23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԺ ընտրություններին ընդառաջ . Այսպիսով.Ազգային ժողովի 17 պատգամավորների պատկանող 22 ընկերություններ այս տարվա 1000 խոշոր հարկատուների ցուցակի մեջ են:
ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն խոշոր հարկատուների ցուցակում 57-րդ տեղում է:
Աշոտ Արսենյանին (ՀՀԿ) պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն՝ 146-րդ,
Վահե Հակոբյանի (ՀՀԿ) «ՆԻԱՇ» ՍՊԸ-ն՝ 443-րդ,
Ռուբեն Հայրապետյանի (ՀՀԿ) «Բջնի» հանքային ջրերի գործարանը՝ 41-րդ, իսկ Զարգացման հայկական բանկը՝ 147-րդ,
Արեգ Ղուկասյանի (ՀՀԿ) «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 161-րդ,
Կարեն Ճշմարիտյանի (ՀՀԿ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է խոշոր հարկատուների ցուցակը,
Խաչիկ Մանուկյանի (ՀՀԿ) «Լուսակերտ» ՍՊԸ-ն՝ 502-րդ,
Ալեքսան Պետրոսյանի (ՀՀԿ) «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանը՝ 126-րդ,
Սուրիկ Պողոսյանի (ՀՀԿ) «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ն՝ 330-րդ,
Գագիկ Ծառուկյանին (ԲՀԿ) պատկանող բազմաթիվ ընկերություններից խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվել 4-ը՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն՝ 57-րդ, «Մուլտի գրուպ» կոնցեռնը՝ 268-րդ տեղ, «Երևանի «Արարատ» գինու-կոնյակի-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն՝ 105-րդ, «Կլեոպատրա» ՍՊԸ-ն:
Նույն անվանմամբ` «Կլեոպատրա» ՍՊԸ ունեն և՛ Արսեն Ավագյանը (ԲՀԿ), և՛ Գագիկ Ծառուկյանը: Վերին Պտղնի գյուղում գտնվող «Կլեոպատրա»-ն խոշոր հարկատուների ցուցակում 79-րդ տեղում է, իսկ Վերին Արտաշատ գյուղում գտնվող «Կլեոպատրա»-ն՝ 413-րդ:
Մելիք Մանուկյանին (ԲՀԿ) պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ն 150-րդ խոշոր հարկատուն է,
Աշոտ Ափոյանի (ՀՅԴ) «Աշտարակ կաթ» ընկերությունը՝ 207-րդ,
Արայիկ Գրիգորյանի (ՀՅԴ) «Ավշարի գինու գործարան» ՓԲԸ-ն՝ 113-րդ,
Կարեն Վարդանյանի (ՀՅԴ) «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ն՝ 43-րդ,
Հակոբ Հակոբյանի (անկուսակցական) «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն՝ 108-րդ:
Հետաքրքիր է, որ Սամվել Ալեքսանյանի բազմաթիվ ընկերություններից խոշոր հարկատու են ընդամենը 2-ը՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն՝ 3-րդն է և «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցը 42-րդն է:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 65 հոդվածը, որը սահմանում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:
Կանանց միամսյակի շրջանակներում տպագրում ենք մոտ մեկ տարի առաջ արված հարցազրույց, սիրված դերասանուհի Հասմիկ Տեր Կարապետյանի հետ.
Միացնենք մեր երեք մեծերի պատգամները ` Չարենցի «միաբանվածությունը», Սիամանթոյի զգուշացումը և Սևակի աններում կոչը` «Ով մոռանա` զույգ աչքով թող կուրանա» և անվախ առաջ շարժվենք` մեր Սուրբերին միայն առաջնորդ ունենալով, — ասում է դերասանուհի Հասմիկ Տեր Կարապետյանը։
— Հասմիկ, այս հարցով եմ սկսում իմ բոլոր հարցազրույցները, կարծես պարզ հարց է`մտավորականի քո բնորոշումը, բայց միևնույն ժամանակ այսօրվա համար բարդ ու պարզության կարոտ հարց է:
— Մարդիկ են, որոնք իրենց մեջ ահավոր մեծ ցավ են կրում: Ցավ տգեղի նկատմամբ, չստացվածի, աղավաղվածի, արժեզրկվածի նկատմամբ: Այն մարդն է, որ իր անձնականը մի կողմ դրած, ցավում է երկրի համար, մարդկանց համար, ժողովրդի, իր գալիքի, իր երկրի թերությունների համար: Երևույթները ինչքան ցավալի են լինում ու թերություններն էլ շատ, ցավը ավելի խորն է լինում և հուսահատությունը` հաճախակի: Բայց զարմանալի կերպով նորից կարողանում է կանգնել, թևաթափ վիճակը հաղթահարել, նորից մտնում է ինչ որ պայքարների մեջ, որ նորից ու նորից խփվի ու թևաթափվի: Այ, սա է մշտական մտավորականի դիրքորոշումը: Չեմ ընդունում կոտրվող մարդկանց, որոնք այլևս ուժ չեն գտնում ոտքի կանգնելու: Ինչու՞, որովհետև գտնում եմ, որ Աստծո առաջ պատասխանատվություն կա: Այն, որ ունենք իրավունք առավոտյան աչքներս բացելու և նորից այս չքնաղ օրն ու արևը տեսնելու, ուրեմն պատախանատու ենք: Քանի շունչ կա քո մեջ, պիտի կատարես առաքելությունդ:
-Հավատո՞ւմ ես, որ մենք ունենք նման մտավորականներ:
-Իհարկե ունենք: Ցավոք, շատերս թևաթափ ենք լինում, մտածելով, որ գործունեության դաշտը պակաս ու թերի է մեզ համար: Թող ինձ չմեղադրեն նրանք, ովքեր նոստալգիա (կարոտախտ) են ապրում Սովետի նկատմամբ և գտնում են, որ շատ բան են կորցրել: Սովետ միության ժամանակ երկու ասպարեզ կար , որտեղ մարդիկ մնացին ազնիվ և նվիրյալ: Դա մշակույթի և գիտության ոլորտն էր: Ցավոք մեր կյանքի փոփոխությունը բերեց նրան, որ թոհ ու բոհի մեջ տիղմ բարձրացավ վեր և գրավեց շատ ոլորտներ: Այն Սովետի ստեղծած, դաստիրակածը, որը անսուրբ երկրի ծնունդ էր, անհավատ երկրի ծնունդ և ավազակաբարո, տիղմ էր, որը երբ բարձրացավ, տակը մնացին ամենակարգինները, որոնք պիտի իրականում ապահովեին եկող սերնդի դաստիարակությունը: Սակայն այս մարդկանց ձեռքերը կապվեցին, անգործության մատնվեցին: Եվ այսօր էլ ամենավատ վիճակում մնացել են հենց այդ երկու ոլորտներն ու ամենակարգին մարդիկ: Այսօր ամենուրեք տիրում է անհարգալից վերաբերմունք օրենքի, իրար նկատմամբ: Շատ կցանկանայի, որ ամեն մեկը զգար հայի արյան հարազատությունը, մի օր արթնանայինք ու բոլորս հարգեինք այն արյունը, որ հոսում է մեր մեջ, ունենայինք մերի զգացողությունը:
-Ունե՞նք մենք գոնե մտավորականների միասնություն:
-Մեր ազգը անհատականությունների ազգ է: Հայրս ասում էր. «Մեր ժողովրդին հնարավոր չէ ոչխարի հոտի նման հավաքել մի դրոշի տակ»: Իրոք հնարավոր չէ: Դե պատկերացրեք, եթե ամբողջ ազգը անհատներից է կազմված, ուրեմն մեր մտավորականը ինչպիսի՞ն է:
-Իսկ միավորվա՞ծ են նրանք, կամ ին՞չը կարող է միավորել մեր մտավորականներին:
-Ամենավտանգավոր, ծայրահեղ վիճակները, որոնք ոչ միայն մտավորականներին, այլև ամբողջ ժողովրդին են միավորում: Ցավոք, մինչև դանակը ոսկորին չի հասնում, չի լինում միավորումը: Դա էլ երևի ազգին բնորոշ հատկություն է: Լավ կլիներ, որ ունենայինք ամենաբարձր մտավորականների ղեկավարող խումբ, որը իմանար ինչ անել, ու՞ր տանել, ինչ՞ գաղափարախոսությամբ տանել, ինչ՞ դաստիարակության հիմքեր դնել, ին՞չը վերականգնել, որը կլիներ ազգային արմատների վրա հիմնված:
-Ին՞չը կարող է տարանջատել մտավորականներին:
-Քաոսը: Աններդաշնակ վիճակները, երբ այնքան շատ են պրոբլեմները, հարցերը, երբ թացն ու չորը խառնվում են իրար: Այսօր չունենք ներքին հարմոնյա: Քչերն են, որ կարողանում են գտնել այն իրենց մեջ: Այդ քաոսը, ցավոք, ուղղակի մահացու է թե՚ ֆիզիկական, և թե՚ հոգեկան իմաստով լավագույնների համար։ Որքան այս վիճակը երկար ձգվի, այնքան մենք կաղքատանանք լավերին կորցնելով։
-Ի՞նչ պահվածք, ի՞նչ դաստիարակություն ունի մեր ժողովուրդը, ինչպիսի՞ն կուզենայիր տեսնել նրան:
-Զարմանում եմ պասիվ մարդկանց վրա: Երբ տեսնում ես հասարակության բացերը` չես կարող անտարբեր մնալ: Ժողովուրդը անդադար բողոքում է, թե՚ իր կյանքից, թե՚ հեռուստատեսությունից, թե՚ երեխաների ապազգայնացումից, վատ հայերեն մատուցելուց և այլն, և այլն: Մենք էլ ենք դա տեսնում: Ես զարմանում եմ, թե ինչու՞ բոլորը բողոքում են, բայց ոչինչ չեն անում: Պետք է ամեն մեկը մի բան ձեռնարկի, ոչ թե սպասի, որ դիմացինը իր փոխարեն գլուխ կոտրի:
-Ինչի՞ց է դա գալիս:
-Դա հասկանալու համար, պիտի 70 տարի հետ գնանք, որովհետև այսօրվա պահվածքը, կեցվածքը 70 տարվա մեջ մշակվածի պտուղն է: Դժվա՞ր է մոռանալ այն շրջանը, որ այդքան լավ գլուխներ եղեռնի մատնեցին, երբ ով, որտեղ, ինչ ձեռնարկությունում աշխատում էր, փեշի տակ տվյալ ապրանքը դուրս էր բերում: Բա ին՞չ պիտի լիներ: Հո ժողովուրդը միանգամից իր տեսակը չէ՞ր փոխելու: Ալան — թալանը որտեղի՞ց եկավ, հենց էն դաստիարակությունից, որ արդեն ստացել էին: Եկանք, հասանք սրան: Հիմա ինչքան ջրեր պիտի հոսեն, ինչքան ջանք պիտի թափենք, որ մաքրված երկրորդ, երրորդ սերունդը գա, որ նոր կարողանան էս կեղտաջրերը զուլալվեն, իսկ տիղմը նստի տակը: Սրա համար ժամանակ է պետք: Մեծագույն ուժը համբերությունն է: Մենք պետք է կարողանանք ոչ թե թևաթափ լինել, այլ համբերությամբ աշխատել, մեր երեխաներին ոչ միայն շորերով ու լաթով ապահովենք, այլ վաղվա քաղաքացու տեսակի հիմքը դնենք, որպեսզի պահպանե՚նք մեր ժողովրդի շարունակելիությունը: Այսօր պիտի դնենք վաղվա հիմքերը:
-Հավատու՞մ ես մեր ազգի ապագային:
-Բնականաբար: Էլի զուլալվելու են այս ջրերը, բայց ժամանակ է պետք և այսօրվա մտավորականի գործը հանուն վաղվա օրվա է:
-Իսկ ո՞րն է այսօր մտավորականի գործը, տեղը:
-Ամեն մեկը, որը ի զորու է իր գործի մեջ, անելու լավը, ճիշտը: Ես ինչ գիտեմ, դա եմ անում: Ես որպես թատրոնի մարդ, գիտեմ, որ կարող եմ երեխայի մեջ մշակել խոսքի կուլտուրա, հարգանք դեպի բառ ու բանը, կիրթ խոսքը: Սա կարևոր է, որովհետև, երբ կիրթ է խոսքը, կիրթ են հարաբերությունները: Ես աշխատում եմ կիրթ խոսք փոխանցել, ընդ որում, դա միայն խոսքի տեխնիկան չէ, դա նաև ներքին, հոգու ֆիզիկական մարզում է, դաստիրակություն։ Եթե ես ուզում եմ քաղաքացի դաստիրակել , սկսում եմ տարրական թվացյալ բաներից, որոնք հզորացնում են մարդու հոգին: Իսկ հզոր մարդը լինում է օգտակար, լավ քաղաքացի, պիտանի մարդ: Հայրս ասում էր.«Մշակույթը սկսվում է դանակ — պատառաքաղի կուլտուրայից»: Ես կուզեյի, որ այսօր դասավանդվեր, նաև Սուրբ Գիրքը և հին հունական առասպելներն ու լեգենդները: Սուրբ Գիրքը և մտավորական է ձևավորում, և գեղարվեստական միտքն է մշակում, չէ՞ որ ամբողջ աշխարհի միտքն ու արվեստի հիմքը այս երկու գրքերն են: Կրթական հարցերում շատ բան կա վերանայելու: Այսօր կարիք կա, որ մեր երեխաներին կրթեն ամենաընտրյալները` համալսարանականները: Մայրենին թերի թողած, ընկել ենք օտարալեզու դպրոցներ ենք ուզում հիմնել: Այնքան շատ են մեր խնդիրները, որ չգիտեմ էլ, ո՞ր ոլորտն է առաջնային: Օրինակ` հեռուստատեսությունը ամենավտանգավոր ոլորտն է: Երբեմն թվում է, թե , ինչ անում են, դիտմամբ են անում, որ մի ամբողջ ժողովուրդ անդամալույծ դառնա: Եթե մեր ժողովուրդը այսքան պասիվ չլիներ, դատի կտար: Մի ժողովուրդ, որի հիմնական դիմագիծը ծանր լինելն է, այսօր մակերեսացվում է: Այո, մենք ծանր ժողովուրդ ենք, որովհետև հազար բան տեսած ենք, յոթ անգամ մտածող ու մեկ` կտրող ժողովուրդ ենք և հոգևոր ենք մեր որակով: Ժամանակին Օյստրախը իր տղային ասում էր. «Եթե ուզում ես իմանալ քեզ աշխարհը կնդունի, թե ոչ, գնա Հայաստան: Եթե հայերն ընդունեն, ուրեմն աշխարհը կնդունի»: Ես ինքս բեմ դուրս եկող մարդ եմ և գիտեմ, որ նույնիսկ ամենատգետ հայի զգացողությունները ճշմարիտ են, որովհետև նրա երակներում դարերի արյուն է հոսում, մեր ներքին զգացողությունները գենետիկորեն խորն են և մենք անկախ մեզանից, չտեսնված զգում ենք ո՞րն է լավ, և ո՞րն է վատ: Մակերեսայնացնելով ու շոուացնելով արվեստը, մենք կորցնում ենք մեր դիմագիծը: KBH-ը եկավ ու գրավեց բոլոր ամբիոնները, հետին պլան մղեց և դասականը, և պրոֆեսիոնալը: Սա մի պատուհաս է արվեստի գլխին: Ինչպես՞ կարելի է: Որպես բեմի մարդ, որն այդքան ջանք է թափել խորանալու իր մասնագիտության մեջ, ես վիրավորվում եմ, որ այսօր կողմնակի մարդը կարող է, գալ և տրա-լյա-լյա անելով ինքն իրեն դերասան համարել, այն դեպքում, երբ դա մշտական խորացման, տառապանքի, որոնման, մշտապես բացահայտելու մասնագիտություն է: Արածներն էլ շատ ծիծաղելի է: Փողոցում հայտնի մարդ լինելը, չի նշանակում լինել մտավորական:
— Քո խոսքը` մտավորականին:
-Ին՞չ ասեմ: Թևերը քշտած պիտի գործ անել: Գործ անել հանուն մեր մայրենիի, հանուն մեր հայրենիի, մեր զավակների, հանուն այս արևի տակ լինելիության: Չհոգնել, չկոտրվել, ուժերի ներածին չափ պատասխանատվության բեռը քարշ տալ: Միևնույն է աշխարհն իր ամբողջ ծանրությամբ քչերի ուսին է, որոնք իսկապես այդ բեռը տանում են: Ատլանտները, որոնք պահում են երկրագունդը` չորսն են, բայց նրանք են պահում: Եթե ես ինձ համարում եմ այդ քչերից մեկը, ուրեմն ես պատասխանատու եմ վաղվա համար:
-Քո խրատը` երիտասարդին, որը կարող է լինել այդ քչերից մեկը:
-Անիմաստ է երիտասարդին որևէ բան ասել, եթե չես դիմում դաստիրակողին: Այսօր ամեն հայ ծնող երկու կարևոր պարտավորություն պիտի ունենա: Առաջինը` ինչ միջոցով ուզում է լինի զավակին ապահովել լավ կրթություն. Հայ ծնողին լավ է բնորոշում Թումանյանը «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել»: Ամեն մի հայ ծնող միշտ ցանկացել է, որ իր երեխան շատ ավելի բարձր լինի: Սա կա: Պետք է ապահովել ոչ միայն այցելությունը կրթահամալիր, այլ նաև աշխատանքային ռեժիմը, որպեսզի երեխան սովորի սովորել, հաստատել կարգ ու կանոն, կարգապահություն: Երկրորդ պարտականությունը ծնողի այն է, որ դեռ փոքրուց պիտի իր զավակի մեջ սերմանի` այն կրթությունը, որ նա ստանում է, պիտի ծառայեցնի իր ժողովրդին: Այսօր այդ մոտեցումը չկա: Կրթվելու պահանջը գենետիկորեն կա, բայց հանուն ինչի՞ կրթվել, բացակայում է: Այսօր շատ վատ դաստիրակություն ունեն հատկապես հայ տղաները` անկարգապահ են, անպատասխանատու, փնթի, գլուխ պրծացնող և արանք ճղելու բնավորություն ունեն: Մեղադրում եմ ոչ թե տղաներին, այլ ծնողին, հատկապես հայ մայրերին, որոնց համար ընտանիքում տղան կուռք է դառնում: Թող չվիրավորվեն մեր տղամարդիկ, բայց այսօր նրանք մեզ պարտք են: Պարտք են, որովհետև մի դար լաց եղան.« Վա~յ մեր մայրերին սպանեցին, վա~յ մեր կանանց բռնաբարեցին, վա~յ մեր երեխաներին մորթեցին»: Էհ~, չթողնեյիք: Պա՚րտք են մեզ:
-Ին՞չ է երազում Հասմիկ Տեր Կարապետյանը մեզ համար:
-Երբեք ոչնչից չվախենալ: Վախը մեր մեջ շատ է, որովհետև շատ կորուստներ ենք ունեցել: Չվախենալ որովհետև հավատում եմ, որ հզոր երկնային պաշտպանություն ունենք: Ինձ երբեմն թվում է, մեր ժողովուրդը չունի ինքնապաշտպանական իմունիտետ` շուտ է ներում, շուտ է մոռանում, շուտ է հաշտվում: Ահավոր ուզում եմ, որ չմոռանա: Չմոռանա ինչեր ենք քաշել, ինչեր ենք տարել: Շատ են այսօր մոռացողները, և ես զարմանում եմ թե ոնց են այդպես հանգիստ արյան վրայով անցնում, ինչպես են բարեկամական ինչ որ բաներ ծրագրում: Ես քրիստոնյա եմ, բայց չեմ ներում: Չեմ ների, քանի դեռ ծնկաչոք չեն եկել, քանի դեռ չեն ապաշխարհել: Գուցե չնդունվի իմ ասածը, բայց այսօր ես խաղաղասեր էլ չեմ ուզում լինել: Էլ հոգնել ենք: Դարեր շարունակ միայն խաղաղասեր ենք եղել, կարգին, օրինավոր նորմալ ժողովուրդ, ոչ մեկի հողը չենք զավթել, տունը չենք քանդել, երեխային չենք վնասել: Ին՞չ ենք շահել մինչև այսօր: Այսօր ես չեմ ուզում մոռանալ, չափից դուրս բարի լինել, չափից դուրս ներող լինել: Ես ուզում եմ ապրել ուժեղ երկրում: Բավական է: Կամ- կամ: Չեմ ասում ավազակաբարո, մորթող-սպանող, ուզում եմ լինենք ուժեղ, սկզբունքային և ինչու՞ ոչ` հարձակվող: Ուզում եմ ուժեղ երկրի արվեստագետ լինել, որովհետև ամեն մի անհատի հետևում ուժեղ երկիրն է կանգնում, որ նա անհատ ձևավորվի աշխարհի մասշտաբով: Կամ ուժեղ լինենք, կամ չլինենք: Ին՞չ է մեզ մնացել` մի պուճուր վերջին կտոր, որի վրա նույնիսկ գահ դնելու տեղ չկա, որ թագավոր նստի վրան: Մի փոքր հողակտոր է մնացել, եթե խելոք չլինենք, անվախ, ճիշտ, եթե ատամով չլինենք, էտ էլ ենք կորցնելու: Պիտի որոշենք` կամ մեր երկիրը պիտի ուժեղանա ու հզորանա, կամ էդ էլ կորցնենք, վերջանանք գնանք: Սա է այսօրվա գաղափարախոսությունը, այսօրվա հրամայականը: Ո՞րն ենք որոշում` ապրել գետնաքարշ, թե՞ ապրենք հզոր երկրում: Ես գոյատևել չեմ ուզում, այսպիսի կյանքը ինձ հետաքրքիր չէ:
-Այնուամենայնիվ, որպես քրիստոնյա կարո՞ղ ես ներել ապաշխարողին:
-Միայն քննելով ապաշխարողի շարժառիթները և հաշվի առնելով հանգամանքները, թէ ինչու՞ է ապաշխարում:
-Որպես նախաբան կամ վերջաբան:
-Չարենցյան միաբանված ուժի գիտակցումը ինձ համար հետևյալում է. Մենք իսկապես բարձր, հրաշալի ժողովուրդ ենք, նույնիսկ ամենավերջին սրիկան իր մեջ, շատ խորքում ունի սրբություններ, որ նրան հետ է բերում մարդկայինի տիրույթները, շատերը անգիր արած բառեր են կրկնում մեր բարձր նկարագրի մասին, բայց ամենազարհուրելին այն է, որ չկա իսկապես ինքնարժեքավորում, ինքնահարգանք, եթե այն զգային ողջ ներքինով` կսիրեին և կհարգեին նաև դիմացինին: Ցավոք դարերի ընթացքում անցնելով անլուր տառապանքների միջով և մնալով միշտ վշտակիր ու խոցված-վիրավորված, մենք իրար վրա ենք թափում մեր մեջ կուտակված ցավն ու բարկությունը: Կարծում եմ ժամանակն է իրար պահելու-պահպանելու և մեջք -մեջքի տված մեր ամբողջ արդար բարկությունն ու հավաքված մաղձը սլաքի նման ուղղելու մեզ խանգարողների, հերթական անգամ մեզ կողոպտողների դեմ: Աշխարհը միշտ էլ կմնա Սիամանթոյի անզոր ճիչի թիրախը` «Ով մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին» : Միացնենք մեր երեք մեծերի պատգամները ` Չարենցի «միաբանվածությունը», Սիամանթոյի զգուշացումը և Սևակի աններում կոչը` «Ով մոռանա` զույգ աչքով թող կուրանա» և անվախ առաջ շարժվենք` մեր Սուրբերին միայն առաջնորդ ունենալով: Մեզ` մայրերիս, հիմա կցանկանայի Անդրանիկի մոր և Սոսեի դաստիարակությունն ու մտածողությունը: Առաջինը` երեխան փորում ասեղնագործում էր սրբիչի վրա սպիտակ ձիավոր` վրան տղան ու աղոթքի նման մրմնջում` «Ձին միշտ տակիդ լինի, թուրդ ձեռքիդ լինի», իսկ մյուսը ամուսնու կողքին էր` զենք ու զրահով: Այսօր բոլորիս առաջ ԿԱՄ — ԿԱՄն է` լինի սովորական քաղաքացի, գյուղացի, բանվոր, կուսակցական, չինովնիկ, արվեստագետ, գիտնական, թե կառավարության անդամ:
Այսօրվանից պաշտոնական մեկնարկել է քաղաքական ուժերի` Հայաստանում կուսակցությունների և դաշինքների, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրումնեը:
Ժամկետը մինչև մարտի 22 ն է: Ապա թեկնածուների գրանցման գործընթացն է, որից հետո ապրիլի 8-ից` կմեկնարկի պաշտոնական քարոզարշավը:
«Ժառանգություն» կուսակցությունը դեռ հստակեցնելու խնդիրներ ունի, որը հավանաբար կավարտի մարտի 18ին կկայանալիք կուսակցության խորհրդի նիստում: Այստեղ է որ կորոշվի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ համագործակցելու ձևաչափերը, համամասնական ցուցակի, և մեծամասնական ընտրակարգով առաջադրումների հարցը։
ԲՀԿ ու ՀՀԿ-ն չեն շտապում նրանց փոխադարձ ճշգրտումները ձգվում են մինչև վերջին օրերը: Այնպես որ զարմանալի չէ, որ առաջադրումները կատարվելու են մարտի 20- 21ին:
Նրանց հետ համագործակցող կուսակցությունները, դաշինքները և մյուս ուժերը սպասումների մեջ են:
Այդ առումով թերևս առավել կանխատեսելի է ՀՅԴ առաջադրումը: Իսկ Հայ Ազգային Կոնգրեսը դեռ լուռ է:
Բաց նամակ Սերժ Սարգսյանին
Այսօր մամուլում կարդացի Ձեր մարտի 10-ի ելույթը ՀՀԿ համագումարում։ Քաղաքական մասով Դուք դեռ առիթ կունենաք լսելու որոշակի մեկնաբանություններ։ Բայց ահա տնտեսական մասով պարզապես ապշել էի։ Մ՞իթե այդպես են վերլուծում ձեր շրջապատում տնտեսական փաստերը, մի՞թե կարելի էր երկրի ղեկավարի տիտուլը կրող անձին նման “նյութ” մատուցել։
Խոսքս չեմ երկարացնում։ Անմիջապես անցնում եմ փաստերի։ Կվերլուծեմ ձեր յուրաքանչյուր թիվ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։
Նախևառաջ, մի քանի “մեթոդաբանական” հարց։
Առաջին, իմ բոլոր վերլուծությունները պաշտոնական վիճակագրության թվերն են։ Որպեսզի կասկածներ չլինեն, ամեն անգամ առանց զլանալու կնշեմ աղբյուրը։
Երկրորդ, երբեք թույլ չեմ տվել պրիմիտիվ ձևով համեմատելու հունվարը դեկտեմբերի հետ։ Սովորաբար այդտեղ անկումն անխուսափելի է։ Եվ դա ճիշտ է բոլոր նախագահների և կառավարությունների համար։ Ավելին, միշտ նշել եմ, որ վաղուց ժամանակն է տնտեսական տարին տարբերակել ֆինանսականից։ Մասնավորապես ճիշտ կլինի, որ ՀՀ-ում ֆինանսական տարին սկսվի ապրիլի 1-ից և տևի մինչև մարտի 31-ը։ Համոզված եմ, որ այս քայլը թույլ կտա տարեկան 1-2 տոկոսով արագացնել ՀՆԱ աճը և մեղմացնել տնտեսության տարեկան դինամիկայի խոտորումները։ Ասեմ նաև, ամիսը ամսվա հետ համեմատելու սովորություն ունեն հենց պետական կառույցները։ Օրինակ, 2011-ի գնաճը ըստ 2010-ի վերջում ընդունած բյուջեի, պետք է կազմեր 4 ± 1.5%։ Այսինքն առավելագույնը 5.5%։ Իրականում այն կազմել է 7.7% (2011-ի հունվար-դեկտեմբերը 2010-ի հունվար-դեկտեմբերի նկատմամբ)։ Բայց ՀՀ ԿԲ կայքում դուք կգտնեք 4.7% թիվը (շտապեք բացել և տեսնել այս թիվը, քանի դեռ ԿԲ կայքում փոփոխություններ չի արել)։ Սա սխալ չէ։ Այսպիսի թիվ էլ կա։ Բայց այն գնաճն է ամիսը ամսվա վրա։ ԿԲ-ն էլ, հասկանալով, դիտավորյալ այս թիվն է գրել, որ Սահմանադրությամբ սահմանված գնաճը կատարած համարի։ Այնպես որ “ամիսը ամսվա” վրա վիճակագրությամբ հենց պետական մարմիններն են զբաղված։
Երրորդ, այն կարծիքին չեմ, որ Ձեր ելույթի տնտեսագիտական մասն ինձ է ուղղված։ Ամենևին։ Ես ո՞վ եմ։ Մի քիչ շատ կլիներ, անտեղի։ Բայց թույլ տվեք ասել, այն նաև ինձ է ուղղված։ Ի վերջո դուք իրավունք ունեք իշխանությունից դուրս գտնվող մեկ այլ ճշմարտություն ևս իմանալու։ Ես էլ այս երկրի ու առավել ևս տնտեսական համակարգի հիմնադիրներից մեկն եմ։
Չորրորդ, Ձեր ելույթը հետևողական չէ։ Մեկ դուք 2011-ի թիվը համեմատում եք 2006-ի հետ, մեկ 2012-ի պլանային թիվն եք համեմատում 2006-ի հետ, մեկ էլ, երբ նպատակահարմար է իբրև բազիսային տարի նշում եք 2007-ը։ Ենթադրում եմ, որ Ձեզ դիտավորյալ շփոթեցրել են։
Հիմա մեկ առ մեկ ձեր բերած փաստերի մասին։
- Նշում եք, որ 2007-ին պետական բյուջեն կենսաթոշակայինի հետ 658 մլրդ դրամ էր։ Հիմա այն 1043 մլրդ դրամ է (ըստ ԱԺ կողմից ընդունված 2012-ի բյուջեի նախագծի)։ Այսպիսի ձախողված կառավարում տեսե՞լ եք։ Հարցնում եք։ Էլի որ չենք տեսել։ ՍԳԻ 2007-2011 թթ գումարային գնաճը կազմել է 37.1% (ՀՀ վիճակագրական տարեգիրք, 2011, էջ420)։ Եվս 5.5% գնաճ նախատեսել եք 2012-ին։ Գումարային ե՞ղավ 44.7%։ Եղավ։ Հիմա 1043-ը 658-ից մեծ է 58.5%-ով։ Բյուջեն պետության աշխատավարձն է։ Ուրեմն այն աճել է 58.5%, իսկ գները՝ 44.7%։ Ուրեմն Ձեր բյուջեն իրականում 5 տարում աճել է 13.8%-ով։ Եվ սա բացարձակ ճշմարտություն է։ Բա 5 տարում 13.8% բյուջե աճեցնելը գո՞վալու բան է։ Հարաբերական առումով ձեր վիճակը ընդհանրապես վիճակ չի։ 2007-ի նշված 658 մլրդ դրամը եղել է 304.2 միջին փոխարժեքի դեպքում ( http://www.cba.am/am/SitePages/statdatabank.aspx)։Այսինքն խոսքը 2.16 մլրդ դոլարի մասին է։ 2010-ի 1043 մլրդ դրամը այսօրվա փոխարժեքով (389.79 առ 10 մարտի 2011թ) 2.67 մլրդ դոլար է։ Այսինքն 6 տարում ավելացել է 23.6 տոկոսով։ 6 տարում դոլարի սղաճը կազմել է 28 տոկոս։ Հիմա Ձեզ գովենք երկրի բյուջեն հարաբերականորեն կրճատելու համար։ Բա խոսք էիք տվել 2 անգամ (100 տոկոսով) ավելացնել։ Ոչինչ որ Ադրբեջանի բյուջեն 5 տարում 2.5 անգամ է ավելացել, Վրաստանինը ավելի քան 2 անգամ (դոլարային արտահայտությամբ), իսկ աշխարհինը՝ 1.4։
- 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2006թ 1982 դոլարից 2011-ին հասել 3174 դոլարի, ասում եք դուք։ Ես 2006-ի կամ Ռ.Քոչարյանի պաշտպանը չեմ։ Բայց չի կարելի վերցնել դոլարով դրամի գերարժևորված տարին համեմատել թերարժևորվածի հետ։ Ի վերջո տնտեսագիտությունը մասնագիտություն է։ Ուրեմն, 2007-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 3903 դոլար (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007թ հունվար-դեկտեմբերին, Երևան, 2008, էջ 79)։ Այս ցուցանիշով մենք աշխարհում 89րդն էինք։ 2011-ի 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն նախնականով 3090 դոլար է (նախնական, քանզի ՀԲ-ն դեռ չի ամփոփել) և մենք հայտնվել ենք 114-րդ տեղում։ Ի՞նչպես կարող էիք այս փաստերը ելույթում շարադրել այնպես, որ շռնդալից զարգացման տպավորություն թողնեիք, միայն Ձեզ է հայտնի։
- Ասում եք, որ 2011 թ 2006-ի համեմատ արտահանումն ավելացել է 1.6 անգամ և կազմել 2.4 մլրդ դոլար։ Ուրեմն, ՀՀ արտաքին առևտրի շրջանառությունը 2011-ին եղել 1.329 մլրդ դոլար (http://www.armstat.am/file/doc/99469123.pdf)։2006-ին այն եղել է 1.004 մլրդ դոլար։ Ուրեմն 2011-ին անվանական աճը 1.32 անգամ է։ Խնդիրն այստեղ, իհարկե “արտաքին առևտրաշրջանառության” և “ապրանքների ու ծառայությունների” նրբությունները չեն։ Բանն այն է, որ դա անվանական աճ է։ Կա արտահանման գների ինդեքս հասկացությունը։ Այն կազմել է. 2006p` 8.7% (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2006թ հունվար-դեկտեմբերին, Երևան, 2007, էջ 86), 2007-ին՝ -0.6 (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007թ հունվար-դեկտեմբերին, Երևան, 2008, էջ 86), 2008՝ -0.4, 2009՝ -8.6, 2010՝ 19.0% (ՀՀ վիճակագրական տարեգիրք, 2011, էջ 440) և 2011՝ 11.5% (http://www.armstat.am/file/doc/99469123.pdf)։Այսպիսով 2006-2011թթ գումարային ինդեքսը կազմել է 30.5% կամ 1.305 անգամ։ Այսինքն, 2006-2011pp արտաքին առևտրաշրջանառությունն աճել է…1.5 տոկոսով։ Հազար ներողություն, բայց սա դեռ ձեր թվերով։ Գլուխ գովելը հեշտ է։
- Նշում եք, “վերջին 5 տարիներին” միջին աշխատավարձը ավելացել է 1.8 անգամ, իսկ իրական արտահայտությամբ 40.4 տոկոսով։ Ներեցեք, այդ ո՞ր “վերջին 5 տարիների” մասին է խոսքը։ 2007-ի նոյեմբերին միջին աշխատավարձը եղել է 80433 դրամ (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007թ հունվար-դեկտեմբերին, Երևան, 2008, էջ91), իսկ 2011-ին եղել է 115265 դրամ (http://www.armstat.am/file/doc/99469123.pd)։ Հավելաճը կազմում է 43.3%։ Այդ ընթացքում գներն աճել են (ձեր իսկ թվերով) 37.1%-ով։ Հիմա 5 տարում աշխատողների իրական եկամուտներն աճել ոչ թե 40.4, այլ 6.2 տոկոսով։ Գո՞հ եք։ Բա ասում էիք 2 անգամ լավ ենք ապրելու։ Հիմա պարզ չի, որ ժողովուրդը ուզի- չուզի պիտի լքի այս երկիրը։
- Շատ հետաքրքիր են ձեր մտքերն առ այն, որ 5 տարվա ընթացքում մեր երկրում ավանդներն ավելացել են 983 մլրդ դրամով, իսկ ավանդատուների թիվն էլ 595 հազարով։ Դուք գոնե գիտեք, որ ուզենք թե չուզենք տնտեսության մոնետիզացիան աճում է (կաճի մինչև կհասնի ժամանակակից ստանդարտին), որ մարդիկ յուրաքանչյուր կոպեկ աշխատում են բանկ տանել, որպեսզի գոնե թույլ չտան խնայածի արժեզրկում։ Հայաստանն ու Ուկրաինան ունեն միևնույն ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով։ Բայց Ուկրաինայում 1 շնչին ընկնող դեպոզիտները 2.5 անգամ ավել են, քան Հայաստանում։ Հիմա, իրոք 2008-2011թ ավանդները 491 մլրդ դրամից դարձել են 1053։ Միջին տարեկան աճը կազմել 20.1%։ Բա Ռուսաստանն ի՞նչ ասի, որտեղ աճը կազմել 34 տոկոս։ Հետո, մեզ մոտ ավանդները կազմում են ՀՆԱ 25 տոկոսը, մինչդեռ զարգացած ու մրցունակ բանկային համակարգ ունենալու պարագայում պետք է կազմեին 75 տոկոսը (զարգացման մեր կարգին համապատասխան)։ Ավանդատուների թվի ավելացման առումով։ Ձեզ գոնե հայտնի է, որ այդ “ավելացման” առյուծի բաժինն այն է, որ մարդիկ տրոհում են իրենց ավանդները ըստ արտարժույթի և բանկերի ռիսկերը նվազեցնելու նպատակով։
- Հիմա հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավման՝ 20.1 տոկոսի մասին։ Թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կարելի բարելավել 2 ձևով։ Ա) ավելացնել հարկերը։ Բ) Պակասեցնել ՀՆԱ-ն։ 2007-2011 թթ ՀՀ-ում “հարկեր/ՀՆԱ” ցուցանիշի բարելավումը կապված ՀՆԱ լճացման և հսկայական անկման հետ։ Այսպես, չնայած 2007-ի հունիսի 21-ի կառավարության ծրագրով խոսք էիք տվել ՀՆԱ աճ տարեկան 8-10 տոկոսի չափով, 2007-2011թթ ՀՆԱ աճը եղել ոչ թե 61 տոկոս (Ձեր խոստացած թիվն է), այլ 12.4 տոկոս (հաշված է ըստ՝ ՀՀ վիճակագրական տարեգիրք, 2011, էջ 234, http://www.armstat.am/file/doc/99469123.pdf)։ Դոլարային արտահայտությամբ այդ 5 տարիներին երկրի ՀՆԱ աճը եղել է 10.8%, իսկ 2008-ի նկատմամբ արձանագրվել է անկում -12.1% (http://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD )։ Կարծում եմ, ՀՆԱ իջեցման հաշվին ցուցանիշի բարելավումը … չգիտեմ ինչ է։
- Ձեր հաջորդ, սոցիալական ծախսերի վրա ես կանգ չեմ առնում։ Մի քանի խորամանկ թիվ եք բերում՝ մատուցելով իբրև առաջընթաց։ Միայն նշեմ, 2008-2010թթ աշխատավարձերը զգալի չափով վճարել է արտաքին պարտքի հաշվին։ Եվ այդ փողը մենք դեռ ետ պիտի տանք։ Վերը նշած ծրանգրով խոստացել էիք նաև առողջապահության ծախսերի ավելացում մինչև ՀՆԱ 2.2%-ը (http://www.gov.am/files/docs/83.pdf), եղել է 1.6%, կրթության ծախսերը 3.5%, ունենք անփոփոխ 2.78%։ Ի վերջո, Ձեր ղեկավարած կուսակցությունը 2007-ին իբրև նպատակ էր դրել աղքատությունը 23%-ից իջեցնել 11.2%-ի։ Ունենք 35%։
- Այդ ի՞նչ թվեր եք բերում բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման վերաբերյալ։ Եղբայր 2007-ին ՀՆԱ 1 տոկոսն էր, 2010-ին դարձել է 2 տոկոսը (http://data.worldbank.org/indicator/TX.VAL.TECH.MF.ZS)։Ընդ որում խոսքը գնում է 18 մլն դոլարի մասին։ Այդպիսի պրիմիտիվ մակարդակում զարգացում չի լինում։ Բացի այդ, չէ որ միտումների մասին պետք է խոսել, այլ ոչ թե մի տարվա։
- 750 հազ զբոսաշրջիկներ ունե՞նք։ Եվ սա 7 մլն սփյուռքի առկայության պարագայում։ Լավ։ Բա որ Վրաստանը 2750 հազ ունի, իսկ Թուրքիան 35 մլն։ Միայն Հայաստանից Վրաստան 790 զբոսաշրջիկ է այցելել։ Անհարմար է։ Փորձեք վերացնել ավիափոխադրումների մենաշնորհը, ազատականացրեք շուկան և կտեսնեք, որ այս թիվը մեկ տարում 4 մլն-ի կհասնի։
- Բջջային և ինտերնետ կապի վերաբերյալ Ձեր ասած փաստերը համապատասխանում են իրականությանը։ Մի փոքր մոտեցել ենք միջազգային չափանիշին։ Եվ սա Orange-ի շնորհիվ։ Այդ ընկերության կենդանի արձանը պետք է Հայաստանում կանգնեցնել։ Տեսն՞ում եք ինչ բան է մրցակցությունը։ Բայց էլի, տեղեկացնում եմ Ձեզ, որ Տոկիոյում այս պահի դրությամբ ինտերնետ կապը շուրջ 200 (երկու հարույր) անգամ էժան է, քան Երևանում։ Այնպես որ նկատի ունեցեք, որ երկրների մեծ մասում այս տեխնոլոգինաերը զարգանում շատ ավելի արագ, քան թե Ձեր ղեկավարած Հայաստանում։
- Գազի բաժանորդների մասին լավ կլինի ընդհանրապես չխոսենք։ 95%-ով գազաֆիկացված երկրում բաժանորդների 1/3-ը ի վիճակի չէ գազ սպառել։ Եթե այդ գազաֆիկացումը չլիներ, հիմա գազի գինը իրական սպառողների համար մի 20% պակաս կլիներ։ Ու հետո, Ռուսաստանից գազը գնում ենք 180 դոլարով, բայց ժողովրդին վաճառում 435-ով (նկատի ունենալով կալորիականության եվրոպական ստանդարտը)։
Բացի Ձեր կողմից նշված փաստերին անդրադարձ կատարելուց կուզենայի նշել նաև ևս մի քանի հանգամանք։ Իրավիճակը պարզապես աղետալի է միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից տարվող տնտեսական կյանքի առանձին ցուցանիշների հաշվառման գծով։ Այսպես, 2007-ին կոռուպցիայի ինդեքսով Հայաստանը 99-րդն էր (180 երկրների մեջ), իսկ 2011-ին՝ 129րդը (183 երկրների մեջ), տնտեսական ազատության ինդեքսով 5 տարում 32-րդ տեղից նահանջել ենք 43-րդը։ Doing Business-ի 10 ցուցանիշներից 7-ում արձանագրվել է անկում, ինչի հետևանքով Հայաստանը 2007-2011 կորցրել է 83 միավոր-տեղ։ Միևնույն ժամանակ Վրաստանը շահել է 332 միավոր-տեղ, Ադրբեջանը 245 միավոր-տեղ։ Տնտեսության ստվերայնության ցուցանիշով 151 երկրների մեջ 124-րդն է։ “Մխիթարիչ” է միայն մրցունակության ինդեքսի ցուցանիշը։ Հինգ տարում 93-րդ տեղից “բարձրացել” ենք 92-րդ տեղը։
Ուզում եմ նաև նշել, որ իմ “հակափաստարկները” բացառապես հիմնված են Ձեր կողմից նշած պաշտոնական վիճակագրության վրա։ Մինչդեռ ես սրանց չեմ հավատում։ Բազմիցս նշել եմ, որ հայկական վիճակագրական ծառայությունը ավելի շուտ քաղաքական խոտան է արտադրում, փուչիկ (այսօրվա վարչապետի խոսքերն են 2-րդ նախագահի հասցեին), քան թե մասնագիտական տեղեկատվություն։ Ամիսներ առաջ հրապարակավ առաջարկեցի Ձեզ մեզ հետ միասին ստուգել, օրինակ, խաղողի արտադրության ծավալները։ Անեիք էլի։ Մի՞թե Ձեզ իրական պատկերը ամենևին չի հետաքրքրում։
Հրանտ Բագրատյան, տնտեսագիտության դոկտոր
(Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստանի
Փիլիսոփայության դոկտորի թեկնածու (ԱՄՆ),
Երևանի ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր,
Ուկրաինայի ազգային բանկի (Կիև) համալսարանի պրոֆեսոր,
Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) և ՌԴ նախագահին կից
Ժողովրդական տնտեսության ակադեմիայի հրավիրյալ դասախոս,
ՌԴ հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս,
ՀՀ վարչապետ (պաշտոնակատար) 1991, 1993-1996թթ,
Ազատություն կուսակցության նախագահ,
ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր 13-րդ համագումարում միաձայն ընտրեց նոր գործադիր մարմնի կազմը՝ թվով 19 անդամ:
Գործադիր մարմնի նոր անդամներն են՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Ավագյանը, Գագիկ Բեգլարյանը, Դերենիկ Դումանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մուշեղ Լալայանը, Կարեն Կարապետյանը, Տիգրան Սարգսյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանով, ևԳալուստ Սահակյանը:
ՀՀԿ 13-րդ համագումարում ընտրվեց նաև վերստուգիչ հանձնաժողովի կազմը՝ թվով 11 անդամ:
ՀՀԿ գործադիր կազմից դուրս է մնացել Հարություն Փամբուկյանը:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Հայաստանի հանրապետական կուսակցության» 13-րդ համագումարը։
Հաշվետու ելույթով հանդես եկավ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անդրադարձավ ՀՀԿ–ի և ընդհանրապես Հայաստանի իշխանությունների անցած 5-6 տարիների գործունեության արդյունքներին, այսօրվա խնդիրներին և վաղվա անելիքներին.
«Մենք ասում էինք` Քեզ համար Հայաստան: Հիմա արդեն հասել ենք այն հանգրվանին, երբ վստահորեն ասում ենք` ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար: Մեզանում ձևավորվել է հոռետեսության և հուսահատության մի հոգեբանություն, որն ունի նույնիսկ իր կարգախոսները: Ոչ մի թշնամական քարոզչություն չի կարող այնքան ավերածություններ գործել, որքան այդ բանաձևերն են, որ հնչում են հաճախ և մոտավորապես այսպես. «էս երկրում օրենք ոչ եղել է, ոչ էլ կլինի», «ոնց եկել է, էդպես էլ գնալու է. բան չի փոխվելու» և ընդհանրապես «էս երկիրը երկիր չի»:
Ես ասում եմ. Էս երկիրը երկիր է, որի պատմական ու մշակութային ժառանգությունն ուղղակի անգնահատելի է: Էս երկիրը երկիր է, որի ամեն մի քառակուսի սանտիմետրը փրկագնվել է հայի արյամբ: Էս երկիրը երկիր է, որի գրքերը փրկագնվել են հայ կյանքերով: Էս երկիրը երկիր է, որ քանակի դեմ պարզել է որակ, նավթադոլարների դեմ պարզել է բարոյական նկարագիր ու հաղթել նաև մեր բոլորի աչքի առաջ: Էս երկիրը երկիր է, որի հետ հաշվի են նստում և հարգանքով են խոսում: Էս երկիրը երկիր է, որին կարոտում են և որի հողը համբուրում են: Էս երկիրը երկիր է, որտեղ լրջագույն փոփոխություններ են իրականացվում և որը, հակառակ ամենատարբեր խոչընդոտների, առաջ է գնում: Էս երկիրը երկիր է, որտեղ ապրում են տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ: Երբ հարկ է եղել զրոյից սկսել, նրանք սկսել են զրոյից ու հասել անհավատալի արդյունքների:
Ո՞վ է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, ինքնախարազանվել:
Մեր պապերն ու տատե՞րը, որ վերապրելու սխրանք գործեցին, երբ ամբողջ աշխարհը համոզված էր, թե հայերի երգը երգված է: Թե՞ սահմանամերձ գյուղի երեխաները, որ դպրոց են գնում և լավ են սովորում: Ո՞վ իրավունք ունի նայել այդ երեխաների աչքերի մեջ և ասել, թե «էս երկիրը երկիր չի»:
Ես ասում եմ. էս երկիրը երկիր է, որն ունի հզոր հենարան ի դեմս իր ժառանգության և ունի պայծառ հայացք` ուղղված ապագային: Էս երկիրը աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է ու ավելի լավն է լինելու:
Հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է ազատ և պետք է հնարավորություն ունենա ազատ ապրելու և զարգանալու` հետապնդելով իր անձնական, ընտանեկան, հանրային և ազգային նպատակները: Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական մեկ մակարդակում` մյուս մակարդակի հաշվին: Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական իր ընտանիքում` հանրության և ազգի հաշվին: Չի կարող ստեղծել իր անձնական և ընտանեկան երջանկությունը` կողոպտելով և հարստահարելով հանրությանը և ազգին: Եթե մեկը գողանում է հանրությունից ու ազգից, ապա նաև գողանում է անձամբ իրենից և իր ընտանիքից: Մենք հավատում ենք, որ մեր հասարակությունը պետք է զարգանա ազատ մրցակցության պայմաններում: Բայց ազատ մրցակցություն երբեք ու երբեք չի նշանակում մեծ փողի առավելություն և այդ մեծ փողով փոքր մրցակիցներին խեղդելու և կլանելու հնարավորություն:
Մենք հավատում ենք, որ մեր ազգային գոյությունը երաշխավորող հիմնական և ամենաամուր միջնաբերդը ընտանիքն է: Մեր մեր ավանդական և պահպանողական ընտանիքը, որտեղ երիտասարդները հարգում և լսում են ավագին, որի հենասյունն է կինը և մայրը: Սակայն «լսել» չի նշանակում լինել մեծերի պարտադրանքի պատանդ, իսկ «ընտանիքի հենասյուն» չի նշանակում խոհանոցի բանտարկյա: Դրա լավագույն ապացույցը ՀՀԿ շարքերում կանանց և երիտասարդների ներգրավման աճն է:
Համեմատելով մեր նախորդ համագումարների հետ` այս դահլիճում ավելի շատ են երիտասարդներ ու կանայք: Եվ մենք ամեն ինչ անելու ենք նրանց մասնակցության ավելացման այս միտումը պահպանելու ու զարգացնելու համար: Մենք համադրելու ենք մեծերի փորձն ու գիտելիքը, երիտասարդների ավյունն ու կորովը և կանանց նվիրումն ու պահպանողականությունը, որպեսզի համատեղ կերտենք նոր Հայաստանը` բոլորի և յուրաքանչյուրի համար:
Մենք հավատում ենք, որ մեր հանրությունը շատ ավելին է, քան մարդկանց մեխանիկական համադրում: Մենք հավատում ենք, որ ազգը շատ ավելին է, քան հասարակական պայմանագրով միավորված ընդհանուր բնութագիր ունեցող մարդիկ: Մենք հավատում ենք, քանի որ այդ հասարակական պայմանագիրը ոչ այդքան տառի վրա է հիմնված և տառով է պայմանավորված, որքան այդ ազգի ոգով»:
Հայաստանի արտաքին քաղաքականությանը բնորոշ է տրամաբանված շարունակականություն, հստակություն և նախաձեռնողականություն: Մենք մշտապես հանդես ենք եկել որպես միջազգային հանրության պատասխանատու և կանխատեսելի անդամ, որը հպարտությամբ և պարտաճանաչությամբ կատարում է իր ստանձնած միջազգային հանձնառությունները: «Միևնույն ժամանակ մենք հստակ գիտակցում ենք, որ աշխարհը մեր շուրջը ոչ թե ստատիկ է, այլ փոփոխական: Մեր դժվարին տարածաշրջանում, իսկ ավելի ճիշտ` մի քանի տարածաշրջանների այս բարդ խաչմերուկում, փոփոխությունները կարող են լինել սրընթաց: Ուստի և մենք զարգացնում ենք այդ նոր մարտահրավերներին ու հնարավորություններին հարմարվելու և համարժեքորեն արձագանքելու մեր կարողությունները: Ավելին, անհրաժեշտ է մշտապես ցուցաբերել սեփական նախաձեռնություն, որպեսզի չհայտնվես անընդհատ արձագանքողի դերում, այլ ինքդ էլ` որպես լիիրավ մասնակից, ներդրում ունենաս տարածաշրջանի և աշխարհի օրակարգի ձևավորման գործում»,- ասաց Սերժ Սարգսյանը` նշելով, որ նման օրինակ էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կանոնակարգելու պաշտոնական Երևանի նախաձեռնությունը:
Նրա խոսքով` Հայատանը պետք է լիիրավ մասնակցություն ու ներդրում ունենա տարածաշրջանի և աշխարհի օրակարգի ձևավորման գործում:
Ֆեյսբուքի օգտատերերից մեկը ուշադրություն է հրավիրել այս վահանակի վրա. Նրան լրացրել են մյուսները «ամոթ», «անգրագիտություն …այսքա՞ն», «Եվ սա պաշտոնապես… այ…. չգիտեք, գոնե հարցրեք …. …«Պաշտոնական «իդիոտներ» ամենագետ են և դրա համար էլ երկիրն այս վիճակում է….բա…
Իսկ ո՞ւր է նայում Լեզվի պետական տեսչությունը, որին վստահված է վահանակների ուղղագրության խնդիրը: Այս հարցն էլ մեր կողմից:
Ինչպես ասում են համացանցը դարձել է դարի հիվանդություն, ու երևի թե անբուժելի հիվանդություն: Ինտերնետը ներխուժեց մեր կյանք և փոխեց ու հեղաշրջեց մարդկային արժեքները: Իսկ համակարգչային խաղերը ժամանակակից դարում համարվում են նոր տեխնոլոգիայի երևույթներից մեկը, որոնք նախագծվել ու արտադրվել են մարդկանց ժամանցի համար: Համակարգչային խաղերը վերածվել են մոլուցքի թե մանուկների, թե երիտասարդների մոտ: Այդ մոլուցքն իհարկե զերծ չէ բացասական հետևանքներից, և հիմնականում դրանք առավել ծանր են լինում ավելի փոքր տարիքի երեխանների համար: Իր բացասական կողմերի հետ մեկտեղ որոնք բազմիցս բարձրաձայնվում են բժիշկների ու հոգեբանների կողմից, համակարգչային խաղերն այսօր ձեռք են բերել նաև քարոզչական — ուսուցողական նշանակություն:
Ժամանակի ընթացքում խաղերը դարձան արտադրողների քաղաքական- ռազմական ու մշակութային նպատակների և արժեքների փոխանցման միջոցներ, ինչն այսօր նկատվում է արևմուտքում և հատկապես ԱՄՆ-ում արտադրվող համակարգչային խաղերում:
Համակարգչային խաղը հզոր ու ազդեցիկ միջոց է, որի ներգործության ուժին կարելի է չկասկածել: Այն այլևս դադարել է միայն ժամանցային միջոց և եկամտաբեր աղբյուր լինելուց:
Համակարգչային խաղերի կիրառման մեկ այլ հատված դրանց ստեղծմամբ զբաղված երկրները վերածել են ինֆորմացիոն դաշտի և մեծ հաջողությամբ տարածում են իրենց անհրաժեշտ տեղեկություններ: Խաղերի կառուցվածքն ու կիրառման մատչելիությունն այսօր հնարավորություն են տալիս դրանք օգտագործել, որպես թե, ուսուցողական միջոց, թե` ռազմավարական նպատակներով:
Օրինակ`2005 թվականից ստեղծվեցին մի շարք խաղեր, որոնք ծանոթացնում են աֆղանական ժողովրդի և բանակայինների միջև մարտերի դիմագրավման մեխանիզմներին: Կարևորագույն խաղերը՝ «Ծանր Կրակը: Աֆղանստան» ,«Պատվո շքանշան, Անակոնդայի օպերացիաները», «Պարտականության ձայնը: Արդիական պատերազմ-2», «Երկու հոգանոց պատերազմ» և «ԱՄՆ բանակը: Մի զինվորի այգաբացը» մատչելի են ու առանց արգելքի վաճառվում են հանրախանութներում: Մարդկանց գերակշիռ մասն անգիտակցաբար ներքաշվում է իրական պատերազմական գոտի, ծանոթանում դրան, միաժամանակ ինֆորմացիա ստանում:
Հետաքրքիրն այն է, որ պատմության մեջ տեղի ունեցած գրեթե բոլոր պատերազմները, մարտերը այսօր ներկայացվում են խաղերի տեսքով, և այդ խաղերի ընթացքում օգտատերը ծանոթանում է տվյալ երկրին տվյալ ժամանակաշրջանին: Օրինակ կա խաղ առաջին աշխարհամարտի մասին, 1945 թվականի հայրենական պատերազմի, որի ժամանակ տալիս են ամբողջական պատկերը, զինատեսակները, մոտեցումներն ու մեթոդները:
Իսկ Ինչու չստեղծել խաղեր Արցախյան պատերազմի մասին: Այս մասին է, որ փորձեցինք զրուցել ոլորտի մասնագետ Կարեն Վարդանյանի հետ.
Պրն Վարդանյան, ասօր Ղարաբաղյան հերոսամարտի հետ կապված խաղը կարելի է անհրաժեշտություն համարել. դա կլինի ևս մեկ միջոց պատմական եղելությունը ի ցույց դնելու, կունենա ուսուցողական նշանակություն խաղացողների համար: Չե՞ք կարծում, որ այդ խաղերի միջոցով աշխարհին ավելի պարզ կլինի ղարաբաղյան պատերազմի պատճառներն ու նպատակը: Նույնը կարելի է ասել Ցեղասպանության մասին: Ընդունելով, որ համակարգչային խաղերը դարձել են ժամանակակից մարդու կյանքի անբաժան մասը, դրանք բացի ժամանաց ապահովելուց նաև պատմնության քարոզչության արդիական ու հզոր միջոց են: Ուստի պետք է համահունչ քայլենք ժամանակաշրջանի հետ:
— Ինչ վերաբերում է կոնկրետ պատմական խաղերին, ասեմ, որ երիտասարդների կողմից լինում են նմանատիպ բազում առաջարկներ: Սակայն մեր առաջնային խնդիրն այսօր լավ մասնագետներ պատրաստելն է: Եթե ունենաք համաշխարհային շուկային համապատասխան մասնագետներ մնացած հարցերն ինքնաբերաբար կլուծվեն:
—Կա՞ արդյոք հայական խաղերի ոլորտում կոնկրետ քաղաքականություն ու սկզբունքներ որոնք համաշխարհային շուկայում ցույց կտան մեր դեմքը կամ կդառնան հայոց պատմություն պրոպագանդող միջոցներ.
— Այս դաշտն ազատ է: Եթե յուրաքնաչյուրը փորձի իր ընկալումներով խաղերի միջոցով պրոպագանդել մեր երկիրը, դրանից կարծում եմ, այնքան էլ լավ բան դուրս չի գա: Այսինքն` ամեն մեկը մի ուղղությամբ է նայում, մինչդեռ դրա համար անհրաժեշտ է միևնույն ուղղությամբ նայել: Բայց ես չեմ կարծում, որ դա պետք է թողնել մասնագետներին, անհրաժեշտ է այդ ամենը սպասել պետությունից: Կոնկրետ պետք է լինի պատվիրատու և այդ պատվերը կկատարվի: Ես կողմնակից եմ, որ խաղ պետք է ստեղծվի բոլորի համար: Եթե մենք մեր տեղն ունեցանք, նոր միայն կարելի է պրոպագանդայով զբաղվել:
— Ինչպիսի բնութագրում կտաք Այ Թի ոլորտին և հատկապես հայկական խաղերի դաշտում տեղի ունեցող գործընթացներին:
Այսօր մենք դեռ մասնագետներ պատրաստելու փուլում ենք, մեր խնդիրը տաղանդավոր երիտասարդներ ի հայտ բերելն է: Մենք խաղային ոլորտում ունենք արդեն 5 — 6 խոշոր ընկերություններ, որոնք համագործակցում են նաև դրսի հետ:
Այ Թի ոլորտին պետությունը հատկացնում 80 միլիոն, սակայն համակարգչային խաղերի ստեղծման համար կոնկրետ գումարներ չեն հատկացվում:
Ի դեպ տեղական խաղեր ստեղծող մասնագետներից Ալբերտ Պողոսյանն էլ իր հերթին ասաց, որ իրականում դաշտին այդքան էլ ծանոթ չԷ.« Մենք համագործակցում ենք դրսի հետ: Իսկ հայկական թեմաներով խաղեր չեն ստեղծվում, որովհետև շուկա չկա, ստեղծելը բազմաթիվ խնդիրների հետ է կապված, բայց ստեղծելուց հետո էլ, վստահ չենք, որ պահանջարկ կվայելեն մեր ստեղծած խաղերը»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել Սուրբ Երրոդրություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը, որի կարծիքով Հայաստանում գործող աղանդները բարձիթողի վիճակում են, ինչը հոգևոր անվտանգության լուրջ խնդիր է առաջացնում.«Այսօր Հայաստանում հոգևոր անվտանգության լուրջ խնդիր ունենք: ժողովրդավարության,խոսքի ու խղճի ազատությունը թեև լավ արժեքներ են, սակայն Հայաստանի դեպքում փաստը ցույց է տալիս, որ նրանց վնասն ավելի շատ է, քան օգուտը: Քանի որ այլևս խոսքի և խղճի ազատությունը ենթադրում է բարձիթողի վիճակ և ոչ ոք պատասխանատվություն չի կրում»:
Հոգևոր հովիվն այդ առումով գուցեև ճիշտ է, սակայն որևե խոսք, որտեղ նա խոսեր Առաքելական եկեղեցու մեղքի բաժնի մասին չասվեց: Ըստ նրա` այսօր շատ են խոսում հոգևոր և եկեղեցու թեմաներով, որտեղ շատ դեպքերում որոշ մարդիկ փորձում են Հայ Առաքելական եկեղեցին ներկայացնել որպես հակազգային կառույց: «Ինչպես կարող են հայտարարել, որ այսօր մեզ եկեղեցի պետք չէ, այն պետք է խավարամիտ հասարակությանը»,- ասաց նա:
Եկեղեցին համառորեն չի ընդունում իր գործառույթների վերափոխման անհրաժեշտությունը, չի ընդունում, որ անջրպետը իր և հանրության միջև խորացնողը հենց իրենց վարած կենսակերպն է:
Աղանդներն, այո գործում են այնպես, ինչպես ցանակնում են՝ ղեկավարվելով դրսի կենտրոններից: Սակայն արդյո՞ք ինչպես Տեր Եսային է պնդում` կիրառելով հակաքրիստոնեական մեթոդներ:
Ըստ քահանայի.«Ավելի վատ բան չկա, երբ մարդուն դաստիարակում ես միմիայն սևի ու սպիտակի համադրույթամբ: Աղանդները քարոզում են միայն դժողքի ու դրախտի համատեքստում: Այն է, որ եթե եկար իմ մոտ և մասնակցեցիր մեր ժողովին, դու դրախտ կգնաս, հակառակ դեպքում բոլորը դժոխքի բաժին կդառնան»:
Սա իհարկե չափազանցություն է և պետք չէ ընդհանրացնել բոլոր կրոնական ուղղությունների մասով. Ի վերջո դա նշանակում է, որ Առաքելական եկեղեցին լավ չի ուսումնասիրել դաշտը նման հայտարարություն կատարելու համար:
Կրոնական տարբեր ուղղությունների հետևորդների մեջ կան բազմաթիվ կիրթ ու զարգացած մարդիկ ովքեր ճշմարտության փնտրտուքի պահին գտել են մարդկանց այն խումբը, որոնք սրտամոտ են եղել իրենց:Այստեղ է, որ եկեղեցին անելիք ունի գրավելու ու շահելու մարդկանց վստահությունը, ոչ թե հանրությանը սևեր հագած ու սառը հոգևորականի տեսքով մոտենալու, այլ ջերմ մարդկային վերաբերմունքով նրանց շահելու հարցում:
Քահանան պնդում էր, որ աղանդների որդեգրած անսխալականության երևույթն ու նրանց ունեցած միակ պատճառաբանությանը, թե իրենք բողոքական եկեղեցու ճյուղ են և չի կարելի նրանց աղանդ անվանել, հիմնավոր չէ. «նրանք բոլորովին էլ բողոքական չեն և գաղափար չունեն, թե ինչ ասել է բողոքականություն»:
«Իրականում բողոքականներն առանձնացան, քանի որ դեմ էին Հռոմի պապի անսխալականության, ինդուլգենցիաների դեմ, մինչդեռ այս աղանդները ոչ թե մարդուն են հնարավորություն տալիս ընտրելու՝ միանալ կամ ոչ, այլ իրենք են անթույլատրելի միջոցներով մարդկանց իրենց շարքերը ներգրավում»,- բացատրեց նա:
Ասուլիսին ներկա էր նաև «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ -ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:Ըստ նրա` այսօր Հայաստանում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն, որոնցից 55-ն աղանդներ են՝ ճյուղավորված 14 հիմանկան կազմակերպություններից:
ՀԿ-ի նախագահը նկատեց, որ գրեթե բոլոր աղանդները, այդ թվում և «Կյանքի խոսքը», ասում են, որ իրենք Հայ առաքելական եկեղեցու հետ քույր եկեղեցիներ են, սակայն դա այդպես չէ:
« Վտանգվում է եկեղեցու դերը, ու այդ մասին ոչ մի իրավապաշտպան չի խոսում: Սա այն խնդիրն է, որ պետք է լուծվի պետականորեն»,- համոզված է նա:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, մարտի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, օպերատիվ ծառայողների կողմից նախապատրաստական փուլում կանխվել է հինգ ցմաh դատապարտյալի փախուստի փորձը:
Մեր ունեցած տեղեկություններով փախուստի փորձ կատարած 5 ցմահ դատապարտյալներից մեկը մի քանի անձի սպանության համար դատապարտված, Կոթի գյուղի նախկին բնակիչ Արարատ Մուրադխանյանն է:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նշանակվել է ծառայողական քննություն` իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների շրջանակը պարզելու նպատակով:
Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, կատարվում է հետաքննություն: Քննության շահերից ելնելով` դեպքի մանրամասները չեն հրապարակվում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.