23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքն է հրավիրել ՀՅԴ-ն:
Հրապարակում հավաքվել է մոտ 400 մարդ, հիմնականում` կուսակցության անդամներ` ՀՅԴ-ի դրոշներով, քարոզչանյութերով:
Ծրագրային ելույթով հանդես է եկել ՀՅԴ-ի Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Նա ասել է, որ ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ կարող է տանել միայն կեղծիքների միջոցով:
ԱԺ դաշնակցական պատգամավորը նաև ձևակերպել է ընտրությունների քաղաքական նշանակությունը. «Դուք պետք է գիտակցեք, որ գալիս է մի պահ, երբ երկրի մայրաքաղաքը պետք է ստանձնի պարտականությունը և երկիրը տանի առաջ: Այսօր ազատ Հայաստան կերտելու պատասխանատվությունը Երևանի վրա է, այստեղ դուք պետք է սկսեք կերտել ազատ Հայաստանի սկիզբը»:
Վահան Հովհաննիսյանը չարիք է համարել ՀՀԿ-ի հետագա իշխանավարումը:
ՀՅԴ-ի համամասնական ցուցակի երկրորդ համար Աղվան Վարդանյանը Տարոն Մարգարյանին անվանել է պատահական քաղաքապետ:
Իսկ ահա կուսակցական ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը պատկերավոր նկարագրել է մայիսի 5-ի ընտրությունների կարևորությունը: «Եկեք 5 րոպե հատկացնենք, գնանք հինգ համարին ընտրենք ու հինգ օր հետո կունենանք մեր երազած լուսաբացը»,- ասել է նա:
Այնուհետև Ռուստամյանն անդրադարձել է մի թեմայի` ընդդիմության հետընտրական կոալիցիային, որն առանց վարանելու բրենդային կարելի է համարել ավանդական այս կուսակցության համար: «Ասել եմ՝ եկեք միասնական ցուցակով գնանք: Մենք էլ այդտեղ ցուցակում լինենք, ամբիացիաները մի կողմ ենք դնում, չենք ուզում գլխավորել: Չստացվեց, նորից եմ ասում, էլի շանս կա, նախընտրական դաշինքը չի ստացվել, անենք հետընտրական դաշինք, որի մասին հայտարություն անենք, որ մարդիկ հստակ իմանան՝ սա իշխանության դաշտն է, մյուսը՝ ընդդիմադիր»,- կարծես հեռակա դիմելով ընդդիմադիր իր գործընկերներին` ասել է ԱԺ ՀՅԴ-ի խմբակցության ղեկավարը:
Այստեղ կանգ առնենք ու փորձենք քննարկել ընդդիմության հետընտրական միավորման հնարավորությունը, դրա էֆեկտիվությունը:
Նախ նկատենք, որ այս դաշտում էլ բազմաթիվ հակասություններ կան, փոխադարձ մեղադրանքներ, նույնիսկ` դատական կարգով միմյանց հետ հարցեր պարզելու պրակտիկա:
Երկրորդ, քիչ հավանական է, որ իրենց ոչ իշխանական համարող բոլոր ուժերը հայտնվեն ապագա ավագնիում, հետևաբար` ընդդիմադիր էլեկտորատի խիստ որոշակի ձայներ փոշիանալու են, ինչը ձեռնտու է իշխանությանը:
Եվ վերջապես` կասկածելի է, որ ընդդիմադիր կուսակցություններին հաջողվել է բեկում մտցնել նախընտրական գործընթացում, հետևաբար` խոչընդոտել իշխանության սցենարների իրականացմանը:
Ինչպես ասում են` կապրենք` կտեսնենք:
Հերթական սկանդալն ընդդիմության ճամբարում
Մինչ ՀՅԴ-ն կարևորում է ընդդիմադիր ուժերի համախմբումը` նոր սկանդալ է հասունանում ոչ իշխանական երկու ուժերի` ԲՀԿ-ի և «Բարև Երևան» դաշինքի միջև:
ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դաշինքին մեղադրել է հանձնաժողովների իր տեղերը ՀՀԿ-ին տալու, այլ խոսքով` վաճառելու մեջ:
Պատասխան հայտարարությունը չի ուշացել. նրանում մասնավորապես ասված է. ««Բարև Երևան» դաշինքը հայտարարում է, որ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության տեղերով նշանակված են բացառապես կուսակցության անդամներն ու համակիրները:
Բացի այդ, դաշինքը համարում է, որ Տ. Ուրիխանյանի հայտարարությունը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարք: Մասնավորապես, քրեական օրենսգիրքը երկուսից հինգ տարվա ազատազրկում է նախատեսում ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում կուսակցությունների դաշինքի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածողների համար»:
Արդեն իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն:
Այս սկանդալի ֆոնին` թույլ տվեք լրջորեն կասկածել ընդդիմության համագործակցության արդյունավետությանը:
Մյուս կողմից` խիստ տրամաբանական է, որ լարված են հատկապես «Ժառանգության» և ԲՀԿ-ի հարաբերությունները. հատկապես այս երկու ուժերն են վիճարկում ընդդիմության լիդերությունը:
Ահազնգեր ընտրակեղծիքների վերաբերյալ
ՀՅԴ-ի և «Բարև Երևան» դաշինքի գրասենյակներից ահազանգել են, որ արդեն իսկ ՀՀԿ-և ԲՀԿ-ի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանում: Նույնիսկ խոսում են մեկ մարդուն հասանելիք գումարի չափի մասին, որը տատանվում է 5000-20000 դրամի սահմաններում:
«Բարև Երևանը» դարձյալ դիմել է ԿԸՀ` ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով:
Պաշտոնական հանդիպումներ
ԵԽ դիտորդները երեկ հանդիպումներ են ունեցել ՀՀԿ, ԲՀԿ կուսակցությունների, «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակների առաջին համարների հետ:
Երևանի ավագանու ընտրությունների հարցն է քննարկվել նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման ժամանակ:
Ամփոփիչ հանդիպումներ, հայտարարություններ, ուղերձներ
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ամփոփիչ հանդիպումներ է ունեցել Կենտրոնի ընտրողների հետ, հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասված է. «Մայիսի 5-ը կարևոր օր է մեր հնամենի մայրաքաղաքի նորագույն պատմության մեջ: Եկե՛ք այդ օրը կերտենք միասին, եկե՛ք միասին կառուցենք մեր սրտի մայրաքաղաքը, որպեսզի մեր երեխաներին ու թոռներին թողնենք ավելի լավ Երևան:
Ընտրելով մեզ` դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի ավելի լավ արդյունքներ, ապրել ավելի լավ Երևանում՝ արժանապատիվ պայմաններով ու ավելի հարմարավետ կյանքով:Ընտրությունը ձերն է, սիրելի՛ երևանցիներ»:
ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի խարհրդարանական խմբակցությունների քարտուղարներ Հովհաննես Սահակայնն ու Նաիրա Զոհրաբյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել են յուրաքնաչյուրն իր կուսակցության հաղթանակի հնարավորության մասին:
ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի համամասնական ցուցակի առաջին համարներ Արմեն Ռուստամյանն ու Արմեն Երիցյանը խոսել են ապագա ավագանիում իրենց կուսակցությունների ազդեցիկ ներկայացվածության մասին:
«Առաքելություն» կուսակցության համար հաղթանակ կլինի ավագանիում ներկայացված լինելը:
Սա էր քարոզարշավի վերջին օրվա խճանկարը:
Սուրեն Սուրենյանց
Հ. Գ. Մեր կայքը հանգամանորեն անդրադարձավ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին` ներկայացնելով բոլոր 27 օրերի առանցքային իրադարձությունները, քաղաքական ուժերի ու գործիչների տեսակետները: Մեր խնդիրն էր` ընթերցողին անաչառ տեղեկատվություն տալը, ինչպես նաև` գործընթացը վերլուծելը: Կարծում ենք` մեր ընտրողը բավարար ինֆորմացված է` ճիշտ ընտրություն կատարելու համար:
Վերջապես: Հասանք վերջին:
Ամբողջ մի տարի ընտրական ցիկլի մեջ ենք, պատգամավոր ու նախագահ ենք ընտրոմ, հիմա էլ` հերթը քաղաքապետինն է:
Էս մի տարում ինչ ասես, որ չտեսավ մեր ժողովուրդը, ինչ խոստումներ ասես, որ չլսեց:
Քաղաքային ընտրությունների շեմին նույնիսկ ակտիվ լինել էի ուզում, փնտրում էի այն թիմին, որի ծրագրի, հոդաբաշխ խոսքի մեջ Երևանի զարգացման հեռանկարը կտեսնեմ, նաև` մեր քաղաքական համակարգի, որն ընտրությունից-ընտրություն ապացուցում է իր իռացիոնալիզմը, ոչ ադեկվատությունը:
Քարոզարշավի վերջին օրը հայտնաբերեցի, որ քվեաթերթիկում թեկնածու չունեմ և դա այն դեպքում, որ չկա համամասնական մի ցուցակ, որի առաջին եռյակում հարազատ, ծանոթ մարդ, ընկեր ու գործընկեր չունենամ:
Բայց հոգնել եմ ինչ-որ մեկի խաթր քվեարկելուց:
Քաղաքական ինչ-որ թիմում էլ չկամ, որ կաշկանդված լինեմ պայմանավորվածություններով ու հազար ու մի զահրումարով:
Ես եմ ու իմ գլուխը, և էս անգամ որոշեցի քվեարկել` ծրագիր ու արժեհամակարգ ուսումնասիրելով, պոզիտիվ հայացքով:
Ու քարոզարշավի վերջին օրը տեսա, որ թեկնածու չունեմ:
Ոչ հոռետես եմ, ոչ` ինքնահավան, ոչ էլ` երկրից հեռանալ եմ պատրաստվում` էս ընտրությունից հոգնած ու զզված:
Ես մեղավոր չեմ, որ մեր հավականորդները ստուգարքն ու քննությունը չհանձնեցին:
Տարոնը լավ տղա է, իրենց թաղում, գուցե` ամբողջ քաղաքում սիրված: Բայց խնդիրն այն է, որ մենք ընտրոմ ենք քաղաքապետ, որի պարագայում` միայն լավ մարդ լինելը քիչ է, բավարար չէ:
ՀՀԿ թեկնածուն իներցիոն քարոզարշավ վարեց` անհետաքրքիր, ալարկոտ: Այդպես էլ անհասկանալի մնաց` ի՞նչ է սկսել, որն ավարտին հասցնելու համար` մեզանից քվե է ուզում:
Արմեն Երիցյանը լավ նախարար է, պարկեշտ գեներալ, բայց ողջ ընտրական գործընթացում նրա «առանձնահատկությունը» դարձավ իր` երևանցի լինելու մասին հիշատակումը:
Երևանցի լինելը, սակայն, առաջին հերթին` մտածողություն է, արժեքային համակարգ, հայացք, կոլորիտային ԵՍ, հետո` նոր կոնկրետ թաղամասում ծնված լինելը և երևանցու բառուբանով խոսելը:
Մի խոսքով` Երիցյանը չկարաողացավ համոզել, որ բոլոր յոթից` հենց ինքն է ամենաերևանցին:
ԲՀԿ-ն խճճվեց ու իր արած-չարածի, հաղթանակի ու ցուցակի պատասխանատու դարձրեց դարձյալ շատ հարգելի Գագիկ Ծառուկյանին, որը ոչ միայն երևանցի չէ, այլև` մայրաքաղաքի ընտրող էլ չէ:
Առհասարակ, ԲՀԿ-ն, ինչպես նաև` ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ն, իմ տպավորությամբ, մեկ կանգառ ուշ էին գնացք նստել:
Գնացքում նրանց տեղերն արդեն զբաղված էր, և զուր էին նրանք բողոքում, որ իրենց աթոռը մենաշնորհված է:
Երբ իսկապես պետք էր քաղաքական մենաշնորհի դեմ պայքարել` նախագահական ընտրությունների ժամանակ, քաղաքական այդ ուժերը խռոված օրիորդի պես փակվել էին իրենց սենյակներում:
Հիմա էլ խռովում են, որ ընտրողն է իրենցից խռոված:
Ասում են` մենք լուրջ-լուրջ քաղաքականությունից ենք խոսում, դուք` ձեր վերելակից:
Խեղճ ընտրողն ինչ անի, որ երբ ինքը գոնե մի քաղաքական մարդ էր փնտրում ու չէր գտնում փետրվարի 18-ին, էս անաստվածները քնած էին մնացել…
…Հիմա էլ արթնացել են ու արդարանալու փոխարեն` արթուն մնացածին են պատին դեմ տալիս:
Րաֆֆի Հովհաննիսյանին էլ թվաց, որ քաղաքային ընտրությունն իր Բարևի շարունակությունն է, բայց, չգիտես` ինչու, երևանցուն բարևելու փոխարեն` ընտրարշավի թեժ փուլում, գնացել էր մարզեր` փակ դռների առաջ մարզպետներից նեղսրտած հարցազրույցներ տալով:
Իրականում` «Բարևի հեղափոխությունը» մնաց փողոցում` Բաղրամյան փողոցի սկզբնամասում, երբ Րաֆֆին նրան թողեց անտեր` չգիտես ինչ խորհրդով այդ օրը Ծիծեռնակաբերդում մոմ վառելու պատրվակով:
«Առաքելության» ջահելներն էլ ժամանակ չունեցան կամ ֆանտազիա` կրեատիվ ինչ-որ բան ասելու, ընտրողին գարնան նոր շնչով գրավելու համար: Էս անգամ չստացվեց. Սպասենք նրանց հաջորդ առաքելությանը…
Շաբաթվա Վարկածները մշակեց Սուրեն Սուրենյանցը
Այսօր Ազատության հրապարակում նշանակված ՀՀԿ հանրահավաքը չի կայանալու: Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման որոշումը պայմանավորել է այն հանգամանքով, որ կուսակցության ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր, ըստ ժամանակացույցի, հինգ հանդիպում ունի մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, հետևաբար` հանրահավաքի անցկացումը նպատակահարմար չէ:
Համաձայնեք, որ այս պատճառաբաությունը զուտ տեխնիկական է և ոչ համոզիչ:
Ի վերջո, Տարոն Մարգարյանը կարող էր այդքան էներգիա չվատնել և Կենտրոնում հինգ փոքր հանդիպում ունենալու փոխարեն՝ անցկացներ մեկ մեծը՝ Ազատության հրապարակում:
Ավելի քան համոզված եմ, որ ՀՀԿ ամփոփիչ հանրահավաքը չեղյալ է հայտարարվել ավելի էական, գուցե՝ քաղաքական դրդրապատճառներով:
Օրինակ, ՀՀԿ-ում կարող են կանխատեսած լինել, որ հրապարակի մարդաշատությունը հնարավոր է ապահովել միայն վարչական ռեսուրսի օգնությամբ: Հետևաբար, որոշել են վարչական ռեսուրսն օգտագործել միայն մեկ անգամ և արդյունավետ՝ մայիսի 5-ին: Համ էլ՝ մամուլի գլխացավանքից կպրծնեն. Լրագրողները չեն գրի՝ էս ինչ դպրոցից աշակերտ էին բերել, այնինչ երթուղայինը միտինգավորներ էր բերում և այլն:
Անցած օրերին ՀԱԿ-ի, «Բարև Երևան» դաշինքի և ԲՀԿ-ի հանրահավաքները միօրինակ էին՝ քաղաքական նոր ասելիքի բաղկացուցիչից և զարգացման ռեսուրսից զուրկ: Չի բացառվում, որ Հանրապետականն այս համատեքստում վիճակն իր համար բարենպաստ է գնահատել ու հրաժարվել է հանրահավաքի անցկացումից:
Եվ վերջապես, հրապարակային միջոցառումը, հանրահավաքն արդյունավետ միջոց են, եթե թեկնածուդ օժտված է հրապարակային քաղաքական գործչի խարիզմայով, լիդերի հատկանիշներով: Համաձայնենք, որ Տարոնի մոտ այդ հատկանիշները բացակայում են, ըստ այդմ՝ մեծ հանրահավաքը նրան ոչինչ չէր տա, բայց կարող էր շատերի համար բացահայտ դարձնել գործող քաղաքապետի մոտ քաղաքական խարիզմայի բացակայությունը:
Ամեն դեպքում՝ արձանագրենք, որ ավարտվող ընտրարշավում Տարոն Մարգարյանը խուսափեց բանավեճերից, մեծ լսարան ունեցող միջոցառումնրից՝ շեշտը դնելով բակային հանդիպումների վրա: Այս առումով՝ նրա շտաբը արդյունավետ մարտավարություն էր ընտրել:
Սուրեն Սուրենյանց
Նյութի համար ընտրված դիպուկ վերնագիրը «գողացել» եմ ֆեյսբուքյան մի օգտատերից:
Երեկ Ազատության հարապարակում ԲՀԿ-ն` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, անցկացրել է հանրահավաք, որին մասնակցել է մոտ 8000 մարդ: Ոմանք պնդում են, որ հանրահավաքի մասնակիցներից շատերը բերվել են մարզերից: Գուցե նման պնդումները ճիշտ են, սակայն փաստ է, որ այս հանրահավաքն ամենաբազմամարդն էր ու կարճատևը Երևանի ավագանու ընտրական գործընթացում:
Սա հաղթաթուղթ կդառնա ԲՀԿ-ի համար` առնվազն ընդդիմադիր դաշտում իր լիդերությունն ընդգծելու համար: Մյուս կողմից` Գագիկ Ծառուկյանի թիմն իշխանությանն ի ցույց է դնում իր հզորությունը` հասկացնելով, որ հեշտությամբ դիրքերը չի զիջելու:
Կա այլ վարկած ևս, ըստ որի` երեկվա հանրահավաքի հարաբերական բազմամարդությունը նույնպես տեղավորվում է իշխանություն-Ծառուկյան պայմանավորվածությունների շրջանակում:
Քաղաքական առումով` հանրահավաքը զուրկ էր բովանդակությունից:
Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանն ասել են այն, ինչ լսել ենք մեկ ամիս շարունակ:
Գագիկ Ծառուկյանի խոսքն առհասարակ քաղաքական չի եղել: «Ես ոչ մեկի առաջ բարոյական պատասխանատվություն չունեմ, միայն ձեր առաջ, ժողովրդի առաջ»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը` հավանաբար ակնարկելով, թե իշխանության հետ ոչ մի ստվերային պայմանավորվածություն չունի:
Սա թերևս Ծառուկյանի միակ քաղաքական ակնարկն էր երեկվա հանրահավաքում:
Չգիտեմ` ԲՀԿ-ում ինչպես են գնահատում իրենց քարոզարշավը, սակայն դրա վերջին ակորդն այնքան էլ տպավորիչ չէր:
Ընտրարաշավի ակնհայտ հետնապահը` «Առաքելություն» կուսակցությունն, իր ընտրարաշավն ամփոփել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, Ազնավուրի հրապարակում` մի քանի տասնյակ համակիրների ներկայությամբ:
Կուսակցության ղեկավարները հանդես են եկել ընդդիմադիր դիրքերից, կրկին խոսել են իրենց ծրագրերի մասին:
Շատերն են հարցնում, թե ինչո՞ւ այս կուսակցությունը մասնակցեց ընտրարշավին` գրեթե վստահ լինելով, որ դրանում պարտվելու է: Իմ պատասխանը միանշանակ է` ճիշտ արեցին, որովհետև նախ` կուսակցության գործը հենց ընտրություններին մասնակցելն է, և երկրորդ` նորաստեղծ կուսակցությունը հաստատ այս ընտրարաշավի ժամանակ ձեռք բերեց համակիրներ, փորձ, որը օգտակար կլինի հաջորդ ընտրությունների համար:
Եթե, օրինակ, ԲՀԿ-ի համար այս ընտրությունների արդյունքները կարող են ճակատագրական լինել, ապա «Առաքելությունը» ձերբազատված է նման բարդույթներից:
Ամփոփիչ ասուլիսներ
Երեկ ամփոփիչ ասուլիսներ են տվել ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի համամասնական ցուցակների առաջին համարներ Վահագն Խաչատրյանը և Արմեն Ռուստամյանը:
Երկուսն էլ կարևորել են ընդդիմադիր հետընտրական կոալիցիայի ստեղծումն, ասել են, թե իրենց կուսակցությունները չեն հրաժարվի ավագանու մանդատներից` անկախ ընտրությունների արդյունքներից:
Ի դեպ, նույնաբովանդակ հայտարարություն է արել նաև «Բարև Երևանի» քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:
Ռուստամյանն ասել է նաև, որ Երևանին անհրաժեշտ է ունենալ ընդդիմադիր քաղաքապետ ու հավաստիացրել, որ Տարոն Մարգարյանը կպարտվի, եթե ընտրություններն օրինական լինեն:
Ի դեպ, Երևանի ավագանու ընտրությունների թեման է քննարկվել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման ժամանակ:
Ընտրախախտումներ
Երեկ Նոր Նորքի 5-րդ զանգվածում խոչընդոտել են «Բարև Երևան» դաշինքի քարոզարշավը: Կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆրայանն ասել է, թե իրենց երիտասարդներին խանգարողներն եղել են քրեական հեղինակություններ:
ՀԱԿ ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանն ահազանգել է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում արդեն գործի է դրվել ընտրակեղծարարության մեքենան և այդ համատեքստում հիշատակել է հանրապետական օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անունը:
Հանդիպումներ
Րաֆֆի Հովհաննիսյանը` «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչների հետ, երեկ քարոզարշավ է իրականացրել Ավան, Նոր Նորք, Արաբկիր համայնքներում:
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն էրեբունցիներին խոստացել է` պարբերաբար հաշվետու լինել նրանց: ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն այցելել է նաև Էրեբունի հնավայր:
ՕԵԿ-ի ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը հանդիպում է ունեցել պատերազմի վետերանների հետ:
Իսկ այսօր քարոզարշավի վերջին օրն է:
Սուրեն Սուրենյանց
Մի օրինաչափություն նկատե՞լ եք՝ երբ պաշտոնյաները պրոբլեմներ են ունենում, նրանք մի տեսակ հումանիստ են դառնում, գիտակցում են, որ բացի սահմանադրական պարտականություններից ու լիազորություններից՝ իրենք նաև հասարակական առաքելություն, գործառույթ ունեն:
Ներիշխանական հակասություների մասին մի քանի առիթով գրել եմ՝ արձանագրելով, որ նախագահական ընտրություններից և վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո՝ իշխանության բուրգում էապես թուլացել են խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի դիրքերը:
Վերջինս, ըստ էության, մեկուսացված է Երևանի ավագանու ընտրությունների գործընթացից:
Թերևս, նաև պարապությունը պարպելու նպատակով՝ Արգամիչն երեկ Եռաբլուրում ծառատունկ էր կազմակերպել՝ Երիտասարդական խորհրդարանի անդամների մասնակցությամբ:
Ծառերը տնկելուց հետո՝ ԱԺ նախագահը լրագրողների մի քանի հարցերի է պատասխանել:
Իբրև թե իշխանության միասնականության մասին է խոսել, սակայն տողատակում հասկացրել է, որ «վերևում» հակասություններ կան:
Լակոնիկ այս հարցազրույցում խորհրդարանի խոսնակն առնվազն երկու դրվագում հակադրվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օրերս հնչեցրած գնահատականներին:
Եթե ոստիկանապետն, անդրադառնալով Գյումրիի դեպքերին, խոսել է կոնկրետ կլանների մասին՝ չշրջանցելով նաև նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ապա պարոն Աբրահամյանն երեկ ասել է. «Եվ ընդհանրապես, Վարդան Ղուկասյանը, որ աշխատել է քաղաքապետ, Դուք գիտեք, որ քաղաքապետ ընտրվում է, չի նշանակվում, և գյումրեցիներն են ընտրել, ինքը վատ չի աշխատել, եկեղեցիներ է կառուցել, գեղեցիկ քաղաքապետարանի շենք է կառուցել և համոզված եմ, որ Վարդանը Ղուկասյանը վատ չի աշխատել»:
Հաջորդ նախադասության մեջ Հովիկ Աբրահամյանը կասկածի տակ է դրել ոստիկանապետի այն պնդումը, թե Գյումրիի դեպքերի հետ կապված՝ իր տեղակալին զանգել են ԱԺ պատգամավորներ՝ միջնորդական առաքելությամբ:
«Չեմ կարծում, որ նման պատգամավորներ կլինեն»,- կարճ կոնկրետ կապել է ԱԺ նախագահը:
Հովիկ Աբրահամյանի նեղսրտության պատճառն ինքնին հասկանալի է. ոստիկանության կոնկրետ գործողությունների թիրախ են դառնում իր մերձավորները: Գյումրիի երկու կլաններում էլ ԱԺ նախագահը հարազատներ ունի:
Գաղտնիք չէ, որ Վարդանիկի քաղաքական տանիքը տարիներ շարունակ եղել է հենց պարոն Աբրահամյանը:
Նրա համար օտար մարդ չէ նաև Մարտունիկ Գրիգորյանը, որը պետության երկրորդ դեմքի խնամու՝ Գագիկ Ծառուկայանի մերձավոր շրջապատից է:
Սրան գումարեք նաև շրջանառվող ասեկոսեներն այն մասին, որ օրերս՝ մի շարք քրեական հեղինակությունների հետ միասին, ոստիկանություն բերման է ենթարկվել նաև Աբրահամյանի փեսան:
Հովիկ Աբրահամյանը նյարդանանալու այլ պատճառ էլ ունի. նա, ոչ առանց հիմքերի, մտածում է, որ Հանրապետականի ջահելները չեն սահմանափակվի միայն Տարոնի «գեղեցիկ» ընտրարաշավը կազմակերպելով: Ավելի ստույգ, այդ ընտրարաշավի հաջող կազմակերպումն էապես կբացի ջահելների ախորժակը, և նրանք իշխանության ավելի մեծ փայի վրա աչք կդնեն:
Իսկ իշխանություն կոչվող կերակրատաշտը սահմանափակ հնարավորություններ ունի. եթե ոմանց ախորժակը բացվում է, մյուսները պետք է դիետայի անցնեն:
Սուրեն Սուրենյանց
Երեկ Հատուկ Քննչական Ծառայությունը հաստատեց այն, ինչի մասին շաբաթներ շարունակ գրում էր մամուլը. Ոստիականության համակարգում գործել է բարձրաստիճան սպաների խումբ, որը զբաղված է եղել անօրինական գորոծունեությամբ:
ՀՔԾ հաղորդագրության մեջ ասված է. «2013թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ դեպքերի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքիի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ կազմակերպված խմբի կողմից շորթում, և 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ վաշխառություն»:
ՀՔԾ-ն առայժմ անուններ կամ կոնկրետ հանգամանքներ չի նշում՝ հղում անելով նախաքննության գաղտնիությանը:
Կասկածից վեր է, սակայն, որ մոտ ապագայում ԱԱԾ-ի մեկուսարանում կավելանա «էլիտար» ոստիկանների թիվը: Ըստ ամենայնի, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության հարցում ծանրակշիռ դեր է խաղացել հենց հիշատակվող ֆինանսական բուրգին նրա մասնակցությունը:
Ասում են, որ առաջիկա օրերին, նույն պատճառով, պաշտոնանկ կարվի նաև Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, որն, ի դեպ, ազգակցական կապեր ունի Նազարյանի հետ:
Այս պատմությունը շատ նման է Ռուսաստանի ՊՆ-ում ֆինանսական չարաշահումների արդեն բացահայտված գործին: Դրա արդյունքում՝ նախարար Անատոլի Սերդյուկովը, որը բավական ազդեցիկ կլանի ներակայացուցիչ էր, պաշտոնանկ արվեց:
Հայաստանի ոստիկանապետին պաշտոնանկության վտանգ չի սպառնում: Հենց միայն այն պատճառով, որ նրա գործուն ջանքերով է բացահայտվել ֆինանսական բուրգը: Ակնհայտ է, որ ոստիկանության համակարգում ստվերային այս կառույցը ստեղծվել և գործել է Գասպարյանի պաշտոնավարումից առաջ, գուցե՝ Ալիկ Սարգսյանի, կամ նույնիսկ՝ Հայկ Հարությունյանի պաշտոնավարման տարիներին:
Արդյո՞ք ոստիկանության հիշատակված պետերը տեղյակ են եղել կամ մասնակից են այդ կառույցին, թե՞ կառույցի ենթադրյալ և մամուլում հիշատակվող անուններն ավելի բարձր տանիք են ունեցել քաղաքական իշխանության կամ օլիգարխիայի շրջանակներում: Արդյո՞ք նախաքննությունը կսահմանափակվի միայն ոստիկանության ներսի բացահայտումներով, թե՞ ավելի «վերև» կգնա:
Նայած՝ ինչ կորոշի Սերժ Սարգսյանը:
Եթե որոշեն աղբը դուրս չհանել ոստիկանության ներսից, կադրային փոփոխությունների նոր ալիք պետք է սպասել հենց այս գերատեսչությունում: Ընդ որում, ըստ ամենայնի, ոմանք հրաժեշտ կտան ոչ միայն ոստիկանությանը, այլ նաև՝ ազատությանը: Գոնե՝ առժամանակ:
Սակայն՝ հայտնի է, որ ֆինանսական բուրգի ենթադրյալ կոորդինատոր Ներսիկ Նազարյանը հաճախ չի ենթարկվել իր վերադասին՝ «թիկունք» փնտրելով «վերևներում»:
Ըստ այդմ՝ չի բացառվում, որ նախագահ Սարգսյանն այս քրեական գործն օգտագործի ավելի գլոբալ՝ քաղաքական նշանակության, փոփոխություններ կատարելու համար:
Մանավանդ որ՝ հասարակության մի զգալի հատված սպասելիքներ ունի, որ իր պաշտոնավարման երկրորդ փուլում նախագահը համակարգային բարեփոխումներ է իրականացնելու:
Սուրեն Սուրենյանց
Երկու տարի առաջ իմ նախաձեռնությամբ հանդիպեցի վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Մեր մասնավոր զրույցի թեման՝ առաջնահերթ խնդիրների օրակարգի ձևակերպումը և այդ գործընթացում հասարակական ակտիվ խմբերի, փորձագիտական մտքի ներգարվումն էր:
Կարծես թե՝ վարչապետը գիտակցում և կարևորում էր իշխանություն-հսարակություն-փորձագիտական ինստիտուտ փոխադարձ կապը:
Այսօր, երբ «Վարկած» ակումբում հյուրընկալել էի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին, հասկացա, որ ոչինչ չի փոխվել, մենք դոփում ենք նույն տեղում. իշխանությունը շարունակում է գործել հանրային վերահսկողությունից դուրս, անտեսում է մասնագիտական եզրակացությունները:
Առհասարակ, հասարակությունն իշխանության քաղաքականության վրա կարող է ազդել մի քանի եղանակով:
Երկրի կուրսը հաստատելու կամ փոփոխելու ամենաարդյունավետ ձևը, գոնե քաղաքակիրթ աշխարհում, ընտրություններն են: Հայաստանում, սակայն, այդ ինստիտուտի նկատմամբ առկա է հասարակության անվստահություն: Մեկ է կեղծելու են՝ սա է, դժբախտաբար, մեր հայրենակիցների գերակշիռ մասի կարծիքը:
Գլոբալ հարցերի վերաբերյալ մեզանում հանրաքվեներ գրեթե չեն անցկացվում, որովհետև հասարակության կամարտահայտման այդ միջոցի իրացումը սահմանադրորեն տրված է պետական մի քանի սուբյեկտների:
Իշխանությունը չի ստեղծել հարթակներ, որոնցում փորձի երկխոսել փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ասել կուզի՝ «վերևների» և «ներքևների» փոխադարձ կապը չի գործում:
Բողոքի զանգվածային կամ լոկալ ակցիաները կարող են լուծել մասնավոր հարցեր, օրինակ՝ Մաշտոցի պուրակի բուտիկների հարցը, բայց գլոբալ խնդիրների վրա ազդեցություն չեն ունենում: Օրինակ, բողոքի որևէ ակցիա չխանգարեց, որ պատմամաշակութային բացառիկ արժեք Փակ շուկայի ճարտարապետական տեսքը «հարմարեցվի» դրա սեփականատիրոջ, մեղմ ասած, ոչ բարձր ճաշակին:
Մկրտիչ Մինասյանին վաղուց եմ ճանաչում. պոֆեսիոնալ, իմ ճանաչած ամենապարկեշտ մտավորականներից մեկը:
Մարդն անընդհատ ահազանգում է, ասում է, որ չի կարելի քանդել Փակ շուկան, փաստարկներ է բերում «Զվարթնոցի» շենքի պահպանման օգտին:
Ասողին՝ լսող է պետք:
«Վերևները» խլացել են կամ նրանց խլացրել են օլիգարխներն՝ իրենց հարուստ դրամապանակներով:
«Զվարթնոցի» շենքը չի քանդվի այսօր, վաղը դրա երաշխիքն ոչ ոք չունի, մանավանդ որ՝ առաջիկա չորս տարիներին Հայաստանում ընտրություններ չկան, ու իշխանությունները, նույնիսկ ձևականորեն, հասարակությանը սիրաշահելու խնդիր չունեն:
Մասնագետները հոգնելու են, հիասթափվելու են ու նույնիսկ խնդիրներ բարձրացնելու ցանկություն չեն ունենալու:
Հասարակության փոքրաթիվ ակտիվիստների պայքարը կապահովի դեմոկրատիայի և քաղացիականության վարագույրը, սակայն գլոբալ խնդիրները կմնան անլուծելի:
…Արդյունքում՝ մենք կորցնում ենք մեր հին Երևանը՝ առանց նորն ունենալու: Այսպես, որ շարունակվի՝ վաղը մի օլիգարխ էլ կարող է որոշել, որ Օպերայի շենքն ամենահարմարն է՝ գիշերային ակումբ, կազինո կամ սուպերմարկետ կառուցելու համար…
Սուրեն Սուրենյանց
Հ.Գ. Ի դեպ, Մոնումենտի բարձրունքում Երիատասարդական պալատը գուցե պատմամաշակութային շինություն չէր, բայց աբողջացնում էր մեր հուշերի գեղեցիկ քաղաքը: Այն քանդվեց՝ խոստումով, որ տեղում կկառուցվի համարժեք, շատ ավելի շքեղ ու ժամանակակից շինություն: «Ավելի շքեղ ու ժամանակակից շինությունը» մնաց թղթի վրա. այդ տեղում հիմա վեր են խոյանում մի քանի դղյակներ, որոնցից մեկը, ըստ հավաստի աղբյուրների, պատկանում է Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային: Այդ մասին ավելի հանգամանալից կխոսենք առաջիկայում:
Այնպես ստացվեց, որ այս տարի Ապրիլի 24-ին թուրք քաղաքական գործիչների հանդիպեցի:
Առիթը` Պետրոս Ղազարյանի հաղորդմանը մասնակցելս էր, նրանք էլ էին այնտեղ: Թուրքական ինչ-որ ձախ կուսակության ներկայացուցիչներ էին` Ցեղասպանությունը դատապարտած, իրենց ժողովրդի պատմության ամոթալի էջի հետ համարձակորեն և արժանապատվորեն առերեսված:
Այդ մարդիկ թուրքական քաղաքական կյանքում այն կշիռը չունեն, որ ասենք, առաջիկա հինգ տարում կամ թեկուզ` տասնամյակում, պետական քաղաքականություն մշակելու և իրականացնելու հավակնություն, իրավունք ունենան:
Բայց նրանք ազդում են հասարակական տրամադրությունների վրա, հարևան երկրում ավելանում է մարդկանց թիվը, ովքեր առնվազն ճշմարտությունն են ուզում իմանալ: Նույնիսկ թուրքական խորհրդարանում ամեն բան չէ. որ միատոն է: Այնտեղ որոշ պատգամավորներ, ճիշտ է`առայժմ միայն ազգությամբ քուրդ, բարձրացնում են Հայոց ցեղասպանության հարցը:
Այս երկար նախաբանն իրականում` ոչ թե թուրքերի, այլ մեր, մեզանից յուրաքանչյուրի օրակարգը, անելիքը ճշտելու համար է գրված:
Ասել կուզի` պատմությունը` պատմություն, հատուցումը` հատուցում, ոճիրին` պատիժ, բայց կյանքը շարունակվում է. ոչ Թուրքիան է այստեղից գնալու, ոչ էլ` մենք: Աստծո կամոք` մենք հարևաններ ենք, իսկ հարևանների տևական անհաշտությունը, մեղմ ասած, լավ բան չի խոստանում:
Ժամանակն է գիտակցել, որ Ապրիլի 24-ը հոխարտանքի, պոռոտախոսության օր չէ, թուրքին այդ օրը քրֆելը` ազգային և անձնական ինքնադրսևորման հարմար առիթ չէ:
Ապրիլի 24-ը կարելի ու անհրաժեշտ է դարձնել ազգային միասնության օր: Վերամբարձ, հայդատական, էմոցիոնալ, վիրտուալ իմաստով չեմ ասում: Ազգային միասնություն` այն իմաստով, որ բոլորս համաձայնենք մտածել, խորհել` մեր երկրի ընթացքի, կոտորվածի բարդույթը, սգալու հավերժությունը հաղթահարելու, սեփական քաղաքակիրթ ԵՍ-ով աշխարհին ներկայանալու համար:
Ապրիլի 24-ին քաղաքական կամ ազգային հարթության մեջ արգելված թեմաներ, տաբուներ չպետք է լինեն: Թուրքի հարյուրամյա գազանությունը չի վերացնում նաև մեր սխալի, թերացման բացահայտման անհրաժեշտությունը: Թուրքիայի այսօրվա ղեկավարության ապակառուցողականությունը չի ենթադրում, որ մենք պետք է դադարեցնենք մեր ջանքերը` հայ-թուրքական բաժանարար գիծը թափանցիկ սահման դարձնելու ուղղությամբ:
Ֆեյսբուքյան մի օգտատերի առաջարկ, գուցե, շատ է պարզունակ, բայց իր մեջ ռացիոնալ, լուսավոր մի բան է պարունակում. մարդն առաջարկում է ապրիլի 24-ին մի արկղ դնել Ծիծեռնակաբերդում, որպեսզի յուրաքանչյուր այցելու, մարդ, քաղաքացի իր ծրարը թողնի այնտեղ: Քաղաքացու ծրարը, գրառումը պետք է բովանդակություն ունենան, ասելիք, թե ինչ ենք անելու յուրաքանչյուրս ապագա մեկ տարում` մեր հայրենիքի համար, կոնկրետ` առանց զեղումների, առանց ` թուրքի մորը հիշելու կամ` Էրգրի կարոտը քաշելու:
Ապրիլի 24-ը նաև բռնությունը դատապարտելու խորհուրդ դաս ունի: Վախենամ` դա էլ մինչև վերջ չենք հասկացել, համենայն դեպս` վարքագիծ չենք դարձրել, մանավանդ` մեր ներքին կյանքում, հանրային հարաբերություններում:
Հաճախ ինձ թվում է` մենք ոչ թե անարդարության դեմ ենք պայքարում այլ ուզում ենք, որ էդ անարդարն ու ուրիշին կեղեքողը մենք լինենք:
Կամ էլ նայեք մեր էսօրվա ջահելներին, որոնց իդեալը ոչ թե Վիկտոր Համբարձումյանն է(շատերն անունը չեն էլ լսել), այլ` սերիալի մաֆիոզները, նրանց հաստավիզ քիլլեր շները:
Անցյալ շաբաթ սերիալային կյանքը «վայրէջք» կատարեց Գյումրի:
Էլի նույն հանցագործ դեմքերը` բացահայտ ու ստվերում թաքնված, էլի կրակոցներ, հորը կորցրած երկու որբուկներ, վենդետայի վտանգ…
Էդ կլանները, իրար վրա հարձակվող, իրար սպանող ու հոշոտող ճիճուները երկնքից չեն ընկել: Նրանց տարիներով աճեցրել են, նրանց հանցագործ լինելը քողարկել են քաղաքապետի աթոռով ու պարգամավորի մանդատով: Ու հանցագործությանը կազմակերպված տեսք, կարելի է ասել` պետական գրանցում են տվել:
Այս թափթփուկների ծառայություններից տարիներ շարունակ իշխանությունն օգտվել է. նրանք են քվեարկություն կեղծողը, ընդդիմադիր ահաբեկողը, ճիշտ խոսացողի բերանին եկողը: Իր ցանկացած քստմնելի ծառայություն էս խուժանը պետության վրա ծախել է` նոր հանցագործություն անելու ինդուլգենցիա ստանալու նպատակով:
Հիմա պետությունը, կարծես թե, իր քաղաքականությունը վերանայել է ուզում, համենայն դեպս` հրապարակավ պայքար է հայտարարված օլիգարխիայի, կրիմինալի դեմ: Տա Աստված` ճիշտ լինի, գեղեցիկ խոսքերը չդառնան դառը իրականության սփոփանք:
Այս համատեքստում` հատկապես կարևորվում է ոստիկանության դերը:
Վլադիմիր Գասպարյանի վարքագիծը, խոսքերը հուսադրող են:
Բայց կարևոր մի հանգամանք կա, որի մասին ուզում եմ խոսել` գործին օգնելու նպատակով:
Գասպարյանն, անշուշտ, խարիզմատիկ կերպար է, շատերի համար` ընկալելի ու ընդունելի, սակայն չափազանց կարևոր է, որպեսզի ոստիկանության գործողությունների հիմքում ընկած լինի ոչ թե նրա անձնական հեղինակությունը, այլ` ինստիտուտի գործոնը: Այլ խոսքով` Գասպարյանը, եթե ձգտում է բարեփոխումների, պետք է իր անձնական հեղինակությունն օգտագործի` ոստիկանությանն ինստիտուցիոնալ նոր հարթության վրա բարձրացնելու համար: Միայն այս դեպքում` ոստիկանության գործողություններն կլինեն լեգալ, լեգիտիմ, գործողության արդյունքները` անշրջելի:
Այլապես, ժամանակին Վանոն էլ պայքարում էր հանցագործների դեմ: Պայքարի հիմքում` բացառապես Վանոյի հեղինակությունն էր, խարիզման:
Դա էր պատճառը, որ Վանոյից հետո հանցագործ աշխարհը ռեստավրացիայի ենթարկվեց, տարիներ առաջ ահից մկան ծակը հազար թումանով առնող «հեղինակությունները» հետո դարձյալ ջրի երես դուրս եկան` ծաղրելով անհայտություններում դեգերող Վանոյին:
Հուսանք, Վովան կունենա Վանոյի համարձակությունը, բայց չի կրկնի նրա սխալները…
Շաբաթվա Վարկածները մշակեց Սուրեն Սուրենյանցը
Հայաստանի իշխանությունն, ինչպես աշխարհի ցանկացած երկրում, այնքան միատարր չէ՝ ինչքան կարող է թվալ դրսից:
Ավելի շուտ, այդ իշխանությունը դառնում է կուռ բուրգ այն դեպքերում, երբ իշխանափոխության վտանգ է առաջանում, ասենք՝ ընտրությունների կամ բողոքի զանգվածային ակցիայի հետևանքով:
Երբ ընդդիմության բողոքի ակցիաները ճնշվում են, սովորաբար մեծ կշիռ են ստանում ուժայինները: Հայաստանում այդպես է եղել 1996, 2004 և 2008 թթ-ի իրադարձություններից հետո:
Ընտրությունների արդյունքում՝ շատ ավելի «քաղաքակիրթ» տարբերակով է տեղի ունենում իշխանությանը մաս կազմող խմբավորումների, կլանների ուժերի հարաբերակցության բաժանումը:
Օրինակ, բոլորը խոսում էին, որ Տիգրան Սարգայանը պաշտոնանկ է արվելու, բայց նա վարչապետ նշանակվեց, և, ըստ ամենայնի, նրա ձեռքերը հիմա շատ ավելի ազատ են լինելու, որովհետև երկրում ձևավորվել են հակաօլիգարխիկ տրամադրություններ: Այդ տրամադրությունները գործող վարչապետի սրտով են՝ ոչ այնքան այն պատճառով, որ նա լիբերալիզմի ջերմեռանդ երկրպագու է: Հաշվարկը շատ ավելի սառն է՝ զուրկ գաղափարական կամ էմոցիոնալ շղարշից. ուժեղ օլիգարխիկ համակարգի պարագայում՝ երկրում գործում է, այսպես կոչված, ստվերային կառավարություն, որն էլ իրականում ղեկավարում է տնտեսությունը՝ օլիգարխիայի ճաշակով:
Հովիկ Աբրահամյանը կպահպանի իր պաշտոնը, սակայն ավելի սահմանափակ ազդեցություն կունենա «պոլիտբյուրոյում»: Նրա խնամի Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի գործոնն այլևս ՀՀԿ-ի կողմից առանձնապես չեն կարևորվում: Ըստ այդմ՝ գրեթե կանխատեսելի է, որ Աբրահամյանի մի քանի մերձավորներ, մասնավորապես՝ մեկ-երկու մարզպետ, շուտով հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:
Նախագահ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանն՝ իր երիտասարդների թիմով, նույնպես զիջում է երբեմնի ազդեցիկ դիրքերը, ըստ երևույթին՝ այն պատճառով, որ նախագահական քարոզարշավի ժամանակ չկարողացավ բարձրացնել «պատվիրված քաշը»:
Միշիկը կմնա իշխանության բուրգում, սակայն դա ավելի շատ խորհրդանշական բնույթ կունենա. Վատիկանից դժվար կլինի վերահսկել երևանյան քաղաքական անցուդարձը:
Այս առումով՝ Սերժ Սարգսյանը կիրառեց մի տակտիկա, որը ժամանակին հոգեհարազատ էր Վազգեն Սարգսյանին: Նա համարում էր, որ գեներալներ Մանվելն ու Սեյրանը բանակին պետք են, սակայն ամեն կերպ սահմանափակում էր վերջիններիս ազդեցությունը քաղաքական կյանքում, ըստ այդմ՝ նրանց նշանակում էր կորպուսի հրամանատարներ՝ մայրաքաղաքից հարյուրավոր կիլոմետրեր հեռու:
Ի դեպ, Մ. Մինասյանի դիրքերի թուլացումն արդեն առարկայական դրսևորում է ունենում նրա թիմի վրա:
Երեկ աշխատանքից ազատվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» տնօրեն Արա Հովսեփյանը՝ Միշիկի կողմից վերահսկվող ՄԻԱԿ-ի առանցքային դեմքերից մեկը:
Ֆորմալ առումով՝ Հովսեփյանի ազատման հրամանը տվել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Եվ հաստատ նախարարն այդ հրամանը ստորագրել է մեծ հաճույքով, որովհետև, մեծ հաշվով, Բեգլարյանը հենց «Մինասյան+ընկերներ» խմբին է «պարտական»՝ քաղաքապետի պաշտոնը կորցնելու հարցում:
Մյուս կողմից՝ հասկանալի է, որ նման «յուղոտ» պաշտոնի պարագայում՝ նախարարը չէր կարող միանձնյա որոշումներ կայացնել՝ առանց Բաղրամյան 26-ի համաձայնության:
Մինասյանի մեկ այլ թիմակցի՝ Նաիրա Կարապետյանի գործերն ԱԺ էթիկայի հանձնաժողովում են: Գուցե սա էլ պատահական չէ:
Մի խոսքով՝ հայաստանյան ընտրությունները դարձել են ինդիկատոր՝ ոչ այնքան հասարակական տրամադրությունները պարզելու, որքան՝ ներիշխանական նոր դասավորորությունն ուրվագծելու համար:
Սուրեն Սուրենյանց
Իմ համար «Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն» երկընտրանքն օրակարգային չէ:
Եվ ոչ միայն այն պատճառով, որ եվրոպական արժեհամարգը ես համարում եմ ամենակենսունակը՝ մեր երկրի զարգացման տեսանկյունից:
Այլ նաև այն պատճառով, որ ես ինձ ռացիոնալ մարդ եմ համարում և չեմ կարող ընտրություն կատարել եղածի և գոյություն չունեցող ինչ-որ բանի միջև:
Եվրամիությունը տասնամյակների կենսագրություն ունի, ստեղծել է գործիքներ, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը, նույնիսկ՝ համաշխարհային ճգնաժամի պայմաններում: Շատերը, ովքեր դեմ են Հայաստանի եվրաինտեգրմանը, մատնացույց են անում Հունաստանի, Կիպրոսի, Իսպանիայի անմխիթար վիճակը: Բայց արդյո՞ք այս երկրների տնտեսական աղետն ավելի խոշորամասշտաբ և անհաղթահարելի չէր լինի, եթե նրանք եվրոպական ընտանիքի անդամներ չլինեին:
Իսկ Եվրասիականությունն առայժմ ընդամնեը նախագիծ է, իդեա, կարելի է ասել նաև ցանկություն, որի միջոցով քաղաքական լեգիտիմությունից զրկվող Վլադիմիր Պուտինը փորձում է քաղաքակիթ տեսք տալ ռուսական նեոկայսերապաշտությանը:
Որևէ բանական մարդ, բնականաբար, չի կարող այս պարագայում համեմատության եզրեր անգամ տանել ԵՄ-ի և Եվրասիական միության միջև:
Վերջին սոցիոլագիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության գերակշիռ մասը Եվրամիությանը համարում է հուսալի գործընկեր:
Ռուսներին այս վիճակը դուր գալ չի կարող: Նրանք հակաքայլեր են ձեռնարկում: Դրանց արդյունավետության մասին առայժմ դժվար է խոսել, սակայն՝ դատելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանի այսօրվա մի ելույթից, կարելի է եզրակացության գալ: Գոնե՝ նախնական:
Ցավոք, ռուսները դարձյալ գործում են իռացիոնալ հարթության մեջ: Նրանք իրենց քաղաքական նախագծերը փորձում են առաջ տանել՝ ոչ թե դրանց դրական կողմերը մատնանշելով, այլ՝ մյուսներինը քննադատելու, սևացնելու հաշվին:
Այսօր հարգարժան դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ելույթ է ունեցել Երևանում մեկնարկած եվրասիական երիտասարդական համաժողովին: Նա քննադատել է Եվրամիության հռչակած «ավելին՝ ավելինի դիմաց» սկզբունքն և ասել է. «Մենք կարծում ենք, որ այդ մոտեցումը ճիշտ չէ։ Յուրաքանչյուրն ազատ է իր ճակատագիրը տնօրինելու հարցում, ազատ է ապրել այնպես, ինչպես ցանկանում է, հետևել իր նախնիների պատվիրաններին, հարգել իր սովորույթները, ընտանեկան կենցաղավարությունը։ Ես չեմ կարծում, որ երբևէ Հայաստանում կամ այլ երկրներում, որի ներկայացուցիչներն այստեղ են, դուք կողմ կքվեարկեք նույնասեռ ամուսնություններին՝ որպես եվրոպական քաղաքակրթության արժեք»:
Եթե այս խոսքերը պատկանեին քաղաքականությունից և դիվանագիտությունից հեռու մեկին, մի կերպ կարելի էր հասկանալ:
Մի քիչ դժվար է պատկերացնել, որ դիվանագետը, ակնհայտ քարոզչական նպատակներով, կարող է այսպես խեղաթյուրել ամեն բան, իր պատկերացումները ներկայացնել որպես իրականություն: Տգեղ է, երբ դիվանագետի խոսքի կառուցվածքն անգամ ակնհայտ մանիպուլյացիայի հետևանք է:
Երբ եվրոպացիները առաջ են քաշում «ավելին՝ ավելինի դիմաց» սկզբունքը՝ դրա հիմքում ընկած է խրախուսման գաղափարը: Այսինքն, ինչքան որևէ երկրում քաղաքական, տնտեսական, սոցիալական բարեփոխումները խորքային լինեն՝ այնքան ավելի մեծ կլինի նույն այդ երկրի՝ եվրոինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու աստիճանը, հեռանկարը: Այս ամենը պարտադրանք համարելը՝ առնվազն լուրջ չէ:
Իսկ ի՞նչ է սրան հակադրում Կրեմլը, երբ հետխորհրդային որևէ երկրի փորձում է մասնակից դարձնել ինտեգրացիոն որևէ նախագծի: Այս պարագայում՝ ռացիոնալիզմը գրեթե բացակայում է, գործի են դրվում ճնշման, հարկադրանքի բոլոր գործիքները. էներգոռեսուրսներից սկսած՝ մինչև բացահայտ շանտաժ:
Հարգարժան դեսպանի ելույթի մյուս մասին անդրադառնալը՝ նույնիսկ կարելի է ժամանակի վատնում համարել: Անգամ քաղաքականությունից հեռու հայաստանցին շատ լավ գիտի, որ եվրոպական արժեքների նույնացումը միասեռականության հետ՝ բնորոշ է մարդկանց, ովքեր բովանդակային ասելիքի պրոբլեմ ունեն:
Մի խոսքով՝ պարոն Կովալենկոն եկավ քարոզոլու եվրասիականությունը, սակայն նրա խոսքն ավելի շատ հակաքարոզչության էր նման:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.