23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հետքի» սկանդալային հրապարակումը, ըստ որի՝ հանրապետության վարչապետը Կիպրոսի օֆշորային գոտում բացված մի ֆիրմայի միջոցով՝ սննկացրել է գործարար Փայլակ Հայրապետյանին՝ հասարակական մեծ աղմուկի պատճառ դարձավ:
Հրապարակման իսկ օրը վարչապետի մամուլի խոսնակը վստահ հայտարարել էր, թե վարչապետը դիմելու է դատախազություն:
Տպավորությունն այնպիսին էր, որ Տիգրան Սարգսյանը կայքին մեղադրում է զրպարտության մեջ:
Կայքի խմբագիր Էդիկ Բաղդասրայանն, իր հերթին, վստահ հակադարձել էր, որ իրենց հրապարակած փաստաթուղթը ստացել են Կիպրոսի պատկան մարմիններից, այն վավեր է, ավելին՝ դրանում հիշատակված Տիգրան Սարգսյանը մեզ հայտնի մարդն է, այսինքն՝ հանրապետության վարչապետը:
Երեկ վարչապետը վերջապես դիմել է դատախազություն, սակայն՝ ոչ թե «Հետքին» հերքելու կամ նրան զրպարտության մեջ մեղադրելու դիմումով, այլ՝ պարզելու, թե ո՞վ կամ ովքե՞ր են իր անունով ընկերություն գրանցել:
Ըստ այս տրամաբանության՝ Հայաստանում կա կամ կան մարդիկ, ովքեր կարող են, առանց վարչապետի իմացության, նրա անունից գործարքներ կատարել, ընդ որում՝ ոչ միայն մեր երկրում, այլ նաև՝ դրա սահմաններից շատ հեռու:
Ստացվում է, ըստ նույն տրամաբանության, որ Հայաստանի վարչապետն այնքան անպաշտպան է, որը որևէ պատահական մարդ կարող է օգտագործել նրա անունը:
Այս դեպքում՝ ի՞նչ անեն խեղճ քաղաքացիները, ովքեր ոչ պաշտոն ունեն և ոչ էլ պաշտպանված են տարբեր տեսակի արտոնություններով:
Դատելով դատախազությանը վարչապետի հասցեագրած դիմումի բովանդակությունից՝ շուտով կհայտնվի Հայաստանի մի քաղաքացի, ով կխոստովանի, որ օգտագործել է վարչապետի բարձր անունը՝ աստղաբաշխական գումարներ աշխատելու համար:
Միայն պարզ չէ՝ այդ քաղաքացին ինչպե՞ս է հիմնավորելու, թե ինչո՞ւ որոշեց օֆշորային գոտում ֆիրմա բացել հենց վարչապետի անունով և ի՞նչ հանգամանքներում է ծանոթ նույն այդ ֆիրմայի մյուս ոչ անհայտ բաժնետերերի՝ Նավասարդ սրբազանի և գործարար Աշոտ Սուքիասյանի հետ:
Թեև չեմ բացառում, որ առաջիկա օրերին Սրբազանն ու գործարարն էլ փորձեն պարզել, թե ովքե՞ր են օգտագործել իրենց անունները:
Վերջում պարզվելու է, որ օֆշորային հարստությանն իրականում տիրապետում են սահմանամերձ հեռավոր գյուղի անասնապահներ Ղազարոսը, Մարտիրոսը և Պետրոսը, ովքեր էլ չարամտորեն օգտագործել են վերը նշված հարգարժան մարդկանց անունները:
Սուրեն Սուրենյանց
Սյունիքի մարզպետի ցինիզմը և անկիրթ իշխանամոլությունը հանգեցրեց տխուր ու անցանկալի հետևանքի, որի արդյունքում հանցագործ դարձավ անփառունակ իշխանավորի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
Գորիսում այսօր էլ մարդիկ հիշում են այն բոլոր միջադեպերը, որոնց ժամանակ Լիսկայի որդին վիրավորում էր բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չէին գալիս և անպատժելի թիկնապահների ու հոր միջոցով, ծեծ ու ջարդի ենթարկում նրանց, մնալով անպատիժ:
Սյունեցիները հիշում են, որ հինգ տարի առաջ, մարզպետի որդին իր հասակակիցների հետ կոնֆլիկտ էր ունեցել, որին միջամտել էր հայրը և այն դպրոցականը, որը համարձակվել էր իր պատիվը պաշտպանել մարզպետի որդու այլանդակ պահվածքից, ծեծի էր ենթարկվել անձամբ Սուրիկ Խաչատրյանի կողմից: Հետո մամուլը գրեց, որ Լիսկան հաշվեհարդար էր տեսել դպրոցականի հետ՝ կոտրելով նրա ծնոտը:
Դեպքի առնչությամբ բարձրաստիճան իշխանավորի արարքը պարզաբանելու համար Կառավարության կողմից ստեղծվեց հանձնաժողով փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նախագահությամբ, որը 10 օր աշխատելուց հետո, Կառավարության նիստում զեկուցեց, որ մարզպետը ոչ ոքի չի ծեծել, իսկ տուժող երեխան ծնոտը կոտրել է՝ վայր ընկնելու պատճառով:
Սյունիքը ցնցված էր իշխանական ցինիզմից, գրչի մի հարվածով իշխանությունների կողմից սեփական երկրի օրենքներն արհամարհելու կարողությունից:
Այսօր կանգնած ենք փաստի առաջ, տեղի ունեցածը ընդամենը հետևանք է, իսկ մեր իշխանավորները ջայլամի քաղաքականություն են վարում, աշխատելով չտեսնել պատճառը: Եկել է մեր ցանածը հնձելու ժամանակը: Արդյունքում՝ կորցրեցինք գործարար ու շինարար մի անձնավորություն, կյանքի ու մահու միջև պայքարում է մեր բանակի ամենակարող գնդապետներից մեկը, մի հայ երիտասարդ, որ կարող էր լավ մարդ դառնալ, դարձավ հանցագործ ու իր խղճի վրա տանելու է արյան վրեժի մշտական անեծքը: Բոլորն են հասկանում, որ սա վերջը չէ, իսկ թե ինչ կհաջորդի այս ամենին, միայն Աստված գիտե:
Ո՞վ է մեղավոր որբացած կյանքերի, անմեղ զոհերի համար, իհարկե, Սուրիկ Խաչատյանը, իսկ ավելի շուտ նրան այդքան թև տվողները: Ու այսօր շատերի համար է անհականալի, թե ո՞ր ծառայությունների համար է նա նման պաշտպանության արժանանում: Եվ մի՞թե արժեք ունի ՀՀ նախագահի այն հայտարարությունը, թե բոլորն օրենքի առջև հավասար են, երբ անգամ սպանությունից հետո, մարզպետը թքած ունի հասարակական կարծիքի և նախագահի իմիջի վրա, ու ինքն է որոշում իր անելիքը:
Զավեշտ է, որ ոչ ոք նրանից հրաժարական չի կարող պահանջել, երբ զավակների կատարած դրանից ավելի մեղմ հանցագործությունների համար ավելի բարձրաստիճան պաշտոնյաների ժամանակին ստիպեցին հրաժարական տալ:
Ռուզան Ավոյան
Սյունիքից լուրեր են գալիս ու այնպիսի տպավորություն է, որ մեզ հիմա էլ ծաղրում են:
Ընդ որում՝ ոչ միայն այդ լուրերի հերոսները, այլ նաև իշխանության գագաթին նստածները, Լիսկայի արարքների համար քաղաքական պատասխանատվություն կրողները:
Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը, լրագրողի հետ զրույցում ասել է .«Ահռելի երևույթ է տեղի ունեցել, որին պետք է պատշաճ մեկնաբանություններ տրվեն»:
Լավ, ինչ պատասխան տաս այս անգրագիտությանը, սպանությունը «ահռելի երևույթ» համարող մտքի տիտանին, որը նաև շտապել է հայտարարել, թե Ավո Բուդաղյանի սպանությունը պատահականություն էր:
Չգիտես՝ ինչու, Սյունիքի մարզպետի հետ հարաբերվող մարդիկ պատահաբար ծեծվում կամ սպանվում են:
Երեկ տեղի ունեցած «ահռելի երևույթ»-ին որոշել է անդրադառնալ նաև Սուրիկ Խաչատրյանը՝ հայտարարությամբ:
Ավելի շուտ, նա ստորագրել է հայտարարության մի տեքստ, որը նրա համար կազմվել է Երևան քաղաքում. «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխանը տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:
Ինչո՞ւ եմ պնդում, որ այս հայտարարությունը գրվել է Երևանում:
Թեկուզև այն պատճառով, որ դրա տեքստը հար և նման է «Հարսնաքարի» ողբերգությանը հաջորդող հայտարարությանը, որի հեղինակը Ռուբեն Հայրապետյանն էր:
Ստացվում է՝ կառավարությունը հաստիքային մի աշխատող է պահում, որը ստանդարտ տեքստեր է գրում, իբրև թե՝ զղջման դիմում, ու այդ դիմումը հարմարեցնում է հերթական հանցագործությունը կատարած այս կամ այն պաշտոնյայի անուն-ազգանվանը:
Սակայն ավելի ցինիկ է հնչում Լիսկայի հայտարարությունը:
Չշփոթեք՝ դրանով նա հրաժարական չի տվել, պարզապես մեծահոգաբար դադարեցրել է իր լիազորությունները՝ մինչև քննության ավարտը, այսինքն՝ մինչև այն պահը, որ դատարանը մի գեղեցիկ դատավճիռ կկայացնի առ այն, որ Խաչատրյանը՝ քնած լինելու պատճառով, չի կարողացել հավուր պատշաճի կազմակերպել իր տան ինքնապաշտպանությունը, որի հետևանքով ագրեսիվ հարձակվողների շարքերում կա մեկ պատահական սպանված:
Տխուր է, բայց՝ փաստ, որ իշխանությունն ոչ միայն անմիջապես պաշտոնանկ չարեց Սուրիկ Խաչատրյանին, այլև չկարողացավ կամ չուզեց նրան ստիպել՝ հրաժարականի դիմում գրել:
Փաստորեն, Լիսկան ինքն իրեն արձակուրդ է ձևակերպել ու դրա մասին մեծահոգաբար տեղյակ պահել «վերևներին»:
Սուրեն Սուրենյանց
Վերջին օրերին լարված վիճակ է Թուրքիայում:
Թերևս, Էրդողանի կառավարությունն ապրում է իր պաշտոնավարման 11 տարիների ամենաճգնաժամային օրերը:
Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ կառավարությունն որոշել է վերակառուցել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտ գտնվող Գեզի այգին:
Սկզբում բնապահպանները որոշել են ընդվզել դրա դեմ, ոստիկաններն անհամարժեք ուժ են գործադրել ցուցարաների դեմ, արցունքաբեր գազ են օգտագործել, սկսել են մասսայական ձերբակալություններ:
Հետո շարժումը զանգվածային բնույթ է ստացել` դուրս գալով Ստամբուլի սահմաններից: Հիմա անհանգիստ է նաև Անկարայում, Բոդրումում, Իզմիրում, Անթալիայում:
Բողոքի ցույցերի ոչ միայն աշխարհագրությունն է մեծացել, այլ նաև` պահանջների օրակարգը:
Զուտ բնապահպանական պահանջներին փոխարինելու են եկել քաղաքական կարգախոսները. ցուցարարները դժգոհում են վարչապետ Էրդողանի քաղաքականությունից, երկրի իսլամիզացիայից և պահանջում են կաբինետի հրաժարականը:
Բողոքի ցույցերին միացել է նաև ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունը:
Դժվար է միանշանակ պնդել, թե կողմերից ո՞րն է ավելի շատ ժողովրդավարական արժեքների կրող կամ` ինչո՞վ կավարտվեն այս հուզումները:
Մի բան է միայն հստակ, որ տեղի ունեցողը չափավոր իսլամականների և քեմալիստների հերթական բախումն է` իշխանության համար և երկրի զարգացման հեռանկարների շուրջ, իսկ Թաքսիմի խնդիրը միայն հերթական առիթն էր:
Թերևս, հարկ է սոցցանցերի հայ օգտատերերին խորհուրդ տալ` ավելի հավասարակշիռ մոտենալ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, մանավանդ որ` դրանք առնչություն չունեն հայ-թուրքական հարաբերությունների հետ և շատ քիչ աղերս ունեն տարածաշրջանային ժողովրդավարացման գործընթացների հետ:
Սուրեն Սուրենյանց
Գորիսը՝ Զանգեզուր գավառի կենտրոնը, հանրապետության ամենահին քաղաքներից մեկն է, որտեղ մարդիկ ապրել են ավանդական համակեցության բոլոր նորմերով, որի կարևորագույն բաղկացուցիչն է եղել հարգանքը տոհմի, հեղինակության ու անվան, սակայն իրավիճակը փոխվեց, երբ 90-ականներին, Գորիսում իր կրիմինալ ու անզուսպ իշխանությունը հաստատեց Սուրիկ Խաչատրյանը, որը սպարապետ Վազգեն Սարգսյանի օգնությամբ դարձավ Գորիսի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, Գորիսի քաղաքապետ, իսկ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ Սերժ Սարգսյանի օրհնությամբ դարձավ մարզպետ:
Գորիսն ասպատակվեց Լիսկայի կողմից, սակայն կային ավանդական ընտանիքներ, որոնք չէին ցանկանում խոնարհվել ու հարկատու դառնալ Լիսկային, այդ ընտանիքներից էր Բուդաղյանների աշխատասեր ու ավանդապաշտ ընտանիքը:
Բուդաղյան հայրը՝ Էմիլ Բուդաղյանը խոշոր գործարարությամբ էր զբաղվում Ռուսաստանում, որն այսօր շարունակում է փոքր որդին: Սպանված Ավո Բուդաղյանն ուներ խոշոր շինարարական կազմակերպություն և աշխատանքով ապահովում էր 300 սյունեցիների՝ կատարելով քաղաքացիական և ռազմական շինարարություն: Արտակ Բուդաղյանը փայլուն զինվորական էր, Արցախյան ազատամարտի մասնակից, զորամասի հրամանատար:
Սա չէր կարող ներվել մարզպետի կողմից, և հարաբերությունների լարվածությունն իր գագաթնակետին հասավ, երբ Ավո Բուդաղյանը՝ Գորիսի քաղաքապետի վերջին ընտրության ժամանակ, համարձակվեց առանց Լիսկայի դաբրոյի՝ թեկնածու առաջադրվել:
Ճիշտ է, ամենակարող մարզպետը կարողացավ իրեն հատուկ ընտրակեղծիքների միջոցով՝ մի կերպ հաղթել և քաղաքապետ դարձավ նրա դրածոն, սակայն նա չէր կարող ներել անհնազանդության նման դրսևորում:
Որպեսզի թուլացնի Բուդաղյանների ազդեցությունը Գորիսում, Լիսկան կարողացավ պաշտոնից ազատել տալ գնդի հրամանատար Արտակ Բուդաղյանին՝ դրանով ցույց տալով բոլորին, որ ինքը կարող է թելադրել անգամ Պաշտպանության նախարարին:
Արտակ Բուդաղյանը նշանակվեց Արցախյան բանակի զորամասերից մեկի հրամանատար, որն էլ 2012 թվականին ճանաչվել է լավագույնը: Իսկ Ավո Բուդաղյանը շինարարական հիմնական աշխատանքներն իրականացնում էր Արցախի հանրապետության տարածքում: Ահա այս ընտանիքն է, ( և քիչ չեն այն ընտանիքները) որ Լիսկայի ձեռամբ այսօր ողբերգության մեջ է:
Գորիսեցիները պատմում են, թե բոլորին է հայտնի, որ մի քանի բաժակ խմելուց հետո, Սուրիկ Խաչատրյանի մոտ արթնանում է արյունարբու գազանը, անվերահսկելի ցինիկը, որն այս անգամ իր արտահայտությունը գտավ նաև «Սըդղ գյոլ»-ի Արցախի նախագահի մասնակցությամբ նշանավոր խնջույքի ժամանակ:
Ականատեսները պատմում են, որ տեսնելով խնջույքի հրավիրված Ավոյին՝ նա հոխորտացել է, վիրավորել և ապտակել նրան, որին Ավո Բուդաղյանը պատասխանել է, թե ինքը Արցախի նախագահի կողմից է հրավիրված, ոչ թե իր և վիրավորված հեռացել է տուն:
Խնջույքից հետո, երբ գավառապետը՝ նազիր-վեզիրներով իր տանը հավաքված են եղել, նա կանչել է Ավո Բուդաղյանին՝ պարզաբանումների համար:
Ըստ գորիսյան լուրերի, պարզաբանումը երկար չի տևել ու եղել է Լիսկայավարի՝ հենց բակում անմիջապես հնչել են կրակոցներ, որի ժամանակ զոհվել է Ավո Բուդաղյանը և վիրավորվել Արտակ Բուդաղյանը:
Ճիշտ է, դեպքը փորձում են բարդել տխրահռչակ թիկնապահ, (որը Լիսկայի հերթապահ մեղք վերցնողն է) Զարզանդի վրա, սակայն խոսում են, որ նա անգամ այդտեղ չի եղել: Իսկ մյուս թիկնապահի ոտքին կրակել են պատահաբար, և չի բացառվում, որ դա արված լինի կողմերի միջև հավասարության նշան դնելու համար, հենց Լիսկայի թայֆայի կողմից:
Դեպքի պահին Գորիսում ուժեղ անձրև ու ամպրոպ է եղել, որն անգամ չի խանգարել հարակից շենքի բնակիչներին՝ լսելու կրակոցները: Սակայն առաջին օրվա հավաստիացումները, թե՝ տեսախցիկները ամեն ինչ ֆիքսել են ու հանցագործությունը բացահայտված է, փաստորեն միֆ է, արդեն շրջանառվում են լուրեր, որ անձրևի ու կայծակի պատճառով՝ տեսախցիկներն անջատվել են և դեպքի պահը չի նկարահանվել:
Հասարակությունը վրդովված է, նրանք վստահ են, որ դա հանցագործությունը կոծկելու և իրական մեղավորներին պաշտպանելու միտում ունի:
Տեղաբնակներին տարօրինակ է թվացել, որ ոստիկանապետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հ. Հունանյանը մարզպետի ընդունելությունների տանն է իջևանել, սակայն իրավիճակը վերահսկելու կարիք իսկապես կա, այն պայթյունավտանգ է: Մեր ունեցած տեղեկություններով, գորիսեցիների մոտ ընդվզման ալիք է բարձրանում, որը չի բացառվում տարածվի մարզով մեկ:
Հ.Գ.Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ դատախազությունը պաշտոնապես հայտնեց, որ ձերբակալվել է Լիսկայի որդին՝Տիգրան Խաչատրյանը: Իսկ սա նշանակում է, որ Լիսկան այս անգամ էլ ջրից չոր դուրս կգա (սա ամենաօպտիմալ տարբերակն է. նա կարող է որդուն անվնաս դուրս բերել այս պատմությունից, իսկ որդին հորը՝ ոչ: Բացի այդ, այս պահին վենդետայի մեծ վտանգ կա, (ՌԴ-ից վերադարաձել է Բուդաղյանների մյուս՝ գործարար որդին: Եղբայրներից մեկին սպանված և մյուսին ծանր վիճակում գտնելով: (Ի դեպ բժիշկները վստահ չեն, որ Արտակ Բուդաղյանը հաշմանդամ չի դառնա)), ուստի Լիսկայի որդին ճաղերի հետևում ավելի ապահով կլինի:
Իսկ Սյունաց մարզպետի համար պաշտոնանկությունը կլինի միակ փրկությունը. սա այն դեպքն է, երբ փորձված աղվեսը երկու ոտքով է ընկել թակարդը:
Սյունեցիները հույս ունեն, որ վերջնականապես կազատվեն Լիսկայից և նա գոնե այս անգամ պատասխան կտա իր բազմաթիվ չարագործություների համար, իսկ եթե այս անգամ էլ դուրս պրծնի օրենքի առաջ հայտնվելուց, գոնե կազատվեն նրա լծից:
Իսկ մեր կարծիքով, նա արդեն պետք է հրաժարական տված լիներ:
Ռուզան Ավոյան
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
Պարզվեց` Գյումրին հայկական կրիմինալի վերջին միջնաբերդը չէ:
Ավելի ճիշտ կլինի ասել, որ դա պարզ էր նաև օրեր, շաբաթներ առաջ:
Գյումրիում ընդդիմադիր տրամադրություններն ավելի արտահայտված են եղել, ընդ որում` վերջին գրեթե բոլոր ընտրություններում:
Ասել կուզեմ, որ Վարդանիկի կատարած «քաջագործություններն» ավելի շուտ էին դառնում հասարակության սեփականությունը, և իշխանությունն, ի վերջո, ստիպված էր հրաժարվել «աստվածավախ» այս քաղաքապետի ծառայություններից:
Չնայած այս հանգամանքին` Վարդանիկի շրջապատը շարունակում էր ապրել հին իներցիայով` իրեն համարելով քաղաքի տեր ու տնօրենը:
Հետո` Գյումրիում նույնիսկ կրիմինալը մոնոլիտ չէ, որովհետև նույն Վարդանիկին ընդդիմացողներն օգտվում են բավականին ազդեցիկ տանիքից` ի դեմս ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի:
Այսինքն, Գյումրիում տեղի ունեցածը միջկլանային ռազբորկա էր, որը վերջին անգամ խլեց մեկ մարդու կյանք և ստիպեց, որպեսզի ոստիկանությունն իր բոլոր ուժերը կենտրոնացնի հանրապետության երկրորդ քաղաքում:
Շատ ավելի անմխիթար վիճակ է Սյունիքում, որը, կարծես թե, կտրված է նույնիսկ Հայաստանից:
Տարիներ ի վեր` Հայաստանի այս մարզում ձևավորվել է իսկական ֆեոդալիզմ` մարզպետ-ֆեոդալ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի գլխավորությամբ:
Տարիներ շարունակ Զանգեզուրում գործում է բացառապես Լիսկայի օրենքը, այլ խոսքով ասած` բեսպրեդելը, որը թույլ է տալիս, որպեսզի մարզպետի ոհմակը մարդկանց ծեծի, նվաստացնի, ունեզրկի, հարստացնի և այլն:
Եվ ահա այս բեսպրեդելն երեկ ծնեց հերթական հանցագործությունը. հենց մարզպետի տան մոտ, Գորիսում, հերթական զինված հաշիվմաքրոցին խլեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանի կյանքը, նրա զինվորական եղբայր Արտակը և մարզպետի թիկնապահներից մեկը վիրավոր են:
Չեմ էլ ուզում քննարկել, թե կողմերից ով է մեղավոր, կամ ով է սկսել կռիվը:
Եթե Լիսկան իր արած նախկին հանցագործություններից գոնե մեկի համար պատասխան տար, հիմա նման վիճակ չէր լինի երկրում, չէր լինի այս արյունոտ ռազբորկան:
Հավատացեք` դա արդեն էական չէ:
Տարիներ շարունակ` կրիմինալը սերտաճել է իշխանության հետ, դարձել է նույն այդ իշխանության հենարանը, կրիմինալի ներկայացուցիչները դարձել են բարձրաստիճան պաշտոնյաներ` Լիսկայի օրինակով, արժանացել են պետական շքանշանների` դարձյալ Լիսկայի օրինակով, ով վերջին անգամ հանրապետության նախագահի կողմից պարգևատրվեց Երկրապահի օրը:
Կրիմինալն այնքան սերտաճած է իշխանությանն և այնքան պաշտպանված է զգում իրեն, որ անտեսում է նույնիսկ ոստիկանությանը, դասեր չի քաղում Գյումրվա դեպքերից:
Ինչպիսի գնահատական կտան իրավապահ մարմինները Սուրիկ Խաչատրյանի և նրա շրջապատի արարքներին` չգիտեմ:
Ի վերջո, խնդիրը միայն իրավական գնահատականը չէ:
Կա նաև քաղաքական պատասխատվության խնդիր:
Սուրիկ Խաչատրյանը պետք է անհապաղ պաշտոնանկ արվի` անկախ այն բանից, որ բոլոր ընտրություններում ամենալավ «տոկոս խփողն» է եղել իշխանության կուսակցության և թեկնածուի համար:
Ասում են հավատարիմներին չեն հեռացնում. այս կարգախոսն է, որ այսօր քանդում է մեր տունը: Ոչ թե լավ մարզպետ կամ աշխատող, այլ հավարատիմ հանցագործնե՞ր են պետք մեր իշխանություններին:
Իշխանությունը պետք է ապացուցի, որ այլև չի պատրաստվում իր շարքերում հանդուրժել լիսկաներին:
Սուրեն Սուրենյանց
Հ.Գ. Ի դեպ, մեր ունեցած հավաստի տեղեկություններով` մարդակուլ այս ռազբորկայի մեկնարկը տրվել է մի խնջույքի ժամանակ, որին մասնակցել է նաև Գորիսում գտնված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ըստ մեր աղբյուրի` վիճաբանության ընթացքում Լիսկան ապտակել է սպանված Ավո Բուդաղյանի եղբորը` Արտակին, որը հրամատար է ԼՂՀ զորամասերից մեկում: Փաստորեն, Սահակյանը հանդուրժել է, որ իր ներկայությամբ հարվածեն իր բանակի հրամանատարին:
Ավելի ուշ, Սահակյանն` իր խոսնակի միջոցով, հերքել է, որ մասնակցել է նման խնջույքի, սակայն այս հերքումը շատ է նման այն մտավորականների հերքումին, որոնց ներկայությամբ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը մարդ սպանեց «Առագաստ» սրճարանում:
Անցնող շաբաթը տոնով սկսվեց, տոնով էլ ավարտվում է:
Լավ նշան է, վատն այն է, որ ժողովուրդը, կարծես թե, համակված չէ տոնական տրամադրությամբ ու օրացույցի կարմիրն ընդամենը խոհրդանշում է, որ օրն աշխատանքային չէ:
Դե, տոնական տրամադրություն առանձնապես չի էլ մնացել: Խեղճ մարդիկ էս գլխից գցում-բռնում են, թե իրենց ծախսերը ոնց կրճատեն՝ գազի թանկ գնով ձմռանը բնակարան ջեռուցելու համար:
Բայց խորհրդանշական է, որ շաբաթը սկսվեց Սարդարապատի տոնակատարությամբ ու ավարտվում է երեխաների իրավունքների պաշտպանության օրով:
Գիտե՞ք, ինչի է խորհրդանշական. որովհետև իմ սերունդը, որ կիսատ-պռատ, բայց կոմունիստական դաստիրակություն է ստացել, իմ մեծերի սերունդը, որն ուղնուծուծով սովետիկուս է՝ չի կարողանում հասկանալ անկախության իրական արժեքը, գնահատել անկախ երկրում ապրելու քաղցրությունը:
Իրական անկախությունը կվայելեն մեր երեխաները՝ ձերբազատված տարբեր իզմերից, Լենին պապիին գովերգելու պարտադրանքից, նման մանր-մունր բաներից, որոնք գումարվելով՝ ամբողջություն են դարձել ու մեր վզներից կապված կարմիր լաթի պես՝ խեղդել են մեր ազատությունը:
Երնեկ այն Հայաստանը, որ վաղն է գալու՝ ասում էր Մոսոն՝ մեր ազգային հերոսը, անկախականը, մտավորականը, ով 69-ամյա դադարից հետո՝ Ազատության հրապարակում բարձրացրեց մեր եռագույնը, որը դարձավ նաև Երրորդ Հանրապետության խորհրդանիշ՝ տոնի, թե տխրության պահին:
Եռագույնը նաև էն տղերքի, հայրենիք ամբողջացնող էն տեսակի խորհրդանիշն է, ովքեր անկախությունն ու ազատությունը նվաճեցին ռազմի դաշտում՝ Եռաբլուրի բարձունքից միշտ վառ պահելով արժանապատվության կրակը:
Մոսոն էլ նրանցից մեկն էր, որ Եռագույնը բարձրացրեց հանուն այն վաղվա Հայաստանի, որտեղ ապրելու են մեր երեխաները:
Բայց Հայաստանի պայծառ ապագան վաղն է գալու, իսկ այսօրվա իրականությունը գաղջ է, միապաղաղ, տխուր՝ այնքան, որ մեծերս կարող ենք երկմտել անկախություն ունենալ-չունենալու հարցում:
Ոչ ռուսական կայսրություն է ուժեղ Հայսատան ուզել, ոչ էլ՝ սովետական և այսօրվա Ռուսաստանները:
Որ ուզեին՝ 1918թ-ին, թուրքերի հետ անկախ Հայաստանը մեջ-մեջ չէին անի ու օկուպացնի:
Որ ուզեին՝ 1991թ-ին այդքան դժվար մեր անկախությունը չէինք վերականգնի՝ զոհերի ու զրկանքների գնով:
Որ ուզեին՝ Մաքսային միության փաթեթավորմամբ ԽՍՀՄ-2 նախագիծ մեջտեղ չէին բերի ու տարբեր կուրղինյաններով մեզ հաթաթա չէին տա:
Մեր քաղաքական էլիտայում հիմա չկա Մոսոյի ոգեղենականությունն ու դուխն ունեցող մեկը, որ կանգնի և շիտակ «ոչ» ասի Պուտինի նախաձեռնությանը:
Այսօրվա էլիտա կոչվածը աթոռ պահող կամ վերցնող է՝ Մոսկվայի դաբրոյին սպասելով: Նրանց՝ Հայաստանի վաղը չի հետաքրքրում:
Դրա համար էլ ասում եմ՝ գաղջ է մեր իրականությունը, տխուր:
Ու շաբաթն էլ սկսում-վերջացնում ենք ոչ թե տոնական տրամդրությամբ, այլ՝ հերթական սկանդալը դիմավորելով ու ճանապարհ դնելով:
Մեր վարչապետի մեղքերը քիչ էին, հիմա էլ ասում են՝ օֆշորային փողեր ունես:
Վարչապետը հերքում է, ընդդիմախոսները նույն եռանդով պնդում են, թե մեր ձեռքի տակ եղած փաստաթղթի Տիգրան Սարգսյանը դու ես, որ կաս:
Էս հաստատում-հերքումներն ինչով կավարտվեն՝ չգիտեմ, բայց որ երկրում մի բան էն չէ՝ հաստատ է:
Որ ամեն բան կարգին լիներ՝ կհասկանայինք, թե ինչու են ուզում վերակառուցել Հանրապետության հրապարակը:
Գուցե հրապարակը վերակառուցվելու խնդիր ունի, բայց երկու բանից շատ վախենում եմ:
Հանկարծ մեր հրապարակը չհայտնվի Փակ շուկայի օրը՝ դառնալով օլիգարխիայի վերջին հարվածը Հանրապետության սրտին:
Կամ էլ՝ էն անաստված Պուտինի մտքով չանցնի, որ անհարաժեշտ է մի նոր «Գույք՝ պարտքի դիմաց» անել՝ գեղարվեստական բաղկացուցիչով…
Եթե ռուսաց կայսրը նման բան որոշի, կարող է պահանջել, որ պերեստրոյկայի ենթարկված հրապարակում, Լենինի արձանի տեղում, կանգնեցնեն իր արձանը:
…Իսկ մեր այսօրվա էլիտայում Պուտինին «ոչ» ասելու դուխ ունեցողը չկա…
Շաբաթվա Վարկածները մշակեց Սուրեն Սուրենյանցը
«Նախախորհրադարանի» և «Սարդարապատ» շարժման անդամների հասցեին հնչում է կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառնալիք: Ազատության հրապարակում հրավիրված քննարկման ընթացքում երեկ նման հայտարարություն է արել «Նախախորհրդարանի» անդամ, ՀՀ ՊՆ պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը:
Ընդ որում, բանախոսն ասել է, որ նման սպառնալիքներ ստացել է նաև Նախախորհրդարանի փաստացի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:
Որ մեզանում իշխանություններն ընդդիմության հանդեպ սիրալիր չեն` դա փաստ է: Եվ ընդ որում` խոսքը վերաբերում է բոլոր իշխանություններին:
Հայաստանում քաղկալանավորներ եղել են բոլոր նախագահների պաշտոնավարման օրոք: Բոլոր դեպքերում իշխանությունները պնդել են, թե ազատազրկվածները քրեական արարքներ են թույլ տվել, սակայն, որպես կանոն, դատարաններում առաջադրված կոնկրետ մեղադրանքները «փլվել» են:
Ընդդիմադիր գործիչներին նաև սպառնացել են, ծեծել են, նրանց հեռախոսները գաղտնալսել են: Սա էլ նորություն չէ, ինչպես նաև այն, որ ընդդիմություն լինելն ավտոմատ բերել է ունեզրկման:
Վարուժան Ավետիսյանը, հավանաբար, ունի փաստեր` նման հայտարարություն անելու համար, մանավանդ` սպա է և, կարծում եմ, պատկերացնում է իր խոսքի արժեքը:
Մյուս կողմից` զարմանալի է, որ հետապնդումների մասին խոսվում է այսօր, երբ ընդդիմությունը բարոյալքված, ծեծված վիճակում է, առջևում ընտրություններ չկան, ըստ այդմ` իշխանությունը, կարծես թե, մտահոգության հիմքեր չունի:
Իհարկե, մարդիկ կարող են ասել, թե իշխանությունը վախեցած է սոցիալական բունտի հեռանկարից:
Տեսականորեն, նման բունտ հնարավոր է, սակայն գործնական կյանքում` նման հեռանկար գրեթե չի ուրվագծվում, թեև կյանքի որակն ակնհայտորեն գնալով վատանում է:
Մեր հասարակության մոտ, կարծես թե, տիրապետող են` ոչ թե հավաքական պայքարի տրամադրությունը, այլ անհատական նախաձեռնությունները: Այլ խոսքով` յուրաքանչյուր մարդ կամ ընտանիք փորձում են իրենց ձևով կարգավորել սոցիալական հարցերը:
Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ սոցիալական բունտ լինելու է, ապա դրանում մինիմալ է լինելու բոլոր ընդդիմադիրների լուման:
Սակայն անդրադառնանք բուն թեմային:
Եթե իսկապես Նախախորհրդարանի անդամները ենթարկվում են հետապնդումների, ապա այդ մասին պետք է ոչ միայն հրապարակայնացվի, ինչն երեկ արվել է, այլ նաև` դրա մասին պետք է իրազեկվեն իրավապահ մարմինները, որոնց խնդիրներից մեկը մարդկանց, ու նաև քաղաքական գործիչների անվտանգությունն ապահովելն է:
Սա մի կողմից քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին կապահովագրի հնարավոր հետապնդումներից, մյուս կողմից կբարձրացնի իրավապահ մարմինների պատասխանատվությունը կոնկրետ մարդկանց անվտանգությունն ապահովելու հարցում:
Սուրեն Սուրենյանց
Մինսկում` ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի շրջանակներում, առանձնազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը:
Հանդիպման առանցքային թեման եղել է Մաքսային միությունը և դրա նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը:
Դատելով պաշտոնական տեղեկատվությունից` զրույցն ընթացել է ինտեգրացիան խրախուսելու ոգով:
«Հստակ է և ոչ մի կասկած չկա»: Այսպես է ձևակերպել Հայաստանի վարչապետը մեր երկրի դիրքորոշումը Մաքսային միության շուրջ տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:
Մինչդեռ, Հայաստանի դիրքորոշման մեջ միակ հստակությունն առայժմ հենց հստակության բացակայությունն է: Մեր իշխանությունն ակնհայտորեն ժամանակ է ձգում և խուսափում է հստակ պատասխանել, թե ինչ ձևաչափով է պատկերացնում համագործակցությունը Մաքսային միության հետ` գործընկերոջ, դիտորդի, թե՞անդամի կարգավիճակով:
«Հայաստանը ցանկանում է մասնակցել այս գործընթացին (ինտեգրումը Մաքսային միությանը), և դա մեզ համար նույնպես կարևոր է, պարզապես անհրաժեշտ է հստակեցնել այս համագործակցության ձևաչափը», — ասել է Մեդվեդևը:
Ռուսաստանի վարչապետի այս բառերն էլ, ամեն դեպքում, հուշում են, որ Հայաստանը տրամադրված չէ մաս կազմել Մաքսային միությանն և առայժմ հստակեցված չէ ստեղծվելիք միության և Հայաստանի համագործակցության ձևաչափը:
Հայաստանի իշխանությունն առայժմ կարող է ժամանակ ձգել, հայտարարել, թե եվրոպական և եվրասիական ինտեգրումներն իրար չեն հակասում, ավելին` փոխլրացնում են: Անգամ կարելի է լինել Եվրամիության ասոցացված գործընկերը և դիտորդ Մաքսային միությունում:
Սակայն, վաղ թե ուշ, գալու է կողմնորոշման փուլը, որովհետև ակնհայտ է, օրինակ, որ մեր երկիրը չի կարող մաս կազմել միանգամից երկու միավորման` Եվրամիությանը և Մաքսային միությանը:
Ամենակարևորն այն է, որ մեզանում քաղաքական և հասարակական դիսկուրս, լուրջ քննարկումներ ծավալվեն, թե զարգացման որ ուղին է ընտրելու Հայաստանը, դրանցից յուրաքանչյուրն ինչ նոր դռներ կբացի մեր երկրի համար և ինչ նոր մարտահրավերներ ի հայտ կգան:
Անհրաժեշտ է հասկանալ, որ շուտով դեկլարատիվ ելույթների, հայտարարությունների ժամանակն անցնելու է և գալու է կոնկրետ որոշում ընդունելու հանգրվանը:
Սուրեն Սուրենյանց
Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի կողմից գործարար Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու մասին hetq.am կայքի տեղեկատվությունը կարող է ներքաղաքական նոր սկանդալի պատճառ դառնալ:
Իհարկե, վարչապետի մամլո խոսնակը հերքել է այն լուրը, որ վարչապետն օֆշորային գոտիներում հարստություն ունի, նաև ասել է, թե հրապարակման առթիվ դիմելու են դատախազություն:
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օֆշորային հարստություն ունենալու մասին լուրն էլ հերքվել է Արարատյան թեմի տեղեկատվական համակարգի կողմից:
Ի դեպ, ուշագրավ է, որ վարչապետի հրապարակային պաշտպանությամբ հանդես է եկել նաև խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ուշագրավ է այն իմաստով, որ, գոնե մինչև վերջերս, համարվում էր, թե Սարգսյանն ու Աբրահամյանն ախոյաններ են` ներիշխանական պայքարի տրամաբանության շրջանակներում:
Սակայն Հովիկ Արգամիչը պարգմատիկ գործիչ է և, կարծես, թե արդեն հրաժարվել է վարչապետական հավակնություններից, մանավանդ որ` ներիշխանական պայքարում այլևս խաղարկելի չէ ԲՀԿ-ի գործոնը:
Մյուս կողմից` վարչապետի հետ դաշինքն Աբրահամյանին անհրաժեշտ է նաև լոկալ մի խնդիր լուծելու համար. ԱԺ նախագահը ձգտում է զսպել երիտհանրապետականների էյֆորիկ ախորժակը, որը նոր թափ է հավաքել Երևանի ավագանու ընտրություններից հետո:
Սակայն վերադառնանք չարաբաստիկ օֆշորին:
Որպես քաղաքացի` անկեղծորեն կուզենայի, որ վարչապետի հերքումները հաստատվեն: Այդ դեպքում` առաջին հերթին կշահի պետության հեղինակությունը: Հենց թեկուզ այն հաստատումով, որ մեր երկիրը պետական մակարդակով մասնակից չէ կոռուպցիոն գործարքներին, օֆշորային զեղծարարություններին, գործարարների ունեզրկման անպատվաբեր գործընթացին:
Մյուս կողմից` Էդիկ Բաղդասարյանը պրոֆեսիոնալ լրագրող է և դժվար է պնդել, որ նա հրապարակայնացրել է կեղծ փաստեր` առանց դրա հետևանքները հաշվի առնելու:
Վարչապետն անձամբ պետք է շահագրգիռ լինի, որպեսզի այս խնդրի շուրջ տեղի ունենա անաչառ քննություն, եթե կուզեք` պետք է երաշխավորի քննության լիակատար անկախությունը, եթե անհարաժեշտ է` նաև կիպրական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը գործընթացին:
Միայն հրապարակային գործընթացը կտա բոլոր հարցերի պատասխանը, հատկապես` այն հարցի` տեղի ունեցածը դավադրությո՞ւն է վարչապետի դեմ, թե՞ կոռուպցիոն սխեմայի բացահայտում:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.