26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...Տարեսկիզբը հայության համար հատկանշվում է քաղաքական բավական ուշագրավ և կարևոր մի իրադարձությամբ: Ձայնը հնչեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետության կողմից: Պաշտոնական Մոնտեվիդեոն հանդես է գալիս նման հայտարարությամբ, հայության ամենահրատապ խնդրի շուրջ շատ կարևոր նախանշում կատարելով:
2015 թ. հունվարի 4-ի ստորագրությունը կրող Մոնտեվիդեոյի հայտարարությունը բառացիորեն ասում է «Արտգործնախարարն այսօր հանդիպում է ունեցել Հայ Դատի Հանձնախմբի միջազգային և Ուրուգվայի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Հարավային Կովկասի վերաբերյալ հարցեր, և արտգործնախարարը բուռն կերպով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները, որոնք հետզհետե շարունակվում են: Նույնպես, նկատի ունենալով Մինսկի խմբի արած աշխատանքը, որի եզրափակմանը պիտի սպասի Ուրուգվայը ճանաչման առընչությամբ իր որոշումը որդեգրելու համար, շեշտել է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հատկապես նկատի ունենալով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Հայաստանի Հանրապետության հողային ամբողջականության սկզբունքը` 1918 թ. մայիսից մինչև 1920 թ. դեկտեմբերն անկախացած Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ:
2011-ից ի վեր Արցախի ճանաչման միտող Ուրուգվայի հայտարարությունները` Ստեփանակերտ-Մոնտեվիդեո փոխադարձ այցելությունները, Արցախի Հանրապետության նախագահի այցը Ուրուգվայ և այս բոլորի զուգահեռ ճանաչում նախապատրաստող պաշտոնական հայտարարությունների հետևողական վարքագծում կարելի է դիտարկել հունվարի 4-ի հայտարարությունը:
Նահանգային և քաղաքապետական մակարդակների վրա արձանագրվող ճանաչման արշավին զուգահեռ այսուհանդերձ սա իրավական առումով առանձնացվող քայլ է՝ տվյալ պետության պաշտոնական խոսափողի կողմից ամրագրված: Այս ամփոփ հայտարարության մեջ արձանագրվում է.
Ա. Մոնտեվիդեոն խստորեն դատապարտում է Բաքվի ռազմատենչ վարքագիծը, հրադադարը խախտելու դեպքերը: Սա պատասխանատվությունների հավասարեցման այլևս անհեթեթ դարձած մոտեցումը շրջող կարևոր նշում է:
Բ. Ուրուգվայը հարգում է միջազգային պայմանավորվածությունը` բանակցային գործընթացը շարունակելու և դրա համար ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական առաքելությունն ընդունելու և հետևաբար նախքան որևէ որոշում կայացնելը, սպասելու միջնորդների կատարելիք եզրակացությանը:
Հայտարարության այս բաժինը ակնկալելի է, միջազգային ընտանիքի մաս կազմող որևէ պետությունից, որն ուղղակի կամ անուղղակի իր համաձայնությունը տվել է հակարմարտության լուծման համար միջնորդական առաքելության այս ձևաչափին: Սա հիշեցում է նաև ԵԱՀԿ-ի հարթությունից այլ հարթություն տեղափոխելու ադրբեջանական նկրտումները մերժելուն:
Սպասել եզրակացության, ապա հայտարարել պաշտոնական կեցվածքը: Իսկ պաշտոնական կեցվածքի նախաբանը արդեն կատարվել է: Հարգել հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Գ. Սակայն հարցը միայն Արցախի ինքնորոշման իրավունքին չի վերաբերում: Հայտարարությունը, երբ խոսում է ընդհանրապես հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, նկատի է ունենում նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որի հիմքն է, ըստ Ուրուգվայի արտգործնախարարության, 1918 թ. մայիսից մինչև 1920 թ. դեկտեմբերն անկախացած Հայաստանի Հանրապետության սահմանները:
Սա արդեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների փոխկապակցվածության ճիշտ տարբերակն է: Բայց սա դեռ միակը չէ:
Տարեվերջին որդեգրված Բոլիվիայի Ազգային ժողովի Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշումը ուշագրավ էր հայրենազրկման (Արևմտահայաստանի նշումով ընդգծված) գաղափարի ներառումով: Հիմա, Հարավային Ամերիկայի մի ուրիշ մայրաքաղաք, միջազգային ընտանիքին կոչ է անում ճանաչելու հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Դիպաշարերը այստեղ ևս ունեն հետևողական տրամաբանություն: Հարավային Ամերիկան նպաստավոր ենթահող է քաղաքական աշխատանքներ կենտրոնացնելու թե՜ ցեղասպանության և թե՜ ինքնորոշման իրավունքի պետական ճանաչումներ ապահովելու: Հայտնապես 100-ամյակին իբրև թիրախ ընտրված են այն երկրները, որոնք մեծ շահերով կապված չեն Անկարայի և Բաքվի հետ, և որոնք կարող են ավելացնել հայության պատմական թե ինքնորոշման իրավունքները ճանաչող պետությունների շարքը միջազգային ընտանիքում:
Անկարայի և Բաքվի հարցերը փոխկապակցելու խաղի կանոնները շրջվել են սրանով: Այսպիսով Մոնտեվիդեոն ազդարարում է, թե կարող է դառնալ առաջին պետությունը, որը միաժամանակ կճանաչի Արցախի անկախությունը և Հայաստանի Հանրապետության նախախորհրդային սահմանները:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Ավելի քան մեկ տարի առաջ մի խումբ հայ երիտասարդներ ստեղծեցին Ամերիկայի ծաղկասայլի հայկական ընկերակցությունը և ձեռնամուխ եղան մի հավակնոտ ծրագրի, որի մասին շատ հայեր վաղուց էին մտածել, սակայն ոչ ոք չէր փորձել իրականացնել: Նրանք որոշել էին 126 տարվա ընթացքում առաջին անգամ հայկական ծաղկասայլով մասնակցել աշխարհահռչակ Վարդերի շքերթին, որն անցկացվում է Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում:
Յուրաքանչյուր տարվա առաջին օրն ավելի քան 100 երկրներում շուրջ մեկ միլիարդ մարդ հեռուստացույցով դիտում է այս տպավորիչ շքերթը: Բացի այդ, մոտ 700 հազարանոց ամբոխը շարվում է 9 կիլոմետրանոց շքերթի երթուղու ողջ երկայնքով՝ հաղթահարելով ռեկորդային ցածր ջերմաստիճանը, ինչպես դա արեց իմ ընտանիքն այս տարվա հունվարի 1-ին: Ոմանք նույնիսկ ամբողջ գիշերն են անցկացնում մայթերին՝ առաջին շարքերում տեղ զբաղեցնելու համար…
Շքերթի մեկնարկից շատ չանցած հանդիսատեսները Փասադենայում և ամբողջ աշխարհում լսեցին դուդուկի անզուգական հնչեղ ձայնը և ականատես եղան բազմահազար գեղեցիկ ծաղիկներով զարդարված հայկական ծաղկասայլին՝ ազգային տարազներով տասնյակ նրբագեղ պարողների ուղեկցությամբ: Այս տարվա Վարդերի շքերթի ընդհանուր թեման էր՝ «Ոգեշնչող պատմություններ», և հայկական ծաղկասայլն իհարկե ոգևորիչ էր իր՝ «Քաղաքակրթության օրրան» պատշաճ խորագրով: Շքերթի պաշտոնաթերթը հրապարակել է հետևյալ փայլուն մեկնաբանությունը ծաղկասայլի լուսանկարի հետ միասին.
«Բարի գալուստ «Քաղաքակրթության օրրան». հայկական համայնքն իր ներկայացրած ծաղկասայլով կիսում է դարավոր հարուստ մշակութային ժառանգությունը Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի հետ: Ամերիկահայերի վարդերի շքահանդեսի ծաղկասայլը ներկայացնում է հայերի ունեցած ներդրումն այս մեծ երկրում և ամբողջ աշխարհում: Այս ծաղկասայլի ամեն մի առարկա՝ սկսած գորգից, կենաց ծառից, թռչուններից և մրգերից, մինչև հավերժության նշանն ու դուդուկը, խորհրդանշում է հայոց մշակույթի մի առանձին բնագավառ, այդ թվում՝ կրոնը, կրթությունը, արդյունաբերությունը, երաժշտությունը, պարը և այլն: Գերակշռող գույնը յուրահատուկ որդան կարմիրն է, որն ստացվում է միայն Հայաստանի լեռներում հայտնաբերված միջատից»: Մասնավորապես, ծաղկասայլը ցուցադրում էր արագիլներ, սիրամարգեր, նռներ, ծիրաններ, խաղող, հայոց այբուբենը, հայ կնոջ կերպարը ավանդական գլխազարդով և զգեստով՝ խորհրդանշելով «Մայր Հայաստանը» և եկեղեցու
կամարի մի հատված՝ ներկայացնելով հայկական ճարտարապետությունը: Ծաղկասայլն արժանացել է «Նախագահի գավաթ» հեղինակավոր մրցանակին:
Ծաղկասայլով, որն ուներ մոտ 17 մ երկարություն, 8.5 մ բարձրություն և 5.5 մ լայնություն, անցան մի քանի հայտնի մարդիկ, այդ թվում՝ Սամվել Տեր-Եղիայանը (առաջին հայ ներգաղթյալ ԱՄՆ դաշնային դատավոր), Գաբրիել Ինջեջիկյանը (Միացյալ Նահանգներում առաջին հայկական ցերեկային դպրոցի հիմնադիր), Ֆլորա Դունայանցը (հայտնի բարերար Փասադենայից), նշանավոր փաստաբան Մարկ Կիրակոսը, հեռուստահաղորդավար Ջիլ Սիմոնյանը, Փասադենայի նախկին ոստիկանապետ Բեռնար Մելեքյանը և դերասանուհի Անժելա Սարաֆյանը: Զարմանալիորեն ուղիղ 100 տարի առաջ հայ գործարար Մովսես Փաշկյանը եղել է 1915 թվականի Վարդերի շքերթի Մեծ մարշալը…
Թեև ծաղկասայլի կառուցման վրա ծախսվեց 300 հազար դոլար, սակայն այդ ծախսը լիովին արդարացված էր, քանի որ պատմության մեջ առաջին անգամ հայ մշակույթը ներկայացվեց ավելի քան մեկ միլիարդ մարդու ամբողջ աշխարհում՝ մեկ անձի հաշվով մեկ սենթից պակաս ծախսով… Շքերթից ընդամենը մի քանի օր առաջ հայկական ծաղկասայլի կազմակերպիչներն իրենց նպատակի իրագործման համար դեռևս 110 հազար դոլարի կարիք ունեին: Բարեբախտաբար, վերջին օրերին նրանք մի քանի նվիրատվություններ ստացան՝ թողնելով 90 հազար դոլարի ընթացիկ մնացորդ: Նրանք, ովքեր ցանկանում են լրացնել այդ պակասորդը, կարող են հարկային նվազեցման ներդրում անել՝ այցելելով www.aarfa.org կայքը:
Հաշվի առնելով ամերիկյան և միջազգային հեռուստատեսային լայն լուսաբանությունները՝ հայկական ծաղկասայլը ստացավ բազմաթիվ դրական մեկնաբանություններ ամբողջ աշխարհի սոցիալական լրատվամիջոցներում և կայքերում: Որոշ հեռուստաընկերություններ նույնիսկ նշեցին, որ 2015 թվականը համընկավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ:
Քանի որ հայ ժողովուրդը օտար շրջանակների հետ փոխհարաբերություններում հաճախ բարձրացնում է Ցեղասպանության հարցը, օտարազգիների մեծ մասը հայ ժողովրդի մասին գիտեն որպես հալածանքների ենթարկված ազգի, սակայն ծանոթ չեն նրա հարուստ մշակութային ժառանգությանն ու հնագույն քաղաքակրթությանը: Աշխարհը պետք է իմանա, որ չնայած երիտթուրքերի չարամիտ ջանքերին՝ բնաջնջելու հայ ժողովրդին, նրան հաջողվել է ոչ միայն գոյատևել, այլև բարգավաճել…
Սա հատկապես կարևոր է հայ երիտասարդների համար, որոնք պետք է մեծանան դրական օրինակներն ընդօրինակելով և հպարտանալով իրենց ժառանգությամբ, այլ ոչ թե իրենց զգան որպես ոտնակոխված զոհեր, որոնք խղճահարության կարիք ունեն: Վարդերի շքերթի հայկական ընկերակցությունը հիանալի աշխատանք կատարեց՝ հայկական մշակույթը պանծացնելով և բարձրացնելով նրա վարկն ամբողջ աշխարհում:
Կազմակերպիչները, խանդավառվելով այս տարվա Վարդերի մրցաշարում իրենց մասնակցության նկատմամբ հսկայական համաժողովրդական արձագանքից, խոստացել են այսուհետև ամեն տարի հայկական ծաղկասայլով մասնակցել Փասադենայի ամենամյա շքերթին…
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com
Լուսանկարը՝ Վարդան Գևորգյանի ֆեյսբուքյան էջից
… Բոլոր անէծքները թափուելու են վրադ ու հալածելու են քեզ, զի Աստծոյ պատուիրանները չպահպանեցիր…
Տէրը քեզ վրայ երկրի հեռու ծագերից մի ազգ է բերելու, ազգ, ում լեզուն չես հասկանալու…
Աներես ու անզգամ մի ազգ, որ ոչ ծերերին է պատուելու եւ ոչ էլ երիտասարդնելի է ողորմալու…
Որովհետեւ յանուն շռայլութիւնների դու քո Աստծուն ուրախ եւ յօժար սրտով չծառայեցիր…
Գիրք Բ Օրինաց, ԻԸ, 15, 50
Սրիկաները միշտ ջանացել են իրենց ստոր արարմունքները քօղարկել կրօնական շահերի բարոյականութեան եւ հայրենի երկրի նկատմամբ հաւատարմութեամբ։
Հայնրիխ ՀԱՅՆԷ
Խիղճն ու ամօթը յօրինել են հրեաները։
Ադոլֆ ՀԻՏԼԵՐ
Խօսքը Չիկագոյի սպանդանոց առաջնորդող այն այծի մասին է, որ բարեյաջող անցնելուն պէս, ետեւում կամրջակը բացւում էր եւ նրան հնազանդօրէն հետեւող, արեան հոտից խրտնող ու համառող ոչխարի հօտը գահավիժում էր մորթուելու։ Բայց պատահեց այնպէս, որ կամրջակը խափանուելով աւելի շուտ բացուեց եւ նոխազն ինքը առաջինը յայտնուեց մորթազերծարան…
Հայերը իրենց երրորդ հազարամեակի շեմին ունեցան այդպիսի մի նոխազ, որ համոզուած է, թէ ոչխարի հօտը մորթուելն է լինելու իր շռայլ, անառակ, շուայտ եւ խենէշ կեանքն ապրելու գինը։ Եւ վստահաբար, հեթանոսների ու անաստուածների աղմուկ‐աղաղակի ծածկոցի տակ, անձնապաստան խոճիճը Հայ ժողովրդին տանում է մի սպանդանոց, որ ռուսական անօրէն եւ արդէն բացայայտ սանձարձակ կայսրութիւնն է։
Եւ «մտաւորական» ակադեմիկոսները ազգային հերթական ողբերգութեան ընդառաջ՝ գրում են, թէ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի առաջին նախազգուշացումից յետոյ կեղծ-կաթողիկոսին հղած «երկրորդ նամակն իր ոճով, ձեւով եւ բովանդակութեամբ առաւել քան անպարկեշտ է, ողջամտութեան բոլոր սահմանները հատող եւ խորը հիասթափութիւն է առաջացնում հայ եկեղեցու յուրաքանչիւր հավատացեալի հոգում: Բարձրաստիճան եկեղեցականին վայել չէ նման ոճով, լեզուով եւ դարձուածքներով արտահայտուել Հայոց Եպիսկոպոսաց առավել եւս նրա Գահակալին»:
Որպիսի՜ անպատկառ երեսպաշտութիւն… Որպիսի՜ սաւոկային բարոյականութիւն… Եկեղեցին, որ ինքը՝ Ժողովուրդն է, հասել է կործանումի եզրին եւ ազգի «իմաստունները» պարկեշտութեան դասեր են տալիս հոգեւորական առաջնորդի իր սրբազան պարտքը կատարող եւ Ճշմարիտ ու անթաքոյց խօսքով ապիկար մարդուն, կաթողիկոսական գահը պղծող Գարեգին Ներսիսեանին։
Այնուհետեւ ակադեմիականները յորդորում, թէ կեղծ‐կաթողիկոսին «իզուր պետք չէ զրպարտել»: Բանից պարզւում է, որ սյս «ուսեալ‐գիտունների» համոզումով զրպարտել կարելի է, եթէ «իզուր չէ», այլ որոշակի նպատակ է հետապնդում։ Եւ հենց այդ որոշակի նպատակով իրենք են զրպարտում Նուրհան արք. Մանուկեանին՝ մեկապարանոց մի «փաստով», թէ նա իբր «երեւակայական թշնամի է յօրինում եւ “քաջաբար” պայքարում նրա դէմ» Այնուհետեւ յանդգնում են նաեւ սռնուազն խրատել. «Պատշաճ չէ, որ նման բարձր հոգեւորականն իջնի նման մակարդակի: Հոգեւորական այրը պարտաւոր է պահպանել եկեղեցականին վայել տարրական քաղաքավարութիւնը` յօգուտ Հայ Եկեղեցու կարեւոր եւ բացառիկ շահերի»:
Բայց նախընթաց դրուագներին ծանօթ իմ Ընթերցողը արդէն հրապարակուած փաստերով եւ վկայութիւններով տեղեակ է այն ցինիզմին՝ շնականութեան, որ «Հայ Եկեղեցու կարեւոր եւ բացառիկ շահերը» ծախու հանած Գարեգին Ներսիսեանի «հոգեւոր առաջնորդութեան» կերպն է եւ գործողութիւնների արգահատելի նպատակը։
…Դեռեւս նախանցեալ դարից ռուսական գաղութային տիրակալութեան մէջ հայ մեծահարուստները՝ ջոջապետերը իրենց ոչ միայն շքանշանակիր կուրծքը աւելի զարդարելու, այլեւ պալատական արտօնութիւնները ամբողջապէս շահարկելու նպատակով, ստորացուած ժողովրդին շարունակ զսպում էին այն նկատառումով, որ գանգատուելու կամ բողոքելու դէպքում օտարի դիմաց բացայայտում են ազգային արատները, որոնք «հային պատիւ չեն բերի»… Այս արատաւոր եւ «հաւատարիմ ու հնազանդ» երեւալու ստրկամիտ ստորաքարշութիւնը շարունակուեց նաեւ ամբողջ 20-րդ դարի ընթացքին եւ փոխանցուեց արդէն 21-րդին… Եւ արդէն գրեթէ երկու հարիւր տարի է, ինչ հայութիւնը «հայրենասիրաբար» եւ խաբուսիկ հայրենասիրութեամբ փորձում է իր մէջ թաքցնել թարախի պալարները՝ աւելի ու աւելի բորբոքելով մեր ազգային մարմնի մէջ սկսուած փտախտը։
Ի դէպ, նրանք, այդ ակադեմիական‐վարժապետները հաստատապէս անգէտ են այն խորհրդին, որպիսին է «Եւ ծանիջիք զճշմարտութիւնն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ» (Յովհ. Ը 32)։ Հասարակութեան մակերեսին եկած գորշ ու աղտոտ փրուրը ճշմարտութիւնից պաշտպանուելու վահան է ընտրել նորատարազ politcorrect-ութեան (հայերէն՝ քաղաքա-վարութիւն) մասին ականջի ծայրով լսածը… Ուստի, իր բռիութեան պատճառով ամենուրէք «արժանապատւութիւն վիրաւորող» ծանր մեղք է կարծում բացէ ի բաց եւ ճակատին ասուած ճշմարիտ խօսքը։
Եւ ի՞նչ են ակնարկում, երբ խօսում են «Հայ Եկեղեցու կարեւոր եւ բացառիկ շահերից»… Անշուշտ եւ անկասկած՝ Ներսիսեան եղբայրների եւ նրանց մերձաւոր ու ձեռնասուն շրջապատի շահերը… Բոլոր նրանց, ովքեր, այո՛, անհագուրդ շահամոլութեամբ, յիրաւի, «իրենց գերխնդիրն են համարում ոչ միայն մեր Սուրբ Եկեղեցին պառակտելը, նաեւ մեր պետութեան հիմքերը խարխլելը, հայ մարդուն Հայրենիք, Կրօն և Ազգութիւն չճանաչող օտարամոլ ամբոխ դարձնելը»:
Այս է իրականութիւնը…
Դեռեւս իր առաջին նամակով, որ թուագրուած է «Նոյեմբեր 3, 2000», այսինքն արիւնաթաթախ Հոկտեմբեր 27-ից մէկ տարի յետոյ, Ամենապատիւ Պատրիարք Մութաֆեանը դեռ այն ժամանակ տարակուսանքով արձանագրում է, որ կեղծ‐կաթողիկոսը խախտում է եկեղեցու կանոնադրությամբ, զանց է առնում պատիրաքների կարծիքը Հայ եկեղեցու կանոնադրութեանը հակառակ միանձնեայ որոշումներ կայացնելու, Մոսկուայի թեմի առաջնորդ Տիրան սրբազանին ոտքի վրայ պաշտօնանկ եւ արեւմտեան կիսագնդից ձեռքի հեռախօսոսվ կարգալոյծ անելու եւ Գերագույն հոգեւոր խորհուրդը կամայականօրէն ցրելու ու նոր անդամներ նշանակելու առիթով:
Նամակն աւարտւում է այսպիսի առաջարկութեամբ. «Վերոյիշեալ եւ այլ պարգայից վերաբերեալ մենք միշտ պատրաստ ենք Ձեզի հետ խորհրդակցելու, եւ կ’առաջարկենք, որ յարմար առիթով մը երբ Եւրոպա գտնուիք, թերեւս միմիայն երեքս՝ Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի, Սուրբ Երուսաղէմի եւ Կ. Պոլսոյ Աթոռակալներս մէկտեղուինք խորհրդակցութեան մը համար»։
Այնպէս որ ակադեմիականները դարձեալ ստում են, թէ պատրիարքներն են իրենց «գերխնդիրը համարում եկեղեցին պառակտելն» ու, ո՜վ, երկնային Տէր, որպիսի՜ նենգաբարոյ խարդախութիւն. «խարխլելու մեր պետութեան հիմքերը, հայ մարդուն դարձնելու Հայրենիք, Կրօն և Ազգութիւն չճանաչող օտարամոլ ամբոխի»։
Զսպենք այս «մտաւորականների» հայոց լեզուն խմբագրելու հերթական գայթակղութիւնը եւ գոնէ այսօր Ճանաչենք ճշմարտութիւն, որպէսզի դեռեւս չկորցնենք մեր այն յոյսը, թէ մեզ ազատագրողը Ճշմարտութիւնն է լինելու այն թունաւոր մթնոլորտի մէջ, որտեղ Հայ ազգն է շնչահեղձ լինում ստի, կեղծիքի, ապատեղեկատուութեան, իշխանութիւնների եւ անձամբ կեղծ‐նախագահի կամայական ու ժողովրդին անարգող, Հայ ազգը նուաստացնող եւ բոզաբարոյ գործողութիւնների հետեւանքով։
Վերջերս հրապարակուեց Երուսաղեմի Ամենապատիւ Պատրիարք Նուրհան Արք. Մանուկեանի նամակը, որ նոյնպէս անպատասխան մնաց կղերապետութեան ինքնակալի կողմից։ Ահաւասիկ, թէ ինչ է ասում եւ կրկնում Պատրիարքը.
«Սեպտեմբեր ամսուն, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ կայացած Ներկայացուցչական թատերական ժողովի ընթացքին դարձեալ կրկնուած է ու ծեծուած Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Առաքելական եւ Նուիրապետական Աթոռը վերածել ինչ որ «թեմի» մը տեսակէտը, զոր ձեր գահակալութեան առաջին տարիներուն ներկայացուած էր նոյնպիսի ժողովի մը: Ըսուած է «Պտուղը ծառէն հեռու չիյնար», եւ այս տարի մի քանի վայրահաչ բերաններ՝ Յովնան, Միքայէլ, Հայկազուն եւ Յովակիմ Սրբազաններ հասկնալի պատճառներով, թելադրուած ու տարուած — ոչ այնքան իրենց աթոռներու եւ դիրքերու, այլ աւելի գրպաններու ապահովութենէն — ձեր գլխաւոր եւ միակ մտահոգութիւնը յայտնելով, «քաջաբար» պահանջած են, որ Երուսաղէմի Պատրիարքութիւնը անմիջականօրէն ենթարկուէր Էջմիածնի… Կարծէք չէր բաւեր մեր ամենօրեայ հարցերն ու դժուարութիւնները քրիստոնեայ միւս համայնքներուն հետ, իսկ միւս կողմէն հրեաներու եւ իսլամներուն հետ մեր մշտակայ խնդիրները, հիմա ալ Մայր Աթոռի միաբանութիւնը ձեր նման, խաչակրութեան ելած է Երուսաղէմի Պատրիարքութեան դէմ, տարուած միահեծանութեան մարմաջէ… պտուղը ծառէն հեռու չիյնար:Վեհափա՛ռ, ժամանակին փորձեցիք Երուսաղէմի եւ Պոլսոյ Նուիրապետական Աթոռները չէզոքացնել բայց չյաջողեցաք, եկէ՛ք մէյ մըն ալ մի՛ փորձէք:
Եւ բնաւ մի՛ մոռնաք, որ օտարներ Հայաստանեայց Եկեղեցւոյ ծանօթացած են Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան միջոցաւ: Այս Սրբազան Հաստատութիւնը ամբողջ դարեր տոկացած է մարդկային եւ բնութեան արհաւիրքներուն, ձեր նախնիները, կաթողիկոսներու ամբողջ սերունդներ ճանչցած եւ ընդունած են Պատրիարքութեանս Կանոնադրութիւնն ու Նուիրապետութիւնը, իսկ ի՞նչն է որ ձեզի իրաւունք կու տայ թելադրելու ձեր մանկլաւիկներուն այդպէս ժխտական կեցուածք որդեգրելու Միաբանութեանս դէմ, միթէ դուք ձեզ ձեր նախնիքներէն աւելի խելացի՞ կը կարծէիք: Վաճառականական եւ առեւտրական յատկութիւններ ունենալը անպայմանօրէն խելացիութեան յայտարարներ չեն: Դուք կրնաք մարդ առնել ու ծախել սակայն ԵՐԲԵ՛Ք ՉԷՔ ԿՐՆԱՐ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՊԱՀԵԼ ԵՒ ԻՒՐԱՑՆԵԼ»:
Ահաւասիկ, եւս մի դաժան ու ամօթալի ճշմարտութիւն, որ դեռեւս որեւէ ոք չի էլ փորձել ժխտել. «Վաճառականական եւ առեւտրական յատկութիւններ ունենալը անպայմանօրէն խելացիութեան յայտարարներ չեն»: Եւ այս ազնիւ մտահոգութիւնը նոյնպէս «մտաւորական» իմաստունների համար politcorrect չէ, այսինքն անքաղաքաւարութիւն է ի ունկնդրութիւն «հաւատացեալ ժողովրդի» հրապարակել, այլ պետք է ծածկել, թաքցնել, քօղարեկել… նոյնն է թէ՝ ստել, նենգել իրականութիւնը։
Այս խնդրին է անդրադարձել նաեւ «Նոր Մարմա» պարբերականը. «Ցաւալի է կարդալ այս բոլորին մասին: Բնականաբար բացարձակապէս ընդունելի չէ Երուսաղէմի Աթոռը Աթոռ ըլլալէ դադրեցնելու եւ զայն Մայր Աթոռի ենթակայ դարձնելու դիտաւորութիւն մը… Նամակին մէջ դիտել կը տրուի որ վեհափառ հայրապետը տարիներ առաջ նոյն ցանկութիւնը ունեցաւ Պոլսոյ Պատրիարքական Աթոռին նկատմամբ, բայց չյաջողեցաւ»:
Ինչպէս համոզւում ենք, կեղծ‐կաթողիկոսը ոչ մի յորդորանքի ականջալուր չէ։ Եւ երբ հետ զհետէ ս. Էջմիածնի հասցեով նամակները աւելի կտրուկ եւ կոշտ բնոյթ են ստանում, ինչը մէկ անգամեան բնական է երեւոյթի խորտակիչ էութիւնը նկատի ունենալով, ապա պարզւում է, որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին «պառակտելու» գործին են լծուած բոլոր նրանք, ովքեր Գարեգին Ներսիսեանից իրաւմամբ պահանջում են օրինականութիւն եւ Եկեղեցու Կանոնադրութեան նկատմամբ հաւատարմութիւն։
Ի դէպ, ես բնաւ չեմ զարմանում այս տարօրինակ եւ անհեթեթ մտածողութեան վրայ, երբ ակադեմիականները Պոլսի եւ Երուսաղեմի Նուիրապետական Աթոռների տագնապները, շարունակաբար, արդէն տասնհինգ տարի ս. Էջմիածնի մէջ զարգացող կամայականութիւններն ու օրինազանցումները արհամարհելով՝ Ամենապատիւ Պատրիարքներին ճգնում են ներկայացնել իբրեւ պառակտիչների։ Չեմ զարմանում եւ օրինաչափ եմ տեսնում Ռուսաց Հայաստանի մէջ տիրող Կրեմլեան մտածողութեան ընդօրինակութիւնը։ Կրեմլը զաւթում է օտարի տարածքը, պատերազմում է դրացի երկրի դէմ, բայց ռուսական եթերն ու մամուլը լցուած են այն ճիչ‐աղաղակով, թէ հարեւանը իր հողերը սուսիկ‐փուսիկ տալու փոխարէն՝ դիմադրում է։ Ամենուրէք իր իշխանութիւնը տարածող ռազմաշունչ, բայց միշտ ձախաւեր կայսրութեան մասին յաւիտենական մի ճշմարտութիւն, որ Դերենիկ Դեմիրճեանը դեռեւս անցեալ դարասկզբին բացայայտել է «Քաջ Նազար» թատերախաղի մէջ։
Իսկ ս. Էջմիածնից նոյնպիսի ձախաւեր ու ուզուրպատորական գործողութիւնների արդիւնքին շարունակւում են ոչ միայն պաշտօնանկութիւններն ու կարգալուծումները, այլեւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու դաւանանքից հրաժարումները։
Ակադեմիականները գրում են. «Ամենապատիւ Սրբազան, Դուք լաւ գիտէք, որ անմիաբանութիւնն ու երկպառակտումը միշտ էլ չարիք են եղել մեր ժողովրդի անցած ողջ պատմութեան ընթացքում: Ուրեմն ինչո՞ւ ժողովուրդը պիտի իմանայ, որ մեր հաւատքի կարեւորագույն երկու սիւները լուրջ եւ վնասաբեր գժտություն ունեն, որոնք վնասում են մեր եկեղեցու և պետութեան միասնութեանը: Համազգային այս ողբերգութիւնը պէտք է կարողանալ յաղթահարել»:
Հայաստանի մէջ շարունակուող այն միտումին, թէ թարախակալած վէրքերը բացայայտել չի կարելի, քանի որ ամօթ է, հիմա էլ մարդիկ ամաչում են — բայց արդեօք ամաչո՞ւմ են — ժողովրդից։
Բայց անհրաժեշտ է, որ ժողովուրդը եւ ոչ միայն նրա հաւատացեալ մասը, այլեւ բոլորը՝ անաստուածները, աղանդաւոր յայտարարուածները, կռապաշտները եւ մեր ազգային ապագան 10000 կամ 50000 տարուայ վաղեմութեան մէջ որոնողները տեղեակ լինեն, որ մեր Երկիրն ու Ազգը շատ մօտիկ ժամանակներին կը դադարի ոչ միայն ապագայ ունենալ, այլեւ հաւիտենական կորսեան կը մատնուի մեր անյայտ հազարամեակների եւ մշակութային հզօր զարգացումի երկհազարամեայ անցեալը։ Եւ քարուքանդ եղած մեր աշխարհի նիւթական եւ հոգեւոր գոյութեան որոնումները կը լինեն օտարների հետաքրքրասիրութեան ու պեղումների ասպարէզ…
Բայց ես վստահ եմ, որ Երուսաղեմի եւ Պոլսի Պատրիարքութիւնները, Կիլիկիայի Կաթողիկոսութեան հետ միաւորուած՝ կը կարողանան Չարիքը կանխել։ Այս երեքը նուիրապետութիւններն են որ անցեալ մղձաւանջային դարերին, երբ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ու ս. Էջմիածինը օտարի շղթաների մէջ էին, ի տես արտաքին
աշխարհի եւ ի մխիթարութիւն պանդխտացած հայութեան՝ պահպանեցին իրենց առաքելական գոյութիւնն ու հեղինակութիւնը։
Վստահ եմ եւ որ Երուսաղեմի Պատրիարքութիւնը հաստատուն եւ վճռական կը կենայ իր բարձրութեան վրայ եւ կեղծ‐կաթողիկոսի քայքայիչ ծրագրերին կը դիմագրաւի ամենայն վճռականութեամբ։ Նուիրապետական աթոռների միասնական կամքով ու վճռականութեամբ։ Կեղծ‐կաթողիկոսի ցրած որոմը վնասազերծելու եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համաշխարհային հեղինակութիւնը եւ սեփական դէմքը պահպանելու վճռականութեամբ։
Ժողովրդի, հայ հասարակութեան ուժերով ու կամքով անպայման կը կարողանանք համազգային այս ողբերգությունը յաղթահարել այնպէս, ինչպէս իր կամքով ու արդարութեամբ իսլամի ու տեղի իշխանութիւնների ոտնձգութիւններին դիմագրաւել է Երուսաղեմի Պատրիարքարանը։
Վասն Հայի…
Վասն մեր Հաւատի…
Վասն մեր Հայրենեաց…
© Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Փարիզ, 2014 (շարունակութիւն եօթներորդ եւ աւարտ)
Ասում են, Երջանկությունն անհամբեր մարդկանց վաճառում է մեծ քանակությամբ այնպիսի բաներ, որոնք ձրի է տալիս համբերատարներին: « Հայկական Վարկածի» իմ սիրելի ընթերցող ցանկանում եմ, որ գալիք 2015թվականին դու ստանաս քո համբերության, ես կասեի, ծով համբերության քաղցր պտուղները և երջանիկ լինես:
Սեր և խաղաղություն եմ մաղթում բոլորիս:
«VIVOS VOCO ! ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ — Դրուագ Ե.
«Պետք է հպարտությամբ արձանագրենք որ այն ամենը, ինչ անում է Վեհափառը, պետք է ոչ թե իրեն, այլ մեր ողջ ժողովրդին, երկրին, և այդ ամենը մնալու է պատմությանը, սերունդներին»:
Ակադեմիկոսների համախօսականից
Առանց որեւէ հիմնաւորումի եւ հասարակութեանը հերթական մոլորութեամբ խարդախելու նպատակ ունի ակադեմիականների «հպարտութիւնը», որ նրանց ստիպում է արձանագրել, թէ «այն ամէնը, ինչ անում է վեհափառը (ասել կ’ուզի բնազաւթած գահակալ Գարեգին Ներսիսեանը) պէտք է ոչ թէ իրեն, այլ մէր ժողովրդին, երկրին, եւ այդ ամէնը մնալու է պատմութեանը, սերունդներին »։
Անհասկանալի է ակադեմիականների մտածողութեան ընթացքը կամ իներցիան,— որի հայերէն եզրաբառը չեմ գործածելու,— թէ այդ ինչպէ՞ս է ժողովրդին մնալու այն ամէնը, ինչ «նա անում եւ արդէն արել է»։ Նախ ի՞նչ է արել… Սեփական գրպանի համար՝ վաճառաշահութի՞ւն… Ի՛նչ է անում հիմա՝ դարձեալ նոյն շահատակութի՞նը… Ո՞ւմ համար… Ո՞ւմ սերունդների…
Ընտանիքի հոգսերով տառապող այդ կեղծ‐կաթողիկոսի սերունդների՞ համար… Նրա թոռների ու ծոռների՞ համար։ Ինձ բնաւ չի՛ անհանգստացնում նրա անձնական կեանքը։ Ընդհակառակը, ես նրան յորդորեցի կնոջը մենակ չթողնել «Փոսի թատրոնում» ներկայացումի ժամանակ, երբ ինձ տեսնելով տեղափոխուեց իմ քով եւ ոչ մի կերպ չկարողացայ ներշնչել, թէ իրեն հասկանում եմ եւ ինձ բնաւ չի վերաբերում որեւէ մէկի մասնաւոր կեանքը։
Նրա հետ կապուած յիշելու եմ եւս մի դրուագ… Վազգէն Վեհափառը «Հայերէնի Այբուբէնը» ցուցադրելու մի անակնկալ արեց։ Իր գրասենեակից առաջնորդեց դէպի երկու անկիզելի երկարաւուն պահարանները, կանգնեց դրանից մէկի դիմաց, սքեմի տակից մտաւ գրպանը կամ գուցէ գոտկատեղից կախուա՞ծ բանալին հանեց, որ ձեռքի պայուսակի բանալու չափ էր, եւ իմ դիմաց բացեց Հրաշքը, որտեղ ոսկին ու թանկագին քարերի արժէքները կրկնապատկուած էին ոսկերիչ վարպետի արուեստով եւ այդ երկու արժէքները իրենցով արդէն անգնահատելի էին դարձրել Այբ, Բեն, Գիմ… Մեսրոպ վարդապետ Մաշտոցի անեղծ Այբուբենը։ Վազգէն Վեհափառը լուռ կանգնած էր, երբ ես դարձայ դէպի երկրորդ պահարանը, Վեհափառը ասաց, որ այդ մէկն էլ Սուրբ Խաչի համար է եւ մտահոգ աւելացրեց. «Չգիտենք, թէ ո՛վ կը գայ մեզանից յետոյ։ Ոսկին կլոր է։ Կը գլորեն՝ կը կորչի… Մտածեցինք այս կերպ պահել…»լ
Այսքան մի բան…
Իսկ Գարեգին Ներսիսեանը Անթիլիաս այցելութեան օրերին հպարտացել է, թէ 30 միլիոնանոց մի նոր պալատ է կառուցելու բարեգործների յօժարութեամբ։ Ես նորութիւն չեմ ասելու, թէ մեր ժամանակների թողտուական եւ անարդար իրականութեան մէջ ինչ է նշանակում շինարարութիւն… Այդ նշանակում է փողի լուացք, որտեղ վարպետացել են քաղաքապետներն ու ճարտարապետները, վարպետացել են ջոջապետերը… Դրանցից մէկը իր կալուածքի մէջ եկեղեցու շինութիւն է կառուցում, մտահոգութիւն է յայտնում ժողովրդի բարեկացութիւնից, խոստումներ է տալիս, երբ այս ամէնի փոխարէն Գիւմրիի հարիւրաւոր անտունների կարող էր բազմասենեականոց, ժամանակակից ընտիր բնակարաններով ապահովել։ Ուրեմն, ինչո՞վ է Գարեգին Ներսիսեանը զանազանւում այդ ջոջապետից, երբ արդէն երկրորդ վեհարանն ունի Երեւանի մէջ։ Թէեւ Առաքելական մեր Եկեղեցու կաթողիկոսական աթոռանիստը Երեւանը չէ …
«Մտաւորական» ակադեմիկոսները յանդգնել են զուգահեռ անցկացնել Վազգէն վեհափառի, ով КГБ‐ի թասակի տակ էր եւ նրա անարժան հետնորդի միջեւ, ով КГБ‐ի հետ թասակի տակ է առել Հայ ժողովրդի ներկան եւ Հայաստանի ապագան։
Իսկ այդ ապագան արդէն կանխորոշուեց Սերժ Սարգսեանի հտպիտային բերկրանքով եւ հայ հասարակութեան հերթական նուաստացումով։ Բայց հասարակութեանը զոմբիացնելու ընթացքը այսքանով չաւարտուեց։ Անմիջապէս շրջանառութեան մէջ նետուեց մի «նորութիւն», թէ «Եւրոմիութիւնը շարունակում է…» Սա էլ հասարակութեանը թմրեցնող «վերլուծաբանների» ու «լրագրողների» համար ոսկոր է, թէ՝ մարդավայել ու արժանապատիւ կեանք ունենալու հեռանկարից մենք չենք հրաժարուել։
Սովորաբար, քաղաքացու իրաւունքները պաշտպանելու իւրաքանչիւր նոր փորձ ռուսամիտ Հայաստանի մէջ տարփողւում է իբրեւ «արեւմուտքի բարք» եւ անշուշտ, բառիս բացասական առումով։ Քանի որ, բանից պարզւում է, ինչպէս ռուսական նացիոնալ‐կոմունիստական կայսրութեան մէջ, նոյնպէս եւ այսօր, այն ամէնը ինչ ծնւում է կայսրութեան սահմաններից դուրս եւ զարգանում, առաջադիմում է իբրեւ բարենորոգչութիւն, իբրեւ արուեստ ու գրականութիւն… կամ օրինականութեան նոր նախապայմաններ, որպիսիք մեզ, թշուառ ռուսամիտներիս եւ նոյնքան գետնատարած ստրկութեան կեանքը վայելող հայերիս համար «գարշահոտող» են։ Եւ այս «գարշահոտութեան» մասին բարբաջանքներով փորձում են քօղարկել ոչ միայն աշխարհական հայերի, այլեւ Առաքելական Եկեղեցու կղերի անառակութիւնները։
Ինձ փորձելու են առարկել՝ ուրեմն, Արեւմուտքում միայն առաքինի՞ բարքեր են… Այսօրինակ «հակազդումը» որքան միամիտ է, նոյնքան եւ ունի ամբոխավարութեան «յաղթական դրօշ»։ Յիրաւի, Արեւմուտքում կինը կարող է եւ նրա անձնական գործն է՝ կատուների՞ հետ կ’ամուսնանայ, թէ պապուասի։ Ինչպէս եւ Արարատեան թեմի երբեմնի տեղապահ եպիսկոպոսը թատրոն կը գայ կնո՞ջ, թէ մօր հետ։ Արեւմուտքի մէջ ոչինչ գաղտնի չի մնում եւ հրաժարականներն ու դատավարութիւնների մասին մենք խանդավառութեամբ ենք տեղեկանում, ներքուստ երանի տալով, թէ այդ ինչպէ՞ս է որ արդէն քանի՜‐քանի՛ տարի մեր մթնոլորտը հագեցած է կեղծ‐նախագահի, գիշատիչ եւ խոզաբարոյ գեներալի, առեւտուր անող ընդդիմադիր «աւանդական կուսակցութեան» տնօրենին դեսպան նշանակելու եւ այն վստահութեամբ, թէ նրա պաղպաղակի տաղավարները անտէր չեն մնայ, կենդանական աշխարհի եւ կանացի ներքնաշորերի մականուններով ազգային ժողովի «ազնուականների» եւ շատ ուրիշների նկատմամբ արդար զայրոյթի հրապարակումներով… Անկիրթ եւ անդաստիարակ մշակոյթի նախարարի, կոսոմոլի ծոցում մեծացած սփիւռքի նախարարի, կիսագրագէտ եւ ծակամուտ կրթութեան նախարարի եւ շատ ուրիշների… էլի՛ շատ ուրիշների վերաբերեալ սպանիչ բացայայտումներով, բայց միեւնոյն է այս խոշոր նախիրը շարունակում է անվրդով որոճալ մէր հայրենական հիւթեղ հանդերը տրորելով…
Իրենց համառ լռութեամբ նրանք առնէտների անտարբերութեամբ կրծում են մեր նախնիներից մնացած այս փոքրիկ կտորը։
Եւ եթէ Հայաստանի մէջ արուամոլութեան ու մանկապղծութեան «արեւելեան բարքերի» վերաբերեալ նոյնպիսի բացայայտումներ չեն լինում, այնպէս, ինչպէս իշխանութիւնների ու կառավարութեան մէջ տաքուկ գահավորակների մէջ ընկմուած կաշառակերների,
«փայատէրերի», առանց գրպանի մէջ կոպեկ ունենալու Պրահա ուղարկուած եւ կարճ ժամանակ անց հերթական կեղծ‐նախագահի ֆանտաստիկ կարողութիւնների մասին, որ ընդամէնը գողութեամբ են կուտակուած, Երկրի ընդերքի հարուստ շտեմարանները վայրագօրէն դատարկող խլուրդների մասին, որոնք մնում են իբրեւ «Հայաստանի մէջ ազատ խօսքի» ցուցադրութիւններ, ապա Գարեգին Ներսիսեանի գայիսոնի շուաքի տակ թէ որպիսի մանկապիղծներ են ապրում սոդոմական կեանքով՝ նոյնպէս յայտնի է հասարակութեանը որոշակի շերտերի…
Գարեգին, ես անուններ չեմ տալու։ Եզրաս, անուններ չեմ տալու … այնպէս որ առայժմ մի տագնապէք։ Եւ ոչ թէ այն պատճառով, որ դատական վարոյթի ընթացքին սպանիչ ապացոյցներ չունեմ, այլ խնայելով պղծուած ճեմարանականների, փոքրաւորների արժանապատւութիւնը, ովքեր արդէն հասուն մարդիկ են եւ յարգուած հոգեւորականներ, որոնք պաշտօնաւորումի են ուղարկուել որքան հնարաւոր է՝ Հայաստանից հեռու։
Այս մարզի մէջ նոյնպէս իշխանութիւն նուաճած ու կառավարման համակարգի մէջ տաք անկիւններ ունեցող «լաւ տղերքը» յետ չեն մնում Եկեղեցին կաթուածահար անող կեղծ‐կաթողիկոսից։ Նրանք բոլոր մարզերի մէջ միասնական են, պառտկում են միմեանց եւ միասնաբար ոչ միայն օտարին են յանձնում Երկիրը, այլեւ այն սոդոմական կենցաղին, որ շատ հեռու է «արեւմուտքի բարքերից», քանի որ լինելով յոյժ Արեւելեան, իրենց անառակութիւնը առաջնորդւում է մի կարգախօսով՝ «Միայն թէ հարեւանս չիմանա»։ Իսկ այդ Արեւելեան, նաեւ ռուսական բարքերը խլիրդի պէս շօշափուկները տարածում է ազգային մարմնով մէկ… Եւ արդիւնքը լինելու է մօտ 30 հազար քառակուսի կիլոմետր մի անմարդաբնակ ռազմավարական տարածք, ֆորպոստ…
Չնայած որ այս պիղծ բարքերը զարգանում են ի հետեւանք բնազդային, բայց ձեռքբերովի խեղուածութեան, բայց ճիշտ այնպէս, ինչպէս եւ ընչաքաղցութիւնը դառնում են աշխարհական եւ կղերական «էլիտար» քափին պաշտպանող, ժողովրդական ընդվզումից ապահովող հովանաւոր ունենալու հիւանդագին հոգեբանութիւն։
Եւ պատմութեան անիւը յետ է պտտւում։
Թէ ինչպէս այդ անիւը իրար յանձնելով դէպի յետ պտտեցին Կրեմլի երեք սատրապները՝ օրերս համոզուեցինք բոլորս։ Բայց իբրեւ անողնաշար մի մարմին՝ ցաւից միայն տնքացինք եւ շարունակեցինք յոյսեր ունենալ յայտնի, բայց ոչ հանրայայտ կենսագրութեամբ մի օտարերկացի «ազատամարտիկի» ապաւինելով՝ առանց յիշելու թէ քանի՜‐քանի՛ «ազատամարտիկներ» են գեներալ Մանուելի գլխաւորութեամբ բռնաբարում երկիրն ու ժողովրդին… Ճիշտ այնպէս, ինչպէս քանի՜‐քանի՛ «անկախականներ» դարձան պետական հեղաշրջումի մասնակիցներ եւ երկիրը օտարացնող Իշխանութեան ու Եկեղեցու ձեռքի հեռահար գործիքներ։ Առաւել զուարճալի է, մեր այս ողբերգական իրականութեան մէջ եւս մի նոր ողբերգութիւն չնկատալու համար եմ ասում «զուարճալի», երբ այս ու այն անկիւններից դարձել լսուեցին առաջնորդ որոնողների «հայրենասիրական» աղաղակները…
Եւ պատմութեան անիւը դէպի յետ պտտող Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու կեղծ‐կաթողիկոսը սատրապների հետ թիկունք‐թիկունքի իր հերթին է ծառայութիւն մատուցելու նախապատրաստուել դարձեալ նոյն նպատակով… Անձի, ուզուրպատորի եւ գողոնը ապահուելու նպատակով։
Արդէն ասացի, որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին Ներսիսեան եղբայրները վերանուանել են։ Հիմա տեղեկտուներից շատերի մէջ այդպէս էլ ներկայացուած է։ Բայց ի՞նչ է նշանակում այս հանդուգն երեւոյթը։ Ի՞նչ կայ սրա տակ քօղարկուած… Սոսկ ստորաքարշութիւնից բխող միամիտ հաճոյակատար‐կամակատարութի՞ւն…
Ուրեմն, տեսնենք, թէ դէպի ո՛ր դարն է յետընթաց ունենալու Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին։
Մեսրոպ վարդապետ Մաշտոցն ու Սահակ կաթողիկոս Պարթեւը Վռամշապուհ արքայի հովանաւորութեամբ ձեռնարկեցին Հայ Գրերի ձախողուած որոնումները, որոնք փոխարինուեցին սեփական գիւտով, որ պայմանաւորուած էր հայ ժողովրդի ինքնուրոյնութեան տագնապահարոյց վախճանի գիտակցութեամբ։ Վախճան, որ լինելու էր երկու դրացի հզօր կայսրութիւններից մէկն ու մէկի՝ Բիւզանդիայի կամ Պարսկաստանի գերութեան մէջ հաւաստի ձուլումը։ Որքան հետեւում եմ զանազան «նորագիւտ» պատմագրութեան հրապարակումների, շատերն են, որ չարամտութեամբ կամ անգիտութեան հետեւանքով անտեղեակ են ձեւանում՝ ժխտելով, թէ ժողովուրդների ինքնուրոյնութիւնը պայմանաւորուած էր նրանց հաւատամքով։
Իրականութեան մէջ, եթէ Հելենական աստուածներն են նրա պաշտամունքը, ուրեմն էլ ի՞նչ նշանակութիւն ունի էթնիկական ծագումը։ Ուստի Բիւզանդիան իրաւմամբ հաւակնութիւններ ունէր Հայաստանը իր կայսրութեան մէջ ունենալու համար։ Միւս կողմից Պարսկաստանն էր ձգտում ծաւալել իր կայսրութեան սահմանները… Ընդ որում երկու կայսրութիւնների այս շահագրգռուածութիւնը ոչ թէ տարածքներ ունենալու մէջ էր, այլ՝ հարկատու ժողովուրդների քանակի։ Ուստի Պարսկաստանն էլ այդ խնդիրը վերջնականապէս վճռած լինելու համար, ամէն կերպ ջանում էր հայերին «դարձի» բերել իր հաւատի։
Իսկ հայերը արդէն շուրջ երեք հարիւր տարի՝ իրենց զատ‐զատ համայնքներով, իսկ այնուհետեւ շուրջ հարիւր տարի էլ տէրունական օրէնքով, հրաժարուել էին կուռքերից եւ ընդունել քրիստոնէութիւնը իբրեւ մարդասիրական ու արդարամիտ Հաւատամք։ Ուստի իրենց Հաւատքով արդէն Ուրիշ էին։ Կռապաշտութիւնը նրանց համար արդէն անցած եւ մշակութային ուրոյն յատկանիշներ ունեցող անցեալ էր, իսկ կրակապաշտութիւնը բոլորովին օտար։ Ինքնուրոյնութիւնը պահպանելու համար միակ ելքը Հայ Եկեղեցին էր եւ Եկեղեցու անկախութիւնը։ Ինքնին հասկանալի է, որ հաւատի անկախութիւնը համազօր էր Տէրութեան անկախութեանը։ Երբ հայերի Դարձից երկու տասնամեակ էլ չանցած՝ հեթանոսական Բիւզանդիան նոյնպէս ընդունեց Յիսուսի վարդապետութիւնը, ապա դարձեալ նոյն հաւատին պատկանելութիւնը Հայ ժողովրդին շարունակ սպառնալու էին Բիւզանդիայի ոտնձգութիւնները՝ քաղկեդոնական հարկադրանքով։ Իսկ պարսիկներն էլ մազդեզական կրօնը պարտադրելու էին հրով ու սրով, ասպատակութիւններով ու արշաւանքներով։
Յակոբ Մանանդեանը մեկնաբանում է այսպէս. «Երբ քաղկեդոնական դաւանական ուղղութիւնը, բիւզանդական կայսրութեան ջերմ պաշտպանութեան տակ այնքան ուժեղացաւ, որ սկսեց լուրջ վտանգ դառնալ հայ ժողովրդի ֆիզիքական գոյութեան համար, հայ եկեղեցին ստիպուած եղաւ կողմնորոշուել եւ վերցնել որոշակի հակա‐քաղկեդոնական ուղղութիւն։ Այդ որոշումն իր վերջնական ձեւաւորումն ստացաւ 506 թուականի Դուինի առաջին եւ 554 թուականի երկրորդ ժողովներում։ Այդ ժողովների որոշումներով հայ եկեղեցին խզեց իր կապերը բիւզանդական եկեղեցուց» («Մեսրոպ Մաշտոց», յօդուածների ժողովածու, Ե., 1962, էջ 82)։
Ուրեմն, աւելի քան մէկ դարից աւելի մնալով երկդիմի իրականութեան մէջ, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին վերջնականապէս դարձաւ ազգային եւ անկախ եկեղեցի։
Բայց ահաւասիկ՝ գրեթէ մէկուկէս հազարամեակ յետոյ, մեր եկեղեցու պատմութեան մէջ կաթողիկոսական գահը զաւթած Գարեգին Ներսիսեանը համարձակւում է հայ ազգը տանել դէպի պատմութեան խորքերը եւ «սրբագրելով պատմական սխալը» հայտարարել, թէ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ուղղափառ է, որպէսզի, ինչպէս արդէն նկատել եմ, դարձեալ կորցնենք մեր «բանաւոր անկախութիւնը», որ ինչպէս եւ այն հեռաւոր ժամանակներին, նոյնանում է Տէրութեան իրական անկախութեանը։
Ահա թէ ինչպէս են մեր ազգային ինքնուրոյնութեանը միասնաբար դաւադրում КГБ‐ի որակեալ փոխգնդապետ (կամ գուցէ արդէն գեներա՞լ) հանրապետութեան կեղծ նախագահ Սարգսեանը եւ КГБ‐ի գերազանցիկ գործակալ, կաթողիկոսական գահը հափշտակած Ներսիսեանը։
Եւ շատ կարեւոր մի հանգամանք։ Նոյնիսկ օրինաչափութիւն, ինչը հաստատուն է թաթարա‐ռուսական կայսրութեան մէջ, եւ ինչը կերպարանափոխութիւնն է, աւելի ճիշտ՝ կերպարանափոխութիւնների շարքը դեռեւս Ոսկի Հորդայի ժամանակներից։ Առաջին Աշխարհամարտին պարտուած Ռուսաստանը կայսրութիւնը վերականգնելու նպատակով իր ամբողջ տարածքի վրայ բացառեց որեւէ կրօն եւ ateism‐ը դարձաւ համատարած մի պաշտամունք իբրեւ կոմունիստական գաղափարախօսութիւն։ Չնայած այդպիսի համահարթեցումի, այնու ամենայնիւ Երկրորդ Աշխարհամարտի պարտութիւնից եւս խուսափելու նպատակով, Կրեմլը մասամբ հանդուժեց ամէնից առաջ ռուսական ուղղափառութիւնը։ Բնականաբար, Խորէն կաթողիկոսին խեղդամահ անելուց տասը տարի էլ չանցած, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, ինչպէս արդէն գիտենք թէեւ КГБ-ի թասակի տակ, ինչ որ չափով վերականգնեց իր երբեմնի հեղինակութիւնը, եւս առաւել դարձաւ հայկական տարաշխարհը՝ սփիւռքը կոմունիստական Հայաստանին մօտեցնող մի աննիւթական ուժ… Իսկ 1991-ից յետոյ, բանից պարզուեց որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ստանում է տէրութեան թէկուզ պայմանական անկախութեան հետ համատեղուած իր երբեմնի դերը։ Շատ կարճ ժամանակ անց Հայերի Տէրութեան կեղծ անկախութիւնը ստեղծեց Երկիրը կողոպտող եւ ժողովրդին հարստահարող, Հայաստանը հայաթափելուն պետականօրէն նպաստող Կրեմլից ուղարկուած սատրապների գլխաւորութեամբ աւազակաբարոյ մի իշխանախումբ եւ նոյնութեամբ սկսուեց մեր եկեղեցու աւազակաբարոյ «անկախութեան» չարաբաստիկ շրջանը։
Կայսրութիւնը վերականգնելու ծրագիրը արդէն իսկ յայտնի է 1991 թուականի Դեկտեմբեր 16-ի պայմանագրութեամբ, բայց քանի որ հասարակութեան որոշակի շրջանակների հաւակնութիւններով 19‐րդ դարի Հայաստանի ազատագրութեան շարժումն ու 20-րդ դարասկզբին ազատ հանրապետութեան ծնունդը փոխարինուեց «անկախութեան» հեղհեղուկ մի բնորոշումով, քանի որ անկախականներն էլ համառօրէն հրաժարուեցին Հայաստանը ազատագրելու ծրագրից, ապա արդէն քառորդ դար է, ինչ Հայն իրեն զգում է իբրեւ ազգային պարտականութիւնը կատարած մի ժողովուրդ եւ թերուսների առատութիւնը արդէն «գիտական յայտնագործութիւններ» է անում, ապացուցելու համար, թէ Հայաստանը ոչ միայն աշխարհի պորտն է, այլ եւ մարդկութեան ծննդարան‐արգանդը։
Այսօրինակ ու ինքնամոռաց պոռոտախօս մեծամտութեամբ Հայ ժողովրդի ազատագրութիւնը խոչընդոտելու թերեւս չգիտակցուած ջանքերով, նրանք աւելի ու աւելի մտաւոր թանձր խաւարի մէջ են թաղում Հային։ Իսկ խաւարամտութիւնը լաւագոյն միջոցն է ազգեր ստորացնելու եւ ժողովուրդներ ու նրանց երկրները գաղութացնելու համար։Այս անգամ Կրեմլի դիւային մեքենան անխափան եւ աւելի վճռական է աշխատում։ Նրա լծակները Հայաստանը գաղութացնելուն զուգահեռ, նոյնացնում են նաեւ Դաւանանքը։
Հայը արդէն կորցրել լեզուն այնքան, որ մէջտեղ են եկել նոր լեզու եւ նոր այբուբեն ստեղծողներ, իսկ Ներսիսեան եղբայրներն էլ ժողովրդին դաւանափոխ անելով Հային վերջնականապէս քշելու են պատմութեան թատերաբեմից։
Ազգի այպիսի հոգեվարքը նախազգուշացրել է Աբովեան Խաչատուրը. «Մի ազգ պահողը, իրար հետ միացնողը Լեզուն է եւ Հաւատը: Եթէ լեզուդ փոխես եւ քո հաւատն ուրանաս, ապա էլ ինչո՞վ կարող ես հաստատել, թէ ո՛ր ազգից ես»: Բայց քանի որ Աբովեանին Հայը ճանաչում է իբրեւ մի «օրհնանքի» հեղինակ, այլեւս ո՞ւմ էր պէտք կարդալ «Հայաստանի Վէրքը», որ նաեւ «Հայրենասիրի Ողբն» էր։ Ո՞ւմ էր հարկաւոր Նալբանդեան Միքայէլը, ո՞վ էր եւ ի՞նչ էր Հայոց Հայրիկը, որին մի թեթեւ յիշում են միայն «թղթէ շերեփը» ձեռքին… Նրանց եւ Լեզուի եւ Հաւատի ջատագովներին, յանուն Լեզուի եւ Հաւատի արիւն թափողներին, Լեզուն եւ Հաւատի փառքը հաստատողներին փոխարինելու են եկել նախ Հայաստանը «փոքր հայրենիք« յայտարարողները՝ «մեծ հայրենիք կայսրութեան դիմաց», եւ ապա պատմական «սխալը» սրբագրողները՝ Հայաստանը եւ Հային թէկուզ եւ հազար հինգհարիւր տարի յետոյ Բիւզանդական Ուղղափառ եկեղեցու եւ կայսրութեան մէջ ձուլելու համար։
Ինչո՞ւ… Բայց ինչո՞ւ մեզ համար այսպէս սկսուեց 21-րդ դարը… Այն դէպքում, երբ վստահ էինք, զրկանքներ էինք կրել, արիւն էինք թափել, որպէսզի իբրեւ ԱԶԱՏ ԱԶԳ եւ ԱԶԱՏ ՏԷՐՈՒԹԻՒՆ անցնենք ոչ թէ դարի, այլ մեր Երրորդ Հազարամեակի շեմը։ Կորցնելով Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, վերջնականպէս կորցնում ենք ինքներս մէզ… Բայց ինչո՞ւ… Ի՞նչն է որ մեզ պակասում է…
Այս հարցը օդից կախուած չի մնում։ Քանի որ նոյն հարցով է տառապում Ոսկան Մխիթարեանը։ Եւ պատասխանում է. « Անբասիր եւ պարկեշտ եկեղեցականներու եւ Եկեղեցւոյ կազմակերպչական կեանքի եւ գործունէութեան թափանցիկութեան պակասը: Դժբախտաբար՝ այս սրբազան առաքելութեան դիմաց պատուար եւ արգելք կանգնած են այսօր՝ հոգեւոր կեանքով սնանկներ, իրենց բեհեզներուն եւ վեղարներուն վստահող ողորմելիներ, իրենց նիւթական հարստութեամբ յղփացած եկեղեցականներ, Եկեղեցւոյ ու բարեմիտ հաւատացեալներու նիւթական կարողութենէն օգտուող՝ չարաշահող հացկատակներ որոնք ապականած են մեր սրբազան նախահայրերու կերտած հաւատքն ու անոնց ստեղծած ոսկեայ պատմութիւնը»:
© Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Փարիզ, 2014 (շարունակութիւն վեցերորդ եւ յաջորդիւ)
Մաս հինգերորդ՝ այստեղ
Եղիցի Տէր դատաւոր եւ իրաւաբար ընդ իս եւ ընդ քեզ, եւ արասցէ ինձ իրաւունս ի ձեռաց քոց։
Ա Թագ. ԻԴ, 16
Անօրենք հալածեսցին ի միասին, եւ զաւակ ամպարշտաց կորիցէ։ Փրկութիւն արդարոց ի Տեառնէ է, վերակացու է նոցա ի ժամանակս նեղութեան։
Սաղմոս ԼԶ, 38
Երանի որ հալածեալ իցեն վասն արդարութեան։
Մատթէոս Ե, 10
Յիսուսի նախազգուշացումը, թէ «…ոչ կարէք Աստուծոյ ծառայել եւ մամոնայի» (Մատթ. Զ, 24) երկար, շատ երկար ժամանակ վստահ էի, որ վերաբերում է աշխարհականներին, ովքեր Աստուծոյ անունը միշտ շուրթերին՝ հարստահարում են, պղծում են, կաշառում են եւ կաշառւում… Բայց այն ամէնը, ինչ հասարակութեան մէջ սկսեց թեւածել 1999‐ից ի վեր ս. Էջմիածնի նորաթուխ գահակալի մասին եւ անմիջապէս Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Թեմերի առաջնորդին պաշտօնանկ եւ ապա oվկիանոսի միւս ափից կարգալոյծ անելու խայտառակ պատմութիւնը, այլեւս հասկանալի դարձաւ, որ մեր պատմութեան սեւ ու դառն ժամանակները Հայ ժողովրդի քրիստոնէական դարձով բացատրելը, առաւել եւս մեր հոգեւոր ու նիւթական մշակոյթը թերագնահատելով կամ մերժելով, կռապաշտական անցեալի վրայ ողբասացների ողբը երկու նախընթաց ունի։
Առաջինը՝ կամ նենգագիտութիւնների հեղինակներն են, ովքեր բաւականին ծոյլ են պատմութեան էջերը թերթելու համար եւ կամ, երկրորդ՝ մի նոր թափով հիմա էլ արդէն ոչ թէ անաստուածութեան (ateism), այսինքն Աստծուն սկզբունքօրէն մերժելու կատաղի միջոցն են գործածում, այլ փորձում են ազգային բովանդակ չարիքների պատճառը տեսնել «Քրիստոնէութիւնը իբրեւ պետական կրօն ընդունելու մէջ»։
Հետեւաբար, այս երկու կողմերն էլ գիտակցաբար կամ անգիտակցաբար նպաստում են այն մօտալուտ աղետին որ, վստահ եմ, պայթելու է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ քրիստոնէական մեր հաւատքի վրայ, քանի որ հային այլասերումի համար միայն այդ էր պակասում. պակասում էր հայոց լեզուն եւ գրագիտութիւնը «ակադեմիական մտաւորականների» ձեռքին իբրեւ խաղալիք տալը։
Ուստի տրամաբանական եւ հասկանալի է, թէ ինչո՛ւ տարբեր եղանակներով Էջմիածնական միաբանութեան քահանաներից մինչեւ արքեպիսկոպոսներ չարակամութեամբ մեկուսացուեցին.
Ժնեւի հովիւ Տէր Աբել Քահանայի պաշտօնանկութեամբ մեր հոգեւորական դասը պակասեց աստուածաբանութեան մի դոկտորով, որպիսիք քիչ են միաբանների մէջ։ Գարեգին վարդապէտ Յարութիւնեանը, որ ուսանում էր ի Գերմանիա եւ միաժամանակ հովիւն էր տեղի համայնքի, նոյնպէս դարձաւ հալածեալ, զրկուելով աստուածաբանութեան դիպլոմ պաշտպանելու հնարաւորութիւնից։ Մայր Աթոռի միաբան Եղիա վարդապետ Խաչատրեանի ներկայութիւնն ու նրա գործունէութիւնը նոյնպէս ներդաշնակ չէր արդարազանց կաթողիկոսին… Եւ զանազան միջոցներով՝ մի դէպքում բացայայտ ապօրինի վճիռով, յաջորդին՝ պարզապէս հրաժարական պահանջելով, երրորդ դէպքում… Կոպիտ, անպարկեշտ, գրեթէ փողոցային ոճով վիրաւորելն է այս երրորդ դէպքը։ «Մտաւորական» ենթադրուող ակադեմիկոսները համարձակւում են դաս տալ Երուսաղէմի Ամենապատիւ Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, թէ «Բարձրաստիճան եկեղեցականին վայել չէ նման ոճով, լեզուով եւ դարձուածքներով արտայայտուրել Հայոց Եպիսկոպոսաց դասին, առավել եւս նրա Գահակալին»:
Սակայն մեր Եկեղեցու ճակատագրով շահագրգիռ հայ հասարակութիւնը ծանօթ է Նորվան Արքեպիսկոպոս Զաքարեանի հրաժարականին, որի դրդապատճառը եղել է գահը յափշտակած Գարեգին Ներսիսեանի լկտի խօսքը՝ «Եթէ, Տէր Վաչէ Քահանայ Հայրապետեանը մինչեւ 1 Յուլիս 2013 չազատէք պահակութեան պաշտօնէն եւ թէ Թեմը ամսական չտայ անոր, Մայր Աթոռի հետ դու գործ չունես այլեւս»: «Այո՛, դու Մայր Աթոռի հետ գործ չունես այլեւս»: «…Վաչէ քահանային սքեմը, իմ պատիւս է, քուկդ ալ պէտք է ըլլայ, իւրաքանչիւր հայ եկեղեցականինը պէտք է ըլլայ»:
Եթէ ակադեմիականների համար իրեն օրինաւոր ընտրուած կաթողիկոս կարծողի խօսքի այս ձեւը «վայելուչ է բարձրաստիճան եկեղեցականին», ապա այլեւս զարմանալի ոչինչ կայ հայ մտաւորականների ստորաքարշ կեցուածքի նկատմամբ։ Նրանց համար, յիրաւի, տարօրինակ է, որ մարդը կարող է նաեւ արժանապատուութիւն ունենալ… Անկախ հոգեւորական, ակադեմիական եւ կամ մի սովորական աշխարհական լինելուց։
«Ատենէ մը ի վեր նկատած եմ որ զիս վիրաւորելն ու վարկաբեկելը Ձեր հաճոյքը դարձած է,— գրում է իր հրաժարականի մէջ Նորվան Արքեպիսկոպոսը.— Ձեր որակումներն ու մեղադրանքները ուղղուած՝ անձիս դէմ պարզապէս զարմանք կը պատճառեն ինծի: Դուք չէք անդրադառնար գուցէ, թէ մարդոց արժանապատւութիւնը կը ճզմէք ձեր ոտքին տակ»:
Անշուշտ բացառւում է որ մարդու արժանապատուութիւնը ոտքի տակ ճզմողը կարող է ունենալ սեփական արժանապատւութիւն։ Սոյն աքսիոմը երբէ՛ք ապացոյց չի պահանջում. եւ այս պարագային՝ նոյնպէս, քանի որ մենք գործ ունենք մի «բարձրաստիճան» հոգեւորականի հետ, որի մասին նրան աւելի մօտից ճանաչող Տէր Մասիս քահանան արձագանգում է. «Գերաշնորհ Պատրիարք Հայր. Ազգը հրճուանքի մեջ է, նոյնիսկ կղերականները։ Դուք եղաք միակ ճշմարտախօսը որ պատռեց դիմակը ցաւագարի որ բազմել է Լուսավորչի գահին… Նա հասաւ այնտեղ ստոր միջոցներով՝ մատնութիւն, նենգութիւն, սեռային լկտի կեանք եւ կաշառք։ Գիտելիքներից զուրկ [նա] չեր կարող անել եւ ոչինչ, բայց [եթէ] քանդել Հայ Եկեղեցին։ […] Նա Հայ Եկեղեցին վերածել է եպիսկոպոսաց մանկապարտէզի, իսկ միաբանութիւնը մատնուած է անգործութեան…»
Սակայն ո՞վ է այդ Վաչէ քահանան, ում սքեմը, ոչ միայն կաթողիկոսական գահի usurpator Գարեգին Ներսիսեանի «պատիւը» լինելուց, պէտք է որ Նորվան Արքեպիսկոպոսի պատիւն էլ լինի, ինչպէս նաեւ «պէտք է լինի, իւրաքանչիւր հայ եկեղեցականի պատիւը»… Այս հարցին սպառիչ պատասխան է տուել Նորվան Արքեպիսկոպոսը իր հրաժարականի մէջ՝ հասարակութեան առաջ առանց բացայայտելու որեւէ մանրամասն։ Հրաժարականի մէջ նա յայտարարել է. «Վեհափառ Տէր, «բիզինես» հոգեբանութեամբ դաստիարակուած անկառավարելի եկեղեցականները կառավարելու ո՛չ տրամադրութիւնը ունիմ, ո՛չ ալ ժամանակը: Հայ Առաքելական եկեղեցւոյ բարեկարգումը եթէ միայն ուղենիշ է կամ կանոնադրութիւն, նպատակը եթէ միայն վարչական կարգապահութիւն երաշխաւորելն է, ապա Հայոց Մայրավանքի մէջ բացակայ է շնորհքի եւ սիրոյ մթնոլորտը, յոգնեցուցիչ է անհատի պաշտամունքը: Մաղթենք որ մեր Սուրբ Եկեղեցին չվրիպի իր առաքելութեան բովանդակութենէն»: Յիրաւի այս պատասխանը սպառիչ է եւ աւելին է ասում, քան սոսկ «բիզնես‐հոգեւորականութեան» գոյութիւնն է։ Մենք առաջին անգամ լսում ենք ս. Էջմիածնի մէջ արդէն մոլեգնող «անհատի պաշտամունքի», բայց ոչ հոգեւոր առաջնորդութեան մասին։
Ուստի, անհրաժէշտ է բացել ամբողջ պատմութիւնը, որ հնարաւորութիւն կը տայ եւս մէկ անգամ համոզուելու, թէ ո՛ւմ է հովանաւորում Գարեգին Ներսիսեանը եւ ինչո՛ւ պնդում որ Վաչէ քահանայի սքեմի պատիւը պետք է լինի նաեւ Նորվան Արքեպիսկոպոսի պատիւը… Ինչո՞ւ այդ քրէական յանցագործի սքեմը պէտք է ոչ միայն իր՝ Գարեգին Ներսիսեանի այլ եւ իւրաքանչիւր հայ եկեղեցականի պատիւը լինի… Այս ի՞նչ պատուարժանութեան մասին է խօսքը…
Նիսի նախկին հոգեւոր հովիւը երբեմնի ծխական խորհրդի հետ հինգ տարի շարունակ եղել է բախումների մէջ։ Քանի որ Տէր Վաչէ քահանայ Հայրապետեանը կաթողիկոսական գահը յափշտակողի «մարդն» է, Գարեգին Ներսիսեանը նրան ուղարկում է Ստրասբուրգ, որտեղ, թեմական կանոնադրութեան համաձայն, աշխատանքային պայմանագիր կնքելը թեմական կամ ծխական խորհուրդների գործն է եւ ոչ թէ եկեղեցական իշխանութեան։ Բայց կոպիտ ու անպարկեշտ դիտողութիւն է անում Նորվան Սրբազանին, ով այս պարագային ներկայացնում է եկեղեցական իշխանութիւն։ Հիմա կատարելու ենք մի տհաճ եզրակացութիւն. Գարեգին Ներսիսեանը կամ չգիտէ կանոնադրութիւնը, որ նոյնիսկ թերուս հոգեւորականի համար բացառւում է։ Եւ կամ… եւ կամ միտումնաւոր է անգէտ ձեւանում՝ թեմական առաջնորդի արժանապաուութիւնը «ոտքի տակ ճզմելու» նպատակով։ Այս դէպքում նրա հաշուարկը միանգամայն գործնական է։ Եթէ Նորվան Սրբազանը կուլ է տալիս վիրաւորանքը եւ շարունակում է պաշտօնաւորել, ապա նշանակում է, որ նա արդէն ձեռնասուն է, ինքնուրոյնութիւնից զուրկ մի կամակատար, որպիսիք ունենալու համար է Գարեգին Ներսիսեանը սկսել Եկեղեցու հոգեւորականների ջարդը։ Բայց եթէ գործ ունի արժանապատւութիւն ունեցող անհատականութեան հե՞տ… Ապա խնդիրը ինքնին լուծւում է։ Հետեւում հրաժարականը…
Իսկ Տէր Վաչէ քահանայ Հայրապետեանը իբրեւ քրէական յանցագործ, դատական հետապնդումի տակ է։ Ֆրանսիայի դատարանը փաստել է նրա յանցագործութիւնը, մենք ի թիւս հայաստանցի բազմաթիւ յանցագործների, որ բանտարկուած են, ունենք նաեւ պայմանական բանտարկուած հոգեւորական, որի ոտքին հագցված ապարանջանը թույլ չի տալիս Վաչէ քահանային լքել բնակավայրը… ահա եւս մի «աշխարհացունց» խայտառակութիւն։
Բայց խայտառակութիւնների շղթան այսքանով չի վերջանում։
Սեփական քիմքին անհաճոյ հոգեւորաականներին մի քանի մեթոդներով պաշտօնանկ անելուց յետոյ, նրանց հետագայ կեցութեան համար ս. Էջմիածինը բնաւ մտահոգութիւն չունի։ Երկարամեայ հոգեւոր ծառայութիւն կատարած մարդիկ պաշտօնանկ են արւում առանց թօշակաւորուելու։
…Ինձ յատկապէս անհանգստացնում է Գարեգին Ներսիսեանի երկերեսանութիւնն ու կեղծաւորութիւնը անցեալ դարավերջի ոգեղենութեան մի քանի տարիներին եւ ապա նրա ու Հայաստանի ապօրինի նախագահների համագործակցութիւնը Երկիրն ու Եկեղեցին ժողովրդին օտարացնելու համար։
1999 թ. Հոկտեմբեր 11-ից Տէր Յակոբ քահանայ Պետրոսեանը եւ Տէր Գրիգոր քահանայ Աւետիսեանը Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան գրասենեակի դէմ նստացոյց են արել, իբրեւ բողոք հայ ժողովրդի ոտնահարուած իրաւունքների։ Այդ քահանաները ժամանակին, մէկ տեսնամեակ առաջ օգնել են ազատամարտիկներին։ Այնպէս որ նրանց քաղաքացիական կեցուածքը շատ‐շատերին է յայտնի։ Նստացոյցը տեւել է մինչեւ Դոկտեմբեր 29-ը։ Բայց Հոկտեմբեր 27-ին, Ազգային Ժողովի մէջ թնդացող կրակոցների տակ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոս նշանակուած Գարեգին Ներսիսեանը կարգալոյծ է արել քահանաներին, այն մեկնաբանութեամբ, թէ «ձեր կեցուածքը անհարիր է հոգեւորականի կեցուածքի հետ»։
Բայց անպարկեշտ է Գարեգին Ներսիսեանի կեցուածքը, քանի որ իր զաւթած իշխանութեան առաջին իսկ օրերից սկսել էր ազատուել բոլոր նրանցից, որոնց լաւ էր ճանաչում եւ ծանօթ էր ոմանց ընդվեզելու ընդունակութեան ամէն տեսակի անարդարութիւնների դիմաց։
Այս դէպքում նոյնպէս բացայայտ է նրա կամայականութիւնը, երբ ոտնակոխ է անում երկրի քաղաքացու իրաւունքը։ Տէր Յակոբն ու Տէր Գրիգորը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ են եւ Երկրի Սահմանադրական Օրէնքները պաշտպանում են նրանց մարդկային բոլոր իրաւունքները։ Երբ երկիրը պատերազմական դրութեան մէջ է եւ միայն անտարբեր մարդիկ կարող են հաւատալ այն խաբուսիկ խաղաղութեանը, որ իբր պաշտպանում են «ռուսական խաղաղապահները», ապա հոգեւորականը անպայման իրաւունք ունի, պարտաւոր է իբրեւ քաղաքացի իջնել նոյնիսկ ռազմադաշտ։ Անհարկի են բոլոր այն նախընթացները յիշատակելը, որպիսիք առատ են ոչ միայն համաշխարհային պատմութեան հարիւրամեակների, այլ եւ ազգային պատմութեան մէջ… Հենց թեկուզ մեր ոչ հեռաւոր անցեալի այն փառաւոր էջերը, երբ Մայրավանքի միաբան Գարեգին եպիսկոպոս Յովսեփեանը, Զաւէն եպիսկոպոս Մահտեսի Բաբայեանը, Թադէոս եւ Եզնիկ վարդապետները եւ այլոք եղել են ռազմաճակատի առաջաւոր գծի վրայ։ 1918 թ. Մայիսին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Ե Սուրենեանցը երկրով մէկ տարածել է Մայր Տաճարի ահազանգը, ոտքի հանելով ժողովրդին եւ դարձել է Հայ ժողովրդի ազատագրութիւնը օրհնող առաջին կաթողիկոսը… Եւ մի՞թէ նրանք դրսեւորել են «հոգեւորականին անհարիր կեցուածք»։
Նստացոյց անող քահանաներին 1999 թ. Դեկտեմբեր 1-ին կարգալոյծ անելով, ս. Էջմիածնի ձախաւեր գահակալը դրսեւորուել է ոչ թէ հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդ, այլ իրեն բացայատել է իբրեւ իր նման դրածոյ եւ ոճրագործ նախագահների հետ նոյն լծափայտին տրուած, ազգային կառքը դէպի օտարի անդունդը տանող ապիկար։ Յիրաւի, այս ամէնի գիտակցութեամբ որեւէ մէկը անօգնական վիճակից դուրս գալու ճամբան որոնելու է ակամայ լուտանքներով, քանի որ տեսածի ու ապրածի ազդեցութեամբ առայժմ ուրիշ կարպ ոչ մի փրկութեան դուռ չես տեսնում, որպիսին եթէ նոյնիսկ դեռեւս կայ, ապա այն էլ գոցել են ձգտում քրիստոնէական վարդապետութիւնն ու Հաւատը քաղաքացիական զգացումից զուրկ խեռաբարոյ ու ստահակների հետ նոյնացնողները։ Իսկ նման ստամբակներ, ցաւօք, բնաւ էլ քիչ չեն եղել կաթողիկոսական գահի վրայ գրեթէ երկու հազար տարուայ մեր Դարձից յետոյ։
Իսկ եթէ յիշենք «օֆշորային» հերոս Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հասարակական անպատկառութիւնը, Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին, ով վստահ է, թէ «Քահանային տեսնել… Սքեմը նրա տեսնել… Յարգել նրան… Սրանք մշակոյթ են…» Այպիսի «հոգեւականներով» է իր գահակալութիւնը ապահովագրում Գարեգին Ներսիսեանը, ում ապրելու եւ գործելու կարգախօսն է. «Թէ գողին ընկեր, եւ թէ՝ քարաւանին բարեկամ»…
Իսկ իրենց «մտաւորականներ» ներկայացնող կէսկատար ակադեմիկոսները համարձակւում են դաս տալ Ամենապատիւ Նուրհան սրբազան Մանուկեանին. «Անմիաբանութիւնն ու երկպառակտումը միշտ էլ չարիք են եղել մեր ժողովրդի անցած ողջ պատմութեան ընթացքում: Ուրեմն ինչո՞ւ ժողովուրդը պիտի իմանայ, որ մեր հավատքի կարեւորագույն երկու սիւները լուրջ եւ վնասաբեր գժտութիւն ունեն, որոնք վնասում են մեր եկեղեցու և պետութեան միասնությանը: Համազգային այս ողբերգութիւնը պէտք է կարողանալ յաղթահարել: Բարի կամքի դրսեւորման դէպքում անլուծելի հարցեր չկան»։
Եւ դարձեալ քօղազերծում են իրենց սաւոկային ստորաքարշութեամբ եւ անպատասխանատուութեամբ հագեցած միտումները։ Նրանք փորձում են յարութիւն տալ բոլշեւիկեան այն դրոյթին, թէ՝ «Ով մեզ հետ չէ՝ մեր դէմ է»։ Եւ, ուրեմն, պառակտողները «մեզ հետ չեղողներն են»։ Իսկ յաջորդ նախադասութեամբ մեղադրում են «եկեղեցու եւ պետութեան միասնութիւնը վնասելու մէջ»։ Բայց մի՞թէ Եկեղեցին անջատուած չէ Պետութիւնից։ Խնդիրն էլ հենց այն է, որ այդ միասնութիւնը բոլորովին այլ գետնի վրայ է, ինչին արդէն անդրադարձել եմ։ Այդ գետինը ժողովրդին, նրա երկիրն ու նրա Եկեղեցին օտարին մատուցելու ընդհանուր ծրագիրն է։ Այնուհետեւ, բանից պարզւում է, որ ժողովրդից, այսինքն իրականութիւնը ընտրողներից թաքցնելը նրանք կարծում են իրաւացի եւ նոյնիսկ բարոյական։ Այս համախօսականի հեղինակների մէջ գոնէ մի գրագէտ մարդ չկայ… Նրանք ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ յայտարարում են, թէ «հաւատքի երկու սիւները լուրջ եւ վնասաբեր գժտութիւն ունեն»։ Այստեղ խնդիրը ֆրանսացիների ասած «կոճղային լեզուն» չէ։ Խնդիրն այն է, որ «երկու սիւները գժտութիւն ունեն ոչ թէ իրար հետ», այլ առանձին‐առանձին բացայայտել են Գարեգին Ներսիսեանի անհանդուրժելի կեցուածքը, նրա շահատակութիւնները, նրա փարիսեցիութիւնը, նրա տմարդի արարմունքները։ Ես չեմ ասում «կաթողիկոսին անվայել», զի որքան արդէն բացայայտ է, հայ հասարակութիւնը, ժողովուրդը այլեւս գիտակցում է Հոկտեմբեր 27-ի արիւնոտ օրուայ նրա անիրաւ նշանակումը։ Աւելին. Լրատւութիւն ռադիո-կայանը իր մի հարցազրոյցով օրերս հրապարակել է Սերժ Սարգսեանի վերաբերմունքը. «Առանց այն էլ թշնամիներ շատ ունեմ։ Թող իրենք լուծեն իրենց հարցերը»։ Իսկ ես դեռ անպայման կ’անդրադառնամ այս հարցազրոյցի նիւթին նոյնպէս։
Բայց առայժմ «Յո՞ երթաս, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի» յօդուածի հերթական դրուագը աւարտելու եմ Մատթէոս Աւետարանիչի խօսքով, որ վերաբերում է մեր եկեղեցու հիմքերը սասանող Գարեգին Ներսիսեանին եւ նրան հաւատարմօրէն ծառայող գործակիցների ընչաքաղց խմբին.
«Վա՜յ ձեզ… Կոյր առաջնորդներ, որ մոծակին քամում էք եւ ուղտը՝ խժռում։ Նոյնպէս եւ դուք դրսից իբրեւ արդար մարդ էք ներկայանում, բայց ներսից լեցուն էք կեղծաւորութեամբ ու անօրէնութեամբ» (Մատթէոս, ԻԳ , 24, 28)։
© Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Փարիզ, 2014 (շարունակութիւն հինգերորդ եւ յաջորդիւ)
Մաս չորրորդ՝ այստեղ
«Հայաստանի մի քանի գաւառները պարսիկներից գրաւելով, Ռուսաստանը մի նուրբ դիտաւորութիւն ունէր: Ոմանք գուցէ զարմանան որ գեներալ Պասկեւիչը Ատրպատականի Կիշան ու Մազանդարան բերրի նահանգները չպահանջեց Պարսկաստանից: Բայց Ռուսաստանի բուն նկատառումն էր Էջմիածինն ունենալը, որպէսզի, ինչպէս այնտեղի երկիրն է տիրում մարմնաւորապէս, նոյնպէս եւ կաթողիկոսի հոգեւոր ուժի վրայ էլ իր ազդեցութիւնն ունենալով, աստիճանաբար ամէն տեղ իր ազդեցութիւնը հաստատի եւ բարոյապէս տիրի»:
Մորից ՎԱԳՆԵՐ
Ակադեմիական «Հրաշալի եօթնեակը», չենք շփոթելու Ջոն Սթերջէսի The Magnificent Seven վեսթերնի հետ, թէեւ մեր այս եօթնեակը շատ աւելի համարձակ հնարամտութիւնների հեղինակ է իր «Անընդունելի եւ աններելի» խորագրով բաց նամակի շարագրութեան մէջ, որտեղ կաթողիկոսական գահի usurpator Գարեգին Ներսիսեանի յանձնարարութեամբ եւ անունից հրապարակել է.
«…Առանձին սրբազան այրեր իբրեւ թէ բարձրացրել են Երուսաղեմի պատրիարքութիւնը թեմական առաջնորդարանի վերածելու հարցը: Եթէ նոյնիսկ դա համապատասխանէր իրականութեանը, ապա Վեհափառը երբէք չէր տայ իր համաձայնութիւնը նման փոփոխութիւն իրականացնելու համար: Նա գերազանց գիտի նուիրապետական Աթոռների դէրը, քանի որ ինքը հանդիսանում է այդ Աթոռների պահպանման երաշխաւորը: Ուստի ի զուր պետք չէ զրպարտել»:
Նախ՝ մէջբերումից ստանում ենք այն հարցի պատասխանը, թէ ո՞ւմ յանձնարարութեամբ է «Հրաշալի եօթնեակը» ասպարէզ իջել։ Անշուշտ Գարեգին Ներսիսեասնի։ Բայց այդ եօթը ակադեմիկոսները իրենց համատեղ ուժերով աւելին չէին կարող, քան «կաթողիկոսական» տարտամ ինքնապաշտպանութիւնը նոյնութեամբ հաղորդելու համար հայ հաւատացեալին եւ աշխարհականին։
Այնպէս որ, ես այն մոլորութեամն մէջ չեմ, թէ Գարեգին Ներսիսեանը քաղաքական իր գործընկերների «պատկերով եւ նմանութեամբ» շարունակում է լռել… Ո՜չ… Նա լռում է ճիշտ այնպէս, ինչպէս ձախաւէր Տէր Պետրոսեանը, ով առանց շեղուելու եւ շարունակելով կոմունիստական կուսակցութեան «գիծը»՝ Եկեղեցին առաւ Կրեմլի տիրակալութեան տակ. լռում է ճիշտ այնպէս, ինչպէս Հոկտեմբեր 27-ի եւ Մարտ 1-ի ոճրագործներ Քոչարեանն ու Սարգսեանը, որոնց խօսնակները ոչ միայն ակադեմիականներն են, ստեղծագործական միութիւնների փարախների ընտանիները, այլ եւ հայրենական երկրից մնացած մի բեկորի մակերեւոյթից մինչեւ ընդերքի խորքերը վայրենաբար կողոպտող եւ «ժողովրդական բառ ու բանով» Հայոց լեզուն բարձրագոյն ամբիոնների վրայ խմբակային բռնաբարութեան բոլոր հնարաւոր դիրքերին տիրապետող եւ պատերի տակ երբեմնի պպզող ու ախորժակով թքող,
իսկ այսօր էլ իրենց գողական անունները իբրեւ կուսակցական ծածկանուններ ներկայացնող օլիգարխները…
Եօթնեակը ստում է…
Քանի որ դեռեւս 2000 թ. Նոյեմբեր 3-ի ս. Էջմիածին ուղարկած իր նամակով Կ.Պոլսի հայոց Պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆեանը նկատել եւ ուշադրութիւն էր հրաւիրել, որ կաթողիկոսական գահը զաւթած Գարեգին Ներսիսեանը զանց է առնում Եկեղեցու Կանոնադրութիւնը, Եկեղեցական կարեւորութիւն ունեցող խնդիրները լուծում է կամայականօրէն եւ առանց Պատրիարքների կարծիքը լսելու։ Եւ մասնաւորապէս զգուշացրել էր, թէ՝
«[…] գրութիւններէն զգալի է որ Պատրիարքական Աթոռներուն կը վերաբերիք որպէս թեմական առաջնորդութիւններ, ինչ որ ներհակ է Հայ Առաքելական Եկեղեցւոյ հնամենի աւանդութիւններուն [եւ Կանոնադրութիւնների ու Սահմանադրութեան նախագծի մէջ] Հայաստանի Հանրապետութեան մօտ պաշտօնապէս գրանցուած «Ներքին Սփիւռքի Կանոնադրական» նախաշաւղի տրամադրութիւններուն՝ Կաթողիկոսը Պատրիարքի մը իրաւասութեան սահմաններուն միջամտող նամակներ պէտք չէ գրէ» եւ ապա՝ «“Պատրիարք” եւ “Առաջնորդ” եզրերը պատմականօրէն ոչ նոյնանիշ, ո՛չ ալ հոմանիշ են»:
Մի՞թէ արդէն իսկ իր գահակալութեան հենց սկզբից հեռուները գնացող աղետաբեր ծրագրերով Գարեգին Ներսիսեանը միտումնաւոր չէ, որ «շփոթել» է այդ եզրերը։ Եւ այս «շփոթմունքը», եթէ միտումնաւոր չէ, ապա գուցէ անգիտութեան արդի՞նք է… Թէեւ արդէն իմ ենթադրութեամբ ընդամէնը նկատել եմ, որ նրա վարմունքը նման է փողոցից բերուած մի թերուս աբեղայի, բայց այս պարագային արդէն ընդգծելու եմ, թէ չեմ սխալուել… Քանի որ՝ ի՞նչն է Հայաստան Երկրի վերջին քառորդ դարի պատմութիւնը, եթէ միայն ամենուրէք՝ նախագահական աթոռից մինչեւ օրէնսդրական ու վարչական, քաղաքական ու մշակութային բոլոր ոլորտները տնօրինողների աթոռները, յիրաւի, փողոցային եւ լաւագոյն դէպքում քաղաքական ոստիկանութիւնից բերուած խամաճիկ բախտախնդիրների թախլաբոզական մի պատմութիւն։
Ակադեմիականները ճգնում են ինձ համոզել, թէ ընդհանրապէս Պատրիարքութիւնները Թեմական Առաջնորդութեամբ «բարենորոգչութեան» առաջարկ Գարեգին Ներսիսեանը ոչ ինքն է արել եւ ոչ էլ իր շրջապատի «սրբազան տղերքը»։ Եւ իրենց այս հաւաստումը ապացուցելու նպատակով՝ աւելացնում են, որ նա «երբէք չէր տայ իր համաձայնութիւնը նման փոփոխութիւն իրականացնելու համար»։ Յիրաւի ոչ միայն տարօրինակ, այլեւ հասարակութեանը արհամարհելու խիստ բնորոշ մի տեսակ է միջնորդական ենթադրութիւններով բացայայտ կեղծիք հրապարակելը։ Այսպիսի մարտավարութիւնը հնարաւորութիւն է տալիս նեղ տեղն ընկնելուն պէս հերքում անել, արդարանալով, թէ իր խօսափողերը իրենք են սխալուել։
Ակադեմիականները նաեւ տեղեկացնում են, թէ «նա գերազանց գիտի նուիրապետական Աթոռների դէրը, քանի որ ինքը հանդիսանում է այդ Աթոռների պահպանման երաշխաւորը»:
Բայց «դերը» շատ լաւ գիտենալը երբէք չի նշանակում լինել նաեւ «երաշխաւոր»։ Եւ այս հանգամանքին նոյնպէս քաջատեղեակ ենք քաղաքացիական իրաւունքների դաշտի վրայ գոյութիւն ունեցող ապօրինութիւններից։ Երկրի ապօրինի նախագահը, որպիսին է նոյնքան ապօրինի կաթողիկոսը, նոյնպէս Հանրապետութեան Սահմանադրութեան երաշխաւորն է։ Սակայն արդէն քառորդ դար է, ինչ Սահմանադրական օրէնքները գործածութեան մէջ են
միայն ու միայն ապօրինութիւնները օրինականացնելու համար։ Ուզում եմ ասել, որ քաղաքացիական եւ հոգեւոր երկու առաջնորդները լծուած են նոյն այն կառքին, որ երկիրը տանում է դէպի…
Դէպի ո՞ւր…
Դէպի կայսրութեան ձուլարան, որտեղ Հայը կորցնելու է ոչ միայն իր Լեզուն, այլեւ իր հայրերի Հաւատը։
Հայը կայսրութեանը օժիտ է տանելու իր մի բուռ տարածքը՝ առանց իրեն։ Եւ իրականութիւն է դառնալու Ռուսական ու Թուրքական կայսրութիւնների վաղեմի՝ «Հայաստան՝ առանց Հայի» ծրագիրը։
Այնուհանդերձ, անհրաժեշտ է յստակեցնել, թէ իր այդ բացայայտ մտադրութեամբ ինչի՞ է ձգտում Եկեղեցին ուզուրպացնողը։ Ինչո՞ւ է այդպէս շահագրգռուած, որպէսզի աւանդական Պատրիարքութիւնները «բարեփոխուեն» Թեմական Առաջնորդարանների։ Յամենայն դէպս փորձենք յիշել, թէ Պատրիարքութիւնների նկատմամբ, որոնք հոգեւոր եւ ոչ վարչական ենթակայութիւն ունեն ս. Էջմիածնին, կաթողիկոսական գահը զաւթողը իր «իշխանութիւնը» ապացուցելու որեւէ առիթ չունի։ Եւ եթէ նա կամայական գործողութիւններով չփորձէր կոպիտ եւ աղաղակող օրինախախտումներ, ապա վստահ եմ, որ բարեմիտ մոռացութեան կը’տրուէր նշանակուելու եւ ոչ թէ ընտրուելու փաստը։
Հետեւաբար, «Ինչո՞ւ Պատրիարքարանները» ոչ հռետորական հարցը պահանջում է լուրջ եւ հաւաստի պատասխան։
Երբ մինչեւ հիմա իմ ներկայացրած նկատառումները շարենք մի թելի վրա, ապա այս մարգարտաշարը դառնալով մի ամբողջութիւն կը բացայայտի սոսկալի մի իրականութիւն։
Ուրեմն սկսենք թելին անցկացնել այն հատիկները որ ունենք մեր ձեռքի տակ… Նախ. Ներսիսեան եղբայրները արդէն անուանափոխութիւն են կատարել՝ Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցի… Հայաստանի անցեալ, ներկայ ու իրենց ապագայի մէջ տեսնող «նախագահները» վստահ են, թէ Երկիրը վերադարձնում են հայ ժողովրդի յաւերժական բարեկամ Ռուսաստանի կայսրութեան տնօրինութեանը՝ փոխարէնը ստանալով երեւութեական «ապահովութիւն»։ Բայց միայն մեր երկիրը չէ, որ ակնկալում է Կրեմլը… Պետք է նաեւ նրան վերադառնայ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, որ անցեալ դարի 40-ականներից ընդունելի դարձաւ անաստուածներին։ Բայց նոյնիսկ արդէն քառորդ դար է, ինչ մարքսիզմ‐լենինիզմի եւ պրոլետարական ինտերնացիոնալիզմի գաղափարական գամերով պայտուած КГБ-ի գեներալներից մինչեւ սերժանտներն են դարձել «հաւատացեալներ» եւ մեր ձախաւէր տէր պետրոսեանները, քոչարեանները եւ սարգսեանները նոյնպէս պատրաստակամօրէն երդւում են Սուրբ Գրքով։ Այս բոլորի համար ոչ մի նշանակութիւն չունի, թէ ս. Էջմիածնի Եկեղեցին իր անունը կը փոխի իբրեւ «Ռուսաստանի Հայ առաքելական ուղղափառ Եկեղեցի»։ Ի վերջոյ, ինչպէս օրերս մի բարեգութ հայ ասաց՝ ամոթ չէ՞, եթէ մեր յաւերժական բարկամի համար այս ծանր ժամանակներին լքենք ու մենակ թողնենք նրան…
Բայց usurpator Գարեգին Ներսիսեանն ու նրա եղբայր Եզրասը, ով յայտարարեց, թէ «Ռուսաստանը նաեւ Հայերի հայրենիքն», մի՞թէ նուիրապետական Պատրիարքութիւններ էլ կը թողնեն, որ մնան օտարութեան մէջ։
«Բարենորոգուելով» իբրեւ Թեմական Առաջնորդութիւններ եւ կորցնելով իրենց ինքնիշխանութիւնը, Պատրիարքութիւնները — եւ ոչ միայն, քանի որ դեռ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն էլ միայնակ չի մնայ օտար ափերին — վերջապէս ջնջելով բոլոր
Աւանդութիւններն ու Կանոնադրութիւնը, կը հաւաքուեն «Մայր Ռուսիայ» հոգատար գրկի մէջ։
Հիմա նաեւ հասկանալի է, թէ ինչո՛ւ Հայաստանի թէկուզ ձեւական «անկախութիւնը» հռչակելուց յետոյ անմիջապէս ասպարէզ ելան սոսկալի «հայրենասէր» լեզուագէտներ ու պատմագէտներ, ովքեր յօրինում եւ դպրոցական ուսուցումի բոլոր մութ խոռոչները լցնում են մտացածին ամենայն «գիւտարարութիւններով»՝ Քրիստոնէական ուսմունքի շնորհիւ Հայեցի դպրութեան եւ բացառիկ մշակոյթի գրեթէ երկու հազարամեայ պատմութեան արժէքները ժխտելով՝ մերժելու նպատակով։ Բանն այնտեղ է հասել, որ մէջտեղ են եկել ոչ միայն ինքնակոչ քուրմեր, ովքեր խարխափում են Հայ ժողովրդի կռապաշտական վաղեմի դարաշրջանների կորուսեալ ժամանակներ մէջ, այլեւ նորօրեայ մարգարէներ, ովքեր «նոր կրօն» ստեղծելու առաքեալներ ներկայացնելով՝ զբաղուած են իրենց հերթին զոմբիացնելով ժողովրդին։
Ես պնդում եմ, որ այդ քուրմերի ու առաքեալների նպատակը շատ աւելի հեռուներն է մեզ տանում։ Մի դէպքում նախաքրիստոնէական աստուածների, միւս դէպքում Նեռի տնօրինութեան տակ մղելով երիտասարդութեանը, նրանք աշխատում են պետական‐իշխանութեան ապազգայնութեան եւ Եկեղեցու հաւատափոխութեան մեքենանաների հետ ներդաշնակ, քանի որ այն պահին, երբ Ռուսական իմպերիան կ’անցնի ձուլարանի տակ կրակը թեժացնելուն, հայի տեսակի մէջ արդէն մեռած կը լինեն այն ուժը կրողները, ովքեր հասու լը լինէին կանխել Չարիքը։
Բայց միայն այս ամէնով չի աւարտւոմ ս. Էջմիածնական կաթողիկոսութեան դաւադրութիւնը հայ ժողովրդի, հայի տեսակի, հայի բացառիկ ցեղի դէմ։ Քահանաներից մինչեւ արքեպիսկոպոսների պաշօնանկութիւնն ու կարգալուծումները դաւադիրներին անկաշկան գործելու հնարաւորութիւն է ապահովում… Այս ապիկար գործողութիւնները իրականացնելու չորս միջոցներ են ստեղծուած Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ Էջմիածինը ապօրինի կաթողիկոսի չարամտութիւններին խոչընդոտող հագեւորականներին ասպարէզից քշելու համար։
© Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Փարիզ, 2014 (շարունակութիւն չորրորդ եւ յաջորդիւ)
Մաս երրորդ՝ այստեղ
Վերջերս Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը` ներկայացնելով «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի արդյունքները` հրապարակեց, որ Հայաստանում երեխաների 3.3 %-ն է ապրում ծայրահեղ աղքատության մեջ: Հետո միայն մեղմորեն, իրենց կարծիքով աննկատ կերպով, հավելեց` իսկ 37.3 %-ը` աղքատության մեջ է ապրում:
Ինչ խոսք, ճկուն տարբերակ են գտել երեխաների աղքատության ցուցանիշը հրապարակելու համար, փորձելով տեղեկատվությունը լսողի մոտ ստեղծել սխալ տպավորություն, իբրև մեր երեխաների ընդամենը մոտ 3 %-ն է աղքատ: Մինչդեռ Յունիսեֆի տվյալներով Հայաստանում բազմազավակ` 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներում ապրող երեխաներն ամենաաղքատն են և նրանց շրջանում աղքատության ընդհանուր մակարդակը հասնում է գրեթե 71 %-ի: Իսկ երեխաների աղքատության ընդհանուր մակարդակը 41.4 % է:
Մինչ իրավասու մարմինները «թվեր են նկարում», հայ բալիկների մոտ 50 %-ն ապրում է դառն ու չկայացած մանկություն` կյանքին նայելով ոչ մանկական աչուկներով …
Մարիաննա Եղիազարյան
Արդեն մի քանի շաբաթ է` ընդամենը երկու հարցով դիմում ենք Կենտրոն վարչական շրջան կամ թաղապետարան:
Դիմում ենք, բայց այդպես էլ հարցերից և ոչ մեկին պատասխան չստացանք:
Բանն այն է, որ Խորենացի 43-45 բազմաբնակարան շենք գնացող հետիոտնի համար նախատեսված նախկին ճանապարհը փակվել է ինչ-որ անհատի կողմից: Նախ` այդ անհատը սեփական տուն կառուցելիս` նախկին տեղից ահագին առաջ է բերել պատը : Թե ինչպես է շինթույլտվություն ստացել, կամ արդյո՞ք ստացել է այդ տեսքով կառուցապատում իրականացնելու համար` այդպես էլ չպարզվեց:
Դեռ մի քանի շաբաթ առաջ տվյալ հարցով զանգահարեցինք թաղապետարան: Ում ներկայացնում էինք խնդիրը, մեկ ուրիշի համարն էր տալիս, ասելով `«էդ հարցով նրանց դիմեք»: Այդպես էլ չպարզվեց` «ում դիմենք», ու եթե չհասկանայինք, որ անգործությունը մեր չինովնիկների համար սովորական երևույթ է, մինչ օրս երևի թե շարունակեինք դիմել:
Բազմաթիվ համարներով զանգելուց հետո, ի վերջո, գտնվեց մեկը, որն ասաց` ավելի լավ է գրավոր դիմենք: Նամակը գրեցինք հասցեագրված Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին: Անցավ սահմանված 5 օրյա ժամկետը, իսկ պատասխան չկա: Ստիպված նորից զանգահարեցինք: Արդեն չենք էլ հիշում, թե քանի համարով ենք զանգահարել, հիմա էլ ասացին, թե գրությունը իրավական ուժ չունի և պետք է գնանք անձամբ տեղում գրենք դիմումը:
Թե ինչ իրավական ուժի մասին է խոսքը` դա էլ չհասկացանք, բայց մի բան պարզ է` թաղապետարանում աշխատող կադրերի պակաս կա. Ոչ ոք պարզ չգիտի, թե որ հարցով, ով է զբաղվում: Արդյունքում մեր հարցը մնաց օդում կախված, իսկ հետիոտները շարունակում են անցուդարձ անել մեքենաների հետ միասին: Արդյոք հարց հասել է Արա Սադոյանին, եթե այո ապա նրա աշխատելու ոճը, մեղմ ասած անհասկանալի է, ինչ է նշանակում լրագրոցին ասել՝ « Արի թաղապետարանում դիմում գրի»:
Հ.Գ. Կարծում ենք` այսքանից հետո վերը նշված խնդիրը վարչական շրջանից քաղաքապետարանի տիրույթ տեղափոխելը տրամաբանական կդիտվի:
Վստահ ենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կտա համապատասխան հանձնարարական երկու բազմաբնակարան շենքերի բակը կարգի բերելու և հետիոտն բնակիչների համար անվտանգ անցուդարձի ճանապարհ ապահովելու համար:
Այս աստիճանահարթակը փակել է անցուղին, բավական չէ, որ տան պատը բավականին առաջ է բերվել, դեռ տան դիմացի նախկինում կանաչ տարածքը, որտեղ ծառեր կային, վերածվել է ավտկայանման տեղի, դարձել այս տան բակը: Հետաքրքիր է հանրային տարածքի ո՞ր հատվածն է սեփականաշնորվել, և ինչ իրավունքով:
Հռիփսիմե Գալստյան
Մէկ մարդու նկատմամբ անարդարութիւնը բոլորի համար է սպառնալիք։ Շարլ Լիւի ՄՈՆՏԵՔՍԵՈ
…Եւ պղծիցեն զսրբութիւնն բռնութեամբ։ …Եւ տացեն պղծութիւն ապականութեան։ Եւ ապականիչք ուխտին ածեն ի վերայ իւրեանց զգայթակղութիւն. եւ ժողովուրդ որ ճանաչէ զԱստուած իւր՝ զօրասցին եւ արասցեն։
Դանիէլ ԺԱ, 31-32
Իր աշխարհիկ քաղաքական ու business աշխոյժ եւ անպարփակ գործունէութեամբ ս. Էջմիածնի կաթողիկոսի գահը յափշտակած (usurpation) Գարեգին Ներսիսեանը 1999‐ի չարագուշակ Հոկտեմբեր 27-ը յաղթահարելուց յետոյ առանց աւելորդ ժամանակ կորցնելու ամենից առաջ անցաւ «նոր տարածքներ» նուաճելու, որպիսիք են Առաքելական Եկեղեցու պատմականօրէն ինքնակառավարուող Նուիրապետութիւնները։ Անշուշտ, անիրաւութեան եւ ապօրինութիւնների մասին որեւէ տեղեկութիւն հազիւ թէ ունենայինք, եթէ չլինէր մեր հոգեւոր դասի այն նուիրեալների աչալրջութիւնն ու նախանձախնդրութիւնը Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու աւանդական եւ կանոնական արժէքների նկատմամբ, որպիսին արդէն մէկուկէս տանամեակ բացակայում է ս. Էջմիածնի կամարների տակ։ Հազիւ մէկ տարի անց Կ.Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Պատրիարք Մութաֆյանը 2000 թ. Նոյեմբեր 3-ին մի նամակ է հղել ս. Էջմիածին, նորաթուխ եւ հաշուեհարդարներ սկսող կաթողիկոսին, որտեղ բացէ ի բաց շարագրել է արդէն կատարուած ապօրինութիւնների մասին։ Այնպէս որ, «մտաւորական» ակադեմիկոսները մոլորութեան մէջ են կարծելով, թէ եկեղեցական ճգնաժամը ինչ որ նոր երեւոյթ է։ Նամակով Ամենապատիւ Պատրիարքը կարգի է հրաւիրում նրան. «Սիրելի Վեհափառ, Ժամանակին անկանոն ձեւով, երբեմն մինչև իսկ Երուսաղեմի միջոցով ( ՞ ) ստացեր էինք Ձեր […] գրութիւնները: Պոլսահայութեան համար յատկապէս ծանր այս օրերուն ոչ ժամանակ ոչ ալ փափաք ունինք ուղղակի Պատրիարքական աթոռոյս հետ աղերս չունեցող հարցերով զբաղելու:
Մի քանի կէտեր կան սակայն, զորս պիտի փափաքէինք յանձել Ձերդ Սրբութեան նկատառման: ա) […] գրութիւններէն զգալի է, որ Պատրիարքարական Աթոռներուն կը վերաբերիք որպէս թեմական առաջնորդութիւններ, ինչ որ ներհակ է Հայ Առաքելական Եկեղեցւոյ հնամենի աւանդութիւններուն, […] 1991թ. ՀՀ մօտ պաշտօնապէս գրանցուած «Ներքին Սփիւրքի Կանոնադրութեան» նախաշաւղի տրամադրութիւններուն. Կաթողիկոսը, Պատրիարքի մը իրաւասութեան սահմաններուն միջամտող նամակներ պէտք չէ գրէ: «Պատրիարք» եւ «Առաջնորդ» եզրերը պատմականօրէն ոչ նոյնանիշ, ո՛չ ալ հոմանիշ են: Այնպէս որ ակադեմիկոսների նամակի մէջ այն ինքնավստահ, բայց անապացոյց յայտարարութիւնը անմիջապէս ստանում է սուտ-վկայութեան յօրինուածքի բովանդակութիւն։ Այսպէս, ուրեմն. «Ամենապատիւ Պատրիարքին զայրացրել է, որ առանձին սրբազան այրեր իբրեւ թէ բարձրացրել են Երուսաղեմի պատրիարքութիւնը թեմական առաջնորդարանի վերածելու հարցը:
Եթէ նույնիսկ դա համապատասխանէր իրականութեանը, ապա Վեհափառը երբեք չէր տայ իր համաձայնութիւնը նման փոփոխութիւն իրականացնելու համար: Նա գերազանց գիտի նուիրապետական Աթոռների դերը, քանի որ ինքը հանդիսանում է այդ Աթոռների պահպանման երաշխաւորը: Ուստի ի զուր պէտք չէ զրպարտել: Ցաւալի է, բայց փաստ, որ Ամենապատիւ Պատրիարքը երեւակայական թշնամի է յօրինում և «քաջաբար» պայքարում նրա դեմ: Պատշաճ չէ, որ նման բարձր հոգեւորականն իջնի նման մակարդակի: Հոգեւորական այրը պարտաւոր է պահպանել եկեղեցականին վայել տարրական քաղաքավարությունը` յօգուտ Հայ Եկեղեցու կարեւոր եւ բացառիկ շահերի: Նման որակաւորումները հարուածում են հէնց իրեն` գրողին»: Առայժմ հետագային թողնենք նամակի հեղինակների վարժապետական կեցուածքն ու ոճը, եւ նրանց ուշադրութիւնը բեւեռացնենք այն հանգամանքի վրայ, որ դեռեւս 2000 թուականի Նոյեմբերից արդէն բացայայտ էր usurpator‐ի յաջորդ վճռական քայլը՝ թեմական Առաջնորդ Տիրան Սրբազանին պաշտօնաթող եւ կարգալոյծ անելու յետոյ։ Այնպէս մի տեղ միայն ակադեմիկոսները իրաւացի են։ Դասեր տալու համար պատրաստակամ կորուսեալ եւ ս. Էջմիածնի մէջ անսպասելի յայտնաբերուած այդ եօթնեակի ստորագրութեամբ նամակի դասընթացը փարիսեցիական նկրտումներով յանդերձ՝ իսկապէս «հարուածում են իրենց՝ ստորագրողներին»։ Շարունակենք լսել Կ. Պոլսոյ Ամենապատիւ Պատրիարքին. «Դուք արդէն տարի մը ի վեր Կաթողիկոս էք եւ Ձեր իշխանութիւնը ապացուցելու համար պէտք չունիք «Ներքին սփիւրքի Կանոնադրութեան» Ե. 68-րդ յօդուածի տրամադրութենէն օգտուելու: Թեմակալ առաջնորդ մը ազատ արձակելու «ձեւն» ալ կարեւոր է: Այսօր, Սրբազան Պապն իսկ իրաւունք չունի իր ուզած եպիսկոպոսը յանկարծակի պաշտօնանկ ընելու:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ալ պէտք է ընկալեալ կարգ-կանոնով եւ աւանդութեամբ առաջնորդուի: Նման պարագաներուն պէտք է յստակ եւ փաստացի ըլլայ ազատ արձակուող առաջնորդի դէմ բերուած ամբաստանութիւնը, պէտք է քննել ատեան կազմել, ենթակային ինքնապաշտպանութեան առիթ տալ եւ ապա արդիւնքը հրապարակել»: Խօսքը Նոր Նախիջեւանի եւ Ռուսիոյ թեմական առաջնորդ եւ մեր հասարակութեան մէջ յայտնի ու յարգուած Տիրան արքեպիսկոպոս Կիւրեղեանի անակնկալ պաշտօնանկութեան մասին է։ Արտաքնապէս այն տպաւորութիւնը ստեղծուեց, թէ ապօրինի պաշտօնանկութիւնը գաւառամիտ հային խիստ բնորոշ արարմունք է, երբ որեւէ պաշտօնեայ առաջին հերթին մտահոգւում է հարազատներին ու ազգականներին տեղաւորել իր շուրջ։ Ճիշտ այն ընդօրինակութեամբ, որ «կադրային քաղաքականութիւն» դարձաւ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների ու գործադիր կառավարութեան ոլորտների մէջ։ Յիշեցնեմ որ Գարեգինի եղբայր Եզրասը բնաւ անպաշտօն չէր Լենինգրադի մարզի մէջ։ Բայց մէր գաւառացու համար Պետերբուրգը այնուհանդերձ կայսրութեան մայրաքաղաք չէր։ Ի վերջոյ որքան «հպարտ է հնչում», ինչպէս բանաստեղծը կ’ասէր՝ Մոսկուան։
Բայց սա միայն առաջին հայեացքից։ Իմ Ընթերցողը արդէն գիտէ, որ մի խումբ մոսկուացի «հայերի» նախաձեռնութեամբ Ռուսաստանի Հայ Ուղղափառ Եկեղեցի գրանցելու դիմումը մերժուել է Թեմի Առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կիւրեղեանի կտրական գործողութեամբ։ Բայց նաեւ արդէն գիտէ որ Ներսիսեան եղբայրները իրենք փոխել են Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու անունը, եւ որեւէ յսկողութիւնից դուրս տեղեկատուների մէջ պրպտող մարդը, առանց նկատելու նենգաբարոյ անուանափոխութիւնը այն ընդունելու է իբրեւ օրինաւոր եւ իբրեւ ճշմարտութիւն։ Հետաքրքիր է, թէ ի՞նչ անուն կարելի է տալ այս քայլը կատարողներին… Տգէտնե՞ր են նրանք, հաւատափոխնե՞ր… Ոչ առաջինն են եւ ոչ էլ երկրորդը… Այսօրինակ գործողութիւնը խորամանկութիւն էլ չէ, այլ քրէական պատասխանատուութեան ենթակայ խուլիգանութիւն… Եւ երբ Եզրաս Ներսիսեանը իր հարցազրոյցների ընթացքին բացի գլուխ տմբացնելուց եւ շարունակ «абсолютно правильно» մրթմրթալուց, նաեւ մի երկու կաղապարատիպ խօսք է ասում եկեղեցիների միասնականութեան մասին եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին անպայման ուղղափառ անուանելով, ապա չմոռանանք Աւագ քահանայ Դմիտրի Սմիռնովի սկզբունքային եւ անկեղծ յայտարարութիւնը. «Մենք շատ ենք սիրում մեր հայ եղբայրներին, մեր միջեւ լաւ, բարեկամական հարաբերութիւններ են… Բայց դրանով չենք ընդգծում մեր միասնականութիւնը, որպիսին իրականին գոյութիւն էլ չունի» Բայց Կրեմլը հետեւողական է իր ծրագրերի մէջ։ Կոմունիստական գաղափարաբանութիւնը փոխարինելով Ուղղափառութեամբ, հիմա էլ կայսրութեան միասնականութիւնը, բնականաբար, ապահովելու է Ուղղափառ աստուածավախութեամբ։ Եւ պէտք է շտապել։ Կայսրութեան տարածքների հողահաւաքը կատարուելու է որքան պատմական կարճ ժամանակին, այնքան Ռուսաստանը կզած վիճակից արագ ոտքի կը կանգնի։
Եւ եթէ 20-րդ դարում նման մի խնդիր լուծեցին «հայ կոմունիստները», ապա հիմա, ինքնին հասկանալի է, որ նոր հողահաւաքի գործին ծառայելու են ուղղափառ «հայ քրիստոնէաները»։ «Կադրային» այս փոփոխութիւնը կատարուեց մեր Առաքելական Եկեղեցու աւանդական առաքինութեան կոպիտ խախտումով, որի մասին անմիջապէս ահազանգել էր Ամենապատիւ Պատրիարք Մութաֆեանը։ Բայց կաթողիկոսական գահի usurpator-ը ոչ միայն առանց պատասխանելու «Ինչո՞ւ» հարցին եւ Թեմակալ Առաջնորդի ո՞ր գայթակղութեան համար է նա պաշտօնանկ արւում, արդէն Հիւսիս‐Ամերիկեան ուղեւորութեան ժամանակ հեռախօսային կապով կարգալոյծ յայտարարեց իրենից շատ աւելի հեղինակաւոր, գործունեայ եւ գնահատուած հոգեւորականին Ամենապատիւ Պատրիարքի յաջորդ նկատառումը վերաբերում էր Հոգեւոր Գերագոյն Խորհրդի անդամների նոր կազմին։ «Յոկտեմբերի 9-ին անակնկալի եկանք երբ ֆաքսով ստացանք […] ԳՀԽ-ի անդամներու «նոր ցանկ մը» առանց որևէ յաւելեալ տեղեկութեան: Քանի մը օր յետոյ այս անգամ Մայր Աթոռի մամլոյ դիւանի կողմէ հրապարակում մը եղաւ, ըստ որում կը ծանուցուէր, որ «Հայրապետական տնօրինութեամբ» ԳՀԽ-ի նոր անդամներ «նշանակուած են»,― գրում է Պատրարքը։ — […] Փոփոխութիւնները, կամ նոր նշանակումները, եթէ այնքան անհրաժեշտ կը նկատէիք, այժմու ԳՀԽ-ի անդամներու հետ, կամ առ նուազն ատենապետ Պատրիարքներու հետ խորհրդակցաբար կրնայիք ընել: Այդ ալ չեղաւ:
Այժմ հարց կը ծագի, թէ ի՞նչ է ԳՀԽ-ի անդամ դառնալու չափանիշը: Պարզապէս Կաթողիկոսի կողմէ նշանակու՞մ: […] Գալով Պատրիարքներու մասնակցութեան, 1945-ի և 1995-ի կանոնադրութեանց Տրամադրութիւնները աւելի քան պարզ են. Պատրիարքները Կաթողիկոսին Կողմէ որեւէ պաշտօնի չեն «նշանակուիր», կարգ մը ժողովներու Ի ՊԱՇՏՕՆԷ կը նախագահեն կամ կ’ատենապետեն»: Այս նկատառումները այնպիսի տպաւորութիւն են թողնում, թէ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու կաթողիկոսական գահին նստեցրել են փողոցից եկած մի աբեղայի, ով եպիսկոպոսապետ լինելու իր սեփական պատկերացումներն ունի, որպիսիք բնաւ չեն տարբերւում բոլոր նրանցից, որոնց համար ապրելակերպի եղանակ են միայն օրինախախտումներն ու ցինիզմը։ Ամենապատիւ Պատրիարքը անշուշտ մեզնից շատ աւեմի մեղմ է իր բարեհոգութեամբ, մտահոգութիւն յայտնելու նրբանկատութեամբ եւ Եկեղեցու մէջ օրինականութեան վերահաստատելու նախանձախնդրութեամբ։ Ուստի նա արդէն հորդորում է. «Ձեր անմիջական շրջանակէն դուրս, աշխարհով մէկ ցրուած հայորդիք ի՞նչ կը մտածեն Եկեղեցւոյ, Մայր Աթոռի և իրենց Ընդհանրական Հայրապետին մասին:
Ջախջախիչ մեծամասնութիւնը չի կարդար Մամլոյ Դիւանի հաղորդագրութիւնները, իսկ հերուստատեսային հաղորդումներուն կը հետևի կասկածամտութեամբ եւ դառն քննադատութիւններով: Սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, «եկեղեցին՝ դա ժողովուրդն է». լոզունգի գործնական սնանկացումը, Եկեղեցիի եւ եկեղեցականներու նիւթական շռայլութիւններն ու հանրասիրութիւնը, միջնադարեան ձևի, գործելակերպի և ինքնարտայայտման զգալի անհաղորդականութիւնը եւ յատկապէս հոգևոր առաքելութեան […] վիճակն անմիջական ուսումնասիրութեան կարօտող ծանր փաստեր են: Դեռ կան Էջմիածին-Անթիլիաս փոխ-յարաբերութիւններու, միջ-եկեղեցական եւ միջ-կրօնական յարաբերութիւններու, եկեղեցի-պետութիւն փոխ-յարաբերութիւններու հետ կապուած լուրջ հարցեր»: Ամենապատիւ Մեսրոպ Արքեպիսկոպոս Պատրիարք Մութաֆեանը նաեւ պատրատակոմութիւն էր յայտնել երեքով՝ ս, Էջմիածնի, ս, Երուսաղեմի եւ Կ.Պոլսոյ Աթոռակալների «մէկտեղուած խորհրդակցութեան համար», որի առիթով գործնական քայլի մասին որեւէ տեղեկութիւն չունենք։
Հետագայ ամբողջ տարիներին՝ 1999-ից մինչեւ 2014, շարունակուել եւ շարունակուելով զարգացել, աճել եւ թունաւոր պտուղներ է տուել կաթողիկոսական աթոռը գրաւած եւ այն շարունակ աւելի ու աւելի ուզուրպացնող Գարեգին Ներսիսեանի բնաւ էլ ոչ հոգեւորական եւ միայն ու միայն քաղաքական‐շահատական գործունէութիւնը, որպիսին, յիրաւի, ծաւալուել է նիւթական շռայլութիւններով, հանրասիրութեամբ եւ միջնադարեան ձեւերով… Նամակի նկատառումների ու սթափեցնող հորդորների զանցառութեամբ շարունակելով Չեկիստական իշխանութիւն‐Եկեղեցի համագործակցութիւնը, ս. Էջմիածնի գահակալը իր հերթին կտրում է հայ հաւատացեալ ժողովրդի պատմական կապը Առաքեալների հիմնարկած Եկեղեցու հետ ճիշտ այնպէս, ինչպէս Հայաստանը ուզուրպացրած եւ Կրեմլի դրածոյ նախագահները 1991-ից ի վեր հայ ժողովրդին կտրեցին Արարատեան մեր Առաջին Հանրապետութեան իրականութիւնից, որ երկու ծանր ու մառախլապատ տարիներին, արդէն սկսել էր արմատակալել իր բնօրրան Հայկական Տաւրոսի վրայ։
© Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Փարիզ, 2014 (շարունակութիւն երրորդ եւ յաջորդիւ)
Մաս երկրորդ՝ այստեղ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.