23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայկական եկեղեցին սխալ է ուսուցանում Քրիստոսին։
Հայ-լուսաւորչական (Գրիգորեան) եկեղեցին ուղղափառ չէ…
Աւագ քահանայ Դմիտրի ՍՄԻՌՆՈՎ
Ճշմարտութիւնը այն հայելին է, որի արտացոլքը անհանդուրժելի է կեղծաւորութեան եւ երկերեսանութեան համար։
Ֆրիդրիխ ՇԻԼԼԵՐ
Ակադեմիական եօթնեակը իր հախուռն դատողութիւններով կատարում է բաւականին համարձակ մի յայտարարութիւն. «…Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեր ժողովրդի, մեր ազգի Խորհրդանիշներից է, և նրա մասին խոսելիս անհրաժեշտ է չկորցնել պատկառանքը, հարգանքն ու չափավորությունն այդ խորհրդանիշի նկատմամբ: Հիշենք երջանկահիշատակ Վազգեն Վեհափառին, որին ոչ հեռու անցյալում Ազատության հրապարակում անվանում էին «КГБ»-ի գործակալ»։
Անհատը, անձը չի կարող խորհրդանիշ լինել։ Իսկ երբ բանն այնտեղ է հասնում,երբ որեւէ ոք ներկայանում է իբրեւ խորհրդանիշ, ապա մենք գործ ենք ունենում կուռքի հետ եւ հոգեւորի պաշտամունքը դառնում է կռապաշտութիւնը։ Ինչպէս արդէն ասացի՝ կաթողիկոսական գահը կալնողներից շատերն են եղել հոգեւոր արժէքների ու ազգային շահի դէմ գիտակցաբար կամ միամտօրէն գործող մարդիկ։ Նոյնիսկ ս.Գրիգոր Լուսաւորիչը, նոյնիսկ ս. Մեսրոպ վարդապետ Մաշտոցը, նոյնիսկ ս. Գրիգոր վարդապետ Նարեկացին ազգային խորհրդանիշեր չեն կարող լինել եւ չեն, քանի որ նրանք կուռքեր չեն…
Կաթողիկոսական գահը զաւթած ու կալնած Գարեգին Ներսիսեանի եւ Վազգէն Վեհափառ կաթողիկոսի միջեւ այս տարօրինակ մտածողութեամբ մարդիկ նոյնիսկ զուգահեռ են անցկացնում, գրելով. «Վազգեն Վեհափառին…ոչ հեռու անցյալում Ազատության հրապարակում անվանում էին КГБ-ի գործակալ»։
Ոչ ոքի համար նորութիւն չէ, որ իւրաքանչիւր ոք Քաղաքական ոստիկանութեան՝ КГБ-ի թասակի տակ է եղել։ Առաւել եւս՝ քիչ թէ շատ յայտնի քաղաքացիներ ու գործիչներ առանց բացառութեան։ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Վեհափառ Հայրապետ Վազգէն կաթողիկոսը՝ նոյնպէս։ Գերագոյն Հոգեւոր խորհրդի անդամը կամ հոգեւոր դասից շատերը, որոնց հաշուարկելը անհնար բան չէ, կարող էին լինել ոչ թէ սոսկ թասակի տակ, այլեւ գործակալ։ Եւ այս ամէնին քաջատեղեակ ակադեմիական եօթնեակը եղծում է Վազգէն վեհափառի գործունէութիւնը, «ուրիշի բերանով» յիշեցնելով, թէ նա եղել է գործակալ։
Իսկ Գարեգին Ներսիսեանի եւ КГБ‐ի հետ նրա համագործակցութիւնը բացայայտ է։ Մի՞թէ նախկին չէկստներ են լինում… Այս հռետորական հարցին կայսրութեան գլխաւոր չեկիստ Պուտինը պատասխանեց, որ՝ «Ոչ»… Իսկ ովքե՞ր են Հայաստանի նախագահները, որոնց շահագրգիռ կամքով ու յայտնի զեղծարարութեամբ Գարեգին Ներսիսեանը ապազգային իշխանութիւնների կողմից նշանակուեց պետական հնազանդ պաշտօնեայ։ Այս ամէնին քաջատեղեակ լինելով, երբեմն զարմանում ես, երբ հայ հասարակութեան մէջ յայտնւում են մարդիկ, ովքեր հարցումներ են անում, օրինակ՝ «Որտե՞ղ էր կաթողիկոսը Մարտ 1-ին եւ ինչպիսին եղաւ նրա վերաբերմունքը իշխանութեան ոճրագործութեան նկատմամբ»։ Կամ «Որտե՞ղ է կաթողիկոսը, երբ Հայաստանը գտնւում է իր ֆիզիքական կործանումի եզրին եւ ո՞րն է նրա կեցուածքը երկրի լիակատար վերագաղութացումի նկատմամբ»։
Եւ հէնց այս հարցից ծայր է առնում պատասխանը այն գաղտնապահութեան եւ «տակից գործելու» կաթողիկոսական «հնարամտութեան», որ բացի երկրից, այլեւ Եկեղեցին եւ Հայի Հաւատքն է ուղղորդւում դէպի «Մայր Ռուսիա»։ Դէպի Ռուս Ուղղափառ Եկեղեցու ձուլարան…
Այս գաղափարը տարիներ առաջ ոչ միայն մշակուել, այլեւ գործողութեան մէջ դնելու փորձ են կատարել քաղաքական ոստիկանութեան նախաձեռնութեամբ։ Յայտնի է, որ մոսկուացի մի խումբ հայեր համախօսականով դիմել են ուր հարկ է՝ «Ռուսաստանի Հայ ուղղափառ եկեղեցի» գրանցուելու խնդրանքով եւ միայն ժամանակի Թեմական Առաջնորդի գործնական միջամտութեամբ է, որ այս վայրենի ծրագիրը առայժմ իրականութիւն չի դարձել… Բայց Ներսիսեան եղբայրները ջանասիրաբար աշխատում են այդ ուղղութեամբ։
Աւագ քահանայ (протоиерей) Դմիտրի Սմիռնովը հետեւողականօրէն շարունակ պնդում է, թէ «Մեր այն հայ եղբայրները, ովքեր քրիստոնէութիւնը դաւանում են Հայկական Գրիգորեան Եկեղեցու մէջ, նրանք որոշակի ընդհանուր‐եկեղեցական ըմբռնումներով խորապէս մոլորութեան մէջ են։ Մեզ յայտնի է եւ մենք համարում ենք, որ հայերը քրիստոնէաներ են։ Բայց հայկական եկեղեցին Քրիստոսի մասին ճիշտ չի ուսուցանում։ Իսկ մենք դաւանում ենք ուղղափառութիւն։ Հայ‐լուսաւորչական (Գրիգորեան) եկեղեցին ուղղափառ չէ։ Այս կարելի է ապացուցել ինչպէս երկու անգամ երկու… Այն հարցին, թէ արդեօք մե՞ղք է, եթէ ռուս‐ուղղփառ եկեղեցու ծխականը օրհնութիւն է ստանում հայկական եկեղեցու պատրիարքից, ապա այս դէպքում գոյութիւն ունի եկեղեցական կարգի խախտում։ Ինչը կարող է ժողովրդի մէջ չմտածուած գործողութիւնների տեղիք տալ։ Մենք նման արարմունքներ չենք ընդունում։ Մենք շատ ենք սիրում մեր հայ եղբայրներին, մեր միջեւ լաւ, բարեկամական հարաբերութիւններ են… Բայց դրանով չենք ընդգծում մեր միասնականութիւնը, որպիսին իրականին գոյութիւն էլ չունի»։
Յիրաւի, Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ մեր եկեղեցին միասնականութիւն չունի։ Բայց մեր Եկեղեցին հիմնել են Յիսուսի Առաքեալները՝ այն պարագային, որ Ռուսական Ուղղափառ Եկեղեցին Բիւզանդական Եկեղեցու ածանցեալն է։ Եւ իր արմատը ունենալու համար է, որ ռուսական կայսրութիւնը շարունակ պատերազմելով՝ ձգտել է գրաւել Ցարգրադը՝ Կոստանդնուպոլիսը։
Ռուս բանաստեղծ Սերգէյ Գորոդեցկին վկայում է. «Ռուս-թուրքական պատերազմը ռուսների համար կենաց ու պատուի պատերազմ էր: Առաջին Աշխարհամարտի «բարեբաստիկ» առիթից օգտուելով, Ռուսաստանը Հայաստանի վրայով մտնում էր Թուրքիա եւ այս անգամ ոչ թէ արեւմուքից, ինչպէս մի քանի տասնեակ տարի առաջ Բալկանեան պատերազմի օրերին, այլ հիմա արեւելքից էր որոշել «ազատագրել Ցարգրադը»։
Սերգէյ Գորոդեցկիին յայտի էր այն գաղտնի հրամանը, եւ այդ մասին է նա վկայում, որ տրուել էր 1916 թուականին` ռուսական բանակը Վանից նահանջելու մասին: Այսպիսիով, նրա ներխուժումը հայերին «փրկելու» նպատակ չէր հետապնդում, ինչպէս անցեալի պղտոր հորիզոնի վրայ փորձել են ներշնչել հետագային, երբ իր այդ հարձակման դիմաց՝ պարտութեան արդիւնքին ստիպուած եղաւ թուրքերին զիջել Կարսի նահանգը։
…Ներսիսեան եղբայրները Էջմիածնից կամ հէնց Մոսկուայից Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու նկատմամբ այս կոպիտ ոտնձգութիւնը հակազդելու փոխարէն, հակառակը, ոչ միայն լռում, այլեւ հաստատում են։
Ի դէպ մեր Եկեղեցու բնութիւնը «ճշգրտուել» է 1837 թուականին Պասկեւիչի «Կանոնադրութեամբ» («Положение»)։ Ռուսները առաջարկեցին մի նոր անուն, որտեղ պէտք չէ յիշատակուէր Հայաստանեայց Եկեղեցու առաքելական հիմնարկեքի մասին։ Եւ նրանք ճանաչեցին իբրեւ թէեւ քրիստոնեայ, բայց իրենց համոզմունքով հերձուած, աղանդաւոր մեր Եկեղեցին՝ ս.Գրիգոր Լուսաւորիչի անունով։ Ռուսերէն ընտրուեց Գրիգորեան եզրաբառը, եւ քանի որ հայերէն այն հնչում էր իբրեւ սովորական ազգանուն, մերոնք իրենց անուանեցին «լուսաւորչական»։
Եւ ահաւասիկ, արդէն մէկուկէս տասնամեակ է, ինչ «կաթողիկոսական» քմահաճոյքով «ճշգրտուել» է մեր Եկեղեցու անունը՝ իբրեւ «Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Եկեղեցի»։
Ինձ մնում է միայն աւելացնել, որ Ներսիսեան արկածախնդիր այս եղբայրները զեղծել են Հայաստանի Հանրապետութեան օրէնքը (17, Յուլիս, 1991 թ.) «Խղճի ազատութեան եւ կրօնական կազմակերպութիւնների մասին», որի նախաբանը հռչակում է. «Ճանաչելով Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին որպէս Հայ ժողովրդի ազգային եկեղեցի…»
Հիմա, չնայած իմ այս գրութեան շարժառիթը եղաւ «մտաւորական» ակադեմիականների օրապակաս ու սադրող «Բաց նամակը», սակայն մեր Եկեղեցու կեանքի մէջ մի այնպիսի խճճուած իրականութիւն կայ, որ եթէ սկսում ես քաշել թելի մի ծայրից, ապա նորանոր հոգսեր են ծնւում։ Այս է պատճառը, որ ես արդէն համոզւում եմ, թէ իմ խոհերն ու պարզաբանումները բաւականին երկարելու են։ Բանն այն է, որ իմ համոզմամբ չի կարելի խօսքն ասել ու անցնել, այն ենթադրութեամբ, թէ մեր ընթերցողը քաջածանօթ է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու նաեւ պատմական անցուդարձին՝ գոնէ թռուցիկ կերպով։
Մեր եկեղեցին հիմնարկուել է ոչ թէ 301 թուականին, այլ դեռեւս առաջին դարում եւ Թադէոս ու Բարդուղմիէոս առաքեալներն են եղել Հայաստանի մէջ առաջին քարոզիչները եւ Քրիստոնէական համայնքներ ստեղծողները։
Այնուհետեւ ամէնից էականը… Քաղկեդոնի Տիեզերական ժողովը հնարաւորութիւն տուեց Բիւզանդիային սաստկացնելու իր քաղաքական ազդեցութիւնը Արեւելեան քրիստոնեայ ժողովուրդների վրայ։ Հայ Եկեղեցին մերժեց Քաղկեդոնի ժողովի դաւանաբանական բանաձեւը, որ ընդունում էր «Մէկ Քրիստոս եւ երկու բնութեամբ»։ Այսպիսի բանաձեւը ուղղակիօրէն հարուածում էր մեր ժողովրդի ինքնութեանը, քանի որ այն ընդունելով, դաւանական ընդհանրութիւն էր հաստատուելու մնացեալի հետ։ Հետեւաբար, մեր Եկեղեցին ընդունեց «Մէկ բնութիւն մարմնաւորուած Բանովն Աստուծոյ» բանաձեւը եւ պահպանում է մինչեւ այսօր…
Մեր օրերին, երբ բաւականին առատ են ազգային պատմութիւնը պրպտողները, որոնցից ոմանք նաեւ փորձում են յետին թւով բացայայտել նախնիների «սխալները», ինձ թւում է, թէ մնալու ենք այն պատմութեանը, ինչը առայժմ չարչրկւում է, բայց դեռւես համազգային եւ գիտական արժէքը չի կորցրել։ Յամենայն դէպս աւելի քան մէկուկէս հազարամեակ ունենալով ազգային ինքնութիւնը ապահովող մի դաւանութիւն, բոլորովին անիմաստ եւ ուրիշ նպատակներ հետապնդող ջանքեր են վերադառնալու 451-ի Քաղկեդոնի ընդունած դաւանանքին, եթէ նոյնիսկ մեր հայրերը չարէչար սխալուել են։
Իմ համոզմամբ ազգային ինքնութիւնը պահպանում է ոչ միայն Լեզուն, այլեւ լեզուական մտածողութիւնը եւ անպայման աւանդութիւնները, որոնք մեզ ընդերքի խորքերի հետ կապող հզօր արմատներն են։
…Այսպէս, ուրեմն։
Ներսիսեան եղբայրները Հայաստանի չեկիստական իշխանութիւնների հետ ձեռք-ձեռքի տուած, մեզ մեր Հաւատքով են նաեւ տանում ձուլելու Ռուսական իմպերիայի մէջ։
Միտրոպոլիտ Իլարիոնը վերջերս յայտարարեց, որ ինքը մասնաւորապէս հետաքրքրուել է, թէ ինչո՞ւ է Ռուսաստանի մէջ շնջանառւում «Գրիգորեան Եկեղեցի, երբ պաշտօնական անունն է Հայկական Առաքելական Ուղղափառ Եկեղեցի»։
Մի կողմից աւագ քահանայ Դմիտրի Սմիռնովը յայտարարում է, թէ՝ հայ եղբայրները մոլորութեան մէջ են, երբ դաւանում են Գրիգորեան Եկեղեցուն, որ ուղղափառ չէ եւ, ուրեմն, Հայաստանեայց Եկեղեցին Քրիստոսի մասին սխալ է ուսուցանում. Միւս կողմից Գարեգին եւ Եզրաս Ներսիսեանները կամայականօրէն փոխել են մեր Եկեղեցու պաշտօնական անունը՝ թոյլ տալով որ միտրոպոլիտը յայտնագործութիւն կատարի։
Եւ եթէ չմոռանանք, որ վաղուց ի վեր թթխմոր են ուռեցնում մեր Եկեղեցին աղանդ յայտարարելով, ապա ս. Էջմիածնական հոգեւորականների ստրկամտութեամբ եւ քաղաքական ոստիկանութեան թելադրանով ուղղափառ վերանուանուած եկեղեցի են յայտնագործում, միեւնոյն ժամանակ կաթողիկոսի գահը զաւթած Գարեգին Ներսիսեանը բոլորովին կրաւորական կեցուածք է ընդունել Հայաստանի Հանրապետութեան ու նաեւ արտերկրի մէջ դժգոհութեան խմորումների եւ բացայայտ ընդվզումների նկատմամբ, ապա նաեւ հնարաւոր է դառնում պատասխանել այն հարցին, թէ ինչո՞ւ է նա աջ ու ահեակ կարգալոյծ անում, հրաժարական ընդունում կամ պաշտօնազուրկ անում եպիսկոպոսների, վարդապետների ու քահանաների եւ այն էլ բացառիկ մի աշխուժութեամբ, որպիսին բնաւ չի երեւում նրա հոգեւոր ծառայութեան ասպարէզի մէջ։
Գարեգին Ներսիսեանը զբաղուած է աշխարհիկ քաղաքական գործունէութեամբ եւ գլխատում է բոլոր նրանց, ովքեր իրենց իսկ գոյութեամբ խանգարում են իրեն հոգեւոր‐քրիստոնէական աշխատանքի նուիրումով…
© Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Փարիզ, 2014 (շարունակութիւն երկրորդ եւ յաջորդիւ)
Մաս առաջին՝ այստեղ
Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան պիտի շատանան Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի հայտարարությունները: Եվ այս առումով, երևույթը պետք է ընկալել օրինաչափ. ի վերջո ճիշտ չեն այն պնդումները, որ Մահչուպյանի նշանակման մեջ դեր չի ունեցել նրա հայազգի լինելը և թե Մահչուպյանն ընդհանրապես թուրքական հրատապ հարցերի նկատառումով է, որ նշանակվել է վարչապետի խորհրդական:
Անկարայի համար երեւույթը ինքնին ենթակա է լիարժեք շահարկման. միջազգային ընտանիքին ցույց տալ, որ ազգային փոքրամասնությունները հարգվում են աշխարհիկ կարգերով ղեկավարվող կառավարման համակարգի կողմից: Իր խորքում Մահչուպյանի առաքելությունը կապվում է ուղղակիորեն հայկական գործոնի հետ և ավելի մասնակի` 100-ամյակի հետ առնչված Անկարայի ձեռնարկած գործողություններին:
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանի բացման պայմանականության մասին խոսելով Դավութողլուի խորհրդականը պարզապես վերաբանաձևել է Անկարայի նախապայմանային քաղաքականությունը: Բեկումնային այլ հայտարարություն ակնկալելը քաղաքականորեն կարող է մեկնաբանվել պարզամտությամբ:
100-ամյակին ընդառաջ հայկական ծայրահեղականության աճի մասին նախատեսություն անելով, Մահչուպյանը` իբրև Թուրքիայի պետական գործիչ հայկական կողմի վրա է բարդում փոխզիջումներով լուծման չհանգելու պատասխանատվությունը:
Այս հայտարարությունները Անկարայի դասական տեսակետներին համահունչ և գուցե նաև ակնկալելի կեցվածքներ են: Հայկական կողմը քաղաքական, հասարակական, թե լրագրական մակարդակներով աղմուկ բարձրացնելու տենդին չլուծվելու հարկադրանքի առջև է: Սա տակավին սկիզբն է և նախանշել է որոշ վարքագիծ 100-ամյակի հետ կապված թուրքական քարոզչաքաղաքական գործողություններին:
Այս վարքագծին առընթեր, այսինքն պաշտոնական կեցվածքների հայտարարությունների կողքին, սպասվում են այլ քայլեր: Հաշտեցման միտող սեմինարներ, նման խորհրդաժողովների համար հատկացվելիք դրամաշնորհներ, «Թուրքիա հրամմեցեք»-ի տարբեր հրավերներ, արվեստի և մշակույթի համատեղ ելույթներ, ձեռնարկներ և նմանատիպ նախաձեռնություններ:
Սահմանը փակ պահելով, ժողովուրդների բարեկամության, հաշտեցման, «Անատոլու հանրային մշակույթ»-ի ներկայացման հատկացված երեկոների կազմակերպում և Թուրքիայի կերպարի դրական կարծրատիպերի ստեղծման փորձերը հետեւողական, աշխույժ և անընդմեջ պիտի շարունակվեն Թուրքիայում, թե այլուր:
Հրավեր ստացող հայկական կողմը կա՜մ մերժելու և կամ էլ այս բոլորը իմանալով ընդառաջելու և այնտեղ կարելիի սահմաններում հարցերը արծարծելու ընտրանքի առջև է: Ավելի՜ն. Թուրքիայի քաղաքացիություն վերականգնելու առիթներ, պապենական կալվածքների վերատիրանալու կամ դրանց փոխհատուցումը ստանալու իրավական ճանապարհներ անցնելու ցուցմունքները հետզհետե շոշափելի կերպարանք պիտի ստանան:
Մահչուպյանը թե՜ պիտի հայտարարի հայ-թուրքական հարաբերությունների պայմանական և փաթեթային լինելը` հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ. այսինքն սահմանը փակ է, մինչև այն ժամանակ, որ իբրև առաջին նախապայման` հայկական զորքերը չեն հեռացել Արցախից: Թե՜ հայ-թուրք ժողովուրդների հաշտեցման միտող այլ ձեռնարկներ պիտի թելադրի, կազմակերպել տա, ուղերձներ հղի: Միաժամանակ մեղադրի 100-ամյակի առիթով հայկական զարգացող ծայրահեղականությունը:
Այս բոլորը վարչապետի ծրագրերն են, նախապես հայտարարված այս կամ այն ձևով: Մահչուպյանը խորհրդական է այնպիսի մի երկրի վարչապետի, որտեղ խորհրդականները փոխանակ խորհուրդ տալու, իրականացնում են վարչապետի տված ցուցմունքները, պատվերները: Նաև խորհուրդները՝ հայկական հարցերի առնչությամբ:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Ժամ է յառնել Տեառն. խափանեցին զօրէնս քո։
Սաղմոս ՃԶԹ 126
…Զի դու զգիտութիւն մերժեցեր, մերժեցից եւ ես զքեզ,
զի մի՛ եւս քահանայ ասցիս ինձ. եւ մոռացար զօրէնս Աստուծոյ քո…»
Ովսէէ Դ 6
…Իսկ մենք անհանգստանում էինք, թէ որտե՞ղ են մեր մտաւորականները։ Չէ՞ որ արդէն համոզուած էինք, թէ նրանք չկան եւ նոյնիսկ չէն էլ եղել… Բայց ահա, հրապարակւում է մի բաց նամակ՝ «Անընդունելի եւ աններելի» հաւակնոտ խորագրով, որտեղ ակադեմիկոսների մի եօթնեակ անհանգստացել է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու մէջ արդէն մէկուկէս տասնամեակ ծայր առած հարաբերութիւններով։ Եւ ս. Էջմիածնի կաթողիկոսական գահակալի արատաւոր ու ապօրինի գործողութիւնների արդիւնքը եւ հետեւանքները ակադեմիական հետազօտութեան ենթարկելու փոխարէն, իբրեւ սաւոկային ձեռնասուններ՝ յայտնուել էն իբրեւ կնաթողիկոս Գարեգին Ներսիսեանի ընդհանրական ձայնափող… («կնաթողիկոս» Միքայել Նալբանդեանի ներմուծած եզրաբառն է ապիկար կաթողիկոսներին բնորոշելու համար)
Նրանք մեզ են փոխանցել կաթողիկոսի վրդովմունքը, ով ի ցոյց բոլորեքեան ինքն իրեն նոյնացրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ճիշտ այնպէս, ինչպէս Հայաստանի կլեպտոկրատոսի (գողիշխանութիւն) հմուտ եւ, անշուշտ՝ «ընտիր» (էլիտար) ելուզակների նախագահական եռախմբակն է իրեն նոյնացրել աշխարհական Հայ ժողովրդի հետ առանց որեւէ լիազորութեան։ Ասել կ’ուզի՝ առանց օրինական ու արդար ընտրութեան։ Ճիշտ այնպէս, ինչպէս 1999-ի Հոկտեմբեր 27-ի կաթողիկոսական «ընտրութիւնը» եղաւ զանցառութեամբ Հայ հաւատացեալ ժողովրդի կամքի ու սպասելիքների։
Այս ակադեմիականների յայտնութիւնը հետեւել է Երուսաղեմի Հայոց Ամենապատիւ Պատրիարք` Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի երկրորդ նամակին, որ ամիսներ անց ուղարկած եւ անպատասխան մնացած առաջին գրութեան եւս առաւել հիմնաւարումն է։
«Ձեր երկրորդ նամակն իր ոճով, ձեւով եւ բովանդակութեամբ առաւել քան անպարկեշտ է, ողջամտութեան բոլոր սահմանները հատող եւ խորը հիասթափութիւն է առաջացնում հայ եկեղեցու իւրաքանչիւր հավատացեալի հոգում,— գրում են պետական‐պաշտօնական յանձնարարութեան ոգուն եւ տառին հաւատարիմ ակադեմիականները եւ Պատրիարքին պարկեշտութեան դասեր տալուց յետոյ, շարունակում են, եւս մէկ անգամ հաստատելով, որ փոխարինում են զէնքի ու ահաբեկելու միջոցով կաթողիկոսական գահին տիրացած Գարեգին Ներսիսեանի խօսնակին։
Շարունակելով՝ նրանք տարօրինակ մի ենթադրութիւն են անում, յիշեցնելով, թէ «առանձին սրբազան այրեր» (ուշադրութիւն դարձրէք նամակի հեղինակի ոճին) առաջադրել են Երուսաղեմի պատրիարքութիւնը թեմական առաջնորդարան դարձնելու խնդիրը եւ աւելացրել են իրենց կամ ենթադրութիւնը եւ կամ Գարեգին Ներսիսեանից ստացած յաւաստիքը, թէ.— «Պատրիարքին զայրացրել է, որ առանձին սրբազան այրեր իբրեւ թէ բարձրացրել են Երուսաղեմի պատրիարքութիւնը թեմական առաջնորդարանի վերածելու հարցը: Եթե նույնիսկ դա համապատասխանէր իրականութեանը, ապա Վեհափառը երբէք չէր տայ իր համաձայնութիւնը նման փոփոխութիւն իրականացնելու համար»:
Իսկ իմ կարծիքով, քանի որ ժամանակին մօտ եմ եղել ս. Էջմիածնի նիստուկացին՝ անմիջականօրէն Վազգէն Վեհափառի հետ իմ բարեկամական հարաբերութիւնների շնորհիւ, այսօրուայ արդարազանց կաթողիկոս Գարեգին Ներսիսեանը պարտաւոր էր իր սեփական ձայնով կատարել նման մի յայտարարութիւն, չթաքցնելով, թէ այդ ինչ սրբազան «տղամարդիկ» են յայտնուել Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու կարգն ու սարքը, կանօնադրութիւնն ու աւանդութիւնները խորտակելու իրենց յանդուգն փորձով…
Իրենց պետական պաշտօնական խօսնակի դերը կատարելով՝ ակադեմիականները նաեւ վկայում են գահատիրոջ՝ Գարեգին Ներսիսեանի գիտելիքները եւ յայտարարում, թէ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը «զրպարտող» է եւ «չի պահպանում եկեղեցականին վայել տարրական քաղաքավարութիւնը»:
Բայց ակադեմիականները աւելի մէծ ծանրութիւն են փորձում վերցնել, յայտարարելով, թէ Հայ Առաքելական Եկեղեցին «դարեր շարունակ հանդիսացել է մեր բազմաչարար ժողովրդի գոյատեւման միակ գրաւականն ու փարոսը»։ Եւ սրանից եզրակացնում են, թէ Պատրիարքն իր նամակով նպաստում է «մեր պետության հիմքերը խարխլելուն, հայ մարդուն Հայրենիք, Կրօն և Ազգություն չճանաչող օտարամոլ ամբոխի դարձնելուն»:
Բնաւ զարմանալի կամ անակնկալ չէ այսօրինակ յայտարարութիւնը, եթէ նկատի ունենանք, որ ակադեմիական եօթնեակի մէջ կան ոչ միայն հայերի պատմութիւնից անտեղեակ մասնագէտներ, այլեւ պատմութեան մասնագէտներ, ովքեր, սակայն, դեռեւս ապրում եւ գործում են պատմական նոր ընդհանրութեան՝ սովետական ժողովրդին գաղափարական ամլութեան (sterilis) ենթարկած դաւանաբանութեամբ։
Բանից պարզւում է նաեւ, որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու մէջ տիրող գաղտնագրուած անկեալ բարքերին եւ նոյնիսկ պաշտօնական անցուդարձին, որ նոյնպէս քօղարկուած է հաւատացեալ ժողովրդից, քաջածանօթ է աստուածավախ ակադեմիական եօթնեակը։ Բայց թէ ինչո՞ւ Երուսաղեմի Պատրիարքի առաջին նամակը Եպիսկոպոսների դասին եւ եպիսկոպոսապետին չի հասել — մի՞թէ իսկապէս չի հասել — բացատրելու փոխարէն անհանգստացել են, որ այն հրապարակուել է։ Մի՞թէ անարդարութեամբ ս. Էջմիածնի կաթողիկոսական գահին նստած Գարեգին Ներսիսեանը եկեղեցական կեանքի վերաբերեալ տեղեկութիւնները նոյնացնում է այն վաշխառուական եւ բիզնես-շահարկութեան գործողութիւններին, որպիսիք, բարեբախտաբար, բացայայտուած են, թէեւ ջանք չի խնայուել գաղտնի պահելու համար։
Ես չեմ կարող յատկապէս չանդրադառնալ այն «խրատներին», որպիսիք չեն խնայել նամակ‐համախօսականի հեղինակները Երուսաղեմի Հայոց ամենապատիւ Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին։
«Ինչպես պատրիարքը, այնպես էլ որոշ «քննադատներ» չեն հասկանում, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեր ժողովրդի, մեր ազգի Խորհրդանիշներից է, և նրա մասին խոսելիս անհրաժեշտ է չկորցնել պատկառանքը, հարգանքն ու չափավորությունն այդ խորհրդանիշի նկատմամբ»,— գրում են նրանք եւ շարունակութեան մէջ յիշում են Վազգէն վեհափառ կաթողիկոսին ամենայն Հայոց, ում հետ որեւէ ընդհանուր եզր չունի այսօրուայ գահակալը։ Այս նկատողութեան եւ համեմատութեան կ’անդրադառնամ աւելի ուշ։
Ակադեմիական «հրաշալի եօթնեակը» նաեւ ախորժակով փորձում է ներշնչել, թէ հաւատացեալ հայը որպիսի՜ բարիքներ է ստացել այս մէկուկէս տասնամեակի ընթացքին։ Բանից պարզւում է, որ նա՝ օրինազանց գահակալը «հակառակ բոլոր քննադատներին կրթում, դաստիարակում, քարոզում, կառուցում, բարեկարգում է այն ամէնը, ինչ կապուած է… Եկեղեցու հետ»: Այնուհետեւ յիշեցնում են, թէ «որքա՜ն գեղեցիկ է բարեկարգւում Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը»։ Յիշեցնում են աշխարհիկ դպրոցների ուսումնական ծրագրերի մէջ ընդգրկուած կրօնի եւ Եկեղեցու պատմութեան դասընթացները — անշուշտ աչառու դասագրքերով —, հետեւաբար օրուայ յոռի բարքերով հոգեւորականների մուտքն ապահովելով աշխարհիկ դպրոցներ։
Ընդհանրապէս լռելով (գուցէ նոյնիսկ լուր չունենալով), որ տասնհինգ տարիների ընթացքին աւելի քան յիսուն՝ 50 հոգեւորականներ են կարգալոյծ արուել — եւ խուսափելով պատասխանել «ինչո՞ւ» հարցին, որ անպայման տալու էր հաւատացեալ ժողովուրդը — նաեւ արդարացնում են եկեղեցական անցուդարձը թաքցնելու հետեւողականութիւնը, որ այս պարագային մասամբ բացայայտուել է ամենապատիւ Պատրիարքի նամակի հրապարակումով։
Նրանք հռետորական հարցում են անում. «Ուրեմն, ինչո՞ւ ժողովուրդը պիտի իմանայ, որ մեր հավատքի կարեւորագույն երկու սիւները լուրջ եւ վնասաբեր գժտութիւն ունեն, որոնք վնասում են մեր եկեղեցու եւ պետութեան միասնութեանը» — յետոյ հերթական մի գիւտ էլ անում, թէ «համազգային այս ողբերգութիւնը պէտք է կարողանալ յաղթահարել: Բարի կամքի դրսեւորման դէպքում անլուծելի հարցեր չկան»: Այս գիւտը նենգագիտութեան մարզից է, քանի որ իրականութիւնը բոլորովին հակառակն է… Բարի կամք են դրսուորում «մեր հաւատքի կարեւորագոյն երկու սիւները»։ Բայց թէ երկրորդ սիւնը ինչպէս է կոչւում՝ ընթերցողին մնում է անհասկանալի։ Բայց այս խնդիրն էլ պարզաբանենք յաջորդ անգամ։
Ես վերջնականապէս հիասթափուեցի ակադեմիականների մտաւոր կարողութիւններից (խօսքը IQ-ի մասին է), երբ իրենց այս ողորմելի եւ նոյնիսկ դատարկ տակառի դղրդիւնը չունեցող նամակով «շատ բարձր են դասում եւ կարեւորում Սուրբ հողում բազմադարեայ պատմութիւն ունեցող Երուսաղեմի նուիրապետական Աթոռի եւ նրա հոգեւորականների անձնուրաց գործունեութիւնը Հայոց հոգեւոր եւ մշակութային ժառանգութեան պահպանման եւ այն սերունդներին փոխանցման գործում»:
Յիրաւի… Անշուշտ, մեր ժամանակներին այդ անձնուրաց գործողութիւնը առաջնորդում է Ամենապատիւ Պատրիարքը՝ հակառակ ս. Էջմիածնի կաթողիկոսական աթոռը ահաբեկութեամբ զաւթած Գարեգին Ներսիսեանի, ով անձնական պատախանատուութիւն չունի հաւատացեալ Հայի նկատմամբ եւ Քրիստոնէական վարդապետութեան ուսուցման գործին եւ Հաւատքին ծառայելու փոխարէն աշխոյժ եւ արդէն մասամբ բացայայտուած ապօրինի գործունէութեամբ իր դրածոյ հոգեւորական դասին մասնակից ունենալով՝ լայն ճակատով համագործակցում է Սադայելի հետ, որ մէկ ուրիշ անուն էլ ունի՝ Մամոնա։
Ուրեմն, թէ ո՛ւմ էր հասցէագրուած լինելու մեր ձախաւեր ակադեմիականների նամակը, ես կը շարունակեմ իմ յաջորդ գրութեամբ, բայց մինչ այդ մէջբերում եմ անելու մի նամակից, որ հասցէագրուած է եղել մէկ ուրիշ ապիկար կաթողիկոսի.
«…Ինքս եմ ականատես եղել մեր ազգային աթոռի թշուառութեան: Միայն տգիտութիւնն է բազմել Լուսաւորիչի գահի վրայ, որտեղ մեր հովուապետերը չեն զգում եւ չեն ողբում ո՛չ իրենց եւ ո՛չ էլ մեր կորուստը: Անտէրունչ թշուառութեան հարիւրաւոր տարիներ էին տիրապետում մեզ: Եւ առայժմ այնքանով ենք մխիթարուելու, թէ կորաւ հաւատի թշնամին: Սակայն յարութիւն առաւ աւելի ոճրագործ մի թշնամի՝ մեր հոգեւորականների կուրութիւնը»։
Յ.Գ. «Հրաշալի եօթնեակի» նամակից կատարուած մէջբերումների հայոց լեզուն իր ոճական եւ շարագրումի շքեղութեամբ անփոփոխ է։
© Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Փարիզ, 2014 (շարունակութիւնը յաջորդիւ)
«ՄԵՆՔ ԳԱՂՈՒԹԷՆ ՀԵՌԱՑՈՂՆԵՐՈՎ ՄՏԱՀՈԳ ՉԵՆՔ…»
Իրան կատարած իր Հովուապետական այցելութեան վերջին երեկոյին, Կիրակի, 26 Հոկտեմբեր 2014-ին, Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդի կողմէ ի պատիւ իրեն տրուած ճաշկերոյթի եզրափակիչ խօսքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս յայտարարեց հետեւեալը. «Մենք գաղութէն հեռացողներով մտահոգ չենք, բայց մնացողներով հպարտ ենք»:
Սոյն ճաշկերոյթին ներկայ էին նաեւ Իրանի երեք թեմերու առաջնորդները, Թեմական Խորհուրդի անդամները, Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի զոյգ հայ պատգամաւորները, միութիւններու պատասխանատուներն ու բարերարները:
Աւելցնելով՝ իր եզրափակիչ խօսքին մէջ Արամ Ա. Կաթողիկոս յայտարարեց որ «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համար միշտ առաջնահերթութիւն եղած է ու կը մնայ Հայ Եկեղեցւոյ ու հայ ժողովուրդին գերագոյն շահերուն ու ձգտումներուն իրականացումը»:
Այս առիթով լրջօրէն մտահոգուած ենք կատարուած յայտարարութիւններով եւ կը փափաքինք մեր ազնիւ ժողովուրդի խորհրդածութեան առարկայ դարձնել վերեւ նշուած անըմբռնելի եւ դատապարտելի լօզունգները:
Ա. «Մենք գաղութէն հեռացողներով մտահոգ չենք, բայց մնացողներով հպարտ ենք». կատարուած անփառունակ եւ անպատասխանատու յայտարարութիւնը կը խախտէ մեր հաւատքը, կը փոթորկէ եւ կ’ալեկոծէ մեր հոգին: Անցեալին՝ հայութեան փառքը եղող իրանահայ (պարսկահայ) գաղութին երեք թեմերու հայութիւնը քաղաքական եւ տնտեսական դաժան պայմաններու տակ հիւծելով, վերածուած է մատի վրայ համրուող փոքրիկ գաղութներու, մասնաւորաբար արտագաղթի պատճառով: Մնացող բեկորներով հպարտ ենք բայց ….տխուր:
Վերջին հարիւրամեակին մէջ տեղի ունեցած դժբախտութիւններէն մէկն ալ այս էր հայութեան գոյութենական պայքարին մէջ: Չորս հարիւրամեայ ամրակալուած հայ գաղութը վերածուած է գրեթէ ոչնչութեան, հասնելով Լիբանանի ճակատագրին, եւ «մենք չենք մտահոգուած հեռացողներով», որոնք յանձնուեցան իրենց ճակատագրի անորոշ բախտին, որովհետեւ ազգովին չէինք մտահոգուած որպէսզի հեռացողներով լեցնէինք Հայաստանն ու Արցախը:
Ինչպէ՞ս կարելի է մոռնալ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ մեր ազգային կազմակերպութեանց թախանձագին կոչերը, որպէսզի հայութիւնը չհեռանայ Լիբանանէն, մասնաւորաբար հազարամեայ քրիստոնէութեան օրրանէն, որ այդքան մօտ էր նաեւ Մայր հայրենիքին: Քարոզողներէն կարեւոր մաս մը իրե՛նք հեռացան առաջին առիթով ու ապա ժողովուրդը անսալով իր բանականութեան, թողուց Լիբանանը, նկատի ունենալով իրենց ընտանիքներուն բարւոք կեցութիւնն ու ապահովութիւնը եւ իրենց զաւակներուն ապագան: Ինչո՞ւ այդ ատեն մտահոգ էինք հեռացողներով իսկ ո՛չ հիմա:
Ահաւասիկ՝ անգամ մը եւս ազգովին ձախողեցանք մեր գոյութենական յարատեւ պայքարին մէջ, որովհետեւ յստակ եւ հաստատ ծրագիրներ չեն մշակուած հայրենադարձութեան: Ու՞ր է առաջնահերթութիւնը մեր ժողովուրդի գերագոյն շահերուն: Ե՞րբ պիտի դադրինք լօզունգներէ եւ խօսքէն պիտի անցնինք գործի:
Արդեօ՞ք այս մտածելակերպն է որ պատճառ եղաւ որպէսզի Արամ կաթողիկոս յստակ կեցուածք մը չ’որդեգրէ եւ չդատապարտէ արտագաղթը հայրենիքէն: Այո՛, խոշորագոյն դժբախտութիւնն ու ցաւոտ երեսն է մեր հասարակական կեանքին, որովհետեւ մեր միակ յոյս եւ ապաւէն՝ հայրենիքէն ներս տեղի կ’ունենան ամէն տեսակի անկանոնութիւններ, երկիրը հասցնելով ժողովուրդին համար աղիտալի վիճակի մը: Այս դժբախտութեան կու գան միանալու նաեւ ամուսնութիւններու նուազումը եւ աղջիկ զաւակներու կամովին՝ անմարդկային վիժեցումը: Որո՞նք պիտի ըլլան մեր ապագայի մայրերը….. Ովքե՞ր պիտի ծնին մեր հայրենիքի պաշտպանութեան բանակին զինուորները…..
Ճիշդ է որ արտագաղթը համաշխարհային մեծ խնդիր է: Ճիշդ է որ մարդիկ միշտ ալ ցանկութիւն ունին տեղաշարժուելու, բայց ի՞նչ են անոր հետեւանքները մեր հայրենիքին համար. ա՛յդ է մեր մտահոգութեան կորիզը: Վերջին Եպիսկոպոսական Ժողովին, որուն համանախագահն էր Արամ Կաթողիկոս, առ նուազն զգաստութեան ահազանգ հնչեցնէր ներկայ թմրած-անտարբեր բարձրաստիճան ղեկավարներուն եւ եկեղեցականներուն: Բայց… չէ՞ որ մտահոգ չէ հեռացողներով-արտագաղթողներով……
Ասկէ առաջ առիթով մը անդրադարձած էինք մամուլով, որ վերջին յիսունամեակին՝ յաջորդաբար ականատես եղանք բազմաթիւ արտագաղթերու. Լիբանանէն (քաղաքացիական պատերազմ), Եգիպտոսէն, Պարսկաստանէն (իսլամական յեղափոխութիւն), Յորդանանէն, Իրաքէն եւ Սուրիայէն: Այս երկիրներէն գաղթող հասարակութեան մասին լրջօրէն մտածող չեղաւ երբեք – ո՛չ Սովետական ու ապա՝ նորանկախ Հայաստանի իշխանութիւնները, եւ ո՛չ ալ արտասահմանի մեր կազմակերպութիւնները: Արտագաղթողները ձգուեցան իրենց անողոք ճակատագրին: Նոյն ճակատագրին արժանացան նաեւ Պաքուի եւ Սումգայիթի դէպքերուն պատճառով Ատրպէյճանէն վտարուած մեր փախստական եղբայրներն ու քոյրերը:
Այս բոլորին մէջ, մեր մտահոգութեան կեդրոնական բաժինը պէտք է ըլլայ՝ գիտական, կրթական եւ մշակութային մեր ներոյժին հայրենիքէն արտահոսքը՝ դէպի հիւրընկալ երկիրներ: Երիտասարդ ոյժերու հեռացումով, կը ստեղծենք ծանր պայմաններ մեր ազգային գոյութեան եւ անվտանգութեան ծիրէն ներս: Մեր դարաւոր թշնամիները գիտակցելով այս իրողութեան, ամենայն լռութեամբ կը սպասեն հայաթափումի այս ահաւոր եղեռնագործութեան: Պիտի ըսենք թէ մտահոգ չե՞նք հեռացողներով…..
Զգալի կերպով ծանծաղ դարձած է մեր ազգային մտածողութիւնը, որովհետեւ՝ նախապատուութիւն տուած ենք միշտ մեր անհատական շահերուն, թէ՛ մեր եկեղեցական, եւ թէ քաղաքական կեանքին մէջ: Դժբախտաբար մեզի կը պակսին առաջնահերթութիւն ունեցող երկարաժամկէտ ծրագիրներ, հակառակ ա՛յն իրողութեան՝ որ ունի՛նք այդ բոլորը իրականացնող քաղաքական, գիտական եւ կրթական մարդոյժը: Դժբախտաբար մեզի կը պակսին հաւաքական կամքը եւ տեսիլքը:
Բ. Այսօր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը կը կանգնի շատ աւելի մեծ եւ պարտաւորիչ առաջնահերթութեան մը առջեւ, Հայ Եկեղեցւոյ ու Հայ ժողովուրդին գերագոյն շահերուն ու ձգտումներուն իրականացման ճանապարհին վրայ: Հայ Եկեղեցւոյ նաւաբեկեալ վիճակը ահազանգային տագնապներու ալիքներուն վրայ ծովամոյն ըլլալու վտագին մէջ է անկասկած: Ինչո՞ւ լուռ են Արամ Կաթողիկոս եւ իր միաբանութիւնը: Ըսելիք չունի՞ն երբ Նուիրապետական Աթոռներ տագնապներէ կ’անցնին: Արդեօ՞ք առաջնահերթութիւն չեն նկատեր ազգը յուզող եւ պառակտող նոր եկեղեցական տագնապները: Տակաւին չեն սպիացած 1956-ի մեր վէրքերը: Հեռու մնանք մեր հռետորական ելոյթներէն, խօսքէն անցնինք գործի եւ փրկենք Հայ Եկեղեցին:
Ոսկան Մխիթարեան
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցան ՀՀ քաղաքացիների անձի անձեռնմխելիության, սահմանադրական իրավունքի ոտնահարման մի քանի փաստեր, որոնք հասարակական միտքն ու գիտակցությունը սևեռեցին իրենց վրա:
Քաշքշուկի ու ծեծկրտուքի ենթարկվեցին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և դաշինքի վարչության անդամ, մամուլի պատասխանատու Սուրեն Սարգսյանը, և անմիջապես մամուլում տարածվեցին լուրեր այն մասին, որ մեղավոր են իշխանություններն ու թոխմախի Մհերը, ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ Երանոսյանն ու իշխանամետ ուժերը:
Սակայն ոչ ոք չփորձեց վերլուծություն կատարել, թե ինչու իշխանությունները հասարակական այդ լարված մթնոլորտում փորձ կատարեցին նեղացնելով լռեցնել այն մարդկանց, որոնց լռեցնել հնարավոր չէ, և ինչու ընդիմադիր մամուլն այսքան իմիջիայլոց անդրադարձավ կատարվածին, մինչդեռ ընդիմադիր առաջնորդների ցանկացած քննադատություն հանդիպում է չափազանց կոշտ հարձակման ու գնահատականների:
Երբ ազատամարտիկ գնդապետը քննադատեց Գագիկ Ծառուկյանին, «Բարգավաճ Հայաստանը», ամեն ինչ արեց այդ մարդուն անվանարկելու համար: Ոչ ոք չպաշտպանեց նրան, երբ փորձեցին լռեցնել ազատամարտիկին, ընդհակառակը, երբ նա հայտարարեց, որ հաջորդ անգամ իրեն սպառնալու դեպքում «արյան բաղնիք» կսարքի, բոլորը հարձակվեցին և, օգտագործելով իրենց հարուստ բառապաշարը, քննադատեցին ազատամարտիկ գնդապետին:
Այսօր նույն ձեռագրով վիրավորվում ու հետապնդվում են ազատամարտի մասնակից հրամանատարներ, և ով զարմանք, ինչ որ տեղից հայտնվում է տեղեկատվություն այն մասին, որ մեղավորները իշխանություններն են կամ թոխմախի Մհերը:
Բոլորին հայտնի է, որ Մանվելն ու Ռազմիկը, Սուրենն ու Լյովան երկրի նախագահի մարտական ընկերներն են, և ոչ մեկը մյուսին երբեք չի վիրավորի ու չի վնասի:
Ու՞մ է անհրաժեշտ թշնամացնելու երբեմնի մարտական ընկերներին ու հասարակական լարված մթնոլորտ ստեղծելու, երևի թե միայն «բարձրագույն գոյավորողին» և նրա շնահաճ շրջապատին, ով ճանաչում է Երանոսյան Լյովային, երբեք չի հավատա, որ նա բռունցքների միջոցով կլուծի վիճելի ինչ որ հարցեր: Թոխմախի Մհերին ծանոթ բոլորը կհավաստեն, որ հայրենիքի համար կռված ազատամարտիկը նրա համար բարձրագույն արժեք է և նա ոչ մի դեպքում ոտնձգություն չի կատարի ազգի հերոսի նկատմամբ:
Զարմանալիորեն տեսախցիկները չեն նկարել միջադեպը, իսկ ականատեսները վկայում են, որ Երանոսյանը միայն իր վարորդի հետ է եղել և ոչ մի կապ չի ունեցել ծեծկրտուքի հետ:
Ծիծաղելի է մտածել,որ Թոխմախի Մհերի ուղարկած մարդիկ պատմություն սարքելուց հետո հայտարարել են նրա անունը:
Մեղավորներին անհրաժեշտ է փնտրել նրանց մեջ, ովքեր առաջինն են գոռում բռնեք մեղավորին:
Իսկ քաղաքական պայքարն իրոք, չարժե նրան, որ կործանենք ազգի բարոյական արժեքները:
Ս. Սարգսյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Երուսաղեմի Հայոց պատրիարքության միջև մեծ լարվածությունը շարունակվում է: Առայժմ հարցն առկախ է, մինչև պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսը վերադառնա ԱՄՆ-ից, որտեղ մեկ շաբաթ առաջ է մեկնել՝ մեկ ամսով հանգստանալու նպատակով:
Առանց նրա ներկայության ոչինչ չեն կարող անել: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն, պատրիարքության պաշտոնական մամուլի խոսնակ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:
Մոտ երկու տարվա նախապատմություն ունեցող այս լարվածությունը հերթական անգամ սրվեց նոյեմբերի վերջին այն բանից հետո, երբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մերժեց եպիսկոպոս ձեռնադրել Երուսաղեմի պատրիարքության կողմից ներկայացված Պարետ Ծ վարդապետ Երիցյանին՝ հստակ չձեւակերպելով պատճառը։ Սակայն, մինչեւ այդ էլ ամեն ինչ հարթ չէր հոգեւոր երկու առաջնորդների համար: Դեռ 2013թ. օգոստոսին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված իր նամակում տարակուսանք էր հայտնել Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոսի հրաժարականի առնչությամբ եւ նշել, թե տարիների հետ համոզվել է, որ Վեհափառին ավելի շատ հետաքրքրում են արտաքինն ու նյութականը։ Նուրհան արքեպիսկոպոսը նախազգուշացրել էր, որ նա ոչ միայն չի ժամանի սեպտեմբերին Մայր Աթոռում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովին, այլեւ Մայր Աթոռ ժամանող Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը չի ներկայացնի Երուսաղեմի պատրիարքությունը: Նուրհան արքեպիսկոպոսը չմասնակցեց նաեւ այս տարի Էջմիածնում գումարված Եպիսկոպոսաց ժողովին:
Փոխարենը՝ նոյեմբերի 28-ին Նուրհան արքեպիսկոպոսը բաց նամակով հանդես եկավ՝ հայտարարելով, որ Մայր Աթոռը նպատակ ունի Երուսաղեմի պատրիարքությունը ինչ-որ թեմի վերածելու, եւ որ այս գաղափարն առաջ է տարվել նաեւ Գարեգին Բ-ի գահակալության առաջին տարիներին: «Վեհափա՛ռ, ժամանակին փորձեցիք Երուսաղէմի եւ Պոլսոյ Նուիրապետական Աթոռները չէզոքացնել բայց չյաջողեցաք, եկէ՛ք մէյ մըն ալ մի՛ փորձէք»,- Գարեգին Բ-ին էր դիմել Նուրհան պատրիարքը՝ խորհուրդ տալով կաթողիկոսին՝ զբաղվել աղանդներով, որոնք Հայաստանում ծաղկում են նրա «բարի եւ հանդուրժող» նայվածքի ներքո: Նա կաթողիկոսին գրել էր, որ վերջինս փորձում է արմատախիլ անել Հայաստանյայց եկեղեցու դարավոր կաղնին: Ըստ պատրիարքի, Հայ եկեղեցին իր դարավոր գոյության ընթացքում արտաքին հարվածներից այնքան չի տուժել, որքան այն քանդիչ փորձերից, որը Վեհափառն է արել: Ինչ վերաբերում է հայր Պարետի եպիսկոպոսական ձեռնադրությանը, ապա Նուրհան սրբազանը գտնում է, որ այս առթիվ կաթողիկոսը ցուցաբերել է տհաս եւ խակ կեցվածք՝ ելնելով ասեկոսեների վրա: «Դո՛ւք անտեղի պարսաւող մըն էք եւ առաջնակարգը երկրորդականէն տարորոշել չգիտցող անձ մը, մէկը, որ իր աչքին կարողութեամբ եւ կամ ալ ակնոցին գոյնին համեմատ կը տեսնէ իրողութիւնները, ուրիշ խօսքով Վեհափառ, դուք ձիերը կառքին ետեւէն լծողներէն էք: Այլեւս ժամանակը հասած է, որ դադրիք դրախտաբնակի մը նման փորձելէ ձեր բարոյական մերկութիւնն ու սնանկութիւնը թուզի տերեւներով ծածկելէ»:
Նախ Մայր Աթոռի գերագույն հոգեւոր խորհրդը անընդունելի համարեց տեր Նուրհանի բառապաշարն ու ոճը՝ գտնելով, որ դա հարված է հասցնում եկեղեցու վարկին եւ կաթողիկոսին անվանարկելու փորձ է: Մայր Աթոռի կողմից Երուսաղեմի պատրիարքությունը թեմի վերածելու՝ պատրիարքի ձեւակերպումը անվանվեց հորինված մեղադրանքներ: Երուսաղեմի հայոց պատրիարքի բաց նամակից հետո նա մի քանի հարված եւս ստացավ հոգեւոր եւ աշխարհիկ դասի կողմից: Դեկտեմբերի 2-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայելեպիսկոպոս Աջապահյանը բաց նամակով պատասխանեց նրան՝ իր խոսքով, նախընտրելով «Գարեգին Բ-ի «մանկլավիկ» որակվել», որը «շատ ավելի մեղմ վիրավորանք կարող է լինել իր համար», քան լռելով՝ համաձայնել պատրիարքի մեղադրանքների հետ: Աջապահյանը նրան մեղադրել էր փոթորիկներ ցանելու մեջ եւ խորհուրդ տվել սրանից հետո որեւէ նամակ գրելուց առաջ մի լավ մտածել, քանի որ հոգեւորականի գլուխը նախ եւ առաջ մտածելու համար է, ոչ թե պարզապես թանկարժեք խույրով զարդարելու: Նուրհան պատրիարքի նամակին արձագանքեցին նաեւ ԵՊՀ որոշ դասախոսներ: «Մտահոգվելով», թե պատրիարքի վարքագծի պատճառով կխախտվի ուխտավորների հավատը, Երուսաղեմից հայերի արտագաղթը կշատանա:
Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում Արիս սրբազանը, պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ հանգուցալուծում կունենա այս լարվածությունը, ասաց, որ պետք է անպայման հանդիպում լինի կաթողիկոսի եւ պատրիարքի միջեւ: «Ամեն գնով պետք է մեղմվի լարվածությունը, բայց՝ երկուստեք համաձայնությամբ: Եթե երկուսից մեկը վարանի եւ պատրաստ չլինի հանդիպելու, հարցը կմնա առկախ: Մինչ պատրիարքը ԱՄՆ-ում է, մենք Մայր Աթոռի հետ առայժմ որեւէ հարց չենք քննարկել: Ցավում եմ, որ գրավոր հարձակումները շարունակվում են մամուլում երկուստեք, ավելի՝ Մայր Աթոռի կողմից: Բայց հարցերը կարող են լուծվել փոխադարձ հասկացողությամբ, քրիստոնեական սիրով եւ ներողամտությամբ»: Մեր հարցին, թե դուք պատրա՞ստ եք առաջինը ձեռք մեկնել, սրբազանը պատասխանեց. «Մենք Մայր Աթոռի հետ հարգալից ենք, նույնը՝ Վեհափառի նկատմամբ: Բայց քանի որ այստեղ անհատականության հարց կա, կդժվարանամ որեւէ բան ասել, մինչեւ պատրիարքը չվերադառնա Երուսաղեմ»: Արիս արքեպիսկոպոսը նաեւ տեղեկացրեց, որ տեր Պարետի ձեռնադրման հարցում առաջընթաց չկա, եւ իրենք սպասում են, որ Գարեգին Բ-ն պարզաբանի, թե ի՞նչ նկատի ուներ՝ ասելով, որ վերապահումներ ունի վարդապետի նկատմամբ եւ ինչո՞ւ է մերժել նրա ձեռնադրության հարցը:
Մայր Աթոռից նույն հարցի վերաբերյալ պաշտոնական պատասխան ստանալ չհաջողվեց: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Կոստանդնուպոլսի 2-րդ Տիեզերական ժողովի (381թ.) որոշմամբ Երուսաղեմի եպիսկոպոսությունը դարձել է պատրիարքություն: Պատրիարք կոչումը վարչական է, որը քաղաքական իշխանությունները տվել են Երուսաղեմի հայոց արքեպիսկոպոսներին՝ նրանց ինքնավարությունը եւ այլ եկեղեցական աթոռներից անկախ լինելու հանգամանքը հաստատելու եւ Երուսաղեմի հայկական վանքերի ու եկեղեցիների գործերը տնօրինելու համար: Ներկայումս Երուսաղեմի իշխանության տակ են Իսրայելի եւ Հորդանանի հայկական եկեղեցիները: Պատրիարքը Ս. Հակոբյանց վանքի հոգեւոր եւ վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջեւ հայ համայնքի ներկայացուցիչը եւ շատ ազատ ելումուտ կարող է ունենալ Իսրայելի վարչապետի նստավայր: Չնայած պատրիարք հանդիսացող անձը իր ժամանակին եպիսկոպոս է ձեռնադրվում կաթողիկոսի կողմից, նրան ընտրում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը, որի մեջ նաեւ Երուսաղեմի հայ համայնքի աշխարհիկ ներկայացուցիչներ են եւ որոնց հաշվետու է Պատրիարքը, մյուս կողմից՝ ճանաչելով Ամենայն Հայոց կաթողիկոսի գերիշխանությունը: Պատրիարքի ընտրությունը հաստատում են կաթողիկոսն ու Երուսաղեմի իշխող պետության ղեկավարը:
Պատրիարքը ավտոֆեկալ՝ ինքնավար կարգավիճակ ունի: Նուրհան արքեպիսկոպոսի ավելի ազատ լինելու պատճառը հենց սա է:
Գագիկ Աղբալյան
Հայկական Ժամանակ
Դեկտեմբերի 5-ին իր մտորումները նամակի տեսքով ներկայացրել է նաև Երուսաղեմի միաբան, Պարետ ծայրագույն վարդապետ Երէցեանը:
Նշենք, որ նա այն միաբանն է, որի եպիսկոպոսական ձեռնադրման մերժումը Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, առիթներից մեկը հանդիսացավ Երուսաղեմի Նուրհան Պատրիարքի հրապարակած հայտնի բաց նամակի:
“Խնդիր մը փակուած պահելը` զայն լուծած ըլլալ չի նշանակեր”:
Ինչո՞ւ Արտասահմանը նիւթապէս չ’օժանդակեր Երուսաղէմին, Սրբոց Յակոբեանց Միաբանութեան, մասնաւորաբար` վերջին 30 տարիներուն: Պատասխանը` “mistrust” բառն է, անվստահութիւն ըստ ոմանց, հանդէպ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան եւ Սրբատեղեաց: Ըսուածը որոշ մտայնութեան մը ոգիին արտայայտութիւնն է շաղախուած իրենց իսկ բառով “անվստահութիւն”: Որպէս բառ “անվստահութիւնը” զզուելի է եւ կը պատկանի հոգեբանութեան մը, որ նոյնքան զզուելի է: “mistrust”-ը անվստահութիւնը, չեմ գիտեր որուն կը պատկանի անոր մենաշնորհը, բայց մէկ բան գիտեմ, թէ այդ բառին ետեւ կեցող զգացումին սլաքը ուղղուած է դէպի Երուսաղէմ:
Վիրաւորուած եմ երեւոյթէն որովհետեւ տխուր եւ անլուրջ պատկեր մը կը ներկայացնէ, անհասկանալի տրամաբանութեամբ: Յաճախ մենք կը պզտիկնանք մեր իսկ աչքին:
Անվիճելի իրողութիւն մըն է, որ Երուսաղէմ կը վայելէ միջազգային կարեւորութիւն, եւ որպէս Պատրիարքական Աթոռ կը պատկանի Նուիրապետական ամենէն բարձր աստիճանի եւ հեղինակութեան իր առաքելահիմն հանգամանքով, վայելելով սէրն ու յարգանքը բոլոր Հայ սրտերուն, բազմադարեան իր առաքելութեամբ:
Ուրեմն ի՞նչն է դրդապատճառը այդ մտայնութեան եւ անոր խաթարման տեղի տուող պատճառներուն:
Արդեօ՞ք Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի մերժումը Սրբոց Յակոբեանց Միաբանութեան Ընդհանուր Ժողովի որոշման եւ անոր անբացայայտութեան:
Ի դէպ, զարմանքով կ’իմանանք գրութենէ մը asekose.am կայքէն, ստորագրուած չորս փրոֆէսորներու կողմէ որոնք կը յաւակնին մերժումին պատճառներուն տեղեակ ըլլալը, թէեւ մեր Պատրիարքը, Միաբանութիւնը եւ նոյն ինքն անձը որ գրաւոր խնդրած է իմանալ բոլորովին անտեսուած են: Մեկնութիւնը ձեզի կը թողունք:
Հոս յայտնի է մեր յարգելի փրոֆէսորներու հասկացողութիւնը “Հայոց դարաւոր Նուիրապետական Կանոնական հիմքին” եւ իրենց ըմբռնումը արդարութեան բառին եւ անոր իմաստին: Ես կը խորհիմ յարգելի փրոֆէսորներ որ Դուք Ձեր մտաւորական աշխատանքը շարունակէք եւ հեռու մնաք Ձեր իսկ խօսքով “ասէկոսէներից” եւ վերադառնալ Ձեր “ամենօրեայ բան ու գործին”: Յիշեցնեմ Ձեզ որ Ձեր ակնարկած անձը այն հոգեւորականն է որ առաջիններէն հանդիսացաւ օգատակար ըլլալու Ակադեմիային, Համալսարանին, Օպերային, Ֆիլարմոնեային եւ Գրողներու Միութեան ինչպէս նաեւ Ղարաբաղի եւ պատերազմէն հաշմանդամներու եւ անոնց ընտանիքներուն բազմահարիւրհազար տոլարներու հասնող գումարներով իր պատկանած եւ հովւութիւն ըրած համայնքներէն: Հոս զանց կ’առնենք Էջմիածնի եւ անոր տակ գտնուող կարգ մը կազմակերպութիւններ: Եւս առաւել, յարգելի փրոֆեսորներ, նոյն եկեղեցականը միշտ վայելած է Ամենայն Հայոց Հայրապետին այսպէս կոչուած “բարեկամութեան”:
Ս. Էջմիածինը իր համահայկական նկարագրով կը վայելէ համակրանքը բոլորիս: Եւ անոր գահակալը` մեր բոլորին յարգանքին: Այս է շահը որ մեզմէ կը պահանջուի: Թող ամէն մարդ վստահ ըլլայ որ Երուսաղէմի մէջ գոյութիւն չունի հակաճակատ` հանդէպ Ս. Էջմիածնի:
Վերջին դարուս Երուսաղէմն է որ իր եղբայրական օգնութեան ձեռքը երկարած է Ս. Էջմիածնին նաեւ Կիլիկիոյ Ս. Աթոռին, մղուած Եկեղեցւոյ ընդհանուր շահերէն: Այսօր կարգախօսը փոխուած է, եւ “տագնապի գրականութիւն” մըն է որ մէջտեղ ելած է գրաւոր եւ անգիր: Նոյն ինքն “mistrust” անվստահութիւն բառին ոգիէն, եւ անոր հեղինակներէն: Բառը արուեստակեալ յերիւրանք մըն է, ծառայեցնելու նախընտրական կողմի շահերուն, եւ ստեղծելու հոգեբանական ճնշման քաղաքականութիւն մը, իրականացնելու իրենց թաքուն հաշիւներն ու ծրագիրները: Հոս ներեցէ՛ք ինծի եւ Ձեզի խնայելու անուններ` աշխարհական եւ եկեղեցական անձնաւորութեանց: Իրենց ծրագիրը նիւթական զրկանքի տակ պահել է Երուսաղէմը, զինք խեղճացնել, եւ շահ ու վնասի “զարը” նետել անոր ապագային:
Երուսաղէմ Առաքելական Աթոռ է եւ իր հետը պէտք չէ վարուիլ որպէս հասարակ թեմ մը: Պէտք է յստակ ըլլայ որ Երուսաղէմը Էջմիածնի ենթակայ “թեմ” մը չէ: Երուսաղէմի Առաքելական Աթոռը ունի իր սահմանադրական վարչաձեւը եւ Միաբանական կանոնադրութիւնը եւ անոր միջոցաւ կը վարէ իր ընտրական եւ վարչական գործերը եւ հոգեւոր առաքելութիւնը:
Երուսաղէմի Առաքելական Աթոռը անբաժան մասն է Հայաստանեայց Եկեղեցւոյ եւ անոր միասնականութեան: Անոր գահակալը ընտրուած է Միաբանութեանս կողմէ եւ հաստատուած է Թագաւորի, Նախագահի եւ Վարչապետական ֆերմաններով, ինչ որ անցեալին` սուլթաններու: Երուսաղէմ ճիշտ է որ ի հոգեւորս ենթակայ է Ս. Էջմիածնի, բայց իր պարտականութիւնը գործնականապէս շատ աւելիով կատարած է, ճակատագրական պահերուն նոյնիսկ, պահելով անոր հոգեւոր եւ աշխարհագրական առաքելութիւնը Սփիւռքի մէջ:
Այսօր Երուսաղէմը կը վայելէ Մայր Աթոռին եւ անոր շուքին տակ հակադրած զգացումներ եւ վերապահումներ: Եւ անոր ցայտուն փաստը ամբողջական անտեսում` Միաբանական Ընդհանուր Ժողովներու որոշմանց եւ Պատրիարքի խնդրանքին:
Երուսաղէմի Կանոնադրութիւնը հաստատուած է Հայաստանեայց Եկեղեցւոյ ընդհանուր շահերէն եւ անոր միասնականութեան ոգիէն: Առանց մենատիրական ըլլալու յաւակնութեանց եւ հակադրութեանց, միայն Հայ Եկեղեցւոյ ամբողջականութեան տեսակէտէ դիտուած, որովհետեւ անոր անբաժան մասն է:
Նուիրապետական այս երկու Աթոռներուն` Էջմիածնի եւ Երուսաղէմի միջեւ սրբազան հասկացողութիւնը եւ աւանդութիւնը ենթակայ չի կրնար ըլլալ կամայակա-նութեանց եւ քմահաճոյքներու: Կան սկզբունքներ որոնք պէտք է յարգուին, ինչպէս մեր նախնիք ըմբռնած են, ինչպէս պարտականութեանց բաժանում, մէկուն վերապահելով ընտրութեան իրաւունքը, այս պարագային եպիսկոպոսութեան, իսկ միւսին` պատիւը օծման: Որ ըստ ինքեան ամենագեղեցիկ աւանդութիւնն է Եկեղեցւոյ միասնակա-նութեան ոգիին եւ վստահութեան` դարերով սրբագործուած: Սակայն անոր մերժումը, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի կողմէ` դրժումն է անոր միասնականութեան եւ գոր-ծակցութեան ոգիին, եւ որուն նկատմամբ` ընդվզումը Երուսաղէմի Պատրիարքին` արդարացի: Նման հարցով անցեալին երկու հայրապետներ Վազգէն Ա. Կաթողիկոս եւ Եղիշէ Պատրիարք հինգ տարիներ չխօսեցան իրարու հետ: Վերջաւորութեան Վազգէն Կաթողիկոս անդրադառնալով`սրբագրեց իր սխալը:
Երկրորդ` ճիշտ է որ Եկեղեցական Ներկայացուցչական Ժողովին մէջ յԷջմիածին, բացէիբաց չէ յիշուած որ Էջմիածինը կը փորձէ Երուսաղէմի Պատրիարքութիւնը թեմի վերածել: Բայց երբէք չ’ուրանար անոր նախագիծ-ծրագրին ուղենիշներու մէջ նոյնացումը Նուիրապետական Աթոռներուն եւ թեմերուն միջեւ: Հոս է հարցին գործնական միջամտութիւնը եւ խնդրոյն կեդրոնական հանգոյցը, (Implication) որուն Երուսաղէմի Պատրիարքութիւնը առարկեց: Եւ դուք այժմ կը փորձէք այդ առարկութիւնը իր Context-էն դուրս հանել: Համաձայն նախագիծ-ծրագրի ուղենիշներուն այս հարցը իրաւակարգի փոփոխութիւն է: Կարդացէ՛ք ԵՆԺ-ի ուղենիշները եւ հոն պիտի տեսնէք մեր առարկութեանց տեղի տուող փաստերը:
Երուսաղէմը միշտ ցուցաբերած է անվերապահ սէր եւ յարգանք Մայր Աթոռին հանդէպ եւ անոր գահակալներուն: Սակայն` փոխադարձը խախտուած է այժմ, անհասկնալի պատճառներով: Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը եւ Հայոց Հայրապետը կը խորհիմ ինքզինքնին պէտք չէ դնեն հակասութեան մէջ: Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը չունեցաւ ճկունութիւնը ըմբռնելու իր պատասխանատուութիւնը եւ զոհ գնաց պատմութեան իր անհասկացուղութեան եւ եկեղեցւոյ կանոններուն անգիտութեան: Ինչու կ’ըսեմ այս, որովհետեւ հոս ընդհանուր միութեան գաղափարն է որ խախտեցաւ եւ ոչ թէ վարչական ինքնիշխանութիւնը: Հայրապետական իմաստութենէն կ’ակընկալուէր Երուսաղէմի Առաքելական Աթոռին շահը պաշտպանել քան թէ “կողմ” բռնել: Պաշտպանել Երուսաղէմը զօրակցիլն է Էջմիածնի եւ փոխադարձաբար:
Երուսաղէմի Առաքելական Աթոռը կը հաւատայ իր Առաքելական կոչումին եւ իր նուիրական պարտականութեանց Ս. Տեղեաց պաշտպանութեան, մեր կալուածքներու մնայուն գոյութեան եւ մշակութային ժառանգութեան:
Պէտք է դադրեցնել հոգեբանական ճնշումներու ռազմավարութիւնը: Սփիւռքը այսօր որեւէ ձեւով վստահութիւն չունի Հայաստանի եւ անկէ ներս գործող կազմակերպութեանց եւ հաստատութեանց վրայ, հակառակ իրենց բարի տրամադրութեանց եւ հայրենասիրութեանց: Այս բոլորով հանդերձ անոնց նկատմամբ “անվստահութիւնը” կը վերցուի եւ մեր “խեղճ” վանքին գլխուն վրայ որպէս դրօշակ կը ծածանուի: Երկու չափ եւ երկու կշիռ: Դժբախտաբար, չափի եւ կշիռի մտածումը դադրած է պայծառ նշանաբան մը ըլլալէ: Օգնել հայրենիքին, օգնել Ս. Էջմիածնին հիանալի առաքինութիւններ են, իսկ գիտակցաբար մոռացումը Ս. Տեղեաց եւ զանոնք պահող Զինուորեալ Միաբանութեան` ազգային դաւաճանութիւն:
Վերջին 30 տարիներուն փորձը` խեղդելու Երուսաղէմը, եւ վերջին 10 ամեակին խեղդամահ ընելու զինք նիւթապէս, հանդիպեցաւ ձախորդութեան:
Սիրելիներ. ո՞ր սիրոյ մասին է Ձեր խօսքը, ինչո՞ւ կը փորձէք նենգափոխել իրականութիւնը: Ձեր ուխտը խոստում մըն է, որ Դուք Ձեր ետին կը թողուք շռայլօրէն բաշխելու միամիտ հաւատացեալներուն: Ձեզ կը վստահեցնեմ թէ չէք յաջողիր, վասնզի մեր սուրբը Ձեր սուրբէն աւելի զորաւոր է:
Վերջապէս Երուսաղէմ սիրողը Աստուած կը սիրէ, եւ զայն ատողն ալ զԱստուած կ’ատէ: Եթէ հրեշտակները Երուսաղէմին համար ողորմութիւն կը խնդրեն Աստուծոյ ըսելով. “Մինչեւ յե՞րբ ոչ ողորմեսցիս Երուսաղէմի”, ո՞վ է որ պիտի հակառակի Երուսաղէմին: Ս. Տեղեաց գերազանց օգտակարութիւնը կանխագուշակելով մարգարէն կ’ըսէ. “Եկայք ելցուք ի լեառն Տեառն եւ ի տան Աստուծոյ. եւ անդ շինեսցուք յիշատակ ի Սիոն”:
Ինչ որ ըլլան պարագաները ես կը խորհիմ տակաւին սէրը եւ յարգանքը չէ պակսած հանդէպ Մայր Աթոռին եւ անոր գահակալին: Խաղաղ հաշտութեան գլխաւոր գրաւականն է հարցերը լուծել գործակցաբար եւ անկեղծօրէն սիրոյ մթնոլորտին մէջ, ընդհանուր եկեղեցւոյ շահերէն մղուած միայն, ի պայծառութիւն Ս. Եկեղեցւոյ: Զօրացնել Երուսաղէմը, կը նշանակէ կանգուն պահել Ս. Տեղերը:
Լեզուի փոփոխութենէն աւելի կեցուածքի փոփոխութիւնն է հարկաւոր Երուսաղէմի Առաքելական Ս. Աթոռին հանդէպ: Որովհետեւ անոր Առաքելական հեղինակութիւնը ուրիշներ չեն տուած: Այլ զայն տուած է նոյն ինքն Յակոբոս Առաքեալ, որպէս առաջին եպիսկոպոսապետ Երուսաղէմի, եւ Հայ Երուսաղէմը` իր դարաւոր պատմութեամբ եւ սրբազան առաքելութեամբ: Այս բոլորը ըսելէն ետք փաստը մեր առջեւն է: Այլեւս լռելը անընդունելի է:
“Սուրբերը երբէք չդատապարտուեցան լռութեան” կ’ըսէ Բասքալ: Իսկ Դաւիթ Մարգարէն կ’ըսէ. “Անդ անկեալ են Աթոռ դատաստանի”:
Պարետ Ծ. Վրդ. Երէցեան
Միաբան Երուսաղէմի Առաքելական Ս. Աթոռի
«Հայկական վարկած»-ի խմբագրություն եկած Սուրենը սիրիահայ է: Մոտ մեկ ամիս է՝ Երևանում է ապրում, բայց արդեն ցանկանում է հետ վերադառնալ. «Աշխատանք չկա», -ասում է նա:
Մեզ հետ զրույցում Սուրենը պատմեց, որ, չնայած պատերազմին, Սիրիան չես համեմատի Հայաստանի հետ, նույնիսկ եզրեր չկան համեմատության:
Նա պատմեց, որ չի կարողանում աշխատանք գտնել, իրեն առաջարկված ժամանակավոր բնակարանն էլ գտնվում էր Դիլիջանում, ու ինքը այդպես էլ չհասկացավ, թե տարվա այս եղանակին բլրի վրա կառուցված տները, որ ավելի շուտ ամառանոց են, քան բնակավայր, ինչու են առաջարկում իրենց: Թե՛ ինքը, թե՛ մյուս ներգաղթած մարդիկ չեն կարող այնտեղ բնակվել և գոյություն պահպանել. «Երևանից շատ հեռու էր, գործ չկա: Եթե գործ գտնեմ տուն կվարձեմ, բայց առաջին հերթին ես աշխատանք եմ ուզում, Իսկ եթե այսպես շարունակվի, Նոր տարին կանեմ ու հետ կվերադառնամ»:
Նշված հարցով զբաղվում են «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամն ու «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Փորձեցինք կապ հաաստատել ներկայացուցիչների հետ:
Պարզվեց, որ ծրագիրը նոր է և դեռ իրագործման փուլում է: Ներկայացուցիչներից մեկը հայտնեց, որ սիրիահայերը հիմնականում չեն համաձայնում մնալ հայրենիքում` աշխատանք չունենալու պատճառով և հիմնադրամը փորձում է կարգավորել նաև այդ խնդիրները:
Հարց է առաջանում` հնարավոր չէ՞ մի քիչ ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել նրանց խնդիրների նկատմամբ: Կան մայրաքաղաքին ավելի մոտ բնակավայրեր, որտեղ կարելի է գտնել տներ, աշխատանք, մեր հայրենակիցների կյանքը կազմակերպելու համար: Անունը դնում ենք խնդիրների լուծում, սակայն մարդկանց առաջարկում ենք Դիլիջանի բարձրունքը, ո՞րն է նպատակը, ի՞նչն է նման մոտեցման պատճառը:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Նաիրա Եդիգարյանը տեղեկացրեց, որ Դիլիջանում բնակարաններ տրամադրելու նպատակով իրենց ՀԿ է դիմել ամերիկահայ բարերար Րաֆֆի Արտալճեանը, որը առաջարկել է Դիլիջանում բնակարաններ տրամադրել, սակայն սիրիահայությունը շատ վատ է արձագանքել, որովհետև գերադասում են Երևանում ապրել, որքան էլ հարմար չէ՝ թանկ է. «Այնուամենայնիվ իրենց էլ կարելի է հասկանալ. ապրել են 4.5 միլիոնանոց քաղաքում: Երևանն իրենց համար, կարելի է ասել, փոքր է: Չենք կարող մեղադրել, որովհետև մարզերում աշխատանքի հնարավորությունները գրեթե վերանում են, քիչ է աշխատատեղերը, նույնիսկ մարզի բնակչությունն է անաշխատ և արտագնա աշխատանքի է մեկնում»:
Նաիրա Եդիգարյանի խոսքով` բնակվարձի տարբեր ծրագրեր են իրականացվել. «Առաջին ձեռք մեկնողը եղել է «Հայկական Բարեգործական ընդհանուր միությունը» և 600 ընտանիքի բնակվարձ է տրամադրվել: 3 ամիս միությունը բաժանեց բնակվարձերը, որից հետո ծրագիրը ստանձնեց հայկական «Կարիտասը», որը օգնեց մոտ 120 ընտանիքի թե՛ բնակվարձի, թե՛ կոմունալի, թե’, բժշկական, և թե՛, սնունդի հարցով: «Առաքելություն Հայաստան» կազմակերպության միջոցով ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը մինչ այսօր իրականացնում է ևս 650 ընտանիքի բնակվարձի տրամադրում»:
Քանի որ «Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն» ՀԿ-ն երկուսից ավելի տարի է գործում է, և աջակցություն ցուցաբերում պատերազմից ներգաղթյալներին` փորձեցինք հասկանալ նաև, թե ինչ օգնություն է ցուցաբերվում աշխատանքի տրամադրման առումով.
«Կենտրոնը համագործակցում է «Զբաղվածության պետական ծառայության» հետ, ինչպես նաև անհատ գործարարների: Սիրիահայերն էլ պահանջված աշխատող լինելու շնորհիվ է, որ կարողանում են աշխատանքի տեղավորվել, որովհետև թե’ սպասարկման, և թե մյուս ոլորտներում սիրիահայերը կարողանում են իրենց լավ դրսևորել, բայց էստեղ էլի խնդիր կա `լեզվի հարցը. Օրինակ` դեղագործներրի մի մասը չգիտի ռուսերեն , ինչը խանգարում է դեղատանը աշխատելուն, որովհետև դեղերի հսկայական մասը ռուսերենով է: Ունենք «Россотрудничество» կազմակերպության հետ համատեղ ծրագիր, որի շրջանակներում 40 ուսանող սովորում են ռուսերեն այն մակարդակով, որ հետագայում կարողանան աշխատել սպասարկման ոլորտում»,- պատմեց Նաիրան:
Նաիրայի խոսքով` գործատուն դիմում է կենտրոն, ասում է, թե ինչպիսի աշխատող է ուզում և քանի որ կենտրոնում ցուցակագրել են սիրիահայերին և նրանց մասնագիտությունները կան, համադրում են գործատուի ուզածն ու սիրիահայերի մասնագիտությունը, ուղարկում գործատուի մոտ: Մնացածն արդեն իրենց դրսևորելու խնդիրն է. «Մարդիկ կան, ասում են` այո, ուզում ենք աշխատել, բայց իրենց մշակույթի մեջ մտած չէ, որ կինը աշխատի»:
Նաիրան մի փոքր պատմեց նաև կենտրոնի ստեղծման մասին. « 2012-ին, երբ սկսվեց ամենամեծ հոսքը, երբ պատերազմը հասավ Հալեպ, Հալեպից սկսվեց մեծ հոսք դեպի Հայաստան և բոլորն ուղիղ գնում էին սփյուռքի նախարարություն, ինչը մեծ խնդիր էր առաջացնում, որովհետև նախարարությունը ուրիշ ֆունկցիա չէր կարողանում կատարել. Սկսած լեզվական խնդիրներից, բժշկի գնալուց կրթական և բոլոր հարցերով գնում էին ուղիղ նախարարություն: Բնականաբար անհրաժեշտություն առաջացավ ստեղծել մի մարմին, որում խնդիրներն ավելի հասանելի ու լուծելի կլինեն, որովհետև մեր կենտրոնի աշխատողները հիմնականում սիրիահայեր են: Այդ ժամանակ Հայաստանում էր գտնվում նաև տիկին Լենա Հալաջյանը, որը Սիրիայում Սփյուռքի նախարարության ներկայացուցիչն էր, նախարարի խորհրդականը, այսինքն՝ ինքը ծանոթ էր համայնքի բոլոր խնդիրներին դեռ Հալեպում եղած ժամանակ և մենք ունենք ուսուցչուհի, որը նույնպես բոլորին ճանաչում է և այս ճանաչողությունը շատ մեծ դեր է խաղում, դրա համար որոշվեց հիմնել մի մարմին, որը ծանոթ է թե՛ լեզվին, թե՛ մենթալ մտածելակերպին, թե իրենց բոլոր խնդիրներին:
Կենտրոնը չի աշխատում մենակ. Համագործակցում ենք շատ-շատ այլ կենտրոնների հետ՝ ինչպես հասարակական – պետական գերատեսչությունների, այնպես էլ նաև միջազգային կառույցների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը, Վորլդ Վիժնի հայաստանյան գրասենյակը, Սեյվ դը չիլդրնի համաշխարհային պարենի ծրագիրը, Անքոր կազմակերպության հետ, այսինքն՝ մենք համագործակցում ենք բոլոր տեսակի կառույցների հետ:
Կենտրոն դիմողների քանակը 2 և ավելի տարիների ընթացքում 7000 հոգի է կազմել: Նարիան չի ժխտում, որ դժգոհներ ու Հայաստանից մեկնածներ կան. «Հնարավոր է, որ 7000- ից 500-ը մեկնած լինեն, բայց նախորդ ամիս, երբ մենք սննդի բաշխում ունեցանք, 5000 տուփերը բաժանվեցին: Խոսակցություններ իհարկե կան, փաստը մնում է փաստ, ավելի շատ գալիս են, որովհետև որ ամեն օր ունենում ենք գրանցվողներ»:
Հռիփսիմե Գալստյան
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարել է, թե հասարակությունը կարող է չանհանգստանալ, ապրանքների 10-15 տոկոս թանկացում չի լինի:
Ըստ նրա նման մտավախությունը չափազանցված է: Սակայն ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ արժեն այդ հավաստիացումները մի երկրում, որտեղ ԿԲ փոխնախագահ Երիցյանն ասում է, թե՝ իրավիճակը կայունացնելու համար գործարկվել են ֆինանսական քաղաքականության բոլոր հնարավոր գործիքները. լոմբարդային տոկոսադրույքները, արժութային մեխանիզմները, ռեպո տոկոսադրույքը, արժութային շուկայում ինտերվենցիաները: Չնայած այս ամենին, անզեն աչքով էլ է երևում, որ իրավիճակը մնում է անկայուն:
Եթե դրան ավելացնենք, որ հունվարի մեկից բարձրանալու է էլէներգիայի գնման գինը, որն էլ իր հետ կբերի նոր թանկացումներ, պատկերն ավելի պարզ կլինի:
Ստացվում է, Երիցյանը վստահեցնում է, որ գների մեծ տատանում չի սպասվում՝ 2014-ին ԿԲ-ն սպասում է գնաճ 4 տոկոսի սահմաններում, իսկ 2015-ին՝ 4+/- 1,5 տոկոս:
Ըստ Երիցյանի ԿԲ ակտիվները բավարար են արհեստական տատանումները մեղմացնելու համար. «Ինչ վերաբերում է առևտրային բանկերին, ապա նրանց կապիտալի բավարարության գործակիցը նույնպես բարձր է: Բանկերն ունեն և կանխիկ, և համապատասխան անկանխիկ դոլարային լիկվիդայնություն»,-ասել է Երիցյանը:
Դժվար է միանաշանակ հավատալ պրն Երիցյանին, ծավալվող իրականությունն այլ բան է ասում:
Նշենք, որ Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Շաբոյանին մեկ շաբաթվա ընթացքում հայտնել, թե որքանով են թանկացել լայն սպառման ապրանքները:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հղիության արհեստական ընդհատումներն ավելի հաճախ պայմանավորված են լինում նաև երեխայի սեռով:
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածից պարզ է դառնում, որ յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք, բայց մինչ 12 շաբաթական հղիությունը:
Հենց այստեղ է, որ մեծ խնդիր է առաջանում, քանի որ բժիշկների հավաստմամբ՝ 10 շաբաթում ոչ ոք չի կարող վստահորեն ասել պտղի սեռը:
Խնդրի մասին զրուցեցինք անպտղության բուժմամբ և խնդիրներով զբաղվող «Ֆերթիլիթի» պտղաբերության կենտրոնի բժշկուհի Հռիփսիմե Գրիգորյան հետ:
«Իմ կարծիքով՝ ամեն արգելք ստեղծում է հակառակ ազդեցությունը: Մարդիկ փորձում են նույնն անել, բայց ոչ օրինական ճանապարհով: Եթե մարդիկ մտադրված են սեռի ընդհատում կատարել, ուրեմն, ամեն ինչ հաղթահարելով, կարող են գտնել ինչ-որ մեկին, որը կանի դա», — համոզված է բժիշկը:
Հռիփսիմեն շեշտում է նաև, որ աբորտը հեշտ վիրահատություն չէ իրականում՝ հավելելով, որ ինքը դեմ է աբորտ անելուն. « Դեպք էր եղել, որ կին էր մահացել, որովհետև անզգայացնող դեղ էին ներարկել և օրգանիզմը չէր ընդունել դեղը»:
Իսկ երեխայի սեռը նախապես իմանալու մասին այսպիսին է բժշկի կարծիքը.
«Սեռն իմանալն ինդիվիդուալ է. մարդ կա՝ ուզում է իր համար անակնկալ լինի, մարդ կա՝ ուզում է նախապատրաստվի իր բալիկի ծնունդին: Հարցն այն է, որ անում են սոնոգրաֆիաներ, որպեսզի ունենան տղա և կարող են մի քանի անգամ ընդհատել սեռը՝ միայն սեռի խտրականության պատճառով»:
Բնականաբար, հղիության արհեստական ընդհատումն ունենում է նաև բազմաթիվ հետևանքներ: Հռիփսիմեի խոսքով՝ հղիության արհեստական ընդհատումից հետո բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ. «Առաջին խնդիրներից մեկը, որը շատ հաճախ պրակտիկայում հանդիպում ենք՝ երկրորդային անպտղությունն է: Այսինքն՝ ընդհատումից հետո զույգն այլևս չի կարողանում բալիկ ունենալ, քանի որ ընդհատումն այնպես է կատարվում, որ արգանդի պատը վնասվում է, չնայած կինը ոչինչ չի զգում, ոչ մի բարդություն չի լինում: Մյուս խնդիրը ինֆեկցիայի առաջացումն է: Ամեն դեպքում բժշկական գործիքի ներգործում է լինում և հնարավոր է հանկարծ ինֆեկցիա ներթափանցի արգանդ ու էլի խնդիրներ առաջացնի»:
Իսկ ամենաբարդ խնդիրը, որն, ըստ Հռիփսիմեի, շատ չի հանդիպում՝ արգանդի պերֆորացիան է, այսինքն՝ արգանդը ծակելու վտանգը: Սա ամենամեծ վտանգն է, որ կարող է բերել ընդհուպ մինչև կնոջ մահվան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման մեջ կատարեց փոփոխություններ և լրացում, որոնցով հղիության արհեստական ընդհատումը սահմանվում է որպես բժշկական միջամտություն և ամրագրվում են դրա վիրաբուժական և դեղորայքային տարատեսակները։
Ըստ Կառավարության որոշման ` հղիության արհեստական ընդհատումը մինչև 9 շաբաթական հղիության դեպքում կիրականցվի վիրահատական կամ դեղորայքային ճանապարհով, իսկ 9-12 շաբաթական հղիության դեպքում՝ միայն վիրահատական ճանապարհով:
Որոշման մեկ այլ կետով՝ մինչև 22 շաբաթական ժամկետը բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումը իրականացվում է բժշկական հաստատությունում մշտապես գործող մասնագիտական հանձնաժողովի որոշման հիման վրա` կնոջ համաձայնությամբ:
Հռիփսիմե Գալստյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.