23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սահմանադրությունն առանցքային նշանակություն ունի որևէ պետության կյանքում: Նույն պնդումը չի կարելի ասել մեր երկրի համար: Այնպիսի տպավորություն է, որ մեր պետական, հանրային կյանքը կառուցված է Սահմանադրության տրամաբանությանը հակառակ:
Մեր Սահմանադրության մեջ հստակ ամրագրված են մարդու ընտրական իրավունքի, ընտրությունների օրինականության, իշխանության ընտրովիության դրույթները:
Սակայն, ինչքան էլ պարադոքսալ հնչի, Սահմանադրության ընդունումը մեզանում չի խրախուսել օրինական ընտրությունների անցկացմանը, լեգիտիմ իշխանությունների ձևավորմանը: Իհարկե, սրանում չի կարելի մեղադրել պաշտպանվելու կարողությունից զուրկ այս փաստաթղթին: Մեղավորը՝ իշխանության վերարտադրվելու մոլուցքն է, նաև՝ ժողովրդի անտարբերությունը կամ քաղաքացիական իր իրավունքները պաշտպանելու անհետևողականությունը:
Ինչևէ, խոսենք փաստերով: Սահմանադրության ընդունմանը մեկ տարի անց հաջորդեցին նախագահական ընտրությունները: Այս ընտրական գործընթացում հակադրությունը արտահայտվեց ընդդիմության կողմից խորհրդարանի շենքի գրավմամբ, ընդդիմության մոտ երկու տասնյակ ակտիվիստների կալանավորմամբ: Վազգեն Մանուկյանի կողմնակիցները և հասարակության մի մասը չընդունեցին ընտրությունների օրինականությունը, իշխանության մեջ ուժեղացավ ուժային թևը, որն ապահովել էր վարչախմբի վերարտադրությունը: Ավելորդ է ասել, որ այս ամենը հանգեցրեց իշխանության տոտալ ճգնաժամի, որը հանգուցալուծվեց 1998-ի հեղաշրջմամբ:
Նույն թվականի նոյեմբերի 10-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման առաջին ընտրությունները: «Անկյուն քշված» ընդդիմությունը դրան մասնակցել չկարողացավ: Որոշ համայնքներում պայքար կար, բայց հակադրության կողմերում իշխանության տարբեր խմբավորումներն էին: Այս ընտրությունները դժվար է օրինակելի համարել:
1998-ի նախագահական ընտրությունները ի սկզբանե դուրս եկան սահմանադրական հարթությունից: Առաջադրվեց, ապա նաև նախագահ հռչակվեց Ռոբերտ Քոչարյանը, ով սահմանադրորեն դրա իրավունքը չուներ՝ ՀՀ 10 տարվա քաղաքացիություն չունենալու պատճառով:
2003-ի նախագահական ընտրություններն այնքան վիճահարույց էին, որ Սահմանադրական դատարանը որոշեց մեկ տարի հետո հանրաքվե անցկացնել՝ նախագահի վստահության հարցով: Իհարկե, իշխանությունն արհամարհեց բարձր դատարանի այդ որոշումը: Նույն թվականի խորհրդարանական ընտրությունները կրում էին նախագահականի իներցիան:
2008-ի նախագահական ընտրություններին իշխանություն-ընդդիմություն հակադրությունը հասավ գագաթնակետին: Տասնյակ հազարավոր մարդիկ ընդվզեցին հայտարարված պաշտոնական արդյունքների դեմ, իշխանությունը դրան պատասխանեց Մարտի 1-ով: Այդ ընտրական գործընթացը խլեց տասը անմեղ մարդու կյանք, հարյուրավոր ընդդիմադիրներ տևական ժամանակ անցկացրեցին բանտերում:
Համեմատաբար հանգիստ, հետևաբար՝ նաև լեգիտիմ են եղել 1999 և 2007 թթ.-ի խորհրդարանական ընտրությունները: Դրանք, սակայն, անցել են ընդդիմության մասնատվածության, իշխանության թևերից մեկի կանխատեսելի գերակայության համատեքստում:
Առայժմ չկա որևէ երաշխիք, որ 2012 և 2013 թթ.-ի խորհրդարանական և նախագահական ընտրությունները դեմոկրատական են լինելու: Առայժմ լսում ենք փաստերով չամրագրված գեղեցիկ խոստումներ:
Լինում է չի լինում մի հայ կին է լինում: Կինն իր ընկերուհիների հետ որոշում ու գնում է նշելու ծնունդը մի ոչ հետընկած` նույնիսկ «պրեստիժնի» ռեստորանում…
«Նստած էինք մեզ համար, կողքն էլ կնունքի սեղան էր՝ կնունքավորների միջին տարիքը 30-ին մոտ, իրենց կանանցով: Սկզբում նորմալ էին՝ ուտում-խմում, պարում-ուրախանում էին: Մեկ էլ էս կնունքավորները հարբեցին, թե էլի ինչ, չգիտեմ… տարօրինակ էր, նրանք բոլորը միանգամից ու շատ շուտ հարբեցին ու սկսեցին մեր սեղանին ուշադրության նշաններ ցույց տալ: Քիչ ուշ մեզ միացավ երիտասարդ գեղեցիկ մի աղջիկ, ու ուշադրության նշաններն է´լ ավելի ակտիվացան: Մենք հայտնեցինք մենեջերին անցանկալի ուշադրության դրսևորումների ու ռեպլիկների մասին, նա էլ զգուշացրեց կնունքավորներին…
Հետո սկսվեց կեղծ ներողությունների ցուցադրական շռայլումը, որը դրսևորվում էր ամեն անգամ քիփ մեր սեղանի կողքով անցնելիս` ռեպլիկներով ու «կներեք մեզ, եթե ինչ որ բան էն չի»` ասելով: Քիչ անց եկավ ընկերուհիներիցս մեկի որդին՝ մեզ հետ մի քիչ նստելու ու մեզ հետո տուն տանելու համար: Կնունքավորները շարունակում էին հերթով մոտենալ, երիտասարդը չդիմացավ ու կնունքավորներին ասաց. «Ապեր, պետք չի էլ գալ ներողություն ասել, հասկացանք», ինչով, չգիտես ինչու, ագրեսիա ծնեց նրանց մեջ, ու նրանցից մեկը միանգամից հարձակվեց ու սկսեց հարվածել երիտասարդին:
Կանայքս միջամտեցինք, մոտեցան իրենց կողմի մարդիկ, որ կանխեն ընդհարումը: Կարծես ամեն ինչ խախանդվել էր, ես էլ կողքի էի կանգնել, ու հավաքվում էինք դուրս գալու, մեկ էլ դրսից մեկը թափով եկավ ու որքան ուժ ուներ ոտքով հարվածեց կրծքավանդակիս… Հետո բոլորը խառնվեցին ու արդեն էդ տղային ու իրենք իրար սկսեցին քաշքշել:
Իսկ սևազգեստ զենքերով անվտանգության աշխատակիցները, որոնք էդ ամբողջ ընթացքում հենց այնտեղ էլ եղել էին՝ դրսում, ու դժվար թե այդ ամենը նկատած չլինեին հենց սկզբում, նույնիսկ ներս էլ չմտան: Նրանցից մի քանիսին կանչել էին, երբ բանը բանից անցել էր արդեն:
Հետո մոտեցան, բա թե` մորքուր ջան, կներես էլի, խմած էր: Հետո, երբ ասացի` ոստիկանություն եմ զանգելու, նրանցից մեկը, ցուցադրաբար ու լկտիորեն, թե` ես ոստիկան եմ, բան ունես ասելու, ասա… Նրան էլ կողքինները արագ լիկվիդացրեցին: Բայց էդպես էլ տնօրինությունից ոչ մի պաշտոնյա մեզ չմոտեցավ: Չէ՞ որ մենք էդ ռեստորանին էինք վստահել մեր երեկոն:
Հիմա հարցն այն է` դիմել, թե չդիմել իրավապահներին: Վիրավորանքը շատ խորն է. ինչ որ մի լպստած լակոտ, առանց պատճառի ու միայն այն պատճառով, որ ինքը պիտի լակի իր քեֆն ուզածի չափ, կարող է հարվածել քեզ ու մնալ անպատիժ: Իրենք էլ էին տեսել էդ ամեն ինչը, բայց ոչ մի ընթացք չեղավ, տնօրինությունը ոչինչ չձեռնարկեց, քանի որ ես չբողոքեցի: Բժշկի էլ չեմ գնացել, արդեն 20 օր է ցավերի մեջ եմ, չգիտեմ` ինչ է վնասվել»:
Կինը զանգահարել է «օբեկտի» տերերին, նրանք էլ բավարարվել են մենեջերին գործից ազատելով: Ես նրան հորդորեցի անպայման հայտնել ոստիկանություն, գործ հարուցել, բայց նա ասաց. «Չեմ ուզում նմանին նմանով պատասխանել, չկա համարժեք պատիժ , փակելը ելք չի, թող ապրի ազատ, թող էդ էլ իմ փայ զոհաբերությունը լինի»…
Մտածում էի, որ կինը սխալ է վարվում, որ չի կարելի անպատիժ թողնել այդպիսի բաները, բայց մի քանի օր առաջ մի ֆիլմ նայեցի՝ «Վճարիր առաջ»:
Դա պատմություն է մեր մասին, մեր աշխարհի մասին ու մի 11 տարեկան երեխայի՝ Տրևորի մասին, որը դասարանում հասարակագիտությունից առաջադրանք է ստանում. «Ինչպե՞ս կարող ես փոխել աշխարհը»: Ի տարբերություն մյուսների` նա լուրջ ու յուրովի է մոտենում դրան, մտածելով մի համակարգ, որի արդյունքում աշխարհը կփոխվի: Նա լավություն է անում երեք հոգու, իսկ այդ երեքին հորդորում է լավություն անել մեկ այլ երեք հոգու ու ոչ մի դեպքում՝ իրեն: Ու այդպես` շղթան տարածվում է, Լաս Վեգասից հասնում է Կալիֆորնիա, Նյու Յորք, հասնում է մի լրագրողի, ու այդ շղթայի մեջ մեկը ավտոմեքենա է նվիրում` ասելով` վճարիր առաջ: Լրագրողը քանդում է տրամաբանական շարքը ու գալիս հասնում է Տրևորին: Նկարահանում են նրան, նա խոսում է` ասելով բիբլիական հայտնի ճշմարտություններ, իսկ մի քանի րոպե անց նրան սպանում են իր իսկ հասակակիցները, երբ նա փորձում է պաշտպանել խուլիգանների հարձակման զոհ դարձած իր թույլ ընկերոջը:
«Հասկանու՞մ եք, մարդիկ վախենում են ընդունել, որ աշխարհը կարող է փրկվել: Մարդիկ` որոնք սովոր են, որ ամեն ինչ պետք է լինի ինչպես միշտ: Նրանք չեն ուզում ոչինչ փոխել, նրանք բարձրացնում են ձեռքերը, և այդ ժամանակ պարտվում են… Դա շատ բարդ է՝ պետք է ուշադիր նայել մարդկանց, պաշտպանել նրանց, որովհետև… մարդիկ ոչ միշտ են հասկանում, թե ինչ է իրենց պետք: Դա նման է նրան, երբ ուզում ես ինչ-որ փչացած բարդ բան սարքել, ոնց-որ մարդ նորոգես»,- ասում էր Տրևորը:
Խուլիգանին դատի տալու կամ պատժելու հորդորս դադարեցրի… Ես հիմա մտածում եմ` գուցե՞ այդ պատանյակը, որ հրեշտակի նման կինոյի միջոցով հայտնվեց, այն էլ` 11 տարի առաջ, բոլորը տեսել էլ են, գիտեն էլ, ու հենց այս օրերին հասավ ինձ, երբ պետք էր, տվեց աշխարհը փոխելու բանաձև, ճի՞շտ է:
Գուցե հենց իմ իրական հեքիաթի կինն էլ պետք է սկսի այդ շղթան… Մի քիչ այլ ձևով՝ գուցե հայավարի, քրիստոնեական մոտեցումով՝ չանել ուրիշին այն, ինչը չես ուզի, որ քեզ անեն: Ի վերջո, Տրևորը նոր ոչինչ չէր հորինել, որ լիներ, նա միայն հիշեցրել էր՝ լավություն անելով պարտադրել վստահություն ու նոր լավություն՝ առաջ, ու էդ ամենը հիմնված էր միմիայն վստահության վրա՝ երբ դու լավություն ես անում մեկին, չգիտես չէ՞, նա քեզ կպատասխանի, թե ոչ: Իսկ այստեղ ավելի խորը պետք է լինի վստահությունը, քան «դու ինձ, ես քեզ»-ի դեպքում, երբ դու ինքդ կիմանաս, այս դեպքում դու չես էլ իմանա, բայց դա արդեն քո պրոբլեմը չի, այլ նրանը, ով ընդհատել է «Վճարիր առաջ» շղթան:
Չգիտեմ, դուք ասեք: Ի՞նչն է կարևորը. նստեցնել տալ կնոջ վրա ոտք բարձրացրած «հաբռգած» երիտասարդին, որտեղ նա հաստատ կծանոթանա քրեական աշխարհի կեղտերին, ու չի բացառվում, որ վերջնականապես դառնա կե՞ղտ, թե՞ թողնել ազատ, ներել՝ դրանով իսկ նրան ներառելով «Վճարիր առաջ» շղթայի մեջ, որտեղ նա ունի փոխվելու հնարավորություն ու իր հերթին` մեկ ուրիշի, այս դեպքում իրեն ցավ պատճառողին ներելու… քրիստոնեաբա՞ր, թե՞ մարդկայինով, թե՞ ապուշի նման, թե՞ մեծահոգաբար…
Ո՞նց, ո՞րն է ճիշտը, նույնիսկ ըստ ֆիլմի` շղթան սխալ է դուրս գալիս, չէ՞ որ Տրևորին, որն ամենաբարի մղումներով մի բարի հրեշտակ էր՝ սպանեցին… Չէ՞ որ «լավություն անողի գլուխը ծակ է»…
Ես համոզված եմ, որ անշահախնդիր լավությունը կփրկի աշխարհը, անշահախնդիր բարեգործությունը միմիայն կարող է բարիք բերել, անշահախնդիր, նույնիսկ ի վնաս քեզ արված լավությունը, ասում են, բումերանգի պես է, միշտ հետ է գալիս, բայց ես ուզում եմ, որ քեզ հետ չգա, գնա ուրիշին, ու աշխարհը դառնա ավելի բարի…
Անո՞ւմ ես անհատույց լավություն ուրիշին, պատրա՞ստ ես վճարել առաջ: Դե´ ուրեմն՝ միացիր:
Հ.Գ. Գուցե քացի տվող երիտասարդը կարդա՞ ու հասկանա, որ ինքը հիմա շղթայի մեջ է, ու իրենից է կախված աշխարհը փոխելու իր բաժինը…
“Վճարիր առաջ” ֆիլմը օնլայն
Երբ ոստիկանները հետապնդում են ընդդիմության ակտիվիստներին, նրանցից ոմանց ձերբակալում կամ խոշտանգում են, շատ վատ է: Դա ցույց է տալիս, որ իշխանությունը չի կարողանում արգումենտավորված հակադարձել իր ընդդիմախոսներին և նրանց դեմ ուժ է կիրառում: Մարտի 1-ը դրա վառ դրսևորումն է: Նույնը կատարվում է նաև այլ ավտորիտար երկրներում: Օրինակ, Բելառուսում զանգվածաբար ձերբակալվում են մարդիկ, ովքեր հանդգնել են մասնակցել անձայն բողոքի ակցիային: Այս ակցիան կազմակերպիչ չուներ և չէր սպառնում իշխանությանը, Բայց Լուկաշենկոյի տիպի մարդկանց համար վտանգավոր է ամեն բան, որը դուրս է իր վերահսկողությունից:
Չարդարացված ուժը ծնում է հակազդեցություն, անվստահություն: Մարդիկ, ովքեր պարբերաբար նվաստացվում են, զրկվում են ընտրելու և կարծիք հայտնելու իրավունքից` դիմում են պայքարի ծայրահեղ միջոցների: Լավագույն դեպքում` տեղի են ունենում իրադարձություններ եգիպտական կամ թունիսյան սցենարներով:
Անհանդուրժողականության հիմնական կրողը իշխանությունն է, որովհետև նա է տիրապետում ավելի մեծ ռեսուրսների, ունի պատժիչ ֆունկցիաներ:
Սակայն միթե՞ ընդդիմությունը մեղք չունի, երբ երկրում ստեղծվում է անհանդուրժողականության միջավայր:
Իհարկե, ունի:
Օրինակ, երբ 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո մարդիկ անվայելուչ էին արտահայտվում իշխանությունների հասցեին, հասկանալի էր: Դեռ թարմ էր կորստի ցավը, հազարավոր ընդդիմադիրներ ծեծվել ու խոշտանգվել էին, նրանցից տասը` զոհվել:
Բայց, օրինակ, երբ երեկվա հանրահավաքում անվայելուչ արտահայտություններ էին հնչում տարբեր իշխանավորների հասցեին` դա դուրս էր բանականության սահմաններից, ոչ ադեկվատ այսօրվա իրականությանը, իշխանություն-ՀԱԿ հնարավոր երկխոսության համատեքստին: Ցավալի է, երբ լուրջ դերակատարման հավակնող ընդդիմադիր գործիչը ոչ թե փաստարկված քննադատում է վարչապետին, այլ` փորձում է ամեն կերպ անվանարկել նրան:
Երբ իշխանությունը գործի է դնում ոստիկանական մահակը, նվաստացնում է քաղաքացուն: Երբ ընդդիմությունը հայհոյանքը դարձնում է պայքարի միջոց, լյումպենացնում է հասարակությանը: Նվաստացած ու լյումպենացած հասարակությամբ արժանապատիվ երկիր չես կառուցի:
Այսօր, երբ «Ընտրություն» ակումբում հյուրընկալել էի Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին` ակամա մտածում էի «երրորդ ուժ» կոչվածի պոտենցիալի, հնարավորությունների, մեր քաղաքական համակարգում նրա տեղի ու դերի մասին:
Իրենց «երրորդ ուժ» համարողները անպայմանորեն իրենց դուրս են դնում Սերժ Սարգսյանի իշխանության ու Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ-ի ազդեցությունից և համարում են, որ ունեն առաքելություն, որը չեն իրականացրել առաջին երկու համարի տակ հանդես եկող ուժերը:
Որ Հայաստանում իշխանությունը ավտորիտար է, կոռումպացված, ոչ կրեատիվ, որևէ մեկ համար գաղտիք չէ: Վերջերս նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են դրա մասին բարձրաձայնում: Իհարկե, նրանք այդ արատները բարձրաձայնում են, որ վերջում անպայման խոսեն այն տիտանական բարեփոխումների մասին, որոնք մտադիր է իրականացնել իրենց նախագահը` երկրում վիճակը շտկելու համար: Հասարակության մեծ մասն այդ բարեփոխումներին չի հավատում:
Որ ՀԱԿ-ը նույնպես ամբողջ հայ ժողովուրդը չէ կամ նույնիսկ` ողջ ընդդիմությունը, դա նույնպես ճշմարտություն է, որը որևէ բանական մարդ չի վիճարկում:
Որ Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի ստեղծած համակարգերն իրար նման են` դեմոկրատիայի մեխանիզմների և որոշումների կայացման լեգալ մեխանիզմների անտեսման առումով, դարձյալ ակնհայտ է:
Սակայն նույնիսկ այս համատեքստում «երրորդ ուժ» տերմինը մեզանում մնում է սոսկ խոսակցություն` չդառնալով միս ու արյուն:
Ու խոսակցություն էլ կմնա, որովհետև «երրորդ ուժի» հավակնորդներն` իրենց վարքագծով, արժեհամակարգով չեն տարբերվում առաջին երկու բևեռներից:
Հասարակությանը հայտնի են գործող և առաջին նախագահների թերությունները, և եթե ինչ-որ մեկը դա բարձրաձայնում է` բավարար չէ, որ նա արժանանա հասարակության վստահությանը: Ժողովուրդը գիտի, որ գործող քաղաքական համակարգը չի սպասարկում իր շահերը, սակայն նույն այդ ժողովուրդը նոր հայտ ներկայացնող ուժերից ակնկալում է ոչ թե իրականության մակերեսային քննադատություն, այլ` լուծումների, նոր մոտեցումների ձևակերպում: Մեր «երրորդուժականները» դա չեն անում. նրանց քաղաքական պոտենցիալը, մտավոր ռեսուրսը չեն բավականացնում անգամ գործող իշխանությանը կամ ընդդիմությանը որակյալ քննադատելու համար:
Որ ամենակարևորն է` մեր պոտենցիալ «երրորդուժականների» արժեհամակարգը դարձյալ հիմնված է ավտորիտար մտածողության վրա` մարդու, քաղաքացու մերժումով: Նրանք նորը ստեղծելու խնդիր, հնարավորություն չունեն ու ուզում են ունենալ այն ռեսուրսները, որոնց արդեն տիրապետում են քաղաքական դաշտի հիմնական խաղացողները: Ժողովուրդն էլ գերադասում է գործ ունենալ Սերժի ու Լևոնի հետ, որովհետև նրանք գոնե ինտելեկտ ու փորձառություն ունեն:
ՀԱԿ այսօրվա հանրահավաքն առաջինն էր երկխոսությանը վերաբերող Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարությունից հետո: ԼՂ խնդրով կազանյան ինտրիգը տեղի չէր ունեցել եւ ենթադրելի էր, որ հենց երկխոսության թեման է հիմնականը լինելու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթում:
Բայց մինչ ՀԱԿ առաջնորդի ելույթին անդրադառնալը՝ երկու հանգամանքի վրա հրավիրենք ընթերցողի ուշադրությունը:
Նախ, այսօրվա հանրահավաքը նախորդների համեմատ էապես սակավամարդ էր, ինչը դժվար է միայն շոգ ամառվա հանգամանքով պայմանավորելը: Այնուամենայնիվ, տեղ ունի այն պնդումը, որ որոշակի խզում է առաջացել ընդդիմության հարթակի եւ շարքերի միջեւ:
Հավանաբար, այս փաստը նկատել են նաեւ ՀԱԿ ղեկավարները եւ պատահական չէ, որ այսօրվա ելույթներում կարելի էր հանդիպել նախորդ մի քանի ամիսներին մոռացված այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ավազակապետություն», «թաթար-մոնղոլական իշխանություն» եւ այլն:
Իհարկե, այս ամենը կարող է խոսել հռետորաբանության եւ ոչ թե՝ մարտավարության որոշակի փոփոխության մասին: Գոնե՝ առայժմ, առաջիկա մեկ-երկու ամսվա կտրվածքով:
Ականհայտ է, որ առաջիկա ամիսներին ընդդիմությունը զերծ կմնա ակտիվ հրապարակային գործողություններից՝ իր ուշադրության կենտրոնում պահելով Մարտի 1-ի գործով վերաքննությունը: Անկեղծ ասած, նախաքննության խմբի գործողությունները քննադատության բավարար հիմքեր ստեղծում են: «Թեև իրավապահ մարմինները, կարծես թե, փութաջանորեն լծվել են Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականի (20.04.2011) կատարման գործին, բայց տպավորություն է ստեղծվում, որ մենք կրկին ականատես ենք դառնում նիկոյանական տիպի մի նոր խեղկատակության։ Պատճառներից մեկը թերևս տվյալ հանձնարարականի անորոշությունն է, քանի որ նրանում ընդամենը «թափ և ընդգծված ակտիվացում է ակնկալվում մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում»։ Մինչդեռ խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակությունը և միջազգային հանրությունը հստակորեն պահանջում են ոչ թե մարտի 1-ի դեպքերի, այլ կոնկրետ տասը սպանությունների բացահայտում՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով, առաջին հերթին, ոճրագործության պատասխանատուների նկատմամբ ուշացած արդարադատության իրականացմամբ… Քանի դեռ այդ սպանությունները չեն բացահայտվել, զոհերի ընտանիքներն ու վիրավորները բավականաչափ նյութական փոխհատուցում չեն ստացել և ոճրագործները չեն կանգնել դատարանի առջև, արդարադատության նկատմամբ հասարակության վստահության վերականգնման և ներազգային համերաշխության մթնոլորտի հաստատման մասին անիմաստ է խոսել՝ հանգամանք, որն իրենց վերոհիշյալ զեկույցներում հարկ են համարել հատուկ ընդգծել նաև Պրեսկոտը, Ֆիշերն ու Համմարբերգը»,- մի քանի ժամ առաջ հայտարարեց Տեր-Պետրոսյանը։
Մարտի 1-ի բացահայտման թեման ՀԱԿ համար առաջնայինն է լինելու առաջիկա ամիսների քաղաքական գործընթացում, գուցե՝ նաեւ առաջիկա ընտրարշավի օրակարգում: Ասենք, չի բացառվում, որ առաջիկա շաբաթներին ՀԱԿ-ը պաշտոնապես պահանջի փոխել քննություն իրականացնող խմբի կազմը կամ հարցաքննության կանչել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ այլն:
Երկխոսության ձեւաչափի եւ բովանդակության հարցում, դատելով Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթից, ՀԱԿ-ը չի վերանայել իր մոտեցումները, իհարկե՝ առայժմ չվերանայելով նաեւ որդեգրված «երկխոսության պատուհանը բաց է» մարտավարությունը: «Այդպիսի երկխոսություն չի լինում, որովհետև ցանկացած երկխոսություն կողմերի հավասարություն է ենթադրում։ Հետևաբար, որքան էլ իշխանությունը համառի, միևնույն է, վերջիվերջո մեզ հետ խոսելու է պատշաճ, այսինքն՝ պատվիրակության մակարդակով… Երկխոսություն՝ այո՛, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ, որոնցից գլխավորը արտահերթ ընտրությունների անցկացումն ու սահմանադրական կարգի վերականգնումն է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր նպատակը ոչ թե անպայման իշխանության հասնելն է, այլ օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորումը։ Եթե արդար ընտրությունների արդյունքում հաղթի որևէ այլ քաղաքական ուժ, այդ թվում ներկա իշխանությունը, մենք առաջինը կշնորհավորենք նրան։ Սկզբունքի տեսակետից՝ դա Կոնգրեսի և անձամբ ինձ համար գուցե ավելի մեծ հաղթանակ լինի, քան իշխանական աթոռներին բազմելը… Ուստի որքան էլ մեր իշխանավորները համառեն ու փորձեն ժամանակ ձգել, միևնույն է, նրանք վաղ թե ուշ կանգնելու են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարկադրանքի առջև… Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, և առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, և մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»,- սրանք հատվածներ են Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ երկխոսությանը նվիրված հատվածից։
Ըստ այդմ, անենք մի քանի նախնական հետեւություն
- Առաջիկա մեկ-երկու ամսում ՀԱԿ մարտավարությունը չի փոխվելու, եւ Տեր-Պետրոսյանի թիմը սպասելու է, որ իշխանությունը ընդունի երկխոսության իր կանոնները: Մարտավարության փոփոխություն կարող է լինել միայն սեպտեմբեր — հոկտեմբեր ամիսներին, սակայն հասարակությունը դա կարող է ընկալել ոչ թե ընդդիմության գործողությունների ակտիվացման, այլ՝ մոտեցող ընտրական կամպանիայի համատեքստում:
- Ընդդիմությունն անընդհատ խոսում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտւթյան կամ անխուսափելիության մասին, սակայն չի բացահայտում, թե ինչպես է հասնելու դրանց, եթե իշխանությունը նույն համառությամբ հրաժարվի դրանք անցկացնել: ՀԱԿ-ի շուրջ քաղաքական եւ հասարակական կոնսոլիդացիայի այսօրվա մակարդակը թույլ չի տալիս, որ այդ քաղաքական միավորը սեփական ուժերով կարողանա հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը:
- «…ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, և մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»: Տեր-Պետրոսյանի այս արտահայտությունն երկիմաստություն եւ որոշակի հակասություն է պարունակում: Նախ, այս գլխից էլ պարզ է, որ իշխանություններն ինքնակամ չեն կապիտուլացվելու, հետեւաբար՝ ո՞րն է սպասելու իմաստը: Եվ հետո, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀԱԿ-ը նոր-նոր, այն էլ՝ սեպտեմբերին է պահանջելու գործող նախագահի հրաժարականը:
Իսկ ո՞ւմ հրաժարականն էր պահանջվում երեք տարի շարունակ: Միթե՞ երեք տարի շարունակ դա չի եղել ընդդիմության գլխավոր ու, ըստ էության, միակ պահանջը:
«Հարավ- կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սպասում են ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի մոտալուտ պաշտոնանկությանը, իսկ «Երկաթգիծը» պաշտոնապես հերքում է այս մասին լուրերը։ Պաշտոնանկության բուն պատճառը պարզ չէ։ Շայդուլինի մերձավորները տարածում են վարկած, որի համաձայն «Ռուսական երկաթգծի» ղեկավարությունը որոշել է նրան տեղափոխել կենտրոնական ապարատ, քանի որ նման փորձառու մասնագետի և կառավարչի ուժերն ավելի կարևոր հանգույցներում են անհրաժեշտ, քան շրջափակումներից այդպես էլ դուրս չեկած Հայաստանն է։ Ռուսական իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, որոշ գործարքներով Շայդուլինը վերջերս հայտնվել է ՌԴ հատուկ ծառայությունների տեսադաշտում, և վերջիններս Շայդուլինի դեմ նյութեր են նախապատրաստում։ Հիշեցնենք, որ ժամանակին հայկական մամուլում տեղեկություններ հայտնվեցին ռուսաստանյան այս պաշտոնյաի ահաբեկիչների հետ կապերի մասին ։ Բացառված չէ, որ հենց այս պատճառով է ազգությամբ թաթար Շևքեթն արժանացել Մոսկվայի իրավապահների ուշադրությունը։ Ինչպես հայտնի է, Մեդվեդեվի աշխատակազմը լուրջ գործունեություն է սկսել կոռուպցիայի և ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ, շաղկապելով այս երկու գործընթացը։ Հիշեցնենք նաև, որ Շայդուլինը ղեկավարում է «Հարավ- կովկասյան երկաթուղին» 2008 թվականից, իսկ մինչ այդ Սվերդլովյան երկաթուղու տնօրենն էր, բայց 2007 թվականի մարտին տեղի ունեցած տասնյակ բեռնատար վագոնների խոշոր վթարներից հետո նրան ազատեցին այդ պաշտոնից։ Սակայն սա Շայդուլինի միակ «թերությունը» չէր։ Մինչ այդ, 2005 թվականին «Ռուսաստանյան երկաթգիծ» ԲԲԸ ղեկավարությունը ստուգումներ էր անցկացրել Սվերդլովսկի իր մասնաճյուղում և բացահայտել էր, որ Շևքեթ Նուրալիյեվիչը 1 մլրդ 666 հազար ռուբլու վնաս է հասցրել պետությանը։ Ռեվիզիան 635,5 մլն ռուբլու չհաշվառված եկամուտ և ակտիվներ էր հայտնաբերել, կապիտալ շինարարության ծախսերի 47 մլն-ից ավելի գերազանցումներ, փաստաթղթերում չֆիքսված սև փողեր և այլն։ Պետության հաշվին նա մոսկովյան իր շքեղ պալատի ծախսերն էր փակում, բնակարաններ էր բաժանում իր մերձավորներին, որոնց բերել էր Նիժնի Նովգորոդից, «լավ մարդկանց» պաշտոններ էր բաժանում, հետագայում իրեն մուծվելու պայմանով։ Այս ամենի մասին հիշատակել է այդ տարիների ռուսական մամուլը։ Թե ինչպես հայտնվեց այսքան փայլուն աշխատանքային կենսագրություն ունեցող անձը Հայասատանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույցի ղեկավարի պաշտոնում, կարծում եմ, ազգային անվտանգության հարց է։ Տեղեկություններ կան, որ Հայաստանում նրա հարաբերությունները գործարարների հետ հարթ չեն եղել։ Մեր աղբյուրների թվում են Շևքեթ Նուրալիեվիչի կողմից քցված մարդիկ, որոնք վստահեցնում են, որ նա բարեխիղճ չէ ֆինանսական գործարքներում։
Վաղն Ազատության հրապարակում կայանալու է ՀԱԿ հերթական հանրահավաքը, որն առաջինն է լինելու իշխանություն-ընդդիմություն երկխոսության վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ երկրի նախագահը սկզբունքորեն ողջունել էր երկխոսության գաղափարը, սակայն, ըստ էության, մերժել էր այն օրակարգն ու ձևաչափը, որն առաջարկել էր ՀԱԿ-ը:
Այս իրավիճակում, մանավանդ` այն բանից հետո, երբ Կազանում բեկում չարձանագրվեց ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը երկու ճանապարհ ունի: Վաղվա հանրահավաքը կոչված է բացահայտելու ՀԱԿ մարտավարության ընտրությունը:
ՀԱԿ-ը կարող է արմատականացնել իր դիրքորոշումն ու վարքագիծը, արձանագրել, որ իշխանության հետ երկխոսության պատուհանն այլևս փակված է, հայտարարել իշխանության հետ ջրբաժանի մասին: Սա կենթադրի նաև վարքագծային փոփոխություն, հանրահավաքների հաճախակիացում, հեղափոխական վիճակ ստեղծելու ձգտում: Արտաքուստ այս տակտիկան գրավիչ է, մանավանդ որ` ընդդիմության շարքերի մի ստվար մաս հենց դա է ուզում: Բայց եթե դուրս գանք էմոցիոնալ հարթությունից, դժվար չէ նկատել, որ այս պահին Հայաստանում հեղափոխական զարգացումների սցենարն աշխատող չէ, ու եթե ՀԱԿ-ը գերապատվությունը տա ձախողման դատապարտված տակտիկային, կորուստներ է կրելու հեռանկարային իմաստով: Ասենք, կարելի է հեռու չգնալ և հիշել Հայաստանի ընդդիմության 2004-2007 թթ.-ի գործունեությունը, երբ «հեղափոխություն» բառն ամենապոպուլյարն էր, նշանակվում էին հեղափոխության կոնկրետ օրեր ու ժամեր: Արդյունքում` չիրականացված հեղափոխության ոչ մի հեղինակ չհայտնվեց անգամ խորհրդարանում, որովհետև մինչև 2007-ի ընտրություններն ընդդիմադիր բոլոր ուժերը ժողովրդի աչքին արժեզրկվել էին:
ՀԱԿ-ն ունի երկրորդ ճանապարհը, որով հավատարմություն է հայտնվում երկխոսության գաղափարին և պատրաստակամություն է հայտնվում որոշակի զիջումների գնալ երկխոսության օրակարգի և ձևաչափի հարցերում: Սա գուցե Տեր-Պետրոսյանին այս պահին զրկի համակիրների որոշակի հատվածից, բայց մանևրելու մեծ դաշտ կտա, թույլ կտա երկրում ձևավորել մրցակցային միջավայր` խորհրդարանական և նախագահական հերթական ընտրություններից առաջ: Մրցակցությունը պետք է որ չմտահոգի առաջին նախագահին. նա ունի բավականին որակյալ թիմ` թե փորձառության և թե մտավոր ներուժի առումով:
Սրանք մեր վարկածներ էին, իսկ ընդդիմության վարկածի մասին կխոսենք վաղվա հանրահավաքից հետո:
Երևանի թաղապետարաններում իրարանցում է սկսվել: Կառավարության ներկայացրած և Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքը դեռ պատգամավորները չէին հաստատել, բայց թաղապետերն արդեն իրար էին անցել: Բոլոր համայնքներում ծանոթները, անծանոթներն էլ իրենց հերթին ծանոթ խաղացնելով` փորձում են տարածք ձեռք գցել ավտոկայանատեղի համար: Իսկ այս օրենքով շուտով սա դառնալու է շահավետ բիզնես, թեև մինչ օրենքի ընդունումն էլ կայանատեղի ունենալը վատ գործ չէր: Մեկ ժամ կայանման համար վարորդները շուտով ստիպած կլինեն վճարել 300դրամ, մեկ օրը`2500 դրամ:
Բնական է, որ ամենամեծ «ստավկան» քաղաքի կենտրոնում է լինելու:
Մեր տեղեկություններով, Կենտրոնի թաղապետ Գագիկ Գյանջումյանը հաջողել է գործարք կնքել անգամ քաղաքապետարանի քթի տակ գտնվող տարածքի համար: Ընդ որում, տարածքի վերաբերյալ պայմանագիր կոչվածը կնքվել է մինչև հիշյալ օրինագծի հաստատումը, այսինքն` անօրինական ճանապարհով: Բեյրութի փողոցի երկայնքով շուրջ 200 քմ տարածք, քմ –ն` ամսական 1000 դրամ վարձավճարով տրամադրվել է մեկ մարդու: Տարածքը հանձնվել է տվյալ անձին` «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ. առանց մրցույթ հայտարարելու պայմանագիր է կնքվել, և տարածքը տրվել է նրան, ով ցանկություն է հայտնել:
Նույն կերպ, շուտով, ոմանք գերշահույթներ կստանան նաև Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի հետևի փողոցի երկայնքով վարձակալության վերցված տարածքը որպես ավտոկայանատեղի շահագործելու ճանապարհով: Արդեն իսկ դատարանի պատերին փակցված է «վճարովի ավտոկայանատեղի» մակագրությունը` հասկացնելով բոլորին, որ հենց այնպես կայանել չի կարելի, դրա համար հարկավոր է վճարել նրան, ով կարողացել է տեր դառնալ հիշյալ կայանատեղիին: Իսկ կարծել, թե դատարանին չառնչվող որևէ մեկը կարող էր տեր դառնալ դատարանի շենքին հարակից տարածքին և փող աշխատել դատարանի հետ առնչվողների մեքենաների կայանման հաշվին` միամտություն է:
Ավագանու խորհրդի վերջին նիստում պետք է ընդունվեր մի որոշում, համաձայն որի` ստեղծվելու էր «Երևան Տրանսպորտ Օփերեյշն» անվամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ըստ երևույթին, հենց այս ընկերությանն էր բաժին հասնելու ավտոկայանատեղիները շահագործման հանձնելու և վերահսկելու գործառույթը: Այս որոշումը, սակայն, ինչ-ինչ նկատառումներից ելնելով` հանվեց օրակարգից: Դե, քանի որ հիշյալ ոլորտը կանոնակարգող մարմին չկա, ավագանին էլ գնաց արձակուրդ, թաղապետերի ձեռքերն ազատ են արձակվել: Իսկ մինչև քաղաքապետարանում գլխի ընկնեն, թե Երևանի վարչական շրջաններում ինչ է կատարվում, վարչական շրջանների ղեկավարները ինչ գործարքներ են կնքում, քաղաքում երևի այլևս ազատ տարածք չի մնա. ինչ-ինչ, բայց թաղապետերը կատարելապես տիրապետում են տարածքներ ծախելու գործին:
Հ.Գ.Օրենքն ինքնին լավն է, դա թույլ կտա քաղաքի մայթերը անանցանելի դարձնող մեքենաները ապահով ու հարմարավետ կայանել, ինչի համար տրամաբանական է վճարելը: Մեզանում օրենքները տեսականորեն բոլորն էլ լավն են, կիրառելուց է, որ դառնում են գործիք ճարպիկների ձեռքին:
Հետաքրքիր է, որ օրենքում որևէ կետ չկա, թե ինչ պատասխանատվություն է ենթադրվում կարգազանց կայանողի համար: Հոդված 16‑ում նշված է`1. Ավտոկայանատեղի տուրք չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Սա իհարկե ազատում է կայանատեղիի տերերի ձեռքերը վարվելու այնպես, ինչպես հարմար են գտնում:
«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում Մենուա Հարությունյանին փոխարինել է Հանրային հեռուստաընկերության մի քանի հաղորդումների հեղինակ Արտակ Ալեքսանյանը:
Կադրային այս փոփոխությունն ուղղակիորեն կապ ունի ներիշխանական վերադասավորումների հետ: Մենուային իշխանության վերնախավում վաղուց չէին վստահում: Նա վայելում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ խորհրդարանի միջանցքներում խորհրդարանի խոսնակի գովքն անող Վարդան Այվազյանի անվերապահ աջակցությունը:
Սակայն Մենուան նաեւ սերտ հարաբերությունների մեջ է ընդդիմադիր գործարար Խաչիկ Սուքիասյանի հետ: Մեր ունեցած տեղեկություններով`նրանք կապված են քավոր-սանիկական հարաբերություններով: Լուրեր կան, որ Մարտի 1-ի դեպքերից հետո Մենուան նույնիսկ հանդիպում է ունեցել Սուքիասյանի հետ` վերջինիս արտերկրում գտնվելու ժամանակ:
Ինչ վերաբերվում է Ալեքսանյանին` նա համարվում է նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի թիմի մերձավորը:
Հուլիսի 3-ին Արարատում քաղաքապետի ընտրություններ են:
Տեղական ընտրությունների պարագայում հետաքրքրությունն առանձնապես մեծ չէ, դրանցում սովորաբար մեկ թեկնածու է մասնակցում` կանխատեսելի հեռանկարով:
Արարատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է երկու թեկնածու` գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանը և նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը: Վերջինն այսօր մեր կայքին կից գործող «Ընտրություն» ակումբի հյուրն էր: Սպասում ենք, որ մոտ օրերս մեր հյուրը կլինի նաև գործող քաղաքապետը:
Ակնհայտ է, որ Արարատում նախընտրական լարվածություն է: Սա նշանակու՞մ է արդյոք, որ Արարատում իրական մրցակցություն է լինելու:
Հազիվ թե, որովհետև ընտրարաշավն, ըստ էության, քաղաքական չէ, և երկու թեկնածուներն ավելի շատ մեղադրում են միմյանց, քան` ծրագրեր ներկայացնում:
Նրանք երկուսն էլ քաղաքական հայացքներ չունեն և, առիթի դեպքում, ճգնելու են համոզել, թե որքան հավատարիմ են երկրի գործող իշխանությանը:
Նրանք երկուսն էլ, մեծ հաշվով, մոռացել են արարատցուն և նրան հիշում են ընտրությունից ընտրություն:
Այնքան էլ էական չէ, թե երկու թեկնածուներից ով է ընտրվելու քաղաքապետի պաշտոնում: Արարատցիների մեծամասնության համար այդ ընտրությունը որևէ բան չի փոխելու: Շահելու է մեկի կամ մյուսի շրջապատը:
Բայց կոնկրետ այս ընտրարշավում դրական մի բան կա. դա այն է, որ երկու թեկնածուներն էլ կարևորում են ԶԼՄ-ների դերը, կնշանակի, որ նրանցից ոչ մեկի համար վերևի «դաբրոն» միանշանակ չէ: Հայաստանի տիպի երկրներում թեկնածուներից որևէ մեկին միայն դրա համար է պետք գալիս հասարակական կարծիքի անհրաժեշտությունը, թեկուզ` իմիտացիայի մակարդակում:
Իմիտացիան էլ հենց խնդրի բացասական կողմն է, որովհետև կոնկրետ թեկնածուների համար կարևորը ոչ թե արարատցու աչքին դրական երևալն է, այլ` «դաբրոների» փնտրտուքի արանքում դրական իմիջ ձեռք բերելը: Արարատի մարզում բարձրաստիճան, ազդեցիկ պաշտոնյաների պակաս չկա: Ա~յ, նրանց համար են փորձում լավը երևալ թեկնածուները, որովհետև նրանց ցանկությամբ են պարտվում կամ հաղթում ընտրություններում:
Բայց սա ավելի լավ է, քան` ընտրությունները, որոնցում ընդամենը մեկ թեկնածու է, որը ֆեոդալի կարգավիճակով հետևում է ընտրություններում իր «փայլուն» հաղթանակին:
Թե Թովմասյանը և թե Բաբայանն այսօր հավատարմություն են հայտնում գործող իշխանությանը` իրենց հազար կիլիոմետրով հեռու պահելով ընդդիմությունից: Բայց միայն այն հանգամանքը, որ Արարատի քաղաքապետի այս ընտրություններում հաղթողը կանխավ հայտնի չէ` հույս է ծնում, որ գոնե հաջորդ ընտրություններում կլինի նաև թեկնածու, որն իր հայտը կներկայացնի ոչ թե «վերևի» «դաբրոն» ստանալու հույսով, այլ` որովհետև ծրագիր կունենա ու ընտրություններին կմասնակցի` դրանց կանխորոշվածությունը բացառելու, իր ծրագրի ուժը գիտակցելու մոտիվով:
Երբ մենք հարթակ ենք տրամադրում Արարատի քաղաքապետի այսօրվա թեկնածուներին, վաղվա համար նման հույսեր ենք փայփայում: Ամեն ինչ սկսվում է ընտրության հնարավորությունից: Այսօր այդ ընտրությունը քաղաքական չէ, վաղը գուցե այդպիսին լինի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.