23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սովորաբար ՀԱԿ գրասենյակը չի սիրում հաղոդագրություններ տարածել առաջին նախագահի հանդիպումների, գրասենյանկ կատարած նրա հատուկենտ այցերի մասին:
Երեկ ՀԱԿ-ը շտապեց տեղեկացնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նորաստեղծ կուսակցության վարչության նիստ, ավելին` տարածվեց նիստի մասին պատմող տեսանյութ:
Ինչո՞ւ հենց երեկ տեղի ունեցավ ՀԱԿ վարչության նիստը և ինչո՞ւ դրա մասին տեղեկատվության արագ արտահոսք կազմակերպվեց:
Իմ տպավորությամբ` առաջին նախագահը մտահոգված է, որ իր կուսակցության առանց այն էլ խարխլված դիրքերը կրկին կարող են հարվածներ ընդունել:
Պետք է խոստովանել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապես անհանգստանալու հիմքեր ունի և երեկվա հրապարակային քայլով` փորձում է կանխել հնարավոր մարտահրավերները:
Առաջին նախագահի թիմն ամենամեծ հարվածը ստացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, որն օրեր առաջ հայտարարեց, թե իր կուսակցությունն ընդդիմադիր չէ:
Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական հայտնի վերլուծությունը, որը կառուցված է ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների վրա ու դարձել է ՀԱԿ մարտավարության հիմքը, խոցելի և ոչ արժանահավատ դարձավ, արդեն` հասարակության ավելի լայն շերտերի համար:
Ըստ այդմ` ՀԱԿ-ից հեռացած մարդկանց այն պնդումները, թե Տեր-Պետրոսյանի հայտնի վերլուծությունը դարձավ Կոնգրեսի ֆիասկոյի պատճառը` ճշմարտանման են թվում:
Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ առաջին նախագահի քաղաքականությունից դժգոհ նրա երբեմնի համախոհները փորձում են վերակենդանացնել ՀՀՇ-ն` դժվար չէ կանխատեսել, որ ՀԱԿ-ից մարդկային արտահոսք է սպասվում:
Ահա, սա է, որ մտահոգում է Տեր-Պետրոսյանին, ինչպես նաև` Երևանի ավագանու ընտրություններում հարազատ կուսակցության ծանր պարտությունը:
Տեր-Պետրոսյանը փորձում է հրապարակային ակտիվությամբ կանխել ՀԱԿ-ի նոր տրոհումը, թիմին և համակիրներին ներշնչել, որ նախկինի պես տիրապետում է իրավիճակին:
Չնայած` պետք է խոստովանել, որ Տեր-Պետրոսյանն այսօր չունի նախկին խարիզման և նրա որևէ հրապարակային դրսևորում` վաղուց կորցրել է հայտնության էֆեկտը:
Երևի թե` արժեր խոստովանել, որ ՀԱԿ-ն անցած երկու տարում սխալ մարտավարություն է ընտրել: Գուցե այսկերպ հնարավոր լիներ գոնե մասամբ վերականգնել կուսակցության հեղինակությունը:
Բայց Տեր-Պետրոսյանը համառորեն հավատարիմ է մնում իր քաղաքագիտական վերլուծությանը:
Մնում է ենթադրել, որ նրան կաշկանդում են ստվերում գտնվող գործոններ, որոնց բացահայտումն ավելին կարժենա ՀԱԿ-ի համար, քան` այսօրվա ամոթալի մարտավարությունը:
Սուրեն Սուրենյանց
Այսօր արտառոց իրադարձություն է տեղի ունեցել, որը մտորելու, խորհելու առիթ է տալիս:
Օրերս Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը, որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։
Մարտունեցիներն ավտոմեքենաներով ուղևորվել են դեպի Երևան, մայրաքաղաք տանող մայրուղու վրա նրանց կանգնեցրել է ոստիկաններից ու բանակայիններից բաղկացած պատնեշը, տեղի է ունեցել քաշքշուկ, դեպքի վայր են ժամանել պաշտպանության նախարարն ու ոստիկանապետը, որոնց, ի դեպ, հաջողվել է սպանված զինվորի հարազատներին համոզել` գյուղ վերադարձնել նրա դին:
Ինչո՞ւ են նման ծարահեղ քայլի դիմել Լյուքս Ստեփանյանի հարազատները, ի՞նչ հետևանքներ կունենան այսօրվա արտառոց իրադարձությունները:
Բացատրությունը ցավալիորեն պարզ է. մարդիկ չեն հավատում պետությանը, արդարությանն ու արդարադատությանը:
Բանակում պատանիներ են սպանվում` խաղաղ պայմաններում. մեղավորները շատ հաճախ չեն պատժվում, պատժվելուց էլ` գործը սահմանափակվում է մեկ-երկու շարքայինով: Անպատիժ են մնում հրամանատարները, որոնց անտարբերության կամ պրոֆեսիոնալիզմի բացակայության պայմաններում` բանակում արմատավորված բեսպրեդելը նորանոր կյանքեր է խլում:
Տվյալ դեպքում` Լյուքս Ստեփանյանի հոր դեմքով խոսում են բանակում որդի կորցրած բոլոր ծնողները, զինծառայող ունեցող հայրերն ու մայրերը, հասարակությունը:
Լյուքս Ստեփանյանի հայրը համոզված է, որ իր որդին անմեղ է, որ նրան սպանել են և որ` այդ սպանությունը չի բացահայտվելու:
Նա այդպես է կարծում` նախկինում տեղի ունեցած սպանությունների, դրանց նախաքննության և դատաքննության տխուր փորձը հաշվի առնելով:
Այդ մարդը մեղավոր չէ` այդպես մտածելու համար:
Հուսահտությունն է դրդել նրան` այսօր առավոտյան ծայրահեղ քայլի դիմելու համար:
Նա չի հավատում պետությանը, նրա գիտակցության մեջ պետությունը մեռել է, մեռել է` իր մատղաշ որդու մահվան բոթը ստանալուն պես:
Նա գիտի` որդուն հետ բերել չի կարող: Բայց գոնե արդարություն է ակնկալում, ոճիրի բացահայտում, մեղավորների պատիժ, որ գոնե այլք Լյուքսի ճակատագրին չարժանան:
Այսօր, ըստ էության, հարկադրանքով կանխեցին զոհվածի հարազատների մուտքն Երևան, բայց դրանից ոչինչ չի փոխվում:
Մարդիկ չեն հավատում իրենց պետությանն` այնքան, որ սպառնում են իրենք հաշվեհարդար տեսնել մեղավորների հետ:
Գեղեցիկ խոսքերն այլևս տպավորիչ չեն, բարեփոխումների մասին հավաստիացումները` նույնպես:
Կոնկրետ քայլեր են պետք, այլապես` վաղը մարդիկ զանգվածաբար հրաժարվելու են զինվոր տալ հայրենի բանակին:
Մի քանի առիթով ասել եմ, որ ես գնահատում եմ գեներալ Սեյրան Օհանյանին, նրա անցած փառապանծ ուղին, հավատում եմ նրա անկեղծությանը, գիտեմ, որ նա այսօր բոլորիցս շատ է ցավում տեղի ունեցած ողբերգության համար:
Սակայն Սեյրան Օհանյանի ինտելիգենտ, հայրենասեր մարդու կերպարը չէ, որ խորհրդանշում է այսօրվա բանակը` գոնե հասարակության համար:
Այսօրվա բանակի «դեմքը» դարձել են հաբռգած հրամանատրները՝ չաստերում դիրք ունեցող ու դիրք թելադրող խաժամուժը:
Ուրեմն` բանակը ճգնաժամի մեջ է, լուրջ ճգնաժամի: Այն բանակը, որի համար պատերազմն ավարտված չէ, որը, առավել` քան երբևէ, հասարակության աջակցության կարիքն ունի:
Բանակին քարկոծելով կամ բանակում տեղի ունեցած հանցագործությունները պարտակելով` հարց չենք լուծի. երկու մոտեցումն էլ սխալ է:
Անհրաժեշտ է մեծացնել խորհրդարանական և հանրային վերահսկողությունը բանակի նկատմամբ:
Եթե Սեյրան Օհանյանը բանակային բարեփոխումներ է ուզում, ապա պետք է ապավինի քաղաքացիական հասարակությանը աջակցությանը, անկեղծ հասարակական դիսկուրս սկսի` բանակի խնդիրների շուրջ:
Եթե հարկ է, ուրեմն` պետք է ազատվել նաև Գլխավոր շտաբում տարիներով բուն դրած հաստավիզ ուսադիրավորներից, որոնցից շատերի համար բանակը խոպան է դարձել:
Սեյրան Օհանյանի անձնվերությունն արցախյան պատերազմում գնահատելի է, նույնը պահանջվում է այսօր` խաղաղության տարիներին:
Հանուն նրա, որ բանակը մաքրվի խուժանից, որ մարդիկ բանակը չշփոթեն կառափնարանի հետ, որ պետությունը չմեռնի բոլորիս գիտակցության մեջ:
Սուրեն Սուրենյանց
Այս տարվա նախագահական ընտրություններից հետո՝ կառավարող Հանրապետականում մոդայիկ դարձավ սերնդափոխության թեմայով խոսելը:
Ժամանակային ընտրությունը պատահական չէր. եթե, օրինակ, 2008-ի նախագահական ընտրությունները լարված էին, և խնդիրը՝ իշխանության պահպանումն էր, ապա հինգ տարի անց՝ կանխատեսելի ընտրությունների ֆոնին, կարելի էր նաև սերնդափոխության թեմայով խոսելու շռայլություն թույլ տալ:
Նույնիսկ պերճախոս փաստեր էին բերվում՝ ապացուցելու համար, որ տեղի է ունենում սերնադափոխություն, կուսակցական սերնդափոխություն:
Օրինակ, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հղում էր արվում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի երիտասարդ տարիքին, ասվում էր, որ նրա քարոզարշավն ապահովում է երիտասարդներով համալրված շտաբը և այլն:
Սերնդափոխությունը, սակայն, պայմանավորված չէ բացառապես տարիքային գործոնով: Սերնդափոխության հիմքում՝ նոր գաղափարներն են, հին և նոր իդեաների ներդաշնակությունը, աշխատանքի, հարաբերությունների նոր բնույթը, կրեատիվ ռեսուրսը:
Մի խոսքով, այն, ինչ դասական իմաստով ընդունված է սերնդափոխություն համարել՝ մեզանում չի կատարվում:
Հենց նույն Երևանի ավագանու ընտրություններն անորակ էին. գուցե կատարելագործվեցին ընտրակեղծարարության մեթոդները: Սա արդեն ոչ թե սերնդափոխություն է, այլ՝ ջահելների «եռանդի» դրսևորում: Օրինակ, եթե Գալուստ Սահակյանն ու Հովիկ Աբրահամյանը տարիքն առած մարդիկ են, ըստ այդմ՝ գործին կպնում են պակաս էնտուզիազմով, ջահելներն էներգիա չեն խնայում:
Սերնդափոխության հիմքում՝ նոր որակն է, ոչ թե՝ անզուսպ քծնանքը: Այսօրվա ՀՀԿ-ում, չնչին բացառություններով, ջահելները վերնախավում հայտնվում են՝ ոչ թե այդ որակը դրսևորելու, այլ՝ իշխանության առաջին դեմքերին քծնելու հետևանքով:
Շատերը սերնդափոխություն են համարում այն հանգամանքը, որ, օրինակ, ՀՀԿ համամասնական ցուցակով՝ մի շարք երևելիների որդիներ դարձան ավագանու անդամ:
Բայց սա ոչ թե սերնդափոխություն է, այլ՝ կլանայնություն:
Անշուշտ, Երևանի ավագանու անդամ կամ պետական այլ պաշտոնյա կարող են դառնալ նաև իշխանավորների զավակաները:
Սա ոչ միայն արգելված չէ օրենքով, այլ նաև՝ տրամաբանությամբ:
Բայց չի կարող այնպես պատահել, որ Գալուստ Սահակյանենց շենքում պետական ծառայությանը պիտանի ոչ մեկ չի ծնվել, իսկ Գրիգորիչի օջախում այդպիսին են բոլորը՝ հայրը, որդիները:
Մհեր Սեդրակյանի որդին գուցե շատ էլ պատրաստված երիտասարդ է, սակայն ավագանու անդամ դառնալու կարգավիճակը պետք է վաստակել և ոչ թե՝ նվեր ստանալ իշխանության միջանցքներում հայտնված հորից:
Նույնը վերաբերում է մյուս երևելիներին և նրանց որդիներին:
Սերնդափոխությունը՝ մտքի հեղափոխություն է:
Մեզանում՝ մեծերին փոխարինում են ջահելները, սակայն գաղափարա-քաղաքական ճգնաժամը միայն խորանում է:
…Որովհետև ընտրում կամ նշանակում են՝ ոչ թե միտքն ու դրա կրողին, այլ էս ինչի աներձագին, մյուսի որդուն:
Արդյունքում՝ ունենք մի համակարգ, որտեղ նույն դեմքերն են՝ անկախ տարիքից և անունից: Ավելի շուտ՝ ունենք մի համակարգ, որը զուրկ է դեմքից ու «ես»-ից:
Սուրեն Սուրենյանց
Այսօրվանից ՀՀ-ն՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի դեմքով, ստանձնում է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը՝ վեց ամիս ժամկետով:
Իհարկե, այս կարգավիճակին ՀՀ-ն արժանացել է բնավ էլ ոչ փայլուն դիվանագիտության, կամ այլ արժանիքների շնորհիվ:
Եվրախորհրդում գործում է նախարարների կոմիտեի նախագահության այբբենական ռոտացիոն սկզբունքը:
Հենց այստեղ է, որ առաջանում է հակասական մի վիճակ:
Բանն այն է, որ Նախարարների կոմիտեի նախագահողը պետք է նպաստի ԵԽ անդամ երկրներում ժողովրդավարության ամրապնդմանը:
Գաղտնիք չէ, որ մեր երկրում ժողովրդավարությունը, մեղմ ասած, կաղում է, ավելին՝ անցած բոլոր երեք ընտրությունների օրինականությունը կասկածի տակ է դրվել ընդդիմության և հասարակության մի ստվար զանգվածի կողմից:
Արդյո՞ք նման իրավիճակում՝ Հայաստանը կամ ժողովրդավարության առումով կասկածելի ռեպուտացիա ունեցող մեկ այլ երկիր կարող է նպաստել ժողովրդավարության հաստատմանն ամբողջ Եվրոպայում:
Իմ կարծիքով՝ ոչ: Ավելի շուտ՝ դևալվացվելու է եվրոպական ինստիտուտը: Օրինակ, պատկերացրեք՝ ՀՀ ԱԳ-ի նախարարը լուրջ դեմքով խոսում է արևմտաեվրոպական ինչ-որ երկրում մարդու իրավունքների խախտումների մասին: Առնվազն ծիծաղելի է:
Սակայն այսպիսին է ԵԽ կանոնադրությունը, և մենք պարտավոր ենք հաշվի նստել դրա հետ, մանավանդ որ՝ օրինակ մյուս գարնանը ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու է ամբողջատիրական այնպիսի ռեժիմ ունեցող երկիր, ինչպիսին է՝ Ադրբեջանը:
Բայց, մեր հասարակությունն ու քաղաքական համակարգը կարող են նաև օգտվել Հայաստանի նախագահության առիթից: Եվրոպական ժողովրդավարության պահապանի թեկուզև ֆորմալ դերակատարությունն ողջ Եվրոպայում ստանձնած իշխանությունը չի կարող իր երկրում բացահայտորեն ոտնահարել քաղաքական և քաղաքացիական իրավունքները:
Ըստ այդմ՝ անհրաժեշտ է արդյունավետորեն օգտվել «վեցամսյա եվրոռեմոնտից»: Այստեղ հատկապես կարևոր է քաղաքացիական նախաձեռնությունների ռացիոնալ ու նպատակային գործունեությունը:
Սուրեն Սուրենյանց
Վերջին մեկ տարում ընդդիմությունը` կրկնվող, նոր ու հին դեմքերով հազար խոստում տվեց հասարակությանը, սակայն ոչ մեկին տեր չկանգնելով, երեք ընտրություն պարտվեց:
Գուցե ընտրությունները կեղծվել են: Այլ բան սպասել հնարավոր էլ չէր, բայց փաստ է, որ Հայաստանում ոչ իշխանափոխություն եղավ և ոչ էլ` ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը վերացավ:
Ընտրական «եռասուգից» հետո խորհրդարանական ընդդիմությունը հիմնականում լռում է, ընդամենը մեկ ամիս առաջ` ակումբից-ակումբ վազող գործիչները ծպտուն չեն հանում` լավագույն դեպքում սահմանափակվելով հերթապահ հայտարարություններով:
Հանցագործ իշխանություններ, կեղծված ընտրություններ, անօրինական հարստություն, քաղաքական և տնտեսական մոնոպոլիաներ…
Ընդդիմության գործիչների բերանից հազար անգամ լսել ենք այս արտահայտությունները: Լսել ենք ու հոգնել: Զզվելու չափ` հոգնել:
Ընդդիմությունից մեկն ու մեկը չկանգնեց ու չխոստովանեց, որ էս հարցում էլ մենք ենք սխալվել, որ էս տեղամասում մեր վստահված անձը քնել է կամ ծախվել, որ իշխանության հետ նույն մտածողության կրողն ենք` դրա համար էլ պարտվել ենք:
Չէ, տղերքը սիրում են պարտվել, իրենց անսխալականության մեջ էլ համոզված ու հետևողական են:
Իներցիայի ուժը
Գրեթե վստահ եմ` այս պահին նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտի իր քաղաքական օրակարգը: Թիմի ու շրջապատի մասին խոսելն իսկ ավելորդ է:
Մայիսի 9–ին հաղթահավաք էր նշանակված, հետո պարզվեց` մինի հանրահավաք է կամ ասուլիս` մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ:
Րաֆֆին մի քսան րոպե խոսեց ու այդ բոցավառ ելույթից հասկացվեց, որ հաջորդ սերիայի նկարահանման տեղն ու օրը որոշված են` «Անի» հյուրանոց, մայիսի 19:
Միայն չհասկացվեց, թե որն է լինելու հերթկան հավաքի նպատակը:
Եթե մեկ ամիս առաջ Րաֆֆին քաղաքացիական հասարակությանն էր համախմբման կոչում, հիմա հրավիրում է Լևոնին, Գագիկին, Հրանտին:
Լևոնի և Գագիկի հարցում` մի կերպ կողմնորոշվեցինք, Հրանտի հարցը բարդ է` Բագրատյան-Մարգարյան երկընտրանքը չբացահայտված:
Մի խոսքով` քաղացիականներից հույսը կտրած, Րաֆֆին հիմա էլ քաղաքականներին է ուզում միավորվել:
Քաղաքականներն էլ Հովհանիսյանին պատասխանեցին` «գանք, որի ինչ անենք»-ի ոճով:
Մի խոսքով` Բարևի հեղափոխությունն ավարտվել է, մնացել է` Բարևի իներցիան, պատահածին բարևելու քաղցրությունը վայելելը:
Նույն իներցիան է ընդդիմության մյուս հատվածում:
Համաժողովրդական շարժումը մարել է, չկա:
ՀԱԿ և պարտություն բառերը հոմանիշ են դարձել, և բացարձակապես կապ չունի, թե ովքեր են ՀԱԿ անվան հետևում` նորահայտ կուսակցականնե՞րը, թե՞ երբեմնի դաշինքը փրկել ձգտողները:
Առաջինները հաջողությամբ պարտվում են ընտրություններում, Պետրոս Մակեյանի և Սոս Գիմիշյանի նման ազնիվ մարդիկ էլ` համաձայնության չեն կարողանում գալ անգամ այն հարցում, թե ում պետք է սատարեն Երևանի ավագանու ընտրություններում:
Ընդդիմադիր բոլոր սուբյեկտները կարևոր մի բան չեն հասկացել. էականն ոչ թե կաբինետներում կայացված համաձայնություններն են, այլ` հասարակության հետ օրակարգ ձևավորելը:
Եթե հասկացած լինեին, մթնոլորտն այսքան գաղջ չէր լինի:
Նորը` նոստալգիայի հիմքով
Եթե 1988-ին համազգային շարժումն ու այլընտրանքային իշխանության ձևավորումն հնարավոր է եղել` չի նշանակում, որ դա հնարավոր է այսօր:
Ժամանակներն ու հանգամանքներն են էապես ուրիշ, տարբեր:
Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսներն անկեղծորեն հիասթափված են գործող բազմաշերտ ընդդիմությունից, և ես նրանց հասկանում եմ:
Անհասկանալի է, թե ինչպես են մի քանի հարյուր մարդով այլընտրանքային իշխանություն ձևավորելու, գործող իշխանությանը ստիպելու, որ հեռանա:
Դրա համար անհրաժեշտ են քաղաքական, կազմակերպչական և ֆինանսական ահռելի ռեսուրսներ, ինչից նախախորհրդարանը զուրկ է:
Այդ ռեսուրսներն ունենալու հնարավորությունն էլ մշուշոտ է, նամանավանդ` Տիգրան Խզմալյանի գեբելսյան տոնայնությունն, օրինակ, բազմաթիվ մարդկանց անկեղծորեն վախեցնում է:
«Միակ ճշմարտության» դիրքերից խոսողները, նույնիսկ` հաջողության դեպքում, դիկտատորներ են դառնում:
Ասել կուզի` էլի չկա էն համակարգի տեսլականը, որը պետք է փոխարինի գործողին:
Նոստալգիայով մարդկանց կարող ես բերել մեկ, լավ` մի քանի հանրահավաքի, բայց ապագա կառուցել չես կարող: Հաստատ:
ՀՀՇ` առանց Լևոնի
Քաղաքագիտական անկողմնակալությունը թողնելով մի կողմ` խոստովանեմ, որ դուրս եկավ ՀՀՇ-ն վերածնելու Ալիկ Արզումանյանի, Հովիկ Իգիթյանի, Արարարտ Զուրաբյանի և Կարապետ Ռուբինյանի նախաձեռնությունը:
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ու մյուսներն որոշեցին կոստյումի փոփոխությամբ` նոր բովանդակություն ձեռք բերել, ապա քառյակի երեկվա նախաձեռնությունն առնվազն բարոյական է քաղաքական հարթության մեջ:
Նրանք ասում են, որ տեր են ՀՀՇ-ի արած-չարածին, հաղթանակին ու պարտությանը, օրհնանքին ու անեծքին:
Չգիտեմ` քաղաքական ինչ ընթացք կունենա նոր ՀՀՇ-ն, բայց շատ ուրախ եմ, որ Երրորդ Հանրապետության հիմնադրման ակունքներում կանգնած անունը չի կորելու մեր քաղաքական բառապաշարից:
Այս տարվա փետրվարի 23-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց ՀՀՇ-ն ՀԱԿ վերակազմավորելու մասին, ես ինձ նվաստացած զգացի, ինձ թվաց ինչ-որ մեկը ոտնձգություն է կատարում իմ պատմության նկատմամբ, գողանում է Շարժման շեփորը, որը ոչ Լևոնի, ոչ էլ որևէ այլ մարդու սեփականությունը չէր:
ՀՀՇ-ն էլ որևէ մեկի սեփականությունը չէր, օբյեկտ չէր, որ մեկն արթնացավ ու որոշեց փակել:
Երեկ ուրախացա, որ էլի ՀՀՇ-ն կա…
Սուրեն Սուրենյանց
Ես երբեք Գագիկ Ծառուկյանից չեմ լսել, որ ԲՀԿ-ն պատրաստվում է ընդդիմություն դառնալ: Առավել ևս, չեմ լսել, որ ինքը կամ իր կուսակցությունը պատրաստվում են առանցքային դեր ունենալ բուրժուա-դեմոկրատական ինչ-որ հեղափոխության մեջ:
Ճշմարտությունն այն է, որ վերջին ամիսներին Ծառուկյանի փոխարեն` ոմանք սկսել էին նրան ինչ-որ դերակատարություններ վերապահել, ԲՀԿ-ի համար կարգավիճակներ հորինել, եղած-չեղածում քաղաքական ենթատեքստեր հորինել:
Ես միշտ ասել եմ, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընդհանրություն ունեն` արժեհամակարգի, քաղաքական վարքագծի, կադրերի բարքերի ու ապրելակերպի իմաստով:
Հիմա էլ եմ կրկնում: Ու եթե մեկ-երկու հարցում եղել են տարաձայնություններ, ապա դրանից չէր կարելի հեռուն գնացող հայտարարություններ անել:
Այս համատեքստում` շատ բնական և օրինաչափ եմ համարում այն հայտարարությունը, որ երկ լսել ենք Ծառուկյանից:
«Ո՛չ, ԲՀԿ—ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ—ն ընդդիմություն լինել: ԲՀԿ—ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է երկրին և ժողովրդին: Ես միշտ ասել եմ, որ քաղաքականության մեջ մտել եմ ոչ թե անձնական շահի համար, քծնանքի, այլ երկրի հզորացման, զարգացման համար»,-ասել է ԲՀԿ նախագահը:
Հավատացեք` ԲՀԿ-ի նախագահն արդարանալու խնդիր չունի, որովհետև նա երբեք էլ չի ասել, որ ընդդիմություն են` երեկվա նրա հայտարարությունը սկզբունքից շեղում համարելու համար: Նույնիսկ շնորհակալ պետք է լինել Ծառուկյանին` անկեղծության համար:
Երեկ առնվազն ծիծաղելի էին ՀԱԿ-ի գործիչների` այս լակոնիկ հայտարարությանը տված գնահատականները: Տպավարությունն այնպիսին էր, որ նրանք Ծառուկյանից ավելի լավ գիտեն նրա ուզածն ու հանրությանը ճգնում էին ապացուցել, որ մեր Գագիկն իշխանությունից պոկվում է:
Իրականում` ՀԱԿ-ի գործիչները մի քիչ ավելի վաղ են կտրվել իրականությունից և պետք է զարմանալ` ոչ թե նրանց այսօրվա ոչ ադեկվատ վարքագծից, այլ` այն փաստից, որ երկու տարի առաջ Ազատության հրապարակը` հաստատուն կանգնած քաղաքացիներով, զոհաբերվեց «քաղաքագիտական վերլուծությանը»:
«Քաղաքագիտական վերլուծությունը» չի աշխատել, իր կանխատսումներում Լևոն Տեր-Պետրոսյանը սխալվել է: Մարդ է, պատահում է, կարևորը` սխալը հասկանալն է, ժամանակին կանգ առնելը:
Դա է, որ ՀԱԿ-ի ղեկավարների մոտ ակնհայտորեն չի ստացվում:
Նրանց մարդկայնորեն կարելի է հասկանալ. ՀԱԿ-ը կորցրել է գրեթե ամեն բան` հասարակության աջակցությունը, իր շարքերի ստվար մասին և որ ամենակարևորն է` հեռանկարի ռեսուրսը:
Կոնգրեսի մարտավարությունը կառուցվում է առաջին նախագահի անսխալականության, քաղաքագիտական հանճարի անվրեպության թեզերի վրա:
Խոստովանել, որ գոնե մի դրվագում «պապին» սխալվել է` կնշանակի կորցնել ՀԱԿ-ի խորհրդավորւթյան, քաղաքական հմայքի վերջին փշուրները:
ՀԱԿ-ը ողբերգություն է ապրում` հար և նման միակողմանի սիրող ու մերժված սիրահարին, նման այն փաստաբանին, որի ծառայություններից հրաժարվել է նրա հասրուստ հաճախորդը:
Դրա համար եմ ասում` այս պահին պետք չէ գերագնահատել Կոնգրեսի գործիչների հայտարարությունների քաղաքական լրջությունը, մեծ կշիռ տալ դրանց, դրանց հենքով` հեռուն գնացող դատողություններ անել:
Էմոցիաները կանցնեն, կրքերը կհանդարտվեն: Հուսանք, որ այդ ժամանակ կլսենք ավելի ռացիոնալ, սառը, պրագմատիկ գնահատականներ:
Մի ուրիշ ճանապարհ էլ կա, որով իսկապես չէի ուզենա, որ ՀԱԿ-ը գնա:
Դա քաղաքական անմեղսունակության ճանապարհն է, ասենք` ինքզինքն ու բոլորին համոզելը, որ իրական ընդդիմությունն` այլընտրանք լինելն է: Այս ճանապարհի վերջն այն է լինելու, որ Տեր-Պետրոսյանի թիմն իրեն ևս այլընտրանք հայտարարի և օրվա մի կեսին` ԲՀԿ-ի հետ, քննադատի իշխանությանը, օրվա մյուս կեսին կայքերով կամ հեռուստաէկրանից արձանագրի իրական միասնությունը`«Փարավոնի» ճոխ սեղանների շուրջ, Ծառուկյանի թամադայությամբ, «նախագահ ջանին» ձոնված կենացներով:
Անձնական ողբերգություն է ապրում նաև Վարդան Օսկանյանը, որը կարծում էր, թե եթե ինքը Սերժի հետ խնդիրներ ունի` ԲՀԿ-ն ընդդիմադիր պետք է լինի իշխանությանը:
Ի դեպ, խոհրդանշական է, որ Ծառուկյանի համար ամենակարևոր օրը` Օսկանյանը նրա կողքին չէր, «հարզատ տուն» հիշեցնող Ամերիկայում էր:
Դա այս երկու գործիչների բաժանման սկիզբն ազդարարող խորհրդանշական էպիզոդ է:
Նոր, միամգամայն նոր «խաղ» է սկսվում, որում շատերը տեղ ունեն, այդ թվում` Ծառուկյանը, ԲՀԿ-ն:
Խաղի տարածքը բավականին մեծ է` շատերին կտեղավորի, սակայն` միևնույն ժամանակ` բավականին սահմանափակ` իր տարածքում ԱԳ նախկին նախարարին ապաստանելու համար:
Սուրեն Սուրենյանց
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)`առաջարկելով գազիսակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի։
Մինչ անցած ամիսներին քաղաքական որոշ գործիչներ և տնտեսագետներ պնդում էին, որ Հայաստան մտնող ռուսական գազն արդեն իսկ թանկացել է և այդ մասին կհայտարարվի ընտրություններից հետո՝ իշխանությունը համառորեն հերքում էր այդ լուրերը:
Ավելին, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հոգնեցնող տոնով շարունակ կրկնում էր, որ բանակցությունները շարունակվում են և լրագրողներին ոչինչ ավելին ասել չի կարող:
Պարզվեց, որ գազի գինը թանկանում է, այն էլ՝ էապես:
Շատ ավելի տխուր է այն հանգամանքը, որ իշխանությունն անցած ամիսներին գիտակցաբար և հետևողականորեն ստել է ժողովրդին՝ իր վերարտադրության խնդիրն անցնցում լուծելու համար:
Առաջիկա չորս-հինգ տարիներին ընտրություն չկա և կարելի է այլևս չհաճոյանալ մարդկանց:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը կանխատեսելի է. Գազի գինը թանկանալու է: Այս թանկացումը, շղթայական ռեակցիայով, տարածվելու է այլ ծառայությունների, առաջին անհրաժեշտության ապրանքների վրա:
Այս ամենի սոցիալական հետևանքները կանխատեսելի են. Ժողովուրդն ավելի է աղքատանալու, գյուղերում մարդիկ զանգվածաբար հրաժարվելու են գազսպառելուց: Այս ամենը բերելու է նրան, որ ձմռան շեմին դարձյալ ծառեր են հատվելու:
Արդյո՞ք կառավարությունը ունիծ րագիր, որի միջոցով հնարավոր կլինի մեղմել սոցիալական լարվածությունը:
Պատկան մարմինները լռում են, թեև իրենց դեռևս ամիսներ առաջ էր հայտնի, որ գազի սակագինը բարձրանալու է:
Եվ գլոբալ մի հարց. արդյո՞ք կառավարությունը մտածում է էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների, դրանց արդյունավետության մասին:
Հազիվ թե: Այլապես հազար առիթով այդ մասին կխոսեին: Նաև հասարակությունը կիրազեկվեր, թե ինչո՞ւ են, օրինակ, ՀԷԿ-երն աշխատում իրենց հնարավորություններից նվազ հզորությամբ:
Գուցե Հայաստանի կառավարությունն արել է հնարավորը և իսկապես անհնար էր խուսափել ռուսական գազի գնի բարձրացումից: Սակայն նույն այդ կառավարությունը կարող է անկեղծ լինել հասարակության հետ՝ սոցիալական լարվածությունը մեղմելու, մարդկանց մոտ խուճապային տրամադրությունները կանխելու նպատակով:
Սուրեն Սուրենյանց
Այսօր «Վարկած» մամուլի ակումբում հյուրընկալված Կարո Եղնուկյանը, որը Պարույր Հայրիկյանի մտերիմ ընկերն է և, որպես կանոն, արտահայտում է հենց նրա տեսակետները, համաձայնեց իմ արած այն դիտարկմանը, որ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը չի կարող լինել Պարույր Հայրիկյանի մահափորձի գլխավոր կազմակերպիչը:
Այս թեմայի մասին խոսելով՝ պարոն Եղնուկյանը սենսացիոն հայտարարություն արեց: Նա ասաց. «Երբ որ դուք մտածում եք, թե ով կարող էր կազմակերպել այս սպանությունը, այո՛, սա սպանություն էր, ոչ թե վախեցնելու փորձ: Սա սպանության փորձ էր, այսինքն` ընտրությունները պետք է հետաձգվեին, ով կարող էր շահել դրանից, ես չեմ վախենում ասել, որ թող իրենք մտածեն: Այո՛, հնարավոր է, որ այն ուժերը, ովքեր թեկնածու չեն առաջադրել նախագահական ընտրություններին և մտքափոխվել էին` այս կերպ էին ուզում հարցը լուծել»:
Քաղաքական գործիչը նուրբ ակնարկով ասաց նաև, որ մեր երկրի անկայունությամբ կարող էր շահագրգիռ լինել նաև մեկ այլ երկիր: Հաշվի առնելով Պարույր Հայրիկյանի անցած ճանապարհը՝ կարելի է ենթադրել, որ Եղնուկյանի ակնարկած երկիրը Ռուսաստանն է, կամ ավելի ճիշտ՝ այդ երկրի այն շրջանակները, որոնք նեոկայսերապաշտությունը դարձրել են պետական քաղաքականություն:
Ակամայից հիշեցի «Հոկտեմբերի 27»-ի թեմայով իմ բազմաթիվ մասնավոր զրույցները՝ քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ:
Նույնիսկ «ուչաստկովվի» վարկածը հրապարակավ հալած յուղի տեղ ընդունող գործիչները մասնավոր զրույցներում ընդունում էին, որ Նաիրի Հունանյանի հանցախումբն ընդամենը գործիք է, բայց անմիջապես հավելում էին, որ մեր պետությունն անզոր է գնալ ոճրագործության համապարփակ բացահայտմանը, որովհետև դրա հետևում կանգնած են արտաքին ազդեցիկ ուժեր:
Ես չգիտեմ՝ Եղնուկյանի վարկածը ինչքանո՞վ է արժանահավատ: Ի վերջո, Կարոն, տվյալ դեպքում, փաստաբան չէ, քաղաքական գործիչ է և ազատ է վերլուծություններ կատարելու հարցում:
Ինձ այլ հարց է հետաքրքրում՝ նախաքննության մարմինը քննե՞լ է նրա նշած վարկածը, թե՞ դարձյալ հիմք է ընդունվել այն կանխավարկածը, թե անիմաստ է դա անել, որովհետև մեր պետության ձեռքը միևնույն է՝ իրական հանցագործներին չի հասնի:
Կամ մյուս վարկածը, որն առաջ է քաշում Եղնուկյանը:
Նա կապ է տեսնում Սեդրակյանի հանկարծահաս հարստացման և Հայրիկյանի մահափորձի կազմակերպման գործում նրա դերակատարության միջև:
Արդյո՞ք նախաքննության մարմինն ուսումնասիրել է Սեդրակյանի՝ իրոք պատկառելի ունեցվածքի ծագումնաբանությունը:
Սրանք հարցեր են, որոնց սպառիչ պատասխանները, գոնե ես, չեմ լսել:
Հետևաբար, կասկածներ ունեմ, որ մեկնարկած դատավարությունը կտա՝ «ո՞վ էր իրական կազմակերպիչը» հարցի պատասխանը:
Սուրեն Սուրենյանց
Վաղը մեկնարկելու է քաղաքական հերթական դատավարությունը:
Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը մեղադրվում է նախագահի մեկ այլ թեկնածու՝ Պարույր Հայրիկյանի սպանությունը կազմակերպելու փորձի մեջ:
Ի դեպ, այսօր Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասուլիս է տվել, դատաիրավական ոլորտը անվանել է«լացելու» և, ըստ էության, ասել է, թե քրգործում իր պաշտպանյալին մեղադրելու հիմքեր չկան:
Ես իրավաբան չեմ ու ինձ իրավունք չեմ վերապահի՝ գնահատականներ տալ հարգարժան փաստաբանի ասածներին:
Իմ գնահատականները կարող են միայն քաղաքական լինել՝ հիմնված կոնկրետ փաստերի և վերլուծության վրա:
Իմ կարծիքով՝ նախաքննության մարմինը կիսատ է քննել գործը, որովհետև այդպես պետք է եղել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
Իմ վերլուծությունը հանգում է նրան, որ Սեդրակյանը, հավանաբար, ինչ-որ կերպ մասնակից եղել է մահափորձին, սակայն «առաջին ջութակի» դեր կատարել չէր կարող:
Մի խոսքով՝ նա կարող էր կապավոր լինել՝ հար և համապատասխան իր համեստ քաղաքական դերակատարությանը:
Համենայնդեպս, Սեդրակյանի նման մանր քաղաքական ֆիգուրը չէր կարող ավտոնոմ, ինքնուրույն պատճառ, մոտիվացիա ունենալ՝ Հայրիկյանին սպանելու համար:
Ավելին՝ կարծում եմ, որ այդ հրեշավոր մահափորձը կազմակերպողի հիմնական թիրախը՝ ոչ թե Հայրիկյանն էր, այլ՝ ընտրությունների բնականոն ընթացքը:
Մի խոսքով՝ խնդիր էր դրված հարամել ընտրությունները՝ դրանք հետաձգելու, Սերժ Սարգսյանի կանխատեսելի հաղթանակը ստվերելու համար:
Նման բարդ խնդիր Սեդրակյանը լուծել չէր կարող:
Գրեթե համոզված եմ, որ եղել են լուրջ կազմակերպիչներ, գուցե նաև՝ երկրից դուրս:
Կրկնում եմ՝ իմ դատողությունները քաղաքական են ու քիչ աղերս ունեն գործի իրավական ընթացքի կամ վաղը մեկնարկող դատավարության հետ:
Սուրեն Սուրենյանց
Հայաստանում ընտրական գործընթացն ավարտվեց: Անկախ վերջին մեկ տարում անցկացված ընտրությունների որակից` մեր երկիրը թևակոխել է հարաբերական անդորրության մի փուլ, որը գուցե թույլ տա իրականություն դարձնել նախընտրական պերճախոս խոստումների գոնե մի մասը:
Հիմա ընտրությունների հերթը` մեր հարևան երկրներինն է: Առաջիկա ամիսներին Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի ընտրողները կլսեն թեկնածուների իրական կամ անիրական խոստումներ, ականատես կլինեն ընտրակեղծիքների, իշխանության և ընդդիմության փոխադարձ մեղադրանքների:
Շաբաթ օրը շրջադարձային իրադարձություն է տեղի ունեցել Իրանի ներքաղաքական կյանքում:
Հունիսի 14-ին հարևան երկրում նախատեսված են նախագահի ընտրություններ:
Եվ ահա, թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց րոպեներ առաջ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթներն իրականացնող Պահապանների խորհուրդ առաջադրման փաստաթղթերն է ներկայացրել Իսլամական հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի—Ռաֆսանջանին:
78-ամյա այս գործիչը հարևան երկրի նախագահ է եղել 1989-97թթ-ին, առաջադրված թեկնածուներից ամենահայտնին ու ազդեցիկն է, մեծ համակրանք է վայելում չափավոր իսլամիստների և բարեփոխականների շրջանում: Ավելորդ չէ հիշեցնել, որ պարոն Ռաֆսանջանին կարևոր դերակատարություն է ունեցել նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. հենց նրա միջնորդությամբ են 1992թ-ի մայիսին Թեհրանում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:
ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադն արդեն երկու ժամկետ պաշտոնավարել է և նորից առաջադրվելու իրավունք չունի:
Փոխարենն` առաջադրվել են երկու թեկնածուներ, ովքեր կարող են ակնկալել գործող նախագահի աջակցությունը: Նրանք են` Ահմադինեժադի մտերիմ ընկեր, ազգայնական Էսֆանդիյար Րահիմ Մաշային և նախագահի ավագ եղբայրը`Դաուդը:
Սակայն, Իրանում գրեթե անհնար է հաղթել, եթե չունես երկրի առաջնորդ Ալի Համենեիի աջակցությունը: Առայժմ հայտնի չէ, թե թեկնածուներից հատկապես ո՞ւմ է աջակցելու հոգևոր առաջնորդը, սակայն այդ դերին, ամենայն հավանականությամբ, կարող են հավակնել խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը և միջուկային հարցերով Իրանի գլխավոր բանագնաց Սաեդ Ջալիլին: Վերջինս կոշտ դիրքորոշում է որդեգրել միջազգային Վեցնյակի հետ բանակցություններում, անզիջում դիվանագետի համբավ ունի և մեծ հեղինակություն է վայելում Իրանի պահպանողական շրջանակներում:
Իրանական ընտրություններում առաջադրված թեկնածուների թիվը գերազանցում է 600-ը, որոնց թվում նաև` 14 կին: Իհարկե, առաջադրվածների բազմառատությունը չի նշանակում, որ մենք քվեաթերթիկում կհանդիպենք այսքան անուն: Կլինեն հավանաբար 5-6 թեկնածու:
Եթե Հայաստանում թեկնածու դառնալու համար` գլխավոր ու թերևս միակ լուրջ խոչընդոտը, ընտրագրավ մուծելն է, ապա Իրանում` Պահապանների խորհուրդը ֆիլտրում է թեկնածուների ցանկը` կրոնական, քաղաքական գրված ու չգրված բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով:
Ինչևէ, Իրանում սպասվում են լարված ու մրցակցային ընտրություններ: դրանց նշանակությունը չափազանց մեծ է` հաշվի առնելով միջուկային խնդրի շուրջ մեր հարևանի և միջազգային հանրության բարդ հարաբերությունները:
Հայաստանի համար այդ ընտրությունները նույնպես կարևոր են. Իրանը մեր կարևոր հարևաններից մեկն է, այդ երկրում է գտնվում հայկական ամենամեծ ու կազմակերպված գաղթօջախներից մեկը:
Աշնանը նշանակված նախագահական ընտրությունները պակաս մրցակացային և էական են մեկ այլ հարևան երկրում`Վրաստանում:
Սահմանադրական փոփոխություններից հետո` նախագահի պաշտոնը Վրաստանում խորհրդանշական, արարողակարգային նշանակություն ունի: Երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է` կառավարության հետ միասին:
Բացի այդ, բոլոր փորձագետները կանխատեսում են վարչապետի թեկնածուի հեշտ և կանխորոշված հաղթանակը:
Այս համատեքստում` կարելի է արձանագրել, որ երեկ հայտնի է դարձել Վրաստանի ապագա նախագահի անումը: Իվանիշվիլիի «Վրացական երազանքն» առաջադրել է կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլիի թեկնածությունը:
Այս անունը Վրաստանից դուրս քիչ է հայտնի. Մարգվելաշվիլին ավելի շատ հայտնի է` որպես մտավորական, գիտնական, նա փիլիսոփոյության դոկտոր է: Քաղաքական կողմնորոշումներով` ատլանտիստ է, հետևաբար` Վրաստանի նախագահական ընտրություններն այս առումով նույնպես` կանխատեսելի են. արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի լինելու:
Աշնանը նախագահական ընտրություններ են նաև Ադրբեջանում:
Կասկածից վեր է, որ այստեղ չեն պահպանվելու ժողովրդավարության չափանիշները, ընդդիմությունը ենթարկվելու է հալածանքների, նախիջևանյան կլանը ամեն բան անում է` Իլհամ Ալիևի «վերընտրությունը» կազմակերպելու հանար:
Դրա համար` նույնիսկ սահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան, որի արդյունքում Հիմնական օրենքից հանվեց նախագահի պաշտոնում անընդմեջ, երկու անգամից ավելի ընտրվելու արգելքը:
Միջազգային բոլոր կազմակերպությունները դատապարտեցին սահմանադրական փոփոխությունները, սակայն բոլորը հաշտվել են այն իրողության հետ, որ առաջիկա տարիների գործ են ունենալու դարձյալ Ալիև-կրտսերի հետ:
Չնայած` վերջին ամիսներին Ադրբեջանում տեղի են ունենում սոցիալական հուզումներ, և որոշ փորձագետներ չեն բացառում այդ երկրում արաբական սցենարի կրկնությունը:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.