: Նրան ,այդքան ջանք թափելուց հետո, հաջողվել է ընդամենը մի քանի պնակալեզների իրենով անել ու այժմ, անզորությունից իրեն ուտում է, որ արդեն 10 տարի է իր սև գործն անպտուղ է:
Ավետիս Գրիգորյան
10 օր ընտրարշավն անցնում էր խաղաղ և կանխատեսելի, տեղավորվելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի ասած «տեխնիկական ընտրությունների» շրջանակում: Եվ ահա հնչեցին կրակոցներ, սակայն բարեբախտաբար Պարույր Հայրիկյանի ստացած վերքը վտանգավոր չէր:
Հավանականությունը, թե թեկնածուն չի դիմի Սահմանադրական դատարան` քվեարկությունը 2 շաբաթով հետաձգելու, այս պահին 50:50 է: Բայց, բնականաբար, հարց է ծագում` ո՞վ կրակեց և ի՞նչ նպատակով:
Կենցաղային կամ անձնական վրեժի վարկածը բացառվում է միանգամից` մի քանի պարզ պատճառով: Նախ` ընտրությունների շրջանը շատ անհարմար է վրեժ լուծելու համար, քանզի կատարվածը միանգամից որակվում է պետական հանցագործություն, բացահայտմանն ուղղվում է պետության ամբողջ ռեսուրսը, և բռնվելու հավանականությունն աճում է մի քանի տասնյակ անգամ, «պլստալու» շանսերը գործնականում զրոյացվում են:
Երկրորդը` անձնական վրեժ լուծողին այնքան էլ հեշտ չէր իմանալ, թե ինչ հաճախականությամբ ու ինչ գրաֆիկով է Պարույր Հայրիկյանը գալիս ոչ թե Դավթաշենի իր տունը, այլ Կենտրոնում գտնվող հորական բնակարան: Հետևելու, նախապատրաստելու, հաշվարկելու համար հաստատ առնվազն խմբային աշխատանք էր պետք: Եվ երրորդը` անձայն զենքի հանգամանքը: 7,62 տրամաչափի զենքը պետք է լիներ կամ խլացուցիչով զենք, կամ հատուկ հրազեն, որը գնդակին հաղորդում է ձայնի արագությունից պակաս արագություն, որպեսզի կրակոցի ձայն չլինի: Իսկ դա հայթայթել անհամեմատ ավելի դժվար է, քան սովորական հրազենը:
Գործնականում մնում է միայն մեկ դրդապատճառ` քաղաքական: Կարծում ենք, դժվար է չհամաձայնել ակտիվ «ֆեյսբուքիստ» Արմեն Աշոտյանի հետ, որ «Պարույր Հայրիկյանի վրա կատարած մահափորձի բացահայտումը պահանջում է դեռեւս հին հռոմեացիներին հուզող հարցի պատասխան` ԻՍԿ Ո՞ՒՄ ԷՐ ԴԱ ՁԵՌՆՏՈՒ:
Ինչ նպատակներ էին հետապնդում հանցագործները, դժվար չէ կռահել`
ա. իրավիճակի ապակայանացման փորձ
բ. ընտրությունների ստվերման փորձ
գ. միջազգային գնահատականները սաստկացնելու փորձ
դ. նոր ընտրությունների նշանակում /թեկնածուի, Աստված հեռու պահի, մահվան դեպքում ըստ Ընտրական օրենսգրքի հոդված 98 կետ 3/»:
Հավելենք նաև, որ ծանր վերքի դեպքում ուժի մեջ կմտներ ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածը, որի համաձայն՝ «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը»: Այսինքն` ոճրի պատվիրատուն, բացի քաղաքական ապակայունացումից կստանար մաքսիմում` նոր ընտրությունների նշանակում, և այժմ շանս ունի ստանալ մինիմումը` երկու շաբաթով քվեարկության հետաձգում:
Հիմա փորձենք պատասխանել ԻՍԿ Ո՞ՒՄ ԷՐ ԴԱ ՁԵՌՆՏՈՒ հարցադրմանը:
Ըստ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի` շատ-շատերին: Այնուամենայնիվ, մի կողմ թողնենք պոտենցիալ առիթից օգտվողների «բանակը» և կենտրոնանք այն կատեգորիաների վրա, որոնք դրա միջոցով կարող էին սպասարկել սեփական կենսական շահը` արմատական բեկում մտցնելով իրավիճակի մեջ, ու ինչը կարևոր է` ռեսուրս ունեն դրա համար:
ա) Աշխարհաքաղաքական կենտրոնները,
բ) «Բորտին» մնացած ներքին քաղաքական ուժերը և առաջնորդները,
գ) Սեփական դիրքերի համար մտահոգվող օլիգարխիան և նրա հետ սերտաճած ներիշխանական ինչ-ինչ խմբավորումներ:
Սկսենք վերջից` օլիգարխներից: Ընտրություններում դասավորությունն այնպիսին էր, որ Սերժ Սարգսյանի հաղթանակի համար ավելորդ և նույնիսկ անցանկալի էր դառնում օլիգարխիայի և կրիմինալի աջակցությունը: Նույնիսկ սովորական վարչական ռեսուրսն օգտագործելը Սերժ Սարգսյանի ընտրաշտաբը համարեց ավելորդ և հռչակեց դատապարտելի, ու օրինակ Աշոտյանն անցավ չափազանց ջանադիր դպրոցների տնօրեններին պատժելու գործին:
Պարզ է, որ ընտրություններից հետո ՀՀ նախագահը ոչնչով պարտական չէր լինի օլիգարխներին և նրանց սերտաճած տարրերին, հետևաբար նրանց հետ կարող էր վարվել ինչպես ուզում էր, քանզի նրանք հենարան չեն այլևս… Սակայն ոչ մի առանձին վերցրած օլիգարխ միայնակ այդպիսի ռիսկի չէր գնա, այդտեղ թերևս պարտադիր պայման է ԿՆՔԱՀՈՐ կատեգորիան: Այդ դերին պիտանի է թերևս Ռոբերտ Քոչարյանը, սակայն մեղմ ասած կասկածելի է, որ նա անցնի Ռուբիկոնը, որը Սերժ Սարգսյանի հետ մրցակցությունն անջատում թշնամությունից: Նրա պարագայում ավելի տրամաբանական է փորձել պայմանավորվել խաղի կանոնների մասին և պատրաստվել 2017-18 թվականներին: Ի վերջո, կապիտալի արտահանման հնարավորությունը կա ու կա…
Եթե դիտարկենք բ) տարբերակը, ապա քաղաքականապես ամենատուժածը Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը հույս ուներ օգտագործել ԲՀԿ-ին, սակայն լրիվ «քցվեց» վերջինիս կողմից: Իսկ ԲՀԿ-ի պարագայում ամենատուժածը ոչ թե Գագիկ Ծառուկյանն է իր կարիերիստների և գործարարների ստվար բանակով, այլ Վարդան Օսկանյանի թևը, որը միաժամանակ սերտ կապակցված է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Սակայն Քոչարյանի հանգամանքին արդեն անդրադարձանք (միասին անցած պատերազմի ճանապարհը դատարկ խոսք չի համարի անգամ Քոչարյանին չսիրող, բայց օբյեկտիվ ցանկացած ոք), իսկ Օսկանյանը այդպիսի օպերացիա չէր կարող կազմակերպել առանց արևմտյան հատուկ ծառայությունների աջակցության: Նույնը վերաբերում է և Լևոն Տեր-Պետրոսյանին` նրա սեփական թիմը ահավոր թուլացած և պառակտված է, իսկ դրսի ուժերին ավելի շուտ պետք է ոչ թե ծերացած թոշակառու աղվեսը, այլ ավելի թարմ և հեռանկարային գործիչներ:
Առավել հավանականը թերևս գերտերությունների վարկածն է:
Նախորդ վերլուծությունում ներկայացրել էի, թե ինչ սրընթացությամբ խորացվում է հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական սերտագույն համագործակցությունը, ինչի համար էլ Երևան էին շտապել Ռուսաստանի պաշտպանության նախարարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Աշխարհաքաղաքական հակամարտությունում դա ռուսների համար շատ բարենպաստ է, հետևաբար նրանց դժվար թե պետք լիներ Հայաստանում ներքին վիճակի լարում: Նույնիսկ հակառակը, և պատահական չէ, որ նրանք պատժել են հացադուլի մեջ մտած և Սահմանադրության 52-րդ հոդվածի և անգամ Ընտրական օրենսգրքի հոդված 98 կետ 3-ի կիրառման (եթե հացադուլավորին հանկարծ թունավորեն) հեռանկար ստեղծած Անդրեաս Ղուկասյանին, զրկելով նրան պատկանող «Ռադիո Հայ»-ը «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի վերահեռարձակման իրավունքից:
Իսկ աշխարհաքաղաքական մրցակցությունում պարտվող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին օբյեկտիվորեն ձեռնտու է Հայաստանի ներքին ապակայունացումը: Ճիշտ է, չպետք է բացառել և ադրբեջանաթուրքական վարկածը, սակայն անգլոսաքսերի պարագայում դա շանս էր` նոր ընտրությունների նշանակման և խաղի նոր ռաունդ սկսելու համար: Եթե պատահականությունը չփրկեր Հայրիկյանին, ապա զրոյից պիտի սկսվեր ամեն ինչ` սկսած թեկնածուների առաջադրման փուլից: Եվ արդյո՞ք նոր կամ հին դեմքեր չէին մտցվի խաղի մեջ… Անգամ եթե քվեարկությունը հետաձգվի երկու շաբաթով, ապա շահած ժամանակը տալիս է նոր հնարավորություն` փորձել ինչ-որ բան փոխելու: Ճիշտ ու ճիշտ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի` հենց մահափորձի օրը հայտնած տեսակետի շրջանակում. «Փորձում ենք այնպես անել, որ Հայաստանն հայացքն ուղղի դեպի Արեւմուտք` դեպի Արեւմտյան Եվրոպա, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ»:
Ի դեպ, դեռ ոչ ոք անգլոամերիկյան ուժերի անունը չէր տվել, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ըդվզեց ՀՀԿ-ի այն կարծիքի դեմ, որ մահափորձն ուղղված էր ոչ միայն ընդդեմ պետականության և ընտրությունների, այլ նաև ընդդեմ իշխանության, ու պահանջեց վարչապետից հիմնավորել այդ տեսակետը: Իսկ «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հանդես եկավ «լավաշ» հոդվածով ընդդեմ ՀՀԿ-ի ասածների, նույնիսկ պնդելով, թե իշխանությունը փնտրում է ալիբի. «Տասնյակ աղմկահարույց սպանությունների բացահայտման հարցում ձախողված իշխանությունը անբնական համոզվածություն ու վստահություն է հայտնում, որ հանցագործությունը կբացահայտվի եւ գիտի, թե ում էր դա ձեռնտու…
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը գիտի, թե ո՞վ է կատարել հանցագործությունը (գիտեր նախապատրաստվող հանցագործության մասին, բայց չի կանխել), թե՞ ցանկանում է, որ նա կատարած լինի: Ինչո՞ւ է իշխանությունը ջանում, որ այդ ամենում իրեն կասկածող չլինի՞: Չէ՞ որ ոչ մեկ չէր էլ հասցրել կասկածել… Այդ դեպքում, ինչո՞ւ է իշխանությունը ջանում, որ իրեն չկասկածեն… Նույն ձեռագրով (Հոկտեմբերի 27-ից հետո-խմբ.) Ռոբերտ Քոչարյանի թիմն էր կատարվածը որակում իբրեւ պետականության/իշխանության դեմ ուղղված հանցագործություն եւ ալիբի ստեղծում իր համար»: Նույն ամերիկամետ ծիրում գտնվող մեկ այլ դեմք` ՌԱՀՀԿ փորձագետ էդգար Վարդանյանը. «Այս պահին կցանկանայի շեշտել միայն այն հանգամանքը, որ իշխանությունները շտապեցին` հայտարարելով, թե այդ երվույթն ունի քաղաքական ենթատեքստ»:
Ի դեպ, Ֆեյսբուքում էլ ծլեցին բազում կեղծ և իրական պրոֆիլներ, որոնք միաբերան ժխտում են մահափորձի քաղաքական բնույթը ու առավելևս արտաքին հետքի վարկածը:
Հիմա եթե դիտարկենք անգլոամերիկյան վարկածը, ապա հարց է ծագում, թե ինչո՞ւ որպես զոհ ընտրվեց հենց Հայրիկյանը: Պարզ է, որ զոհը պիտի լիներ լուրջ թեկնածուների, այլ ոչ թե քաղաքական կլոունների շրջանակից, ու թերևս Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը Արևմուտքի համար ափսոս էին` հետագա պլանների տեսակետից: Իսկ Հայրիկյանը մեջներից ամենաչափավոր արևմտամետն է, կենսագրությունում չունի «կոմպրոմատներ», որոնց միջոցով իրեն կարելի է կառավարել, համ էլ արդեն 63 տարեկան է, համ էլ Հայաստանի անկախության խորհրդանիշ է համարվում… Ու պատահական չէ, որ սպանությունը չստացվելուց հետո այժմ ջանում են նրան հանգեցնել անպայման 15 օրով քվեարկությունը հետաձգելու տարբերակին, և օրինակ Բագրատյանը հայտարարում է, որ ամեն ինչ անելու է 15 օրով քվեարկությունը հետաձգելու համար…
Այս պահին Հայրիկյանը դեռ վերջնական որոշում չունի, քանզի մի կողմից բժիշկները նրան մտադիր են 7-10 օր պահել հիվանդանոցում, մյուս կողմից նա պարզ հայտնեց չհետաձգելու ցանկության մասին…
Եթե հետաձգի, Արևմուտքը մեր երկրի ներսում լրացուցիչ խաղի 15 օր կստանա, և 15 օրով կերկարացվի և Անդրեաս Ղուկասյանի հացադուլը, ինչը կավելացնի հավանականությունը, որ Անդրեասն էլ ծանր վիճակում կհայտնվի հիվանդանոցում, ու ևս դրա միջոցով 15 օր ավելացնել կլինի:
Այսինքն` հետաձգումը կդառնա արդեն մեկ ամիս…
Եթե Հայրիկյանը որոշի չհետաձգել քվեարկությունը և իր ընտրարշավի մի մասը վարի հիվանդասենյակից, ապա նրա վարկանիշը (որն արդեն բարձրացել է) ևս մեկ թռիչք կարձանագրի: Հենց այդ հեռանկարն է նյարդայնացրել Հրանտ Բագրատյանին ու հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանին, որն արդեն երկրորդ տեղն իր գրպանում դրած էր համարում: Հենց այդ պատճառով «Ժառանգությունը» լծվել է արտաքին միջամտության վարկածն ամբողջ ջանասիրությամբ հերքելու գործին, զի Հայրիկյանն արդեն երկրորդ տեղի շանս կարող է ստանալ:
Հենց դա է նյարդայնացնում նաև Արևմուտքին: Եվ թող արդեն ընթերցողը կռահի` ո՞վ էր մահափորձից ժամեր անց` գիշերով, Ֆեյսբուքը լցրել տականքային դեմոտիվատորներով, ուր Հայրիկյանը ներկայացվում էր որպես իշխանության աջակցությամբ ինքն իր վրա կրակոցներ կազմակերպող… Ու թող ԱԱԾ-ն այդ հետքով գնա ու պարզի` ո՞վ էր այդքան վառված Հայրիկյանի ողջ մնալու փաստից:
Ինչևէ, եթե Հայրիկյանը որոշի չօգտվել հետաձգման իր իրավունքից, ապա կրկին խաղի մեջ կարող են մտցնել Անդրեաս Ղուկասյանի` հիվանդանոց պառկելու տարբերակը: Հետևաբար ուզած-չուզած իրավապահները պիտի հետևեն, որպեսզի հացադուլավորի ջրին հանկարծ ոչ ոք ոչինչ չխառնի: Եվ ընդհանրապես թեկնածուների անվտանգությունը դառնում է մարտահրավեր:
Բայց բոլոր դեպքերում այն, որ Հայաստանի անկախության խորհրդանիշ Հայրիկյանը փրկվեց գրեթե ստույգ մահից, թերևս հուշում է, որ Հայաստանն էլ կկարողանա պատվով դուրս գալ այս փորձանքից: Ի վերջո` Տիեզերական Գարունն սկսվել է, որը Արի ազգերի դարաշրջանն է:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Փետրվարի 18-ին ՀՀ նախագահ առանց որևէ խոչընդոտի վերընտրվող Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան պաշտոնապես սկսվեց 1979 թվականին, երբ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը նոր ավարտած շրջանավարտ լինելով նա վերադարձավ Ստեփանակերտ և անմիջապես նշանակվեց ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ: Կոմսոմոլի նոմենկլատուրայի մեջ միանգամից մուտք գործելը ԽՍՀՄ իրականության մեջ չէր կարող պատահականություն լինել, մանավանդ որ ադրբեջանական տիրապետության տարիներին Ստեփանակերտում նշանակումներ կատարելու հարցում միշտ թարս աչքով էին նայում Երևանում ու հատկապես հայ ազգայնականության օջախ համարվող Պետհամալսարանում կրթություն ստացած մարդկանց:
Դա հատկապես վերաբերում էր այնիպիսի ադրբեջանահպատակ տականքին, ինչիսին էր Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավար Կևորկովը, որը Բաքվին հաճոյանալու համար ամենուրեք երևանյան «շպիոններ» էր փնտրում:
Ճիշտ է, դեռևս համալսարանում կոմսոմոլի ակտիվիստ դարձած երիտասարդ Սերժ Սարգսյանն ուներ բնութագիր, որը ԽՍՀՄ արժեհամակարգում մեծ «պլյուս» էր (բանվորագյուղացիական ծագում, ծառայություն բանակում, 4 տարվա բանվորական ստաժ Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում), սակայն «ԵՊՀ ազգայնական խարանով» Ստեփանակերտում կոմերիտական նոմենկլատուրա մուտք գործելը աննախադեպ ճկունություն էր պահանջում և մշտական ճշգրիտ հաշվարկ:
Այսինքն` դեռ 25 տարեկանում նա արդեն տիրապետում էր «քաղաքական շախմատի» արվեստին, ինչի շնորհիվ բավականին արագ սկսեց բարձրանալ նոմենկլատուրայի աստիճաններով (1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական):
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀԱՍՏԱԿՈՂ ԴԱՐԲԻՆԸ
Ի դեպ, եթե զննենք նրա կենսագրությունը, ապա կտեսնենք ոչ թե վայրիվերումներ, այլ մշտական վերելք` ընդամենը կարճատև նահանջներով:
Փոքրիկ մեջբերում անենք կենսագրությունից.
1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:
1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:
1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար:
1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար:
1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար:
1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:
2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:
2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը:
2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ:
Բնականաբար, նրա սառնասիրտ, բայց հաստակող համառության ձևավորման վրա էապես ազդել է ծագումը, միջավայրը, որում անցել է մանկությունն ու պատանեկությունը, ընտանիքը: Արցախում մեծացած բնիկ սյունեցի, այն էլ Տեղ գյուղից, ուր ազատամարտի տարիներին նույնիսկ 100 տարեկան տատիկն է զենք վերցնում ու ուր մարդիկ սովորաբար երկաթյա առողջության տեր են: Ինչ վերաբերում է արմատներին, ապա տեսնենք, թե ինչ էր պատմում նրա հայրը` դարբին Ազատը. «Ես ծնվել եմ Գորիսի շրջանի Տեղ գյուղում 1929 թ.: Ծնողներս էլ նույն գյուղից էին: Դարբին եմ: 50 տարի աշխատել եմ «ՂարՄետաքս» կոմբինատում: Հաստոցների համար դետալներ էինք սարքում: 12 տնօրեն եմ փոխել, բայց երբեք ոչ մեկից մի նկատողություն անգամ չեմ ստացել»:
Դե ինչ, Սերժ Սարգսյանը 12 տնօրեն փոխած դարբին Ազատի արժանի շարունակողն է` 35 տարի համբերատար դարբնել է իր քաղաքական կարիերան, առանց անկումներ ապրելու երեք քաղաքական վարչակարգ է փոխել, ու այս տարվա փետրվարի 18-ի արդյունքներով նրա նախագահական իշխանությունը սահմանափակված չի լինելու այլևս ոչ մի բանով և գրեթե չի տարբերվելու միապետի կարգավիճակից… Նրա տոհմում դա սովորական բան է` համառորեն հաղթահարել ամեն մի դժվարություն ու բարձրանալ դեպի վեր: Կրկին խոսքը փոխանցենք դարբին Ազատին. «1937 թ. հորս` Ավետիսին, աքսորեցին որպես տրոցկիստի: Այնինչ հայրս խելոք, ռանչպար մարդ էր` տրոցկիստն` ուր, ինքը` ուր: Իսկի չգիտեր` Տրոցկին ով է: Մեծ եղբորս, որ այն ժամանակ 9-րդ դասարանն արդեն ավարտել էր, ուզում էին դպրոցում աշխատանքի ընդունել, բայց հորս աքսորից հետո ասել էին` տրոցկիստի տղա է, ու չէին ընդունել: Դրանից հետո մայրս վախեցավ, որ կարող են նրա հետևից էլ գալ: Ու Ղուկասին ուղարկեցինք Ղարաբաղ` մորաքրոջս մոտ: Որոշ ժամանակ հետո մենք էլ` մայրս, ես, փոքր եղբայրս ու քույրս տեղափոխվեցինք Ստեփանակերտ: Այդ ժամանակ ես ութ տարեկան էի: Դպրոց էլ չընդունեցին: Ասացին` տրոցկիստի երեխա է: Մինչև երրորդ դասարան եմ սովորել:
Մայրս մեզ իր արյունով է պահել: Դոնոր էր: Արյուն էր տալիս, որ էրեխեքին հաց բերի: Տեղ գյուղում մայրս Զանգեզուրի տարազ էր հագնում, ճակատին արծաթե շղթա էր կրում: Ավանդապաշտ կին էր: Բայց երբ եկանք Ստեփանակերտ, բոլորը զարմանում էին նրա զգեստի վրա: Ստիպված էր սովորական շոր հագնել: Երբ դրանք առաջին անգամ հագավ, երեք օր տանից դուրս չեկավ` ամաչում էր»:
Ահա այդպիսի համառության և կենսունակության գենետիկ կոդ` անհուն հալածանքից երեխաներին արյունով փրկող տատ, ընդունակ հայր, որը 8 տարեկանում արդեն երեք
դասարան էր անցել, որին սակայն զրկեցին կրթություն շարունակելու հնարավորությունից, սակայն համառ աշխատանքով երկհարկանի տուն կառուցեց ու երեք որդիներից երկուսին բարձրագույն կրթության ուղարկեց:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ռոբերտ Քոչարյանի հետ Սարգսյանների ընտանիքի ծանոթությունը սկսվում է 1977-ից, երբ Քոչարյանը որպե էլեկտրամոնտյոր աշխատանքի է ընդունվում «Ղարմետաքս», ուր վաղուց էր աշխատում Սերժ Սարգսյանի հայրը` դարբին Ազատը: Իսկ 1981-ին նա նշանակվում է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի երկրորդ քարտուղար, ուր արդեն 2 տարի որպես բաժնի վարիչ աշխատում էր դարբին Ազատի որդին` Սերժ Սարգսյանը: Այդտեղ սերտանում է նրանց ընկերությունը, բայց միաժամանակ գրանցվում է մրցակցության առաջին դրվագը` 1983-ին Սերժ Սարգսյանը նշանակվում է քաղկոմի առաջին քարտուղար, այսինքն դառնում է Ռոբերտ Քոչարյանի անմիջական ղեկավարը: 1985-ին միասին տեղափոխվում են կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմ, ուր Սերժ Սարգսյանը նշանակվում է պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, իսկ Ռոբերտ Քոչարյանը` ընդամենը հրահանգիչ, իսկ ամիսներ անց նշանակվում է «Ղարմետաքսի» կուսակցական կոմիտեի նախագահ:
Թե ինչպիսի «ագիտացիայով և պրոպագանդայով» էր զբաղված Սերժ Սարգսյանը` երևակվեց 1988-ի Տրնդեզին` փետրվարի 13-ին, երբ Ստեփանակերտի Լենինի հրապարակում հանրահավաքի էին դուրս եկել 8000 մարդ ու առաջին անգամ հնչել էր
«Միացում» կարգախոսը: Ընդամենը 11 օր անց ադրբեջանական սատրապ, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովը, որը փետրվարի 20-ին փորձում էր գողանալ մարզխորհրդի կնիքը ու դրանով տապալել Հայաստանի հետ վերամիավորում պահանջող մարզխորհրդի նստաշրջանը, փախավ Բաքու: Մարզկոմի նոր առաջին քարտուղար, արցախցիների կողմից հարգված Հենրիկ Պողոսյանն էլ Սերժ Սարգսյանին անմիջապես նշանակեց իր օգնական:
Սակայն «Ժամանակի մեքենան» կրկին վարենք դեպի 1988-ի Տրնդեզ, Ստեփանակերտի Լենինի հրապարակ: Վաղեմի ընկերները` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, հանրահավաքներում ելույթ ունեցողների մեջ են: Սակայն Սարգսյանը, ի տարբերություն Քոչարյանի, բավականին արագ է լքում հանրային հարթակն ու դեռ 1988-ի գարնանից ձեռնամուխ լինում գաղտնի զինված ջոկատների կազմակերպմանը: 1989-ից նա արդեն Արցախի ինքնապաշտպանական ուժերի ղեկավարն է մինչև 1993-ի ուշ աշուն, երբ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինեց Վազգեն Մանուկյանին:
Ինչևէ, մարտական գործերում Ռոբերտ Քոչարյանը հասնում է ընկերոջը արդեն 1992-ի սկզբին, երբ գլխավորում է ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեն: Բայց 1993-ի աշնանը Սերժ Սարգսյանն արդեն նշանակվում է ՀՀ պաշտպանության նախարար: Բացի այդ, նրա մոտ ավելի դյուրին է ստացվում Սամվել Բաբայանի գործոնը հավասարակշռելը` Վազգեն Սարգսյանի հետ մտերմության շնորհիվ, ով ի դեպ Ստեփանակերտում հաճախ այցելում էր դարբին Ազատի հյուրընկալ տունը:
Ռոբերտ Քոչարյանը կրկին առաջ ընկավ, երբ 1997-ի գարնանը Վազգեն Սարգսյանը համոզեց նրան թողնել ԼՂՀ նախագահի պաշտոնը և դառնալ ՀՀ վարչապետ: Սակայն դրա համար հող նախապատրաստելու գործում թերևս կա և Սերժ Սարգսյանի ներդրումը:
Երբ պայթեց «Արշալույսգեյթը», այսինքն` գեներալ Մանվելի տանը 1996-ի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած հոխորտալից խնջույքի տեսագրությունն ընկավ ընդդիմության ձեռքը, շատերն ուշադրություն դարձրեցին, որ կադրերում չկա ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը: Նա ոչ միայն չմասնակցեց այդ սկանդալային խրախճանքին, որի հետևանքով Վանո Սիրադեղյանը զրկվեց ՆԳ նախարարի պաշտոնից, այլև ՆԳ նախարարությունը միացվեց ԱԱ նախարարությանը: Այդ խնջույքի ժամանակ Վազգեն Սարգսյանը, Վանոն, նախագահի թիկնազորի պետ գեներալ Բուդոն, գեներալ Մանվելը և այլն տոնում էին 1996-ի նախագահական ընտրություններից հետո Վազգեն Մանուկյանի կողմնակիցների բարձրացրած բողոքի ալիքը ճնշելը: Ամենասկանդալայինը խնջույքի ժամանակ հնչած Վանոյի կենացներն էին` ՆԳ նախարարը խոսում էր 800 ցուցարար սպանելու անհրաժեշտության մասին, ինչը կատաղեցրել էր ժողովրդին (Այդ հատվածը տե՛ս http://youtu.be/Bcj7_OUTME4 ): Գումարած դրան` ամենավերջին բառերով հայհոյել էր Վազգեն Մանուկյանին օժանդակած ամերիկացիներին, այդ թվում` նախագահ Քլինթոնին, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի համար ստեղծել էր պրոբլեմներ ԱՄՆ դեսպանատան հետ, և նա Վանոյին ուզած-չուզած տեղափոխել էր Երևանի քաղաքապետի պաշտոնին:
Դե, Հրանտ Բագրատյանին Լևոն Տեր-Պետրոսյանը պարզապես զոհաբերեց, Լոնդոնից բերած փափկամազիկ Արմեն Սարգսյանը թողեց վարչապետի պաշտոնը Վազգեն Սարգսյանի «փըխկ»-ից հետո, և 1997-ի մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը:
Արցախի հարցում զիջողական դիրքորոշում ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն պարզապես դատապարտված էր հեռացման: Բացառությամբ նախագահի թիկնազորի, Երևանում բոլոր ուժային և ռեալ վարչական լծակները Արցախյան ազատամարտի ռազմական էլիտայի ձեռքում էին, իսկ Ստեփանակերտում Սամվել Բաբայանի դիկտատորական իշխանությունն այլևս հավասարակշռող գործիչ չկար: Եվ վառոդի հոտով կոփված զինակիցները` Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Բաբայան, օգտվելով նաև բարենպաստ հանրային կարծիքից, իրագործեցին իշխանափոխություն:
(Շարունակելի)
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Իր հայտնի հայտարարությունից հետո, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ ակտիվի հետ չի հանդիպել: Այս հանգամանքն, անշուշտ, դուր չի գալիս ԲՀԿ-ականներին, բայց այդ մասին բարձրաձայնել՝ նրանք անկարող են: Ծառուկյանը երբեմն-երբեմն հանդիպում է անհատ ԲՀԿ-ականների հետ և` վերջ:
Այնուհանդերձ, վերջին օրերին որոշակիություններ են մտցվել ԲՀԿ «մարտավարական» ծրագրերում: Ճիշտ է, Ծառուկյանի գրեթե ողջ թիմը շնչակտուր արդեն իսկ լծված է Սերժ Սարգսյանի ընտրության «սրբազան գործին», այնուհանդերձ, սկսվող «կարիկտիրովկաները» նոր շունչ կհաղորդեն այդ պայքարին:
Գործարարներն, իրենց կոտորելով, ներկայանում են ՀՀԿ մարզային, քաղաքային շտաբներ, զեկուցում` ինչ են արել, ումով են արել` հանուն հայրենիքի («պոդրազուվայեմ` զա Սերժ Ազատիչու»), Ծառուկյանի փեսան ողջ Աբովյանն է ոտքի հանել` հանուն «նախագահ ջանի», օրերս էլ , ըստ մեր ունեցած տեղեկությունների, ԲՀԿ-ն հայտարություն կընդունի` ձևով խելամիտ, բովանդակությամբ սերժամետ` առ այն, որ կուսակցության անդամներն ազատ են քվեարկելու: Բա հո՞ չեն ասելու` Ազատիչին են քվեարկելու:
Գործընթացից ոչ մի կերպ հետ չի մնալու ինքը` «թագավոր ախպեր» — Ծառուկյանը. նա Կոտայքի մարզի պատասխանատուն է, և ոչ միայն: Նաև Մասիսի որոշ գյուղեր վերցրել է իր իրավասության ներքո, որպեսզի շատ լավ ընտրություններ, փայլուն մասնակցություն և նույնքան փայլուն արդյունքեր ապահովի:
Հիմա կարող եք հարցնել, թե ինչո՞ւ հատկապես Մասիսի շրջանի այդ գյուղերը, երբ Մասիսը մի դեպքում խնամի Հովիկի իրավասության տակ է, մյուս կողմից էլ, այնտեղից մեծամասնակով պատգամավոր է, ոչ անհայտ ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը:
Բանն այն է, որ ԲՀԿ-ում, ճիշտ է, ճանճը չի կարող տզզալ, եթե Կոլյայիչը թույլ չի տվել, այնուհանդերձ, սույն Տիգրան Ստեփանյանը պատկանում է ԲՀԿ «դիլխոր» — արմատական` «գնանք – ջադենք — գրավենք ՀՀԿ-ն» տղերանց շարքին ու էն սրտով — էնտուզիազմով չի աշխատի Սերժ Ազատիչի օգտին:
Ահա և, ՀՀԿ-ն հրահանգել է, որ Կոլյայիչը սրտով — ջիգյարով ապահովի Սերժ Ազատիչի անվերապահ հաղթնակն` էդ կողմերում:
Ինչ արած, կոպիտ դար է, կոպիտ բարքեր:
Վահե Հովսեփյան
Մենք արդեն անդրադարձել էինք Սյունիքի ՀՀԿ շտաբի պետի աթոռի շուրջ ծավալված պայքարի մանրամասներին: Սյունիքում կռիվ է ընկել` շտաբի պետի աթոռ են բաժանում | Arm Version
Հիշեցնենք, որ այդ աթոռին աչք էին դրել գեներալի հավակնություններ ունեցող Աշոտ Մինասյանը, էլ. ցանցի պետ Ջիվան Մարգարյանը, Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Աղասի Հակոբջանյանը, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանը:
Ի դեպ, վերջինս չնայած Լիսկայի դրածոն է և առիթը բաց չի թողնում հաճոյանալու իր շեֆին, սակայն Լիսկան Լիսկա չէր լինի, եթե վերջին պահին չքցեր բոլորին ու հրապարակավ չհայտարարեր, որ ինքն է շտաբի պետը:
Սակայն այս պահին, գոնե Սիսիանցիների համար, մութ է, թե իրականում ով է իրենց տարածաշրջանի ՀՀԿ շտաբի պետը:
Մեզ հասած տեղեկություններով, փաստաթղթերում նշված է Սամվել Թանգյանի անունը: Ստացվում է, որ Լիսկան ասել է՝ ես եմ, նշանակում է՝ Սամվելն էլ հե՞տն է, թե Լիսկան հեռահար նպատակներ ունի` իր դրածոյին առավել յուղալի՝ քաղաքապետի աթոռին տեղավորելու, սակայն դա նրան մի քանի անգամ չի հաջողվել և այս անգամ էլ` կրկին փորձիր տարբերակը ևս դատապարտված է ձախողման, քանի որ սիսիանցիները Լիսկային ու Սամվել Թանգյանին տեսնում են նույն հարթության վրա, ու Լիսկայի դրածոյին չեն կարող պատկերացնել Սիսիանի քաղաքապետի պաշտոնում:
Ի դեպ, սիսիանցիները զարմացած են. աննախադեպ է, երբ ընտրություններին շտաբի պետի անունը գաղտնի է պահվում:
Ստացվում է հետևյալ պատկերը. Լիսկան հայտարարում է՝ ես եմ, փաստաթղթերում նշված է Թանգյան Սամվելի անունը, իսկ նախագահականի կայքում գրված է Ջիվան Մարգարյանի անունը:
Ի վերջո, ո՞վ է Սիսիանի տարածաշրջանի ՀՀԿ շտաբի պետը:
Ուղիղ մի ամիս անց ունենալու ենք նորընտիր նախագահ: Նրա անունը արդեն հայտնի է` Սերժ Ազատի Սարգսյան: Ընտրվելու է ձայների մեծ առավելությամբ, առանց ընտրակաշառքների, կրիմինալի, ընտրակեղծիքների ու այլ կասկածելի և հակաօրինական հնարքների: Ու ՀՀԿ-ի խոստումը` անցկացնել ՀՀ պատմության ամենամաքուր ընտրությունները, միանգամայն իրատեսական է: Թերևս միակ դժվարությունը ընտրողներին ընտրատեղամաս բերելն է, իսկ թե դրա համար ինչ և ինչպես կարվի, կերևա մի փոքր ուշ: Իսկ այժմ կարելի է հավատալ գլխավոր դատախազի և ոստիկանապետի խոստումներին, որ բոլոր ընտրախախտները պատժվելու են օրենքի ամենայն խստությամբ: Այդ իրավիճակը հնարավոր դարձավ, քանզի ուղղակի կամ անուղղակի ձևով ընտրություններին չեն մասնակցում առաջին և երկրորդ նախագահները:
Եվ քանի որ ընտրությունների հաղթողը կանխորոշված է, հարց է ծագում, թե ինչ նպատակով են ընտրություններին մասնակցում մնացյալ 7 թեկնածուները: Նրանց կարելի է բաժանել երկու խմբի` քաղաքական գործիչներ և քաղաքական կլոուններ: Առաջին խումբը ներկայացված է Րաֆֆի Հովհաննիսյանով, Հրանտ Բագրատյանով և Պարույր Հայրիկյանով, երկրորդը` Արամ Հարությունյանով, Անդրեաս Ղուկասյանով, Արման Մելիքյանով և Վարդան Սեդրակյանով: Քաղաքական գործիչները մրցակցում են պատվավոր երկրորդ տեղի համար և լուծում են սեփական քաղաքական վարկանիշի և քաղաքական ապագայի հարցը: Քաղաքական կլոունները լուծում են ընտրությունները կրկեսի վերածելու և հնարավորինս վարկաբեկելու հարցը, զուգահեռաբար բարելավելով սեփական նյութական կացությունը:
Իսկ այժմ` թեկնածուների և նրանց մարտավարության մասին: Սկսենք քաղաքական գործիչներից:
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ երկրորդ տեղի գլխավոր հավակնորդն է: Խոշոր հաշվով, իշխանությանն էլ ձեռնտու է, որ հենց նա լինի երկրորդը, այդ պատճառով էլ նա ունի տեղեկատվական դաշտում առավելագույն բարենպաստման միջավայր, իսկ իշխանական գործիչներն ամենայն լրջությամբ, բայց կոռեկտ պատասխանում են նրա հնչեցրած մեղադրանքներին: Քարոզարշավի տեխնոլոգիան ստանդարտ է` հնարավորինս շատ անցկացնել հանդիպումներ ընտրողների հետ, հնարավորինս շատերին ձեռքով բարևել, հնարավորինս շատ բանավոր և գրավոր ելույթներ գեղեցիկ հայերենով, բայց առանց էական բովանդակության:
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ փորձելու է շահել արմատական ընդդիմադիր ընտրազանգվածի համակրանքը: Նրա մեթոդաբանությունն է` ծրագրային բանավեճերի ծավալում ու հնարավորինս շատ հեռուստաեթերով հանդես գալը: Նա արդեն հայտարարել է, որ գնելու է այնքան եթերաժամանակ, ինչքան թույլ է տալիս օրենքը: Փորձելու է ընտրազանգված փախցնել նաև Րաֆֆիից:
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, որը նաև էքստրավագանտ մտքեր է արտահայտում քարոզչության ընթացքում, ըստ էության, լուծում է քաղաքական դաշտում մնալու խնդիրը: Նա թերևս գերազանց արդյունք կհամարի, եթե անցնի 5 տոկոսի շեմը:
Իսկ այժմ անցնենք քաղաքական ծաղրածուներին: Բնականաբար, հարց է ծագում` ով է նրանց ասպարեզ բերել և ապահովել ֆինանսավորմամբ: Եվ այսպես…
Էպոսագետ ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ: Ամենահին ծաղրածուական նախագիծն է, որը գործում է դեռ անցյալ տարվա ամռանից և գործարկվել է ԱԺ ընտրություններից անմիջապես հետո: Միանգամից ստացել է առատ ֆինանսավորում, այժմ ունի երեք շքեղ ավտոմեքենա և կառուցում է երեք առանձնատուն: Աչքի է զարնում հոգեպես անհավասարակշիռ մարդու զառանցանք հիշեցնող քարոզչությամբ, սակայն հոգեպես միանգամայն առողջ է, ու «գժական» քարոզչությունն իրականացվում է միանգամայն գիտակցված: Նրա գործառույթն է, ամենայն հավանականությամբ, վարկաբեկել ընտրական գործընթացն ամբողջությամբ` իշխանությունով և ընդդիմությունով հանդերձ: Նրա պարագայում արդեն լայնորեն կիրառվում է կեղծված սոցհարցումների տեխնոլոգիան: Գրեթե բոլոր ինտերնետային հարցումներում Վարդան Սեդրակյանն առաջին տեղում է, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գործում է համակարգչային քվեարկությամբ հատուկ խումբ: ԱԺ ընտրություններին համակարգչահենական հատուկ խումբը գործում էր հոգուտ ԲՀԿ-ի` կեղծելով ինտերնետ-քվեարկություններն այնպես, որպեսզի ԲՀԿ-ն հայտնվի առաջին տեղում: Հիշեցնենք, որ այն ժամանակ Ֆեյսբուքում հայտնաբերվել էր անձ, որը ԲՀԿ-ի օգտին աշխատող միանգամից 700 կեղծ էջեր էր ստեղծել, իսկ համակարգչահենները ակտիվորեն վնասում էին այն տեղեկատվական համացանցային ռեսուրսները, որոնք գործում էին ընդդեմ ԲՀԿ-ի: Տաշած քարը գետնին չի մնա, ուստի, ամենայն հավանականությամբ, այժմ հենց այդ խումբն է աշխատում հօգուտ էպոսագետի: Հետևաբար` առաջիկայում կլինեն նաև հաքերական հարձակումներ այն կայքերի վրա, որոնք թթու խոսք կասեն Վարդան Սեդրակյանին: Գումարած դրան, էպոսագետի «տիեզերական աջակցության» տեսությունն առաջ տանելու համար ակտիվորեն կշարունակվի այն լուրերի տարածումը, իբր Վարդան Սեդրակյանն օժտված է էզոթերիկ, մոգական ունակություններով, ու հավանաբար արհեստականորեն կստեղծվեն դրվագներ, որոնք արտաքնապես նման են մոգական ներգործությանը…
Ամենայն հավանականությամբ` էպոսագետի պարագայում պատվիրատուն Ռոբերտ Քոչարյանի թիմն է, քանզի ՀՀ երկրորդ նախագահին օդի և ջրի պես անհրաժեշտ է ինչպես ընտրությունների, այնպես էլ ամբողջ քաղաքական դաշտի վարկաբեկումն ու փչացումը, որպեսզի հեշտանա վերադարձն իշխանության 2017-2018 թվականների ընտրությունների ժամանակ: Նման է, որ խնդիր է դրված էպոսագետին բերել երկրորդ տեղ, ինչը հնարավորություն կտա անընդհատ շրջանառելու այն միտքը, որ Սերժ Սարգսյանն իշխանությունով հանդերձ հաղթել է մի «ծալը պակաս» թեկնածուի, իսկ ընդդիմադիրներն այդ «ծալը պակասի» չափ էլ չկան: Բնականաբար, դա առավելագույնս կվարկաբեկի և՛ ընտրությունները, և՛ քաղաքական դաշտը, ու նման է, որ իշխանությունը ստիպված կլինի ջանքեր գործադրել` կանխելու ձայների գնումը Վարդան Սեդրակյանի համար: Իսկ որ Քոչարյանի թիմն ի վիճակի է դա անել` կասկածից վեր է: Ու նաև կանխատեսելի է, որ վարձվելու են միանգամայն լուրջ սոցիոլոգներ (փողին մուննաթ), ովքեր էպոսագետին ներկայացնելու են որպես հստակորեն երկրորդ տեղ վերցնող…
Բնականաբար, հիմնական ծաղրածու թեկնածուների կողքին անհրաժեշտ են «դամ պահողներ», ու այստեղ գտնում ենք զոքանչին մամլո խոսնակ հռչակող հավերժական թեկնածու ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ: Նրան էլ կվերապահվի իռացիոնալ ընտրողների գլուխը լրացուցիչ տանելու գործառույթը:
«Դամ քաշողներից» ամենազգուշավորը թերևս ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆՆ է, ում հիմնական թեզն էլ այն է, որ եթե ընտրողների ցուցակում ներգրավված լինի ավելի քան 1 միլիոն 300 հազար ընտրող, ապա ընտրությունները կանխավ կեղծված են: Ոստիկանությունը ներկայացրել է դրա կրկնակին` 2,5 միլիոն ընտրող, և Ա. Մելիքյանը դիմել է ԿԸՀ` ներկայացնելու տեղեկանք, թե անկախանալուց ի վեր քանի մարդ է լքել Հայաստանը, քանի երկքաղաքացի է ընդգրկված ընտրողների ցուցակում, և քանի ՀՀ քաղաքացի, ովքեր այժմ երկրից դուրս է: Առաջին մասով ոչ ոք չի պատասխանի, երկրորդ մասով հանձնարարվել է պատասխան տալ ոստիկանությանը: Բնականաբար, պատասխանը թեկնածուին չի բավարարելու, և նրա հիմնական կարգախոսն է լինելու «միևնույն է, ընտրությունները կեղծված են» բանաձևը:
Եվ վերջապես, ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:
Ի դեպ, մինչ այս, նա ընդամենը հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դստեր՝ Անահիտ Թարխանյանի ամուսինն էր, ու հանկարծ… թեկնածուի սպառնալիքը` նստել հացադուլի, եթե ԿԸՀ-ն չեղյալ չհամարի Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը, միայն առաջին հայացքից է ծիծաղելի թվում: Չէ՞ որ դա առաջին դեպքն է, որ նախագահի թեկնածուն հացադուլ է հայտարարում, և հաստատ նրա մասին սյուժեները պտտվելու են համաշխարհային հեռուստացանցերով: Համ էլ սովից մեռնող թեկնածուի հոգեցունց թատերականացված տեսարանները արցունք կհանեն բարի և միամիտ հայ ընտրողների աչքերից` նրան քվեներ բերելով, ու եթե հաջողվի անցնել 2 տոկոսի շեմը, ապա Անդրեաս Ղուկասյանը հաջողությամբ մուտք կգործի քաղաքական դաշտ և արդեն կկարողանա մտածել ԱԺ 2017-ի ընտրություններին մասնակցելու մասին: Գումարած դրան` իշխանությունն ուզած-չուզած պիտի նրան ինչ-որ բան տա, որպեսզի ձայնը կտրի և իր հացադուլով չփչացնի ընտրարշավի պատկերը…
Ահա այդպիսի բաներ: Առջևում ունենք մեկ ամիս, որի ընթացքում հեռուստաեթերը հեղեղված է լինելու քաղաքական կլոունադայով: Ու որպեսզի մեր քաղաքացիները զզվանքից չվազեն «ունիտազը գրկելու», թերևս ճիշտ կլինի, որ հիմիկվանից կողմնորոշվեն, թե ում են տալու իրենց ձայնը, և ընդհանրապես չհետևեն հեռուստաքարոզչությանը. հասարակ ընտրողը, ի տարբերություն լրագրողների, ովքեր պարտավոր են դիտել այդ ամբողջ աղբը, իրեն կարող է նման շռայլություն թույլ տալ: Անջատեք ձեր հեռուստացույցները, քարոզարշավ է սկսվել…
Շաբաթվա վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Քառագագաթ Արագած լեռան հետ բազում առասպելներ են կապված: Մեր նախնիները համարում էին այն «Արարչի գահ» և «Աստվածների նստավայր»: Նույնիսկ հավատալիքներ կան, որ լեռան գագաթին կարելի է ցանկություն պահել, և այն կկատարվի: Ասում են, որ ոգեղեն մարդիկ կարողանում են Արագածի գագաթին տեսնել ուժեղ լույս, որը կոչում էին «Վահագնի կանթեղ», այնուհետ «Գրիգոր Լուսավորչի կանթեղ»:
Սակայն մենք մեր «Ժամանակի մեքենայով» երկար չենք մնա հին դարերում, և գալով ետ, կանգ կառնենք 1988 թվականի հուլիսին 3220 մետր բարձրության վրա գտնվող Քարելիճ սառնորակ լճի ափից ոչ հեռու:
ԴԵՊԻ ՎԵՐԵՎ ՀՈՍՈՂ ԱՌՈՒՆ
Քարելիճի մատույցներում էր գյումրեցի լեռնագնաց Սերգեյ Խաչատրյանը՝ Լենինականի մանկավարժական ինստիտուտի լեռնային սպորտի խմբակի արշավախմբով հանդերձ: Այդտեղ հայտնաբերեցին առու, Սերգեյ Խաչատրյանը առվից ջուր խմեց ու ակնթարթորեն վատացավ` գլխապտույտ, գլխացավ, սրտխառնուք… Ընկերները, համարելով դա պատահական զուգադիպություն, կրկնեցին «փորձը», և նույնը կատարվեց նրանց հետ: Եվ պարզվեց, որ առուն հոսում է ներքևից վերև, դեպի լիճ, խախտելով ֆիզիկայի օրենքները… Սերգեյ Խաչատրյանի պատմածը հաստատում է արշավախմբի անդամ, այժմ Արարատ գյուղի դպրոցի զինղեկ Արթուր Հովսեփյանը.
— Մենք խմբով իջնում էինք: Հարավային գագաթի ստորոտին տեսանք առու, որը հոսում էր դեպի Քարելիճ: Ջուր խմեցինք ու միանգամից վատացանք: Երբ 10 րոպե անց ուշքի եկանք, հանկարծ նկատեցինք, որ ջուրը, լցվելով փոսի մեջ, փոսից դուրս է գալիս և… հոսում ներքևից վերև` դեպի լիճ: Ստուգեցինք` չափումներ կատարեցինք դահուկների փայտերի, հարթաչափով կողմնացույցի, թեոդոլիտի և երկար գեոդեզիական փայտերի միջոցով: Եվ պարզվեց, որ 6 մետրանոց հատվածի վրա առուն բարձրանում է կես մետրից ավել` դեպի վեր: Ի դեպ, Արագած շատ վերելքներ եմ կատարել, և հաճախ է պատահել, որ կողմնացույցի սլաքը սխալ ուղղություն է ցույց տվել: Այդ պատճառով, եթե մառախուղ էր լինում, գերադասում էինք արագ իջնել, որպեսզի չմոլորվենք, քանզի կողմնացույցը հնարավորություն չէր տալիս ճիշտ կողմնորոշվելու:
Ստացվում է, որ Արագածը հզոր մագնիսական անոմալիա է: Եվ քանի որ ձյունն ու ջուրն այդտեղ մաքրամաքուր է, նշանակում է, որ առվի ջուրը չէր կարող պարունակել կողմնակի քիմիական նյութեր, թույներ կամ նման բաներ: Ջուրն իր տարօրինակ հատկությունը ստանում էր հզոր անհայտ էլեկտրամագնիսական կամ այլ դաշտերի ազդեցության տակ, և հենց այդ դաշտերն էլ ստիպում էին հոսել ներքևից վերև: Ու լեռնագնացները փաստորեն ստացել էին ուժեղ կենսաէներգետիկ թունավորում…
Հետաքրքիր է, էլ ի՞նչ հատկություններ ունի Քարելիճի մատույցներում գտնվող այդ մոգական առվի ջուրը: Արդյո՞ք դրա միջոցով հնարավոր չէ հիվանդություններ բուժել, մարդուն օժտել ինչ-ինչ արտասովոր ունակություններով: Հիշենք «Սասնա ծռերի» Կաթնաղբյուրը, որի ջուրը խմելուց հետո Սանասարը, Բաղդասարը, Մեծ ու Փոքր Մհերները, Դավիթը օժտվում էին դյուցազնական զորությամբ:
ԱՆՈՄԱԼ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇՈՒՐՋՊԱՐԻ» ԺԱՄԱՆԱԿ
Երբ 2005-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կազմակերպում էր շուրջպար Արագածի շուրջ, երևի թե չէր պատկերացնում դրա իրական նշանակությունը, թե ինչ է նշանակում Արագած լեռան բոլոր կենսաֆիզիկական դաշտերի և շուրջ 300 հազար պարողների փոխգործողությունը: Կամ էլ ԱԱԾ-ից տեղյակ մարդիկ նրան հուշել էին, որ դա կնշանակի հայ էթնոսի` Արագածում խտացած հազարամյակների կոլեկտիվ անգիտակցականի արթնացում: Չէ՞ որ պատահական չէ, որ Քարելիճի ափին գտնվող ֆիզիկոսների դիտակայանը իր ստեղծման պահից ի վեր ուներ և գաղտնի հետազոտությունների բաժին, որի տվյալները փոխանցվում էին պետանվտանգության մարմիններին…
Եվ այսպես, ի՞նչ էր տեղի ունեցել 2005-ի մայիսի 28-ին: Պարը սկսելուց 2-3 րոպե անց բոլոր մասնակիցները սկզբում չափազանց հոգնեցին այնպես, ինչպես կհոգնեին 15-20 րոպե անընդմեջ պարելիս, սակայ կարճ ժամանակ անց բոլորի ուժերը վերաթարմացան: Կարծես սկզբում պարողները Արագածն էին սնում էներգիայով, իսկ հետո Արագածից ստացան այդ էներգիայի բազմապատիկը: Ու, ի դեպ, պարի ընթացքում տեղի էր ունեցել այնպիսի երևույթ, ինչպիսին է պաշտամունքային առարկաների (թալիսմանների, խաչերի) գերտաքացումը: Ահա ինչ է պատմում շուրջպարի մասնակիցներից մեկը` Արման Ա-ն.
— Պարելու ընթացքում զգացի ջերմություն կրծքիս վրա: Երբ պարի ավարտից հետո ձեռքս տարի կրծքիս, ուր շապիկի վրայից կախված էր թալիսմանս` արևխաչը, մատներս վառվեցին, կարծես դիպած լինեի շիկացած մետաղի: Մետաղյա արևխաչն իրոք շիկացած էր, և այն վերնաշապիկիս վրա թողել էր այրված հետք, ինչպիսին գոյանում է գերտաքացած արդուկից: Եթե արևխաչս կախած լիներ ներսից, ապա հաստատ կրծքիս վրա այրվածք կլիներ: Ես նաև հարցուփորձ արեցի պարի ուրիշ մասնակիցներին, և պարզվեց զարմանալի բան` հայկական արևխաչ կամ եկեղեցական օրհնված խաչ կրողների մեջ կային կրծքի այրվածք ստացողներ: Սակայն այդպես էր միայն նրանց մոտ, ովքեր խորհրդանիշը կրում էին որպես սրբություն, այլ ոչ թե որպես զարդ:
Ահա այդպիսի զորավոր էներգետիկ դաշտեր է կրում Արագածը: Եթե դրանք ստիպում են ջրին հոսել դեպի վերև, այդ ջրին հաղորդում են տարօրինակ հատկություններ, շիկացնում են պաշտամունքի առարկաները, կողմնացույցի մագնիսական սլաքին ստիպում ցույց տալ սխալ ուղղություններ, ապա զարմանալի չէ, որ Արագածը հաճախ լինում է «այլմոլորակայինների» չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ-ների) այցելությունների և նույնիսկ վայրէջքների վարյր: Եվ այսպես…
«ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻ» ԱՅՑԵՐ
1975 թվական, հուլիս: Արագածի ստորոտում գտնվող խորհրդային զորամասում ծառայող շարքային Վլադիմիր Միշակովը և նրա հետ վերակարգում գտնվող երկու ծառայակիցները երկնքում նկատեցին սիգարաձև օբյեկտ` շուրջ 500-600 մետր երկարությամբ, որ կախված էր նրանց գլխավերևում: Օբյեկտը 30-40 վայրկյան կախված մնաց, լուսարձակելով դեղին և նարնջագույն լույս: Այնուհետ այն հեռացավ, զինվորները լսեցի երեք «կրակոց». Առաջինը խլացրեց նրանց, երրորդը գրեթե անլսելի էր: Պարզվեց, որ 20 րոպեով խափանվել էր զորամասի ռադիոկապը: Իսկ մի ժամ հետո զինվորները, անքնությունից դուրս գալով զորանոցից, գլխավերևում տեսան թույլ լուսարձակող պտտվող պարուրաձև սյուն: Այդ սյունը դանդաղ մարեց և տարրալուծվեց օդում:
Ի դեպ, Արագածի վրա Սերգեյ Խաչատրյանի արշավախումբը երկու անգամ տեսել է «այլմոլորակայինների»: Առաջին անգամ դա 1985-ի հուլիսի 1-ին էր: Սերգեյը ու ևս 5 լեռնագնացներ բարձրանում էին Արագած: Եղանակը բարենպաստ էր, և արշավախումբը որոշեց փոքր-ինչ հանգստանալ Հարավային և Արևմտյան գագաթների միջև գտնվող գոգավորությունում: Հանկարծ նկատեցին, որ շուրջ 300-400 մետր հեռավորության վրա էլի երկու հոգի կա: Սկսեցին գոռգոռալ, ձեռքերով շարժումներ անել, սակայն խորհրդավոր «ուղեկիցները» մնացին անշարժ: Լեռնագնացները սկսեցին «եկվորներին» զննել հեռադիտակով, և ինչ տեսնեն` երկու հսկաներ, 3-4 մետր հասակով, հագին ունեն վառ նարնջագույն սկաֆանդրներ կիսաթափանցիկ սաղավարտներով, ու նրանք շուրջ 10 րոպե անշարժ և լուռ հետևում էին լեռնագնացներին… Տղաներին անհասկանալի վախ համակեց, նրանք արագորեն հավաքեցին իրերը և իջան ներքև:
Երկրորդ դեպքի ականատես նույն Սերգեյ Խաչատրյանի խումբը եղավ 1986-ի հուլիսի վերջին: 10 հոգանոց խումբը բարձրանում էր Արագած: Նրանցից երկուսը առանձնացած մոտենում էին անցյալ տարվա խորհրդավոր վայրին, որպեսզի տեղադրեն վրաններ, կերակուր պատրաստեն և այլն: Իսկ հիմնական խումբը բարձրանում էր Հարավային գագաթ: Մութն ընկնելուն պես վերադարձան, որպեսզի գիշերեն վրանում, սակայն իրենց երկու ընկերները տեղում չէին: Որոնելով` կորած ընկերներին գտան բավականին հեռու, ժայռի վրա: Նրանք վախեցած պատմեցին, որ տեսան, թե ինչպես է մի «թռչող ափսե» վայրէջք կատարել Արևմտյան գագաթի մոտ: Հետո պարզվեց, որ վայրեջքի վայր էին ժամանել ինչպես մոտակայքում գտնվող զորամասի, այնպես էլ շրջանային КГБ-ի ներկայացուցիչները: «Ափսեն» չկար, սակալն վայրէջքի տեղում հողը 5-10 սանտիմետր նստվածք էր տվել:
Ի դեպ, և 1985-ին, և 1986-ին Արագածի Արևմտյան գագաթի մատույցներում «թռչող ափսեների» վայրեջքի ականատես էին նաև շրջակա գյուղերի հազարավոր բնակիչներ և Արայի լեռան ստորոտում գտնվող ամառանոցային ավանում հանգստացող հարյուրավոր հովեկներ:
Բայց պետք է նաև որոշ չափով «հիասթափեցնեմ» այլմոլորակայինների մասին պատմություններ սիրողներին: «Թռչող ափսեներն» իրականում ոչ թե «այլմոլորակայինների» տիեզերանավեր են, այլ ամերիկացիների, ռուսների, հետագայում` նաև չինացիների լրտեսական և դիվերսիոն թռչող սարքեր, որ նախատեսված են հատուկ առաքելությունների համար: Դրանց տեխնոլոգիան ունի առավել քան 60 տարվա պատմություն: Իսկ թե ովքեր և ինչպես են ստեղծել «թռչող ափսեները», թռիչքի ինչ սկզբունք է այդտեղ օգտագործվում, ինչ նպատակով են դրանք կիրառվում` այդ մասին հետագայում կներկայացնենք առանձին հետաքննություն:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մինչ ՀՀ բոլոր նորմալ քաղաքացիները զբաղված էին Ամանորյա հարբեցողությամբ, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու գործընթացում ծավալվեց անհասկանալի «մանրապճեղների» խրախճանք: Նրանցից 13 –ը փորձեցին դառնալ 2013 թվականի ընտրությունների մասնակից և լիովին օրինական հիմքով` ընտրարշավի անվան տակ հեռուստաէկրաններից անկոչ հյուրի պես խցկվել բոլորիս տները: Գարշելի քրեական և անբարոյական սերիալները, հեռուստաարյունը, հեռուստաանառակությունը և հեռուստալացը քիչ էին, հիմա էլ` սրանք…
Դեռ մինչև Ամանոր ԿԸՀ-ն դրանցից երկուսին խոտանեց` ՀՀ-ից վերջին 10 տարիներին բացակայելու թույլատրելի սահմանը խախտելու հիմքով: Դիմեցին դատարան, դատավորի ականջները լցնելով անասելի զառանցանքով, թե ՀՀ նախագահի, ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի հանձնարարությամբ արտերկրում գաղտնի հանձնարարություն էին կատարում, բայց բարեբախտաբար դատարանը բանի տեղ չդրեց այդ ամենը, ու այդ երկուսի ծամածռություններից պրծանք: Մնացին 11-ը, որոնցից 7-ի համար 8 միլիոն դրամ դնող չգտնվեց, և նրանց` «օգտագործիր ինձ» անզոր աղաղակը մնաց ձայն բարբառո հանապատի: 4-ին ճանաչեցին պիտանացու, որպեսզի շուրջ 20 հազարական դոլարներ, չհաշված բուկլետների, տեսահոլովակների և այլնի փողը, ծախսվի նրանց վրա` Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը, էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանը և «կրկին փորձիր» Արամ Հարությունյանը:
Ռեալ քաղաքական թեկնածուները նույնպես չորսն են` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայ ազգային կոնգրեսից առանձնացած «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը: Դե պարզից էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանն այս ֆոնի վրա անմրցելի է, իսկ երկրորդ տեղի ու միաժամանակ ԱՄՆ-ի ֆավորիտի կարգավիճակի համար մրցակցում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը: Եվ, ի դեպ, ահավոր չսխալվող Ահարոն Ադիբեկյանն արդեն հայտարարել է ապագա տոկոսները. 72 տոկոս` Սերժ Սարգսյան, 20 տոկոս` Րաֆֆի Հովհաննիսյան, մնացյալ 8 տոկոսը կբաժանվի Բագրատյանի, Հայրիկյանի և 4 «մանրապճեղների» միջև: Իսկ լուրջ քաղաքական ֆիգուրներից և ուժերից մասնակցելուց ձեռնպահ մնացին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Տեր-Պետրոսյանն ըստ էության գնաց քաղաքական թոշակի` կործանման դատապարտելով ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն տազ արած սպասում է, թե երբ և որտեղից կփչեն կողմնորոշիչ քամիները, ԲՀԿ-ն կբաժանվի գործարար-կարիերիստական քաղաքական-կիսահեղափոխական թևերի, իսկ Ռոբերտ Քոչարյանը լրջորեն պատրաստվում է 2017-2018 թվականների ընտրություններին:
ՀՀ երկրորդ նախագահի թիմը այդ նախապատրաստման համար առայժմ ընտրել է բոլորի տոտալ ամենօրյա վարկաբեկման մարտավարությունը: Մի կողմից, զբաղված են գործող հրապարակային ուժերին և գործիչներին «փչացնելով», մյուս կողմից Ռոբերտ Սեդրակիչը «գույքագրում» է իր բոլոր տեսակի ռեսուրսները, որպեսզի ստեղծի մարտունակ կուսակցություն կամ քաղաքական ալյանս: Եվ նրա մարտավարությունը պարզորոշ երևում է նրա ոչ պաշտոնական կայքի վերջին` հունվարի 8-ի հրապարակումից: Մասնավորապես. «Այսօր Հայաստանի քաղաքական, լրատվական և քաղաքացիական դաշտը վեր է ածվել կարմիր լապտերների փողոցի:
Փետրվարի 18-ից այն կարող է փակվել, ենթարկվել ձևափոխման, բայց դրանից այն ահռելի վնասը, որը հասցվել է մեր հասարակությանն ու պետությանը չի վերանալու կամ մեղմվելու:
Մեզ համար կարևոր խնդիր է անուն առ անուն, դետալ առ դետալ, բացել կեղտոտ առուծախի մանրամասները. Սա է միակ առողջացման ճանապարհը…
…Ուղղակի սահմռկեցուցիչ է մարդկանց, գործիչների այն քանակը, ովքեր մտան կեղտոտ խաղի մեջ, ովքեր թվում էր, թե պետք է կարողանային զերծ մնալ կեղտոտվելուց, ովքեր, ի դեպ, կյանքի տարբեր փուլերում կարողացել էին զերծ մնալ, բայց հիմա չկարողացան:
Ի դեպ, կեղտոտելու, այլասերելու մեքենան ամեն նոր զոհի խժռելուց հետո հրճվում էր: Ամեն նոր զոհը նրա վառելիքն էր` գոյատևելու և անխափանության պայմանը: Դիմադրության հատուկենտ օջախները այդ մեքենայի ամենակարողության լեգենդը ջարդում էր:
Վերջին մի քանի տարում, օրինակ, ամեն փորձ արվեց այս խաղի մեջ ներքաշելու երկրորդ նախագահ` Ռ. Քոչարյանին: ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ակնհայտ օբյեկտիվ փոխհարաբերությունները փորձում էին խափանել Քոչարյանի գործոնով, տնտեսական ակնհայտ տապալումները փորձում էին պայմանավորել Քոչարյանի գործոնով, Ղարաբաղյան հարցում ակնհայտ փակուղին` նույնպես փորձում էին արդարացնել Քոչարյանի գործոնով: Ցանկացած ձախողման հիմքում փորձում էին դնել երկրորդ նախագահի անունը: Չստացվեց: Ռ. Քոչարյանը ընդգծված հետ քաշվեց, իր գործոնով չխոչընդոտելով քաղաքական պրոցեսներին, տնտեսական բարեփոխումներին, հայ-թուրքական սահմանի բացմանը, արտագաղթի նվազեցմանը, ներդրումների մեծացմանը և այլն: Արդյունքում Ռ.Քոչարյանը ստացավ եզակի կարգավիճակ` նա միակն է, ով մասնակցություն չի ունեցել վերջին հնգամյա պատմությանը»:
Այսինքն` փորձ է արվում ներկայացնել այնպես, թե բոլորն անխտիր քաղաքական պոռնիկներ են, և միայն Ռոբերտ Քոչարյանն է սպիտակ հանդերձներով, սպիտակ ձիու վրա և հրեշտակի թևերով: Բայց ճշմարտության հատիկ էլ այդտեղ կա, և իրոք քաղաքական թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի և այլոց վարքագծում առկա են առկա են Բաղրամյան-26-ի քաղաքական թրաֆիքինգի կամովի օբյեկտների տարրեր: Սակայն «կարմիր լապտերների փողոցի» իսկական ապրանք են թերևս չորս մանրապճեղ թեկնածուները:
Թեև նրանք չորսով միասին իրար մեջ կկիսեն քվեների մեկ տոկոսը կավ ավելի քիչը, սակայն նրանց քաղաքական կլոունադան ամենևին էլ անշառ զբաղմունք չէ: Այն ուղղված է շատ կոնկրետ ստվերային շահերի սպասարկմանը, և տիկնիկավարների համար քոսոտ $20.000+ չափսով ծախսերը միանգամայն արդյունավետ ներդրում են բիզնեսի ամենաեկամտաբեր ճյուղում` քաղաքականությունում: Ոչ ոք «իր կայֆի համար» իր գրպանից այդքան գումար չի ներդնում ու, օրինակ, մեջներից ամենաանշառները` որոշ մասնավոր բուհերի սեփականատերերը, դրանով գովազդ էին ապահովում իրենց բուհերի համար: Իսկ, օրինակ ընտրությունից-ընտրություն առաջադրվող և մշտապես 1 տոկոսից քիչ հավաքող Արման Մելիքյանի և Արամ Հարությունյանի անձնական բարեկեցությունը, մեղմ ասած, դրանից չի տուժում, մեկ էլ տեսնում ես, որ արանքում նոր ավտոմեքենաներ և «օբյեկտներ» են ծլում:
Այսինքն հիմքեր կան ենթադրելու, որ քաղաքական ծաղրածուի աշխատանքը լավ էլ վարձատրվող է: Ըստ ամենայնի, Արամ Հարությունյանը բոլոր իշխանություններին օգնում է լուծել թեկնածուների գլխաքանակի և բազմազանության խնդիրը, իսկ Արման Մելիքյանը թերևս Արևմուտքի համար ունի նույն ֆունկցիան, ինչ Վարդան Օսկանյանն իր «Սիվիլիթասով», պարզապես նրա մասշտաբը սահմանափակվում է Արցախով, նրան պահում են ջրի երես մինչ այն պահը, երբ հարմար կլինի ամերիկյան երկար քիթը խոթել Ստեփանակերտ…
Սակայն անդրադառնանք «նորերին»: Անդրեաս Ղուկասյանը առաջարկում է բոլորով միասին ինքնաբացարկ հայտնել, իսկ դրանից հրաժարվողների ճակատին միանգամից դնել «Սերժ Սարգսյանի դրածոյի» խարանը, այսինքն` օբյեկտիվորեն սպասարկում է Քոչարյանի ճամբարի քարոզչական նպատակները: Իսկական «կարմիրլապտերային» գործառույթ: Իսկ «էպոսագետ» Վարդան Սեդրակյանը, պարզվում է, «самозванец» էպոսագետ է, իրականում ճարտարապետ-շինարար է: 2007-ին լինելով պատգամավորի թեկնածու` բուկլետ տպելու փող չուներ, իսկ հիմա հանկարծ հարստացավ, կառուցում է 3 առանձնատուն, նոր ավտոմեքենաների տեր դարձավ: Կարելի է ենթադրել, որ մեր ինքնության կոդի բաղկացուցիչ մաս կազմող «Սասնա ծռեր» էպոսի արժեզրկման համար լավ գին տվող կա… Եվ ուշագրավ է վարչապետի խորհրդական Միհրան Հակոբյանի դիտարկումը. «”Սասնա ծռերը” մեր ինքնության կարևորագույն մասն է: Էպոսը քաղաքական նկատառումներով շահարկելու անհաջող փորձերն ու էպոսագիտությունը խեղկատակության հետ կանխամտածված շփոթությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային անվտանգության խնդիր… Փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունները կանցնեն-կգնան, կմոռացվեն, բայց երկար ժամանակ “էպոս” բառը կնույնականացվի ծաղրածուի կերպարի հետ…»:
Չէ, ինչքան զզվելի են այդ մանրիկ խաղերը: Եվ ինչքան շատ են նրանք, ովքեր «Մերսեդես» ավտոմեքենայի կամ այլ գույքի դիմաց պատրաստ են լումա ներդնել պետականության և ազգի հիմքերը խարխլելու զազրելի գործում… Հենց այդիսինների բնութագրման համար է ռուսական նորագույն ասացվածքը` «Один раз-не педераст»:
Երևի թե ժամանակն է հարևան Իրանի օրինակով մտցնել թեկնածուների գրանցման մերժման ինստիտուտը ազգային անվտանգության նկատառումների հիման վրա: Ջհանդամի, թե մեզ չեն համարի հետամնաց ավտորիտար և հակաժողովրդավարական պետություն` ազգն ու հայրենիքը ավելի կարևոր են, քան ինչ-որ կիսագոմիկ եվրոպացու կամ ամերիկացու դրական կարծիքը:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.