23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սիրիան կանգնած է հումանիտար աղետի առաջ: Ավելի քան երկու տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը խլել է տասնյակ հազարավոր մարդկանց կյանք: ՄԱԿ-ի փորձագետները նշում են 70000, տեղական դիտորդները` 100000 զոհերի մասին:
Սիրական ճգնաժամը վաղուց դուրս է եկել այդ երկրի աշխարհագրական սահմաններից և իր հորձանուտում ներառում է տարածաշրջանի նորանոր երկրների:
Խոսքը միայն այն մասին չէ, որ արաբական այդ երկրին սահմանակից պետություններում ապաստանել են տասնյակ հազարավոր սիրիացի փախստականներ` քաղաքական և սոցիալական լարվածության օջախներ ձևավորելով:
Օրինակ, Իսրայելը մտահոգ է իր անվտանգության խնդիրներով և օրեր առաջ հիթիռակոծեց Սիրիայի տարածքը` ուղղակիորեն ներքաշվելով հակամարտության մեջ:
Շաբաթ օրը սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող Թուրքիայի Ռեյհանլի քաղաքում՝ քաղաքապետարանի ու փոստի շենքի մոտ, երկու պայթյուններ էին որոտացել: Վերջին տվյալներով զոհվել է 42, տուժել 140 մարդ, որից 20-ը գտնվում են ծանր վիճակում: Թուրքիան իրեն իրավունք է վերապահում կատարել «ցանկացած պատասխան միջոցառումներ»: Ընդ որում, Անկարան արդեն հայտարարել է, որ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատու է համարում Սիրիայի կառավարությանը: Դամասկոսը հերքել է այս մեղադրանքները, սակայն աշխարհում շատ քչերն են հավատում Ասադի ռեժիմի անկեղծությանը:
Մանավանդ այն բանից հետո, որ մի շարք արևմտյան մայրաքաղաքներում համոզված պնդում են, որ Բաշարի կողմնակիցները քիմիական զենք են օգտագործել ընդդիմադիր խմբավորումների և ժողովրդի դեմ:
Միևնույն ժամանակ, արևմուտքում անհանգստություն է պատճառում այն հանգամանքը, որ ընդդիմադիր ճամբարում գնալով ավելանում են արմատական իսլամի կողմնակիցները: Հակադրության շարունակությունը հետին պլան է մղում ավելի չափավոր ընդդիմադիրների, ովքեր սիրիական ճգնաժամի խնդրի լուծումը չեն բացառում բանակցությունների ճանապարհով:
Միջազգային մի շարք կազմակերպությունների, արևմտյան ու արաբական երկրների կիրառած պատժամիջոցները, կարծես թե, իրենց բավարար ազդեցությունը չեն ունենում. Ասադի ռեժիմը շարունակում է դիմադրությունը, դեռ ավելին` խոսում է ընդդիմադիր խմբավորումներից երկիրն ազատելու վճռականության մասին:
Թերևս նաև սա է պատճառը, որ Վաշինգտոնում նպատակահարմար են համարել սիրիական ճգնաժամի խնդիրը քննարկել Ասադի հիմնական դաշնակցի` Ռուսաստանի իշխանության հետ: Թեև մի քանի փորձագետներ կարծիք են հայտնել, որ արևմուտքում գերագնահատում են Մոսկվայի ազդեցությունը Սիրիայի իշխանության վրա:
Ինչևէ, անցյալ շաբաթվա ընթացքում` Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հետ:
Այդ հանդիպումների արդյունքը հուսադրող է` պայմանավորավածություն է ձեռք բերվել` մինչև մայիսի վերջը Սիրիայի հարցով համաժողով հրավիրելու շուրջ: Հիմք են ընդունվելու ժնևյան համաձայնությունները, որոնք կայացվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ և արաբական մի շարք պետությունների միջև:
Նման համաձայնությունը խոսում է երկու հանգամանքի մասին.
Առաջին. արևմուտքում հասկացել են, որ սիրական ճգնաժամի հաղթահարման լավագույն դեղատոմսը` Մոսկվայի հետ համաձայնության գալն է:
Երկրորդ. Մոսկվայում հաշտվել են Բաշար Ասադի ռեժիմի անկման անխուսափելիության հետ և փորձում են` խաղարկելով այդ գործոնը, լուծել տարածաշրջանում իրենց ազդեցությունը պահպանելու խնդիրը. հիշեցնենք, որ Միջերկրական ծովում է գտնվում ռուսական ռազմածովային բազան:
Ի դեպ, Ասադի ռեժիմի մյուս հովանավորը` Իրանը, կարծես թե, կանխատեսում է միջազգային համաժողովի հնարավոր դրական որոշումը և շտապել է հայտարարել` դրան իր մասնակցության նպատակահարմարության մասին:
Այսքանով հանդերձ` դժվար է պնդել, որ մինչև մայիսի վերջը հնարավոր կդառնա միջազգային համաժողովի հրավիրումը:
Նախաձեռնողները, մասնավորապես` ԱՄՆ-ն և Ռուսաստանը, տարբեր կարծիքներ ունեն համաժողովի սիրիական ներկայացվածության, հետևաբար` Սիրիայի անցումային կառավարության ձևաչափի մասին:
Եթե Մոսկվայում կարևորում են իշխանության և մասնավորապես` Ասադի անձնական մասնակցությունն անցումային կառավարությանը, մի խոսքով` Սիրիայում իշխանության ձևավորման քաղաքական ժառանգականության սկզբունքը, ապա այլ կարծիքի են Վաշինգտոնում:
«Բանակցությունների սեղանի շուրջ նստող մարդիկ պետք է ընդունեն, որ Սիրիայի անցումային կառավարությունում Ասադը տեղ չունի, քանի որ ըստ Ժնևի առաջին կոնֆերանսի համաձայնագրի պայմանների՝ անցումային կառավարությունը պետք է ձևավորվի երկու կողմերի փոխհամաձայնությամբ: Ակնհայտ է, որ ընդդիմությունը երբեք չի համաձայնի, որ այնտեղ լինի Ասադը»,- նշել է պետքարտուղար Քերրին:
Սիրիական խնդրով համաժողովի հրավիրմանը կարող են խոչընդոտել նաև` Սիրիա ռուսական զինտեխնիկայի մատակարարման մասին լուրերը:
Օրերս Իսրայելը Ռուսաստանին մեղադրել է Սիրիային C-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերով ապահովելու համար, հայտարարելով, որ 900 մլն դոլար արժողությամբ գործարքը նրանց միջև արդեն կնքվել է, և առաջին մատակարարումները Դամասկոս կհասնեն արդեն առաջիկա 3 ամիսների ընթացքում:
Փաստի առթիվ մտահոգություններ է հայտնել Սպիտակ տունը:
Ավելորդ է ասել, որ C-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարումը Ասադի վարչախմբին` միանգամայն նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում` գրեթե անխուսափելի դարձնելով խոշորամասշտաբ պատերազմի սանձազերծումը:
Ի դեպ, ԱՄՆ-ի և Իսրայելի մեղադրանքներին` Մոսկվան առայժմ ընդհանուր բնույթի պատասխաններ է տալիս` խուսափելով որոշակիությունից:
Այնուամենայնիվ, հուսանք, որ սիրական հարցում միջազգային կոնսենսուս հնարավոր է: Դա խաղաղություն կբերի տարածաշրջանին ու նաև` անվտանգության երաշխիքներ տասնյակ հազարավոր սիրիահայերի:
Սուրեն Սուրենյանց
Ավարտվող շաբաթը հիրավի տոնական է, միայն այն, որ շաբաթվա չորս օրն ոչ աշխատանքային է` դրա խոսուն վկայությունն է:
Ոմանց համար տոնն ավելի բազմաշերտ է` համամարդկային, ազգային առիթներին գումարվել է նաև անձնականը. մարդիկ վերընտրվել են կամ վերանշանակվել են բարձր պաշտոններում:
Բայց տոնական միջավայրը, կարծես թե, չէր փոխել մարդկանց տրամադրությունը` թե պաշտոնյայի, թե շարքային քաղաքացու: Մարդանց դեմքին մի տեսակ մռայլություն, լարվածություն կար:
Ես նկատել եմ, որ տարիներ շարունակ Հայաստանում տոնական տրանադրություն չկա, եթե նույնիսկ դրա համար կան առիթներ:
Իհարկե, տարբեր են մարդկանց լարվածության պատճառները: Եթե շարքային մարդը մտածում է օրվա հացի, իր երեխայի ուսման վարձը վճարելու մասին, պաշտոնյաներին մտահոգում է վիճակի անորոշությունը, անկայունությունը: Գործազուրկը մտածում է աշխատանք փնտրելու, գործարարը` իր բիզնեսը չկորցնելու մասին:
Արտագաղթը մնում է մեր երկրի գլխավոր պրոբլեմը:
Գնում են, գնում են ընտանիքներով, հազարներով. ականատեսները պատմում են, որ արդեն գրանցվում են սահմանը ոտքով հատելու զանգվածային դեպքեր:
Արտագաղթող երկրում տոնական մթնոլորտ լինել չի կարող, որովհետև որդուն ճանապարհ դնող մայրն` իր բաժին տոնը, նրա հետ երկրի սահմանից դուրս հանեց:
Կարոտող երկրում տոնական մթնոլորտ լինել չի կարող, որովհետև, արցունքն աչքերին իր հարազատից, ղարիբից խաբար սպասող մայրը, կինը, երեխան չեն կարող լիաթոք ուրախանալ:
Դատարկվող երկրում կառավարելն էլ մի բան չէ. պաշտոնյաներն էլ են լարված: Թեև չեն խոստովանում, բայց հասկանում են, որ տարեցտարի տոնական միջոցառումներին մարդիկ պակասում են, քչերի դեմքին էլ ժպիտի փոխարեն` պաշտոնյաներին հասցեագրված դժգոհությունն է, եթե չասեմ` զզվանքը:
Տխուր ստացվեց, բայց առանձնապես ուրախանալու առիթ չկա էլ: Դե, մարդ չի կարող հայտնվել մտախոհ մարդկանց միջավայրում և անկապ ուրախանալ:
Յուրի Վարդանյանը` շաբաթվա հերոս
Լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը անցնող շաբաթվա գլխավոր հերոսն էր:
Այս անգամ պատճառը` նրա մարզական նոր սխրանքները չէին:
Նորանշանակ կառավարությունում կատարված մեկ-երկու կադրային փոփոխություններից ոչ մեկը հասարակությանը, նույնիսկ` լրատվամիջոցներին, չհետաքրքրեց:
Բոլորը խոսում ու քննարկում էին միայն Յուրի Վարդանյանի նշանակման թեման. նա այլևս սպորտի նախարար է:
Ընթերցողը կհարցնի` հետո ի՞նչ, ճանաչված մարզիկ է, վստահել են սպորտի ղեկավարւմը:
Ճիշտ է, բայց նա նշանակվել է` ոչ թե մարզական փառավոր անցյալի բերումով, այլ` միանգամայն քաղաքական դրդապատճառներով:
Յուրին ղեկավար է նշանակվել ԲՀԿ-ի անդամի փոխարեն, և մի ոլորտում, որտեղ տերուտնօրինություն է անում` տարիներ շարունակ, նույն այդ Բարգավաճի առաջնորդ, օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Դե, նորանշանակ նախարարի և Ծառուկյանի ջրերն էլ նույն առվով չեն հոսում: Նրանք, ժողվրդական լեզվով ասած, իրար հետ չունեն, նույնիսկ մամուլով իրար հետ հարցեր են պարզել:
Մի խոսքով` իշխանությունը «հակամենաշնորհային» պայքար է սկսել սպորտի ոլորտում. նախարար դարձած օլիմպիադայի և աշխարհի չեմպիոնը պետք է կարողանա բարձրացնել նաև «քաղաքական ծանրաձողը», ընդ որում` նրա առջև խնդիր է դրվել, որ նա դա անի առաջին փորձից:
Մի փոքր շեղվեմ թեմայից ու ասեմ, որ այս օրերին խղճում եմ, իսկապես խղճում եմ սպորտի նախարարության բազմաթիվ աշխատողների, ովքեր ամիսներ առաջ համբուրել են ԲՀԿ-ի և մարզաշխարհի «թագավորի» աջը ու հիմա վախենում են աշխատանք կորցնելուց: Հատկապես խղճում եմ փոխնախարար Սամվել Խաչատրյանին, որը` թաքնվելով Ծառուկյանի հզոր թիկունքի հետևոմ, մի քանի ամիս առաջ հրապարակավ անարգանքի սյունին էր գամում Յուրիկին` փորձելով պարզել վերջինիս մարդկային տեսակը: Հիմա մարդն ողբերգություն է ապրում, հուսահատությունից գոռում` կեցցեն Սերժ Սարգսյանը, Յուրի Վարդանյանը և Գագիկ Ծառուկյանը: Խեղճ մարդը չի էլ հասկանում, որ այս երեք անունները նույն նավակում այլևս չեն տեղավորվում:
Վարդանյանի նախարար դառնալու առաքելությունն էլ հենց դա է, որ սպորտի ոլորտում նավակը մի պատվավոր տեր ունենա` իշխանության դեմքով, իսկ իրենց իշխանությունից դուրս դրածներն արագ կողմնորոշվեն` նավակի կողքերում գտնելով իրենց կարգավիճակը:
Ինչպիսի՞ նախարար կինի Յուրի Վարդանյանը` հարցնում են մարդիկ: Անկեղծ` չգիտեմ: Բայց մի բան հաստատ գիտեմ. նրա մոտ կամ լավ է լինում, կամ` վատ, միջին չի լինում:
Յուրիկը համաժողովրդական փառքի արժանացավ, երբ մարզիկ էր, նույն այդ ժողովուրդը նրան սուլեց, երբ նա հրաժարվեց մասնակցել 88-ի համազգային շարժմանը, մինչև 2008-ը` նա թունդ ընդդիմադիր էր, հիմա` իշխանությանը խիստ հավատարիմ:
Հիմա էլ կինի լավ նախարար կամ` ամեն բան կձախողի:
Կեղծ խոստումների ոդիսականը
Այ, Հայաստանում մի շերտ կա, որ այս օրերին համակված է անսահման թախիծով:
Դա ընդդիմության էլտան է, որը հետընտրական Հայաստանում խուլ և համր է դարձել ու չի կարողանում հիմնավորել, թե ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ ընդդիմությունն իրականություն չդարձրեց իր գեթ մեկ խոստում:
Իշխանությունն ընտրակաշառք բաժանեց, մարդկանց ահաբեկեց: Այդպես էլ պետք է լիներ, դուք էլ դա գիտեիք, բայց խոստանում էիք միասնական վերահսկողություն` ընտրությունների օրինականությունն ապահովելու նպատակով: Ի՞նչ եղավ ձեր վերահսկողությունը:
Ասում էիք` ժողովուրդ, հետընտրական ընդդիմադիր դաշինք կկազմենք, հանրապետականներին կզրկենք քաղաքային իշխանությունից:
Իրականում` այս թեզն ամենամեծ բլեֆն էր` նախընտրական միասնական ցուցակի բացակայությունը քողարկելու նպատակով:
Պարզից էլ` պարզ էր, որ Երևանի ավագանիում ոչ բոլոր ընդդիմադիր ուժերն են ներկայացված լինելու, չանցածների ձայները փոշիանալու են, արդյունքում` շահելու է իշխանությունը:
Դե գնացեք ու ընդդիմադիր կոալիցիա սարքեք…
…Կոալիցիա սարքում են, բայց` ոչ քաղաքապետրանի պատերի ներսում, այլ իրար անվանարկելու գաղափարի շուրջ:
Երկրին հաստատ փոփոխություններ են պետք:
Գոնե նրա համար, որ տոնական օրերին մարդիկ ուրախ լինեն:
Ու այդ փոփոխությունները պետք է սկսել` նոր որակի ընդդիմություն ձևավորելուց:
Շաբաթվա Վարկածները մշակեց Սուրեն Սուրենյանցը
Նորմալ, կայացած երկրներում` նման հարցադրումն իսկ, աննորմալ կդիտվեր, որովհետև երկրի նախագահը, որը նաև գերագույն գլխավոր հրամանատարն է, չի կարող տեղյակ չլինել, ավելին` չղեկավարել այնպիսի կարևոր օպերացիան, ինչպիսին է`Շուշիի ազատագրումը: Ավելորդ է ասել, որ Շուշիի ազատագրումը շրջադարձային նշանակություն ունեցավ ղարաբաղյան պատերազմում:
Բայց Հայաստանն օրինաչափություններից դուրս երկիր է, մեզանում շահարկումների առարկա կարող է դառնալ ցանկացած հարց, այդ թվում` այնպիսիններն, որոնք առնչություն ունեն ղարաբաղյան պատերազմի հետ:
90-ական թթ-ից սկսած` Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչել են քննադատություններ` առ այն, որ նա տեղյակ չի եղել Շուշիի ազատագրման օպերացիային, ավելին` նրա ընդդիմախոսներն այնպես էին ներկայացնում իրավիճակը, որ երկրապահ ջոկատները հայկական նշանավոր մշակութային կենտրոնն ազատագրել են` ի հեճուկս առաջին նախագահի ցանկությունների:
Այս թեման ուղղակի կամ անուղղակի շահարկվել է այն փուլերում, երբ երկրում տեղի են ունեցել ներքաղաքական սրացումներ:
Օրինակ, 90-ականների ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանն, որը նաև կարճատև մի փուլում եղել է ՀՀ Պաշտպանության նախարար, իր հրապարակային ելույթներում անընդհատ նսեմացնում էր առաջին նախագահի ավանդը ղարաբաղյան պատերազմում: Նույն միտումն էր նկատվում 1998-ի իշխանափոխության օրերին, երբ իշխանության ուժային բլոկի ղեկավարները Տեր-Պետրոսյանին մեղադրում էին ԼՂ հարցում ունեցած իբրև թե պարտվողական դիրքորոշման մեջ:
Այս թեմաները դարձյալ օրակարգ իջան 2008թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ առաջին նախագահը խախտեց լռության ուխտը և վերադարձավ հրապարակային քաղաքականություն. նրա հիմնական ընդդիմախոսի ճամբարից հնչում էին տեսակետներ, թե իբր Տեր-Պետրոսյանի վերադարձը վտանգելու է ԼՂ հիմնահարցի հայանպաստ լուծման գործընթացը:
Ավելի կոնկրետանանք քննարկվող խնդրի վրա: Ինչո՞ւ են որոշ մարդիկ պնդում, թե նախկին նախագահը նույնիսկ տեղեկացված չի եղել Շուշիի ազատագրման օպերացիայի մասին:
Հիմնականում, նրանք երկու մոտիվ են առաջ քաշում.
- Տեր-Պետրոսյանը 1992թ-ի մայիսի 8-9-ին` Շուշիի ազատագրման օրը, եղել է Թեհրանում, որտեղ Իրանի նախագահի միջնորդությամբ բանակցում էր Ադրբեջանի ղեկավարի հետ:
- Հայաստանի բանակը դեռ ամբողջովին կազմավորված չէր, իսկ Շուշին գրավել են այն ջոկատները, որ իբրև թե դուրս էին իշխանության վերահսկողությունից:
Անկեղծորեն խոստովանեմ, որ բերված փաստարկները բավականին թույլ են, խոցելի, դրանցում անզեն աչքով էլ նկատելի է ներքաղաքական համատեքստը:
Այս հարցն ինձ էլ ժամանակին շատ հետաքրքրել է, և ես փորձել եմ ինքս ինձ համար ճշտումներ անել հենց առաջին աղբյուրներից:
Մի անգամ առաջին նախագահին ուղիղ տեքստով հարցրեցի` իր ու Շուշիի օպերացիայի առնչության մասին` հնչող շահարկումների համատեքստում:
Տեր-Պետրոսյանը միայն ժպտաց…
Կապ ունեցե՞լ է առաջին նախագահը Շուշիի ազատագրման օպերացիայի հետ:
1999թ-ի մայիսին այս հարցը տվել եմ նաև երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանին: Վազգենը ժպտաց և պատասխանեց` ո՞վ կարող էր նման լուրջ բան անել առանց նախագահի իմացության:
Վազգենի պատասխանն իմ համար սպառիչ էր, վերջնական, կարծես` ես գտա ինձ հուզող հարցի պատասխանը: Որպես քաղաքացի, պատմաբան` ինձ բավարարված զգացի:
Այնուամենայնիվ, կան այլ փաստեր, որոնք հաստատում են, որ ղարաբաղյան պատերազմը ղեկավարվել է հենց այդ օրերի իշխանության կողմից:
Սակայն մինչ դրանց անդրադառնալը` նկատենք, որ 1992-ին, այո, բանակը դեռ ձևավորման փուլում էր, բայց պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն էր, որը բացարձակ հեղինակություն ուներ Արցախում մարտնչող երկրապահ ջոկատների շրջանում:
Հիմա մի քանի հավելյալ փաստերի մասին, որոնք վկայում են, որ Հանրապետության առաջին նախագահը տեղյակ է եղել և գործուն մասնակցություն է ունեցել Շուշիի ազատագրման օպերացիայի կազմակերպմանը:
Այսօր մի շարք կայքեր իրենց էջերում զետեղել են 21-ամյա վաղեմության մի տեսանյութ, որում Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար, Շուշիի օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը, Տեր-Պետրոսյանին զեկուցում է օպերացիայի հաջող ավարտի մասին և նրան պատվոգիր է հանձնում:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին որևէ մեկը չի կարող մեղադրել որևէ առաջնորդի հանդեպ ունեցած կույր հավատի մեջ: Նա Շուշիի օպերացիայի և դրանում Տեր-Պետրոսյանի մասնակցության մասին ասել է. «Լևոն Տեր—Պետրոսյանը երկրի նախագահն էր և որպես գերագույն գլխավոր հրամանատար չէր կարող չիմանալ գործողությունների անցկացման ստույգ ժամկետների մասին: Ավելին. նա ինքն էր որոշում կարևոր հարձակողական գործողությունների ժամկետները: Եվ այն օրերին նա նույնիսկ քննադատվում էր դրա համար: Մասնավորապես Շուշիի ազատագրումը կարող էր տեղի ունենալ մի քանի շաբաթ շուտ, սակայն Լևոն Տեր—Պետրոսյանը որոշել էր, որ գործողությունը պետք է տեղի ունենա մայիսի 8-ին, հավանաբար այն պատճառով, որ Շուշիի ազատագրման տոնը մենք նշեինք Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրը»:
Ես և կամ որևէ մեկը կարող ենք քաղաքական համակրանք կամ հակակրություն ունենալ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ, բայց մեր քաղաքական սիմպատիաները չպետք է սրբագրեն պատմությունն, եթե մենք` ինքներս, հարգում ենք մեզ ու մեր ժողովրդին:
Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակի խորհրդանիշ չէ, բայց նաև հենց նրա իշխանության և անձամբ նրա քաղաքականության շնորհիվ է հնարավոր դարձել հաղթնակը ղարաբաղյան պատերազմում, և մասնավորապես` Շուշիի ազատագրումը:
Սա է պատմական ճշմարտությունը` ներքաղաքական զարգացումներից ու համատեքստից դուրս:
«Ժամանակի մեքենան» վարեց Սուրեն Սուրենյանցը
Դեռ մանկությանս տարիներից Մայիսի 9-ը եղել է սիրածս տոներից մեկը:
Հպարտության առանձնակի զգացումով եմ հիշել ու հիշում բոլոր այն մարդկանց, ժողովուրդներին, որոնք անձնվիրաբար պայքարեցին ֆաշիզմի, նացիզմի դեմ`կանխելով այն մեծ սպառնալիքը, որ կախված էր աշխարհի ու բազմաթիվ սերունդների գլխին:
Երիտասարդությանս տարիներին` հայ ժողովրդի համար մայիսի 9-ը մի նոր, լրացուցիչ խորհուրդ ունեցավ. ազատագրվեց Շուշին. իրադարձություն, որը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում:
Իմ սերունդն իրական կյանքում տեսավ հերոսների, ովքեր, բազմադարյան ընդմիջումից հետո, ամենքին ապացուցեցին, որ հայը նաև հաղթող տեսակ է, խաղաղություն սիրող, բայց արժանապատվության համար մարտնչող:
Սակայն, արդյո՞ք, հաղթանակը կարող է սահմանափակվել միայն ռազմի դաշտում, և ի՞նչ է իրականում հաղթանակը:
Հաղթանակն, առաջին հերթին, ենթադրում է, որ դրա արդյունքում ավելի երաշխավորված են դառնում մարդու, քաղաքացու ազատությունն ու անվտանգությունը: Հաղթանակի ռեալիզացիան` արդյունավետ պետություն ստեղծելն է, մարդու երջանկությունը, աշխատանքի իրավունքն ապահովելը:
Այս առումով` Մայիսի 9-ն իմ մոտ նաև հարցեր է ծնում, տխուր խոհերի ու հետևությունների տեղիք տալիս:
Տեսեք, Գերմանիան 20-րդ դարում երկու անգամ պարտվեց համաշխարհային պատերազմում, կապիտուլացվեց ու թվում էր` այլևս խելքի չի գա: Բայց այսօր նվաստացած Գերմանիայից ոչինչ չի մնացել. ժամանակակից Գերմանիան աշխարհի զարգացած երկրներից մեկն է, Եվրամիության շարժիչ ուժերից մեկը: Դա երկիր է, որում մարդն իրապես արժեք է:
Դա նշանակում է, որ հետպատերազմյան Գերմանիայի պետական այրերն անհրաժեշտ հետևություն են արել պատերազմի դասերից, ռազմաճակատի պարտությունը կարողացել են փոխակերպել հաղթանակի` խաղաղ ժամանակներում, հասկացել են, որ պետության իրական արժեքը` ոչ թե տոտալիտար գաղափարախոսությունն է, այլ` մարդը:
Իսկ ո՞ւր է Սովետական Միությունը, որի զավակները հերոսաբար մարտնչեցին ֆաշիզմի դեմ, ժողովուրդն անասելի զրկանքներ կրեց հաղթանակի համար:
Գոյություն չունի այդ երկիրը, որովհետև նրա քաղաքական էլիտան, իր արժեհամակարգով, ոչնչով չէր տարբերվում հիտլերագեբելսյան ռեժիմից, ըստ այդմ` ժողովրդի հաղթանակը սեփականվեց բոլշևիկյան էլիտայի կողմից:
Հաղթանակը բովանդակազրկվեց, ծառայեցվեց խորհրդային կուսակցական էլիտա կոչվածի բարեկեցությանը, բյուրոկրատական և պատժիչ համակարգի ստեղծմանը:
Պատերազմի դաշտում նացիզմին ջախջախած խորհրդային մարդը դարձավ հպատակ սեփական երկրում, դարձավ տոտալիտար մեկ այլ գաղափարախոսության` բոլշևիզմի պատանդը:
Սովետական մարդու համար Մայիսի 9-ը բովանդակազրկվեց. ազատություներից զուրկ մարդը պարտվում է, քաղաքացուն արժեք չհամարող պետությունը հեռանկար չունի: Դա է պատճառը, որ այսօր աշխարհի քարտեզի վրա չկա ԽՍՀՄ-ը, որը հաղթեց ռազմի դաշտում, սակայն նույն այդ հաղթանակի գաղափարը չռեալիզացրեց հետպատերազմյան շրջանում:
Դրան հակառակ` երկրորդ համաշխարհային պատերազմի մյուս հաղթող երկիրը` ԱՄՆ-ն, հաղթանակը ծառայեցրեց ժողովրդավարության և ազատ տնտեսության զարգացմանը, քաղաքակրթական նոր մշակույթի ձևավորմանը:
Պատահական չէ, որ այսօր ԱՄՆ-ը գերիշխող դեր ունի աշխարհում:
Գլոբալ հարթությունից, սակայն, վերադառնանք մեր իրականություն, քննարկենք ղարաբաղյան պատերազմի թեման:
Ինչի՞ շնորհիվ մենք հաղթանակ տարանք այդ պատերազմում, ո՞ր մոտիվներն էին, որ Հայաստանին ավելի շահեկան դարձրին` ավելի ռեսուրսակիր Ադրբեջանի հանդեպ:
Շատերը կնշեն արտաքին գործոնների, մասնավորապես` Ռուսաստանի աջակցության մասին:
Համենայն դեպս, սա է ամենատարածված վարկածը: Ամենատարածվածն ու` վիրավորականը:
Այո, այդ օրերի մեր դիվանագիտությունն ապահովել է դրական միջավայր` պատերազմում մեր հաղթանակի համար:
Սակայն միայն դա որոշիչ չէ և դա չէ առաջնայինը:
Մենք հաղթեցինք, որովհետև մեր պետությունն որակապես բարձր էր Ադրբեջանից` բոլոր առումներով:
Հայաստանի նորանկախ հանրապետությունը ձևավորվել է հուժկու համաժողովրդական շարժման արդյունքում` համաշխարհային զարգացմանը համահունչ արժեքների, գաղափարների հիման վրա, Ադրբերջանն` իր դարն ապրած սովետական Ադրբեջանի իներցիոն շարունակությունն էր` ժամանակից հետ ընկած:
Արդյո՞ք ռազմական հաղթանակը բավարար է ԼՂ հիմնահարցը լուծելու համար:
Դժբախտաբար` ոչ:
Դարձյալ կրկնեմ նույն ճշմարտությունը` հաղթանակն անհրաժեշտ է վերածել ինստիտուցիոնալ արժեքի, ստեղծել նոր որակի, մրցունակ պետություն, որի գլխավոր հարստութունը քաղաքացին է:
Այս առումով` մենք թերացել ենք, հանցավոր անտարբերություն ենք ցուցաբերել:
Մեր պարագայում նույնպես` իշխանության էլիտան հաղթանակը ծառայեցրեց իր կլանային հետաքրքրություններին, հարստացմանը, ժողովրդին նվաստացնելուն:
Ղարաբաղի խնդրի գռեհիկ շահարկմամբ` Հայաստանի և Ղարաբաղի էլիտաները ընտրություն են կեղծում, հաշվեհարդար են տեսնում ընդդիմախոսների հանդեպ, հարստություններ կուտակում, մոնոպոլիաներ ստեղծում:
Հաղթանակը խամրում է, և բնավ պատահական չէ, որ ԼՂ խնդրի կարգավորման միջազգային օրակարգում հաճախ լսելի են դառնում ոչ թե ղարաբաղցին, նրա ինքնորոշման արդար պահանջը, այլ` ադրբեջանական նավթադոլարները:
Եթե ուզում ենք իրապես արժևորել մեր նահատակ եղբայրների հիշատակը, ռազմական հաղթանակը` վերածենք դիվանագիտականի, օր առաջ պետք է կառուցենք պետություն, որի գլխավոր հարստությունը մարդն է, որին էլ ծառայեցվում են բոլոր հաղթնակաները:
Սա է մայիսի 9-ի խորհուրդը:
Սուրեն Սուրենյանց
Շնորհավոր տոնդ, Երկրապահ:
Խոնարհում՝ քո փառավոր անցյալի առաջ, ափսոսանք քո հակասական ներկայի, տագնապ՝ քո ապագայի անորոշության համար:
Չլինեին երկրապահները, չէր լինի արցախյան հաղթանակը, մեր երկիրը զուրկ կլիներ հաղթողի հոգեբանությունից:
Մարտի դաշտում հերոս էին բոլոր տղերքը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանից սկսած՝ մինչև ժամկետային զինծառայողը, հրամանատարներ Մանվելից ու Սեյրանից սկսած՝ մինչև շարքային կամավորականը:
Հերոս են մեր բոլոր նահատակ եղբայրները, Եռաբլուրում ամփոփված արժանապատվության մեր կոթողները: Մեկը չէր էլ հասցրել առաջին սերը խոստովանել, մյուսը սևազգեստ թողեց սիրելի մորը կամ կնոջը, հազարավոր մանկիկներ այլևս միայն նկարով կճանաչեն բարի ժպիտով իրենց նայող հայրիկներին…
Հետպատերազմյան Հայաստանում Երկրապահը դարձավ քաղաքական, հասարակական առանցքային դերակատար մեր երկրի կյանքում, բայց նաև՝ հակասական դարձավ նրա նկատմամբ հանրային վերաբերմունքը, հատկապես՝ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի մահվանից հետո:
Սա, անշուշտ, ունի իր խորքային պատճառները:
Նախ, ժամանակի իշխանությունները չկարողացան ստեղծել երկրապահների՝ հետպատերազմյան հասարակական հարբերություններին ինտեգրվելու քաղաքակիրթ մեխանիզմներ: Փոխարենը՝ դաշտային հրամանատարներից ձևավորեցին, այսպես կոչված, ռազմական արիստոկարտիա, վերնախավ՝ նրան փոխանցելով քաղաքական, տնտեսական արտոնություններ, հազարավոր շարքային երկրապահների օրվա հացը ապահովելու ու նրանց վերահսկելի դարձնելու նպատակով:
Հենց բուն Երկրապահի ներսում առաջացավ սոցիալական շերտավորում, տարբեր շահերի բախում:
Վազգեն Սարգսյանի մասշտաբի խարիզմատիկ առաջնորդի պարագայում՝ ներքին հակասությունները տեսանելի չէին. նրան վստահում էին թե գեներալի ուսադիրի արժանացած և թե մի կերպ գոյությունը պահող երկրապահը:
Վազգենի մահից հետո՝ ԵԿՄ-ն, նաև՝ ՊՆ-ն, չունեցան խարիզմատիկ ղեկավարներ, որոնք հավասարապես ընդունված լինեին բազմաշերտ երկրապահության կողմից:
Ինստիտուցիոնալ ճգնաժամը բերեց հաղթանակի արժեզրկման, այն կերտող երկրապահի հանդեպ հանրային ոչ միանշանակ ընկալման:
Արդյունքում՝ մենք այսօր ունենք երկրապահ՝ իր փառավոր անցյալով, ունենք պատերազմում հերոսացած, բայց քաղաքացիական կյանքում օլիգարխացած հրամանատարներ ու մեզանից խռոված, օրվա հացին կարոտ հազարավոր երկրապահներ…
….Ու Եռաբլուր, որտեղ ամփոփվել ու կուչ են եկել մեր անկախությունն ու արժանապատվությունը:
Սուրեն Սուրենյանց
Կառավարության կազմում կադրային արմատական փոփոխություններ իսկապես տեղի չունեցան: Հակառակ մամուլի սպասումների՝ կառուցվածքային լուրջ փոփոխություններ էլ չիրականացվեցին, եթե չհաշվենք կառավարության աշխատակազմի ղեկավարին նախարարի կարգավիճակ տալը:
Էկոնոմիկայի նախարարի կարգավիճակով՝ կառավարություն վերադարձավ դրա նախկին անդամ Վահրամ Ավանեսյանը, որը տնտեսական քաղաքականության առումով՝ ընդհանուր մոտեցումներ ունի վարչապետի հետ:
Վարչապետի «աջ ձեռքը»՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանի մեկ այլ թիմակից, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը փոխատեղվեցին պաշտոններով:
Սպորտի նախարարի պաշտոնում Հրաչյա Ռոստոմյանին փոխարինեց լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը:
Ինչևէ, ամփոփենք տեղի ունեցած կադրային փոփոխությունների քաղաքական հետևանքները:
Ակնհայտորեն ուժեղացան վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքերն, ինչը կանխատեսելի էր: Նա ոչ միայն նախարարական կարգավիճակ ապահովեց իր թիմակից Վաչե Գաբրիելյանի համար, այլև՝ կառավարությունում իր ամենավստահելի մարդուն՝ Դավիթ Սարգսյանին, գործուղեց առանցքային նախարարություններից մեկը:
Սակայն երեկվա կադրային մյուս փոփոխությունն իսկական ապտակ էր ԲՀԿ-ի համար:
Իհարկե, ենթադրվում էր, որ փաստացի ԲՀԿ-ական Հրաչ Ռոստոմյանը չի հայտնվի կառավարության կազմում՝ իր կուսակցության ընդդիմադիր դրսևորումների, նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին չպաշտպանելու, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի մասին մեծախոսելու համար:
Բայց որ՝ նրա փոխարեն կնշանակվի Յուրի Վարդանյանը, որը բացահայտ առճակատման մեջ է Օլիպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ՝ քչերն էին ենթադրում:
Նույն կերպ, ժամանակին, երբ Սուրեն Աբրահամյանը հրաժեշտ տվեց ՆԳ նախարարի պաշտոնին, սկսվեց ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից նրա դուրսմղման արշավը:
Հիմա Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական իշխանության մաս չէ, թերևս եկել է նաև մարզական աշխարհի իշխանությունը զիջելու ժամանակը:
Սուրեն Սուրենյանց
Երեկ «Առաքելություն» կուսակցությունն, որն, ըստ պաշտոնական տվյալների, ամենաքիչ քվեներն էր ստացել Երևանի ավագանու ընտրություններում, կոչ է արել ԲՀԿ կուսակցությանն ու «Բարև Երևան» դաշինքին` հրաժարվել նորընտիր ավագանու մանդատներից:
Երիտասարդ քաղաքական գործիչներն ավագանի անցած և չանցած ընդդիմադիր ուժերին առաջարկում են նաև ընդհանուր հանրահավաք անցկացնել:
«Ի՞նչ անել» հարցի պատասխանը հստակ ձևակերպված չէ, սակայն ենթադրվում է, որ ընդդիմությունը պետք է հրաժարվի մաս կազմել համակարգից ու Երևանի փողոցներում և հրապարակներում անցկացնի բողոքի զանգվածային ակցիաներ:
Արտաքուստ գրավիչ, ես կասեի նույնիսկ` հրապուրիչ առաջարկ է:
Բանն այն է, սակայն, որ այս առաջարկն ոչ էֆեկտիվ է` քաղաքական առումով, և անիրագործելի` իրական կյանքում:
Նախ, ո՞վ ասաց, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ է և պատրաստ է դահլիճային կոմֆորտը փոխարինել փողոցով` դրանից բխող հետևանքներով:
Երկրորդ, ի՞նչ տրամաբանություն կա պինդ պահել խորհրդարանական մանդատները, բայց հրաժարվել` քաղաքայինից` այն դեպքում, երբ ԱԺ-ն, ոչ թե` ավագանին է քաղաքական մարմին:
Ի դեպ, նման նախադեպ ունենք. ՀԱԿ-ը դեռևս գործող ավագանիում հրաժարվել էր մանդատներից ու դա արել էր շատ ավելի հեղափոխական միջավայրում: Այդ քայլի քաղաքական էֆեկտը հավասար էր զրոյի, ավելին` քաղաքային հանրապետական իշխանությունն ազատվեց ընդդիմություն կոչվող գլխացվանքից և դարձավ ավելի անվերահսկելի:
Երրորդ, քաղաքականության մեջ մասնակցային ձևն ավելի արդյունավետ է, քան` բոյկոտը, մանավանդ որ` երկրում ակնհայտորեն հեղափոխական վիճակ չկա:
Ավելորդ չէ հիշեցնել, որ ԱԺՄ-ի պատգամավորների բոյկոտը 1996-1997թթ-ին և «Արդարություն» դաշինքի պատգամավորներինը`2004-2005թթ-ին, որևէ տեսանելի քաղաքական արդյունքի չեն բերել: Եվ դա այն դեպքում, որ փողոցն անհամեմատ ակտիվ է եղել:
Չորրորդ, պետք է պատասխանատվություն ունենալ ընտրողների առաջ, ովքեր կոնկրետ խնդիր լուծելու համար՝ քեզ վստահության քվե են տվել: Ընտրողը մեղավոր չէ, որ ընտրությունները կեղծել են, և դու չես կարողացել ավելի մեծ ներկայություն ապահովել ավագանիում: Ընտրողն ակնկալում է, որ դու ավագանիում լուծում պետք է տաս իր խնդիրներին, լավ` գոնե դրանք լսելի դարձնես:
Ըստ ամենայնի` ԲՀԿ-ն և «Բարև Երևանը» չեն էլ քննարկի հնչած առաջարկը, որովհետև մասնակցության մարտավարության կողմնակից են:
«Առաքելություն» կուսակցության անունն իսկ հուշում է, որ այն նոր հայտ է քաղաքական դաշտում, հետևաբար` լավ կլինի, որ քաղաքական այս ուժը շեշտը դնի` ոչ թե հնացած և չաշխատող մարտավարության վրա, այլ առաջարկի լուծումներ` որակապես նոր ընդդիմության ձևավորման ուղղությամբ:
Այ, դա Հայաստանին պետք է` հաստատ:
Սուրեն Սուրենյանց
Ողջ ընտրարշավի ընթացքում ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը պնդում էր, որ հաղթելու է, նույնիսկ պատմում էր, թե ինչ դժվարությամբ է լքելու իր սիրած նախարարությունը:
Ես էլ ենթադրում էի, որ Արմեն Երիցյանի պես ծանրքաշայինի խաղի մեջ մտցնելով` իշխանությունն ՕԵԿ-ի համար ապահովելու է գոնե անցողիկության շեմի հաղթահարումը:
Գուցե նման սցենար եղել է, գուցե իշխանությունները` որպես ֆորսմաժորային տարբերակ, քննարկել են անգամ ՕԵԿ-ի հետ նաև քաղաքային մակարդակում կոալիցիա կազմելու տարբերակը:
Բայց ընդդիմության անզորությունն ու անօգնականությունը` ՀՀԿ-ի համար անպիտան դարձրին ոչ միայն ՕԵԿ-ի հետ կոալիցիա կազմելու, այլ նաև` Արթուր Բաղդասարյանի կուսակցությանն ավագանիում տեսնելու հեռանկարը:
Աշխարհում ընդունված պրակտիկա է, որ առանցքային ընտրություններում ձախողված թեկնածուն հրաժեշտ պետք է տա պաշտոնին: Խոսքը, տվյալ դեպքում, Արմեն Երիցյանի մասին է: Ընտրողները չեմ վստահել նրան ու կուսակցությանը և տրամաբանական ու արժանապատիվ կլինի, որ նա լքի կառավարությունը:
Ընդ որում, Երիցյանը չի գնահատվել ոչ միայն ընտրողի, այլ նաև` այն իշխանության կողմից, որի մասն է կազմում:
Կարո՞ղ էր, չէ, իշխանությունը համեստ մի թիվ «խփել» նաև ՕԵԿ-ի ու Երիցյանի համար` նրանց դեմքը փրկելու համար:
Մի խոսքով` ՕԵԿը լքված է թե հասարակության, և թե իշխանության կողմից: Իշխանությանն Արթուր Բաղդասարյանի թիմը պետք չի գալու` գոնե մոտ ապագայում: Խորհրդարանում, օրինակ, հանրապետականների մեծամասնությունն արտահայտված է 70 պատգամավորով: Դա բավարար է` ցանկացած օրենքի ընդունման, կառավարության նախաձեռնությունները կյանքի կոչելու համար և ՕԵԿ-ն ընդամենը «բեռ» է:
Հասարակությունն էլ ՕԵԿ-ին չի վստահում, բայց այստեղ վիճակը փրկել հնարավոր է, եթե այս կուսակցությունը գոնե մեկ անգամ ցույց տա, որ սկզբունքային է, ինքնուրույն ուժ է և չի համակերպվում իրեն նվաստացնելու իրողության հետ:
Օրինակ, ՕԵԿ-ն այսօր արձանագրել է, որ ավարտված ընտրական գործընթացում ներգարվված է եղել կրիմինալը:
Նման գնահատականից հետո` տրամաբանական չէ մնալ մի կոալիցիայում, որտեղ եղանակ է ստեղծում կրիմինալի քաղաքական «տանիքը»:
Արթուր Բաղդասարյանը կանգնած է երկըտրանքի առաջ. կամ վերջնականապես վերածվել ՀՀԿ-ի խորթ ու մերժված որդու, կամ էլ` փորձել կուսակցություն դառնալ` իշխանություն կոչվածի մանր ու մունր բարիքները մերժելու գնով:
Սուրեն Սուրենյանց
Այսօր` մայիսի 5-ին, երևանցիներն երկրորդ անգամ կընտրեն ավագանի:
Երևանի ավագանին բաղկացած է 65 անդամից, ընտրություններն անցկացվում են բացառապես համամասնական ընտրակարգով:
Քվեաթերթիկում նշված է վեց կուսակցության և մեկ դաշինքի անուն:
«Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 27 թեկնածու: Առաջին եռյակում են` «ՎՏԲ-Հայաստան» բանկի Փոքր բիզնեսի վարչության պետ, ԵՊՀ ասիստենտ Մեսրոպ Առաքելյանը, քաղաքագետ Մանուկ Սուքիասյանը և «ՎՏԲ-Հայաստան» բանկի Փոքր բիզնեսի վարչության գլխավոր մենեջեր Հրաչյա Սարգսյանը: Նրանք երեքն էլ «Առաքելության» Քաղաքական խորհրդի անդամներ են:
Կուսակցությունը նորաստեղծ է, հետևաբար` Երևանի ավագանու առաջին ընտրություններին չի մասնակցել:
ԲՀԿ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 194 թեկնածու: Առաջին եռյակում են` ԲՀԿ խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը և կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Աբրահամ Մանուկյանը:
ԲՀԿ—ն Երևանի ավագնու առաջին ընտրություններում ստացել է 89131 քվե կամ 22,7%:
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 64 թեկնածու: Առաջին եռյակում են` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը և «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:
Դաշինքը կամ նրա կորիզը հանդիսացող «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու 2009թ-ի ընտրություններին չեն մասնակցել:
ՀԱԿ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 41 թեկնածու: Առաջին եռյակում են` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ՀՊՏՀ դասախոս Զոյա Թադևոսյանը և ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Երեքն էլ` ՀԱԿ կուսակցության վարչության անդամներ են:
ՀԱԿ—ը, դաշինքի կարգավիճակով, մասնակցել է Երևանի ավագանու 2009թ—ի ընտրություններին և ստացել է 69140 քվե կամ 17,6%: ՀԱԿ—ը չի ճանաչել այդ ընտրությունների օրինականությունը` հրաժարվելով մանդատներից:
ՀՅԴ –ի համամասնական ցուցակում ընդգրկված է 65 թեկնածու: Առաջին եռյակում են` ՀՅԴ-ի Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն ու փոխներկայացուցիչները` ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, սոցապ նախկին նախարար Արսեն Համբարձումյանը:
ՀՅԴ-ն մասնակցել է Երևանի ավագանու առաջին ընտրություններին, ստացել է 18094 քվե կամ 4,6% և չի հաղթահարել անցողիկ շեմը:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու: Առաջին եռյակում են`գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը և ՀՊՃՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
ՀՀԿ-ն հաղթել է Երևանի ավագանու 2009թ-ի ընտրություններում` ստանալով 186630 քվե կամ` կամ 47,4%:
ՕԵԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված է 103 թեկնածու: Առաջին եռյակում են` կուսակցության փոխնախագահ, Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը, ՕԵԿ վարչության անդամ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:
ՕԵԿ-ը մասնակցել է Երևանի ավագանու 2009 թ-ի ընտրություններին, ստացել է 20106 քվե կամ 5,1% և չի հաղթահարել անցողիկ շեմը:
Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը պաշտոնանկ արվեց գրեթե նույն սցենարով, ինչ` Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը:
Միրզոյանի հրաժարականը նախորդ օրերին չէր քննարկվել քաղաքական, հասարակական շրջանակներում, հավանաբար`իրավապահ համակարգում նույնպես` այդ պաշտոնանկությանը չէին սպասում:
Շշուկները տարածվեցին մայիսի 3-ի առավոտյան: Մինչ հարցի պաշտոնականացումը` Միրզոյանն ու նրա շրջապատը հերքում էին լուրերը:
Փաստորեն, Հայաստանում մի նոր ավանդույթ է ձևավորվում. պաշտոնյան իր պաշտոնանկության, աշխատանքից ազատվելու մասին տեղեկանում է ոչ թե պաշտոնական խողովակներով, այլ լրագրողներից, իր ականջին հասնող ասեկոսեներից:
Մինչդեռ, ժողովրդավարական երկրներում հարկ է հստակ հիմնավերել, թե ինչու այս կամ այն պաշտոնյան ազատվեց աշխատանքից կամ ինչ մոտիվացիայով է նրան փոխարինելու գալիս մեկ ուրիշը:
Քանի որ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկության պաշտոնական մոտիվների մասին չի խոսվում, մենք փորձենք քննության առնել որոշ վարկածներ:
Եթե տեղի ունեցած կադրային փոփոխությանը նայենք պոզիտիվ հայացքով, կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը շարունակում է բարեփոխումնրն իրավապահ համակարգում և հերթը` ոստիկանությունից հետո, հասել է Դատախազությանն ու Հատուկ քննչական ծառայությանը, մանավանդ որ` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորություններն ավատրվում են աշնանը:
Որևէ մեկը չի վիճի, որ Միրզոյանի ղեկավարած գերատեսչությունը, մեղմ ասած, բարի համբավ չունի. հասարակությունը չի վստահում այս ծառայությանը, միջազգային կազմակերպությունները հաճախ և հետևողականորեն քննադատել են նրա գործունեությունը: Միայն մի հանգամանք բավարար է, որպեսզի ամբողջական դառնա այս կառույցի «դեմքը». Միրզոյանի և նրա ենթակաների վարույթում է գտնվել «Մարտի 1»-ի գործը, որի խայտառակ նախաքննության և դատաքննության բազմաթիվ փաստերի մեր ընթերցողը քաջածանոթ է:
Մյուս կողմից` գոնե փաստաբանները գոհունակությամբ չեն արձագանքել ՀՔԾ-ի պետի պաշտոնում Վահրամ Շահինյանի նշանակմանը: Ասել կուզի` նոր պետի անունն ևս չի ասոցացվում բարեփոխումների հետ:
Ենթադրել կարելի է, որ նախագահ Սերժ Սարգսյանն` ոչ թե համակարգային բարեփոխումներ է իրականացնում, այլ փորձում է երկրորդ պաշտոնավարման հենց մեկնարկին ամբողջովին ձերբազատվել իր նախորդի կադրային ռեզերվից, այսինքն` ձևավորել մի իշխանություն, որի բոլոր առանցքային հանգույցներում բացառապես իր մարդիկ են: Եթե հիմք ընդունենք այս տրամաբանությունը, գուցե Սարգսյանին ՀՔԾ-ի պաշտոնում պետք է մեկը, ով` ոչ թե միջնորդավորված, Աղվան Հովսեփյանի միջոցով, այլ՝ ուղղակի, հաշվետու է իրեն, բացառապես իրեն:
Չի բացառվում նաև, որ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությունը հետևանք լինի ոստիկանություն-դատախազություն ավանդական հակամարտության:
Հիմա ոստիկանությունն ու նրա պետը կարևոր դերակատարություն ունեն իշխանության համակարգում, նաև` իշխանություն-հասարակություն-ոստիկանություն եռանկյունում: Եթե ճիշտ է այս վարկածը, բնականաբար` Վլադիմիր Գասպարյանը պետք է փորձեր ՀՔԾ-ն դուրս բերել գլխավոր դատախազի փաստացի վերահսկողությունից:
Եվ վերջապես` չի բացառվում, որ Միրզոյանի պաշտոնանկությունը կարող է պայմանավորված լինել նրա արդեն նախկին գերատեսչության վարույթում գտնվող մի գործով: Խոսքը` ոստիկանության համակարգում բացահայտված ֆինանսական բուրգի մասին է: Կամ Միրզոյանն որոշակի առնչություններ ունի այս բուրգի դերակատարների հետ, կամ էլ` Նախագահն ու նրա շրջապատը կասկածներ են ունեցել, որ ՀՔԾ-ն` Միրզոյանի գլխավորությամբ, կարող է արդյունավետ քննություն իրականացնել այս գործով:
Այս վարկածներից ո՞րն է ճիշտը` ցույց կտա ժամանակը:
Վերջում հավելեմ. ոստիկանությունում, իսկ հիմա արդեն` իրավապահ այլ մարմիններում սկսված ու շարունակվող կադրային փոփոխությունները կարող են ավելի գլոբալ տեղաշարժերի հիմք դառնալ:
Ավելորդ չէ նշել, օրինակ, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գործը գտնվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի վարույթում:
Սերժ Սարգսյանի ցանկության դեպքում` այդ հանձնաժողովը կարող է եզրակացնել, որ Խաչատրյանը չի համապասխանում իր պաշտոնին` բիզնեսով զբաղվելու կամ այլ մոտիվացիայով:
Շատերն են ասում, որ ընտրություններից հետո` քաղաքական հետաքրքրության անկում է լինելու: Բացարձակապես համաձայն չեմ. Սերժ Սարգսյանը սկսել է նոր իշխանության ձևավորման գործընթաց, որը պակաս ինտրիգային չէ, քան` բոլորիս հոգնեցրած կանխատեսելի ընտրությունները:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.