23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վաղն Ապրիլի 24-ն է: Մենք բոլորս արդարացիորեն դատապարտելու ենք բռնությունն ու ահաբեկչությունը, մարդու դեմ ուղված ոճիրն ու հանցագործությունը, խոսելու ենք մարդկային որակից զրկված գազանի մասին, որի արյունարբու հայացքից չեն խուսափում անգամ օգնություն աղերսող մայրն ու անօգնական երեխան: Խոսելու եք այդ ամենի մասին՝ բացառապես «խեղճ ու բարի հայի» և «սրիկա ու մարդասպան թուրքի» համատեքստում:
Ահաբեկչությունն ու բռնությունը, սակայն, իմ համեստ կարծիքով, ազգային կամ էթնիկ պատկանելիություն չունեն:
Թվում էր՝ 1915 թվական տեսած ժողովուրդը պետք է քաղաքակրթական մշակույթ ձևավորեր՝ բռնության և ահաբեկչության դեմ: Օրինակ, հետպատերազմյան Գերմանիայում մերժողականության այդպիսի մշակույթ ձևավորվեց ֆաշիզմի հանդեպ:
Ավաղ, մենք հեռու ենք այդ իրականությունից: Մենք, կամ՝ մեր էլիտա կոչվածը, կրողն ենք մի «մշակույթի», որի միջոցով ցեղասպանվել են մեր հազարավոր հայրենակիցները:
Մեծ ու փոքր ոճիր չի լինում:
Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն, իրենց վարքով և արժեհամակարգով, հանցագործներ են՝ Գյումրիում իրար հոշոտող երկու անհաշտ կլանների «խորհրդանիշներ»:
Եվ բնավ կապ չունի, որ մեկի հանցագործ էությունը քողարկվում է «Հանրապետական», մյուսինը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցական պիտակներով: Ահա, թե ինչումն է ՀՀԿ-ԲՀԿ չգրված, թղթի վրա չամրագրված կոալիցիայի էությունը, ես կասեի՝գենետիկ ընդհանրությունը. նրանց միավորում է կրիմինալը:
Նույնիսկ՝ շատ ավելի վատ, որովհետև իշխանության կուսակցությունը տարիներ շարունակ Հայաստանի երկրորդ քաղաքում հենվել է «աստվածավախ» մի թափթփուկի վրա, ԲՀԿ-ի այսօրվա «այլընտրանքային» հենարանն էլ նույն որակն է՝ տարիներ առաջ սպանված քրեական հեղինակություն «Ավտոկայանի Սերոժի» կլանի արժանի հետևորդը:
Գյումրիում այսօր օրը ցերեկով կրակոցներ են հնչել: Հանցագործների մի խումբը, տվյալ դեպքում՝ Վարդանիկի մարդիկ, կրակել են հանցագործների մյուս խմբի, տվյալ դեպքում՝ Մարտունիկ Գրիգորյանի մարդկանց վրա: Շեկո անունով հեղինակությունը մահացել է: Այս դեպքում, բարեբախտաբար, պատահական, անմեղ մարդ չի տուժել:
Թաղային խուժանը ռազբորկա է արել օրը ցերեկով, իսկ դա նշանակում է, որ Գյումրիում հանրապետության իշխանությունն ու օրենքը չեն գործում:
Քաղաքային ինքնատիպ մշակույթ, կոլորիտ և ավանդույթներ ունեցող Գյումրին մնաց 88-ի երկրաշարժի փլատակների տակ…
…Նոր Գյումրին էլ մայրաքաղաք է, սակայն՝ կրիմինալ Հայաստանի, որը զավթում է Մեր Հայաստանի տարածքը՝ մարդու, նրա կյանքի, արժանապատվության հաշվին…
Սուրեն Սուրենյանց
ԱՄՆ Պետդեպարտամենտը հարապարակել է մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:
Գնահատականները, որոնք տրվել են, խիստ քննադատական են: Ամերիկացիների կարծիքով` հայկական իրականությունը հեռու է մխիթարական լինելուց, նախորդ տարվա ընտրություններն ամենևին էլ օրինական և ժողովրդավարական չեն եղել:
Այս զեկույցն ուղղակի պատասխան է մեր իշխանության ամպագորգոռ պնդումներին, թե Հայասատանում իրականացվում են լուրջ բարեփոխումներ կամ որ` 2012-2013թթ-ի ընտրությունները լավագույնն էին մեր երկրի քսանամյա կենսագրության մեջ:
Այդ ընտրությունները գուցե լավագույնն էին, սակայն ոչ թե քաղաքական համակարգի կայացման տեսանկյունից, այլ` կոնկրետ կուսակցության, որն, ըստ էության, ռեստավրացրել է կառավարման խորհրդային մեթոդը:
Ամերիկացիները գնահատական չեն տվել 2013թ-ի նախագահական ընտրություններին, դա կանեն հաջորդ տարի: Բայց բոլորս գիտենք, որ այդ ընտրություններն որակապես լավը չէին խորհրդարանականից, ու վստահաբար` մյուս տարի Վաշինգտոնն արձանագրելու է, որ նախագահական ընտրություններում նույնպես վճռորոշ դեր են ունեցել վարչական ռեսուրսն ու ընտրակաշառքը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիններից էր, որ նախագահական ընտրություններից հետո շնորհավորեց Սերժ Սարգսյանին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն օր ու մեջ խոսում է Հայաստանում արևմտյան ներդրումների մեծացման անհրաժեշտության մասին: Ընթերցողին կարող է տարակուսելի թվալ, որ այս համատեքստում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նման խիստ գնահատականներ է տալիս հայաստանյան իրականությանը:
Ես որևէ զարմանլի բան չեմ տեսնում, ոչ էլ` այս զեկույցի հետում ինչ-որ թաքնված շահեր եմ նկատում:
Խորհրդարանական և հատկապես նախագահական ընտրություններում` Սարգսյանը ստացավ արևմտյան շրջանակների լոյալությունը, որովհետև բարեփոխումների որոշակի տեսլական էր ներկայացրել ու քարտ-բլանշ ստացավ: Բացի այդ, այդ ընտրություններում բացակայում էր իրական այլընտրանքի գործոնը. հատկապես արտաքին աշխարհն հայաստանցիների ընտրությունը դիտարկում էր «վատի և ավելի վատի» շրջանակում:
Հիմա իշխանության ներկայացուցիչները, մեկը մյուսին ձայն տալով, կասեն, որ ամերիկացիների գնահատականների հիմքում` նրանց աշխարհաքաղաքական շահերն են:
Գուցե այդ շահերն իսկապես կան, բայց բոլորս գիտեք, որ Վաշինգտոնի հայացքը հայաստանյան անցուդարձին` շատ մոտ է իրականությանը, այն գաղջ իրականությանը, որում բոլորս ապրում ենք:
Կակա ասելով` բերանը չի քաղցրանում:
Իշխանությունը լավ կանի չհպարտանա անցած «իդելական» ընտրություններով, այլ գոնե մեկ անգամ օրինական ընտրություններ կազմակերպի, այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները կճանաչեն դրա բոլոր մասնակիցները, հասարակությունը:
Բարեփոխումների մասին իշխանության շեփորահարումներն ոչինչ չարժեն, եթե մարդու կյանքի որակը մնում է նույնը: Դրա համար` իշխանությունը լավ կանի` ոչ թե խոստումներ շռայլի դրսի կենտրոններին, այլ` իրապես մտածի երկրի գլխավոր արժեքի` մարդու մասին:
Սուրեն Սուրենյանց
Հետընտրական Հայաստանում, ուրբաթը մի տեսակ դարձել է կարևոր իրադարձությունների օր. երեկվա օրը բացառություն չէր:
Նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց, ավելի ճիշտ՝ վերանշանակեց՝ հաստատուն փակելով փետրվարի 18-ի և նախագահական ընտրությունների թեման:
Րաֆֆի Հովհաննսիյանն էլ փորձում է իր քաղաքական դիվիդենտն առարկայացնել, միս ու արյուն տալ փետրվարի 18-ի իր հաջողությանը:
Սարգսյանի ինքնահաստատումը
Գաղնիք չէ, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունից շատերն են դժգոհ՝ հասարակության մեծ մասը, խորհրդարանի առնվազն չորս խմբակցություն:
ՕԵԿ-ը՝ թեև չի հակադրվում նրա նշանակմանը, բայց մի բարի խոսք էլ չենք լսել Արթուր Բաղդասարյանի ու նրա շրջապատի բերանից:
Հանրապետականները, բնականաբար, չեն կարող հակադրվել իրենց շեֆի որոշմանը, սակայն նրանց մի մասը պատերի տակ փնփնթում է, բամբասում է գործող վարչապետից: Նույնիսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով մանկուց երազել է, բայց համառորեն չի հասնում վարչապետական բարձունքին, «անձնական գործ» մոգոնեց, որ Տիգրան Սարգսյանի վերանշանակման օրը Հայաստանում չլինի:
Բայց Սերժ Սարգսյանը պահպանեց սահմանադրական բոլոր պրոցեդուրաները. վարչապետի նշանակման հարցով նախ խորհրդակցեց սեփական կուսակցության, հետո՝ նաև՝ մյուս խմբակցությունների հետ:
Հիմա կասեք՝ ինչի՞ համար էր այդ ձևականությունը, եթե գառան հեզություն ունեցող խորհրդարանական մեծամասնությունն արդեն տվել էր իրեն պարտադրված դաբրոն:
Պետք էր: Սարգսյանն ուզում էր լսել մյուսների «ոչ»-ը, հատկապես՝ ԲՀԿ-ինը, բայց իրենն աներ: Մյուսներին, հատկապես՝ ԲՀԿ-ին, ցույց տալու համար, որ բացառապես ինքն է իրավիճակի տերն այս երկրում: Որպեսզի հենց իր կաբինետում Ծառուկյանին հասկացներ, որ ԲՀԿ-ին կոալիցիայում չեն էլ սպասում ու առավելագույնը, որ սպասում են այս կուսակցությունից՝ վերահսկելի ընդդիմության կարգավիճակն է: Ասել է թե՝ դուք վերահսկեք ընդդիմադիր դաշտը, կստանաք լոյալություն իշխանության կողմից:
Կընդո՞ւնի խաղի այս կանոնը ԲՀԿ-ն, թե՞ ոչ: Ցույց կտա ժամանակը:
ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հանդիպման չեն գնացել, որպեսզի հետո ասեն, թե չեն ընդունում նախագահին, հետևաբար՝ նրա նշանակումների լեգիտիմությունը: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, որի կրողն, ի դեպ, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն է՝ ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներն ակամայից խոստովանում են, թե իրենց պոտենցիալ դաշնակիցներ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն լեգիտիմացրել են նախագահին:
Այսպիսով, նախագահ Սերժ Սարգսյանը, ի հեճուկս բոլորի, վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին՝ ի ցույց դնելով իր բացարձակ իշխանության հանգամանքը:
ԲՀԿ-ն հայտնվել է իշխանություն-ընդդիմություն խաչմերուկում և կոնկրետ ճանապարհի ընտրության խնդիր ունի. ճանապարհի ընտրություն նրան պարտադրում են՝ Լևոնն՝ իր բուրժուադեմոկրատական հեղափոխությամբ, Սերժը՝ «խաղեր չտալու» իր պահանջով: Եթե Ծառուկյանը ճկուն գտնվի, այս խաղից կարող է անգամ շահել, հակառակ պարագայում՝ կուսակցություն կորցնելու հեռանկարն իրական կլինի:
ՀԱԿ-ին, այս պարագայում, այլ բան չի մնում, քան՝ հանրության տրանադրություննների արմատականացմանը նպաստելն ու իր հնարավոր դաշնակիցներին խաղի կանոն թելադրելը: Վախենամ՝ Տեր-Պետրոսյանի թիմի ռեսուրսները չհերիքեն:
ՀՅԴ-ն էլ՝ իր ծերունական տարիքին հանգույն, ծանր մտմտում է, թե ումի՞ց ավելի շատ կշահի՝ կամակոր Րաֆֆիի՞ց, իրեն արդեն մեկ անգամ «փակած» Լևոնի՞ց, թե՞ տպավորիչ դրամապանակ ունեցող Ծառուկայնից:
Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրն էլ հեշտ չէ. առջևոմ քննություններ են, ու նա պետք է ապացուցի, որ դարձյալ գերազանցիկ է: Այլապես՝ վերջին երկու ամսվա առաջնորդության քաղցրությունը կարող է փոխակերպվել անհաջողակի երկարաժամկետ դառնության:
Րաֆֆի միակ առարկայական, սակայն ուշացած քայլը
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախընտրական և հետընտրական ողջ գործընթացում առաջին անգամ, առարկայական քայլ կատարեց. հռչակեց «Նոր Հայաստան» շարժումը, որը պետք է կառույցներ ունենա հանրապետությունով մեկ, բազմահարթակ և տևական պայքարի ռեսուրսով օժտված լինի: Ծննդյան արարողությանը քաղաքական ուժերից ներկա էին Րաֆֆուն շրջապատող փոքր կուսակցությունների առաջնորդներն ու Դաշնակցությունից՝ Արմեն Ռուստամյանը: Ւհարկե, այդ ներկայությունն ավտոմատ չբերեց նրան, որ ՀՅԴ-ն՝ քավորի կարգավիճակով, «օրհնի» «մանկան ծնունդը:
Րաֆֆին գնում է նույն ճանապարհով, կազմակերպչական առումով, որով 88-90թթ-ին գնացել է «Ղարաբաղ» կոմիտեն:
Սակայն նույնը կրկնել հնարավոր չէ. ժամանակն ու հանգամանքներն են էապես տարբեր:
Հովհաննիսյանի շարժման թափն էապես թուլացել է, այս առումով՝ նրա առաջարկը փոքր-ինչ ուշացել է, այն գուցե տեղին էր հնչեցնել հենց ապրիլի 9-ին:
Երկրոդ, ղարաբաղյան շարժման տարիներին կար կառուցվածքայնացված հասարակություն, աշխատող ձեռնարկություններ, մինի միջավայրեր, որտեղ հարաբերվում էին մարդիկ, արդ՝ հեշտ էր կոմիտեների, տարբեր նախաձեռնությունների ստեղծումը: Հիմա այլ է իրավիճակը. հասարակությունը չունի հստակ սոցիալական կառուցվածք արժեհամարգ, չկան այն հարթակները, որ ապահովում են մարդկանց համար ընդհանուր խաղի կանոնները:
Մի խոսքով՝ առայժմ տեսանելի չէ, թե ինչպես կծավալվի Րաֆֆու շարժումը և կարո՞ղ է այն որակական փոփոխություններ բերել երկրում:
«Ժառանգության» առաջնորդի շարժումը, սակայն մի պրակտիկ խնդիր գոնե պետք է կարողանա լուծել՝ դա ընդդիմության դաշտում առաջատարի կարգավիճակը պահելն է: Այդ կարգավիճակի դեմ պայքարելու են գրեթե բոլորը. Սերժ Սարգսայնը պետք է ցույց տա, որ նախագահական ընտրություններում իր երեկվա մրցակիցը «փուչիկ» է՝ նախատեսված մեկ միջոցառման համար, ԲՀԿ-ն խնդիր ունի ապացուցելու, որ 500 միլիոնն իր ձայններն են, Լևոնն էլ՝ որ էս երկրում միակ արմատական ընդդիմությունն ինքն է:
Հովհաննիսյանն՝ ընդդիմության առաջնորդի իր կարգավիճակը կարող է վերահաստատել միայն Երևանի ավագանու ընտրություններում հաջողության հասնելու դեպքում, գոնե՝ ընդդիմադիրներից առաջինը լինելու պարագայում:
Եթե այդպես է՝ տարօրինակ է թվում Րաֆֆու որոշումը. ընտրարաշավի թեժ պահին նետվել մարզեր ու իր «քաղաքապետ» Արմեն Մարտիրոսյանին թողնել բախտի քմահաճույքին:
Մարզային աժիոտաժը չի կարող ազդել Երևանի վրա, մայրաքաղաքն է ձևավորում երկրի քաղաքական օրակարգը:
Այս պարզ ճշմարտությունը Րաֆֆին չի ընկալել: Անկեղծորեն չեմ ուզենա, որ մայիսի 6-ին էլ նա հայտարարի, որ իշխանությունն ապօրինաբար նոր ընդդիմություն է նշանակել, իսկ մայիսի 7-ին Ազատության հրապարակում կազմակերպի «իրական ընդիմության» ինագուրացիա…
Սուրեն Սուրենյանց
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սովորություն ունի կարևոր իրադարձություններից առաջ՝ բացակայել երկրից:
Այս անգամ էլ նա, իր հաշվին, արձակուրդ է վերցրել և մինչև ապրիլի 19-ը բացակայելու է հանրապետությունից, պաշտոնական ձևակերպմամբ՝ անձնական գործերով:
Պաշտոնական ձևակերպմանը, սակայն, նույնիսկ տասներորդ դասարանցին չի հավատա, մանավանդ որ՝ «անձնական գործը» մեջտեղ եկավ երկու կարևորագույն իրադարձություններից առաջ՝ նոր վարչապետի նշանակում և կառավարության ձևավորում, Երևանի ավագանու ընտրություններ:
Տվյալ պարագայում՝ «անձնական գործ» ասվածը կարող է վերաբերել խորհրդարանի խոսնակի քաղաքական կարգավիճակին կամ այն դերակատարությանը, որ նա ունի իշխանության համակարգում:
Զուտ ֆորմալ առումով՝ Աբրահամյանն երկրի խորհրդարանի ղեկավարն է, պետության երկրորդ պաշտոնյան: Սակայն նրա ոչ պաշտոնական կամ չգրված «պաշտոններն» ավելի շատ են. նա Գագիկ Ծառուկյանի խնամին է, ում կուսակցությունն այս օրերին ակտիվորեն «մարտնչում» է ՀՀԿ մենաշնորհի դեմ և, ըստ որոշ չարախոսների՝ ֆինանսավորել է Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցության էլիտար համագումարը: Խորհրդարանի խոսնակը նաև մարդ է, ով ապահովում է իշխանություն-քրեաօլիգարխիկ համակարգ կապը: Ի դեպ, «կապավորի» այս ֆունկցիան էլ նա հմտորեն օգտագործում է՝ իշխանության թիմում իր դիրքն ամրապնդելու համար:
Բայց ժամանակները փոխվել են, ոմանց արժեքը բարձրացել է, մյուսներինն ՝ընկել: Նաև դերերն են փոխվել:
Գուցե պարոն Աբրահամյանը Դուբայ է գնացել. այնտեղ է հավաքվում մեր օլիգարխիկ ծաղկաբույլը, երբ նրան ասելու բան են ունենում, կամ,երբ նրանք են ասելու բան ունենում:
Ուստի չզարմանաք, եթե լսեք, որ այս օրերին պատահաբար Դուբայում են եղել նաև հայ օլիգարխները, ովքեր նույնքան պատահաբար այնտեղ հանդիպել են մեր պետության երկրորդ դեմքին: Նույնքան պատահաբար նրանք մի կտոր հաց են կիսել, իրար ջան ասել ու լսել, ձեռի հետ էլ մեր տառապած հայրենիքի հոգսերով են տապակվել:
Ինձ այլ բան է հետաքրքրում. «պատահական» այդ հանդիպման ժամանակ՝ Աբրահամյանն ասելո՞ւ է, թե՞ լսելու է, սուրհանդա՞կ է, թե՞ կապավոր:
Այս հարցի պատասխանից ահագին բան է փոխվելու:
Եթե ասելու է, ուրեմն՝ օլիգարխներին խորհուրդ է տալու իրենց կայֆերի մի մասը թողել Դուբայի պլյաժներում ու սաունաներում: Համ էլ, այդ դեպքում, մի տեսակ, նրա կարգավիճակն է փոխվում. նա կապավորից վերածվում է շեֆի կողմից գործուղված սուրհանդակի, որը չհասկացողների համար բարձրաձայն պետք է ընթերցի Նազարյան Ներսոյին աշխատանքից հեռացնելու պաշտոնական մոտիվացիան, պատճառը:
Եթե գնացել է լսելու, ինքն է հաղթաթուղթով գալու Երևան, բա թե՝ նախագահ ջան, էն մեր փողատեր տղերքը Լևոնի խելքին են ընկել ու բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ծրագիր են մշակում: Դե նախագահն էլ մի բան կզիջի մեր բուրժուաներին, «կապավորի» պաշտոնն էլ կշարունակի վստահել դավադրություն բացահայտած, խիստ հոգատար խոսնակին:
Մնում է խորհրդարանի նախագահը շատ չուշանա: Մեկ էլ տեսար՝ նախագահին այլևս Դուբայից խաբարները չհետաքրքրեն: Սերժն էլ է մարդ, կարող է չէ՞, ազդվել վերանշանակված վարչապետի բոցաշունչ հակաօլիգարխիկ ելույթից…
Սուրեն Սուրենյանց
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել, թե մոտ ապագայում Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնելու է մարզային հերթական շրջայցը:
Թվում է՝ անմեղ, ոչինչ չասող լուր է, ավելին՝ ասվածը տեղավորվում է Հովհաննիսյանի մարտավարության մեջ: Ասել է թե՝ Րաֆֆու կողմնակիցներն ապրիլի 19-ին հավաք են անում մայրաքաղաքում և դրա ուղերձը «Բարևի հեղափոխության» առաջնորդը տանում է մարզեր:
Այս ամենը գուցե տրամաբանական լիներ, եթե հենց այս օրերին երկրի ամբողջ քաղաքական էլիտան ներքաշված չլիներ մի գործընթացի մեջ, որը բառիս բուն իմաստով կապված է Երևանի հետ՝ թե աշխարհագրորեն, թե քաղաքական իմաստով: Խոսքը քաղաքապետական ընտրությունների մասին է:
Մնացած կուսակցություններն այս օրերին զբաղված են իրենց մարզային ակտիվների ինվետարիզացիայով՝ նաև այդ ներուժը մայրաքաղաքում օգտագործելու համար, Րաֆֆին զբաղված է մայրաքաղաքից քաղաքական և մարդկային ռեսուրսի արտահանմամբ:
Ինչքան ուզում եմ կողմնակալությունս, սուբյեկտիվությունս մի կողմ դնել և հասկանալ «Ժառանգության» ղեկավարի այս մարտավարությունը ՝ չի ստացվում:
Նույն կերպ չհասկացա, թե ինչո՞ւ Րաֆֆին մարդկանց թողեց Բաղրամյան փողոցի վրա՝ ոստիկանության ուժի դեմ անպաշտպան, և գնաց Ծիծեռնակաբերդ՝ մոմ վառելու և աղոթելու: Միայն Րաֆֆին կարող է բացատրել ապրիլի 9-ի և Ծիծեռնակաբերդի կապը:
Չհասկացված մնաց նաև Հովհաննիսյանի մոսկովյան այցը: 24 ժամը բավարար չէ անգամ Մոսկվա գնալ՝ հետ գալու համար, էլ ուր մնաց՝ լուրջ հանդիպումների մասին խոսակցությունները:
Որոշ իմ ընկերներ Րաֆֆուն չէին հասկացել ավելի վաղ՝ 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ. նրանք տարակուսած հարցնում էին՝ ինչպե՞ս կարող էր այդ մարդը, հանուն անհասկանալի մի դաշինքի, զոհաբերել իր ամենաակտիվ պատգամավորներին, հետո նաև՝ իր մանդատը՝ հանուն Սերժի փեսա Միշիկի ընկերոջ:
Բայց արի ու տես, որ մարդկանց մի ստվար զանգված Րաֆֆուն համակրում է, նրան ծափահարում են, նույնիսկ՝ նախագահ կոչում:
Թերևս, Հովհաննիսյանի տրամաբանությունը՝ հենց տրամաբանության բացակայությունն է. մի բան, որը դուր է գալիս արժեքային համակարգից զուրկ մեր հասարակությանը:
Ականջդ կանչի, Վանո: 88-ի Շարժման վերելքի տարիներին, նա մի առիթով ասել էր, թե՝ «Մեր ուժը մեր բառադիության մեջ է»:
Գուցե Րաֆֆին Վանոյի հետքերով է գնում, բայց դրա համար Վանոյի ոգեղեն տեսակի կրողը պետք է լինես: Ավաղ, այս նախադասության վրա էլ ընդհանրություն անելը կամ համեմատելը՝ մեղավոր զբաղմունք է դառնում…
Սուրեն Սուրենյանց
Երևանի քաղաքապետի ընտրություններն, իսկապես, առանցքային քաղաքական նշանակություն ունեն: Դրանց արդյունքում ոչ միայն քաղաքային նոր իշխանություն է ձևավորվելու, այլ նաև տեսանելի է դառնալու քաղաքական այն ուժը, առնվազն՝ այն առանցքը, որը դոմինանտ է լինելու ընդդիմադիր դաշտում և լուրջ հայտ է ներկայացնելու 2017-2018թթ-ի համապետական ընտրություններում: Այս առումով Երևանի ավագանու ընտրությունների նշանակությունն, իսկապես, բացառիկ է, մանավանդ որ՝ դրանց մասնակցում են երկրի բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը:
Ոչ իշխանական դաշտում այս պահին գործում են քաղաքական չորս կարևոր դերակատարներ՝ ԲՀԿ-ն (մեծ վերապահումով արձանագրենք, որ այս կուսակցությունն ընդդիմադիր է), «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն:
Ավելի քան կեսմիլիոնանոց բողոքական ընտրազանգվածի համար մղվող պայքարում այս պահին նախընտրելի են համարվում Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի և Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման շուրջ ստեղծված «Բարև Երևան» դաշինքի հնարավորությունները: Խորհրդարանական վերջին ընտրություններում 500.000-ից ավելի քվե ստացավ և Ազգային ժողովում թվաքանակով երկրորդ խմբակցությունը ձևավորեց ԲՀԿ-ն: Արդեն այս տարվա սկզբին՝ նախագահական ընտրություններում, առանց ԲՀԿ մասնակցության, գրեթե նույնքան քվե ստացավ ու ընդդիմության առաջնորդությունը ստանձնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի շրջապատում ասում են, որ, նույնիսկ պաշտոնական թվերով, հենց իրենց ղեկավարն է ընդդիմության լիդերը: Րաֆֆուն չսիրողները պնդում են, որ նա ընդամենն իրենով է արել մյուս՝ ընտրություններին չմասնակցող, ընդդիմադիրների ձայները, ըստ այդմ՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի իրական վարկանիշը շատ ավելի համեստ է:
Ահա հենց այս հարցի պատասխանը լավագույնս կտա Երևանի ավագանու առաջիկա ընտրությունը:
Կուսակցության վերածված ՀԱԿ-ը, բարոյական հարթության մեջ, հենց իրեն է համարում ընդդիմության լոկոմոտիվը: Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատում համարում են, որ իրենց պայքարի շնորհիվ էր, որ ձևավորվեցին քաղաքացիական հասարակության ծիլերը, ԲՀԿ-ն իրեն դուրս դրեց կոալիցիայից ու նաև այն, որ մյուս ընդդիմադիր ուժերը սկսել են օգտագործել ՀԱԿ լոզունգները, բարձրաձայնում են այն պահանջները, որոնք տարիներ շարունակ եղել են բրենդային առաջին նախագահի թիմի համար: Սակայն իրական քաղաքականության տեսանկյունից՝ ՀԱԿ-ն այսօր վերածվել է ԲՀԿ շահերը սպասարկող կառույցի:
ՀՅԴ-ում հասկանում են, որ իրենք ընդդիմադիր դաշտի կարևոր, բայց առանցքային կուսակցություն չեն. ավանդական կուսակցությունն ունի կայուն, բայց ոչ մեծ էլեկտորատ, չունի խարիզմատիկ առաջնորդ: Ըստ այդմ՝ դաշնակցականները փորձում են գոնե գաղափարապես ուղղորդել ընդդիմադիր շարժումը՝ տարբեր օրակարգեր առաջարկելով, ծրագրային միավորման թեզը շրջանառու դարձնելով:
Իսկ առայժմ նշված բոլոր ուժերը պատրստվում են ավագանու ընտրություններին:
Պատահական չէ, որ ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀԱԿ առաջին համագումարում խոսել են այդ ընտրությունների բացառիկ կարևորության մասին:
«… Շատ կարևոր է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունը: Մենք նպատակ ենք դրել մեր առջև ազատագրել Երևանը, նրա քաղաքապետարանը Սերժ Սարգսյանի ռեժիմից: Ռեժիմը երբեք այսքան ատելի դարձած չի եղել, քան այսօր, պետք է օգտվել այս իրավիճակից և պայքար սկսել ավագանու ընտրություններում` մեր հաղթանակի համար»-ասել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նույն համագումարում ԱԺ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարևորել է ընդդիմության համագործակցությունը: «Ես վստահ եմ, որ այդպիսի համագործակցության բոլոր հիմքերը կան։ Մենք ունենք նաև առաջին կարևոր առիթը հենց այս ընտրությունները, որ գալու են՝ Երևանի ավագանու ընտրությունները. միասնական դիրքորոշումներով հասնել նրան, որ օգտագործվի այդ պատեհ հնարավորությունը Երևանում հաստատել ընդդիմության իշխանությունը»,— ասել է նա:
ԲՀԿ խմբակցուաթյան անդամ Ստեփան Մարգարյանը, կարծես թե, հատուկ շեշտել է իր կուսակցության առաջատարությունը, բայց նաև խոսել է միասնականության անհրաժեշտության մասին. «ԲՀԿ—ն ընտրությունների է գնում հաղթելու նպատակով: Ընդհանուր հաղթանակը և քաղաքական մոնոպոլիայի վերացումը ևս հաղթանակ է»:
Ինչևէ, երեկ և այսօր մայրաքաղաքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք կարևոր են ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող զարգացումների համատեքստում:
Սահմանազատման հանրահավաք
Նախագահական ընտրություններից հետո, երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն անցկացրեց իր ամենասակավամարդ հանրահավաքը: Մի կողմից՝ անձրևը, մյուս կողմից՝ ապրիլի 9-ից հիասթափությունը, ազդել էին հանրահավաքի մասնակիցների թվաքանակի վրա:
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի համար սահմանազատման օր էր. նա ձերբազատվեց «Հիմա» կարգախոսից և դրա կրողներից, նույնիսկ անթաքույց կշտամբեց Անդիրաս Ղուկասյանին՝ փաստորեն նրան մեղադրելով արյան վրայով քաղաքական կարիերա անելու փորձերի մեջ:
«Հիմա»-ի մյուս ջատոգովը՝ Նիկոլ Փաշինյանը, հարթակում չէր: Ժիրոյի խումբն էլ չկար. տարօրինակ կլիներ նրանց լինելը՝ Տիգրան Խզմալյանի հարցազրույցից հետո, երբ Րաֆֆու մասին կինոռեժիսորն օգտագործել էր «քաղաքական դիակ» տերմինը: ՀՅԴ-ն էլ ներկա էր, բայց՝ ոչ հարթակում: Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի և Աղվան Վարդանյանի ներկայությունն ավելի շատ դեմարշ էր, քան՝ զորակցություն: Նրանք հրապարակ էին եկել «Մեր Վահանը՝ նախագահ» մակագրությամբ անձրևանոցներով: Թեև Ռուստամյանն այսօր խնդրել է դրա մեջ ենթատեքստ չփնտրել, բայց քաղաքականության մեջ նման պատահականություններ չեն լինում: Հա, չմոռանամ ասել, որ Րաֆֆին նրանց էլ է կշտամբել և նկատել է, որ օրվա իշխանությունն ու, իր խոսքերով, կեղծ ընդդիմությունը նույն սորտից են:
Մի խոսքով Րաֆֆու շարժումը մաշել է. նրա հետ հարթակում երկու փոքր կուսակցությունների ղեկավարներն էին՝ Պետրոս Մակեյանը և Մանուել Գասպարյանը: Րաֆֆին շատ լավ է զգում քաղաքական և հանրային աջակցության անկման փաստն ու, թերևս, այս պատճառով՝ որոշել է կազմակերպչական բնույթ հաղորդել իր շաժմանը. մյուս ուրբաթ նա իր կողմնակիցներին հրավիրել է «Անի» հյուրանոցի մեծ դահլիճ: Ցավալին այն է, որ մեր քաղաքական առաջնորդները միայն շարժման անկման համատեքստում են մտածում՝ դրան կազմակերպչական ձև տալու մասին:
Երեկվա հանրահավաքում, ակնարկների մակարդակով, քննադատություն հնչեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Երբ Արմեն Մարտիրոսյանը խոսում էր Րաֆֆի Հովհաննիսյանի արժանիքների մասին՝ նրան հակադրելով «սև պատերի մեջ թաքնվածի» հետ, պարզ էր՝ ում է հասցեագրված քաղաքական խայթոցը:
Համագումարում թևածում էր Ծառուկյանի շունչը
ՀԱԿ-ը փոքրացավ-փոքրացավ և համազգային շարժումից փոխակերպվեց կուսակցության՝ «ՀՀՇ+ընկերներ» կազմով: Նորաստեղծ կուսակցության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, տեղակալներ՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: ՀԱԿ-ի կուսակցականացումով, ըստ էության, մարգինալի կարգավիճակ ստացան արդեն գոյություն չունեցող դաշինքում մնացած և նոր կուսակցությանը մաս չկազմած ՀԺԿ-ն և ՍԴՀԿ-ն: Այս իմաստով՝ Ստեփան Դեմիրճյանի և Լյուդմիլա Սարգսյանի ելույթները քաղաքակիրթ ապահարզանի տպավորություն թողեցին:
Ուրվագծվեց ՀԱԿ նոր դաշնակիցների կազմը՝ ԲՀԿ, ՀՅԴ: Այս ցանկում «Ժառանգությունը» բացակա է, և շուտով Րաֆֆին ու նրա թիմը թիրախ են դառնալու՝ թե իշխանության և մյուս ընդդիմադիրների քննադատության համար:
Թեև այսօր էլ առաջին նախագահը քննադատեց Րաֆֆիին՝ չմոռանալով նշել, որ միայն ինքն է արձանագրել նրա հաղթանակը նախագահական ընտրություններում: «Սա քաղաքական առումով մեծագույն աջակցությունն էր, որ կարող էր հարաբերությունները լավացնել «Ժառանգության» հետ, բայց ափսոս։ Երկրորդը՝ մեր ակտիվիստների մեծագույն մասը եղել է հրապարակում, եթե չչափազանցնեմ, հրապարակի կեսը միշտ եղել են Կոնգրեսի համակիրներ։ Եվ երրրոդը՝ ինչու ղեկավարությունը չմիացավ, չեկավ հարթակ։ Այ այստեղ կներեք, մի շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել հարգարժան Սերժ Սարգսյանը՝ միանայի ի՞նչ անեի։ Միանայի, որ գայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի։ Կներեք, ուզում եք հավատացեք, թե չհավատաք, բայց իմացեք, որ Վովայի հետ աղոթելն իմ մանկության երազանքը չի եղել»,-ասել է Տեր-Պետրոսյանը: «Ժառանգությունն» արդեն հակադարձել է այս գնահատականին, բայց դա ընդամենն արձանագրումն է այն փաստի, որ ընդդիմության դաշտում կան լուրջ հակասություններ:
Վերադառնանք Մարզահամերգային համալիր, որտեղ կայացել է ՀԱԿ համագումարը: Առաջին նախագահը ջանք չի խնայել Գագիկ Ծառուկյանին մեծարելու համար: Սա լավագույն նվերն էր, որ կարող էր մատուցվել ավագանու ընտրություններում լիդերության ձգտող ուժի համար: Նա նույնիսկ զուգահեռներ անցկացրեց ԲՀԿ առաջնորդի և Խաչատուր Սուքիասյանի միջև: «Գոնե մարդկանց մեջ կարողացանք կասկածներ հարուցել։ Խաչատուր Սուքիասյանն ո՞վ էր, նույն այդ բուրժուազիայի և օլիգարխիայի մի մասը, և նույնպիսի վերաբերմունք կար նրա նկատմամբ, ինչ մյուսների, բայց այդ մարդը հասկացավ, եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը և ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը՝ իշխանություններն առաջին հարվածը հասցրին նրան։ Իշխանություններն ավելի լավ են հասկանում որտեղ է վտանգը, քան, այսպես կոչված, մեր քաղաքական ուժերը, սրանք հասկացան որտեղ է վտանգը և ամենադաժան հարվածը հասցրին Խաչատուր Սուքիասյանին և սնանկացրին այդ մարդուն… Այսօր նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը և ի՞նչ են անում։ Փոխանակ նպաստեն այդ պրոցեսին, փոխանակ անեն ամեն ինչ, որ դա գնալով խորանա։ Եվ այդ մարդը որևէ քայլ չարեց, որ կասկած հարուցի, որ նա չի փորձում պոկվել իշխանությունից։ Ես չեմ ասում, որ պոկվել է իշխանությունից, նա չի կարող, հսկայական տնտեսություն ունի, հազար ու մի բաներով կապված, բայց բոլոր քայլերը դա են ցույց տալիս, որ դուրս եկավ կոալիցիայից, չսատարեց Սերժ Սարգսյանին ընտրություններում, խորհրդարանական ընտրություններում առանձին մասնակցեց, դահլիճում չմասնակցեց Սերժի երդմնակալությանը, այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ, ինչպե՞ս կարող է մի ուժ, որ նպաստում է, չեմ ասում պայքարում է, նպաստում է չարիքի դեմ պայքարին և թուլացմանը՝ այդպես վանել։ Ավելի բան չի կարելի մտածել, քան որ այն, որ չեն ուզում այդ փոփոխությունները։ Չեմ բացառում, որ առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարվածը ստանալու է հենց ԲՀԿ—ն, և իմ կարծիքով նրան փորձելու են այն հնարավորությունից զրկել, ինչ եղավ ԱԺ ընտրություններին, որովհետև ուզում են այդ վախը տարածել մյուս օլիգարխների վրա»,- նշել է առաջին նախագահը։
Ինչ ուզում եք՝ ասեք. Լևոն Տեր-Պետրոսյանն իրատես մարդ է. նա դեռ 2011-ին հասկացել է, որ ՀԱԿ-ն այլևս ինքնուրույն գործոն չէ և հետևողականորեն սպասարկում է ԲՀԿ շահերը: ՀԱԿ-ի կարգավիճակը փոխվեց, էությունն՝ ոչ:
Սուրեն Սուրենյանց
Հայաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև երեկ երեկոյան կնքվել է փոխգործակցության հուշագիր: Փաստաթուղթը Երևանում ստորագրել են Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Շատերը սա համարում են Մաքսային միությանն անդամակցելու առումով Հայաստանի կատարած առաջին առարկայական քայլը և ահազանգում են, որ այս հանգամանքը կարող է լրջորեն վնասել Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությանը: Հիշեցնենք, որ այս տարվա վերջին նախատեսվում է «Ասոցացման պայմանագրի» կնքումը Հայաստանի և Եվրամիության միջև: Անցած ամիսների ընթացքում մի շարք եվրոպացի պաշտոնյաներ անհամատեղելի են համարել «Ասոցացման պայմանագրի» ստորագրումը և Հայաստանի ներկայությունը Մաքսային միությունում, որն ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքերով՝ խորհրդային կայսրությունը վերականգնելու փորձ է:
Երեկ կնքված հուշագիրն իրավաբանորեն պարտավորություններ չի ենթադրում և, կարծում եմ, մի փոքր չափազանցված է բարձրացված աղմուկը: Սակայն հարկ է, որպեսզի կառավարությունը հստակեցնի մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ քաղաքական, տնտեսական հստակ հաշվարկների, հնարավոր մարտահրավերների, ռիսկերի գնահատման առումով: Ի վերջո, այնքան էլ համոզիչ չեն հնչում Սերժ Սարգսյանի և մյուս պաշտոնյաների «ե՛վ, ե՛վ» պատասխանները, երբ լրագրողները հարցադրումներ են անում «Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն» երկընտրանքի շրջանակում:
Ուշագրավ է նաև, որ հայ-ռուսական նմանատիպ հուշագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են Հայաստանի անկախության սահմանափակաման ռիսկեր, կնքվում են մեր երկրում անցկացվող ընտրություններից հետո: 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդեց հայ-ռուսական «համաձայնությունը»՝ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաների ներկայությունը 49 տարով երկարաձգելու մասին:
Ասել է թե՝ յուրաքանչյուր կեղծված կամ վիճահարույց ընտրություն ավելի է թուլացնում մեր երկրի դիմադրողականությունը՝ ճանապարհ բացելով, տվյալ դեպքում, ռուսական ճնշումների առաջ: Հավասարակշռված, երկրի ինքնիշխանությունը չվտանգող արտաքին քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ: Իզուր չէ ասված՝ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է:
Սուրեն Սուրենյանց
Սիսիանի նախկին կուսշրջկոմի առաջին քարտուղար, բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանը, որը տարիներ շարունակ բարձրաձայնում է Սիսիանում տիրող ապօրինությունների մասին, «Հայկական Վարկած»-ի հետ զրույցում մի քանի նկատառումներ ներկայացրեց:
-Պրն Դավթյան, նախ սկսենք այս օրերի ամենաթեժ թեմաներից մեկից՝ Սյունիքի, մասնավորապես՝ Սիսիանի տարածաշրջանի արոտավայրերը պարսիկներին տրամադրելու մարզի ղեկավարների որոշման մասին ձեր գնահատականը լսելուց: Դուք՝ լինելով Սիսիանի երկարամյա և բազմավաստակ ղեկավար, ի՞նչ կարծիքի եք այդ մասին:
-Ես կտրականապես դեմ եմ այդ որոշմանը, Սիսիանն ունի 60.000 հա արոտավայր, եթե մենք անասուն ենք ուզում պահենք, բերենք մեր անասունը պահենք: Դրանք բարձրադիր արոտներ են՝ 2000 մետրից բարձր, այսինքն՝ ամառային արոտներ են, ձմռանը չեն օգտագործվում. Եթե Իրանից պետք է 50.000 ոչխար բերվի, ամռանը պահեն, բա ձմռանն ի՞նչ են անելու: Նրանք 1000 կիլոմետր չեն քշելու նորից հետ տանեն, ուրեմն պետք է գան իջնեն մեր գյուղերում, հետո էլ 50.000 ոչխարի համար հարկավոր է մոտ 100 հովիվ, հիմա այդ 100 հովիվն ովքե՞ր են լինելու.պարսիկները, եթե իրենց հովվին բերեն, ուրեմն պարսիկները կգան կլցվեն, էլ չեմ ասում հետևանքները.տղամարդկանցից դատարկված բնակավայր է, կկապվեն հայ կանանց հետ և այլն և այլն: Իսկ եթե հայերն են լինելու, ինչի՞ պետք է մեր հովիվը գնա նրանց հովվություն անի: Մենք ժամանակին այնտեղ պահել ենք 150.000 ոչխար, մենք ունեցել ենք կացարաններ՝ հովիվների համար, լողանալու հնարավորություններ, էլեկտրականություն, հրացաններ, սակայն կոլխոզի վերանալով, վերացան նաև դրանք: Միակ բնագավառը, որում մենք օգուտ չենք փնտրել, դա ոչխարաբուծությունն է եղել, որովհետև հովիվներին բարձր աշխատավարձ ենք տվել: Պատկերացրեք, մենք տարեկան 30.000 գառ ենք ստացել:Ինչն է խանգարում այսօր մեր ուժերով վերականգնել այդ ամենը:
Բայց, դե ինչ ուզում են, թող ասեն, ինձ հասած տեղեկություններով, Սյունիքի մարզպետարանից ինչ-որ մեկը ստորագրել է, սակայն դա կապ չունի, նա այդ իրավասությունը չունի:
— Սիսիանի շրջանը ղեկավարելու տարիներին, Ձեր շնորհիվ Սիսիան քաղաքը դարձավ ավելի բարեկեցիկ, մեծ թափ ստացավ կանաչապատումը և ծառատունկը, այս օրերին, Սիսիանից ահազանգերէ լինում, թե ինչպես է քաղաքապետի կողմից անընդհատ՝ Էտի անվան տակ, կտրվում են դալար ծառեր:
-Միայն ծառերը չեն, Սիսիանը խայտառակ վիճակում է: Ամբողջ Սիսիան քաղաքում կա մեկ բարեկարգ փողոց, որն էլ քաղաքապետի առանձնատան դիմացի փողոցն է: Այդ փողոցն անցյալ տարի նորոգել են և ծախսել 90 մլն դրամ: Ես այդ մասին նույնիսկ Դատախազություն եմ դիմել, քրգործ են հարուցել, հետո գործը կարճել են: Քաղաքում լճեր կային, իբր մաքրել են, ահագին գումար էլ այդտեղից են յուրացրել: Մի խոսքով, թվում է թե ամեն ինչ անում են, բայց քաղաքը բարեկարգ տեսք չի ստանում, ընդհակառակը օր օրի ավելի տխուր, գորշ ու անհրապույր է դառնում:
Մի օր ծառ կտրողին հարցնում եմ՝ ինչու ես կտրում, չէ որ ես եմ տնկել դա այն ժամանակ, ասում է՝ փայտ ենք պատրաստում՝ վառելափայտ, որ տանք կարիքավոր ընտանիքներին: Ստում են, Սիսիանը գազաֆիկացված է: Եթե ուզում եք օգնեք, տարեք գումար տվեք: Փողոցներն էլ խայտառակ վիճակում են, մեքենայով ընկնում ես փոսը, չես կարողանում դուրս գալ:Միայն փող են «սարքում», ուրիշ ոչինչ:
Մյուս խնդիրը, որին կցանկանայի անդրադառնալ.ուրեմն մի ժամանակ քաղաքն ունեցել է երկու հսկա գործարան՝տրիկոտաժի ֆաբրիկա՝ 1000 բանվորով, բժշկական տեխնիկայի գործարան՝ 600 բանվորով՝ մասնաճյուղերով: Այդ տրիկոտաժի ֆաբրիկան քաղաքապետի՝ Աղասու եղբայրը վերցրեց, ծախեց, չգիտեմ ինչ արեց:
Սիսիանը միակ շրջանն է եղել, որտեղ բնակարանի հերթ չի եղել, այսօր գրվեցիր, վաղը՝ բնակարան էիր ստանում, դրանից բացի նաև, կառուցել ենք 600 առանձնատուն: Մենք մասնավորներին տվեցինք ևս 500 հողամաս: Մարդիկ առաջին հարկերը դրել են, մինչև օրս այդպես էլ մնացել են: Աշխատատեղեր չեն լինում, ժողովուրդը գնում է երկրից:
-Ասում են այսօր Սիսիանի քաղաքապետի կողմից օր օրի ավելանում է թալանը, իհարկե մարզպետի գիտությամբ, քաղաքապետարանում վերջին երեք տարիներին անընդհատ քրեական գործեր են հարուցվում, անգամ քաղաքապետի տեղակալ է դատվում, որպես Սիսիանի պատվավոր քաղաքացի՝ ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:
-Ես ստույգ գիտեմ, որ այդպիսի երևույթներ եղել են, ինչպես քիչ առաջ նշեցի ապօրինությունները շատ-շատ են, բայց դատավարությունից, ճիշտն ասած, տեղյակ չեմ:
Ապրիլի 9-ին մեր ժողովուրդը կարող է նոր խոսք ասել համաշխարհային քաղաքականության մեջ: Դա տեղի կունենա, եթե գործող և, ըստ պաշտոնական տվյալների, վերընտրված նախագահին զուգահեռ՝ Ազատության հրապարակում երդմնակալության արարողություն անցկացնի նաև նախագահական ընտրություններում երկրորդը ճանաչված, սակայն իրեն դե ֆակտո ընտրված համարող Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դատելով երեկվա հանրահավաքում հնչած ելույթների հռետորաբանությունից՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը տրամադրված է դառնալ քաղաքագիտական նորարարության հերոս: Չնայած՝ ապրիլի 9-ի միջոցառումը նա համարում է ոչ թե իր, այլ Նոր Հայաստանի երդմնակալությունը ու շատերին հասկանալի չէ, թե ընտրության մասնակից չհանդիսացող այս «Նոր Հայաստանը» ինչպես է երդվելու Սահմանադրության և Ավետարանի վրա: Չնայած՝ Րաֆֆու խոսքը միշտ էլ աչքի է ընկել երկիմաստությամբ, վերամբարձությամբ, երբեմն իռացիոնալիզմի հասնող զգացմունքայնությամբ, որի պատճառով չի հասկացվել՝ նրա արածը հացադո՞ւլ է, թե՞ ծոմ, նա Սերժի հրաժարակա՞նն է պահանջում, թե՞ նույն այդ Սերժից պաշտոններ է ուզում:
Նկատենք, հանուն արդարության, որ տվյալ պարագայում Հովհաննիսյանի կերպարում խտացել է մեր ազգայնին մենթալիտետը: Եվ եթե ընդդիմության առաջնորդի արածը արտառոց է օտարների համար և «երկու նախագահ» ֆենոմենը կարող է խթանել Հայաստանում զբոսարջության զարգացմանը, ապա հայերիս համար մի բանից երկուսն ունենալն ոչ միայն նորություն չէ, այլ կասեի՝ բնավորության գիծ է, ազգային ապրելակերպի մաս: Դատեք ինքներդ. մենք ունենք երկու հայկական պետություն՝ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ (այս առումով համեստորեն զիջում ենք մեկ տասնյակից ավելի պետություն ունեցող արաբներին), երկու լեզու, երկու կաթողիկոս, Արևմտյան և Արևելյան Հայաստաններ, տեղացի և «ախպար» հայեր և այլն: Ի՞նչն է խանգարում, որ ունենանք երկու նախագահ, որոնցից մեկի երդմնակալությունը կարող են օրհնել Էջմիածնի, մյուսինը՝ Կիլիկիո Մայր աթոռի հովվապետերը:
Այսքանը մեր ազգային մենթալիտետի մասին, իսկ հիմա խոսենք քաղաքական անցուդարձից՝ պարզելու համար՝ մենք իներցիայի՞, թե՞ իրապես նոր Հայաստանի գաղափարի կրողներ ենք, որն այնքան տարողունակ և բովանդակալից կլինի, որ իր քաղաքական սահմաններում կարող է տեղավորել և Սերժ Սարգսյանին, և Րաֆի Հովհաննիսյանին, և թե տեսանելի և ստվերում գտնվող մյուս խաղացողներին:
Ինչո՞ւ չստացվեց երկխոսությունը
2013-ի նախագահական ընտրությունները կարող էին քաղաքական նոր մշակույթի հիմքերը դնել, մանավանդ, որ լարվածությունից և փոխադարձ որակումներից զերծ քարոզարշավը, դրան հաջորդած Սարգսյան — Հովհաննիսյան հանդիպումը, նույնիսկ ռոմանտիկ սիրավեպ հիշեցնող, սակայն ռացիոնալիզմ պարունակող նամակագրությունը նման նախադրյալներ պարունակում էին: Քաղաքական նոր մշակույթի հիմքում պետք է լինեին հանդուրժողականությունը, մրցակցությունը, քաղաքական հստակ օրակարգի առկայությունը: Նշած հիմքերի շարքում բացակայում են ջրբաժանը, բարիկադը. բառեր, որոնք այնքան նույնանում են մեր 20-ամյա քաղաքական անտագոնիստական համակարգի հետ: Սակայն եթե ավարտված ընտրական ցիկլի առաջատարները շարունակ խոսում են փոխադարձ հանդուրժողականության մասին, բայց ապրլի 9-ի հիվանդագին շեշտադրումով, ապա այս ամսաթիվն էլ, ըստ էության, դառնում է նախագահական այս ընտրություններով մեկնարկած քաղաքական նոր գործընթացի ջրբաժանը, բարիկադը:
Իշխանություն — ընդդիմություն երկխոսությունը մեզանում չի կայանում ընդհանրական և կոնկրետ պատճառներով:
Նախ, մենք չունենք երկխոսության մշակույթ. 2011-ին դրա ծիլերը դրվեցին, բայց ինստիտուտը, անձնական գործոններով չպայմանավորվող ինստիտուտը չկայացավ:
Երկրորդ, ժամանակն է, որպեսզի մեր քաղաքական ընտրանին հասկանա, որ երկխոսությունը բացառում է սեփական քաղաքական մաքսիմալիզմի իրացման հնարավորությունը՝ դիմացինի հաշվին: Կարճ ասած՝ երկխոսության ավարտին հաղթողներ և կապիտուլյացիայի ենթարկվողներ չեն լինում:
Կոնկրետ դեպքում, Սարգսյան — Հովհաննիսյան կամ իշխանություն — ընդդիմություն երկխոսությունը չկայացավ, որովհետև բացակայում էր հստակ քաղաքական օրակարգը: Սարգսյանը փորձում էր և է երկխոսությունը ծառայեցնել իր լեգիտիմության ամրապնդմանը, նպաստավոր պայաններում ինագուրացիայի անցկացմանը, Հովհաննիսյանը ձգտում է առավելագույնս օգուտներ քաղել «փետրվարի 18» կոչվող իր քաղաքական կապիտալից՝ խճճվելով առաջադրվող պահանջների լաբիրինթոսում: Երկու տարբեր օրակարգեր, որոնք չեն կարող երկխոսություն ծնել, մանավանդ որ՝ այդ օրակարգերի հետևում երևում են շատ կոնկրետ մարդկանց, բայց ոչ հանրային շահերը:
Զարգացման ռացիոնալ և իռացիոնալ տարբերակներ
Տարիներ առաջ, երբ ՀԱԿ-ը պահանջում էր խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ, ասել եմ, որ ընտրությունների պարագայում էականը դրանց որակն է, ոչ թե՝ հերթական կամ արտահերթ լինելը: Հիմա էլ նույն կարծիքին եմ ու առավել քան վստահ եմ, որ նախագահական կամ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը նոր որակ չեն հաղորդելու մեր քաղաքական համակարգին: Արտաքուստ նման կարծիք արտահայտում են նաև իշխանության ներկայացուցիչները, սակայն բովանդակային միանգամայն այլ հարթության մեջ. Նրանք կարծում են, որ փետրվարի 18-ին որակով, գրեթե իդեալական ընտրություններ են անցկացրել: Ես բացարձակապես այդ կարծիքին չեմ, պարզապես մտածում եմ, որ ոչ թե առանձին վերցրած կոնկրետ ընտրությունն է ձևավորում նոր քաղաքական մշակույթ, այլ հակառակը՝ նոր որակի մշակույթն է նպաստում լավ ընտրությունների անցկացմանը: Այս թեզի շրջանակում եմ կարևորում նախ քաղաքական նոր մշակույթի ձևավորումը:
Ըստ այդմ, տեսնենք թե քայլերի կամ գործողությունների ինչ հնարավոր զինանոց ունեն քաղաքական գլխավոր սուբյեկտները:
«Ժառանգության» ղեկավարը կարող է մնալ հրապարակում, չընդունել ընտրությունների արդյունքները, ինքզինքն նախագահ կարգել, բայց այդ դեպքում հասկանալի չէ, թե նա ինչ է ասելու օրըստօրե նոսրացող ցուցարարներին. Մանավանդ որ՝ ապրիլի 9-ից հետո նրանցից շատերը հասկանալու են, որ իրենք ապրում են ընդամենը վիրտուալ Հայաստանում, իսկ իրականն այն է, ինչ տեղի ունեցավ Մարզահամերգայինում: Իհարկե, այդ իրականը, տվյալ պարագայում, այնքան էլ գեղեցիկ չէ ու անչափ օտարված է Քաղաքացու Հայաստանից, որը դեռ չի էլ ձևավորվել, սակայն իրապես տարբեր է լինելու Հայաստանի մասին Սերժի կամ Րաֆֆու պատկերացումներից:
Րաֆֆին կարող է հիշել նաև Սարգսյանին հասցեագրված իր կադրային առաջարկների մասին, թուղթ ու գրիչով գնալ նախագահական՝ հանդիպման. Մի բան ինքը կզիջի, մի բան նախագահը: Բայց այդ դեպքում նա պետք է մոռանա Ազատության հրապարակի բարձրագոչ հռետորաբանությունը, ընդդիմադիր կարգավիճակը ու համակերպվի Հանրապետականի կոալիցիոն կրտսեր գործընկերոջ կարգավիճակին: Սա է քաղաքագիտության աքսիոման:
Սակայն «Ժառանգության» առաջնորդն ունի նաև ռացիոնալ լուծումների հնարավորություն: Բայց այդ դեպքում նա պետք է թարգի քաղաքական ջիհադիզմը, ընդունի ընտրությունների արդյունքները (չշփոթել Սերժ Սարգսայանին շնորհավորելու հետ), իշխանությանն առաջարկի բարեփոխումնրի «Ճանապարհային քարտեզ»՝ հետևյալ բովանդակությամբ.
1.քաղաքական բաց համակարգ ստեղծելուն ուղղված բարեփոխումների իրականացում, որը հիմքեր կստեղծի արդյունավետ կառավարման, քաղաքական մրցակցության, ընտրական ինստիտուտների վերականգման համար.
2.տնտեսության բնագավառում հակամենաշնորհային, հակաօլիգարխիկ միջոցառումների իրականացում՝ քրեաօլիգարխիկ կապիտալիզմը լիբերալ-դեմոկրատականի փոխակերպելու համար.
3.դատաիրավական բարեփոխումների իրականացում՝ որպես գրավական քաղաքական, տնտեսական, հանրային բնականոն հարաբերությունների հաստատման
4.օրենսդրորեն ընդդիմությանը վերահսկողական լիազորությունների տրամադրում: Նման պրակտիկա գոյություն ունի, օրինակ, Գերմանիայում:
Նման «Ճանապարհային քարտեզը» կարող է դառնալ լուրջ հաղթաթուղթ նաև Սերժ Սարգսանի համար, ով հետևողական բարեփոխումներ անցկացնելու դեպքում՝ կարող է ձերբազատվել քրեաօլօգարխիկ համակարգի կապանքներից: Այդ դեպքում 2017-2018թթ-ի ընտրությունների օրինականությունը մեծապես երաշխավորված կլինի:
Սուրեն Սուրենյանց
Կեսգիշերին հնչեց ծանոթիս զանգը: Ծանոթս ասում էր՝ տեսա՞ր ոնց սարքեցին Արաբկիրի Զորոյի գլխին: Ինձ զանգողը տեղի ունեցածի վերջնական եզրակացությունն արդեն ուներ՝ դեպքից բառացիորեն մի քանի րոպե հետո: Այդ «երկաթյա» տրամաբանության համաձայն՝ քանի որ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը մարդկային և քաղաքական հավատափոխություն է արել՝ ՀՀԿ-ի և Նեմեց Ռուբոյի «տանիքը» փոխարնելով ԲՀԿ-ի ու նրա «թագավորի» «օրհնանքով», հին ընկերները նրան պատժել են:
Հետո լրահոսից իմացա, որ Զոհրաբ Զոհրաբյանի հետ պատահածն ավտովթար է, գուցե սովորական ավտովթար, որն, Աստված մի արասցե, կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Բայց սովորական ավտովթարի վարկածին հասարակության առնվազն մի մասը չի հավատում. Գուցե նույն այն մասը, որն երեկ Զորիկին դավաճան էր համարում՝ իր հովանավորյալ Ռուբեն Հայրապետյանին «գցելու» և նրա հակառակորդ Գագիկ Ծառուկյանի աջը համբուրելու համար: Զորիկի շրջապատն էլ ավտովթարի քաղաքական ենթատեքստը չի բացառում: «Մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զ. Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքում, ոչ հաստատում ենք»,- ասված է նախկին պատգամավորի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Մարտի 19-ին ավտովթարից զոհված Արարատի մարզի Սուրենավան գյուղի ղեկավարի եղբայրն էլ պնդում է, որ համայնքապետի հետ պատահածը գուցե սպանություն էր: Այսինքն, մարդիկ էլի փնտրում են վարկած, որը դուրս է պաշտոնականից:
ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն իրենց վերջնական վերդիկտը կայացրել են Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության հարցում՝ դրա մոտիվի հիմքում դնելով քաղաքական շարժառիթը: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասում է, որ Հրաչի մահը քաղաքական սեփականություն դարձնել չի կարելի՝ չնկատեկով, որ նահատակված գյուղապետի հոգեհանգիստը հենց ինքը վերածեց իր «երդնմնակալության» գործընթացի մի կարևոր դրվագի: Բայց երեկ Րաֆֆիին գերազանցեցին Հրաչի հիշատակի մոմովառության կազմակերպիչները, ովքեր մոմերով լուսավորված Ազատության հրապարակում ոչ միայն խրոխտ խոսքեր էին ասում, այլ նաև երգում էին:
Տեղի ունեցած ավտովթարների, սպանության հարցում յուրաքանչյուրը կարող է ունենալ սեփական կարծիք, սակայն մտահոգիչ է, որ հասարակությունը չի հավատում պաշտոնական վարկածին:
Ես չգիտեմ՝ ինչո՞ւ են սպանել Հրաչին: Որովհետև ինքնուրույն գյուղապե՞տ էր և դաշնակացակա՞ն ու սասանո՞մ էր հանրապետական կամ մարզային իշխանության դիրքերը: Եթե այդպես է, թող քաղաքական ենթատեքստ փնտրողներն ուղիղ ասեն: Եթե ուղիղ խոսքը լղոզում են տարբեր ձևակերպումներով, շահարկման հոտ է գալիս:
Սակայն ամենամեծ պատասխանատուն, հասարակական անվստահության և անհանդուրժողականության գլխավոր սերմանողը պետությունն է:
Տարիներ շարունակ բարձր մակարդակով ձևավորվել է արատավոր մի «մշակույթ», ըստ որի՝ Հայաստանում քաղաքական, տնտեսական հարցերը լուծվում են բռնությամբ, հակառակորդի հետ ոչ թե բանավիճում են, այլ նրան բանտարկում, սպանում են: Մարդիկ տեսել են, որ մեզանում մեկը «անգլիական թագուհուց» նախագահի վերածվեց միայն ու բացառապես խորհրդարանում հնչած կրակոցների հետևանքով: Տեսել են ու հիմա էլ մտածում են, որ գուցե Հրաչը նեղացրել էր զոռբա մեկին կամ, որ մեկը աչք ուներ նրա աթոռին:
Մարդիկ այդպես են մտածում, որովհետև չեն հավատում արդարադատությանը, իրավապահ մարմիններին՝ համարելով, որ վերջիններս ծառայում են ոչ թե օրենքին, ճշմարտությանը, այլ՝ իշխանությանը՝ նրա քրեաօլիգարխիկ և երիտօլիգարխիկ թևերով հանդերձ: Հենց նույն պատճառով մարդիկ վստահ են, որ Զորոյի ավտովթարը սարքած էր ու երբեք տեղի չէր ունենա, եթե նա «նժդեհականությունը» չզոհաբերեր հայտնի օլիգարխի քսակին:
Բայց մի ուրիշ զգացողություն էլ ունեմ. կարծես թե՝ անտեսանելի մի ուժ հարամել է ուզում Սերժ Սարգսյանի ինագուրացիան՝ Ապահով Հայաստանը դարձնելով վիրտուալ մի բան, բոլորիս ներշնչելով, որ Սերժի ասած Ապահով-ի ժամանակ մոմ պետք է վառենք՝ կենդանի մնալու, վթարի զոհ չդառնալու համար: Այդ անտեսանելին երևի ինչ-որ բան է շշնջացել նաև մեր Րաֆֆիի ականջին: Թե չէ էդ Ասվածավախ մարդն երեկ դժոխքի երկու տոմս բրոնիա չեր անի իր ու Սերժի համար:
Այսօր հողին հանձնեցին Հրաչին: Աստված թող լուսավորի նրա հոգին: Ու չգիտեմ էլ՝ ո՞վ է մեզանից ապահովը. նա՞, որ բռնեց երկնայինի ճանապարհը, թե՞ մենք՝ Ապահով Հայաստանի անապահովներս…
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.