23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի ավագանու ընտրություններից հետո՝ մեր ընթերցողին առաջարկել էինք գնահատել դրանց որակը:
Գուցե մեր կայքի ընթերցողները հոռետես են ու չեն ապրում այն երջանիկ Հայաստանում, որի մասին այդքան խոսում են մեր իշխանավորները:
Համենայն դեպս, փաստ է, որ մեր ընթերցողների մոտ 80%-ը համարում է, որ Երևանի ավագանու ընտրություններն օրինական չեն եղել:
Համոզված եմ, որ գրեթե նույն պատկերն էինք ստանալու, եթե մարդկանց խնդրեինք գնահատել խորհրդարանական կամ նախագահական վերջին ընտրությունները:
Այսինքն, մարդիկ համարում են, որ այս երկրում ընտրություններն ոչինչ չեն փոխում, իրենց քվեն անտեսված է:
Ընտրական գործընթացի նկատմամբ հանրային անվստահության փաստը խոստովանում են նաև իշխանությունները, սակայն, նրանց պարագայում՝ խոստովանելը քիչ է: Վիճակն արմատական լուծումներ է պահանջում, մինչդեռ՝ իշխանությունը հապաղում է կամ իր վերարտադրության խնդիրն ավելի կարևոր է համարում, քան՝ ընտրությունների որակը:
Վատ ընտրությունը հանգեցնում է հուսահատության, հուսահատությունը՝ արտագաղթի: Պատահական չէ, որ արտագաղթի մեծ ալիք լինում է հատկապես ընտրություններից հետո:
Գնում են հիմնականում մարդիկ, ովքեր համարում են, որ երկրի ներսում ինքնադրսևորման հնարավորությունից զրկված են:
Օրինակ, առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում՝ երկիրը լքելու է իմ մերձավոր ազգականն՝ ընտանիքի հետ միասին:
Նա ծրագրավորող է, այստեղ էլ վատ չի վաստակում, ընտանիքը պահում է տասից վատ, հարյուրից՝ լավ, բայց համարում է, որ այս երկրում ապագա, իր հնարավորությունները ռեալիզացնելու դաշտ չկա:
Փորձեց պայքարել, հսակացավ, որ իշխանությունն ու ընդդիմությունը՝ նույն սանրի երկու կտորն են: Հոգնեց՝ երկրից հեռանալը համարելով ամենաարդյունավետ միջոցը:
Երկրից գնում են մասնագիտություն, սեփական քաղաքացիական «ես»-ն ունեցող մարդիկ:
Հայաստանը դառնում է անզորների, սոցիալական խոցելի խմբերի երկիր: Հաջորդ ընտրություններում, թող ինձ ներվի, սակայն ավելի մեծ է լինելու լյումպենի դերակատարությունը, որոնց գնելը կամ ահաբեկելը՝ իշխանության համար խնդիր չի հարուցելու:
Ըստ այդմ՝ մենք ունենալու ենք ավելի վատ ընտրություն, եթե այս խոտոր ընթացքը չկասեցվի իշխանության կողմից իրականցվելիք հետևողական բարեփոխումների կամ՝ հեղափոխության միջոցով:
Սուրեն Սուրենյանց
Վերջին երկու օրերը հիրավի կարելի է համարել սարգսյանական՝ ի պատիվ վարչապետ Տիգրան Սարգսյանի:
Հանաք մասխարություն չէ՝ օրվա ավարտին Արմավիր հասնել ու գյուղացիներին բավարարող խոստումներ տալ, նրանցից էլ խոստում կորզել, որ մայիսի 28-ին չի փակվելու Սարդարապատ ուղևորվող հանրապետության նախագահի ավտոշարասյան ճանապարհը:
Այս օրն էլ իսկական տոնական ստացվեց վարչապետի համար. նրա կաբինետի ծրագիրն արժանացավ խորհրդարանի հավանությանը:
Մնում է իրականացնել այնքան շեփորահարված մտքի հեղափոխությունը:
Ափսոս, որ սարգսյանական օրերը տեղի են ունենում գազի գների թանկացման համատեքստում:
Այսօր հայտնի է դարձել, թե ինչքան ենք վճարելու գազի և էլեկտրաէներգիայի դիմաց. գազի համար վճարելու ենք 156 դրամ՝ 1000 խորանարդ մետրի համար, էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 7-8 դրամով:
Շատ է սա, թե՞ քիչ:
Շուրջ 40% աղքատություն և կայուն եկամուտներ ունեցող հասարակության համար, իհարկե՛ շատ է, մանավանդ որ՝ գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացմանը հաջորդելու է առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը:
Այս ամենի ֆոնին՝ անհասկանալի է, թե՞ ինչ է քննարկելու այսօր ԱԺ-ն՝ ժամը 18:30-ին, այն էլ՝ դռնփակ ռեժիմով:
Ինչո՞ւ են մեր օրենսդիրներն որոշել գազի գնի հարցը քննարկել՝ հասարակությունից, մասնագիտական խմբերից ու քաղաքացիական նախաձեռնություններից ծածուկ:
Արդյո՞ք գազի թանկացման պատմությունն ունի այնքան մեծ ստվեր, որի բացահայտումն այդքան սարսափեցնում է իշխանությանը, թե՞ հայտարարված թանկացումներն ոչ թե աղետի վերջն են, այլ ընդամենը սկիզբը, ու ճշմարտության ողջ բացահայտումը կարող է հասարակական հուզումների պատճառ դառնալ:
Հնարավոր է, որ այդ դռնփակ քննարկումների ժամանակ վարչապետը վերջապես խոսելու է գազի գնի սուբսիդավորման մեխանիզմների մասին ու պարզվելու է, որ էդ բարդ ու ժողովրդի համար անհասկանալի բառի տակ քողարկվում է իսկական հարկային տեռոր: Ասել կուզի՝ գազի գնի սուբսիդավորումը տեղի է ունենալու հարկային բեռի էական ավելացման հետևանքով, ուրեմն՝ կստացվի, որ իմ կամ մյուսի գրպանից վերցված փողի հաշվին է գործադիրը պլանավորում սուբսիդավորումը:
Սրանք միայն ենթադրություններ են, սակայն դրանք տեղ ունեն, քանի որ, այս իրավիճակում, գաղտնիությունից մի տեսակ դավադրության հոտ է փչում:
Ժողովուրդը նեղվում է ոչ միայն գների թանկացումից, այլ նաև՝ անորոշությունից:
Այս համատեքստում՝ երիցս ճիշտ է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, երբ կարևորում է գազի թանկացման գործընթացի թափանցիկությունը:
Մարդիկ պետք է իմանան, թե ինչի՞ արդյունքում թանկացավ գազը, որտե՞ղ էր մերոնց մեղքը կամ՝ ռուսների թելադրանքը:
Արդյո՞ք արվել է անհրաժեշտ ամեն բան, որպեսզի գոնե առաջիկա տարիներին կանխվեն նոր թանկացումները:
Խորհրդարանական ֆորմատը հենց այս հարցերի պատասխանը պետք է տար՝ տեսախցիկներից ու ժողովրդից թաքնվելու փոխարեն
Սուրեն Սուրենյանց
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան` Ազգային ժողովի նիստից հետո, այցելել է Արմավիրի մարզ, որի մի շարք բնակավայրեր տուժել են օրեր առաջ տեղացած կարկուտից։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Տիգրան Սարգսյանը մարզպետարանում արտակարգ խորհրդակցություն է ունեցել համայնքների ղեկավարների և տնտեսվարողների հետ։
Խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ կարկուտից տուժած տնտեսվարողները կազատվեն հողի հարկից, ջրի համար վճարումներից։ Որոշվել է նաև վերանայել բնական աղետից տուժած գյուղացիների վերցրած վարկերի պայմանները, մասնավորապես՝ անհատական աշխատանք է տարվելու յուրաքանչյուրի ստացած վարկի մասով, դոլարային վարկերը վերափոխվելու են դրամայինի, վերանայվելու են վճարումների չափը և ժամկետները։ Հստակեցվելու է սոցիալապես անապահով ընտանիքների քանակը, որպեսզի տրվի հասցեական օգնություն։
Այն հակակարկտային կայանները, որոնք արտակարգ իրավիճակների նախարարության ռադիոլոկացիայի տակ չէին մտնում, այսուհետ կանցնեն տվյալ գերատեսչության ենթակայության տակ։
Դժվար է ասել, թե կառավարությունն ինչքանով կկատարի այն խոստումները, որ երեկ վարչապետը տվել է արմավիրցիներին: Մեր կառավարությունն այս առումով այնքան էլ հետողական չէ. հիշենք թեկուզև «Նաիրիտ» գործարանի աշխատավարձերի կամ էլ` պարբերաբար կառավարության մոտ հավաքվող տարբեր մարդկանց խնդիրները:
Այդ մարդիկ պահանջներ են առաջ քաշում, կառավարությունը խոստումներ է տալիս, սակայն սայլը տեղից չի շարժվում:
Օրինակ, ինձ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս է կառավարությունը սառեցնելու վարկերի մարման գործընթացը, երբ դրա պատասխանատուն ոչ թե պետությունն է, այլ առևտրային բանկերը:
Հուսանք, որ վարչապետն երեկ ոչ թե խոտումներ է շռայլել, այլ` պատրաստի լուծումներով է ներկայացել արմավիրցիներին:Արմավիրի երեկվա այցը, սակայն, ունեցել է չբարձրաձայնվող քաղաքական առաքելություն:
Մայիսի 28-ին լրանում է Առաջին հանրապետության տարեդարձը, և Տիգրան Սարգսյանին հաջողվել է արմավիրցիներին համոզել` այդ օրը չփակել այն մայրուղին, որով նախագահ Սերժ Սարգսյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները մեկնելու են Սարդարապատ` տոնակատարություններին մասնակցելու:
Մի օր կառավարության անդամներից մեկին հաջողվում է համոզել մարտունեցիներին` բացել Երևան-Սևան մայրուղին, մյուս օրը վարչապետը խոստում է ստանում առ այն, որ չի փակվի ճանապարհն Արմավիրում:
Կամաց-կամաց կառավարությունը նմանվում է հրշեջ օպերատիվ խմբի, որը ռազմավարական խնդիրներ լուծելու փոխարեն, այստեղ-այնտեղ հրդեհի լոկալ օջախներ է չեզոքացնում:
Այսպես երկար շարունակվել չի կարող, որովհետև հրդեհի օջախները գնալով շատանում են:
Անհրաժեշտ է` վերացնել հրդեհների առաջացման պատճառները:
Սուրեն Սուրենյանց
Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հերթական այցն Ադրբեջան:
Թերևս նաև սա է առիթը, որ հայաստանյան թերթերից մեկը տեղեկատվություն է զետեղել այն մասին, որ առաջիկա ամսում սպասվում է համընդհանուր հռչակագրի ստորագրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից: Ըստ նույն աղբյուրի՝ կարգավորման այդ փաստաթուղթն ունենալու է վեց կետ:
Այս տեղեկատվությունը, սակայն, կարծում եմ՝ հեռու է իրականությունից:
Արդեն մեկ տարի է՝ կարգավորման գործընթաց փաստացի չկա, կողմերի դիրքորոշումները շարունակում են տրամագծորեն տարբեր մնալ սկզբունքային մի քանի հարցերում:
Բացի այդ, առջևում Ադրբեջանի նախագահական ընտրություններն են, որոնց ավարտից հետո, թերևս, կարելի է որոշակի աշխուժացում ակնկալել կարգավորման գործընթացում:
Միջնորդների այցերն այս փուլում այլ նպատակ են հետապնդում, մասնավորապես՝ խնդիր է դրված լիցքաթափել լարվածությունը կողմերի միջև, կանխել պատերազմի վերսկսման ռիսկերը, մի խոսքով՝ վերահսկելի պահել վիճակը:
Սոցցանցերում բուռն քննարկումների տեղիք է տվել նաև Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի երեկվա հանդիպումն ու դրան հաջորդած ասուլիսում Լավրովի արած մի քանի հայտարարությունները:
Նախ Մամեդյարովի երեկվա, ինչպես նաև՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի այսօրվա մոսկովյան այցերը պետք է դիտարկել ռուս-ադրբեջանական վերջին շրջանի բավականին լարված հարաբերությունների համատեքստում: Այդ հարաբերություններում որոշակի լարվածություն է ստեղծվել Գաբալայի խնդրի և ռուս-ադրբեջանական նավթային հարաբերությունների լուծարման համատեքստում:
Ահա, այս այցերը միտված են երկկողմ հարաբերություններում առաջացած խնդիրների հաղթահարմանը:
Ինչևէ, դառնանք Լավրովի երեկվա հայտարարությանը, որը բուռն քննարկումների տեղիք է տվել հայկական բլոգոսֆերայում:
Անդրադառնալով ստեծված ստատուս–քվոյի անթույլատրելիությանը՝ Ռուսատանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. «Ստատուս–քվոն ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձման, այլև Հայաստանի տնտեսական շրջափակման հարցն է, ուստիև այստեղ կարիք չկա որևէ մեկին բացատրել այդ ստատուսի անընդունելի լինելը», – ասել է նա։
Նրա խոսքերով, Ռուսաստանի համար ներկա իրավիճակն անընդունելի է նաև այն պատճառով, որ «Ռուսաստանի երկու հարևանների ու ընկերների միջև» երկար ու բարդ կոնֆլիկտ է, իսկ Կովկասում խաղաղությունը Մոսկվայի կարևորագույն արտաքին–քաղաքական առաջնահերթությունն է։
Մեր բլոգերներից շատերը պնդում են, որ «ադրբեջանական տարածք» ասելով՝ Լավրովը նկատի ունի Արցախը: Անկեղծ ասած՝ ես այդ կարծիքին չեմ, ավելին՝ գրեթե վստահ եմ, որ Ռուսաստանի ԱԳ նախարարի ասածն ավելի շուտ վերաբերում է անվտանգության գոտուն:
Այս առումով՝ Լավրովն որևէ նոր բացահայտում չի արել, որովհետև սեղանին գտնվող կարգավորման գրեթե բոլոր տարբերակներով էլ նախատեսվում է հայկական զինուժի դուրսբերումն ազատագրված որոշ տարածքներից:
Այսինքն, այն, ինչ ասել է Լավրովը՝ բազմիցս հնչեցրել են այլ միջնորդներ ևս:
Ասեմ ավելին. երեկվա ասուլիսում՝ թե Լավրովը, թե Մամեդյարովն որևէ անգամ չեն հիշատակել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Այլ խնդիր է, որ Ռուսաստանի իշխանությունները հաճախ իռացիոնալ դերակատարություն են ունեցել կարգավորման գործընթացում, և ես խիստ կասկածում եմ, որ անկեղծ են Լավրովի պնդումներն այն մասին, թե Մոսկվան հետամուտ է լինելու ստատուս-քվոյի վերանայմանը:
Սակայն սա այլ խոսակցության թեմա է:
Սուրեն Սուրենյանց
Այսօր` մայիսի 22-ին, Երևանում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» խորագրով համաժողովին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ Հայաստան ներմուծվող ռուսական գազի սակագնի հետ կապված բանակցություններն անցկացվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև, և այստեղ ԱՄՆ ներգրավված չէ, սակայն սա հասարակական հնչեղություն ունեցող կարևոր հարց է և, ԱՄՆ կառավարությունը հորդորում է, որպեսզի այս աշխատանքները կատարվեն առավելագույն թափանցիկության ապահովմամբ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարևորել է էներգետիկայի դիվերսիֆիկացումը՝ «որպեսզի վառելիքի տեսակներից մեկի գնի տատանումների դեպքում էլեկտրական էներգիայի գնի մեջ տատանումներ չլինեն»: «Այս իսկ պատճառով, կարևոր է վերականգնվող էներգիան, կարևոր է դիվերսիֆիկացիան»,- պարզաբանել է նա:
Հեֆերնը փորձառու դիվանագետ է և ձեռնպահ է մնացել հայ-ռուսական հարաբերություններին ուղղակի գնահատական տալուց, սակայն տողատակերում տվել է մի քանի ոչ երկիմաստ քաղաքական գնահատականներ:
Մասնավորապես, նա ակնարկել է, որ բանակցող կողմերը, մասնավորապես՝ «Հայռուսգազարդն» այնքան էլ հրապարակային չեն աշխատում, ինչը, բնականաբար, որոշակի խնդիրներ է հարուցում:
Սակայն ավելի կարևոր է դիվերսիֆիկացիայի հորդորն, որն ուղիղ տեքստով արվել է Հայաստանի կառավարությանը:
Էներգետիկայի դիվերսիֆիակցումը հարկավ միակ ճանապարհն է, որը թույլ կտա Հայաստանի տնտեսությունը հանել ռուսական կախվածությունից:
Անընդհատ անպտուղ բանակցությունները, գազի գնի սուբսիդավորումը ժամանակավոր և, ըստ էության, անարդյունավետ միջոցներ են: Պետք է քայլեր անել, որ մեր տնտեսությունն այսքան ողբալիորեն կախված չլինի ռուսական կողմի կամայական որոշումներից, չեզոքացնել Կրեմլի՝ քաղաքական հարցերը «գազային» քաղաքականության միջոցով լուծելու մարտավարությունը:
Հայաստանի կառավարությունը, կարծես թե, հասկացել է այս ճշմարտությունը:
Դրա վկայությունն է պետական միջազգային պարտատոմսերի թողարկումը: Այլ խնդիր է, որ Հայաստանի տնտեսությունը՝ ներքին և արտաքին գործոններով պայմանավորված, ռիսկային է և հարց է, թե ի՞նչ արժեք կունենան նույն այդ պարտատոմսերը, կլինե՞ն դրանք գրավիչ արևմտյան գործընկերների համար:
Տնտեսության գրավչությունը, իհարկե, պայմնավորված է ԼՂ խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, Հայաստանի ապաշրջափակմամբ, բայց նաև՝ կառավարման արդյունավետության բարձրացմամբ, մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարով:
Հատկապես ներքին այս խնդիրներն են, որ այս պահին պետք է առաջնահերթություն դառնան Հայաստանի կառավարության համար՝ մեր տնտեսությունը ռուսական կախվածությունից հանելու, արևմտյան ներդրողների համար գրավիչ դարձնելու համար:
Սուրեն Սուրենյանց
Հայաստանի իշխանության օլիգարխիկ հատվածի ներկայացուցիչները, կարծես, ինչ-որ բան են զգացել. համենայն դեպս` նրանք երեկ բարիացել են, իրենց պահել բարեպաշտ և օրինապաշտ քաղաքացիների պես:
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն, առանց կանչի, ներկայացել է դատարան և ինքնակամ ցուցմունք է տվել «Հարսնաքարի» գործով: Նա բացատրել է իր քայլի շարժառիթը. ոմանք թող չկարծեն, թե ինքը վախենում կամ խուսափում է դատարան ներկայանալուց:
Փաստորեն, Հայրապետյանը սկսել է հաշվի նստել հասարակական կարծիքի հետ:
Մեկ այլ օլիգարխ, ԱԺ գործող պատգամավոր Ալիկ Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկ, սկսել է մտածել կարկտահարված իր հայրենիքի` Արմավիրի մասին: Ընդ որում` պատգամավորը, որը տարիներ շարունակ ծպտուն անգամ չի հանել` երեկ պերճախոս է եղել, կարկուտը համեմատել է երկրաշարժի, Արմավիրը` աղետի գոտու հետ:
Ալեքսան Պետրոսյանը նշել է Արմավիր մարզի համար բացվելիք բանկային հատուկ հաշվեհամարի անհրաժեշտությունը, որպեսզի սփյուռքից, Հայաստանից, Արցախից գումարներ փոխանցվեն։ Բացի դրանից, նա առաջարկել է աղետի մասին տեղեկացնել բոլոր դոնոր կազմակերպություններին, բարեգործներին, բարերարներին, տարբեր տեսակի հիմնադրամներին՝ օգնության ակնկալիքով:
Իհարկե, Պետրոսյանը գուցե անձնական շարժառիթ էլ է ունեցել. ասում են` կարկտահարությունը սրբել-տարել է 70 հեկտար զբաղեցնող նրա խաղողի այգին` պատճառելով 400.000 ԱՄՆ դոլարի վնաս:
Գործարար գործընկորոջ առաջարկին միանգամից արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ասելով, որ իր մի ամսվա աշխատավարձը կփոխանցի այդ հաշվեհամարին:
Տեսնես` էդ ամիսն ինչպե՞ս է յոլա գնալու խորհրդարանի խոսնակի բազմանդամ ընտանիքը:
Լավ, ինչի՞ այսքան բարիացան մեր պատգամավորները, օլիգարխները
Հումանիզմից դրդվա՞ծ:
Հազիվ թե:
Նրանք, հավանաբար, զգում են, որ Հայաստանում հասունանում է սոցիալական լարվածություն, որը կարող է իր կուլմինացիան ունենալ` հուզումների ձևով:
Նման իրավիճակներում` ըմբոստացած ժողովրդի հիմնական թիրախը դառնում են փողատերերը կամ էլ` իշխանությունն է նրանց զոհաբերում` մարդկանց կրքերը հանգստացնելու համար:
Այս հեռանկարը չի կարող չանհանգստացնել մեծ փողեր դիզած մարդկանց, ովքեր հիմա ճգնում են ժողովրդի դարդ ու ցավով ապրող մարդկանց կերպարի մեջ մտնել:
Իսկ եթե անդրադառնանք բուն խնդրին` կարկտահարության հետևանքներին, ապա, ըստ որոշ գնահատականների, վնասը կազմում է մոտ 70 միլիոն ԱՄՆ դոլար:
Համաձայնեք` գումարը բավականին մեծ է: Հազիվ թե` կառավարությունը կարողանա դրա տակից դուրս գալ, մանավանդ որ` հայտնի չէ, թե կառավարությունն ինչ միջոցներով է սուբսիդավորելու գազի թանկացումն. այդ մասին բյուջեում որևէ հիշատակում չկա:
Գյուղացիների մեծ մասը վարկային պարտավորություններ ունի առևտրային բանկերի առաջ, որոնց սառեցումը նույնպես տևական լինել չի կարող, որովհետև ճգնաճամ կարող է հարուցել բանկային համակարգում:
Ստեղծված իրավիճակում Ալիկ Պետրոսյանի առաջարկությունը ռացիոնալ է թվում:
Սակայն այս առաջարկությունն ադեկվատ է միանգամյա օգտագործման համար, այսինքն` կոնյուկտուրային է:
Իսկ գլոբալ իմաստով` հարկ է հետևություններ անել տեղի ունեցած կարկտահարությունից:
Անհրաժեշտ է ձևավորել գյուղացիական ապահովագրական ընկերություններ, որոնք շահույթ հետապնդելու նպատակ չեն ունենա և նախատեսված կլինեն նման ֆորսմաժորային իրավիճակների համար:
Գյուղացիները պետք է սովորեն ինքնակազմակերպվել և հույսն առաջին հերթին իրենց վրա դնել` չսպասելով պետության աջակցությանը կամ փողատերերի ողորմածությանը:
Սուրեն Սուրենյանց
Երեկ խորհրդարանը քվերարկությամբ մերժել է ՀԱԿ-ի առաջարկը՝ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ:
Ներկայացված օրինագծին կողմ են քվեարկել բոլորը՝ բացի կոալիցիայի ներկայացուցիչներից:
Այս հարցը նախապատմություն ունի:
Նման հանձնաժողով ՀԱԿ-ն առաջարկել էր ստեղծել դեռ մինչև նախագահական ընտրությունները:
Այն ժամանակ հանրապետականներն ասում էին, թե միայն ժամանակային առումով են ընդդիմանում հանձնաժողովի ստեղծմանը՝ ընտրական գործընթացում շահարկումներից խուսափելու նպատակով:
Ի վերջո, փոխզիջումը գտնվեց. որոշվեց հանձնաժողովը ստեղծել ընտրություններից հետո:
Հիմա էլ պարզվեց, որ իշխանությունների և ՀԱԿ-ի պատգամավորների մոտեցումները տարբեր են նաև հանձնաժողովի իրավասությունների հարցում:
Ի վերջո, իշխանությունը ձևը գտավ և «խոնարհ կոճակների» միջոցով տապալեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողովի ստեղծումը:
ՀԱԿ գործիչները հանրապետականներին մեղադրեցին խոստումը դրժելու մեջ:
Սակայն քաղաքականության մեջ «մամայի կամ պապայի արև»-ը կատերգորիա չէ:
Փաստն այն է, որ Մարտի 1-ի հարցն անտեր է մնացել, այն ոչ միայն դուրս է մղվել քաղաքական օրակարգից, այլև՝ չկա կոնկրետ ուժ, որը պահանջատեր լինի այս հարցում:
Իշխանության վարքագիծը դատապարտելի, սակայն հասկանալի է. այսօր էլ բարձր պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, որոնց համար, մեղմ ասած, այնքան էլ հաճելի չէ ոճրագործության լիարժեք բացահայտումը:
ՀԱԿ-ը, հայտարարությունների մակարդակով, այս հարցի պահնաջատերն է:
Սակայն՝ միայն ֆորմալ առումով, իսկ իրականության մեջ այս հարցը ՀԱԿ օրակարգում առաջնային չէ շատ վաղուց:
Դատեք ինքներդ՝ սկզբում ՀԱԿ գործիչները շատ օլիգարխների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին, մեղադրում էին խաղաղ ցուցարարների դեմ ուժ գործադրելու մեջ: Հետո՝ ոչ միայն Ծառուկյանը դարձավ ՀԱԿ դաշնակից, այլև ԲՀԿ համամասնական ցուցակում հայտնվեցին այն օրերի իշխանության հենասյուներից մեկը՝ Վարդան Օսկանյանը, նաև ներքին զորքերի այն ժամանակվա հրամանատար Գրիգոր Գրիգորյանը:
Հասարակությունը հասկացավ, որ Մարտի 1-ի թեման ոմանց համար դարձել է քաղաքական գործիք, որն, ըստ քաղաքական նախասիրությունների և ժամանակի, օգտագործվում է սրա- նրա դեմ:
Մարտի 1-ի թեմայի արժեզրկման կուլմինացիան դարձավ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսումը, որում ՀԱԿ համակարգողն ակնհայտորեն իրոնիայով էր խոսում Մարտի 1-ի մասին:
Այսօրվա այլանդակ քաղաքական համակարգը Մարտի 1-ի ծնունդն է:
Այդ համակարգում ոմանք ցոփ ու շվայտ կյանք են վայելում՝ ճիշտ այնպես, ինչպես վայելել են մինչև 2008թ-ը: Սակայն այդ համակարգին ինտեգրվել են նաև մարդիկ, ովքեր 2008 — 2009թթ -ի հանրահավաքներում կուրծք էին ծեծում, Մարտի 1-ի բացահայտումը համարում էին իրենց կյանքի նպատակ:
Ընդդիմադիր այդ գործիչների համար կյանքի նպատակը վերաիմաստավորվել է, նրանք այլ բաների մեջ են գտել իրենց հաջողության բանալին:
Ահա, թե ինչու է անտեր մնացել Մարտի 1-ը:
Ի դեպ, երեկվա քվեարկությամբ՝ ՀԱԿ-ը հերթական անգնահատելի ծառայությունը մատուցեց ԲՀԿ-ին: Այս խմբակցության պատգամավորների «կողմ» քվեարկելը կուսակցությանը «մաքրում» է Մարտի 1-ի քաղաքական պատասխանատվությունից, նամանավանդ որ՝ հանձնաժողովի ստեղծման մերժումը մեծամասնության կողմից՝ հնգամյա վաղեմության իրադարձությունները վերջնականապես դասեցին արխիվայինների շարքում:
Սուրեն Սուրենյանց
Ռուսական գազի գների թանկացման ֆոնին՝ քննադատությունը հիմնականում հասցեագրվում է Հայաստանի իշխանությանը:
Այդ քննադատությունն արդարացի է, որովհետև, ի վերջո, կառավարությունն է պատասխանատու ռուսական կողմի հետ բանակցությունների ձախողման, մեր տնտեսությունը ռուսական կախվածության մեջ դնելու, էներգետիկայի այլընտրանքային աղբյուրներ չգտնելու ու առհասարակ՝ անարդյունավետ կառավարման համար:
Սակայն գազի թանկացման համար պատասխանատու է նաև, գուցե՝ առաջին հերթին, Մոսկվան, մանավանդ՝ տեսակետ կա, որ Հայաստանի իշխանությունները պատժվում են եվրոինտեգրացիայի քաղաքականությանը հետամուտ լինելու համար:
Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք նույնիսկ սրա համար են մեղադրում Հայաստանի իշխանությանը՝ փորձելով արդարացնել Կրեմլի կայսերապաշտական քաղաքականությունը:
Բարեբախտաբար, նման տեսակետ հայտնողներն աստիճանաբար հայտնվում են քաղաքական փոքրամասնության մեջ: Ցավալին այն է, որ քաղաքական հիմնական ուժերը չեն ցանկանում հստակ դիրքորոշումներ արտահայտել հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ վայելելով բացառապես Տիգրան Սարգսյանին և նրա կաբինետին հասցեագրված քննադատության «հաճույքը»:
Այս գորշության մեջ հաճելիորեն առանձնացավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նախօրեին փորձել է կապակցել ռուսական գազի թանկացման և Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազաների խնդիրները:
Տրամաբանությունը շատ հստակ է. եթե մեր ռազմավարական գործընկերը մեզ հետ խոսում է շուկայական լեզվով, ապա նույն լեզուն բնորոշ պետք է լինի նաև հայկական կողմին:
Հիմա ռուսական բազաների համար՝ Մոսկվան ոչ մի կոպեկ մեզ չի վճարում, ավելին՝ բազայի հետ կապված մի շարք ծախսեր հոգում է հայկական կողմը:
Հայաստանի իշխանությունից պահանջվում է մի բան՝ ռուսական կողմից պահանջել, որպեսզի նա հայկական կողմին վճարի իր բազաների տեղակայման համար:
Թե մեր ինքնիշխանության հարցը կլուծենք և թե՝ կմեղմենք գազի թանկացման հետևանքով առաջացած սոցիալական լարվածությունը:
Ի դեպ, նման քաղաքական արիություն արդեն դրսևորել են ադրբեջանական իշխանությունները՝ Գաբալայի հարցով, նույնիսկ՝ Կենտրոնական Ասիայի մի քանի ռեժիմներ:
Կգնա՞ Հայաստանի իշխանությունը նման քայլի: Կասկածում եմ:
Սեփական նախաձեռնությամբ՝ հաստատ չի գնա:
Հասարակության և քաղաքական ուժերի խնդիրն է՝ գազի թանկացման առիթն օգտագործել՝ քաղաքական օրակարգը նաև նման գլոբալ հարցադրումներով համալրելու համար:
Ի վերջո, մենք պետք է ապացուցենք, որ՝ ոչ թե ռուսական ֆորպոստի զինվորիկներ ենք, այլ՝ ազատ երկրի հպարտ քաղաքացիներ:
Սուրեն Սուրենյանց
Ընտրություններն ավարտվեցին:
Ժողովրդի քվեն դռնեդուռ հայցող իշխանավորները դարձյալ մոռացան մահկանացուներիս մասին` կյանքին նայելով իրենց հարմարավետ եվրոկաբինետների ծուռ հայելի հիշեցնող լուսամուտներից:
Ընդդիմությունը բարոյալքված և ջարդված է:
Մեկը լինի` ընդդիմությանը տիրություն անի:
Ժողովուրդը մնաց մենակ` իր դարդ ու ցավի հետ:
«Եղունգ ունես, գլուխդ քորի»` ասում է ժողովրդական ասացվածքը, որն հատկապես տեղին է իշխանությունից քշված, ընդդիմությունից խաբված ժողովուրդների համար:
Իշխանությունը համարում է, որ իր տալիքը տվել է: Ցինիզմի հասնող վարքագծով` ռեստորանից-ռեստորան թրև են գալիս, գլուխ գովում, թե ոնց հինգ-տաս հազարով ժողովրդի քվեն առան, արանքում էլ` իրենց «մշակութային տաղանդին» են զոռ տալիս` նախագահին ու քաղաքապետին կենացներ են ձոնում:
Ամեն ինչ ժանրի մեջ է` խրախճանք ժանտախտից առաջ: Ուտելն ու քծնելն էլ դարձել են քաղաքական կատեգորիաներ: Հատկապես` քծնանքը, որովհետև դրա բարձրաճաշակ մատուցումն երաշխավորում է մի յուղոտ պաշտոն` առաջիկա հմգամյակի, քառամյակի, լավ` երեք տարիների համար:
Ընդդիմությունն էլ մեյդանում ծպտուն չի հանում, բայց կաբինետներում, գրասենյակներում աքլորավարի քննարկումներ են անում` խոսելով իրենց ձախողված մարտիրոսության, ժողովրդի ծախվածության մասին:
Մոռացել են, որ առաջին երեսուն արծաթը հենց իրենք են վերցրել, մոռացել են, որ նախագահին թերթերում հայհոյում են, բայց առիթի դեպքում` հերթ են կանգնում` նրան իրենց փայ չեստը տալու համար: Մոռանում են, որ հայտնի օլիգարխին տարի և կես այնքան անխնա ու անկուշտ են քծնել, որ նրա անունը սրբերի շարքում բրոնիա են արել:
Եկեղեցի բացելն աստվածահաճո գործ է. դա ոչ մեկ չի վիճարկում:
Բայց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությունն ու դրան հաջորդած իրադարձությունները դարձան այն հայելին, որը մեր իրականության ու հասարակության, մեր էլիտայի հաբրգածության և ժողովրդի թշվառության արտացոլումն է:
Սոված, բարոյալքված ժողովուրդը հարձակվել էր այն փշրանքի վրա, որ նետվել էր երևելիների կողմից, իսկ երևելիները` պատնեշից այն կողմ, վայելում էին աշխարհքիս բարիքները` հայրենիքն ուրացող դեմքերով խմելով դատարկվող հայրենիքի կենացը:
Ի՞նչ անի խեղճ արմավիրցին, որ կարկուտ եկավ, բերքն առավ ու տարավ: Բանկի տոկոսը մնաց, մեկ էլ` Արգամիչի անկեղծ, ես կասեի` մանկական խոստովանությունը, թե` ժողովուրդ, հո ես ու նախագահը չէի՞նք ուզում, որ կարկուտ գա:
Հա, Արգամիչ ջան, չէիք ուզում` պարզ է, դուք էլ էք ուզում ծիրան ուտել: Բայց խեղճ արմավիրցու ու քո մեջ մի փոքր տարբերություն կա: Էդ մարդիկ ոչ պաշտոն ունեն, ոչ էլ լծակ, բայց կարկուտից առաջ` մի փոքր հույս ունեին, որ պետություն ունեն, իշխանություն, որոնք իրենց կպաշտպանեն, մենակ չեն թողնի փորձանքի ու արհավիրքի պահին:
Իսկ դու եկել ու ասում ես` բողոքում եք, որ ի՞նչ անեք…
«Կարկուտը ծեծած տեղն է խփում»` ասում է ժողովրդական մյուս ասացվածքը:
Բնական աղետը քիչ էր, մի հատ էլ արհավիրք հյուսիսից եկավ` մեր ռամավարական դաշնակից կոչվածից:
Գազը թանկեց, աղքատությունն ու արտագաղթը չոքեցին բոլորիս դռանը:
Չեկիստ Պուտինը մերոնց ասում է` Եվրոպա եք ուզում` եվրոգներով էլ վճարեք:
Մերոնք էլ չխոսկան հարսի նման են, չեն կարողանում ասել` մեր աղբրի վրա նստած այ հրեշ, նախ ռազմաբազաներիդ փողը տուր, նոր մեզնից պահանջիր:
Ռուսաց կայսրի զոռբայության և մերոնց կուսական չխոսկանության արանքում` մի ժողովուրդ թափառական ու գաղթական է դառնում իր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս:
«Տերովին տերն է տանում, անտերին` գելը»` ասում է ժողովրդական երրորդ ասացվածքը:
Երևելիների արտոնությունների և զանգվածային արտագաղթի պատճառով` մեր բանակը դարձել է բանվորագյուղացիական` բառի բուն իմաստով:
Հազարավորներ իրենց հետ բանակ են տանում քաղաքացիական կյանքի դառնությունը, նրանցից մեկի ինքնադրսևորումը տեղի է ունենում մյուսների նվաստացման հաշվին:
Նոր զոհ, նոր դիակ, ևս մեկ հայկական օջախի կործանում…
Հաղթանակած բանակի` Վազգենի լուսավոր տան հիմքում, որջ են դրել սուգն ու հուսահատությունը:
Սա արդեն ողբերգություն է…
Շաբաթվա Վարկածները մշակեց Սուրեն Սուրենյանցը
Արդեն սովորել ենք, որ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը պարբերաբար հանդես է գալիս մեր երկրի արտաքին կամ ներքին քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ դիտարկումներով:
Հաճախ դիվանագետի հնչեցրած գնահատականները դիպուկ են լինում, դրանցում շոշափվում են այն մարտահրավերներն, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը:
Երբեմն էլ տպավորություն է ստեղծվում, որ Ջոն Հեֆերնը Հայաստանի ապագայով ավելի շատ է մտահոգ, քան` ապահով Հայաստանում առոք-փառոք ապրող մեր ղեկավարները:
Ոմանք էլ ասում են, թե մերոնք դեսպանի հետ պայմանավորվել են. ինչ-որ թեմաների մասին առաջինը հենց այս դիվանագետն է խոսում, հետո` այդ թեման հայտնվում է իշխանությունների քաղաքականության օրակարգում` որպես միջազգային գործընկերների կարծիք կամ խորհուրդ:
Եթե ընդունենք, որ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի կարծիքն, որոշ իմաստով, ուղեցույցային է մեր իշխանությունների համար, առաջիկայում անհանգստանալու առիթներ է ունենալու ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Երեկ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունում
Հեֆերնն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության համար կարևոր են հարկային ու մաքսային ոլորտների թափանցիկությունը և ողջ տնտեսության մեջ ազատ մրցակցության կանոնների պահպանումը: Անդրադառնալով «Կոկա-Կոլա» ընկերությանը` դեսպանն ասել է, թե, օրինակ, այդ ընկերության համար կարևոր է, որ մրցակցություն լինի շաքարի ներկրման ոլորտում, որպեսզի ընկերությունը կարողանա ընտրություն կատարել ներկրողների միջև, ավելի էժան ձեռք բերել հումքը ու հետևաբար ավելի էժան առաջարկել իր ապրանքը սպառողներին:
Շաքարի ներկրման մենաշնորհն, ինչպես հայտնի է, պատկանում է հենց Ալեքսանյանին:
Շատերը հիմա կպնդեն, որ նա վայելում է իշխանության բարձր օղակների հովանավորությունը, կբերեն Փակ շուկայի օրինակը, մի խոսքով` կհիմնավորեն, որ Ալեքսանյանն այս իշխանությունների աչքի լույսն է:
Չեմ վիճում` դա այդպես է:
Մյուս կողմից` վիճակը ստիպելու է, որ տնտեսական անելանելի վիճակում հայտնված մեր երկրի իշխանությունները բարդ ընտրություն կատարեն` ամենակարող օլիգարխիային սատարելու և օտարերկրյա ներդրումներ ունենալու հեռանկարի միջև:
Անշուշտ, օլիգարխիան այս իշխանության հենարանն է, թերևս` միակ կայուն հենարանը, սակայն այդ համակարգի ամրապնդումը բերում է կոռուպցիայի խորացմանը, մենաշնորհային երևույթների արմատավորմանը, սոցիալական բևեռացմանը, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, օրինակ` սոցիալական բունտի, որի փլատակների տակ կմնա նույն իշխանությունը:
Թերևս, այդ վտանգը հասկանալով` իշխանությունը փորձում է կարգի բերել օլիգարխներին կամ` առայժմ ձևավորում է քարոզչական այն միջավայրը, որը հնարավոր կդարձնի հենց օլիգարխներին դարձնել թիրախ` տնտեսական ձախողումների, սոցիալական լարվածության համար:
Բնավ պատահական չէ, որ այս օրերին ոչ միայն ԱՄՆ դեսպանն է հիշում Ալեքսանյանին, այլ նաև` քաղաքացիական մի շարք նախաձեռնություններ, որոնք արդարցիորեն ընդվզում են Փակ շուկայում կատարվող այլանդակությունների դեմ:
Պարբերաբար էլ մամուլում լուրեր են հայտնվում, որ Ալեքսանյանը շուտով վաճառելու է «Երևան Սիթի» խանութների ցանցը:
Հայաստանի իշխանության մանևրելու հնարավորությունները խիստ սահմանափակ են, մանավանդ` գազի գների թանկացմանը հաջորդող սոցիալական լարվածության ֆոնին:
Հետևաբար` կարելի է ենթադրել, որ եկել է շախմատի տախտակի վրա գործող որոշ ֆիգուրներին զոհաբերելու ժամանակը` քաղաքական և տնտեսական նրանց ազդեցիկությունը չեզոքացնելու կամ սահմանափակելու իմաստով:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.