23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ հայտնի դարձավ, որ մի կերպ գոյատևող «Նաիրիտ» ընկերությունը, որն անգամ աշխատավարձերն ու հոսանքի վարձը չի կարողանում ժամանակին վճարել, կրկին միլիոնավոր դոլարներ է ստանալու։ Եվ այս անգամ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից է ստանալու, որը 400 մլն դոլար տրամադրելու է Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների զարգացման ու արդիականացման նպատակով։ Թեև ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ «Նաիրիտ» գործարանի հայտը դեռ քննարկման փուլում է, բայց կասկած չկա, որ վարչապետն ամեն ինչ կանի իր հովանավորած «մեռելին» կենդանացնելու համար, և սնանկության եզրին գտնվող, ֆինանսական «լվացքատան» վերածված և ՀՀ տնտեսվարող սուբյեկտների հետ դատական գործընթացներում խճճված «Նաիրիտի» գլխին կրկին վարկային անձրև է տեղալու։ Մանավանդ որ՝ ռուսներից փող վերցնելու և այդ փողի մի մասը «զալոգ» դնելու փորձ վարչապետն արդեն ունի։ Վերջին անգամ նման «օպերացիա» արվեց տարիուկես առաջ, երբ «Նաիրիտը» 100 մլն դոլար պոկեց ռուսական վարկից, որի մի մասը կուտակած պարտքերի դիմաց ստիպված էր թողնել որպես գրավ ԱՊՀ միջպետական բանկում։ Ճիշտ է, «վարկ պոկել» արտահայտությունն այնքան էլ «Նաիրիտին» չի վերաբերում։ Այս դեպքում խոսքը եղբայրական նվեր ստանալու մասին է՝ Տիգրան Սարգսյանը, չարաշահելով պաշտոնական դիրքը, իր եղբորը՝ «Նաիրիտի» փոխտնօրեն Աշոտ Սարգսյանին, ձեռնարկության ամենահեղինակավոր պաշտոնյային և «հարց լուծողին» է նվիրում Հայաստանին որպես ֆինանսական օժանդակություն հատկացվող վարկերը։ Ինչպե՞ս ծախսվեց ռուսական փողը, ի՞նչ արդյունք տվեց, ի՞նչ գներով իրացվեց «Նաիրիտի» արտադրանքը և իրացվե՞ց արդյոք՝ հայտնի չէ:
Պարզ է, սակայն, որ տրամադրված միջոցները չբարելավեցին ձեռնարկության վիճակը: Պարտքերի մեջ թաղված գործարանը չի ստանում բավարար հոսանք, աշխատավարձ է բաժանում ուշացումով, իրացումն աննշան է: Հանուն արդարության, սակայն, պետք է ընդունել, որ մութ գործարքների, փողերի լվացման արդյունքում, որոնց մասին բավական գրվել է և կարիք չկա կրկին հիշեցնելու, «Նաիրիտի» և սրա հետ կապված վարչապետ Սարգսյանի վիճակը այնքան էլ չի լավացել։ Բանն այն է, որ ԱՊՀ միջպետական բանկի հիմնական բաժնետեր Ռուսաստանը չի վստահում մեր «պայթած» հսկային։ 2006 թվականին բանկը ֆինանսավորեց «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ի ձեռքբերումը, «Rhinoville Property Limited» ընկերության համար $70 մլն-ի վարկային գիծ բացելով, 5,3 տարով` մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը, տարեկան 12,5% տոկոսադրույքով։ Հենց այս պարտքի դիմաց էր, որ մեր վարչապետից, որպես երաշխիքային գումար, պահանջվեց ռուսական հակաճգնաժամային վարկի մի զգալի մասը։ Իսկ անցյալ տարվա մարտին ԱՊՀ միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովը, փողերի հետդարձով հետաքրքրված, ժամանեց Երևան և վարչապետից «չորով» ուզեց «Նաիրիտի» պարտքը՝ տոկոսներով։ Ճիշտ է, այս և բանկի մյուս պաշտոնյաների այցելությունների մասին պաշտոնական լուրեր չկան։ Չի հրապարակվել նաև գումարի ստույգ չափը։ Ըստ որոշ գնահատականների՝ առնվազն 200 մլն դոլար է։ Ի դեպ, այդ ժամանակ ռուսական ցասումն ամպի պես ոչ միայն մեր վարչապետի գլխին կուտակվեց, այլև՝ “Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ” («Rhinoville Property Limited») ընկերության, որի տնօրենը՝ Ալլա Կուլիկովան, հանկարծամահ եղավ, իսկ նրա ամուսնու՝ ԱՊՀ Միջպետական բանկի փոխնախագահ Սերգեյ Կուլիկովի դեմ քրեական գործ հարուցվեց ծառայողական դիրքի չարաշահման համար: Հենց Կուլիկովն էր նպաստել, որ «Ռայնովիլին» պատկանող «Նաիրիտին» 70 մլն վարկ տրվի: Թե ինչով ավարտվեց այս գործարքը, ճի՞շտ է, որ տիկին Կուլիկովան հանկարծամահ է եղել, և այլ մանրամասներ գործարանից ճշտել հնարավոր չէ: Մի պահ մերձկառավարական շրջանակներում լուրեր պտտվեցին, որ «Նաիրիտը» առաջարկվել է ռուսներին՝ որպես հերթական «Գույք պարտքի դիմաց», և որ ռուսները մերժել են ընդունել այս «մեռելին» և բարձր մակարդակով շարունակել են փողերը հետ ուզել։ Շարունակելով տրամաբանական շղթան՝ դժվար չէ կռահել, թե ուր է գնալու ԵվրԱզԷՍ-ի վարկը. իհարկե, ռուսական փողերի հետդարձն է ապահովելու, իսկ ճռճռան դասախոսությունները հավատարիմ լրատվամիջոցների ականջների համար են, որոնց ՀՀ ազգաբնակչությունը վաղուց դադարել է հավատալ, քանի որ «Նաիրիտի» հետ կապված խոստումները «ճռռում» են արդեն երրորդ անգամ։
Երկար ժամանակ ասվում էր, որ հունիսի 6-ին կայանալու է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան:
Հունիսի 6-ը եկավ, բայց մենք այդպես էլ Երևանում Ահմադինեժադին չտեսանք:
Միայն այցի օրը տեղեկացանք, որ հետաձգվել է:
Այցի հետաձգման երևանյան և թեհրանյան վարկածները մի փոքր տարբեր են:
Երևանում ասում են, որ Իրանի նախագահի այցը հետաձգվել է փոխադարձ համաձայնությամբ, Թեհրանում նշում են, որ հայկական կողմն ինչ-որ փաստաթղթերի պատրաստման հարցում ուշացել է:
Սովորաբար բարեկամ երկրների հարաբերություններում նման փաստաթղթային քաշքշուկներ չեն լինում:
Արդ, դժվար է հավատալ պաշտոնական վարկածին:
Հետևաբար, առաջ քաշենք մի քանի վարկած:
Հնարավոր է, որ ԻԻՀ նախագահին մերոնք են հասկացրել, որ այս պահին նա Հայաստանում ցանկալի հյուր չէ: Այստեղ կարող է դեր ունենալ ինչպես Արևմուտքի գործոնը, այնպես էլ` ԼՂ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և դրանց նկատմամբ Թեհրանի ժխտողական վերաբերմունքը:
Սակայն ԻԻՀ նախագահի այցի հետաձգման պատճառ կարող է լինել նաև այդ երկրում ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես` Իրանի հոգևոր առաջնորդի և Ահմադինեժադի բարդ հարաբերությունները:
Ինչ էլ որ լինի` Ահմադինեժադի այցի հապճեպ հետաձգումը որոշակիորեն ազդելու է հայ-իրանական հարաբերությունների վրա` դրանցում անորոշության էլեմենտ մտցնելով:
Սեյսմակայուն շինարարության ինստիտուտը, որը խորհրդային միության ամենահեղինակավոր գիտահետազոտական կենտրոններից էր, իր վերջին օրերն է ապրում: Փաստացի հիմնարկությունը գործում է`եթե պատվեր է լինում, ինժեներները եզրակացություններ են կազմում, գնահատում են շինարարական օբյեկտների սեյսմիկ կայունության աստիճանը: Բայց պարզվում է երկրաշարժային ակտիվ գոտում գտնվող մեր հանրապետությանը նման գիտական օջախներ պետք չեն, և «ԱՐՄՍԵՅՍՄՇԻՆ» ընկերությունն արագորեն սնանկացավ: Գիտնականների միակ հարստությունը Քանաքեռում գտնվող 3,5 հեկտար տարածքն էր, որի վրա վաղուց աչք էին տնկել մի քանի օլիգարխներ: Նրանց ախորժակը գոհացնելու ձեւը կառավարությունը գտավ: «ԱՐՄՍԵՅՍՄՇԻՆ» ԲԲԸ-ի տարածքի մի մասը վաճառվեց կուտակած պարտքերի դիմաց: Գնորդը «Ջերմուկ Ինտերնեյշնլ» ընկերությունն է: Ըստ որոշ տեղեկությունների, մյուս մասի սեփականատերերի հետևում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Ըստ աշխատակիցների` Սերգեյ Սիմավոնյանի, Տարոն Մարգարյանի, Կարո Դանիելյանի և այլոց հողը օտարվեց ապօրինի ձևով, քանի որ ինստիտուտի տարածքի մի ահռելի կտոր շենք-շինություններով վաճառվեց աճուրդով, նախապես հայտնի գնով` 16 հազար դրամ քառակուսու համար, որը 3-4 անգամ էժան է շուկայական գներից: «Արդյունքում 2 մլրդ. 240 մլն. դրամի փոխարեն պետական բյուջե է մուտքագրվում 560 մլն. դրամ` չհաշված շենք-շինությունների արժեքը, որոնք նույնպես վաճառվել են ոչ շուկայակայն սիմվոլիկ գներով», — բողոքում էին կոլեկտիվի անդամները տարբեր ատյաններին: Բացի այդ, գիտնականները զրկվեցին իրենց հասանելիք բաժնից, որի իրավունքը կոլեկտիվն ունի սեփականաշնորհման ժամանակ: Իհարկե, կառավարությունը հատուկ որոշում ընդունեց, որով վաճառքից ստացված գումարների մի մասը պետք է ծառայեցվեր գիտական հիմնարկի տեխնիկական վերազինմանը, « արդիականացնելու եւ ժամանակակից պահանջները բավարարող ծառայություններ մատուցելու նպատակով»:
Բայց սա կատարյալ աչքկապոցի էր, և այժմ էլ, գործարքից երկու տարի անց Սեյսմակայուն շինարարության ինստիտուտը ավելի շատ ոչ թե ժամանակակից գիտական կենտրոնի, այլ սարսափ-կինոի նկարահանման հրապարակ է հիշեցնում: Տեխնիկան և սարքավորումները վաղուց վաճառված են, պատերը` մալյարի կարոտ: Երկար պայքարից հետո գիտնականներին սկսել են տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ինչ է կատարվում իրենց հարազատ գիտական օջախի հետ, և նույնիսկ խոստացել են բաժնետոմսերի 15 տոկոսը, քանի որ ինստիտուտն այժմ ունի պետական ընկերության կարգավիճակ: Բայց նրանք միևնույն է, գոհ չեն, և համարում են, որ իրենց ուղղակի «թուլափայ» են տալիս:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ամենաօրհնված նախարար Սերգո Կարապետյանն իր հերթական կիրակին դարձյալ անցկացրել է գյուղացիների հետ: Նախարարն այցելել է այս անգամ էլ Տավուշի մարզի գյուղեր, բայց այս անգամ գյուղացիներին արդեն ասել է ոչ թե այն մասին, թե ինչպես է ՀՀ կառավարությունը որոշել օգնել գյուղացիներին և նրանց ցածր տոկոսադրույքներով վարկեր տալ, այլ որ այս տարի մթերումների հետ կապված խնդիր չի լինի: Ինչպես տեսնում ենք, գյուղնախարարի` գյուղացիների հետ շփումների թեմատիկան աստիճանաբար և, կարելի է նաև ասել, բարեբախտաբար, փոխվում է:
Մինչև հիմա գյուղնախարարի հանդիպումների թեմատիկան գյուղատնտեսական վարկերն էին. նախարարն ամեն անգամ իրեն շրջապատող գյուղացիներին պատմում էր հեքիաթն այն մասին, որ գյուղատնտեսությունն այս տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ հոգացության ներքո է և թե կառավարությունն ամեն ինչ անելու է` գյուղացիներին օգնելու համար: Իսկ այդ ուղղությամբ ՀՀ կառավարության ամենահերոսական քայլը, բնականաբար, պետության կողմից տրամադրվող վարկերն էին. պետությունը սուբսիդավորում է այդ գումարների մի մասը, որի արդյունքում վերջնահաշվարկում գյուղացուն հասնելու էին 10-12 տոկոսանոց վարկեր:
Այդպես ասում էին մեր բոլոր պաշտոնյաները, այս վարկերի հեքիաթի մասին խոսում էր ՀՀ նախագահը իր ելույթներում, խոսում էր ՀՀ վարչապետը, խոսում էին դրանցով զբաղվող նախարարները և արդեն թվում էր, թե այդպես էլ կշարունակեն խոսել այդ մասին մինչև խոր աշուն` բերքահավաքից հետո էլ, սակայն, ինչպես տեսնում ենք, հայ ժողովուրդը կարծես թե այդ մի փորձանքից զերծ մնաց և գյուղնախարարը արդեն սկսել է խոսել մթերումներից: Բայց քանի որ մթերումների մասին խոսակցությունը դեռ նոր է, մթերումներին դեռ ահագին ժամանակ կա` տեսնենք, թե իսկապես ի՞նչ եղան գյուղատնտեսական ցածր տոկոսադրույքներով վարկերը, ՀՀ պաշտոնյաների` գյուղացիներին պատմած հեքիաթների որ մասը իրականացավ:
Վարկերի տրամադրման գործընթացի վերաբերյալ խոսակցությունների դեռ նախնական փուլում նախագահ Սերժ Սարգսյանի այցելություններից մեկի ժամանակ բացահայտվեց, որ վարկերը վերածվել են հերթական քաշքշուկի, որը ստեղծողները թե´ բանկերն էին` իրենց հազար ու մի տեղեկանքներով, թե´ նոտարական գրասենյակներն ու կադաստրի ստորաբաժանումները` տեղեկանք տալու համար պահանջած կաշառքներով: Նախագահը զայրացավ, կարգադրեց, բայց թե նախագահի զայրույթը քա՞նի տոկոսով տեղ հասավ, դժվար է ասել:
Մեր տեղեկություններով, գյուղատնտեսական աշխատանքներ սկսելու համար գյուղացիներին տրվող վարկերը իրականում չէին տրվում, իսկ նման աշխատանքներ սկսելու օրերն ու ամիսները անցնում էին. փողը գյուղացին պետք է ստանար գարնանը, որպեսզի կարողանար ցանք անել. արդեն իսկ մարտ ամսից գյուղացիական աշխատանքները սկսվում են: Բազմաթիվ գյուղացիները ասում էին, թե վարկեր չեն տալիս, սակայն մեր հարցմանն ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, թե վարկեր տրվում են:
«Այս պահի դրությամբ ես տեղյակ եմ այլ փաստերից, մասնավորապես, մեր կողմից հատկացված ծրագրի կատարման առումով 3,5 մլրդ դրամ գյուղացիական վարկեր են տրամադրված գյուղփոխբանկի կողմից, և դա նշանակում է, որ հազարավոր գյուղացիներ այդ հնարավորությունից օգտվել են: Մեր կանխատեսումներով, մոտ երկու շաբաթվա ընթացքում այդ ծավալները կհասնեն 7 մլրդ դրամի: Այսինքն, այդքան վարկեր կտրամադրվեն: Այս պահի դրությամբ հիմնականում տրամադրում է Գյուղփոխօգնության բանկը, մոտավորապես 2 մլրդ—ից ավելի հայտեր հավաքագրվել է Արդշինինվեստբանկի կողմից»,- այսպես էր պատասխանել Տիգրան Սարգսյանը մեր հարցադրմանը:
Մենք փորձեցինք մեկ անգամ ևս ճշտել մեր տեղեկատվությունը, սակայն պատկերը դարձյալ նույնն էր: Չի կարելի ասել, թե վարկեր չեն տրվում, դրանք տրվում են, սակայն ասել, թե դրանք տրվում են հեշտորեն, կամ դրանք իսկապես ինչ-որ լուրջ գործ անելու ընդունակ գումարներ են, ուղղակի անհեթեթություն է. տրվում են 200-300 հազար դրամի չափի մի բան, որով դժվար է ասել, թե գյուղացին որ հարցին էր լուծում տալու` սերմացուի, պարարտանյութի, վարուցանքի, թե՞ կադաստրանոտարաբանկային կաշառքների:
Դրանից հետո տեղեկատվությունը փորձեցինք ևս մեկ անգամ պարզաբանել հիշյալ գործում պատասխանատու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Վարկերի տրամադրումը, պետության կողմից սուբսիադավորումը կազմակերպվում էր ՀՀ Ֆինանսների նախարարության միջոցով: Վաչե Գաբիելյանը` որպես Տիգրան Սարգսյանի իսկական կադր, տվեց նույն պատասխանները, ինչ իր շեֆը:
— Պարո´ն Գաբրիելյան, վարչապետը հավաստիացրեց, թե գյուղատնտեսական վարկեր տրամադրվում են, սակայն իրականում այդ գործընթացը ավելի քան հեռու է այն պատկերից, ինչ ներկայացվում է: Ի վերջո այդ կեղծ տեղեկատվությունը ներքևից է գալի՞ս, այսինքն բանկե՞րն են ձեզ խաբում, թե՞ վերևում է խեղաթյուրվում ինֆորմացիան, որովհետև, օրինակ, կոնկրետ Արմավիրի մարզում բազմաթիվ գյուղացիներ ահազանգում են, որ վարկեր չեն տրվում:
-Ես Ձեզ վստահեցնում եմ, որ կոնկրետ Արմավիրի մարզում տրվում են վարկեր, ուղղակի բոլոր բանկերը չէ, որ մասնակցում են այդ ծրագրին: Բանկեր կան, որ մասնակցում են, դրանք մի շարք բանկեր են, մասնավորապես, ամենախոշոր բանկը և այդ ուղղությամբ մասնագիտացված բանկը` Գյուղփոխօգնության բանկը տրամադրում է այդ վարկերը, այժմ ունի ընդհանուր առմամբ մոտ 3 մլրդ տրամադրած ամբողջ հանրապետությունում, դրա մեջ կա նաև Արմավիրի մարզը: Ավելի ուշ սկսել են միանալ նաև այլ բանկեր:
— Բայց հասկանու՞մ եք, պարո´ն Գաբրիելյան, ես ռեալ տեղեկություն եմ ասում, երբ մարդիկ գնացել են և նրանց չեն տվել, բայց Դուք ասում եք, թե տալիս են, սա ինչպե՞ս հասկանալ, գուցե Դուք ուրի՞շ երկրում եք ապրում:
— Ես ավելի քան համոզված եմ և բանկից խնդրել եմ տեղեկություն, նրանք տվել են, բայց, ամեն դեպքում, վստահեցնում եմ Ձեզ, որ Արմավիրի մարզում տրվում են նման գյուղատնտեսական վարկեր: Դա պաշտոնական տեղեկություն է, որ տվել է ԱԳԲԱ բանկը:
— Մի էսպիսի հարց, պետությունը կարո՞ղ է իր ծրագրերը իրականացնել, եթե իրականությունն էսպիսին է, գյուղացիները մի բան են ասում, բայց երբ պաշտոնյաներին ես հարցնում, իրենք միանգամայն այլ պատկեր են ներկայացնում:
— Գիտեք, բոլոր գյուղացիները չէ, որ վարկ են ստանում և բոլոր գյուղացիները չէ, որ դիմում են վարկի և բոլոր մարզերում նույն պրոցեսը նույն արագությամբ չի գնում: Բայց ես Ձեզ հավատացնում եմ, Դուք էլ կարող եք պաշտոնապես, խնդրում եմ, դիմե´ք Գյուղփոխօգնության բանկին և հարցրեք` ինչքա՞ն նման վարկ եք տրամադրել:
— Դե, ասել են, կարող եք ցուցակագրվել, բայց թե երբ կլինի, չենք կարող ասել:
— Դրանք տարբեր բանկեր են, այլ բանկեր դա սկսել են անել շատ ավելի դանդաղ, Գյուղփոխօգնության բանկը արդեն տվել է, մնացած բանկերը սկզբից հերթագրել են, և սկսել են տալ շատ ավելի ուշ:
— Արդշինինվեստբանկն է այդպես անում:
— Արդշինը, մասնավորապես, նրանք նոր են սկսել:
— Կոնվերսը ասում է` մենք էդ գծով մասնագետ չունենք:
— Հիմնական մասնակցողները Գյուղփոխօգնության բանկն է, Արդշինը, որը հավաքագրել է բազմաթիվ հայտեր, բայց հենց նոր է սկսել անել և բացի դրանից, եթե չեմ սխալվում, Պրոկրեդիտը: Կոնվերս բանկը այդքան ակտիվորեն չի մասնակցում:
Մենք հետևեցինք նաև Ֆինանսների նախարարի հորդորին և պաշտոնապես դիմեցինք «ԱԳԲԱ» բանկին, որն այս գործում առաջատարն է: Այսօրվա պաշտոնական տվյալներով, իսկ այսօր արդեն հունիսի 6-ն է և եթե վարկ պետք է տրամադրվեր, դա պետք է արվեր մինչև հիմա, Գյուղփոխօգնության բանկը տրամադրել է 11 327 վարկ, որ կազմել է շուրջ 6. 959. 496. 000 դրամ: Բանկից դժվարացան հայտնել, թե միջին հաշվով ի՞նչ գումարների մասին է խոսքը, ի՞նչ չափի գումար է տրամադրվում գյուղացիներին: Պարզագույն թվաբանական հաշվարկի պարագայում, եթե ընդհանուր գումարը բաժանում ենք տրամադրված վարկերի քանակի վրա, ստացվում է, որ միջին հաշվով տրամադրվել է 600 հազար դրամի կարգի գումար:
Հաշվի առնելով վարկերի տրամադրման պրակտիկան, թե ովքեր կարող են ԽԾԲ խողովակներով օգտվել գյուղացիների համար տրամադրված վարկերից, կարելի է մի փոքր հասկանալ պաշտոնյաների և գյուղացիների տրամադրած տեղեկատվությունների միջև եղած հակասությունները: Մնում է սպասել և տեսնել, թե մթերումների` «ok» լինելու խոստումը ինչպե՞ս է կատարվելու:
Այսօր «Ընտրություն» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀԺԿ վարչության քարտուղար, իշխանությունների հետ բանակցության պատրաստվող ՀԱԿ խմբի հինգ անդամներից մեկը՝ Ֆելիքս Խաչատրյանը, հայտարարեց, թե իշխանություն — ընդդիմություն երկխոսությունը պետք է տեղի ունենա ողջամիտ ժամկետներում, և եթե գործընթացն իշխանությունները ձգձգեն, Հայ ազգային կոնգրեսը կսկսի այլ քայլերի դիմել: Ֆելիքս Խաչատրյանը չմանրամասնեց, թե հատկապես ի՞նչ քայլերի մասին է խոսքը:
«Առանց այդ էլ, իշխանության գործողություններում ժամանակ շահելու միտում է նկատվում,- ասաց ՀԱԿ պատվիրակը՝ նախազգուշացնելով,- եթե իշխանությունը չընդունի արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀԱԿ-ի պահանջի քննարկումը, ՀԱԿ-ը կանցնի հաջորդ քայլերին»:
Ինչո՞վ կարելի է բացատրել պատվիրակություն կազմելու ՀԱԿ-ի շտապողականությունը՝ հարցին Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ՀԱԿ-ն այս հարցում շտապողականություն է ցուցաբերել։ Մեզ համար թանկ է յուրաքանչյուր օրը, և երկրի առջև ծառացած խնդիրներին լուծումներ պետք է տալ օր առաջ»:Նա համոզված է, որ Հայաստանում՝ սկսած 1998-ից, բոլոր դժբախտությունների պատճառը ոչ լեգիտիմ իշխանությունն է:
«Մենք չենք ասում, որ մեր ասածն արմատական է, մեր նպատակն իշխանությունն է, մենք ձգտում ենք ձևավորել օրինական իշխանություն»,- հայտարարեց նա՝ պատասխանելով հարցին, թե՝ հնարավո՞ր է բանակցությունների ժամանակ ՀԱԿ-ը նահանջի արտահերթ ընտրությունների իր պահանջից:
ՀԺԿ քարտուղարի հավաստմամբ, իշխանությունների հետ բանակցության պատրաստվող պատվիրակության կազմը ՀԱԿ քաղխորհուրդն ընտրել է միաձայն, չնայած՝ կարելի էր առավել ներկայացուցչական կազմ ներկայացնել։ Ինչ վերաբերում է բանակցությունների մասին ՀՀԿ-ից հնչած տարաբնույթ կարծիքներին, Խաչատրյանն ասաց, որ դրանք ընդամենը ժամանակ շահելու միտում ունեն: «Պետք է բանակցենք, հասկանանք՝ ինչ ենք որոշում: Այսօր առաջնայինը բանակցություններն սկսելն է»,- ասաց Խաչատրյանը: ՀԺԿ վարչության քարտուղարը նաև հավելեց, որ բանակցություններ սկսելը, ֆորմատը ճշտելը չպետք է երեք ամիս տևի, և իշխանությունը դրան պետք է արձագանքի ողջամիտ ժամկետներում:
ՀԱԿ-ը հայտարարում է, թե իշխանությունների հետ երկխոսության միակ թեման կարող է լինել արտահերթ ընտրությունները, մինչդեռ իշխանությունը բացառում է այդ հարցի քննարկման որևէ ձևաչափ: Այս պարագայում շատ հնարավոր է, որ երկխոսությունը դեռ չսկսված՝ տապալվի: Այս տեսակետին ի պատասխան՝ Ֆելիքս Խաչատրյանն ասաց. «Նման պարագայում միակ մեղավորը կլինի իշխանությունը։ Մեր դուռը ոչ ոքի առջև փակ չէ, միայն թե մարդիկ ազնիվ ձգտումներով գան մեզ մոտ»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է` կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Այցը կիրականացվի առավել հարմար ժամկետներում:
ՀԱԿ-ն ակնհայտորեն շտապում է ֆորմալիզացնել իշխանության հետ երկխոսության գործընթացը: Երեկ Կոնգրեսը քաղաքական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել ու հրապարակել է այն պատվիրակության կազմը, որը երկխոսելու է իշխանության հետ:
Այսօր լրագրողները ՀՀԿ-ից փորձում էին պարզել, թե արդյո՞ք իշխանությունը չի հրապարակելու իր երկխոսողների անունները, ի՞նչ չափանիշներով է կազմավորվելու իշխանության պատվիրակությունը:
Հնչել են ընդհանուր բնույթի պատասխաններ երկխոսության կարևորության մասին, բայց առաջադրված հարցին, ըստ էության, պատասխան չի եղել: Մարդիկ անկեղծորեն ասում են, որ Սերժ Սարգսյանը հանրապետությունում չէ, իսկ նման հարցեր որոշում է միայն նա:
Բայց հանրապետականները մի հարցի այսօր խիստ որոշակի պատասխաններ են տվել. նրանք միաբերան պնդել են, որ չեն պատրաստվում երկխոսել արտահերթ ընտրությունների պահանջի շուրջ: Ենթադրաբար, Սերժ Սարգսյանը, Հռոմ մեկնելուց առաջ, խիստ որոշակի տվել է այս հարցի պատասխանը:
Կանխատեսում եմ, որ նախագահը` հայրենիք վերադառնալուց հետո, կկազմավորի իշխանության պատվիրակությունը` անկախ այն հանգամանքից, թե ինչքանով է լուրջ վերաբերվում երկխոսության հեռանկարին: Նա բոլորին պետք է ցույց տա, որ հանդուրժողական վերաբերմունք ունի ընդդիմության հանդեպ և պատրաստ է բանակցել նրանց հետ, լսել ընդդիմադիրների նույնիսկ անընդունելի պահանջները:
Դարձյալ ենթադրում եմ, որ իշխանության պատվիրակությունը կկազմավորվի նույն կոալիցիոն սկզբունքով:
Դա հարմար ձևաչափ է: Նախ, նախագահը տպավորություն կստեղծի, որ գործընթացին մասնակցում են իրեն սատարող քաղաքական ուժերը և հետո` հնարավորություն կունենա ուղղակի պատասխանատվություն չկրել երկխոսության համար:
Բացի այդ, կարծես թե` Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը փուլալին են պատկերացնում երկխոսության ընթացքը: Նախ, պատվիրակությունները պետք է կարողանան զրոյական կետից առաջ շարժվել, քննարկման օրակարգ ձևավորել, ինչ-որ հարցերում համաձայնությունների գալ, ապա նոր նախապատրաստել առաջնորդների հանդիպումը:
Երկու առաջնորդներն առայժմ փորձելու են կողքից հետևել գործընթացին` չկաշկանդելով իրենց վարքագիծը, մարտավարություն փոխելու կամ եղածը սրբագրելու հնարավորությունը:
Այս օրերին Հայաստանում շատերն են ապրում ֆուտբոլով:
Վաղը, Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ.-ի առաջնության ընտրական խաղերի շրջանակներում, Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Ռուսաստանի հավաքականին:
Մեր ֆուտբոլի հավաքականը թերևս առաջին անգամ ուղեգիր նվաճելու ռեալ հնարավորություն ունի, ընդ որում` ոչ միայն տեսականորեն: Իհարկե, ես չեմ կարծում, որ այս անգամ մենք ուղեգիր նվաճելու հնարավորություն կունենանք: Գուցե այս պահին ունենք բոլոր ժամանակների մեր ամենաուժեղ հավաքականը, սակայն ուժեղ՝ համեմատության մեջ, իսկ հարաբերական ուժեղությունը եվրոուղեգիր չի երաշխավորում: Այս ընտրական ցիկլի նվաճում կլինի, եթե մեզ հաջողվի ստեղծել մարզական ուրույն բնավորություն և ձեռագիր ունեցող հավաքական, որը հաջորդ առաջնություններում արդեն կարող է հավակնոտ հայտեր ձևակերպել:
Վաղվա հանդիպման մյուս ինտրիգն ամենևին էլ մարզական չէ: Բանն այն է, որ որոշ դեպքերում մենք սիրում ենք սպորտը, մասնավորապես` ֆուտբոլը, քաղաքականացնել: Օրինակ, երբ մերոնք մրցում են թուրքերի հետ, բոլորը մոռանում են սպորտի մասին և հիշում, որ Թուրքիան մեր ոխերիմ թշնամին է: Մարզական խաղը վերածվում է Ավարայրի ճակատամարտի: Ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտն ազդում է նաև ֆուտբոլիստների վրա` կաշկանդելով նրանց մարզադաշտում:
Միանգամայն այլ տրամադրություն է Ռուսաստան-Հայաստան խաղից առաջ: Այստեղ էլ ոմանք հիշում են մեր դարավոր բարեկամության մասին: Դարձյալ տուժում է ֆուտբոլը, որովհետև «դարավոր բարեկամության» մասին մեր մակերեսային պատկերացումները ոչ մարզական խոսակցությունների ու ասեկոսեների առիթ են տալիս:
Գալով հարցի մարզական կողմին` մի քանի նկատառում անենք:
Հայաստանի հավաքականն իրոք լավն է, բայց ուղեգիր նվաճելու հարցում շատ ավելի քիչ է մոտիվացված, քան` Ռուսաստանի ընտրանին: Մյուս կողմից, վերջին խաղը, դարձյալ` նույն Ռուսաստանի հավաքականի հետ, ցույց տվեց, որ մերոնց մոտ բացակայում է նախաձեռնողականությունը, կրեատիվ ռեսուրսը:
Մի խոսքով, մերոնց հաղթելու շանսերը քիչ են, թեև` բոլորս անկեղծորեն երկրպագելու ենք մեր հավաքականին` հաղթանակ տեսնելու ակնկալիքով:
Այսօր Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը «Ծառայության ընթացիկ գործունեությունը և հետագա ծրագրերը» թեմայով ասուլիս էր հրավիրել:
Պատճառներից մեկը ԳՈՒՄ-ի շուկային կից գործող մսի տաղավարների գործունեության դադարեցման հետ կապված աղմուկն էր:
«Հայկական վարկածը» ևս անդրադարձել էր այս խնդրին՝ ներկայացնելով վաճառողների բողոքը, ըստ որի՝ կասեցումը հիմնավորված չէր:
Գ. Գրիգորյանը եկել էր հակադարձելու. «ԳՈՒՄ-ին հարակից տարածքում կրպակների գործունեության կասեցումը միանշանակորեն եղել է օրենքի սահմաններում։ Խախտվել են սանիտարահիգիենիկ մի շարք կանոններ, սննդի անվտանգության մասին օրենքի մի շարք դրույթներ։ Մենք ժամանակավորապես կասեցրել ենք և տնտեսվարող սուբյեկտներին տվել 7 օր ժամանակ՝ ուղղելու իրենց աշխատանքն ու կրպակները պատշաճ վիճակի բերելու»:
Գրիգորյանն անդրադարձավ նաև Սննդի անվտանգության տեսչության աշխատանքից ազատված աշխատողների խնդրին։ Ասաց, որ քաղաքացիական ծառայողներին աշխատանքից ազատելիս, ըստ օրենքի, պետք է ուղարկվեն ռեզերվ, ինչը տվյալ դեպքում չի արվել, և ըստ նրա՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ «հայտնվել են օդում»։ «Այդ ժամանակ ես նույնիսկ չեմ աշխատել այս պաշտոնում,- պարզաբանեց նա։- Նրանք եկել են աշխատանքի, աշխատել են՝ մտածելով, որ իրենք ռեզերվում են, և նոր ձևավորվող, վերակազմակերպվող մեր ծառայությունը պետք է այդ ռեզերվից հրավիրեր համապատասխան մասնագետների. այսպես՝ նրանք հայտնվեցին օդում»։
Ըստ Գրիգորյանի՝ հիշյալ աշխատակիցները երկու ամիս ներկայացել են աշխատանքի՝ չիմանալով՝ աշխատու՞մ են, թե՞ ոչ. «Վստահեցնում եմ, որ կառավարությունում այս հարցն իր լուծումը գտնում է, և բոլորի աշխատավարձերը վճարվելու են շատ կարճ ժամանակահատվածում։ Պարզապես հիմա հաշվարկ է կատարվում»։
Ծառայության պետը խուսափեց մեկնաբանել ստեղծված իրավիճակի պատճառը. «Չգիտեմ՝ սա անփութություն է, թե ինչ… չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ Սննդի անվտանգության տեսչության տասնյակ աշխատողներ ազատվել էին աշխատանքից և ռեզերվ չէին ուղարկվել, ինչի հետևանքով զրկվել էին հետագայում նորակազմ ծառայությունում վերականգնվելու հնարավորությունից։ Տեսչության նախկին աշխատակիցները դիմել են Քաղծառայության ղեկավար Մանվել Բադալյանին, սակայն՝ անարդյունք: Բադալյանը հավատացրել է, որ սպասում է ինչ-որ փաթեթի, որին ծանոթանալուց հետո միայն կհասկանա, թե ինչն ինչպես է արվում: Նախկին քաղծառայողները, իրենց խնդիրները բարձրաձայնելու համար, ստիպված էին երեկ բողոքի ցույց կազմակերպել կառավարության շենքի դիմաց։
Հ.Գ. Ի դեպ, այսօր մսի կրպակների գերակշիռ մասը գործում էր: Սա ի՞նչ է նշանակում, գլխավոր տեսուչը չի՞ տիրապետում իրավիճակին: Ինչպե՞ս կպատճառաբանի իր խոսքի ու իրականության հակասությունը:
Այսօր լրագրողների հետ հանդիպեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը և հիմնականում անդրադարձավ համաներման թեմային: Ըստ Հարությունյանի՝ իշխանությունները համաներում հայտարարեցին գլխավորապես միջազգային ճնշումների պատճառով, և այս համաներումը ոչ մի դեպքում չի կարող հումանիզմի դրսևորում համարվել, քանի որ իշխանությունները եթե հումանիստ լինեին՝ անմեղ մարդկանց չէին ձերբակալի, որ հետո էլ ազատեին: «Համաներումը չլուծեց քաղաքական դաշտը լիցքաթափելու խնդիրը, չէր էլ կարող լուծել, որովհետև մեր երկրի քաղաքական դաշտը լարված է ոչ թե այն պատճառով՝ համաներում կարվեր, թե չէ, այլ լարված է, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունները լեգիտիմ չեն, ՀՀ քաղաքացին զրկված է ազատ արտահայտվելու և ազատ տեղաշարժվելու իրավունքից, քաղաքական դաշտը լարված է, որովհետև սիսիանցին չի կարող գալ հանրահավաքի, ինչո՞ւ չպետք է կարողանա գալ…»,- ասաց Հարությունյանը:
Իրավապաշտպանի խոսքով ՝ համաներումը չլուծեց նաև քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը, ինչի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում չի կիրառվում վաղաժամկետ ազատման իրավունքը: «Հայաստանում վերջին շրջանում ավելի շատ կալանավոր կա, քան երբևէ եղել է: Եվ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ այս իշխանությունները հրաժարվում են կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը: Այդ պատճառով էլ մարդիկ, շարունակելով մնալ բանտերում, ծանրաբեռնում են կալանավայրերը: Բացի դրանից, դատախազությունը, ոստիկանությունը միշտ էլ դիմում են կալանավորման միջոցին` ծանր հանցագործություն է կատարել մարդը, թեթև հանցագործություն է կատարել, առաջին անգամ է, չափահաս է, անչափահաս է, որպես կանոն, ձերբակալվում է»,- ասաց Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ քրեակատարողական հիմնարկների թերբեռնմանը հասնելու համար համաներման արդյունքում բանտերից դուրս եկող մարդկանց թիվը շատ փոքր է: Վարդան Հարությունյանը վստահ է, որ բանտում չպետք է լինեն «սայթաքածները, սխալվածները, թյուրիմացաբար բանտերում հայտնվածները»:
Իրավապաշտպանն անդրադարձավ նաև Մուրադ Բոջոլյանի և Սարգիս Հացպանյանի խնդրին՝ վստահեցնելով, որ նրանք էլ շուտով ազատ կարձակվեն, նաև հիշեցրեց, որ Բոջոլյանի վրա տարածվում է ինչպես այս, այնպես էլ 2009 թ. համաներումը, սակայն իշխանության կամայականության պատճառով նա դեռևս բանտում է: Ինչ վերաբերում է Սարգիս Հացպանյանին, Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ իշխանությունները նրա նկատմամբ ընդամենը քինախնդրություն են ցուցաբերում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.