23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո:
Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը: Միջոցառումը վարել է Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը:
Բացելով քննարկումը՝ Դեյվիդ Ֆիլիփսը նշել է, որ նպատակն է ներկայացնել շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակը. «Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ: Շրջափակումը զինադադարի պայմանների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտում է: Ադրբեջանը խաթարում է Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ներառյալ սննդամթերքը, վառելիքը և դեղորայքը 120,000 հայերի համար: Այս գործողություններն, ըստ էության, տանում են երկրորդ հայոց ցեղասպանության: Հենց այդպես էլ անվանել ենք այսօրվա քննարկումը»:
Սենատոր Քրիս Վան Հոլենն իր խոսքում նշել է, որ ականատեսն ենք լինում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրվագին: «50 օրից ավելի է՝ Ադրբեջանը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ է պահում՝ զրկելով նրանց սննդից, դեղորայքից և ամենօրյա անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից: Շրջափակվածների թվում են 30000 երեխաներ, 20000 տարեցներ և 9000 հաշմանդամություն ունեցող մարդիկ: Մենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում: Մենք չենք կարող չբարձրաձայնել այս չարամիտ գործողությունների մասին», — նշել է նա:
Ողջունելով նախաձեռնությունը՝ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման և Արցախին աջակցելու համար: Նա կարևորել է Արցախը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելը. «Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերի ընթացքում աջակցել են մեզ: Ուզում եմ ասել, որ Արցախում բոլորիս համար շատ կարևոր է զգալ, որ մենք միայնակ չենք»:
Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ, խնդիրը մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքի մասին է: «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք խաղաղության, բայց այն պետք է հարգեն բոլոր կողմերը: Կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում, ինչը բացարձակապես անընդունելի է նախագահ Ալիևի համար, ով բացահայտ հայտարարում է, որ նախընտրում է Արցախն առանց հայերի, եթե հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքներով: Սա լուրջ մարտահրավեր է ազգերի ինքնորոշման իրավունքի և ժողովրդավարական մյուս սկզբունքների համար,- ասել է Ռուբեն Վարդանյանը: — Միջազգային դերակատարները պետք է պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտեն: Սա ոչ միայն իրավական խնդիր է, այլ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչն անընդունելի է ցանկացած չափորոշիչներով: Այդ պատճառով շատ կարևոր է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալու համար, որ դա անընդունելի է: Շատ կարևոր է նաև պոտենցիալ պատժամիջոցներ սահմանել այն կողմերի, անձանց դեմ, ովքեր իրավունքներ են խախտում, քանի որ նրանք խաթարում են մարդկանց նորմալ կյանքի պայմանները: Կարծում եմ, որ շատ կարևոր է բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու և ճանապարհից կախվածություն չունենալու համար»:
Վան Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ձգտում է վտարել Հայաստանի և Արցախի ժողովրդին իր հայրենիքից. «Այդ «Էկոակտիվիստները» էկոակտիվիստներ չեն, նրանք հատուկ ծառայությունների անդամներ են և տարբեր ձևերով կապված են Ալիևի կլանի հետ, նրանք պաշտոնական լիազորություններ ունեն»: Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն իրենց ժողովուրդներին պատրաստում են նոր պատերազմի. «Արցախն ինքնապաշտպանվելու իրավունք ունի, և ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը և մյուս պետությունները կաջակցեն նրան այդ հարցում»:
«Հրապարակ» թերթը գրում է.
Կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով տալիս է 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը։ Դեռ հոկտեմբերին կառավարությունը որոշեց եռամսյա վարժական հավաքները փոխարինել 25-օրյա հավաքներով եւ բոլորի համար դրանք պարտադիր դարձնել։ Բայց չհստակեցրեց, թե երբվանից են դրանք մեկնարկելու։ Այս տարվա սկզբին ու անցյալ տարեվերջին արդեն զինկոմիսարիատները ծանուցագրեր էին ուղարկել մի շարք պահեստազորայինների՝ տեղեկացնելով վարժական հավաքներին նրանց ներգրավվածության մասին, բայց ամսաթիվ չէին նշել, միայն ծանուցել էին՝ ներկայանալ բուժզննության։
Մեզ ասացին՝ զինկոմիսարիատներում բանավոր տեղեկացրել են, որ վարժական հավաքները սկսվելու են փետրվարի 1-2-ից, ուստի բուժզննում պետք է անցկացվեր հունվարի ընթացքում։ Բայց բուժզննումը հետաձգվել է, հավաքների անցկացման ժամկետը՝ նույնպես։ Այսօր ՊՆ-ն իր բերած նախագծով, որն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում, սահմանում է, որ 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը տրվելու է մարտի 1-ից։ Առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն 2023 թվականի մարտի 1-ից մինչեւ մայիսի 12-ը ներառյալ: Թե որն է հետաձգման պատճառը՝ ՊՆ-ից չպարզաբանեցին։ Բայց կարելի է կռահել՝ հավանաբար, չեն կարողացել վարժական հավաքների մասնակիցների բավարար քանակ ապահովել։
Բանն այն է, որ շատերը տարբեր եղանակներով խուսափել են ծանուցագիրն ուղիղ ատանալուց, իսկ նրանք, ովքեր ստացել են, այս օրերին ճանապարհներ են փնտրում՝ առողջական խնդիրներով ծառայությունից ազատվելու համար։ Հիմնական պատճառն անվստահությունն է Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակի հանդեպ՝ ելնելով վերջին տարիներին բանակում պարբերաբար կրկնվող ողբերգական դեպքերի քանակից, զինվորների պահման պայմաններից եւ այլն։ Որեւէ մեկն այսօր երաշխիք չունի, որ Փաշինյանի խոստացած «խաղաղության դարաշրջանում» մեզ վրա չեն հարձակվի թշնամու բայրաքթարները, կամ զինծառայողները խաղաղ պայմաններում որեւէ սպանության, հրդեհի կամ այլ ողբերգական միջադեպի զոհ չեն դառնա։ Դրա համար էլ մարդիկ ուղղակի խուսափում են ծառայությունից։ Այս իշխանություններին հաջողվեց վարկաբեկել զինծառայությունն ու բանակը եւ զինծառայության մեկնելը կյանքի-մահվան հարց դարձնել:
Ի դեպ, Պապիկյանի ներկայացրած նախագծում զարմանալիորեն նաեւ թվաքանակ է նշված, թե քանի հոգի եւ ինչ մասնագիտության տեր պահեստազորայիններ են ներգրավվել վարժական հավաքներում։ Այն է. վարժական հավաքներին ներգրավել մինչեւ 3 հազար 281 քաղաքացու, որոնցից 2 հազար 897-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային եւ հրթիռահրետանային մասնագիտություններով։ Մեկ այլ դեպքում, եթե, օրինակ, լրատվամիջոցներն այս հարցով դիմեին ՊՆ-ին, նախարարությունը սա ռազմական ու պետական գաղտնիք կհամարեր ու թվաքանակի վերաբերյալ որեւէ տվյալ չէր հաղորդի։ Հիմա իրենք են բացահայտում մարտի 1-ից վարժական հավաքների մեկնողների քանակի ու մասնագիտական որակների մասին։
Նախագծում նաեւ նշված է հստակ ժամանակացույցը, թե 2023 թվականի մարտի 1-ից մեկնարկող 25-օրյա վարժական հավաքները երբ ու ինչ պարբերականությամբ են անցկացվելու, եւ որ փուլում քանի քաղաքացի է ներգրավվելու։ Վերջին խումբը վարժական հավաքներին մասնակցելու է 2023 թ. ապրիլի 18-ից մինչեւ մայիսի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչեւ 366 քաղաքացու, որոնցից 322-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ՝ ներգրավելով 3281 քաղաքացու։
Հավաքներին ներգավելիք 3281 պահեստազորայիններից 2897-ը կլինեն շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 152-ը՝ ավագ ենթասպայական կազմից, 232-ը՝ սպայական կազմից։ Վարժական հավաքներին կմասնակցեն համազորային և հրթիռահրետանային մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ։
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա¬րելա¬¬¬գոր¬ծման, մասնագիտական վերապատրաստ¬ման և պատ-րաստ¬ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա¬յա¬կան կազմից պահեստա¬զորի սպաների պատ¬րաս¬տման, մար¬տա¬¬կան հերթա¬պա¬հության ներգրավման նպատակով։
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով.
Վարժական հավաքներն անցկացվում են հետևյալ փուլերով.
2023 թվականի մարտի 1-25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 367 քաղաքացու
2023 թվականի մարտի 7-31-ը ներառյալ
2023 թվականի մարտի 22-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ
2023 թվականի ապրիլի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 718 քաղաքացու
2023 թվականի ապրիլի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ:
Հիշեցնենք, որ 2022թ․ ընթացքում սա կլինի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր չորս վարժական հավաք։ Առաջինը կազմակերպվել է ապրիլի 15-ից հունիսի 15-ը՝ 724 քաղաքացու մասնակցությամբ, երկրորդը՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ը՝ 1400 պահեստազորայինի ներգրավմամբ, երրորդը՝ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը՝ 1444 պահեստազորայինի մասնակցությամբ, իսկ չորրորդը՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը՝ 318 պահեստազորայինի ներգրավմամբ։
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների հիմքում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգի փոփոխությունն է, որը վերաձևվվել է Խորհրդային միությունից հետո. հիմա արդեն նոր խաղացողներ են ի հայտ եկել և նոր գործընթացներ են ընթանում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը ենթադրում է նոր լարվածության օջախներ՝ աշխարհի մասերում. ամենաթեժ կետերից մեկն էլ մեր տարածաշրջանն է:
«2020 թվականի Արցախի պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանն արդեն չի կարողանում իր ազդեցությունը պահել, այսպես կոչված, իր պաշտոնական դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար, և արդեն ՆԱՏՕ-ի մի երկիր, ի դեմս Թուրքիայի, մուտք է գործել տարածաշրջան և նրանք երկուսով այստեղ կիսում են պատասխանատվությունը»,- նշեց Դանիելյանը:
Ասվածի լավագույն ապացույցը, ըստ նրա, Աղդամում միասնական մոնիտորինգային կենտրոնի ստեղծումն է, որով Ռուսաստանը ճանաչել է, որ Թուրքիան «Ադրբեջանի տարածքում» միասնական վերահսկողական գործողություն է իրականացնում: Մյուս կողմից Իրանը թույլ չի տալիս, որ իրեն շրջափակեն թշնամական երկրներով, մասնավորապես Իսրայելով և չի ընդունում Իսրայելի գոյությունը: Իսրայելն էլ Ադրբեջանում է իր հետախուզական կենտրոնները ստեղծել: Նման դասավորության պարագայում ստացվում է, որ Ադրբեջանը, ըստ էության, Իսրայելի, Ուկրաինայի դաշնակիցն է, իսկ մեր դաշնակիցն ո՞վ է՝ անհասկանալի է:
«Մենք ըստ էության միայնակ ենք մնում: Անվտանգային առումով մեր շահերը համընկնում է Իրանի հետ, իսկ Արևմուտքն Իրանի դեմ է: Այ այսպիսի ծանր իրավիճակ է: Սա կարող է ավարտվել մեծ պատերազմով, ինչպես նաեւ՝ համաձայնությամբ։ Շատ կարևոր է, որ Իրանի հետ ԱՄՆ-ն կարողանա միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքել. այդ դեպքում որոշակի լիցքաթափում կլինի, եթե ոչ՝ կարող է և մեծ պատերազմ լինել և դա չի սահմանափակվի միայն Իրանով, միայն Հայաստանով»,- ընդգծեց բանախոսը։
Դանիելյանը Իրան-ԱՄՆ համաձայնագիրը տեսականորեն հնարավոր է համարում, քանի որ և՛ ԱՄՆ-ն, եւ Իրանը վերջնականապես չեն հրաժարվել հնարավոր պայմանավորվածությունից, և Ադրբեջան-Իրան, Իսրայել-Իրան լարվածությունը ինչ-որ առումով նաև ճնշում է Իրանի նկատմամբ, որ վերջինս մեծ զիջումների գնա:
Քաղաքագետի կարծիքով՝ մեր տարածաշրջանում ստեղծված պայթունավտանգ իրավիճակը փոքր-ինչ կլիցքաթափվի, եթե ԱՄՆ-ն Իրանի հետ համաձայնության գա, իսկ Ուկրաինայում Ռուսաստանն ու Արևմուտքը որևէ փաստաթուղթ ստորագրեն, հակառակ դեպքում այն կարող է վերածվել նոր ՈՒկրաինայի:
«Միջազգային ճգնաժամային խումբ» (International Crisis Group) վերլուծական կենտրոնը, որը հետազոտում է գլոբալ ճգնաժամերը, անդրադարձել է Հարավային Կովկասին՝ հրապարակելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի կանխումը» խորագրով զեկույցը: Այն հիմնված է հայ, ադրբեջանցի, ռուս և արևմտյան պաշտոնյաների հետ տասնյակ հարցազրույցների վրա. «Միջազգային ճգնաժամային խումբ»-ի ներկայացուցիչները զրուցել են Բաքվում և Երևանում գտնվող դիվանագետների, տարբեր անկախ փորձագետների և սահմանի երկու կողմերում գտնվող բնակիչների հետ: Զեկույցը հիմնված է երկու երկրների միջև կոնֆլիկտի վերաբերյալ Crisis Group-ի լայնածավալ հետազոտությունների վրա, ներառյալ այն, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին:
«2023 թվականի հունվարին ԵՄ-ն հայտարարեց հայ-ադրբեջանական սահմանին մշտադիտարկման նոր առաքելության մասին։ Նախորդ սեպտեմբերին սահմանին տեղի էին ունեցել մարտեր, սակայն բարձր մակարդակի դիվանագիտությունն օգնեց կանխել այն լայնածավալ պատերազմի վերածումից: Բայց քանի որ խաղաղության բանակցությունները առաջ չեն շարժվում, իսկ Բաքուն ավելի ուժեղ ռազմական դիրքերում է, բախումների վերսկսման վտանգը մնում է բարձր: Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը կհանգեցնի հսկայական մարդկային կորուստների, կխաթարի տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ԵՄ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նպատակը և հետագա անկայունություն սերմանի առանց այն էլ անկայուն Եվրասիայում: Մինչդեռ մշտադիտարկման նոր առաքելությունը կարող է օգնել նվազեցնել ռիսկը:
Բրյուսելը պետք է իր նոր երկամյա քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը տրամադրի համապատասխան ռեսուրսներ, ինչպես նաև օժտի ճկուն մանդատով՝ կողմերի միջև հաղորդակցությունն ու համագործակցությունը խթանելու համար: Այն պետք է հասնի Բաքվի կողմից համագործակցությանն առաքելության հետ, ներառյալ միջսահմանային հասանելիությունը, և (հնարավորության դեպքում) թույլ տա առաքելության անձնակազմին կապ հաստատել ռուս սահմանապահների հետ:
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրենց երկրորդ պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են երրորդը սկսելուն: 2022 թվականի ընթացքում, նույնիսկ երբ միջնորդները ձգտում էին համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման, տեղի ունեցած երեք հիմնական մարտերը՝ ամենավերջինը սեպտեմբերին, ցույց տվեցին իրավիճակի անկայունությունը: Մինչ Լեռնային Ղարաբաղի լեռնային անկլավի ապագան մնում է հարևանների հակամարտության առանցքում, սեպտեմբերյան մարտերը, որոնք տեղի ունեցան երկրների սահմանի երկայնքով և Հայաստանի ներսում, ընդլայնեցին մարտադաշտը։
Քանի որ Ադրբեջանը ավելի մեծ ռազմական առավելություն ունի, իսկ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում պատերազմով, քիչ բան կարող է հետ պահել Բաքվին այս նոր ճակատում իր առավելությունն առաջ տանելուց, եթե նա կորցնի համբերությունը բանակցություններում: Դա կարող է երկու երկրներին գցել պատերազմի մեջ:Եվրոպական միության (ԵՄ) նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին համարձակ և խրախուսող քայլ է, որը կօգնի նվազեցնել ռիսկերը։ Առաքելությանը պետք է տրվեն հաջողության հասնելու միջոցներ և մանդատ», — նշվում է զեկույցում։
Դրա հեղինակները, ներկայացնելով Արցախյան հակամարտության պատմությունը, նշում են, որ հայ-ադրբեջանական կողմերի միջև տարաձայնությունների հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի ապագան է, ինչպես նաև հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի որոշ հատվածներ: Նշվում է, որ բանակցային գործընթացը կանգ է առել, մասամբ այն պատճառով, որ ադրբեջանցի «ակտիվիստները» (չակերտները՝ Tert.am) փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Հեղինակները նշում են, որ չնայած միջանցքը բացելու միջազգային ճնշմանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գովաբանում է միջանցքը շրջափակողներին, որոնց բողոքը դրական լույսի ներքո լայնորեն լուսաբանվում է ադրբեջանական պետական լրատվամիջոցներով:
«Եվս մեկ պատերազմի սպառնալիքը մայրցամաքում (Եվրասիայում), որն արդեն պայքարում է Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմին դիմակայելու համար, չափազանց իրական է: Շուտով գարունը կհասնի Հարավային Կովկաս, հալող ձյունը ճանապարհ կբացի նոր գործողությունների համար: Բրյուսելը պետք է արագ քայլեր ձեռնարկի իր առաքելությունը տեղում իրականացնելու համար՝ նախքան նոր մարտերի բռնկումը: Ներգրավելով դիվանագիտություն՝ Բրյուսելը պետք է ապահովի, որ իր անձնակազմն ունենա ազատ տեղաշարժ, համագործակցություն տեղական դերակատարների հետ և մանդատ, որը լավագույնս կօգնի նրան կանխել բախումները: Թեև հայ-ադրբեջանական սահմանին բախումները տարիներ շարունակ եղել են երկրների լարված երկկողմ հարաբերությունների մշտական հատկանիշը, սակայն սեպտեմբերյան մարտերից հետո Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի առկայությունը նոր խնդիր է ավելացնում խաղաղության բանակցությունների համար…
Ինչ վերաբերում է Բաքվի հնարավոր ռազմական գործողությանը, ապա Ադրբեջանը գիտի, որ նման քայլը կբերի կոշտ քննադատության արտաքին գործընկերների կողմից: Ներքին լսարանը նույնպես կարող է հետաքրքրվել, թե արդյոք հայկական տարածքի վրա հարձակումն իսկապես անհրաժեշտ էր, հատկապես, եթե դրա գինը բազմաթիվ զոհերն են (սեպտեմբերյան հարձակման ժամանակ Ադրբեջանը կորցրել է 80 զինծառայող)», — նշվում է զեկույցում։
«Քանի որ ԵԱՀԿ-ն միավորում է եվրոպական բոլոր հիմնական դերակատարներին, ֆրանսիացի պաշտոնյաները կարծում են, որ ԵԱՀԿ-ն, որպես միջոց, կարող է ավելի մեծ դերը ունենալ արևմտյան պետությունների և Մոսկվայի միջև լարվածությունից խուսափելուց, որը կարող է առաջացնել ԵՄ առաքելությունը:
Ֆրանսիացի դիվանագետներից մեկը նշել է, որ եթե Մոսկվան դժգոհ լինի այս առաքելությունից, ապա Հայաստանը կտուժի։ Նոր մարտերի դեպքում, դիվանագետը նշել է, որ «թույլ Հայաստանը ստիպված կլինի միայնակ պատասխանել։ Որովհետև Արևմուտքը չի կարողանա պաշտպանել նրան»:
ԱՄՆ պաշտոնյաներն, իրենց հերթին, ուղիներ էին փնտրում՝ ապահովելու լայն միջազգային ներգրավվածություն՝ միաժամանակ խուսափելով իրենց երկրի ուղղակի դերից: «Գետնին ԱՄՆ-ի կոշիկները չեն լինի», — ընդգծել է ամերիկացի պաշտոնյան:
Հաշվի առնելով Երևանի վերապահումները ՀԱՊԿ-ի և Բաքվի վերապահումները ԵԱՀԿ-ի վերաբերյալ՝ ԵՄ առաքելությունը տվյալ պարագայում ամենահեռանկարային տարբերակն է»,- ասվում է զեկույցում:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են հեղինակները, առաքելության վերաբերյալ վերապահումներ ունեն նաև Բրյուսելում ԵՄ պաշտոնյաները: Որոշ եվրոպացի պաշտոնյաներ Ճգնաժամային խմբին ասել են, որ կարծում են, որ ԵՄ-ն պետք է իր ռեսուրսները կենտրոնացնի Ուկրաինայի պատերազմի վրա, այլ ոչ թե այլ վայրում: Մյուսները հարց են տվել, թե արդյոք ԵՄ-ն պետք է դիտորդներ տեղակայի Հայաստանում, մի երկրում, որը ՀԱՊԿ-ի շրջանակում ռազմական դաշնակից է Ռուսաստանի հետ, որն էլ տեսականորեն պետք է պատասխանատվություն կրի Հայաստանի անվտանգության համար:
«Եթե մենք առաքելություն ուղարկենք միայն հայկական կողմի հետ պայմանավորվածությամբ՝ առանց Բաքվի համաձայնության, դա կարող է սխալ տպավորություն ստեղծել … Բաքուն կարող է դա համարել որպես ԵՄ-ի դեմ լինելն Ադրբեջանին»,- ասել է մի եվրոպացի դիվանագետ:
Ոմանք էլ անհանգստացած են, թե ինչպես այս որոշումը կազդի էներգակիրների խոշոր արտահանող Ադրբեջանից իրենց ունեցած տնտեսական շահերի վրա: Խոսքը մասնավորապես Հունգարիայի, Իտալիայի և Ռումինիայի մասին է:
Այնուհանդերձ, թեև Բաքուն վերապահումներ է արտահայտել առաքելությանը, սակայն այն բացահայտ չի մերժել, ինչպես դա արել է ԵԱՀԿ-ի առաջարկի դեպքում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ «Հայաստանում ԵՄ առաքելությունը պատշաճ կերպով հաշվի առնի Ադրբեջանի օրինական շահերը»:
Այնուամենայնիվ, կան հիմնական հարցեր և խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն: Առանցքային հարցն այն է, թե որտեղ թույլ կտան գնալ ԵՄ նոր դիտորդներին: Հայաստանը պատրաստ է առաջարկել նրանց անսահմանափակ մուտք, սակայն անվտանգության միջադեպերի մասին ճշգրիտ զեկուցելու համար նրանք նույնը պետք է ստանան ադրբեջանական կողմից:
Հավանականություններից մեկն այն է, որ Բաքուն կարող է համաձայնել ԵՄ նոր առաքելությանը, բայց իր կողմից դեպի սահման մուտք չտրամադրի: Եթե Ադրբեջանը թույլ չտա մշտադիտարկողներին մուտք գործել անդրսահմանային հատված, ապա դա օպտիմալ չի լինի ինչպես զսպման, այնպես էլ իրազեկման տեսանկյունից: Բաքվի հետ պայմանավորվածության բացակայության դեպքում, առաքելությունը ստիպված կլինի հեռու մնալ սահմանային տարածքներից, որոնք կարող են վտանգավոր լինել: Բայց առաքելությունը դեռ կարող է շահավետ լինել, հատկապես, եթե Ադրբեջանը աջակցի մշտադիտարկողների հետ պաշտոնական շփումներին։ Այդուհանդերձ, այնպիսի ազդեցիկ դերակատարներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, պետք է իրենց կապի ուղիներով աշխատեն Բաքվի հետ՝ խրախուսելու առաքելության հետ լիարժեք համագործակցությունը, ներառյալ մուտքը դեպի սահմանի կողմ:
Այլ հարց է, թե արդյոք Ռուսաստանը կհամագործակցի։ Դեկտեմբերին ռուս պաշտոնյաները հրաժարվեցին մեկնաբանել ԵՄ առաջարկը՝ ընդգծելով միայն, որ իրենք համարում են ԵՄ ցանկացած ներգրավվածություն՝ ուղղված Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուն:
Ռուս դիվանագիտական փորձագետը բացատրել է. «Կրեմլը ավելի ու ավելի է հավատում, որ Մոսկվան պետք է հրաժարվի համագործակցել այն երկրների և կառույցների հետ, որոնք ռազմական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային և պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ, քանի որ դա կընկալվի որպես նրանց թշնամական գործողությունների վավերացում»:
Երրորդ և վերջին խնդիրը վերաբերում է առաքելության մանդատին և ֆինանսավորմանը: Նույնիսկ բոլոր համապատասխան դերակատարների լիարժեք համագործակցության դեպքում առաքելությունը կարող է ձախողվել, եթե այն վատ ֆինանսավորվի կամ սահմանափակվի չափազանց սահմանափակ մանդատով: Մշտադիտարկումից և միջադեպերի գրանցումից բացի, առաքելության մասնակիցները պետք է իրավասու լինեն նախաձեռնող լինել սահմանի երկայնքով տեղակայվածների միջև երկխոսությունը հեշտացնելու համար, եթե դա կարող է ծառայել բռնությունը կանխելուն և մեղմելուն:
Անցյալի փորձը դասեր է տալիս այն մասին, թե ինչպես կարող է առաքելությունը առավելագույնս օգտակար լինել: Վրաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը հեշտացրել է հաղորդակցությունը Թբիլիսիի և նրա անջատված շրջանների՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի միջև: Այն աջակցել է «թեժ գծի» ստեղծմանը, որը կապում է անվտանգության համար պատասխանատու համապատասխան պաշտոնյաներին հակամարտությունների գոտիների բաժանման գծերով: Այն նաև նպաստել է նրանց միջև դեմ առ դեմ հանդիպումներին: Նմանատիպ ջանքերը կարող են օգտակար լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Զինվորական, ոստիկանական և սահմանապահ ուժերի ներկայացուցիչների կանոնավոր հանդիպումները կարող են օգնել կանխել անվտանգության միջադեպերը: Որպես հավելյալ առավելություն, առաքելության անդամները կարող են խրախուսել հանդիպումները տեղի պաշտոնյաների միջև՝ քննարկելու խմելու և ոռոգման ջրի համատեղ օգտագործման հարցը, ինչպես նաև էկոլոգիական խնդիրները, որոնք տասնամյակներ շարունակ տանջել են սահմանի երկու կողմի բնակիչներին:
Քանի որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, ԵՄ-ն վերջին երկու տարիների ընթացքում մեծ դեր է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության հարցում: Սակայն այս դիվանագիտական ջանքերն ի չիք կլինեն, եթե կողմերը շարունակեն նորից ընկնել առավել արյունալի զինված բախումների մեջ: Հունվարի 23-ին երկամյա մոնիթորինգային առաքելության մասին իր հայտարարությամբ Բրյուսելը ցույց տվեց, որ ունի քաղաքական կամք՝ ստանձնելու նոր և վճռական դեր՝ օգնելու կողմերին հակամարտությունից զերծ մնալ: Այժմ նա պետք է այս առաքելությանը տրամադրի մանդատ, դիվանագիտական աջակցություն և ռեսուրսներ, որոնք թույլ կտան հաջողության հասնել», — եզրափակել են զեկույցի հեղինակները:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամը շարունակվում է և կշարունակվի, եթե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրատապ կերպով չմիջամտի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Կոնստանտինոս Սալոնիտիսը ՄԱԿ-ի արդրադատության միջազգային դատարանում՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումներում:
Կոնստանտինոս Սալոնիտիսը նախ խոսեց կանխակալ վերաբերմունքի մասին: «Դատարանը իրավունք ունի միջանկյալ միջոցներ կիրառել, եթե կանխակալ վերաբերմունքի հետևանքով կարող են տուժել դատական վարույթում քննվող իրավունքները, կամ, եթե այդ իրավունքների ոտնահարումը կարող է անուղղելի հետևանքներ առաջացնել»,-ասաց նա:
Սալոնիտիսը հիշեցրեց, որ բոլոր նախկին գործերում, որոնց շրջանակում Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հնարավոր խախտում է եղել, դատարանը կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված իրավունքները ճանաչել է այնպիսին, որ դրանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքը կարող է անուղղելի վնաս պատճառել: Նա տարբեր օրինակներ բերեց. օրինակ՝ Կատարն ընդդեմ Արաբական Միացյալ Էմիրությունների գործով դատարանն արձանագրել է, որ կանխակալությունը կարող է անուղղելի համարվել, եթե անձանց նկատմամբ կիրառվում են ժամանակավոր կամ շարունակվող միջոցներ, որոնց հետևանքով նրանք կտրվում են ընտանիքից և կրում են հոգեբանական տառապանք:
Սույն միջնորդությամբ պահանջելով միջանկյալ միջոց՝ Հայաստանը ձգտում է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները՝ կոնվենցիայի 5-րդ հոդվածի բ,դ, ե ենթակետերով, 4-րդ կետով, նաև Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված հանգամանքները: Ադրբեջանն այս հանգամանքներով վտանգել է հայության՝ հազարավոր մարդկանց անվտանգությունը, նրանց զրկել տեղաշարժի ազատությունից և սիրելի մարդկանց հետ լինելու իրավունքից, սնունդ, դեղորայք, բուժօգնություն, կրթություն, ջեռուցում, էլեկտրաէներգիա ստանալու իրավունքներից՝ ցրտաշունչ ձմեռվա ամիսներին: «Դատարանը հիմքեր չունի վերանայելու իր ձևավորած նախադեպային պրակտիկան՝ կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա կամ իրավունքների հնարավոր ոտնահարումների վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկան»,-շեշտեց Կոնստանտինոս Սալոնիտիսը:
Ապա Կոնստանտինոս Սալոնիտիսը միջանկյալ միջոցի կիրառումը հիմնավորեց հրատապության գործոնով: Դատարանը հստակորեն հայտնել է, որ միջանկյալ միջոցներ կիրառում է այն դեպքում, երբ կա հրատապություն՝ այն իմաստով, որ կա իրական վերահաս ռիսկ, որ կարող է վնաս պատճառվել նախքան դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը, ինչը տեղի է ունեցել ԼՂ շրջափակման այս 50 օրերի ընթացքում: Ապա Կոնստանտինոս Սալոնիտիսը մանրամասն ներկայացրեց փաստեր՝ գազամատակարարման դադարեցումից մինչև դեղերի, սննդի պակաս, դպրոցների, նախակրթարանների փակումից մինչև Հայաստանից ԼՂ բարձրավոլտ հոսանքի միակ գծի վնասում և այլն:
«Իրավիճակը մնում է վտանգավոր: Թևակոխում ենք 50-րդ օրը: Ավելի քան 1000 անձ կտրված է ընտանիքից և ընկերներից, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ: Պատկերացրեք, թե վերջին 50 օրերին ամեն րոպե այդ երեխաները, նրանց ծնողներն ինչ են զգացել: Քիմիոթերապիա հնարավոր չէ ստանալ, մարդիկ բուժում չեն ստանում արդեն 7 շաբաթ, այսինքն՝ քաղցկեղից բուժվելու շանսերը կամաց-կամաց զրոյանում են: Այս պահին հարյուրավոր պլանային վիրահատություններ անժամկետ կասեցված են, հիվանդանոցների պալատները հնարավոր չէ բավականաչափ ջեռուցել, որ անվտանգ նվազագույն ջերմաստիճան ապահովվի: Գազամատակարարումն այս նիստից անմիջապես առաջ վերականգնվեց, բայց պարզ չէ, թե քանի ժամով կամ որքան ժամանակով: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները նախկինի պես անհրաժեշտ են, որ էլեկտրաէներգիայի ցանցը շարունակի կայուն գործել…»,-ներկայացրեց նա:
Կոնստանտինոս Սալոնիտիսը հավելեց՝ ցանկացած պնդում, թե այս իրավիճակը կարող է լուծվել այն չնչին մատակարարումներով, որոնք թույլ են տալիս տեղ հասցնել, ցինիզմի դրսևորումներ կլինի, նաև՝ ցանկացած պնդում, թե 120 հազար մարդկանց հրատապ ու ընթացիկ բուժօգնության համար ամեն անգամ պետք է ԿԽՄԿ-ի հետ բանակցել:
«Արգելափակումը պետք է ամբողջովին վերացվի: Եվ պետք է ապահովվի հանրային ծառայությունների անխոչընդոտ հասանելիությունը, որ այս դաժան արգելափակումից տուժողների համար հետևանքները վերացվեն: Սա միայն Հայաստանի եզրակացությունը չէ, սա նաև միջազգային հանրության եզրակացությունն է»,-ասաց նա:
Կոնստանտինոս Սալոնիտիսը հիշեցրեց Ադրբեջանին ուղղված բազմաթիվ կոչերի մասին՝ հրատապ դադարեցնելու արգելափակումը: Սա անհրաժեշտ է՝ խուսափելու մարդասիրական աղետից, որի ռիսկը օրեցօր ահագնանում է: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը չի կատարել նաև ՄԻԵԴ-ի որոշումը:
«Կոչերն անտեսվել են, Ադրբեջանը բացահայտ պարծենում է, թե ինչպես իրեն հնարավոր չէ կանգնեցնել, թե դա չի կարող անել միջազգային հանրությունը, անգամ՝ Ստրասբուրգի դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը: Իրավիճակն աստիճանաբար վատթարանում է, դա ակնհայտ է»,-ասաց նա՝ հավելելով, որ մարդասիրական ճգնաժամը շարունակվում է , և մտավախություն ունի, որ դա շարունակվելու է, եթե դատարանը հրատապ չմիջամտի:
Նոր պատերազմի սպառնալիքը տարածաշրջանում օդում կախված է։ Ադրբեջանը պատրաստվում է այդ պատերազմին՝ չիմանալով, թե ում դեմ է պատերազմելու՝ Հայաստանի, Իրանի թե նույնիսկ Ռուսաստանի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։
«Չեմ բացառում, որ ինչ-որ պահի կարող են ռազմական բախումներ լինել նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Դրա համար էլ Թուրքիան ու Իսրայելը նախապատրաստում են Ադրբեջանին։ Ադրբեջանն էլ դեմ չէ նոր զենքեր, զինատեսակներ ունենալ ՝ հոգու խորքում հուսալով, որ դա ուղղելու է Հայաստանի դեմ»,- ասաց նա։
Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումները կապված են նոր աշխարհակարգի ձևավորման հետ։ Այդ համատեքստում պետք է դիտարկել նաև Հայաստանում ԵՄ նոր դիտորդական առաքելություն տեղակայելու որոշումը, որի նպատակը տարածաշրջանում ռուսական ազդեցությունը թուլացնելն է, իսկ վերջնարդյունքում՝ ռուսական զորքերի դուրսբերումը։ Ասել, որ դիտորդների ներկայությունը Հայաստանում կարող է Ռուսաստանի և Արևմուտքի համար բախման նոր օջախ դառնալ՝ հավանական չէ, բայց ԵՄ-ն այդպես սեպ խրելով հայ-ռուսական հարաբերություններում հող է նախապատրաստում Արևմուտք-Ռուսաստան հետագա հակամարտության համար։
Ինչ վերաբերում է Հայաստանը նոր Ուկրաինայի վերածելու մասին խոսակցություններին, Մելիք-Շահնազարյանը դժվարանում է ժամ առ ժամ փոփոխվող աշխարհում որևէ կանխատեսում անել։ Քաղաքագետը զուգահեռներ է՝ անցկացնում Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների և 44-օրյա պատերազմի միջև։ Ասում է ՝ արդեն պարզ էլ չէ ՝ Հայաստանն է նոր Ուկրաինայի վերածվում, թե հակառակը՝ Ուկրաինան են փորձում նոր Հայաստանի վերածել, բայց մեկ բան ակնհայտ է, որ Հայաստանն արդեն դադարել է տարածաշրջանային գործոն լինել և նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացներից դուրս է մնացել, գործընթաց, որտեղ բոլոր պետություններն իրենց ողջ զինանոցն օգտագործում են հնարավորինս բարենպաստ դիրք զբաղեցնելու համար, իսկ Հայաստանին սպառնում է չգոյության վտանգը։
«Հայաստանը կորցնում է տարածքներ, Հայաստանը կորցնում է հարաբերություններ, համաշխարհային տարբեր դերակատարների հետ, մեր երկրի ողջ ռեսուրսը կենտրոնացած է բացառապես մեկ խնդրի վրա՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության պահել այնքան ժամանակ, որքան գոյություն կունենա Հայաստանը։ Ցավոք, այլ ներգրավվածություն, չեմ ասում այդ գործընթացների վրա ազդեցությու Հայաստանն այսօր չունի, այն պարզ պատճառով, որ իշխանությունները դրանով չեն զբաղվում, իշխանություններն այլ առաջնահերթություն ունեն սպասարկում են բացառապես սեփական անձնական շահերը՝ մի կողմ դնելով Հայաստանի պետական և մեր ժողովրդի ազգային պետական շահերը»,- նշեց քաղաքագետը։
Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ այս խառնաշփոթ զարգացումների պայմաններում Հայաստանն իսկապես կարող է դառնալ մարտական գործողությունների թատերաբեմ, բայց դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ թուրքադրբեջանաիսրայելական դաշինքը պատերազմ սկսի Իրանի դեմ, եթե, իհարկե, այդ պատերազմն հասունանա։ Նրա խոսքով՝ այդ պատերազմի հասունացումն այնքան էլ հեշտ գործ չէ, քան առաջին հայացքից կարող է թվալ. ամեն դեպքում Իրանը մի երկիր է, որի դեմ բոլորն են վախենում պատերազմել։
Եվրամիությունը երկու տարի ժամկետով քաղաքացիական բնույթի դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան։ Երեւանը հայտարարում է, որ Եվրամիության նախորդ՝ 2-ամսյա առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանային հատվածներում զսպող դեր է խաղացել եւ որոշակի չափով Ադրբեջանին հետ է պահել Հայաստանի տարածք նորից ներխուժելուց, այդ պատճառով էլ հայկական կողմը դիմել է, որպեսզի Եվրամիությունը նոր եւ ավելի երկարաժամկետ առաքելություն ուղարկի Հայաստան։ Ռուսաստանը, սակայն, կոշտ է արձագանքել՝ հայտարարելով, որ ԵՄ-ի՝ դիտորդներ ուղարկելու նպատակը ոչ թե խաղաղությանը նպաստելն է, այլ Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական պայքարը սրելը:
Հայկ Սահակյանը վերլուծել է, թե ինչ դեր կարող են խաղալ ԵՄ դիտորդներն Ադրբեջանի հնարավոր հարձակումները կանխելու հարցում, ո՞րն է դիտորդներ ուղարկելու՝ Եվրամիության գլխավոր շարժառիթը, ի՞նչ կապ ունի սա Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման եւ Ռուսաստանի ազդեցության թուլացման հետ:
Արդյո՞ք ԵՄ դիտորդների ներկայությունն Ադրբեջանին հետ կպահի Հայաստանի վրա հարձակվելուց, ինչու՞ Ադրբեջանի վրա ավելի հզոր ճնշում միջազգային հանրությունը չի գործադրում, որպեսզի դադարեցվի Արցախի շրջափակումը, արդյո՞ք Արևմուտքը կարող է եւ պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին եւ նման երաշխիքներ ապահովել արցախահայության համար, եթե Արցախի հետագա կարգավիճակը Արեւմուտքում դիտարկվում է Ադրբեջանի կազմում: Այս եւ այլ հարցերի շուրջ դիտեք հարցազրույցները գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի եւ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:
Ամերիկան Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու, որովհետեւ Ադրբեջանն ԱՄՆ-ի համար ոչ պակաս կարեւոր երկիր է, քան Հայաստանը, եթե ոչ ավելի կարեւոր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Մի մոռացել պետքարտուղարության այն հայտարարությունը, որ եթե Իրան-Ադրբեջան ռազմական բախում լինի, ապա ԱՄՆ-ն Ադրբեջանի կողքին են կանգնելու: Այսինքն Իրանին պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու լավագույն միջոցներից մեկը դիտարկվում է Ադրբեջանը: Այնպես որ սա մեծ խաղի ընդամենը մեկ բաղադրիչն է: Այնպես որ Ադրբեջանի դեմ պատժամիջոց չեն կիրառի: Ի դեպ, Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառվել է, 10 տարի գործել է 907-րդ բանաձեւը, որը հենց պատժամիջոց է եղել եւ հենց Լեռնային Ղարաբաղի համար:
ԱՄՆ-ն Ադրբեջանին օգնություն տրամադրում է բացառապես անվտանգային տեսակի: Այսինքն ոչ թե ռազմական, այլ անվտանգային օգնություն: Դրա նպատակը Իրանի հետ ծովային սահմանի պաշտպանությունն է: վերջին 2-3 տարիներին, որ Ադրբեջանին շուրջ 100 մլն դոլարի օգնություն է տրամադրվել, դա չի տրամադրվել Հայաստանի դեմ, տրամադրվել է Իրանի դեմ»,-ասաց նա:
Սուրեն Սարգսյանը նաեւ նկատեց, որ ԱՄՆ-ն մինչեւ պատժամիջոցներին հասնելը շատ լուրջ դիվանագիտական գործիքներ ունի, որ կարող են կիրառվել. «Դեռեւս այդ գործիքներն ԱՄՆ-ն չի սպառել, եւ համարյա զրոյական հվանականություն կա, որ ինչ-որ ձեւով Ադրբեջանի նկատմամբ կկիրառվեն ինչ-ինչ պատժամիջոցներ»,-համոզմունք հայտնեց միջազգայնագետը:
«Կրկին եկա ասելու, որ այսօր արգելել են Մոսկվայում գործող Հայ ավանդական Նժդեհ պարախմբի «Իմ անունս է Պայքար» խորագրով համերգը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազատագրական Բանակի» մարտիկ, «Կարին» կրթամշակութային ՀԿ նախագահ,ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:
Նա նաեւ նշել է. «Մի քանի օր առաջ ոհմակային ոռնոցներ էին արձակվել խմբի անվան շուրջ…
Այսօր այլևս պատրվակ չունենալով արգելել Հայոց բանակի տոնին նվիրված համերգը, և պատասխանատվությունից, և արգելքը հիմնավորելու անզորությունից, գնացին անմեղսունակ ճանապարհով՝ հայտարարելով, որ համերգասրահում ական կա տեղադրված: Մի քանի ժամ Մոսկվայի ձմեռային սառնամանիքին և հանդիսատեսին, և Նժդեհ խմբի անդամներին սառացնելուց հետո վերջնականապես հայտարարվեց, որ համերգն անցկացնելն անհնար է:
Հետևենք այս միջադեպի հետագա զարգացումներին և զորակցենք Նժդեհ պարախմբին, որպեսզի այն ոչ միայն պատվով կրի Հայ մեծագույն Զորավար, Հայոց ռազմի Մարգարեի անունը, այլ առավել մեծ ոգով շարունակի պահպանել և տարածել Հայ անաղարտ մշակույթն ու այդ մշակույթով ուծացումից, ինքնության կորստից փրկի, և դեպի Ազգային ինքնության տաճար ուղղորդի ռուսաստանի Հայ համայնքի արդեն իսկ փոշիացող համայնքը:
Ձեր անունն է պայքար, և Ձեր պայքարն արդար է…
Անհնար է մարել այն, ինչն էությամբ անմարելի է՝ Հայու ոգին:
Իսկ մարդկային տականքն ու ստոր մարդուկները թող շարունակեն սարսափել Հայոց ինքնաճանաչ Վեհ, ազնվական տեսակից, որն իրենց համար անընթեռնելի է, ու անհասանելի մի գագաթ, որը ստվերում է իրենց ստոր և ստախոս տեսակը:
Մեր անունն է Պայքար, և վախճանը՝ ՀԱՂԹԱՆԱԿ….
Անմահները հրամայում են, լինել զորեղ, ավելի վճռական, և էլ առավել աննահանջ…
Վայ տկարներին ու ստրկամիտներին…
Առաքյալի սիրտ, իմաստասերի գլուխ, ադամանդ ճակատ՝ ահա կատարյալ առաջնորդը: Ահա Նժդեհը, ումից սարսափահար դեռ շատ պիտի ոռնաք Ձեր ոհմակներով….
Իսկ Նժդեհն իր անմահ ոգով գալիս է վերածնելու Հայոց անպարտ ոգին, և առաջնորդելու դեպի վեհություն, ազնվականություն, ինքնաճանաչում և Հզոր ու ինքնիշխան, ռազմավարորեն անխոցելի Հայաստան…»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.