23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Եվ այսպես, ՀԱԿ-իշխանություն «տուն-տունիկը» հավեսով շարունակվում է: Իշխանությունը գնում է ՀԱԿ-ին ընդառաջ, ՀԱԿ-ն էլ քմահաճ օրիորդի պես կոտրտվում է, չեմուչում անում, թեև կուսությունը վաղուց է կորցրել, այդ թվում և` «ավազակապետության» հետ ամենևին էլ ոչ պլաթոնիկ հարաբերություններում:
Բնականաբար, թիվ 1 իրադարձությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀԱԿ-ի և կոալիցիայի աշխատանքային խմբերի հանդիպման օրը, տեղը և վայրը նշանակելն էր: Սակայն այս պահի դրությամբ ՀԱԿ-ը դեռ լռում է, դեռ սպասում է ՀՀ նախագահի հրամանագրով կոալիցիայի աշխատանքային խմբի կազմի հաստատմանը: Արդյո՞ք չեմուչումը կշարունակվի, թե՞ ՀԱԿ-ի պատվիրակները կգան հանդիպման վայր, կերևա երկուշաբթի: Բայց հետաքրքրական է ԲՀԿ-ի իրարամերժ կեցվածքը կոալիցիոն «աշխատանքային խմբի» հարցում: Այսպես, եթե Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ ՀԱԿ-ի պահանջով կազմի «կաստինգ» չի կազմակերպվելու ու արտահերթ ընտրությունների հարցը քննարկման ենթակա չէ, ապա Վարդան Բոստանջյանը թույլատրելի է համարում նաև արտահերթի քննարկումը և պնդում, որ «Ընդդիմության հետ երկխոսելու իշխանական պատվիրակության կազմը կարող է փոխվել, եթե Կոնգրեսն ասի, որ այդ կազմն իրեն դուր չի գալիս»:
Եվ ընդհանրապես կարծես թե հարցական է` ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասնակա՞ն հանդես կգա ՀԱԿ-ի հետ հանդիպումներին, թե՞ իրար հակասելու են: Իսկ հակասություն ծագել կարող է, զի ԲՀԿ-ն մի ոտքով Ռոբերտ Քոչարյանի ճամբարում է: Եվ Ահարոն Ադիբեկյանն էլ նշել էր, որ արտահերթ ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն առաջին տեղը կվերցնի խորհրդարանում: Այնպես որ, ԲՀԿ-ից ՀԱԿ-ի հետ «երկխոսելու» ժամանակ սյուրպրիզներ միանգամայն սպասելի են: Ու թերևս Հովիկ Աբրահամյանը (անշուշտ, ՀՀ նախագահի գիտությամբ) կոնկրետ «ժամադրություն» է նշանակել ՀԱԿ-ին հենց այդպիսի անակնկալները գոնե սկզբում բացառելու համար: Ու նաև եթե ՀԱԿ-ը հրաժարվի հանդիպումից, դա կնախապատրաստի հիմք «երկխոսական տուն-տունիկից» հրաժարվելու և կրկին ռեպրեսիաների վերադառնալու համար: Այդ պահը վաղ թե ուշ անխուսափելի է, քանզի ՀԱԿ-ը հայտարարել է, որ սեպտեմբերին սկսելու է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսինքն վաղ թե ուշ «տուն-տունիկները» ավարտվելու են:
Բայց այնուամենայնիվ, նաև հավանականություն կա, որ և կոալիցիայի «զիջողականությունը», և ՀԱԿ-ի նազուտուզը պայմանավորված խաղի բաղկացուցիչներն են, ու ոչ ավելին: Առավելևս, որ օրինակ Բագրատ Ասատրյանի պես գործիչներն անթաքույց հայտարարում են, որ ՀԱԿ-ի սահուն մուտքը իշխանություն ամենացանկալի սցենարն է: Եվ տրամաբանորեն սեպտեմբերին ՀԱԿ-ի կողմից կտրուկ պահանջներից հրաժարումը և արտահերթ ընտրությունների կարգախոսը մոռացության մատնելը հնարավոր է թերևս մի դեպքում` եթե ՀԱԿ-ը դառնա կոալիցիայի չորրորդ անդամը ու գլխանց համաձայնեցվի, թե ՀԱԿ-ը քանի մանդատ է ունենալու խորհրդարանում: Ճիշտ է, բավականին զվարճալի կլինի տեսնել նույն կոալիցիայում միաժամանակ և ախքիկներին, և «ախք» տերմինի հեղինակներին, սակայն, ինչպես կասեր Լևոն Ակոպիչը, խիղճն ու թասիբը քաղաքական կեղծ կատեգորիա են, առավելևս ՕԵԿ-ի պարագայում:
Խոշոր հաշվով, վերը նկարագրված սցենարը ձեռնտու է բոլորին: ՀԱԿ-ը առանց պայքարի ստանում է տեղեր կառավարությունում ու ԱԺ-ում, իշխանությունն էլ շարունակում եվրոպաներում վայելել տարածաշրջանի սուպերժողովրդավարի իմիջը և զերծ մնալ «քըխ» բանաձևերից: Ավելին, Սերժ Սարգսյանին բավականին դյուրին կլինի ՀԱԿ-ի հետ երկխոսության արդյունքների անվան տակ և պաշտոնանկ անել վարչապետ Տիգրան Սարգսյանին վերջինիս թիմակից նախարարներով հանդերձ, և այլ կտրուկ կադրային լուծումների գնալ, և ՀՀԿ նախընտրական ցուցակը մաքրել կրիմինալից, և սահմանափակել օլիգարխների ախորժակները: Կարճ ասած` համատարած «պլյուս» է ստացվում: Թե չէ, օրինակ, Էրեբունիում անհարմար բան է ստացվում. միաժամանակ ուզում են առաջադրվել և Թոխմախի Մհերը, և Խուճուճ Էդոյի որդին, ինչը կարող է այդ թաղամասը վերածել կրիմինալ նախընտրական պատերազմների արյունալի թատերաբեմի… Իսկ երկխոսության «սոուսի» տակ հանգիստ կարելի է «բիրիքով» դուրս մղել բոլոր կրիմինալներին… Ի դեպ, պատահական չէ, որ ՀԱԿ-ի քարոզչամեքենան բացարձակապես չի դժգոհում պրոֆեսիոնալ ընտրակեղծարար Գարեգին Ազարյանի «վերընտրությունից». հավանաբար, արդեն գիտեն, որ սույն թվանկարիչը նաև իրենց տոկոսներն է նկարելու: Պատահական չէ նաև, որ ըստ «Չորրորդ իշխանության», Ավանում ու Արաբկիրում տարիների ընտրակեղծարարները լքում են ՀՀԿ շարքերը, և թերևս չպետք է զարմանալ, եթե նրանք հանկարծ դառնան ՀՀՇ-ական ու սկսեն կեղծել հօգուտ ՀԱԿ-ի…
Բայց կա մի հանգամանք, որը կարող է խաթարել ՀԱԿ-կոալիցիա «հովվերգությունը»: Ռոբերտ Քոչարյանի գործոնը: Այժմ Սերժ Սարգսյանը լավ էլ համագործակցում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, սակայն չպետք է բացառել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեն համագործակցել ընդդեմ Սերժ Սարգսյանի: Չէ՞ որ ՀՀ առաջին նախագահը լավ է սերտել այն դասը, որ «կարևորը ճիշտ պահին դավաճանելն է», գումարած դրան` կա ԲՀԿ-ի գործոնը: Ամբողջովին չպետք է բացառել այն տարբերակը, որ քոչարյանական ճամբարն ու ՀԱԿ-ը կփորձեն համատեղ «ֆուկ» անել ՀՀԿ-ին. Հո իզուր չէր Ահավոր Ադիբեկյանը (կամ Կարապետիչի ասած` Սուտիբեկյանը) անցկացնում սոցհարցում, թե ինչ կլինի, եթե լինեն արտահերթ ընտրություններ և ՀՀԿ-ն չմասնակցի դրանց. ուրեմն այդպիսի պատվեր ստացել է…
Ու հենց վերը հիշատակվածն է տալիս բացատրություն, թե ինչու առաջին «ժամադրությունը» նշանակել է հենց Հովիկ Աբրահամյանը. Արգամիչը հենց այն գործիչն է, որը կարողացել է մինչև հիմա Գագիկ Ծառուկյանին պահել կոալիցիայի շրջանակներում: Հիմա էլ նրա այդ հմտությունը հույժ պահանջված է, որպեսզի տարատեսակ «սյուրպրիզներ» չլինեն ԲՀԿ-ի կողմից:
Ինչևէ, սպասենք մինչև երկուշաբթի, և հավանաբար հանդիպման վայրը իրոք փոխել չի կարելի:
Շաբաթվա վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆ
Հուլիսի 15-ին կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի կինը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Դոնարա Մկրտչյանը:
Դոնարա Մկրտչյանը մահացավ Սևանի հոգեբուժական հիվանդանոցում, 70 տարեկան հասակում, լքված մերձավորներից ու անտեսված Մայր թատրոնի ղեկավարության ու թատերական գործիչների կողմից:
Երկար տարիներ Դոնարան գտնվում էր հոգեբուժարանում. մեկ-երկու գործընկերներից բացի, որոնց թվում էր Ժենյա Ներսիսյանը, ոչ ոք չէր այցելում նրան: Դժբախտ կինը, ամուսնուց հետո կորցրեց նաև զավակներին` որդուն և դստերը, մնացել էր թոռնուհին, որն արտասահմանից վերջերս էր եկել տատիկին այցելության ու չգիտեր անելիքը: Դոնարան անօգնական էր, անխնամ: Դեղերից ու սարսափելի կյանքից քայքայված կինը հազիվ էր հիշեցնում երբեմնի հետաքրքիր կյանքով լի դերասանուհուն, որի անուրանալի ձիրքը հոգեկան խանգարման պատճառով փակվեց հոգեբուժարանի պատերի ներքո:
Նա լքված էր բառիս բուն իմաստով, չգիտեմ սկզբնական շրջանում ինչպես, բայց վերջին 7-8 տարվա ընթացքում մի քանի անգամ տեսել եմ նրան: Դոնարան այցելուներ չուներ, լքված էր թատերական համքարության կողմից, որոնք ոչ միայն չէին այցելում, այլև գոնե առիթից առիթ ծանրոց չէին ուղարկում իրենց հիվանդ գործընկերոջը: Լքված էր Մկրտչյան ընտանիքի կողմից, որոնց ազգանունն էր կրում, ու որոնք իրենց եղբոր հիշատակը գոնե հարգելով` կարող էին մեկ- մեկ հիշել նրա դժբախտ այրուն, որը սիգարետ էր խնդրում պատահական մարդկանցից… Ի վերջո, Մհեր Մկրտչյանի անունը քիչ բան չի տվել նրա ազգականներին:
Դոնարա Մկրտչյանը չհասցրեց շատ դերեր խաղալ, բայց նրա մի քանի դերն արդեն իսկ շատ բան են ասում շնորհալի դերասանու մասին: Գյումրեցու համ ու հոտ, արվեստի անուրանալի զգացողություն կար նրա «Աշխարհն այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ»,«Պաղտասար աղբար» ներկայացումներում և ֆիլմերում խաղացած` «Շրթներկ N4», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին» և այլ կերպարներում:
Հ.Գ. Դոնարա Մկրտչյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է խումբ: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը տեղեկացրել է, որ այսօր` հուլիսի 18-ին, ժամը 14-ին ի հիշատակ դերասանուհու Սևանի եկեղեցիներից մեկում կմատուցվի պատարագ, ինչից հետո տեղի կունենա նրա հուղարկավորության արարողությունը:
Շաբաթ օրն առանցքային է դարձել մեր ներքաղաքական գործընթացի համատեքստում: Համենայն դեպս` վերջին ամսվա ընթացքում:
Նախանցած շաբաթ օրը ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ կոալիցիան աշխատանքային խումբ է ձևավորելու` ՀԱԿ-ի հետ երկխոսություն սկսելու նպատակով: Երկու օր առաջ` դարձյալ շաբաթ օրը, հայտնի դարձավ, որ կոալիցիոն պատվիրակությունը ՀԱԿ իր գործընկերներին հրավիրում է հանդիպման` արդեն այսօր:
Հիմա` ըստ էության:
Այն բանից հետո, երբ Սարգսյանի մամուլի քարտուղարը հայտարարեց կոալիցիոն պատվիրակության ձևավորման մասին` ՀԱԿ-ում հրաժարվեցին մենաբանություններից. Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում պնդում էին, որ կոալիցիոն պատվիրակության մանդատը պետք է վավերացվի հանրապետության նախագահի հրամանագրով կամ ակտով: Մի փոքր անհասկանալի, եթե չասեմ` իրավական տրամաբանությունից դուրս պահանջ էր:
Բայց այս անգամ ՀԱԿ պահանջին Սերժ Սարգսյանը չարձագանքեց: Նրա փոխարեն դա արեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ընդ որում` ոչ թե իշխանության, այլ` խորհրդարանական կոալիցիայի անունից: Նա հրապարակեց կոալիցիոն պատվիրակության կազմը և հուլիսի 18-ին ՀԱԿ պատվիրակությանը հրավիրեց կոալիցիոն գործընկերների հետ հանդիպման` «Էրեբունի» հյուրանոցում, Հանրային խորհրդի նիստերի փոքր դահլիճում:
Երկխոսության ՀԱԿ առաջարկած ձևաչափը, ըստ էության, մերժվեց: Մի փոքր էլ տարօրինակ էր Կոնգրեսին Հանրային խորհուրդ հրավիրելը, առավել ևս, որ այս մարմինը հասարակության մոտ դրական ասոցիացիաներ չի առաջացնում և նույնանում է «հաճախորդների» ակումբի հետ:
Այս անգամ, սակայն, ՀԱԿ-ը բավական արագ արձագանքեց Աբրահամյանի հայտարարությանը:
Կոնգրեսի ութ կետանոց հայտարարությունը բաղկացած է երեք մասից` նկարագրողական, որում հիշեցվում են իշխանության քայլերի մասին, կոնկրետ գնահատականներ` տրված Աբրահամյանի հայտարարությանը, և վերջապես` իրազեկում ՀԱԿ օգոստոսի 2-ի հանրահավաքի մասին:
«…Հայ Ազգային Կոնգրեսն ի սկզբանե շեշտել և հետագայում բազմիցս կրկնել է, որ իր ներկայացրած երեք հայտնի պահանջների կատարումից հետո պատրաստ է երկխոսություն սկսել ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, և ցավով արձանագրում է, որ վերջիններս չեն հասկացել կամ ձևացնում են, թե չեն հասկացել այս պարզ իրողությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ոչ համարժեք ընկալման կամ քաղաքական անպատասխանատվության դրսևորում… Դա համարելով որոշումների կայացման հարցում բարդույթներ ունեցող իշխանություններին հատուկ ժամանակավոր արգելակում կամ մանր խորամանկություն, Կոնգրեսը որևէ կասկած չունի, որ նրանք վաղ թե ուշ մեզ հետ խոսելու են գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված և Սերժ Սարգսյանի կողմից լիազորված պատվիրակության մակարդակով՝ հանգամանքների թելադրանքով քննարկելու համար մեր առաջարկած օրակարգը, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը… Քանի դեռ այդպիսի պատվիրակություն չի ձևավորվել, Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև իրական երկխոսության մասին ավելորդ ու անիմաստ է խոսել։ Իշխանությունները պետք է հասկանան, որ որքան էլ փորձեն ժամանակ շահել և հարցը ձգձգել, միևնույն է, նրանք չեն կարողանալու խուսափել արտահերթ ընտրությունների անցկացման հրամայականից, ուստի, երկրի կորուստներն ու ժողովրդի տառապանքները չավելացնելու համար, պարտավոր են, որքան հնարավոր է, արագ կողմնորոշվել այդ հարցում…
Այս ամենով հանդերձ, նկատի ունենալով կոալիցիոն կուսակցությունների կողմից մեզ արված առաջարկը և ենթադրելով, որ նրանք մեզ ասելիք ունեն (քանի որ իրենք են հանդես եկել նման նախաձեռնությամբ), մենք դեմ չենք հուլիսի 18-ին հանդիպել նրանց հետ ու ամենայն հարգանքով լսել նրանց, թեև կարելի էր հանդիպման համար չեզոք վայր ընտրել։ Ավելին, մենք պատրաստ ենք նաև հետագայում պահպանել կոալիցիոն կուսակցությունների հետ հանդիպումների ձևաչափը, որպես Կոնգրես-իշխանություն բանակցությունների հիմնական ձևաչափին զուգահեռ և օժանդակ գործընթաց…»,- մասնավորապես ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
ՀԱԿ հայտարարության տրամաբանությունը հուշում է, որ Տեր-Պետրոսյանի թիմը պետք է հրաժարվեր այսօրվա հանդիպումից: Բայց դա կարող էր չընկալվել հատկապես միջազգային կառույցների կողմից. կստացվեր, որ մենք ունենք հանդուրժող իշխանություն և անհանդուրժողականությամբ տառապող ընդդիմություն: Հավանաբար, այս հաշվարկով էլ արվել էր Աբրահամյանի հայտարարությունը:
Սակայն ՀԱԿ-ը նաև բոլորին նախապատրաստում է այսօր մեկնարկելիք գործընթացի հնարավոր ձախողման հեռանկարին, ավելին` հրաժարվում է քաղաքական պատասխանատվություն կրել դրա համար` նախաձեռնությունը վերագրելով կոալիցիային: «Քանի դեռ այդպիսի պատվիրակություն չի ձևավորվել (խոսքը Սերժ Սարգսյանի ձևավորած պատվիրակության մասին է), Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև իրական երկխոսության մասին ավելորդ ու անիմաստ է խոսել»,- ասում են Կոնգրեսում:
Ստացվում է, որ այսօր ՀԱԿ պատվրակությունը գնալու է` լսելու համար կոալիցիոն ուժերի առաջարկները: Կոալիցիայի ներկայացուցիչներն, իրենց հերթին, ասել էին, որ իրենց աշխատանքային խումբը ստեղծվել է, որպեսզի լսի արտախորհրդարանական ընդդիմության առաջարկները: Ստացվում է, որ երկու կողմերն էլ այսօր լսողի դերում են լինելու: Իսկ եթե անգամ խոսեն, ըստ ՀԱԿ-ի` դա երկխոսություն չի լինելու:
Այնպես որ` այսօր մենք կարող ենք ականատես լինել ոչ թե երկխոսության մեկնարկին, այլ` սովորական գյալաջիի: Դա էլ նորմալ կլիներ, եթե չլիներ երկխոսության գաղափարի արժեզրկման վտանգը:
Այսօր Ուկրաինայից ձվի հերթական խմբաքանակն է ներկրվել Հայաստան: Մեր ունեցած տեղեկություններով չորս մեքենա, որից յուրաքանչյուրում 800 արկղ. Այսինքն 1 միլիոն 520 հազար հատ ձու, որի պիտանելիության ժամկետին, հաշված ճանապարհն ու մյուս նրբությունները, մնացել է ընդամենը 5 օր:
Համաձայն Սննդամթերքի անվտանգության ծառայության տվյալների, միայն ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանը Ուկրաինայից ներկրել է 8 140 320 հատ ձու: Հավի ձվի ներկմամբ զբաղվողները հիմնականում տեղի թռչնաֆաբիկաներն են` «Լուսակերտ», ԵԹՖ և էլի մեկ երկուսը: Հունիս ամսին արդեն իսկ ներկրվել է 1 200 000 հատ ձու: Ինչու՞ է Հայաստանն այս քանակությամբ ձու ներկրում և ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում:
Նախ հարց է ծագում` ինչու է ձեռնտու ձու ներմուծելը և ինչ է հետևում դրան. դրսում հավի կերի մեկ տոննան արժե 230 դոլար, մեզ մոտ` 450, դրանից ելնելով ձվի ինքնարժեքը կազմում է 20 դրամ, 11 դրամ կազմում է ճանապարհածախսը, մինչդեռ մեզ մոտ այն 46 դրամ է: ինչը խոշոր թռչնաֆաբրիկաների համար ձու ներկրելը դարձնում է ձեռնտու: Մյուս` ավելի փոքր ֆաբրիկաները ստիպված մորթում են իրենց հավերին, գլխաքանակը նվազեցնելու համար` շուկան պահանջարկ չունի: Ձմռանն արդեն ձուն դառնում է դեֆիցիտ, (ինչպես անցած տարի`նոր տարվա շեմին) քանի որ անհրաժեշտ գլխաքանակ տեղական արտադրողն արդեն չի ունենում:
Հայաստան ձուն հասնում է մեկ, մեկուկես ամսվա ընթացքում: Այս սննդամթերքը բնականաբար, տեղափոխվում է սառնարանային պայմաններում, որից հետո ոչ սառնարանային պայմաններում ձուն կարելի է պահել ընդամենը 5 օր: Եթե ձուն չեն սառեցնում, ապա այն հնարավոր է պահել ամիս ու կես: Այս մասին մեզ ասացին սննդի անվտանգության տեսչությունից: Հաշվի առնելով ձվի պահպանման կարգը, այն խախտելու դեպքում նրա վտանգավորության գործոնը դառնում է անժխտելի: Այժմ տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստան ներկրված այս հսկայական չափաքանակի հետ:
Խանութներում ուկրաինական ձու` որպես այդպիսին, անհնար է գտնել. այնտեղ վաճառվում է միայն տեղական արտադրության ձու: Համենայնդեպս, այդպես է առերևույթ: Ու՞ր է անհետանում ձվի նման խմբաքանակը: Պարզվում է, ամեն ինչ ավելի քան պարզ է. ներկրող վերոհիշյալ ընկերությունները պարզապես իրենց մակնշումն են կատարում ուկրաինական ձվի վրա, այսպես ասած, ուկրաինական ձուն «կնքում» և դարձնում հայկական, ու մատակարարում բանից անտեղյակ խանութներին: Արդյո՞ք ընդունող խանութները իսկապես անտեղյակ են իրենց հաճախորդների նկատմամբ կատարվող անբարոյական քայլից, այլ խնդիր է: Բայց շատ դեպքերում, մեր ունեցած տվյալներով, խանութպաններն կարող են անտեղյակ լինել, քանի որ տուփերում ուկրաինական ու հայկական ձվերը առաքվում են մեկումեջ դասավորությամբ: Սակայն սրանով ևս հարցն ամբողջությամբ չի լուծվում:
Ամռան ամիսներին մի քանի ընկերություններ միաժամանակ ներկրում են այն քանակի ձու, որ հայ սպառողը նախանշված ժամկետում չի կարող ամբողջությամբ սպառել: Մեկ միլիոն հատ ձու սպառելու համար կպահանջվի 5 օրից շատ ավելի ժամանակահատված, այսինքն` միանշանակ կարելի է ֆիքսել, որ անկախ վրան եղած մակնշումից, ուկրաինական ձուն սպառողին է հասնում արդեն իսկ պիտանելիության ժամկետը խախտված վիճակում:
Ինչ է ստացվում. Շարքային քաղաքացին ձվի տուփի մեջ հայտնաբերելով մի քանի նեխած ձու, դրանք ուղղակի դեն կնետի,սակայն սա հարցի լուծում չէ, մեկ — երկու կարող է խնդիրներ առաջանալ. Ուրեմն ինչ անել .ներմուծված ձվի պահեստներում մնացած մասը, որոնք կորցել են իրենց որակական հատկանիշները կարող են տրամադրվել խմորեղենի արտադրությամբ զբաղվողներին: Այս հարցում թիվ մեկ խոշոր սպառող է համարվում Պաշտպանության նախարարությունը:
Ի դեպ սննդի անվտանգության տեսչությունից հայտնեցին, որ այո, ներկրված ձուն համեմատաբար էժան գներով տրամադրվում է բանակին:
Մինչ վերջին ներկրումը Երևանում ուկրաինական ձուն պահվել է «Ձյունիկ» ընկերության սառնարաններում: Մեր հարցմանն ի պատասխան, այստեղից հայտնեցին, որ 10 օր առաջ հանել են եղած խմբաքանակը և առանց մակնշման տարել անհայտ ուղղությամբ: «Լուսակերտ» ՓԲԸ-ից տեղեկացանք, որ այնտեղ դեռ 40 արկղ նման ձու կա:
Ուկրաինական ձուն սև կնիքով է մակնշված: Սննդամթերքի անվտանգության տեսչությունը` ելնելով մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների ստուգումն արգելող կառավարության` այս տարվա հունվարին ընդունած որոշումից, ի զորու չէ ստուգումների միջոցով կանխելու անորակ ձվի հոսքը շուկա, ազդելու ուկրաինական ձվերով հայկական շուկան ողողելու և սեփական մակնշման միջոցով սպառողին խաբելու` որոշ ընկերությունների կողմից կատարվող հանցագործության վրա: Տեղական ձվի ինքնարժեքը, որով այն հանձնվում է խանութներին, 46 դրամ է, խանութը ձուն վաճառում է 55 դրամով: Բնական է, որ ներկրման հիմնական պատճառը ներկրվող ուկրաինական ձվի շատ ցածր գինն է: Ըստ մեր տեղեկությունների, տեղական ձվի գինը կարող էր ավելի ցածր լինել, եթե տեղական արտադրողին հնարավորություն տային տնօրինել շուկան, որի արտադրանքը լիուլի բավարար է մեր բնակչության պահանջարկին: Իսկ այսօր տեղական ձուն իրացման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
Արդյո՞ք Հայաստանն անկարող է սեփական բնակչության կարիքները հոգալ սեփական արտադրողների միջոցով, հատկապես, երբ երկրի վարչապետն առիթը բաց չի թողնում կրկնելու, թե իր կառավարության նպատակը տեղական արտադրողներին խթանելն է: Ինչպես տեսնում ենք, հերթական անգամ «խթանումը» խսիտ յուրահատուկ ձևով է կազմակերպվում և հերթական անգամ գերշահույթներ ապահովելու մոլուցքը մեր որոշ տնտեսվարողների դրդել է անտեսել կառավարության ղեկավարի ելույթների առանցքային դրույթներից այս մեկը, որի հետևանքով ոչ միայն ընկնում է տեղական արտադրողների վարկը` նրանց մակնշման տակ թաքցնելով վտանգավոր, կասկածելի ծագման, որակապես տեղականին մի քանի անգամ զիջող ձու, այլև, և որն ավելի կարևոր է ու առաջնային` վտանգում ժողովրդի առողջությունը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հասարակությունների հետ անկեղծ չեն: Ասենք, Հայաստանի ղեկավարները երբեք պարզորոշ չեն ասում, որ կարգավորման ցանկացած տարբերակով Հայաստանը վերադարձնելու է ԼՂՀ հարակից շրջանների առնվազն մի մասը: Ադրբեջանի իշխանություններն էլ չեն ուզում իրենց ժողվրդին նախապատրաստել, որ կարգավորման գործընթացը կարող է հանգեցնել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը:
Արդյունքում` հասարակություններն ապրում են անորոշության մեջ, և ավելի է մեծանում անվստահությունն իշխանությունների, նաև` երկու ժողովուրդների միջև:
Սա պարարտ հող է ստեղծում, որպեսզի քաղաքական օրակարգ բերվեն կարգավորման շատ պրիմիտիվ թեզեր: Մենք կխոսենք այն թեզերի մասին, որոնք հայաստանյան քաղաքական օրակարգում են:
«Ոչ մի թիզ հող չհանձնելու» թեզը պոպուլյար է ազատամարտիկների մոտ: Սա նույնիսկ բնական է կռված մարդու տեասկետից: Բայց եթե այդ կարգախոսը դառնում է քաղաքական պահանջ, դրանից պոպուլիզմի և դեմագոգիայի հոտ է փչում, որովհետև ակնհայտ է` եթե դու պատրաստ չես զիջումների, նույնը չես կարող պահանջել նաև հակամարտության մյուս կողմից:
Բոլորս էլ կուզեինք Արցախը տեսնել Հայաստանի կազմում: «Միացում» կարգախոսով էլ սկսվել է 88-ի շարժումը: Բայց այս հանգրվանում «միացում» քաղաքական կարգախոսն արկածախնդրություն է, հասարակության հայրենասիրական զգացումները խաղարկելու ձև: Բոլորն են հասկանում, որ այս կարգախոսի ռեալիզացիան կբերի կարգավորման գործընթացի վիժեցման, ինքնորոշման գաղափարը կստորադասվի տարածքային չհիմնավորմած հավակնության:
«Եթե գլխավոր սուբյեկտի դերում հետագայում հանդես գա Արցախը, կարծում եմ, որ անգլո-սաքսոնական դիվանագիտության ճիրաններից ազատվելու միակ տարբերակը Արցախի միացումն է ՌԴ-ին՝ որպես քաղաքական սուբյեկտ՝ իր սահմանադրությամբ որդեգրված 14 հազ. քառ. կմ-ով»,– այսօր նման կարծիք է հայտնել մարքսիստ Դավիթ Հակոբյանը։
Եթե սա միայն Հակոբյանի կարծիքը լիներ, ընդհանրապես չէի հիշատակի դրա մասին` հաշվի առնելով նրա նվազագույն դերակատարությունը մեր քաղաքական իրականության մեջ: Ցավն այն է, որ հասարակության մի մասը համամիտ է այս գաղափարին: Թերևս դա զգում է նաև Հակոբյանը` փորձելով սիրաշահել հանրության այդ հատվածին:
Առհասարակ ապազգային մտայնություն է, երբ մեր հարցերի լուծման բանալին փնտրում ենք երրորդ երկրներում: Եթե այդ մտածելակերպն ունենայինք, հաստատ պետություն չէինք ունենա, ղարաբաղյան պատերազմում հաղթանակ չէինք տանի:
Որպես պետություն հաստատ կձախողենք, եթե շարունակենք մտածել, որ Ռուսաստանն է մեր անվտանգության երաշխավորը, որ ռուսները մեզ օգնեցին ղարաբաղյան պատերազմում, որ ռուսները մեր թիկունքին կլինեն, եթե նոր պատերազմ լինի:
Ռուսաստանը, ինչպես ցանկացած նորմալ երկիր, ունի իր ազգային-պետական շահերը, և հաճախ, շատ հաճախ մենք մանրադրամի ենք վերածվել Ռուսաստանի և այլոց հարաբերություններում:
Այդ նվաստացուցիչ կարգավիճակին ենք արժանացել մեր մտածողության հետևանքով: Պատմության դաժան էջերի կրկնությունը բացառելու համար` պետք է վերանայենք մեր մտածողությունը, արժեքային համակարգը:
«Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այդ հարցում սուր են, սակայն նա միաժամանակ նշում է, որ 5-6 տարի հետո իրենք 11 միլիոնի կհասնեն, իսկ հայերը՝ 1 միլիոնի, և բոլորին էլ պարզ է, թե այդ դեպքում ինչ կլինի: Չնայած Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը ցածր է»,- այսօր «Ընտրություն» ակումբում կայացած հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանն էլ է հասկանում, թե իրեն ինչ վնաս կարող է տալ պատերազմը: «Ի վերջո, նավթը խաղաղություն է սիրում»,- ասաց նա:
Ըստ դաշնակցական գործչի, Կազանի հանդիպումից հետո թեև շատերը ԼՂՀ հիմնախնդիրը համարում են ձախողված, բայց նախընտրական իրավիճակում ամեն դեպքում սպասվում է, որ այս հիմնախնդիրը կհասնի հանգուցալուծման. նախորդ շաբաթ Հայաստան այցելեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, սպասվում է նաև համանախագահների այցը:
«Թեպետ Լավրովի ուղերձը երկու կողմերի մոտ միանշանակ չընդունվեց, Ռուսաստանը շարունակում է թեկուզ մյուս համանախագահների միջոցով գտնել ելքեր, սակայն Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ինքը հետ չի կանգնում իր տարածքային ամբողջականության սկզբունքներից: Բացի այդ, ի տարբերություն Հայաստանի, Եվրամիության տեսակետն էլ է հաստատում, որ հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են շաղկապված մնալ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը: Համանախագահներն էլ են արդեն խոսում այդ մասին, իսկ եթե ԼՂՀ-ն հիմնարար սկզբունքների համաձայնեցման ընթացքում ներկա չլինի, դա կնշանակի` ականապատել բանակցային հաջորդ փուլը»,- ասաց Մանոյանը։
Չնայած այս ամենին, նա ընդգծեց, որ չարժե նաև լիովին բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը. «Ադրբեջանի մշտական ռազմատենչությունը և նրա ակտիվ փորձերը` խախտել հրադադարի ռեժիմը, կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»:
Այսօր նորանշանակ ԿԸՀ-ն անցկացրել է իր անդրանիկ նիստը և ընտրել ղեկավար: Ամեն ինչ ընթացել է ըստ սցենարի` կոմունիստական հին ու բարի ավանդույթների համաձայն:
Միակ ու անկրկնելի թեկնածուն եղել է Գարեգին Ազարյանը, որը ԿԸՀ-ն ղեկավարում է 2003 թ.-ից: Նա էլ միաձայն ընտրվել է և ընտրական հանձնաժողովը կղեկավարի ևս 7 տարի:
Երբեմն ուզում ես հավատալ գործող իշխանության բարեփոխման ցանկությանն ու պոտենցիալին: Ուզում ես քեզ մխիթարել, որ պատահական չէին քաղկալանավորների ազատ արձակումը, քաղաքական երկխոսության ուրվագծվող տեսլականը: Մի խոսքով, ուզում ես հավատալ, որ իշխանության որակն էլ է փոխվել, երկրի էլ:
Բայց հավատդ կոտրվում է, երբ հինը հիշեցնող, վերածնող իրադարձություններ են տեղի ունենում: Այդպիսին է Ազարյանի վերընտրությունը:
Սակայն առնվազն երեք պատճառ կար, որոնք ստիպում էին նրան չընդգրկել նույնիսկ ԿԸՀ-ում, էլ չասած` նախագահ ընտրելու մասին:
Առաջին, սկզբունքորեն չի կարելի, որ մեկը 8 տարի ղեկավարի ԿԸՀ-ն, այն էլ` Հայաստանի տիպի երկրներում: Այս տարիներին ցանկացած մեկն ինտեգրվում է իշխանության էլիտային` կորցնելով ընտրական գործընթացի արբիտրի կարգավիճակը:
Երկրորդ, Ազարյանը 2008-ի նախագահական ընտրություններից հետո` գոնե հասարակության մի զգալի մասի ընկալման մեջ, նույնացավ ընտրությունների կեղծման հետ:
Եվ վերջապես, ԿԸՀ նախագահ է դառնում մեկը, ով օմբուդսմենի հայտարարած մրցույթում չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը: Այս փաստն ինքնին բարոյապես ոչնչացնում է ՄԻՊ ինստիտուտը, կասկածի տակ է դնում ԿԸՀ լեգիտիմությունը:
Այս բոլոր հանգամանքները կասկածներ են առաջացնում, թե իշխանությունն իսկապես մտադիր է կազմակերպել խորհրդարանական և նախագահական օրինական ընտրություններ:
Երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվլին Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ էր նախաձեռնում, որով ենթադրվում էր իրավաբանական անձի կարգավիճակ տալ հայկական եւ եւս չորս այլ եկեղեցիների` նա փորձում էր առնվազն մի քանի խնդիր լուծել:
Առաջին, իր երկրի օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, կատարել մի շարք միջազգային պարտավորություններ:
Երկրորդ, վերանայել իշխանության եւ հասարակության կյանքում մեծ ազդեցություն ունեցող վրաց Ուղղափառ եկեղեցու հարաբերությունների փիլիսոփայությունը: Ինչքան էլ Վրաստանի խորհրդարանի խոսանակ Դավիթ Բաքրաձեն հետին թվով ասի, թե իրենք երբեք ցանկություն չեն ունեցել` վերանայելու եկեղեցու հետ կնքված սահմանադրական համաձայնագիրը` նրա խոսքերը հավատ չեն ներշնչում: Վրաստանի խորհրդարանը Քաղաքացիական օրենսգրքում առաջին փոփոխությունները կատարեց ի հեճուկս եկեղեցու, նրա պատրիարքի ցանկության, անգամ ` առանց նրանց հետ խորհրդակցելու:
Երրորդ, Սահակաշվիլու իշխանությունն իսկապես ցանկանում էր բարելավել հայ-վրացական հարաբերությունները: Պատահական չէ, որ օրենսդրական փոփոխությունները հաջորդեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ ԱԳ նախարարի Վրաստան այցերին:
Չորրորդ, սպասվող համապետական ընտրություններից առաջ` դա լավ քայլ էր ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համակրանքը շահելու համար:
Հիմա արդեն պարզ է, որ առաջադրված խնդիրներից ոչ մեկը Սահակաշվիլին լուծել չկարողացավ:
Երեկ Վրաստանի խորհրդարանը դարձյալ վերանայեց Քաղաքացիական օրենսգիրքը. Հիմա արդեն հայկական եւ մյուս չորս եկեղեցիները զրկվում են իրավաբանական անձի կարգավիճակաից եւ կարող են գործել միայն որպես կրոնական կազմակերպություն:
Անկեղծ լինեմ, ես մասնագետ չեմ եւ չեմ կարող ասել, թե, օրինակ, հայկական եկեղեցու ո՞ր կարգավիճակն ավելի նպաստավոր կլիներ թե մեր, թե վրացիների եւ թե` հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման համար (իրազեկ մարդիկ պնդում են, որ կրոնական կազմակերպության պարագայում խիստ սահմանափակվում են մեր եկեղեցու իրավունքները, հատկապես` Վրաստանում գործող հայկական եկեղեցիների պատկանելիության խնդիրը բարձրացնելու հարցում):
Ինչեւէ, ավելորդ շտապողականությունը, Քաքաղացիական օրենսգրքի հապշտապ կրկնակի փոփոխություններն ավելի բարդացրեցին վիճակը` տեղի տալով մի քանի եզրահանգումների.
Առաջին, Վրաստանում պետությունն ու եկեղեցին լիարժեք տարանջատված չեն, եւ եկեղեցին հաճախ է միջամտում պետական որոշումների կայացմանը: Պատահական չէ, որ Քաղաքացիական օրենսգրքի առաջին փոփոխությունները ճգնաժամ առաջացրեցին իշխանություն — եկեղեցի հարաբերություններում` սպառնալով ներքաղաքական կայունությանը:
Երկրորդ, Վրաստանի իշխանության իրավիճակային լուծումներն ոչ միայն չնպաստեցին հայ-վրացկան հարաբերությունների կարգավորմանը, այլեւ` հակահայկական տրամադրություններ առաջացրեցին Վրաստանում:
Այս ամենով հանդերձ, կարծում եմ, որ հայկական հարցն առանցքային չէ վրացական օրակարգում. այն ընդամենը բացահայտեց խորքային պրոբլեմներն, որ առկա են հարեւան երկրի քաղաքական, հասարակական հարաբերություններում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։
Ծնվել է 1977թ. սեպտեմբերի 22-ին:
1995թ. ընդունվել եւ 2000թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:
2000-2001թթ. աշխատել է որպես Մելլաթ Բանկ Դ/Բ ՓԲԸ դիլինգային բաժնի պետ:
2000-2003թթ. ԵՊՏԻ «վիճակագրություն» ամբիոնի ասպիրանտ. Տ.Գ.Թ.
2003-2005թթ. աշխատել է որպես ՀՀ վարչապետի օգնական:
2005-2007թթ եղել է ԿԸՀ անդամ, ԿԸՀ նախագահի տեղակալ:
2007թ. օգոստոսին նշանակվել է ԿԸՀ անդամ եւ ընտրվել ԿԸՀ քարտուղար:
Ամուսնցած է, ունի մեկ երեխա:
Այս օրերին Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքն ալեկոծված է. հարևան երկրի հասարակության ուշադրությունը բևեռացված է մի քանի կարևոր խնդրի վրա:
Վրաց ուղղափառ եկեղեցին և նրա պատրիարքը վիրավորված են, որ իշխանությունը, ի հեճուկս իրենց կարծիքի, իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհել հինգ այլ եկեղեցիների, այդ թվում` Հայ Առաքելական Եկեղեցուն: Վրաստանի իշխանությունը պնդում է, որ ավելի ժողովրդավարացրել է երկրի օրենսդրությունը` մոտեցնելով եվրոպական չափանիշներին: Վրացական հասարակության շրջանում ավանդաբար մեծ հեղինակություն վայելող ուղղափառ եկեղեցու առաջնորդները պնդում են, որ նման քայլով վտանգվել են Վրաստանի անվտանգությունը, վրացական եկեղեցու հեղինակությունը: Երկու մոտեցման կրողներն էլ ունեն իրենց հետևորդները: Կասկածից վեր է, որ իշխանություն-եկեղեցի հակադրությունը նոր դրսևորումներ կունենա` իր ազդեցությունը թողնելով Վրաստանի ներքաղաքական զարգացումների վրա:
Աղմկահարույց մյուս պատմությունը կապված է լրտեսական հերթական բացահայտման հետ: Հատուկ ծառայությունները կալանավորել են մի քանի ֆոտոլրագրողի, նրանց թվում` երկրի նախագահի անձնական լուսանկարչին: Պաշտոնական Թբիլիսին պնդում է, որ այս ձերբակալությունները կապ չունեն խոսքի ազատության սահմանափակման հետ: Ըստ պաշտոնական վարկածի` կալանավորվածները լրտեսություն են արել այլ երկրի, ավելի կոնկրետ` Ռուսաստանի համար: Այս վարկածն ունի որոշակի տրամաբանություն. եթե Մոսկվան օկուպացրել է վրացական տարածքի մի մասը, չի թաքցնում իր բացահայտ հակակրանքը Սահակաշվիլու ռեժիմի նկատմամբ, կարող է նաև ակտիվ գործունեություն ծավալել` հավաքագրելով Վրաստանի քաղաքացիների:
Բայց մեր հարևան երկրում քիչ չեն մարդիկ, ովքեր հակված չեն հալած յուղի տեղ ընդունել պաշտոնական վարկածը: Այդ մարդիկ ասում են, որ Սահակաշվիլին կեղծ բեմականացնումներ է սարքում` իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար: Նաև խոսում են այն մասին, որ հենց այս կալանավորված ֆոտոլրագրողներն են լուսանկարել մայիսի 26-ի իրադարձությունները, երբ ոստիկանությունը` բռնություն կիրառելով, ցրում էր ընդդիմադիրների հավաքը:
Իրենք` ձերբակալված ֆոտոլրագրողները, իրենց մեղավոր չեն ճանաչել` չնայած այն բանին, որ իշխանությունը հեռուստատեսությամբ ցուցադրել է իր վարկածը հաստատող կադրեր:
Միջազգային հանրությունն առայժմ դիտորդի կարգավիճակով է հետևում վրացական իրադարձություններին:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը` անդրադառնալով ֆոտոթղթակիցների խնդրին, ասել է. «Բնականաբար, մենք պետդեպարտամենտում քննարկել ենք այդ հարցի բաց լինելու հանգամանքը։ Այդ խնդիրը վերաբերում է բացառապես Վրաստանին ու Ռուսաստանին։ Ինչ վերաբերում է այդ մարդկանց հետ վարվելուն, ապա, ինչպես հայտնի է, մենք հանդես ենք գալիս մամուլի ազատության օգտին։ Եթե նրանք (ձերբակալվածները) այնպիսի գործողություններ են թույլ տվել, որոնք անհամատեղելի են եղել իրենց կարգավիճակին, ապա այդ դեպքում մենք կցանկանայինք տեսնել ավելի բաց և հասկանալի դատական գործընթաց»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.