23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Եկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցած խմորումներին պարզաբանում տալու նպատակով այսօր ասուլիսի էր հրավիրվել Հայ Առաքելական եկեղեցու դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Նրա պատասխաններից կարելի էր ենթադրել, որ եկեղեցին Տիգրան Սարգսյանի կառավարման այս շրջանում իրեն ապահով է զգում. գտնվում է հատուկ արտոնությունների և ուշադրության կետրոնում և այդ իսկ պատճառով որոշել է օրինականացնել այն, ինչ 20 տարի շարունակ չի արել. այն է`ապօրինի կերպով չի վճարել հարկերը:
«Անկախության 20 տարիների ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին հողի և գույքի հարկ չի վճարել, որովհետեւ հարկվելու համար պետք է գնահատել շենքի և շինության կադաստրային արժեքը», -ասել է Արշակ սրբազանը` ի նկատի ունենալով, որ իրենց տրված շինությունները անարժեք են: Իսկ մյուս կողմում, ըստ նրա, բարերարների գումարներով գնված կառույցներն են. «Հարկումից ազատվում են այն կառույցները, որոնք ունեն պաշտամունքային, կրոնական, հոգեւոր, կրթական, բարեգործական եւ դաստիարակչական նշանակություն, շահութաբեր կառույցներին դա չի վերաբերում: Այդ ցանկում ներառված են նաեւ 133 նորակառույց եկեղեցիներ»:
Հարցին, թե ցուցակում տեղ գտած բնակարանները, առանձնատները, ֆուտբոլի դաշտերը կամ լիճն ի՞նչ հոգեւոր կրթադաստիարակչական նշանակություն ունեն եւ ինչո՞ւ պետք է ազատվեն հարկերից, եպիսկոպոսն ասել է. «Առանձնատուն ասվածը, դա ճաքճքած պատերով Բաղրամյան փողոցի վրա գտնվող Վազգեն Վեհափառի շրջանից նրա համար օգտագործվող երեք սենյականոց բնակարանն է: Առանձնատուն կոչվածները դրանք գյուղերում` այնտեղ, որտեղ քահանաներ են ծառայության կոչվում, բնակության համար պայմաններ չունեցող քահանաների համար տներն են: Կիսաշեն տներն են, որոնք որ քահանաներն իրենց ապրելու ընթացքում նորմալ տեսքի են բերում: Իսկ ջրավազանը Ներսիսյան լիճն է , Ներսես կաթողիկոսի շրջանում կառուցված եւ կոմունիստական շրջանում, այդ 7-8 մետր խորությամբ լիճը կիսվեց, տակը մառաններ դրվեցին: Պարզապես այդ մառանները լճի անմասնատելի մասն են»:
Խեղճ հոգևորականներ`փլատակված, ճաքճքած տներում ապրող նվիրյալներ: Մինչ այս էլ եկեղեցին պնդում էր, որ իր սպասավորները պետք է ապահովված լինեն, որ հոտը պետք է պահի հովվին, սակայն այստեղ ևս, ինչպես պետական բուրգում ամեն ինչ կենտրոնացված է մի քանի հոգու ձեռքում, որոնք հսկայական, նույնիսկ հեքիաթային հարստություն ունեն, մինչդեռ շարքային հոգևորականը ճիշտ է քաղցած չէ, ինչպես իր հոտի շարքային անդամը բայցևայնպես ոգևորված էլ չէ իր առաքելությունն իրականացնելիս:
Արդարացի լինելու համար ասենք, որ նրանց մեջ էլ քիչ չեն բարոյական մարդիկ, ովքեր անտրտունջ տանում են իրենց բեռը. սպասավորներ, որոնց բաժին չի հասնում ոչ միայն եկեղեցու շքեղությունից, այլև վայելքների այն ցանկից, որոնք նախատեսված են սիրելիների համար:
«20 տարի եղել են օբյեկտիվ պատճառներ:Այդ պատճառները նորից շարունակում են լինել»: Ըստ եպիսկոպոսի` «Սա պետության` եկեղեցու հանդեպ դրսեւորած բարոյական կեցվածքի դրսեւորումն է: Ումի՞ց եք վախենում, ինչի պետք է թաքնված լինի դա, ինչի՞ պետք է ստեղծվի եկեղեցու համար մի իրավիճակ, որ եկեղեցին ստիպված լինի այդ օրենքը շրջանցել»,- հարց է հնչեցրել հոգևորականը:
Նա եկել էր ասելու, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է օրենքներում համապատասխան այդ փոփոխությունների որդեգրումը, ինչն արտահայությունն է հայրենի պետության կարևոր զորակցության՝ Մայր Եկեղեցուն հայ ժողովրդի կյանքում դարերի իր հոգևոր առաքելության իրականացման ճանապարհին:
Ինչ վերաբերում է ԱԺ-ին ներկայացված Մայր Աթոռի անշարժ գույքի հրապարակված աշխատանքային ցուցակին և դրանում տեղ գտած տարակուսանք առաջացնող անուններով կառույցներին, ապա ըստ Արշակ սրբազանի, դրանք ներկայացված են այն անվանումներով, որոնցով փոխանցվել են Եկեղեցուն կամ ձեռք բերվել և դեռ արձանագրված են ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Նշյալ կառույցներն այսօր եկեղեցու կողմից օգտագործվում են հոգևոր-կրթական, սոցիալական -բարեգործական տարբեր նպատակներով:
Սա, իհարկե, դժվար չէ ստուգելը: Չնայած նրան, որ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին պնդում է, թե շահութաբեր ձեռնարկություններ չունի, և Մայր Աթոռի եկամուտները գոյանում են մոմի, հոգևոր գրականության վաճառքի և ազգային հաստատությունների ու անհատների բարերարությունների շնորհիվ, եկեղեցին,այնուամենայնիվ, եկամտաբեր ու շահույթ հետապնդող հիմնարկներ ունի, և կգտնվեն մարդիկ, ովքեր կարող են այդ ապացուցել:
Հիշեցնենք, որ հարկային արտոնությունների ենթակա օբյեկտների շարքում ներկայացվել է 286 կառույցի ցանկ, այդ թվում հողատարածք` 20 հատ, հողամաս` 45 հատ, բնակարան` 35, առանձնատուն` 4, ճաշարան` 4, արոտ, արոտավայր` 4, վարելահող` 4, կինոթատրոն` 2, արտադրամաս` 4, ֆուտբոլի մարզադաշտ` շրջակա կառույցներով` 11, արհեստական լիճ և լճի տակ գտնվող մառան` 2 և այլն:
Համացանցում համառ լուրեր են շրջանառվում, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նույնիսկ քննարկվում է հնարավոր թեկնածուների անուններ: Քաղաքապետարանի մամուլի վարչությունում հեռախոսազանգերին չեն պատասխանում: Սակայն մեր ունեցած տեղեկություններով դեռ պաշտոնական ոչինչ չկա.այս պահին քաղաքապետը աշխատանքի մեջ է, նա մարդիկ է ընդունել:
Արեւիկը իմ մանկության ընկերուհին էր գյուղում անցկացվող ամառային արձակուրդերին: Սեւուկ, գանգուր մազերով աղջիկ էր: Աչքերը փոքր, միջին չափսի փոքր սապատով քթի մոտ տեղադրված թավ հոնքերով, ներքեւի շրթունքը վերեւինից քիչ հաստ, որ նրան ինչ-որ անբացատրելի հմայք էր տալիս, համենայն դեպս` իմ աչքին: Փոքրիկ բոյն էլ նվազ մարմնի հետ նրա մինչեւ տասնվեց-տասնյոթ տարեկանը մանկահասակի տպավորություն էր թողնում, անպաշտպան տեսք տալիս, որ նայելիս ուզում էիր պաշտպանես, գրկես վտիտ ուսերն ու թաքցնես սաղ աշխարհից: Մենք օրերով խաղում էինք, Արեւիկին էլ ամիսը մի անգամ ուղարկում էին տավարի հերթի, մի անգամ էլ` ոչխարի: Մենք պանիր, հաց, պոմիդոր ու վարունգ էինք վերցնում, թարմ կանաչիների հետ, մի կուժ էլ ջուր գյուղի «ներքի» աղբյուրից ու գնում «օչերեդի»: Լավ օրեր էին, անասուններն արածում էին, մենք էլ ճոնջի էինք գցում ծառիցն ու սաղ օրը վայելում ճոնջու վերուվարը, վերանում աշխարհից: Հողը փորփրում էինք, տարբեր տեսակի արմատներ քանդում ու ուտում դրանցից պիտանիները: Երբեմն, եթե տնից հեռու փախած հավ էինք տեսնում, բռնում էինք, փետրում, փետուրը վռազ թաղում փորոտիքի հետ, կրակ էինք վառում, խորովում ու ուտում գողացած ու դրա համար չափազանց համով դառած հավը: Չէ, մենք կարայինք տնից միս բերենք ու խորովենք, բայց գողացածն ուրիշ էր, ու էդ միասին գործած «վատ» արարքը մեզ սարքում էր համախոհներ, լռության հանցակիցներ, ու մենք ավելի էինք մոտիկանում, դառնում էինք մի հոգի: Արեւիկի ընտանիքում մի պատմություն կար, որ սաղ գիտեին գյուղում:
Էս Արեւիկի պապը` Արշակ ամին, քսան տարեկան էր դառել արդեն, դե մերն էլ սկսել էր հարսնացու ման գալ, որ պսակի: Հարեւանի տղեն` իմ ապուպապս, մի լավ աղջիկ էր բերել կողքի գյուղից, Արշակ ամու մերն էլ հարցուփորձ էր արել թազա հարսին ու իմացել, որ նրան մորաքրոջ աղջիկ ունի մարդու տալու:
Արշակ ամին պապիս հետ վեր ա կենում մի օր ու գնում հարեւան գյուղ աղջկատեսի: Մի սիրուն աղջիկ հաց ա գցում, չայ ա տալիս, ու Արշակ ամուն ասում են, որ դա ա էդ աղջիկը: Նա էլ հավանում ա: Մի ամիս անց գալիս են զուռնա-դհոլով, հարսանիք ու նշան մի տեղ անում, հարսին վերցնում, բերում են մեր գյուղը: Էն վախտերն էլ հարսի երեսին թավ քող էին գցում պսակելիս ու մինչեւ քնելը չէին բացում: Տենց քողով հարսին բերում են, մեր գյուղում հարսանիքը շարունակում տղու տանը: Հարսանիքից հետո տան սաղ ժողովուրդը դուրս են գալիս սրահում քնում, թազա հարս ու փեսուն` օթախում քնացնում: Դե էն վախտերն էլ էլեկտրականություն չկար, լամպ էին վառում, առաջին գիշերն էլ ի՞նչ լամպ, եթե վառած էլ էր լինում հանգցնում էին, որ աղջիկը չամաչի առանց էդ էլ կուսության կորստի հետ կապված առաջին գիշերվա ապրումներից: Ըտենց քնում են հարս ու փեսա, Արշակ ամին հարսի երեսը բնականաբար մութ սենյակում չի տեսնում:
Առավոտը Արշակ ամին արթնանում ա, տեսնում կողքի պառկածը հեչ նման չի իրա տեսած ու հավանած աղջկան: Նա սիրուն, սպիտակ, անմազ երես ուներ, սա բեղավոր ա ու սեւ: Արշակ ամին չի իմանում, թե ինչ անի: Գնում ա, պապիս ասում ա` արի մի հատ նայի, տես էս աղջիկն է՞ն ա, որին մենք տեսել ենք, ես էլ հավանել եմ: Պապս գալիս ա, Արշակ ամու թազա բեղավոր կնիկն էլ հաց ա գցում, չայ տալիս: Պապս ասում ա` չէ, Արշակ, սա բեղավոր ա, նա բեղեր չուներ: Ու Արշակ ամին հասկանում ա, որ իրան խաբել են: Պապս էլ ասում ա` դե հիմա ի՞նչ պիտի անես, երեւի սա քո բախտն ա, հո չե՞ս տանելու սրան աղջիկ բերած, կնիկ սարքած տաս ծնողներին, թե սա իմ հավանածը չի: Քոնը սա ա: Արշակ ամին էլ մտածում ա, որ եթե տենց ասի, կարա հետ տա, բայց էս խեղճ աղջկա կյանքը վարի կտա, սրան ոչ ոք էլ չի ուզի կնիկ դառած: Ու տենց համակերպվում ա իրա ճակատագրի հետ ու մնում Անուշ տատի հետ: Անուշ տատն էլ բեղերը հենց նենց չի ունենում, ինչ որ հորմոնալ խանգարումներ էլ ա ունենում հետը, մի խոսքով` երեխա չի կարում ունենա: Վերցնում են Արշակ ամու ախպոր չորս երեխեքից մեկին ու պահում իրանց երեխու նման: Դա էլ հենց Արեւիկի հերն ա լինում: Այ տենց: Մինչեւ հիմա մեր գյուղում ասում են. «Խաբել են` ոնց որ Արշակ ամուն», եթե ուզում են ասեն, որ մեկին ուժեղ հարիֆացրել ու խաբել են: Բա¯:
Անուշ տատը բարի կնիկ էր, թթու լավաշ էր միշտ տալիս մեզ, մխաշար, կաթի սերն էր հավաքում ու տալիս, որ մենք ուտենք, «ջան գցենք»: Դե ինձ ջան գցել պետք չէր էդքան էլ, բայց վտիտ ու նվազ Արեւիկին պետք էր: Նա էլ գցեց: Տասնյոթում թափ առավ, հասավ միջին բոյի` կնոջ համար, կրծքեր սկսեցին երեւալ նույնիսկ, մի խոսքով, Արեւիկս սիրունացավ: Դե իհարկե, չդառավ գեղեցկուհի, բայց իրա մուշտարին ուներ:
Քաղաքում էին ապրում իրանք, հերը հանքում առաջավոր էր, սոցիալիստական մրցման հաղթող, լավ փող էր աշխատում տաժանակիր աշխատանքով, բայց ընտանիքը լավ ապահովում էր, լավ էին ապրում, ուրիշներից հետ չէին մնում: Աբոյներով ռեմոնտ արած բնակարան ունեին, չեխական ստենկա ու խոլ, խոհանոցի մեբելն էլ մերձբալթյան էր: Չորս սենյակ ունեին:
Արեւիկը աշխատում էր ուսումնարանին կից գործարանում, դեռ պրակտիկա էր: Ընդեղ մի տղու հետ ծանոթացավ, հավանեցին իրար, ու շուտով Արեւիկին եկան ուզելու: Արեւիկը շա¯տ, շա¯տ պարկեշտ, հայկական ավանդական դաստիարակություն ստացած աղջիկ էր: Չնայած ես էլ գյուղ չէի գնում ամառները, այլ Սեւան, բայց քաղաք գնալիս միշտ զանգում էի, հետաքրքրվում` ո՞նց ա, ի՞նչ ա Արեւիկս: Մանկական ընկերուհին ուրիշ բան ա: Կյանքը տանում ա ձեզ իրարից տարբեր ճանապարհներով, դառնում եք ամենքդ մի ձեւի մարդ, ամենքդ ձեր ներքնաշխարհի, կրթվածության ու հակումների համեմատ ընկերական շրջապատ, ժամանց ու կյանք եք ընտրում, հետաքրքրություններն էլ ժամանակի հետ ավելի են ուժեղ տարբերվում: Բայց միասին անցկացրած մանկության հավ գողանալու նման հիշողությունները միավորում են, ու միշտ ուզում ես իմանաս, թե ո՞նց ա մանկությանդ ընկերուհին:
Երբ ես իմացա, որ Արեւիկը նշանվել ա, ուրախացա, զանգեցի շնորհավորեցի, որովհետեւ եթե ինձ համար հաջող ամուսնությունն ու հաջող կյանքը հոմանիշներ չէին դեռ, Արեւիկի համար դա նպատակ էր: Ու ես ուրախ էի, որ Արեւիկս հասնում ա իրա նպատակին` ամուսնանալու ա, ընտանիք կազմի, երեխեք ունենա: Արեւիկին, ինչպես հայ կանանց ութսուն եւ ավելի տոկոսին, կյանքում ուրիշ բան պետք չէր:
……………………………….
Եսօր Արեւիկիս հարսանիքն ա: Չնայած ես հարսանիքներ չեմ սիրում, բայց Արեւիկիս հարսանիքին պիտի գնամ, գիտակցությունս ասում ա` գնա, ենթագիտակցությունս էլ բողոքում ա: Բայց ես ենթագիտակցությունս պիտի անջատեմ էսօր, որովհետեւ Արեւիկիս պետք եմ, հարսնաքուր եմ: Հատուկ նույնիսկ սիրուն շոր եմ առել ամերիկայից եկած պասիլկի միջից, մեր թաղի սպեկուլյանտ Սեւո տոտայից, հարյուր ռուբլի եմ տվել, սիրուն շոր ա, սաղին դուր ա գալիս, բացի ինձնից, մի տեսակ փայլուն ա, մեջը լյուրեքս գցած, եսիմ, ասում են` մոդնի ա: Մազերս երկարել են, իմ ուզած երկարությունն ա հիմա. ուսերիս վրա նստած: Շորը հագել եմ հիմա, կանգնել եմ հայելու առաջ, դուրըս եմ գալիս, բայց մի տեսակ ես չեմ, ես ե°ս եմ, երբ մալյարի շալվարով եմ լինում կամ էլ «վրանգլեր» ջինսովս: Չէ, առած չի, ինձ համար վրանգլեր առնող չէր լինի, ուղղակի հերս աշակերտ ա պարապել ինստիտուտի համար, դրանք էլ նորեկ հայեր են, պասիլկա բան են ստանում, դե վարձի մի մասի տեղն են տվել: Իմ վրանգլերից ոչ ոք չունի: Ունեն լեվայս, տեխասներ ունեն: Իսկ վրանգլեր մենակ ես ունեմ: Ահավոր թանկ ա, երկու հարյուր հիսուն ռուբլի, երկու ամսվա աշխատավարձ: Բայց էսօր չեմ հագնի դա, էսօր սենց շորի օր ա: Որովհետեւ Արեւիկիս հարսանիքն ա: Հարսնաքուր եմ, ուրեմն պիտի Սրեւիկի ուզածով հագնեմ, իսկ Արեւիկս սենց ա ուզում: Նույնիսկ շրթներկ կքսեմ, հատուկ օր ա սա: Արեւիկս ամուսնանում ա: Հերը փող չի խնայել, ամեն ինչ տեղը տեղին արել ա: Զուռնա-դհոլ, աղջկա տանը` երաժշտություն, հարսանքի սեղան, հետո էլ տղու տանը: Գնամ:
Արեւիկենց տանը եռուզեռ ա: Գյուղի հայաթում են հավաքվել հյուրերը, խումբ-խումբ դառած գյալաջի են անում, սպասում են, որ խնամիքը գան:
Հենա, գյուղի վերեւում երեւացին մեքենաները: Արեւիկի մերը ափալ-թափալ շորերը փոխեց, խեղճի վրա հալ չկա, երեւի սաղ նախորդ օրը տանջվել ա: Ես գնում եմ Արեւիկի մոտ: Արեւիկս նստել ա ներսի օթախում ու դողում ա:
— Արեւիկ, խի՞ ես դողում տենց, ուրախ չե՞ս, հարսանիքդ ա, էդ չէի՞ր ուզում, քեզ ինչքան գիտեմ, նպատակդ եղել ա ամուսնանալը: Սիրո՞ւմ ես Ռուդիկին, թե՞ չես սիրում, ասա, ես քեզ կառնեմ ու կփախչենք, վեջդ մի դնի, ասա°, փոշմանե՞լ ես:
— Չէ, չեմ փոշմանել, ուղղակի վախում եմ մի տեսակ, ոնց որ սիրտս անհանգիստ լինի էլի: Դե առաջի գիշեր ա, բան ա, ասում են` ցավում ա, համ էլ ամոթ բան ա մի տեսակ:
— Է, Արեւիկ, խի՞ գիտեիր` ամուսնանալը խաղ ու պար ա՞, շախմատ ես խաղալու մարդուդ հետ: Համ էլ ի՞նչի ես վախենում, ասում են` վատ բան չի էդ սեքսը: Սաղ ուզում են, դու վախում ես: Ցանցառ մարդ ես, Արեւիկ:
— Դե հա, հասկանում եմ ամեն ինչ, ուղղակի վախում եմ էլի: Ամեն ինչ նորմալ ա, բանի տեղ մի դնի, եկան խնամիքը, դուրս արի գնա պարի: Սինի, բան են տալու, թո քեզ էլ մի նվեր տան:
— Յա, Արեւիկ, ես չեմ կարա պարեմ, ես պարող չեմ: Ինձ նվեր պետք չի:
— Իմ խաթեր պարի էլի էսօր:
— Դե լավ, տենամ կարա՞մ:
— Կարաս, գնա:
Դուրս եկա, խնամիքը իջնում էին կակռազ մեքենաներից: Ի՞նչ անեմ, ո՞նց պարեմ ես: Բայց խոսք եմ տվել Արեւիկիս:
Զուռնա-դհոլը նվագեցին: Պահ-պահ են ասում սաղ, պար են գալիս հայաթի մեջտեղը: Ես էլ մտա: Չեմ իմանում ձեռքերս ո՞նց շարժեմ, նայում եմ, դեմս Արեւիկի հորաքրոջ աղջիկն ա պարում, ու կրկնում եմ իրա շարժումները: «Մարդու աննորմալ ռիթմիկ շարժումը կոչվում է պար»: Լսել եմ ինչ-որ տեղ: Հա, հասկացանք` բալետ են պարում, մեջը իմաստ կա, բա սենց քամակը դես-դեն գցելու, ձեռքերը վերեւդ պտտելու մեջ ի՞նչ իմաստ կա: Չէ, չեմ հասկանում ես: Դե պարեմ էլի, Սրեւիկիս խաթեր: Սինի են տվել, պար պիտի ածեմ: Ինչ էլ ծանր սինի ա, կոնյակ ա մեջը, կոնֆետներ ու ինչ որ տուփ ա, էդ էլ երեւի նվերս ա: Տենաս ի՞նչ ա: Հաստատ պենյուար բան կլնի, կամ էլ` կամբինացիա ու կալգոտկի: Սաղ Հայաստանը կամբինացիա ա հագնում, ես չեմ կարողանում հասկանամ դրա իմաստը:
Դե լավ ա, մտնում ենք տուն: Մտանք Արեւիկիս սենյակը, տղամարդկանց դուրս են արել, հարսին հագցնում են: Արեւիկս շատ, շատ ամաչկոտ ա, երեխա վախտ նույնիսկ մոտս չիշիկ չէր անում, գնում էր հեռու, թաքնվում, հետո անում: Բա ՞ոնց ա հիմա Արեւիկս էս սաղ մի քսան հոգու առաջ հանվելու, տկլորանա: Խե¯ղճ Արեւիկ: էլի դողում ա, ավելի ա դողում:
Հանեց շորերը: Ոնց որ տասը տարեկան երեխուն կրծքեր կպցրած լինեն ու մի քիչ էլ տուտուզ, էնքան վտիտ ա Արեւիկս: Չէ, Անուշ տատի, քո կաթի սերը Արեւիկին ջան չգցեց:
Հանում են հարսի շորերը, սկզբից տրուսիկ ու լիֆ են հագցնում, Արեւիկս մտնում ա մահճակալի հետեւը ու ընդեղ փոխում ա դրանք, երեւի կարելի ա տենց: Հետո կամբինացիա են հագցնում սպիտակ, հետո հարսի շորը: Սիրուն շոր ա, ժանյակավոր, Արեւիկս հագավ ու դառավ գեղեցկուհի: Ամեն շոր հագցնելուց ասում են.
— Շնորհավոր լինի, պարզերես հարս գնաս, լավ հարս դառնաս, յոթը երեխա բերես:
Կոնֆետների բոնբոներկան բացել ա Արեւիկի տալն ու բաժանում ա սաղին: Սաղ ուտում են ու ասում` շնորհավոր: Ես էլ եմ ուտում ու ասում: Վերջ, Արեւիկի գլխին հարսի քող են գցել, Անուշ տատի ստվար քողից չէ, Արեւիկիս երեսը երեւում ա Գաուսի հնարած կինոյի էֆեկտի տպավորության նման, էն որ համր կինոյում ցանցի միջով էին նկարում դերասաններին, որ դեմքի անհարթությունները չերեւան: Հիմա Արեւիկս ա իրա քողի տակին դառել սիրուն, անթերի: Դե հարս ա, երեւի հարսների համար էլ են դա հնարել, որ հարսները սաղ սիրուն լինեն: Արեւիկս ինձ համար ամենասիրունն ա, բայց դե օբյեկտիվ նայած` սովորական աղջիկ ա էլի:
Մոտեցա Արեւիկիս գրկեցի, պաչեցի, ասեցի` քեզ համբերություն էսօր, հետո էլ` երջանկություն: Կարծես թաղում լիներ:
Դուրս եկա: Կանգնել եմ մարդկանց ամբոխի մեջ ու սպասում եմ սաղի նման: Թոյբաշին իրա պարն ա պարում: Ինչքան գիտեմ, Արեւիկի հորքուրը պիտի ձգտի կանաչ ժապավենը կապի թոյբաշու կարմիրից վերեւ, ու թոյբաշին էլ պիտի չթողնի, որովհետեւ եթե թողնի` տան գլխավորը Արեւիկն ա լինելու: Երանի թե կարա կապի Սաթո տոտան: Արեւիկս իրա տանը մատրիարխատ կսարքի: Հիհի: Չէ, հիմարություն ա, ինչ էլ լինի, կանաչը կարմիրի տակն են կապելու, հո խայտառակ չեն լինելու: Տենց էլ եղավ, չնայած Սաթո տոտան նենց տիպն ա, որ կտանի Վանի պապու աղբյուրն ու ծարավ հետ կբերի, բայց ստեղ երեւի ինքը տենց որոշեց, որովհետեւ էս մի թիքա թոյբաշին քաք էր կերե` Սաթո տոտայի հետ մրցի: Կապեցին, ծափահարեցին: Հիմա զուռնա են նվագում մենակ: Վայ, նենց չեմ սիրում զուռնայի ձայնը: Զռռան ձեն ա, տհաճ: Երեւի թե զուռնայի ձայնի պատճառով էլ ա, որ հարսանիքներ չեմ սիրում: Համ էլ հարսը միշտ մեղքս ա գալիս: Փեսեն էլ, բայց էդքան չէ, ինչքան հարսը: Քիչ ա մի սաղ օր բոլորն իրանց են նայում, պիտի նենց անեն, որ հանկարծ քիթ չփորեն, ձվեր չքորեն, խայտառակ կըլնեն: Ո՞նց են էդքան վեր կենում-նստում ամեն կենացի հետ, հետո էլ համարյա ոչ ուտում են, ոչ խմում: Հարսանիքը սաղի համար տոն ա, բացի հարս ու փեսուց երեւի ու սեղանը մատակարարողներից, նվագողներից, ու թամադայից: Թամադան պապս ա: Պապս ամեն ինչի թամադա ա: Թաղումների, հարսանիքների, ծնունդների, քառասունքների… Տատս էլ մոտը նստում ա, որ հանկարծ չթողնի մի ավելորդ բան ասի, որովհետեւ պապս որ ցիկլի մեջ ա ընկնում, սկսում ա իրա մասին պատմել կամ անեկդոտներ, երգելով, բանաստեղծություններ ու ասացվածքներ մեջբերելով: Եթե չկանգնացնես, կարա անընդհատ խոսա: Շախով մարդ ա պապս: Վիդնի էլ ա: Ինքնուս երաժիշտ ա, ժողգործիքների խումբ ունի, հարգում են սաղ, սիրում են, համերգներին գալիս են: Չէ, թամադան մեղք չի, պապս կայֆ ա ստանում թամադայությունից: Ինքը արտիստ ա ու հանդիսատեսներ ունի: Տատս ա մեղքը:
…………………………………………..
Արեւիկին բերում են: Երեւացին, փեսեն մոտեցավ, Արեւիկը մտավ թեւը: Վա¯յ, էս ի՞նչ ա: էս ինչ օդ ա լցվել թոքերս էլի: Վայ, դավաճան ծիծաղ, ի՞նչ ես անում, Արեւիկիս հարսանիքն ա, թող մնամ էլի: Չեմ կարողանում հարսանիքներին ու թաղումներին մասնակցել, քանի որ պաթետիկան զռռում ա, իսկ ես հիստերիայի մեջ եմ ընկնում, երբ լիքը ժողավուրդ մի տեղ հավաքվում ա ինչ-որ վերամբարձ, կեղծ պաթետիկ մի գաղափարի ոգով համախմբված, ինչ-որ երեւույթով կամ իրադարձությամբ միավորված: Չեմ էլ իմանում, թե ինչ անեմ, եքա մարդ եմ, սկսում եմ անղեկավարելի ծիծաղել, չնայած ծիծաղելի ոչ մի բան ոչ հարսանիքի, ոչ էլ առավել եւս թաղման արարողությունների մեջ չկա: Ծիծաղում եմ, հեւալով, շունչս կտրվելով էնքան, մինչեւ թուլանում եմ ու հետո սկսում լացել: Վատագույն դեպքում վերջանում ա ուշաթափությամբ, լավագույն դեպքում` թողնում փախչում եմ: Իսկ ամենալավն էն ա, որ վաբշե չեմ գնում: Առաջին անգամ սենց բան պատահեց ինձ հետ, երբ տասնվեց տարեկան էի, ընկերուհիս սրտի արատ ուներ ու հիվանդանոցում պառկած էր, հետո ծննդին դուրս էր գրվել եկել տուն, ծնունդ արել, հաջորդ օրն էլ իմացանք, որ մահացել ա… Գնացի թաղում, իմ կյանքում առաջին գիտակցված մահն էր Ռուզանի մահը: Ռուզանի թաղումը դառավ իմ հետագա կյանքի ամենամեծ խայտառակությունը, ամոթն ու վախը: Ես հենց տեսա թաղման թափորը, լացող մարդկանց ու հանգիստ, անվրդով դեմքով կարծես քնած Ռուզանին, սկսեցի ծիծաղել: Մարդիկ շշմած ինձ էին նայում ես էլ չէի կարում, թե հանգստանամ, հետո ծիծաղս վերածվեց լացի, ու ես ուշաթափվեցի թաղման եկած մարդկանց ապշած հայացքների առաջ…
Դրանից հետո ոչ մի թաղում էլ չգնացի, գիտեի թե` դիակի տեսքից ա ինձ մոտ էդ աննորմալ պոռթկումը:
Չնայած ինքս ինձ ստիպեցի ու գնացի բժշկականի անատոմիկ կորպուս, նայեցի լիքը դիակների, նույնիսկ հերձման ներկա գտնվեցի: Մի խոսքով, դիակից չէր իմ հիստերիան:
Երբ Երեւանում սկսվեցին 1988-ի ազգային զարթոնքի, «Ղարաբաղ» կոմիտեի ցույցերը, ու ես ամբոխի մեջ մտած գնացի օպերայի առաջ, ուր ելույթներ էին ունենում ազգասեր հռետորները ու լոզունգներ գոռում-գոչում սովետի միապաղաղ կյանքից հոգնած ու ըմբոստության համի կայֆը առաջին անգամ ղարաբաղյան շարժման մեջ գտած ցուցարարները: Մի երկու ժամի չափ լավ էի, ու ոչ մի բան ցույց չէր տալիս, որ կարող ա չարաբաստիկ դավաճան ծիծաղը սկսվի սենց մի տեղ, ուր դիակ չկա: Մի շատ ակտիվ հռետոր էր քաղաքացիական անհնազանդություն ու «Ղարաբաղը մերն է» գոչում. որ նայում էիր նրան, թվում էր, թե էդ մարդը ամբողջ կյանքում քուն չի ունեցել Ղարաբաղի հայաբնակ ժողովրդի Ադրբեջանի լծի տակ յոթանասուն տարի գտնվելու դարդից, նենց կեղծ պաթետիկա էր թափվում վրից: Ես զգացի, որ կրծքավանդակս դավաճանաբար սկսեց լցվել ծիծաղի օդով, ու մի քանի րոպե դիմադրելուց հետո դուրս մղվեց ռունգերովս, բերանովս, թվում էր, թե ականջներս էլ են ծիծաղում, բայց ախր ես հո գիտեի, որ դա ոչ մի ծիծաղ էլ չի, դա ալերգիա ա: Ժողովուրդը ինձ էր նայում նենց, կարծես ես ազգասպան էի դառել իմ էդ ծիծաղով: Ընկերուհիներս ինձ ստվար ամբոխի միջով մի կերպ հանեցին ցուցարարների միջից, նստացրին Սարյանի արձանի մոտ ու ջուր տվեցին: Ես ջրով խեղդվեցի ու ծիծաղս մոռացա:
Հետո եղավ հարսանքահիստերիա, դե դա ամենափոքրագույնն էր նմանատիպ անախորժությունների շարքում, որովհետեւ հարսանքավորները որոշեցին, որ ես ուղղակի հարբած եմ մինչեւ հարսանիքը սկսելը, քանի որ ծիծաղս բռնել էր հարսին տղու տնից տանելու արարողության վրա, երբ թոյբաշին պար էր գալիս, սինիներ էին պար տալիս, ու էն մոմենտին, որ հարսը դուրս եկավ փեսու թեւը մտած` ես պայթեցի ու պուկ փախա տատիս տան երրորդ հարկը, փակեցի դուռ ու լուսամուտ ու հեռուստացույցը զռռացրի:
Չէ, չի թողնում: Բայց ախր սա հարսանիք ա, ա°յ ծիծաղ: Դե, էլ բռնել ա: Թողնեմ գնա՞մ: Արեւիկս կնեղանա: Ծիծաղում եմ, ու կանգ առնել չկա: Սաղ հարս ու փեսից ուշադրությունները դեպի ինձ են ուղղել: Երեւի մտածում են, թե խմած եմ: Չէ, գնամ: Փախա, խութով բաձրացա մեր տուն, ռադիոն զռռացրի, որ զուռնա-դհոլի ձենը չլսեմ, ու սկսեցի զռռալ, ինչպես միշտ վերջանում ա էդ տեսակի ծիծաղը: Լավ ա, ուշքից չգնացի:
Հարսանիքի վերջը տենց էլ չտեսա: Հըլը պիտի տղու տուն էլ գնայի, որպես հարսնաքուր: Կներես, Արեւիկ, գիժ եմ ես երեւի:
Արեւիկին տարան…
Հաջորդ օրը ամենավատ օրերից մեկն էր իմ կյանքում..
Արեւիկին զուռնա-դհոլով Ռուդիկը տարել ա, մի գիշեր հետը քնել, տեսել ա` աղջիկ չի, հետ ա բերել, հորը տվել ու ասել ա, որ Արեւիկը աղջիկ չի եղել, որ ինքը դուռակ չի, որ կնիկ սաղացնեն վրեն..
Արեւիկին տեսա, նստած էր իրանց հայաթում, փոքրիկ աթոռի վրա, ձեռները շեքի առաջ բռունցք արած կարծես պաշտպանելիս, մարկանցից փակելուս լիներ, գլուխը հենած գոմի դռանը ու չէր խոսում: Ես խոսցնում եմ, ինքը չի պատասխանում…
Գնացի քաղաք: Արեւիկս մնաց գյուղում, Անուշ տատի մոտ: Հետո գալիս էի, տեսնում էլի Արեւիկս նույն դիրքով նստած ա: Վախենում էի խոսցնեմ արդեն, ասում էին` գժվել ա:
Արեւիկի պարկեշտության ու միամտության մասին սաղ գյուղը գիտեր, ու նրա կուսաթաղանթի մի կաթիլ արյան բացակայությունը կարեւոր էր մենակ Ռուդիկի ու իրա ընտանիքի համար: Մեկ էլ` Արեւիկի, որովհետեւ Արեւիկը գժվել էր: Տարել էր հերը ստեղ-ընդեղ, բժիշկներին էր ցույց տվել, բուժումներ էին արել, ու Արեւիկս քիչ թե շատ ուշքի էր եկել: Հերը նույնիսկ չէր էլ մտածել որ աղջկան հարցուփորձ անի, թե ո՞ւր ա նրա կուսաթաղանթը, որովհետեւ դա Արեւիկն էր, որովհետեւ եթե ես աչքերի արանքով, առհամարհանքով ու զզվանքով էի նայում պարկեշտության էդ ազգային չափանիշին, ապա Արեւիկի համար դա կարեւոր էր, շատ կարեւոր, ու Արեւիկը չէր կարա կյանքում իրա համար էդքան մեծ նշանակություն ունեցող բանի հետ տենց խաղեր անի: Չէ, չէր կարա: Արեւիկի հետ Աստված էր խաղեր արել ու փորձություններ ուղարկել…
Հետո իմացա, որ չանցած էդ ապուշ դեպքից մի տարի` Արեւիկս կազդուրվել էր իրա, ինչպես պարզվեց, ժամանակավոր խելագարությունից, որն ընդամենը ուժեղ հոգեկան ապրումների, ցնցումների հետեւանքով տարած փսիխոզ ա եղել, ու սկսել էր աշխատել լամպերի գործարանում:
Չանցած մի քանի ամիս, իրա հետ աշխատող մի շատ լավ տղա հավանել էր Արեւիկիս, Արեւիկս էլ ուժ էր գտել իրա մեջ ու հավատ ունեցել էնքան, որ նորից հավատացել էր «հայ տղամարդ» անունը կրող հոտից Նվեր անունով մի տղայի խոսքերին, որ կտանի, իրա կինը կդարձնի, որ իրանք լավ կապրեն, երեխեք կունենան… Եկել էր Արեւիկին ուզելու ու առանց հավատալու կամ թքած ունենալով նույնիսկ, եթե էն մարդին գնալուց աղջիկ էլ չի եղել, առանց հարսանիք անելու ամուսնացել ա հետը:
Արեւիկն ու Նվերը, որն Աստծու կողմից ուղարկված մի իսկական նվեր էր Արեւիկիս համար, հաշտ ու խաղաղ ապրում են մինչեւ օրս մեր քաղաքում:
Ես Արեւիկին վաղուց չեմ տեսել, բայց ամեն ինչ, ինչ ինձ պետք ա իմանալ, որպեսզի մանկության ընկերուհուս համար հանգիստ լինեմ` գիտեմ: Արեւիկը ունի ամուսին, երեխաներ, մի խոսքով` հասել ա նրան, ինչին ձգտում էր, իրա նպատակին: Ես էլ ուրախ եմ: Շատ:
Ռուդիկը երկու կնիկ ա ուզել Արեւիկից հետո, երկուսից էլ բաժանվել ա, չնայած երկուսն էլ կուսաթաղանթ են ունեցել, ու հիմա ջհանդամված ա ռուսաստանները…
2011 թվականի հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամների ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ձեր կայքի ձեր լուսաբանման` «Մարդ պիտի բախտ ունենա» նյութում ճիշտ չի ներկայացված իրողությունը:
Մասնավորապես` ցիտում եմ
«Ոստիկանապետը քայլերն ուղղեց դեպի ավտոմեքենան, բայց ակցիայի կողք կողքի կանգնած մասնակիցները, որոնց ձեռքերը մինչ այդ զբաղված էին նկարներ ու պաստառներ բռնելով, թողեցին դրանք ու ձեռք – ձեռքի տվեցին` փակելով ոստիկանապետի ճանապարհը: Մի կին զայրացած գոռգոռում էր` «տո, եսիմ ո՞վ ա, ով ուզում ա ըլնի, ոստիկանապետ ա, ինչ ա, պադումայեշ, խի՞ պտի ճամփա տամ: Ըտենց ոստիկանապետ ա՞ ըլնում, ինձ բրթում ա։
Այսօր հսկող ոստիկանների թիվն նախորդ օրերի համեմատ շատ էր: Ոստիկանները, ոստիկանապետի թիկնապահները, փորձում էին շեֆի համար ճանապարհ բացել: Մինչ այդ ցուցարարները բղավում էին. «խուլիգան, ապուշ, խուլիգան, տականք, Սարգսյան-խուլիգան»: Այստեղ լսվում էր նաև Վարդգես Գասպարիի բարձր ձայնը: «Ամոթ», «հանցագործներ» վանկարկում էին հավաքվածները»։
Իրողությունը եղել է այսպես.
Ոստիկանապետը քայլերն ուղղելով դեպի իր ավտոմեքենան ուղիղ դուրս է եկել իմ դեմ, պահանջելով որ ես իրեն ճանապարհ տամ, այնինչ կարող էր շրջանցել։ Ես կանգնել էի իմ պաստառով, ու ճանապարհ չէի տալիս, ոչ ոք ձեռք-ձեռքի տված կենդանի պատ չի սարքել, այդ ամենը շատ լավ երևում է տեսանյութերի մեջ։ Ես ճանապարհ չեմ տվել, ինքն էլ ինձ հրել է, հետո նրա թիկնապահները բոլորին հրմշտելով ճանապարհ են բացել նրա համար։ Այդ ժամանակ ՄԻԱՅՆ Վարդգես Գասպարին և մյուսները սկսել են վանկարկել` «Խուլիգան, հանցագործ, տականք»։
Բացի դրանից ականատեսները մեզ ասել էին, որ ոստիկանապետը հրահանգ է տվել. «Սրանց տարեք»։
Իսկ այս հատվածում որպես զավեշտ է ներկայացված հաջորդ միջադեպը. «Վարդգես Գասպարին պառկել էր գետնին, իսկ նրա վրա պառկել էր Զարուհի Փոստանջյանը»։
Զարուհի Փոստանջյանը իրականում Վարդգես Գասպարի վրա ոչ թե պառկել է, այլ նրան հրել-գցել են ոստիկանները, ինչպես նաև մեկ այլ կնոջ, որի մասին նույնպես ոչ մի խոսք չկա նյութի մեջ։
Քանի որ աղավաղված մանրամասներից ամբողջական նյութը խեղաթյուրվում է, և սխալ պատկեր է ստեղծվում, խնդրում եմ հրապարակել հերքում։
Կից ներկայացնում եմ երկու հաղորդագրություն հանցագործության մասին` Վարդգես Գասպարիի և ակցիայի մի խումբ մասնակիցների կողմից։
Լալա Ասլիկյան` քաղաքացի
20.10.2011
ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
… Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
Հաղորդում հանցագործության մասին
2011 թվականի հոկտեմբերի 20-ին ՙԲանակն իրականում՚ հասարակական նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջև կազմակերպել էին բողոքի գործողություն` ցուցապաստառներով պիկետ: Բողոքի գործողությունը սկսվել էր նախատեսված ժամին և ընթանում էր խաղաղ մինչև այն պահը, երբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իր շրջապատող անձանց հետ դուրս գալով ՀՀ կառավարության շենքի մուտքից, շարժվել է դեպի ցուցարարները և, հրելով նրանց` խոչընդոտել է բողոքի խաղաղ գործողությունը: Մասնավորապես, Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ` հրելով նրան և վնասել ցուցապաստառը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դրսևորելով նման վարքագիծ, փաստացի սկսել է իրագործել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Հ1» հեռուստատեսության «Հայլուր» հաղորդմամբ օրերս հայտարարած սպառնալիքի իրականացումը:
Ալիկ Սարգսյանի կողմից կատարված բռնարարքի վերաբերյալ` սահմանադրական իրավունքի ոտնահարման փաստի ականատեսը լինելով ցուցարարները հնչեցրել են տարբեր գնահատականներ: Ալիկ Սարգսյանը իր հասցեին հնչեցրած կարծիքներին պատասխանել է հանձնարարականով` ցուցարար Վարդգես Գասպարիին առանձնացնել և տանել ոստիկանություն, ինչի մասին բարձրաձայնում էին ցուցարարները և ոստիկաններ: Շուրջ 15 րոպե անց Ալիկ Սարգսյանի հանձնարարականը կյանքի կոչվեց մի խումբ ոստիկանների կողմից: Սկզբից նրանք Վարդգես Գասպարիին բանավոր խոսքով հրավիրում էին ոստիկանություն, ինչին Վարդգես Գասպարին առարկեց` մերժեց հրավերը` պահանջելով ներկայացնել օրինական հիմքեր: Ոստիկանական խումբը, ստանալով հրավերի մերժումը, դիմեց բռնի ուժի` հրելով այդ պահին Վարդգես Գասպարիի կողքին գտնվող ցուցարարներին և նրանց զորակցող ՀՀ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Գետնին հայտնված Վարդգես Գասպարիին ոստիկանները բռնությամբ ի վերջո տեղափոխեցին ոստիկանական մեքենա և տարան:
Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և բռնարարքներին մասնակցող ոստիկանների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքներ, որը հիմք է քրեական գործի հարուցման համար:
Լալա Ասլիկյան
Արթուր Սաքունց
Լևոն Բարսեղյան
Զարուհի Փոստանջյան
Լենա Նազարյան
Սոնա Այվազյան
Հաղորդագրություն հանցագործության մասին
Հոկտեմբերի 20-ին ակցիայի այն մասնակիցները, ովքեր Կառավարության շենքի մոտ անմիջապես ենթարկվել են ոստիկանության բռնությանը կամ եղել են դրա անմիջական ականատեսը կարող են միանալ հաղորդագրությանը, տալ իրենց առաջարկությունները, փոփոխություններն ու լրացումները—— ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության պետ Ա. Միրզոյանին —— Հայտնում ենք Ս/թ հոկտեմբերի 20-ին` առավոտյան ժամը 12-ի սահմաններում Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիների հետ պահել էինք պաստառ ¨ խախաղ միջոցով իրականացնում էինք տեղեկատվություն ¨ գաղափարներ տարածելու մեր սահմանադրական իրավունքը: Խաղաղ ցույցը այդպես շարունակվեց մինչև ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանը դուրս գալով Կառավարության շենքից` դեմ հանդիման եկավ դեպի մեզ և դրսևորելով ընդգծված անհարգալի վերաբերմունք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ խուլիգանաբար հրեց քաղաքացիական ակցիայի մասնակիցներից մեկին և շարժվեց առաջ: Վերադասին ընդօրիկակելով ոստիկանապետի համազգեստով և քաղաքացիական հագուստով ենթակաները ֆիզիկական ուժի կիրառմամբ ամեն կողմից հրմշտոցով խուլիգանաբար հետ քշեցին մարդկանց, որպեսզի ոստիկանապետը անցի իր ցանկությամբ ճանապարհով, և ոչ թե մի քանի մետր փոխի իր երթուղին: Հատկանշական է, որ ոստիկանների սադրիչ խուլիգանական բռնի գործողություններին քաղաքացիական ակցիայի մասնակիցները չփորձեցին փոխադարձ գործողություններով կանխել, քանի որ հայտնի է, որ ոստիկանական ավազակախմբերը, որպես կանոն հրահրելով նման սադրանքներ հաճախ են փորձում քաղաքացիական ակտիվիստներին ներքաշել շինծու բռնության գործողությունների մեջ:
Ներկայացնելով վերոնշյալը պահանջում եմ հարուցել քրեական գործ
ա — Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի` Խուլիգանության հատկանիշներով. քաղաքացիական հասարակության, քաղաքացիական ակցիայի մասնակիցների նկատմամբ ընդգծված անհարգալի, անբարոյական վարքագիծ դրսևորելու կապակցությամբ. Ընդ որում խուլիգանությունը կատարվել է քաղաքացիների նկատմամբ ֆիզիքական բռնի գործողություններով: Որպես ծանրացուցիչ հանգամանք հատկանշական է, որ խուլիգանությունը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կատարել է իր ենթակաների հետ միասին, որը որակվում է խմբակային խուլիգանություն:
բ — Հանցագործություն արդարադատության նկատմամբ, քանի որ ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանի և նրա մի շարք ենթակաների խուլիգանական գործողությունների պատճառով ոտնահարվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների քաղաքացիական ակցիայի մասնակիցների սահմանադրական մի շարք իրավունքները, մասնավորապես`
1 — Սահմանադրության 26-րդ հոդվածը, ըստ որի Քաղաքացիները ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունք:
2 — Սահմանադրության 24-րդ հոդվածը, ըստ որի Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով:Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք:
Հաշվի առնելով, որ Հատուկ քննչական ծառայությունը ինքն է մի շարք հանցագործությունների հեղինակ կամ համահեղինակը, լրացուցիչ փաստարկները կներկայացնեմ քրեական գործ հարուցելուց հետո:
Դիմող` Վարդգես Լ. Գասպարի 22 սեպտեմբերի 2011թ.
Լուսանկարները` Անի Գեւորգյանի և Արման Վեզիրյանի
Այսօր Քրեական գործերով վերաքննիչ դատարանում սկսվեց Ղարիբյան եղբայրների հակամարտության հերթական դատական նիստը: Նախ նշենք, որ այս գործով Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է ավագ եղբորը` Մանվել Ղարիբյանին, որին կրտսերը` Վարշամ Ղարիբյանը, մեղադրում է խարդախության մեջ: Ըստ այդ մեղադրանքի` ավագ եղբայրը, եղբայրական կապերի օգտագործմամբ, չարաշահելով վստահությունը, 2005թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում `«Շանթ Պլյուս» ՍՊ անունով կատարել է մի շարք գործարքներ և ձեռք բերել տրանսպորտային միջոցներ`(Կամազ 5511 մակնիշի և Մերսեդես Բենց 220-S-430)` վերջինիս պատճառելով 16.800.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքային վնաս` հափշտակելով Վարշամ Ղարիբյանի կողմից գնված ավտոմեքենաները:
Նախագահող դատավորը Սերժիկ Ավետիսյանն էր: Նիստին ներկայացել էին դատախազ Նաիրի Ավագյանը, ամբաստանյալ Մանվել Ղարիբյանը, վերջինիս պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Բագրատ Վարդանյանը, տուժող կողմից ներկա էր միայն պաշտպան Գրիգորի Շահվերդյանը, իսկ տուժող Վարշամ Ղարիբյանն ու մյուս պաշտպան Ա. Շահբազյանը ներկա չէին և հարկ էլ չէին համարել զգուշացրել իրենց բացակայության մասին:
Նախ ընդգծվեց փաստը, որ Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանի կողմից սույն թվականի օգոստոսի 22-ին կայացրած դատավճռով Մանվել Արամի Ղարիբյանը ՀՀ օրենսգրքի 178| 3-րդ մասի 1 կետով և 325 հոդվածի 1 մասով ճանաչվել է անպարտելի ու հաստատվել է նրա անմեղությունը:
Սույն դատավճռի դեմ սեպտեմբերի 12-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել մեղադրող Ավագյանն ու տուժողի պաշտպանները` պնդումով, որ դատավճիռը ենթակա է բեկանման և պետք է ամբաստանյալի նկատմամբ նշանակել պատիժ:
Նշենք, որ 2005 թվականին կատարված գործարքների անօրինական լինելը շահարկվել է հինգ տարի անց` 2010թ, երբ երկու եղբայրների միջև, առաջացան որոշակի տարաձայնություններ:
Մեղադրողի խոսքով` դատարանը պատշաճ քննության չի ենթարկել սույն գործով ձեռք բերված ապացույցները և միջնորդում էր, որպեսզի սույն գործը նոր քննության ուղարկվի: Տուժողի պաշտպան Շահվերդյանը ևս պնդում էր բեկանել առաջին ատյանի կայացրած վճիռը և փոփոխել մեղադրանքի ծավալը: Շահվերդյանն ինչպես նախորդ դատավարության ժամանակ «ինքնատիպ» էր իր որակումներով. խճճվում էր դրանք շարադրելիս, որով դատարանին մի փոքր զվարճացնում էր: Ըստ նրա` դատարանը սխալ դատավճիռ է կայացրել. «Որտեղ եղել է փակուղի, դատարանն այն շրջանցել է և ներքին համոզման հիման վրա որոշումներ է կայացրել, այդպես չի կարելի. ամեն ինչ պիտի օրենքի սահմաններում արվի ու ըստ օրենքի: Դատարանն ասում է, թե եղբայրը չի կարող եղբոր վստահությունը չարաշահել, դատարանն ինչի՞ց ելնելով է դա ասել»:
Նա նաև մի հետաքրքիր ինքնախոստովանություն արեց, որ չէր վրիպել նաև պաշտպան Ալումյանի աչքից. Շահվերդյանը բողոքի ներկայացման ընթացքում նշեց. «Քանի որ իմ ու դատախազի բողոքները մի շարք հարցերում համընկնում են, դրա համար նրա բերած դրույթները այժմ ես չեմ կրկնի»:
Ալումյանը ներկայացրեց դատախազի ու տուժող կողմի ներկայացրած դիմում –բողոքի` մոտավորապես 7 էջ, որտեղ բառացի կրկնվում են պարբերությունները: Մենք մեղադրող կողմից փորձեցինք ճշտել, թե ինչպես կբացատրեն բառացի կրկնության փաստը, ի վերջո, ո՞վ ումից է արտագրել. «Ոչ մի բառացի կրկնություն չկա. գուցե բովանդակային առումով համընկնումներ լինեն, քանի որ երկուսս էլ նույն դրույթների ու նույն սխալների հիման վրա ենք ներկայացրել մեր դիմում- բողոքները»,- ասաց մեղադրող Ավագյանը: Սակայն մեզ տրամադրած երկու փաստաթուղթը ուսումնասիրելիս, ակնհայտ է, որ բողոք բերողները գոնե հանուն պատշաճության իրենց նեղություն չեն տվել մի փոքր աշխատել հայցադիմումի վրա:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարանը ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում:
Աննա Ալեքսանյան
Վերջերս ՀՔԾ քննիչ Վահագն Հարությունյանը, որին վստահվել է կրկին անդրադառնալ մարտի 1-ի իրադարձություններին, հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում մինչև տարեվերջ նախաքննական մարմինը փաստաթուղթ կհրապարակի 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ: Մեր ունեցած տեղեկությամբ, այն լինելու է իրավական գնահատականի տեսքով, ինչը բնականաբար չի կարող բավարարել հանրությանը, քանի որ մինչ այսօր շատ հարցերի պատասխաններ դեռ ստացված չեն: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ջանքերով, կարծես թե ստացվեց այնպես, որ թվում է, թե հաջողվեց փակել Մարտի 1-ի էջը: Դավիթ Հարությունյանը պատասխանելով հարցին`« հնարավո՞ր է, որ այդ փաստաթղթով էլ Հայաստանում Մարտի 1-ի էջը պաշտոնապես փակելու փորձ արվի»,1-ին լրատվականի թղթակցին ասել է. «Ես չեմ կարծում, որ Մարտի 1-ի էջը փակվի, քանի դեռ նախաքննությունը ավարտված չէ, քանի դեռ բացահայտված չեն բոլոր մեղավորները: Սակայն դա ոչ թե հայտարարություն է լինելու, այլ հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ, թե որոնք են այն խնդիրները, որոնք ծանրացած են եղել նախաքննության մարմնի առջև, որտեղ է եղել դժվարությունը և այլն, և այլն: Այդ ամենի մասին հասարակությունը պետք է տեղեկացված լինի»:
Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես դիմել են միջազգային հանրությանը և օգնություն խնդրել օրեր առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Անկարան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմել է ավելի քան 30 երկրի, որոնց թվում են Իսրայելը, ԱՄՆ–ը, Ռուսաստանը։
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Երևանն առայժմ չի ստացել պաշտոնական Անկարայի օգնության խնդրանքը։
Հիշեցնենք, որ Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր հղել Աբդուլլահ Գյուլին և առաջարկել Հայաստանի օգնությունը։
Սակայն Անկարան, բացառությամբ Իրանի, Ադրբեջանի և Պակիստանի, մերժել էր ընդունել բոլոր երկրների, այդ թվում` Հայաստան օգնությունը։
Անկարայի՝ միջազգային օգնությունը չընդունելու մասին որոշմանն անդրադարձել էր բրիտանական The Times հեղինակավոր պարբերականը՝ ընդգծելով, որ դա «անմիտ և անարդարացի որոշում էր»։
Աղետի գոտուց ստացված որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Թուրքիայի իշխանություններն ի զորու չեն միայնակ լուծել առաջացած խնդիրները, կամ գուցե ցանկություն չունեն:
Եվ նրանց կողմից միջազգային հանրության, այդ թվում Հայաստանի օգնությունը չընդունելու համառությունն էլ ավելի է բարդացրել իրավիճակը։
Քրդական «Ֆըրաթ» գործակալությունն սահմռկեցուցիչ տվյալներ է ներկայացնում աղետի գոտուց։ Ըստ լրատվամիջոցի՝ Վանում, որի փողոցներում է հայտնվել երկրաշարժի պատճառով առանց տանիքի մնացած մոտ 500 հազար մարդ, օգնությունը հասել է 24 ժամ ուշացումով։ Իշխանությունները կարողացել են վրանով և սնունդով ապահովել 0,5 միլիոն քաղաքացիների միայն չնչին մասին. «Մենք օգնության կարիք ունենք։ Չի բավականացնում ոչ սնունդը, ոչ դեղորայքը, ոչ էլ վրանները։ Կարմիր մահիկն ասում է, որ բնակչությանը բաժանվել է 8 հազար վրան։ Սակայն 100 հազարն էլ չի բավականացնի։ Բնակչության մեծ մասը դրսում է։ Վանի 60%-ն ավերված է։ Հողին է հավասարվել 30-40 գյուղ։ Շատ երկրներ կան, որ ցանկանում են օգնել Թուրքիային։ Սակայն մեզ առայժմ օգնություն չի հասել։ Վանում երկրաշարժի հետևանքով փողոցում է հայտնվել առնվազն 500 հազար մարդ»,– ասել է Վանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սաբրի Աբին։
Մինչդեռ թուրքական ATV-ի հաղորդավարուհի Մուղլե Անլըն հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ.Թուրք հաղորդավարուհին եթերով հանդիմանել է Վանի երկրաշարժից տուժվածներին` քրդերին օգնություն ցուցաբերել ցանկացողներին։ «Թող նրանք իրենց տեղն իմանան։ Տեղն եկած ժամանակ քար են նետում ոստիկանների վրա։ Այդ քար նետողների ձեռքը թող ջարդվի»:
Քրդական լրատվամիջոցը ահազանգում է, որ չնայած երկրաշարժից անցել է 2 օր, առայժմ որևէ օգնություն չի տրամադրվել երկրաշարժից տուժած 50 գյուղերի։ Առաջիկայում այդ վայրերում սպասվում է ցուրտ եղանակ և ձյուն, որն ավելի է դժավարացնելու փրկարաների աշխատանքները։
Այդ ընթացքում Վանում ակցիաներ են կազմակերպվում երկրաշարժից տուժած քաղաքացիները՝ ընդդեմ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ ցուցաբերվող անտարբերության։
Ցուցարարները փողոց են դուրս եկել պահանջելով Վանի նահանգապետի հրաժարականը։ Նրանց ցրելու համար իշխանությունները մեծ թվով իրավապահներ և զինվորներ են ուղարկել աղետի գոտի։ Ակցայի ժամանակ բախում է տեղի ունեցել երկրաշարժից ցուցարարների և ոստիկանների միջև։ Իրավապահները երկրաշարժից տուժածների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ։ Ներկա պահին Վանի փողոցներում դեռևս շարունակվում են բողոքի ակցիները։
Ստեղծված իրավիճակում անելանելի վիճակում հայտնված քաղաքացիները հարձակվում են օգնություն բաժանող բեռնատարների վրա և թալանում դրանք։
Ըստ թուրքական «Ռադիքալ» օրաթերթի`Վանի փողոցներում սկսել են քննադատել իշխանություններին նաև այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է իրեն ամենամոտը գտնվող հարևանի՝ Հայաստանի օգնությունից։
Մեկնաբանելով տիրող իրավիճակը՝ «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը քննդատել է իշխանություններին. «Արդյունքում փլատակների տակ դարձյալ պետությունը մնաց»,– նշել է Դեմիրթաշը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին` երկրաշարժից հետո Թուրքիային առաջարկված օգնության համար, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ըստ գործակալության, Էրդողանն ասել է, որ Թուրքիան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել աղետի հետեւանքները, բայց միեւնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, ներառյալ Հայաստանին եւ Իսրայելին, ովքեր օգնության ձեռք են մեկնել Թուրքիային:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով պետական այցով գտնվում է Մոսկվայում, շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որտեղ Հայաստանի օգնությունն է առաջարկում:
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով առկա ավերածությունների, զոհերի եւ փլատակների տակ մնացած մարդկանց մասին: Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ եւ հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն եւ անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների»:
Այսօր «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներն երեքժամյա հանդիպում են ունեցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Ըստ նախաձեռնության անդամների, այն անցել է բավական անմիջական մթնոլորում:
Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը տեղեկացրել է, որ ըստ Դավիթ Տոնոյանի, ներկայումս քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ է մշակվում, որը ենթադրաբար հանգեցնելու է վարչական իրավախախտումներից որոշ դրույթներ քրեական օրենսգիրք տեղափոխելուն, իսկ քրեական օրենսգրքով նախատեսված կետեր կտեղափոխվեն վարչական իրավախախտումների դաշտ: Տոնոյանն առաջարկել է շահագրգիռ խմբերին մասնակցել փոփոխությունների մշակմանը, մտնել աշխատանքային խմբի մեջ: ՊՆ պաշտոնյան հավաստիացրել է, որ այդ փոփոխությունները, ազդելու են մի շարք ենթաօրենսդրական ակտերի վրա, այդ թվում կանոնագրքի վրա:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ իր հերթին տեղեկացրել է, որ իրենք անդրադարձել են բանակում սպանությունների հետ կապված նախաքննության ոչ պատշաճ իրականացմանը, եթե դա չի բերում պատասխանատուների բացահայտման ու պատասխանատվության ենթարկելուն, ապա անվստահությունը շարունակվելու է:
Սաքունցը ներկայացրեց իրենց առաջ քաշած պահանջները. Առաջինը` երեկ ակցիայի մասնակից Վարդգես Գասպարիի ձերբակալության փաստն է, Երկրորդը` պաշտպանության փոխնախարարՎ.Գասպարյանի հրապարակային արտահայտություններն են, երրորդ պահանջը վերաբերվում է տեղեկատվություն ստանալու հարցին: Սաքունցը համոզված է, որ այս երեք խնդիրների վերաբերյալ պատասխան վերաբերմունքը հիմք կտա մտածելու, որ իրապես բանակում իրավիճակը փոխելու ցանկություն կա:
Տոնոյանն ասել է, նաև որ ՊՆ-ում աշխատանք է տարվում տեղեկությունների բազային որակի փոփոխման ուղղությամբ, և գաղտնիքների շեմը, ամենայն հավանականությամբ, կիջեցվի, և որոշ տեղեկություններ, որոնք նախկինում գաղտնի են համարվել, փոփոխությունների հաստատվելուց հետո կբացվեն: Բարսեղյանն էլ հավելեց, որ իրենց պահանջներից մեկը պաշտոնատար անձանց զավակների ծառայել-չծառայելու տեղեկությունների տրամադրումն է:
Ըստ Սաքունցի Տոնոյանն իր հերթին խոստովանել է, որ ՊՆ որոշակի քայլեր կատարելու ցանկություն ունի, պետք է սպասել: Նա իրավապաշտպան ՀԿ-ների դրամաշնորհ ստանալը համարել է անհրաժեշտություն, որը հնարավորություն է տալիս որոշակի փորձաքննություն իրականացնելու, ինչը նրա կարծիքով բավական լուրջ ներդրում է բանակում:
Իսկ ինչ վերաբերվում է ՊՆ Վովա Գասպարյանի` վերջին օրերին կատարած հայտարարություններին, Բարսեղյանն ասել է, թե Դավիթ Տոնոյանն հավատացրել է, որ առաջիկա օրերին` նախարարի վերադառնալուց հետո քննարկելու են հարցը, և կլինի հաղորդագրություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.