23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն իր telegram-ալիքում գրում է.
«Ղարաբաղի բանալին» և Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում
1. Նոր զինված միջադեպեր Լեռնային Ղարաբաղում. Խաղադրույքները բարձրանում են: Ու թեև վերջնագրերն այստեղ նոր մարտավարություն չեն, բայց պարզ է, որ երբ դրանք ուժով են պարտադրվում, ռիսկերը զգալիորեն մեծանում են։
2. Ռուսաստանի համար Կովկասում այս կետն առանձնահատուկ նշանակություն ունի։ Այն նույնիսկ առանցքային անվանելը չափազանցություն չի լինի։ Հիմնական մոդերատորի դերի պահպանումը (նույնիսկ Արևմուտքի հետ աճող մրցակցության և «Թուրքիայի հետ մրցակցային գործընկերության» պայմաններում) Մոսկվային հնարավորություն է տալիս ազդեցություն թողնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա։ Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը գրեթե ինքնաբերաբար կբերի Գյումրիից բազայի դուրսբերմանը, իրական, այլ ոչ թե դեպի Արևմուտք Երևանի մեդիա-PR վերակողմնորոշման նման։ Սա այն պայմաններում, երբ Ադրբեջանը, գոնե տնտեսապես, արդեն զգալիորեն ինտեգրված է արևմտյան նախագծերին։
3. Ռուսական «հավասար հեռավորությունը» մեկը համարում է պատուհաս և անեծք, ինչ-որ մեկն էլ՝ կարևոր ռեսուրս։ Ակնհայտ է, որ այն Մոսկվային բազմաթիվ ազիմուտներում և՛ շահույթ է բերում, և՛ սահմանափակում։ Բայց այսօր ինչ-որ «վերջնական ընտրություն» կատարել Երևանի կամ Բաքվի միջև, սխալ է։ Տարբերակներ, իհարկե, հնարավոր են, բայց ավելի լավ է խուսափել դրանցից։ Չեմ ուզում մեր հակառակորդներին առաջարկել հնարավոր բացասական սցենարներ։ Բայց սկզբունքորեն դրանք «բաց գաղտնիք» են։ Սակայն պետք է նաև նկատի ունենալ, որ Հայաստանի և Ադրբեջանի վրա ռուսական ազդեցության կորուստը կհանգեցնի Մոսկվայի համար Վրաստանում ի հայտ եկած դրական միտումների սառեցմանը։ Հասկանալի է, որ Թուրքիայի ձայնը բոլոր հարթակներում (ոչ միայն կովկասյան, այլև սիրիական ու ուկրաինական) շատ ավելի բարձր է լինելու։ Այսպիսով, կարևոր է պայքարել «ղարաբաղյան բանալու» համար։ Ցանկալի է նվազագույն կորուստներով և առավելագույն օգուտներով:
4. Կարո՞ղ է խաղաղություն հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև առանց Ռուսաստանի։ Հնարավո՞ր է արդյոք տարածաշրջանային կարգուկանոն Անդրկովկասում առանց Մոսկվայի մասնակցության։ Միջազգային քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, երբ ռուսական պետությունն իր տարբեր ձևերով ներկա չի եղել Կովկասում կամ ունեցել է նվազագույն ներկայություն։ Ի վերջո, զրոյական Բալկանները «խաղաղացվեցին» առանց Ռուսաստանի Դաշնության մեծ մասնակցության։ Սակայն նման բացակայությունների հետևանքները ամենևին էլ վտանգավոր չեն, ոչ այն պատճառով, որ իբր հարված են հասցվելու Կրեմլի «կայսերական հավակնություններին»։ Ռուսաստանն ինքը կովկասյան տերություն է, սա ոչ մի րոպե չպետք է մոռանալ։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասում պատասխանատվությունն առանձնահատուկ է Մոսկվայի համար։ Կա ևս մեկ զգացմունքային և հոգեբանական պահ՝ ցանկացած երկիր առանձնահատուկ վերաբերմունք ունի իր մերձակա հարևանության անվտանգության նկատմամաբ։ Արևմուտքը, որպես պոտենցիալ խաղաղապահ, գործում է և կշարունակի գործել կովկասյան տարածաշրջանում, ինչպես հեռավոր ծայրամասում: Նրանք չեն գոռում, չեն բզզում, շնորհակալություն գոնե դրա համար։ Մանրամասների ու նրբերանգների մեջ մտնելը Ռուսաստանի իրավասությունն է։ Ավաղ, այսօր (և երեկ) մենք ինքներս ոչ միշտ ենք համապատասխանում այս բարձր նշաձողին, բայց գոնե մենք հայտարարում ենք դրան համապատասխանության անհրաժեշտության մասին»։
Ադրբեջանը միջազգային հանրությանն ամեն կերպ փորձեց համոզել, թե Լաչինի միջանցքը փակ չէ, բայց Արդարադատության միջազգաին դատարանը հակադարձեց նրան։ Տեսնելով, որ չի կարողանում փափուկի ուժով հասնել իր առջև դրած նպատակների իրագործմանը՝ Բաքուն գնաց խնդիրն ուժային տարբերակով լուծելու ճանապարհով։
«Դեռևս մարտի 2-ին Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ադրբեջանական դիրքերից կրակել են մի քանի ուղղություններով, սահմանային լարվածություն կա, ինչը հուշում էր, որ ուժային գործողություններ կլինեն։ Ադրբեջանցիների փորձերը, թե, իբր, Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհ կա, որտեղով հայերը փորձել են զենք տեղափոխել, դարձյալ հօդս ցնդեցին՝ Արցախի ոստիկանության հրապարակած կադրերից հետո։ Մենք մոտենում ենք Ադրբեջանի կողմից գործողությունների վերաֆորմատավորման և, կարծում եմ, որ առաջիկայում Ադրբեջանը կորդեգրի նախկինում չկիրառված նոր մեթոդ, որը և՛ ուժային գործողություններ կպարունակի, և՛ փափուկ միջոցներ՝ փորձելով նոր զիջումներ ստանալ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նրա խոսքով՝ միջանցքը շատ երկար փակ մնալ չի կարող. Ադրբեջանը շարունակելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում զիջումներ կորզել, որի դիմաց ցույց կտա, թե, իբր, մեծահոգաբար բացեց միջանցքը։ Ըստ այդմ, Պողոսյանի համոզմամբ, Արցախի հանրապետությունը երկու տարբերակ ունի՝ աշխատել միջազգային հանրության հետ՝ նաև ՀՀ-ից անկախ, որով կընդգծի իր սուբյեկտայնությունը, և երկրորդ՝ Արցախը վերածել ամրոցի։
«Արցախը պետք է լինի Ադրբեջանի կոկորդում խրված սեպ, իսկ դրա համար այն ամրոցի պետք է վերածվի՝ օգտագործելով լեռնային ռելիեֆը։ Շատ դեպքերում դա պետք է առանց ցուցադրելու անել։ Հասկանում եմ, որ տեխնիկանմ դժվարությամբ կաշխատի, բայց անհնար բան չեմ ասում։ Ամենակարևորը՝ չվախենալն է. պետք չի ոչնչից վախենալ։ Մյուս ուղղությունը, որով պետք է գնա, ադրբեջանականի քայլերը միջազգային հանրությանը լսելի, տեսանելի դարձնելն է»,-ասաց քաղաքագետը։
Պողոսյանը շեշտեց՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման կարևորությունը զգացել ու իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում այդ ուղղությամբ հստակ աշխատել է Ռուբեն Վարդանյանը։ Հենց այդ հանգամանքն է, որ, ըստ նրա, դուր չի եկել Ադրբեջանին։
Վարդանյանի՝ ՌԴ-ի հետ կապելու Ադրբեջանի ամբողջ մղումը Վարդանյանին արևմտյան գործընկերների մոտ բացասական քողի տակ ներկայացնելն է։ Թերևս, դրանով է պայմանավորված, որ ՄԱԿ-ի ամբիոնից ևս Վարդանյանը ներկայացվեց որպես ռուսական կողմի ներկայացուցիչ։
«Առավելագույնը, որին կարողացավ հասնել Ադրբեջանն այս ամբողջ ընթացքում, Վարդանյանի ազատումն էր պետնախարարի պաշտոնից։ Նախկինում էլ եմ ասել, հիմա նորից կկրկնեմ՝ այդ քայլով հարված է հասցվել Արցախի սուբյեկտայնությանը»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ՀՀ դիվանագիտական կորպուսը բոլոր ռեսուրները՝ այդ թվում Սփյուռքի ներուժն ամբողջությւամբ, պետք է օգտագործի՝ Արցախի սուբյեկտայնության ճանաչման գործընթացն ապահովելու համար։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Նիստը սկսելուց առաջ ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության զոհված ոստիկանների հիշատակը, այնուհետև նախագահ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Երկրի ղեկավարի խոսքով՝ ստեղծված իրավիճակի հումանիտար և ենթակառուցվածքային խնդիրները քննարկելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և ներկայությամբ՝ փետրվարի 24-ին արցախյան կողմը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: Ապա պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպման կապակցությամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ: Հանդիպումների օրակարգում չորս հարց էր՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնում, բնական գազի անխափան մատակարարում և Կաշենի հանքավայրի վերաշահագործում:
«Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն և տվյալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»,- ասել է Ա. Հարությունյանը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
«Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ասել է Նախագահը:
Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների զոհվելու ողբերգական դեպքին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առաջիկայում նման սադրանքները, ցավոք, բացառված չեն:
«Այն, որ մենք երկար ժամանակ պետք է պայքարենք և այդ պայքարի շրջանակներում լինելու են նման իրավիճակներ, պետք է դա գիտակցենք և կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք: Ես պետնախարարի հետ քննարկել եմ մեր խնդիրները և այսօր ուզում եմ Անվտանգության խորհրդի որոշումով հանձնարարենք Կառավարությանը՝ մշակել ծրագիր պարենային անվտանգության ու էներգետիկ անվտանգության ուղղություններով, որովհետև մենք բոլոր սցենարները պետք է հաշվարկենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Անվտանգության խորհրդի նիստին օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ընդունվել են օրակարգով նախատեսված մի շարք որոշումներ:
Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած դիվերսիային Արցախում, որի հետևանքով Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության երեք ծառայող է զոհվել: Տոյվո Կլաարի գրառմանը կոպիտ արձագանք է տվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Կլաարի հանդեպ անվստահությունն ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տոյվո Կլաարը, արձագանքելով Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը,«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը կայունության և արդար խաղաղության հասնելու համար: Նա նաև հավելել է, որ Բաքվում է և անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին Մյունխենի հանդիպումից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:
Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Տոյվո Կլաարի գրառման, «Թվիթեր»-ի իր էջում գրել է.
«Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված չինովնիկ է կամ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են:
Մոտ երեք ամիս Արցախն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը փակ պահելուց հետո, Ադրբեջանն անցնում է իր հայտնի գործելոճին՝ զենքի միջոցով խնդիրներ լուծելուն: Ադրբեջանական «ինտեգրացիան» այսպիսին է՝ սպանել Արցախում ապրող հայերին, ազատվել նրանցից ամեն կերպ և ցանկացած մեթոդներով: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Ինչպե՞ս կանխել սա:
Հրավիրել Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին ԱԳՆ ու կետ առ կետ ներկայացնել իրողությունը, ցույց տալ, որ թեև միջազգային բոլոր կոչերին, ՄԱԿ–ի դատարանի որոշմանը, Ադրբեջանը ոչ միայն չի բացում ճանապարհը, այլև ավելի է լարում իրավիճակը՝ պատճառելով մարդկային կորուստներ: Մեզ պետք են ոչ միայն հայտարարություններ, այլ քայլեր՝ սա կանխելու համար:
Չենք կարող նստել ու դիտել, թե ինչպես են փորձում ազատվել Արցախում ապրող մեր հայրենակիցներից: Եթե մենք լուռ հետևողի դերում լինենք, վստահեցնում եմ հաջորդ քայլը կլինի Հայաստանում ապրող հայերից ազատվելը…»,- գրել է Հայրապետյանը:
ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Այսօր ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական դիվերսիոն խումբը ներ է թափանցել Արցախի Հանրապետության տարածք և զինված հարձակում գործել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանության 3 ծառայող զոհվել է, մեկը ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց ու գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։
Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություն տարածել այն մասին, որ իբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ զենք տեղափոխող մեքենան։ Սա բացահայտ սուտ է և միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձ։ Ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել՝ ընդհանրապես։
Տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք ամենակարճ ժամկետում մեր արտաքին գործերի նախարարության միջոցով կներկայացվեն միջազգային լսարանին։
Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են մեր բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք»։
Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը լուսանկարներ է հրապարակել այսօր տեղի ունեցած դիվերսիայի վայրից եւ հայտնել, որ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր եւ զենք չեն տեղափոխել:
Ինչպես հայտնել ենք արդեն, երեկ առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել մեկ ծառայող:
Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ, իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև՝ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր:
Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա:
Կից լուսանկարներում երևում է դեպքի վայրը և վնասված դատարկ մեքենան:
Անհրաժեշտ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր:
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից:Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի ԲաբայանՄայոր՝ Դավիթ Վալերիի ԴանիելյանԼեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին:


Շատ լավ է, որ Շոլցը խոսում է տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման մասին, բայց կընդունի այդ ամենն Ադրբեջանը՝ չեմ կարծում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլերի և ՀՀ վարչապետի համատեղ ասուլիսում Արցախի վերաբերյալ Շոլցի հայտարարությունը։
Խաչիկյանը քիչ հավանական է համարում այս պահին Արցախի ինքնորոշման իրավունքի առաջմղման գործընթացը, բայց մի հարցում համոզված է, որ պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները, միայնակ չթողնել Արցախն ու արցախահայությանը։
Քաղաքագիտության դոկտորը վտանգավոր է որակում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումներն ու «բանակցությունները», քանի որ այդ հանդիպումների մասին գրեթե ոչինչ չի հրապարակվում։ Թաքուն բանակցություններն ավելի շատ կասկածներ են հարուցում։
«Եղած քաղաքական հարցերը մի օր պետք է լուծվեն, պատասխան պետք է տրվի՝ Ղարաբաղը լինելո՞ւ է Ադրբեջանի մաս, թե՞ ոչ, եթե լինելու է, ապա պետք է մարդկանց բացատրել, որ այնտեղ շուտով կարող են ներխուժել Ադրբեջանի պետական ղեկավարները, օրինակ, ինչ-որ մի ադրբեջանցի կարող է նշանակվել Ստեփանակերտի կամ Մարտակերտի քաղաքապետ, կամ այնտեղ ոստիկանական ուժեր ու զինուժ տեղակայվեն»,- նշեց Խաչիկյանը։
Ադրբեջանական աղբյուրներն ու Ալիևը բացահայտ խոսում են ադրբեջանցիների վերաբնակեցման մասին, ինչն, ըստ Խաչիկյանի, ամենավտանգավորն է՝ ո՞վ է այդ ամենը կանխելու։
«Ո՞վ է նրանց կանգնեցնելու, միջազգային հանրությո՞ւնը, որի մասին մենք այսքան սիրում ենք խոսել, կտեսնենք՝ ինչպես են կանգնեցնելու։ Ինչպե՞ս կարելի է այսքան խեղաթյուրել ինֆորմացիան և չասել՝ ինչպիսի՞ն է Արցախի իշխանությունների դիրքորոշումը, ի՞նչ են ուզում ստանալ, ինչի՞ հետ համաձայն չեն։ Հասկանալի է, որ որոշ բաներ պետք է գաղտնի պահվեն, բայց գալու է ինչ-որ ժամանակ, երբ մենք պետք է իմանանք ողջ ճշմարտությունը, չէ՞»,- տարակուսանք հայտնեց քաղաքագիտության դոկտորը։
Անորոշությունն ու կասկածներն ավելի են շատանում, երբ այս ամենին գումարվում է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։ Փաշինյանն ու իր թիմը չեն էլ թաքցնում, որ ձեռքերը լվացել են Արցախից և Արցախի ճակատագիրը թողել բախտի ու Ալիևի քմահաճույքին։ Իսկ Ալիևը ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը, ամբողջ Հայաստանն է ուզում։
«Ես կողմ եմ, որ մենք խաղաղ ապրենք և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, բայց դրա համար չի կարելի ծնկի գալ և թույլի դիրքերից խոսել, այդպես չի կարելի։ Եթե նրանք ցանկանային մեզ հետ խաղաղություն կնքել՝ այսպես մեզ չէին ճնշի։ Նրանք ուժի դիրքից են խոսում և պահանջում են ամեն ինչ՝ առանց փոխզիջման։ Ալիևը որևէ կարմիր գիծ չի հարգում, նա ուզում է վերաբնակեցնել ադրբեջանցիներին, դա Արցախի վերջն է։ Արցախ չկա, Սյունիք չի լինելու»,- հավելեց Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի վերջնանպատակը Հայաստանը բնաջնջելն ու հայաթափելն է, ինչն անշեղորեն իրականացնում են այս երկու պետությունների ղեկավարները; Այսպես շարունակվելու դեպքում շատ կարճ ժամանակում մեր երկրից կմնա մի փոքրիկ Հայաստան՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի սահմաններով, և շատ արագ կվերածվի թուրքական անկլավի, որից հետո հայերը կսկսեն հեռանալ Հայաստանից և «Հայակական հարց»-ն, ի վերջո, կլուծվի։
Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանի իշխանությունները փակել են Արցախը Մայր Հայաստանին կապող, այս պահին գործող միակ ճանապարհը՝ օկուպացված Բերձորի շրջանով անցնող, այսպես կոչված, Լաչինի միջանցքը։ Ստեղծված իրավիճակը բազում անհանգստություններ է պատճառում ոչ միայն Արցախին, այլև Ադրբեջանին, որի իշխանությունները երկու ամիս շարունակ ստիպված են դիմակայել միջազգային տարբեր հարթակներից հնչող քննադատությանը։ Փակ ճանապարհը մեծ խնդիր է նաև Ռուսաստանի համար, որը փաստորեն չի կարողանում կատարել իր ստանձնած միջազգային պարտավորություններն ու ապահովել Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը։
Որքան էլ պարադոքսալ հնչի, Արցախի ճանապարհի փակ լինելը ամենաքիչը պաշտոնական Երևանին է հուզում։ Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ, այսպես կոչված, Լաչինի միջանցքը Ռուսաստանի պատասխանատվության գոտում է, և որ Հայաստանն այդտեղ անելիք չունի։ Ավելին, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն Արցախը Ադրբեջանի մաս են ճանաչում և նշում, որ այնտեղ բնակվող 120.000 մարդկանց պատճառով չեն կարող վտանգել Հայաստանի 3 միլիոն բնակչությունը։
ՀՀ իշխանությունների այս բացառիկ ցինիզմը, ցավոք, արդեն սովորական է դարձել Հայաստանի և Արցախի քաղաքացիների համար։ Մեր հանրությունը չի ընդդիմանում Փաշինյանի կառավարության սույն քաղաքականությանն ու գործելաոճին՝ կարծես խաչ քաշած լինելով այս իշխանությունների վրա։ Արտասահմանում հայկական պետականության գործառույթները ստանձնել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որի կառույցները շարունակ ակցիաներ են իրականացնում Եվրոպայի, ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներում՝ պահանջելով իրենց կառավարություններից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և բացել Արցախի ճանապարհը։
Իսկ ահա Արցախում բավական հետաքրքիր և հուսադրող գործընթացներ են սկսվել։ Չնայած այն հանգամանքին՝ որ հայկական երկրորդ պետությունը գտնվում է հումանիտար աղետի եզրին, արցախահայությունը դիմադրելու և թշնամուն ոչինչ չզիջելու որոշում է կայացրել։ 2022 թ․ դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում համաժողովրդական մեծ հանրահավաք է տեղի ունեցել, որի ընթացքում տեղի բնակիչները հստակ բարձրաձայնել են Ադրբեջանի ճնշումներին դիմակայելու իրենց որոշման մասին։ Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը հնարավորությունների սահմաններում բավական արդյունավետ է լուծում շրջափակման մեջ հայտնված բնակչության խնդիրները։
Սույն տարվա հունվարի 18-ին համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների միջնորդությամբ հունվարի 15-ին կամ 16-ին հանդիպել են ԼՂՀ և Ադրբեջանի ներկայացուցիչները և քննարկել, այսպես կոչված, Լաչինի միջանցքի բացման հնարավորությունը1։ Ըստ տարածված լուրերի՝ որոնք հետագայում հաստատվել են նաև պաշտոնական Ստեփանակերտի կողմից, Արցախի կողմից սույն հանդիպմանը մասնակցել է նախագահ Արայիկ Հարությունյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ գլխավոր շտաբի պետի տեղակալը, ՆԳ նախարարն ու ևս մեկ ներկայացուցիչ կառավարությունից։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով այս հանդիպման արդյունքների մասին, ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ըստ իրեն՝ առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կլուծվի2։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմն այդ հանդիպման ընթացքում կոնկրետ պահանջներ է դրել Արցախի իշխանությունների առջև։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ խոսքը վերաբերում է հետևյալ հինգ պահանջներին՝
1. Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկություն,
2. Ադրբեջանական պոստերի պարտադիր տեղակայում Ստեփանակերտի մոտակայքում,
3. Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեսահսկող և ռենտգեն նկարահանման սարքերով հագեցած ադրբեջանական անցակետերի տեղադրում,
4. Արցախի ամբողջական զինաթափում,
5. Կաշենի հանքի փակում3
Ադրբեջանական կողմի այս պահանջներից յուրաքանչյուրը մեծ սպառնալիք է Արցախի ոչ միայն ինքնուրույնության պահպանման, այլև ընդհանրապես հայկական մնալու համար։ Չնայած Արցախի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ պատրաստակամություն են հայտնել կատարելու Ադրբեջանի պահանջները՝ այնուամենայնիվ, գերակշռող է դարձել այն դիրքորոշումը, որ թեև մեծ զոհողությունների գնով, բայց պետք է շարունակել Արցախի անկախության համար մղվող պայքարը։ Ի վերջո ստեղծվել է մի իրավիճակ, որը բոլոր դժվարություններով հանդերձ, ամեն դեպքում նաև հնարավորություններ է ստեղծում հայկական երկրորդ պետության համար։
Փորձենք անդրադառնալ դրանցից մի քանիսին։
Հայտնի ճշմարտություն է, որ ադրբեջանա-արցախյան հակամարտությունն ընթանում է ոչ միայն տեղում՝ այսպես ասած, հողի վրա, այլև քաղաքական, քարոզչական և միջազգային տիրույթներում։ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ, հատկապես՝ 2020-ի պատերազմի ավարտից հետո բոլոր հնարավոր հարթակներում զարգացնում էին այն թեզը, իբր Ադրբեջանի կազմում Արցախի հայությունը նույն իրավունքներն ու հնարավորություններն է ունենալու, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Պաշտոնական Բաքուն փորձում էր ներկայանալ իբրև հանդուրժող, արցախահայության հետ հաշտություն փնտրող և նրանց համար լավ ապագա կերտող երկրի իշխանություն, որն արդեն օրակարգ էր բերել հայերի «ռեինտեգրացիայի» գործընթացը։ Սակայն Արցախի վերջին երկու ամիսների շրջափակումը, այնտեղ մատակարարվող էներգակիրների պարբերական արգելափակումը, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացվող հարձակումները, դրան զուգահեռ ընթացող քաղաքական ու հոգեբանական ճնշումները, ինչպես նաև ռազմական ուժով շարունակ սպառնալը լավագույն ձևով բացահայտում են Բաքվի իշխանությունների և ընդհանրապես ողջ Ադրբեջանի ընդգծված հայատյաց բնույթը։
Արցախի իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի մտահոգ քաղաքացիներն ու Սփյուռքի հայկական կառույցները հրաշալիորեն կարողանում են հասցնել այդ ուղերձը միջազգային հանրությանը։ Հիմա այլևս պատրանքներ չկան, նույնիսկ ընդգծված պրոադրբեջանական գործիչները խոստովանում են, որ Ադրբեջանի նպատակն Արցախը հայաթափելն է։ Եվ եթե արցախահայության ու Սփյուռքի ջանքերին միանար նաև Հայաստանի Հանրապետությունը, ապա այս հարցում հնարավոր էր շոշափելի հաջողություններ ունենալ։
Թշնամական երկրորդ կարևոր թեզը, որն այս օրերին ջախջախվում է Արցախում, հետևյալն է՝ իբր Լեռնային Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է, և հակամարտություն այլևս գոյություն չունի։ Սա Ալիևի հաճախակի արվող հայտարարություններից է։ Վերջինս պատեհ և անպատեհ առիթներով մշտապես ասում է, իբր 2020-ի պատերազմի ընթացքում իրենք լուծել են «Ղարաբաղի հարցը» և նման հարց այլևս գոյություն չունի։ Նման հայտարարություններով Ալիևը փորձում է քաղաքական ուղիներով վերահսկողություն հաստատել ողջ Արցախի նկատմամբ և ի վերջո իսկապես լուծել այդ խնդիրը հօգուտ Ադրբեջանի։
Մինչդեռ միջազգային հանրությունն այս երկու ամիսների ընթացքում տեսավ, որ Արցախի հարցը ոչ միայն շարունակում է գոյություն ունենալ, այլև լարվելու և տարածաշրջանում ապակայունության նոր մթնոլորտ ստեղծելու ներուժ ունի։ Հետևաբար նաև անտեղին են այն բոլոր հայտարարությունները, թե որևէ միջնորդության կամ, առավել ևս, խաղաղապահ առաքելության խնդիր չկա։ Ճիշտ հակառակը՝ հենց հիմա է անհրաժեշտ վերսկսել քաղաքական պրոցեսը և կրկին փորձել օրակարգ բերել Արցախի կենսական շահերից բխող խնդիրները։
Երրորդ կարևոր խնդիրը, որն այս պահին դրական ընթացք է ստացել, սերտորեն փոխկապակցված է նախորդ երկու կետերի հետ։ Խոսքը վերաբերում է միջազգային ասպարեզում Արցախի սուբյեկտայնության վերականգնմանը։ Ադրբեջանի հետ հակամարտության այս ընթացքը թույլ է տալիս Արցախի իշխանություններին հաղորդակցության ուղիղ միջոցներ ստեղծել արտաքին աշխարհի հետ և ամենամեծ լսարաններ ունեցող լրատվամիջոցների եթերներից խոսել առկա խնդիրների մասին։ Միևնույն ժամանակ արևմտյան բազում երկրների քաղաքական գործիչներ և նույնիսկ խոշոր կառույցներ սկսել են պաշտպանել Արցախի շահերը, դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ և հակամարդկային քաղաքականությունն ու լուծումներ փնտրել Արցախի համար։
Այս երեք կարևոր հարցերը, որոնք ակտիվորեն շրջանառվում են Արցախի շրջափակման հետևանքով, ունեն իրենցից բխող բազում ենթահարցեր, որոնք նույնպես շատ կարևոր են հայկական երկրորդ պետության համար։ Դրանցից է, օրինակ, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության ժամկետների երկարաձգումը 2025-ից հետո։ Սա նույնպես այն մարտահրավերներից է, որը շատ օրհասական է Արցախի համար։ Ցավոք, 44-օրյա պատերազմից հետո ԼՂՀ-ն կորցրել է իր անվտանգությունն ինքնուրույն և լիարժեք ապահովելու կարողությունը։ Այս հարցում չափազանց մեծ է ռուս խաղաղապահների դերը, որոնց ադրբեջանական կողմն ամեն գնով ցանկանում է հեռացնել Արցախից 2025 թ.։
Արցախում խաղաղապահների առաքելությունը շարունակելու համար անհրաժեշտ են հիմնավորումներ։ Այսինքն՝ պետք է լինի այնպիսի իրավիճակ, որի առկայության դեպքում խաղաղապահների դուրսբերումն Արցախից պարզապես անհնարին կլինի։ Ըստ ամենայնի՝ կլինի պատերազմի վերսկսման և մեծ արյունահեղության իրական վտանգ։ Արցախի շրջափակումը վկայում է այն մասին, որ խաղաղապահների հեռանալուց հետո Ադրբեջանը կընտրի հենց այդ ուղին։ Եվ սա կարևոր հիմք է՝ պնդելու, որ ռուս խաղաղապահները չեն կարող դուրս բերվել Արցախից։
Այս հարցը ևս մեկ նրբություն ունի, որին պետք է զգույշ վերաբերվել։ Խոսքը վերաբերում է Արցախում կոնֆլիկտայնության աստիճանի պահպանման անհրաժեշտությանը։ Այո՛, ստեղծված իրավիճակում այդ կոնֆլիկտայնությունն անհրաժեշտ է հենց հայկական կողմին։ Միայն կոնֆլիկտայնության համապատասխան մակարդակի պահպանման դեպքում հնարավոր կլինի լուծել վերոնշյալ բոլոր խնդիրներն անգամ այն բանից հետո, երբ հանկարծ ադրբեջանցիները առանց որևէ պայմանների, բացեն Արցախի ճանապարհը։
Վերոհիշյալ բոլոր դրույթները նաև վկայում են այն մասին, որ Արցախի խնդրում հայ ժողովուրդը պայքարի ու դժվարությունների երկար ճանապարհ ունի անցնելու։ Այս հարցում մենք պետք է առավելագույն չափով անկեղծ լինենք ժողովրդի հետ և նախապատրաստենք նրան այդ դժվարություններին։ Գիտեմ, որ սրա մեջ լավատեսություն քիչ կա, բայց այլընտրանքը ազգային ողբերգությունն է։ Ուստի պետք է պատրաստվել երկարատև պայքարի։ Այդ ռեսուրսը մեր ժողովուրդն ու պետություններն ունեն։ Սա մի գործ է, որը հիրավի պետք է արվի։ Անհրաժեշտ է դիմանալ և հաղթել։
_________________________________
Հղումներ
1. https://www.24news.am/news/267602, (մուտք՝18.01.2023):
2. https://www.interfax.ru/world/881245, (մուտք՝18.01.2023):
3. https://www.pastinfo.am/hy/news/2023/01/18/4wg8nldgt/1520321, (մուտք՝18.01.2023):
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ հայտնված և սպանված զինծառայող Հայկ Հարությունյանի հայրը պնդում է՝ իրենց որդիներին փրկելը խաղուպար էր, բայց ոչինչ չեն արել, ասես այդ երեխեքը որևէ մեկին պետք չէին։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր կայացել է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։ Գործը գտնվում է վկաների հացաքննության փուլում, սակայն, նկատի ունենալով, որ դատակոչված վկաների մի մասն Արցախում են և արդեն շուրջ երեք ամիս է, ինչ ադրբեջանական շրջափակման մեջ են, դատարանը որոշել է փոխել ապացույցների հետազոտման կարգը եւ լսել տուժողների իրավահաջորդներին։
Այսօրվա նիստին հարցաքննվեց տուժողի իրավահաջորդ Հրանտ Հարությունյանը, որի որդին՝ Հայկ Հարությունյանը, Խուռհատ սարից նահանջելուց հետո հայտնվել է շրջափակման մեջ, օրեր շարունակ սպասեզ, որ իրենց կփրկեն, բայց ադրբեջանցիներն են նրանց գտել ու սպանել։
Զինծառայողի հայրը դատարանում պատմեց, որ որդին բանակ էր զորակոչվել 2020թ հուլիսի 22-ին, սկզբում ծառայել է Մարտունի 2-ում, հետո՝ Ջաբրայիլ են տեղափոխել, ծառայությունը նորմալ է եղել։ Պատերազմի սկսվելուց հետո մինչև հոկտեմբերի 6-ը տեղեկություն չեն ունեցել որդուց, դիմել են բոլոր պատկան մարմիններին, ոչ ոք չի օգնել, «մարդիկ չուզեցին օգնել, ասացին՝ կապ չկա և վերջ», ծանոթ մարդ են գտել, ում միջոցով իմացել են, որ Հադրութում են, բայց չեն հավատացել, որովհետև գիտեին, որ որդին Ջաբրայիլում է։
«Հոկտեմբերի 6-ին գիշերը երեխեն զանգել է, ասեց՝ նորմալ է, բերել են ստեղ, ապահով է, մինչև հոկտեմբերի 8-ը խոսել ենք երեխու հետ, դրանից հետո կապը էլի կորել է։ Կրկին դիմել ենք պատկան մարմիններին, ոչնչով չեն օգնել, մի բառ գիտեին՝ կապ չկա… բա ծնողները ոնց էի՞ն գտնում։ Այդ ամենը նախապես ծրագրված էր»,- նշեց զինծառայողի հայրը՝ պատմելով, որ ծանոթի միջոցով ձեռք են բերել Գարի Վարդերեսյանի հեռախոսահամարը, նա էլ փոխանցել է սերժանտ Հարութ Ղարախանյանի հեռախոսահամարը. «Զանգել ենք Հարութին, շշուկով էր խոսում, հարցրինք՝ Հարությունյան Հայկը ձեզ հետ է, երեխեքին հարցրեր ու ասեց՝ հա մեզ հետ է, ասեցի՝ տուր խոսենք, անջատեց, հետո՝ հոկտեմբերի 16-ին իմացել ենք, որ երեխեքը շրջափակման մեջ են։ Դրանից հետո նորից զանգել եմ Գարիկին, ասել ինչ է պետք, ինչով կարանք օգնենք, որ երեխեքին փրկենք, ասեց՝ հոպար, ամեն ինչ նորմալ է, մենք զբաղվում ենք, ամսի 19-ին զանգել եմ, ասեցին՝ ճանապարհը ցույց են տվել, որ դուրս գան, ընկել են հրետակոծության տակ»։
Ծնողի խոսքով՝ տեսնելով, որ այլևս հնարավոր չէ, բոլոր ծնողներով հավաքվել են ՊՆ շենքի մոտ, քանի որ, երբ միայնակ էին գնում, իրենց չէին պատասպանում, հանդիպում է եղել Անդրանիկ Քոչարյանի հետ, հետո ծնողները ԳՇ քարտուղարությանն են ներկայացրել իրենց որդիների վերաբերյալ տվյալները, խոստացել էին՝ զբաղվել, իրենք էլ հավատացել են. «Մի շաբաթ էդպես տարել-բերել են ծնողներին։ Հանձնաժողով պետք ա ստեղծվեր, բայց մարդիկ ոչ մի բան չարեցին։ Մինչև օրս էլ դատախազին խնդրել եմ, ասում եմ՝ եթե տեղեկությունն ուզում եք իմանալ, մտեք Ուլնեցու համակարգիչը, ամբողջ տվյալները տվել ենք, էդտեղից կարող եք իմանալ, թե ով էր դավաճանը։ Մեր երեխեքին փրկելը խաղուպար էր։ Քննիչը խաբում է դատարանին, եզրակացության մեջ նշել են, որ 6 երեխուն ՊՆ-ն է փրկել, բայց էդ վեց երեխեքին մենք ենք փրկել ղարաբաղում, ՊՆ-ն ոչինչ չի արել»։
Նրա փոխանցմամբ՝ զինծառայողների գտնվելու վայրը փորձել են նկարագրել, սակայն սպաներից տեղյակ չեն եղել տարածքին. «Ինչքան կոլխոզի նախագահ կար, գեներալ են տվել, դրա համար էլ մեր երեխեքն էս օրն են եղել, տարածք չեն իմացել»։ Ծնողը պատմեց, որ սերժանտ Հարութ Ղարախանյանը, որը ևս զոհվել է, նոյեմբերի 23-24-ին զանգել էր ծնողին, ապա՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի օպերատորին, հայտնել, թե որտեղ են գտնվում զինծառայողների խմբերը, ասել է՝ 20 զինծառայող են, սակայն ոչինչ չեն արել այդ զինծառայողներին գտնելու համար, ասես այդ զինվորները ոչ ոքին էլ պետք չեն եղել։ Ավելին, զինծառայողներին փնտրելու համար տվյալներ են փոխանցվել համապատասխան անձանց, ասել են՝ Ձորակ գյուղի անտառում են, սակայն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին այդ մասին հայտնելու և նրա միջնորդությամբ փնտրելու փոխարեն, նրանք իրենց խմբով են գնացել և փնտրել կողքի գյուղերում, ադրբեջանցիներն էլ իմացել են, որ անտառում կենդանի մնացած զինծառայողներ կան, գնացել ու սպանել են նրանց։ Բացի այդ, ծնողը պատմեց նաև, որ ՊՆ ներկայացուցիչ գնդապետ Ոսկանյանը, որը լիազորված էր զբաղվելու զինծառայողների հայտնաբերման հարցով, պարզվում է, որ Արցախում չի փոխանցել այն քարտեզները, որոնցով պետք է ԱԻՊԾ ծառայողները ռուս խաղաղապահների հետ փնտրեին զինծառայողներին։
Որդու մարմինը Հրանտ Հարությունյանը ստացել է 2020թ դեկտեմբերի 20-ին, պատմում է՝ Արցախից բերվել է պոլիէթիլային տոպրակի մեջ։ Որդին պատերազմի ժամանակ վիրավորում չի ստացել, սակայն կրծքավանդակին վիրավորում է եղել, ծնողը թիկունքը չի տեսել, բայց բեկորային վնասվածք եղել է նաև որդու մեջքին։ Հայրը կարծում է, որ երբ ադրբեջանցիները հայտնաբերել են թաքնված զինծառայողների խմբին, նրանց սպանելիս նաև նռնակ են նետել, քանի որ մյուս զինծառայողներից մեկի գլուխը չկար, մյուսինը՝ քիթը և այլն։ Իսկ թե ինչու են շրջափակման մեջ գտնվող զինծառայողները խմբերի բաժանվել, ծնողը պատմեց, որ մի մասը որոշել են տեղափոխվել դեպի Ստեփանակերտ, մի մասը՝ դեպի ՀՀ, իսկ երրորդ խումբը չի ցանկացել տեղափոխվել, քանի որ, ինչպես պատմել էր Ղարախանյանը, զինծառայողների մի մասը վախեցել են, որոշել են մնալ նույն վայրում՝ կարծելով, որ իրենց կփրկեն։ Միևնույն ժամանակ, Հարութ Ղարախանյանն ասել է, որ անկախ նրանից, թե որ խումբը դուրս կգա շրջափակումից, մյուսների գտնվելու վայրը կհայտնի։
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.